Մարդասիրությունը վեհ առաքելություն է, ամեն մեկն այն իր մեջ պետք է կրի

Աշխարհում կյանքը շարունակվում է ընթանալ իր հունով, իսկ Արցախը շարունակվում է մնալ լիակատար շրջափակման մեջ։

Պատերազմն Արցախում արդեն երկու տարի է, ինչ ավարտվել է, բայց դա միայն՝ առերևույթ: Իրականում  այն չի ավարտվել: Նրա ուրվականը թափառում է քաղաքների ու գյուղերի փողոցներով, քմծիծաղում է ի տես խանութների դատարկ ցուցափեղկերի ու դարակների: Այն անկոչ հյուրի պես մտնում է ամեն տուն, նստում սեղանների շուրջ և սառնություն մտցնում արցախյան ջերմ ու սիրառատ օջախներում, տագնապի շղարշով պատում նրանց հանդարտ ու խաղաղ երեկոները։ Պատերազմը խաթարում է ոչ միայն մեծերի կյանքը, այլև տխուր երանգներ է ավելացնում  մանկական երփներանգ աշխարհում:

Ես ծնվել, մեծացել և ապրում եմ Արցախում: Իմ ինքնության արմատները խորը ներթափանցված են  այս հողում, որը տասնամյակներ շարունակ ոռոգվել է հայ զինվորի՝ մեր հայրերի ու եղբայրների արյամբ,  նաև՝ նրանց արդար քրտինքով։ Եվ սա լոկ հող չէ ինձ համար, այլ Հայրենիք՝ սուրբ և անփոխարինելի:

Իմ երազանքներն իմ հայրենիքում պիտի իրականություն դառնային, քանի որ միայն նրա հետ էին  կապված: Սակայն  իմ հայրենիքն այսօր վիրավոր է։ 44-օրյա աղետալի պատերազմից ստացած վերքերը ոչ մի կերպ չեն ամոքվում, դրանք օրեցօր ավելի են խորանում և արնաքամ անում։ Այսօր իմ երկիրը նման է վանդակում փակված վիրավոր արծվի, որին ոչ ոք չի բուժում, չի օգնում՝ իր ճախրանքը վերագտնելու:

Մենք  միայն մեր երկրում  ենք մեզ իրապես երջանիկ զգում, մեր հողի վրա ենք միայն հաստատուն կանգնում և ներքին անսպառ ուժ զգում՝ ցանկացած դժվարություն հաղթահարելու:

Հայրենիք ունենալը, հայրենիքում ապրելն ու արարելը ի վերուստ տրված պարգև է, և դժբախտ է այն մարդը, ով հայրենիք չունի կամ չի զգում նրա արժեքը:

Միգուցե 21-րդ դարում ապրող իմ տարեկիցների համար  տարօրինակ է հնչում, որ ես, ինչպես և իմ հազարավոր հայրենակիցները, չենք ցանկանում ապրել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կամ Իտալիայում, չենք  ուզում  վայելել Լաս Վեգասի շքեղությունը, հիանալ Էյֆելյան աշտարակով կամ զգալ Վենետիկի հմայքը: Մենք այդ մասին գուցե երազում էինք մինչև ճակատագրի՝ մեզ մատուցած տհաճ անակնկալը և, գուցե, մեր երազանքները չփոխեին իրենց հասցեներն ու բովանդակությունը: Սակայն պատերազմի ուրվականը մեզ նույնպես հետապնդում է, խլում մեզնից մեր երազանքները, դրանք իրականություն դարձնելու մեր ձգտումներն ու…  Այսօր Արցախում բոլորը մի երազանք ունեն միայն՝ ապրել խաղաղության մեջ։

2020 թվականի 44-օրյա պատերազմը մեզանից խլեց մեր հարազատներին, մեր ընկերներին, մեզ համար թանկ ու սիրելի մարդկանց։ Մենք կորցրինք մեր հայրենիքի 75 տոկոսը, բայց մնացած 25 տոկոսում ապրելու ցանկությունը՝ բնավ: Այն հայկական պահելը դարձել է մեր գերնպատակը։

Տարօրինակ է Աստծո արարչագործությունը՝ մարդը, ինչպե՞ս կարող է լինել այդքան ստեղծագործ ու կենսատու, միաժամանակ նաև ավերող ու մահ սփռող: Արցախը և նրա հարևանությամբ ապրող թշնամին ներկայացնում են կյանքի երկու, բոլորովին հակադիր բևեռներ։ Մեզ խորթ է ավերողների և ցեղասպանների բնույթը։

Աշխարհում յուրաքանչյուր ոք ունի ազատ ապրելու իրավունք։ Սակայն այսօր անտեսվում և ոտնահարվում են իմ և իմ հայրենակիցների այդ իրավունքը։ Մենք գտնվում ենք մեր թշնամիների կողմից լիակատար շրջափակման մեջ։ Արցախը կտրված է արտաքին աշխարհից: Սպառվում են առաջին անհրաժեշտության ապրանքները, վերակենդանացման բաժանմունքներում գտնվող մանկահասակ, երիտասարդ ու տարեց հիվանդները զրկված են Արցախից դուրս բուժում ստանալու հնարավորությունից։ Այս պատճառով արդեն գրանցվել է մեկ մահվան դեպք։

21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի առաջ այսպես կոպտորեն  ոտնահարվում են մարդու  հիմնարար իրավունքները, բայց միջազգային հանրության կողմից լիակատար լռությունը շարունակվում է։

Մի խումբ հանցագործներ, իրենց անվանելով բնապահպաններ, ինչպե՞ս  կարող են որոշել Արցախում ապրող 120 հազար մարդու ապագան։ Իրենց ժողովրդավար անվանողների այն կարգախոսը, թե իբր մարդը գերագույն արժեք է, վաղուց կորցրել է իր իմաստը։

2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանը Թուրքիայի և իրեն  աջակցող այլ երկրների օգնությամբ մահվան է տարել սերունդների, տեղահանել և հայրենազրկել տասնյակ  հազարավոր մարդկանց։ Այսօր էլ նրանք շարունակում են իրենց հանցավոր գործողությունները՝ ուղղված արցախահայությանը հայրենի հողից և ապրելու իրավունքից զրկելուն:

Աշխարհում  այս օրերին  միլիոնավոր երեխաներ սպասում են ամանորյա հրաշքին, որն իր հետ խնդություն և ցանկալի նվերներ է բերում, իսկ արցախցի մանուկների համար  այդ տոնական սպասված հրաշքը միայն Արցախը մայր Հայաստանի հետ կապող ճանապարհի բացումն է, որովհետև նրանց մի մասն այսօր հեռու է ծնողներից հենց այդ պատճառով:

Ես չեմ ուզում պատերազմ լինի, և նորից կրկնվի այն արհավիրքը, ինչ եղավ: Ես  չեմ ուզում, որ զավակները հայրերին միայն նկարներից ճանաչեն կամ նրանց երկնքում փայլող աստղերի մեջ որոնեն: Բայց ես ուզում եմ, որ բոլորն ապրեն և արարեն իրենց հայրենիքում, և ոչ ոք հայրենի տան կարոտ չզգա, բոլոր ճանապարհները միայն դեպի տուն տանեն:

Ես իմ ձայնն եմ միացնում  աշխարհի խաղաղասեր մարդկանց ձայնին, դադարեք ձևացնել, թե դուք մեզ չեք  ճանաչում, չեք տեսնում, չեք լսում, թե մենք չկանք:

Մարդասիրությունը վեհ առաքելություն է, ամեն մեկն այն իր մեջ պետք է կրի:

Inga Tamrazyan

Երեխան և պատերազմը

Մանկական տրավմաները մեծ ազդեցություն են թողնում մարդու ներաշխարհի, աշխարհայացքի և ընկալումների վրա, իսկ ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ պատերազմը, արդյո՞ք սա տրավմայի մի մաս է, արժե՞ այս թեմայով խոսել երեխայի հետ, նրան տեղեկացնել պատերազմի մասին։
Այս առիթով զրուցել ենք մանկական հոգեբան Անի Քոչարյանի հետ։

- Անի, շատերն են ասում, որ մեծ տարիքում մեզ անհանգստացնող վախերը գալիս են փոքր տարիքից, որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը։

- Վախեր, ֆոբիաներ և տագնապներ կան, որ առաջանում են հենց մեծ տարիքում` կյանքի իրադարձություններով պայմանավորված, իսկ կան վախեր, որոնք գալիս են մանկությունից, նաև ներարգանդային կյանքից, կան նաև վախեր, որոնք երեխաներին են փոխանցվում ծնողներից։

- Մենք, որպես պատերազմող երկիր, արդյո՞ք պարտավոր ենք խոսել երեխաների հետ, նրանց ներկայացնել, թե ինչ է պատերազմը։

- Եթե չլինեինք էլ պատերազմող երկիր, պետք է երեխային ասենք, թե ինչ է պատերազմը, բնականաբար, իր տարիքային առանձնահատկությունների շրջանակներում։ Դեռահասության տարիքում արդեն լիարժեք կարող ենք ներկայացնել, թե ինչ է պատերազմը, իսկ ավելի փոքր տարիքում կարող ենք դա ցույց տալ մուլտֆիլմերի միջոցով, հնարավոր տրավմաներից խուսափելու համար, բացառությամբ այն դեպքերը, երբ երեխան ականատես է լինում ռազմական գործողությունների:

- Կարծրատիպ կա, որ երեխան ինչքան քիչ բան իմանա մեր շուրջը կատարվող վատ իրադարձությունների մասին, այնքան մանկությունը ավելի գունեղ կանցնի, ճի՞շտ է արդյոք դա։

- Նայած որ իրադարձությունների մասին է իմանում, եթե բացասական, բնականաբար գունեղ չի անցնի, իսկ եթե դրական, ապա հակառակը։ Պետք է կարողանանք մեծացնել հոգեպես առողջ երեխաներ, պահելով ոսկե միջին կոչվածը։

-  44-օրյա պատերազմի ժամանակ տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երեխան ասում էր, որ պատերազմում կորցրել է իր հայրիկին, ի՞նչ եք կարծում սա հետագայում որքանով կանդրադառնա երեխայի հոգեբանության վրա։

- Շատ անհատական հարց եք տալիս, որի դեպքում ենթադրություններ անելը շատ սխալ է, բնականաբար երեխայի մոտ կա կորուստ, որը պետք է կարողանա ապրվի իր կողմից և հաղթահարվի։ Իսկ հետագան, թե ինչպես կանդրադառնա, կախված է մեծահասակների քայլերից:

- Անի, հետաքրքիր է, երբևէ փորձ ունեցե՞լ եք աշխատել նման երեխաների հետ։

- Այո, և՛ քառասունչորսօրյայից հետո, և՛ հիմա։

- Ո՞ր դեպքում եք խորհուրդ տալիս դիմել հոգեբանի, ինչպե՞ս հասկանալ, որ երեխան ունի հոգեբանի կարիք։

- Կան ախտանշաններ, որոնց դեպքում պետք է աշխատել՝ սննդի ընդունման խանգարումներ, քնի խանգարումներ, վարքային փոփոխություններ, տրավմայի չապրման զգացողություն և այլն։

- Արդյո՞ք դրանք շուտ հայտնաբերելու և բուժելու դեպքում  երեխային այլևս չի անհանգստացնի։

- Դեպքեր կան, որ աշխատանքը պահանջում է տարիներ։ Հետագայում, նաև մեծ տարիքում, անդրադարձ տվյալ հարցերին։

- Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին, ինչպե՞ս աշխատել երեխաների հետ, նրանց մոտ հնարավորինս առողջ մանկություն ձևավորելու համար։

- Առաջինը` լինեն «բաց» երեխաների նկատմամբ, ունենան լսելու և կարեկցելու կարողություն և հաճախ զրուցեն երեխաների հետ։

ԱՐԴԵՆ 12-ՐԴ ՕՐՆ Է` ԱՐՑԱԽԸ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ Է ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ

Ես եմ քարերիդ, վեհ բարձունքներիդ հավերժ երգիչը

«Ժամանակը բուժում է վերքերը…»,- այս խոսքերն իմ հույսի կաթիլներն են, բայց երբեմն էլ կասկածանքի հատիկների են վերածվում։ Նրանք, ովքեր Արցախում եղել են մեկ անգամ կամ չեն եղել, պարզապես սգացին ազգային ցավը, այժմ նրանց կյանքում մի բան է փոխվել` Արցախի մասին խոսելիս, ժամանակաձևը անցյալ են դարձնում… Իսկ ես ու ինձ նման շատերը մեր երջանիկ օրերն ենք անցյալի վերածում։ Գիտե՞ք՝ այսօր լրանում է 240-րդ օրը, ինչ ես ինձ անհայրենիք եմ կոչում: Այո, ես հաշվում եմ օրերը, ու ամեն նոր օրվա հետ ցավս խորանում է։ Պատկերացնում եք, չէ՞, 240 գիշեր է արդեն, ինչ մայրը որդուն է սպասում, ինչ երիտասարդ աղջիկն իր սիրելիի հայացքին է կարոտ, նկարներով է մեղմում կատաղի ցավը, ինչ հարյուրավոր մարդիկ խաղաղություն են տենչում, ինչ Արցախն իր քաջ եղբայրներին է սպասում, իսկ Բերձորս` ինձ։

Ա~խ, եթե Բերձորս միայն ինձ սպասե~ր, ես կգնայի ու վերջ կդնեի անսանձ ցավերին: Բայց չէ՞ որ նա միայն ինձ չի կարոտել, երևի ես իրավունք չունեմ գնալ հայրենիք, երևի հայրենիքս ինձ չների, ես մեղավոր եմ, որ այս օրը՝ մայիսի 18-ին, քաղաքիս ազատագրման օրը, մենակ եմ թողել անհաղթ Բերձորիս։ Հիշում եմ, այս օրը ժամանակս ինձ ոչինչ չէր թողնում անել. ես չպետք է գրեի այս տողերը, այլ պետք է կանգնեի Արցախյան գոյամարտում մարտիրոսված քաջորդիներին նվիրված հուշահամալիրի կենտրոնում ու հնչեցնեի ինձ հանձնարարված գեղեցիկ խոսքերը։ Իսկ արդեն երեկոյան մեր բոլորի կողմից սիրված Վեհափառի հրապարակում պետք է զբոսնեի ընկերներիս հետ, պետք է կանգնեի ժողովրդի հետ ու գոռայի այս խորիմաստ տողերը․ «Հը-զոր Քաշաթաղ»։ Ուզում եմ սրտիս խոսքն ուղղել Բերձորիս, որպես ներողություն իրեն այս օրով մենակ թողնելու համար.

-Այո’, այսօր ես քեզնից շա~տ հեռու եմ տոնելու օրդ, բայց իմ տողերը թող նվեր լինեն քեզ, քո ժայռերին, քո քարերին, թող նվեր լինեն իմ բարի հիշողություններին։ Ցավում եմ, որ միայն սիրտս ու հոգիս են այդտեղ` քո գրկում, որ ուրիշ քաղաքների նման քո մասին հոգ տանողները շատ չեն, ցավում է ամբողջ սիրտս։ Վստահ եմ՝ դեռ կգամ քեզ մոտ` հուսալով՝ ինձ կներես, ինձ կհասկանաս, որ ինձ կսպասես։ Ու չփորձես, Բերձո’ր, չփորձես հանկարծ քեզ համար նոր պատանի փնտրել, ես եմ քո սրտում, ես եմ քարերիդ, վեհ բարձունքներիդ հավերժ երգիչը… Պարզապես հիշենք՝ ոչ բոլոր վերքերն ունեն բուժվելու հատկություն, այդ մենք ենք մեզ ստիպում մոռանալ մեզ խանգարող սպիների մասին։

Գյուղի աստեղային շաբաթը

Գյուղից դեպի դուրս գնացող ճանապարհին միշտ խցանում է, ներս են գալիս մեկ-մեկ, մնում՝ հազվադեպ։ Դեպի գյուղ եկող ճանապարհին երբեմն լսվում է հին մեքենայի՝ բերքի ու գյուղական մթերքի ծանրության տակ ճռռացող անիվների խուլ տնքոցը ու ղեկին նստած ծերուկի հառաչանքը։ Ձմռանը ծերուկն ու մեքենան չեն երևում ճանապարհին։ Մեքենան չի դիմանա ձմռան ծանրությանը, ծերուկն էլ։

Գյուղի փողոցները վաղուց մթությունը ցրելու աստիճան լուսավորված չեն. հին լույսերը չեն աշխատում, նորը գնելու համար մարդիկ չկան, պետք էլ չի: Մի քանի տուն է նշմարվում՝ բակի պատին իմիջիայլոց լույսեր գցված. երեխաները մի քիչ կուրախանան, ավելին անելու ժամանակ չկա, հավես չկա, պետք էլ չի:

Գյուղն այնքան փոքր է: Մարդիկ էլ, սերն էլ այնքան են պակասել, որ փողոցով քայլելիս հաջորդ տարվա համար ամեն հանդիպողին կարող ես առանձին բարեմաղթանք ասել հատուկ իր համար, իր կյանքը իմացողի, խնդիրը հասկացողի, երազանքը գուշակողի նման, ամեն մեկին իր փայ երջանկությունը ցանկանալ: Ամեն մեկին առանձին գրկել, ամեն մեկի հետ մի բաժակ խմել ու մի կտոր հաց կիսել, Ռաֆիկ պապին հանդիպելիս ասել՝ մի տարի էլ գլորեցիր, ծերո՛ւկ, ու երբեք նրան նեղացած չտեսնել քո խոսքերից, դրա կարիքը, թերևս, չկա, պետք էլ չի:

Գյուղն այնքան փոքր է, ցուրտ է, որ մարդիկ ուզած-չուզած իրենց ներսի ջերմությունն են դուրս բերում: Առաջվա մարդաշատ փողոցներին փոխարինել են մի քանի տան վառվող վառարանները, մարդաշատ փողոցներում իրար անտարբեր հայացքով նայողները դարձել են հարևանի հետ անընդհատ խոսել ցանկացողներ, ոմանք էլ ուղղակի հարևանի կարիք ունեն, որ զգան՝ մարդիկ ապրում են, ինչ-որ մի տեղ, բացի իրենցից:
Գյուղի Նոր տարվա հեքիաթը ձմեռ պապերն ու նվերները չեն, Նոր տարվա իսկական հրաշքը դեկտեմբերի վերջին գյուղ եկող ճանապարհի խցանումներն են, կյանքում միակ տեղն ու ժամանակը, երբ խցանումը երջանկացնում է. տուն են գալիս։

Տոներն անցան: Գյուղը նորից փոքր է ու մենակ:

Հունվար, 2018 

ԱՐԴԵՆ 7-ՐԴ ՕՐՆ Է` ԱՐՑԱԽԸ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ Է ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ

Բերձորն իմն էր, ես՝ Բերձորինը

 

Վերջին տարիներին սկսել էի Բերձորն ամուր պատանեկական սիրով սիրել: Բերձորն իմն էր դարձել, ես՝ իրենը: Ու մինչև վերջին պահը, արմատներս հողին ամրացրած, ես Բերձորում էի: Եթե ոչ ես, ապա սիրտս Բերձորինն էր, միտքս ու ուղեղս միայն Բերձորն էին: Բերձորն արդեն իմ երազանքների քաղաքն էր դարձել: Միգուցե ես էլ իր երազանքների պատանի բնակիչն էի դարձե՞լ: Այդ արդեն այժմ չգիտեմ, չհասցրի հարցնել… Չհասցրի:

Ես շատ բան չհասցրի: Ես չհասցրի հրաժեշտ տալ հող ու ջրիս, ես չհասցրի վերջին անգամ տանս նայել, որովհետև վստահ էի՝ սա հրաժեշտ չէ:

Ես չհասցրի հավաքել հիշողություններս ու ճամպրուկումս տեղավորել: Մարմինս անզգայացել էր, հոգիս ցավից լռել, միտքս՝ բթացել: Միայն հետո ես հասկացա՝ ինչ եմ կորցրել. տուն, ընկերներ, հայրենիք… Եվ այս ամենը ես գուցե փուչ համարեի, եթե հայրենիքս չլիներ: Ես գուցե կարողանայի ներել ճակատագրին, եթե հայրենիքս չլիներ:

Իսկապես, հայրենիք կորցնելը սարսափելի բան է, ավելի սարսափելի, քան քո տեսած բոլոր սարսափ ֆիլմերն ու դրանցից եկած այդ դատարկ զգացումները: Հիմա ես ոչինչ չեմ զգում, որովհետև զգացմունքներս Արցախում մնացին:

Հիմա ես էլ ոչ մի տուն, ոչ մի դպրոց, ոչ մի դասարան, ոչ մի արև ու ոչ մի երկինք չեմ ընդունում, որովհետև իմն Արցախում է: Ու քանի տարի էլ անցնի, ինձ հասնող արևի մեջ ես Արցախն եմ տեսնելու, երազներիս մեջ Արցախում եմ լինելու ու լուրթ երկնքի պարզության մեջ ես իմ խաղաղ երկիրն եմ տեսնելու:

Եվ վստահ եմ՝ մի օր էլ, ինչպես առաջին անգամ, ես քաղաքիս գիրկն եմ վազելու՝ մանկացած, ու արցունքոտ աչքերով ծածանվող Հայոց Եռագույնն եմ տեսնելու:

Մայիս, 2021

Արդեն 4-րդ օրն է Արցախը շրջափակված է թշնամու կողմից

Գազ չի կա՝ պլիտա կվառինք։

Լյուս չինի՝ փիչնք վռլան,

Փիչ չինի՝ մոմնք վռլան

Մոմել չինի ՝ մի աձեալում փթաթվելուվնք, հարազատներավ մի օթաղում նստինք ֆանարիկնեն միացնինք, խոսինք, ծիծաղինք, ապրինք։

Վեշմինը թող ուրխանա վեչ, վեր արցախցին սոր էս օրինա։Ու մտածեվեչ, վեր արժանիյա, կամ կոտրվալա։

Մեզ հինչքան շատ փորձին հեռու պահին ստղան, էնքան ավելիյնք սիրլան մեր տոնը։

Ես իմ անունասում խոսում, ու ընտանիքիս անունան։

Սաղել գիդումն հինչքանում սիրում քաղաքս, միշտում սիրալ, ու սիրլանում։

Մունք ուժ օնինք, ոգի, թասիբ, ինքնասիրություն։

Մենակ գազ չի օնինք։

Էքուծել կարողա լյուս կամ ինտերնետ չի ինի, վեչինչ

Աշխարհի վերջը չի

Մարդու տրվումա էնքան հինչքան կարե հաղթահարե։

Տիյեր Աստված կա

Իմ գյուղը` Դարբաս

Կա՞ արդյոք մի տեղ, որտեղ մարդն իրեն երջանիկ է զգում, ոչնչից չի վախենում, ապահով է, սիրված ու գնահատված: Դա իհարկե, հայրենիքն է և առաջին հերթին հայրենի տունը: Իմ հայրենի տունը իմ գյուղն է:

Իմ Դարբասը (նախկինում Աղվերծ, Ըղվերծ) գտնվում է Սյունիքի գեղատեսիլ բնության մեջ և շրջապատված է հսկա լեռներով: Չգիտեմ ինչու, բայց ինձ միշտ թվացել է, թե այդ լեռները ուս-ուսի տված զինվորներ են, որոնք պաշտպանում են մեզ, և միշտ ակնածանքով ու հպարտությամբ եմ նայել նրանց: Մանավանդ այն սուրբ լեռանը, որին Եղյակ ենք անվանում: Այն միշտ էլ ժողովրդի համար սրբատեղի է եղել, և ժողովուրդը հավատացել է այդ սուրբ լեռան զորությանը:

Տատիկս պատմում է.
-Էն ժամանակ մարդիկ քինում էին Եղյակից քար պիրում, քցում գետը, որ անձրև կյա:
Հիմա էլ Եղյակը սրբատեղի է համարվում, և այնտեղ հաճախ են ուխտագնացություններ լինում:
Մեր գյուղի հրաշալիքներից մեկը մեր եկեղեցին է: Ժամանակին յոթ եկեղեցի ենք ունեցել, որոնք ցավոք չեն պահպանվել: Մեր Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 5 տարի առաջ երկու բարերար եղբայրների ջանքերով: Նրանք մինչև հիմա շարունակում են մեր գյուղը շենացնել: Մենք մի կամուրջ ունենք, որին Արզումանի կամուրջ են անվանում: Այն ժամանակին շատ կարևոր նշանակություն է ունեցել: Բարերարները այս կամուրջը վերանորոգեցին:

Գիտե՞ք ինչքան էի ուրախանում այս ամենը տեսնելով, ուրախանում էի, որ մեր գյուղը օր-օրի շենանում է, և ես էլ էի ցանկանում մի լավ գործ անել մեր գյուղի համար` թեկուզ փոքր գործ:

Չէ՞ որ փոքր գործերից է ծնվում մեծ գործը:
Երբ նայում եմ այս բնությանը, այս ծաղիկներին, լեռներին` հասկանում եմ, որ նրանք էլ են կարողանում զգալ ու խոսել: Եվ ո՞վ է ասել, որ նրանք անկենդան են: Հենց նրանց մեջ է ամփոփված իմ գյուղը իր վաղեմի պատմությամբ, գեղեցկությամբ և հրաշալիքներով:

Սեպտեմբեր, 2015