amalya harutyunyan

Քամու հոսանքին հակառակ

Գիտե՞ս՝ ես քեզ մի գաղտնիք եմ ուզում պատմել: Բայց ես շատ եմ ուզում, որ ինձ ճիշտ հասկանաս, շատ ճիշտ: Գիտեմ՝ իմ մտքերը միշտ խճճված են ստացվում, բայց այս անգամ արի խոսենք խճճված կյանքերից։

Պատկերացրու՝ մի օր վերցնում ես թելն ու քարկապ գցում, ու այդ հանգույցը երբեք չի բացվի, այդ դեպքում ի՞նչ կանես:
Ձեզնից մեկը կգցի թելն ու կմտածի, որ լուծում չկա, մյուսը կկտրի մկրատով այդ հատվածը, իսկ այն մեկը ջանքեր չի գործադրի հանգույցը բացելու համար:
Երևի մտածեցիր, որ քո կյանքն է՞լ է խճճված: Դե, ո՞վ խնդիրներ չունի: Բայց գիտես՝ դու ունես հնարավորություն ամեն ինչ հարթելու, իսկ մենք միայն ցանկություն ու պայքար ունենք:
Իսկ դու ի՞նչ ես տեսել, երբ լույս աշխարհ ես եկել: Երևի մայրիկիդ կամ այն մեկին, ով քեզ գրկել էր: Իսկ ես մթություն եմ տեսել: Արի պատկերացնենք՝ ես բացում եմ աչքերս, շատ-շատ լայն, բայց ոչինչ չեմ տեսնում, ու առաջին իսկ վայրկյանից հասկանում եմ, որ ամեն ինչ մի քիչ տարբեր է լինելու:
Մի զարմացիր, ես նորածին էի, բայց գիտեի՝ ինչ է սպասվում, իմ ծնվելու հետ նաև ծնվել են իմ հույսն ու անկոտրում ուժը։
Երկրորդ սարսափելի վայրկյան. ես նայում եմ շուրջս, հա, ես տեսնում եմ իմ շրջապատը, բայց մեզ ասում են, որ ոչինչ չի ստացվի, որ ամեն ինչ կորած է, բայց գիտես՝ երբ խնձորը բաժանես 100 մասի ու կարողանաս գոնե 10-ը վերցնել, ուրեմն ինչ-որ բան դեռ հնարավոր է:

Երրորրդ վայրկյան. դու քայլում ես, դու տեսնում ես այն վազող երեխային, այն մեծ լույսը, որ հետո պարզվեց՝ արևն էր, բայց քեզ նայում են տարօրինակ հայացքով, ասես դու մի մեծ սխալ ես արել, որ դեռ երեք տարեկան ես, բայց աչքերիդ արդեն ակնոց կա դրված:
Չորրորդ վայրկյան. քեզ վախենում են ընդունել մանկապարտեզ սովորական երեխաների հետ: Իսկ դու ի՞նչ, անսովո՞ր ես, եթե վերցրել ես ընդամենը խնձորի 10 մասը:
Հինգերորդ վայրկյան. դպրոց:

-Ես էս երեխայի հետ չեմ կարող աշխատել, տարեք հատուկ դպրոց:
-Եթե նորմալ երեխա չի, ինչի՞ եք սովորական դպրոց բերում:
Երևի էսպես մոտ 8 դուռ շրխկացրին իմ ու մորս դեմքին: Հա, դու հիմա «աննորմալի» նյութ ես կարդում: Բայց, ինչպես տեսնում ես, ես շատ նորմալ արտահայտում եմ մտքերս:
Ժամանակը կանգ առավ դպրոցում:
Իմ նստարանը ամենաառաջինն էր ու միշտ մյուսներից ավելի առաջ դրված: Ուսուցիչներն ինձ համար նույնն էին, բայց միշտ ես նրանց համար նույնը չէի, ինչպես մյուս 20 աշակերտները:
Գիտե՞ս՝ ես երբեք չեմ իմացել, թե ինչ է ստուգողականներին արտագրելը: Կարծում ես՝ շատ ազնի՞վ եմ, չէ, ուղղակի չեմ կարողանում կարդալ տառերը որոշակի հեռավորությունից:
Դասարանցիներս մեկ անգամ չէ, որ ծիծաղել են վրաս, քիչ չեն եղել ծաղրի դեպքերը, խոսքերը, որ խանգարում եմ հանգիստ դաս սովորեն: Անխուսափելի էին նաև արցունքները:
Ինչևէ, ես վերցրի ու առաջ պտտեցի ժամացույցը։
Վեցերորդ վայրկյան. ավագ դպրոցի ժամանակն էր: Այն դպրոցը, որ ինձ 9 տարի առաջ մերժեց կրթել, այսօր դռներն էր բացել ու նույնիսկ ուրախ էր, որ իրենց աշակերտն եմ:
Այստեղ էլ ուսուցիչների հետ վեճերն էին սպասվում: Դե, արի ու բացատրիր ինֆորմատիկայի ուսուցչուհուն, որ դու ոչ թե «մտել ես այդ նոթբուքի մեջ», այլ փորձում ես մանր տառերը կարդալ:
Իսկ գիտե՞ս, որ ամեն մեկն ունի կրթության իրավունք, ու պետք է ստեղծվեն հարմար պայմաններ կրթության համար: Չկա, ոչինչ չկա…
Յոթերորդ վայրկյան. ես հասնում եմ ներկայիս: Էն ներկայիս, որ ընկնելով եմ կառուցել, էն ներկայիս, որ տեսել է հազարավոր անկումներ, անարդարություն, բայց կանգուն է մնացել:
Յոթերորդ վայրկյանում ես մի կողմ եմ դնում բոլորի կարծիքները, հայացքները, թերահավատությունը: Յոթերորդ վայրկյանում ես հաղթում եմ, հաղթում եմ ինքս ինձ: Ու հաղթում եմ ոչ թե նրանով, որ ես ընդունվում եմ համալսարան բավականին բարձր արդյունքով, այլ հաղթում եմ, որովհետև կամ, կանգնել եմ ամուր ու չեմ պատրաստվում անգամ մի պահ հետ գնալ:
Հայաստանում ապրում են ինձ նման հազարավոր մարդիկ: Մարդիկ կան, ովքեր ունեն տեղաշարժման խնդիրներ, մտավոր խնդիրներ, տեսողության ու լսողության խնդիրներ, բայց մենք այստեղ ենք, ապրում ենք ձեր կողքին, ու ոչինչ չի խանգարում, որ մենք սիրենք, ժպտանք, տխրենք, զգանք ու հասկանանք:
Ինչո՞ւ եմ քեզ այսքանը պատմում, որովհետև հույս ունեմ, որ պիտի փոխես վերաբերմունքդ, պիտի գիտակցես, որ ես ձեզնից մեկն եմ:
Գիտե՞ս՝ ես չեմ ուզում խղճահարություն, չեմ ուզում կեղծ հոգատարություն, դու կարող ես նույնիսկ չնայել իմ կողմը, միայն մի ընդունիր այն զարմացած ու վախեցած հայացքը, երբ մեզ ես տեսնում։
Երբ ուժեղ քամի է լինում դրսում, ամեն ինչ քամու հոսանքի ուղղությամբ է քշվում: Իսկ մենք քայլում ենք հակառակ ուղղությամբ, ու ինչքան էլ քամին մեզ ապտակում է, ինչքան էլ մենք խեղդվում ենք, մենք առաջ ենք գնում: Մենք գիտենք՝ ինչ է պայքարը։
Ես պատմեցի իմ գաղտնիքը ու ես հույս ունեմ, որ դու ինձ ճիշտ հասկացար:
Խնդրում եմ՝ մայրիկիս չասես, որ ես քեզ իմ գաղտնիքն եմ պատմել: Գիտեմ՝ կբարկանա ու լաց կլինի, բայց նույնիսկ արցունքների գնով, նույնիսկ դողացող ձեռքերով ես ուզում եմ փոխել հասարակության կարծիքը:
Իսկ հիմա քանի դեռ ժամանակը նորից չի սառել, բռնիր ձեռքս, շատ ամուր բռնիր, մենք գնում ենք ութերորդ, գուցե հետո իններորդ ամենադժվար վայրկյանների հետևից:

Hayk Qalantaryan

Ուսանողական կյանքի առաջին սեպտեմբերը

Իմ առաջին ուսանողական սեպտեմբերի 1-ն էր, առաջինը ու ամենադժվարը, ամենահաճելին, լարվածը… Հա, հա, լարվածը: Դպրոցում համարյա չես լարվում էս օրերին, մենակ առաջին դասարանում, ուղղակի էդ ժամանակ կիսով չափ, որովհետև դեռ չես գիտակցում։

Բայց փորձում էի առավելագույնս հաճույք ստանալ ամեն մի վայրկյանից՝ ֆիքսելով ամեն ինչ ու զգալով պահի լրջությունը։ Երևի ստացվեց (ախ, էս «երևի»-ները): Հավատացեք, էդ ամենի մեջ կար ինչ-որ ծիծաղելի, անհասկանալի մի բան․ մենք իսկական առաջինկուրսեցիներ էինք․բոլորս լարված, անտեղյակ, անընդհատ շվարած նայում էինք անորոշ ուղղությամբ կամ ջանում էինք, թաթերի վրա կանգնելով, մի քիչ էլ բոյ հավաքել ու փորձել հեռվից հեռու գտնել ինչ-որ ծանոթի, որպեսզի կարողանանք կոծկել էդ խառնաշփոթ ապրումները։ Բայց մեկ ժամ հետո սկսեց անցնել էդ ամենը, ու ակամայից սկսում էի զգալ ինձ տանը ՝ էլի դպրոցի պես, էլի նույն կանոններով՝ պարզապես մի բառի տարբերությամբ: Համալսարանը մեր տունն է… Իսկ երբ սկսեցինք դասերը, ես մտովի գնացի դպրոց․ ամեն բառի հետ հիշում էի դպրոցը, հիշում դասատուներիս ամեն մի խոսքը, էն որ ասում էին. «Էսա ուսանող կդառնաք, կիմանաք՝ էդ ինչ ա, ջահելություններդ կվայելեք»։ Էխ, դպրոցը…
Դժվար է ամբողջությամբ ու ճիշտ նկարագրել էդ ամեն ինչը, որովհետև դեռևս այս փոփոխությունների ազդեցության տակ եմ, չեմ կարողացել մտքերս լիովին ի մի բերել:

hovik vanyan dsex

Ուրիշ սեպտեմբերի 1

Այս տարի սեպտեմբերի 1-ին կարծես առաջին դասարանցի լինեի: Մայրիկիս հետ էի գնում դպրոց, նոր դպրոց:

Դսեղի դպրոցից դուրս եկա լացակումած աչքերով, հրաժեշտ էի տվել 10 տարվա ուսուցիչներիս ու ընկերներիս: Տեղափոխվում էի Երևան՝ ուրիշ ու նոր միջավայր: Երազանքիս հասնելու համար գնացի նման քայլի:

Ընտանիքիս անդամները շատ էին տխրել, որ իրենց հետ չեմ լինելու, մայրիկս ասում էր՝ բա ո՞վ ա պլեճ ուտելու, բա ո՞վ ա Հայկին օգնելու՝ տնայինները գրի, իսկ ես էլ հույս էի տալիս, որ Մարս մոլորակ չեմ գնում, կգամ՝ պլեճ էլ կուտեմ, Հայկի տնայիններն էլ սքայփի միջոցով կօգնեմ: Բայց նրանց էլ եմ հասկանում:

Լավ, վերադառնալով սեպտեմբերի 1-ին՝ ասեմ, որ նոր դպրոցս առաջին հայացքից ինձ դուր եկավ: Ուսուցիչներն էլ էին հաճելի, երեխաներն էլ: Երբ սկսվեց սեպտեմբերմեկյան միջոցառումը, անկեղծ ասած՝ մտովի տեղափոխվել էի իմ հին դպրոց ու մտածում էի, թե հիմա այնտեղ ինչ են անում: Բայց հետո՝ գնալով նոր դասարան ու շփվելով նոր ընկերներիս հետ, հասկացա, որ կյանքը սիրում է փոփոխություններ, ու արդեն նոր ճանապարհ է բացվել ինձ համար:

Lusine atanesyan

Անգեղակոթի իմ փոքրիկ դպրոցը

Իմ 9-րդ սեպտեմբերի 1-ն էր դպրոցում՝ արդեն որպես ավարտական դասարանի աշակերտուհի: Այդ պատճառով այս տարի շատ ոգևորված եմ:

Բացի այն, որ ես արդեն 9-րդ դասարանցի եմ՝ անցյալ տարի սեպտեմբերի 1-ին 17.am կայքում տեղադրվեց իմ առաջին հոդվածը, և արդեն լրացավ մեկ տարին, ինչ ես դարձել եմ «Մանանա» ընտանիքի անդամ, ու դրա համար շատ ուրախ եմ:

Մի քիչ լարված եմ այն պատճառով, որ այս տարի պետք է քննություններ հանձնեմ, նաև մի քիչ հուզված եմ: Դրա պատճառն էլ այն է, որ դպրոցում 12-րդ դասարան չկա, և մեր դասարանը պետք է վերջին դաս անի: Նույն պատճառով էլ մեր դասարանն է առաջին դասարանցիներին հանձնել այբբենարանները և ուղեկցել դեպի դասարան, իսկ ես ծաղկեփունջ էի ստացել այն երեխայից, որին ուղեկցել էի:

Երբ վերադարձանք դասարան, ուսուցչուհին մեզ շնորհավորեց, մի քիչ զրուցեցինք, ու նա բաժանեց մեր դասագրքերը, իսկ բարերարները աշակերտներին նվերներ էին ուղարկել՝ գրենական պիտույքներ: Այս տարին մի բանով էլ էր յուրահատուկ՝ գովասանագրերը հանձնեցին հենց սեպտեմբերի 1-ին, ճիշտ է՝ էլի դասարաններում, բայց կարևորն այն է, որ հանձնեցին:

Այս տարի առաջին դասարանցիներից էին նաև մորաքրոջս աղջիկը և մորեղբորս տղան: Նրանց առաջին ուսուցչուհին և՛ ինձ է դաստիարակել, կրթել, և՛ եղբորս, և՛ մորաքրոջս ավագ աղջկան, և՛ մորեղբորս աղջկան: Հետաքրքիրն այն է, որ նա մորաքրոջս ամուսնու քույրն է: Մենք կատակում ենք՝ ասելով, որ նա մեր ընտանեկան ուսուցչուհին է:

gohar hakobyan (ararat)

Նորից նույնը, նորից ուրիշ

Սեպտեմբերյան բա՛րև, ընկե՛րս: Հուսով եմ՝ դու էլ ինձ նման ուրախ ես, որ վերջապես նորից դպրոց ենք գնում: Ես ուրախ եմ, որ ամեն առավոտ մոխրագույն երանգ ստացող երկնքին բարև եմ ասելու: Ամեն օր վաղ եմ արթնանալու, բայց մեկ է՝ ուշանալու եմ:

Վերջին շրջանում ահավոր շոգի պատճառով ես շատ էի կարոտում աշունը: Հիմա կմտածես՝ երևի չեմ սիրում աշունը, բայց չէ, սիրում եմ: Չէ՞ որ աշունը սկիզբ է, նոր բանի սկիզբ:
Մի պահ պատկերացրու, որ ժամերով կարող ես քայլել փողոցով, զգալ տերևների խշշոցը կամ սենյակում նստել, տաք թեյ խմել, դիտել ամենասիրելի մուլտֆիլմն ու լսել, թե ոնց է անձրևը թակում պատուհանը: Հը՜մ, հավե՜ս:
Այսօր ուզում եմ քեզ պատմել տպավորություններիս մասին: Հիշո՞ւմ ես՝ ասել էի, որ շատ եմ կարոտել դպրոցս: Գիտե՞ս, երեկ, երբ դպրոց մտա, զգացի, որ ամեն ինչ նույնն էր:
Հա, նույն աղմկոտ միջանցքները, ուսուցիչների նույն բարի դեմքերը, նույն արտահայտությունները. «Լավ անցկացրի՞ք արձակուրդները», «Այսօր դաս չեմ հանձնարարում, բայց մյուս ժամից կլրջանաք ու կսկսեք սովորել», «Բան չմնաց, երեխեք, լավ սովորեք, արդեն մեծ եք»:
Ես էս ամեն ինչն էի կարոտում:
Հիմա համոզված կարող եմ ասել, որ դպրոցական տարիներից լավ բան չկա: Այն մաքրությունն ու պարզությունը, որ կա այդ տարիների մեջ, դու ոչ մի տեղ չես գտնի, ընկերս:
Երբ մի պահ հետ ես նայում, այ, հենց այդ ժամանակ հասկանում ես, թե ոնց մեծացար, երբ կողքիդ կանգնած են փոքրիկ, աչքերը լայն բացած մարդուկներ, որոնք արդեն աշակերտ են: Ու հիմա սրտի թրթիռով ես նայում կրտսեր ու ավագ սերունդներին:
Ամուր պահենք այս տարիները:

valentinaChilingaryan

Լավագույններից մեկը

Հարցազրույց «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթող Մարիամ Խաչատրյանի հետ:

Մարիամ Խաչատրյանը դասավանդում է պատմություն Ավշարի միջնակարգ դպրոցում: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ արդեն հասցրել է բազում հաջողություններ գրանցել կրթության ոլորտում: 

-Ի՞նչ մեթոդներով եք անցկացնում պատմության դասերը դպրոցում: 

-Ես նախընտրում եմ դասերն անցկացնել անկաշկանդ և ազատ մթնոլորտում: Սիրում եմ, երբ իմ դասերին աշակերտները կարողանում են ազատ արտահայտել իրենց կարծիքը և կաշկանդված չլինել: Դեմ եմ տարատեսակ խտրականություններին, քանի որ անգամ ամենաթույլ աշակերտը պիտի իրեն կարևոր մարդ զգա իմ դասաժամին:

-Որո՞նք են Ձեր ուժեղ և թույլ կողմերը՝ որպես ուսուցիչ:

-Ուժեղ կողմս այն է, որ կարողանում եմ ազդել մարդկանց վրա, իսկ թույլ կողմս՝ երբեմն բարությունս հասնում է այնպիսի չափի, որ թուլության նման է դիտվում:

-Ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ է, որ լավ ու վատ սովորող աշակերտները դպրոցում կրթվում են նույն հարթակում:

-Հաճախ դպրոցում վատ սովորող աշակերտները հետագայում դառնում են լավ արհեստավորներ, դրա համար կարիք չկա տարբերակելու լավ ու վատ սովորող աշակերտներին: Ըստ իս՝ շատ ճիշտ է, երբ բոլորը սովորում են նույն հարթակում, ուղղակի հարկավոր է հատուկ աշխատանք տանել, որպեսզի բոլորի մոտ էլ հետաքրքրություն առաջանա նույն առարկայի նկատմամբ:

-Իսկ համալսարաններում տարբերակման խնդիր կա՞:

-Այո՛, բուհում կա տարբերակման խնդիր: Դպրոցում պետք է սովորեն բոլորը միասին, բայց բուհ գնան միայն արժանավորները: Պետք է փոխվի այն համակարգը, որը հիմա գործում է: Նախկինում բոլորը չէին կարող բուհ դիմել: Այսինքն՝ եթե ուսանողը ընտրում է համալսարանում որևէ բաժին, պիտի դիմի ընդունելության մեկ հայտով: Ու բուհ գնացողները պետք է լինեն ընտրյալները, ոչ թե պատահական մարդիկ:

-Ո՞րն է հանրային կրթության հիմնական խնդիրը: 

-Խնդիրն այն է, որ աշակերտները պետք է գիտակցեն, թե որքան կարևոր է իրենց համար սովորելու գործընթացը: Մենք կկարողանանք հասնել այն մակարդակին, որ աշակերտները սիրով կսովորեն բոլոր առարկաները և կյուրացնեն դրանք միասին:

-Ինչպիսի՞ որակներ կամ հատկություններ են պակասում ուսուցչական կազմում, որոնք կօգնեին հասնել այդ մակարդակին:

-Կոնկրետ մեր ուսուցչական կազմում նման խնդիր չկա, որովհետև բոլորը և՛ նվիրված, և՛ սրտացավ կատարում են անհնարինն ու հնարավորը, որպեսզի կարողանան աշակերտներին տալ այն գիտելիքների պաշարը, որը նրանց անհրաժեշտ է:

-Ո՞րն է եղել Ձեր ամենամեծ ձեռբերքումը Ավշարի միջնակարգ դպրոցում: 

-2016-2017 ուսումնական տարում մեր դպրոցում առաջադրվեցի «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթին: Անցա դպրոցական փուլը, ապա մարզում ճանաչվեցի լավագույն ուսուցիչ, այնուհետև հանրապետական փուլում արժանացա շնորհակալագրի ու դրամական պարգևի:

-Որո՞նք են Ձեր գլխավոր նպատակները՝ կապված կարիերայի հետ:

-Ես ինձ կայացած մասնագետ կհամարեմ այն դեպքում, երբ կվայելեմ իմ բոլոր աշակերտների սերն ու համակրանքը իմ առարկայի նկատմամբ:

-Կցանկանա՞ք Ձեր աշխատանքը հնարավորության դեպքում շարունակել Հայաստանից դուրս: 

-Եթե հնարավորություն լիներ արտերկրում իմ գիտելիքների պաշարը մեծացնելու, ինչը չեմ կարող այստեղ, միգուցե, կօգտվեի այս առիթից, բայց վերադառնալու պայմանով:

mariam nalbandyan

Մի տեղ անտառում՝ եղնիկների հետ

Եթե հավես չունես, ու առաջ տալով ես կարդալու, խնդրում եմ՝ մի կարդա, որովհետև ես հավեսով եմ գրել, իսկ դա կարևոր բան է:

1.

Եթե դուք իսկապես ուզում եք իմանալ այս պատմությունը, ապա հավանաբար, կցանկանաք իմանալ, թե որտեղ եմ ծնվել ես, ովքեր են իմ ծնողները, որտեղ եմ անցկացրել իմ անմիտ մանկությունը, հիմա որտեղ եմ արդյոք սովորում ու ինչ գնահատականներ եմ ստանում: Բայց ես, ճիշտն ասած չեմ պատրաստվում փորփրել այդ ամբողջ շիլաշփոթ պատմությունը, կպատմեմ միայն այն, ինչը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ՝ իմ գլխում: Չգիտեմ՝ իմ գլխում կատարվող պատմությունները որքանով ու ում են հետաքրքրում, բայց զգում եմ, որ դրանից հետո մի բան փոխվել է. գլխումս էլ: Դե, ձեզ հանգիստ կարող եմ պատմել: Մեկ է՝ քույրս չի կարդում, նա երբեք իմ գրածները չի կարդում: Հազարից մեկ կգա ու կասի՝ էդ դու էիր գրե՞լ: Չեմ ասի, թե նեղանում եմ, ընդհանուր առմամբ ինձ մեկ է՝ կարդում են, թե չէ, ես էլ լինեի՝ չէի կարդա: Բայց քույրս լավն է շատ: Կարծում եմ՝ նա ձեզ դուր կգար, դուք պարզապես նրան չեք տեսել: Նա մուգ սև մազեր ունի, բոլորը հարցնում են՝ ներկե՞լ ես, բայց չի ներկել, ես հո գիտեմ, վերջապես, իմ քույրն է, ամբողջ կյանքումս միասին ենք ապրել: Փոքր ժամանակվա մի նկար ունի՝ կարմիր ու կլոր թուշիկներով, որ տեսնեք՝ շատ կհավանեք: Դե, ես նրան փոքր ժամանակ չեմ տեսել, ինչքանն էլ տեսել եմ՝ չեմ հիշում, ինձնից 4 տարի 6 ամիս մեծ է: Ու էդ ամբողջ շիլաշփոթն էլ իմ գլխի մեջ սկսվեց հենց նրա հետ մի մեծ վեճից հետո: Մենք երբեք անձնական թեմաներով չենք վիճում, չգիտեմ՝ թե ինչ է դա, բայց վերացական, ընդհանուր թեմաների ու մեր կարծիքների տարբերության շուրջը մի կես ժամ կգոռանք իրար վրա: Հատկապես՝ ես, շատ եմ բորբոքվում: Մի բան կասի ու ամեն ինչ շուռ կտա, միշտ այդպես է: Ուրիշների հետ էլ է, չէ՞ այդպես պատահում: Խոսում ես մի մարդու հետ, քեզ թվում է, թե նորմալ մարդ է, սողուն չէ, մեկ էլ կբռնի ու մի այնպիսի բան կասի, որ երեսին նայել էլ չես ուզենա: Քրոջս հետ այդպիսի վեճերը հետո երկար լռություն են ունենում: Ամբողջ գիշեր մտածում եմ, որ էլ կյանքում հետը նորմալ խոսել չեմ կարողանա, իսկ առավոտը չեմ էլ հիշում, որ կռվել էինք, մինչև էլի մի այդպիսի վեճ չի ծագում: Նա պատմաբան է, մի տեսեք, ինչքան անպետք թիվ ու անուն կա՝ կհիշի: Ես էլ, ճիշտն ասած՝ այդ առարկան անցնելուս հենց առաջին օրվանից ամբողջ սրտով ատել եմ: Ու ինչ էր պատահել՝ հեռուստացույցով մի հատ ապուշ հաղորդում էր նայել, որ քայլում են փողոցով ու պատահած մարդկանց տալիս մեր միլիոն տարի առաջ եղած թագավորներից մեկի անունը, նրանցից, որ լսած էլ չեք լինի, եթե քույրս չեք, ու հարցնում, թե ազգանունն ինչ է: Դե, պետք է իմանան, թե որ տոհմից է էլի եղել: Ու քույրս պատմում էր, որ մեր քաղաքի ժողովուրդը դեբիլ են ու անգրագետ, որովհետև ոչ ոք չգիտեր, թե որ տոհմից է նա: Մեկ էլ շրջվում է դեպի ինձ ու ասում.

-Մարիամ, հլը դու ասա՝ ազգանունն ինչ ա:

Փչում եմ մի բան: Դե, էդ թագավորների ազգանունները էդքան էլ շատ չեն, մի բան փչես, հնարավոր է՝ բռնի: Ես էլ փչեցի ու ճիշտ եղավ: Ասում է.

-Ապրես, թե չէ սպանելու էի:

Բայց, դե հո չէր սպանելու: Ինձ թվում է՝ լավ էլ հասկացավ, որ փչել եմ: Ասում եմ՝ ինչու պետք է մարդու ընդհանուր ինտելեկտը որոշեն պատմության ինչ-որ հարցով: Ու բոլորի մոտ էլ այդ տպավորությունն է, հենց որոշեն մարդու ինտելեկտը չափել, պատմությունից հարց կտան: Մի օր չեղավ՝ մեկը մոտենա ու հարցնի.

-Հեյ, եղբայր, հիմնական եռանկյունաչափական նույնությունը չես ասի՞:

Նա էլ փչի.

-Եռանկյան անկյունների գումարը 180 աստիճան է:

Ու կողքից բոլորը սկսեն էդ մարդուն ինչ ասես ասել.

-Տո այ դեբիլ, չգիտես, գոնե ասա՝ չգիտեմ, ինչ հիմար են մարդիկ, հասարակ բաներ են, է:

Չէ, ես չեմ ասում, որ բոլորը պիտի իմանան եռանկյունաչափությունն ինչ է, ես ուղղակի ասում եմ, որ մաթեմատիկայի մեջ իմ ասած հարցը ամենապարզերից էր, հազար անգամ ավելի պարզ, քան պատմություն իմացողների համար՝ էդ միլիարդ տարի առաջ եղած կամ չեղած եղբոր ազգանունը: Բայց չէ, էդ հեչ, որ մինչև հիմա էն կարծիքին ես, որ սինուսն ու կոսինուսը կյանքում պետք չեն գալու, բայց որ մի հատ թագավորի ազգանուն չգիտես, վերջ. մահ, սպանել, վտարել դրան մեր երկրից: Չգիտեմ՝ հասկանում եք՝ ինչ եմ ասում, թե չէ: Ես պատմության դեմ բան չունեմ, այնպիսի բաներ կան, որ այո, եթե չիմանաս, դեբիլ ես, բայց ինչ-որ մի թագավորի ազգանունը էն հարցը չի, էլի, որ ստուգի մարդու ընդհանուր ինտելեկտը: Այսպես էլ քրոջս հետ կռվեցի, հետո նա քնեց, իսկ ես ամբողջ գիշեր մտածում էի բարձով խեղդեմ, պրծնեմ: Բայց, դե չխեղդեցի, դեռ առիթ կլինի: Էդպես քույրս իր համար հանգիստ քնեց, իսկ ես թեք նստած էի բազկաթոռին՝ ոտքերս բազկակալից վեր ցցած: Նայում էի առաստաղին ու ակնոցիս հետ խաղում: Ընդհանրապես՝ ես բավականին կարճատես եմ ու առանց ակնոցի ոչինչ չեմ տեսնում: Ակնոցս հանում դնում էի, ու նայում առաստաղին: Կարող եմ էդպես ժամերով նստել ու խաղալ տեսողությանս հետ մինչև չզզվեմ: Սարսափելի տրամադրություն ունեի: Նույնիսկ հավես չունեի մտածելու, որ ես մեռել եմ: Ես միշտ այդպես եմ անում՝ պատկերացնում եմ, որ մեռել եմ: Պատկերացնում եմ բոլորի դեմքերը, կեսը կեղծ, կեսը՝ անկեղծ տխուր, պատկերացնում եմ ֆեյսբուքիս էջին կատարված հիմար փոստերը, իբր թե՝ քո հոգին միշտ մեզ հետ կլինի: Մտածում եմ բոլոր նրանց մասին, ովքեր իսկապես ծանր կտանեն մահս ու տրամադրությունս բարձրանում է: Դե, մարդիկ քո մասին հաճելի բաներ կասեն, միայն, երբ մեռնես: Դրա համար հաճախ ինքդ քեզ մեռած պատկերացնելը տրամադրություն է բարձրացնում: Միայն թե չեմ ուզում իմ թաղմանը մեկը բարձր լացի: Ընդհանրապես՝ ոչ մի բարձր ձայն չեմ սիրում՝ բացի երաժշտությունից: Խնդրում եմ՝ հիշեք, եթե թաղմանս ներկա լինեք, բոլորին կասեք՝ թող ցածր խոսեն:

2.

Էդ կռվի հաջորդ մի քանի օրը ոչ մի հետաքրքիր բան չէր կատարվում: Քրոջս հետ էլ չէինք վիճում, զբաղված էինք: Պատրաստվում էինք մեր գյուղ գալուն, որտեղ էլ ես հիմա գտնվում եմ: Դե, ես Երևանում եմ ապրում, եթե դա հետաքրքիր է: Էդպես պատրաստվում էինք ոչ թե որովհետև գյուղ գալը մեծ տուրուդմփոց է պահանջում, այլ որովհետև լրանում էր հորս մահվան մի տարին: Արդեն մի տարի է անցել, բայց դուք առաջին մարդն եք, ում պատմում եմ նրա մասին: Ես խոսել չեմ սիրում, ոչ այդ թեմայով:

Հայրս շատ անկեղծ, կոպիտ մարդ էր: Ընդհանրապես՝ ես նրան շատ եմ նման: Փոքր ժամանակ արտաքնապես էլ էլի շատ նման, բայց հիմա ինչքան մեծանում, այնքան տարբերվում եմ արտաքինով ու նմանվում՝ բնավորությամբ: Հորս էլ որ տեսնեիք, ձեզ դուր կգար: Եթե, իհարկե, քաղաքավարության զոհ ձևիստներից չեք, էն որ հումոր էլ չեն հասկանում: Հայրս ամեն ինչի վրա կատակ էր անում, անգամ իր սարսափելի հիվանդության: Ես սիրում եմ, որ ինձ համեմատում են հորս հետ, սիրում եմ, որ ասում են՝ նման եմ նրան: Դե, բնավորության համար ասում են, որ նույն ներվայինն ենք ու քննադատող-ձեռ առնողը, բայց կապ չունի: Ես ուզում եմ հորս նման լինել:

Ամբողջ ճանապարհին ձևացնում էի, թե քնած եմ, որ հետս չխոսեն: Գիշերը չէի քնել ու կուզեի՝ մի քիչ աչք կպցնեմ, բայց մեր տաքսու վարորդը էնքան բարձր էր միացրել իր երաժշտությունը, որ ավելի շուտ կմեռնեի, քան կքնեի: Ճանապարհը մի երեք ժամվա է, եթե վարորդը նորմալ վարել գիտի: Այդ առումով բախտներս բերել էր՝ շատ լավ ու արագ էր քշում: Վանաձորում ինչպես միշտ, լիցքավորեց մեքենան, ես էլ, օգտվելով նրա բացակայությունից, մի քանի տափակ հումորներ արեցի վարորդի ու նրա երաժշտության մասին, քույրս էլ ծիծաղեց: Նա միշտ ծիծաղում է իմ հիմար հումորների վրա: Երևի թե դա այն հիմնական պատճառն է, որ դեռ քնած ժամանակ բարձով չեմ խեղդել:

Հետո նորից քնած էի ձևանում ու մտածում գյուղի մեր բարեկամների մասին, թե ինչքան մարդ է գալու, սկսեն գովել հորս սիրուն այգին, թփերը, ինձ ու քրոջս մի հազար անգամ համբուրեն ու ուշադիր նայեն, թե ոնց եմ ես ամանները լվանում: Ամեն ինչ այդպես էլ եղավ, չեմ պատմի այդ օրվանից, թե չէ ձանձրույթից կմեռնեք:

Գյուղում մի լավ շուն ունենք: Հորս շատ էր սիրում, ու առանց բացառությունների ենթարկվում էր: Հայրս էլ սովորեցրել էր. կանգնում ես դիմացն ու ձեռքերով թմփթմփացնում ոտքերիդ, շունը թռչում է վրադ: Կանգնում եմ դիմացն ու կրկնում հորս ժեստը, շունս ցատկում է վրաս ու լպստում ձեռքերս: Հրաշալի կենդանի է:

3.

Հորս մահվան տարելիցի օրվանից հետո ամեն ինչ խաղաղվեց: Խաղաղն էլ որն է, այստեղ երբեք խաղաղություն չի լինում: Օրվա մեջ ինչքան հարևան կա, կգան: Ամեն առավոտ կամ հարևանների երեխաների ձայներից էի արթնանում, կամ էլ նույն հարևանի աքլորի: Ճիշտն ասած՝ վրաս շատ են ազդում, կարող է պատճառն այն է, որ ես շատ շուտ եմ նյարդայնանում, բայց կարող է՝ չէ: Ընդհանրապես՝ հա, զզվելի բնավորություն ունեմ: Բայց չեմ ուզում պատմել դրանից: Հենց հորս մահվան տարելիցի հաջորդ օրը՝ հուլիսի 11-ին, եղբայրս՝ մորաքրոջս տղան, բանակից վերադարձավ: Ղարաբաղում էր ծառայել: Մի քանի օր հետո պարզվեց, որ մայրս նեղացել է, որ չեմ զանգել մորաքրոջս ասեմ՝ աչքդ լույս: Մեռնեմ, թե անգամ մտքովս անցել է: Ես ընդհանրապես այդպիսի բաներից շատ հեռու եմ: Եղբորս հետ սքայփով խոսել էի, բայց որ պետք է մորաքրոջս հետ էլ խոսեի ու ասեի՝ աչքդ լույս, էդպիսի բան չգիտեի: Կան, չէ այդպիսի արտահայտություններ, որ ընդունված է՝ պետք է ասես: Որտեղից են ընդհանրապես մարդիկ իմանում դրանց մասին: Կամ որ ժամանակն է՝ այ հիմա պիտի ասես: Վերջերս լսում եմ մի պապիկի ու ինձնից էլ փոքր մի աղջկա խոսակցություն: Դե, որ լավ պատկերացնեք, ասեմ, որ 18 տարեկան եմ, բայց այն ժամանակ 17 էի: Պապիկը պատմում էր իր թոռներից, աղջիկն էլ պատասխանեց՝ Աստված պահի: Գրողը տանի, որտեղից էր նա լսել էդ արտահայտությունը: Ինձ եթե մեկը իր երեխաներից է պատմում, լուռ ժպտում եմ, ու մտածում, թե երբ է վերջապես լռելու: Դե, կամ էլ դեմքիս այնպիսի արտահայտություն եմ տալիս՝ իբր պատկերացրի ու շատ սիրեցի էդ երեխային: Ես երևի աննորմալ եմ, ազնիվ խոսք: Տեսնես՝ մարդիկ դա հասկացել են, թե չէ: Միևնույնն է, կյանքում չեմ հասկանա այդպիսի արտահայտությունների իմաստը, դրանց օգտագործման ճիշտ կոնտեքստները, ու թե որտեղից են մարդիկ դրանց մասին իմանում: Ես ավելի լավ է՝ ամբողջ կյանքում մի բռի մարդու տպավորություն թողնեմ, քան թե իմանամ, թե որտեղ ասեմ՝ Աստված պահի, որտեղ՝ աչքդ լույս, որտեղ էլ շնորհավոր: Կեղծավորություն է, ազնիվ խոսք: Շնորհավորը մի ուրիշ պատմություն է: Հիմնականում այն շատ հաճախ են, չէ՞ օգտագործում: Քննությունդ բա՞րձր ես ստացել՝ շնորհավոր, աշխատանքի՞ ես ընդունվել՝ շնորհավոր, աշխատանքից դո՞ւրս ես եկել՝ շնորհավոր, տո լավ էլ արել ես, ով են դրանք՝ ներվերդ քայքայես, ուրիշ լավ գործ կգտնես: Ու իմ ամենասիրելին՝ ընդունվե՞լ ես, վայ շնորհավոր: Համալսարան ընդունվելու ի՞նչն են շնորհավորում: Կամ մարդիկ կան, չէ՞, էնպես մի ամբողջ սըքսես սթորի կգրեն իրենց համալսարան ընդունվելու վերաբերյալ, ոնց որ եսիմինչ են արել: Ախր մեր երկրում էդ մի եսիմինչ չի, ամեն բուհում թափուր տեղեր են, իբր մեծ գո՞րծ ես արել, որ ընդունվել ես: Նույնիսկ ամենադժվար բուհն ընդունվելը մեծ գործ չի: Ինչ է, սպասում ես, որ քեզ մրցանակ ու թխվածքաբլիթ կտան էն բանի համար, որ ընդամենը տանը նստել մի քանի բա՞ն ես սովորել: Մե՞ծ բան ես արել: Կամ որ բուհ ընդունվելը չեն ներկայացնի որպես իրենց երազանք: Այսպիսի բաներից արյունս եռում է, ազնիվ խոսք, շատ եմ բարկանում: Եթե էս աշխարհում բուհ ընդունվելը կամ մի գրողի տարած մարքեթոլոգ դառնալը պիտի լիներ իմ երազանքը, ավելի լավ էր՝ չծնվեի: Ոնց կարող է մարդու կյանքի երազանք լինել ինչ-որ մի անտեր բուհ ընդունվելը, չեմ հասկանում, ազնիվ խոսք, ուրիշ երազելու բան չկա՞ր: Հիմա երևի կմտածեք, բա տեսնես ես ինչ եմ երազում, որ մարդկանց երազանքներն էլ փնովում եմ, ես բան չեմ երազում: Ազնիվ խոսք, ոչ մի բան: Մասնագիտություն էլ չեմ ուզում, ի՞նչ պետք է, է անեմ: Մարքեթոլո՞գ աշխատեմ, ո՞ւմ է պետք: Ոչ մի բան էլ ես չեմ ուզում, անկեղծ: Մարդ եմ ուզում լինի, որի հետ կարելի էր խոսել, իսկ ընդհանրապես ի՞նչ եմ ուզում անել կյանքումս: Չգիտեմ: Գիտե՞ք ինչ կուզեի. գնալ բոլորից ու ապրել մի հեռու տեղում, անտառում: Այնպիսի մի տեղ, որտեղ շատ եղջերուներ են ապրում, ու ոչ ոք նրանց մասին հոգ չի տանում: Կուզեի ես լինեի այդ մեկը. ես շատ լավ կարող եմ եղջերուների մասին հոգ տանել, ազնիվ խոսք: Ու դա լիներ իմ մասնագիտությունը. մի տեղ անտառում՝ եղջերուների հետ ապրել ու հոգ տանել նրանց մասին:

Մի անգամ գրադարանում նստած էի կուրսեցիներիցս մեկի հետ: Շատ դասերի ենք իրար հետ նստում, ու նա նկատել էր իմ անվերջ քննադատող հայացքները ամեն ինչի նկատմամբ, անհավեսությունս ու դասերին զզվանքով վերաբերվելս: Նա, ընդհանրապես, լավն էր, հետը նորմալ կարող ես զրուցել, հենց այդ օրը, որ գրադարանում նստած էինք, ասաց.

-Դու սոցիոֆոբ ես:

Չհակաճառեցի. հավես չկար:

4.

Էն սովորական օրերից մեկն էր, երբ արթնանում էի հարևանի երեխաների ձայնից, ու ընդհանրապես շատ վատ էի քնում: Այստեղ՝ գյուղում, շատ վատ եմ քնում: Որոշեցի Ագաթա Քրիստի կարդալ, դե, բոլորը շատ էին գովում: Ես Շերլոկ Հոլմսին շատ եմ սիրում, կարդացել եմ համարյա բոլոր պատմվածքները նրա մասին, հիմա էլի եմ կարդում, նայել եմ շատ էկրանիզացիաներ: Ընդհանրապես, ես միշտ այդպես եմ անում՝ երբ մի բան դուրս գալիս է, անընդհատ նորից եմ կարդում, կամ դիտում, եթե ֆիլմ է: Քույրս ասում է, որ էդպես չեմ զարգանում, իսկ ինձ մեկ է: Քույրս շատ կարդում, նա ուտում է գրքերը, իսկ ես՝ չէ: Ես գիրք զարգանալու համար չեմ կարդում: Կարող է մի հարյուր էջանոց բանը մի քանի օր կարդամ, նույնիսկ՝ շաբաթ: Ինձ համար կարևորն այն չէ, թե վերջում ինչ կլինի, այլ ընթացքը: Ու եթե ես հավանում եմ այս կամ այն գիրքը, ես կարիք չունեմ նոր բան կարդալու, ես անընդհատ կարող եմ կարդալ նույնը ու նույն հաճույքն ստանալ: Երևի, այնուամենայնիվ, ես աննորմալ եմ: Ու ինձ շատ էին խորհուրդ տալիս Ագաթա կարդալ, որովհետև ասում էին՝ դետեկտիվ է, եթե Շերլոկ սիրում ես, դա էլ կհավանես: Քույրս Ագաթայի ֆանատ է, և լիքը գրքեր ունենք նրանից: Էդ մեկի անունը դուրս եկավ՝ «Ժամադրություն մահվան հետ»: Սկսեցի կարդալ: Առաջին իսկ տողերից ուղղակի գարշելի էր: Պատմում էր ինչ-որ ընտանիքի մասին, որը կազմված էր ծեր մորից, երկու որդուց, որդիներից մեկի կնոջից, ու երկու դուստրերից: Այդ մայրը՝ միսիս Բոյնտոնը, սարսափելի վհուկ է, ու իր բոլոր երեխաների ուղեղները լվացել, իրեն է ենթարկել: Իբր թե չի թողնում շփվել այլ մարդկանց հետ, չի թողնում գնալ առանձին ապրել, ու սրանք էլ, որոնք մոր հարազատ երեխաները չեն, այլ մնացել են ամուսնուց, ենթարկվում են, ու չեն կարողանում մոր իշխանության տակից դուրս գալ: Զզվելի էր, ազնիվ խոսք, առաջին իսկ էջերից ոչ մի հետաքրքրություն չկար, ուղղակի կարդում էի, որ մի բան Ագաթայից կարդացած լինեմ: Ու մի ճանապարհորդության ժամանակ էս մորը սպանում են, ու բոլորը երջանիկ են: Մահը կարծես թե բնական էր, բայց քանի որ Էրկյուլ Պուարոն՝ հայտնի խուզարկուն, այդ պահին ձեռքի տակ էր, նրան են հանձնարարում իմանալ, թե արդյոք պառավ վհուկի մահը բնական է, թե սպանել են: Նա էլ, իհարկե, մի օրում գործը լուծում է, մի երեք էջ իրեն գովում, հետո պարզվում է, որ կախարդ Բոյնտոնին սպանել է ոչ թե իր երեխաներից մեկը, այլ մի լեդի Ուեստհոլմ, որը հին ժամանակների իր ծանոթն էր: Քեզ ոչ մի շանս չի տրվում հասկանալու, որ դա կարող էր նա լինել: Իսկ էդ սուպերխելացին էլ մենակ մի բրիջիի գույնից էր այդքանը հասկացել: Սիրտս խառնում էր, ազնիվ խոսք: Ու ամեն ինչ ավարտվում է նրանով, որ էդ մարդասպանը, քանի որ հայտնի քաղաքական դեմք էր, ինքնսպան է լինում, իսկ մորից ազատված, նախկինում շատ դժբախտ Բոյնտոնները նստած մի մեծ սեղանի շուրջ քրքջում են: Եղբայներից մեկը պսակվել է էլի էդ գործի մեջ խառը բժիշկ Սառայի հետ, մյուս եղբայրը՝ Լեննոքսը ու իր կինը լիքը երեխաներ են ունեցել հինգ տարում, իսկ Ջեֆերսոնը, որը սիրում էր Լեննոքսի կնոջը ու առաջարկում էր իր հետ հեռանալ ամուսնուց ու վհուկ սկեսուրից, հիմա պսակվել էր Լեննոքսի քրոջ՝ Քերոլի հետ: Փոքր քույրն էլ, որ համարյա լրիվ խփնվել էր, հիմա դարձել է մի չքնաղ դերասանուհի: Ու այդպես երջանիկ ընթրելիս՝ հանդիպում են իրենց լավ ծանոթին՝ Պուարոյին, որը հանել էր իրենց վրայից բոլոր կասկածները, ու իրենք հիմա երջնիկ էին: Ու սա էլ դետեկտիվ էր, հա՞: Էլ չեմ ուզում ոչ մի բան կարդալ Ագաթա Քրիստիից: Մի խոսքով՝ եթե չեք ուզում հետ տալ ուղիղ գրքի վրա, չկարդաք այդ գիրքը:

5.

Դրանից մի քանի օր հետո՝ մորս ծնունդի օրը՝ հուլիսի 22-ին մեր տուն մի կատու եկավ: Փոքրիկ ձագ: Ես կատուներ շատ եմ սիրում, սիրում եմ դրանց փափկությունը, սիրում եմ, երբ դռռում են: Մայրս ու քույրս ինձ չեն թողնում, որ կատու պահեմ Երևանում, բայց թերևս, այսքան ներվային չէի լինի, եթե պահեի: Այդ կատվին պահեցինք մեզ. հիմա էլ երջանիկ կողքիս պառկած դռռում է: Շատ լավ կենդանի է: Կատուն միակ բանն է, որ ինձ կտրում է իմ հիմար մտքերից: Երբ շատ ուժեղ տրամադրություն չեմ ունենում, միշտ նստում եմ ու սկսում մտածել՝ ինչպես այն օրը՝ Երևանում, երբ հասկացա, որ ես կարոտել չեմ կարողանում: Իսկապես, ես ոչ մեկին չեմ կարոտում, ես չգիտեմ էլ էդ ինչին են մարդիկ որոշել կարոտ անվանել, ինձ մոտ երևի էդ մի զգացմունքը բացակայում է:

-Դու հրեշ ես,- որակավորեց ինձ քույրս, երբ ասացի նրան, որ ես ընդհանրապես ոչ մեկին չեմ կարոտում երբեք:

Մեկ-մեկ ես նրա հետ խոսում եմ, ուղղակի այն պատճառով, որ ուրիշ մարդ չկա, ում հետ կարող եմ խոսել: Բայց, խոսելու գիժ չեմ, անկեղծ եմ ասում: Կարող եմ ընդհանրապես չխոսել, ամիսներով լսել, ինձ մեկ է: Ու երբ սաստիկ տրամադրություն չեմ ունենում, պատկերացնում եմ, որ մեռնում եմ: Դե, պատկերացնելը, որ արդեն մեռած եմ, տրամադրություն է բարձրացնում: Բայց, այ մեռնելը՝ պրոցեսի մեջ, այնքան էլ չէ: Մտածում եմ ինչ դրամատիկ բաներ կանեմ, ում՝ ինչ կասեմ, ով կլացի, ով՝ չէ, ով հետո կփոշմանի, իսկ ով՝ չէ: Այդպես մտքիս մեջ մի հազար հատ պատմություն եմ հնարում, որոնցից ինը հարյուր հիսունչորսը՝ կմոռանամ հետո, իսկ մյուս քառանսունվեցը՝ կհիշեմ, որ հետո էլի մտածեմ ու մտածեմ, շարունակեմ, մտքիս մեջ մի քանի ամիս պատմվածքներ գրեմ ու վերջնական հունից դուրս գալով՝ ամեն ինչ գրողի ծոցն ուղարկեմ, մի նոր խաղ գտնեմ ու ժամերով խորանամ հեռախոսի մեջ՝ ամբողջ կյանքիս իմաստը մի հիմար խաղի մեջ դնելով: Հիմնականում մի խաղ է ինձ շատ հանգստացնում՝ Մորթալ կոմբատը: Հեռախոսով խաղում ու խաղում եմ, կարծես թե ծնվել եմ միայն դա խաղալու համար: Ուրիշ մարդիկ ինչ-որ լավ բաներ են անում, իսկ ես ծնվել եմ իմ անտեր հեռախոսով էդ անտեր խաղը խաղալու համար: Հրաշալի խաղ է, շատ եմ սիրում:

Քույրս մի իր ընկերուհուց էր պատմել, որը երբ տրամադրություն չի ունենում, մի բան է կարում իր համար: Ու շատ լավ է կարում, շատ շորեր ունի՝ ինքն իր համար կարած: Մարդիկ կան տաղանդավոր են, չէ՞, իբր քիչ են օգուտ տալիս, մի հատ էլ նույնիսկ իրենց վատ տրամադրությունն են կարողանում լավ բանի կողմն ուղղել: Իսկ ես իմ լավ տրամադրության դեպքում էլ եմ մարդկանց կոպտում ու ամեն ինչ փչացնում, ուր մնաց՝ վատ: Ընդհանրապես՝ ես ոչինչ անել չգիտեմ, ոչ մի բան ձեռքիցս չի գալիս:

Ու երբ նստած այսպիսի մտքերի մեջ եմ լինում, մեկ էլ հայտնվում է կատուս, ու ես մոռացած ամեն ինչ՝ գրկում եմ դրան, հետը խաղում ամենավերջին հիմարի պես: Ոնց որ էն մի քիչ խփնված մամաներն են կապիկություններ անելով խաղում իրենց երեխաների հետ, էնպես էլ ես՝ իմ կատվի, բայց մի քիչ ավելի ադեկվատ: Էդ փոքրիկ բրդի կտորը իր դռռոցով ցրում է բոլոր մտքերս: Հրաշալի կենդանի է:

6.

Հրաշալի՜, չէ մի: Ոնց չեմ սիրում էդպիսի գոռոզ բառեր: Կեղծավորություն է, ազնիվ խոսք: Իսկ ամենաշատը էդպիսի կեղծավոր ու սքանչելի բառեր որտե՞ղ կլսես: Հարսանիքին: Օգոստոսի հինգին եղբորս հարսանիքին պետք է գնայինք: Դրա մասին բավականին ուշ իմացանք: Դե, ինչպես արդեն պատմել եմ, ես գյուղում էի գտնվում, հարսանիք գնալու համար պետք է գնայինք Երևան: Հենց մեր գնալու օրը մեր հարևանը մահացավ: Երևի էն քիչ մարդկանցից էր, ում ես իսկապես սիրում էի: Կեղծավորություն անել չեմ սիրում, ու չեմ էլ ուզում էդպիսի բառեր ասել, բայց եթե ինձ հարցնես՝ բարությունը ինչ է, կսկսեմ անկապ խոսել, թե բա՝ հարաբերական մի բան, հետո կասեմ՝ բարությունը Լուսիկ տատիկն էր: Ամբողջ Օձունից Երևան ճանապարհին ես նրա մասին էի մտածում, ու որ այդպես էլ չգնացի նրան տեսնելու: Վերջին անգամ տեսել էի նրան բարձրահասակ, ճերմակ մաշկով ու մազերով: Իսկ հիմա պատմում էին, որ լրիվ հյուծվել, փոքրացել էր հիվանդությունից: Ես չէի ուզում նրան այդպես տեսնել, երևի էգոիզմ է: Երևի չէ, հենց էգոիզմ է, որ կա:

Ճանապարհին բան չխոսեցինք, ես ու քույրս էինք գնում: Հետո պետք է ուրախ լինեի՝ վերջիվերջո եղբորս հարսանիքն էր: Ես ու քույրս մի ամբողջ օր անիմաստ պտտվեցինք քաղաքի շատ խանութներով ու այդպես էլ ոչինչ չգնեցինք: Օրվա վերջում մետրո նստեցինք: Մեր թաղամասում մետրո չկա կառուցած, բայց գնում ենք Բարեկամություն, իսկ այնտեղից շատ ավտոբուսներ կան դեպի տուն տանող: Շատ եմ սիրում մետրոն, աղմուկը լցվում է ներսդ ու ամեն ինչ հանգստացնում: Ես, ընդհանրապես, հանգստանում եմ աղմուկի տակ: Երևի դա սկսվեց նրանից, որ փոքր ժամանակ պատմության ու կենսաբանության դասերը սովորում էի միայն դասամիջոցին՝ աղմուկի տակ: Էդպես էլ սովորեցի, հետո սիրեցի աղմուկը: Մետրոյից դուրս գալիս, եթե չեք եղել այնտեղ, ասեմ, որ Բարեկամությունը վերջին կայարանն է, ու ով կա չկա, դուրս է գալիս: Բոլորը գժի պես վազում են դեպի շարժասանդուղքը: Քույրս հոգնած ասաց.

-Թող բոլորը գնան, մենք՝ վերջում:

-Հա, ես միշտ էդպես եմ անում,- զարմացած պատասխանեցի ես:

Ես միշտ էդպես եմ անում, ու իրար հետ մի հազար անգամ մետրո նստած կլինենք, ինչո՞ւ չի նկատել:

-Չես նկատե՞լ,- ասում եմ:

-Ինչի՞:

-Որ բոլորին տեսնեմ: Նայեմ մարդկանց: Բոլորին հետևեմ:

Քույրս «ճպացրեց»: Ես էլ սկսեցի մտածել, որ գուցե նա էլ ունի այդպիսի սովորություններ, որ ես չեմ էլ նկատել այսքան տարիների ընթացքում, ու տրամադրությունս խիստ ընկավ: Միակ մարդը, որի հետ ես իսկապես ամբողջ կյանքումս եմ ապրել, քույրս է: Ծնողներիցս էլ են հաճախ բաժանումներ եղել, հաճախ՝ երկարաժամկետ: Բայց քրոջիս՝ երբեք: Ու մենք չգիտենք իրար սովորությունների մասին: Տխուր բան է: Կամ գուցե ես նրա հետ այդպես չեմ անում: Որովհետև երբ միասին ենք, հիմնականում անդադար խոսում ենք ինչ-որ հիմար բաներից: Դրա պատճառով էլ գուցե մոռանում եմ սովորություններիս մասին: Բայց երբ մենակ եմ, միշտ ամենավերջից եմ քայլում, ավտոբուսում ամենավերջում եմ նստում, որ բոլորին տեսնեմ, իսկ ինձ չտեսնեն: Հիմար սովորություն է, բայց սիրում եմ ուսումնասիրել մարդկանց, հատկապես, երբ տրամադրությունս բարձր է: Երբ տրամադրություն չեմ ունենում, ոչ մեկին էլ չեմ նայում: Տան մոտի մի խանութից, որ մտանք՝ ուղղակի նայած լինելու համար, գնեցինք քրոջս համար մի զգեստ, որի համար ամբողջ օրը քաղաքում թափառել էինք: Միշտ էդպես է, մի բան գնում հեռու-հեռվում փնտրում ես, գալիս ես մոտիկ գտնում:

Հարսանիքը Սևանում էր: Մի 40 րոպե ուշացանք, շատ կազմակերպված ենք: Առանձնապես պատմելու բան էլ չկա, դուք էլ գիտեք՝ ինչպես են անցնում հարսանիքները: Մի հայկական երաժշտությունից սկսեցի հիմարի պես զռալ: Բայց չմտածեք՝ դուդուկ էր, դա ընդհանրապես հուզիչ չի: Ինտերնետում կես ժամ փնտրեցի էդ երաժշտությունը, որ հիմա կոնկրետ անունով գրեմ, չգտա: Չեմ սիրում հայկական էդ մարտական երաժշտությունը. միշտ լացացնում է: Մի խոսքով, պատմելու բան էլ չկա, հարսանիքը հիասքանչ անցավ, բոլորս անասելի գեղեցիկ էինք: Կեղծավորություն է, ազնիվ խոսք:

7.

Հարսանիքից մի քանի օր հետո էլի գյուղ վերադարձանք՝ մկրտվելու: Մենք՝ ես ու քույրս, մայրս էլ, մինչև հիմա մկրտված չէինք: Հիմնականում որոշեցի այս ամառ հաստատ կազմակերպել մկրտությունս, որ մարդիկ հավատան՝ ես աթեիստ չեմ: Չգիտեմ՝ ինչու, բոլորը մտածում են, որ ես աթեիստ եմ: Գուցե երբեմն սկեպտիկ եմ լինում, բայց աթեիստ՝ չէ: Հիմա աթեիստ լինելը մոդա է, չէ՞: Բոլորը աթեիստ են դառնում, որ ցույց տան՝ իրենք շատ խելացի են, բա մենք գիտության մարդ, ինչ աստված, ինչ բան: Որտեղ են ապացույցները, այն, ինչը ապացուցված չէ, գոյություն չունի: Հիմարություն է, ազնիվ խոսք: Իմ կարծիքով՝ ընդհակառակը՝ պետք է բավականին բարձր ինտելեկտ ունենաս, որ գաս հանգես էն եզրակացությանը, որ հավատալը լավ է: Ես չեմ ասում՝ աստած կա, կամ չկա, ես ուղղակի ապացույցներ չեմ փնտրում: Ու աստված չանի՝ եթե էս մեր աթեիստը բնագիտական առարկաներից կամ մաթեմից ուժեղ է, թող ու փախի՜ր, լրիվ գիտունիկ է, էլի: Մաթեմատիկայի մասին երևի աշխարհի մեծ մասը էդպես էլ կշարունակի սխալ բաներ մտածել: Օրինակ՝ որ այն հստակ գիտություն է: Ախր մաթեմից ավելի անհստակ գիտություն չկա, կարող ես ինտերնետում փնտրել ու էնքան հասարակ մաթեմատիկական պարադոքսներ գտնել, որ ուղեղդ կեռա: Ու այստեղ խնդրում եմ, չմտածեք Աքիլլեսի ու կրիայի էն ապուշության մասին, Աքիլլեսը կրիային միլիոն անգամ կհասնի, ես իսկական, խելքին մոտ պարադոքսների հետ եմ: Իզուր չի, որ մաթեմատիկայի սկիզբը ընդհանրապես փիլիսոփայությունն է: Առաջ մաթեմատիկոսները փիլիսոփաներ են եղել: Ու աստծուն էլ հավատացել են: Երբեք չեմ հասկանա, ինչ ապացույց են մարդիկ ուզում աստծո գոյության համար: Ես ընդհանրապես չեմ ուզում ապացույց, ու չեմ էլ սպասում, որ աստված մի օր այլմոլորակայինների նման կգա ու եգիպտացորենի արտի վրա մեծ-մեծ կգրի «Ես աստվածն եմ ու ես կամ», տակն էլ կստորագրի՝ հայր, որդի և սուրբ հոգի: Ու մարդկությունը վերջապես կիմանա՝ Հիսուսի մազերը շեկ են եղել, թե սև: Հիմարություն է, ազնիվ խոսք: Ուզում եմ հավատալ՝ հավատում եմ, ինձ չի հետաքրքրում՝ գոյություն ունեցող բանի եմ հավատում, թե չէ: Ուզում եմ՝ հավատում եմ, էդքան բան:

Մկրտությունից հետո ես ու քույրս մնալու էինք գյուղում, իսկ մայրս, կնքահայրս ու կնքամայրս պետք է վերադառնային Երևան: Երևանից գյուղ միասին էինք գնացել, ու ճանապարհին կնքահայրս մեքենան խփել էր: Մյուս առավոտյան այն փչացավ: Գնացին, հասան կողքի գյուղ, հետ եկան: Էն մեծ մեքենաներից կանչեցին, որ գալիս սովորական մեքենան դնում վրան, տանում է՝ «էվակուատոր»: Դա էլ էր ճանապարհին փչացել: Կնքահորս տղան Երևանից էր գնացել նրանց բերելու: Ճանապարհին փչացել էր մեքենան: Մերոնք գիշերվա կեսին նոր տուն էին հասել: Հաջորդ օրը մորս կանչած տաքսին հենց շենքի մոտ փչացել էր, իսկ կնքահորս Վորոնեժ մեկնող բարեկամների մեքենան գուշակե՞ք՝ ինչ էր եղել: Իմ նմանի կնքահայրը լինելն էլ էսպես կլինի, էլի: Մերոնք ծիծաղում են էս պատմության վրա, բայց ես հո գիտեմ, որ իմ ձախորդ լիցքերն են: Ես էլ եմ կատակներ անում, բայց որ մի հատ էլ լսեմ «փչացած մեքենա» կամ «էվակուատոր» բառերը, արդեն երևի կնյարդայնանամ: Ընդհանրապես, ես բավականին ձախողակ եմ: Մի քանի անգամ մեռնելուց կամ վատ վիճակում հայտնվելուց եմ պրծել: Հիմնականում՝ հոսանքահարվել եմ, այնքան, որ հիմա արդեն էլ ռեակցիա չեմ տալիս, երբ հոսանքահարվում եմ: Նույնիսկ հաճելի է շատ: Ինձ սովորականի պես՝ 200 վոլտ ու հաշիվը, խնդրում եմ:

8.

Հասկացա, թե գյուղում ինչքան լավ էր միայն այն ժամանակ, երբ եկա հասա Երևան: Ու հասկացա, թե Երևանը ինչքան եմ սիրում էլի այն ժամանակ, երբ եկա հասա Երևան: Դժվար է, չէ՞ Երևանը սիրել ամռանը, երբ շոգից մոռանում էլ ես, թե սիրելն ինչ բան է: Բայց ես հիշում եմ Երևանս մյուս եղանակներին, ու հիշում եմ, որ սիրում եմ: Թե բա էդ քո Երևանում ի՞նչ կա սիրելու՝ կասես, կամ էլ՝ քաղաքենիի մեկը, Երևան, հա Երևան: Հա, ես սիրում եմ իմ քաղաքը ու դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Հա, ես իմ գյուղն էլ եմ սիրում ու դրա մեջ էլ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Մեկ էլ կտեսնեմ՝ մեկը կգրի, թե ինչքան զզվելի քաղաք է Երևանը, ինչքան զզվելի են այստեղի մարդիկ, ինչքան զզվելի են մարդիկ, ովքեր որ սիրում են Երևանը: Քաղաքը փնովելը մոդա մի բան է դարձել էս վերջերս: Բայց քաղաքն ո՞վ է: Դե, եթե քաղաքս ավտոբուսի մեջի էն աղջիկն է, որ անշնորք ծամոն էր չփչփացնում ու թարս նայում բոլորին, հա, ես էլ չեմ սիրում Երևանը: Բայց եթե քաղաքս էդ նույն ավտոբուսի մեջի կինն է, որ հազիս նոպայի ժամանակ ինձ իր տեղը զիջեց պատուհանի մոտ ու դեղ տվեց, ես կսիրեմ քաղաքս: Իսկ գյուղը սիրե՞մ: Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես կսիրեմ: Կամ էլ չէ: Ամեն անգամ գյուղ գնալիս ինձ մոտ դեպրեսիա է սկսվում: Ասում ես՝ գյուղի մարդիկ անկեղծ են ու բարի՞: Ես գյուղում կարիքից չարացած, իրար դեմ ելած ու իրարից միայն բամբասող մարդկանց էլ եմ տեսել: Հիմա՝ ի՞նչ, չսիրեմ գյուղս: Բայց, թերևս կսիրեմ, եթե գյուղը Ալավերդուց Օձուն տանող աներևակայելի ավտոբուսի մեջի բարի փափուկ տատիկն է՝ կլոր դեմքով, սիրուն կանաչ աչքերով ու բարի-բարի հայացքով, որ ինձ ու քրոջս դիմեց.

-Աղջիկնե՛ր ջան, դուք Մարգարիտայի աղջիկնե՞րն եք:

-Հա,- կմկմալով ու զարմացած, թե որտեղից մեր մորը էս կինը կճանաչի, պատասխանեցինք մենք:

-Էն, որ Աբովյանում ուսուցչուհի ա:

-Չէ, չէ,- ժպտացինք մենք,- ուղղակի մեր մամայի անունն էլ ա Մարգարիտա:

-Հա՜, դե լավ, ներողություն,- սիրուն ձայնով պատասխանեց նա ու մի կերպ ավտոբուսից իջավ՝ օրորվելով գնալով իր ճանապարհը:

Կլորիկ դեմքն ու կանաչ աչքերը մինչև հիմա հիշում եմ. չեմ ուզում հավատալ, որ կարիքը էս կնոջ դեմքն էլ մի օր կփոխի: Բայց կփոխի, եթե ռեալիստ լինենք: Հիմա սիրե՞մ գյուղս, թե՞ չէ: Բա Երևա՞նը: Ես երկուսն էլ կսիրեմ: Ու շատ կուզեմ, որ մի օր մեր երկրի տնտեսությունը ինձ թույլ տա ապրել ու իմ մասնագիտությամբ աշխատել գյուղում՝ մի որևէ հավես կազմակերպությունում: Ու կուզեմ, որ էդպիսի ժամանակներ մինչև իմ մեռնելը գան, որ հավատամ, երբ ասում են՝ գյուղի ժողովուրդը բարի է ու հյուրընկալ: Անկեղծ՝ կուզենայի էդպես, բայց հիմա դեռ ամեն անգամ գյուղում մի խեղճ ընտանիք, մի հազիվ իրար գցած շորերով երեխա տեսնելիս ես ոչ թե հիանում եմ ու սիրահարվում գյուղիս, այլ գնում եմ տուն ու անիմաստ հայացքով նստում մի քանի ժամ, եթե շոկոլադ լինի, շատ կուտեմ, եթե կատուս լինի՝ կճմրթեմ, կհանգստանամ: Կհիշեմ, որ Երևանում էլ Նոր տավա առևտուր անելիս էն կինը չափից դուրս փոքր հավի կտորը վերցրել, կոպեկները հաշվում ու ասում էր՝ շատ է մեծ: Դե, հիմա էլ ընդհանրացրեք՝ գյուղի մարդիկ այսպես, իսկ քաղաքինը՝ էսպես: Երևի հենց էդ նույն քաղաքը փնովող մարդկանց մոտ էլ ընդհանրացնելը շատ լավ է ստացվում: Իրականում էս ընդհանրացնելու մասին շատ բան ունեի պատմելու, օրինակ՝ աղջիկների մաթեմից թույլ կամ էլ լոռեցիների շաշ լինելու մասին, բայց էն մարդկանց հիշեցի, հավեսս փախավ: Ամեն ինչի հավեսս փախավ, լինում է, չէ՞:

Ասում ես՝ կարոտել չգիտես, մեկ էլ արդեն Երևանում նայում ես կատվիդ նկարները ու հիմարի պես զռում՝ իրականում չես էլ հասկանում՝ կատվի պակասից, հորքուրի, թե քո գյուղի տան: Թե, գուցե, էլի էն մարդկանց հիշեցիր: Ասում ես՝ կարոտել չգիտես, բայց էլի մի բան գրելիս խեղդվում ես, էդ անդուր կոկորդում կանգնած կծիկ է լինում: Երևի լոռեցի եմ, շաշ եմ, դրանից է: Թե չէ ուրիշ մարզերում շաշեր չկան:

Վերջ, էլ ոչինչ չեմ պատմելու: Իհարկե, կարող էի պատմել, թե ինչպես Երևան գալու հենց առաջին օրը ամբողջությամբ կապտուկների մեջ հայտնվեցի, կամ թե ինչպես եմ տրամադրված շատերի կարծիքով ամենալավ բուհի երկրորդ կուրսեցի լինելուս, բայց չարժե, ազնիվ խոսք, հետաքրքիր չէ: Չեմ պատմի, թե չէ թեմաները մեկը մեկի հետևից գալիս են, իսկ դու ամեն ինչ պատմում ես, ու հետո տխրում առանց դրանց:

Ամբողջությամբ ոգեշնչված Ջ. Դ. Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վիպակից:

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. մաս 2

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Էսօր առաջին անգամ կարողացա խոսել Հայաստանում անցկացրած վերջին րոպեներիս մասին: Ասում են՝ եթե մարդը հոգեբանորեն անխուսափելի իրողության առաջ է կանգնում, հրաժարվում է այն որպես իրականություն ընկալել: Հենց էդպես էլ հրաժեշտ տվեցի ընտանիքիս: Ամեն ինչ անիրական էր թվում: Մտածում էի՝ նորից երազ է, հազար անգամ տեսել եմ էս էպիզոդը:

Բայց էդ անգամվա ավարտը նախորդների նման չէր, մի հատված կար, որ դեռ երբեք չէր եղել երազներիցս ոչ մեկում:

-Ըհը, մեր առաջին ծիտիկը թռավ բնից:

Մաման էր…

Վերջին անգամ շրջվեցի՝ հայացք, հպարտություն, սեր, կարոտ, դռներ… Վերջ:

Վահեի ասած՝ «ճըտ», ու հանկարծ հասկացա, որ ինչ-որ բան մոռացել եմ: Ուշ էր:

Ու էս անգամ արդեն ճտտոցից եկած գիտակցությունից խուսափելու համար մեխանիկորեն դրեցի ականջակալներս ու նախաթռիչքային տրամադրություն ապահովող «Վույ աման» երգի ձայնը բարձրացրի մինչև վերջ: Փակեցի աչքերս:

Վերջ, ծիտիկը թռավ, բայց՝ էն դռների հետևում ինչ-որ կարևոր, շատ կարևոր բան մոռացած:

Լուսավոր փրկարարը

Ուրեմն տանը գրչատուփս էի ման գալիս, մեկ էլ լույսերն անջատվեցին:

«Չէ, էլի, չէ…»,- մտածում եմ ես: Ինչ անհետաքրքիր ժամեր են սպասվում մեզ:

Այնինչ հետաքրքիրն առջևում էր:

Լույս չկա, ասացի՝ գնամ ընտանիքիս անդամների հետ ծանոթանամ:

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Հենց այդ պահին լսեցի մայրիկի ձայնը.

-Էդ ի՞նչ ԱԻՆ-ի մեքենա ա կանգնած մեր շենքում, հո բան չի՞ եղել:

-Հո հոսանքի գիծը չի՞,- ասաց հայրիկը:

-Հո գազի վթար չի՞,- ասաց մայրիկը:

Մեկ էլ մեր դուռը թակեցին փրկարարները:

-Բարև, ախպեր, կարա՞նք ձեր տանից իջնենք երրորդ հարկ. դուռը փակվել ա, երեխեք կան տանը,- ասաց փրկարարը:

-Հա, եթե պետք ա՝ ինչի չէ,- ասաց հայրիկս:

5-6 տղամարդ մտան ներս, ու մեկը մյուսից առաջ ընկնելով ասում էին, որ հենց իրենք են ցած իջնելու: Այդ ժամանակ ինձ այնքան ապահով ու պաշտպանված զգացի, որ նման հայրենակիցներ ունեմ:

Փրկարաներից Արմենը, իր կյանքը վտանգելով, չորրորդ հարկից իջնում էր երրորդ հարկ:

-Այ տղա, կարո՞ղ ա ցած գցեք,- կատակով հարցրեց Արմանը:

-Քիչ խոսա, մենք քեզ ցած գցողը չենք:

Պարանը ամուր բռնել էին ու զգում էին, որ Արմանը վերջին շաուրման պիտի չուտեր…

Չէ, լավ, կատակում եմ:

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Փրկարարներից մեկը հարցրեց ինձ.

-Ուղիղ եթեր ո՞նց են մտնում:

Ասացի, որ ինտերնետ չկա, տխրեց ու ասաց.

-Էհ, ոչ նկարեցինք, ոչ էլ ժողովուրդը տեսավ:

Չէ, դուք լրագրողի տանն եք, մտածելու ոչինչ չունեք:

Հենց Արմանը ոտքը դրեց հարևանի պատուհանի գոգին, լույսերը միացան:

Ու ես նրան կոչեցի «լուսավոր փրկարար»:

anna Baghdasaryan lori

Իմ պատմությունը

Տատս ունի 5 թոռ, ու 5-ի միջից ամենահետաքրքրասերը, թերևս, ես եմ: Դեռ մանկուց եմ հետաքրքրվել իմ հարազատներով ու միշտ սիրել եմ ազգակիցներիս:

Առհասարակ, ես բոլորին մեծ հաճույքով ու հպարտությամբ եմ պատմում իմ պապերի ու ապուպապերի մասին: Հորս պապը՝ Միհրանը, ապրել է Խոժգյալդի կոչվող գյուղում, որը հայտնի տվյալներով Սասունի շրջանում է գտնվում: Քույր ու եղբայր է ունեցել: Պատերազմի տարիներին իրենց աչքի առաջ մորթելով ծնողներին՝ փորձել են նաև իրենց սպանել, բայց Աստծո կամոք նրանց հաջողվել է փախչել: Նա փոքր էր այդ ժամանակ՝ 5 տարեկան, Բաղդասարը՝ 7 տարեկան, իսկ Զիլիֆը՝ նրանց մեծ քույրը, 18 տարեկան: Երբ նրանց փախցրել են, բոլոր երեխաները լրիվ տարբեր ուղղություններով են գնացել, հորս պապին բերել են Ստեփանավան՝ մանկատուն, Զիլիֆին տարել են Թալին. քանի որ նա արդեն չափահաս էր, ամուսնացել է: Նրանց միջնեկ եղբորը՝ Բաղդասարին, տարել են Ամերիկա:
Շատ տարիներ անց, երբ Միհրան պապս չափահաս է եղել, ինչ-որ տպագրության միջոցով գտել է քրոջը ու այդքան երկար ընդմիջումից հետո նորից կապվել նրա հետ: Եղբայրը, որը գտնվում էր Ամերիկայում, մինչ օրս անհայտ է: Իմ ամենամեծ երազանքներից մեկն է նրա ժառանգներին գտնելն ու պապերիս վաղեմի ցանկությունը կատարելը:
Միհրան պապս ունեցել է 3 որդի, որոնցից մեկը՝ Հրանտը, իմ պապն է: Հրանտ պապիկս 41 տարեկան հասակում մահացել է հիվանդությունից, ես նրան երբեք չեմ տեսել: Միհրան պապս նաև դերասան որդի է ունեցել՝ Մայիս անունով, որը նույնպես երիտասարդ տարիքում մահացել է:
Զիլիֆն ունեցել է շատ երեխաներ ու հիմա նրանք բնակվում են Արմավիրի մարզի Խանջյան գյուղում: Ամեն ամառ մեծ անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ գնալու իրենց տուն ու մասնակցելու ծիրանահավաքի հաճելի գործընթացին:
Հիմա այնքան հպարտ եմ, որ կապված եմ հարազատներիս հետ ու այնքա՜ն մեծ համոզմունք կա իմ մեջ, որ կգտնեմ Բաղդասար պապիս զավակներին: