Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

Մեզ հանում են մեր երկրից…

Ես կյանքումս առաջին անգամ հասկանում էի, որ կյանքը ինձնից վերջնականապես խլում է այն, ինչ սիրում եմ…

Ես կյանքումս առաջին անգամ էի հասկանում, որ կորցնելու եմ տունս, ու, որ տանս հետ մանկությունս եմ թողնելու ու գնամ, տանս պատերի ներսում հին օրերի ջերմությունն եմ թողնելու ու գնամ…

Ես կյանքումս առաջին անգամ էի զգում, բայց երանի չզգայի…

Ամբողջ գիշեր գյուղ` Նորավանը, կարծես մեռած լիներ, հանգել էին բոլոր լույսերը, լռել էին բոլոր ձայները, ու մթության մեջ կրակոցների ձայներն էին աղաղակում։ Ու քաջ գիտակցում էի, որ կրակոցների աղմուկի ներքո զոհերն էին ավելանում, տղերքը ընկնում էին կրակոցի անիծյալ ձայնի հետ միասին։

Մեզ հանում են մեր երկրից…

Քիչ-քիչ պակասեցնում են մեր երկիրը…

zarine kirakosyan

Մեր «մի կյանքը»

Ես չեմ ընկալում մի քանի հազար տարվա փորձը էլ ո՞նց պիտի ապացուցի, որ հասկանանք, որ ոչ մեկը մեզ չի գալու փրկի, ու մենակ էդ կետից կարող է սկսել փոփոխությունը:

Ուկրաինայի պատերազմում աշխարհը միաձայն է, որ Ռուսաստանն է կոնֆլիկտի մեղավորը,  դե մերը` չէ, մերը քննարկվում է, թե ով է առաջինը հարձակվել: Դե ահավոր շատ փաստերի պակաս կա, էլի, ու մեր մեծագույն խնդիրը միջազգային հանրությանը համոզելն ա, որ մենք արդար ենք, ու հենց բավարար փաստերով համոզեցինք, խնդիրը լուծվելու ա: Դե, աշխարհում հարցերը միշտ էդպես են լուծվել:

Էլ չեմ խոսում «ինթերնեյշնալ Ֆրենդներից»,  մեր սերունդը էս ամենը երրորդ անգամ ա տեսնում: Էդքա՞ն միամիտ ենք, թե՞ սրտհովություն ա` իրական պատասխանատվություն չզգալու համար: Եթե մեր ոչ «ինթերնեյշնալ»  հարևանները հայաթում անհոգ նարդի են քցում, դժվար «ինթերնեյշնալ ֆրենդները» բան փոխեն:

Շուրջբոլորը «դարի հոգեբանների» կոչերն ա, խուճապի չմատնվելու,  մեր էմոցիաները հանգիստ պահելու,  ներսը կայուն պահելու ու ինքներս մեզ չվնասելու մասին: Դե, բոլորս մարդիկ ենք, տարբեր կերպ ենք արձագանքում: Մեր ներսը չծանրացնելը կարևոր բան ա, բայց մի քիչ թիթիզության ու անարդարության զգացում չի՞ առաջացնում նրա համեմատ, ինչ կատարվում ա Ջերմուկում, Սոթքում:

Ի՞նչ խուճապ, մարդիկ իրենց համար ապրում են իրենց գործերով: Մենք երկու տարի էնպես սիրուն ինքնախաբեությամբ էինք ուզում հավատալ խաղաղության օրակարգին, որ զրոյի ենք հասցրել մեր ինքնապաշտպանական բնազդները:  Մինչև երկու մետրից  քարը գլխներիս չտան, չենք ընկալում, որ վտանգը մեզ ա սպառնում: Դե, վարչապետն էլ պատերազմին սադրանք  ա ասում, որ մարդ ես, հանկարծ ժողովուրդը չմտածի պատերազմ ա, արթնանա քնից:

Հասկանում ենք, որ մի անգամ ենք ապրում,  հեչ արդար չի էդ մի անգամը ապրել  անընդհատ մտածելով պետության խնդիրների մասին, բայց դա մենակ մեծացնում ա պատերազմի անընդհատ կրկնվելու վտանգը, հակառակորդին միշտ ձեռնտու ա գործ ունենալ պետությունից ձեռք քաշած, իր կյանքով  ապրող ժողովրդի հետ: Մենք ուզելու ենք մեր «մի կյանքը» ապրենք ու անընդհատ պատերազմի ենք բախվելու, էդպես էլ չապրելով:

Satenik Artenyan

Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը

Ե՞րբ է անհատի մոտ ձևավորվում հայրենիքի գիտակցումը։ Ե՞րբ է մարդը հասկանում, որ այն տեղը, որտեղ ծնվել է, լոկ աշխարհագրական միավոր, կամ սովորական քար ու թուփ չէ այս երկրագնդի համար։

Գիտնականներն ու գիտական նյութերը կփորձեն ինձ ապացուցել, որ անհատը սկսում է գիտակցել իր հայրենիքն ու նրա արժեքը գիտակից տարիքում, իսկ ես կնայեմ երկնքին, կգնամ Եռաբլուր, կպատռեմ գիտական նյութերն ու կապացուցեմ, որ հայրենիքը հայերիս մեջ գալիս է օրորոցից, առաջին թոթովանքից ու «մամ» կանչելուց։

Հայրենիքը բարձրագույն արժեք է։ Հայրենիք ունենալու համար մենք շատ թանկ ենք վճարել ու շարունակում ենք վճարել, բայց մեզնից մեր հայրենիքն այնքան էժան են գնում, փորփրել եմ, ուսումնասիրել, ոչ մի մարկետինգային թեորեմ չկա։ Կա մարդ, կներեք մարդ չէ, մարդանման տեսքով, անմարդկային խղճով, բայց մեծ-մեծ կենացներ ասելու գերազանց ունակությամբ, փողը արժանապատվությունից գերադասող… Իրոք, չգիտեմ իրենց ինչ կոչել, երևի այս հարցով դիմեմ վերոնշյալ գիտնականներին։

Սարսափելի է… Սարսափելի է գիտակցել, որ մարդիկ պատրաստ են մնալ անհայրենիք, ապրել, ծերանալ ու մեռնել ուրիշի հողում։

Բայց ցավոք սրտի, նրանք չեն գիտակցում, որ բացի իրենց հայրենիքից, իրենք տեղ չունեն և ոչ մի հողում։

Թերթենք պատմության էջերը, ուսումնասիրենք փաստարկները, կարդանք գիտական բոլոր աշխատությունները, և գիտեք ինչ, կրկին անգամ կհանգենք այն եզրակացությանը, որ հայի գենետիկայում դավաճան տեսակը միշտ կա։

Զարմանալու ազգ ենք, կամ կյանքի գնով ենք պահում հայրենիքը, կամ էլ մեծ զեղչով վաճառում։

Չէ, չեմ մեղադրում գիտնականներին, հաստատ անհայրենիք մարդկանց են հանդիպել ու գրել գիտական աշխատություններ։

Այս ամենը հասկանալուց հետո ինձ մոտ մի հարց է մնացել առանց պատասխանի: Մեկդ բացատրեք ինձ թանկ գնով ազատագրելու ու էժանով նվիրելու մարտավարությունը։

Է՜հ, է՜հ, գիտնականներն էլ են զարմացած…

meri araqelyan

Անհայտ է աշխարհը, անհայտ է ուղին

Աշխարհ, որը խելագարվել է: Անտանելիորեն կիսատ են մնացել երազանքները, իսկ եթե համարձակությունս ների, կասեմ` անտանելիորեն կիսատ են մնացել կյանքերը: Խավարը պատել է հոգիները,  ու մարդը հեռացել է «բանական» լինելուց: Համընդհանուր կռիվ է, գոյության պայքար, իսկ բռնակալը «անմեղ» է, որովհետև հզոր է: Համատարած լաց է, կորուստ, ցավ, վախ, վախ, վա՛խ…

Ճանապարհը, որը տուն է տանում, մահախուճապ է, որովհետև գայլերն ու գառներն են կիսում այն:  Հորիզոնից այն կողմ օդը խեղդող է ու մահահոտ:

Դարերի արանքում կանգնած է ցավը, ու կորուստը ծանրացել է վրան: Ու մի նոր ճանապարհ է բացվել դեպի երկինք, անհերթ մի ճանապարհ, ու տխուր է…

Երեկն արցունքոտ էր, իսկ այսօր դժվար է ժպտալ, որովհետև վաղն անհայտ է: Ապրելը երազանք է դարձել բոլորի համար:

Սահման, որը հայրենիքն է: Տուն, որը ընտանիքն է, և սեր, որի անունը Հայաստան է:

Sargis Begoyan

Մեր միակ արժանապատիվ ուղին

«Մենք պատմության քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը»:

Հայ ժողովուրդը պատմության քառուղիներում մաքառման իր սեփական ուղին ունի՝ ունենալով և’ փառահեղ հաղթանակներ, և’ ջախջախիչ պարտություններ, մաքառել օտարի լծի դեմ, բայց պահպանել ազգային ինքնությունը ներկա աշխարհի մոտ 200 պետությունների շարքում։ Ժամանակ առ ժամանակ հայ ժողովուրդը առերեսվել է «Ազգ-պետություն» գաղափարին դավաճանելու հետևանքով պետականության հիմքերի թուլացմանը կամ կորստին, որի ապացույցը վերջին 30 տարիների թվացյալ ամուր պետականության հիմքերի երերումն էր, որը վերապրեցինք Արցախյան գոյմարտի ողջ ընթացքում։

Ներկա պահին ունենք այլընտրանք. վերանալ, ինչպես հերթական անհեռանկար, թույլ ազգ` պատմության թատերաբեմից, կամ` հառնել մոխիրներից՝ հաղթելով մեր ներսում ապրող թշնամուն, դառնալով մեկ բռունցք հանուն մեկ ընդհանուր գաղափարի։ Առաջնայինը` յուրաքանչյուր քաղաքացու, հայ մարդու անհատական անձնվեր մոտեցումն է, քանի որ շղթայական է ամեն ինչ, ամեն քաղաքացու առողջ պետականամետ մտածողությունը և ապրելակերպը իր ավանդը կբերեն մեր ազգին։ Յուրաքանչյուրիս մեծ ցանկությունն է Արցախի ուժն ու ամբողջականությունը վերականգնելը, սակայն նայելով հարցին սթափ, բոլորս էլ գիտակցում ենք, որ այս վիճակում անհնար է դարձել այդ ցանկության իրագործումը։ Մենք պետք է գնահատենք առաջնահերթ խնդիրները, հասկանանք, քննարկենք 44-օրյա պատերազմի նման ավարտը: Պետք է ի ցույց դնել հանրությանը բոլոր դավաճանական արարքները, հրապարակայնորեն պատժել բոլոր ապիկարներին։

Վերջիվերջո, պարտավոր ենք հասկանալ, գիտակցել «Ազգ-բանակ-պետություն» գաղափարի կարևորությունը ոչ միայն խոսքով, այլև գործով, յուրաքանչյուրս պետք է պարտավորված լինենք մեր վերապրածի և մեր գալիքի համար։

Ազատությունը վաստակել է պետք։ Մենք պետք է այնպիսի պետություն կայացնենք, որ հակառակորդը չփորձի մոտենալ մեր սահմաններին։ Ամուր բանակ, հզոր պետություն՝ սա է միակ հանգիստ, արժանապատիվ կյանքի ճանապարհը։ Պետք է մեր միջից դուրս գա պարտվողի, թույլի, ուրիշից օգնություն աղերսողի հոգեբանությունը։ Ո՜չ, այսօրվա աշխարհում դատապարտված են նման մտածողությամբ առաջնորդվող պետությունները։

Այդ տեսանկյունից նայենք այն մարդկանց դատողություններին, ովքեր համաձայն էին ամեն տարածքային կորստի, միայն թե դադարի կռիվը, և հանգիստ շարունակեն ապրել։

Այդ կերպով մենք կորցրինք մեր հուսալի դարպասը՝ հայրենիքի մի մասը, և օրըստօրե ավելի է վտանգվում պետականության լինելիության հարցը. նորանոր ոտնձգություններ սահմանին, հուսահատված, պառակտված, բայց միևնույն ժամանակ, հողի կարոտով, վրեժի ծարավով բանակ։

Հիմա պայքարելու, միասնական լինելու ճիշտ ժամանակն է, համախմբված հանդես գալու բոլոր ոլորտներում: Ահագնացող վտանգը գնալով ավելի է սաստկանում։
Թերթելով պատմության էջերը՝ կտեսնենք, որ թուրքերը, հայտնվելով պատմության թատերաբեմում, միանգամից են սկսել նվաճողական կռիվներ մղել, զբաղվել քոչվոր կյանքով, ապրել` տեղից տեղ գնալով, գրավել` ավերելով։

Մենք ունենք կորսված հայրենիք՝ Արևմտյան Հայաստանը, Մեծ եղեռնի ճանաչման և փոխհատուցման հարցը, որոնք խաղալիք են դարձել ինչպես նախկին, այնպես էլ ներկա աշխարհի վարչակարգերի ձեռքին։

Արժևորելով ու գնահատելով մեր բոլոր ժամանակների նվիրյալներին, տեսնելով առկա գերխնդիրները՝ կոչ եմ անում լինել միասնական։

Մեզ պատել է մեծ վիշտ, սակայն լոկ սգալով ոչինչ չենք կարող փոխել։
«Սուգը հավերժ է, եթե չկա պայքար». մեր միակ արժանապատիվ ուղին պայքարելն է հանուն միասնական ու հզոր պետության:

Margarita Udumyan

Հայրենիքը սկսվում է սահմանից

…Դուք առավոտյան արթնանալուն պես մտածում եք, թե ինչ եփել և կամ ուր տանել ձեր փոքրիկին, իսկ մենք` սահմանին ապրողներս (ես ապրում եմ Տավուշի մարզի Չորաթան գյուղում) հենց աչքերը բացելու վայրկյանից շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը` մեր երեխաների անվտանգ քունը ապահովելու համար։

Շատ են բողոքում սահմանամերձ գոտիների ճանապարհներից և հեռավորությունից, բայց ոչ բոլորն են գիտակցում նրանց կարևորությունը։
Ես բնակվում եմ մի փոքրիկ գյուղում, որը մայրաքաղաքից չորս ժամվա ճանապարհ է, բայց ամեն անգամ գյուղից գնալը տևում է մի ամբողջ հավերժություն, իսկ վերադառնալը վայրկյաններ։

Բոլորը խոսում են հայրենասիրությունից և ռազմական ոգուց, բայց դուք ոչ մեկի աչքերում այդքան խիզախություն և ուժ չեք տեսնի, որքան սահմանին մոտ ապրող փոքրիկ մանչուկների, ովքեր դեռ մանկուց ապրել են այդ դժվարությունները։

Իմ փոքրիկ գյուղն էլ անմասն չի մնացել գնդակոծություններից, բայց այն մինչ օրս կանգուն է իր հզոր բնակիչների շնորհիվ։

Բոլորը սիրում են իրենց ծննդավայրը, իսկ մենք ոչ միայն սիրում, այլև հպարտանում ենք նրանով։ Փոքր ժամանակ մենք կրակոցների ձայները կարծելով հրավառություն, դուրս էինք գալիս և ուրախ ծափահարելով և թռչկոտելով դիմավորում նրանց, չնկատելով ընտանիքի անդամների լացակումած դեմքի վրա արհեստականորեն, դողացող շուրթերով հազիվ նկատելի այն ժպիտները, որը մեզ մոտ ուրախ ձևանալու համար էր միայն։ Հիշում եմ, որ ես շատ էի սիրում խաղալ հրազենի դատարկ փամփուշտներով և դեռ մի հատ էլ ականջօղ էի պատրաստում և կախում ականջիցս, իսկ հիմա այդ դատարկ փամփուշտից ականջօղի փոխարեն լիքը փամփուշտները կախված են աչքերիցս և փորձում են արցունք քամել պատերազմից հետո արդեն ցամաքած կոպերիցս։

Մենք կրակոցների ժամանակ չենք լացում, քանի որ այնքան ենք մեծացել, որ ուժ ենք տալիս դրա միջով արդեն անցած մեր ընտանիքին։

Այստեղ բնակվող երեխաների մեծամասնությունը չեն լքում իրենց գյուղը, այլ գնում են սովորելու, որպեսզի վերադառնան և շենացնեն այն։ Ամուսնանալով աղջիկները չեն ուրանում իրենց ծննդավայրը, քանի որ դա նրանց սրտում խորը դաջված անբացատրելի մեծ սեր է։

Երկար և դժվար ոլորանները ապացույցն են այն բանի, որ գեղեցիկը և արժեքավորը ոչ բոլորին են հասանելի, իսկ դժվարությունները ոչ բոլորը կարող են հաղթահարել։
Հայրենասիրությունը մահճակալի տակ լացող և իրենց ծնողների թիկունքում թաքնված վախկոտների համար չէ, այլ սահմանը շենացնող քարը ձեռքին ամուր բռնած, զենքի համար ոտքերը գետնին զարկող չորս տարեկան երեխաների համար է, ովքեր ուզում են շուտ մեծանալ, որպեսզի գնան սահմանը պահելու։ Սահմանամերձ գոտու երեխաների մեծ մասը այն հարցին, թե ինչ են ուզում դառնալ, պատասխանում են՝ զինվոր։
Հետևություննրը թողնում եմ ձեզ։

… Եվ երբեք մի մոռացեք, որ հայրենիքը սկսվում է սահմանից։
Հիշեք, որ Մոնթեի և Նժդեհի նկարներով հագուստ կրելը դեռ հայրենասիրություն չէ։

Lilit vardanyan

Ո՞նց թե, պատվաստվա՞ծ ես

-Տատ, արի գնանք պատվաստվելու,- առաջարկում է եղբայրս։

-Պատվաստվելը ինչի՞ս ա պետք,- ամեն անգամ պատասխանում է տատիկը։

Մոտ 4 ամիս է, ինչ Հայաստանում կան պատվաստանյութեր, բայց շատ քիչ մարդ գիտեմ, ովքեր արդեն պատվաստվել են։ Պատվաստանյութերի նկատմամբ անվստահությունը բոլոր երկրներում է, բայց Հայաստանում կորոնավիրուսը արդեն վաղուց մոռացված հիվանդություն է։

Պատվաստանյութերի առաջացումը բերեց նոր օրենքներ և նոր սահմանափակումներ, որոնք ոչ բոլորին են դուր գալիս։ Իսկ ինչու՞ լինել պարտավորված պատվաստվել ճանապարհորդելու համար, ինչու՞ դիմակ կրել, եթե պատվաստված չես, ինչու՞ պատվաստվել, եթե վարակն ուղղակի հիվանդություն է։

-Լիլիթ, նախագիծ կա, որ ուսանողները կա՛մ պետք ա պատվաստված լինեն, կա՛մ էլ երկու շաբաթը մեկ թեստ հանձնեն։

-Պապ, բայց մի քիչ ու՞շ չի։ Գոնե ամառային արձակուրդների ընթացքում որոշումը կայացնեին։ Համարյա վստահ եմ, որ ոչ մեկը չի ուզի պատվաստվել,-պատասխանեցի ես։

Լինեմ անկեղծ, բավականին ուրախ էի՝ լսելով այդպիսի նախագծի հնարավոր լինելը, բայց միաժամանակ պատկերացրի համալսարանում տիրող խառնաշփոթն ու բողոքները․ մի ամբողջ գլխացավ։

Պատվաստվելու մասին ես մտածել էի այդ նախագծի մասին լսելուց շատ ժամանակ առաջ։ Բայց մինչ այդ ես չէի ունեցել ժամանակ կամ էլ առիթ պատվաստվելու համար, որովհետև որքան էլ վճռական լինեի, միևնույն է, ունեի որոշ պատճառներ և կասկածներ չպատվաստվելու համար։

Ընտրությունը շատ չէր։ Քանի որ հայրիկս շատ է ճանապարհորդում, իսկ հորեղբորս աղջիկը պետք է գնա Կանադա, նրանք արդեն պատվաստվել էին Աստրա Զենեկայով։ Ինձ այդքան էլ դուր չէր գալիս այդ Աստրա Զենեկայով պատվաստվելու միտքը, որովհետև կողմնակի էֆեկտները ինձ դուր չեն գալիս։ Սպուտնիկը միանգամից բացառվեց միայն ռուսական լինելու պատճառով (որոշ չափով էլ Աստրայի նման կողմնակի էֆեկտների)։

Վերջնական որոշումս դարձավ Կորոնավակը, որովհետև իմ որոնումների արդյունքում պարզվեց, որ մարդիկ չեն ունենում ջերմություն և թեթև են տանում պատվաստումը։

Մեգամոլի դիմացի պատվաստման կետում հերթ էր՝ մասնավորապես պարսիկներից կազմված։ Անիմաստ չսպասելու համար հարցրինք՝ Կորոնավակի միայն երկրորդ դեղամիջոցից կար։

-Կարո՞ղ եք էրեխեքին պատվաստել,- հարցրեց հայրիկը պոլիկլինիկայում։

-Երեխաներին չենք պատվաստում,- ասաց բուժքույրը՝ ենթադրելով, որ ես ու եղբայրս դեռ երեխա ենք։

Հայրիկը դեռ չէր հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ ես, սովորության համաձայն, միանգամից պատասխանեցի․

-Բայց մենք էրեխա չենք։

Մի քանի րոպե սպասելուց և սենյակները պարզելուց հետո, մենք արդեն գրանցվում էինք՝ Կորոնավակով պատվաստվելու համար։

-Առաջինը աղջիկը,- ասաց մեզ ստուգող բժիշկը։

-Չէ, թող առաջինը ինքը լինի,- ասացի ես՝ մտածելով, որ գրանցվելուց հետո միանգամից պատվաստելու են։

Ամբողջ ամառվա ընթացքում այդքան ժամանակ ունեի պատվաստվելու, բայց երբեք չէի պատկերացրել ինձ պատվաստվելուց։

-Ճնշումը՝ 110/70,- ասաց ինձ ստուգող բժիշկը, որը ինձ բավականին զարմացրեց, որովհետև դեռ կես տարի առաջ 90/60 էր։

-Ծերանում եմ էլի,- կատակեցի ես։

Առաջին անգամ իմացա սատուրացիայի մասին, որը բավականին բարձր էր։

Պատվաստման սենյակում մեզնից առաջ 4 հոգանոց ընտանիք էր։ Կինը և տղամարդը սպասում էին մյուս երկուսին։

- Չե՞ք պատվաստվում,- հարցրեց բժիշկը։

Նրա տոնից երևում էր, որ առաջին անգամը չէր տալիս այդ հարցը։

-Սպասենք մյուսներն էլ գան, որ բոլորով միասին պատվաստվենք,- ասաց կինը, որի աչքերում մի փոքր վախ կար։

Որոշ ժամանակ անց ես և եղբայրս նրանցից առաջ անցանք։ Պատվաստողը բարեհամբույր և ժպտերես 50-ն անց կին էր։ Նա նույնպես սկսեց ինչ-որ թղթեր լրացնել։

-Հիմա մեր սիրուն աղջկանը,- ասաց նա, երբ վերցրեց իմ թղթերը,- բա դուք պատվաստվե՞լ եք, որ ձեր էրեխեքին ռիսկով բերում եք պատվաստվելու,- հարցրեց նա հայրիկիս։

-Ես շուտ եմ պատվաստվել,- պատասխանեց հայրիկս և ցույց տվեց իր սերտեֆիկատը։

-Առաջինը դու ես,- ասացի ես եղբորս՝ շատ լավ գիտակցելով, որ միևնույն է, հաջորդը ես եմ լինելու։

Չունեմ վախ բժիշկներից կամ պատվաստվելուց, բայց պատվաստանյութի ազդեցության մասին քիչ տեղեկությունը կամ էլ տեղեկության պակասը անհանգստացնող է։

-Իսկ կարո՞ղ եք ձախ ձեռքը պատվաստել,- հարցրի ես, որովհետև սիրում եմ աջ կողմի վրա քնել և աջլիկ եմ։

-Իհարկե, իմ սիրուն աղջիկ։

Մի փոքր ավելի ցավոտ էր, քան պատկերացնում էի (իսկ ես մտածում էի, որ չի ցավի)։

Պատվաստանյութի առաջին դեղաչափից ոչ մի կողմնակի էֆեկտ չզգացի, բացի պատվաստված ձեռքի մի փոքր ցավից։ Երեկոյան չափեցի ջերմությունս՝ 36,5 էր։

«Էրեխեք, ուսանողների պարտադիր պատվաստման մասին տեղյա՞կ եք»,-կարդացի ես, երբ մտա կուրսի չատ։

-Սկսվե՜ց,- ասացի ես՝ հիշելով կորոնայի պատճառով անցած ուսումնական տարվա խառնաշփոթը։

Հ․Գ․- Պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալու եմ դասերը սկսելուց մի շաբաթ անց։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի, և թեթև կտանեմ։

Marianna Mayilyan

Դիվանագիտության նուրբ արվեստը

Հակամարտությունները իրենց բնույթով լինում են ինքնորոշման և ոչ ինքնորոշման։ Ղարաբաղյան հակամարտությունը ինքնորոշման հակամարտություն է։ Ղարաբաղյան հակամարտությունը իր բնույթով տարբերվում է հայկական և ադրբեջանական կողմերի պաշտոնական դիրքորոշումներում։ Հայկական կողմի նպատակը ազգերի ինքնորոշման խնդրի լուծումն է, այնինչ Ադրբեջանի խնդիրը զուտ տարածքային ամբողջականության հետ է կապված։ Ադրբեջանը խնդիրը դիտարկում է բացառապես տարածքային ամբողջականության համատեքստում՝ անտեսելով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ազգերի ինքնորոշման իրավունքը, ժողովուրդների հիմնարար իրավունքն է, ազգերի պետական կազմավորման իրավակարգի, արտաքին քաղաքականության, մշակութային, կրոնական, տնտեսական հարցերն ինքնուրույնաբար տնօրինելու, ընդհուպ մինչև այլ ազգերից անջատվելու և անկախ պետություն կազմելու համար։ Դա ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է։

«Արցախը Հայաստան է և վերջ» բովանդակությամբ հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտությանը հաղորդում է տարածքային բնույթ, ինչը իհարկե, չի բխում հայկական կողմի քաղաքական շահերից և ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին։ ՀՀ-ն և ԼՂՀ-ն երկու առանձին անկախ հանրապետություններ են, և նմանատիպ հայտարարություններով ՀՀ-ին ագրեսսոր դարձնելը բնավ չի բխում մեր պետականության շահերից։ Մեր նպատակը ոչ թե ԼՂՀ  տարածքների միացնում էր ՀՀ տարածքին, այլ Արցախում դարեր շարունակ բնակվող հայության համար արժանապատիվ և անվտանգ կյանքի երաշխավորումն ու ապահովումը։ Հայկական կողմի համար հակամարտությունը կրում էր մարդասիրական բնույթ և իրենից ենթադրում էր Արցախում դարեր շարունակ բնակվող հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության երաշխավորումը ՀՀ կողմից։ Հայկական կողմի դիրքորոշմանը չպետք է տրվեր էքսպանսիոնիստական բնույթ։

Ինչ վերաբերվում է խնդրի մյուս կողմին, այս ամենը բնավ չի ժխտում այն փաստը, որ Արցախը մեր հայրենիքն ու պատմական հողն է։ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության ոչ հայանպաստ բնույթի մասին խոսելը բնավ չի նշանակում, որ Արցախը հայերի պատմական հայրենիքը չէ։ Դա բացարձակապես չի նշանակում, որ Արցախը դիտարկվում է որպես թշնամու տարածքային միավոր։ Սակայն քաղաքականության մեջ հայտարարություններ անելուց և տարածելուց պետք է շեշտը դնել բացառապես քաղաքական ասպեկտի վրա և դիտարկել Հայաստանն ու Արցախը որպես առանձին անկախ հանրապետություններ։ Հայաստանի արտաքին քաղաքական շահերից բացառապես չի բխել և չի բխում ՀՀ-ին որպես ագրեսոր և էքսպանսիոնիստական միտումներ ունեցող պետություն ներկայացնելը։ Հայաստանի խնդիրը Արցախում բնակվող հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելն էր, և ոչ բնավ՝ տարածքային էքսպանսիան։

eva harutyunyan 2

Շարունակելին

Ժպտասեր արևը շռայլորեն ջերմություն էր փոխանցում, լուսինը զարդարում էր գիշերային թագավորության անթերի խավարը, անձրևն իր շաղակրատող կաթիլներով հանդարտ քայլում էր մեզ հետ, քամին թափահարում էր մեր հույզերն ու գլխապտույտ պարի հրավիրում, օդը շնչելու հնարավորություն էր տալիս, մարդիկ էլ անթիվ  իրարամերժ, փոխադարձ ու անփոխադարձ զգացմունքներ ունեին։ Կյանք կար մի ժամանակ։

Կյանքը հիմա հավատարմորեն շարունակում է իր անկանգ ընթացքը  ժամանակի մեջ, ապրում է, զգում է, գործում է, իսկ մենք․․․ Մենք հանկարծակի դուրս մնացինք նրա սահմաններից ու մինչ օրս փորձ ենք անում վերականգնել մեր տեղը, բայց չի ստացվում։ Կռիվը կյանքից ուժեղ գտնվեց։

2020-ի սեպտեմբերի 27․ հերթական աշունը անդարձ ու եսասիրաբար կիսում է շունչը ամենաանհավասար մասերի։ Ու մի պահ ուզում ես փակել իրականության արյունոտ աչքերը, կողպված մնալ քո իսկ ստեղծած միանձնյա կառավարվող աշխարհում, փակել նրա ճերմակ պատուհանները, որ ուրիշի աղտոտված գոյության որևէ մասնիկ ներս չթափանցի, որ անցանկալի ճշմարտության ձայնը լսելի չլինի քեզ համար, որ չնայես այն աչքերին, որոնք դեռ ԿՅԱՆՔ պիտի տեսնեին, բայց չտեսան։ Մեղքի զգացում, անբացատրելի զգացում կա, որ ուրվականի պես հետապնդում է անընդհատ։

«Գիտե՞ս, որ Արցախում կռիվ է սկսել։ Քեզ զանգե՞լ է, որտե՞ ղ են հիմա, ինչպե՞ս են։ Ասում են՝ այս անգամ վիճակը շատ լուրջ է։ Արդեն զորահավաք են հայտարարել։ Տանում են, բոլորին տանում են։ Ի՞նչ է լինելու»։

Մղձավանջի հիմնական մասը 44 օր է տևում, բայց միևույնն է, այն չի ավարտվում։  «Մի քանի ամսից պիտի ավարտեր ծառայությունը։ Խոստացել էր, որ կգա, բայց․․. Ընկերոջ կյանքը փրկելիս զոհվեց։ Որոշել էին, որ ծառայությունից հետո ամուսնանան։ Ինչպե՞ս պիտի ապրենք առանց մեր միակի։ Ոչ ոք չի կարող փոխարինել նրան։ Զինադադարից ընդամենը մի քանի ժամ առաջ զոհվեց։ Շատ պլաններ ուներ ծառայությունից հետո։ Շատ էր սիրում երգել։ Ուզում էր արտերկրում սովորել։ Արվեստով էր ապրում»։

Տարավ, տարավ առանց սպասելու, առանց հարցնելու, առանց հրաժեշտի, ուղղակի տարավ։ Մի վերջին անգամ չլսեցինք նրանց ձայնը, չգրկեցինք ամուր, չտեսանք իրար։ Մենք կյանքի դեմ ԱՆԿՅԱՆՔ մնացինք։

Աննպատակ թափառող ենք դարձել։ Թափառում ենք անգին հիշողությունների անվերջ շղթայում, թափառում ենք բազում հարցերի անպատասխան խավարում, ուզում ենք ելք գտնել անլուծելի գաղտնիքների անվերջ թվացող լաբիրինթոսից, խեղդվում ենք անշունչ նկարներից մեզ նայող ամենաանկեղծ հայացքից, կծկվում ենք ամեն վայրկյան հոգին կրծող ուժգին ցավից, գոռում ենք դառն արցունքների կույտի միջից, ջանք ենք թափում վերջին անգամ գոյատևելու հնար գտնել,  փախչում ենք մեզ պատած անխուսափելի իրականությունից։

Մեզ շատ բան չմնաց՝ կորցրած հայրենիք, ոտնակոխ արած հպարտություն, զոհեր, գերիներ, անհայտ կորածներ, վիրավորներ, բազում եռաբլուրներ, ցավ ու տառապանք, անասելի կարոտ ու անչափելի ափսոսանք։

Ինչո՞վ, ինչպե՞ս կամ ինչու՞ է պետք ապրել։ ԱՊՐԵԼ է պետք, որովհետև նրանք մեզ թողեցին ամենաթանկը՝ ԿՅԱՆՔԸ՝ նախընտրելով երկինք բարձրանալ հանուն մեզ։  Իմաստավորված ու արժանի կյանքով է պետք ապրել՝ նրանց հիշատակը հավերժ մեր սրտում պահելով։  Ապրել է պետք, որովհետև մեր կողքին հիմա ապրում են հերոսները՝ հենց մեր աչքերին նայելով։

Անշուշտ, ավելի հեշտ է ինչ-որ բառեր շարել կողք կողքի, քան իրականում գործել, բայց հաճախ անելիքների իրականացումը հենց մեր մտքերից, պատկերացումներից, ցանկություններից ու խոսքերից է սկսում։ Ցավն ու կարոտը  անգործությամբ, անվերջ լացով կամ անտարբերությամբ հնարավոր չէ ծածկել, դա ոչինչ չի վերադարձնելու, ընդհակառակը վերջնականապես խլելու է այն, ինչ դեռ մնացել է։ Դժվար է վերականգնվելը, կրկին արևով ժպտալը, լուսնով ու աստղերով հիանալը, անձրևով ու քամով խելագարվելը, զգալու ունակությունը վերադարձնելը, մեր անդեմ էության ու գոյության համար իմաստ ու արդարացում գտնելը, բայց նաև ծանր է գորշ դատարկության պատերը ողջ ուժով անվերջ ճանկռելը, ամենօրյա ռեժիմով մեր ուղեղը անպատասխան հարցերով լցնելը, մռայլությամբ պատած անդունդի խորքում այդքան ցանկալի հանգստություն փնտրելը։

Սիրտն այժմ ոչ թե ժպտում, այլ ակնդետ զննում է, հոգին ոչ թե զգում, այլ  անշունչ քարանում է, հայացքը ոչ թե ցույց է տալիս, այլ հնարավորինս թաքցնում է, աչքերը ոչ թե խոսում, այլ խորհրդավոր լռում են։

Մահը կյանքի հոմանիշն է դարձել, կորցնելը՝ հանդուրժելի օրինաչափություն։ Տեսնես մենք երբևէ կհասկանա՞նք  կյանքի՝ երբեմն անհամաչափ գործողությունների ու արարքների հաջորդականության, նրա մատուցած անակնկալների իրական իմաստը։

ժպտասեր արևը շռայլորեն ջերմություն է փոխանցում, լուսինը զարդարում է գիշերային թագավորության անթերի խավարը, անձրևն իր շաղակրատող կաթիլներով հանդարտ քայլում է մեզ հետ, քամին թափահարում է մեր հույզերն ու գլխապտույտ պարի հրավիրում, օդը շնչելու հնարավորություն է տալիս, մարդիկ էլ անթիվ  իրարամերժ, փոխադարձ ու անփոխադարձ զգացմունքներ ունեն։ Կյանք կա հենց հիմա։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ինչ է ազատությունը

Եթե երկու տարի առաջ հարցնեիք, ամենաքիչը երեք էջ խորը փիլիսոփայական նյութ կտպեի Microsoft Word-ում, հիմա ուղղակի կասեմ` ազատություն չկա…

Ազատությունը վերացավ, երբ Շուշին ու Դադիվանքը մնացին թուրքի ձեռքում…

Ես ծնված օրվանից համարվել եմ ազատության սերնդի մաս ու միառժամանակ, ականատես եղել երկու պատերազմի, ու վերջինիս ժամանակ կորցրել որևէ հույս Հայաստանում ապրելու։

Ես միշտ վստահ եմ եղել, որ ազատության սերունդ լինել նշանակում է` ապրել անկախ Հայաստանում,  ազատ տեղաշարժվել  երկրիս տարածքով, ու ամենակարևորը, այս ազատության համար ամեն գնով պայքարել։ Վստահ եմ եղել, որ ազատ լինելու համար պետք է շատ աշխատել ու լինել չափազանց ուժեղ քո ազատությունը սահմանափակողներին դիմակայելու համար։ Հասուն տարիքում հասկացա, որ ազատության գաղափարը կիսում են նաև խոսքը, ընտրությունը ու հազար ու մի ուրիշ երևույթներ։ Շատ կարևոր, բայց ոչ առաջնային, խիստ անհատական երևույթներ։ Ես սովորեցի հարգել այս ազատության տարատեսակները շատ հեշտ, որովհետև կարծում էի, թե մեդալը միշտ ունի երկու կողմ, ու երկուսն էլ ունեն հավասար արժեք ու իրավունք գոյություն ունենալու։

Բայց երբ որ քեզնից խլում են քո ազատությունը, ապացուցում են, որ անկախ նրանից, թե ինչքան աշխատանք ու  պայքար կտարվի համընդհանուր ազատության համար, մեդալի մյուս կողմը ընտրելու է միայն իրեն` չհարգելով քեզ ու քո անհատական ազատությունները, էլ ոչինչ չի մնում, բացի ազատության նկատմամբ հավատի կորստից։

Կարծում եմ, ազատության տարատեսակները մտածել են հենց նրանք, ովքեր ձգտում են ամենաթողության, զուրկ են արժեքներից ու պատվի զգացողությունից։ Ավաղ, Հայաստանում հիմա ավելի շատ են պատվազուրկները, ովքեր վեր են դասում սեփական ազատությունները համընդհանուրից, նույնիսկ եթե դա նշանակում է` մահ, ստորացում ու ապագայում թուրքի ճորտ լինելու հեռանկար։ Կարծում եմ պետք է սկսել «անհարգանք» ու անհանդուրժողականություն դրսևորել մեդալի մյուս կողմի նկատմամբ, սահմանափակել հնարավորությունները ու կրթել սեր համընդհանուր ազատության նկատմամբ։ Այդպես միգուցե հասնենք այն մակարդակի, որտեղ կսկսենք հարգել անձնականը։ Ամբողջ աշխարհում հիմա ակտուալ է և, ինչ խոսք, նաև տեղին, պայքարը խոսքի, ընտրության ազատության համար, բայց ավաղ, մենք չափազանց հեռու ենք դրանից, որովհետև դեռ ստիպված ենք պայքարել երկիր ունենալու համար։

Չգիտեմ, գուցե մահն է իրական ազատությունը, բայց դա ոչ ոք չգիտի….

Ավելի խելամիտ է պայքարել մեր երկրի կյանքի համար, որի ազատության բերկրանքը զգացել ու տեսել ենք։

Հ.Գ. Այս խոհերս զայրացած էի գրել, մի համալսարանի ուսանողների համանուն թեմայով շարադրությունները կարդալուց հետո: Շարադրությունների մրցույթի լավագույն 10-ից ավել շարադրությունների մեջ միայն մեկ կամ երկու հոգի էր ներկայիս իրավիճակի մասին գրել: Չեմ հասկանում. պատերազմը իրենց վրա հետք չի՞ թողել, հարազատ, կուրսեցի, ընկեր չե՞ն կորցրել, որ իրենց մտքերը շարադրելիս պատերազմը մտքներին չեկավ: