- Լուսանկարը` Սոսե Զաքարյանի
- Լուսանկարը` Սոսե Զաքարյանի
- Լուսանկարը` Սոսե Զաքարյանի
- Լուսանկարը` Սոսե Զաքարյանի
- Լուսանկարը` Սոսե Զաքարյանի
- Լուսանկարը` Սոսե Զաքարյանի
Չարազը վերջացավ… Է, ասում եմ չարազը, Նոր տարին: Չնայած չարազի վերջանալն ուղիղ համեմատական է Նոր տարվա ավարտին: Հեռուստացույցով էլ վերսկսել են սերիալներն ու շոու-ծրագրերը:
Հարևանի փոքրիկ տղան անտարբերությամբ է արդեն նայում մեր տոնածառին ու լույսերին: «Բոնբոներկաները» արդեն հերթով շարվել են իրենց տեղերում, ամանորյա սփռոցն էլ անհամբերությամբ սպասում է կրկին իր մուտքին: Խեղճը չգիտի, որ դեռ մի տարի այդպես ծալված մնալու է դարակում: Իսկ այ, մակարոնեղենն ու կարտոֆիլը հաստատ մի լավ ուրախացել են ու վերջին հատիկ տոլմային ու բլինչիկին ամահրանքով են նայում: Իսկ հայելիները տեսնում են հաղթած կամ հաղթված դեմքեր, ավելի ճիշտ քաշեր:
Մանդարինը դադարում է հոգեվիճակ լինել և դառնում ուղղակի միրգ, իսկ եղջերուն ուղղակի կենդանի: Ձյունը դառնում է նյարդայնացնող, իսկ Ձմեռ պապիկները՝ գործազուրկ: Մի խոսքով, ավարտվում է Ամանորը…
Մի րոպե… Շտապեցի… Դուռը ծեծում են… Հայրիկի հորեղբոր թոռներն են: Լավ է, ոչինչ… Ուղղակի թեթև սեղան կդնենք:
Բոլորս էլ ունենք, չէ՞, այնպիսի բարեկամներ, ում գալուն միշտ սպասում ենք ամենաշատը: Դեռ մանկուց միշտ սիրում էի, երբ հորաքրոջս ընտանիքը գալիս էր գյուղ: Եթե անկեղծ, առավել շատ սպասում էի հորաքրոջս որդուն ՝ Հովիկին:
Փոքր ժամանակ ամենասիրածս տեղը աշխարհում Հովի ուսերն էին: Դե, տան փոքր լինելն այդպես է. թռնում էի նրա շալակն, ու Հովիկը համբերատար ինձ ման էր տալիս տնով մեկ: Իսկ ամռանը ինձ նստեցնում էր հեծանիվի առջևում, ու թեև շատ արագ էր քշում, բայց իր հետ երբեք չէի վախենում: Իրականում նա բացի ինձ շալակելուց ուրիշ տաղանդներ էլ ուներ: Լուցկու հատիկներից տուն էր սարքում, ինչ լար գտնում էր, կպցնում էր իրար, ու հոպ, ևս մի ինքնաթիռ, կամ անօդաչու թռչող սարք ու նմանատիպ այլ բաներ:
Բայց հետո մենք մեծացանք, ավելի ճիշտ, ես մեծացա, ու ինձ շալակելն էլ հեշտ գործ չի: Իսկ Հովը գնաց բանակ: Դրանից հետո էլ հեծանիվ էլ չեմ նստել, ու արդեն երկու տարի է, ինչ հորաքրոջս գալուց սպասում եմ, որ ուր որ է՝ Հովը կմտնի ու կասի.
-Նաշոկ, թռի շալակս:
Հա, հա, Նաշոկ: Մենակ նա է ինձ այդպես դիմում, չգիտեմ էլ՝ ինչու: Անկեղծ ասած, չեմ սիրում, որ անունս աղավաղում են, բայց Հովի ասածից չեմ նեղվում, արդեն սովորական է դարձել:
Էս բազմատաղանդ մարդու կյանքում մի հետաքրքիր բան էլ կա: Նա ծնվել է ոչ ավել ոչ պակաս, փետրվարի 29-ին: Հիշում եմ մի անգամ հարցրի.
-Հով, դու չորս տարին մեկ ես մեծանո՞ւմ:
Չէ, փաստորեն մանկական պատկերացումներս սխալ դուրս եկան, ու նա սովորական մարդկանց պես ամեն տարի մեծանում է: Ասեմ ավելին, մեծացել է այնքան, որ արդեն բանակից հետ գալու ժամանակն է:
Այս երկու տարին ավելի արագ անցան, քան մեր հեծանիվը, ավելի արագ, քան նրա ինքնաթիռն էր:
Հուսամ, որ բանակից հետո նա այս տողը չի մոռացել.
-Նաշոկ, թռի շալակս…
Հնդկական սերիալները գրավել են բոլորին: Սկզբում «Մերժվածը», հետո` «Ինչ կոչել այս սերը»: Սկզբում ես էլ բոլորի պես մեծ հետաքրքրությամբ նայում էի այդ սերիալները, բայց հիմա… Հիմա արդեն այդ սերիալները ոչ միայն հեռուստատեսությամբ են, այլ իմ շրջապատում: Մարդկանց մեծ մասը արդեն դիմացինի անուններն է փոխում և նմանեցնում սերիալների դերասաններից որևէ մեկին.
«Վայ, էս ինչ նախանձ երեխա ա, ոնց որ Տապասյան հլնի: Էս մեկն էլ նենց դոդ ա, լրիվ Իչան ա, բա էսի-էսի, լրիվ էն գիժ Քուշին ա»,- ու նմանատիպ շատ արտահայտություններ:
Բա, պատմեմ մի դեպք. հունվարի 1-ին մեր հարևանը գալիս է մեր տուն՝ Նոր տարի շնորհավորելու, ու այդ պահին հեռուստացույցով «Մերժված»-ն է գնում, և հենց այն պահին, որ բոլորի կողմից «սիրված» մորաքույրը բղավում է Իչայի վրա, հարևանս էլ դիմելով հայրիկիս, ասում է.
-Վայ, Վահե ջան, էս պառավը շատ ա նեղում խեղճ աղջկան, ընենց եմ ներվայնանում:
Էհ, Նոր տարվա օրո՞վ էլ: Այ, էստեղ են ասել՝ Ռամն ինձ օգնական: Դե, ժողովուրդ ջան, կինո է, էլի, թեթև ապրեք: Մի քայքայեք ձեր նյարդերը սերիալների պատճառով, թե չէ Ռամն էլ, Վռամն էլ չեն կարող օգնել ձեզ:
Գնացքը կարծես անվերջ կգնա, բայց սա գնացքը չէ, սա մարդու բանականությունն է, որ անվերջ է թվում ու տանում է դեպի խոր անդունդը, ու հարցից՝ հարց: Գլխավոր հարցը մեկն է՝ ինչու՞, երբ հարազատ հոգիդ ըմբոստանում է մտքերիդ դեմ, պահանջելով իր իսկ հանգիստը: Ես գիտեմ նաև, որ սա փիլիսոփայության համար մեկ հարցն է, որ կարող է շարքից հանել յուրաքանչյուր միտք, որոնելով պատճառահետևանքային կապը արարքի և հետևանքի միջև: Գնացքը մեղավոր չէ, որ իր նստարանին նստածը, մտքում ամեն երրորդ հարցը հնչեցնում է «ինչո՞ւ», ու կամ էլ գտնում է իր «ինչո՞ւ»-ի պատասխանը կամ էլ՝ չէ, կամ էլ պատասխանն ավելի դաժան է ստացվում, քան չգտնելու դեպքում էր:
Գնացքը մեղավոր չէ, որ մարդիկ, որ իր ներսում են, միաժամանակ այսքան նման են, ու այսքան տարբեր, որ նրանց ցանկությունները միաժամանակ այսքան տարբեր են, սակայն և բոլորի ուզածը վերջում մեկն է:
Գնացքը մեղավոր չէ, որ մեկը չհարմարվելով չոր նստարաններին, կամ դա նույնն է, ինչ իր իսկ ճանապարհի վայրիվերումներին, փորձում է քնել, ազատելով միքտը իր իսկ գործած սարդոստայնից, որը շարունակելու դեպքում, կարող է խելագարության հասցնել:
Գնացքը մեղավոր չէ, որ մեկը չարաշահելով մյուսի համբերությունը, կզրկի կյանքը գույներից ու հավատից:
Գնացքը մեղավոր չէ, որ մեկը կփորձի իր իսկ կյանքի էջը շրջել, ցանկանալով, ամեն բան սկսել նորից, մյուսը կգա ու կկեղտոտի այս անգամ էլ այս նոր էջը:
Գնացքը դա նույն կյանքն է, իր չորս կամ ավել վագոններով: Նրա յուրաքանչյուր նստարանին նստած է մի տիեզերք, որ ուզում է պարզապես լիաթոք ժպտալ:
Գնացքը չէ մեղավորը, որ մեկն ու մյուսը կարող են խորտակել երրորդին: Եվ վերջապես գնացքը մեղավոր չէ, որ յուրաքանչյուր նստարանի վերևում հասարակ թելի հպումով կմարվի լամպը, իր իսկ տիրոջ կողմից: Կմարեն բոլորը՝ մեկը մյուսի հետևից: Եվ որովհետև տերը ուզեց առանձնանալ մթության մեջ ՝ ինքն իր հետ: Ահա թե ինչպես աստիճանաբար կյանքը կորցնում է իր գույները:
Իսկ ինձ համար գնացքից հետո միշտ մետրոն է՝ լի արագությամբ ու շտապող մարդկանցով: Գուցե իրենք իրենցից են շտապում հեռանալ, երևի նոր հնարավորության ակնկալիքով: Բայց ես չեմ կարողանում շտապել: Ինձ նույնիսկ դա դժվար է տրվում:
Կանգառում եմ: Ավտոբուսը չի եկել, իսկ մարդիկ շտապում են: Պատրաստում եմ ականջակալներս: Եկավ, նստեցինք: Շուտով կշարժվի, բայց մարդիկ դեռ նստում են: Նրանցից մեկն էլ կողքիս է նստում, վերցնում եմ տոպրակս: Գլխով բարևում է: Շարժվեցինք:
Երբեմն թվում է, թե մեքենայի մեջ լինելուց լավ բան չկա, կարող ես մտածել ինչքան ուզես:
Կանգնեց: Երևի կարմիր լույս է: Շատ երկար տևեց, փաստորեն խցանում էր: Ներսում մարդիկ զրուցում էին, բայց ես միայն շրթունքների շարժն էի տեսնում: Պատուհանից այն կողմ ավելի հետաքրքիր էր: Աշունից մնացած տերև էր, որ քամին փողոցում էր թողել, բայց փոքրիկը բախտավոր էր երևում, չարաճճի երեխայի պես խաղում էր մեքենաների հետ ու դուրս պրծնում, չզգացի, թե քանի րոպե «Բռնոցի» խաղացին տերևն ու մեքենաները, բայց նա դեռ տեղում էր, երբ ավտոբուսը շարժվեց:
Դեռ զրուցում են, ցածրացնում եմ երաժշտության ձայնը, որ լսեմ, թե ներսում ինչ է կատարվում: Երևի բոլորին թվում է, թե հենց ավտոբուսների մեջ են քննարկվում աշխարհի ամենակարևոր ու հրատապ թեմաները: «Բա իմացա՞ք….»,- ու հասցնում են 30-40 րոպեի ընթացքում խոսել աշխարհի բոլոր կողմերից, վերջում էլ հասնել իրենց փոքրիկ համայնքներն ու քննարկել նրա բնակիչների այս ու այն ասածը, արածը կամ լսածը: Հետաքրքիր էակներ են մարդիկ, ուղղակի ափսոս, որ մեքենայից իջնելուց հետո հասկանում ես, որ լսածդ իրականում ոչինչ էր…
Նայում ես մարդկանց ու նրանց գորշ մոխրագույն հայացքներին ու մի պահ կորցնում մտածելու կարողությունը. «Իսկ եթե՞»… Բայց այստեղ «իսկ»-եր ու «եթե»-ներ չկան, ամեն բան այստեղ չգրված օրենք է, որ արդեն շատ երկար ժամանակ են պահպանում… Դրա համար էլ աշխատում եմ չհանել ականջակալներս, եթե կողքիս ծանոթ մարդ չի նստել, իսկ եթե նստում էլ է՝ երկար զրուցելու բան չկա, քիչ հետո ընկերներս կրկին միանում են ինձ:
Հետաքրքիր մի բան էլ կա մեր մտքերի ավտոբուսում. լսածս երաժշտությանը միշտ յուրահատուկ գործիքավորում է ուղեկցում, մոտավորապես այսպես.
«Գտա քեզ երկնքում,
Դըռռ-դըռռ-դըռռ…
Հանգիստ քնի գրկում,
Դըռռ-դըռ-դըռ»…
Ինչևէ: Շարունակում ենք ճանապարհը, բայց երևի այլևս պատմելու բան չմնաց, շուտով կհասնենք, ու ավտոբուսում քիչ առաջ ձևավորված հանձնաժողովի անդամները կանցնեն իրենց սովորական կյանքին: Իսկ ես ամեն անգամ այդ «առեղծվածային» փոխադրամիջոցը նստելիս կրկին կփորձեմ կտրվել աշխարհից ու տարվել մտքերով:
Գրեթե յուրաքանչյուր տասներկուերորդցի այս տարի դարձել է ավելի պատասխանատու, քան նախորդ տարիներին: Ես՝ շարքային տասներկուերորդցիս, բոլոր դիմորդների պես ունեմ հույսեր քննությունների, համալսարանի ու ուսանողական կյանքի հետ կապված:
Քննությունների վերաբերյալ ինձ հետ հույսեր են կապում նաև ուսուցիչներս, ծնողներս, հարազատներս ու մտերիմներս, ինչը ինձ ավելի է պարտավորեցնում ու ստիպում է շատ աշխատել՝ նրանց գոհացնելու համար:
Շատերը մտածում են, որ քննության օրը վախեցնող է, և սկսում են լարվել: Սակայն իմ դեպքում մի փոքր այլ է: Քանի որ ես շատ ակտիվ եմ, ու մասնակցել եմ շատ ծրագրերի, որոնց ընթացքում մի շարք քննություններ եմ հանձնել, այդ լարվածությունը չկա: Հիմա շատերն են ափսոսում, որ դպրոցական տարիներին խուսափում էին հասարակական ակտիվությունից: Թե ավելի ինքնավստահ կլինեին այսօր, և թե քննություններին էլ հանգիստ կվերաբերվեին:: Մի հուզվեք ու մի լարվեք, վախենալու բան չկա:
Ասում են, որ համալսարանում միայն առաջին շաբաթն է անցնում հետաքրքիր, ու այնտեղ ոչինչ չես սովորում: Բայց ես մանկուց երազել եմ այնտեղ սովորելու մասին, ու հույսերս մի տեսակ շատ մեծ են:
Համալսարա՛ն, հուսախաբ չանես: Բոլոր ուսանողներն ասում են, որ սա կյանքի ամենահետաքրքիր փուլերից մեկն է: Անգամ տատիկներն ու պապիկները, հիշելով իրենց ուսանողական կյանքը, ժպտում են:
Եթե անկեղծ, ապա ես ուզում եմ դպրոցը շուտ ավարտել, ուսանող դառնալու համար: Բայց, այսքանին հասնելու համար դեռ 5 ամիս պետք է աշխատել:
Ամանոր՝ ծախսեր, նվերներ, Ձմեռ պապ, տոնածառ և այլն: Համոզված եմ, որ բոլորդ էլ շատ եք սիրում Ամանորը, մանավանդ երեխաները (դե մտածելու ոչինչ չունեն): Իմ կարծիքով, շատ սիրելը կապված է նվերների և Ձմեռ պապի հետ: Ես էլ եմ շատ սիրում Ամանորը և հիմնականում սիրում եմ այն ամենի համար, ինչի համար սիրում են երեխաները:
Երբ ասում ենք Նոր տարի, միանգամից հիշում ենք Ձմեռ պապին, ով ամեն հունվարի 1-ին մեզ նվերներ է բերում: Երեխաները մեծանալով սկսում են չհավատալ Ձմեռ պապի գոյությանը, սակայն ես կարծում եմ, որ նրանք իրենց սրտի խորքում հավատում են այդ հրաշքին, ում կոչում են Ձմեռ պապ: Ես հավատում եմ այդ հրաշքին, բայց ոչ հոգուս խորքում: Հիշում եմ, երբ 4-5 տարեկան էի, տեսել էի, թե մայրս մեր նվերները ինչպես է դնում տոնածառի տակ, և նեղացել էի նրանից՝ կարծելով, թե թույլ չի տվել, որ Ձմեռ պապը բերի, իսկ երբ իմացա, որ Ձմեռ պապ չկա, էլի նեղացա մայրիկիցս, սակայն այս անգամ մտածելով, թե նա վիրավորվել է մայրիկիցս, քանի որ մայրիկս նրան թույլ չէր տվել գալ մեր տուն: Անցավ որոշ ժամանակ, և ես հաշտվեցի մայրիկիս հետ, իսկ իմ հավատը էլ ավելի շատացավ:
Դեկտեմբերի 23-ն էր, երբ մայրս մեզ արթնացրեց և ասաց.
-Դեռ քնա՞ծ եք, ի՞նչ է, արթնացեք, գիտե՞ք՝ ամսի քանիսն է:
Իսկ մենք պատասխանեցինք, որ գիտենք, թե ամսի քանիսն է, և մայրս ասաց.
-Հապա նայեք մեր տանը, զգացվո՞ւմ է, որ շուտով Ամանոր է:
Մենք արագ վեր կացանք և վազեցինք խանութ, գնեցինք ամեն տեսակ զարդարանքներ, բրինձ, ուլունքներ և այլ բաներ ու վերադարձանք տուն: Վերադարձանք ու սկսեցինք պատրաստվել Նոր տարվան: Այն բրինձը, որը գնել էինք, ձնեմարդեր պատրաստեցինք, նորոգեցինք իմ տնակը, որը պատրաստել էինք անցյալ տարի, պատրաստեցինք նոր տոնածառեր ու վերջացրինք անտառը: Այս տարի որոշեցի պատրաստել ևս մեկ ձնեմարդ, բայց ոչ թե բրնձով, այլ բաժակով՝մեկ անգամյա օգտագործվող, նաև շրջանաձև տոնածառ, որը կախեցի դռան վերևից: Երեկոյան զարդարեցինք տոնածառը, իսկ հաջորդ օրը ձևավորեցինք տունը: Դեկտեմբերի 28-ի երեկոյան ամանորյա գնումների ցուցակ կազմեցինք ու 29-ի առավոտյան գնացինք գնումների, վերադարձանք ու անցանք գործի:

Լուսանկարը` Լուսինե Աթանեսյանի
Պատրաստեցինք թխվածքներ, աղցաններ, տատիկս պատրաստեց տոլմա, հայրիկս՝ խորոված Նոր տարվա գիշերը և այլ ուտելիքներ: Գնացինք Սիսիան և նվերներ գնեցինք երեխաների համար, որը այցելության ժամանակ նվիրեցինք նրանց:

Լուսանկարը` Լուսինե Աթանեսյանի
Ամանոորը դիմավորեցինք մեր տանը, իսկ մոտավորապես ժամը 1-ին գնացինք տատիկիս տուն: Ամեն տարի մենք, մորաքրոջս և մորեղբայրներիս ընտանիքները հավաքվում ենք այնտեղ և նշում Ամանորը մինչև առավոտյան ժամը 4-5-ը: Մոռացա նշել, որ մինչև ժամը 10-ը երեխաներով ենք նշում՝ պարում ենք, պայթուցիկ պայթեցնում և հրավառություն կազմակերպում:
Հենց այդպես ենք մենք նշում Ամանորը Անգեղակոթ գյուղում:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի