Ազատ տարածք խորագրի արխիվներ

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ամանորը որպես հուշերի վերակենդանացման տոն

…Հին նոր տարվա երեկո է, հաճելի ու ջերմ մթնոլորտ: Ամանորը հրաշալի  առիթ է  մտերիմներով հավաքվելու, պարելու, ուրախանալու, ի վերջո,  միմյանց հետ լավ ժամանակ անցկացնելու։  Իսկ եթե իրար գլուխ են հավաքվում ընկերները, բարեկամները, մտերիմները, անխուսափելի է դառնում  հուշերի վերակենդանացումը։

Նստած լսում ենք մորս ու հորեղբորս  հետաքրքիր  հիշողությունները.

-Մարգուշ, հիշո՞ւմ ես ջրելոցուն, ո՞նց քեզ  մի անգամ ջրեցի։

-Հա, ոնց չեմ հիշում։ Էս Վահանը վեդրոն ձեռին ընգել ա հետևիցս, ուզում ա ջրի։ Ասի՝ ուր գնամ, որ ինձ չջրի: Որ մեր տուն գնայի՝ պետք ա ջրեր: Գնացի սկեսուրանցս դոմիկ մտա (Հիշեցնեմ, որ մորս ու հորս ընտանիքները ապրել են նույն բակում, և ավելացնեմ, որ  հորս զարմիկներն ու զարմուհիները հաճախ են եկել իրենց եղբոր տուն, և այդ պատճառով մորս ու հորս բարեկամների մեջ մտերմություն է եղել), մտածեցի, որ հոքիրից կվախենա՝ չի ջրի։ Էն էլ ի՞նչ վախենալ: Եկավ ու  սիրուն էդ ջուրը լցրեց գլխիս։ Սաղ ջուր էր եղել։ Հետո սկեսուրս եկավ ջղայնացավ (ծիծաղում ենք)։

-Մենք էլ մենակ պերերիվից պերերիվ էինք էլի հանգիստ մնում, երբ հոքիրը գալիս էր։ Արմանն էլ կար, չէ՞, էդ ջրելոցուն,- հարցնում է հորեղբայրս։

-Հա։

-Էն ժամանակ շատ էինք գալիս մնում,- ասում է հորեղբայրս։

-Աննա, մոտիկ արի՝ միրգ կեր, Վահան, միրգ կեր,- ասում է մայրս,- Լիլ, մի հատ քրոջդ հաց ու երշիկ տու, էլի։

-Ան ,Դար, էս քեզ հացը, էն էլ երշիկը,- ասում եմ քրոջս՝ հացը փոխանցելով նրան։

Ահա այսպիսի ընտանեկան մթնոլորտ։

mushegh kurekhyan

Հաջորդ կանգառը՝ 70-ականների Երևան

Երևան. Կանգառում կանգնած սպասում եմ տրանսպորտին: Ցուրտ. ոտքերս իրար եմ խփում, որ տաքանամ, ու այդ պահին հեռախոսս զնգաց.

-Ա՜, հիմա ձեռքերս գրպանից հանեմ, որ պատասխանեմ,- մտածեցի ես, բայց սառած ձեռքս մի քանի անգամ սահեցրի հեռախոսի էկրանի վրայով ու վերցրի:
-Հա, Դաթո, կանգառում եմ, սպասում եմ տրանսպորտին, գալիս եմ հեսա:
-Լավ,- ասաց ընկերս:
Ես մի կերպ հեռախոսս դրեցի տեղը ու ձեռքերս նորից դրեցի գրպանս: Ոտքերիս պարը դեռ շարունակվում է: Անցավ տասը րոպե, տրասնսպորտը չկա ու, հանկարծ երևաց մի կարմիր տրոլեյբուս: Չնայած ես ավտոբուսին էի սպասում, մտքումս ասացի՝ մենակ թե 2-րդ համարը լինի: Բախտս բերեց, 2-րդ համարն էր, ևս մեկ անգամ համոզվելու համար կարդացի՝ Մամուլի տուն  գնում է, թե չէ: Կանգնեցի այնպես, որ մեջտեղի դռնից նստեմ: Այդ դռներն այնքան լայն են բացվում, որ կարծես մտնես մի մեծ, լուսավոր դահլիճ, և ուր որ է, քեզ ծափահարելու են: Դռները բացվեցին, տաք, բայց միևնույն ժամանակ, սառը քամի փչեց դեմքիս: Բարձրացա, նստեցի մեջտեղի դռների  ձախ կողմում  և ոտքերս առաջ պարզեցի: Մի քանի վայրկյան զննեցի շուրջս, միայն տարեց մարդիկ էին` վաթսունն անց տատիկ-պապիկներ էին նստած: Տրոլեյբուսը շարժվեց, ձեռքերս խաչեցի ու սկսեցի նայել պատուհանից:
Մի պահ ինձ զգացի 70-80-ականների Երևանում, պատուհանից դուրս ամեն ինչ դարձավ սև ու սպիտակ (դե, ես այդպիսին եմ պատկերացնում Սովետական Հայաստանը): Աչքիս առաջ եկավ Երիտասարդական պալատը` «Կուկուռուզնիկը» իր հպարտ նայվածքով, որը թերևս  70-ականների Երևանի  գլխավոր այցեքարտն էր: Աչքիս առաջ եկավ Շավարշ Կարապետյանի նկարը, որտեղ նա փրկում է Երևանյան լիճ ընկած տրոլեյբուսի վթարվածներին: Սև ու սպիտակ պատուհանից երևում էին այս ու այն կողմ վազող ժպիտներ, սև ու սպիտակ ժպիտներ:
-Կանգառում կպահեք,- ինչ որ մեկի ձայնը լսվեց դիմացից` ինձ 70-ականներից բերելով մերօրյա իրականություն:
Տրոլեյբուսը շարունակեց իր ընթացքը, բայց այս անգամ ես չտեսա այն  սև ու սպիտակ ժպիտները, չզգացի սովետական բույրը, աչքիս առաջ պայթեցրին Կուկուռուզնիկը, Շավարշ Կարապետյանին այլևս չթողեցին  սուզվի ու բարձրացնի մարդկանց,  քանի որ նրա կյանքն էր արդեն վտանգված: Երևի չտեսա, որովհետև մի քանի երիտասարդ աղջիկներ էին բարձրացել ու իրենց սուր օծանելիքի բույրով ցրեցին մթնոլորտը: Պատուհանից այս անգամ երևացին գունավոր, բայց տխուր դեմքեր, փաստորեն ճիշտ էին ասում, որ սովետի ժամանակ ավելի լավ է եղել:

-Կանգառում կկանգնեք, իջնող կա,- ասացի ես ու մոտեցա մեջտեղի դռանը:

elena shiroyan yelena

Ո՞ւր է քաղաքն իմ մանկության

-Մայրի՛կ, հիշում ես, չէ՞, վաղն ինչ օր է: Մայրիկ, կգնանք, չէ՞, վաղը զբոսայգի, կթողնե՞ս նստեմ բոլոր կարուսելները, ուզածիս չափ վազվզեմ, խաղամ,- հիշում եմ ամեն տոնի նախորդող երեկոյի խոսակցությունը մորս հետ, իմ խնդրանքները, մորս մեղմ ու ջինջ ժպիտը:

-Մա՛մ, իսկ գեղեցիկ է, չէ՞, մեր քաղաքը, մեր զբոսայգին, մեր լիճը… Դու էլ ես չէ՞ սիրում մեր հեքիաթային Սպիտակը, մեծ ու լուսավոր զբոսայգին:

Հիշում եմ նաև, մորս համբերատար հայացքը, ով յուրաքանչյուր հարցիս պատասխանում էր նույն ջերմությամբ. «Այո, փոքրիկս, այո, անպայման կգնանք: Կխաղաս դու սրտիդ ուզածի չափ, կվազվզես,- անկողնուս նստած, մեղմ ժպիտով ու վերմակս խնամքով ուղղելով, ասում էր մայրս,- միայն թե հիմա պիտի շուտ քնես, որ վաղվա օրը շուտ գա»:

Համաձայնվելով մորս հետ՝ արագ փակում էի աչքերս:

-Եթե միայն դու էլ տեսնեիր այն, ինչ մենք ենք տեսել, եթե դու էլ տեսնեիր այն, իսկապես գեղեցիկ ու մշտապես մաքուր ու մարդաշատ զբոսայգին, պատկերացնում եմ, որքան երջանիկ կլինեիր…

Մայրս սրբեց աչքերը, մեղմ ժպտաց ու դուրս եկավ սենյակից: Այդ օրը ես ոչ մի բառ չհասկացա մորս ասածներից, չհասկացա, թե ինչու հանկած տխրեց:

Հասկացել եմ այժմ: Հասկացել եմ քո բոլոր խոսքերը ու բոլոր հայացքները: Մեկը գողացել է քո երազը, գողացել է բոլոր մեծահասակների երազը… Այն օրը դու հիշեցիր քո մանկությունը, քո գեղեցիկ քաղաքն իր գեղեցիկ ու մարդաշատ զբոսայգով, որոնք երկրաշարժի ժամանակ, ասես մեկ հարվածով, ոչնչացան:  Ու քանի մանուկ, մեծանալով պիտի կարոտի իր երազը, հասկանալով,որ իր հեքիաթային ու վառ գույներով քաղաքն ու այգին ամենևին էլ այդպիսին չեն, ու որ դրանք գեղեցիկ հուշեր էին, որ մնացին անցյալում:

Տատիկիս վարդերի ջերմոցը

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Արդեն մի քանի ամիս է, ինչ տատիկս վարդերի ջերմոց է ստեղծել: Առաջին ամիսներին փոքրիկ վարդեր էին աճում, կարճ ծիլեր էին տալիս: Վաճառքը շատ քիչ էր, հիմնականում չէր էլ լինում: Դե գիտեք, մեր ժամանակներում ո՞վ կգնի կարճ և նոր ծաղկած վարդեր, պետք է հասունացած լինի բույսը և բավականին լավ մշակված:

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Բայց անդադար աշխատանքը՝ բույսի մշակումը, ջրումը, տարածքի ջեռուցումը այս ցուրտ ամիսներին, տվեց իր լավագույն արդյունքը: Այժմ մինչև մեկ մետրանոց վարդեր են աճում: Տատիկս, պապիկս և քեռիս ամեն առավոտ արթնանում են՝ մշակում, ջրում, հավաքում արդեն ծաղկած վարդերը: Դրանք փաթեթավորում են, բուժիչ նյութեր են ներարկում, ինչը չի թողնում, որ բույսը փչանա և պաշտպանում է միջատներից:

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Վարդերը հիմնականում երկու տեսակ են՝ վառ կարմիր (red naomi) և սպիտակ՝ վարդագույն ծայրերով (dolce vita, bella  vita): Տեսականին քիչ է, բայց վաճառքը բավականին մեծացել է: Հարյուրավոր վարդեր քեռիս առաքում է Աշտարակ քաղաքի տարբեր ծաղկի սրահներ:

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Հարակից գյուղերից նույնպես գնում են վարդեր, բայց համեմատաբար ավելի մատչելի գներով: Եթե փորձենք ավելիին հասնել, ապա միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ինձ թվում է՝ մեր բիզնեսը կաճի և կզարգանա, ու բազմաթիվ հաջողությունների կհասնենք միասին:

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

melsida malkhasyan





Քնկոտը

-Շուտ արա՛, ուշացար:
-Լավ էլի, մա՜մ, 5 րոպե, ու վերջ:
-Ի՞նչ 5 րոպե, արդեն 8:30 է, արագացրո՛ւ: Եթե արձակուրդներին մինչև կեսօր չքնեիր, հիմա հեշտ ու հանգիստ կարթնանայիր:
-Ո՜ւֆ, մամ, գնա՛, հիմա կգամ:

Ինձ թվում է, բոլոր դպրոցակաները կհասկանան ինձ: Արձակուրդներին քնում ենք մինչև 11, 12-ը ու հետո լաց լինում, որ չենք կարողանում արթնանալ:

Մի կերպ վազելով հասա դպրոց.
-Կարելի՞ է, ընկեր Բոշյան:
-Ինչո՞ւ ես ուշացել, ի՞նչ է, քնա՞ծ էիր մնացել:
-Դե…
-Լա՛վ, լավ, արի՛, նստի՛ր, քնկոտ:
Դասից անցավ 5 րոպե, ու մի գեղեցիկ ձայն մեղմ շշնջաց ականջիս.
-Հե՜յ, քնկո՜տ:
-…
-Հը՞, տեղդ լա՞վ է:
-Ըհը, շա՜տ:
Հետո հասկացա, որ մեր տանը չեմ․․․Տեղիցս ցատկեցի ու գոռացի.
-Կներե՜ք, այլևս չի կրկնվի:
Բայց դե ինքս էլ գիտեի, որ 5 րոպե էլ չեմ դիմանա:
-Լավ, լա՛վ, նստի՛ր քնկո՛տ:
Բոլորը սկսեցին ծիծաղել, իսկ ես, միևնույն է, երազում էի քնել․․․

meri antonyan

Դու իմ ամենասիրածն ես

-Ես քեզ շատ եմ սիրում։ Ու, գիտե՞ս, դու ինքդ իմ բոլոր սիրած բաներն ես։

-Հա՞, էդ ո՞նց։

-Ահան, ես շատ եմ սիրում երկնքի աստղերը, դու ինձ համար աստղաշատ երկինք ես։ Սիրում եմ ամառվա հով գիշերները, դու դրանցից մեկն ես։ Դու հրավառություն ես։

-Հրավառություն է՞լ ես սիրում։

-Հա, շատ։ Դու փազլ էլ ես։

-Հա, էդ սիրում ես, գիտեմ… Էդպես որ լինի, դու էլ ֆուտբոլ ես։

-Թող ֆուտբոլ լինեմ… Դու իմ ամենասիրած օգոստոսյան արևոտ օրն ես։

-Իսկ ես նաև ձմեռվա վարդագույն ու փափուկ երեկոներն եմ սիրում, ուրեմն դու էլ դրանցից ես։

-Ես համաձայն եմ, ես էլ եմ շատ սիրում։ Կքայլենք իրար հետ էդ երեկոներին, չէ՞։

-Հա՜։ Դու էդ ձմեռների իմ սիրած կպչող ձյունն ես։

-Ես անչափ շատ եմ սիրում նվերներ։ Դու ինձ համար անսպասելի տրված ու սիրուն փաթեթավորված նվեր ես… Դու էն իմ սիրած մենակությունն ես։

-Քեզ համար մենակություն եմ, իսկ դու ինձ համար իմ սիրած ընտանեկան ջերմությունն ես։

-Դու աշխարհում ինձ դուր եկած ամենահամեստը, ամենահասարակն ես ու, ամենակարևորը՝ իմն ես։

-Իսկ դու իմ ամենանրբիկ ու ամենասիրուն աղջնակն ես, իմ տեսած ամենահրաշք էակը։ Դու իմ ամենասիրածն ես։

-Դուրս եկավ՝ դու էլ ինձ ես շատ սիրում, հա՞…

arman arshak

Ցտեսություն, ոչ թե` մնաս բարով

Սեպտեմբերի հինգն էր, երբ դասղեկը մտավ դասարան ու նրա. «Երեխեք, նոր աշակերտուհի պետք է գա մեր դասարան այսօր»,- խոսքերը բոլորիս համար դժգոհության առիթ դարձավ։ Դե, դասարանում 16 աշակերտ էինք, ուզում էինք քիչ մնալ: Դե, քիչ քանակով լավ է, դասերն ավելի արդյունավետ են անցնում։ Բայց դասարան մտավ մի պայծառ ու արևոտ աղջնակ, ու առաջին բանը, որը անցավ իմ մտքով, հետևյալն էր. «Չնայած մեկով ավելացանք, բայց պայծառացանք»։

Ու եղավ այնպես, որ նստեցինք մի նստարանի։ Արդյոք դա՞ էր ճակատագիրը, արդյոք իրար կողքի նստելով դարձանք մտերիմնե՞ր։ Ու եկավ մի օր, երբ իմացա, որ շուտով Արուսիկը (հա, մոռացել էի ասել, որ այդ պայծառ աղջնակի անունը Արուսիկ էր) պետք է լքեր Հայաստանն անվերադարձ։ Դե հա, մտածեցի, որ մի շող կպակասի Հայաստանից։ Ու ինչքան նմանատիպ շողեր են լուսավորում այլ երկրները։

Ու որքան էլ տարօրինակ թվա, մենք իրար «մնաս բարով» մաղթեցինք կանգառում: Չէ, չէ, դա այդքան էլ հաջողություն չէր, դա ցտեսություն էր՝ սպասելով հաջորդ հանդիպմանը, հանդիպում, որը ինքներս էլ չգիտեինք՝ կլինի՞, թե՞ ոչ։ Ու այսօր, երբ Արուսիկը դասարանում չէ, ու կարող ենք մեկ սեղանով դատարկել դասարանը, դա չենք անում: Իմ կողքի նստարանը`Արուսիկի տեղը, միշտ դատարկ է մնում և սպասում է նրա վերադարձին:

karine nahapetyan

Գրքամոլը Հրազդանում

Երկու շաբաթ առաջ կրկին Կոտայքի մարզային գրադարանում էի, երբ գրադարանի տնօրենը` Անահիտ Խեչոյանը, խորհուրդ տվեց մեր գրադարանում էլ «Գրքամոլ» գրական ակումբի մասնաճյուղը բացենք, և ասաց, որ հետաքրքրվեմ և նամակ գրեմ «Գրքամոլ» ֆեյսբուքյան էջին:
Հասա տուն և անմիջապես գրեցի:
Նրանք հավանություն տվեցին մեր գաղափարին, բայց ասացին, որ մեր ակումբի համար ուրիշ անուն որոշենք, որպեսզի պահպանվի ինքնատիպությունը:
Էհ, ես էլ համաձայնվեցի ու անցա հետագա քայլերին: Ֆեյսբուքում գրեցի, որ նման բան ենք ուզում անել, և ցանկացողները կարող են անդամագրվել: Արդեն յոթ հոգի ունենք անդամագրված:
Մեզ այս հարցում քաջալերում են նաև մեր քաղաքի ժամանակակից գրողներն ու բանաստեղծները, որոնք նույնպես մասնակցելու են հանդիպումներին:
Մեր թղթակից Հայարփի Բաղդասարյանի և Եվա Խեչոյանի հետ զրույցի ընթացքում որոշեցինք, որ սկզբնական շրջանում շեշտը դնելու ենք ժամանակակից գրականության վրա:
Մի քանի ընկերներ սկսեցին հարցնել, թե առհասարակ ինչ է իրենից ներկայացնում գրական ակումբը: Հիմա ասեմ. գրական ակումբները ստեղծվում են այն նպատակով, որ գրքասեր հասարակություն հավաքվի և քննարկի իրենց կարդացած գրքերը, վերլուծի որոշ կերպարների, հայտնի իր բացասական կամ դրական կարծիքը գրքի մասին: Իսկ հնարավորության դեպքում հրավիրվում են նաև տվյալ գրքի հեղինակները:
Սա, թերևս, լավագույն բանն է, ինչը հարկավոր է գրքասեր երիտասարդներին:
Ի դեպ, մի բան էլ ասեմ. վերջին շրջանում քաղաքը մի նոր շունչ է առել, իսկ միգուցե ես եմ սկսել նկատել: Եսիմ:

«Մանանա» կենտրոնը պարգևատրվել է

Հուզիչ և պարտավորեցնող լուր

«Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնը  պարգեւատրվել է Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության  պատվոգրով: Պատվոգրիրը «Մանանա» կենտրոնին տրվել է առաջին հերթին Հայաստանի պատանի լրագրողների ցանց ստեղծելու համար: Վերջին առնվազն չորս տարվա ընթացքում կենտրոնը լրագրության, ֆոտոլրագրության ու դոկումենտալ կինոյի գործնական դասընթացներ է անցկացրել հազարից ավելի երիտասարդների համար: Արդյունքում այժմ պատանի լրագրողների ցանցն արդեն միավորում է 14-25 տարեկան ավելի քան ութ հարյուր թղթակիցներ Հայաստանի 10 մարզերի բազմաթիվ քաղաքներից ու գյուղերից, որոնց թիվը շարունակում է աճել:

Քաղաքացիական լրագրությունը պրոֆեսիոնալ լրագրության հետ համադրող այս ցանցի աշխատանքը փորձում է լրացնել երկու մեծ բաց, որն առկա է ներկայիս հայաստանյան մամուլում. նախ  հնարավորություն է տալիս պատանիներին ու երիտասարդներին արտահայտվել իրենց հուզող ամենատարբեր թեմաների վերաբերյալ ու լսելի է դարձնում նրանց կարծիքը, եւ ապա ներկայացնում է երկրի մարզերի, նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերի հասարակ մարդկանց կյանքն ու խնդիրները «ներսից»` մարդակենտրոն պատմությունների միջոցով:
Պատանի լրագրողների հոդվածները, լուսանկարներն ու ֆոտոպատմությունները, վավերագրական ֆիլմերն ու վիդեոռեպորտաժները զետեղվում են թե հատուկ այդ նպատակով ստեղծված ու ամենօրյա ռեժիմով թարմացվող կայքում (www.17.am), թե տպագրվում են իրենց իսկ ուժերով հրատարակվող ամսագրում, և թե տրամադրվում են այլ լրատվամիջոցների:

«Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի կողմից պատրաստված պատանի լրագրողները մոտ ապագայում ոչ միայն կհամալրեն Հայաստանյան լրատվամիջոցներում աշխատող լրագրողներ շարքերը, այլեւ հաջողությամբ կարող են թղթակցել սփյուռքի հայկական լրատվամջոցներին։