astghik hunanyan

Աստղային կարուսելի գայլերն ու մի քիչ մտածմունք

Ասում են՝ ամենաաննորմալ մտքերը հենց գիշերն են ծնվում, դրա համար էլ մտքերիս խառը կույտն ուզում եմ հիմա թղթին ու քեզ հանձնել՝ հուսալով, որ մի քիչ գոնե կհասկանաս ինձ։ Ասում եմ՝ ի՞նչ ես կարծում, աստղե՞րն են մեղավոր, թե՞ էն լուսինը, որ երբեք չի պատասխանել հարցերիդ, թե՞ քաղաքիդ կամ գյուղիդ գիշերային դատարկությունը, երբ չկան կյանքիդ խառնվող ու մտքերդ կառավարող մարդիկ, չկան իրար խաբող ու վատ արարքներ գործողները, բայց դե ոչ ընդմիշտ՝ քնել են մի 8 ժամով, ու էդպես ամեն օր…

Գրում եմ տանիքից, է՜, ոնց երևում է՝ երկնքում լուսին էլ չկա, երևի ուրիշ կողմում է ինձ նման տան կտուրին նստած մեկին երազանքների գիրկը գցում: Ամեն դեպքում, էստեղ միայն աստղերն են, ու կապ չունի՝ հեռու են ինձնից, թե մոտ, մեծ են, թե փոքր, պայծառ են լուսավորում, թե չէ. հիմա բոլորն իրար հավասար են, ու չկան արևն ու լուսինը, որ ուշադրությունս գրավեն։ Լսիր, արի մի պահ աստղերին որպես հասարակ հրե գնդերի չնայենք։ Երբևէ մտածե՞լ ես, որ աստղերն ընկնում են ոչ թե նրա համար, որ ինչ-որ սիրահարված հիմար տեսնի ու երազանք պահի, այլ այն ժամանակ, երբ մի ուրիշ հիմար չի նստում ու սպասում աստղի ընկնելուն՝ ինքն է հասնում իր սիրած էակին, կամ ինչ-որ մեկը առնում է իր երազանքների յուղամատիտները, մյուսը շոկոլադի գործարան է բացում, մեկն էլ հասնում է այն բանին, որ բոլորը ենթարկվեն իրեն: Դե, այսինքն՝ աստղ ընկնում է այն ժամանակ, երբ ինչ-որ մեկի երազանքը կատարվում է (չեմ կարծում, որ ալքիմիկոսների աստղերը երբևէ կընկնեն)։ Եթե անկեղծ լինենք՝ ես էլ եմ սպասում այդ գրողի տարած աստղերից մեկի ընկնելուն, երևի, որի պիտանելիության ժամկետը վաղուց արդեն սպառվել է, ու միայն գիշերը թռչող ինքնաթիռի թրթռացող լույսն է ինչ-որ շարժ կատարում։ Ոնց էլ չեն վախենում գիշերը ինքնաթիռով թռչելուց, ես կվախենայի, չնայած՝ գիտե՞ք՝ ոնց, ես ամեն ինչից եմ վախենում, դրա համար համարձակ քայլերս բավականին քիչ են։

Որ ընկնի, ես էլ կհասցնեմ երազանք պահել ու վերջ, բոլոր խնդիրներս կլուծվեն։ Հա, գիտե՜մ, հիմա դու մտածում ես՝ կյանքը դժվարություններով ա հետաքրքիր, բայց այ դու, որ էդպես ես մտածում, հիմա քեզ հարց եմ տալիս. անհետաքրքիր կլինե՞ր կյանքն առանց ջրհեղեղների ու տորնադոների, առանց երկրաշարժերի ու հրաբուխների, որոնք միլիոնավոր քաղաքներ են ոչնչացնում, միլիոնավոր մարդկանց, միլիոնավոր երազանքներ, անհետաքրքիր կլինե՞ր կյանքն առանց անբուժելի հիվանդությունների, առանց զենքերի ու պատերազմների. չեմ կարծում։ Լավ, է, երազանքին հասնելն էլ հո խաղ ու պար չի՞, հատկապես, որ ավելի շատ մարդիկ կլինեն, որ կկոտրեն քեզ, քան որ կաջակցեն։

Հենց մի պարզ օրինակ՝ մարդիկ համարվում են քո բարեկամներն ու հարազատները, բայց մինչև համալսարան ընդունվելդ քեզ ասում են, որ գործ չես գտնի էստեղ, իզուր մի սովորիր, անվճար տեղերն արդեն գնված են, անվճարի մասին մոռացիր ու վերջ: Պայքարելու ցանկությունդ մի քանի վայրկյանում մարում գնում է։ Ինչի՞ են մարդիկ էդպիսին ստեղծվել։ Էն որ ասում են է՝ քո մեջ ոչ մի մարդկային բան չկա, կամ էս աշխարհում «մարդ» չի մնացել, դու մարդ չես, դու կենդանի ես, ու ինչի՞ են լավ հատկանիշները որպես մարդկայնություն որակավորում, ախր, մարդիկ հենց ամենասկզբից էլ գիշատիչներ են եղել՝ ամենամեծ գիշատիչները, սպանել են իրար, սպանել կենդանիներին, իրենց հաճույքների համար անգամ բնությանն են մասամբ իրենց ենթարկել ու ոչնչացրել, ու դեռ մտածում ես, որ մարդկայնությունը լա՞վ հատկանիշ է: Ես շատ էլ ուրախ եմ, որ երբեմն ինձ կենդանի են ասում: Համենայնդեպս, եթե գայլի զուգընկերը մահանում է, այդ գայլը երբեք նորին չի փնտրում ու մինչև կյանքի վերջն էլ մենակ է մնում, իսկ մարդն անգամ իր ողջ զուգընկերոջն է փոխարինում մեկ ուրիշով։ Ու, ի դեպ, գայլերը մոդայի համար չի, որ սիրում են լուսինը, որ լիալուսնի ժամանակ բարձրանում են մի չնաշխարհիկ ժայռի վրա ու ոռնում՝ ինչքան լավ ու վատ էներգիա կա՝ էդ անտեր լուսնի վրա թափելով։

Աշուն է, բայց ոչ խորը աշուն, էն սիրուն ֆոտոներ անելու համար ստեղծված տերևներն էլ չեն լցվել խոնավ ու ցեխոտ մայթերին, ու ոչ էլ սառը օդը կա, որ մարդկանց ստիպի գրկախառնվել. մի խոսքով։ Երևի հիմա ես էլ չեմ մրսում, կամ էլ մրսում եմ, ո՞վ գիտի, բայց մեկ է՝ պառկել եմ տան կտուրին, մեկ նայում եմ վերև, մեկ քեզ հետ եմ խոսում։ Էնպես չի, որ մեր տանիքը դրախտ է, ու բացի անվանումից ոչ մի ընդհանուր բան չունի ֆիլմերի տանիքների հետ, բայց էստեղ էլ կարելի է մտածել, չնայած՝ ինչ-որ բան խանգարում է մտքերիս հետ մենակ մնալուն. չեմ հասկանում՝ ինչ։ Գուցե հարևանուհուս ամուսինն է խմած տուն վերադարձել ու ձայնը գլուխը գցել, կամ էլ ծղրիդներն են վայրկյանը մեկ նույն ձայները հանում՝ համբերությանս բաժակը լցնելով։ Չգիտեմ, բայց դե հեչ էլ պարտադիր չի՝ իմանամ, իսկ մարդիկ դա չեն հասկանում։

Ի՞նչ պետք է լիներ, եթե մենք չիմանայինք, որ Երկիրը պտտվում է իր առանցքի ու Արևի շուրջը, իսկ Լուսինը՝ երկրագնդի, որ կեղծ պատկերը ճառագայթների շարունակությունների հատումից է առաջանում, կամ որ մի երեք հազար տարի հետո ոչ երկրագունդը կլինի, ոչ մենք ու ոչ էլ էն հետքը, որ կյանքի նպատակ դարձրած ջանում ենք թողնել մեր հետևից. ոչինչ, առանց դեպրեսիայի կապրեինք, էլի։

Եսիմ, դուք գիտեք, ուզում եք անընդհատ պրպտել, ի՞նչ կփոխվի իբր, եթե իմանանք՝ կապիկից ենք առաջացել, թե կավից, որը հետո շունչ է առել ու սկսել ավիրել աշխարհը։ Ու այստեղ էլ բեմ են բարձրանում կրոններն ու դրանց համար տեղի ունեցած հազարավոր պատերազմները։

Նստած եմ տանիքի էն մասում, որտեղ սենյակս է, ու քամին էնպես է ցնցում վարագույները, որ մինչև այստեղ էլ լսվում է ձայնը։ Մարդիկ կարողանում են վարագույրներ կարել, տունն ու իրենց արևից պաշտպանելու համար, չէ՞, ասում եմ՝ ի՞նչ վատ կլիներ, եթե կարողանայինք մի էդպիսի վարագույր էլ կարել՝ մեզ վատ ու խաբող մարդկանցից պաշտպանելու համար, կամ գուցե ինչ-որ մեկին պաշտպանեինք մեզնից. շա՜տ հավես կլիներ։

Չարի ու բարու սահմաններն էլ մարդու հորինածն է (թե ասա՝ ի՞նչը մարդու հորինածը չի)։ Չկան չար ու բարի մարդիկ, մենք մարդկանց մեջ տեսնում ենք այն, ինչ իրենք են մեզ ցույց տալիս, և այն, ինչ մենք ենք ուզում տեսնել (հա, սրանք իմ բառերը չեն, ուղղակի տեղին են, ասացի՝ օգտագործեմ)։ Գայլերն էլ հո էդպիսին չե՞ն, իրենց համար խելոք ապրում են, էլի։ Բայց դե ոնց էլ ման գաս, էն առաջնորդ լինելու ձգտումը էդ խեղճերի մոտ էլ կա, և ո՞վ է այդպես սխալ կառուցել աշխարհը։ Մենք, հաստատ մենք, մեզ տրված էր առանց պատերազմների կյանք, բայց չէ, պետք է հողի համար կռվեինք, կրոնի համար կռվեինք, մեր կամ մեր թշնամու անկուշտության պատճառով կռվեինք, կռվեինք, կռվեինք… Ուրիշի ոսկյա շղթայի համար կռվեինք, ուրիշի հավի, ճտի համար, ուրիշի ոռոգման ջրի համար: Պիտի ստեղծեինք ատոմային, միջուկային ու ջրածնային զենքերը, ինչը հետո մեր ու մեր սերունդների դեմ պիտի օգտագործվի, գինու ու շամպայնի շշերը, որոնցով պատահաբար կամ լավ էլ գիտակցաբար ինչ-որ մեկի գլուխն ենք ցրիվ տալու, սպանելու մեզ նման մեկին։

Գիտե՞ք՝ ասում են՝ չկա մարդ, որ նայի աստղերին՝ առանց սեփական ճղճիմությունն զգալու, մի էդպիսի խղճուկ վիճակ էլ հիմա ինձ մոտ է։ Ասում եք՝ ո՞վ եմ ես, մեկի համար կյանքի իմաստ, մյուսի համար՝ կյանքի «տորմուզ», մեկն էլ ընդհանրապես չգիտի, որ ես կամ։ Շատերն ասում են՝ եսասերի մեկն եմ, շատերն էլ՝ միայն այդպես եմ ձևացնում։ Ես էլ չգիտեմ, ազնիվ խոսք, ու գայլերն էլ չգիտեն, իրենք հաստատ չեն իմանա, հո պարա՞պ չեն՝ ինչ-որ տեղից անընդհատ ինձ հետևեն ու հաշվետվություն ներկայացնեն իրենց առաջնորդին՝ թե բա մեզնով այդքան հետաքրքրված աղջիկը հարևանից խոտի դեզ է վերցրել, դրել տանիքին ու հենվել վրան՝ ինչ-որ բաներ է արագ-արագ գրում։

Եսիմ, ես կախարդությանն էլ եմ հավատում, հո միանգամից մարդիկ չե՞ն հորինել ինչ-որ բան ու վերջ, ուրեմն ինչ-որ մեկը տեսել է, պատմել մյուսներին, նրանք էլ ձեռք առնելով տարածել են ու սկսել ֆիլմեր նկարել, գրքեր գրել, անգամ կարծում եմ՝ երբ Ջոան Ռոուլինգը գնացքով ուղևորվելիս է եղել ու տեսել է կլորիկ ակնոցներով կապուտաչյա մի տղայի, մտքում ինչ-որ կերպար է ստեղծել, հետո էլ մի ամբողջ մոգական աշխարհ՝ դպրոցով ու 4 տներով, բանկով, մոգական նախարարությամբ ու նզովքներով, կարծում եմ՝ դա այնքան էլ հորինված բան չի, ես լռեմ՝ դուք մտածեք։ Ես ինքս սիրում եմ այդպես անել։

Լավ, է, երևում է իրոք գլուխներդ տարա մտքերովս։ Եթե ասածներիցս բան չհասկացաք՝ ինքներդ կեսգիշերին նստեք տանիքի վրա, նայեք երկնքին ու չմոռանաք չընկնել, ես քիչ էր մնում նոր ընկնեի երկրորդ անգամ:

amalya harutyunyan

Վառ պահիր լույսը

Անձրևը երևույթ է: Անձրևը բնության երևույթ է, որը ամպերից թափվում է երկրի մակերեսին հեղուկ կաթիլների տեսքով:

Իսկ քանի՞ անգամ ենք մենք թրջվում անձրևից ու քանի հազարավոր անգամներ փախչում ենք նրանից: Չենք սիրում անձրևը ու մի լավ կռիվ տալիս եղանակի հետ, եթե ջրափոսեր ու ամպամած երկինք կան:
Իսկ ինչո՞ւ մենք երբևէ չենք խուսափում մեր միջի անձրևից: Էն անձրևից, որ նույն ձևով է գալիս, նույն հեղուկ կաթիլի տեսքով ու նույն ձևով ջրափոսեր առաջացնում մեր մեջ:
Անձրևը թափվում է հիմնականում շերտաանձրևային և կույտաանձրևային ամպերից։
Իսկ մեր շերտաանձրևային ամպերը քանի՞ շերտ են պարունակում, քանի տխրության, թախիծի կամ հակառակը՝ քանի ուրախության առիթ:
Իսկ մեր կույտանձրևային ամպերը քանի պատճառահետևանքային կապ ունեն ու քանի շարժառիթ, քանի չասված բառեր ու խեղդված արտահայտություններ, քանի չարած գործեր ու չլրացրած էջեր:
Ես գիտեմ՝ նա իր անձրևանոցը երբեք չի հանում պայուսակից, բայց նաև երբեք չի օգտագործում այն: Հա, մինչև մաշկի վերջին բջիջը թաց է դառնում: Ու թրջվում է նաև միջի անձրևից, հեղեղվում է կաթիլներից: Բայց նա երբեք, ոչ մի դեպքում չի բացում իր անձրևանոցը:
Եթե որևէ նյութ շիկացնենք 700°C ջերմաստիճանից ավելի, այն կսկսի լուսարձակել: Արեգակը, մոմերը և էլեկտրալամպերը լուսարձակում են, որովհետև շատ տաք են:
Իսկ մե՞նք: Ո՞ր ջերմաստիճանում ենք մենք սկսում լուսարձակել: Միգուցե, երբ բարության ջերմաստիճանն է շատ, դե, կամ էլ անկեղծության: Կամ երբ մի լավ բան ենք անում, կամ մի լավ բան ենք մտածում, տեսնես՝ մեր լուսարձակման ջերմաստիճա՞նն էլ պիտի 700°C լինի, թե՞ մենք 500°C ջերմաստիճանով կբավարարվենք: Մենք սկսում ենք շիկանալ կարոտից, սիրուց, երջանկությունից: Մենք տաքանում ենք, անխնա լցնում մեզ տաք հոսանքով ու ճիշտ պահին լուսարձակում ենք ու լուսարձակելով՝ լուսավորում ենք ոչ միայն մեր ներսը, այլև շրջապատող մարդկանց: Դե, ինչպես արևը լուսավորում է շրջապատը, բայց բավական է՝ մի պատուհան տեսնի ու անմիջապես ներս է թափանցում:
Էլեկտրալամպերի մեծ մասի մեջ կա վոլֆրամե թելիկ: Երբ դրա միջով հոսանք է անցնում, այն շիկանում է՝ սպիտակելու աստիճան:
Իսկ մեր թելիկը ո՞րն է: Ինչի՞ շնորհիվ ենք մենք լուսարձակում: Ո՞րն է էն մոտիվացիան, որ մեզ տանում է մինչև սպիտակելը: Միգուցե նպատակնե՞րը, իսկ եթե երազանքնե՞րը, իսկ եթե հնարավորությո՞ւնը, կարող է և կամքի ուժը կամ երևակայությունը: Չգիտեմ, թե այս դեպքում որ նյութից պատրաստված թելիկն է մեզ տանում առաջ, բայց որ այն պետք է ուժեղ լինի, դա հաստատ:
Ես համոզված եմ, որ նա անջատում է լույսը՝ ամեն անգամ սենյակից դուրս գալիս, անջատում է մինչև վերադառնալը:
Իսկ մենք ինչո՞ւ ենք անջատում մեր ներսի լույսն ու այլևս հետ չենք գալիս: Հա, հետ չենք գալիս: Նա կգա, արդեն լույսը չի վառի, մութ սենյակում կխարխափի ու կգնա:
Մենք էլ կգանք: Հա, կգանք: Կնայենք մեր ներսի մութ սենյակին ու խարխափելուց հետո՝ մեկ է՝ չենք միացնի լույսը:
Մենք ընտրում ենք բարդը: Մենք տարօրինակ ենք:

Հաղթողը

Հարցազրույց «X-Factor 4» նախագծի հաղթող Էդգար Ղանդիլյանի հետ: 

 

Լուսանկարը՝ Լիլիթ Հարությունյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Հարությունյանի

-Էդգար ջան, մի քիչ պատմիր քո մասին: 

-Ես Էդգարն եմ, 20 տարեկան: Ծնվել ու ապրում եմ Գյումրիում, սովորել եմ Գյումրու ակադեմիայի մասնաճյուղում, «Իմպրորիթմ» արվեստի դպրոցում: Բարձրագույն կրթություն չունեմ, աշխատում եմ ավտոտեխսպասարկման կետում՝ որպես զոդող:

-Ինչպե՞ս որոշեցիր մասնակցել «X-Factor» նախագծին: Մի քիչ պատմիր նախընտրական փուլի մասին:

-Նախագծին մասնակցել եմ ընկերուհուս խորհրդով, բայց ընդհանրապես հույս չեմ ունեցել, որ կանցնեմ: Չնայած դրան՝ ժյուրիի անդամները, լսելով իմ ձայնը, «այո» ասացին, ու անցա հաջորդ փուլ:

-Իսկ մինչ նախագծում հայտնվելը այլ տեղերում երգե՞լ ես:

-Մինչ այդ չեմ երգել, ծառայել եմ հայոց բանակում: Երգել սիրել եմ շատ փոքր հասակից, մայրիկս նույնպես երգում է, երևի հենց նրանից էլ ժառանգել եմ:

-Անցար նախընտրական փուլն ու հայտնվեցիր նախագծում: Ի՞նչ զգացողություններ ունեիր. արդյոք պատկերացում ունեի՞ր, որ կհաղթես եզրափակչում:

-Նախընտրական փուլն անցնելու օրն ինձ համար երևի ամենաերջանիկն էր: Ես կարողացա ապացուցել, որ ես էլ եմ կարողանում երգել ու նպատակ դրեցի հասնել եզրափակիչ: Չհաղթել, այլ ուղղակի հասնել եզրափակիչ՝ իմ թիմի հետ միասին, բայց, ափսոս, չկարողացանք: Դրանից հետո իմ նպատակն այն դարձավ, որ մեր թիմի «տեղը հանեմ» և հաղթեմ՝ ինչպես նշել էի հաղթանակի մասին իմանալու ժամանակ:

-Ի՞նչ ես հիշում մրցույթից. ի՞նչն էր դժվար քեզ համար, ինչպե՞ս էր նախագծի շրջանակներում անցնում ժամանակդ: 

-Դժվարություններ գրեթե չեմ ունեցել, որովհետև կողքիս միշտ հավատարիմ մարդիկ են կանգնած եղել, նրանց շնորհիվ ամեն ինչ հեշտ էր թվում: «X-Factor»-ի ժամանակ մենք չէինք հասկանում, թե ինչպես էին անցնում մեր օրերը: Ամեն մի օրն ուներ իր հետաքրքրությունը: Տխրում էինք, երբ մեզանից մեկը հեռանում էր նախագծից: Հիմա շատ եմ կարոտում այդ օրերը:

-Ի՞նչ տվեց մրցույթը քեզ: Հատկապես՝ ո՞ւմ հետ մտերմացար: 

-Շատ լավ ընկերներ, ճանաչում ձեռք բերեցի: Շատ մտերմացա մեր թիմից Յուրա Ադամյանի հետ, մինչ օրս էլ մենք մտերիմ ընկերներ ենք:

-Հիմա ինչո՞վ ես զբաղվում, արդյոք հրավերներ ունե՞ս տարբեր տեղերում երգելու: 

-Այժմ նույնպես աշխատում եմ ավտոտեխսպասարկման կետում՝ որպես զոդող, հրավերներ մի քանի տեղից ունեմ, երգիս ուղին շարունակում եմ:

-Ի՞նչ հետագա պլաններ, նոր երգեր, տեսահոլովակներ ունես:

-Մի երգ ունեմ՝ «Հայրիկ»-ը, որ պետք է ձայնագրվի: Երևի մի ամսից պատրաստ կլինի, իսկ տեսահոլովակ դեռ չունեմ:

Առաջին հանդիպումը ուսանողական խորհրդի հետ

Լուսանկարը՝ Թամարա Գալստյանի

Լուսանկարը՝ Թամարա Գալստյանի

Ահա և  անցավ իմ կյանքի նոր շրջանի մեկ շաբաթը: Անցավ այնպես, որ անգամ չնկատեցի: Ամեն ինչ չափազանց խառն էր այս շաբաթ. Գրքեր, գրքեր ու էլի գրքեր: Մի մասը գնեցի, մյուս մասն էլ օգնեցին ընկերներս: Չեմ կարող ասել, որ բուհում ամեն բան հեշտ է, ու պետք էլ չէ, որ այդպես լինի, քանի որ եկել ենք սովորելու, մասնագետ դառնալու, իսկ դրան հասնելու համար որոշակի դժվարին ճանապարհ պետք է անցնել: Լավ, ինչևէ… Ուզում եմ խոսել ՀՊՄՀ ՈՒԽ (ուսանողական խորհուրդ)-ի  մասին: Նրանք բոլորն էլ առաջին իսկ հայացքից ինձ շատ դուր եկան: Մեր կուրսի ավագը՝ Կառլենը, որը միակ տղան է կուրսում, մեզ տեղեկացրեց, որ երկար դասամիջոցին մեզ հետ հանդիպում է ունենալու ՈՒԽ-ի բանասիրական ֆակուլտետի ամբողջ անձնակազմը: Շատ էի ուրախացել, քանի որ ես ինքս շատ եմ ցանկանում լինել ՈւԽ-ի անդամ: Նախ խոսեց ՀՊՄՀ ՈւԽ-ի նախագահը՝ Ներսիկ Մարգարյանը, որը  մեզ շատ ճիշտ և օգտակար խորհուրդներ տվեց, և բացի այդ, մեզ բացատրեց, թե ինչ է նշանակում ՈւԽ-ն: Բացատրեց որ Ուխ-ն ոչ միայն կազմակերպչական, ուսանողական կյանքն ավելի հաճելի ու հետաքրքիր դարձնելով է զբաղվում, այլ ուսանողների իրավունքներով: Եթե ինչ-որ բան այնպես չէ, խնդիրներ կան դասախոսի, համակուրսեցու հետ, ապա պետք չէ ծնողներին անհանգստացնել, արդեն մեծ ենք, պետք է դիմել ՈւԽ-ին: Նրանք ամեն բան կանեն խնդրի լուծման համար:

Նախագահի խոսելուց հետո սկսեցին խոսել մյուսները: Հաջորդը մեր բանասիրական ֆակուլտետի ՈւԽ-ի նախագահն էր՝ Էդգար Ապրեսյանը: Խոսեց նախագահի օգնականը՝ Կարինե Հովհաննիսյանը, որի խոսելուց հասկանում ես, որ Գյումրու բարբառն ուրիշ է: Գոյություն ունեն նաև հանձնաժողովներ, որոնց մենք բոլորս էլ կարող ենք միանալ և դարձնել այդ հանձնաժողովը էլ ավելի լավը մեր աշխատասիրությամբ: Խոսեցին բոլոր հանձնաժողովների պատասխանատուները. լրատվական՝ Անի Ղալաչյան, սպորտ՝ Անահիտ Նիկողոսյան, կազմակերպչական՝ Կարինե Հովհաննիսյան, սոցիալական՝  Լիանա Սիմոնյան, մշակույթ՝ Սուսաննա Հայրապետյան: Այնքան ակտիվ էի, որ Անի Ղալաչյանն ինձ նկատեց ու միանգամից անունս գրեց լրատվականում, ու ամենակարևորը ինձ ներկայացնելուց ես ասացի, որ 17.am-ի թղթակից եմ, ու դա էլ ավելի ոգևորեց:

Ես չխոսեցի ակումբների մասին: Կան նաև մի քանի ակումբներ. ինտելեկտուալ՝ Աստղիկ Բոյաջյան,  բնապահպանություն՝ Գոհար Երվանդյան, բանավեճի՝ Զվարթ Ամբրոյան, գրական՝ Անի Ղալաչյան: Նրանք կազմակերպում են բազմաթիվ խաղեր, մրցույթներ, բանավեճեր, որն էլ ավելի բանիմաց է դարձնում ուսանողին:

Դե ինչ, կցանկանամ բոլոր առաջին կուրսեցիներին փոխանցել կամ հորդորել, որ անպայման լինեն ՈւԽ-ի անդամ, քանի որ այնտեղ շատ հետաքրքիր է և ուսանողական կյանքն ավելի հագեցած է դարձնում:

seda harutynyan-2

Ընդամենը

Այո՛, ես նորից սիրահարվել եմ կյանքին։ Դե, համամիտ եմ՝ անարդար, տխուր, անիմաստ, անկանխատեսելի կյանքին նորից սիրահարվելը տարօրինակ է, բայց ես օր օրի ավելի ու ավելի եմ խորտակվում «կյանքի» ջերմության մեջ։

«Իրավունքի հիմունքներ» դասն էր։ Համաձայնեք, որ 7-8-րդ ժամերին նստելը բավականին բարդ ու ձանձրալի է, չնայած նրան, որ համ ուսուցիչը, համ առարկան նոր են։ Ինչևէ, սկսեցինք խոսել լիդերների մասին, և մեր դասախոսն ասաց, որ լիդերների օրինակներ բերենք, և ինքը նշեց իր օրինակը, որը Վարդան Մամիկոնյանն էր Ավարայրի ճակատամարտի ժամանակ։ Մտքովս ոչ ոք չէր անցնում ու մի թեթև թեմայով հետաքրքրված ցանկացա լսել կուրսընկերներիս կարծիքները։

-Կլինի՞ ես լիդերների լիդերի օրինակ բերեմ,- բղավեց կուրսընկերներիցս մեկը և շարունակեց,-  իմ տեսած ամենաարդար լիդերը ՝  մեր ավագ Սեդան է։

Ու ամբողջ կուրսը միանգամից սկսեց բղավել, որ իրենց համար լիդերի պարզ օրինակ է Սեդան։ Իսկ Սեդան՝ նույն ինքը՝ ես, չէր էլ հասկանում, թե ինչպես է լիդերի տեղ զբաղեցրել։
Այդ դասաժամին  պարզվեց, որ ես ունեմ լիդերի փայլուն նախադրյալներ և միշտ կարող եմ ճիշտ ճանապարհով տանել իմ կուրսընկերներին և վստահելի անձ եմ իրենց համար։
Ուզում եմ էլի կիսվել քեզ հետ իմ առօրյայով։ Ինստագրամում «Մանանայի» աղջիկներով մի խումբ ենք բացել, որի անունը «Հանդիպում» է։ Ամեն ամիս մի նոր հանդիպում ենք կազմակերպում, բայց դեռ ոչ մի անգամ լիարժեք չենք հանդիպել։ Սեպտեմբերի մեկի առավոտյան մեր ինստախմբում եռուզեռ էր։ Մեզանից յուրաքանչյուրը մյուսների գնահատականը ակնկալելով մեր հագուկապն ու շպարն էինք միմիանց ուղարկում։ Էլիզա, Ամալյա, Տաթև, Մարիամ, Լիլիթ, Արաքսյա՝ նրանք այն ինտերնետային ընկերներն են, որոնց տեսնելու, ամուր գրկելու ու էլ կյանքում բաց չթողնելու  ցանկությունն օր օրի ավելի է մեծանում։ Մեր խմբում երկու լուսավոր կետ կա. մեկը «Մանանան» է, որի շնորհիվ ես այսօր ունեմ այն, ինչ չունի ոչ ոք: Ունեմ հիանալի՝ համ քննադատող, համ հասկացող ու գնահատող ընկերներ։ Ունեմ «էլիզերեն» այբուբեն, ունեմ ջեմ պատրաստող Լիլիթ, ունեմ ցնցող ժպիտ ունեցող Արաքս, «նեմրայոտ» Տաթև, ինձ հասկացող եղունգների լաք սիրող ու «ջիջիլ»  գցող Մարիամ  ու ամենակարևորը ունեմ Արև՝ ունեմ Ամալյա, հենց ինքն  էլ հանդիսանում է մեր խմբի երկրորդ լուսավոր կետը։

Այո՛, ես նորից սիրահարվել եմ կյանքին,  քանի որ մշուշն ու մռայլը կյանքից ցրելու համար ընդամենը սիրել է պետք, ընդհամենը Արև է պետք…

mariam tonoyan

Նոր օրակարգ

Երկար դադարից հետո ի վերջո մտքերիս մթին անկյունում քնած մուսայիս արթնացնելուց հետո ուզում եմ պատմել նոր դպրոցիս, նոր ընկերներիս, ի հայտ եկած դժվարությունների ու արդեն ավագ դպրոցի կարգուկանոնին հարմարվող աշակերտներիս մասին: Փորձեմ ներկայացնել.

Սեպտեմբերի 1
-Ես չեմ գնա էդ դպրոց, չեմ հարմարվի նոր շրջապատին… Մա՛մ, մոտս կմնաս:
Ինչ լավ է, որ վաղը շաբաթ է:

Սեպտեմբերի 2
-Ուռա՜, դասեր չկան: Բայց, կարծես թե, և՛ դասընկերներս էին լավ մարդիկ, և՛ նոր ուսուցիչներս:

Սեպտեմբերի 3
-Վաղը դասի ենք: Բայց ախր, ես իմ դպրոցն ու իմ դասարանն եմ ուզում…

Սեպտեմբերի 4, 5
-Ի՜նչ հետաքրքիր է սովորել նոր դասարանում: Նոր ուսուցիչներ, տարբեր ուսուցման մեթոդներ, շաբաթական ընդամենը 1 ժամ քի՜միա…

Սեպտեմբերի 6, 7, 8
-Այնքան շատ դաս ունեմ, բայց մեկը մյուսից հետաքրքիր է: Ես պետք է շարունակեմ լավ սովորել:

Սեպտեմբերի 9, 10
-Ինչի՞ մասին նոր հոդված պատրաստեմ: Ինչ լավ է՝ վաղը դպրոց պետք է գնամ:

Ani Harutyunyan

ԱԷԿ-ի կողքին նստած

Իմ գյուղը Մայիսյանն է՝ թաքնված երկու քաղաքների՝ Արմավիրի ու Մեծամորի արանքում։

Երբ գալիս ես Երևանից, ու վերջանում է Մեծամորը, ուշադիր նայիր աջ կողմդ ու կտեսնես գյուղիս սկիզբը՝ ծառուղին, այդ հատվածը կարծես ֆիլմից լինի։ Քայլում ես մինչև գյուղ ու մոռանում իրականության մասին։
Գաղտնիք չէ, որ դրականն ու բացասականը միշտ ձեռք ձեռքի տված են քայլում, ու եթե գյուղն ունի շատ առավելություններ, թերությունները նույնպես մեզ հանգիստ չեն տալիս։
Գյուղի ներսում առկա խնդիրների մասին չէ, որ խոսելու եմ։ Խոսքս նաև այն բնակավայրերի անունից է, որոնք գտնվում են Ատոմակայանի մերձակա տարածքներում։

Իհարկե, վտանգի դեպքում տուժելու է, կարելի է ասել, Հայաստանի ամբողջ տարածքը, բայց առաջին հարվածը ընդունելու ու հետ ենք մղելու մենք՝ շրջակայքում ապրողներս։
Տարվա մեջ լինում են միջոցառումներ ու նախնական պատրաստություններ, թե ինչ պետք է անել արտակարգ իրավիճակներում, բայց մենք չունենք համապատասխան պիտույքներ։
Տարբեր երկներում, որտեղ գործում են ատոմակայաններ, բնակիչները ստանում են հակագազեր ու առաջին անհրաժեշտության իրեր՝ վտանգի դեպքում պաշտպանվելու համար, իսկ մեր գյուղում, օրինակ, շատերն անգամ չգիտեն՝ ուր պետք է գնալ ճառագայթման դեպքում, որովհետև միջոցառումները գրեթե միշտ կազմակերպում էինք դպրոցական մակարդակով։
Ինչպես ասում են՝ մինչև դանակը չհասնի ոսկորին, ոչինչ չենք ձեռնարկի, հայ ենք, չէ՞։ Ինչո՞ւ սպասենք, մինչև վտանգավոր իրավիճակ լինի, խուճապ, նոր սկսենք գործել, ու հետևանքներն էլ լինեն անդառնալի։
Ամեն ինչ սկսվում է ինձնից, քեզնից, մեր բնակավայրից ու համայնքից։ Ի վերջո, մանրուքներին ուշադրություն դարձնելով ու փոքր թվացող խնդիրները լուծելով մենք կհասնենք ավելի մեծ խնդիրներին, ու ճիշտ նշանակետին խփելով, կունենանք մեր երազած Հայաստանը։

Seroj araqelyan

18 տարեկան կամ անծանոթ մի միջավայր

Էսա կասեք՝ էլի սեպտեմբերի 1-ի ուրախ օրով կրակել, ծնունդը փչացրել են, բայց ոչ հարգելիներս: Այս անգամ ոչ կրակոց կար, ոչ էլ հյուրեր: Եթե չասեմ էլ, ապա գիտեք. սեպտեմբերի մեկը ինչ օր է. քայլ դեպի նոր կյանք, ոմանք արդեն աշխատանք են փնտրում, ոմանք նոր են պայուսակ վերցնում, իսկ ես նոր եմ մտնում համալսարան: Եկավ այդքան երկար սպասված պահը, որ պետք է մուտք գործեմ մի վայր, որտեղ իմ երեք հոգանոց դասարանը չէ, այլ մի մեծ կուրս:

Հա, մինչև հիմա էլ հենց այս պահը ասում եմ՝ ինչո՞ւ էլի, ինչու շատ չէինք դպրոցում, որ էնտեղ էլ էսպես հավես անցներ, ու մեկ-մեկ մեծ քանակի շնորհիվ կարողանայի թաքնվել դաս պատասխանելուց:

Հա, կիսատ մնաց, է, խոսքս: Եկավ սեպտեմբերի 1-ը, ես դարձա 18 տարեկան: Բայց մինչ սեպտեմբերի մեկին պատրաստվելը, ես նախօրոք պատրաստել էի շորերս, թե ինչ պետք է հագնեմ սեպտեմբերի 1-ին՝ վերջ ի վերջո, առաջին անգամ համալսարան եմ գնում: Ինչպես դպրոցում, այդպես էլ բուհում՝ վերնաշապիկով ու, արդեն երևի հասկացաք, սիրուն-սիրուն հագնվեցի ու դեպի մետրո:

Դե, աշխույժ օր է, բնականաբար շատ մարդ կա: Ես էլ, երբ նստում եմ մետրոյի նստարանին, ներս է մտնում կամ մի աղջիկ, կամ մի տարեց կին ու կանգնում ինձ մոտ: Ես էլ տեղիցս վեր եմ կենում ու առաջարկում նստել: Ասում են՝ շատ շնորհակալ եմ ու տեղերով փոխվում՝ բռնվում մետրոյի բռնակներից ու կիսաբաց աչքերով մի կերպ կանգնում այդ խիտ մարդաշատ վագոնում: Գնանք առաջ, երևի ցանկացած ուսանող կհասկանա, թե ինչ է կատարվում, երբ դուրս ես գալիս մետրոյից ու գնում դեպի քաղաք: Ախ, այդ հաճելի քամին, որ բոլորն են սիրում մետրոյից դուրս գալուց անմիջապես հետո: Բայց հենց աստիճաններով բարձրանում ես, էլի նույն շոգը. տաք ասֆալտ, ու առաջ՝ Երիտասարդականից դեպի Ճարտարապետական: Եկա հասա, համալսարանի դիմաց կանգնեցի: Նայում եմ շուրջս ու ինձ հարցնում: Մի՞թե այս մարդիկ են ուսանողները, որ եկել են կարմիր բոթասներով, ճղված ջինսերով ու հիփ հոփ ոճի գլխարկներով: Դե լավ, հա: Ի՞նչ գործ ունեմ ուրիշի հետ, գնամ համալսարան, տեսնեմ՝ ինչ է կատարվում:

Ինչպես միշտ, բացման խոսք, ու դրանից հետո դեպի 4-րդ հարկ՝ դասացուցակի մոտ: Դե, սեպտեմբերի 1-ը ուրբաթ էր: Ինձ մնում էր սպասել երկուշաբթի օրվան:

Եկավ երկուշաբթին: Ծանոթացանք, բայց մինչև հիմա էլ ծանոթանում ենք, որովհետև անունները միշտ խառնում ենք: Բայց այդ անգամ կար և հաճելի պահ, և մի տխուր պահ: Հաճելի է, երբ նոր կյանք ես մտնում, նոր շենք, նոր մարդիկ ու ավելի հետաքրքիր դասեր: Բայց տխուր է, երբ սեպտեմբերի 1-ին, երբ արթնանում  էի, միշտ եղբայրս գալիս էր, վերմակը քաշում ու գոռում՝ ծնունդդ շնորհավո՜ր: Ես էլ որ միշտ ջղայնանում էի առավոտվա իր ավանդույթից, այդ օրերին չէի ջղայնանում, որովհետև անհնար է ծիծաղելով բարկանալ:

Լավ, ես արթնացա, հետո գնացի հյուրասենյակ: Դատարկ է, մարդ չկա, բայց եթե մեր տանը լինեի, հաստատ ամեն մեկը իր տեղից կկանգներ ու կմոտենար ինձ, ու նույնը դպրոցում: Բայց այս անգամ էլ թող էսպես լինի. սա էլ իր հետաքրքրությունն ունի: Հիմա էլ, երբ իմացան ծննդյանս օրվա մասին, կեսը շնորհավորում էր, կեսը չէր հավատում, մի մասն էլ զարմանքից ծիծաղում:

Երբ տուն եկա հոգնած՝ պլակատների, մեծ տախտակի, ներկերի ու քանոնների հետ միասին, ու դրանց մի կողմ գցելով, մոտեցա բազմոցին ու հանեցի հեռախոսս, որ տեսնեմ՝ ով է ինձ հիշել ու շնորհավորել: Հաճելի է կարդալ, շնորհավորանքներ ստանալ, զանգեր, բայց էլ ավելի հաճելի է, երբ բացումես ֆեյսբուքյան էջդ ու տեսնում, որ կա 10 շնորհավորանք, որից 7-ը իմ 17-ի երեխեքն են: Շնորհակալ եմ իրենց, որ կան:

Հա, ու մի փոքր դաժան լրացում անեմ: Ծննդյանս օրը հաշվեցի և տեսա, որ այսպես մի քանի տարի շարունակ է լինելու. Բանակ, որը իր մեջ ներառում է 2 ծնունդ և ուսանողական 3 տարի, բայց մարդ ես, էլի, եթե մագիստրատուրա էլ շարունակեցի, ես կմոռանամ, թե ինչպես են նշում ծննդյան օրը հարազատներիս հետ:

anna mesropyan lori

Առավոտ էր

Առավոտ էր. սիրում եմ առավոտվա բույրը: Կարծես ամեն անգամ, ամեն առավոտ ես ծնվում եմ նորից: Նայում էի քաղաքին. կարծես նա աչքերը նոր էր բացել: Կան մարդիկ, որոնք դեռ քնած են, կան մարդիկ՝ շտապում են, իսկ հեռվում՝ ճանապարհի մյուս հատվածում, լուսաբացի հետ մուրացկանը արդեն դուրս է եկել աշխատանքի: Չորեքշաբթի էր՝ մի քիչ ամպամած, սակայն արևի նուրբ շողերն արդեն ճեղքել էին սևացած ամպերը և դուրս էին եկել: Ես էլ մի քանիսի պես շտապում էի դասի: Ճանապարհ ընկնելուն պես տեսա մի ծերուկի, որը արևի դուրս գալուն պես դուրս էր եկել և նստել շենքի դիմացի նստարանին: Նա կարծես բարձրահարկ շենքի ստվերով էր ուզում ծածկել թարթիչներին իջած արցունքները, որոնք գոլորշիանում էին՝ դեմքին թողնելով մի փոքրիկ հետք: Աչքերից հորդացող տխրությունը ուղղակի անհնար էր չնկատել: Արդեն անցել է մի քանի ամիս, ինչ կորցրել է մինուճար տղային, որը աշխատանքի ժամանակ վերելակից ընկել էր ցած՝ որբ թողնելով երկու անչափահաս երեխաներին: Ծերուկը այն մարդկանցից չէր, որոնք իրենց թույլ են տալիս մոռանալ նրանց, ում սիրում են: Մոռացությունը մի հսկայական օվկիանոս է, որի վրա նավարկում է միայն մի նավ՝ հիշողությունը: Իսկ ովքե՞ր են կոչվում ավելորդ՝ ստրուկնե՞րը, ձանձրալինե՞րը: Ամենևին ոչ: Նրանք, ովքեր նավից դուրս են շպրտվում, անօգուտներն են, որոնցից արդեն օգտվել են, և էլ ինչո՞ւ պահեն նրանց. խղճահարությունից ելնելո՞վ: Նա էլ շպրտվեց մնացածի պես:

Նորից լուսաբաց է, նորից նույն ծերունին է նստած նստարանին, որը նույնքան գունատ է, ինչքան ծերուկի դեմքը: Օրերը փոխվում են, ամեն ինչ մնում է նույնը, միայն մարդկանց դեմքի փայլն է պակասում՝ զիջելով իր տեղը տխրությանը:

mariam grigoryan

Սովորել, աշխատել, ժպտալ

Երևանի փողոցներով քայլելիս շատ եք տեսնում մռայլ ու «մուննաթ» եկող հայացքներ, չէ՞: Ես էլ: Ուսուցիչներիցս մեկը պատմում էր Հունաստան կատարած իր այցից: Ասաց, որ սկզբում շատ անսովոր էր, ու ամեն ինչ տարբերվում էր Հայաստանից: Բոլորը ժպտում են ու թեկուզ առանց պատճառի զրուցում անծանոթների հետ: Լսել եմ, շատերն ասում են, որ ուղղակի հայերը շատ խնդիրներ ու հոգսեր ունեն, դրանից է: Չեմ կարծում, որ խնդիրներ միայն հայերը ունեն: Ուղղակի մենք սիրում ենք ամեն ինչ բարդացնել: Համ էլ, հայերին շատ է հետաքրքրում մյուսների կարծիքը: «Որ ժպտամ, չե՞ն ասի՝ էս գիժը ով ա, անտեղի բերանը բացել ա»: Կամ էլ իրար խորհուրդներ են տալիս.

-Փողոցում մի ծիծաղեք, կողքից սիրուն չի նայվում:

Էդ ինչպե՞ս: Բայց այնպիսի տպավորություն է, որ մարդկանց ուղղակի առիթ է պետք քննադատելու համար: Լուրջ դեմքի արտահայտությամբ մեկին տեսնելիս էլ ասում են՝ «Մի հատ էլ խփի»: Չէ, իրար խփել պետք չէ, իրար վիրավորել, քննադատել ու բամբասել նույնպես: Երևի թե սա է ամենամեծ խնդիրը, ուղղակի պետք է դադարել քննադատել իրար և մտածել ուրիշի կարծիքի մասին: Թեթև ապրելը ավելի հեշտ է: Ի վերջո ապրում ենք մի անգամ, ապրում ենք ինքներս մեզ համար:

Եթե ինձ հարցնեն, թե որն է կյանքիս կարգախոսը կամ ինչով եմ առաջնորդվում, ես կպատասխանեմ. «Կապ չունի՝ ինչ եմ անում, մարդիկ միշտ խոսելու պատճառ կգտնեն: Ապա ինչու չանեմ այն, ինչ ինձ դուր է գալիս»:

Իսկ ամենաչսիրած արտահայտությունս է. «Իսկ մարդիկ ի՞նչ կմտածեն»: Եթե շփվում ես ինձ հետ ու հիմա կարդում ես սա, երբեք ինձ չասես դա: Ինձ չի հետաքրքրում: Մասնագիտությանս ընտրությունն էլ է հակասական արձագանքներ առաջացնում: Շուտով կավարտեմ դպրոցը, ու ամենաշատ հնչող հարցը հենց մասնագիտությանս ընտրությանն է վերաբերում: Պատասխանը ստանալուց հնչում է հաջորդ հարցը` «Իսկ չե՞ս վախենում»: Կամ էլ` «Իսկ ինչո՞ւ հենց լրագրող»: Պատասխանեմ բոլոր հարցերին` չէ, չեմ վախենում, վերջ ի վերջո պետք է լինեն մարդիկ, ովքեր կխոսեն իրոք կարևոր հարցերից, ոչ թե «աստղերի» ամառային հանգստից, և լրագրող, որովհետև սա այն եզակի մասնագիտություններից է, որտեղ կկարողանամ օգտագործել գիտելիքներս, շփվել ու ծանոթանալ տարբեր մարդկանց հետ և ուղղակի հաճույք ստանալ կատարածս աշխատանքից:

Բայց մի րոպե, ոնց որ թե շեղվեցի թեմայից: Ուզում էի ասել, որ ամբողջ օրը տխրելով խնդիրները չեն լուծվի: Մեկ էլ, եթե ինչ-որ մեկը հաջողության է հասնում, դա ամենևին չի նշանակում, որ բախտավոր է, ուղղակի նա աշխատել է և բազում դժվարությունների միջով անցել նախքան դա: Չի ասել. «Էս երկրում գործ չկա», այլ աշխատել է ու չի ամաչել իր աշխատանքից: Բոլորն էլ ինչ-որ բանից են սկսել, համոզված եմ, համաշխարհային ճանաչում վայելող մարդկանց կենսագրություններում էլ եք հանդիպել այդպիսի պատմությունների: Հայտնի պապիկը ասել է. «Սովորել, սովորել, սովորել», իսկ ես կավելացնեմ. «Սովորել, աշխատել, ժպտալ», ու ձեր կյանքում ամեն ինչ լավ կլինի: