- Լուսանկարը` Անուշ Մուրադյանի
- Լուսանկարը` Անուշ Մուրադյանի
- Լուսանկարը` Անուշ Մուրադյանի
- Լուսանկարը` Անուշ Մուրադյանի
- Լուսանկարը` Անուշ Մուրադյանի
- Լուսանկարը` Անուշ Մուրադյանի
Եթե ձեզ ինչ-որ մեկն ասի, որ իր սիրտը լեռներում է, կամ բնությունն է իր տունը և նման այլ պաթետիկ ու սենտիմենտալ խոսքեր, չհավատաք։
Նշեմ, որ եթե դա ասի երևանցին, ապա հազար տոկոս սուտ է։
Սկսեմ նրանից, այսինքն՝ արդեն սկսել եմ։ Շարունակեմ նրանից, որ սովորելով տուրիզմի բաժնում՝ գնացի արշավի։ Հենց արշավից էլ իմ մեջ ամրապնդվեց ատելությունը դեպի մայր բնությունը։
Իհարկե, կենդանական աշխարհը, դրա էկզոտիկ ու վտանգավոր ներկայացուցիչները՝ մոծակները, կան նաև Երևանում, բայց ես դրսիններին պատրաստ չէի։
Սա դեռ հերիք չէ, լեռ բարձրանալը։ Կյանքի խորհուրդ ինձանից՝ երբ ցանկանում եք գնալ արշավի կամ լեռ բարձրանալ, ապա երբեք ձեր խմբում չներառեք պաթոսահայուհիներին։ Պաթոսահայուհիները ցանկացած քարի մոտ պետք է նկարվեն՝ առանց դեմքը երևալու։ Նրանց մազերը միշտ պետք է ուղղեցրած լինի, և նրանք միշտ, միշտ կբողոքեն անձրևից՝ անտեսելով այն փաստը, որ լեռան գագաթին են, ու եթե մի անգամ էլ փորձեն ուղղել իրենց մազերը՝ կընկնեն։
Պաթոսահայուհիներին չի կարելի վստահել։ Ես վստահ եմ, եթե ընկնեմ, ապա նրանք կնկարեն ինձ, այլ ոչ թե կբռնեն կամ կօգնեն։
Ինչևէ։
Անցնենք բավականին սենտիմենտալ և պոետիկ հայուհիներին, որոնց նույնպես չարժի ավելացնել ձեր արշավականների խմբում։ Նրանք պաթոսահայուհիների ենթաճյուղն են, ովքեր կնկարվեն խոտերի մեջ ու հետո էլ կբողոքեն, որ արշավի ժամանակ նրանց օձը կծեց, ու հազիվ փրկվեցին։
Ես չեմ հասկանում նաև այն քաղաքացիներին, ովքեր կյանքում երկու անգամ են եղել գյուղում, լեռներում կամ անտառում և արշավից ստացված երկու կադրի վրա էլ գրում են ինչ-որ անհասկանալի տող հայ գրականությունից։
Արշավի գնալիս մտածում ես, որ թույն նկարներ ես անելու, կամ էլ ընտիր նյութ ես գրելու, բայց արդյունքում ոչ մի բան էլ չես կարողանում անել, որովհետև ֆոտոապարատ տեսնելիս վերոնշյալ պաթոսահայուհիները մտածում են, որ իրենց ես ուզում անմահացնել, իսկ նյութդ մի երկու հատորանոց բողոքի գիրք է ստացվում։
Ինչևէ, պաթոսահայուհիները մեր ներկան են, եկեք պահպանենք նրանց։
«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:
«Լուսնի մահվան օրը»
Միայն սիրտն է սրատես։ Ամենակարևորը աչքով չես տեսնի… Այս ստեղծագործությունը ևս միայն կարդալով չես հասկանա, այն պետք է զգալ, զգալ մտքով, հասկանալ սրտով, բացատրել բանականությամբ։ Մայրը դստերը պատմում է իր կյանքի պատմությունը։ Եվ ի՞նչ է դա։ Ընդամենը գառ մորթել։ Ո’չ։ Ո’չ։ Մի բան հաստատ այն չէ։ Մարդու կյանքը չի կարող միայն գառ մորթելով եզրափակվել։ Գառ մորթելը միջոցն է ցույց տալու այն կյանքի ուղին, որով անցել է մայրը, ըստ երևույթին` Լուսինը։
Անցել է մի օր տխուր ժամանակ լույսով, մի օր ուրախ ժամանակ գիշերը, մի օր աղջիկն էր առողջ, մի օր բրոնխներն էին հիվանդ, մի օր թոքաբորբ էր. շատ նվազ երեխա էր, բայց մի բան անփոփոխ էր. միջոցը նույնն էր` գառը մորթվում էր։ Մի օր, օր, օր, ու եկավ այն օրը, երբ էլի գառ պիտի մորթվեր, բայց այս անգամ այդ օրը չէր մոռացվելու. երեխան հիվանդ էր, իսկ մոր ընկերուհին եկել էր իր տուն երեխաների հետ, պետք էր դստերը բժշկի հասցնել, տանը մնաց մայրն ընկերուհու երեխաների հետ, իսկ երեխայի հայրը ընկերուհու հետ գնաց քաղաք` բժշկի։ Գալիս կանգ են առնում անտառի մոտ, իջնում են հայրն ու մոր ընկերուհին, երեխան ջերմում է, տառապում, վարորդը` հետը։ Գալիս են գյուղ, մայրն իմանում է, ընկերուհին լիրբ էր, բայց ինչպես ամեն տարի, այս տարի էլ բեռուբարձով է ճամփու դնում։
Ասում են` հիմար է եղել, իսկ ես կասեի` արժանապատիվ կին, դա լավագույն պատիժն էր, որ կարող էր տալ «ընկերուհուն»։ Հենց այդ օրը մորթվեց այն անմեղ գառը։
Պատմության մեխը սա է։ Կարդում ես ու մի պահ չես հասկանում` մորթվեց կենդանի՞ն, մա՞րդը, թե՞ մարդկայինը։ Բայց այստեղ ակնհայտ է դառնում` մորթվեց Լուսինը։ Բայց չմորթվեց մարդկայինը։ Մայրը ներում էր, ներում էր օր օրի սիրուհիների թիվն ավելացնող ամուսնուն (մեկի եղբոր հետ էր խաբար անում, մեկի մարդու ականջին էր հասցնում, մի օր էլ մեկին տեսավ ու քիչ էր մնում ցեխաջրի մեջ խեղդեր), ներում էր ընկերուհուն իր ամուսնու հետ դավաճանելու համար, ներում էր ու հաշտվում։ Հաշտվում էր` ցավուդարդը հանելով, ցավուդարդը հանում էր մորթելով, գառ մորթելով, բայց այս անգամ գառին էր խղճում։ Մի «գառ» էլ ինքն էր կյանքում. ինքն էլ էր տառապել, բայց ինչպես գառը անմեղ էր, չէ՞:
Հա անմեղ էր, չնայած որ, ոչ ոք անմեղ չէ, դե բացի գառներից։ Բայց կյանքում կան մարդիկ, որոնք անմեղ են, գոնե տվյալ իրավիճակում, գոնե այդ պահին։ Նրանցից մեկն էլ Մայրն էր, որը մորթեց գառանը, բայց մեղավոր իրեն զգաց, այնպես արեց, որ արյունն էլ երեխաները չտեսնեն. արյուն ենք թափում, բայց չենք ուզում, որ տեսնեն, ինչո՞ւ։ Երևի խիղճն է, այստեղ խոսեց խիղճը, բայց ո՞ւմ նկատմամբ ունեցած խիղճը. ինքներս մե՞ր, դիմացինի՞, թե՞ նրա հարազատների, գուցե հենց նրա, ում արյունը թափվեց։ Խեղճը գա՞ռն էր, թե՞ գառ մորթողը։ Խեղճը Լուսինն էր։
Բայց մորթելն էլ էր ինքնաարտահայտվելու, բարկությունը թոթափելու ձև։ Մայրը գիտեր, որ գառն անմեղ է, դրա համար էլ չէր տանջում. թուրքի պես մորթեց։ Գառին մորթում էր այնպես, ինչպես իրեն ցավ պատճառողին։ Ու էլ էդ մարդու նկատմամբ քեն չէր պահում. արդեն «մորթել» էր։ Այստեղ գառների մորթելը խորհրդանշում է մոր կրած ցավն ու ապրած դառնությունները։
Մոր ջահելությունից մինչեւ ծերություն գառ մորթվեց` տարվա բոլոր եղանակներին, օրվա տարբեր ժամերի ու տարբեր պարագաներում։ Խղճում էր գառանը։ Խիղճը դեռ տանջում էր, բայց խղճի մասին խոսք լինել չէր կարող. գառը պիտի մորթվեր։
Ամեն թափված կաթիլ արյուն մի վիշտ էր, մի բեռուբարձ, մի դավաճանություն, մի սփոփանք ու մի Լուսին, մի Լուսնի մահվան օր։ Մարդիկ այս պատմվածքը կարդալով փոխվեցին, իրոք փոխվեցին, երեք-չորս էջ է, բայց հասկանալ է պետք, գրավեց վերնագիրը, սպասեցի, որ հերթը հասնի լուսնին, բայց իբր չհասավ, մի քիչ ավելի ուշադիր լինելով գտա լուսնին, բայց նա արդեն մորթվել էր։
«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:
Արգո, ես երրորդ հարկի տղան եմ, որ հավատում է քեզ, հավատում գյուղական քո եռահարկ տան գոյությանը, թեև չգիտեմ տեղը քարտեզի վրա։
Արգո, քեզ համար հաց պահող ու անվերջ քեզ սպասող կինն եմ ես, որի հացը թեև մամռակալած է ու չոր, բայց պահված է միմիայն քեզ համար։
Արգո, ես այն խոզատերն եմ, որն ամեն կերպ ջանում է քո բաժին հացը խոզերին բաժին հանել։
Արգո, ոստիկանն եմ ես՝ ուղն ու ծուծով, կարգին ոստիկանը ու ամեն կերպ ջանում եմ գտնել քեզ, թեկուզև անշնչացած։
Ի՞նչ , Արգո, հիմա ո՞վ եմ ես․ հա, մի զարմացիր, ես քեզ նման չեմ։
Արգո, Արգո, դու ամենքի մեջ ապրող վերադարձի հույս։ Դու կարող ես անսպասելիորեն լքել մեզ՝ վերադարձի ոչ մի շող անգամ չթողնելով։ Բայց մեր մեջ ապրող երրորդ հարկի տղան միշտ քեզ հետ է ու հավատում է, հավատում քո հեքիաթներին, քո եռահարկ հույսի գոյությանը, քո վերադարձին։
Արգո, մեր Եռահարկ հույսի տանտեր, մեր անմար հավատ, դու կարող ես քարշ տալ քո գոյությունը մի կտոր չոր հացով ու թերմացքով և շարունակել վստահորեն նայել երկինք, քեզ հետ տանել քեզ հավատացողներին։
Արգո, մեր մեջ ապրող կինը միշտ հաց պիտի ունենա պահած քեզ համար, որ հուսը չմեռնի, որ հույսի եռահարկ տան օճորքը չփլվի հանկարծ․․․
Արգո, ոչինչ չունենք պահանջելու քեզնից, ի՞նչ երեսով․ կարևորը գիտենք, որ դու կաս, ապրում ես մեր կողքին, մեր տված չոր հացով ու հին ճաշով․ ինչ փույթ, թե դու երբեմն լքում ես մեզ, բայց կարևորը, որ մենք շարունակում ենք հավատալ քո վերադարձին ու գոյությանը և մեր հավատ չորահացը դեռ պահում ենք մեզ մոտ, պահում փայփայանքով՝ սալի տեղակ չոր, մամռած հացն ենք նախընտրում, թեկուզ և մամռած, թեկուզ և չորացած հացը հաց է մնում՝ հույս ծնող, հույս ամբարող, իսկ սալը, չէ, խոզատեր, սալդ չի ուտվի առանց հացի․․․․․
Արգո, մեր հույս, մեր հոգու նկուղում դու միշտ կաս, ու մենք միշտ քեզ համար սնունդ ունենք պահած։ Հետո ի՞նչ, որ երբեմն դուռդ փակում ես մեր առջև, երբեմն լքում մեզ, կամ գուցե մենք ուժգին չենք բախում դուռդ, կամ երկարորեն քեզ մոռացության, սովի մատնելուց հետո դու անզոր, ուժասպառ ես դառնում ձայնելու մեզ։
Արգո, Արգո, չլինի՞ հանկարծ դու մեզ լքես․․․ Բա մեր հույսի ձի՞ն, մեր հրեղեն ձին ինչպե՞ս մեզ տանի բերկրության արահետ, որ թևածենք կապանքներից ազատ․․․
Արգո, երբեմն կորցնում ենք քո հասցեն ու մնում շվարած, բայց երրորդ հարկի տղան շարունակում է, շարունակում հավատալ քեզ, հավատալ, որ կաս, որ դու ճոխացնում, ոսկեզօծում ես քո եռահարկ տունը, իսկ ահա «ամենանգետ» մոլորյալ ոստիկանը խաղատներում է փնտրում քեզ, ուր դու երբևէ ոտք չես դրել, փնտրում է քո դիակը․ ծիծաղելի է՝ քո դիակը․․․ Արգո, մեր հույսի տուն, ոչ մի խուզարկու աչք չի կարող գտնել քեզ, երբևէ չի կարող քեզ մեռած տեսնել։
Արգո, ինչքան քիչ բան է պետք քեզ լինելու համար և ապրեցնելու համար, մեր մշտանորոգ հույս։
Իմ մանուկ Արգամ, դու իմ վերադարձի հույսն ես՝ կապույտի մեջ սավառնող։ Ինչպե՞ս կարող եմ ապրել առանց քեզ այս փոքրիկ երկրում։
Մայիսի 12-ին Վեդիում սկսվեց «նոր եթերաշրջան»: Այդ օրը Վեդիի երիտասարդները հանդիպեցին ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ, ու քաղաքում սկսվեց երիտասարդների ակտիվացումը: Երիտասարդները Վեդիում ոչ ստանդարտ սրճարան են կառուցում: Նոր եթերաշրջանի ընթացքում՝ հունիսի 15-ին, Վեդու համայնքապետարանի հանդիպումների սրահում հավաքվեցին մարզի ակտիվ երիտասարդներն ու հանդիպեցին պատգամավորներ Ռուստամ Բաքոյանի, Տաթևիկ Գասպարյանի ու Սոս Ավետիսյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը:
Հանդիպման սկզբում պատգամավորները խոսեցին մարզի ոչ ակտիվ կյանքից ու հայտնեցին իրենց մտահոգությունն այդ առումով: Վեդու բնակիչ Գագիկ Հակոբյանը խոսեց մարզում առկա գյուղատնտեսական խնդիրներից, նա նաև մարզը տուրիստական կենտրոն դարձնելու գաղափար ունի: Նույն գաղափարն ունի նաև Արարատից Գևորգը: Արտաշատի երիտասարդներից Տաթևն էլ մտահոգված է, որ երիտասարդները մարզում աշխատանքի խնդիր ունեն: Գինեվետ համայնքից Ռուզաննան առաջարկում է կարի արտադրամաս բացել, Վեդիից Վահեն՝ արվեստի միջմասնագիտական դպրոցի գաղափար ներկայացրեց, մյուսները լսում ու հավասար քննարկումներ էին անում:
Պատգամավորները լսեցին բոլորի առաջարկներն ու պատրաստակամություն հայտնեցին միասին աշխատելու: Վեդու համայնքապետարանից հետո նույն խումբն այցելեց ոչ ստանդարտ սրճարանի տարածք:
Մյուս հանդիպումը չի ուշանա, սակայն այս անգամ կհանդիպեն արդեն Արտաշատում:
«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:
Պատմություն այն մասին, թե ինչու անհետացավ Արգոն, ինչպես լինում էր ամեն տարի, ու ինչպիսի մեկնաբանություններ էին անում հարևանները՝ առանց ճշգրիտ տեղեկություններ իմանալու: Թերևս շատերի համար ծանոթ պատմություն է. լինում է, չէ՞, երբ չգիտես իրականում ինչ է տեղի ունեցել, բայց այնքան «հավաստի» փաստեր են ի հայտ գալիս, որ ակամայից խճճվում ես: Կյանք է, պատահում է և կպատահի, ոչ ոք ոչնչից չի կարող խուսափել:
«Ոստիկանները դիակը դեռ չէին հայտնաբերել ու շենքի ժողովրդին էին խոսեցնում հետքի վրա ընկնելու համար»: Իհարկե, առաջին հերթին մտածում են վատի մասին. մարդը երկրորդ կիրակին արդեն ներառյալ անհետացել է: Դե, ինչքան էլ հարևանի փոքրիկ տղան ասում էր, թե գնացել է երեքհարկանի տունը վերանորոգելու, ո՞վ պիտի հավատար, բնականաբար, ոչ ոք: Ինչպես՞ կարող էր նրա նման անձնավորությունը այդպիսի տուն ունենալ: Բայց ո՞վ գիտի, միգուցե իսկապես ունի, միգուցե չունի…
Հիմա հասկանանք, թե ով է Արգոն, ի դեպ, լրիվ անունը Արգամ է: Ապրում էր մենակ, օգնում էր բոլորին, կրթություն չէր ստացել, բայց ուներ որոշակի գիտելիքներ, լավ էր հասկանում կենցաղային հարցերից, մեկ-մեկ էլ փիլիսոփայում էր: Մի խոսքով, Արգոն այն մարդկանցից էր, որը ոչ մեկին չէր խանգարում, ոչինչ չէր պահանջում, բայց որի կյանքը չափազանց մեծ հետաքրքրություն էր առաջացնում շատերի մոտ:
Փորձառու ոստիականը, որը պետությունից բազում պարգևներ ունի ստացած, չէր կարողանում գտնել «էդ քնձռոտ Արգոյին»: Չէ՞ որ նա երեք օրում էր կարևոր բացահայտումներ անում, իսկ հիմա չի կարողանում գտնել նրան: Ու սկսում է անել ենթադրություններ՝ հիվանդ է, մարդասպան կամ էլ այլասերվածի մեկը: Իսկ կանանց միակ հոգսը չորացած հացն էր, ափսոս է, չփչանա հանկարծ: Ոստիկանի հարցերին նրանք պատասխանում էին, թե ուրիշ տղամարդ է, ինչ իմանան, թե ուր է գնում-գալիս: Ամեն ինչ գիտեն Արգոյի մասին, բացի այն փաստից, թե ու՞ր էր ամեն տարի անհետանում:
Մի քանի օր անց Արգոն վերջապես հայտնվում է: Ոչինչ չէր փոխվել, մնացել էր նույնը, թեկուզ երևում էր, որ այս անգամ ավելի շատ էր հոգնել: Ոստիկանի ու մնացածի հարցերին պատասխանում էր, թե գնացել էր իր տունը կարգի գցելու: Բայց ո՛չ լսում էին, ո՛չ էլ հավատում: Այս պարագայում, չգիտես էլ, թե ում կողքին կանգնես: Մի բան է ակնհայտ. ամեն մեկն ունի իրավունք տնօրինելու իր կյանքն այնպես, ինչպես ցանկանում է՝ չխանգարելով ու չվնասելով ոչ ոքի: Բնական երևույթ է նաև այն, որ ոմանք հետաքրքրությունից, ոմանք անհանգստությունից դրդված փորձում են խառնվել ու ինչ-որ չափով օգուտ տալ, սա էլ բնական երևույթ է, բայց ինչպես ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Այսպիսով, ունենք պատմություն մի հերոսի ու նրա շուրջը պտտվող իրադարձությունների մասին: Այս անգամ ավելի շատ ժամանակով անհետացած, ավելի շատ բոլորին իրար խառնած մի պատմություն: Հայտնվեց Արգոն, կենցաղային հարցերը լուծվեցին, ամեն մեկը գնաց իր գործին: Սա, իմ կարծիքով, պատմության մի մասն է միայն:
Արգոն երբեմն փիլիսոփայում էր: Այն հարցին, թե մի քիչ էլ ապրիր, այդքան մի չարչարվիր, նա պատասխանում էր՝ «Հայերը չունեն քավարան, նրանց քավարանը համատեղվում ա կյանքի հետ»: Հայը այդպիսինն է: Ամբողջ կյանքի ընթացքում չարչարվում է, տառապում, գործած ու չգործած մեղքերի համար պատասխան տալիս: Նույնիսկ շատ ժամանակ իրեն հարց էլ չի տալիս, թե ինչու՞ է այդպես: Լինում է նաև, երբ ընդվզում է, դեմ գնում ճակատագրին, բայց շարունակում կատարել իր առջև դրված պարտականությունները, պահանջները, ու նորից մոռանում սեփական իրավունքների մասին: Հերթը կհասնի՞ արդյոք ապրելուն, դրա համար մտածելու ժամանակ չկա: Գործած ու չգործած մեղքերը քավելու համար էլ ժամանակ է լինելու, բայց ո՞վ է ուշադրություն դարձնում դրան. շատ քչերը: Տառապել ու չարչարվել՝ մոռանալով ապրելու մասին. այս է իրականությունը:
Սրան զուգահեռ ունենք նաև Արգոյի հետևյալ միտքը. «Բայց ո՞նց կլինի,- չէր հասկանում Արգոն,- ո՞նց կարելի ա ապրել առանց վերադարձի հույսի… Անհնարա ա առանց վերադարձի… Լավ ա էստեղ տուն չունենամ, բայց վերադառնալու տեղ ունենամ: Թե չէ` ո՞նց կլինի… Բա մարդ կապրի՞ առանց վերադարձի հույսի…»: Երբ ասում էին, թե վաճառիր տունդ, նա այդպես էր պատասխանում: Արգոն ամեն տարի անհետանում էր ու հայտնվում, նա միշտ վստահ էր, որ վերադառնալու տեղ ունի, այդ հույսը երբեք չէր լքում նրան: Եթե վերադառնալու այդ հույսը չլիներ, միգուցե նա ընդմիշտ անհետանար: Ո՞վ գիտի, ոչ ոք:
Հույսը այդպիսինն է: Ուղղակի չենք կարող ապրել առանց դրա: Բնավ էլ նշանակություն չունի, թե վերադառնալու, ապրելու, արարելու, առաջ գնալու հույս ենք փայփայում: Կարևորը այն կա, այն միշտ պիտի մեզ հետ լինի, մինչև վերջին վայրկյանը: Արգոն էլ միշտ հույսը սրտում էր ապրում, վերադառնալու ու կիսատ գործը շարունակելու հույսով:
Պատմվածքում ներկայացված են մի շարք երևույթներ՝ մարդկանց կենցաղը, նրանց ներաշխարհն ու հոգեկան ապրումները, կյանքի մասին ամեն մեկի դատողությունները, տարբեր իրավիճակներից դուրս գալու ու ենթադրություններ անելու նմանություններն ու տարբերությունները:
Պատմությունն սկսվում է Արգոյի անհետացման լուրից, վերջանում Արգոյի միշտ վերադառնալու հույսով: Ըստ այդմ, այդպես էլ հստակ չիմացանք անհետանալու բուն պատճառը: Բոլորն էլ գիտեն, որ ամեն տարի նա միշտ անհետանում է, միաժամանակ չգիտեն, թե այս անգամ ինչպես կավարտվի պատմությունը: Միայն մեկ մարդ գիտի, և դա Արգոն է:
Պատմությունը գրված է այնպիսի ոճով ու լեզվով, որ այն ավելի պատկերավոր է դարձնում: Կարդալու ընթացքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե դու ինքն ներկա ես եղել, զրուցել ես բոլորի հետ, մի տեղ նաև անհանգստացել ես, թե երկրորդ կիրակին ներառյալ ու՞ր կորավ մեր պատմության հերոսը, ինչպե՞ս օգնել բազմափորձ ոստիկանին գտնել նրան…
Ցանկացած պատմության հիմքում միշտ ՄԱՐԴՆ է: Հարուստ, աղքատ, կիրթ, անկիրթ, դաստիարակված, անդաստիարակ, բարի, չար, բարձրահասակ, ցածրահասակ. սրանք երկրորդական նշանակություն ունեն: Ինձ համար ամենագլխավորը, թե տարբեր պարագաներում նրանք ինչպե՞ս են իրենց դրսևորում, ի՞նչ լուծումներ ու հնարներ են գտնում: Փորձում եմ նաև ինձ պատկերացնել նրանց փոխարեն, ես ինչպե՞ս կվարվեի, եթե այդ իրավիճակում հայտնվեի: Միգուցե լավը դառնա վատ, վատը` լավ, կամ էլ մնան նույնը: Ամեն դեպքում, հետաքրքրական է իրադարձություններին հետևելը և հետևություններ անելը: Իսկ այս պարագայում մինչև վերջ լարվածությունը կար, թե այս անգամ ի՞նչ կլինի. արդեն իմացանք: Նա, ով գնում է, միշտ էլ վերադառնում է, եթե հույսը միշտ կողքին պահած ունի:
Այսպիսով, մի փոքրիկ պատմության մեջ կարող ես գտնել քեզ հուզող բազում հարցերի պատասխաններ, բացահայտել նոր իրավիճակներ, տողատակերի տակ գտնել թաքնված խորհուրդ ու պատգամ, յուրաքանչյուրի արածի ու ասածի մասին նայել այլ տեսանկյունից, չլինել միայն քննադատող ու ամեն ինչին հակադրվող: Այս ամենից ձևավորվում է տեսակետ, որը օգնում է հետևություններ ու համեմատություններ անել ուրիշ ստեղծագործություններ ընթերցելիս:
Ժամանակի զոհը
Նա հագավ սև վերնաշապիկը, սև շալվարը և սրածայր կոշիկները, մի քանի տետր խոթեց շալվարի գոտու մեջ ու դուրս թռավ տանից։ Վազելով, ավելի ճիշտ՝ թռչելով, հասավ դպրոցի շենքի մոտ և նկատեց իրենց դասարանի տղաներին, որոնք խմբվել էին մի անկյունում։ Նա կանգ առավ, վերնաշապիկի օձիքը բարձրացրեց, դրեց սև ակնոցը և դեմքին ինքնավստահ արտահայտություն տալով՝ շարժվեց դեպի տղաները։ «Կարևորը համարձակությունն է,- համոզում էր նա ինքն իրեն,- մի քիչ համարձակ լինեմ, նրանք ինձ հաստատ կընդունեն»։ Նա մոտեցավ տղաներին և արհամարհանքով ասաց․
-Ի՞նչ եք ըստեղ կուչկվել, հեսա շախերը կգան։
Խմբից զարմացած ձայներ լսվեցին․
-Պա՜հ, զարգացել է Ճուտը։
-Հլը սրա սարոշկե՜ն, սրա կոշիկնե՜րը, մազե՜րը․․․
-Սկի սումկա էլ չի բերել, մալադեց, Ճուտ։
-Արա, բայց ճիշտ ա ասում, հելանք դասարան։
Առաջին ժամը ֆիզիկա էր։
-Արա՛մ, դասդ սովորե՞լ ես,- կատաղած ցուլի պես փնչացնելով՝ հարցրեց ֆիզիկայի թիզուկեսանոց ուսուցչուհին։
Արամը ցանկանում էր պատասխանել, որ սովորել է, բայց տեսնելով տղաների՝ իրեն ուղղված հարցական հայացքները, կտրուկ պատասխանեց․
-Չէ։
-«Երկուս» ես ստանում,- բղավեց ֆիզիկը,- երկու հատ։
Արամը, դեմքին արհամարհական ժպիտ խաղացնելով, նստեց, բայց իրականում սրտից արյուն էր կաթում։
Զանգը հնչեց, և երեխաները գնդակի նման դուրս թռան դասարանից։ Արամն էլ էր ցանկանում դուրս գալ, բայց ինչ-որ բան հիշելով՝ մոտեցավ դասընկերուհուն։
-Լո՛ւս, «Ռեալն» ի՞նչ արեց։
-Ցավոք, հաղթեց,- բարկացած պատասխանեց աղջիկը, իսկ հետո ուրախ ավելացրեց,- բայց հո «Բարսելոնան» ու «Յուվենթուսն» էլ հաղթեցին, իսկ «Չելսին» արդեն չեմպիոն է․․․ Բայց ինչո՞ւ ես այդքան ցածր խոսում։
Տղան չպատասխանեց։ Սակայն առանց նրա ասելու էլ Լուսինեն գիտեր, որ «տղերքի» մոտ ընդունված չէ ֆուտբոլից խոսել։
-Գիտե՞ս, Լո՛ւս․․․- սկսեց Արամը և հավանաբար կպատմեր, թե ինչպես է Կապանում իսկական ֆուտբոլային ակումբում խաղացել կամ ինչպես է իրենց սարերում օձ սպանել, կամ էլ թե ինչպես փոքր եղբոր՝ Ալեքսի շորերի մեջ իսկականի նման, բայց խաղալիք մի սարդ գտան, եթե դռան հետևից չլսվեր տղաների ղեկավար պեպենոտ Նարեկի ձայնը․
-Ապե՛, նատուռի դրա գլուխը ջարդվելու ա, էսօր դասերից հետո կտենա․․․
Արամը հասկացավ, որ դասերից հետո «տղերքը» «ռազբորկի» են գնալու։ Այս անգամ հաստատ իրեն էլ կտանեն։ Հազիվ համբերեց մինչև դասերի ավարտը։ Վերջապես զանգը հնչեց, ու լսվեց Նարեկի ձայնը․
-Ճուտ, էս տետրերս կտանես մեր տուն, մենք տեղ ենք գնում․․․
Լուսինե Հակոբյան, 14 տ․
Ռաբիսլենդ
Սև ապակիներով ակնոցը, ծխախոտը կամ ծամոնը, ոսկե հաստ վզնոցն ու սրածայր կոշիկները Ռաբիսլենդի բնակչության անբաժան ու ամենաբնորոշ հատկանիշներն են։ Իսկ ռաբիսների անթերի արտաքինի ամենակատարյալ մասը ամենավերևում է՝ մի սրվակ «ժելե» դատարկելու հետևանքով փայլփլող մազերը։
Փորձեք խոսել մի ռաբիսի հետ։ Ուրեմն, երկու ռաբիս հանդիպում են։ Մեկը պպզած է նստարանի կողքին՝ չիմանալով, որ նստարանը նստելու համար է, երբ երկրորդը մոտենում է նրան։
-Բարև, ապե՛։
-Բարև, ախպե՜րս,- լսվում է պատասխանն, ու համբույրի չլմփոց։
-Ի՞նչ կա, ախպե՛ր,- թարգմանում եմ՝ «ի՞նչ կա-չկա»։
-Հեչ, ընգե՛րս,- «ոչինչ, ամեն բան կարգին է»։
Նա ընկերոջը արևածաղիկ է հյուրասիրում։
-Ուրիշ ի՞նչ կա։
-Լյոխ լյավ ա, ապե՛,- թարգմանում եմ՝ «ամեն ինչ սովորականի պես է»։
Հետո՝ էլի մի քանի անիմաստ նախադասություններ, և զրույցն ավարտվում է «Դե, ես հելա, ախպեր» բառերով ու, իհարկե, անկրկնելի չլմփոցով՝ համբույրով։ Չեմ ուզում «տերմինակոխ» անել ժամանակակից ժարգոնով, այն դուք հավանաբար անգիր գիտեք։
Հ․Գ․ Մոռացա նշել, որ Ռաբիսլենդը նույնպես զարգացում է ապրում։ Օրինակ՝ «ծիծակ» կոշիկները, որոնք, ի դեպ, 15 տարի առաջ հագնում էին ամերիկյան կովբոյները, զարգացում են ապրել ու դարձել թուրք սուլթանների կոշիկներ՝ սուր քթերը վերև ցցված, որոնցից, ասում են, պպզելու ժամանակ հարմար է բռնելը։
Անուշ Մուրադյան, 15 տ․
Ճակատագիր
-Ճըռռ,- լույսը զարմանալի ճռռոցով անջատվեց։
Կյանքում նա այդպիսի բան չէր տեսել։ Լսվեց խորհրդավոր երաժշտություն։ Նա մի պահ տեսավ իր դասընկերուհու հիասթափված ու ծաղրական հայացքը։ Վզին զգաց ինչ-որ ծանրություն, իսկ մեջքը կարծես թեթևացավ։ Հետո այդ սենյակն էլ մի տեսակ դատարկվեց պատերից, ու գրադարակներից ինչ-որ իրեր պակասեցին։ Սենյակի անկյունում մի մեծ արկղ հայտնվեց, որի պատճառով հարևան տատիկը մի քանի անգամ օճառաջուր լցրեց նրա վրա։ Հետո գլխին էլի օճառաջուր լցվեց, ապա սառը ու սուր մետաղի հպում զգաց։ Հետո շատ ընկճվեց․ վզակոթին մի քանի ուժեղ հարված զգաց։
Հետո մի պահ իրեն էլի վստահ զգաց, բայց, միևնույնն է, ստամոքսը լցվում էր անհամ ուտելիքներով, մի քանի ամիս չէր լողացել ու ավելն էլ անընդհատ ձեռքին էր։ Հետո էլի թեթև ու ծույլ մի ժամանակ սկսեց, որ ասես էլ չպիտի ոչ փոխվեր, ոչ վերջանար․․․
Այդ առեղծվածային «նա»-ն իմ ծանոթներից է։ «Ճըռռ»-ը երկարաքիթ կոշիկների ճռռոցն է։ Լույսը վերացավ, որովհետև հայտնվեց սև ակնոցը, ու շրջապատում բոլորը սև էին հագնում։ Վզի ծանրությունը ոսկե շղթան էր, մեջքի թեթևացումը՝ պայուսակի անհետացումը։ Սենյակից անհետացածը գրքերն էին, տետրերն ու պատերի նկարները։ Հայտնված արկղը երաժշտական կենտրոնն էր, որը առավոտից մինչև ուշ գիշեր միացրած էր խեղճ հարևանների քնի հաշվին։ Հետո օճառով գլուխը սափրեցին ու բանակ տարան, որտեղ մեր լավ տղան ստիպված էր ենթարկվել բանակային կարգուկանոնին։ Իսկ երբ բանակից վերադարձավ, դարձյալ պպզում էր մեր թաղի «հարգված անկյուններում» առավոտից մինչ երեկո, հետո երեկոյից մինչ առավոտ․․․
Նանե Սահակյան, 16 տ․
2005 թվական
«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:
Բացեցի գիրքը, ու իրականությունը շուրջս թափվեց, որ այնքա՜ն ծանոթ էր ինձ, բայց միաժամանակ դժվարընդունելի։ Պատմվածքների այս ժողովածուն ծովի էր նման. խորը ու փոթորկուն, երբեմն հայելահարթ, երբեմն ալեկոծ… Սկզբում միշտ ամեն տող պարզ է, ամեն բան իր բնականոն, բայցև դեռ ամբողջովին չբացահայտված ընթացքի մեջ է, բայց եթե մի փոքր էլ լողաս, հաղթահարես պարբերությունները, կնկատես, որ ավազը սղում, գնում է ոտքերիդ տակից, դու արդեն ծովի խորքերում ես ու խորտակվում ես իրականության անսպասելի ալիքների մեջ։
Երբ կարդում ես այն մասին, ինչին հաճախ ականատես ես եղել, ինչը դու արդեն գիտես, բայց որի մասին երբեք խորապես չես մտածել ու իրերի միակողմանի տեսակետով բավարարվել ես, սկսում ես այլընտրանքներ քննել, ճանաչել նախ քեզ ու քո տեսակետը, ապա քոնին ավելացնելով հեղինակի դիտարկումը՝ զգալ, որ հասունանում է աշխարհընկալումդ։
Պատմվածքների հերոսները հայեր են՝ իրենց նիստուկացով, քաղցրահունչ բառապաշարով, հայկական համընդհանուր հոգսերով ու մտքերով. «Հայերը չունեն քավարան, նրանց քավարանը համատեղվում ա կյանքի հետ»։
Հայկական քավարանում էր ապրում նաև «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքի գլխավոր հերոսը՝ Արգոն։
Դեպքերի զարգացումը սկսվում է նկուղի դռան առջև հավաքված մարդկանց՝ խոզատիրոջ ու Արգոյի հարևան կանանց վեճից։ Խոզատերը համոզում էր հարևաններին, որ իրեն տան հավաքած, նամշած հացը, և ինքը փոխարենը սալ կտա նրանց, բայց, չնայած առջևում ձմեռ է, և սալ պետք է, հարևանները պնդում են, որ Արգոյին պետք կգա. «թրջում է, վառարանի վրա տաքացնում, ուտում»։
Արգոն ապրում էր հարևանի նկուղում, ճգնավորի նման. չէր ծխում, չէր խմում, իր հաշվին ո՛չ ուտում էր, ո՛չ հագնվում, խալի ու պատուհան լվանալով փող էր վաստակում, հարևանների երեխաներին օգնում էր փողոցն անփորձանք անցնել, տանում էր դպրոց, տուն էր բերում։ Պարապ ժամանակ երեխաներին կանչում էր, զրուցում, հարցեր տալիս։ Կրթություն չուներ, բայց որոշ բաներ գիտեր Աստվածաշնչից, հեքիաթներից, նույնիսկ քիմիայից։ Հարևանների հին ճաշերի մեջ սոդա էր լցնում, եռացնում, ուտում, որպեսզի փող խնայի։
-Վատ բանի ընդունակ չի,- ասում էին հարևանները։
Կանայք անընդմեջ թակում են նկուղի դուռը, բայց արդեն մեկ շաբաթ է՝ Արգոն չկա ու չկա։ Խոզատերը ամեն օր գալիս, հնացած հացը չստանալով, դժգոհ հեռանում է։ Ափսոս էր՝ երկու պարկ չոր հացը անտեր թողնելը, բայց հարևան տիկնայք անդրդվելի հավատարմությամբ սպասում էին Արգոյի վերադարձին։
Բարյացկամ հարևանները շարունակում են չոր հաց հավաքել, որպեսզի երբ Արգոն գա, ուտելու բան ունենա։
Ոստիկանը, որ պետությունից բազմաթիվ պարգևներ էր ստացել ցանկացած հանցագործություն երեք օրում բացահայտելու համար, զայրանում էր այն փաստից, որ «աշխարհը խուզարկել էր, Արգոն իր քնձռոտ հալով չէր բացահայտվում»։ Իսկ երրորդ հարկի հարևանի տղան ամեն անգամ պնդում էր, որ նա ինչ-որ գյուղում, երեքհարկանի տուն ունի ու հավաքած գումարով իր տունն է ճոխացնում, բայց ո՞վ կհավատար հեքիաթ հիշեցնող այդ վարկածին։
Բայց ահա հայտնվեց նա, ում արդեն փնտրում էին երկրորդ կիրակին ներառյալ։ Ոստիկանը, ում չէր հաջողվել գտնել կորածին, հեռատեսորեն որոշում է խոսք կորզել.
-Մեր երկրի վատն էն ա, որ փոքր ա, էնտեղ հնարավոր չի կորչել, բոլորը գիտեն քո քնել-արթնանալու, մեռնել-ապրելու ժամերը: Հնարավոր չէ տանից դուրս գալ և այլևս չվերադառնալ: Ես ամեն ինչ գիտեմ, ուղղակի քո ազնվությունն եմ փորձում:
Արգոն հաստատում է տղայի վարկածը, թե երբ փող է հավաքվում, գնում է իր եռահարկ տունը նորոգելու։ Ոստիկանը միայն իր աչքերով աշխարհից կտրված, հեռու, գյուղական տունը տեսնելուց հետո հանդիմանում է Արգոյին թե՝ ծախի, քաղաքում հարմարավետ տուն առ։
-Բա որ ծախեմ, ես ո՞ւր կվերադառնամ, տարվա մեջ իմ էրկու-իրեք օրը ո՞ւր կկորչեմ… Ո՞նց կարելի ա ապրել առանց վերադարձի հույսի… Անհնար ա առանց վերադարձի… Լավ ա էստեղ տուն չունենամ, բայց վերադառնալու տեղ ունենամ։ Թե չէ՝ ո՞նց կլինի… Բա մարդ կապրի՞ առանց վերադարձի հույսի։
Այս պատմվածքում ամեն կերպար իր մտատանջանքն ունի. խոզատերը մտահոգված է իր խոզերին կերակրելով, տիկնայք՝ հացը խոզատիրոջը տալով-չտալով, ոստիկանը՝ իր գործի բարեհաջող ավարտով, Արգոն՝ վերադարձի հույսով…
«Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքը բազմաշերտ է։ Այն կարելի է վերլուծել որպես պատմություն վերադարձի ու հույսի մասին, կարելի է վերլուծել որպես ազգային ոգու ու հոգեկերտվածքի հոգեբանական պատմություն, այն կարելի է վերլուծել նաև փիլիսոփայորեն և բոլորովին նոր տեսակետի հանգել։
Պատմվածքի վերջին տողերը կարդալիս ակամա աչքերիս առջև պատկերացան սփյուռքահայ այն գործարարները, ովքեր օտարության մեջ աշխատում-աշխատում են և Հայաստանում ներդրումներ են անում, որքան էլ որ այն անհարմար աշխարհագրական դիրք ու պայմաններ ունենա կամ հեռավոր ու գյուղական թվա, որովհետև հայրենիքն էլ Արգոյի տան նման այն վայրն է, որտեղ միշտ վերադառնում են, թեկուզ երկու-երեք օրով աշխարհից կորչելու համար։
Արգոյի տունը ինքնին հույս էր, որը միշտ ամեն վերադարձի ժամանակ նորոգվում էր։ Հայի երակների, դիմագծի, խառնվածքի մեջ հույսը միշտ ներարկված է եղել։ Արգոն աշխատում էր, քրտինք թափում, զրկում իրեն հաճույքներից, հավաքած գումարով տունը նորոգում շատ հայ տղամարդկանց նման, ովքեր անում են դա հանուն իրենց տան, հանուն ընտանիքի բարեկեցության։ Թեև պատմվածքում տունը քարաշեն կառույց է, բայց այն խորհրդանշական է, չէ՞ որ, հայը միշտ այդ կառույցի մեջ հոգի է դնում, միշտ բնակեցնում է այն, որպեսզի երբ վերադառնա (հայերը սիրում են վերադառնալ) իրեն սպասողներ լինեն։ Գուցե Արգոն զրկում էր իրեն հաճույքներից հենց ա՞յդ հույսի համար, որ ոչ միայն տունն էր, այլ ապագա ընտանիքը։
Գրքում տեղ գտած մյուս պատմվածքները ևս կարդալով կարելի է հստակ պատկերացում կազմել Հայի մասին։ Դեպքերի հաջորդական ընթացքի մեջ աչքից անվրեպ է մնում հայի հարգանքը («Իսկական հարգանքն էն ա, որ մատուցվում ա մարդու բացակայությամբ՝ նրա անվանը, նրա հիշատակին…»), հայրենասիրությունը («Ձեզ ինչի՞ ա թվում, որ դուք հիշողություն ունեք, իսկ հողը՝ չէ։ Հողը չի ընդունի քեզ, Թաթոս, որովհետև դու էս հողի վրա ոչ արյուն ես թափել, ոչ քրտինք»), արժանապատվության ու պատվի բարձր գիտակցությունը («Ի՞նչ մեղքս թաքցնեմ, միշտ ուզում էի, որ մեռներ, որ իմ ստորացումը ինձ հիշեցնող չլիներ, թե չէ ամեն տեսնելուց ապրում էի էդ վիճակը»), հյուրասիրությունը («Մտածեց՝ ո՞նց եփի այդ միակ ու մի կիլոյանոց աքլորը, որ այսքան մարդու փոր լցնի»), կյանքի մասին պատկերացումները («մահն էլ են վաստակում, հո հանաք չի՞»), նվիրվածությունը («Բայց էդ դեպքում… սրտիս անկյուններում անուններ կան թանկ պահած, բա դրանց ճակատագիրը ո՞նց պիտի լինի»)։
Դու, որ սովոր էիր կյանքի ամենասիրուն ու հեռավոր ճախրանքներին, այժմ քեզ ամենակարճ թռիչքն անգամ դժվար է թվում: Քեզ թևաթափ են արել, դու թուլացել ես ու չես էլ կարող երազել անգամ, որ նորից կթռչես: Եվ հենց այն պահին, երբ ավելի սառնասիրտ լինեն ու քեզ թողնեն առանց թևերի, առանց այն թևերի, որոնցով դու թռել ես դեպի քո երազանքների հեռու-հեռուները, հենց այդ պահին կզգաս ուժեղ լինելուդ, ամենահեռուն թռչելու իսկական անհրաժեշտությունը ու կանգ չես առնի: Կանգ չես առնի, քանի որ տեսակիդ մեջ դու պարտվել չունես, ինքդ քո առաջ նվազել չունես: Առաջ կշարժվես, բազում անհաջող փորձեր կանես, պահ առ պահ ինքդ քեզնից կհոգնես, կյանքից կսրտնեղես, բայց չես դադարի թեկուզ մտովի քո երազանքի թևերով ճախրել:
Բա՛րև: Շատերը քեզ պես երևի արդեն ինձ, նյութերս մոռացել են: Ես էլ կարծես մոռացել եմ ինձ՝ համակարգչի առջև նստած ինչ-որ նյութ խմբագրելիս ու քո դատին հանձնելիս: Երկար ժամանակ չգրելուց հետո դժվարանում եմ հստակ ինչ-որ թեմայի, ինչ-որ մեկի մասին գրել, խոսել. մտքերս դեռ խառն են ու չխմբավորված: Այս անգամ ուղղակի ուզում եմ ասել, որ եթե դու էլ ինչ-որ մի պահի ինձ նման դադարել ես լավը տեսնել ու սպասել, հուզվել ես, ես-իդ հետ կռվել ու արդյունքում նորից պարտվել, բնավ մի՛ նեղվիր, որովհետև քեզ պես հենց ես էլ շատ եմ սրտնեղել ու այնքան տխրել իմ առջև ծառացած փորձություններից, անհաջողություններից, որ արդեն հիմա՝ մի քիչ մեծ ուշացումով, հասկանում եմ, որ չարժեր այդքան սրտնեղել ու խեղճ հայացքով նայել ձախողումներիդ:
Մի պահ եկավ, երբ իսկապես ինձ թվում էր, որ վերջ, կյանքս էլ իմաստ չունի, երազանքներս արդեն կորել են, բոլոր արժեքավոր բաներն ու երևույթներն արդեն անպետք են, շրջապատող ոչ մի բան ինձ չի երջանկացնում, հենց այդ ժամանակ հասկացա, որ պիտի կանգնեմ, որ պիտի քայլեմ ու ճախրանքի պատրաստ մտքերս մարզեմ ու առաջ շարժվեմ: Հասկացա, որ ամեն ինչ ինձնից է կախված ու իմ մտքերից, իմ կամքի ուժից: Ամեն օր նստում, ինքս ինձ համոզում էի, որ չէ, միևնույնն է, ես անհաջողակ եմ ու ոչինչ չեմ կարողանա անել: Եվ իհարկե, գրեթե մի տարի այդ վիճակում էի: Փաստորեն, լավ էլ սրտովս էր տրտնջալն ու անհաջողակ ձևանալը:
Աստիճանաբար, երբ սկսեցի բարեխղճորեն արժևորել ունեցածս, մի կողմ դնել նորը փորձելու վախերս ու գիտակցել, որ ոչինչ միանգամից չի լինում ու ձախողվելն էլ բնական է, բայց դրանից հետո ավելի ուժեղ դառնալը՝ պարտադիր, ես քիչ-քիչ նորից հավատացի «ամեն ինչ լավ կլինի»-ին ու ներսիս լույսի դատարկ տեղը լցվեց: Իմիջիայլոց, չգիտեմ՝ այս աշխարհում կա՞ ինչ-որ մեկը, որ ինձ նման այդքան վախենում է մի նոր բան փորձել: Անգամ եթե դա շատ հեշտ մի բան է ու ուժերիս սահմաններում, ես, միևնույնն է, վախենում եմ ու մտածում՝ բա որ չստացվի՞: Է, հա, թող թեկուզ և չստացվի, բայց ես գոնե փորձեմ: Նման տեսակ վախն էլ է ինձ խանգարում, որ հասնեմ ուզածիս, հասնեմ այն ամենին, ինչ ուզել եմ անչափ։ Հիմա էլ ինչ-որ չափով հուսահատ, ինչ-որ չափով հուսառատ հենված եմ աթոռիս ու երկնքին եմ նայում. գիտեմ, որ տիեզերքն արդեն առաջինը կարդաց տողերս ու ինձ ասաց. «Ա՛յ հիմար աղջիկ, քանի անգամ քեզ ասեմ՝ հավատա ու կհասնես, մի՛ սրտնեղիր ու միայն դրական մտքերով, սպասումներով լցրու ներսդ, որ հենց այդպես էլ լինի: Տիեզերքը կարդում-լսում է, ու իմ քրիստոնեական հավատն էլ հենց նույն գաղափարին է՝ հավատա ու կտեսնես, անգամ մանանեխի հատիկի չափ հավատ ու վերջ…
Գրածս կվերընթերցեմ ու կփորձեմ ինքս ինձ լսել, խորհուրդներիս հետևել:
Քեզ էլ ուզում եմ ասել, որ չհուսահատվես ամեն մի անարդար փորձությունից, ուզում եմ ասել, որ ամեն ինչ քո ձեռքերում է ու քո ուժերի սահմաններում:
Կիպրոսի Լառնակա քաղաքում հունիսի 1-10-ը տեղի ունեցավ «Art without Borders» (Արվեստ առանց սահմանների) խորագրով նախագիծը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Հունաստանի, Իտալիայի, Թուրքիայի, Ռուսաստանի և Կիպրոսի հնգական երիտասարդ արվեստագետներ: Նախագիծը իրականացվել է «ERASMUS+» երիտասարդների փոխանակման ծրագրի շրջանակներում՝ Կիպրոսի Ազգային գործակալության աջակցությամբ: Նախագծի Հայաստանյան համակարգողն է Երջանիկ երիտասարդություն ՀԿ-ն:
Այս երկրների երիտասարդներին միասին հավաքելու գաղափարը ծնվել է նրանից, որ այդ երկրներն ունեն որոշակի դժվարություններ իրենց սահմանների վերաբերյալ, իսկ նպատակը՝ արվեստը, որպես մասնակիցներին միավորող միջոց օգտագործելով, ցույց տալ, որ նրանք կարող են խոսել արվեստի լեզվով:
Համակարգողները մասնակիցներին պատահականորեն, այլ ոչ թե ազգային խմբերով տեղաբաշխելով սենյակներում, լավ հնարավորություն ստեղծեցին հաղորդակցվել և համագործակցել նախագծի հենց սկզբից:
Ծրագրի ընթացքում մասնակիցներն այցելեցին տեղական ՀԿ-ներ Նիկոսիայի բուֆերային գոտում, որը գտնվում է հունական և թուրքական հատվածների միջև, ծանոթացան նրանց խաղաղասիրական ծրագրերին, գործունեությանը։
Ավանդական արվեստի, արհեստների և ընդհանուր առմամբ երկրների ներկայացումներով՝ մասնակիցներն ավելի խորը պատկերացում ստացան միմյանց ավանդույթների և ապրելակերպի մասին:
Յուրաքանչյուր երկիր արվեստի և արհեստի տեխնիկաների ներկայացման և միասնաբար ստեղծագործելու նպատակով կազմակերպեց աշխատարան: Դրանց ընթացքում վրացական թիմը իրականացրեց շապիկների դիզայնի և նկարչության աշխատարան, ռուսները ներկայացրեցին կեչու ծառի կեղևից ավանդական ապարանջանների պատրաստումը և կավից քանդակների ստեղծումը, իտալացիները իրականացրեցին իտալական նկարիչների գլուխգործոցների ժամանակակից ինտերպրետացիան ինտերակտիվ ձևով, հույները ցուցադրեցին նկարչություն սև ներկապատ կտավների քերծելու միջոցով: Հայկական թիմի հետ մասնակիցները կտորի վրա նկարեցին հայկական զարդանախշերով գունագեղ գորգ, իսկ թուրքական թիմը ցույց տվեց Էբրուի հինավուրց արվեստը, որի ընթացքում մասնակիցները ստեղծեցին վերացական նկարներ ջրի վրա:
Այս բովանդակալից սեմինարներին հաջորդեցին բազմաբնույթ մշակութային րնթրիքներ, որոնց ընթացքում մասնակից թիմերը ներկայացրեցին իրենց ուտեստները և ըմպելիքները: Սկսած իտալական մակարոնեղենից մինչև հունական տզատզիկի, թուրքական Էզոգելին ապուր ու հայկական հաճարով սնկով փլավ, վրացական լոբիոյից մինչև ռուսական ակրոշկա՝ բոլորը մասնակիցների ձեռքով պատրաստված: Մասնակիցները ծանոթացան այլ երկրների խոհանոցներին և գնահատեցին միմյանց խոհարարական հմտությունները:
Ծրագրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ սահմանային տարաձայնություններ ունեցող երկրների մասնակիցները, որոնք կարող էին միմյանց հանդեպ բացասական կարծրատիպեր ունենալ, աշխատել են որպես մեկ թիմ, միասին հաղթահարել են դժվարություններ: Ավարտին մասնակիցները հանդես եկան նոր նախագծերի գաղափարներով և համագործակցության առաջարկներով, որոնք բոլորը ընդունեցին բաց սրտով, դե իսկ արվեստագետները միմյանցից բաժանվել են միասնության զգացումով և քաջալերված են խաղաղության տարածման և առկա դժվարությունները լուծելու համար երկխոսելով։
Փառանձեմ Հովհաննիսյան