tina maqoyan

Թինան ինչ գիտի

Պատմությունը երբեք չեմ սիրել, իսկ քննություններից հետո նույնիսկ սկսեցի թշնամաբար վերաբերվել այդ առարկային։

Հունիսի 21. պատմության քննությունից մեկ օր առաջ։

-Հըն, Թին, մի բան ստացվո՞ւմ ա։

-Եսիմ, Նել, բոլոր տոմսերն էլ սովորել եմ, բայց չեմ կարողանում հիշել, չի տպավորվում։ Ի՞նչ անեմ։

-Կարդա, ես հարցեր կտամ՝ կպատասխանես։

Հունիսի 22. պատմության քննություն:

Առավոտյան վաղ արթնացա, մի քանի տոմս կարդացի ու գնացի դպրոց։ Ժամը 9:00 արդեն դպրոցում էի, բայց ինչպես պարզվեց՝ մեր դասարանին քննելու էին ժամը 12-ին։ Դե, լավ էր, կհասցնեի կրկնել տոմսերս, բացի այդ էլ՝ կընտելանայի քննական տարածքին։

Նստել էի մի քարի ու կարդում էի, երբ գրա դարանավարուհիներից մեկը ձայն տվեց.

-Մոտդ գիրք կա՞:

Մոտեցա պատուհանին, հանձնեցի բոլոր գրքերը, որոնք մնացել էին մոտս՝ քննություններին պատրաստվելու համար։ Մնացին պատմության դասագրքերը։

-Դրանք էլ տուր։

-Կրկնում եմ, քննությունը վերջանա՝ կհանձնեմ։

-Ոչինչ, տուր, էլ չի կարելի կրկնել, երեկ պիտի կրկնած լինեիր,- քմծիծաղով պատասխանեց գրադարանավարուհին։

Ախր, ո՞նց բացատրեմ, որ առարկան չեմ սիրում՝ հերիք չի, մի բան էլ հիշողություն չունեմ, կարդացածս նույն պահին էլ մոռանում եմ։ Գիտեք, թե հե՞շտ է 100 հարց սովորելը՝ հնագույն շրջանից մինչև նորագույն շրջան, 6-րդ դասարանից մինչև 9-րդի գրեթե բոլոր թեմաները։

-Քննությունից հետո կհանձնեմ. էս գրքերն ինձ պետք չեն,- ժպտալով պատասխանեցի ու նորից գնացի կրկնելու։

Աստիճանաբար սկսեցին հավաքվել դասընկերներս: Մեկը՝ անհանգիստ, մյուսը՝ վստահ, որ բարձր է ստանալու, մեկը առանձնացած աղոթում էր, մյուսը՝ կրկնում, իսկ մի խումբ էլ կար՝ «այլ կերպ» էր խաղում: Դե, իհարկե, ես էլ էի այդ խմբում։ Արդեն ժամը 14-ին մոտ էր, գրեթե բոլորը հանձնել էին քննությունն ու տուն գնացել, մնացել էինք մի քանիսով։ Պատմության ուսուցչուհիներից մեկը դպրոցից դուրս եկավ.

-Էսքա՞նդ եք մնացել։ Թինա, Վալենտինա, հաջորդը դուք կմտնեք։

-Մենք վերջում մտնենք, էլի։

-Չէ, ի՞նչ տարբերություն։ Մի հոգի դուրս գա, դու կմտնես, Թինա։

-Լավ էլի, թող Ալիկենք մտնեն, ես վերջում կմտնեմ։

-Ալիկը չի՞ մտել դեռ։

-Չէ։

-Լավ, ոչինչ, դու ես հաջորդը, էլ չասեմ։

Ահա և եկավ իմ հերթը։

-Բարև ձեզ։

-Բարև, քաշիր տոմսը, ո՞ր համարն է, արի՝ էստեղ ստորագրի։

Վերցրի 22 համարի տոմսս, սևագրության թերթիկ ու նստեցի, որ պատրաստվեմ։

«22։ Ի՜նչ դժբախտ եմ ես։ Ես զգում էի, որ հենց սա եմ քաշելու։ Ինչի՞ հենց սա լավ չսովորեցի»։ Ու մինչ մտածում էի, թե ոնց եմ պատասխանելու տոմսս, երբ ոչինչ չեմ հիշում, եկավ պատասխանելու ժամանակը։

-Դե, Թինա, կարդա հարցը ու սկսիր պատմել։

-Ըմ… «Հայկական պետությունների դիցարանները», ըմ..,- ու սկսեցի պատմել այդ թեմայի շուրջ այն ամենը, ինչ մտքիս էր գալիս։

-Ապրես, հաջորդ հարցը։

-«Հայկական մշակույթը (XV դար-XVII դարի առաջին կես)», ըմ… Չգիտեմ, չեմ հիշում էս թեման։

-Լավ, իսկ ի՞նչ ես հիշում։ Ինչ գիտես՝ դա պատմիր։

Մինչ կհասցնեի ասել այն թեմայի վերնագիրը, որը ամենից լավ էի հիշում, ընդհատեց պատմության ուսուցչուհիներից մեկը, որը մեր դասարանում «Հայոց եկեղեցու պատմություն» էր դասավանդում.

-Թինան ի՞նչ գիտի, որ։ Թինան խելո՜ք, սուսիկ-փուսիկ երեխա է։

Հա, իրականում ես էդ տոմսը լավ չէի սովորել, հնարավոր է՝ ընդունակություններս, կամ էլ հիշողությունս, նաև հուզմունքս չթողեցին ինձ հանգիստ խոսել, բայց Թինան շատ բան գիտի: Ինչքան ես գիտեմ՝ ուսուցիչները պետք է էսպիսի պահերին աշակերտի կողքին կանգնեն և սիրալիր ժպիտով ասեն. «Դու կարող ես»: Ավելի ամոթալի է այն, որ մանկավարժը աշակերտի հոգեբանություն չգիտի:

Լսելով նման արտահայտություն մի ուսուցչուհուց, որի դասերին ես միշտ պատրաստ եմ եղել՝ սկզբում հուզվեցի, հետո որոշեցի, որ պիտի պատասխանեմ ու բարձր ստանամ։ Եվս մեկ հարց պատասխանեցի ու դուրս եկա քննասենյակից, իհարկե, ոչ լավ տրամադրությամբ։ Իսկ երբ քննությունն ավարտվեց, իմացա, որ 16 միավոր եմ ստացել։

marine nikoghosyan

Քեֆլին իմ երազանքն է

Հաճախ մտածում եմ և փորձում տարբերություն գտնել գյուղի և քաղաքի միջև։ Ի՞նչ յուրահատկություն ունի այսպես կոչված «քաղաքը», որ բոլորը ձգտում են տեղափոխվել այնտեղ։

Ես իմ կյանքում շատ գյուղերում և քաղաքներում եմ եղել, բայց երբեք տարբերություն չեմ գտել դրանց միջև, և ընդհակառակը, որտեղ էլ որ եղել եմ, միշտ ցանկացել եմ վերադառնալ իմ հարազատ գյուղը՝ իմ Քեֆլին։

Գյուղում թե՛ մեր համագյուղացիներից, և թե՛ մյուս գյուղերի բնակիչներից հաճախ եմ լսում արտահայտություններ, որոնք այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Գրեթե բոլորն ասում են, որ գյուղում կյանք չկա։ Կյանքը քաղաքում է, իսկ գյուղերում տանջվելով էլ բանի չենք հասնի։ Չգիտես՝ ինչու, բոլորին թվում է, թե քաղաքում ավելի հեշտ է ապրելը։

Այս արտահայտություններն ամեն անգամ լսելով՝ ես թևաթափ էի լինում և մտածում, որ կգա մի ժամանակ, երբ գյուղերում միայն լքված տներ և ամայի փողոցներ կլինեն։ Սակայն մտածելակերպս փոխվեց, երբ մի օր հայրիկիս ընկերներից մեկը ընթրիքի ժամանակ ասաց.

-Քեֆլին իմ երազանքն է։

Իմ կյանքում այս խոսքերը ես առաջին անգամ էի լսում. Քեֆլին իմ երազանքն է: Այս երեք բառերն ինձ ոգևորեցին և հույս տվեցին, որ ինչքան ժամանակ էլ անցնի, միևնույնն է՝ գյուղերում կլինեն ծխացող օջախներ, միգուցե մեկ-երկուսը, բայց՝ կլինեն։ Եվ ես վստահ եմ դրանում:

anahit gasparyan charencavan

Ի՞նչ բան է գեղեցիկը

Դպրոցում էինք: Ընթերցում էինք հայտնի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի ինքնակենսագրությունը: «Հայրը խստիվ արգելել է Դյուրերին ոչ միայն դիպչել, այլև մոտենալ թանկարժեք հայելուն: Երբ հայրն ու մայրը տանից գնացին, լռություն իջավ: Ալբրեխտը քաշեց պահարանի դռները, որոնք զարմանալիորեն փակ չէին: Հայացքը մեխեց հայելուն: Առաջին անգամ այդպես մոտիկ ու հստակ տեսավ իր դեմքը: Ծամածռեց դեմքը՝ ապակին պատասխանեց նույն կերպ: Այնպես էր տարվել, որ քիչ էր մնում վախից ճչար, երբ ուսի վրա զգաց մի ջղուտ ձեռք: Հայրն էր: Որդին գիտեր՝ արդարացում չունի: Մրմնջաց գլուխը եկած առաջին հարցը՝ ի՞նչ բան է գեղեցիկը: Հիմա էլ հայրը ապշեց: Ցած իջավ ձեռքը, որ բարձրացել էր արդար պատիժն ի կատար ածելու համար: Գեղեցի՞կը: Ճիշտ որ, իսկ ի՞նչ է դա»: Հետաքրքիր է, չէ՞: Պատկերացրի, թե ինչպես է հայրը պատրաստվում ապտակել, ու տղան արագ հարցնում է՝ ի՞նչ է գեղեցիկը՝ հուսալով խուսափել պատժից: Եվ ստացվում է: Լավ մեթոդ է, հարկ եղած դեպքում դուք էլ փորձեք:

Հետո սկսեցի մտածել, թե ի՞նչ է այդ գեղեցիկ ասածը: Ու այդ միտքը դարձավ մի պատիժ ինձ համար: Բոլորին այդ հարցն էի տալիս, ու ոչ մի կոնկրետ պատասխան չէի ստանում: Մեկի համար գեղեցիկը աչքը շոյողն է, մյուսի համար՝ բովանդակ ներքինը: Մեկի համար արևածագն է գեղեցիկ տեսարան, մյուսի համար՝ աստղաբույլը մութ երկնքում: Մեկի համար Ջոլին և Փիթն են գեղեցիկ, մյուսի համար՝ հոգուն հարազատ զույգ աչքերը: Մեկի համար պերճախոսն է գեղեցիկ ու ընդունելի, մյուսի համար՝ հակիրճը, բայց անկեղծը: Մեկի համար միսս «Տիեզերքն» է գեղեցիկ, մյուսի համար՝ այն պատկերը, որն առաջինն է տեսնում աչքերը փակելիս: Եվ իմ կարծիքով՝ ո՛չ մեկը, և ո՛չ մյուսը չեն սխալվում:

Երկար մտածեցի՝ ինչ է գեղեցիկը: Դեռ մի ամբողջ կյանք էլ կմտածեմ այս հարցի շուրջ, բայց եկել եմ մի փոքրիկ եզրահանգման: Գեղեցիկի սահմանները տիեզերքին են նման ՝ անծայրածիր, եզակի, գաղտնի ու չբացահայտված: Դա տեսնելն ու հասկանալը յուրահատուկ արվեստ է: Երկրի 7 միլիոն բնակչությունից յուրաքանչյուրը կրում է այդ վիթխարի փազլի մի մասնիկը իր ներսում: Եվ երբ այդ փազլը ստանա իր վերջնական տեսքը, մենք կունենանք գեղեցիկի ճիշտ սահմանումը:

ella mnacakanyan yerevan

Արծվաքար

Արծվաքարը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքի հարևանությամբ: Չնայած նրան, որ տեղացիները կատակով, իսկ երբեմն էլ լուրջ այն ոչ թե գյուղ են անվանում, այլ Գավառ քաղաքի թաղամաս, միևնույնն է, իմ աչքերում այն շարունակում է մնալ իսկական, հայկական մի գյուղ՝ իր քարքարոտ լեռնաշխարհով ու ավանդապաշտ բնակիչներով: Արծվաքարն իմ հայրենի գյուղը չէ. ես այստեղ չեմ ծնվել: Այստեղ չեն ծնվել նաև ծնողներս: Արծվաքարը պապիս գյուղն է: Չնայած՝ մեծ հաշվով վերցրած՝ պապս էլ իր կյանքի հիմնական մասն անց է կացրել Երևանում ու գուցե ավելի շատ երևանցի է, քան արծվաքարցի: Բայց չէ՛, Արծվաքարը նրան ծնել է ու սնել, ու նրա մանկության լավագույն հիշողություններն էլ, բնականաբար, կապված են հենց իր հարազատ բնօրրանի հետ: Այստեղ կանգուն է նրա հայրական տունը, և մենք տարին ամենաքիչը մեկ անգամ, կտրվելով մայրաքաղաքային թոհուբոհից, գալիս ենք Արծվաքար՝ վայելելու մեզ հոգեպես ու արյան կանչով հարազատ գյուղի ջերմությունը: Չէ՛, խոսքը գյուղի «շոգ» եղանակի մասին չէ, հատկապես՝ գիշերները, երբ թվում է՝ դրսում ջերմաստիճանը հատում է նույնիսկ 0-ի շեմը, այլ այն մարդկային ջերմության, որն ամեն անգամ գտնում եմ իսկական գյուղական անկեղծ շփման ու փոխհարաբերությունների մեջ: Եվ քանզի ժամանակ առ ժամանակ իմ ներսում արթնանում է մի ռոմանտիկ, զգացմունքային էակ, որն ամենապարզի մեջ անգամ ինչ-որ սիմվոլիզմ է տեսնում, թո՛ւյլ տվեք ներկայացնել մի փոքրիկ նկարագրություն իմ լեռնահայրենիքից, որը ծնվեց մտքումս, երբ նայում էի Արծվաքարի քարքարոտ լեռներին:

Մթնշաղ է: Տարվա այս եզակի երջանիկ ամիսներին կանաչով պատվող լեռների ու բլրակների գրկում ծվարած այս բնակավայրում, որ տեղացիները հպարտորեն իրենց հայրենիքն են համարում, օրվա ավարտն է նշմարվում: Իրենց առօրյա հոգսերից վերջապես ազատված (կամ գրեթե ազատված) գյուղացիները փակել են իրենց տան դռներն ու վայելում են երեկոյի խաղաղ հոգնությունը: Քարաշեն տների՝ հպարտորեն դեպի վեր ձգվող մի քանի տանիքների ծխնելույզներից ելնում է նորաթուխ հացի ծուխը, որն ասես վկայում է, որ հարատև է այստեղ ապրողի «հոգսառատ երջանկությունը»: Ցուրտ է, թեպետ դեռ մի քանի ժամ առաջ տապն այնպես էր խեղդում, որ թվում էր, թե ամենաշոգ ամառն այստեղ է լինում: Երկինքն աներևակայելի խաղաղ է: Ամպերի մանր կտորտանքներն ընկղմվել են հորիզոնի հեռվում, որ կարմրավուն երանգ է ստացել մեռնող արևի վերջին ճառագայթներից…
Մթնեց: Երդիկներից ելնող տաք ծուխը մարեց, պատուհաններից երևացող ճրագները հանգեցին: Վաղը՝ լեռների գրկից ծնվող արեգակի առաջին շողերի հետ, մի նոր առավոտ կբացվի այստեղ, ու գյուղը նորից կծնվի ու նորից կապրի իր հին «հոգսառատ երջանկությամբ»:

Ես ուզում եմ, որ Հայաստանի այս մի բուռ անկյունում, որն անչափ հոգեհարազատ է ինձ, ինչպես նաև մնացած բոլոր անկյուններում, որոնք հարազատ ու սիրելի են ուրիշներին, միշտ զգացվի նորաթուխ հացի բույրը ու թևածի «հոգսառատ» երջանկությունը: Ես ուզում եմ, որ Հայաստանը՝ քարտեզի վրա երևացող իր բոլոր կետերով, շարունակ ապրի ու շնչի այն ջերմությամբ, որով իրենց կյանքն են կերտում արծվաքարցիները:

mariam barseghyan1

Սիրային գործեր. Մաս 3

-1975թ-ին նա Թեհրանից եկավ Հայաստան իր քրոջ տուն: Նա բարձրահասակ էր, գեղեցիկ և հետո էլ հարուստ էր, բոլոր աղջիկները նրա շուրջն էին պտտվում, իսկ ես դեռ 15 տարեկան էի: Նույն շենքում էինք ապրում, ու իրենց բալկոնից ինձ շատ էր տեսնում: Ամեն անգամ իրենց մուտքի մոտով անցնելուց ինձ էր նայում: Ու մի օր իր քրոջը հարցրել է, թե ես ով եմ, դե նա էլ պատասխանել է. «Ի~, րեխայա, գործ չունես, դեռ դըպրոց ա գնըմ»: 2 տարի ուղղակի հետևում էր ինձ, մի քանի անգամ փորձել է մոտենալ, բայց ես արհամարհում էի, բարև էլ չէի տալիս: Մի անգամ նույնիսկ ինչ-որ մի պատրվակով եկավ մեր տուն, թե եղբորս հետ գործ ունի:

-Իսկ ե՞րբ է առաջին անգամ ձեզ սեր խոստովանել:

-Ճիշտն ասած, դա մի այսպիսի շատ տարօրինակ պայմաններում է եղել: Չեմ հիշում ինչպես ստացվեց, բայց մի օր նրանց հետ գնացի Ժորժիկի ծնողների գերեզմանը: Եվ հենց գերեզմանոցում էլ սիրո խոստովանություն արեց: Դրանից հետո, ոնց որ դուք եք ասում, չորս ամիս ընկերություն ենք արել և նշանվել: Ես չգիտեի նրա իսկական տարիքը, նա ավելի երիտասարդ էր երևում, քան կար իրականում: Եվ երբ տարիքը հարցնում էին, իր իսկական տարիքը չէր ասում: Այն փաստի մասին, որ նա ինձանից 15 տարի մեծ էր, ես իմացա միայն ամուսնությունից հետո: Ու դա էլ էական նշանակություն չուներ: Ծնողներս դեմ էին մեր ամուսնությանը, նրա քույրը նույնպես, բայց հետո բոլորը հաշտվեցին դրա հետ:

Երբ նրանք արդեն ամուսնացած էին, Ժորժիկը Իսկուհուն ոսկե շղթա է նվիրել, ժասմինի տերևով: Այսօր նրանց աղջկա` Ժասմինայի տղան, պաշտպանում է Հայաստանի սահմանները:

qnarik mxitaryan (aragacotn)

Գեղաձորի լույսն ու մութը

Իմ գյուղում հիմնականում մշեցիներ են բնակվում: Գյուղս շատ գեղեցիկ է, սակայն հոգսերը, ծանր աշխատանքները թույլ չեն տալիս վայելել այդ գեղեցկությունը:
Գյուղի կողքին գտնվում է ռուսական ռազմաբազան: Անընդհատ կրակում են՝ լինի գիշեր, թե ցերեկ: Սկզբում զայրանում էինք՝ ասելով, թե չենք կարողանում հանգստանալ, բայց հետո մտածեցինք, թե ինչպես են սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրում. մենք գոնե գիտենք, որ այդ կրակոցները մեզ չեն ուղղված:
Ինձ չէին բավարարում գյուղացիների պատմածները, և ես որոշեցի մեր թաղամասից ջուր տանող զինվորներին խնդրել, որ մի հայերեն իմացող զինվոր պատասխանի իմ հարցերին: Բախտս բերեց՝ նրանց մեջ կար հայերեն իմացող սպա: Մոտենալով նրան՝ ես հարցրի նրա անունը:
-Իվան,- պատասխանեց նա:
-Ուրախ եմ, ես Քնարիկն եմ: Ես ուզում եմ խոսել ձեր ռազմաբազայի մասին, մի քանի հարց ունեմ, կարելի՞ է: Ինչո՞ւ է հենց այս տարածաշրջանում ձեր ռազմաբազան:
-Տարածքի մի մասը պատկանում է ՌԴ-ին, և հարմար է զինավարժությունների համար:
-Բայց չէ՞ որ այդ կրակոցներն ուղղված են դեպի լեռը:
-Ամեն ինչ հաշվարկված է, և լեռանը վնաս չի հասցվում:
-Իսկ ջուրը, որը մենք խմում ենք, աղտոտված չէ՞ այդ զենքերի թունավոր նյութերով:
-Այո՛, դրանք ազդում են ջրի վրա, սակայն նախատեսված չէ, որ այստեղ մարդիկ պետք է բնակվեն: Կոնկրետ ձեր գյուղում պետք է լինի օդանավակայան, և հարցը քննարկման մեջ է:
-Իսկ բնակչությո՞ւնը, չէ՞ որ այստեղ են նրանց տունը, ապրելու միջոցները:
-Կհատկացվեն տարածքներ, բայց չգիտեմ՝ դա երբ և ինչ պայմաններում կլինի:
Ես նրան շնորհակալություն հայտնեցի հարցերիս պատասխանելու համար ու գնացի տուն:
Այս մարդու հետ զրույցից հետո շատ էի ուրախացել: Երեխաներով պատկերացնում էինք, որ մեր գյուղի մարդկանց մի մեծ շենք կտրամադրեն, և մենք շատ գեղեցիկ կյանքով կապրենք՝ հեռու ծանր աշխատանքից: Չէինք գիտակցում, որ ոչինչ հեշտ չի տրվում: Չէ՞ որ մեր ապրուստի միջոցը այս գյուղում է. մեր տունը, մեր բակը, մեր ամեն-ամեն ինչն այստեղ է: Եվ հիմա մտածելուց անգամ փշաքաղվում եմ, ես չեմ պատկերացնում, որ իմ այս հարազատ օրրանը, պապական տունը կարող է ամայանալ և դառնալ ընդամենը զենքերի պահոց: Դա սարսափելի կլինի բոլորի համար, ինչքան էլ ասեն, որ գյուղում դժվար է, իսկ այդ դժվարությամբ ստեղծածը կորցնելը դժվար չէ՞:
Գյուղում հիմա շատ են լսվում կրակոցներ, սակայն ուրախ ենք, որ դեռ այդ չարաբաստիկ որոշումը չի կատարվել և, հուսանք, չի էլ կատարվի: Հարազատ տունը կորցրած մարդիկ ևս մեկ անգամ այդ ամենը չեն վերապրելու:

arman arshak

Ինձ բացակա չդնեք

Բարև՛, սիրելի՛ ընթերցող, արդեն շատ վաղուց է, ինչ չէի գրել: Երկար ժամանակ է, ինչ թուղթ ու գրիչս չէի վերցրել ու առանձնացել մերօրյա իրականությունից: Դե, բնականաբար, բացակայությունս իր հարգելի պատճառներն ուներ:

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ թղթակցում եմ 17.am-ին: Այս մեկ տարվա ընթացքում հաճախ փորձել եմ գրել այն մասին, թե ինչ տվեց 17.am-ը ինձ, սակայն միշտ անհնար է եղել բառերի միջոցով այդ ամենը հանձնել թղթին:

Անհնար է բառերով գրել ընկերների այն մեծ բանակի մասին, որոնք թանկ են դարձել ինձ համար և կազմում են առօրյայիս մի մասը: Երբեք չեմ մոռանա այն զգացողությունը, երբ «Ընկերներ, ովքեր փոխեցին դիրքորոշումս, կամ առաջ ու հետո» հոդվածս տեսա թարգմանված անգլերեն՝ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի պաշտոնական կայքէջում:

Միշտ կհիշեմ «Կինոյի շենք» հոդվածիցս հետո կատարվող արձագանքների իրադարձությունն ու փողոցում հաճախ մարդկանց գնահատականները՝ ինձ ճանաչելիս: Միշտ կհիշեմ, թե ինչ հպարտ էի ինձ զգում, երբ զանգ ստացա հոդվածիս հերոս Լադոյի թոռնիկից, որն ասաց, որ Լադոյի համար կարդացել է իմ հոդվածը: Այս ամենն այնքան անբացատրելի է, սա մի չնչին մասն է այն զգացողությունների, որոնք ապրել եմ 17.am-ի հսկայական թիմի շնորհիվ:

Այսուհետ բացակայությունս այսքան երկար չի տևի: Ձեզ հետ էր Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի հարյուրավոր երջանիկներից մեկը:

anahit badalyan (kapan)

Անարդա՜ր է

Այն, որ գրքերը սառը և ապահով բարեկամներ են, Հյուգոն այնքա՜ն ճիշտ է ասել: Բայց գրքերը որքան սառն են, այնքան էլ տաք են ու ջերմ: Ես չափազանց սենտիմենտալ մարդ եմ և սովորաբար սրտիս մոտ եմ ընդունում ամեն փոքր բան, ուստի ուրախ ու տխուր պահեր շատ եմ ունենում, ու հոգիս հաճախ է տակնուվրա լինում այս կամ այն փոքր բաներից: Կախված տրամադրությունից՝ կան մարդիկ, որոնց հետ ինչ-որ պահի չեմ ցանկանում շփվել, կան շարժումներ, որոնք բնորոշ են իմ՝ միայն լավ կամ վատ տրամադրությանը, և կան զբաղմունքներ, որոնք սկսում եմ արժևորել միայն հանգիստ կամ նյարդային պահերին: Այսպիսի բազմազանության մեջ միայն մի բան կա, որն ինձ համար ամեն րոպե նախընտրելի է. գիրքը: Թույլ տվեք Գրքի մասին խոսել իբրև անհատականության, և նրա անունը գրել միայն մեծատառով: Գիտե՞ք՝ ինչու: Որովհետև Գիրքը վեր է բոլոր այն հատուկ անուն կրող մարդկանցից, որոնք դժվար պահերին սատար չեն կանգնում, դիմացինին չեն հարգում, մարդու դրության մեջ չեն մտնում ու երբեք չեն կարեկցում: Գիրքն ի զորու է կատարել այս ամենն ու երբեք շահ չհետապնդել: Նա պատրաստ է հայտնվել իմ գրկում, երբ ես լաց եմ լինում, իր նուրբ ու բարակ թերթերի վրա կրել իմ՝ երբեմն հորդ անձրևի կաթիլի ծանրության արցունքները ու էլի մնալ ընթեռնելի: Նա պատրաստ է գիշերել իմ անկողնում՝ բարձիս տակ, սեղանիս վրա, երբեմն՝ փոշոտ գրադարակում, երբեմն էլ՝ նույնիսկ հատակին, բայց երբեք չդժգոհել՝ փափուկ անկողին չունենալու պատճառով: Գիրքը պատրաստ է այնպիսի խորհուրդներ տալ, որոնք կարող են ինձ ուղեկցել ողջ կյանքի ընթացքում: Նա կարող է առաջին հայացքից անշուք թվալ, չգրավել, բայց էջերը թերթելիս սփռել իր տարիների իմաստության հոտը, որն ինձ համար վեր է ամեն տեսակ շքեղությունից: Գիրքը պատրաստ է օգնել ինձ, երբ ես ցանկանում եմ որևէ բան իմանալ: Այն պատրաստ է ծառայել ինձ որպես գիտելիքի աղբյուր, կամ պարզապես՝ անձրևից պաշտպանվելու հարմարանք: Այն ինձ սպասում է գրադարանում, գրախանութում, իմ գրադարակում: Հաճախ ես ուղղակի անտարբերության եմ մատնում Գրքին՝ այն չընթերցելով և անգամ փոշին չսրբելով, բայց նա երբեք չի դադարում լայն ժպիտով ժպտալ ինձ՝ ամեն անգամ նույն տեղից, նույն դիրքով:

Ահա այսքան լավն է իմ հին ու նոր ընկերը: Իսկ դուք, մարդի՛կ, ափսոսում եք այն դարակը, որ գրքերով պիտի լցնեք: Անարդա՜ր է:

lilit grigoryan

Անձնական դիջեյներ չե՞ք ուզի

Մտածում էի ու ուզում էի գտնել մի հաճելի բան, թե ինչով է մեր կյանքը տարբերվում հեռուստատեսությամբ ցուցադրվող հայկական սերիալներից: Դրանցից շատերը նկարահանված են իրական դեպքերի հիման վրա: Սերիալներում էլ կան դրվագներ, որտեղ մարդիկ առավոտյան վեր են կենում, փողոցով ուղղակի քայլում են, գնում են դպրոց, աշխատանքի, առևտուր են անում: Դե, մեր առօրյայի մի մասն են սրանք կազմում: Չեմ ուզում հայկական սերիալների մասին երկար խոսել, որովհետև չեմ հետևում դրանց ու երևի քննադատությամբ մոտենամ այդ հարցին:

Ձեզ դուր չե՞ն գալիս մեր հայկական սերիալները: Ինձ էլ: Ավելի ճիշտ՝ նույնատիպ սցենարներն ու դերասանական կազմը: Գիտեմ, շատ եմ լսել, որ մեկ սցենարում նույն դրվագը կարող է չորս, հինգ անգամ կրկնվել ու ձանձրացնել հեռուստադիտողին: Ասում են, որ հայկական բոլոր սերիալներում էլ գլխավոր դերում միշտ ինչ-որ սիրահար զույգ է, որի շուրջը ծավալվում են մյուս իրադարձությունները, այդ թվում՝ մշտապես մեկ-երկու ավտովթար, բարեկամների հետ տարբեր խնդիրներ, վեճեր, բաժանում ու միացում, նոր անծանոթ անձի առկայություն, որը փոխում է սցենարի ընթացքը: Նոր բան չասացի, գիտեմ: Ուզում էի չխոսել այս մասին, բայց չստացվեց:
Լավ, ինչ էի ուզում գտնել: Հա, հաճելի ու դրական բանը հայկական սերիալներում, որ չկա մեր կյանքում՝ երաժշտությունը: Ամեն դեպքի, քայլի հետ՝ երաժշտություն: Քայլում ես, ոտքդ ոլորվում է, ու հնչում է տխուր կամ տագնապալից երաժշտություն: Զվարճանում ես, վայելում օրդ՝ թեթև երաժշտություն: Հուզված ես՝ հուզիչ ու սիրտ շոյող երաժշտություն: Գեղեցիկ է: Անգամ քնած ես կամ նոր ես արթնանում, ու այդ ժամանակ՝ էլի տրամադրությանը համապատասխան երաժշտություն: Չեմ նայում սերիալներ, բայց անգամ, երբ հարևանի տանն եմ, երաժշտությունն ինձ ձգում է դեպի հեռուստացույցի էկրանն ու այնպես անում, որ այդ օրվա սերիան մինչև վերջ նայեմ ու սպասեմ հաջորդին:
Նույնը իրական կյանքում կուզեի: Դե, ես կարողանում եմ կարգավորել դա՝ քթիս տակ ինչ-որ երգեր երգելով, երբ գնում եմ խանութ, երբ տխուր եմ ու լուրջ պատճառ կա դրա համար, երբ ուրախությունից կարելի է անգամ ճչալ: Շշուկով երգում եմ, բայց ավելին եմ ուզում: Ուզում եմ, որ այդ ձայներն ավելի բարձր լինեն, ինչպես, օրինակ՝ մեր ավտոմեքենան սլանում է` ներսում ես, քամին ու Սելին Դիոնը: Ուզում եմ, որ մենք երկնքում ունենանք մեր անձնական դիջեյները:
Այս մի բանով սերիալներն ինձ ավելի հաճելի են: Ամեն բան քննադատելուց առաջ դրա մեջ լավը տեսնելը մեզ չի խանգարում, ավելին՝ դրական էներգիա է փոխանցում:

մարինե իսրայելյան

Ուսանողական վախեր

Արդեն բավական ժամանակ է անցել, և ես դժվարանում եմ հիշել, թե ինչ պատկերացումներ ու սպասելիքներ ունեի առաջին դասարան ոտք դնեուց առաջ, և արդյո՞ք արդարացան դրանք, թե ոչ, բայց ամենայն հավանականությամբ ես միայն համակերպվեցի:

Երկար ժամանակ չի անցել, բայց ես կրկին չեմ հիշում, թե ինչ սպասելիքներ ունեի համալսարանից, բայց հիմա ինչ-որ զգացում ունեմ, որ ամեն ինչ հենց այսպես էլ պետք է լիներ: Չհիշելով իմ երազանքները, չգիտես ինչու, հիշում եմ ընկերներիս, ծանոթներիս երազանքները, օրինակ` նրանցից ոմանք պատկերացնում էին, որ լսարանները լինելու են կիսաշրջանաձև` ներքևում ամբիոնը, գրատախտակը և դասախոսը, իսկ նրա շուրջը դեպի վեր կազմահարկերով ձգվելու են սեղաններն ու նստարանները, ճիշտ ինչպես ֆիլմերում: Երևի այդ մարդիկ մի քիչ կոտրվեցին, քանի որ մեր լսարանները դպրոցական դասարաններին շատ նման են, ուղղակի մի քիչ ավելի մեծ: Ինչ-որ մեկը պատկերացնում էր լուսավոր, հարմարավետ ու ամենակարևորը, լայն կերակրացանկով բուֆետ, բայց դե դա ևս չարդարացավ: Ինչևէ, մենք ինչ ասես չենք պատկերացնում, բացի այն հիմնականից, ինչը հենց համալսարանի իրական գործառույթն է, այսինքն, որակյալ և կայուն գիտելիքի մատուցումը:

Այս ամենը գրելու առիթը եղավ այն, որ սեպտեմբերի մեկը տարբեր կերպ անդրադարձավ նոր ուսանողների վրա: Եղան մարդիկ, որ մի քիչ հիասթափվեցին, մի քիչ ընկճվեցին: Հետո նրանք իհարկե ժպիտով են հիշելու այնօրվա հուզմունքը, բայց կարծում եմ, որ դա բնական է, և հատուկ է բոլորին, որովհետև մենք գուցե երևակայում էինք, որ մեր ինքնաթիռը պիտի վայրէջք կատարի Պետերբուրգում, բայց պարզվում է, որ այն իջել է Մոսկվայում: Մոսկվան էլ վատ քաղաք չէ, թեև ժամանակին ընդամենը մեծ գյուղ է եղել, պարզապես մենք նրա մասին չէինք երազել:

Խնդրի լուծման համար պիտի լայնացնենք մեր երազանքների շրջանակները և ուրախ ապրենք, չէ որ ուսանողական կյանքի յուրաքանչյուր խոչընդոտ (որոնք երբեմն այնքան շատ են) բացասական վերաբերմունքի դեպքում մեզնից կխլի մեր կյանքի հիասքանչ օրերից մեկը, իսկ պայծառ հայացքի դեպքում` այն հեշտությամբ կհաղթահարվի և քաղցր հուշ կդառնա մեր կյանքի հաստափոր գրքում: