18-ը փոքր ա

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Հորաքրոջս ամուսնանալու պատմությունը, ով Ակնալիճ գյուղից հարս է եկել Ապարան քաղաք:

-Հոք, ո՞նց ես ամուսնացել:

- Չուզելով: Չուզելով ամուսնացել եմ, բայց համակերպվել, ապրում եմ: Դե, հեռու էր Ապարանը, դրա համար չէի ուզում: Ոնց պատմեմ, Կամոն (հորաքրոջս ամուսինը) իրա ընկերոջ հետ եկել էր մեր տուն՝ խոզ առնելու: Ուրեմն լսի, տատիս մեր պադվալի երդիկին չիր էր փռել, սրանք էլ կեթան- կգային՝ չիր կուտեին, ես էլ կոֆե էի դրել: Հա կանչում էի՝ եկեք, կոֆեն սառավ, ես էլ ինչ իմանայի, որ էդ ընթացքում եսիմ քանի հատ ճանճ ա ընկել կոֆեի մեջ: Սրանք կգան կոֆե խմելու, մեկ էլ զգում եմ՝ հա ծիծաղում են, դե, չգիտեի, որ ճանճի համար են ծիծաղում: Ես էլ իմ կարած շորն էի հագել, էդ էլ մի քիչ բաց էր, գիտեի՝ իմ շորի վրա են ծիծաղում ու վռազ կոպտեցի: Ասի՝ ինչի՞ վրա եք ծիծաղում, ասեք՝ ես էլ ծիծաղեմ: Ու էդ պահին սրա ընկերը ասեց, թե հըլը կոֆեդ խմի, Կամո, ու լեզվին երկու ճանճ: Էս ընկերն էլ ասեց՝ արա, ղսմաթով տղա ես, էլ ի՞նչ ես ուզում:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

-Քեզ ուզելու եկե՞լ են:

-Բա ոնց չեն եկել: Մի քանի անգամ եկան, ես էլ հա չէ էի ասում: Հենց գալիս էին, փախնում գնում էի հորքուրիս տուն, Հարութը (իր հորաքրոջ տղան) դնում հեծանիվ, հետ էր բերում:Մի օր էլ եկան (արդեն հինգերորդ անգամ էին գալիս) սկեսրարս պապայիս ասեց՝ Ռաֆիկ ջան, սենց չի լինի, եքա ճանապարհ ենք գալիս գնում, թող գոնե երեխեքը մի հատ առանձին խոսեն: Ես էլ սենյակս էի, եկավ, ասեց՝ բարև ձեզ, ասի՝ բարև: Հելա աթոռը տվեցի, ասի՝ նստեք, ասեց՝ չէ, չեմ ուզում, ասի՝ դու գիտես: Ասեց՝ հը՞ն, ի՞նչ ես ասում, ես էլ ուսս թափ տվեցի: Կարճ խելքով իբր էլի չեմ ուզում: Կամոն հելավ սենյակից, իրա հերը հարցրեց՝ հը՞ն, ի՞նչ ա ասում աղջիկը: Ինքն էլ ասեց՝ ի՞նչ պիտի ասի, ինքը ուզում ա: Իրանք էլ պատրաստված էին եկել: Իմ տալերը երգել պարելով մտան սենյակս, ես էլ ամոթու զոհ գնացի: Հետո եկան նշան դրեցին: Տատիս հա ասում էր՝ խի՞ չես ուզում:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

-Հարսանիք արեցի՞ք:

-Հա, մեծ հարսանիք արեցինք, հարսի շորս տարան հորքուրիս տանը հագցրին: Երկար շոր չէր: Նույնիսկ եկեղեցի չտարան, էտ էլ ասեմ: Իրանց ասելով, էտ ժամանակ հարսին եկեղեցի չէին տանում: Ինձ թվում էր՝ դրանք չֆայմեցին մտնեին Էջմիածին եկեղեցի:

-Իսկ ո՞նց հարմարվեցիր, դե, գյուղից եկել ես քաղաք: Կլիմային ինչպե՞ս հարմարվեցիր:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

-Դե, էս էլ էլի համարյա գյուղի նման մի տեղ էր, կարևորը, որ շոգից փախա: Ձմեռը ստեղ շատ ցուրտ էր, ճիշտն ասած, չէի պատկերացնում, որ ձմեռը տենց ահավոր կլինի, բայց հետո աստիճանաբար սովորեցի:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Ես 18 տարեկանում եմ ամուսնացել, բայց էտ սխալ ա: Սաղ կյանքը դեռ դեմս էր: Ես սովորում էլ էի՝ Հոկտեմբերյան մասնավոր կարի խմբակ էր, մի բանով կզբաղվեի: 18-ը փոքր ա, մի քիչ մեծ պիտի լինես, մեծ:

Inesa Zohrabyan aragacotn

Զորակոչը

Բարև: Այս նյութը գրում  եմ առավոտյան շուտ, այնպես որ, բառերս, մտքերս, զգացմունքներս երևի թե թարմ կլինեն:

Լավ, ուզում եմ  շարունակել մեր թղթակիցների հոդվածների շարքը զինվորներին, բանակին վերաբերող:

Ասեմ … Ես էլ եղբորս բանակ ճանապարհեցի: Ուզում եմ ձեզ պատմել մի քանի բան այդ օրերից:

Նախ, եղբորս  զորակոչի օրը հուլիսի 30-նն  էր, և դրան նախորդող 1-2 օրերին մենք շատ հյուրեր ունեցանք: Գիտեք, բոլորի մաղթանքները մեկ ենթավերնագրի տակ կարելի էր դնել`խաղաղություն աշխարհում ու թեթև ծառայություն բոլորին:

Ես միշտ լսել եմ կարոտ բառի մասին, ասել եմ, որ կարոտում եմ, բայց այդ բառը իր ամբողջ ծանրությամբ ինձ վրա եկավ, երբ տեսա եղբորս համարյա թե ճաղատ գլուխը: Ես արդեն կարոտեցի, չնայած նա կողքիս էր: Այդ օրը նրա՝  մեզնից երկու տարով հեռանալու բաղադրիչներից մեկը իրոք  ինձ ուշքի բերեց: Ու հիմա էլ գիշերը սենյակ մտնելուց թաթերի վրա եմ քայլում, հետո հիշում եմ, մտածում, որ  եղբայրս այնտեղ  է, հանգիստ պառկած է ու ինքն էլ ինձ է հիշում, երևի:

Եղբայրս գնաց զինկոմիսարիատ, որտեղից նույն օրը զինվորներին տեղափոխեցին Երևան, իսկ այ, հաջորդ օրը շատ դանդաղ էր անցնում: Երևանում ենք, բոլորի ծնողները հավաքվել են վիճակահանությանը մասնակցելու: Մտնում ենք ներս, տեղավորվում ենք ու նայում մեր դիմացի հեռուստացույցներին, որտեղից պետք է երևային մեր զինվորները: Ահա սկսվում է: Բոլորն անհամբեր, դողալով, աղոթելով սպասում են: Բոլորը արկղիկից քաշում են իրենց առաջիկա 2 տարվա ծառայության վայրի անվանումը: Հետո դուրս  ենք գալիս, տեսնում մեր զինվորներին`10-15 րոպե: Հետո լքում ենք ադ տեղը՝ զինվորներին տալով շատ խորհուրդներ ու  բարեմաղթանքներ: Իսկ նրանք, կապված  ծառայության վայրից, շարժվում են ավտոբուսներով տարբեր ժամերի:

Ահա և վերջ: Դանդաղ  ընթացող օրը ավարտվեց, և  հուսով եմ, որ այդ օրից էլ չեմ ունենա, ուղղակի չեմ ուզում: Իսկ հիմա ուզում եմ ասել, թե որտեղ էլ ծառայեն՝ սեր է պետք, իսկ սերը խաղաղություն է բերում, միասնականություն ու հարգանք: Այնպես որ, թող ամբողջ աշխարհը սիրի, որովհետև սերը չի չարանում ու պատերազմներ չի բերում: Աշխարհին, մեր Հայաստանին՝ խաղաղություն ու պարզ երկինք:

Սպասում ենք Ձեզ`մեր զինվորներ:

Մի քիչ սեր

Anna MkhitaryanՏատիկս՝ Քնարիկը, իմ ամենալավ ընկերն է, կարելի է ասել` Աշոցք գյուղի ամենաճանաչված խոհարարներից է:

Աշխարհում ամենաշատը սիրում եմ տատիկիս տուն գնալ: Հա, տատիկիս, դե, մանկուց այդպես եմ սովորել: Ամենահետաքրքիր օրը կարող եմ անցկացնել միայն այնտեղ և մի լավ գիրանալ: Հենց տատիկս ինձ տեսնում է, առանց բարևելու, առաջին բանը, որ կասի, սա է.

-Հաց կերե՞լ ես, արի՛ հաց դնեմ, կեր:

Ու անգամ չի լսի պատասխանդ, միանգամից կստիպի ուտել մինչև վերջ: Նրան միշտ կգտնես կամ խոհանոցում, կամ էլ տան մի անկյունում` տեղափոխություն անելիս:

Ամեն-ամեն ինչ կնվիրի, կտա քեզ, բայց երբ քո բերանով ինչ-որ բան ուզես, որ խանութից պետք է գնի, կպատասխանի.

-Դրա փոխարեն մի պարկ ալյուր կառնեմ, հաց կթխեմ, կուտես:

Բայց դա ասելուց անմիջապես հետո կշտապի խանութ` իմ ուզածը առնելու: Հա, ու որ ամենակարևորն է` ամեն անգամ ասում է` ուշացա, բայց ամեն ինչ իր ժամանակին հասցնում է:

Ես տատիկիս փոքրիկ թոռնիկն եմ, և կարելի է ասել` իրենց տանն եմ մեծացել, տատիկս ինձ համար երկրորդ մայր է: Զգում եմ իր մեծ սերը, բայց պատմեմ մի պատմություն:

Երբ մորաքրոջս աղջիկը գալիս էր մեր տուն, տատիկիս ուշադրությունը մի փոքր շեղվում էր: Մի անգամ լացակումած ձայնով դիմեցի տատիկիս.

-Տա՞տ, որ նա գալիս է, ինձ կիսա՞տ ես սիրում:

Տատիկս ժպտաց ու պատասխանեց.

-Երկուսիդ էլ լրիվ եմ սիրում, ու լրիվի չափն էլ ձեր գեղեցկության մեջ է:

Ես էլ ժպտալով գնացի` հիշելով, որ տատս ասում էր.

-Ան, դու աշխարհի ամենասիրուն աղջիկն ես:

Բոլորի տատիկներն էլ լավն են, մնում է մի գրամ սեր տալ նրանց, իսկ նրանք դա կդարձնեն հավերժություն:

Jenya Eghikyan

Արի՛ աստղերը հաշվենք, որ հաշտվենք

Ես էլ հույս ունեի, որ մի օր քո մասին մտքերս կդադարեմ հանձնել թղթին` նրանից խնդրելով, որ չպատառոտվի, որ հիշողությունս մնա ինձ հետ հավերժ։ Ինձ թվաց, թե ձեռքս կհրաժարվի գրել, բայց մտքերս այդ հարցում ինձ հետ համաձայն չեն։ Մտքերս քո հարցով շատ մտահոգ են, ոչ մի բանում ինձ հետ չեն համաձայնում, մտքերիս դարակը անօգնական վիճակում է, ինձ ոչինչ չի ասում, բայց ես հասկացել եմ՝ վերանորոգելու կարիք ունի։

Ես քո մասին նոր էջից չեմ գրում, մեր անավարտ էջերն եմ շարունակում։ Վերջակետը մեզ համար չէ, մենք բազմակետին ենք կարոտ… Մեր միջև եղած անդունդից ես էլ, դու էլ ցած ենք գլորվել, ցավոք, առանց իրար ձեռք բռնելու: Բայց ես դրա կարիքը ունեի, ձեռքիս ջերմությունը քո ձեռքին էր կարոտ, որ կարոտով էլ մնաց։ Մեզնից հետո այնքա՜ն բան մնաց անավարտ։ Աստղերը գիշերը հաշվող չկա, ոչ ոք չի կարող լուսնին այդպես նայել, ինչպես ես ու դու՝ տանիքում նստած։ Աստղերն իրենք էլ հասկացել են ու երկնքում ցաք ու ցրիվ են կանգնել, շողում են, որ իրենցից մեկին տեսնենք ու մեր երազանքը պատմենք, հետո ինքը ցած ընկնի։ Ի դեպ, մեր նստարանն էլ վաղուց քանդել են, ինքն էլ էր հասկացել, որ մի օր դադարելու ենք իր մոտ գնալ ու ժամերով զրուցել։ Ինչ լավ է, չէ՞ «մեր նստարանը»։

Ես հիշում եմ, որ ամեն բան մերն էր, երբ միասին էինք, աշխարհը մերն էր, անգամ ես էի քոնը, դու՝ իմը։ Մնացինք միայն ես ու դու` առանց նստարանի, առանց աստղերի ու տանիքի, ես կորցրի իմ լուսինը։ Ես գրում եմ՝ ամեն տողատակում քո անվան տառերը շարելով ու հետո դրանց վրա անկանոն գծեր եմ քաշում, բարկությունի՞ց, թե՞ աստղերը մենակ հաշվելուց։

Քո մեջ իմ ես-ին չփնտրես, իսկ եթե գտնես, ամուր կպահես քեզ մոտ, ես դա կզգամ։ Արի՛ գնանք աստղերը հաշվենք, այն հույսով, որ դրանցից մեկը կընկնի հենց մեր ձեռքերի մեջ։ Մոռացի՛ր հաշիվը, մենք նորից ենք սկսում։

sona zakaryan

Մայրիկիս դաշնամուրը

Ամեն անգամ Երևան գալիս և տատիկիս տան հյուրասենյակ մտնելիս տեսնում եմ մայրիկիս փոքրիկ դաշնամուրը։ Դաշնամուրի վրա իմ նկարն է՝ տատիկիս սիրելի նկարը ու մի գեղեցիկ,սիմվոլիկ արձանիկ։ Այդ դաշնամուրը կարծես հիշողությունների մի փոքրիկ արկղիկ լինի, հատկապես` մայրիկիս համար։ Ամեն անգամ դաշնամուրը տեսնելիս մայրիկիս աչքերը ուրախությունից փայլում են, նա կարծես միանգամից նետվում է դեպի դաշնամուրը ու նվագում մի գեղեցիկ մեղեդի։

Պահի տակ շփոթվում է, ինչ-որ բաներ մոռանում ու մեր անհամար հարցերին պատասխանում.

-Բալես, երկա՜ր ժամանակ է, ինչ չեմ նվագում, ի՜նչ արած։

19 տարի առաջ մայրիկս թողեց դաշնամուրը, պատշգամբը, վարդագույն Երևանը և ամուսնացավ հայրիկիս հետ՝ տեղափոխվելով գյուղ։

Երևի շատ բաներ կիսատ մնացին, որոշներն էլ գտնվեցին։

Քաղաքից գյուղ տեղափոխվելը, գյուղի բարքերին ու մարդկանց սովորելը բավականին դժվար է: Մայրիկս բավականին ուժեղ բնավորությամբ, հզոր կամքի տեր ու շատ կարեկից կին է։ Այս ամենը, իհարկե, չեմ ասում այն բանի համար, որ մայրս է, այլ որովհետև իրականում այդպես էլ կա։ Հանուն իր սիրո նա հաղթահարեց բոլոր դժվարություններն ու կյանքի հարվածները և պայքարեց։ Մինչև հիմա էլ հարցնում եմ.

-Մամ, ո՞նց ես կարողացել դիմանալ։

Նա միայն իր պայծառ աչքերով նայում է ինձ ու գլուխս համբուրում։

Մայրիկս ու հայրիկս հանդիպել են դեռևս այն ժամանակ, երբ հայրիկս ծառայում էր բանակում: Սիրահարվել են, ընկերություն արել ու ամուսնացել։

Շատ եմ սիրում, երբ ընտանեկան ալբոմներն ենք ուսումնասիրում, հատկապես` մայրիկի ու հայրիկի երիտասարդության ու հարսանիքի նկարները։ Ես ու եղբայրս սիրում ենք նրանց տարբեր հարցեր տալ, իսկ նրանք էլ միշտ կատակներով են պատասխանում և ուրախացնում մեզ։

Գյուղում կյանքը տարբեր է՝ հոգսերով լի, երբեմն շատ դժվար։ Մայրիկս քաղաք ուշ-ուշ է գալիս, հեռավորությունը բավականին մեծ է, իսկ տատիկս ու դաշնամուրը անընդհատ կարոտում են մայրիկին։

-Ախր, Լիլիթիս գալուն պես տունը լցվում է, աշխուժանում, իսկ ես ինձ ավելի լավ եմ զգում,- մտախոհ ասում է տատս։

Հնչում է դռան զանգը, մայրիկը հոգնած, բայց ժպիտը դեմքին մտնում է տուն։ Տունը լցվում է, դաշնամուրը` կենդանանում։

Մայրիկս մանկությունից մի շատ ծանոթ մեղեդի է նվագում, մեր սրտերը նույնպես լցվում են։

Մայրիկս արցունքոտ աչքերով նայում է ինձ, ժպտում ու շարունակում նվագել իր երկար տարիների լավագույն ընկերոջը։

Anna Andreasyan

Տարածությունն ու ժամանակը

Վերջերս սկսել եմ հաճախ մտածել այն մասին, թե ինչպես են տարածությունը և ժամանակը փոխում մարդկանց և նրանց հարաբերությունները: Մենք բոլորս սիրում ենք ինքներս մեզ համոզել և հավատալ, թե ինչքան էլ հեռու լինենք իրարից ու թե ինչքան էլ ժամանակ անցնի, միևնույնն է, ոչինչ չի փոխվի մեր մեջ: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Իրականում այդ երկու գործոնները՝ տարածությունն ու ժամանակը, շատ բաներ կարող են փոխել:

Պատկերացրու՝ գնում ես հեռու այն միջավայրից, որտեղ ապրել ես ամբողջ կյանքում, այն խորին համոզմունքով, որ չեն փոխվելու հարաբերություններդ այն մարդկանց հետ, ում շրջապատում ապրել ես մինչ այդ պահը: Սկզբում կապ ես պահպանում բոլորի հետ, ու դեռ ամեն ինչ նույնն է: Բայց անցնում է որոշ ժամանակ, և աստիճանաբար սկսում են քչանալ խոսակցությունները թեմաների սղության պատճառով: Մի պահ մտածում ես՝ ո՞ւր կորան այն բազմաթիվ թեմաները, որի մասին մի ժամանակ այդքան երկար խոսում էինք: Իսկ հետո հասկանում ես, թե իրականում կենցաղը ինչքան բան է փոխում: Դուք գնում եք տարբեր ուղիներով, ու ամեն մեկիդ մոտ հետագա դեպքերն ու իրադարձությունները տարբեր ձևերով են զարգանում: Ու գալիս է մի պահ, երբ՝ «ո՞նց ես» կամ «ի՞նչ կա-չկա»-ից ավել ուրիշ էլ ոչինչ չես կարողանում ասել, և բացի «բան չկա, լավ եմ, դու ասա»-ից ուրիշ պատասխան էլ չես ստանում:

Սա բոլորովին չի նշանակում, թե էլ կարևոր չեք իրար համար, ո՛չ, սա ընդամենը այն անդունդի մասին է, որ գոյացել է ձեր միջև ժամանակի ընթացքում իրարից հեռու լինելու և տարբեր ուղիներով գնալու պատճառով:

Բայց գիտե՞ս՝ մի տարբերակ կա, որ նույնիսկ այս հանգամանքներում թույլ չի տալիս, որ այդ անջրպետը գոյանա։ Դա կենցաղից վեր, ինչ-որ այլ բանով իրար հետ կապված լինելն է: Դա կարող է լինել ընդհանուր գաղափար, հետաքրքրություն ու նմանատիպ այլ բան: Ու հենց այստեղ հասկանում ես, որ մարդիկ կան, որոնց հետ կապված էիր հանգամանքների բերումով, որովհետև ամեն օր իրար տեսնում էիք կամ այդպես մի բան: Եվ կան մարդին, որ անկախ նրանից, թե որտեղ կլինեք ու ինչպիսի հանգամանքներում, միշտ կապ եք պահպանում, որովհետև ձեր՝ իրար հետ մոտ լինելը ոչ թե հանգամանքների բերումով, այլ ձեր իսկ գիտակցված ընտրությամբ է եղել: Հասկանում ես, որ կենցաղը, վայրը, որտեղ բնակվում եք, մարդիկ, որ շրջապատում են ձեզ, չեն կարող փոխել ոչինչ, որովհետև ձեր հարաբերությունները երբեք էլ հիմնված չեն եղել վերոնշյալ պայմանների վրա, այլ գաղափարի, համամարդկային բաների վրա, որ որտեղ էլ լինես, արդիական են ու արժանի քննարկելու:

Ութ օր Կալավանում

Մոտ տասն օր առաջ Վահե Դարբինյանի և Աննա Մելիքսեթյանի հրավերով Կալավան էր ժամանել քառասուն հոգանոց խումբ: Խմբի անդամները տարբեր երկրներից էին՝ Հայաստանից, Ուկրաինայից, Սլովակիայից և Նիդեռլանդներից: Դեռ մեկ տարի առաջ էին որոշել գալ Կալավան և անցկացնել բնապահպանական սեմինարներ:

Ութ օր շարունակ մնացին փոքրիկ ու հյուրընկալ Կալավանում: Ամեն երեկո յուրաքանչյուր երկիր ներկայացնում էր իր մշակույթն ու ավանդույթները, հյուրասիրում իրենց երկրի ուտելիքներից: Նրանք այդ ամենը ներկայացնում էին իրենց ազգային հագուստներով, նաև կազմակերպում էին հետաքրքիր խաղեր, խաղի մասնակիցներից հաղթողը ստանում էր փոքրիկ նվեր:

Հայ մասնակիցները ներկայացրին հայկական ավանդական հարսանիք: Երգով, պարով «տաշի» գոռալով ցույց տվեցին հյուրերին, թե ինչպիսին է լինում հայկական ավանդական հարսանիքը:

Նրանց վերջին օրն էր Կալավանում: Գյուղի բոլոր երեխաներին առավոտյան ժամը 10:00-ին հրավիրել էին դպրոց` թռչունների բույն պատրաստելու: Մեզ բաժանեցին խմբերի, մենք պատրաստեցինք տնակները, գունավորեցինք դրանք մեր ուզած ձևով:

Հետո հավաքվեցինք դպրոցի բակում, ներկա էին հյուրերը, գյուղի երեխաները, տնօրենը և համայնքապետը:

Բոլորն անչափ հուզված էին, արցունքները չէին կարողանում թաքցնել: Շատ էին ուրախացել, որ կատարվել էր իրենց մեկ տարվա երազանքը: Խոսեց դպրոցի տնօրենը, համայնքապետը շնորհակալություն հայտնեց: Խոսեցին նաև հյուրերը:

Նրանք դատարկաձեռն չէին եկել, նվերներ էին բերել թե դպրոցի համար, թե երեխաների:

Հետո բոլորս վերցրինք մեր տնակները ու բարձրացանք հյուրատան բակ: Հենց այնտեղի ծառերից էլ կախեցինք տնակները և հրաժեշտ տվեցինք բոլորին:

Արա Գյուլերը Եղեգնաձորում

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում: Նա այն եզակի լուսանկարիչներից է, որի նկարները 1960-ականներից սկսած տպագրվել են նշանավոր հեղինակների գրքերում և ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում: 1968 թվականին Արա Գյուլերի աշխատանքները ներկայացվել են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում: Նա նկարել է այնպիսի ճանաչված մարդկանց, ինչպիսիք են նկարիչներ Սալվադոր Դալին, Մարկ Շագալը, Պաբլո Պիկասոն, կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը և շատ ուրիշներ: Գյուլերի աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Եղեգնաձորի պատկերասրահում Գյուլերի 90-ամյա հոբելյանին նվիրված ցուցադրություն էր կազմակերպված: Ցուցադրված էր Գյուլերի` հանրությանը հայտնի լուսանկարների շարքը, որը կրում էր «Ակնթարթից դեպի հավերժություն» խորագիրը: Այդ լուսանկարները նա արել է իր կյանքի տարբեր տարիներին: Ապրելով Ստամբուլում` Արա Գյուլերը կարողացել է ստեղծագործել և ունենալ այնպիսի ստեղծագործություններ, որոնցով մենք այսօր կարող ենք հիանալ: Գյուլերը նկարել և հանրությանն է ներկայացրել այն գեղեցիկը, որը հաճախ կարող է վրիպել մեր աչքից:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Ցուցահանդեսի առաջին ներկաները Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի աշխատակիցներն էին, որոնք մեծ հետաքրքրությամբ զննում էին Գյուլերի աշխատանքները: Այնուհետև պատկերասրահը լցվեց տարբեր մասնագիտության, բնավորության տեր մարդկանցով: Ոմանք խորասուզվում էին նկարների մեջ ու անթարթ աչքերով նայում էին, ոմանք քննարկում էին և ուրախանում, որ Եղեգնաձորում այդպիսի աշխարհահռչակ լուսանկարչի աշխատանքներն են ցուցադրվում:
Ցուցահանդեսի ընթացքում շատերն իրենց սրտի խոսքն ասացին, և նրանցից մեկը Վայոց Ձորի մարզի լուսանկարիչ Էդուարդ Բագրատունին էր:

-Ես 1970 թվականից լուսանկարում եմ, և երազանքներիցս մեկը այս տարիների ընթացքում կատարվեց: Կուզեի նաև Մալաք Քարշին տեսնել, որովհետև ոչ մի ուրիշ նկարիչ, լուսանկարիչ այնպես չի բացահայտել Ստամբուլի դեմքը, ինչպես այդ երկու հայազգի նկարիչները: Մի օր բացեցի մի ամսագիր, տեսա Քարշի լուսանկարը, հետո` Գյուլերի և սկսեցի երազել: Մալաք Քարշին Եղեգնաձորում տեսնել չկարողացա, բայց այսօր կատարվեց մյուս երազանքս` տեսա Արա Գյուլերի լուսանկարների ցուցադրությունը Եղեգնաձորում:
Այստեղ ցուցադրված են այնպիսի լուսանկարներ, որոնց քննադատության մասին խոսք գնալ չի կարող, դա արվեստ է և վերջ:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Իսկ ավարտին Գյուլերի նկարով փոքրիկ գրքույկներ ստացան ցուցադրության բոլոր ներկաները: Գրքույկի շապիկին Գյուլերի և նրա մի քանի աշխատանքների նկարներն էին: Բացելով գրքույկը` մարդիկ ծանոթանում էին Արա Գյուլերի կենսագրությանը:

Նաև ուզում եմ ասել, որ ցուցադրությունը դեռևս բաց է բոլոր հետաքրքրված անձանց համար: Եթե սիրում ես լուսանկարել, հետաքրքրված ես լուսանկարչությամբ, բաց մի թող առիթը տեսնելու հանրահռչակ լուսանկարչի ստեղծագործությունները:

Anush margaryan

Հեքիաթ պարոն Սարդի և անվերջ սահող ժամանակի մասին

Ողջո՜ւյն… Գիտե՞ս, չես հավատա, բայց կարոտել էի այս ողջույնին, կարոտել էի այն անփութությանը, որով դու, հավանաբար, կկարդաս վերնագիրը, մի քանի վայրկյան կմտածես` արժե՞ արդյոք ժամանակ վատնել ու կարդալ սա… Հա՜, ի դեպ, այդ ընթացքում` ժամանակի կորստից վախենալիս, առանց գիտակցելու` դու կկորցնես այն…

Աշխարհում միշտ է այդպես…

Օրինակ` իմ ընկեր պարոն Սարդը այնպե՜ս էր ցանկանում տեսնել լուսնի խավարումը, մի ողջ տարի նա անդադար սպասում էր, հաշվում յուրաքանչյուր վայրկյանը, նույնիսկ իր հին ընկերների հետ զրուցելու ժամանակ չուներ, որովհետև ողջ ժամանակն օգտագործում էր ժամանակի հետևից սրընթաց վազելով… Պարոն Սարդ, հուսով եմ, որ իմ հոդվածը կհայտնվի Ձեր ֆեյսբուքյան էջում և Դուք գոնե մի փոքր ժամանակ կգտնեք այն կարդալու համար։

Եթե անկեղծ լինեմ, չգիտեմ, թե ինչից սկսել զրույցս: Ա՜խր, այնքա՜ն ժամանակ է անցել (տե՛ս, էլի՜ ժամանակ. թվում է, թե առանց նրա մասին հիշատակելու մեր կյանքը կզրկվի գույներից), այնքա՜ն շատ բան է կուտակվել հոգումս: Ինձ մի պահ թվում է, որ երբեք էլ քեզ հետ չեմ խոսել, դե՜, այսօր առաջին անգամն է, ու գրելիս ձեռքերս դողում են այն առաջին դասարանցու նման, ով առաջին անգամ վերցնում է գրիչը՝ թվաբանության առաջադրանքը կատարելու համար:

Հա՜, գիտեմ պատճառը, էլի ժամանակն է մեղավոր: Բայց գիտե՞ս, մի բան եմ հասկացել: Ժամանակի տնօրենը ինքներս ենք: Այն նման է գետի, կարող է իր հետ բերել և՛ ուրախություն, և՛ տխրություն: Ամենագլխավորն այն է, որ գետից դույլերով վերցնես երջանկությունն ու ուրախությունը և չհաշվես, թե քանի դույլ ջուր կա նրանում… Այդ գետն իր ճանապարհով հավերժ հոսում է, դու չես կարող կանգնեցնել նրան կամ ստիպել, որ քո փոքրիկ տնակի կողքով անցնի երկու անգամ: Ժամանակը թռչում է մեր կողքով ու իր հետևից թողնում ստվեր: Ինքդ ես որոշում` ստվերը նման լինի Ձյունանուշին, թե նրա խորթ մայրիկին…

Քո սեփական մոլորակում դու ինքդ պետք է ստեղծես ժամանակ երազելու, երազանքներիդ հասնելու և այդ ճանապարհին կյանքիդ ամեն վայրկյանը տոն դարձնելու համար:

Մարդիկ ստեղծել են ժամացույցը և անթիվ իրեր, որոնցով կարող ես չափել ժամանակը, հաշվում են օրերը, տարիները: Ինչո՞ւ: Հըմ, որովհետև նրանք շատ են սիրում թվեր: Նրանք սիրում են հաշվել, թե քանի օր տևեց անձրևը, բայց երբեք չեն հաշվում այն երջանկությունը, որը զգաց պատանին՝ պատուհանից այն կողմ լսելով անձրևի մեղմ ձայնը, կամ անձրևանոց վաճառող բարի տատիկը, որի սիրտը ուրախությունից թրթռում է ամեն վաճառվող անձրևանոցի հետ:

Ժամանակը թվերը չեն, այլ ակնթարթները: Եթե դու սիրում ես պարել լուսնի լույսի տակ, մի՛ մտածիր ժամանակի մասին, պարի՛ր առանց ափսոսանքի: Եթե սիրում ես դիտել տերևների վրայի ցողն առավոտյան, ապա դրսում միշտ էլ անուշ եղանակ է… Ժամանակն այն է, ինչը մենք ամենից շատն ենք ուզում, բայց ինչն ամենից վատն ենք օգտագործում:

Լսիր, ինձ թվում է` ես արդեն գնամ, ժամանակն է կյանքն ավելի հեքիաթային դարձնելու: Ի դեպ, պարոն Սարդ, եթե կարդում եք սա, Ձեզ երիցուկի թեյի հրավեր եմ ուղարկում:

Ani Harutyunyan

Մեծանալու ժամանակը

Ես չմեծացա այն ժամանակ, երբ պատահաբար լսեցի մերոնց պատմությունը, որ պատմում էին հորաքրոջս, թե իրենք որտեղից են գնել Նոր տարվա մեր նվերները` ինչ-որ սպիտակամորուք մարդու հասցեագրված նամակում գրված:

Չմեծացա այն ժամանակ, երբ տիկնիկներն ու մորս բարձրակրունկ կոշիկները սկսեցին այլևս չհետաքրքրել ինձ: Երբ զգացի, որ սեպտեմբերի համար գրենական պիտույքներ գնելիս ինձ էլ չեն գրավում գույները, գունավոր պայուսակները, այդ ժամանակ ես դեռ շատ հեռու էի մեծանալուց:

Ես չմեծացա նաև այն ժամանակ, երբ փողոցում «ֆիշկա» խաղացող երեխաների կողքով անտարբեր սկսեցի անցնել, երբ սկսեցի իմ բաժին կոնֆետները կերած եղբորս հետ կռիվ չանել:

Ոչ էլ մեծացա այն ժամանակ, երբ հեռու բարեկամները, երկար ժամանակ ինձ չտեսնելուց հետո, հայտնեցին իրենց հեղինակավոր կարծիքը` ամուսնանալուդ ժամանակն է:

Ճիշտ է, այդ ընթացքում ես, իհարկե, մեծանում էի` համաձայն բնության օրենքների. բոյովացա մի քիչ, մազերս երկարեցին, սկսեցի ավելի հաճախ նյարդայնանալ: Բայց իմ գիտակցությունը դեռ քիմիայի դասը չանելուց անսահման ուրախանալու մակարդակի էր:

Ես գիտակցում էի, որ սկսում եմ իրոք մեծանալ, երբ արդեն մահը ոչ թե, ինչպես միշտ ինձնից հեռու, գյուղի այս կամ այն փողոցում ապրող տատիկի կամ պապիկի կարգավիճակն էր, այլ անգամ չափահա՛ս չդարձած դասընկերոջս, ծնողների համար ամենասարսափելի բառը:

Ես մեծացա այն ժամանակ, երբ տատս հիվանդանոցից տուն եկավ, ու իմ` ի՞նչ ասացին հարցին ի պատասխան, ծանր հոգոց արձակեց, ու առանց բառերի ես արդեն ամեն ինչ հասկանում էի:

Ես մեծացա, երբ սկսեցի նկատել հորս` արդեն բավականին շատացած սպիտակ մազերը:

Մեծանալն ինձ համար հասկանալն էր այն, որ ես մի օր չեմ լինելու. այնպես, ինչպես չեմ եղել լինելուցս առաջ, ու դա ամենասարսափելին էր երևի, ամենասարսափելին, որովհետև ես դեռ այնքան չեմ մեծացել, որ շատերի նման այդ միտքը ընդունեմ հանգիստ:

Խոսում եմ մահից, ուրեմն իմ մեծանալը հասկանալն էր նաև այն, որ մարդիկ շատ հաճախ ինչ-որ մեկի հոգեհանգստին գնում են պարտքի զգացումից ելնելով, որ այդ մարդու հարազատները հանկարծ չնեղանան, որ նրանք մեր առիթներին եկել էին, ոչ թե որ ցավում է, հարգում էր, ուզում է:

Ես սկսեցի մեծանալ, երբ հասկացա, որ գյուղում ապրելը ամոթ չէ, որ թաքցնել պետք չէ, դեռ որ լավ մտածես, առավելություն է, որ ես երջանիկ եմ գյուղում, ի՞նչ կա որ:

Ես գիտեմ, որ երբեք չեմ դադարելու մեծանալ` գիտակցաբար, ֆիզիկապես, բայց մենք բոլորս էլ հոգեպես ուզում ենք լինել տիկնիկներից ուրախացող ու մեր բաժին կոնֆետը չգտնելուց լացող երեխաները, որովհետև այդ տարիքում մեզ երջանկացնելը հեշտ է` նոր տիկնիկ գնելով ու կոնֆետները վերադարձնելով: