Astghik Hunanyan vayots dzor

Երազողի օրագրից

Երազանքներ չունեցող մարդը չի ապրում…
Այդպես էի մտածում ես՝ 8 տարի առաջ լրացնելով օրագրիս առաջին էջը: Դե չէ, հիմա էլ եմ այդպես մտածում, հետո էլ այդպես կմտածեմ: 5506 արևածագի եմ ականատես եղել, նույնքան էլ՝ արևամուտի: Էլի անթիվ ու անհամարները գլխովս կանցնեն: Գիտե՞ք, գտել եմ կյանքի, ապրելու իմաստը, բայց մինչ դրա մասին խոսելը՝ մի քանի բան եմ ուզում ասել:

Աշխարհում ապրող 7 միլիարդ մարդկանցից յուրաքանչյուրը յուրօրինակ է ընկալում «երազանք» բառը: Շատերն ասում են, որ երազանքներ ունեցող մարդիկ ուղղակի իրենց ֆանտազիայով կերտած անիրականալի երևույթներով ապրող հիմարներ են, ու միայն պետք է ապրել իրականության մեջ, բավարարվել ունեցածով, բավարարվել քչով: Մյուս մասն ասում է, որ եթե շատ ցանկանաս ու հավատաս, դրանք հաստա՜տ կիրականանան: Շատերն էլ ուղղակի սպասում են, որ Նոր տարվա գիշերը՝ ուղիղ ժամը տասներկուսին, կամ ծննդյան տորթի մոմերը փչելիս, 5 թերթիկանոց յասամանի ծաղիկը կուլ տալիս, ընկնող աստղին նայելիս պահած երազանքները կատարվեն: Ես էլ էի ամեն տարի ծննդյանս տորթի մոմերը փչելուն զուգահեռ երազանք պահում, կամ էլ երբ բարեկամներիս երեխաներն էին դրանք փչում, լաց էի լինում՝ նրանց մեղադրելով, որ էլ չեն կատարվի երազանքներս. գիտեմ՝ դու էլ: Ես էլ էի երազանք պահում՝ յասամանի 5 թերթիկանոց դա՜ռը ծաղիկը մի կերպ կուլ տալով, ես էլ էի գիշերը փռվում խոտերի վրա ու նայում գլխիս թափված գիշերային, աստղազարդ երկնքին. ընկնող աստղ էի փնտրում, ես էլ եմ սխալվել, այդպես ճիշտ չէ:

Մարդիկ արդեն միլիոնավոր տարիներ է՝ արարում են, ստեղծում նորն ու նորը, հասնում են իրենց երազանքներին՝ փոխում են աշխարհը, փոխո՜ւմ: Դեռ շատ տարիներ առաջ թռչելը միայն երազանք էր, բայց մարդիկ հո չէի՞ն երազում ու վերջ: Նրանք պայքարեցին, աշխատեցին, հասան իրենց երազանքին ու թռան. թռան երկինք, թռան տիեզերք: Մարդիկ միայն երազել կարող էին ինչ-որ արկղի մասին, որի մեջ շարժվող մարդիկ կլինեին, երազել միայն կարող էին իրարից հեռու գտնվելով շփվելու մասին՝ ստեղծեցին հեռուստացույցը, հեռախոսը, ապա՝ համակարգիչը: Եթե շարունակեմ թվել, մի ամբողջ կյանք կտևի այդքանը կարդալը, մեզ համար սովորական է, բայց այն ժամանակ դա ինչ-որ մեկի անիրականալի երազանքն էր, ինչ-որ մեկի նպատակը, ինչ-որ մեկի աշխատելու արդյունքը: Նրանք հո չե՞ն նստել ինչ-որ տեղ, անորոշ նայել այս ու այն կողմ ու սպասել, թե երբ իրենց երազանքները կկատարվեն, չէ, աշխատել են, սովորել: Ամեն վայրկյան, ամեն պահ ինչ-որ մեկը նույնպես հասնում է իր երազանքին, ինչ-որ մեկը ահա փոխում է աշխարհը, հա, հենց այս պահին: Դու ամեն օր քեզ անհրաժեշտ ինչ-որ բան ես փնտրում գուգլում, դա Լարի Փեյջի աշխատանքի արդյունքն է, նրա ձեռնարկած քայլերի ու երազանքը նպատակի վերածելու ցանկության: Ջիմ Քերրին՝ հայտնի ու սիրված գրեթե բոլորի կողմից, ապրել է իր բարեկամներից մեկի այգու վագոնում ու խոսք գնալ անգամ չէր կարող կայացած ու հայտնի մարդ դառնալու մասին: Նա հասավ իր երազանքին: Չնայած կյանքն անդադար հալածում էր այդ որբ, իսկ հետո՝ անտուն կնոջը՝ նա ստեղծեց մի այնպիսի աշխարհ, որը միլիարդավոր մարդկանց կյանքի մի փոքրիկ կամ լա՜վ էլ մեծ մասն է կազմում, նրա գրքերը գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները աշխարհի տարբեր երկրներում, այսօր նա բրիտանացի միակ կին-միլիարդատերն է: Հասկացար, չէ՞, որ խոսքը Ջոան Ռոուլինգի մասին է: Նա էլ իր երազանքին հասավ: Յուրի Գագարինը մեկ լրիվ պտույտ կատարեց երկրագնդի շուրջը, Նիլ Արմսթրոնգը ոտք դրեց Լուսի վրա: Նրանք էլ հասան իրենց երազանքներին: Գիտեի՞ր, Ալբերտ Այնշտայնը ընդունելության քննությունից կտրվել է, նա էլ հասավ իր երազանքին, նրա շնորհիվ է, որ ես, դու այդքան բողոքելով «հարաբերականության տեսությունն» ենք ուսումնասիրում, նա էլ հո չի՞ «նստել թախտին, սպասել բախտին»: Նա էլ է պայքարել ու աշխարհին ապացուցել, որ կարող է: Բախին եղբայրն արգելել էր երաժշտության «կողմը նայել», նրա՝ լուսնի լույսի տակ ամիսներով գրած երաժշտության նոտաները եղբայրը պատռել էր: Նա չկոտրվեց, ու հիմա Բախի երաժշտությունը մարդու կողմից ստեղծված արվեստի գլուխգործոցներից է: Գյուղացի աղջիկ Ժաննա դ’Արկը մարտական ոգով հետ է գրավում Օռլեանը, վերադարձնում Ֆրանսիայի անկախությունը այն ժամանակ, երբ թագավորն անգամ ինքն իրեն չէր հավատում: էլի թվե՞մ… Սթիվեն Հոքինգին գիտե՞ս, նա հաշմանդամ, անբուժելի հիվանդ լինելով, մեծ հալածանքների է ենթարկվում, սակայն հասնում է իր երազանքին, մեծ դժվարությամբ ընդունվում է Օքսֆորդի համալսարանը, ավարտելով այն՝ սկսում է ուսումնասիրել տեսական ֆիզիկան, հետո դառնում է Քեմբրիջի համալսարանի տիեզերաբանության կենտրոնի հիմանդիրն ու ղեկավարը, ժամանակի ամենաազդեցիկ գիտնականներից տեսական ֆիզիկայի բնագավառում, հայտնի տիեզերաբան: Նա էլ մյուսների նման հասավ իր երազանքին:

Ուրեմն ինչո՞ւ չենք կարող մեր երազանքներին հասնել ես, դու, ինչո՞ւ նստենք ու սպասենք, որ բախտը կժպտա մեզ, երբ պետք է պայքարել: Նրանք բոլորը կարողացել են, մենք էլ կարող ենք: Անընդհատ անհաջողությա՞ն ես մատնվում, հիշիր «ԳոՊրո» տեսախցիկի հիմնադիր Նիք Վուդմանին, նա մի քանի անգամ ձախողվել է, մինչև վերջապես ստեղծել է ժամանակի լավագույն «էքշն» տեսախցիկը: Անհաջողությա՞ն ես մատնվում, ուրեմն մի բան ես մոռացել: Հասիր երազանքներիդ մի լավ ոգևորիչ երաժշտության ներքո (ես ինչ-որ բանի մարտականորեն պատրաստվում եմ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի սաունդթրեքը լսելով. ոգևորում է):

Հիմա ասե՞մ, թե որն է կյանքի իմաստը. կարևորն այն է, որ արևածագի ու մայրամուտի միջև ընկած լայն շրջանում ի կատար ածես բոլոր երազանքներդ, հասնես բոլոր նպատակներիդ՝ հաստատուն քայլերով, քո տեղն ու դերն ունենաս այս կյանքում, ապացուցես բոլորին, որ դու էլ կարող ես: Ու կարևոր է նաև քայլեր ձեռնարկել հենց այս պահին, հենց հիմա, առանց երկար-բարակ մտածելու, առանց ժամացույցին, պատերին նայելու, ինչ-որ հաղորդում գտնելու ու ժամանակ «սպանելու» ակնկալիքով հեռուստացույցի ալիքները թերթելու:

Հունիսի 17-ի ու Սուրբ Գրիգոր Լուսավորչի վանքի մասին

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Հունիսի 17-ին Գրիգոր Լուսավորիչը դուրս է եկել Խոր Վիրապից, որտեղ անցկացրել էր 13 տարի: Այս կապակցությամբ այդ օրը մոտ 30 ուխտավոր Երևանից եկել էր Սբ. Գրիգորի վանքը, որը կառուցվել է Գրիգոր Ա Մամիկոնյանի կողմից: Վանքը գտնվում է Սբ. Գրիգորի ձորում, իսկ այնտեղ գնացող ճանապարհին կտեսնեք նաև «Գիքորի ախպիրը», այնպես որ՝ համեցեք:

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Երբ նախորդ անգամ գնացել էի վանք, ի դեպ՝ դա անցած տարվա հուլիսի 14-ն էր, տեսա, որ վանքը վերակառուցվում է: Հովանավորը Մշակույթի նախարարությունն է: Շինարարական աշխատանքները կընթանան մի քանի փուլով, որոնք կիրականացվեն առաջիկա հինգ տարիների ընթացքում: Նաև պարզեցի, որ վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 7 ամենավտանգված շինությունների շարքում, սակայն դա դեռ չի հաստատվել պաշտոնապես: Հաստատվելուց հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն նույնպես հովանավոր կլինի:

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Աշխատանքները սկսվել են 2016 թվականի մայիսին: Արդեն նկատելի է՝ բավականին աշխատանք է կատարված:

naira mkhitaryan

Անուշը մոռացել էր երազանքը

-Վայ, յասաման: Էս ինչ սիրուն ա: Կարա՞մ քաղեմ, որ տանեմ տուն, դնեմ ջրի մեջ:

-Հա, Անուշս, քաղի:

Զրուցակիցս յոթնամյա Անուշն էր, որը կորցրել էր մորը:

-Շատ սիրուն ա: Կարա՞մ մի հատ էլ քաղեմ:

-Ըհըն: Ա՛ն, գիտես, չէ՞, եթե հինգ թերթիկանոց յասամանի ծաղիկ ուտես ու երազանք պահես, կկատարվի:

-Ուտե՞մ:

-Դե, հա: Արի՛ փորձենք:

Հինգ թերթիկանոց ծաղիկ չգտանք, բայց ես անպայման ուզում էի լսել Անուշի երազաքը, չնայած՝ պատկերացնում էի՝ ում մասին այն կլիներ:

-Ան, ոչինչ, որ չորս թերթիկանոց էլ ուտես, էլի կկատարվի երազանքդ:

-Ուտե՞մ:

-Հա, Ան, ուտես,- ծիծաղելով ասացի ես:

-Լավ:

Քաղեց չորս թերթիկանոցն ու կերավ:

-Հըն, ի՞նչ երազանք պահեցիր:

-Յասաման,- ասաց նա՝ անտեղյակ հայացքով ինձ նայելով:

-Հա, յասաման կերար, բա ի՞նչ երազանք պահեցիր:

-Երազա՞նք, չգիտեմ, մոռացա:

-Ան, գիտե՞ս երազանքն ինչ ա:

-Չէ:

-Մեր, դու գիտե՞ս,- հարցրի Անուշի մորեղբոր աղջկան՝ ութնամյա Մերիին:

-Հա: Անուշ, երազանքը էն ա, որ մի բան շատ ես ուզում, ամեն ինչ անում ես, որ կատարվի, ու մարդու չես ասում քո երազանքը: Հասկացա՞ր:

-Եկեք գնանք խաղանք, ես չեմ հիշում իմ երազանքը:

Գնացինք. Անուշը մոռացել էր իր երազանքը, բայց ես գիտեի՝ ուզում էր, որ մայրը հետ գա: Երևի հենց այդ պատճառով, որ երազանքը չէր կատարվելու, հինգ թերթիկանոց ծաղիկ չգտանք:

Երազանքը մոռացած Անուշը ամուր գրկել էր ինձ, իսկ Մերին պահում էր արդեն հինգերորդ երազանքը.

-Էս մեկը, որ լիքը գովասանագիր ունենամ, էս էլ՝ որ դառնամ պարի դասատու…

anna sargsyan

Լացուկոծի նախերգանք

Ես հաճախել եմ դպրոց յոթ տարեկանից: Այդ ժամանակ ես սովորել էի առաջին դասարանցուն անհրաժեշտ ամեն ինչ ու դեռ մի բան էլ ավելի: Դպրոցը ես սկզբից էլ սիրել եմ, բայց, դե բոլորիս կյանքում էլ գալիս է մի ճգնաժամային ժամանակաշրջան, երբ ուզում ենք շուտ ավարտել դպրոցն ու մեծանալ: Ես էլ ապրեցի այդ ժամանակաշրջանը մի քանի տարի առաջ: Հիմա, երբ մտածում եմ, որ ավարտելու եմ, ու հետևում են մնալու դպրոցական օրերս, արտասվում եմ: Սովորելու եմ մի համալսարանում, որտեղ իմ ուսուցիչները, իմ դասընկերները չեն լինելու: Ընկերներ կունենամ իհարկե, բայց դե դասընկերներս ուրիշ են, էլի:
Դպրոցում ես ինձ շատ ազատ եմ զգում, սիրում եմ շփվել անգամ ինձնից փոքրերի հետ, դա նրանց շատ է ոգևորում: Մի որոշ ժամանակ առաջ մենք դասարանով մի մրցույթում հաջողության հասանք՝ հենց երեխաների շնորհիվ, նրանք էին մեզ ոգևորում: Իհարկե, հաջողությունը մեր թիմի շնորհիվ էլ էր:
Մենք մի քիչ ուրիշ դասարան ենք, երևի մեր նմանները էլի կան, բայց ես չեմ ուզում դրան հավատալ: Գիտե՞ք քանի դասղեկ ենք ունեցել. երեք՝ դասվարին չհաշված: Ոչ թե այն պատճառով, որ մենք վատ դասարան էինք, այլ ուղղակի մեր գյուղից կամ գնում էին, կամ էլ ամուսնանում:
Մենք շատ ենք վիճում դասարանում. «շատը» էն խոսքը չի: Բայց արդեն մեծացել ենք, հիմա մեր վեճերն էլ են դարձել «մեծավարի»:
Ինչ էլ լինի, մենք սիրում ենք մեր դասարանը՝ բոլորին մեկ առ մեկ, մեր նոր դասղեկին նույնպես: Դպրոցն ուրիշ աշխարհ է յուրաքանչյուրիս համար, որտեղ մենք լրիվ ուրիշ մարդ ենք՝ մեր ընկերների հետ և շնորհիվ նրանց:
Չեմ ուզում դպրոցն ավարտել, ես էսպես ինձ ավելի լավ եմ զգում:
Չնայած՝ դեռ երկու տարի ունեմ դպրոցում, բայց արդեն աչքերս լցվում են, երբ մտածում եմ, որ թողնելու ենք ամեն ինչ ու գնանք: Դպրոցն ուրիշ աշխարհ է:

Փախստակա՞ն, օտարակա՞ն, բռնագաղթվա՞ծ… մեկը մեզանից

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի, արված է Բեռլին քաղաքի փախստականների ճամբարներից մեկում

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի,
արված է Բեռլին քաղաքի փախստականների ճամբարներից մեկում

Ընդամենը տասնհինգ րոպեում

«Հիմա ինչ անեմ,- մտածում էի ես,- տեղն է քեզ, քեզ ո՞վ ասաց, որ մենակ զբոսանքի գնաս, որ հետո էլ կորես: Լավ, այս տան դուռը ծեծեմ, ճամփան հարցնեմ»:

Ես հրեցի ժանգոտ դարպասը, որը ճռռալով բացվեց ու ինձ ներս թողեց: Բակում՝ ծիրանենու տակ, խաղում էին հինգ-վեց տարեկան երկու երեխա: Տան մոտ կանգնած աղջիկը մտավ ներս ու դուրս եկավ մի կնոջ կետ: Ես նրան բացատրեցի, որ մոլորվել եմ ու հարցրեցի, թե կարելի է արդյոք իրենց մոտից զանգահարել:

-Դու ներս արի, ես գնամ՝ հարևանի տնից զանգեմ. մենք հեռախոս չունենք:

Ես մտա տուն, որը, ճիշտն ասած, դժվար էր այդպես կոչելը: Այնտեղ շատ մութ էր, միայն մի փոքրիկ պատուհան կար: Սենյակում, բացի սեղանից ու մի քանի աթոռից, դրված էր նաև պահարանի նման ինչ-որ բան և մի մահճակալ, որի վրա պառկած էր ինչ-որ մեկը: Սենյակը ինձ վրա ճնշող տպավորություն թողեց, ու ես շտապեցի դուրս գալ այնտեղից:

-Արի գնանք՝ քեզ մեր այգին ցույց տամ,- ասաց դրսում կանգնած աղջիկը:

«Այգի» կոչվածը մի քանի ծառ էր ու մի մարգ, որի մեջ ինչ ասես աճում էր:

-Ես մի ծաղիկ եմ ցանել այստեղ,- ասաց իմ ուղեկցորդը,- բայց մամայիս չասես, թե չէ՝ կբարկանա: Ասում է՝ դատարկ բաներով մի զբաղվիր, բայց ծաղիկները դատարկ բան չեն, ծաղիկները սիրուն են:

-Անունդ ի՞նչ է,- հարցրեցի ես:

-Անի:

-Քանի՞ տարեկան ես:

-Տասը, բայց դպրոց չեմ գնում,- արագ ավելացրեց նա՝ կանխելով հաջորդ հարցը:

-Ինչո՞ւ:

-Մամային եմ օգնում, նա փող է հավաքում, ես էլ Սուրիկին ու Արմենին եմ նայում, պապայիս եմ խնամում, գործ անում: Համ էլ դպրոցի համար փող է պետք:

-Իսկ հայրիկդ ո՞ւր է,- հարցրեցի ես:

-Տանն է: Անկողնում պառկած մարդուն չտեսա՞ր: Երեք տարի է՝ պապայիս ոտքերը ցավում են, չի կարողանում քայլել,- հանգիստ ձայնով պատասխանեց ինձ:

-Դուք որտեղի՞ց եք,- հարցրեցի ես:

-Փախստական ենք: Մաման պատմում է, որ այնտեղ շատ լավ էր, ես չեմ հիշում, ես այստեղ եմ ծնվել: Որ մեծանամ, գնալու եմ Ամերիկա: Այստեղ լավ չի: Մաման ասում է, որ երբ եկանք, բոլորը մեզ ատեցին: Ժլատ մարդիկ են, ափսոսում են իրենց ունեցածից մի քիչ ուրիշին տան: Ինձ էլ դուրսը երեխաները ծաղրում են, ասում են, որ փախստականները եկել են իրենց վնասելու համար: Ոչինչ, թող այս ծաղիկներն աճեն, բոլորը կսկսեն ինձ նախանձել. շատ սիրուն ծաղիկներ են լինելու, բայց ոչ մեկի չեմ տա, փող էլ տան, չեմ տա: Սա սովորական ծաղիկ չէ, իմ ընկերն է: Բա ընկերներին ծախո՞ւմ են:

Ես չգիտեմ՝ աճե՞ց նրա ծաղիկը, թե՞ ոչ, կամ հիմա նա որտեղ է, բայց մի բան հաստատ է. այդ տասնամյա աղջնակը տասնհինգ րոպեում ավելի կարևոր բաներ սովորեցրեց, քան գիտեի այսքան ժամանակ:

Լուսինե Հակոբյան, 13 տարեկան, 2004 թ.

***

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի, արված է Բեռլին քաղաքի փախստականների ճամբարներից մեկում

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի,
արված է Բեռլին քաղաքի փախստականների ճամբարներից մեկում

Թթենին

Այդ փողոցում բոլոր տների առջև թթենիներ կան՝ բացի, ա՛յ, այն տնից: Այս տանը թթենին փողոցում չէ, տան բակում է ու շատ փոքր է: Վերջերս է տնկել Վարսիկ տատը՝ մեր հարևանը: Թթենին դիմացկուն ծառ է, աճում է նույնիսկ փողոցի փոշիների մեջ, իսկ ա՛յ նուրբ ու կամակոր ծիրանենին ու դեղձենին տան այգու պարարտ հողում, լիակատար մաքրության մեջ հազիվ են աճում ու փնթփնթալով գոյատևում: Վարսիկ տատը կտրեց իր այգու դեղձենիները ու թթենու փոքրիկ տնկին տեղավորեց այգում: Բոլորն էլ գիտեն, որ թթենին երեխաներինն է, դե, բնական է, ո՞ր մեծը գլուխ կդնի թթենու բարձր ճյուղերի ու մանր հատիկների հետ: Մենք ենք ծառը թափ տալիս ու հենց ծառի տակ էլ նստած՝ ուտում, տատիկներին էլ ենք բաժին հանում. չէ՞ որ նրանք են ծառը տնկել:

Հունիսի վերջն էր: Գիշերվա կեսին քնից արթնացա բաց պատուհանիս չխչխկոցից. ահավոր քամի էր:

-Ո՞վ է տեսել՝ ամռանն այսպիսի քամի բարձրանա,- փնթփնթացի ես ու մոտեցա պատուհանին, որ փակեմ: Աչքս ընկավ Վարսիկ տատի այգուն: Ինչ-որ մի բան էր այնտեղ շարժվում: Վարսիկ տատն էր: Նա մի ծանր կոճղ էր գլորում դեպի դարպասը: Առավոտյան գնացի նրա տուն: Կոճղը ընկած էր դարպասի կողքին: Մտա հյուրասրահ: Սենյակի կենտրոնում դրված էր Վարսիկ տատի փախստական որդու նկարը: Նրա որդին հեռացել էր հայրենիքից, որովհետև աշխատանք չուներ ու ապրել չէր կարողանում: Օտար ափերում ամուսնացել էր, երեխաներ ունեցել: Վարսիկ տատը իր թոռներին երբեք չէր տեսել: Հեռու-հեռուներից էին նրան այդ նկարն ուղարկել:

-Բարև՛, Վարսիկ տատ, տատս քեզ թեյ խմելու է կանչում,- ասացի ես:

-Հա՞, բալա ջան, սպասիր: Նամակ եմ գրում տղայիս, վերջացնեմ՝ միասին գնանք: Մեկ էլ տեսար՝ նամակը տեղ հասավ:

Նա հազարերորդ նամակն էր գրում ու ինչ-որ կերպ ուղարկում, բայց երևի ոչ մեկն էլ տեղ չէր հասնում:

-Բալես, դու գիլաս քաղիր, իմ մեջքը ցավում է,- ասաց ինձ:

-Բա մեջքդ ինչի՞ է ցավում,- հարցրի ես՝ գիլասները պոկելով:

-Գիշերը քամին դարպասը բացել էր: Վեր կացա, որ փակեմ, պարզվեց, որ կողպեքն է ջարդվել, կոճղը դեմ տվեցի, որ փակվի: Չէ, գողից չեմ վախենում, էդ ի՞նչ պիտի գողանան որ, ուղղակի թոռներիս թթենու տնկին հենց էս դարպասի առջև է, միջանցիկ քամուց կարող էր արմատահան լինել: Հենց քամին սկսվեց, տեղիցս վեր թռա:

Վարսիկ տատի մտքում միայն իր թոռներն ու իր տղան են: Նա թթենին այգում էր տնկել, որ չփոշոտվի, ու երբ իր թոռները գան, ուտեն: Թթենու փոքրիկ տնկին կմեծանա, հսկա բնով ծառ կդառնա ու այգու կեսը կզբաղեցնի, բայց մի՞թե նրա թոռները երբևէ կկարողանան վերադառնալ հայրենիք: Կուտե՞ն արդյոք երբևէ իրենց թթենու պտուղները:

Նանե Սահակյան, 15 տարեկան, 2004 թ.

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի, արված է Բեռլին քաղաքի փախստականների ճամբարներից մեկում

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի,
արված է Բեռլին քաղաքի փախստականների ճամբարներից մեկում

 

Ani Harutyunyan

Ընկերս

Համադասարանցիս էր։ Անունն այդքան էլ կարևոր չէ. ոչինչ չի փոխի։ Հարյուրավոր մարդկանց են կոչել այդ անունով՝ տարբեր աչքերի գույն ունեցող, տարբեր ճակատագիր, տարբեր ապրելու ժամանակ։

Աչքի չէր ընկնում։ Ժպիտն էր հետաքրքիր, չարաճճի։ Բարկանում էին՝ ժպտում էր, գովում էին՝ ժպտում էր, բայց մի տարբերությամբ՝ այտերը կարմրում էին։

Ականջները սովորականից մեծ էին. հաճախ էինք հումորներ անում։ Էլի ժպտում էր՝ աչքերի ջղային փայլով։

Ինչ-որ մի ժամանակ (չեմ հիշում՝ աշո՞ւն էր, թե՞ ոչ) կողքիս էր նստում։ Չէի թողնում, որ արտագրի։ Նյարդայնանում էի։ Անընդհատ շունչս կտրվում էր, երբ գլխավերևումս կանգնած փորձում էր ինչ-որ բան տեսնել։

Բավականին լուռ էր՝ համեմատած մնացած երեխաների, բայց շարժուն էր։

Մի անգամ վազում էր թղթե ինքնաթիռի հետևից ու ընկավ, ծիծաղեցինք ես ու ընկերուհիս, անցանք։ Երևի նեղվեց. ժպտաց՝ դեմքի ջղաձգումներով։

Համեստ էր հագնվում, բայց կոկիկ ու միշտ արդուկված։ Մի սովորական օր՝ ո՛չ ծնունդն էր, ո՛չ մայիսի մեկը, սպիտակ վերնաշապիկ էր հագին ու սև տաբատ։ Ուսուցչուհին դասարանից դուրս հանեց։ Ո՛չ, հագուստը չէր պատճառը. չափից շատ էր խոսում ու ծիծաղում։ Հազվադեպ էին նման դեպքերը։

Տարբեր ժամանակներից պատմեցի կարճ, բայց այս ընթացքում անցել էր ինը տարի։ Իմացանք, որ դպրոցից դուրս է գալու, գնա արտասահման՝ ծնողների մոտ։ Բան չկա, ոչ մի արտասովոր բան։ Առաջինը չէր դուրս եկողներից։

Հրաժեշտը սովորական էր։ Ի՞նչ կարիք կար երկար արտասվելու. չի մնա, կգա, մեզ էլ չի մոռանա։

Չէինք հասցրել տարվա չորս եղանակների միջով մի ամբողջական պտույտ կատարել, երբ եկավ։ Չէ, ինքը չէ, լուրը։ Սև…

Ընկե՛րս, ուզում եմ հիմա կողքիս լինես, նստես, բոլոր տետրերս բացեմ, թաքուն ձեռքով հրեմ քո կողմը, որ արտագրես։

Ուզում եմ նորից ընկնես, ու ես նորից ծիծաղեմ, բայց քեզ օգնելով ու հագուստդ թափ տալով։

Ուզում եմ նորից սպիտակ վերնաշապիկ հագնես, ու մայրդ էլ, ու հայրդ էլ…

arman arshak

Սփիներներն ու մենք

Հոդվածիս վերնագիրն արդեն ամեն ինչ ասում է: Այո, այո, ես խոսելու եմ արդեն շա՜տ լայն տարածում ու ճանաչում վայելող սփիներներից, խոսելու եմ մեր առօրյայի մասը կազմող երևույթներից։

Գրեթե մեկ տարի առաջ բոլորը խոսում էին պոկեմոններից, տարված էին այդ խաղով։ Երիտասարդների հետ խոսելիս միշտ թեմա կլիներ պոկեմոններից խոսելու: Բոլորն ունեին իրենց հեռախոսների մեջ այդ խաղը, սակայն եկավ մի պահ, որ հոգնեցին այստեղ-այնտեղ պոկեմոն որսալուց, և խաղը մոռացվեց։ Այսօր չես գտնի մեկին, ով խոսի պոկեմոններից: Ինձ թվում է՝ անգամ խաղացող չկա։

Պոկեմոնների կորստին ի պատասխան, չուշացավ հնդկական սերիալների աղմուկը: Ազգովի քննարկում էին, բոլոր կայքերը խոսում էին, անգամ մեր թղթակիցներից մի քանիսն էին գրում դրանց մասին, բայց այսօր կարծես սովորական է դարձել, թվում է, թե արդեն հարմարվել ենք։

Հնդկական սերիալներին հետևեց նախընտրական աժիոտաժը։ Եվ ինչպես ես գրել էի իմ «Նախընտրական Հայաստան» հոդվածում. «Տեսնես, երբ ավարտվեն ընտրությունները, ավարտվեն հետընտրական քննարկումները, հայաստանցու առօրյան էլ ի՞նչը կլցնի»։ Հետընտրական Հայաստանում հայերի մեծ մասի առօրյան լցվեց եվրատեսիլյան քննարկումներով։ Դե հա, մենք այդ երաժշտական տոնին լուրջ կարևորություն ենք տալիս։

Իսկ այժմ հստակ կարող եմ ասել, որ հայաստանցու առօրյան սփիներներն են լցրել: Եթե մենք չենք օգտագործում դրանից, ապա վստահ եմ, օրվա ընթացքում փողոցում կտեսնենք շատերին, ովքեր կենտրոնացած պտտեցնում են:

Շատ մարդիկ պնդում են, որ սփիներները հանգստացնում են մարդկանց նյարդերը, սակայն նրանք, ովքեր դեմ են դրան, ասում են, որ այդ խաղալիքը ունենում է հակառակ ազդեցություն:

Սփիներների մասին կարդալիս իմացա, որ լայն տարածում են գտել նաև ԱՄՆ-ում: 2017 թվականին Ամերիկայում սպիներների նկատմամբ հետաքրքրության աճը հասցրեց նրան, որ շատ երեխաներ և անչափահասներ սկսեցին դրանք օգտագործել նաև դպրոցներում: Դպրոցներից հայտնում էին, որ երեխաներն անգամ վաճառում և փոխանակում են դրանք: Boston Globe-ին տված հարցազրույցում Նյու Հեմփշիր նահանգի 6-րդ դասարանի ուսուցիչը պատմել է, որ երբ արձակուրդներից նոր էին վերադարձել, ընդամենը մի քանի երեխաներ ունեին սպիներ, հետո դրանք հայտնվեցին ևս մի քանիսի մոտ, որից հետո դրանք նորաձև դարձան:

Փաստորեն ողջ աշխարհում է տարածում գտել:

Դե ինչ, տեսնենք սփիներները երբ կարտագաղթեն Հայաստանից, և այս անգամ ինչ նոր մոլուցք է փոխարինելու գալու:

զառա

«Իմ իրավունքները եւ ինչպես են դրանք պաշտպանվում» թեմայով էսսեների մրցույթի հաղթողներ

Առաջին մրցանակ

Հայկի հետ սովորում էի նույն դպրոցում: Նա շատ ընդունակ և խելացի տղա էր, փայլում էր մաթեմատիկական գիտելիքներով, բազմիցս մասնակցել է «Կենգուրու» մրցույթին և գրանցել փայլուն արդյունքներ: Հայկի ընտանիքը բազմանդամ է, և քանի որ մենք գիտենք մեր երկրի սոցիալական վիճակը, ինչպես նաև՝ պետության աջակցության չափը սոցիալապես անապահով և բազմանդամ ընտանիքներին, ուստի բնական է, որ նրանց սոցիալական պայմանները չէին բավարարում կենցաղային ծախսերը հոգալու համար: Եվ մի օր էլ Հայկը սկսեց չհաճախել դպրոց: Հետաքրքրվեցինք և իմացանք, որ նրա դպրոց չհաճախելու պատճառն այն էր, որ Հայկը որոշել էր աշխատել իր հայրիկի հետ՝ հոր վզին դրված ծանր բեռը ինչ-որ չափով թեթևացնելու համար: Դպրոցի տնօրինությունը փորձեց խոսել Հայկի և նրա ծնողների հետ, սակայն դա չազդեց նրա որոշման վրա: Հայկի մայրիկը պնդում էր, որ իրենք շատ են խոսել նրա հետ, սակայն որոշման վրա ոչ մի ազդեցություն չեն կարողացել ունենալ: Եվ այսպես, այս պատմությանը շարունակություն չտրվեց, ինչը մեծագույն սխալ էր:

Ըստ իս՝ Հայկը գտնվում էր դեռահասության շրջանում, և ինչպես բոլորին է հայտնի, այդ շրջանում երեխաները՝ հատկապես տղաները, ծանր հոգեբանական փուլ են անցնում: Հայկի մոտ դա ավելի խորացված էր: Նրա հետ պետք է աշխատեր մասնագետների մի մեծ խումբ՝ դպրոցի ղեկավարության գլխավորությամբ, և Հայկը պետք է շարունակեր իր ուսումը: Ես վստահ եմ, որ նա փայլուն ապագա կունենար, ուղղակի պետք էր հաղթահարել այդ շրջանը:

Սա երեխայի իրավունքի խախտում է ոչ միայն օրենքի սահմաններում, այլև բարոյական տեսանկյունից: Ես վստահ եմ, որ նմանատիպ իրավիճակներ մեր շրջապատում շատ-շատ են լինում, ու երեխաները այդպիսի քայլի դիմում են ոչ նրա համար, որ ենթարկվում են ծնողների կողմից բռնության (տեղեկացված եմ, որ Հայկը չի ենթարկվել իր ծնողների կողմից ոչ մի տեսակի բռնության և հարկադրված չի եղել աշխատելու), այլ տեսնելով իրենց սոցիալական վիճակը՝ փորձում են օգնել իրենց ծնողներին՝ փոխելու իրենց կյանքը:

Չեմ ուզում անդրադառնալ մեր երկրի վիճակին և նորից փնովել այն, բայց հարկադրված եմ նշել, որ եթե երեխան ինչ-որ չափով սոցիալապես ապահովված զգա իրեն, չի թողնի իր ուսումը, ներքին հոգեկան ապրումներ չի ունենա և կտրամադրվի իր ուսմանն ու նպատակների իրականացմանը:

Զարուհի Գևորգյան
17տ., Լճափի միջն. դպրոց, Գեղարքունիքի մարզ 

arxiv

Ծառը

Դասերս վերջացնելուց հետո իջա բակ: Կանչեցի ընկերներիս: Կանգնել էինք, չգիտեինք՝ ինչով խաղանք:

-Վարդան, գնդակ բեր:

-Գնդակ չունեմ, թող Խչոն բերի:

-Իմ գնդակը էն օրը չծակվե՞ց:

-Գևորգ, դու գնա:

-Ես որ գնամ՝ էլ հետ չեմ գա:

-Դե, լավ, կորիզ ցանենք, գոնե մի ծառ կաճի:

Գևորգը երկու կորիզ տվեց: Երկուսն էլ տնկեցինք:

-Ամառը մեծ ծառ կդառնա,- ասաց Գևորգը:

-Հա, լավ կլինի,- ասաց Վարդանը,- վրան տանձ կլինի, ես էլ մի րոպեում կուտեմ:

-Չէ որ էդպես է, տանձի ծառ չի լինի, այլ դամբուլի,- ասաց Խաչիկը,- դամբուլ ոչ մեկդ չեք սիրում, մենակ ես կուտեմ:

-Լավ,- ասաց Գևորգը,- կմեծանա, ինչ-որ բանի ծառ կդառնա: Լավ կլիներ՝ ամեն մի ճյուղի վրա մի միրգ աճեր. տանձ, խնձոր, դեղձ, թեկուզ՝ դամբուլ:

Մինչև գիշեր ջրեցինք ու ջրեցինք: Սպասում էինք, թե երբ է դուրս գալու:

Բայց ժամը տասին մեր ծնողները մեզ տուն կանչեցին: Այդպես էլ չիմացանք, թե ինչի ծառ դուրս եկավ:

Գոռ Բաբլոյան, 10տ., 2001թ.

marat sirunyan

Քարերի ծառի տերը

Իրիկնամուտին հեծանիվով շրջում էի Վանաշեն գյուղում։ Անցնում էի գլխավոր ճանապարհով, մեկ էլ տեսնեմ՝ քիչ հեռվում, ճանապարհի կողքին, մի փոքր երեխա, ձեռքին իրեն համապատասխան չափսի՝ փոքրիկ բահ, ինչ-որ բանի վրա է տանջվում։ Մոտեցա․

-Բարի իրիկուն, էս ի՞նչ ես անում։
Մի պահ զարմացած նայեց դեմքիս՝ անծանոթ էր, հետո նորից իր գործին անցնելով պատասխանեց․
-Փշերն եմ հանում, բարև։
-Օգնե՞մ։
-ՉԷ՜։
-Լավ․․․
Մի փոքր առաջ շարժվեցի, մեկ էլ․
-Լա՜վ, օգնի․․․

Ծիծաղեցինք, հետ գնացի, վերցրի բահը․
-Էս ի՜նչ էլ մեծ ա։
-Հա բա․ իմ բահն ա։
-Անունդ ի՞նչ ա, քանի՞ տարեկան ես։
-Անունս Սիսակ ա, վեց տարեկան եմ։
-Բա ասում ես՝ ինչի՞ ես էս փշերը հանում,- խոսքիս տեր կանգնելով շարունակեցի նրա գործը։
-Բա ի՞նչ անեմ, ծակում ա։
-Քե՞զ։
-Ինձ էլ, հեծանիվիս էլ,- ջղայնացավ,- ակը ծակել էր։
-Փաստորեն մուռդ ես հանում, հա՞,- սկսեցի ծիծաղել։
-Դե հա, համ էլ հանեմ, որ հեծանիվս սարքեմ, ստեղով անցնեմ, էլի չծակվի ակը։
-Հա՜, ես էլ հանեմ, որ իմ հեծանիվի ակն էլ չծակի, հա՜։
-Հա բա։
-Բա մութն ընկնում ա, է, ինչի՞ ցերեկով չես անում։
-Ցերեկը շոգ ա, համ էլ մեր տունը մոտիկ ա։
-Բա դու ձեր տա՞նն էլ էս գործ անում։
-Հա։
-Ի՞նչ գործ։ Էս բահո՞վ։
-Հա՜, բահով խո՜րը փոս եմ փորել։
-Ինչի՞ համար։
-Սիրուն քարեր էի հավաքել, փոսը փորեցի, դրանք մեջը դրեցի ու թաղեցի։
-Թաղեցի՞ր, էդ ինչի՞։
-Ի, որ աճի, սիրուն քարերի ծառ ունենամ։
Էնպես լուրջ-լուրջ, հույսով ու սպասումով պատմեց՝ ժպտացի․․․
-Հը՞, էսքանը հերիք ա՞,- մի քանի փուշ հանելուց հետո հարցրի ես։
-Հա՜, ես էլ եմ հանել, էլ չի ծակի։
-Ապրես, ուժեղ տղա։
-Բա ես կառատե եմ պարապում, կանաչ գոտի եմ։ Լավ, գնամ դաշտ։
-Ի՞նչ կա դաշտում էս ժամին։
-Մերոնք էնտեղ քաղհան են անում։
-Հա՜, գնում ես օգնե՞ս։
-Դե՜ հա, ուղղակի չեմ կարում քաղհան անել․․․

-Դե, չմոռանաս, որ քարերի ծառն աճի, ինձ անպայման կկանչես՝ տեսնեմ: