Կյանքի հարաբերականության մասին

Գրում եմ էլի, չնայած՝ մի երեք շաբաթ առաջ ինքս ինձ խոստացել էի, որ էլ կյանքում չեմ գրի, բայց մի բան ինձ հետ համոզեց։ Մի բան չէ, մեկի ասած մի նախադասություն։ Ուրեմն պիտի գրեմ։

Դեպքը չեմ ուզում պատմել, թե ոնց մտքովս անցավ այլևս չգրել։ Հոսպիտալում կորավ գրածներիցս մեկը։ Ինձ համար կարևոր մի բան։ Երևի կյանքում էդպես ոչ գրել եմ, ոչ էլ կգրեմ։ Ուղղակի բացի մի էջից, որը բուժքույրը կարդաց, ոչ մեկը չկարդաց էլ։ Նույնիսկ ես։ 25 էջ։ Իսկ ես բավականին մանր եմ գրում։ Ու էդ օրվանից մինչև հիմա գրիչը ձեռքս էի վերցրել միայն ինչ-որ անկապ բաներ ստորագրելու համար, ինչպիսիք խրձով օրվա մեջ ստորագրում ենք անիմաստ։ Ու էդպես «էլ կյանքում ոչ մի բան գրողը չեմ» եսս ապրեց մի 25 օր։ 25 օրվա կյանքով եսս մի քանի բառով մեռավ։ Ու կապ չունի՝ ինչ կլինի, լավ եմ գրում, թե վատ, դուր է գալիս ինչ-որ մեկին, թե չէ, ինչ պատահի՝ միշտ գրելու եմ։ Էս մի եսս հուսով եմ մինչև կյանքիս վերջը կապրի։

Հիմա, ճիշտն ասած, բավականին տխուր եմ։ Տրամադրություն ընդհանրապես չունեմ։ Հավեսով մեր տան հեռուստացույցի ալիքները կթերթեի ու մի բան կնայեի։ Երևի էլի եմ ասել՝ հեռուստացույց նայել շատ եմ սիրում։ Ու երևի իմ հասակակիցներից մի քանի անգամ ավելի շատ եմ ժամանակ ծախսել հեռուստացույցի վրա։ Դե, գիտես, հիմա ամեն մեկը մի բան որ ուզի նայել, ոչ պիտի սպասի մինչև չորեքշաբթի ժամը 20։45, ոչ էլ կռվի տանեցիների հետ, թե ինչ պիտի նայեն հյուրասենյակի ընդհանուր հեռուստացույցով։ Իսկ ինձ անասելի հաճույք է պատճառում այդ ամենը։ Ճիշտն ասած՝ կարգին չգիտեմ՝ ինչի։ Երևի էն տիպի եմ խուսափում որոշումներ ընդունելուց, որ նույնիսկ չեմ ուզում ինքս ընտրել, թե ինչ նայեմ։ Ինձ էդպես է թվում, ավելի խելքին մոտիկ պատճառ չեմ գտնում։ Դե, հաստատ չեմ ասում։ Երևի էդպես է։ Համ էլ էդ եղանակով չգիտես, թե որ վայրկյանին ինչ նոր բան կիմանաս ու որտեղից։ Օրինակ՝ եթե հեռուստացույց չնայեի, երբեք չէի իմանա, որ 2005 թվականին նույն իմ անունն ունեցող ինչ-որ մի տղա լոտոյով ժիգուլի է շահել։ Դե, եսիմ ինչ չի, բայց մեկ-մեկ հիշում եմ, թե ոնց էի 6 տարեկանում զարմացել, որ էլի մարդ կա Ստեփանյան Վահե անուն ազգանունով։ Էսքանը երևի հեռուստացույցների մասին։

Հետո, մի շաբաթ առաջ պապս էր մահացել։ Բաբկեն էր անունը։ Գյուղացի հասարակ մարդ էր, միամիտ, ահավոր աշխատասեր, էն տիպի, որ 87 տարեկանում ամբողջ այգին էտել է մինչև մահանալը։ Դեռ փորելու էլ էր։ Հետո չոքեչոք, ձեռքերով բոլոր խոտերը պիտի պոկեր։ Իսկ մեր այգին շատ մեծ է։ Նույնիսկ չեմ ուզում պատմել, թե ինչ անհեթեթությունից է մահացել։ Չեմ կարողանում առանց ներվայնանալու խոսել դեպքի անհեթեթությունից։ Ամբողջ արարողությունների ժամանակ ներվայնանում էի էն մարդու ճառերից, որտեղ նշվում էր, թե պապս 88 տարեկան էր։ Ախր, դեռ դեկտեմբերի 4-ը չի եկել, ի՞նչ 88։ Ես էդ մտահոգությամբ կիսվեցի ընկերոջս հետ հենց առաջին դեպքից։ Հետո նա ամեն 88-ի հետ ուսս սեղմում էր։

Իսկ քեզ խնկի հոտը տեսնես դուր գալի՞ս է, թե՞ չէ։ Ինձ շատ է դուր գալիս։ Այգին եկող տարի ո՞վ կէտի։ Լավ, մի բան կմտածենք։

arxiv

Հաջողության իմ բանաձևը

 Իմ ձին

Չորս թե հինգ տարեկան էի: Մի օր երեկոյան անգործութունից միացրեցի հեռուստացույցը: Ոչ մի մուլտֆիլմ չգտա ու հուսահատված կանգ առա մի ինչ-որ պատահական կինոյի վրա:

Այն անգլերենով էր, ու, բացի դրանից, արդեն կեսն անցել էր, այդ պատճառով բան չէի հասկանում: Ցուցադրում էին մի եկեղեցի, որի ներսում տարբեր տարիքային խմբի պատկանող տղամարդիկ էին խոսում: Ես արդեն ուզում էի ալիքը փոխել, երբ դեպքերն արագ փոխվեցին: Մարդիկ կարծես մի ինչ-որ բան որոշեցին և դուրս թռան եկեղեցուց: Նրանք դրեցին իրենց սիրուն գլխարկները, հեծնեցին ձիերին ու ինչ-որ տեղ ուղևորվեցին: Կովբոյներ էին: Այդ կինոն շատ տպավորվեց իմ մեջ: Դրանից հետո գրեթե ամեն օր փորձում էի ծնողներիս համոզել ինձ ձի ու կովբոյի գլխարկ գնել: Նրանք, բնական է, միայն գլխարկին էին համաձայն, բայց ես ավելի շատ ձի էի ուզում: Խորը դեպրեսիայի մեջ էի, ոչ մեկի հետ չէի ուզում խոսել: Ես իմ ձիուն էի ուզում: Մի օր ծնողներիս հետ հյուր էինք գնացել: Ես չէի ուզում գնալ, բայց ինձ ի վերջո համոզեցին: Արդեն մի ժամ էր, ինչ տխուր նստած էի և հորս ու ինչ-որ մարդու խոսակցությունն էի լսում, երբ կողքի սենյակից ներս մտավ նա: Նրա փարթամ մազերը, մուգ սև մորթին և դեպի վեր ցցած պոչը ինձ ապշեցրեցին: Այս հմայիչ կենդանին ինձ գերել էր: Դա մի շատ մեծ և հիասքանչ շուն էր: Ես նայում էի նրան և հիանում: Չդիմացա: Աննկատ վեր կացա տեղիցս և շարժվեցի նրա մոտ: Շունչս պահել էի, որ չլսի, թե ինչպես եմ իրեն մոտենում: Շունը պառկած էր, և ես հեշտությամբ թռա նրա վրա ու եղունգներս մարմնի մեջ մտցրեցի: Նա վեր թռավ և սկսեց վազել:

-Նո՛, նո՛,- գոռում էի ես: Ի՜նչ հրաշալի էր այդպիսի գերիչ կենդանու մեջքի վրա նստելը: Թե՛ ես, թե՛ նա հիասքանչ էինք: Չեմ մտածում, որ իմ երևակայական ձին ինձ հետ կիսում էր այդ զգացմունքները: Նա շատ շուտ ինձ գետնին շպրտեց ու փախավ: Ընկնելը շատ ցավոտ էր, սակայն ես իմ արարքից գոհ էի:

Ալեքսանդր Սարգսյան 15տ.

Ես համառ եմ

Ինքը շատ թույլ ա անգլերենից, չի կարողանում հասցնել մյուսներին, մեր դպրոցը անգլիական թեքումով ա, բարդ գրքերով ենք անցնում, ամեն տարի քննություն ենք հանձնում, գոնե շուտ տեղափոխեիք, ձեր հին դպրոցում հեշտ ա եղել, հեշտ գրքեր, դրա համար բարձր ա ստացել, մեր մոտ 3- ից ավել հաստատ չի ստանա…

Յուրաքանչյուր ուսուցչի պարտքն է ծնողին հայտարարել, որ իր երեխան ընդունակ չի ընկալել իր «բարդ» առարկան: Նոր դպրոցում անգլերենի առաջին գրավորից 2 էի ստացել, տնայինները չէի կարողանում անել, տեքստերը չէի հասկանում: Նույնիսկ մայրիկիս առաջարկել էի փոխել դպրոցը: Բայց ոչ, մայրիկս բերեց բոլոր այն գրքերը, որոնցով նախկին դասարաններում սովորել էին դասարանցիներս այդ դպրոցում, և մենք սկսեցինք պարապել` 4 դասարանային կուրս… Հիմա անգիր հիշում եմ այն տեքստը, որից առաջին անգամ 5 ստացա` 5 բալային համակարգով, բայց նաև հիշում եմ, թե ինչ դժվարությամբ էի այն սովորել: Մայրիկիս հետ կարդում էինք և տարբեր բառարաններով թարգմանում այն բառերը, որոնց բացատրությունը նա չէր հիշում, հետո ցածր դասարանների վարժություններն էինք անում: Հաջորդ գրավորը ես ստացա 4-ից հանած, բայց դա էլ մայրիկիս չբավարարեց, մենք նորից պարապում էինք, պարապում… Հաջորդ կիսամյակում ես գրավորներից հինգեր էի ստանում և դասարանցիներիս հետ հավասար սովորում էի դասերս, նույնիսկ նրանցից մի քիչ շատ գիտեի: Մի խոսքով ես մի տարում կարողացա սովորել 4 դասարանային կուրս և առաջին անգլերենի տարեվերջյան քննությանը ստացա գերազանցիկի փոխադրման թերթիկ:

Շուտով մայրիկիս համառությունը իմ մեջ դարձավ բնավորություն, սկզբում աշխարհագրությունը, հետո քիմիան և այլն:

P. S. Նախորդ ծնողական ժողովին հայերենիս ուսուցչուհին հայտարարել էր, որ ես ուղղագրությունից թույլ եմ, դասերին էլ անջատված եմ նստում… Դե ինչ, ուղղագրություն` բռնվիր:

Դիանա Շահբազյան 15տ.

Վ+Ռ=Գ, Վ+Ռ=Ա, երբ Գ-ն մեծ է Ա-ից

«Վ»-ն հայրիկիս անվան առաջին տառն է: Հայրիկս իմ ուժն է: Կարող եմ ասել հայրս միակ մարդն է մեր ընտանիքում,  ով ինձ երես է տալիս: Այսինքն, եթե ես ինչ-որ նոր բան եմ ուզում և գիտեմ, որ մայրիկս մերժելու է, միանգամից հայրիկիս եմ դիմում: Ես հայրիկիս կողքին ինձ ապահով եմ զգում:

«Ռ» ամեն  ինչ ասված է` երկնագույն աչքեր, նուրբ ձեռքեր, հոգատար մայրիկ: Մայրիկս իմ ամենամեծ ընկերուհին է: Ընտանիքում ամենահոգատարը բոլորիս նկատմամբ:

«Ա»: Արիկն էլ իմ եղբայրս է` իմ կռվի ընկերը: Մենք միշտ վիճում ենք անկախ ամեն ինչից: Երկուսս էլ եկել ենք այն հայտարարի, որ մենք միայն իրար սիրում ենք, երբ քնած ենք: Չնայած առանց Արիկի նույնիսկ մի օր չեմ կարողանում: Եղբայրս ինձ համար մաքուր օդ կարծես լինի:

Ես հաջողակ ու երջանիկ եմ ընտանիքիս շնորհիվ: Շնորհիվ` հայրիկիս կողքին ապահով լինելուն, մայրիկիս հոգատարության և եղբորս ապահոված մաքուր օդի:

Մարտիրոսյան Գայանե 17տ.

Վերլուծելուց հետո

Արդեն տասնվեց տարեկան եմ ու երևի այսքան ժամանակ չի եղել մի բան, որ համարեմ հաջողված: Օրինակ, երբ գնում եմ նոր տետր, շատ շուտ հոգնում ու ձանձրանում եմ ու որոշում եմ, որ ժամանակն է այդ տետրը փոխելու: Չգիտեմ, երբ կգա այդ օրը, որ ես ինչ-որ բան կանեմ և կհասցնեմ վերջնական կետին: Ամեն բան ինձ արագորեն հոգնեցնում է և շատ արագ սպառում իր հետաքրքրությունը ինձ համար: Ինձ միշտ մի բան է պետք, որ ես ոգևորվեմ նորից ու նորից ու հավատամ իմ բռնած գործի հաղթանակին:

Ես այնպիսի մասնագիտություն եմ ընտրել, որ ընդհանրապես չի համապատասխանում իմ բնավորությանը: Ի դեպ ասեմ` ես ուզում եմ ռեժիսոր դառնալ: Ռեժիսորներ կան, որոնք տարիներով մի ֆիլմ են նկարում: Իսկ ես անգամ մեկ տարի չդիմացա պարի դասերին: Երևի իմ ընտրած մասնագիտությունը ինձ կօգնիի դառանալ ավելի նպատակասլաց և հավատալ իմ ուժերին: Չգիտեմ, գուցե տասը կամ քսան տարի հետո բախտը ինձ ժպտա, և դուք պատահաբար տեսնեք իմ նկարած որևէ ֆիլմ ու մտածեք, որ այս աղջիկը վերջիվերջո կարողացավ իրականացնել իր նպատակը:

Լաուրա Սահակյան 16տ.

Իմ լավատես եսը

-Լավ կկրկնեք ամբողջ անցածը, մյուս դասին թեմատիկ գրավոր ենք գրելու, դասագրքի սկզբից կկրկնեք, ուշադիր լսեք, որ չմոռանաք,- դասի վերջում հայտարարեց ուսուցչուհիս:

«Ի՞նչ, դասագրքի սկզբի՞ց… Այսինքն համարյա ամբողջ կիսամյակի անցածը… էն էլ հայոց պատմություն… Ես կկործանվեմ»,- մտածում էի ես սեղանին համարյա պառկած:

-Մարիա՞մ, լացում ե՞ս,- հարցրեց դասարանցիս:

-Չէ, բայց մյուս դասին մենք բոլորս ողբալու ենք:

«Էն էլ ոնց: Հայոց պատմություն, լիքը թվերով ու դժվար անուններով, որոնք ես ընդհանրապես հիշել չեմ կարողանում: Մի ամբողջ կիսամյակ, այն դեպքում, երբ ես նախորդ դասն էլ չեմ հիշում: Ինչ եմ անելու…»,- տագնապալից մտքերով հասա տուն:

Նստեցի բազմոցին, մտածեցի մեկ րոպե, երկու րոպե, հինգ րոպեից շտապ տեղիցս վեր թռա, լույսի արագությամբ մյուս բոլոր դասերս արեցի և բացեցի հայոց պատմության դասագիրքը:

-Լավ, հանգիստ, խուճապի չենք մատնվում, հավեսով, սիրուն հայոց պատմ ենք սովորում,- խոսեց օպտիմիստ եսս:

-Հավեսով, սիրով, հեշտ ես ասում, էդ ոնց ես պատրաստվում սիրով ու հավեսով սովորել, եթե ո՛չ հավես ունես, ո՛չ էլ սիրում ես պատմությունը,- հնչեց պատասխանը:

-Հա, լավ, ասացինք` առանց խուճապի, ինչքան կարող ենք, այնքան կսովորենք, կստացվի, կարևորը՝ ժամանակ չկորցնենք:

-Լավ, արա ինչ ուզում ես, էլ չեմ խառնվում:

-Ա՛յ, ճիշտն էլ դու ես անում:

Սկսեցի առաջին դասից, դուրս գրեցի բոլոր թվականներն ու կարևոր իրադարձությունները, դրանք անգիր արեցի: Շատ մեծ դժվարությամբ, բայց ոնց որ հիշում էի: Տեսնելով տառապանքներս, քույրս, ով պատմություն շատ էր սիրում և հեշտությամբ էր սովորում, կրկնում էր.

-Վա՜յ, Մարիա՛մ, վայ…

Ես փորձում էի ուշադրություն չդարձնել քրոջս վայվայներին՝ մարտական հոգիս չկորցնելու համար: Չգիտեմ, ասե՞մ. գիշերվա, թե առավոտվա հինգին սողացի քնելու: Երազիս մեջ Ավետիս Ահարոնյանի հետ Սևրի պայմանագիրն էի ստորագրում…

Եվ վերջապես թեստն իմ առջև էր: Արագ-արագ կարդում էի հարցերը, փորձելով ստանալ ամբողջ ինֆորմացիան, որ իմանամ, հիշու՞մ եմ, թե՞ ոչ: «Գիտեմ, այս մեկն էլ գիտեմ, սա էլ գիտեմ… Ոնց որ հիշում եմ…»:

Երջանիկ դեմքով դուրս եկա դասարանից: Թեստը լավ էի գրել, կարելի է ասել՝ շատ լավ: Օպտիմիստ եսս ասաց.

-Տեսնու՞մ ես, որ ստացվեց, պետք ա ուղղակի լսես ինձ:

-Եղավ, կլսեմ սրանից հետո, խոստանում եմ:

Վերջին բանն այդ օրվանից, որ հիշում եմ, այն էր, թե ինչպես պայուսակս մի տեղ շպրտելով ընկա բազմոցին:

Մարիամ Նալբանդյան, 14 տարեկան

Բախտի և նպատակասլացության մասին

- Ու~ֆ, ինչքան անհաջողություն կա, ինձ հետ պետք է լինի, չէ̉: Ճիշտ եմ էլի ասում, որ բախտ ընդհանրապես չունեմ:

-Հա~, իսկ իմ դասընկերը հաղթել է դպրոցական օլիմպիադաներում ու մի քանի օրից արտասահման պիտի մեկնի: Խելք է, է~, խելք:

-Ուսումնարանն ավարտելուց հետո ես էլ եմ ուզում արտասահման գնալ: Դրա համար հիմա ամբողջ օրը պարապում եմ:

…Մարդիկ տարբեր են, նրանց ցանկությունները` նույնպես: Մեկն իր բախտից է բողոքում, մյուսը նախանձով է նայում խելացի մարդկանց հաջողություններին, մեկն էլ ունի նպատակներ և ցանկանում է իրագործել դրանք:

Մեր կյանքը խաղ ու պար չէ: Ամեն րոպե, ամեն վայրկյան ինչ-որ բան փոխվում է: Ոչ մեկս չգիտենք, թե հաջորդ րոպեին ինչ է լինելու, թե ամիսներ հետո որտեղ ենք լինելու և ինչ խնդիրների առաջ ենք կանգնելու: Ուստի կյանքում պետք է ամեն ինչից որոշ չափով տեղեկություն ունենալ, պետք է չծուլանալ և սովորել:

Նպատակասլացությամբ ոչ բոլորն են փայլում, բայց եթե կան ցանկություններ, որոնք անվերջանալի մտորումների արդյունքում վերածվում են երազանքների, ապա պետք է հստակ քայլերի միջոցով դրանք դարձնել նպատակներ և ամեն կերպ ձգտել հասնել դրանց:

Իսկ բախտը յուրաքանչյուրիս համար էլ ինչ-որ տեղ պակասում է: Դե կյանք է, ինչ արած: Ամեն դեպքում կարծում եմ` եթե բախտը տեսնի, որ դուք խելացի եք, լավատես և նպատակասլաց, ապա այն ձեզ կյանքում մենակ չի թողնի:

Միլենա Խաչիկյան, 14 տ.

Չի ստացվում, առայժմ

Երկրորդ դասարանում էի, երբ առաջին անգամ պետք է մաթեմատիկայից ստուգողական աշխատանք գրեի: Գնացի տուն: Մայրիկիս հետ սկսեցինք պարապել: Ես կրկնեցի գումարումը, հանումը, բաժանումը և բազմապատկումը: Սկսեցի գրել ստուգողականը: 1+120=122, 7+8=16, 4*4=12: Համոզված, որ 10 կստանամ, տետրս հանձնեցի դասատուին: Հաջորդ օրը իմացա, որ 6 եմ ստացել:

Եկա տուն: Մայրիկիս ասացի գնահատականը:

-Նել, բայց մենք քանի անգամ բազմապատկեցինք, քանի: Բայց լավ, մյուսին բարձր կստանաս:

-Մա՛մ, չեմ կարողանում, ինչքան էլ պարապեմ՝ չեմ կարողանում ճիշտ գրել:

Առանց հիասթափվելու երկրորդ դասարանում նորից ես ու մայրիկս իրար հետ պարապում էինք: Նա ասում էր, որ ուշադիր գրեմ: Նորից գնում էի, սիրուն գրում և 10-ի հույսով տետրս հանձնում դասատուին: 6… Նորից: Հինգերորդ դասարանում նորից հայտարարում են մաթեմատիկայի ստուգողական: Մայրիկս օգնեց, պարապեցինք և նորից` 6: Վեցերորդ դասարանում մայրիկս արդեն չէր օգնում, ասում էր, որ մենակ պարապեմ և լավ պարապեմ: Նորից 6, 7: 7-րդ դասարանում նույն գնահատականները՝ 6 կամ 7:

Հիմա 8-րդ դասարան եմ: Նորից գնում ու հանրահաշվի ստուգողականից 6-7 եմ ստանում: Արդեն հիասթափված եմ պարապում՝ առանց 9-ի կամ 10-ի հույսի:

Նելլի Հարությունյան

Ամենահաջողակ մարդը պատրաստ է

Առավոտյան վերցրեցի պայուսակս և արագ վազեցի դպրոց: Երբ հասա դպրոց, դասարանի դիմաց ինձ սպասում էր մեր դասղեկը, ով ինձ տեսնելով ասաց.

-Այ տղա, կարո՞ղ ա գիտես սանատորիա ա, երբ ուզում գալիս ես, երբ ուզում` գնում, էսօր ինչի՞ ես երրորդ ժամից եկել:

-Քնած էի մնացել,- ասացի ես ու մտա դասարան: երկու ժամ երկրաչափությունից հետո դուրս եկա դպրոցից և գնացի սկսածս մուլտֆիլմը շարունակելու: Չնայած ես արդեն մի քանի անգամ ստիպված էի նույն մուլտը նորից նկարել, բայց միևնույն է, չէի հանձնվում ու շարունակում էի աշխատել այդ մուլտի վրա, քանի որ շատ եմ սիրում այդ գործը: Երեկոյան էլ, անելով միայն մաթեմատիկայի տնայինը, գնացի քնելու: Եվ այդպես ամեն օր: Ես գնում եմ դպրոց, նստում եմ իմ սիրած դասերին, հետո գնում եմ սիրած գործով զբաղվելու: Եվ իմ հաջողության բանաձևն է՝ սիրած գործով զբաղվել: Դրան գումարում եմ աշխատասիրություն, համբերություն և մի փոքր համառություն, և աշխարհի ամենահաջողակ մարդը պատրաստ է:

Նորայր Բարոյան, 15տ.

 «Խաբարբզիկ», 2013թ.

Ուզո՞ւմ ես լուսանկարել

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լինում է, չէ՞, որ նայում եք ինչ-որ մեկին, չէ, չեք խոսում նրա հետ, միայն նայում եք ու կարծես գիտեք` ինչի մասին է մտածում, ով է: Ասես ողջ կյանքում ճանաչել եք իրեն, չնայած, գուցե այդ «ողջ կյանքը» սկսվել է երկու կանգառ առաջ և կվերջանա հաջորդ կանգառում, երբ դուք իջնեք երթուղայինից:

Մարդուն ուսումնասիրելը երթուղայինում ամենահետաքրքիր բանն է: Իր բոլոր տեսակներով, հույզերով, տրամադրություններով, այնպիսին, ինչպիսին կա:

Շատերը ինձ հետ համամիտ չեն լինի, բայց ես կասեմ, որ յուրաքանչյուր երևույթ աշխարհում, նույնիսկ ամենատարօրինակ գաղափարը, կարելի է փոխանցել մարդու միջոցով: Հատկապես, երբ երթուղայինում ես, ու դիմացինդ նստած է պատուհանի մոտ` ոսկե ժամին, երբ վարորդը նյարդային ծխում է, քանի որ արևը կուրացնում է, իսկ դու հիանում ես, ծուխը ուրվագծող ոսկեգույն թելիկներով:

Եթե մոտդ տեսախցիկ ունենայիր, ցանկալի է ժապավեն, կհանեիր ժամերով էքսպոզիցիա կդնեիր, կխնդրեիր մի քիչ էլ պատուհանին մոտենա, կամ վարորդը նորից ծխի, ու գուցե կարողանայիր թույն կադր ստանալ` տրամադրություն: Բայց նույնիսկ, եթե մոտդ ունենայիր, դժվար թե հանեիր ֆոտոխցիկդ, որովհետև գուցե դուրս շպրտեին: Մնում է մոտակա քսան րոպեն պատկերացնել կադրը, էքսպոզիցիան, ֆոկուսային հեռավորությունը:

Ասում են դիմանկարը պետք է փոխանցի մարդու էությունը, աչքերը լինեն հայելու նման: Ես սովորաբար դիմանկարների մեջ փնտրում եմ լուսանկարչին, ու հավատացեք, շատերն են ինձ պես վարվում: Ոչ մեկին հետաքրքիր չէ ձեր բնորդը, դուք եք կարևոր: Այդ հայելին ձեզ է արտացոլում:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Եթե դուք որոշեք դիմանկարներ անել, ձեզ կասեն, որ վերցնեք նեղանկյուն օբյեկտիվ: Ես առաջարկում եմ մարդկանց նկարել ամենալայնանկյուն օբյեկտիվներով, ասենք, 10,16, 22 mm: Չնայած` դիմանկարի համար ընդունված է վերցնել 80, 100, 200 mm և ավելի նեղանկյուն օբյեկտիվներ: Բայց, դե լուսանկարչության մեջ օրենքները նրա համար են, որպեսզի խախտենք դրանք:

Անրի Կարտիե Բրեսոնը լուսանկարելու պահը նմանեցնում է ձկնորսության հետ: Այն առումով, որ պետք է միշտ աննկատ մնալ, պետք չէ անընդհատ «հիշեցնել» ձեր ներկայության մասին, թե չէ «ձուկը» կարող է փախչել:

Հետո նա ասում էր, որ պատահական լուսանկարներ չեն լինում: Այս միտքն իմ ամենասիրածն է: Հատկապես մարդուն լուսանկարելիս պետք է հաշվի առնել ամեն ինչ` լույսը, կոմպոզիցիան, էքսպոզիցիան, պահը, տրամադրությունը, օբյեկտիվը և այլն: Այս ամենից հետո ասել, որ պատահական լուսանկարները ամենալավն են, աբսուրդ է: Ուրեմն, դուք ոչինչ չեք հասկացել:

Ինչևէ:

Դուք կարող է երթուղայինում չլինեք, այլ բոլորովին մեկ այլ վայրում: Կամ գուցե դուք նկարում եք մի մարդու, ում իրոք հարյուր տարի է գիտեք արդեն, դա ձեր որոշումն է: Բայց այդ «ձեր» բառի տակ իրականում կարևոր մի բան է թաքնված: Ձեր լուսանկարի միջոցով դուք միշտ մի նոր բան եք բացահայտում: Ամենևին էլ պարտադիր չէ, որ դա լինի հանցագործություն, ինչպես Blow up-ում էր: Միշտ մտածեք այդ մասին:

arxiv

Այս պահին, այս տեղում

Մի պահ թվաց, որ սենյակումս տխուր է, որովհետև անկողինները ոչ ոք չէր հավաքել, քույրս խառնել էր ամբողջ պահարանը, թափել էր շորերը, պահարանի դռներն էլ բաց էր թողել: Եղբայրս էլ հին սովորության համաձայն տան բոլոր գոտիները կապկպել էր իրար ու թափել գետնին:

Չէ, ինձ իրոք թվաց, որովհետև սենյակումս հեչ էլ տխուր չէր: Ամպամած օր էր: Լույսը վառեցի: Խառնաշփոթը կատարյալ դարձավ, որովհետև ես էլ փռվեցի անկողնուս վրա, ինչպես մեր փափուկ արջուկները: Դրսում ուժեղ անձրև սկսվեց: Փակեցի պատուհանները: Այդպես սենյակս ավելի ապահով դարձավ: Սենյակիս պատերից գունավոր իրեր էին կախված, իսկ սեղանին գունավոր ու հաճելի իրեր էին դրված: Կոնֆետի թուղթը բացեցի ու սկսեցի ուտել: Ը՜մմմ, համեղ էր, մեջը պիստակ կար, պատված էր համեղ շոկոլադով, որից նարնջի ու կոկոսի համ էր գալիս:

Դպրոցում այդ օրն այնքան էլ լավ չէր, դրա համար էլ տխուր էի: Կամաց-կամաց սկսեցի սենյակս հավաքել, դպրոցի մասին արդեն մոռացել էի: Տրամադրությունս արդեն բարձրանում էր, թեև եղանակը դրսում գնալով ավելի ու ավելի էր վատանում: «Վա՜խ, վաղը էս շորը կհագնեմ, մի դար է` չեմ հագել»,- մտածում էի ես ու շորերը կախում: «Հիմա կգնամ հաց կուտեմ, հետո այս գիրքը կկարդամ»,- արդեն շատ էի ոգևորվել: Մենակ էի սենյակում, բայց ժպտում էի, մեկ-մեկ նույնիսկ ծիծաղում: Բայց ի՜նչ լավ էր, որ տուն եկա, որ մտա սենյակ, որ պառկեցի անկողնում:

Բայց ի՜նչ լավ էր այդ պահին այդ տեղում:

Հայրենիքը մերն է, մենք՝ հայրենիքինը

«Յուրաքանչյուր կին երազում է հանդիպել իր ասպետին, իսկ մի քիչ ազգասեր կինը` հայ ասպետին»,- նշում է հեռուսահաղորդավարուհի, լրագրող, «Հայ ասպետ» դպրոցի հիմնադիր Կարին Տոնոյանը: «Հայ ասպետ» նախագիծը հեռուստախաղի տեսքով հանրությանն է ներկայացվել տասը տարի առաջ, որոշ ժամանակ անց բացվել է նաև համանուն դպրոցը:

Թե անձնակազմի, թե աշակերտների ընտրության հարցում Կարին Տոնոյանը դրսևորում է յուրահատուկ վերաբերմունք` նշելով, որ յուրաքանչյուր մարդ և տարածք ունեն իրենց էներգետիկ դաշտը: Այդ դաշտի նյութը բացարձակ նվիրումն ու սերն է ազգի, երկրի նկատմամբ, որը հետագայում վերածվում է անկոտրում հավատի: Եթե նոր աշխատողը կամ սովորողը այդ դաշտի մաս չի դառնում, ինքն իրեն դուրս է մղվում, և շարունակում է իրեն համապատասխանող միջավայրի փնտրտուքը:

«Քանի որ Աստված ստեղծել է բոլորիս իր իսկ պատկերով, յուրաքանչյուրս փոքրիկ աստվածներ ենք՝ ստեղծված արարելու, ոչ թե գոյատևելու»,- մեկնաբանում է Կարին Տոնոյանը:

Հայ ասպետ խաղին մասնակցելու ցանկություն ես ունեի դեռ շատ տարիներ առաջ, բայց միայն այս տարի հաջողվեց: Մեր թիմը կազմավորվեց բավականին արագ, և յուրաքանչյուրս ունեինք մեր անձնական միտումը՝ ոմանք ուզում էին գնալ Հայաստանի որևէ մարզ` հնգօրյա արշավի, ապա Արցախ և Արևմտյան Հայաստան, ոմանք՝ փորձել իրենց ուժերը տարբեր թեմատիկ ոլորտներում, դե իսկ ես նայում էի խաղին ինչպես մի բարձր լեռան գագաթի, որ պետք է հաղթահարեմ: Մեզ բաժանեցին պատմությանը, գրականությանը, աշխարհագրությանը և այլ բազում ոլորտների վերաբերող նյութեր:

Եթե հարցնեք՝ ինձ ինչ է տալիս Հայ ասպետը, ես կպատասխանեմ՝ ոչինչ նյութական, այն վերածվում է Բևեռային աստղի քեզ համար, և աստվածային ամենափրկիչ լույս դառնում ողջ կյանքիդ ընթացքում: Օգնում է գտնել ճիշտը ստի լաբիրինթոսում, ճանաչել և գտնել ինքդ քեզ, հասկանալ առաքելությունդ, նպատակդ, ճանաչել աշխարհը իր հարթ ու ողորկ մակերեսներով, հասկանալ, թե ինչու ստեղծագործ մի ժողովրդի այդքան շատ բաժին ընկավ ճակատագրի հարվածներից:

«Ասում են՝ բնությունը ավելի հզոր կաղնի, քան մարդն է, չի ճանաչում, բայց եկեք համաձայնենք, որ այդ հզորությունը պետք է անընդհատ սնել գիտելիքով ու դաստիարակությամբ»,- նշում է Կարին Տոնոյանը:

Խաղի պատրաստությունը տևեց մոտ մեկ ամիս: Մենք կռվում էինք, ուրախանում, նոր գիտելիքներ ձեռք բերում, ընկերանում… Վերջապես եկավ խաղի օրը:

Ողջ խաղի ընթացքում մենք անցանք խրթին ճանապարհ՝ հպարտ վերելքներով ու ցավոտ վայրէջքներով լի: Վերջապես այդքան սպասված ավարտ՝ երկրորդ հորիզոնական, 19 միավոր: Իհարկե, մեր ուզած արդյունքը չէր, բայց անշուշտ ամրապնդվեց մեր մեջ երկու հավատ՝ մեկս մյուսին վստահելու և իրապես ազատ լինելու:

Մայք Թայսոնն ասել է. «Երբ մարդն ընկնում է, դա ֆիզիկա է, երբ բարձրանում է՝ բնավորություն»:

Երկար ժամանակ մենք սպասեցինք պատասխանի, արդյո՞ք անցել ենք հաջորդ փուլ, և արդյո՞ք կստանանք արշավ գնալու այդ բաղձալի հնարավորությունը: Մեկ ամիս սպասում, և դրական պատասխան: Այո, մենք թիմով մեկնում ենք Ջերմուկ՝ հնգօրյա արշավի պատմական հայրենիքով: Ցավոք, մեկնեցինք երկուսով՝ ես ու Հասմիկը:

Իրական ընկերությունը ի հայտ է գալիս դժվար ժամանակ, երբ ունենում ենք մեկս մյուսի աջակցության, տեղ-տեղ համբերատարության ու հանդուրժողականության կարիքը: Օտար միջավայրում՝ պատասխանատվության զգացումը խառնված անսահման տխրությամբ, հետն էլ՝ մի ծանր ճամպրուկ, որ դեռ պետք է բարձրացնել բլուրն ի վեր: Հանակարծ մոտենում է մի անծանոթ աղջիկ և առաջարկում իր օգնությունը:

-Միայն ընկերոջ ձեռքը կարող է պոկել սրտի փշերը և օգնել իրենից 2 անգամ ծանր ճամպրուկը վրան հասցնել,- ասացի ես ինքս ինձ այդ պահին:

Հետո էլ 5 կիսաքուն գիշերներ մերթ քնապարկի մեջ, մերթ իրար վամուր սեղմված: Առավոտյան մարզանք, համեղ նախաճաշ, որ Մարետ տատին պատրաստել է այդչափ սիրով և ջերմությամբ։ Ընդունենք, որ խարույկի վրա պատրաստված ամեն ինչն էլ համեղ է ստացվում: Օրերը մեր անցնում էին անչափ հագեցած՝ գնում էինք քայլարշավների գեղատեսիլ վայրերով, խաղում «մաֆիա», որն, ի դեպ, մեզ շատ մտերմացրեց: Ամենից հիշարժանը, անշուշտ, գիշերային խարույկն էր: Դրսում ցո՜ւրտ, սառնամանիք, և խարույկի շուրջ կուտակված մեծ ու փոքր հայ: Դե, կիթառը, ֆիդայու խրոխտ երգն ու անվերջ քննարկումները մեզնից անպակաս:

Հայ ասպետը խաղ չէ կամ դպրոց, այն ապրելաոճ է, ապրելաձև: Այնքան մեծ հոգեկան սնուցում ենք ստանում մեր ուսուցիչների հետ շփումից, որ հերիքում է նույնիսկ ամենախելահեղ գաղափարները ի կատար ածելուն: Ամեն գործդ աշխատում ես հայրենասիրական ու ազգային անկոտրում ոգով համեմել, յուրաքանչյուր ձեռքբերում նշելիս՝ ազգային պարել, հարգել ու սիրել մայրենիդ, խոր ակնածանքով վերաբերվել ազգային պատկանելիությանդ:

Անգլերենում մի հետաքրքիր բառ կա՝ master, թվում է, թե նույն ուսուցիչն է կամ ինչպես մենք հայերս ենք սիրում ասել՝ դասատուն։ Իրականում, ուսուցիչը քո մտքի կերտիչն է այն ոչ երկար 45 րոպեների ընթացքում, որ հատկացված են իրեն, մինչդեռ master-ը այն խիզախ նավապետն է, ով աշխատում է փրկել քեզ խորտակումից, տալիս է անհրաժեշտ հմտություններն ու կյանքի ինչ-որ մի պահի թույլ է տալիս ինքնուրույն շարժվել ընդդեմ կյանքի փոթորիկների… Հայ ասպետները իրենց master-ին գտնելու պատվին արդեն արժանացել են:

Ճամբարից մենք հետ եկանք լացակումած ու տխուր, որ բաժանվում ենք, բայց գիտեինք, որ անպայման կհանդիպենք մի օր և չսխալվեցինք: Այժմ մեզնից շատերը այցելում են Հայ ասպետում հայագիտական դասերի: Մենք անցնում ենք աշխարհաճանաչում, նժդեհագիտություն, ազգային պար, թուրքերեն ու էլի շատ ու շատ բաներ, գնում ենք արշավների, կազմակերպվում են բազմաթիվ կրթական ծրագրեր՝ հանդիպումներ հայտնի պատմաբանների հետ, այցելություններ թանգարաններ և այլն: Մենք բաց չենք թողնում և ոչ մի առիթ իրար հանդիպելու, միասին ազգային երգ ու պար հնչեցնելու:

Կյանքը չափվում է ոչ թե կատարած արտաշնչումների քանակով, այլ այն պահերի, որոնցից շնչառությունդ կանգ է առնում: Հայ ասպետը հաղորդեց մեզ այդպիսի պահերի մի ամբողջ համաստեղություն, որ այժմ վառ փայլում է երկնքում՝ որպես անմար հիշողություն: Այն տվեց մեզ իրար՝ Հայաստանի տարբեր մարզերից հավաքված պատանիների, որոնք իրենց Հայ ասպետ են կոչում և արժանապատվորեն կրում են բարձր պատիվը հայ լինելու:

inqnatir

Ուղեկիցներ. Թերթերի հետևում

-Ոչ, շնորհակալություն, ես սուրճ չեմ խմում,-ժպտաց կոստյումով տղամարդը` միևնույն ժամանակ կրկին ու կրկին փորձելով հարմար տեղավորվել ինքնաթիռի նեղ բազկաթոռի մեջ,- նարնջի հյութ ունե՞ք:

Ուղեկցորդուհին շտապեց գտնել կիսադատարկ տուփը:

-Նարնջի հյութը թռիչքների ժամանակ ամենաշուտն է վերջանում,- ներողություն հայցող ժպիտով բացատրեց նա` ուղևորին փոխանցելով կիսով չափ լցված պլաստիկ բաժակը:

-Մի անհանգստացեք,- տղամարդը հայացքը կրկին իջեցրեց թերթին` հերթական անգամ տեղում անհանգիստ այս ու այն կողմ գնալով, ասես ուզում էր պոկել նստարանը: Զարմանալի չէր` նա հաղթանդամ էր, ինչպես երկու միջին կազմվածքի տղամարդիկ` միասին վերցրած: Նույնքան խոշոր գլուխը ծածկված էր կարճ, զինվորական ոճի կանոնավոր սանրվածքով:

Չնայած խոշոր մարմնին ու տարիքին` առնվազն երեսուն-երեսունհինգ տարեկան, նրա դեմքի կառուցվածքը բավականին մանկական էր` փոքր, կճատ քիթ, կլոր, զարմացած աչքեր ու կարմիր այտեր: Դեմքը մանկական էր թվում նաև այն պատճառով, որ այն հստակ արտահայտում էր այն ամենը, ինչ տղան մտածում էր:

Նրա կոստյումը, ինչպես նաև ձեռքի ժամացույցը բավականին թանկարժեք տեսք ունեին, բայց ինչ-որ բան նրան ստիպում էր շարունակ բարկացած քաշել թևքերը, հետ ու առաջ ձգել պիջակը, կոճկել ու կրկին արձակել կոճակները, շուռումուռ գալ, ինչպես թակարդն ընկած արջը:

Նրա կողքի նստարանին խրձով թերթեր էին դրված, որոնք նա հերթով վերցնում էր, անմիջապես բացում սպորտի բաժինն ու մեծ հետաքրքրությամբ ծայրից ծայր կարդում` շշնջոցով արտաբերելով առանձին բառեր ու պարբերաբար թերթը թեքելով դեպի պատուհանը, որպեսզի ավելի լավ ուսումնասիրի լուսանկարները: Նրա դեմքի արտահայտությունը փոխվում էր ամեն տողի հետ` նա մեկ անձայն ծիծաղում էր` ձեռքով թույլ հարվածելով նստարանի բազկատեղին, մերթ կնճռոտում էր դեմքը, երբեմն էլ բողոքում ու դժգոհում` մատն օդ տնկելով:

Հերթական թերթը մի կողմ դնելուց հետո նա վերցրեց սեղանին դրված բաժակը, մի փոքր խմեց, կարճ շունչ քաշեց, հետո փոքր ումպերով խմեց ամբողջ հյութը` ամեն կումից հետո բաժակն իջեցնելով ու շունչ քաշելով:

Բաժակը մի կողմ դնելով` նա զգաստ նստեց` նայելով դիմացի բազկաթոռի թիկնակին: Կրկին ժպտաց ինքն իրեն` ինչ-որ բան հիշելով, ծիծաղեց` մի կողմի վրա թեքելով գլուխը: Ժպիտը դանդաղ հալվեց` վերածվելով թույլ ծամածռության: Աչքերը մի պահ կորցրին կիզակետը` փայլելով ապակե սնամեջ խաղալիքների պես: Նա լուռ ինչ-որ բան քրթմնջաց, քմծիծաղ տվեց: Թափ տալով ձեռքը` նա մի քանի անգամ արագ-արագ խորը շունչ քաշեց, բացուխուփ արեց բերանը` փորձելով բացել խցանված ականջները: Հետո կտրուկ վեր կացավ, երկու քայլ արեց դեպի միջանցքի վերջը, երբ նրա ձախ ոտքն աննկատ թուլացավ, ասես թղթից լիներ: Տղամարդու ձեռքն անմիջապես սեղմեց բազկաթոռներից մեկի թիկնակը:

Ինքնաթիռը դանդաղ կիսապտույտ կատարեց իր առանցքի շուրջ, և մի թևի բոլոր պատուհանները բռնկվեցին արևի թեք լույսով: Ուղևորի մի կիսադեմը լուսավորվեց դեղին, հիվանդոտ գույնով` խորը ստվերներ գցելով աչքերի կողքին հայտնված կնճիռների վրա: Քարացած ժպիտի ուրվականը ուժգին ջղաձգվեց` աղավաղելով տղամարդու դեմքը: Աչքերը կծկվեցին` խորացնելով կնճիռները: Շրթունքները մի պահ ձգվեցին` ցույց տալով իրար սեղմած ատամները: Քունքին շողաց քրտնքի փոքրիկ, համարյա անտեսանելի մարգարիտը: Թիկնակից կառչած մատները սպիտակել էին լարվածությունից: Լույսը մի ակնթարթ անասելի ուժգնացավ` այրելով ուղևորի մի կիսադեմը, ինչպես ամեն լուսաբացին այրում է մթնոլորտից զրկված, ցավից անձայն մռնչացող միայնակ մոլորակի մակերեսը:

Օդանավը հավասարակշռվեց` վերևում թողնելով արևը: Տղամարդու դեմքին բռնկված կրակը մարեց մարզադաշտի` հերթով անջատվող լուսարձակների պես: Կնճիռները ներծծվեցին, կոպերը բացվեցին: Տղամարդու գունատ ու ծեր դեմքն աստիճանաբար հետ բերեց իր մանկական փայլը: Ուղևորը ձգվեց, ուղղեց կոստյումը, խորը շունչ քաշեց, անհանգստացած նայեց շուրջը: Համոզվելով, որ իր` մի քանի վայրկյան տևած թուլությունը ոչ ոք չի նկատել` նա զգուշությամբ առաջ դրեց թուլացած ոտքը: Այնուհետև ավելի համարձակ քայլեց զուգարանների ուղղությամբ: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց, որ նա հազիվ նկատելի կաղում է:

Մի քանի րոպե հետո իմ ուղեկիցը վերադարձավ ու կրկին նստեց իր բազկաթոռին: Նրա նոր լվացված դեմքը կրկին առույգ էր ու պարզ, այտերը կարմիր էին, մազերը` խոնավ: Նա զգուշությամբ առաջ դրեց ոտքը, հենվեց թիկնակին ու գլուխը թեքեց դեպի պատուհանը: Թերթերին նա այլևս ձեռք չտվեց:

aniharutyunyanarm

Ադամի կործանումը

Բացում եմ դուռը ու մտնում տուն, վառարանի ջերմությունը ներս է քաշում ինձ միանգամից, հանում վերարկուս, շարֆս, կոշիկներս, գլխարկս էլ միգուցե հանեի, բայց գլխարկ դնելու սովորություն չունեմ: Արդեն նստել եմ` ամբողջովին բեռնաթափված, շորաթափված, անելիքս սառած մատներս տաքացնելն ու մտածելն է հավանաբար:

Մի քանի կին աշխարհում Գեղեցկուհի Հեղինեին ունի իր մեջ, որոնց պատճառով Տրոյան ու աշխարհի ցանկացած քաղաք կկործանվեր ևս մեկ անգամ, բայց մեր կյանքը դիցաբանություն չէ, կյանքում նրանք կկործանեն միայն տղամարդկանց:

Որոշ կանայք ինչ-որ չափով Կլեոպատրա են` ոչ այնքան գեղեցիկ ու ոչ իդեալական դիմագծերով, բայց անդիմադրելի ձգողականությամբ: Յուրաքանչյուրը նրանցից կգրավեր Հուլիոս Կեսարին ու կդառնար թագուհի, բայց հիմա կեսարներ չկան, բարեկա՛մս, հիմա միայն կանանց մեջ քնած կլեոպատրաներ են, որոնց արթնացնելու համար Եգիպտոսի էությունն էլ առաջվանը չէ:

Կանանց ինչ-որ մասը Ժաննա դ’Արկ է` պատերազմող, կռվող, հաղթող, բայց մի երազիր, սիրելի՛ս, որովհետև հիմա պատերազմները չեն ավարտվում, հիմա մարդկանց միայն մահացած են հրկիզում` Հնդկաստանում:

Կան կանայք, որ հավերժ են` Էլիզաբեթ Երկրորդի նման, նրանք միայն ձևական են, նրանք միայն գեղեցկության համար են, որովհետև թագուհիները վաղուց արդեն մոդայիկ չեն:

Արքայադուստր Դիանան մահացավ երիտասարդ, բայց նրա ժողովրդի աչքերում դեռ արցունքը չի չորացել: Անմոռանալի կանայք կան քո կյանքում, ընկե՛ր, ինչպես Դիանան` Ուելսի, ու դու երբեք չես դադարի սգալ նրանց կորուստը:

Ախ, գրո՛ղը տանի, որոշ կանայք էլ Մերլին Մոնրոն են, որ անգամ ինձ են խելքահան անում, իսկ դու դեռ մտածում ես` ճի՞շտ էր արդյոք ընտրությունդ:

Կանայք, որոնց մենք ամենից շատն ենք սիրում` մեր սեռից անկախ, Մայր Թերեզան են ամբողջությամբ, մայրերն են ուղղակի, բոլորը, միշտ:

Ու ի վերջո, Ադա՛մ, սիրելի՛ս, մենք բոլորս, մենք` կանայքս, Եվաներն ենք, որ քեզ տանելու ենք կործանման, ու դու ամեն ինչ իմանալով մեզնից հեռանալ չես կարողանալու, դու քո կործանման դեմ ոչինչ անել չես կարողանալու:

izabella sanesyan

,,Поехали!”

Բոլորս էլ ունենք նախասիրություններ ու հետաքրքրություններ և դեռ մանկուց ենք մտածում, թե ինչ մասնագիտություն ենք ընտրելու: Բայց կան մասնագիտություններ, որոնք աշխատասիրությունից բացի պահանջում են նաև համարձակություն: Հենց այդպիսին է տիեզերագնացությունը: Հիմա կարծես այնքան էլ հաճախ չեն խոսում այդ մասին, մինչդեռ վաղնջական ժամանակներում մարդիկ ինչեր ասես, որ չեն արել տիեզերքի գաղտնիքներին խորամուխ լինելու համար: Ըստ առասպելի՝ փորձել են անգամ մոմե թևերով սավառնել վեր՝ դեպի արևն ու երկինքը: Տիեզերք են ուղարկել շներ ու տեսախցիկով հետևել նրանց: Եղել են դեպքեր, երբ շները չեն վերադարձել… Երբ Բելկա ու Ստրելկա անուններով շները բարեհաջող վերադարձել են, մարդիկ ոգևորվել են…

Մարդկանց մեջ ամենախիզախն ու գիտակը եղել է բոլորիս հայտնի Յուրի Գագարինը: Առաջինը հենց նա է տիեզերք թռել ու վերադարձել: Թռիչքը տեղի է ունեցել ապրիլի տասներկուսին: Ինչպիսի՜ ինքնամոռաց նվիրվածություն է պետք նման համարձակություն ունենալու համար: Ես նրա մասին կարդացել եմ: Երբ փոքր է եղել, նայել է օդապարուկով խաղացող ընկերներին ու մտածել. «Ի՜նչ լավ կլիներ, եթե ես էլ կարողանայի այդպես վեր բարձրանալ»: Շատ լավ է, որ նրա մանկական երազանքն ի վերջո իրականացել է: Երանի բոլորս նման բախտ ունենայինք…

Ի դեպ, ես ապրում եմ հենց այն ավանում, որը կրում է աշխարհահռչակ տիեզերագնացի անունը: Գագարինի տպավորիչ արձանը գտնվում է մեր ավանի կենտրոնում, նրա նկարներից փակցված են մեր դպրոցի պատերին: Գագարինը լուսավոր ու բարի դեմք ունի: Մեր բնակավայրում բոլորը գիտեն մեծ տիեզերագնացի պատմությունը:

Ես լսել եմ նաև, թե նա ինչպես է արբանյակի մեկնարկից հետո ինքնավստահ ձայնով ասել…

-Поехали!

Այսինքն՝ գնացի՜նք:

Այդ օրը կարելի է համարել տիեզերագնացության մեկնարկի օրը: Այսօր երկնքի ոլորտներն ակոսում են բազում արբանյակներ, գալակտիկաներ են ուսումնասիրվում: Ես հպարտ եմ, որ ապրում եմ Գագարինի անունը կրող բնակավայրում: Հույս ունեմ, որ մեր ավանը նույնպես առաջ կգնա  ու բարձունքներ կնվաճի…

arman mkrtchyn

Դեպի ձանձրույթի ցերեկույթը

Ամեն օր ատամներդ խոզանակում ես, նախաճաշում, լվացվում, արթնանում… է՜, հակառակը։ Հետո կանգառ գնում` մասնակցելու Ավարայրի ճակատամարտին։ Տանելով միայն բարոյական հաղթանակ` քեզ համար կանգնած (ավելի ճիշտ, կռացած) հասնում ես քոլեջ։

Ձանձրույթի ցերեկույթի ընթացքում ակտիվ ես լինում մի քանի դասերի ժամանակ։ Ծիծաղում ես բոլոր կատակների վրա` անկախ նրանից` դրանք ծիծաղելի են, թե ոչ։

Մի քանի բան սովորում ես, մի քանիսը` մոռանում։ Նոր նպատակներ ես սահմանում, երազանքներ ձեռք բերում։ Վիճում ընկերներիցդ մեկի հետ, ոչ միշտ հիմնավոր պատճառով, երբեմն օրդ մի քիչ հետաքրքիր դարձնելու համար։ Բայց իհարկե ցերեկույթի ավարտին հաշտվում ես նրա հետ` նեգատիվը քեզնից դուրս մղելու համար։

Ձանձրույթի ցերեկույթն անելուց հետո վերադառնում ես հավանաբար նույն կերպ, բայց առանց մարտնչելու։

Մտնում ես տուն ժամը 17:30-18:00 -ին, ճաշում ես,1 ժամ հանգստանում և սկսում դաս անել։1-2 ժամի մեջ տեղավորվելով` գնում ես պառկելու։ Թերթում ես ֆեյսբուքի էջդ, մի քիչ էլ Ինստագրամ, ու բարի գիշեր։ Մտածում ես ամեն ինչի մասին ու արթնանում ես 7:25, կրկին։ Լվացվում ես, նախաճաշում, ատամներդ խոզանակում և այլն։ Հասնում կանգառ ու սկսում ես գրել այս հոդվածը։ Գրելու ընթացքում նախորդ հոդվածի ցիկլը ամեն կերպ փորձում է մի նյութից մազապուրծ փախած հայտնվել էստեղ։ Բայց դու ամեն կերպ խանգարում ես դրան։

Գրում ես 20 համարի գազելի մեջ` առանց կաշկանդվելու, որ կողքիդ տղան կամ հետևիդ կինը կարող է կարդալ այն։ Գրելու ընթացքում նաև հասկանում ես, թե որքան ես սիրում գրել, ու սկսում ես էլի գրել, գրելով «գրել» բայը ևս տասը անգամ։

Ու մի պահ, թեև չես ուզում անիմաստ երկարցնել հոդվածը, բայց որոշում ես բոլորին իրազեկել, որ կրկին գազանանոցի մոտ մեքենա է շրջվել, ինչի պատճառով ուշանալու ես լեզվի դասից։

arxiv

Եկեք հարևաններ դառնանք. մաս 2

Չգիտեմ` ով ինչպես, բայց մենք հարևանություն անել շատ ենք սիրում: Նույնիսկ ժողովրդական ասացվածք ունենք. «Լավ հարևանը հեռու ազգականից լավ է»: Լավն, իհարկե, լավն է, բայց քանի դեռ չի փորձում դառնալ ընտանիքի անդամ: Էհ, ի՞նչ եմ ասում… Ախր, հայկական ընտանիքը մեծ է, համարյա ողջ շենքը: Բակում են անցնում շատերի կյանքի տարիները: Հա, մոռացա, բա մեր տների բարակ պատե՞րը: Նույնիսկ հարևանի` անկողնում շուռումուռ գալն է լսվում, էլ չասեմ զրույցների մասին: Տան մուտքով բարձրանալիս անսխալ կարող են կռահել, թե ով ինչ ճաշ է եփել, կամ… Ավելի լավ է կարդանք:

Չեմ սիրում գլուխգովաններին

Իմ չսիրած հարևանը մեր շենքի չորրորդ մուտքի հինգերորդ հարկի աջ թևում ապրող Կորյունն է` կոլոտ, թույլիկ, գլուխգովան, իր մասին մեծ կարծիքի ու թիթիզ: Մեսրոպ Մաշտոցի հետ կապ չունեցող Կորյունը ամբողջ օրը բակում ֆուտբոլ է խաղում: Ինքը խաղալ չգիտի, բայց իրեն դնում է Ռոնալդինյոյի տեղը:

-Շավո՛, դուրս արի «զամեն», Գուրգենչի՛կ, մտի՛ խաղա:

Հենց որ մեկն իրեն չի լսում, կռվում է, ծեծվում, գնում 13 տարեկան իր պես թույլիկ եղբորը «խաբար» տալիս:

Մի օր նա խաղալիք հրացան էր գնել, որը կրակում էր պլաստմասե գնդիկներով, ու շատ ցավոտ էր: Որոշեց մեզ վրա փորձարկել: Ես, Գևորգը և Մշկոն փրկվեցինք, որովհետև Կորյունը նշան բռնել չգիտեր:

Թորոս Իսկուդարյան, 13 տ.

  Կերպարանափոխվածը

Մեր հարևանը հաղթանդամ և գեր մարդ է: Ունի ընտանիք, վեց տարեկան աղջկա հայր է: Ես միշտ նրան տեսնելուց բարևում եմ:

-Բարև ձեզ,- ասում եմ ես:

-Բարև, Իննա ջան, ո՞նց ես:

-Լավ եմ, դուք ինչպե՞ս եք:

-Մերսի, դասի՞ց ես գալիս:

-Այո:

Սակայն մի բան դուրս չի գալիս: Երեկոները երբեմն նրանց տանից լսվում են գոռգոռոցներ: Գիշերն էլ երաժշտություն են միացնում, այնքան բարձր, կարծես թե մեզ մոտ է միացված:

Մի անգամ, երբ ես տուն էի վերադառնում դպրոցից, տեսա ութերորդ հարկի պատուհանից թափվող կահույքի կոտրված մասնիկներ: Տանը մայրիկս պատմեց ինձ, որ մեր հարևանը խմել է և որոշել իր ամբողջ կահույքը պատուհանից դուրս թափել:

-Մի գցիր սառնարանը: Ուրիշի ավտոմեքենան կփշրես: Ութերորդ հարկում ենք, չէ՞…,- լսում էի ես հարևանների գոռգոռոցները:

Ճիշտ է, սառնարանը նա դուրս չգցեց, բայց չէր դադարում գոռալ և հայհոյել:

Իննա Ազնաուրյան, 12 տ.

Գիտեք հե՞շտ է այդքանը հիշելը

Մեր տնից երկու տուն այն կողմ ապրում են երկու տատիկ, որոնք ամեն օր դուրս են գալիս բակ, տեղավորվում նստարանին ու սկսում զրուցել.

-Լսի, տեսա՞ր Ֆրանցիսկոն ինչ արեց Վալերիային:

-Հա, բաժանվեցին:

-Լսի, բա Մարսիան էդ ի՞նչ էր անում:

Բայց դա ինձ այնքան էլ չի զայրացնում, որովհետև հասկանում եմ` մեծ կանայք են, զբաղմունք չունեն, սերիալ են նայում ու բամբասում: Ինձ զայրացնում է այն, որ նրանք ամեն մի անցորդի սկսում են հարցեր տալ, այսպես ասած` փորձում են իմանալ նրանց կենսագրությունը, բայց անցորդներն այնքան շատ են լինում, որ ամեն օր նույն մարդկանց նույն հարցերն են տալիս ու մի քանի ամսվա ընթացքում միայն հիշում, թե ով ով է, ում երեխան է, ինչով է զբաղվում:

Մի օր ես անցնում էի փողոցով:

-Վայ, դու էդ ո՞ւմ աղջիկն ես,- հարցրեց Փառանձեմ տատիկը:

-Էն Ալբերտի աղջիկը չե՞ս,- վրա բերեց Մարետ տատը:

-Չէ, ես Գևորգի աղջիկն եմ:

-Բա ի՞նչ ես անում, դպրոց գնո՞ւմ ես:

-Հա:

-Յոթերո՞րդ դասարան ես:

-Չէ, իններորդ:

-Մեծ աղջիկ ես, էդ ե՞րբ էդքան մեծացար, չնկատեցինք:

Եվ ամեն օր, առանց չափազանցության, նույն հարցերն էին տալիս: Միայն քանի ամիս անց այդքանը մտապահելուց հետո սկսեցին ուրիշ հարցեր տալ:

Լուսինե Սարիբեկյան, 13 տ.

Ինչ նեղություն

Սիրուշ տատիկ մի ասա, կրակ ու պատիժ ասա: Ամեն օր կգա ու կասի.

-Հարսս գնաց ու մնաց, տղես ոնց որ պոչավոր էշ լինի, թոռս Աստծու գեշն ա…

Զզվել եմ արդեն: Ամեն Աստծո օր գալիս է մեր տուն, հեռուստացույց դիտում: Օրեկան վեց ժամ մեր տանն է: Իր ասելով` հարսը գնում է, հեռուստացույցն անջատում, ինքն էլ մթան մեջ բան չի հասկանում տեխնիկայից, որ միացնի: Մայրիկս ասում է.

-Գանք, ձևը ցույց տանք:

-Չէ, չէ, պետք չի նեղություն քաշել, էստեղ կնայեմ:

Մի ժամանակ գոնե լավ էր` չորս ժամով էր գալիս, շաբաթ, կիրակի օրերին էլ չէր գալիս: Հիմա սերիալներն ավելացել են, մի բան էլ` շաբաթ, կիրակի են երկու սերիալը ցույց տալիս: Բայց ասեմ, որ արդեն երկու ամիս է` մեր տան գլուխը հանգստացել է: Սիրուշ տատը մեկնել է Սիսիան` իրենց գյուղ: Գոնե այնտեղ այնպես հարմարվեր, որ չցանկանար այլևս Երևան վերադառնալ:

Քրիստինե Սարգսյան, 13 տ.

2007 թվական