Mariam Yavrumyan

Նոր տարուց անցել է կես ամիս

2020 թվականն արդեն մի քանի օր կլինի, ինչ սկսվել է, բայց ոչ մեկիս համար իրոք նոր չի, որովհետև մենք ունենք  նույն հին ու վատ սովորությունները, որոնք ունեցել ենք մինչև էս: Ու միակ բանը, որ փոխվեց մեր կյանքում էն էր, որ 19-ը դարձավ 20: Իսկ դա շատ չնչին փոփոխություն էր:

Բայց ի՞նչ կլինի, եթե մենք մտածենք ու պատկերացնենք, որ նոր տարուն մենք էլ ենք փոխվել, կամ հուսանք, որ հաստատ փոխվելու ենք: Դե New year, New Me :)

Ուշացած եմ գրում, բայց հաստատ իմ գրելուն չէիք էլ սպասում: Բայց մեկ է, պիտի ասեմ, որ նոր տարով ոչինչ չի փոխվելու, քանի դեռ ինքներս չենք փոխել մեզ: Ուղղակի պիտի restart անենք մեր ուղեղը, մտքերը: Մաքրենք մեր ուղեղը վատ, նեգատիվ ու կեղտոտ մտքերից, նորն է եկել: Ու ես հույս ունեմ, որ դուք կլինեք այնքան հրաշալի, ինչքան որ միշտ երազել եք: Հույս չունեմ, վստահ եմ:

Իսկ ինձ համար նոր տարին լրիվ նոր է սկսվել: Ես նոր եմ փոխվել, ավելի լավը դարձել: Ես ուղղակի դնում եմ շատ փոքր նպատակներ ու հասնում դրանց։ Տոնում եմ փոքր հաղթանակները: Ոչ ոքի երբեք չեմ ատում ու ոչ ոքից ոչինչ չեմ ակնկալում: Առաջնորդվում եմ «Մեծն Գեթսբին» գրքի մի տողով. «Եթե երբևէ ուզենաս մեկին դատապարտել, հիշի‘ր` այս աշխարհում ամեն մարդ չէ, որ ունի քո առավելությունները»:

Ու նոր տարին չի սկսվում նոր օրացույցով ու շամպայնի բաժակներով, այն սկսվում է սրտի մի խփոցով, երբ դու հասկանում ես, որ արդեն ուրիշ ես:

lilit vardanyan

Այն մասին, թե ինչ է նշանակում սովորել հաշվապահություն

Վերջին մասնագիտությունը բժշկից հետո, որ կուզեի սովորել, հաշվապահինն է: Չեմ սիրում գրասենյակային աշխատանքներ: Երբ ամբողջ օրը սենյակում նստած պետք է անհետաքրքիր թվերի ու փաստաթղթերի հետ գործ ունենաս:  Այսպես էի մտածում, երբ նոր էի սկսում սովորել հաշվապահությունը:

Առաջին բանը, որ սովորել եմ՝ փաստաթուղթը լրացնելուց պետք է շատ զգույշ լինել ու գումարի թիվը գրելուց չսխալվել: Լինում են դեպքեր, երբ 0 թվի սխալներ են լինում: Նաև կարող է փաստաթղթում գրված լինել, որ հաշվարկը հազար դրամով է կատարվում: Ու այդ դեպքում 50 հազարի փոխարեն պետք է գրել 50:

Ֆրանսիական քոլեջում սովորելու առաջին տարվա ընթացքում մտածում էի, որ երբ ավարտեմ սովորելը, հաշվապահությունից ամեն ինչ կիմանամ: Եթե անգամ այդպես լինի, հաշվապահ չեմ դառնա, որովհետև ձանձրույթից կմեռնեմ:

Երկրորդ բանը, որ սովորեցի՝ ակտիվ= պասիվ+ սեփական կապիտալ: Կազմակերպության ակտիվները միշտ հավասար են պասիվներին: Ակտիվները կազմակերպության միջոցներն են, իսկ պասիվները՝ դրանց ստացման աղբյուրները:

-Կազմակերպությունում ճանճը տզզաց, հաշվապահը պիտի գրի,- ասում է ընկեր Կիրակոսյանը:

Սովորեցինք՝ ինչպես լրացնել հաշվապահական փաստաթղթեր: Փաստաթղթավորումը սովորելու շնորհիվ հաշվապահությունը սկսեց որոշ չափով հետաքրքրել ինձ: Թվերը ոչ միշտ են անհետաքրքիր կամ տխուր լինում: Օրինակ՝ երբ բալանսում ակտիվի ու պասիվի թվերը համապատասխանում են, ունենում ես նույն զգացողությունը, ինչ մաթեմատիկայի դժվար խնդրի լուծումն ու ստացածդ պատասխանները համընկնելիս:

Բայց կան նաև վատ կողմեր: Այն ահավոր զգացողությունը, երբ աշխատավարձից հանեցի բոլոր հարկերը ու ստացա «կեղտոտ» աշխատավարձի թիվը:

Կյանքից սկսեցի հիասթափվել այն ժամանակ, երբ իմացա հարկային օրենսդրության մասին:  Հարկերը պետության բյուջեի հիմնական մասն են կազմում: Կան հարկերի շատ տեսակներ, որոնք պետք է բոլոր կազմակերպությունները վճարեն: Սկզբում ինձ թվում էր, որ հաշվապահ լինելը հեշտ է, բայց հենց իմացա հարկային տեսչության մասին, հասկացա, թե իրականում ինչ պատասխանատու մասնագիտություն է:

Երրորդ կուրսում սկսեցին կասկածներ առաջանալ՝ արդյո՞ք այն, ինչ սովորում եմ, բավական է հաշվապահ դառնալու համար: Հարցիս պատասխանը ստանալու համար գնացի «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»՝ այնտեղ պրակտիկա անցնելու:

Ես չէի փոխել իմ միտքը այն մասին, որ գրասենյակային աշխատանքն անհետաքրքիր է, մինչև չզգացի, թե ինչ լավ մթնոլորտ է ներսում: Իմ սեփական սեղանին համակարգիչ, նոթատետր, կպչուն թղթեր ու գրիչներ ունենալը ինձ շատ դուր եկավ: Ուզում էի որքան կարելի է շուտ գործի անցնել:

Ես ակնկալում էի, որ իմ ստացած գիտելիքներն ու պրակտիկայի ժամանակ արած աշխատանքը կարող են տարբերվել: Համակարգչով աշխատելը շատ հավես էր: Քոլեջում սովորել էինք ինչպես կազմել փաստաթղթերը թղթով և գրիչով: Կազմակերպությունում դա անում էի համակարգչով:

Նաև սովորեցի Excel ծրագրի բանաձևեր, որոնք օգնում են աղյուսակներ կազմելիս և հաշվապահության մեջ:

Կային աշխատանքներ, որոնք այնքան էլ հաճելի չէին: Օրինակ՝ անցած տարիների փաստաթղթերը դասավորելը կամ ՀԾ ծրագրի և Excel-ի աղյուսակները համեմատելը: Ու էլի ունենում էի խնդրի պատասխանը ստուգելուց առաջ կասկածի զգացողությունը: Ուզում էի, որ բոլոր թվերը համապատասխանեն:

Հաշվապահությունում ամենաշատը ինձ դուր չի գալիս այն, որ օրենքներն անընդհատ փոխվում են: Օրենքները՝ որպես օրենք այնքան բարդ են գրված, որ մի քանի օր հետազոտություն պետք է անել, որ հասկանամ, թե այդ երկար ու բարդ բառերի տակ ի՞նչ պարզ նախադասություն է թաքնված:

Հիմնականում հաճույք էի ստանում աշխատանքից ու մթնոլորտից: Հասկացա, որ սովորելը բավական չէ մասնագետ դառնալու համար: Տարիների պրակտիկայի միջոցով է կարելի դառնալ մասնագետ:

Երևի վերջին մասնագիտությունը, որ կուզեի սովորել բժշկից հետո, հաշվապահինը չէ:

Mariam Abrahamyan

Արի ծանոթանանք

Իսկ երբևէ կարդացե՞լ ես մի նյութ, որը  դանդաղ կամ մեծ արագությամբ կսիրահարվի ընթերցողին։ Գուցե սկսես կարդա՞լ: Տեսած կամ լսած կլինես, որ ընթերցողը սիրահարվի կարդացածին, բայց իմն ուրիշ է:
«Բարև, ընթերցող: Անունս Նյութ է, ու ես քեզ սիրում եմ»:
Մտածում էիր, թե այսպե՞ս պիտի սկսվի: Սխալվեցիր: Սա էլ հո մարդկանց նման դատարկ ու փուչ չէ՞, որ մի «սիրում եմ քեզով» սեր խոստանա:  Առհասարակ գրված խոսքերը փուչ չեն լինում։
Ի՞նչ ես կարծում, գրածս ինչի՞ մասին է լինելու. սիրո՞, հավատարմությա՞ն, սպասումի՞, թե՞ կարոտի… Իսկ եթե դո՞ւ էլ սիրահարվես խոսքիս:
Սիրելի՜ս, իսկ ի՞նչ կուզեիր տեսնել իմ՝ գրվածքիս փոխարեն. ամրակազմ, գեղեցիկ, բարձրահասակ, կանաչաչ մի երիտասարդի՞, թե՞ նուրբ, սլացիկ մարմնով, սևաչ ու սևահեր չնաշխարհիկ մի աղջկա: Պատկերացրու ինչպես սիրտդ է ուզում, ես քո մտքի իդեալն եմ: Գրածս, ավա՜ղ, հերոսներ չունի: Ես ու դու ենք: Միա՜յն… Գուցե դա լավ է. Խանգարող ու նախանձող աչքեր չկան։
Արի էսպես անենք. ես դառնամ նախադասություն, դու՝ իմ ենթական, ստորոգյալն էլ թող միայն ու միայն անկեղծ սիրելը լինի:
Մի քիչ ռոմանտիկանա՞մ: Միգուցե ժամանակն է, որ ասեմ, թե սիրում եմ, կամ հավանում, կամ էլ ՝ ինձ դուր ես գալիս: Չնայած իմ սերն անկեղծ է, ոչ մարդկային. էսպիսի բառեր պետք չեն: Մարդը մեր ժամանակներում ուրիշ է: Ինքն իրեն չի հասկանում, նույնիսկ սեփական սխալների համար ինքնաքննարկմանն է անդրադառնում:
Լավ, արի փոխենք թեման:

-Դուրս գա՞նք զբոսնելու։
-Չէ՜, ցուրտ է։
-Կտաքացնեմ…
-Կտաքանա՞մ…
-Բա ինչ, գնացինք…

Կարծես այդքան էլ ցուրտ չի, եղանակն ինձ հետ զինադադար է կնքել: Գրվածքների բախտը երևի հաճախ է բերում, չէ՞ (թեկուզ միայն նրա համար, որ քեզ պես խենթերը ինձպեսների հաճախ են սիրահարվում):

Իսկ մարդու բախտը լավագույն դեպքում եղանակի հարցերում կամ քննական տոմսերում է բերում:

zarine kirakosyan

Ճոխ ֆասադների ու մաքուր կոշիկների հետևում

Թե համալսարանական չորս տարիներիս մեջ մի դրական բան կար, նկարիչ Սրապիոն Դանիելյանի արվեստանոցում մի քանի ամիս նկարելն էր: Ասում էր. «Երկրորդ հարկի պատուհանից ամեն օր տեսնում եմ, թե ոնց են տասը օր նասկիները չփոխած տղաները, գրպանից հանում թաշկինակը ու կոշիկների փոշին մաքրում: Էս մեր հասարակությունն ա…»: Ասում ու լռում էր, ավելին նկատի ունենալով։ Մեկը մտածում էր, ո՞նց կարելի ա տասը օր նույն նասկին հագնել, մեկը թե` թաշկինակով ո՞նց կարելի ա կոշիկ մաքրել։
Կներեք, բայց մեր հասարակություննը էդ տասը օր չփոխած նասկիներն ա, մեզնից արդեն հոտ ա գալիս: Կարանք փտենք, բայց մենք կոշիկներն ենք մաքրում, որ բոլորը տեսնեն, որ փայլում ա, մեզ հուզում ա ամեն ինչի երևացող կողմը, մնացածը կարելի ա ծածկել։
Նկատե՞լ եք, մեր քաղաքի շենքերն ու տները, էդ մեր արժեհամակարգի արտացոլումն ա: Քայլում ես կողքով` թանկ քարերով, ճարտարապետությամբ, մաքուր, կարևորը` ճոխ ֆասադ: Անցնելիս տպավորում ա: Բայց էս քաղաքին Մոնումենտից նայե°լ եք: Ախր, էդ ֆասադի հետևի քանդված բակերը, չմշակված պատերը երևում ա: Ո՞ւմ ենք խաբում, ո՞ւմ ենք ցույց տալիս, որ ամեն ինչ լավ ա, ու խնդիրներ չունենք։

ՀՀ֊ում սպանությունների 17 %-ը ընտանեկան բռնության դեպքեր են, (ամեն 10-ից համարյա երկուսը մահացել են ամուսնու, զուգընկերոջ, եղբոր, որդու կողմից):
Կանանց 40%-ը ֆիզիկական կամ սեռական բռնության զոհ ա դարձել, էլ չխոսենք տնտեսական բռնության մասին, որ ուղղակի էնքան սովորական ու ուղեկցող երևույթ ա մեր հասարակությունում, որ մոռանում ենք, որ էդ էլ ա բռնություն։

Է հա, բոլոր հասարակություններում էլ բռնություն կա, բայց երևի բոլորում չի, որ հասարակության ձայնը բարձրացնող պատգամավորը դեռ կնոջ շալվար հագնել-չհագնելն ա քննարկում: Բոլորում չի, որ հասարակությունը տառապում ա խմբակային ինքնախաբեությամբ, թե բա` մեր ընտանեկան արժեքները (սելեկտիվ աբորտներով աշխարհում առաջատար պետություն)… Ազգովի կոմպլեքս ունենք բարձրաձայնելու, որ մեր հասարակությունում էլ խնդիր կա։ Վայ, չէ, հարևանը, մեծ մասշտաբների դեպքում «թուրքը կտենա` կուրախանա», կարևորը` հարևանների «ավանդական լավ ընտանիք ա» հեղինակավոր պիտակին արժանացել ենք։

էս մեր ապրելակերպի, մտածելակերպի, ճարտարապետության մեջ ա, մեր սարքած ու մեզ լիովին բնութագրող Երևանի ամեն շենքի ու տան մեջ ա, էն մենակ ճոխ սարքած ֆասադների մեջ ա։

Իսկ մարդիկ իրենց խնդիրներով շարունակում են ապրել ֆասադների հետևում, ոչ թե վրա, կոշիկների մեջ, ոչ թե վրա, բռնության մեջ, ոչ թե «ավանդական» ընտանիքներում։

Եկեք խնդիրները տենց սիրուն չփաթեթավորենք ուրիշների համար, մենք էդ ամեն ինչի ներսում ենք ապրում։

nina arustamyan

Ժամանակ կար

Ժամանակ կար, երբ անհոգ էինք՝ ես, քույրս, եղբայրս, բոլորս։

Ժամանակ կար, երբ փոքր էինք ու այնքան անպաշտպան․․․

Ժամանակ կար, որ կարող էինք լացելով հասնել նրան, ինչին ուզում էինք՝ այ, օրինակ, խանութում դրված գեղեցիկ տուփով քաղցրավենիքին, որից ձեր տանն էլ կար: Ուղղակի խանութինը լավն է, իսկ տուփը ավելի գեղեցիկ։

Ժամանակները արագ-արագ առաջ են գնում, իրենք էլ չհասկանալով, թե ինչու են այդքան շտապում, եթե իսկապես շտապելու տեղ չունեն։

Փոքր հասակում մտքովս չէր անցնի, որ հնարավոր է` գա մի պահ, երբ ընտանիքով տեղափոխվենք ինչ-որ ուրիշ տեղ ապրելու։ Վիճում էի ինքս ինձ հետ, որ քաղաքում ավելի լավ է, կյանքը ավելի ուրախ, բայց․․․

Երբեմն մեր սպասումները չեն արդարանում, ոչ նրա համար, որ մենք չենք ուզում, այլ նրա համար, որ ժամանակի ընթացքում տեղի ունեցածը սկսում ես ավելի խորը քննել, սկսում ես հասկանալ ծնողիդ, երբ ասում էր․

-Կաշխատես ու կհասկանաս, որ էդ 10 դրամն էլ ա փող․․․

Էդ 10 դրամը․․․

Մեծանում ենք մենք, ու ամեն տարի մեր ծննդյան օրը մեզ համար հրաշալի է, մեզ համար դա մեր օրն է: Ու ամեն անգամ տորթի մոմերը փչելուց մենք պահում ենք մի երազանք, որի ի կատար ածվելը ամենից շատն ենք ուզում։

Ու մի քանի օր հետո հասկանում ես, որ իրականում դու ամեն ժամ ու ամեն օր էլ ավելի շատ բան ես հասկանում, քան օրինակ,  երեք տարի առաջ։ Զգում ես, որ փոքր տարիքում քո նվնվալը անտեղի էր, քանի որ մեծ հասակում նվնվոցդ կթվա թուլության ու անպաշտապնության նշան: Բայց չէ, մենք ո’չ թույլ ենք, ո’չ անպաշտպան։

Մենք ամեն լավից ու վատից հետո, սկսում ենք մի քիչ ավելի խորը նայել հաջորդ լավին ու վատին, սկսում ենք ամեն մի իրավիճակի շուրջ երկար մտածել ու մտքում միշտ ընտրություն կատարել. ո՞րը:

Փոքր տարիքում ցանկությունները շա՜տ են, առաջնահերթ ցանկությունը շուտ մեծանալն է` չգիտակցելով, որ մեծերի աշխարհում ամեն բան այլն է. հույզերը, սպասումները, ամեն ամեն բան այլ է։ Մեծ հասակում քո ուղեղում հոսող տարատեսակ մտքերից դու նորից քայքայվում ես, քանի որ չես էլ կարող նվնվալ, քանի որ դու ուժեղ ես, դու իրավունք չունես թուլանալ ու ամեն անգամ երազում ես փոքր լինելու մասին, որ գոնե նստեիր հայրիկիդ ուսերին, որ գոնե մայրիկիդ փեշից քաշեիր, ասեիր․ «Էս սիրուն տուփով քաղցրավենիքն եմ ուզում»…

Մեծանում ենք, ու ամեն տարվա մեր տորթի մոմերը փչելուց մենք երազանք ենք պահում, որ գոնե հինգ րոպե փոքր լինեինք, ու երազանք, որ մեծ հասակում իրականանան բոլոր սպասումները մեծերի աշխարհում։

Մեծանում ենք․․․

Valya Gasparyan

Իմ կանաչ հեծանիվը

Երբ հայրս մեքենայից իջեցրեց, միանգամից հասկացա, որ մյուս հեծանիվներիցս շատ է տարբերվում: Նախ, միանգամից կարելի էր վարել՝ անիվներն արդեն պինդ էին: Կանաչ էր, հետո էլ մեծ էր, հետո էլ ես էի մեծ ու առանց էն փոքր ակների էլ ինձ հասանելի էր: Ես` մեծ, ինքը` մեծ, սազում էինք: Համ էլ մի քանի մետր հեռու գնալն էլ էր սազում, մանավանդ, որ ընկերներս  տարածքում էին, ես էլ ցույց տալու բան ունեի:

Բակի երեխեքը, որ նստում էին ու ոտքերը հասնում էր ոտնակներին, ուրեմն մեծ էին, որ վարում էին: Էլ իրենց հասնող չկար: Ինձ դուր էր գալիս, որ հեծանիվիս հասնելու համար օժանդակ միջոցներ էին օգտագործում` քար ոտքի տակ, ընկեր, ծնող, լաց: Ինձ համարյա վարելու ժամանակ չէր մնում, բայց ես գոհ էի, ինձ հո վարե՞լը չէր պետք: Տեր լինելն էլ մեծ բան էր:

Բայց ինչպես ամեն բան, հեծանիվ վարելն էլ իր ժամանակն ունի, ու ձմեռը բերեց այդ ժամանակի վերջը: Փառքիս հովանավորին սպասում էր ավտոտնակը: Բայց ինչպես ամեն բան, ձմեռն էլ իր վերջն  ունեցավ:

«Ես, որ էսքան մեծացել եմ, բա կանաչս ի՞նչ չափսերի կլինի: Անցած տարվա փոքրերը, ում չէր հետաքրքրում, հիմա մեծացած կլինեն, ու կանաչիս երկրպագուները կշատանան»,- մտածում էի ու մի հսկայի պատկերացնում, որի հետ միասին ավտոտնակն էլ էր աչքիս մեծանում: Հայրս բացեց ավտոտնակի դուռը, դուրս բերեց: Չճանաչեցի, չհավատացի:

Չէի հաշվարկել, որ ինքն իմ նման բոյովանալու հատկություն չունի, բայց իմ համեմատ փոքր դառնալ կարող է: Բայց մի բան էլ կա, որ էլ չունի` զարմացնելու կարողություն: Հասարակացել էր:

Մի պահ ինձ թվաց, որ ձմռան ամբողջ ցուրտն իր վրա է եղել, կուչ է եկել, բակի երեխեքն էլ մի֊մի բան թռցրել են վրայից ու ակներից էլ կտրել:

Չէ, բայց ես մեծացել էի. լաց չեղա:

manana arxiv

Ինչն է ինձ հուզում աշխարհում

Ճիշտն ասած, ինձ աշխարհում շատ բան է հուզում: Կոնկրետ այս պահին ինձ ամենաշատը հուզում է այն, որ հիմա ընկերներ ունենալը շատ բարդ է: Եթե փող ունենաս, ընկեր էլ կունենաս: Իսկական ընկերություն գոյություն չունի: Չէ՞ որ ընկերներ փողով չես գնում: Սա ինձ շատ է հուզում, որովհետև չեմ կարծում, թե աշխարհում լինի մի մարդ, որ ընկերների օգնության կարիք չզգա: Սրա պատճառով էլ փոխվում են մարդկանց չափանիշները, ամեն ինչ գնահատվում է հարստությամբ: Հիմա աշխարհում ամեն ինչ կախված է թղթադրամից, որը ցանկացած երեխա կարող է պատռել ու գցել մի կողմ:

Ծովինար Տալյան

13 տարեկան

-Ինձ չեն սիրում, ինձ չեն հասկանում, մեծերը իրենց  չգիտեմ ինչի տեղ են դնում, փոքրերը հարգանք չունեն մեծերի հանդեպ, մարդիկ իրարից խուսափում են… Մի՞թե արդեն այդքան հեռուն ենք գնացել, եթե այդպես է, ուրեմն աշխարհի վերջը սա է…

-Վարդան,-կտրեցի ընկերոջս մտքի թելը, և իր տոնով շարունակեցի,-մի՞թե դու այնքան ծերացել ես, որ ամեն ինչը գորշ գույներով ես տեսնում:

-Ես ռեալիստ եմ:

-Քո տիպի ռեալիստներին հոռետես են անվանում:

-Կարող ես ինձ ձեռք առնել, բայց, մեկ է, աշխարհի վերջը մոտ է…

Ընկերս տասնհինգ տարեկան է: Դասամիջոցներին բոլորը հավաքվում են նրա շուրջը, լսում են, վախենում… Իսկ եթե իսկապե՞ս այդպես է…

Էլեոնորա Հարությունյան

15 տարեկան

 

Ինձ հուզում է ցուրտը: Հենց գալիս է ձմեռը, վախենում եմ, որ լույս չի լինի, ճանապարհները կսառեն, վթարներ կլինեն, մարդիկ կմահանան: Գյուղերում ու սարերում մարդիկ կհիվանդանան ցրտից: Ճանապարհներին մերկասառույց կլինի, ավտոմեքենաները կսայթաքեն, և վթար կլինի, իսկ վթարից բոլորը մահանում են:

Հովնան Բաղդասարյան

9 տարեկան

 

Հաճախ է պատահում այնպես, որ անծանոթ մարդկանց եմ հանդիպում ու պետք է ծանոթանամ նրանց հետ: Ես էլ առաջնորդվում եմ հայտնի երգի բառերով` ժպիտից է ծնվում ընկերությունը: Ու ես ժպտում եմ: Չեք պատկերացնի, ինչպիսի գերագույն հաճույք է, երբ ժպիտիդ ժպիտով են պատասխանում. այնքան ջերմություն է բխում ու փոխանցվում, այնքան հաճելի է…

Իսկ երբ ժպիտդ արհամարհվում է, էլ ի՞նչ հաճույք, ի՞նչ ջերմություն: Մի՞թե դժվար է ժպտալը, թեկուզ` աչքերով:

Ես կոչ եմ անում. եկեք ժպտանք անծանոթներին:

Անուշ Մուրադյան

15 տարեկան

 

-Ռիմ, արթնացնիր, դասի ես:

Այսպես ամեն առավոտ ասում է մայրս: Թե ո՞վ է որոշել, որ դասերը շուտ պետք է սկսել,- ամեն արթնանալուց մտածում եմ նույն բանը ու նորից  քնում:

-Ռիմ, արդեն ժամը ութն անց կես է:

Ուֆ, շուտ արթնանալը հասկացանք, բա որ մտածում ես, որ վեց ժամ դպրոցում ես լինելո՞ւ: Չէ՞ր կարող ժամացույց հնարողն այնպես աներ, որ գիշերվա ժամերը երկար տևեին, իսկ առավոտվա ժամերը` կարճ: Կամ դասերը շուտ անցնեին, իսկ խաղերը երկար ձգվեին: Ամեն օր դասի ես գնում, երկու ժամ դաս ես սովորում, որ մի հատ «հինգ» ստանաս, ողջ օրը պարապում ես, որ  մաթեմատիկայից «չորս» ստանաս: Ո՞ւմ է պետք:

-Ռիմ, ութն անց քառասուն է արդեն:

Լավ, վեր կենամ, այսօր գոնե քառասուն րոպե շատ եմ քնել:

Ռիմա Տոֆանյան

13 տարեկան

 

Ես միշտ մտածում եմ, թե ինչու երեխաները իրար հետ չեն ուզում ընկերություն անել:  Նույնիսկ համադասարանցիները խուսափում են իրարից: Շատ աղջիկներ էլ ամաչում են տղաների հետ խոսել: Վերջերս  իմ դասընկերներից մեկի տատիկն էր մահացել: Աղջիկներից մեկը մոտեցավ նրան ու ցավակցեց: Դրանից հետո աղջիկներն անընդհատ ձեռ էին առնում նրան: Եթե ես հնարավորություն ունենայի աշխարհում մի բան փոխել, ապա այնպես կանեի, որ բոլորն ընկերանային իրար հետ:

Մարիամ Մանուկյան

12 տարեկան

 

-Ճուտ, էս գցիր սեղանիս,- ասաց հսկայական ականջներով ու ոչինչ չարտահայտող դեմքով մի տղա` ձեռքի տոպրակը, որ պայուսակ էր ծառայում, տալով փոքրահասակ, թուլակազմ մի տղայի:

«Ճուտը» սուսուփուս վերցրեց տոպրակն ու մտավ դասարան:

-Ինչո՞ւ ես լսում Կարենին, այ, Արման,- բարկացավ աղջիկներից մեկը: Արմանը քթի տակ ինչ-որ բան քրթմնջաց: Հետո սկսեց լեզվակռիվը: Կարենին պաշտպանողներ էլ շատ կան, բոլոր նրանք, ովքեր վախենում են նրանից:

Ես ինձ նվաստացած եմ զգում, երբ իմ կողքին փորձում են ճնշել թույլերին:

Լուսինե Հակոբյան

14 տարեկան

 

Ինձ ամենից շատ հուզում է սև գույնը: Փողոցներում ամենուր սևազգեստ երիտասարդներ են: Երբ տեսնում եմ նրանց, տրամադրությունս ընկնում է, տխրում եմ: Խեղճերը չեն տեսնում գույները, երկինքը, արևը: Իսկ երբ չեն տեսնում գույները, շատ-շատ բան չեն տեսնում ու չեն հասկանում:

Նանե Սահակյան

15 տարեկան

 

«Մանանայի» արխիվից, 2004թ.

 

maria chichakyan

«Դու կարևոր ես»

Մեր կյանքում «արգելված» թեմաները շատ են։ Ամաչում ենք խոսել, որովհետև  մեզ կպիտակավորեն, եթե խոսենք սեռական դաստիարակությունից, դրա կարևորությունից ու երբեմն՝ մեր իսկ զգացմունքներից։

Ասածս շատ դաժան է հնչում, երևի չափից ավելի, քան իրականում։ Մարդկանց մի ստվար զանգված համոզում է, որ մենք ու մեր զգացմունքները հետաքրքիր չեն ոչ մեկին, բացարձակապես ոչ մեկին…

Դու կոտրված ես, դեպրեսիվ, ինքնասպանության հակումներ գուցե ունես, ու ասում են, որ միևնույն է, դա ոչ ոքի չի հետաքրքրում։

Մարդիկ մեզ համար  դոգմաներ են ստեղծում, բանտեր են կառուցում, որտեղ մենք վերջին հիմարի պես հավատում ենք, որ մեր զգացմունքները ու հենց ինքներս անկարևոր ենք։

Մարդիկ մոռացվում են հենց մարդկանց մեջ…

Ու հիշվում…

Մարդիկ , ամենամոտ ընկերոջից մինչև անծանոթ մեզ հիշում են։ Մարդիկ հիշում են մեզ, մեր դիմագծերը, ժեստերը, աչքերը, ժպիտը, այտափոսերը, ուռած աչքերը, կատակները, որոնցից մենք բարձր կծիծաղենք,  մարդիկ հիշում են։

Մարդիկ հոգ են տանում մեր մասին։ Մարդիկ հետաքրքրվում են մեր սիրած գրքով, խմբով, սիրելի ուտեստներով, սիրելիներով ու թշնամիներով։ Մարդիկ մեզ տաք գլխարկ ու մի ուս են առաջարկում` խնդիրները դեն նետելու համար։

Մարդիկ մեզ փրկում են։ Մարդիկ մեզ մեր մտքերից, ինքներս մեզնից, սայթաքելուց են փրկում, փրկում են ու ստեղծում մեր տեսակի ավելի լավը։

Մարդիկ մոտիվացնում ու հավատում են քեզ։ Հավատում են քեզ ու օգնում, որ ինքդ էլ քեզ հավատաս, երբեմն հավատում են քեզ՝ քեզնից շատ։ Դու կարող ես, հավատում եմ, փոխի’ր քեզ ու քո շրջապատը։ Ես հավատում եմ։

Մարդիկ վերջապես սիրում են քեզ։ Սիրելու համար ոչ մի բացատրություն բացարձակապես պետք չի. սերը սեր է ու վերջ։ Առանց չափորոշիչների, հատուկ մշակված սանդղակների ու պարզ բան է. մարդիկ սիրում են տեսակները, բնավորությունը ու թե ով են իրենք քո կողքին։

Ու մի օր վստահ եմ, որ կգա մեկը, ով կասի քեզ, որ դու կարևոր ես, որովհետև դու, իրոք, կարևոր ես։

lilit grigoryan ararat

Կապտանռնագույն սեր

 Ֆուտբոլն ու կյանքը շատ նմանություններ ունեն. երկուսն էլ ուղեկցվում են վայրիվերումներով, հիասթափություններով և հաղթական պահերով: Ժամանակն էլ է նույն կերպ ընթանում: Երբեմն երազում ես մեկ րոպե ավել ժամանակի մասին, որպեսզի հասցնես ուղղել սխալդ, երբեմն էլ ցանկանում ես, որ ժամանակը ավելի արագ ընթանա, որպեսզի րոպե առաջ վայելես հաղթանակդ: Հետաքրքիր ազդեցություն ունի ֆուտբոլը: Ֆուտբոլասերը ուրախանում է մի հաղթանակով, որում ոչ մի դեր չի ունեցել, ուրախանում է մի ֆուտբոլիստի հաջողություններով, որին չի հանդիպել և գուցե երբեք էլ չհանդիպի: Բայց մի գաղտնիք բացեմ. մենք` ֆուտբոլասերներս, մեզ համարում ենք մեր սիրելի թիմի տասներկուերորդ խաղացողը և հավատում ենք, որ մեր սերն ու հավատը մեզնից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող ֆուտբոլիստները զգում են:

Ֆուտբոլ սիրել եմ Բարսելոնայի շնորհիվ, Բարսելոնային՝ Մեսսիի շնորհիվ: Իմ կապտանռնագույն սերն արդեն յոթ տարեկան է: Երկար տարիներ է երկրպագում եմ Բարսելոնային: Հույզեր կան, որոնք երբեք չէի զգա, եթե չերկրպագեի Բարսելոնային:  Տարիներ առաջ կարող էի վիճել մարդկանց, որ լավագույնը Բարսելոնան է: Հիմա շատ բան է փոխվել, ավելի զուսպ եմ դարձել ու հասկացել եմ, որ անկախ ամեն ինչից ցանկացած ֆուտբոլասերի համար իր երկրպագած ակումբն է լավագույնը:

Ժամանակակից պրագմատիկ ֆուտբոլում շատ չեն այն ֆուտբոլիստները, որոնք խաղում են հանուն մարզաշապիկի և երկրպագուների, այլ ոչ թե հանուն գումարի: Այդպիսի ֆուտբոլիստներից է Մեսսին: Նա պատմության ամենափառահեղ ֆուտբոլիստներից է: Մեսսիի խաղն ուղղակի ապշեցնում է, համեստությունը և հավատարմությունը՝ հիացնում: Գիտեմ, որ ամեն փոխվող տարվա հետ մոտենում է Մեսսիի կարիերայի ավարտը, ու երբ Մեսսին ավարտի իր կարիերան ֆուտբոլի ամենագեղեցիկ գույնը կկորի ինձ համար: