lilit grigoryan

Հետ եկա

Վաղուց չէի գրում: Առավոտյան վեր կենալով՝ գնում եմ դպրոց, լիքը տնայիններով բեռնավորված գալիս տուն, մինչև ժամը 18-19-ը դրանք կատարում, հետո՝ պարապում ու մի տեսակ ժամանակ չեմ գտնում սիրածս գործով զբաղվելու համար: Չգիտեմ, միգուցե գրելու ոչինչ չի լինում: Երբ ցանկություն եմ ունենում որևէ բանի մասին գրելու, պոռթկում եմ: Իսկ ես այսքան ժամանակ է՝ պոռթկում չեմ ունեցել: Շրջապատումս ոչինչ չի փոխվել: Նույն դպրոցը, որտեղ արդեն մեկ տարի սովորում եմ: Միայն նոր դեմքեր են եկել դպրոց, որը սկզբից հույս էր ներշնչում, իսկ հետո մի զգացում է լինում, որ այդ նորերն արդեն հին են դարձել: Նույն ճանապարհով ամեն օր քայլում, հասնում եմ դպրոց, նույնով հետ գալիս: Գրեթե նույն ձևաչափի տնային աշխատանքներ եմ անում: Էլի նույն մարդկանց հետ եմ անընդհատ շփվում: Գրեթե ոչ մի տարբերություն չեմ նկատում: Երևի հոգնել էի:

Ոչինչ չեմ գտել գրելու համար: Ոչինչ մտքիս չի եկել, չեմ նկատել արտառոց մի բան, չեմ զգացել մի ուրիշ զգացում, էապես չեմ փոխվել: Տխուր է եղել վիճակս, ինչ արած:
Հիմա չգիտեմ, թե ինչն է փոխվել շրջապատումս: Երբեմն, չէ, միշտ էլ որևէ բան անելիս մեկի ոգեշնչմանն եմ ապավինել, մի նոր բանով եմ ուրախացել ու ուրախությունից ինչ ասես արել եմ: Ուրախությունից մաթեմատիկայի վարժությունները մեծ սիրով եմ կատարել, հանրագիտարանները փորփրել, կարդացել գրքեր, որոնք պատահաբար են ընկել ձեռքիս տակ, անգամ հնդկական սերիալներ եմ դիտել: Ա՛յ, թե ուրախությունը ինչ կարող է անել մեզ հետ: Բայց ինչպես հասկանում եմ, որոշ ժամանակ է, չեմ գտել ուրախության այսպիսի հատիկներ:
Ինչևէ, եթե գրում եմ, ուրեմն արդեն ամեն բան նորմալ է: Պետք է որոնել այն պատճառը, թե ինչու եմ նորից սկսել գրել: Հետաքրքիր է, թե ինչից կլիներ սա:
Ինչ ասեմ, եթե կարդում եք հոդվածներս, ուրեմն սպասեք նորերին: Հետ եմ եկել:

elizabet harutyunyan

Երբ այլ բան ես մտածում

-Բարև, Էլիզ, ո՞նց ես, ի՞նչ կա։
-Բարև, լավ, դո՞ւ, բան էլ չկա, ահավոր միապաղաղ ա ու անկապ։ («Գիտե՞ս, հայրս էլի տանը չի գիշերել: Հա, մայրս քնել էր, ես արթուն էի, սպասում էի նրան։ Այս գիշեր ցուրտ էր, քամի, անձրև էր գալիս, ես մտածում էի՝ միայն ինձ վրա է այդ անձրևը տեղում։ Քամին մտել էր մարմինս, փոթորկում էր հոգիս։ Ես առաջին անգամ արևածագ տեսա։ Ասա՛, որ քեզ հետ էլ էր այդպես պատահել»):
-Պարզ ա, ես էլ եմ լավ, դե, հետո կխոսենք։
-Աղջի, բարև, ես չգրեմ՝ չես հիշի, չէ՞, ի՞նչ կա, ո՞ւր ես։
-Բարև, դմբո, հիմար բաներ մի ասա, ո՞նց կարող եմ քեզ մոռանալ, բան էլ չկա, դասի եմ նստած, էս ի՜նչ շոգ ա։ («Անահիտ, ինչպե՞ս ես, ես դպրոցում եմ, ռազմագիտության ուսուցիչը զոհված հերոսներից էր խոսում, հենց նոր էի քեզ հիշել, միտումնավոր չէի գրում։ Դասարանում տոթ էր, երբ ուսուցչից թույլտվություն էի վերցնում, ուսուցիչը հումոր արեց.
-Կզգուշանաս՝ չգողանան, գիտես, չէ՞, որ պատասխանատուն ես եմ։

Ես չծիծաղեցի: Առաջին անգամն էր, որ անգամ չժպտացի, երբ հետ եկա, նա էլի հումոր արեց։ Հումորասեր ուսուցիչ ունենք»):
-Բարև, ո՞նց ես (օր առաջին):
-Բարև, կարդացել ես նամակս, չես պատասխանում (օր երկրորդ):
-Այսօր քեզ տեսել եմ, երջանիկ ես երևում (օր երրորդ):
-Լավ, էլ չեմ անհանգստացնի, ներիր։
«Դու էլի չես լսելու այս խոսքերը, ես լսում եմ քո մասին շատերից, անգամ՝ չուզելով։ Ես կկիսվեմ քեզ հետ էսպես՝ մտքումս կպատմեմ հենց էնպես, ինչպես աչքերիդ մեջ նայելով էի ասում, չէինք խոսում սոցցանցերով, երևի հենց այս խոսքիս վրա գտար քեզ տողերիս մեջ։
Խոսում էի մեկի հետ, պատմում էր ընտանեկան խնդիրների մասին։ Ասում էր, որ մորից անջատ է, հորից զրկված է, էլի քեզ հիշեցի։ Ների՛ր, քեզ ստիպված եմ հիշում։ Ինչքան դու չես ուզում քեզ հիշեմ, այդքան էլ ես չեմ ուզում հիշել։ Դու ուղղակի լավ ընկերուհի էիր, հիշում եմ դեռ քեզ, ամեն խոսքդ։ Իսկ դու հիշո՞ւմ ես «զեբր», «ամեոբա» մականունները, հաստատ կհիշես, մեր տետրը քեզ մոտ է։ Ինչևէ, լավ մնա»:

syuzanna kharatyan

Երիտասարդ ու ծեր

-Սյուզի ջան, հլա շորերդ բեր տենամ՝ ի՞նչ ես հագնելու վաղը:

-Դե հագնելու եմ ջինս, բոթաս ու էն կապույտ վերնաշապիկս:

-Հմի սե՞նց տես դասի գնա:

-Հա, ի՞նչ ա, որ:

-Մազերդ շաղ տվա՞ծ:

-Հա, տատ ջան, ինչի՞ ես հարցնում:

-Ի՜, բա մեր վախտով սե՞նց էր, «ֆորմա-ֆարթուկը» հագնում, մի հյուս էինք անում՝ սև բանտիկով։

-Տատ, ի՞նչ հյուս, ի՞նչ բանտիկ:

-Է՜, բալա ջան, մի օր դասից ուշանում էի, մազերս երկու մասի բաժանեցի, որ ավելի հեշտ հյուսեմ ու գնամ դասի: Գնացի, դիրեկտորը մարմնամարզության վախտ անուն-ազգանունս կարդաց, ասավ՝ դուրս արի շարքից, մինչև մազերդ բոլորի նման չես սարքել, դասի չգաս: Էնա՝ մեր դպրոցի աշխատողներն օգնեցին, մազերս մի հյուս արին, նոր դասի գնացի։

-Տատ, հիմա տենց չի։

Չգիտեմ, թե որ ժամանակներում է ավելի ճիշտ եղել, բայց մի բանում վստահ եմ՝ էսպես ավելի լավ է:

anna baghdasaryan lori

Կարոտի կաթիլներ

Արդեն գիշերվա հազարն է, քունս չի տանում, մտքիս են գալիս իմ թութակները, բացում եմ տետրս ու արագ-արագ սկսում գրել, թե ինչն է ինձ հուզում: Հինգ-վեց տարվա դեպք եմ պատմում:

Ութ տարեկանիս տարեդարձին հայրիկս իր հետ մի վանդակ բերեց տուն: Ես այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես իմ սենյակում նստած՝ տարօրինակ ձայներ լսելով արագ-արագ իջա ներքև: Հյուրասենյակի սեղանին դրված էր ուղղանկյունաձև ոչ այնքան մեծ վանդակ, որի մեջ 4 թութակ հանգիստ, առոք-փառոք պիտի ապրեին:
Դե, երբ թութակներին տեսա, աշխարհն իմն էր, քիչ էր՝ ծնունդս էր, նոր ընկերներ էլ ունեցա, էն էլ չորսը, ա՜յ քեզ հրաշք:

Թութակներից երկուսը տղա էին, երկուսը՝ աղջիկ: Այդ հրաշքներից մեկը դեղին էր, մեկը՝ կապույտ, մյուս երկուսը՝ կանաչ: Հիշում եմ, որ մի քանի օր տանջվեցի, թե ինչ դնեմ անունները ու որոշեցի նորից սովորությանս համաձայն, մի ‹‹շաշ›› բան հնարել: Ինչ-որ այսպիսի բան էի դրել՝ Միմի, Նինի ու մյուսներինը անգամ չեմ կարողանում հիշել: Բայց անկեղծ ասած՝ անուններն այդքան էլ մեծ դեր չէին խաղում, ես նրանց աշխարհի չափ սիրում էի: Ամբողջ օրը ուզում էի խոսել սովորեցնել, էն էլ չէր ստացվում` ուրիշ ցեղատեսակի էին: Բայց ասեմ, որ ես շատ շուտ եմ ամեն ինչից հոգնում, թութակների հետ խաղալուց էլ հոգնեցի ու նոր խաղ գտա ինձ համար: Մեկ-մեկ մոռանում էի կերակրել խեղճերին: Անկեղծ ասած՝ նրանց մասին հոգ տանելն ինձ այնքան էլ հաճույք չէր պատճառում:
Ամառ էր: Մի օր արթնացա, գնացի խոհանոց ու նկատեցի փոքր եղբորս ոչ այնքան ուրախ դեմքը: Դե, հարցրի՝ ինչ է եղել ու լսեցի նրա խառնված պատասխանը, որը մինչև հիմա անգիր հիշում եմ.

-Աննա, Միմիի գլուխը չկա, բայց ինքը թռչում ա, էն մյուսն էլ արյունոտ ա, բայց ես չեմ արել, ճիշտ եմ ասում:

Էս խոսքերն ինձ անասելի ցավ պատճառեցին: Արագ գնացի նրանց մոտ, ինքս ինձ հուսադրելով, որ երևի եղբայրս է չարաբաստիկ կատակ արել, բայց… Մի թութակը կերել էր մյուսի գլուխը, որքան էլ տարօրինակ է հնչում: Գնացի ու տեսա էդ ամենն իմ աչքերով: Շատ դաժան տեսարան էր: Հայրս տարավ նրանց չգիտեմ՝ ուր, իսկ հետո միայն երկուսին հետ բերեց: Կարծեմ՝ վաճառողն ասել էր, թե այդ ամեն ինչը եղել է խանդի արդյունք: Ես, անկեղծ ասած, չհասկացա:
Շատ քիչ էր անցել այդ դեպքից: Տատիկս, վանդակի դուռը սխալ բացելով, չէր կարողացել բռնել թութակներից մեկին, ու ես կորցրել էի ևս մի ընկերոջ: Մենակ էր մնացել իմ խեղճ ընկերը: Այդ «հսկայական» վանդակում մենակ էր ապրում: Նա էլ մենակությունից չկարողացավ երկար ապրել: Այնքան էի տխրել: Կորցրել էի իմ 4 ընկերներին ու շատ էի կարոտում:
Մի օր դպրոցից տուն գալու ճանապարհին մի դեղին սատկած թութակ տեսա, մտածեցի, որ դա երևի իմ թութակն է:

Այսօր հիշել եմ նրանց: Հիշել եմ ու չեմ կարող մոռանալ:

ՀՊՄՀ-ի թանգարանում

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Ուսանողական երկրորդ շաբաթս իրականում հագեցած սկսվեց: Նախ, մենք գրանցվեցինք «classroom» հարթակում, ստացանք մեր առաջադրանքները, ու կարելի է ասել`ընկանք հունի մեջ: Այսօր կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի առաջին ուսանողները ՈւԽ-ի նախագահ Անժելա Գաբրիելյանի գլխավորությամբ այցելեցին ՀՊՄՀ-ի թանգարան: Ես լուսանկարչի դերում էի, ինչը պարտավորեցնող էր: Առաջին հայացքից հետաքրքրություն առաջացրեց: Ուսանողներին ամենից շատ գրավեց այն, երբ տեսան քայլող, խոսող Աբովյանին: Իրականում դա պարզապես հոլոգրամա էր, բայց շատ իրական: Սկզբում՝ մի քիչ վախեցնող: Ուսանողները տեղեկացան համալսարանի պատմության և նվաճումների մասին: ՈւԽ-ի նախագահը մեզ ոգևորված ներկայացնում էր «Erasmus+» ծրագիրը:

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Թանգարանում տեսանյութ դիտեցինք այն մասին, թե հայ հայտնի և տաղանդավոր մարդկանցից ովքեր են եղել ՀՊՄՀ-ի ուսանողներ: Եվ վերջում ամեն կուրսից մեկ հոգի իր ցանկությամբ կարծիքների և տպավորությունների նոթատետրում գրառում էր կատարում: Ուսանողները, մեծ բավականություն ստացած, հետ վերադարձան լսարաններ:

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

anahit badalyan (kapan)

Մի տեսակ նորովի

Ասում եմ՝ էս սեպտեմբերն ասես կյանքի մի նոր փուլի կամ մի նոր կյանքի սկիզբ լինի: Ամենապարզ բանից սկսեմ. օգոստոսի 31-ին մտնում ես լոգարան ու էնպես երկար ես լողանում, որ 20 րոպեի փոխարեն 30 կամ 40 րոպե մնում ես լոգարանում ու դուրս ես գալիս նոր հավեսով ու չգիտես՝ ինչու, շատ բարձր տրամադրությամբ: Հա ու չասեք, որ էդպես չի, ես էլ եմ աշակերտ, ինձ համար էլ է օգոստոսի 31-ին «հաջորդողը» սպասված ու կարևոր: Լողանալուց հետո թաց մազերդ 30-40 րոպե հարդարում ես (իրականում դու հարդարել չգիտես, ու քո հարդարած մազերը քեզ միայն 5 րոպե են գոհացնում): Պատրաստում ես սեպտեմբերի մեկի հագուստդ: Լվանում ես, արդուկում, խնամքով փռում բազմոցի կամ բազկաթոռի ծայրին: Եթե սեպտեմբերմեկյան գնումների ժամանակ նոր գիշերազգեստ ես առել, անպայման հագնում ես, փոխում ես սպիտակեղենդ, փռում ես ամենասիրունը, ամենայն ուշադրությամբ դասավորում ես պայուսակդ (ախր, վաղը դաս չես անելու, ինչի՞ ես էդքան տանջվում), դնում ես խնամքով գծված տետրերն ու կապույտ ու կարմիր գրիչները, ընդ որում՝ 2 կապույտ ու 1 կարմիր,  չգիտեմ՝ չգրված օրենք է: Հետո նայում ես ժամին ու տեսնում ես՝ 21:00: Ամբողջ ամառ քնել ես 00:00-ից ոչ շուտ, եղանակը, ինտերնետը, բակի երեխաները ավելի շուտ քնելու տարբերակ չէին թողնում, իսկ հիմա ժամը 21:00-ին սլանում ես ու մտնում անկողինդ: 5 րոպե մտածում ես մեջքի վրա պառկած, 5 րոպե՝ փորի, 10 րոպե աջ ուսիդ վրա ես շրջվում, 15 րոպե՝ ձախիդ, բայց, դե նկատում ես, որ քունդ չի տանում, էլի, հո զոռով չի՞: Ու այդ գիշեր մտածում ես ամեն-ամեն ինչի մասին: Այն մասին, թե ինչ ես արել երեք ամսվա ընթացքում, ինչով ես զբաղվել, քանի գիրք ես կարդացել, քանի ֆիլմ ես դիտել, քանի նոր ընկեր ես ձեռք բերել, քանի միջոցառման ես մասնակցել, քանի մրցույթում ես հաղթել, քանի… Ու մեկ էլ.

-Անահիտ, Մարի, վեր կացեք, տեսե՞լ եք՝ ժամը քանիսն ա…

Մաման է, արթնացնում է, որ դպրոց գնանք, արդեն առավոտ է: Մանկուց մի սովորություն ունեմ. ինչքան էլ ուշ քնեմ սեպտեմբերի մեկի գիշերը, մեկ է՝ շատ շուտ եմ արթնանում, բոլորից շուտ: Բայց ժամանակի հետ այդ սովորությունը վերացավ: Այս տարի արդեն տասներորդ «առաջին անգամն էր», որ բացեցի աչքերս ու հագնվեցի՝ դպրոց գնալու: Բայց էս անգամ սև-սպիտակ չէի հագնվել: Կանաչ զգեստ էի հագել, առաջին անգամ օպտիկական ակնոց էի կրում (դրա մասին մի ամբողջ հոդված ունեմ ձեզ նվիրելու), մազերս կտրել էի ու մի տեսակ փոխվել: Տասներորդ տարին է, բայց առաջին դասարանցու պես պատրաստվել էի: Չէի ասի, թե նույն սրտատրոփ ոգով, չէ, երևի մեծանալու հետ սեպտեմբերի մեկը այլևս դադարում է կախարդական թվալուց, բայց պատրաստվել էի մեծ նվիրումով, այս տարին ինձ համար նոր նվաճումների սկիզբ պիտի լիներ ու պիտի լինի:

Ես երևի միշտ կսիրեմ սեպտեմբերի մեկը, անգամ երբ ծերանամ: Այդ ամսաթվի հետ կապված ես տասը գեղեցիկ հուշ ունեմ ու տասը նոր մեկնարկ: Սպասում եմ տասնմեկերորդին, որը, եթե անկեղծ, ուզում եմ լինի ամենաարտասովորը, ամենագեղեցիկն ու ամենասպասվածը:

valentinaChilingaryan

Սպանությո՞ւն Արեվելյան ճեպընթացում

Նշանավոր անձնավորությունը նստում է Երեվան-Երասխավան ճեպընթացը:

-Վաղ առավոտ էր, ցուրտ, տեղական ժամանակով ժամը վեցը: «Երևան» կայարան կառամատույցի առջև կանգնած էր այն գնացքը, որը Հարավկովկասյան երկաթուղային տեղեկագրքերում մեծարվում է որպես «Երեւան-Երասխավան» ճեպընթաց:

-Ի՞նչ ես խոսում:

-Ճեպընթացը բաղկացած է վագոն ռեստորանից, մեկ ննջարան-վագոնից և երկու վագոնից, որոնք հարմարեցված են տեղական հաղորդակցության համար:

-Լսի: Ես էլ ու հավանաբար դու էլ հոգնած ենք: Էս ճեպընթաց չի: Էս սովորական գնացք ա, որը բաղկացած ա ընդամենը վագոններից: Ես քո հետախուզական արկածների ժամանակը չունեմ: Խելոք կնստես, որ մարդավարի հասնենք Արարատ: Լա՞վ:

-Սկսվե՜ց: Լսիր, քո աշխարհում բացի քեզնից ուրիշ էլ ո՞վ կա: Ախր, չե՞ս հասկանում էս ամենը պատահականություն չի: Ինձ տիեզերքն ա նույն ժամին ուղարկել, որ ինչ-որ սպանություն բացահայտեմ:

-Նախ, քեզ տիեզերքը չի ուղարկել, մամադ ա կանչել: Հետո էլ՝ ի՞նչ սպանություն: Գժվե՞լ ես: Էս արևելյան ճեպըթնացը չի, դու էլ Էրքյուլ Պուարոն չես:

-Պա՜հ, բա էն մարդը, որ վագոնի դռան մոտ փայլուն համազգեստով պճնված կանգնած է, հեչ նման չի՞ ֆրանսիական բանակի երիտասարդ լեյտենանտ Դյուբոսկին, ու որը հիմա խոսում է փոքրամարմին մարդուկի հետ, ինչպես գրքում էր:

-Չէ, Պուարո ջան: Էն մարդը լեյտենանտ չի, այլ Զորիկ ձյաձյան է, իսկ փոքրամարմին մարդուկը` տոմս հավաքողը:

-Սարսափելի ցուրտ է:

-Արդեն շարժվում ա գնացքը, կխնդրեի, որ դադարեցնես ստեպ-ստեպ պաճուճազարդ նախադասություններդ, որոնք արտասանում ես ամենանրբին հայերենով, քանի որ դու երբեք Պուարո չես դառնա:

-Բայց դու լրիվ Մսյո Բուկն ես, լսի:

Ես այս ոչ խոստումնալից զրուցակցիս հետ գնալու էի երկար ու անխուսափելի ճանապարհ, որն անցնելու էր Արարատյան դաշտավայրի գեղատեսիլ հովիտներով: Քամին սառն էր, ինչպես նրա անտարբերությունը, որը հետզհետե լցնում էր իմ համբերության բաժակը: Զրուցակիցս քնեց, իսկ ես պարապությունից սկսեցի ուսումնասիրել մարդկանց: Դիմացս մի կին էր նստած, որը հավանաբար անգլիացի էր: Երիտասարդ, բարեկազմ, սևահեր, արտաքինից մի 30 տարեկան: «Նա իրեն շատ անկաշկանդ, անկախ էր պահում և դատելով այդ ամենից նա չափազանց գործնական է»,-եզրակացրի ես: Հագին կար մուգ գունավորմամբ բարակ կտորից ճամփորդական զգեստ` չափազանց հարմար վագոնի պայմաններում: Վախեցած նայեցի կողքս` զրուցակցիս, ու հանգստացած շունչ քաշեցի, որ քնած է, թե չէ մտածածս լսելուց հետո կասեր` «Չէ՛, ինքն էլ միս Դեբենհեմը չի, Գայան ծյոծյան ա»:

Արդեն 30 րոպե ճանապարհ էինք անցել, բայց ոչ մի սպանություն չէր կատարվել: Ինչ անհետաքրքիր է, իզուր էի նախապատրաստել Պուարոյի կերպարը:

Հանկարծ տեսնեմ նույն կինը դուրս եկավ մեր վագոնից:

«Հետաքրքիր է»,- մտածեցի ես: Սկսեցի հետևել նրան, և տեսա, որ խոսում է մյուս վագոնի անծանոթ պարոնի հետ: Հազիվ լսեցի, որ տիկինն ասաց. «Շուտով ժամանակը կգա»: Ի՞նչ ժամանակ: Հա՜, հիշեցի: Սպասում են հարմար առիթի՝ սպանության համար: Ավելի լավ է արթնացնեմ նրան, որ հավատա ինձ: Բայց չէ, է, չի հավատա ինձ: Ես մենակ կբացահայտեմ էս ամենը: Լավ, բայց էս անգլիացիները լավ էլ հայերեն են խոսում, կմտածես, թե հայ են: Այս ամենը ծրագրել են, զուտ իրականությունը թաքցնելու համար:

Քիչ ժամանակ հետո նույն տիկինը բաժակով ջուր բերեց իր մոտ նստած ծեր կնոջը: Բայց դե ես հո՞ հիմար չեմ: Էդ ջուր չի: Էդ թույն ա: Ուրեմն էս ծեր կնոջն են ուզում սպանել: Ինչ մեղք է, շատ անուշիկ տատիկ է:

-Հը՞ն, դիմանո՞ւմ ես պարապությանը,- արթնացավ նա այն ժամանակ, երբ պետք չէր:

-Չէ՜:

-Ի՞նչ՝ չէ: Չե՞ս դիմանում:

-Հա, հա:

-Հա, հա՞:

-Չէ, չէ, չէ՜…

-Թե մի բան հասկանում եմ…

Հենց այդ ժամանակ տատիկը խմեց ինչ-որ նյութով լի բաժակը: Ես հասկացա, որ ամեն ինչ կորցրեցի: Ստուգեցի դեղատուփս: Տեսա, որ մոտս միայն «Մեզիմ» է: Էդ դեղն էլ, միայն ստամոքսի խանգարման համար էր կարծեմ օգտագործվում: Երևի: Ուֆ… Ամեն ինչ կորավ: Վայ, ոնց նշտարիկով կսպանեի սրան: Ասա` քնած էիր, քնեիր, մտածեցի ես:

Էդ պահին նկատեցի, որ տատիկը գունատվեց ու սկսեց դժվար շնչել: Չհամբերեցի ու մոտեցա:

-Տատիկ ջան, էն բաժակի միջինը ամբողջությամբ խմեցի՞ր:

-Հա: Դո՞ւ էլ էիր ծարավ:

-Մոտս միայն էս դեղն է: Կուզեի օգնել: Բայց երևի ուշ է:

-Ի՞նչ իմացար:

-Դե ես գիտեի, որ էն երիտասարդ կինը վատ մտադրություններով էր կողքդ:

-Աղջիկս էր:

-Բայց ինչ դաժան ա, ո՞նց եք դիմանալու էս ցավին: Աղջիկը… Մորը…

-Վիրահատված եմ, ու նարկոզից նոր եմ դուրս եկել: Իմ դեպքում դաժան չի, նորմալ է:

-Ո՞նց, բա ձեզ չպիտի սպանեի՞ն:

-Եթե վիրահատությունը սպանություն է, ուրեմն 13-րդ անգամ եմ սպանվում:

-Հա-, հուսահատված ասացի ես:

Փաստորեն տատիկի մոտ հետվիրահատական շրջան էր, ոչ թե թունավորում, իսկ երիտասարդ կինը` անգլիացի չէր, այլ տատիկի միակ հայ դուստրը, որը խնամում էր նրան: Ես էլ Պուարոն չէի, որը ճեպընթացից դուրս եկավ Արարատի կանգառում, իսկ նա` նա էր, սառը ինչպես անտարբերությունը և իրական, ինչպես մսյո Բուկը:

hovik vanyan dsex

Երևանը Մարսի վրա չէ

Իմ ամառը շատ դրական ու հագեցած էր: Այնքան հագեցած, որ նույնիսկ մոռացել էի, որ շուտով սկսվելու են դասերը, ու ես արդեն 11-րդ դասարանում եմ լինելու: Մոռացել էի, որ արդեն պետք է սկսեմ պարապել: Մասնագիտությունս ընտրել եմ՝ ծրագրավորող՝ ՀԱՀ-ում:

Վայքից նոր էի վերադարձել տուն` Դսեղ, ամսի 29-ն էր: Երեկոյան ծնողներիս հետ նստել էի զրուցելու, որպեսզի որոշենք իմ հետագա անելիքները: Շատ երկար մտածելուց և խորհրդակցելուց հետո վերջնական որոշեցինք, որ պետք է տեղափոխվեմ Երևան՝ ուսումս շարունակելու և անգլերեն պարապելու: Բնակվելը խնդիր չէր: Երևանում շատ բարեկամներ ունեմ, բայց համար 43 ավագ դպրոցին ամենամոտը Արմիկ տատիկենց տունն է: Տանից դպրոց տասը րոպեի ճանապարհ է: Արմիկ տատիկին ու Էդիկ պապիկը երկուսով էին ապրում, ու ես դարձա նրանց սիրելի թոռնիկը: Երկուսն էլ շատ խելացի են, ու հաճելի է ապրել նման միջավայրում:

Հետ դառնալով մինչև սեպտեմբերի 1-ը՝ ասեմ, որ օգոստոսի 30-31-ին կարծես այս աշխարհի վրա չլինեի: Չէի հասկանում՝ իրե՞րս հավաքեմ, գնամ բարեկամներիս հրաժեշտ տա՞մ, թե՞ հետ կանգնեմ որոշումիցս: Բայց հետևելով սրտիս ձայնին՝ հասկացա, որ ճիշտ որոշում եմ կայացրել:

Սկզբում զանգեցինք համար 43 դպրոցի տնօրենին, որը մեծ սիրով ասաց, որ դպրոցի դռները բաց են ինձ համար, հետո գնացի հարազատ դպրոցիս հրաժեշտ տալու, ու վերջապես՝ արագ-արագ հասնելու Երևան, որովհետև հաջորդ օրը սեպտեմբերի 1-ն էր լինելու:

Մեծ երջանկություն էր, որ սեպտեմբերի 1-ից հետո շաբաթ-կիրակի էր, ու քանի որ ես ճանապարհներից ընդհանրապես չեմ հոգնում, որոշեցի նորից գյուղ գնալ ու հաջորդ օրը վերադառնալ: Ինչ չէի հասցրել գյուղում անել, գրեթե վերջացրի, միայն մի տարօրինակ զգացում ունեի՝ ոնց որ մի ամբողջ տարի Դսեղում եղած չլինեի: Ընտանիքս շատ էր տխրել, հարևաններն էլ, ուսուցիչներս ու դասընկերներս էլ: Նոր միջավայր էի գնալու, պետք է հարմարվեի:

Ամսի 4-ին սկսվեցին դասերը: Նոր դասարանս ու ուսուցիչներս շատ լավն են: Դասերս լավ են ընթանում՝ արդեն չորս հատ 9 եմ ստացել: Զարմացնում եմ՝ ես այսքան շուտ չեմ հարմարվում նոր միջավայրներին, բայց այս անգամ բացառություն եղավ, ու արդեն ինձ շատ հարմար ու ազատ եմ զգում:

Գյուղի հետ երբեք կապս չեմ կտրի ու միշտ կհիշեմ: Ամեն երեկո այնտեղ զբոսանքի էի գնում ու հիմա, երբ Երևանում եմ, փորձում եմ համեմատություններ անել Երևանի և Դսեղի միջև: Երկուսն էլ շատ եմ սիրում: Երևանում արդեն շատ հարազատ դարձած տեղեր ունեմ` Պռոշյան փողոցը, Բաղրամյան պողոտան, Մարզահամերգային համալիրը, Թումանյանի այգին: Շատ պայծառ հիշողություններ են արթնանում սրանց մոտով անցնելիս:

Մի խոսքով, մամ ջան, պապ ջան, նորից եմ ասում՝ Մարս մոլորակի վրա չեմ ու ձեզ միշտ հիշում եմ: Հայկ ջան, տնայիններդ երբ հասցնեմ՝ կգրեմ, հարևաններ ջան, ինձ հարազատ բոլոր-բոլոր մարդիկ, չեմ կորել, ու Դսեղը միշտ իմ սրտում է:

Հ.Գ. Արմիկ տատն ասում է՝ արի հաց ուտելու: Թռա՜:

seda mkhitaryan

Ես արդեն ուսանող եմ

Այս սեպտեմբերը տարբերվող էր, բայց այս նախադասությունը՝ ոչ։ Բոլոր նրանք, ովքեր ընդունվել են բուհ կամ տեղափոխվել են այլ դպրոց, արդեն ասել են այս նախադասությունը հազար ու մի ձևերով ու երանգներով, բայց միտքը, իհարկե, նույնն է։

Ինձ համար էլ այս սեպտեմբերի 1-ը դարձավ նոր և ուրիշ, դարձավ այլ ապրելակերպի սկիզբ ու իր հետ բերեց շատ ու շատ փոփոխություններ, որոնք հավակնում են դառնալ առօրեական։ Այո, այսուհետ կփոխվեն իրերի ու դեմքերի անունները, դասարանը լսարան կդառնա, դպրոցը՝ համալսարան, մեր ոտքերին փոխարինելու կգան լեփ-լեցուն երթուղայինները, դասղեկը կդառնա խորհրդատու, դասընկերն էլ կուրսընկեր։ Փոփոխություններն իսկապես շատ են, բայց դրանցից ամենակարևորը թերևս միջավայրի փոփոխությունն է։ Այդ փոփոխությունն ստիպում է գիտակցել ինքնուրույնությունդ, օգնում է ինքդ քեզ բացահայտել նոր կողմից ու հասկանալ, որ աշխարհում տեղդ գտնելն ամենակարևորն է, հասկանալը, որ մարդուն ոչինչ հենց այնպես չի տրվում։

Կանգառից առաջին անգամ ինքնուրույն համալսարան հասնելը այնքան էլ հեշտ չէ՝ չնայած, որ դրանում էլ մի ամբողջ բացահայտում կա, մի ամբողջ դրամա, որ նույնիսկ կարող է դառնալ նոր նյութի թեմա: Իրականում ես չեմ մոլորվել, ինչպես շատերիդ մտքով հիմա անցավ, ես նույնիսկ չեմ էլ ուշացել, բայց, այնուամենայնիվ, այդ 3 թե 4 րոպեի ճանապարհը դարձավ ինքդ քեզ գիտակցելու ուղի։ Ու առհասարակ, նոր միջավայրում մի պահ մոլորվում ես։ Բայց սպասեք, առաջին շաբաթն արդեն հետևում է, և ես հաղթահարել եմ այն, մնացյալն ավելի հեշտ է լինելու, որովհետև նորություններն ու անծանոթ երևույթները քիչ-քիչ բացելու են իրենց դեմքն իմ առջև ու դառնալու են սովորական մի բան։

Վանաձորի պետական համալսարանը սիրով ընդունեց ինձ ու ինձ նման էլի 200-ից ավելի առաջին կուրսեցիների։ Համալսարանի դասախոսները, ավագ կուրսեցիներն ու բոլորը պատրաստ են օգնել քեզ ու պատասխանել քո ամենահիմար ու միամիտ հարցերին, որոնց գոյությունը նորմալ է։

stella avetiqyan

Նույն ճանապարհով վեց տարի անց

Երբ Ռուսաստանից եկա, արդեն գրեթե գիտակից երեխա էի ու հենց այդ ժամանակվանից էլ շատ սիրեցի «պապոնց (մորական) տանը» մնալ, ինչը մորական պապիկիս չափից շատ սիրելու հետևանքն էր: Շաբաթներով մնում էի այնտեղ և, չնայած որ մեր տունը մի թաղ ներքև էր, տուն գնալու մասին չէի էլ մտածում:

Սիրում էի այդտեղից դպրոց գնալը՝ հաճելի էր անցնում ճանապարհը:

Ու արդեն մոտավորապես վեց տարի է, ինչ տանը բնակվող չկար, հետևաբար ես ևս այնտեղ հաճախ չէի գնում՝ ինչպես փոքր ժամանակ:

Եվ նույն տնից, նույն ճանապարհով  վեց տարի անց ահա այսօր դպրոց գնացի,  ու գիտե՞ք, թե ինչ զգացողություն ունեի: Համոզված եմ՝ չեք հասկանա: Լա՛վ, հասկանալու համար պատկերացրեք մոտ 5-րդ դասարանի, դպրոցը սիրող աշակերտ եք և պատրաստվում եք գնալ սեպտեմբերի մեկին դպրոց: Կարծես այդպիսի զգացողություն ունենայի:

Պապոնց տունը իմ մանկության դրախտն է՝ իր խորհրդավոր տնով, փարթամ այգով ու մորեղբորս անունը վրան «կնքած» դարպասներով:

Եվ միայն վեց տարի անց պապիկիս տունը նորից լցվել է նրա ժառանգներով, և նույն ճանապարհով  վեց տարի անց նրանց հետ նորից դպրոց եմ գնում:

Այս օրը սեպտեմբերի 1-ից էլ հուզառատ է: