Անավարտ երազանքներ

44-օրյա պատերազմում հերոսացած Սուրեն Եսայանն իր բազմաթիվ նպատակներից առավել կարևորում էր մեկը՝ հայրենիքը շենացնելը։ Սուրենի մոր՝ Նարինեի ականջներում շարունակ հնչում են նրա խոսքերը. «Մամ, ես շենացնելու եմ մեր երկիրը, կտեսնես՝ տղեդ ինչ ա անելու, իսկ դու ու պապան գլուխներդ բարձր եք քայլելու»։

Ընտանիքը Սուրենով հպարտանալու բազմաթիվ առիթներ ուներ․ Սուրենը 18 տարեկանում արդեն 5 լեզվի էր տիրապետում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և հինդի։

12 տարեկանում սեփական որոշմամբ իր մտերիմ ընկերոջ հետ մեկնել էր Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Հայոց մարդասիրական ճեմարանում սովորելու։ Երբ Սուրենին դպրոցն ընդունվելու համար հարցազրույցի էին հրավիրել, քննող հանձնաժողովը զարմացել էր այդ տարիքում նրա ունեցած գիտելիքներից։

«Երեք տարի Հնդկաստանում մնալուց հետո կարոտին չդիմացավ․ եկավ Հայաստան։ Ասում էր, որ իր տեղը Հայաստանում է, առանց իր ընտանիքի ու հայրենիքի չէր կարողանում»։

Դպրոցն այստեղ ավարտելուց հետո Ֆրանսիական համալսարան էր ընդունվել, մեկ տարի սովորել ու մեկնել ծառայության։ Ջրականում էր ծառայում ու երկու ամիս էր, ինչ կրում էր զինվորական համազգեստը, երբ պատերազմը սկսվեց։ Ընտանիքին վստահեցնում էր, որ ինքն ու մյուս նորակոչիկներն ապահով վայրում են ու չեն մասնակցում մարտական գործողություններին։ Մինչև իր զոհվելը ընտանիքը չի իմացել պատերազմին նրա մասնակցության մասին։

Հոկտեմբերի 10-ի հրադադարից հետո Սուրենն այլևս տուն չզանգեց։ Ընտանիքը հույսով սպասում էր որևէ լուրի նրանից։ Սուրենից երկար սպասված զանգի փոխարեն մեկ այլ զանգ ստացան․ Սուրենի փաստաթղթերով մարմին էր գտնվել։ Երեք անգամ ԴՆԹ անալիզը չէր համընկել․ չորրորդը դրական էր․․․

Սուրենի հաղթանդամ մարմնի մեջ անսահման բարի ու փխրուն հոգի կար։ Մտերիմները նրան «բարի արջուկ» մականունն էին տվել։ Կապուտաչյա ու շիկահեր տղայի ծնողներն ու երեք քույրերը վստահ են՝ մի օր նորից կտեսնեն Սուրենին։

Սուրեն Սարգսի Եսայանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառու է։

 

Հունձք

Սովորական առավոտ է, Սյունիքի ամառային առավոտներից մեկը: Ինձ համար նստած գիրք եմ կարդում, մեկ էլ լսում եմ տատիկիս ձայնը.

-Հը՞ն, բալաս, ի՞նչ ըրեցիք:

-Մամա, դե չկարացա տրակտրիստի հետ խոսամ:

-Էյ՛,այ բալա, ե՞րբ կիլի, վեր էդ ցորենն ու կյարին հըվաքենք, արխային տառնանք:

Ինչպես միշտ, հայրիկս փորձում է տրակտորիստ գտնել արտը հնձելու համար, բայց դե ախր, խնդիրը ոչ թե տրակտորիստն է, այլ հենց տրակտորը: Իսկ մեր գյուղում, տրակտորիստ, ավելի ճիշտ տրակտոր որոնողները շատ-շատ են: Դե, մեր գյուղում ձեռնտու չի արտ հնձել, մյուս գյուղերի դիրքերը ավելի լավն են:

-Լյավ, մամ, դասավորիլվ ենք, պան չկա:

Այս հարցերի շուրջ`խոտի, գարու, ցորենի և այլն, տատիկիս անհանգստությանը ոչ ոք չի հասնի: Իսկ այդ անհանգստությունը աճել և ձևավորվել է տարիների ընթացքում, չէ որ մանուկ հասակից այդ ամենի մեջ է:

Իսկ մե՞նք` ես և եղբայրս,մենք նույնպես անհանգստանում ենք, չնայած հայրիկի խոսքերին. «Դե խոխորցը ի՞նչ կա, ապրուստը` ձրի, կյանքը` երջանիկ»: Դե, հայրիկին էլ կարելի է հասկանալ. գյուղական գործերը շատ բարդ են ու անվերջանալի, բայց իմ կարծիքով նաև շատ հավես.

-Լավ, բա ի՞նչ անենք, որ էդ հարցը լուծվի,- ասում եմ եղբորս:

-Մենք ի՞նչ անենք,- տխուր պատասխանում է նա:

Հանկարծ հայրիկը ժպիտը դեմքին ներս է մտնում և ասում մայրիկին.

-Լիլիթ, հաց սարքի: Գնում ենք արտը հնձենք:

Ինչպիսի ուրախություն է տանը: Վերջապե՛ս: Հիմա էլ, բոլորս կրկին անհանգստանում ենք: Ասեք` ինչո՞ւ: Դե, որ հանկարծ անձրև գա ու ամեն ինչ ջուր չընկնի: Տատիկիս հետ նստած սպասում ենք, թե երբ բակում կլսվի այդքան բաղձալի բեռնատարի ձայնը:

Սեպտեմբեր, 2016

ՄԻ ՇԵՐԵՓ ԱՊՈՒՐԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ

Ամեն անգամ դպրոցից հոգնած տուն մտնելիս տեսնում եմ մորս հոգատար ու բարի դեմքը, ով  գեղեցիկ ժպիտով ինձ ուղեկցում է մինչև խոհանոց՝ ճաշի սեղանի մոտ, որտեղ միշտ կգտնեմ ինձ համար սիրելի ու համեղ կերակուրներ: Ու բարի ախորժակ մաղթելով մայրս գնում է իր գործերին: Բայց լինում են բացառություններ, երբ ինչ-որ հարցերով կամ գործերով տանից դուրս է գալիս, և ես ստիպված եմ լինում ինքնասպասարկմամբ զբաղվել:

Եվ ահա մի այդպիսի օր:

Դասից եկա տուն, ու մայրս տանը չէր, ավելին՝ տանը ոչ ոք չկար: Համոզվելով, որ տանը մենակ եմ, առաջինը, որ արեցի, եղավ խոհանոցում ուտելիք փնտրելս: Ցավոք, ոչինչ չգտա պատրաստած ու սկզբում բարկացած, հետո հոգնած ու անհավես նստեցի այն հույսով, որ ուր որ է` մեկը կգա, ու մի բան կպատրաստի, որ ուտեմ: Նստեցի, նստեցի ու մի քառորդ ժամից հասկացա, որ սովը նեղում է: Վեր կացա ու որոշեցի մի բան պատրաստել ուտելու:

Ճիշտ է, ճաշ եփելու համար այնքան էլ հավես չունեի, բայց սկսեցի քիչ-քիչ պատրաստելը: Կաթսան գտա, դրեցի կրակին ու որտեղից ձեռքս ինչ ընկավ, լցրեցի մեջը: Մի կես ժամից տարօրինակ ճաշս պատրաստ էր: Լցրեցի, սովից լեզուս դուրս գցած շան նման պատրաստվում էի ուտել, երբ…

Թըխկ, թըխկ. դռան ձայնն էր: Մտքիս մեջ բարկացած ասացի.«Վըխք, տեսնիս` ո՞վ է, որ հացս հարամ էրեց»:

Ու գդալը ձեռքիցս գցելով՝ գնացի տեսնելու, թե ով է: Երբ արդեն հասնում էի դռանը, գոռացի.

-Ո՞վ է:

Ձայն չկա: Նայում եմ` մարդ էլ չկա: Եվս մի անգամ էլ գոռացի ավելի բարձր ու բարկացած.

-Ո՞վ է:

Էլի ոչ մի ձայն: Զարմացած ու զայրացած, մի քիչ էլ վախեցած գնացի ճաշս ուտելու: Գդալն արդեն հասցնում էի բերանիս, երբ նորից կրկնվեց նույնը: Իրավիճակը այնպիսին էր, որ թվաց, թե մեկը հետս կատակել է ուզում: Էլի գոռացի. «Ո՞վ է, ի՜յա, վա՜աաայ», ու գնացի դեպի դուռը: Պատասխանի փոխարեն դռան երկու հարվածի ձայն լսեցի միայն: Բարկությունից դողալով կամ չգիտեմ, գուցե վախից, այնպես գոռացի, որ երբ տեսա վախեցած հյուրիս, ես էլ իր վախենալուց ավելի վախեցա:

Մի խեղճ կին էր, մոտ 80 տարեկան, արտահայտիչ կուզով, ճեփ-ճերմակ մազերով, որոնք լաչակի տակից ցից-ցից դուրս էին եկել ու, ճիշտն ասեմ, շատն էլ դրանից վախեցա: Կուզը տնկած անձայն կանգնել էր դիմացս ու նայում էր վրաս:

-Բարև,- հարցական դեմք ընդունելով, որով նաև հարցնում էի, թե դու ո՞վ ես: Բարևս անպատասխան մնաց: Գլուխը կախելով քթի տակ խոսեց, ասելով.

-Մեռնի՛մ ջանիդ, բաժակըմ ջուր կուդա՞ս:

Ասացի` սպասի, հիմա կբերեմ: Ջուրը ձեռքիս հետ եկա, նայեմ` նստել է դռան մոտ, աստիճանների վրա: Դուրսն էլ զզվելի շոգ էր, տեսա քրտնած էր, ջուրը տվեցի, վերցրեց խմեց: Խմեց ու կզկռտված մնաց: Սպասում էի գնար, որ ես էլ ներս գնայի, հացս ուտեի: Մի 5 րոպե նյարդերիս հաշվին մնալուց հետո, տեսա, որ ուզում էր գնար, ու դարձա` տուն մտնեմ, բայց չգիտեմ ինչու, սիրտս ճմլվեց մի անծանոթ զգացումով: Չգիտեմ, դա խի՞ղճ էր, թե՞ սով, թե երկուսը միասին, բայց վատ բան էր: Իսկույն դարձա հետ ու գոռացի.

-Տա՛տ, ա՛րի գնանք` հաց ուտենք:

Նախքան դա ասեմ, որ խուլի տպավորություն էր թողել մոտս, ինչ-որ խոսել էի հետը, չէր լսել ու չէր պատասխանել, բայց հենց լսեց ասածս, միանգամից կուզը ուղղելով դարձավ հետ  ու արագ-արագ առաջ եկավ:

Շատ չերկարացնեմ, վերջը հասանք խոհանոց: Ճաշս սառել էր, տաքացրի, արդեն երկուսիս էլ լցրի ու նստեցի, որ ուտենք: Անձայն կերանք, կյանքումս առաջին անգամն էր, որ ուտելու ժամանակ պահպանվեց «ուտելու ժամանակ չեն խոսում» պատվիրանը: Երբ վերջացրինք, սեղանից մինչև դուռը ճանապարհելիս օրհնանք տվեց: Բարի տատիկը օրհնեց ինձ ասելով.

-Բալա՛ ջան, սիրտդ միշտ ըդպես լեն մնա, ձեռդ էլ ըդպես դալար, ապրի՛ս, երկար արև՛ ունենաս:

Ասացի. «Ապրե՛ս, տա՛տ ջան», ու ճանապարհեցի գնաց…

Ու այդ օրն էլ, ճաշն էլ, տատիկն էլ, օրհնանքն էլ միշտ կմնան իմ հիշողության մեջ:

Միայն թե անընդհատ մտածում եմ. Ծեր տատն ինչո՞ւ էր դրսում, ո՞ւմ տատն էր, ինչո՞ւ ոչ ոք չուներ…

Ապրիլ, 2016

lia avagyan

Գյուղս. Ներքին Կարմիրաղբյուր

Իմ գյուղը թաքնված ժայռերի մեծ ու փարթամ ծառերի մեջ դարերի պատմություն ունի: Տատիս խոսքերով, գյուղս ստեղծվել է 1400-ական թվականներից հետո: Գյուղի անվան հետ կապված շատ պատմություներ կան: Օրինակ, որ դիմացի բլուրից մարդկանց մի խումբ իջել ու բնակություն են հաստատել ներքևում` գյուղի անունը կոչելով Ներքին Կարմիրաղբյուր, կամ երբ գյուղի աղջիկները բարձրացել են սարերը և գետի վրա կարմիր վարդի թերթիկներ նետել: Գետը իջել է ներքև` կարմիր ներկված, ժողովուրդը հեռվից տեսնելով, գյուղի անունը կոչել է Ներքին Կարմիրաղբյուր: Ճիշտն ասած, չեմ կարող ասել` որ պատմությունն է ավելի ճիշտ, որվհետև այնքան գեղեցիկ ու հետաքրքիր է գյուղս, որ շատ պատմություններ կունենա իր հետ կապված, որից անգամ տատս տեղյակ չի լինի: Տատս նաև ասում է, որ մեր տարածաշրջանի ժողովուրդը եկել է Ղարաբաղից, և մեր արմատները Ղարաբաղից են: Այնպես որ, կարող եմ հպարտությամբ նշել, որ ես կիսով չափ ղարաբաղցի եմ: Ներքին Կարմիրաղբյուրի ժողովուրդը հիմնականում զբաղվում է հողագործությամբ: Սովետի ժամանակ մարդիկ զբաղվել են ծխախոտագործությամբ, անասնապահությամբ, բայց այդ ամենը եղել է կոլեկտիվ: Իսկ հիմա էլ գյուղում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ, բայց արդեն մասնավոր: Ուղղակի այն ժամանակվա ծխախոտի փոխարեն հիմա խաղող են մշակում: Չնայած դա էլ ակտիվորեն չէն անում, քանի որ թշնամու կրակի տակ է այգիները: Բայց գյուղս կամաց-կամաց երիտասարդանում է, մարդիկ հաղթահարում են պատերազմի հանդեպ վախը: Նրանց դեմքին ժպիտ է հայտնվում ավելի եռանդով են աշխատում, ինչպես այն ժամանակ, երբ առաջին անզամ եկան գյուղ` բնակություն հաստատելու:

Տաք օրերին սիրում եմ նստել այգում՝ մեղվի փեթակների մոտ ու նայել գյուղին: Չնայած մեր տունը գտնվում է ոչ այնքան կենտրոնական մասում, ու մեր այգուց բացվող տեսարանը այնքան էլ գեղատեսիլ չէ: Բայց, դե պարտադիր չէ, որ ամբողջ գյուղը երևա, միայն գյուղին պատկանող հողերը բավարար են, որոնք ամեն եղանակին մի գույն ու մի նոր «սանրվածք» են ընդունում: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել:

Մեր ոչ այդքան գեղատեսիլ այգուց երևում են տներ, որոնց ամեն մեկի հետ մի պատմություն կա կապված: Դե, ես այս պատմությունները չէի իմանա, եթե տատիկս չպատմեր, իսկ տատիկս հիմնականում կռիվներից ու նրա հետևանքներից է պատմում: Ապրելով սահմանապահ գյուղում, ուզած չուզած ամեն օր լսում ու ականատես եմ լինում նմանատիպ պատմությունների: Օրինակ, տատս պատմում է, որ 90-ականների պատերազմի ժամանակ ինչքան խաղաղ բնակիչներ են զոհվել կամ տուժել հակառակորդի գործողություններից:

Պատմում է Արամ անունով մեր համագյուղացու (Ն.Կարմիրաղբյուրեցու) մասին, ով տանն էր, երբ շիլկայի (տանկանման զենք) բեկորը մտավ տուն ու պոկեց վերջինիս թևը: Նա այդ դեպքից հետո չմահացավ, բայց ստիպված էր կյանքի մնացած մասն անդամահատված թևով անցկացնել: Իսկ մեր գյուղի մեկ այլ բնակչուհին՝ Նիվիկը, կռվի տարիներին մահացավ, երբ շիլկայի բեկորը մտավ վերջինիս որովայնը: Այսպիսի դեպքեր շատ են եղել, նույնիսկ ճանապարհին երեխաներ են զոհվել: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ բեկորը կամ հենց ինքը՝ փամփուշտը, չի դիպել մարդուն: Բայց այդ կրակոցներից, այդ լարվածությունից, ճնշումը բարձրանալու հետևանքով մահացել են: Այսպիսի դեպքեր էլի գյուղում եղել են:

Տատս պատմում է, ես ուշադրությամբ լսում եմ ու նաև մտածում, թե նման դեպքեր միայն 90-ականների կռիվների ժամանակ չէ, որ եղել են: Շատ լավ եմ հիշում, համարյա մեկ տարի առաջ էր, երբ էլի կրակում էին: Մենք ապաստարանում էինք, երբ հայրիկս եկավ, եկավ, որովհետև այդ ժամանակ գնացել էր խոտի դեզին հետևելու, որպեսզի, եթե վառվի հրետակոծության ժամանակ, կարողանա արագ հանգցնել, որովհետև համ տանը շատ մոտ էր, համ էլ, եթե դեզը վառվեր, այդ ուղղությամբ կրակոցները ավելի ինտենսիվ կլինեին: Ինչևէ, հայրիկս ասաց, որ Վանիկ պապը մահացել է: Այդ պահը շոկային էր բոլորիս համար: Երևի երբեք չեմ մոռանա, որովհետև դաջվել է հիշողությանս մեջ: Հայրիկս պատմեց, որ բեկորից է մահացել: Փափուշտը տան մեջ է պայթել, ու բեկորները ցրվել են տնով մեկ՝ մահացու վիրավորելով նաև տանտիրոջը, ով Բերդի հիվանդանոցի ճանապարհին մահացավ:

Տատս իր կյանքի մեծ մասը պատերազմի մեջ է եղել, ես էլ ապրածս 16 տարիները էլի կրակոցների տակ եմ անցկացրել ու անցկացնում: Մտածում եմ. ես է՞լ իմ թոռներին միայն պատերազմից եմ պատմելու:

 Նոյեմբեր, 2015 

Հոգեհաց` յոթ հոգու համար հավիտյան

Ավագ սերժանտ դիրքի ավագ Յուրին ամեն անգամ տնից դիրքեր բարձրանալիս մորն ասում էր․ «Մա՛մ, մենակ ինձ համար չէ, 7 մարդու համար ուտելիք դիր, որ երեխեքս էլ նորմալ ուտեն»։ Իր զինվորներին միշտ երեխաներ էր ասում ու այդպես էլ մինչև զոհվելը երեխեքին մենակ չթողեց։

Յուրի Հայրապետյանը հասուն ու հանգիստ էր իր երիտասարդ տարիքի համեմատ։ Հավասարակշռված ու վստահ իր որոշումներում՝ Յուրին Ստեփանակերտի բժշկական ուսումնարանն ավարտելուց հետո հստակ որոշեց, որ սպիտակ խալաթը պիտի փոխարինի զինվորական համազգեստով։ Այդպես էլ պարտադիր ծառայությունից հետո մնաց՝ շարունակելու ծառայել հայրենիքին։

«Երբ 14 օրով դիրքերից տուն էր գալիս, անընդհատ ասում էր՝ երբ են օրերը անցնելու, բարձրանամ դիրքեր երեխեքիս մոտ», – պատմում է մայրը՝ տիկին Սիլվան։

Սեպտեմբերի 26-ին տուն էր եկել, բայց մորը խնդրել էր շորերը չլվանալ, որ պատրաստ լիներ ցանկացած պահի դիրքեր բարձրանալուն։ Առավոտյան իրենց գյուղում՝ Ճարտարում, արդեն պայթյուններ էին լսվել, ու Յուրին միանգամից շտապել էր դիրքեր։

Պատերազմի օրերին Յուրին թոքերի լուրջ բորբոքումով հոսպիտալ էր տեղափոխվել, սակայն երեք օր դեռ չանցած ու չկազդուրված՝ բժշկի հետ կռիվ էր տվել նորից դիրքեր բարձրանալու համար։ Անընդհատ կրկնում էր՝ երեխեքիս մենակ չեմ թողնի։

Հոկտեմբերի 22-ին վերջին անգամ զանգում է տուն ու մորը խնդրում հեռանալ կամ պատսպարվել․ իրավիճակը շատ լարված էր․ առավոտյան արդեն ստանում են նրա վիրավորվելու լուրը։ Վիրավորումից հետո երկար ժամանակ արյունահոսելուց  հետո Յուրիին տեղափոխում են մոտակա հոսպիտալ, սակայն այդտեղ է ավարտվում նրա կռիվը՝ փրկելու մարդկանց կյանքեր ինչպես սպիտակ խալաթով, այնպես էլ զինվորական համազգեստով։

Յուրի Հայրապետյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է:

aniharutyunyanarm

Մենք պատրաստ չենք

Երբևէ նկատե՞լ եք, թե ինչքան հակված ենք հավատալու ինչ-որ մանր ու տարօրինակ երևույթների։

Մենք մեր երազանքները կապում ենք ժամերի հետ։ Այն վստահում ենք ինչ-որ կլոր ժամի (ասենք 22:22)։

Մենք պատրաստ ենք մեր երազանքի հետ մի ամբողջ յասամանի ծառ ուտել՝ կազմված 5 կամ ավելի թերթերով յասամանի ծաղիկներից։

Պատրաստ ենք ամեն գնով նույնանուն մարդիկ գտնել (անկախ նրանց ով լինելուց, իրարից որքան տարբեր լինելուց) և ուսերով հրելով խցկվել նրանց մեջտեղը՝ սպասեք՝ երազանք պահեմ։

Պատրաստ ենք բոլորի ծննդյան մոմերի մեջ մեր երազանքը դնել ու այն փչել, խառնել օդին, անէացնել։

Պատրաստ ենք ամեն հնարավոր ու անհնարին ինչ-որ բանի, բայց ոչ երազանքը նպատակով համեմելու ու քայլ առ քայլ դրա հետևից գնալու։

Պատրաստ ենք ծաղիկների թերթերը պոկել, քամուն տալ՝ ստուգելու «սիրո՞ւմ է, թե՞ չի սիրում», որպես սիրո առհավատչյա սառն ու անմարմին կամուրջներին կողպեքներ կախել, ծառերին՝ գույնզգույն կտորներ։

Մենք պատրաստ ենք կոտրել տան բոլոր հայելիները, ապակիները, բաժակները ու չարը խափանված համարել, բայց հանկարծ չնայենք մեր ներսը, չփոխվենք։

Պատրաստ ենք երեք անգամ թու-թու անել, շորը կծել, փայտին տկտկացնել, բայց չհավատալ, չաղոթել։

Պատրաստ ենք ամեն պատահականություն ընդունել ճակատագրի չար կատակ, բայց չընկալել, որ ճակատագիրը մենք ենք չափում, գծում, կտրում։

Ուզում ենք երջանիկ լինել, բայց պատրաստ չենք ինչ-որ բաներ բաց թողնելու, ասենք՝ զոհաբերելու։

Ցանկություն կա իրականությունը վայելելու, բայց հաճախ պատրաստ չենք ինչ-որ հեռախոսից մեզ զրկելու։

Պատրաստ ենք ապրել բոլորի համար, ցանկությամբ, բայց լիարժեք չհասկանալ, որ յուրաքանչյուրիս կյանքը մեկն է, սեփականը։

Ապրիլ, 2017 

Հասմիկ Արզումանյան

44-օրյա պատերազմի առաջին զոհերից մեկը 35-ամյա կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանն էր։ Մայրը պատմում է՝ դեռ 2020թ․-ի ամռանը ասում էր՝ մամ, պատերազմ է լինելու, բայց չգիտենք՝ երբ, որ օրը, ասել է՝ թող, դուրս արի, Հասմիկ ջան, պատասխանել է՝ մամ, եթե ես ծառայում եմ ու երդում եմ տվել, պիտի մինչև վերջ ծառայեմ հայրենիքիս։

Մոր՝ Նունիկ Արզումանյանի բնութագրմամբ շատ հայրենասեր Հասմիկը թեև մանկուց չէր երազում զինվորական ծառայության անցնելու մասին, բայց երբ սկսել էր աշխատել, միանգամից սիրել էր ծառայությունն ու նվիրվել բանակին։

«Դպրոցն ավարտելուց հետո Հասմիկը վարսահարդարություն էր սովորել, սակայն միշտ ձգտում էր բարձրագույն կրթություն ստանալ: Մի օր ամուսնուս եղբորորդին ասաց, որ Սիսիանի զորամասում Հասմիկին հարմար աշխատանք կա», – պատմում է մայրը։

Սկզբում թե՛ Հասմիկը, թե՛ մայրն ու եղբայրը մերժել են առաջարկը, մտածելով, որ չի կարող հարմարվել ծառայությանն ու զորամասին։ Հետո Հասմիկը մտափոխվել է ու 2014թ․-ից անցել ծառայության որպես օպերատոր։

«Մի քանի ամիս աշխատում էր մեզ մոտ, այնուհետև տեղափոխվեց Կապան։ Երբ Կապան պիտի գնար, ես էլի դեմ էի, ասում էի՝ հեռու ես գնում, բայց ինքն ասում էր՝ մամ, Կապանում միշտ տաք է, ես էլ էդպիսի եղանակ սիրում եմ, իսկական իմ տեղն է։ Ու աղջկա հետ գնացին ապրելու Կապանում», – ասում է մայրը։

Մի քանի օր էր, ինչ տիկին Նունիկը Կապանում էր, երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան Հասմիկը սկսեց զանգերին չպատասխանել։

«Դեռ չգիտեի, որ պատերազմ է սկսվել, և որ կրակել են Հասմիկենց զորքի ուղղությամբ․ բոլորը վիրավոր են, հոսպիտալում են։ Անմիջապես գյուղ վերադարձա։ Մեր բակում հավաքված մարդիկ և վառվող լույսն ամեն ինչ գուժեցին»։

Անչափ աշխույժ, ընկերասեր ու բարեհամբույր Հասմիկին զորամասում սիրում էին բոլորը։ Ուրախ մարդ էր, կատակասեր, երաժշտությունն ու պարելն էլ անբաժան էին իրենից։ Նրա նման է նաև 15-ամյա աղջիկը՝ Քրիստինեն։ Տիկին Նունիկի խոսքով՝ նման է Հասմիկին թե՛ արտաքնապես, թե՛ բնավորությամբ։ Ինչպես Հասմիկը, ինքը նույնպես նպատակ ունի բարձրագույն կրթություն ստանալու ու կատարելու նաև մոր երազանքը։

Հասմիկ Սմբատի Արզումանյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառու է։

vahe11-1038x576

Ես էլ չգիտեմ

Չգիտեմ՝ ինչու եմ ուզում սրա մասին պատմել: Չնայած՝ չէ: Էս դեպքից մի քիչ հետո ուզում էի տղերքին պատմել, բայց մտածեցի՝ խոսելով չեմ կարող բացատրել այնպես, ինչպես ես տեսա: Հիմա կպատմեմ:

Երևի մի շաբաթ էլ չի անցել: Դպրոցում էինք՝ վերջին զանգի փորձի: Դե, ի՞նչ փորձ: Ինչպես միշտ, ոչ մի բան չարեցինք ու ցրվեցինք: Դե, դպրոցից դուրս եկանք, տղերքով նստեցինք մեքենան: Չեմ հիշում՝ ուր պիտի գնայինք: Մի 50 մետր գնացինք, հետո մեքենայից իջա՝ մեր դասարանի աղջիկներից մի երկուսին ճանապարհելու, տղերքին էլ ասացի, որ գնան իրենց գործին ու արագ հետ գան: Դուռը բացեցի, իջա: Հետները քայլեցի մինչև խաչմերուկ: Մեկը քայլեց ուղիղ, մյուսն իջավ ներքև: Չեմ ասի՝ որ խաչմերուկն էր, որովհետև երևի պետք չի: Նստեցի խաչմերուկի անկյուններից մեկի պատի վրա՝ ծառի տակ: Այդ պատին շատ ենք նստել ու դեռ շատ էլ կնստենք:

Մութն արդեն ընկնում էր ու երկնքում մի քանի կտոր կարմիր ամպ էր թողել: Դրա համար էլ նա ինձ չտեսավ: Քայլում էր ինչպես միշտ՝ գլուխը կախ, արագ-արագ: Ես նրան տեսա, երբ նա փողոցի ծայրին էր: Երևի տնից էր գալիս: Քայլում էր արագ-արագ, ձեռքը մի քանի մետրը մեկ հետ տանելով: Շոյում էր գլուխը՝ կարծես մազերն ուղղելով: Ես չեմ ասի նրա անունը, որովհետև հաստատ պետք չի: Եկավ կանգնեց խաչմերուկի մեջտեղում: Հետո չորս կողմը նայեց: Ինձ թվաց, թե կտեսնի, բայց չտեսավ: Մի անգամ էլ խաչմերուկի բոլոր կողմերով նայեց: Նայեց ներքև գնացող ճամփին, հետո՝ վերև: Հետո կտրուկ շրջվեց ու քայլեց խաչմերուկի մոտի խանութի կողմը: Խանութը փակ էր: Քաշքշեց դուռը: Հետո նորից նայեց չորս կողմը: Հետո մոտեցավ խանութի դիմացի սյունից կախված մեծ տոպրակին, որը աղբաման էր ծառայում: Քրքրեց աղբամանը: Դես ու դեն գցեց միջի տուփերն ու տոպրակները:

Փողոցի ծայրից մեքենայի ձայն լսվեց: Լույսերը տեսավ: Վազեց աղբամանից հեռու ու կանգնեց փողոցի մեջտեղում: Կանգնեց ու սկսեց արագ-արագ գլուխը շոյել: Մեքենան եկավ, խաչմերուկից թեքվեց ցած ու գնաց: Իսկ նա ամբողջ ժամանակ նայում էր գետնին ու գլուխը շոյում: Հենց փողոցի ծայրին մեքենան կորավ, արագ քայլեց աղբամանի կողմը: Ես խոսելու ունակությունս կորցրած նայում էի նրան: Նրա շարժումներին: Ձեռքս ինքն իրեն գնաց գրպանս: Մի քանի մետաղադրամ շոշափեցի: Ուզեցի մտնել խանութ, մի բանով օգնել գոնե: Վեր կացա: Նա շարժումս զգաց: Չտեսավ: Նորից հեռու քաշվեց աղբամանից ու կանգնեց փողոցի մեջտեղում: Գլուխը կախ: Ձեռքով արագ-արագ սկսեց գլուխը շոյել: Անունով կանչեցի: Ուզում էի ասել, որ սպասի՝ մտնեմ խանութ: Բայց չկարողացա: Մի անգամ էլ կանչեցի: Ձայն չհանեց: Փողոցով նայեց ցած, հետո վեր: Այնպես, որ միանգամից զգացվեց, որ աննպատակ է քայլում: Մեկ էլ կանչեցի: Նա արագ-արագ քայլում էր փողոցով վեր՝ անընդհատ գլուխը շոյելով: Նա նույնիսկ չպտտվեց: Մտքով երևի ուրիշ տեղ էր, ուղղակի ասաց.
-Հը՞:

Ասաց այնքան աննպատակ, որքան իր քայլելն էր: Չգիտեմ՝ քանի րոպե քարացած կանգնեցի մինչև տղերքն եկան: Մեքենայի դուռը բացեցին, քաշեցին ներս: Աշոտն ասաց.
-Հա, լավ, ի՞նչ ես ջիր արե: Կյնացիյ Ռաֆենց, եկայ:
Ես մտքիս մեջ որոշում էի՝ պատմեմ, թե չէ: Մեքենայում բարձր երաժշտություն էր միացված: Որոշեցի, որ չասեմ:
-Այ մարդ, ռադդ քյաշ է: Քշի դպրոց, շկայ ինչ կը:
Միգուցե սա ինձ չի էլ հուզում: Չգիտեմ՝ ուզում եմ ինքս ինձ հետ արդար լինել: Լավ կլիներ՝ չտեսնեի:

Մենք մեքենայում երգ լսելով գնում ենք: Իսկ նա գլուխը կախ քայլում է փողոցով վերև: Մեկ-մեկ էլ մազերն է շոյում:

Ապրիլ, 2017

Երբեք չհանձնվել

Գարիկ Գալստյանը Ախալքալաքից է: 19 տարեկան է, սովորել և ավարտել է ոսկե մեդալով Ախալքալաքի թիվ 1 դպրոցը: Սովորում է Թբիլիսիի բժշկական համալսարանի նախապատրաստական կուրսում, որտեղ ընդունվել է 1+4 ծրագրով անվճար: Այժմ ապրում է Գերմանիայի Լեյպցիգ քաղաքում: Ավելի մանրամասն իր առօրյայի և գործունեության մասին պատմեց Գարիկը մեր հարցազրույցի շրջանակներում:

-Գարիկ մի փոքր պատմիր, թե ինչո՞վ ես զբաղվում ներկա պահին:

-Ավարտել եմ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի նախապատրաստական կուրսը և ըստ դրույքի պետք է գնամ Թբիլիսի, բայց քանի, որ ներկա պահին գտնվում եմ Գերմանիայում, պետք է մնամ այստեղ և ուսումս շարունակեմ Գերմանիայում: Ապագա պլաստիկ վիրաբույժ եմ:

Ներկա պահին զբաղվում եմ կամավորությամբ European Ways e.V. կազմակերպությունում, ինչպես նաև այլ գերմանական կազմակերպություններում: Միևնույն ժամանակ աշխատում եմ European Ways e.V. կազմակերպությունում:

Ինչպես նաև մասնակցում եմ տարբեր կուրսերի և թրեյնինգների:

-Ինչու՞ հենց բժշկություն, այլ ոչ թե այլ մասնագիտություն:

-Բժիշկ դառնալու որոշումը իրականում այդքան էլ հեշտ չեմ կայացրել, քանի որ միշտ տատանվել եմ մասնագիտության ընտրության հարցում, որոշեցի անցնել ամեն մասնագիտության միջոցով և հասկանալ, որի մեջ եմ ինձ տեսնում, որն եմ կարող անել, և որն է ինձ դուր գալիս: Եվ միշտ կանգնել եմ բժշկության վրա ու մտածել, որ դա իմն է:

Եվ իմ միակ նպատակն այն է, որ իմ հիվանդները լինեն ինձ հետ ազատ հարաբերությունների մեջ և ամեն հարցում անկասկած դիմեն ինձ:

-Որքա՞ն ժամանակ է, որ ապրում ես արտերկրում:

-Արդեն հինգ ամիս է, ինչ ապրում եմ արտերկրում:

-Արդյոք հե՞շտ է ապրել այլ երկրում:

-Արտերկրում ապրելը այդքան էլ հեշտ չէ, քանի որ ես գտնվում էի օտար վայրում, սակայն լինելով բաց հայացքների տեր մարդ, այսպես ասած, շատ հեշտ հարմարվեցի միջավայրին: Առաջին շրջանում ինձ համար մի փոքր մշակութային շոկ էր, բայց դրանից հետո ինձ զգացի ավելի լավ:

-Զբաղվում ես կամավորությամբ, քո կարծիքով   ինչպիսի՞ն պետք է լինի կամավորը:

-Կամավորությամբ զբաղվել սկսել եմ 14 տարեկանից: Կամավորությունը իմ կյանքի կարևոր մասերից մեկն է: Իրական կամավորը պետք է լինի էներգիայով լեցուն, ճկուն մտածելակերպով և ստեղծագործող:

-Ի՞նչ պլաններ ունես ապագայի հետ կապված:

-Ապագայի հետ կապված պլանները շատ-շատ են, սակայն ապագայի մասին չեմ սիրում խոսել, միայն կասեմ, որ կսովորեմ, կաշխատեմ բժշկության ոլորտում, իսկ մնացածը կտեսնենք ապագայում:

-Ո՞րն է քո մոտիվացիայի աղբյուրը:

-Իմ մոտիվացիան ես համարում եմ կյանքի հանդեպ սերը: Իսկ ընդհանրապես ինձ մոտիվացնում է իմ ամեն քայլը:

Ազատ ժամանակ հիմնականում գրքեր եմ կարդում, շատ եմ սիրում գրքեր կարդալ և դա նույնպես համարում եմ իմ մոտիվացիայի աղբյուր: Հիմնականում կարդում եմ բիզնեսի, բժշկության և գումար վաստակելու մասին գրքեր: Նաև զբաղվում եմ լողով, մեդիտացիայով և սպորտով:

-Քո կարգախոսը:

-Իմ կարգախոսն է` «երբեք չհանձնվել»:

-Ի՞նչ խորհուրդ կտաս բոլոր ներկա և ապագա ուսանող-ներին:

-Ներկա և ապագա ուսանողներին խորհուրդ եմ տալիս, որքան հնարավոր է շատ կարդալ և սովորել: Եվ ամենակարևորը` չհանձնվել, եթե ինչ որ բան ուզում ես, ապա կհասնես:

Նշեմ, որ Գարիկը շատ ակտիվ և նպատակասլաց երիտասարդ է, ով միշտ շարժվում է առաջ ու չի հանձնվում: Եվ այս ամենի համար շնորհակալ է իր ընտանիքին` իրեն միշտ քաջալերելու և օգնելու համար:

«Այն, ինչ հիշվում է, չի կարող երբեք անցյալ համարվել»

44-օրյա պատերազմի մասնակից Վահե Ադյանը ընտրել էր դերասանի ուղին և մինչև ծառայության մեկնելը քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին նկարահանվող փոքրիկ ֆիլմում խաղում էր Ռոբերտի դերը։ Ծառայությունից հետո ֆիլմը պետք է ավարտին հասցնեին, սակայն ոչ ոք չէր պատկերացնի, որ Վահեն ինքն է դառնալու պատերազմի հերոս։

Վահեին մանկուց կարելի էր տեսնել զինվորական տարբերանշանով իրերով, զինվորական հագուստով։ Վահեի մեծ եղբայրը քառօրյա պատերազմի մասնակից էր։ Վահեն հպարտանում էր եղբորով ու նրա ծառայությամբ։

Ընկերասեր ու բոլորին օգնության հասնող, հաշտեցնող Վահեն մասնագիտության ընտրության հարցում երբեք երկընտրանքի առաջ չէր կանգնել. ասում էր՝ բեմը սպասում է ինձ։ Ընդունվել էր Աբել Աբելյանի արվեստի դպրոց ու որոշ ժամանակ անց արդեն աշխատում էր այնտեղ։

Ամենաշատը, իհարկե, Վահեն սիրում էր զինվորական դերեր խաղալ թե՛ դպրոցում, թե՛ արվեստի դպրոցում․ «Վերջին զանգին ուսուցչուհուն խնդրել էր իրեն զինվորականի դեր տալ, երբ ուսուցչուհին առարկել էր, որ վերջին զանգին նման դեր գուցե չունենան, նա համառել էր սցենարում իրեն դեր հատկացնել», – հիշում է մայրը։

Վահեն մեկ տարի էր ծառայում Ջրականում, երբ սկսվեց պատերազմը։ Մեկ ամիս պայքարից հետո՝ հոկտեմբերի 30-ին, անմահացավ Մարտունի 2-ում, թշնամու ԱԹՍ-ի հարվածից։

Վահեն բանաստեղծություններ էր գրում, և հատկապես այս խոսքերը տպավորում են բոլորին․ «Այն, ինչ հիշվում է, չի կարող երբեք անցյալ համարվել»։ Ինչպես Վահեն, այնպես էլ մեր հայրենիքի համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած բոլոր զինվորներն ու նրանց սխրանքները չեն կարող անցյալ համարվել։

Վահե Ավետիքի Ադյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։