Artyom Avetisyan

Մթությունը ստիպում է երազե՞լ, թե՞ մտածել

Ամեն ինչի մասին սկսում ես մտածել գիշերը, երբ մութ է: Բոլոր մտքերդ ու իղձերդ կատարելագործվում են գիշերը, երբ պառկած ես կամ էլ մթության մեջ ես գտնվում: Մթությունը ամբողջ գիշեր հավաքում, գտնում ու բերում է ողջ երազանքներդ և ստիպում մտածել դրանց մասին: Առանց քեզ հարցնելու, դուռը թակելու՝ մտնում է ներս, նվաճում ուղեղդ ու սիրտդ և սկսում է ծակծկել ու տանջել քեզ: Այնուհետև վարում մեքենան ու քեզ տանում է դեպի ապագա՝ երազելու, կամ էլ անցյալ՝ մտածելու: Անգամ մթության մեջ խորհում ես անհնարինի մասին, փորձում այն իրականացնել, հասանելի դարձնել ու ապացուցել բոլորին, որ այն իրագործելի է:

Մթության ծովը շատ խորն է ու անծայրածիր: Մի փոքր իրավիճակ հիշելով՝ վերհիշում ես մի հսկա պատմություն: Մի բառը մտաբերելով՝ հիշում ես ողջ անցյալին վերաբերող փաստերը: Ահա, թե ինչ է մթությունը: Մթության ծովի մեջ մարդիկ խեղդվում են երազելուց ու մտածելուց:

Մթությունն էլ ունի իր պայծառությունը, գեղեցկությունն ու լուսաշողը, որը տեսնելով՝ արագ ձեռք ենք մեկնում, որ բռնենք, բայց ավա՜ղ, նա մեզ բռնեց և գցեց հուշերի գիրկը: Նույնիսկ մթության մեջ կարելի է երջանկություն գտնել, միայն չպետք է մոռանալ լույս վառել: Բայց եկեք մտովի վառենք լույսը, որպեսզի իղձերը չփախչեն:

Մթությունն էլ ունի իր դրական կողմերը: Միայնակ ես մնում մտքերիդ հետ ու ավելի խորն ես մտածում: Երբ մթության մեջ ես լինում ու մտածում ես ինչ-որ բանի իրագործման մասին, ապա հաջորդ օրը այն արագ իրականանում է, իսկ ցերեկը հակառակն է՝ օրերով մտածում ես ու դժվարությամբ ես կարողանում իրականացնել: Չգիտեմ՝ ուրիշների մոտ ոնց, բայց ինձ մոտ հենց այդպես է: Նույնիսկ երբ փորձում եմ նյութ գրել, բոլոր մտքերս գիշերն են գալիս, գնում, փոփոխվում, իսկ ցերեկը կա՛մ անհետանում են, կա՛մ էլ դժվարությամբ եմ վերհիշում:

Գիշերն ուրիշ է: Նստում ես քո համարի ավտոբուսն ու ուղևորվում քո ուզած հասցեով: Անգամ քնելդ էլ չես հիշում՝ ոնց եղավ: Ախր, դու ողջ գիշեր երազում ու երազում, մտածում ու մտածում էիր, և մեկ էլ հոպ. արդեն առավոտ է:

Ցերեկն էլ լավն է, բարի: Մի մոռացեք, որ եթե ցերեկը չլիներ, ապա ձեր գիշերվա իղձերը չէիք կարողանա ցերեկը կատարել: Ցերեկն էլ կարող եք մտածել, հիշել, բայց գիշերվա մթության համն ու հոտն ուրիշ է: Պետք է լավ գնահատենք «գիշերվա լույսի» և «ցերեկվա մթի» արժեքը:

lilit vardanyan

Իմ 2017-ը

Այս տարի ես մասնակցեցի հայոց լեզվի և հայոց պատմության օլիմպիադաներին: Հունվարին պարապում էի հայոց պատմության օլիմպիադայի համար: Կրկնեցի 6-9-րդ դասարանների դասագրքերը: Հետագայում դա ինձ օգնեց քննությունների համար պարապել, անգիր հիշել բոլոր թվականները և չսիրել պատմությունը:

Մայիսի 28-ին ես առաջին անգամ կամավորական աշխատանք արեցի: «Բարքեմփ» Երևանի կամավորների թիմում էի: Ես ամենափոքր կամավորն էի և ամենաքիչ փորձ ունեցողը: Բայց ինձ շատ դուր եկավ այդ աշխատանքը: Հետո էլ՝ նոր մարդկանց հետ ծանոթացա:

Մայիս-հունիս ամիսներին քննություններ էի հանձնում: Հետո ավագ դպրոց կամ քոլեջ ընդունվելու հարցն էր: Միշտ սիրել եմ օտար լեզուներ սովորելը: Մտածեցի՝ կարելի է փորձել ֆրանսերեն էլ սովորել, հետո էլ կընդունվեմ Ֆրանսիական համալսարան: Հենց այդպես էլ կայացրի իմ դժվարագույն որոշումը և ընդունվեցի Ֆրանսիական քոլեջ:

Երևի 2017-ը որոշումների տարի էր, որովհետև այս տարի մենք որոշել էինք ամառային արձակուրդներին գնալ Մոնտենեգրո: Ես առաջին անգամ ինքնաթիռ նստեցի: Ինձ դուր եկավ ինքնաթիռով ճանապարհորդելը: Ինձ դուր եկան Մոնտենեգրոն, Կոտորի չափից նեղ փողոցները (ընդամենը երկու մարդ կարող էին կողք կողքի քայլել), գեղեցիկ պատուհանները, կատուներն ու կարմիր տանիքները, Մոնտենեգրոյի խաղաղ և ծույլ բնակիչները և Ադրիատիկ ծովի խաղաղ, սառը ալիքները, հատկապես՝ Սուրբ Նիկոլա կղզու ոչ մարդաշատ ափը (բացի այդ ափի հսկայական քարերից):

Արդեն 10 տարի է, ինչ տատիկը օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին Դիլիջան գնալու ուղեգիր է վերցնում: Այս տարին բացառություն չէր: Ես, եղբայրս ու զարմուհիներս շատ ենք սիրում ամռան վերջին երեք օրն անցկացնել Դիլիջանում՝ առանց ծնողների (տատիկի ու պապիկի հետ): Անտառ, բնություն, գիրք, հանգստություն և ամենակարևորը՝ առանց համացանցի:

Սկսվեց սեպտեմբերը: Այս անգամ ես գնացի ոչ թե դպրոց, այլ քոլեջ: Մի ամիս սովորում էի գնալու ճանապարհն ու անցնում 63-ի խաղը:

Նոյեմբերին եկավ իմ սիրելի խորն աշունը: Հենց այդ ժամանակ է, երբ հասկանում եմ, որ իմ ծնունդն է մոտենում: Իսկ երբ իմ ծնունդն է մոտենում, հասկանում եմ, որ Նոր տարին է մոտենում, և իմ տրամադրությունը բարձրանում է:

Հուսով եմ, որ մյուս տարին ավելի հետաքրքիր և անակնկալներով լի կլինի:

laura sekoyan

Եռուզեռ է

Վերջապես իմ շրջապատում այս միապաղաղությանը փոխարինելու եկավ ամանորյա եռուզեռը։ Բոլորը տարված են նոր ցուցակներ գրելով, ծախսերը պլանավորելով։ Մարդիկ փորձում են շուտ գումար հայթայթել ու առևտուր անել, քանի դեռ թանկացումներ չեն եղել։ Թոշակ ու նպաստ ստանալուց հետո դժվար է երթուղայիններում գոնե կանգնելու տեղ գտնել։ Գյուղում այն մարդիկ, ովքեր խոզեր են պահում, խանութներով շրջելիս անպայման հարցնում են մսի գինը։ Շատերը գումար ձեռք բերելու համար վաճառում են ընկույզի միջուկ, որը այս շրջանում բավականին թանկ է։ Չնայած որ նախորդ տարիների համեմատ այս տարի ընկույզի միջուկը էժան է, միևնույնն է՝ դա գյուղացիների համար հույսի աղբյուր է։ Պարզապես այս շրջանում գյուղացիների համար մի փոքր դժվար է, քանի որ տան աշխատողները ձմեռային արձակուրդ են ստանում և հաջորդ ամսվա կարիքները հոգալու համար գումար չեն ունենում։ Եվ այդ խնդրի առաջ չկանգնելու համար կանայք մի փոքր գումար են պահում նախորդ ամիսների աշխատավարձերից, և սովորաբար, այդ գումարի մասին տան մյուս անդամները տեղյակ չեն լինում։ Առավել դժվար է այն ընտանիքներում, որտեղ երեխաներ կան, որովհետև տարեցտարի նրանց պահանջներն ու ցանկությունները շատանում են։

Գյուղում շատ հետաքրքիր է բնական տոնածառ ձեռք բերելու գործընթացը։ Մի քանի ջահել տղաներ պայմանավորվում են, օր որոշում ու գնում են անտառ։ Դա, իհարկե, վտանգավոր է։ Այս տարի իմ եղբայրը ևս գնացել էր տոնածառի։ Եղբայրս ու իր ընկերները առավոտյան հավաքվել էին, հաց կերել, տաք հագնվել, վերցրել կացինն ու սղոցը և ուղևորվել անտառ։

Այս ֆինանսական բարդությունների մեջ, միևնույնն է, մարդիկ երջանիկ են։ Ամեն դեպքում, գյուղում երջանկությունը մարդիկ ստեղծում են իրենց ձեռքերով՝ դեմ գնալով ամեն տեսակ դժվարություններին։

Վերջապես շուրջս եռուզեռ է։

Anush margaryan

Չուղարկված նամակ

Ողջո՜ւյն, ես Անուշն եմ: Ապրում եմ Երկիր մոլորակում: Հարյուրավոր գալակտիկաներից, միլիոնավոր աստղերից ու ինը մոլորակներից այն կողմ գտնվում է իմ աշխարհը: Այն լի է ուրախությամբ ու տխրությամբ, սիրով ու ջերմությամբ, հոգսերով ու խնդիրներով, հույսերով ու երազներով: Կարծում եմ՝ արդեն հասկացար, որ այն նման չէ Ալիսայի հրաշքների աշխարհին: Բայց ես սիրում եմ իմ փոքրիկ աշխարհն այնպես, ինչպես դու սիրում ես շոկոլադե պաղպաղակ:

Գիտե՞ս, թե որքան եմ փորձել ուղարկել քեզ այս նամակը, բայց հաջորդ վայրկյանին մտածել եմ, որ քեզ հետաքրքիր չի լինի կարդալ այնպիսի աշխարհի մասին, որտեղ հրաշքներ չեն լինում: Ո՛չ, չմտածես, որ ես հեքիաթային աշխարհներ չեմ սիրում: Անկեղծ ասած՝ եթե ինձ մնար, կուզեի, որ անունս Սպիտակաձյունիկ լիներ, իսկ աշխարհս՝ թզուկներինը:

Լսի՛ր, ես քեզ կպատմեմ մեր աշխարհի մասին: Ուզում եմ այն ներկայացնել իրական գույներով, այնպիսին, ինչպիսին կա: Քո բարության մոլորակից այն շատ է տարբերվում: Կարծում եմ՝ լսել ես, որ մեր աշխարհում կեղծիքն ու չարությունը երբեմն բույն են դնում. նրանք նման են թռչունների: Լսե՞լ ես կետուսի մասին: Նրա մարմնի գարշահոտ ճարպի մեջ գտնվում է անուշաբույր համպարը, որից ստանում են օծանելիք: Այդպիսին է նաև մեր աշխարհը: Այն արտաքինից կարող է վատը թվալ, բայց որքա՜ն բարություն կա ներսում: Քեզ ուզում եմ հրավիրել մեր աշխարհ, կարող ես գալ ընկերներիդ հետ:

Օ՜, մայրս է կանչում…

-Գալի՜ս եմ, մայրի՛կ:

Կներես, ընկեր, նամակս անավարտ մնաց: Ես այն էլի չուղարկեցի քեզ…

Mari Baghdasaryan malishka

Ռեփն իմ տրամադրությունն է, զգացածս և ապրումներս

phptomՀարցազրույց ռեփեր Տիգրան Մովսիսյանի հետ: 

-Պատմեք Ձեր մասին, որտե՞ղ եք սովորել մինչ ռեփի աշխարհ մուտք գործելը, ինչո՞վ եք զբաղվել: 

-Մինչ երգել սկսելը սովորել եմ Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում՝ դաշնամուրի բաժնում: Քոլեջն ավարտելուց հետո հինգ տարի սիրողական ֆուտբոլ եմ պարապել: Հետո սկսեցի երգել, զգացի, որ դա է իմը և շարունակեցի այդ ուղղությամբ:

-Ձեր առաջին երգը համացանցում հայտնվեց 2015 թվականին, հետո համագործակցեցիք այլ կատարողների հետ: Կպատմե՞ք դրա մասին: Հե՞շտ է համագործակցել, թե՞ առաջանում են դժվարություններ

-Ես 2015 թվականին առաջին անգամ որոշեցի ձայնագրել իմ առաջին երգը՝ «Սեր չկար» վերնագրով: Ի զարմանս ինձ՝ ստացա բավականին լավ արձագանքներ: Հետո տարբեր մարդկանցից ստացա համագործակցության առաջարկներ և համաձայնեցի: Համագործակցել եմ Հայկ Ասատրյանի, «RapBrat Label» խմբի տղաների և տարբեր ժանրերի կատարող շատ երգիչների հետ:

- Դուք ռեփ գրելուց բացի՝ այլ ոճի ստեղծագործություններ գրո՞ւմ եք: Ի՞նչը կամ ո՞վ է Ձեզ ոգեշնչում ստեղծագործելուց

-Ես հիմնականում փորձում եմ աշխատել R&B (ռիթմ և բլյուզ) ոճում: Այս ոճն է ինձ ավելի շատ գրավում, և երգերիս մեծամասնությունը սիրո թեմայով է: Ռեփը հիմա մարդիկ տարբեր ձևով են հասկանում և ընկալում: Երբեմն ոգեշնչում են տրամադրությունը, զգացմունքները, ընկերներս և ինձ հարազատ բոլոր մարդիկ: Երբեմն էլ երկրպագուների դրական արձագանքներն են ոգեշնչում:

-Երգերը youtube-ում տեղադրելուց բացի՝ մտածե՞լ եք համերգ ունենալու մասին: Եվ հայտնի ռեփերներից կա՞ մեկն, ում հետ կցանկանայիք դուետ ունենալ

-Որպես անհատ կատարող՝ համերգ ունենալու համար դեռ շուտ է, բայց հետագայի համար այդպիսի պլաններ կան: Այս տարի «RapBrat Label» խմբի համերգին ունեցել եմ իմ մասնակցությունը:

-Ձեր կարծիքով՝ միայն ռեփեր լինելով հնարավո՞ր է գումար վաստակել, թե՞ անհրաժեշտ է ևս մեկ մասնագիտություն ունենալ: Եվ եթե չլիներ ռեփը Ձեր կյանքում, ինչո՞վ կլցնեիք այդ բացը

-Իմ կարծիքով՝ հնարավոր է գումար վաստակել ռեփեր լինելով: Բայց Հայաստանում, ռեփեր լինելուց բացի, պետք է ևս մեկ մասնագիտություն ունենալ: Չեմ կարող ասել՝ ինչով կլցնեի այդ բացը, չգիտեմ, երբևէ չեմ մտածել այդ հարցի շուրջ:

-Ո՞ւմ մտքերն եք օգտագործում Ձեր երգերում: Կնշե՞ք Ձեր երգերից մեկը, որի վրա ամենաշատ աշխատանքն եք կատարել: Եվ մոտ ժամանակներս պատրաստվո՞ւմ եք Ձեր լսարանի դատին նոր երգ-տեսահոլովակ ներկայացնել

-Իմ երգերում ես օգտագործում եմ իմ մտքերը, իմ տեսածը և զգացածը: Ամենամեծ աշխատանքը կատարել եմ «Ես գնում եմ» վերնագրով երգիս ժամանակ: Պատրաստվում եմ ընկերներիցս մեկի հետ նոր երգ ձայնագրել, նկարահանել տեսահոլովակ և մոտ ժամանակներս հանձնել իմ լսարանի դատին:

-Կարծիք կա, որ յուրաքանչյուր ռեփեր ինքը պետք է գրի իր երգի բառերը, Դո՞ւք էլ եք այդպես կարծում, թե՞ հնարավոր է կարդաք ինչ-որ մեկի գրած տեքստը, հավանեք և երգեք

-Ես նույնպես կարծում եմ, որ յուրաքանչյուր ռեփեր ինքը պետք է գրի իր երգի բառերը, բայց եթե լինի ինչ-որ մեկը, որի գրածը կարդամ և ինձ դուր գա, հնարավոր է՝ կատարեմ որոշ փոփոխություններ, հետո նոր երգեմ:

Ծրագրավորման ժամ

Լուսանկարը՝ Անահիտ Գասպարյանի

Լուսանկարը՝ Անահիտ Գասպարյանի

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը, որը կազմակերպվել էր «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ: Այդ օրը Հայաստանի բոլոր մարզերից շուրջ 300 աշակերտներ և ուսանողներ եկել էին «Այբ»՝ մասնակցելու այդ միջոցառմանը, որն անցկացվում է միաժամանակ բազմաթիվ զարգացած երկրներում, իսկ Հայաստանում՝ արդեն 4-րդ անգամ:

Մասնակցության համար պետք էր նախօրոք ամրագրել մուտքի տոմսեր՝ օնլայն տարբերակով: Տոմսերը հանձնելուց հետո աշակերտներին տրվեցին հատուկ շապիկներ, և բոլորը գնացին դահլիճ: Մասնակիցները բաժանվեցին ըստ տարիքային խմբերի, խմբերն էլ՝ 6-8 հոգանոց ջոկատների:

Միջոցառումն սկսվեց ողջույնի խոսքով: Այս պատասխանատու գործը ստանձնել էր Արտաշես Վարդանյանը, ով Հայաստանի «Microsoft Innovation Centre»-ի տնօրենն է: Հետո իրենց ուղերձը հղեցին միջոցառման հովանավորները՝ «Ucom»-ի և «Menu.am»-ի ներկայացուցիչները: Այնուհետև կազմակերպիչները ուղիղ կապով միացան ամերիկյան Microsoft ընկերության տնօրենի հետ, ով մեզ ներկայացրեց «Amazon», «Facebook», «Microsoft», «Google», «Apple» ընկերությունների հաջողության բանաձևերը և հավաստիացրեց, որ յուրաքանչյուրը, ով ունի աշխատասիրություն և տաղանդ, անպայման կհասնի իր նպատակին: Իսկ վերջում «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը նշեց ծրագրի կարևորության մասին և առաջարկեց բաց չթողնել առիթը՝ կերտելու Հայաստանի ՏՏ ոլորտի ապագան:

Լուսանկարը՝ Անահիտ Գասպարյանի

Լուսանկարը՝ Անահիտ Գասպարյանի

Բոլոր խմբերին մոտեցան մենթորները, որոնք սովորեցնելու էին մեզ հետաքրքիր ծրագրեր և բացահայտելու էին ծրագրավորման գաղտնիքները: Մեր մենթորը ընկեր Կարենն էր, ով առաջին իսկ րոպեից դարձավ մեր ընկերը: Մի փոքր խնդիր առաջացավ Wi-fi կապի հետ, քանի որ 300 հոգու ինտերնետ մատակարարելը մի փոքր դժվար էր: Մեր մենթորը հրաշագործ էր: Ինչպես նա էր ասում՝ մի քանի կախարդական գործողություններից հետո՝ մենք հրաշքով ունեինք այն ծրագիրը, որով պետք է աշխատեինք: Իսկ մնացած խմբերին առաջարկվում էր տրամաբանական առաջադրանքներ, մինչև կլուծվեին տեխնիկական խնդիրները:

Մի քանի տեսական հասկացություններից հետո սկսեցինք ուսումնասիրել «Scratch 2» ծրագիրը: Սովորում էինք շարժել անիմացիոն կերպարը, ստիպում էինք պտտվել, հետագծով քառակուսի նկարել, շրջվել կամայական անկյունով, ներմուծել փոփոխականներ, ստանալ արեգակնային համակարգի մոդելը և կարողանալ կառուցել մոլորակների պտույտի սխեման:

«Ծրագրավորման ժամ»-ի ավարտին մեզ բաժանեցին մասնակցության վկայականներ և ուղեկցեցին ճաշարան՝ մի փոքր լիցքաթափվելու: Յուրաքանչյուր ուտեստ արժեր մեկ շնորհակալություն: Շնորհակալությունների հեղեղից հետո պետք է սկսվեր օրվա վերջին մասը՝ էքսկուրսիան «Այբ»-ի Գ մասնաշենքում:

Մեզ դիմավորեցին 4 երիտասարդներ, որոնցից մեկը դպրոցի աշխատակից էր, իսկ մյուսները՝ ավագ դպրոցի աշակերտներ: Մեզ ուղեկցում էր Մագան՝ 10-րդ դասարանի աշակերտուհին: Շրջեցինք բոլոր դասարաններով, ծանոթացանք աշակերտների դպրոցական առօրյային, ուսումնասիրեցինք և՛ տեխնոդասարանը, և՛ ամֆիթատրոնը, և՛ պարասրահը, և՛ նկարչության դասարանը: Ծանոթացանք դպրոցի բարերարների կատարած աշխատանքների հետ և «ուրախ ժամեր» հասկացությանը, որը, ըստ աշակերտների, պետք է կոչվեր «տխուր ժամեր» («ուրախ ժամեր»-ին երեխաները մնում են արտադաժամյա պարապմունքների՝ խնդրելով ուսուցչին բացատրել այն առարկան, որը նրանք լավ չեն յուրացրել):

-Որոշ ժամանակ անց մենք շրջապատված ենք լինելու ավտոմատ համակարգերով, որոնք իրենց վրա կվերցնեն շատ գործառույթներ, որոնք հիմա համարվում են մարդու մենաշնորհը: Հետևաբար այդ համակարգերի կառուցման ու կառավարման լեզվին պիտի տիրապետի ամեն մարդ,- ասաց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

Լուսանկարը՝ Անահիտ Գասպարյանի

Լուսանկարը՝ Անահիտ Գասպարյանի

«Ծրագրավորման ժամ»-ը շարունակական է լինելու, ուստի առաջարկում եմ քեզ հաջորդ տարի չկորցնել հնարավորությունը՝ մասնակից դառնալու այդ գիտատեխնիկական մեծ տոնին:

syuzanna kharatyan

Շուտով Ամանոր է

2017 թվականը ավարտելով՝ ես դիմավորում եմ իմ 17-րդ Ամանորը, ու հենց 2017 թվականին ես դարձա 17.am-ի թղթակից: Ցավոք, սա իմ 17-րդ նյութը չէ, այլապես կատարյալ կլիներ: Որոշեցի նամակ գրել Ձմեռ պապիկին, բայց, անկեղծ ասած, չգիտեի, թե որտեղից սկսեմ: Բայց, ի վերջո, գրում եմ:

Բարև, Ձմեռ պապիկ: Քեզ հիմա գրում է մի աղջիկ, ում գրելը գուցե ծիծաղելի կթվա, քեզ գրում է մի մե՜ծ աղջիկ, ով կներես, բայց վաղուց այլևս չի գրում նամակներ քեզ: Հիշո՞ւմ ես, մի ժամանակ ամառվանից սկսած քեզ նամակ էի գրում, ավելի ճիշտ՝ նամակներ, քանի որ դրանք քեզ «ուղարկելուց» հետո միշտ մտափոխվում էի ցանկությանս հարցում (գիտեմ, որ չես հիշի): Գրում էի երկա՜ր էջերով ու խնդրում շա՜տ-շա՜տ խաղալիքներ, նվերներ: Ու կարծում էի, որ դու իմ նամակը միշտ ավելի սիրով ես կարդում, քան մյուսներինը, որովհետև իմ նամակը ավելի լավն էր, բայց սա ամենևին եսասեր երեխայի արարք չէր: Ես քեզ էի նկարում նամակիս մեջ, ավելի ճիշտ՝ փորձում էի նկարել: Հիմա մեծ եմ, բայց ինձ միշտ ուղեկցում է քո բարի ու լուսավոր կերպարը: Հիմա երկար որևէ բան չեմ գրելու, ավելի ճիշտ՝ քեզնից նյութական ոչինչ չեմ խնդրելու: Ես քեզնից խաղաղություն եմ ուզում, խնդրում եմ, որ մեր այս պայծառ երկիրը՝ լցված ապագայի մեծ սպասումով, երբեք այլևս թշնամուց հարված չստանա: Քեզնից առողջություն ու երջանկություն եմ ուզում, ոչ միայն ինձ համար, հարազատներիս ու ընկերներիս, այլ մի ամբողջ հայ ազգի համար: Մանկական անհոգ ժպիտին կարոտ երեխաներին ժպի՛տ պարգևիր, օգնի՛ր, որ գտնեն իրենց կորցրած ժպիտները: Գիտե՞ս՝ էլ ինչ եմ ուզում՝ ծերանոցների ու մանկատների փակումն եմ ուզում, զինվորների անփորձանք ծառայությունն ու բարի վերադարձն եմ ուզում, երջանկություն ու սեր եմ ուզում հայ ժողովրդի համար: Ու վերջապես՝ կայացած հայրենիք եմ ուզում:

Հ. Գ. Նյութս այդքան էլ լրագրողական ոճի չէ, բայց 17-ում երազանքները իրականություն են դառնում:

Ani asryan

Հավատա՞նք 2018-ի հրաշքներին

-Վա՜յ, մամ, ձյուն ա եկել:

Ժամը 6-ն էր, առավոտ:

Ինչպես կասեին մեծերը՝ աքլորականչը չէր եղել, բայց, դե, աքլորականչին եղբայրս չէր կարող սպասել: Արթնացավ ու սկսեց աղմկել: Նա սովորաբար արթնանում է 8 անց կեսին, բայց այս անգամ ձյունը շուտ էր արթնացրել: Ես էլ արթնացա նրա ձայնից, նստեցի պատուհանի մոտ և սկսեցի նայել երկնքից թափվող անհամար փաթիլներին: Նայում էի և մտածում, թե ինչքան սպիտակ են և ինչ տարօրինակ կառուցվածք ունեն: Երբևէ մտածե՞լ եք, թե քանի փաթիլ պետք է միացնենք, որ ստացվի ձնագունդ: Երևի 1000-ից ավելի փաթիլների ոչնչացումից ստացվում է այդ սառը գնդիկը: Մի սառնագունդ, որի հարվածը կարող է քեզ տապալել գետնին:

Արդեն ձմեռ է:

Ցրտաշունչ եղանակը կայցելի մեզ իր սառնությամբ և գեղեցկությամբ: Նորից սկսվելու է՝ վայ, ընկա, ոտքս սահեց, ինչ սառն է օդը և նման այլ դժգոհություններ: Առաջին ձյան փաթիլն ազդարարեց տոների գալը: Տոներն են մոտենում, և արդեն ժամանակն է մտածելու Ձմեռ պապիկի նամակի մասին: Դու հավատո՞ւմ ես հրաշքներին, չէ՞ որ հրաշքներն ամենուր են: Դե ինչ, եկեք բոլորս այս մեկ ամսում հիշենք այն, ինչ կորցրել ենք այս տարի և այն, ինչ գտել ենք: Մտածենք, թե ինչ կարող ենք գտնել 2018 թվականին: Հուսանք, որ այս տարի բոլորիս երազանքները որոշ չափով կկատարվեն, և ամեն երազանք կգտնի իր տիրոջը:

Ես Ձմեռ պապիկից մեծ, շատ մեծ արջուկ եմ ուզելու: Ի դեպ, եթե արդեն տեղյակ ես իմ երազանքին, դու էլ կարող ես դրանից ուզել:

argam voskanyan lori

Ես մի ծիլն եմ քո արտի

Վերջերս ծանոթներիցս ևս մեկին հրաժեշտ տվի. մշտական տեղափոխվում էր այլ երկիր: Ամեն օր մեր երկրից միջինը 100 մարդ է հեռանում, իսկ պատճառները տարբեր են: Արտագաղթողները հիմնականում բողոքում են կյանքի վատ պայմաններից, իշխանություններից և գտնում են այն բոլոր պատրվակները, որոնց օգնությամբ կարող են արդարացնել իրենց: Վաղը երևի նույն պատճառաբանություններով դու էլ կլքես երկիրը: Երբևէ մտածե՞լ ես այն մասին, թե ով ես դու քո սեփական երկրի ներսում, և ով ես լինելու օտար երկրում:

Պատկերացրու՝ մի օր արթնանում ես ու տեսնում, որ շուրջդ այլալեզու մարդիկ են, ովքեր քեզ չեն հասկանում, չեն մտնում քո հոգեվիճակի մեջ: Դու գնում ես աշխատանք փնտրելու, իսկ օտար երկրի գործատուներին հետաքրքիր չէ քո կարմիր դիպլոմը: Դու ամեն կերպ ցանկանում ես հարմարվել օտար երկրի մշակույթին, իսկ մշակույթը քեզ հարմարվել չի ցանկանում: Անիմաստ թափառելուց հետո հոգնած վերադառնում ես տուն, իսկ տանը քեզ սպասում են ընտանիքիդ անդամները, որոնք իրենց մեջ հայրենիքի կարոտը մի կերպ խեղդելով՝ երազում են լավ կյանքի մասին:

Մի պահ մոռացիր այս բոլոր պատկերացումները, և մտածիր, թե ինչ ես թողնում հայրենիքում: Մտածիր, թե որքան կտուժի հայրենիքը՝ կորցնելով քեզ. չէ՞ որ դու ես այս երկիրը պահողը, չէ որ հենց դու ես այս երկրի տերը, երկիր կառուցողն ու, ցավոք, որոշ դեպքերում նաև երկիր քանդողը: Դու կարող ես լինել յուրաքանչյուր մարդ՝ զինվոր, հողագործ, արվեստագետ կամ էլ իշխանավոր, սակայն անկախ քո մասնագիտությունից ու զբաղեցրած դիրքից՝ դու հանդիսանում ես տվյալ երկրի քաղաքացի և պարտավոր ես ենթարկվել այդ երկրի օրենքներին, իսկ օրենք ընդունողը ևս դու ես:

Չնայած արտագաղթին ու երկրում տեղի ունեցող մյուս բացասական երևույթներին՝ ես հավատում եմ իմ ժողովրդին, հավատում եմ, որ մի օր շատերը, թողնելով օտարությունը, հետ կվերադառնան: Ես հավատում եմ, քանի որ տեսել եմ քառօրյա պատերազմ, տեսել եմ ներգաղթ, միասնական ժողովուրդ ու հայրենիքի համար կյանքը չխնայող երիտասարդներ:

Այս ամենից հետո չգիտեմ՝ դու ինչ որոշում կընդունես, բայց ես որոշել եմ չհեռանալ իմ հայրենիքից: Ես չեմ կարող հեռանալ այստեղից, քանի դեռ այս երկրի սահմաններին կանգնած են եղբայրներս, ես չեմ կարող հեռանալ, քանի դեռ հայրենիքն իմ կարիքն ունի, քանի դեռ պատերազմը չի ավարտվել: Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, ես հավատում եմ նաև քեզ, հավատում եմ, որ դու կմնաս իմ կողքին, և միասին կկառուցնեք մեր երազած հայրենիքը:

Ես չեմ հեռանա, իսկ դո՞ւ:

naira mkhitaryan

Խորհուրդներ Ձմեռ պապին

Շուտով Ամանոր է: Մի բան այն չէ: Ինչ-որ բան մոռացել եմ անել, բայց ի՞նչ:

Ախ, հա՜, Ձմեռ պապին եմ մոռացել նամակ գրել, իսկ եղբայրս արդեն նամակը փոստ է ուղարկել: Բայց երբ հարցնում եմ, թե արդյոք հավատո՞ւմ է Ձմեռ պապի գոյությանը, սկսում է ծիծաղել ու խուսափել պատասխանից, դե, իր շահերից չի բխում, չկա հավատ՝ չկա նվեր:

Ի պատասխան այն հարցիս, թե արդյոք հավատո՞ւմ են Ձմեռ պապի գոյությանը, չորրորդ դասարանի աշակերտների մեծամասնությունը, ծաղրեց ինձ, այնինչ ես իրենց տարիքում անհամբեր սպասում էի Ձմեռ պապիկին: Աշակերտներից մեկը, թե բա.

-Ես գիշերը չէի քնել, որ բարևեմ Ձմեռ պապիկին, բայց ձմեռ պապիկի փոխարեն իմ հայրիկն էր, ու ես իմացա, որ Ձմեռ պապիկ չկա:

-Հնարավոր է Ձմեռ պապիկը նվերը տվել է հայրիկիդ, որովհետև չի հասցրել գալ,- փոքրիկ Վարդանի աչքերի մեջ նայելով՝ փորձում եմ արդարացնել Ձմեռ պապին ու համոզել Վարդանին հավատալ նրա գոյությանը:

-Դե, որ տենց ա, թող էս տարի ինձ տանձիկ բերի, ամեն տարի հրացան ա բերում: Հոգնել եմ հրացանով կրակելուց:

Դե, Ձմեռ պապիկ, եթե կարդում ես սա, ապա Վարդանին հրացան չբերես:

Դասարանում միայն աղջիկներն էին հավատում Ձմեռ Պապի գոյությանը, նամակներն էլ ուղարկել էին և ուզում էին, որ Ձմեռ պապը անձամբ նվերները հանձնի, խնդրում էին, որ հանկարծ չտա իրենց ծնողներին:

Ձմեռ պապիկ, Սամվելի նվերը հարմար տեղ կդնես, որ անցած անգամվա նման չընկնի մահճակալի վրայից:

Միշային կարմիր մեքենա կբերես, կարմիր գույնը շատ է սիրում: Անցած տարվա իր կարմիր մեքենան վթարի է ենթարկվել եղբոր մեքենայի հետ: Եղբորը ոչ մի բան էլ չբերես, որովհետև խելոք չի մնում:

Դե՛, պատրաստվիր, Ձմե՛ռ պապ, քեզ սպասում են:

Հ.Գ. Որպես խորհուրդ՝ մորուքդ լավ կամրացնես: Վարուժանը անցած տարի քեզ բացահայտել է, այս տարի էլ նման մտադրություն ունի: Կամ մորուքդ լավ ամրացրու, կամ Վարուժանի աչքին աշխատիր չերևալ: