Anush abrahamyan

Բահս չե՞ս տեսել

Լուսադեմին տեղացած կարկուտից հետո գյուղացիներից շատերը խորը հոգոցով բահերը ուսներին առան ու գնացին սարերի ծոցում փռված հողամասերի բերքը խնամելու, կարկուտի վնասները տեսնելու, ու հավանաբար մի լավ սրտնեղած՝ «սաղ տարվա չարչարանքներս ջուրն ընկավ» արտահայտությունը անելու:

Աղբյուրի մոտ երկար սպասեցին պապին: Պապը չեկավ:

-Տղե՜րք, շուտ գնացած կլինի Արշոն: Հաստատ չի համբերել: Բերքի համար ամբողջ տարին մենակ չարչարվեց տնաշենը:

-Հա, ո՜չ հարսը, ո՜չ տղեն, գոնե մեկ օր ձևի համար էդ կողմերը չերևացին,- հայացքը հեռու դաշտերին ուղղելով ասաց նրանցից ամենածերը:

-Էհ, գնացինք։

Աղբյուրի սառը ջրից մի-մի կում արին ու բահերը ուսներին առան:

-Ջարդեց, ջարդեց, տարավ էս անաստվածը: Աստծո զայրույթը մեր գլխին թափեց։

Արշո պապն է: Ձեռքերը մեջքի ետևում՝ այս ու այն կողմ է քայլում ու կրկնում.

-Ջարդեց, ջարդեց, տարավ էս անաստվածը: Աստծո զայրույթը մեր գլխին թափեց։

Հանկարծ լվացքի գույնզգույն շորերը ձեռքին՝ կիսաքուն տնից դուրս եկավ հարսը։

-Թամար, լաո՜, օրը բարի:

-Բարի, պապ, հազար բարի։

-Արամիս քնից հանի, հետս դաշտ տանեմ։ Գյուղի երեխեն հողին սովոր պիտ էղնի:

Շորերը ծուլորեն պարանին փռող հարսը մի պահ կանգ առավ, թեք նայեց պապին:

-Հողը բացի չաչարանքից ու անիմաստ տանջանքից օգուտ չունի: Էսօր բերքը կարկուտն է ջարդել, վաղը արևը կվառի, իսկ դու քեզ դրա համար սպանում ես: Արամիկը թող արթնանա, տառերը կտամ նորից գրի՝ չմոռանա։ Հողը հա էլ կա։ Թող սովորի, մարդ դառնա:

Պապը խորը շունչ քաշեց.

-Է՛ լաո՜, ինձ սպանում եմ, որովհետև մարդն էն հողով է գնահատում աշխարհի առատությունն ու Աստծո ազնվությունը, որը սիրում է, որը խնամում է: Թող սրտովդ լինի, մենակ ճամփա կընկնեմ։

Պապը քայլում է դեպի խորդանոց: Զննող հայացքով նայում ամեն անկյուն, բայց բահը չկա ու չկա:

-Լաո՜, բահս չե՞ս տեսել: Երեկ էստեղ էր,- խորդանոցից բարձր ձայնով հարցրեց պապը:

-Պապ, էդտեղ չի բահդ:

Պապը խորդանոցից դուրս եկավ:

-Երեկ առավոտ էստեղ եմ դրել։

-Հա, պապ, ուղղակի երեկ,- կմկմալով խոսեց Թամարը,- երեկ զիբիլի ավտոն եկավ՝ թաղի զիբիլը հավաքելու, ու Աշոտը,- Թամարը կարմրեց,- Աշոտը քո մասին մտածեց՝ բա թե պապան մեղք ա, ի՞նչ բահ, ի՞նչ բերք, ի՞նչ չարչարանք: Ես ամենը աշխատածս փողով կառնեմ: Իրան էլ առոք-փառոք կպահեմ:

Պապի շուրթերը սկսեցին դողալ․ զայրույթից էր, թե մեկ այլ բանից՝ չգիտեմ։ Փորձեց խոսել՝ չկարողացավ։

-Բահս զիբիլն է գցել, հա՛: Հորս բահը զիբիլն է գցել։

Պապը խորդանոցի դուռը շրխկացրեց ու քթի տակ ինչ-որ բառեր ասելով՝ դուրս եկավ տնից ու քայլեց դաշտի ուղղությամբ:

Թամարը մի պահ նայեց պապի հետևից ու շարունակեց գործը:

Մոտ քսան օր անց կարկուտը նորից ջարդեց բերքը: Լուսադեմին տեղացած կարկուտից հետո գյուղացիներից շատերը խորը հոգոցով բահերը ուսներին առան ու գնացին սարերի ծոցում փռված հողամասերի բերքը խնամելու, կարկուտի վնասները տեսնելու, ու հավանաբար մի լավ սրտնեղած՝ «սաղ տարվա չարչարանքներս ջուրն ընկավ» արտահայտությունը անելու:

Աղբյուրի մոտ էլ պապին չսպասեցին: Գիտեին՝ էլ երբեք չէր գալու…

Սիրուն կինո գալի՞ս ես

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

-Բարև ձեզ, սա ի՞նչ տաղավար է:

-«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն է: Ծրագիրը կարող եք վերցնել:

-Շնորհակալություն:

-Օրաթերթն էլ կարող եք վերցնել:

Ինֆոկենտրոնի կամավորներին մոտեցող մարդիկ բաժանվում են մի քանի խմբի:

Եթե դուք շատ եք գնում մշակույթի հետ կապված միջոցառումների, ապա հաստատ գիտեք Մաշա տատիկին: Անհայտ պատճառներով՝ նա ուներ բեյջ և կարող էր անվճար նայել բոլոր ֆիլմերը:

-Երեխեք, օրաթերթը ստացե՞լ եք,- ամեն օր հարցնում էր նա:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Իսկ երբ հարցրեց, թե ինչ ֆիլմ ենք դիտել, ու ես պատասխանեցի, նա սկսեց այդ ֆիլմի մասին այնքան երկար խոսել, որ փոշմանեցի:

Այս տարի ինֆոկենտրոններում տեղի էր ունենում նաև վաճառք: Վաճառվում էին պայուսակներ, արջուկներ, վերնաշապիկներ և այլ բաներ «Ոսկե ծիրանի» լոգոտիպով ու դիզայնով:

Մարդիկ հիմնականում գալիս էին ու հարցնում.

-Ի՞նչն է անվճար:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Հիմնականում սփյուռքահայերն ու զբոսաշրջիկներն էին գնումներ կատարում:

Հետո մենք ստացանք հրավիրատոմսեր: Եթե գնեին ինչ-որ բան, կստանային հրավիրատոմս: Այդպես գնորդները շատացան:

Կային նաև տարօրինակ մարդիկ:

-Երեխեք, ես պարսկական դպրոցում եմ սովորում,- ասաց մի կին,- ինձ պարսկական կինոյի հրավիրատոմս կտա՞ք:

Մենք պետք է համբերատար բացատրեինք, որ այդ ֆիլմի հրավիրատոմսից չունենք:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Իմ օրը անցնում էր մարդկանց ծրագրեր բաժանելով, հարցերին պատասխանելով և ինչ-որ բան վաճառելով: Այդքան էլ ձանձրալի չէր, ինչպես պատկերացնում եք: Կամավորները նույնպես կարող էին անվճար ֆիլմեր դիտել: Ինձ հաջողվեց միայն մի ֆիլմ դիտել: Նաև հաջողվեց սքեյթ քշել սովորել, որովհետև կամավորներից մեկը սքեյթ ուներ, և իհարկե, «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց շախմատ խաղալ:

Իսկ այն միակ ֆիլմը, որ դիտեցի, «Անհետացած քաղաքների հավաքածուն» էր: Ֆրանսիական ֆիլմ էր՝ անգլերեն և հայերեն սուբտիտրերով: Լսում էի ֆրանսերեն, կարդում՝ անգլերեն: Ֆիլմն ինձ այնքան էլ դուր չեկավ: Փոխարենը՝ այն ֆրանսերեն էր:

aniharutyunyanarm

Ծիրանի օղի

Օղի քաշելու առաջին փուլը սկսվում է ծիրանի հասնելուն պես: Երբ դեռ ծիրանը ծառերին տերևների գույնն ունի, Գևորգն արդեն սկսում է նկուղից հանել, մաքրել, դասավորել ու հավաքել օղի քաշելու սարքը: Սարքը դեռ Գևորգի պապի ժամանակներից է մնացել, ինքն էլ միշտ ասում է.

-Մեր ընտանիքում լավ արաղ քաշելը ցեղական ա, ես էլ տղուս եմ սովորեցնելու։

Օղի քաշելու արարողությունն ընդհանրապես մեծ իրարանցում է առաջացնում հարևան տղամարդկանց շրջանում: Ովքեր հասցնում են տեսնել Գևորգին` սարքը հավաքելիս, արդեն ձեռքերը իրար շփելով սպասում են ծիրանի հասնելուն: Երբ ծիրանն արդեն մի քիչ քաղցրանում է, բուն նախապատրաստական աշխատանքները սկսվում են` պետք է ցախերը հավաքել ու ձեռքի տակ հարմար դասավորել, սարքի ամրությունը վերջնական ստուգել, օղու համար նախատեսված մեծ տարաները լվանալ ու նորից ձեռքի տակ պահել և վերջում, իհարկե, մի քանի փոքր բաժակ տանից բերել ու դնել կողքին, որովհետև տարիների փորձից Գևորգը գիտի` սկսելուն պես հարևաններն ու ընկերները կհավաքվեն` մի-մի բաժակ խմելու ու օղին փորձելու:

Ծիրանը հասնում է, բայց մինչև օղի դառնալը դեռ ճանապարհ ունի անցնելու։ Գևորգը ծիրանը հավաքում է, կորիզներից մաքրում, կորիզները լվանում ու փռում արևին։ Երեխեքը սիրում են ամբողջ բակը կեղև անելով ուտել չորացած կորիզները։ Կորիզազրկված ծիրանը լցնում է մեծ տարաները ու սպասում, մինչև ամբողջությամբ պատրաստ կլինի` դառնալու առիթների ժամանակ իր ու ընկերների սեղանի անբաժան մասը: Իսկ արդեն օղին քաշելու իսկական գործընթացը սկվում է, երբ ծիրանը, սարքը և հարևանները վերջնականապես պատրաստ են լինում.

-Դե լից, լից մի բաժակ խմենք, փորձենք,- առաջինը սկսում է Արթուրը, որ օղիներից գլուխ է հանում ու հենց Գևորգն էլ նրա կարծիքն է հիմնականում հաշվի առնում:

Բայց հո բոլորն էլ գիտեն, որ միայն մեկ անգամ քաշած օղին դեռ որոշակի համ, հոտ ունի, որոնք վերանում ու մաքրվում են երկրորդ անգամ քաշելուց հետո:

Մինչ Արթուրը փորձագետի հայացքով զննում է օղին, Գևորգը ուշադիր հետևում է, որ հանկարծ կրակը չհանգչի, թորված օղին այնքան չլցվի, որ բարձրանա ու թափվի, ու ընդհանրապես, Գևորգի գործը հեշտ չէ, որովհետև նա իր կատարած ցանկացած գործին լրջությամբ է մոտենում, օղի քաշելուն՝ առավել ևս, հեշտ չէ օրվա շոգ պահին անընդհատ հետևել կրակին, արագ գնալ գոմ, կենդանիներին ջուր հասցնել, մի քանի գործ անել դաշտում ու նորից արագ վազել դեպի օղին։ Հեշտ չէ, բայց Գևորգը հասցնում է, չի բողոքում, ասում է, որ հիմա մի քիչ կտանջվի, բայց ձմռանը ամեն ինչ իր տեղում կլինի:

Օղին քաշելու երկրորդ կամ երրորդ օրն արդեն օջախից մի փոքր հեռու փոքրիկ սեղան է հայտնվում՝ վրան հիմնականում մի քանի օղու բաժակ, պանիր, հաց ու կանաչի, լոլիկն էլ հենց կողքին է` այգում, ցանկացած պահի, երբ ինչ-որ մեկը գալիս է, Գևորգն արագ մտնում է այգի, քաղում ու հպարտությամբ կտրատում իր աճեցրած քաղցր լոլիկը: Սեղանի շուրջ միշտ տղամարդիկ են հավաքված, երեխեքն էլ սարքի կողքերը վազվզում են, Գևորգը բարկանում է.

-Շան լակոտներ, կամաց, ձեզ մի վնաս կտաք, արաղս էլ հարամ կանեք։

Բայց երեխեքը շարունակում են վազվզել, տղամարդիկ՝ խմել, երեխեքը հոգնում են վազվզելուց, տղամարդիկ խմելուց՝ երբեք։ Օղին քաշելու վերջին օրն արդեն բոլորով են հավաքվում Գևորգին շնորհավորելու ու մի կտոր հաց ուտելու։

Վերջապես օղին հասնում է նկուղ, բայց երկար էլ չի մնում, որովհետև Գևորգի օղին լավն է, իսկ հաճախորդները՝ շատ։

SOna zakaryan

Համալսարանական կյանքը առջևում է

«Ընդունվել եմ», «Ուռա՜, ընդունվել եմ», «Վերջապե՜ս», «Համալսարա՜ն, սպասի՛ր ինձ, գալիս եմ»:

Երեկվանից սոցիալական ցանցերը ողողված են նման արտահայտություններով: Բուհերում ընդունելության արդյունքները պաշտոնապես հայտարարել են: Բոլոր ընդունվողները շատ ոգևորված են և անհամբեր սպասում են համալսարանական կյանքին: Ինչպես միշտ, շատ «փորձառու» ուսանողներ ոգևորում կամ փորձում են հիասթափեցնել համալսարան ընդունվածներին:

Դրական կարծիքներ. «Ընտիր տեղ ես ընդունվել», «Շատ հավես ա անցնելու», «Լավագույն տարիները առջևում են»:

Բացասական կարծիքներ. «Է՜հ, հլը շատ բան չեք հասկանում», «Շատ մի՛ ոգևորվեք», «Հլը ինչքա՜ն եք հիասթափվելու»:

Այնուամենայնիվ, դիմորդների մեծ մասը շատ լավ է տրամադրված: Դիմորդներից յուրաքանչյուրն էլ շատ նպատակներ ունի համալսարանի հետ կապված, և բոլորն էլ հուսով են, որ իրենց սպասելիքները կարդարանան: Ես նույնպես մտնում եմ այդ բոլորի մեջ:

Թեև Հայաստանի կրթական համակարգը մի շարք թերություններ ունի, թեև ուսանողները մեծ մասամբ դժգոհ են կրթությունից, բայց պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրն իր փորձի հիման վրա է դատողություն անում: Եվ եթե ինչ-որ մեկը դժգոհում է, կամ ինչ-որ բաներ չի կարողացել, պետք չէ դա վերագրել ինքներս մեզ ու դեռ համալսարանում չսովորած՝ հիասթափվել: Յուրաքանչյուր համալսարան էլ ունի իր առավելություններն ու թերությունները: Չեմ սիրում, երբ մի համալսարանում սովորողները դժգոհում են մյուս համալսարաններից ու հայտարարում, որ իրենց համալսարանն է ամենալավը: Կամ ասում, որ տվյալ համալսարանում իրենց ոչ մի գիտելիք չեն տա: Մարդիկ առաջնորդվում են ինչ-որ կարծրատիպերով կամ էլ ոմանց փուչ խոսքերով:

Ես չեմ ասում, որ բոլոր համալսարաններում ամեն ինչ իդեալական է և չեմ էլ կարող ինչ-որ անտեղի հայտարարություններ անել, եթե տվյալ համալսարանում չեմ սովորել: Ուղղակի կարծում եմ, որ մեր համալսարանական «փորձը» ավելի շատ մեզնից է կախված ու մեր մտածելակերպից: Եթե մենք լավ ենք տրամադրված, սովորելու մեծ ցանկություն ունենք, պարտաստ ենք պայքարել անարդարության դեմ, ինչքանով որ կարող ենք, և պարտաստ ենք պաշտպանելու մեր իրավունքները, ուրեմն կարող ենք օրինակելի ուսանող լինել ու շատ լավ համալսարանական փորձ ունենալ: Հիասթափություններ բնականաբար կլինեն, որովհետև կյանքում ոչինչ հարթ չի ընթանում, այդ թվում նաև համալսարանական կյանքը, բայց հավատացած եմ, որ հիասթափություններն էլ կօգնեն բոլորիս, որ շատ բաներ հասկանանք ու առաջ շարժվենք: Եկե՛ք ուղղակի չհամեմատենք համալսարանները` ասելով, որ այսինչ համալսարանը լավն է կամ վատը: Եվ վերջապես, ինչ կարևոր է, թե որ համալսարանում կսովորես, կարևորը քո ուզած մասնագիտությամբ սովորելն ու լավ մասնագետ դառնալն է: Իսկ լավ մասնագետ ցանկացած համալսարան ավարտելով էլ կարելի է դառնալ, եթե աշխատասեր ես, պատրաստակամ ու պատասխանատու:

Ուղղակի եկեք աշախատենք ինքներս մեզ վրա ու ցանկացած իրավիճակում սխալը առաջին հերթին մեր մեջ փնտրենք, եկե՛ք լավ տրամադրվենք, դրական լինենք ու փորձենք հաղթահարել մեր առջև եղած բոլոր դժվարությունները:

Սև ծով, Քոբուլեթի, Վրաստան

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Ամառային շոգ ու կրակին դիմակայելու համար, ահա, մարդիկս հանգստի տարբեր հարմար վայրեր ու ձևեր ենք փնտրում: Հարևան երկրի ծովը չափչփելու ձևն էլ դարձավ իմ ու ընտանիքիս այս տարվա ընտրությունը:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Սև ծով, Քոբուլեթի, Վրաստան:

Մեզ Սոմխեթի կոչող ու խաչապուրիների հայրենիք հանդիսացող այս երկրի մասին շատ-շատ եմ լսել, քոլեջի լավագույն ընկերուհիներիցս մեկն էլ վրացի էր, միայն նրան ճանաչելով՝ արդեն սիրում էի վրացիներին:

Բավականին երկար (13 ժամ, Կապան-Երևանը՝ չհաշված) ճանապարհ անցնելուց հետո հասանք: Հուլիսյան շոգը Թբիլիսիում փարատվում էր հորդառատ անձրևով, բայց բարեբախտաբար Քոբուլեթիում արևոտ էր, դե, ծովը արևով է, չէ՞ գեղեցիկ…

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Իմ՝ զբոսաշրջիկիս սերը դեպի նոր քաղաքներ չէր կարող մոտակա Բաթումի այցելելը ձեռքից բաց թողնել: Հենց Բաթումիի ճանապարհին էլ հանդիպեցի իմ նոր ընկերոջը:

-Դանիել, բա դպրոցում սիրելի առարկադ ո՞րն է:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

-Հեսա որ անցնեմ, կլինի ֆիզիկան։

-Բա որ չես անցնում, ո՞նց ես էդքան վստահ, որ ամենասիրելին կլինի:

-Ես որ մի բան ասում եմ, ուրեմն գիտեմ:

Դանիելն իր ծնողների հետ մեզ հետ հենց նույն ավտոբուսով եկել էր Վրաստան, նույն հյուրանոցում էինք բոլորով ու էդպես որոշեցինք միասին այցելել Բաթումի:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

-Բա դու որտե՞ղ ես ապրում:

-Պարույր Սևակի Սիթին գիտես, չէ՞։

-Ըըը, չէ…

-Ո՞նց, լուրջ Սևակի Սիթին չգիտե՞ս։

-Դե, Սևակից լիքը բան գիտեմ, բայց Սիթին՝ չէ։ Երևանից չեմ։

-Բա որտեղի՞ց ես։

Դանիելն ընդամենը 12 տարեկան էր, ու իր պատկերացումներով միջին վիճակագրական մարդը պիտի անպայման իմանար Պարույր Սևակի Սիթին, ու գուցե նա չիմանար կամ չհիշեր Կապանի մասին, ուստի…

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

-Դու Սյունիքը գիտե՞ս։

-Սյունիքը ո՞վ չգիտի:

-Վայ, դե տես, ես Կապանից եմ, Սյունիքի մարզկենտրոնն ա:

-Հաա, հասկացա:

«Սյունիքը ո՞վ չգիտի» ասելուց հետո, ու համ էլ մինչև էդ, Դանիելը դարձավ իմ լավագույն ընկերը Վրաստանում ու, որ ավելի կարևոր է՝ իմ լուսանկարիչը Բաթումիում:

-Բա ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս:

-Ծրագրավորող:

-Հաստատ որոշե՞լ ես արդեն:

-Հա, հարյուր տոկոս:

-Բա ինչի՞ հենց ծրագրավորող:

-Ես գիտե՞ս ինչ լավ եմ հեռախոսներից, կարամ կոդդ միանգամից ջարդեմ ու տենց լիքը բաներ անեմ:

-Աա, պարզ ա, հասկացա…

Դե, մեր ժամանակ հեռախոսները հիմնականում կոդեր չունեին, ուստի ապագա ծրագրավորողներից հավանաբար քիչ ավելին կպահանջվեր մասնագիտական հմտություններ դրսևորելու համար: Մեր ժամանակ, տարիքն առած ու ծերացած մարդու նման խոսել չթվա, նկատի ունեմ՝ երբ մենք էինք 12 տարեկան, մի 5 տարի առաջ:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

-Կգա՞ս իրար հետ էն բարձր կարուսելը նստենք:

-Եսիմ, հա՞ որ:

-Մաման վախում ա, ինձ էլ չի թողնում մենակ, արի իրար հետ նստենք, համ էլ ես քեզ կնկարեմ:

-Օքեյ:

-Էլ օքեյ չասես, հա՞:

-Բա ի՞նչ ասեմ, լա՞վ:

-Չէ, ասա՝ օկ, հիմա ո՞վ ա օքեյ ասում:

-Օքեյ, վայ, կներես, օկ:

Ես ծիծաղում էի էն լրջության վրա, որով Դանիելը նյարդայնանում էր իմ «օքեյ»-ի՝ ոչ ժամանակակից լինելու վրա, բայց միևնույն ժամանակ գիտակցում, որ իր տարիքում ես ու իմ հասակակիցներն իսկապես բավարարվել ենք մեր միշտ արդիական ու չկրկնվող «լավ»-ով:

Ինչը վերաբերում է Վրաստանին, սիրուն երկիր է, ամենակարևորը՝ ծովով… Մի տեսակ հասցրել էի կարոտել ծովն արդեն։ Իսկ ծովի վրայով օդապարիկներով թռչող մարդկանց տեսնելիս ծնվում է հավատը դեպի երազանքներ, դեպի իրականությունից հեռու, բայց իրականության մի մասը կազմող հեքիաթներ…

Մի օր ես էլ կթռչեմ, առանց ինքնաթիռների, երկնքի հետ դեմ առ դեմ…

Տրամաբանական ավարտ

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

«Մեր հաղորդումը մոտեցավ իր տրամաբանական ավարտին»,- սիրում են ասել հաղորդավարները, ու ես երբեք չեմ կարողանում հասկանալ, թե որն է այդ տրամաբանական ավարտը: Ինչպե՞ս այն կարելի է տարբերել սովորական ավարտից: Կամ կա՞ արդյոք անտրամաբանական ավարտ: Ինչո՞ւ, օրինակ, հաղորդումը սկսելիս ոչ ոք չի ասում, որ «մեր հաղորդումը մոտեցել է իր տրամաբանական սկզբին»: Իսկ ինչո՞ւ, օրինակ, հաղորդումները երբեք չեն մոտենում իրենց սոցիոփիլիսոփայական, կամ, ասենք, նիհիլիստիկ-էվոլյուցիոն ավարտին:

Որտեղի՞ց է սկիզբ առել այս եթերային չարիքը: Ովքե՞ր են այս սոփեստական զառանցանքի մեղավորները: Հուսով եմ` նրանց գործունեությունը հեռուստատեսությունում մոտեցե՞լ է իր տրամաբանական ավարտին:

Հետաքրքիրն այն է, որ գրեթե բոլոր հաղորդավարները օգտագործում են այս արտահայտությունը, երբ վերջացնում են իրենց հաղորդումները, բայց չեմ կարծում, թե նրանցից որևէ մեկին երբևէ հուզել է այդ նախադասության անիմաստությունը: Նրանցից շատերին բացարձակապես չի հուզում նույնիսկ ամբողջ իրենց հաղորդման բացարձակ անիմաստությունը, իսկ ես ինչ-որ նախադասություններից եմ խոսում:

Մյուս կողմից, իհարկե, հասկանալի է. ո՞վ է ուզում իր հաղորդումն ավարտել հասարակ, ճղճիմ, ձանձրալի ու տափակ «մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին» կամ «մեր հաղորդումը վերջացավ» արտահայտությամբ: Ես նույնիսկ տեսնում եմ, թե ինչպես են հեռուստադիտողները հիասթափված բղավում «բու-ու-ու», աղջիկները ծամածռում են քթերը` «ֆու-ու, անճաշակ», կամ «այ քեզ գեղացի, յախք», բարձր մտավորականները, ճոճելով բերետները, պնդում են, որ դա «պրիմիտիվ է, կանխատեսելի, գավառական, ֆի»:

Իսկ «տրամաբանական ավարտը» խելացի է հնչում, ընդհանրապես` երբ հաճախ ես ասում «տրամաբանական», դառնում ես խելացի, զարգացած, ժամանակակից, չէ՞ որ դա ինչ-որ խելացի բառ է, հնչում է վեհ ու հանելուկային: Բավական է հաղորդման վերջում շրջվես դեպի տեսախցիկը` ուղղելով քո հիփսթեր-ակնոցը, որը նույնպես դնում ես ինտելեկտուալ շղարշն ապահովելու համար, ու արտասանես կախարդական «դե ինչ, իսկ մեր հաղորդումը մոտեցավ իր տրամաբանական ավարտին» նախադասությունը, իսկ ցանկալի է նաև մատդ Էլվիսի պես ուղղես դեպի տեսախցիկը, և վերջ, դու դեմք ես, եթերի արքան, չէ՞ որ դու գիտես «տրամաբական» բառը, իսկ եթե հաղորդման ընթացքում հասցրել ես օգտագործել նաև «կոնցեպտուալ», «էքսպերիմենտալ» և «սյուռ» բառերը (ցանկացած հերթականությամբ, թեկուզ իրար հետևից), քո հեռուստակարիերան մոտենում է իր վերելքին:

Այս մասին դեռ շատ բան կարելի էր ասել, բայց իմ ժամանակը, ցավոք, մոտեցավ իր տրամաբանական ավարտին:

anna  andreasyan

Մեզ առանձնացնող սովորությունները

Տարբեր մշակույթների ու ազգերի ներկայացուցիչների հետ ծանոթանալու դրական կողմերից մեկն էլ այն է, որ կարողանում ես քո մշակույթին կողքից նայել, այն նույն ձևով, ինչպես երկրորդ լեզու սովորելուց հետո մայրենի լեզուդ էլ ես սկսում որպես լեզու դիտարկել: Պատճառն այն է, որ երբ մի բան քոնն է, չես կարողանում անաչառորեն վերլուծել այն: Հաճախ, երբ տարբեր առիթներով քննարկվում են ժողովուրդների մշակութային տարբերությունները, մի տեսակ բացասական երանգ են հաղորդում թեմային: Բայց կարծում եմ՝ այդ տարբերություններն էլ իրենց գեղեցկությունը ու արժեքը ունեն:

Մեր առօրյայում տեղ գտած շատ սովորություններ կան, որ մեզ թվում է՝ ամբողջ աշխարհում նույնն է, բայց դա իհարկե այդպես չէ, համենայնդեպս, ոչ բոլոր դեպքերում: Իհարկե, մեզ բնորոշող շատ առանձնահատկություններ կան, բայց այսօր այս մի քանի օրինակը բերեմ, որ կարծում եմ՝ սովորաբար չի նկատվում:

Օրինակ՝ մեզ՝ հայերիս համար սուրճ խմելը նույն իմաստը չունի, ինչ արևմտյան ժողովուրդների համար: Հիմա կասեք՝ սուրճ խմելու իմաստը որն է: Ասեմ: Երբ մի հայ մյուսին հրավիրում է սուրճ խմելու, դա իրենից մի ամբողջ «արարողակարգ» է ենթադրում: Մի ամբողջ աղանդերի սեղան է պատրաստվում, հավաքվում են հիմնականում կանայք ու սկսում են քննարկել աշխարհի բոլոր-բոլոր թեմաները (ամեն մեկը՝ ըստ իր մտքի կարողության ու հետաքրքրության): Դե վերջում էլ, եթե խմբում «բաժակ նայող» կա, իր ուժերն է փորձում ոչ այնքան նրա համար, որ բոլորը հավատում են նման բաների, այլ ուղղակի արդեն սովորություն է դարձել, ժամանակ անցկացնելու մի ձև է: Այստեղից երևում է, որ մեկին սուրճի հրավիրելը ամենևին էլ սուրճ խմելու մասին չէ, դու կարող է ինձ նման թեյի սիրահար լինել, բայց քեզ տուն հրավիրելուց միևնույն է ասում են՝ գնանք սուրճ խմենք:

Մի ուրիշ օրինակ էլ հացն է: Մեզ մոտ հացը և՛ նշանակում է ուտելիք, և՛ հենց ինքը հաց: Այստեղից, օրինակ, կարող ենք տեսնել, թե մեր մշակույթում ինչ մեծ դեր ունի հացը: Առանց հացի հայերը սեղան չեն նստում, այն համարվում է սեղանի տարրական ու գլխավոր մասը: Իսկ օրինակ արևմտյան երկրներում, հացի ներկա լինել-չլինելը առանձնապես դեր չի խաղում: Սա իհարկե, մասնագիտական խոր վերլուծություն պահանջող թեմա է, որի մասին ես ուղղակի որպես կողքից նայող եմ խոսում:

Այս վերջին օրինակս ամերիկացիների մոտ էլ եմ նկատել, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, մեզ շատ բնորոշ է: Երբ ինչ-որ տեղ հյուր ենք գնում և վերջում արդեն վեր ենք կենում տուն գնալու, այնքան էլ հեշտությամբ չենք անում դա: Փոքր ժամանակ, երբ մի տեղ էինք գնում ու մեծերը արդեն ոտքի էին կանգնում՝ գնալու, ես նստած էի մնում, որովհետև գիտեի, որ ոտքի կանգնելը դեռ գնալը չէ, նրանք պետք է մի կես ժամ էլ մուտքի մոտ զրուցեին: Ու ես նստած սպասում էի այնքան, մինչև հավաստիանում էի, որ այս անգամ իսկապես գնում ենք, նոր վեր էի կենում: Իհարկե, հիմա ինքս էլ եմ հաճախ այդպես վարվում, դե, սովորության հարց է:

Իսկ այս նյութի վերջաբանը մուտքի մոտ կասեմ: Տեղիցս վեր եմ կացել, բայց սովորության համաձայն՝ դեռ չեմ վերջացրել:

aneta baghdasaryan

Երկու այրված և մեկ ֆրանսահայ

Հուլիսի 12-ին, ժամը՝ 14։06, երեք երիտասարդ՝ ես, Գ-ն և Խ-ն, արևի և հոգնածության մասին մոռացած՝ քայլում էինք Հանրապետության հրապարակով դեպի Փակ շուկա։ Այս եռյակը վերջին անգամ լրիվ կազմով այսպես քայլել է ուղիղ մեկ տարի առաջ։ «Լավ միտք չէ այս ժամին տանից դուրս գալը»,- մտածեցի ես, բայց արդեն ուշ էր․ արևի ուղիղ ճառագայթները այրում էին մեր երկուսի դեմքն ու ձեռքերը՝ անտեսելով երրորդին։ Կարծես գիտեին, որ Հայաստան է եկել կարճ ժամանակով և չէին ցանկանում վատ տպավորություն թողնել նրա վրա։ Կողքից նայողներից և ոչ մեկը երբեք չէր կարողանա գուշակել, թե ուր էինք գնում։

Հասանք նշված վայր՝ Փակ շուկայի դիմացը, որտեղ էլ պարզվեց, որ մեզ հարկավոր են խաչմերուկի մոտ կանգնած մեքենաները։ Հայ տաքսիստին բնորոշ հագուկապով և արտաքինով մի շարք տղամարդկանց Էջմիածին գնալու համար հարց ու փորձ անելու ժամանակ նրանցից ամենաժիրն ու կենսուրախն ասաց․

-Եկեք, երեխեք ջան, էն մեքենան նստեք, ես ձեզ կտանեմ։

-Ինչքա՞ն ժամանակում կհասնենք։

-Եթե ցունամի, փոթորիկ, երկրաշարժ, վայրի ցեղերի հարձակում․․․

Այդ շարքն այդպես էլ չավարտեց և չասաց, թե մոտավոր երբ կհասնենք Էջմիածին։

-Բա որտեղի՞ց ա մեր ախպերը։

-Ֆրանսիայից ա։

-Հայերեն հասկանո՞ւմ ա։

-Մի գիչ հասկանում եմ։

-Որ դանդաղ ենք խոսում, հասկանում ա։

-Անունդ ի՞նչ ա։

-Քսավյե։

-Ի՞նչ։

-Քսավյե։

Վարորդի համար այդ անհասկանալի տառակույտը ընդհանրապես չէր ընկալվում որպես անուն։ Դրա համար, դիմելով իր հնարամտությանը՝ Քսավյեն ասաց․

-Խավիար, անունս Խավիար ա։

-Խավիա՞ր, հորոխպորդ տղու անունն էլ Խորոված ա երևի։

Պետք էր տեսնել այդ պահին Քսավյեի (այսուհետ՝ Խավիար) դեմքը, երբ պապին ինքն իր կատակի վրա սկսեց լիաթոք ծիծաղել, իսկ մենք երկուսով՝ իր ծիծաղելու վրա։

-Նայի, էս կլոր ա, կլոր,- ձեռքերով կլոր է ցույց տալիս,- էս էլ քառակուսի ա։

-Կարծում եմ՝ չի հասկանում,- հազիվ ծիծաղը զսպելով ասաց Գ-ն։

-Լավ գործ եք անում, երեխեք ջան, տարեք, ցույց տվեք, պատմեք ամեն ինչ։ Տղա ջան, բա քանի՞ տարեկան ես։

-Գըսաներգու։

-Հա՞յ ես։

-Ֆրանսահայ։

-Հա, ես միանգամից հասկացա, որ հայ ա։

-Որտեղի՞ց հասկացաք։

-Գանգի ձևից, հայերի գանգը միշտ տարբերվել ա աշխարհի մնացած ազգերի գանգից։

Խոսակցությունը գնալով էլ ավելի տարօրինակ էր դառնում․ Խավիարը, ով գրեթե բան չէր հասկանում, և ես ու Գ-ն, «լուրջ» դեմքերով և հազիվ ծիծաղները զսպելով, փորձում էինք հասկանալ վարորդի ասածը։

-Հայերի գանգի ոսկորները զույգով են, ամեն մեկից երկու հատ կա, իսկ մնացած ազգերինը մի-մի հատով ա։ Թարգմանեք էս իրան, անպայման թարգմանեք։

Զվարճալի էր տեսնել այս ամենը լսող օսթեոպատի դեմքը։ Իսկ պապին չէր հանձնվում․

-Մի ճապոնացի ալպինիստ էր եկել Հայաստան, Արագածի ստորոտներում գանգ էր գտել ու տարել էր հետը Ճապոնիա՝ ուսումնասիրելու։ Հետո պարզվեց՝ հայի գանգ էր։ Թարգմանեք դե էսքանը իրան։

-Բա հետո՞,- հարցրեց պատմության կուլմինացիային սպասող Խավիարը։

-Այսքանը։

Ավաղ, ճապոնացու մասին պատմությունն ավարտվեց առանց կուլմինացիայի։

-Ըհը, երեխեք ջան, հասանք։ Էս Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ա։ Սենց ուղիղ կգնաք, երկրորդ խաչմերուկից կթեքվեք ձախ, Էջմիածինը կտեսնեք ու Սուրբ Գայանեն։

Արևն այստեղ ավելի ուժեղ էր այրում ինձ ու Գ-ին՝ կրկին անտեսելով Խավիարին։ Էջմիածնի գրեթե բոլոր ցայտաղբյուրներից ջուր ենք խմել և հասցրել միմյանց ջրել, գոնե մի փոքր հովանալու համար։ Չխուսափեցի նաև այս երկուսի վեճերից․ ինչ մեկ տարի առաջ, ինչ հիմա, կատակով, բայց մեծ խանդավառությամբ միմյանց «ավանակ, հիմար և տզրուկ» էին անվանում, իսկ ես էլ պետք է դատեի, թե ով է այդ մենամարտի հաղթողը։ Այս ամենից հետո լեզուս էլ չի պտտվում մեզ մեծ մարդ անվանել։

Սուրբ Գայանեի եկեղեցին այդքան էլ մոտ չէր, որքան նկարագրում էր վարորդը, դե, համենայնդեպս, երեքս այդպես չէինք կարծում։ Նույնիսկ քամին էր տաք և այրող։ Որպեսզի չկորչեինք, օգտվում էինք նավիգատորից, բայց ինքներս մեզ և քարտեզին լիովին չվստահելով՝ խաչմերուկը մեկ անցորդներից ճանապարհ էինք հարցնում։ Վերջապես հասանք Էջմիածնի Մայր տաճարին, որը մինչև 2020 թվականը վերանորոգվելու է։ Եվ չնայած նրան, որ վանքը ամբողջովին շրջապատված էր ամրացնող կառույցով և շինարարական մեքենաներով, զբոսաշրջիկները, միևնույնն է, այն նկարում և նկարվում էին դրա մոտ՝ ապշելով կառույցի գեղեցկությունից։

Սուրբ Գայանե եկեղեցին արդեն երևում էր, բայց դեռ երկար պետք է քայլեինք։

Ում համար լավ, իսկ ում համար վատ ժամանակ էինք ընտրել այստեղ գալու համար․ հարսանիքների և կնունքների սեզոն էր։ Ամենուրեք գետնին վարդի թերթիկներ էին, վիդեո և լուսանկարիչներ, անհարմար զգեստներով կանայք, այս շոգին ստիպված կոստյում հագած տղամարդիկ, մեքենաներ և այլ հարսանեկան արարողության համար անհրաժեշտ ատրիբուտներ։

Պարզվեց՝ Խավիարը բավականին ամաչկոտ երիտասարդ է, և հրաժարվեց այսքան մարդկանց հետ միասին ներս մտնել եկեղեցի։

-Սպասենք գնան, նոր,- ասաց նա։

Եվ այսպես՝ ես, Գ-ն և Խավիարը նստած էինք եկեղեցու բակում և նայում այդ խառնաշփոթին, որը հարսանիք է կոչվում, երբ մեր ուղղությամբ քայլեց հարսանեկան զույգն ու լուսանկարիչը։ Տեսարանը նոր էր միայն Խավիարի համար։ Մանկական հետաքրքրությամբ էր նայում այս ամենին, մենք էլ կատակում էինք, որ ամեն ինչ կանենք, որ իր հարսանիքն էլ այսպես անցնի։

-Ժողովուրդ պատրա՞ստ եք։ Հաշվում եմ մինչև երեքը ու աղունիկներին թռցնում եք։ Մեկ, երկու, երեք․․․

Չորս, հինգ, վեց, անձրև սկսվեց։ Եվ եթե հարսն անհանգստանում էր իր սանրվածքի համար, ապա ես ու Գ-ն միայն ուրախացանք անձրևի սառը կաթիլներից։

-Ֆրանսիայում ասում են, որ եթե հարսանիքին անձրև է գալիս, ուրեմն երջանիկ եք լինելու (mariage pluvieux, mariage heureux)։

Խավիարի այս խոսքերի վրա սկսվեց աննկարագրելի ուժեղ փոթորիկ, և մինչև հասցրինք վազել դեպի եկեղեցի, երեքով լրիվ թրջվել էինք։ Սակայն իմ ու Գ-ի ուրախությունը կարճ տևեց․ անձրևի ավարտվելուն պես դուրս եկավ արևն, ու գետնից սկսեց գոլորշի բարձրանալ՝ կրկին այրելով ամեն ինչ՝ բացի Խավիարից։

Տուն գնալու ժամանակն էր արդեն։ Նորից դիմեցինք տեղացիների օգնությանը և գտանք տաքսիների կայանման վայրը։ Արդեն Երևանի ճանապարհին ենք։

Պլանավորածից լրիվ տարբերվող օր անցկացրինք, այրվեցինք, ունեցանք լոլիկի նմանվող դեմքեր, ջրվեցինք, չորացանք, նորից ջրվեցինք, ծիծաղացինք ինքներս մեզ վրա։ Այս օրվանից հուշ մնացին միայն իմ ու Գ-ի այրված դեմքերը և Խավիարի ֆեյսբուքյան էջի նոր գլխավոր նկարը։

Հիշողություններ քառօրյա պատերազմից

Ապրիլյան քառօրյա մարտերի մասնակից, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի բնակիչ Գարիկ Ամիրյանը բանակ զորակոչվել է 2016 թվականի հունվարի 18-ին։ Ծառայել է Մատաղիսում՝ կրտսեր սերժանտ կոչումով։ Քառօրյա պատերազմի սկզբից մինչև ավարտը եղել է նախ Մատաղիսի, ապա Թալիշի դիրքերում։

-Ապրիլի 1-ի գիշերը` ժամը մոտ 2:30-ին, Թալիշում սկսվեցին կրակոցները,- պատմում է Գարիկը,- ապրիլի 2-ին զորամասից մեզ տարան թաքստոցներ, երկու օր հետո, գիշերով, թշնամու համար աննկատ, կարճ ճանապարհներով գնացինք Թալիշ, որտեղ երկրորդ գծում պաշտպանությունն իրականացնելուց բացի՝ նաև առաջին գծում ինժեներական աշխատանքներ ենք կատարել։ Ռմբակոծվում էին հրամանատարական շենքերը, մեր թաքստոցները, ուսումնական գումարտակը, բատալյոնները։ Առաջին օրվանից մեզ միացան կամավորները, որոնց թվում նաև գավառցիներ էին։ Սկզբում բոլորս խուճապահար էինք, վախենում էինք, որովհետև մեր ապրելու հավանականությունը գրեթե 20% էր, ու երբ հասկանում ես, որ գուցե մեռնես, միշտ գերադասում ես առանց վախենալու մեռնել։ Մահը հանկարծակի է գալիս, անկոչ հյուրի նման գալիս է ու հաճախ տանում մտերիմ դարձած զինակից ընկերներիդ, և ամեն անգամ նման դեպքեր հիշելիս՝ ակամա շունչդ կտրվում է, իսկ ողջ ընթացքում քեզ ուղեկցող տագնապն ու գիտակցումը, որ քեզ տանը սպասում են, ստիպում են ամեն գնով ապրել։

-Երբ լուրերով լսեցինք, որ հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակ է, ես ու ամուսինս տեղներս չէինք գտնում,- ասում է Գարիկի մայրը,- ամեն րոպե համացանցով հետևում էինք դեպքերի զարգացմանը։ Ամուսինս սկզբում ուզում էր կամավորների հետ Ղարաբաղ գնալ, բայց համոզեցինք, որ մնա ու պետք եղած դեպքում անհրաժեշտ իրեր հասցնի։ Քառօրյա պատերազմի ընթացքում սպաները իրենց հեռախոսներով թույլատրում էին հաճախակի զանգել տուն։ Զրույցների ժամանակ ամուսինս գլխի ընկավ, որ ջրի պակասություն կա, ու որոշեց ջուր հասցնել։

Հիշողություններով տարված` Գարիկը շարունակում է.

-Քանի որ ամբողջ օրը թշնամին կրակում էր, մեքենաներով ջուր, սնունդ հաջողվում էր միայն գիշերվա ընթացքում հասցնել։ Իսկ մեկ մեքենայով բերված ջուրը պետք էր բաժանել 4 վաշտերի միջև։ Օրվա ընթացքում մեկ բաժակ ջրով բավարարվում էինք։ Փոքր տարիքում պապիցս սովորել էի, որ փշի որոշ տեսակներ, դորդոփի թուփը իր մեջ ջուր է պարունակում, և ուտելով՝ կարող ես ծարավը հագեցնել, այդ կերպ փորձեցինք ես ու ընկերներս, իսկ քաղաքներից եկած զինվորները հրաժարվեցին՝ վախենալով թունավորվել։

Ապրիլի 2-ին վիրավորվել էր մեր բուժակը, ու վիրավորներ ունենալու դեպքում մեկս մյուսին մեր իմացածի չափով առաջին օգնություն էինք ցույց տալիս։ Քանի որ մայրս բուժքույր է, ես բավականին լավ եմ տիրապետում առաջին բուժօգնության կանոններին։ Նման դեպքերում հասկանում ես, որ մարդասիրությունն ու հայրենասիրությունը միշտ փոխկապակցված են։

Ծառայությունն ավարտելուց հետո Գարիկ Ամիրյանը կրթությունը շարունակում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, սակայն ի տարբերություն իր մարտական ընկերներից շատերի՝ չի օգտվում քառօրյայի մասնակիցներին տրված ուսման վարձի 50% զեղչման արտոնություններից, քանի որ նրա զինգրքույկում մարտական հերթապահությունից բացի՝ նշված չէ քառօրյայի մասնակցի կարգավիճակը։

Գարիկը կարծում է, որ հայրենասիրությունը երեխայի մեջ պետք է սերմանվի շատ վաղ հասակից, որպեսզի տարիներ հետո հայրենիքի պաշտանությունը ոչ թե պարտականություն, այլ փոքր ներդրում համարի իր հայրենիքի հզորացման գործում։

hayk qalantaryan

Հին արահետներով

Ողջույն: Արդեն 5-րդ ամիսն է, ինչ ուսումս շարունակում եմ Գերմանիայում ու վերջապես հավաքեցի համարձակություն, որ ինքս ինձ հետ անկեղծանալուց ու մտքերիս մեջ իմ զգացումները դաջելուց բացի՝ անկեղծանամ նաև գրելով՝ առանց վախենալու, որ կսխալվեմ ինքնաարտահայտման անթափանց դրսևորումների մեջ ու կմնամ չհասկացված (կամ էլ` չկարդացված) մի թղթակից կամ կոչենք այնպես, ինչպես որ կկամենանք:

Գիտակցական տարիքից սկսած՝ ինքս ինձ ուժեղ դարձնելուց ու ինքնատրամադրումից, որ ես պետք է միշտ լինեմ ամուր ու անհողդողդ ինքնադրսևորման ու պայքարների բոլոր ասպարեզներում՝ ես Հայաստանից դուրս գալուց ընդամենը շաբաթներ անց պարտվեցի: Ես պարտվեցի ոչ թե այն բանի համար, որ ես չկարողացա հաղթահարել կարոտս ու մենակության հետ ճանապարհ ընկա, այլ որովհետև իմ՝ տարիների պայքարը ինքնաամրապնդման համար մի րոպեում ոչնչացավ ու ես հասկացա, որ զրոյից սկսել է պետք…

Երբեք չեմ վախեցել զրոյից սկսելուց, բայց էստեղ ինձ պետք էր նախ զրոյին մոտենալ մինուսների կողմից, այնուհետև շարունակել շարժս դրականների առանցքով: Ես կարող եմ ժամերով խոսել դրսում լինելու ուրախ ու անմոռաց հավես օրերից, կարծում եմ՝ դա բոլորն էլ գիտեն ու պատկերացնում են, բայց քչերն են փորձում պատկերացնել մարդկանց իրական «ես»-ի տատանումները, երբ նրանք հեռու են ամեն ինչից:

Բարևիդ բարև ասող չկա, «հալլո», «հելլո», «հայ» բառերն են, որոնք շպրտվում են երեսիդ՝ հիշեցնելով, որ դու քո մայրենիով չես խոսում հիմա: Հայերի ու ընկերներիդ ջերմ ու հոգատար դեմքերը փոխարինվում են սառած հայացքներով, որոնք երբմեն-երբեմն նույնիսկ թքած ունեն քո եղելության վրա: Ամեն անգամ «Հայկ» կանչելուց հետո լեզվիդ ծայրին ակնթարթում փոշիանում է «հա ջան» պատասխանը, որովհետև որքան էլ բացատրես իմաստն ու հոգին էդ բառի, տեղ ես հասցնելու լոկ ճմրթված թարգմանությունը… Ոչինչ ավելին…

Երեկոյան քայլում ես փողոցներով, ու ամեն մի տան պատուհաններից ատացոլվում է հեռուստացույցի լույսը, մարդիկ վազելով մտնում են տուն՝ մի բաժակ տաք թեյով տաքանալու՝ նստելով իրենց ամենասիրելի բազմոցին ու վայելելով տան մեջ եղած ջերմությունը:

Օրերը տաքանում են։ Երևի թե շուրջդ ամեն ինչ փոխվում է, ու քո աչքերին տեսանելի փոփոխությունը զուտ իրողության ըմբռնում է՝ առանց որևէ զգացմունքների, որովհետև դու շարունակում ես քայլել ու քայլել… Տան այգիներում երևի թե ամբողջ գերդաստանով հավաքված են ու վայելում են զով երեկոները՝ գերմանական գարեջրով ու շոկոլադներով, ընկերներով քայլում են փողոցներով ու իրար աչքերով հասկացնում, որ իրենք ընկերներն են հավեժության, իսկ դու հավաքում ես մատներդ ու սկսում ճանկռել ինքդ քեզ, վախենում ինքնախոստովանումից ու ներսից գոռում ու փորձում գտնել պատասխանը հարցի…

Որտե՞ղ փնտրեմ։

Պատասխանը գիտեմ բոլորից լավ։

3500 կիլոմետր…

Էս էն ճշմարտություններից ամենաազդեցիկն ու կարևորն ա, որը սովորել եմ էստեղ։ Էս ճշմարտությունը՝ թաթախված ջահելական բոլոր զգացումներով։

Բայց ես հատել եմ զրոյի սահմանը ու դրականի մեջ եզրագծել ոտնահետքերս։