Նորից անձրևի մասին եմ գրում: Գարուն է: Բայց ըստ իմ հաշվարկների, ապրիլ ամսվա բոլոր շաբաթ օրերին անձրև է եկել: Պատահականությո՞ւն: Երևի շատերդ չէիք նկատել: Ես գուցե նկատել եմ, քանի որ շաբաթ օրերին երեք պարապմունք եմ ունենում ու երկար ժամանակ տանը չեմ լինում: Ինչևէ: Եկել եմ՝ անձրևից խոսենք: Ապրիլը շեշտեցի, որովհետև հենց այդ ամսվա առաջին չորս օրերն են գամվել շատերիս ներսում: Երկինքը զավակ կորցրած մայրերի հոգուն էր արձագանքում: Անձրևը մեկ-մեկ շատ ճիշտ պահերի է գալիս: Մեկ-մեկ՝ միշտ: Մուսաս անձրևոտ օրերին է այցելում: Գալիս է ու ստիպում վերցնել գրիչս: Ի վերջո, համաձայնում եմ:
Գիտե՞ք՝ վերջին նյութս հունվարին եմ գրել: Երևի շատերդ չեք էլ հիշում: Իհարկե, դրանից հետո իմ ու շատ 17-ցիների կյանքում մի գեղեցիկ ու հիշարժան օր է եղել: Հուսով եմ՝ հասկացաք, որ խոսքս մրցանակաբաշխության մասին է: Հա, այդ օրը ամեն մեկիս մտքում մի դրվագով դաջված է, հաստատ:
Եկել եմ՝ անձրևից խոսենք, բայց շատ ասելու բան ունեմ, անընդհատ մտքերս ցրվում են: Եվայի նյութը կարդացի, հիշեցի, որ մի երկու տող հասցրել էի այն ամենաուժեղ անձրևի ժամանակ գրել անգլերենիս բառատետրի մեջտեղի էջերից մեկում (դե, էդպես հեշտ է հետո թուղթը վերցնելը): Ու քանի որ արդեն եկել է պահը, որ պետք է այդ էջը շրջանցենք, որոշեցի շարունակել «մի երկու տողս»:
Արեգ Նազարյանը իր երգում ասում է, որ այս անձրևի ամեն կաթիլը ծով է, ուրիշ ոչինչ, ու որ հորիզոնից այն կողմ արևն արթուն է… Անձրևը անհանգստություն է շատերի համար: Մեկը ատում է անձրևը, երբ իր նոր արդուկած մազերը թրջվում են, իսկ այ, ալիքների նման մազեր ունեցողի համար մի ուրիշ աշխարհ է անձրևը: Նրա համար անձրևի հետ է սկսվում օրը ու անձրևից կախված՝ նրա տրամադրությունը բարձրանում է, բայց ոչ երբեք՝ ընկնում: Կաթիլները հուշում են, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը կա միշտ էլ սպասող: Չէ՞ որ ինչպես երգում է ասվում՝ առանց սպասող մեկի քայլելը ցավ է…
Ի վերջո, միայն անձրևից հետո ես կարողանում ագահորեն շնչել քաղաքիդ մաքրությունը:
Նորից բարև, վաղուց չկայի, չէ՞, գիտեմ, շատ եմ «թամբալացել»:
Հիմա եկել եմ բացատրություն տալու, մի քիչ էլ իմ առօրյայից խոսելու համար:
Դե երևի արդեն գիտեք՝ շրջանավարտ եմ:
Շրջանավարտ. եթե այս բառը փորձենք վերլուծել, ապա «շուրջ + ավարտ», չէ՞:
Ավարտվում է մեր կյանքի ամենապայծառ ու կարևոր փուլերից մեկը:
Ավարտվում է՝ մեզ մի քիչ մեծացնելով:
Ավարտվում է իրենից թողնելով հիշողություն՝ ողջ կյանքիս համար:
Ավարտվում է կյանքիս մի էջն էլ փակելով:
Գիտե՞ք, երբ մարտ-ապրիլ ամիսներին ասում էի «Վերջին զանգ», սիրտս այսքան արագ չէր զարկում: Իսկ հիմա, երբ հետհաշվարկը սկսել ենք ու ամեն առավոտ դասարան մտնելով ջնջում ենք օրացույցի ևս մեկ թիվ, հասկանում եմ, որ ուզում եմ գրիչի թանաքն ավարտվի, ու օրերը չջնջվեն:
Գիտե՞ք, երբ ամեն օր փորձի ենք գնում, ես ուզում եմ այդ ժամանակ ժամացույցը կանգնի, ու մեր փորձը չավարտվի:
Գիտե՞ք, ես երևի շատ կկարոտեմ: Չէ: Ես արդեն կարոտում եմ:
Կարոտում եմ իմ ավագ դպրոց բերող առաջին սեպտեմբերի մեկը, երբ իրար չճանաչող մի խումբ մարդիկ հավաքվել էին նոր դպրոցում ու փորձում էին հասկանալ, թե ուր են ընկել:
Կարոտում եմ առաջին դասերը, ուսուցիչների մի տեսակ հայացքները, որոնք փորձում էին մեզ նմանեցնել ինչ-որ մեկին:
Կարոտում եմ այն օրը, որը երեք տարվա ընթացքում մեկ անգամ եղավ, երբ երկրորդ ժամին փորձեցինք դպրոցից փախչել, բայց ճանապարհին բռնվեցինք ու որպես արդարացում ասացինք, թե իբր սոված էինք:
Կարոտում եմ ամեն ժամից հետո ուսուցչանոցի դռան մոտ դասղեկին սպասելը:
-Վայոց Ձորը Հայաստանի ամենափոքր մարզն է, բայց ամենափոքր լինելով, ունի ամենամեծ սիրտը: Եվրոպայի օրը մենք տոնում ենք այն արժեքները, որոնք մեզ դարձնում են եվրոպացի: Այդ արժեքները շատ պարզ են՝ խաղաղությունը, միասնությունը, համերաշխությունն ու արդարությունը: Դրանք մեր ընդհանուր արժեքներն են: Արժեքներ, որոնք կիսում են հայերը և մնացած եվրոպացիները: Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Եվրոպայի օրվա տոնակատարությանը և մասնակցելու տարբեր մրցույթների: Մենք այս գեղեցիկ քաղաքում զգում ենք մեզ՝ տանը: Վայելե՛ք այս օրը, որովհետև սա ցնծության օր է: «Աչողությու՜»:
Լուսանկարը` Նանե Եղիազարյանի
Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքերով էլ սկսվեց Եվրոպայի օրվա տոնախմբությունը Եղեգնաձորում: Շուրջբոլորը ուրախ հայացքներով մարդիկ են, որոնք շատ երջանիկ են, որ նմանատիպ միջոցառում է կազմակերպվել Եղեգնաձորում: Ինչպես արդեն տեղյակ եք նախորդ նյութերից, Եղեգնաձորում նույնպես կային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և տաղավարներ, որտեղ ներկայացվում էին տվյալ կազմակերպությունների գործառույթները:
Հետաքրքրությունս շարժեց երիտասարդներով լի և հետաքրքիր դիզայնով մի տաղավար:
-Բարև ձեզ, պատմեք խնդրում եմ ձեր կազմակերպության մասին:
-Մենք ներկայացնում ենք «Աղքատության վերացումը Ուրցաձոր համայնքային փնջում ինքնուրույն զբաղվածությունների ստեղծումով» ծրագիրը, որը իրենից ենթադրում է բիզնեսպլանների ներկայացնելու, մշակման և վաճառելու ծառայություն: Գյուղացիները հանդես են գալիս բիզնես ծրագրերով, և մեր հիմնադրամը Եվրամիության աջակցությամբ ֆինանսավորում է բիզնես ծրագրերը՝ կյանքի կոչելով դրանք: Դրանք կարող են վերաբերվել օրգանական գյուղատնտեսությանը, վայրի հավաքին, հյուրատների ցանցի ստեղծմանը: Սկզբնական փուլում մենք դասընթացներ ենք անցկացրել գյուղաբնակների համար: Հետո նրանք ներկայացնում են իրենց ծրագրերը, իսկ հետո արտադրանքը հիմնադրամը պատրաստ է արդար առևտրի սկզբունքով հետ գնել և հանել միջազգային շուկա:
-Շատ օգտակար առաջարկ է գյուղացիներին:
Տաղավարում ներկայացված էր նաև գյուղացիների կողմից պատրաստված խոտաբույսերով սառը թեյը:
Լուսանկարը` Նանե Եղիազարյանի
Մի փոքր ձախ ցուցադրվում էին արևային էներգիայով աշխատող սարքեր, որոնք ներկայացնում էր Արման Հովհաննիսյանը:
-Պատմեք խնդրում եմ, ի՞նչ սարքեր են սրանք:
-Սրանք արևային էլեկտրակայանի մոդելներ են, որոնք արևային պանելների միջոցով արևի լույսը և էներգիան վերածում են էլեկտրական էներգիայի, որից հետո էլեկտրական էներգիան բերվում է համապատասխան չափանիշների՝ այսինքն, հաստատունը դառնում է փոփոխական և միանում է էլեկտրական ցանցին: Ըստ էության, դառնում է փոքր մասշտաբներով գործող հիդրաէլեկտրակայանի պես բան: Հոսանքից կարող են օգտվել բոլորը, որը էկոլոգիապես մաքուր է և ոչ մի բանի չի վնասում:
-Իսկ Վայոց Ձորում կա՞ն այդպիսի արևային էլեկտրակայաններ:
-Սկսել ենք կառուցումը, որոշ ժամանակ անց այն արդեն կօգտագործվի:
Սա ին շատ ոգևորեց, քանի որ Վայոց Ձորի մարզում արևային օրերի քանակը շատ է, և մենք կարող ենք «մաքուր» էներգիա ունենալ:
Երեկոյան սկսվեց համերգը: Մենք՝ Վայոց Ձորի երիտասարդներս, շատ ուրախ ենք տեսնելու այսպիսի միջոցառում մեր մարզում:
Հ.Գ. Ինչպես այսօր ասաց ԵՄ-ի դեսպանը. «Եղեգնաձորն ունի ամենամեծ սիրտը»: Այսօր մենք զգացինք Եվրոպայի շունչը Եղեգնաձորում և տեսանք Վայոց Ձորի տնտեսապես զարգանալու հեռանկարները:
Նոնա Պետրոսյան
***
ԵՄ դեսպանի ողջույնի խոսքից հետո մոտեցանք տաղավարներին և սկսեցինք ծանոթանալ ծրագրերին: Մոտեցա «Աշխատանք և հայրենիք» հկ-ի ներկայացուցիչ Ռուզաննա Ղազարյանին:
Լուսանկարը` Նանե Եղիազարյանի
-Բարև ձեզ, մենք ներկայացնում ենք Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը, խնդրում ենք ներկայացնել մեզ ձեր ծրագիրը:
-Մեր ծրագիրը ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող մի ծրագիր է, ուղղված Վայք համայնքի խոշորացմանը: Ինչպես գիտեք, Վայք քաղաքին միացվել են ևս հարևան չորս գյուղեր, որը տարածքային զարգացման բարեփոխում է: ԵՄ-ն աջակցում է այս ծրագրի իրականացմանը: Ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի բաղադրիչներ: Այն ունի մեկ գյուղատնտեսական բաղադրիչ, որը համայնքներին ապահովում է գյուղտեխնիկայով, որի կարիքը, ինչպես գիտեք, մեր գյուղերում շատ կա: Մյուս բաղադրիչն ուղղված է մեր համայնքի երեխաների զարգացմանը: Քանի որ Վայք համայնքը խոշորացվել է, ապա այդ գյուղերի երեխաները ևս ունեն Վայքում գործող խմբակներին հաճախելու հնարավորություն, որին մենք աջակցում ենք, մասնավորապես տրամադրում ենք ավտոբուսներ՝ երեխաների Վայք տեղափոխումն ավելի հեշտացնելու համար: Այս ծրագրի շնորհիվ արդեն մեր երեխաներն ունեն բազում հաջողություններ, գավաթներ, մեդալներ, պատվոգրեր և այլն: Այսինքն, այս ինը ամիսների ընթացքում արդեն այս երեխաների կյանքում կան էական փոփոխություններ: Ինչպես նաև ունենք հասարակական բաղադրիչ, որի շրջանակներում համայնքի մարդիկ մասնակցում են համայնքային կյանքը կազմակերպող ու կարգավորող մի շարք նախաձեռնությունների: Ծրագիրը երեսուն ամսով է, արդեն մեկ տարի է, ինչ մեր ծրագիրը կա, և արդեն ունենք բավական մեծ առաջընթաց:
-Դուք ասացիք, որ ծրագիրն ուղղված է Վայք համայնքի խոշորացմանը: Արդյո՞ք ազդեցությունը մյուս համայնքների վրա ավելի մասնակի է, քան հենց Վայք քաղաքի վրա:
-Դե քաղաքը, այսպես թե այնպես, ունի իր առավելությունը, թե իր դիրքի, թե՝ զարգացած ենթակառուցվածքների շնորհիվ: Այստեղ խնդիրն այն է, որ օգտվեն նաև գյուղերի ժողովուրդը, քանի որ հիմնականում այդ խոշորացումներին հենց գյուղերի ժողովուրդն է հոգեբանորեն անպատրաստ: Մեր ծրագրի հաջող իրականացումը մյուս համայնքների համար օրինակ կծառայի, թե ինչպես խոշորացված քաղաքներում ճիշտ կազմակերպել կառավարումը:
-Իսկ ի՞նչ ծրագրեր կան ապագայի հետ կապված: -Մենք ապագայի համար ունենք նախատեսված բազմաթիվ ծրագրեր, թե արդեն խոշորացված Վայք համայնքում, և թե Վայոց ձոր մարզի մյուս համայնքներում: Նոր ծրագրերն ուղղված են մասնավորապես տուրիզմի զարգացմանը:
Լուսանկարը` Նանե Եղիազարյանի
Քաղաքապետ Դ. Հարյությունյանի հետ հարցազրույցը մեզ փոքր ինչ դժվար տրվեց, քանի որ նա խուսափում էր կոնկրետ պատասխան տալ մեր հարցերին, որոնք հիմնականում ուղղված էին ԵՄ-ի հետ իրականացվող ծրագրերին: Ամեն դեպքում մենք պարզեցինք, որ այժմ իրականացվում է այլընտրանքային էներգիայի օգտագործման հետ կապված մի ծրագիր, ինչպես նաև Եղեգնաձորում Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ շուտով կբացվի գերմանական այգի, որի վրա հիմա վերջին աշխատանքներն են տարվում:
Հասմիկ Գիվարգիզյան, Մանե Բաբաջանյան
***
Հնարավորություններ ակտիվ երիտասարդների համար
Լուսանկարը` Նարեկ Բաբայանի
Գիտե՞ք, ինչքա՜ն ենք սպասել ու պատկերացրել, որ Եղեգնաձորը մի օր նույնպես կմիանա ակտիվ երիտասարդության նախաձեռնություններին: Այո, մենք Եղեգնաձորի նոր սերունդն ենք, և մենք պահանջում ենք քիչ մը ժամանց ու անմոռանալի տրամադրություն: Ձեզ ուրախացնելով՝ կնշեմ, որ այսօր այն ստացվեց:
Սկզբում Եվրոպական միության դեսպանը ելույթ ունեցավ: Իսկ ես այդ ժամանակ նայում ու մտածում էի. «Ի՜նչ հավես ա, որ դեսպանը Եղեգնաձորում ա, որ մեզ չեն մոռացել, որ մենք էլ էս մեծամասշտաբ միջոցառման մի մասն ենք»:
Դեռ ժամը 3-ն էր, երբ շրջում էինք տաղավարներով՝ ծանոթանալով ԵՄ-ի կողմից ֆինանսավորված և երիտասարդների համար նախատեսված ծրագրերին: Ամեն մեկը յուրօրինակ էր, ուներ իր հետաքրքիր մտահղացումը և, իհարկե, ակտիվ, ոգեշնչող երիտասարդների թիրախ խումբը, առանց որի անհնար էր ծրագրին թևեր տալ:
Լուսանկարը` Հասմիկ Գիվարգիզյանի
Ահա մի տաղավար, որը անմիջապես ուշադրությունս գրավեց, և մոտեցա նրանց.
-Բարև ձեզ, ես 17.am-ի պատանի թղթակիցներից եմ,- հպարտ-հպարտ ասում եմ ես,- կցանկանամ մի փոքր ավելին իմանալ ձեր նախաձեռնած ծրագրի մասին:
-Բարև Ձեզ, ուրախ եմ, որ հետաքրքրված եք մեր նախաձեռնությամբ: Ես Դիանա Չոբանյանն եմ՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի մարզային ծրագրերի ղեկավարը: Նշեմ, որ մեր կազմակերպությունը հիմնադրվել է դեռ 2009 թվականից: Մենք իրականացնում ենք դասընթացներ՝ զարգացնելով երիտասարդների միտքը:
-Լավ, իսկ ո՞րն է Ձեր հիմնական նպատակը:
-Մեր նպատակն է՝ աջակցել, ոգեշնչել և ներգրավել երիտասարդներին Հայաստանից և նրա սահմաններից դուրս:
-Իսկ մոտակա ժամանակներս որևէ բան նախաձեռնե՞լ եք Եղեգնաձոր համայնքի համար:
-Այս ծրագրով մենք նախատեսում ենք Հայաստանի հինգ ընտրված քաղաքներում անցկացնել տարբեր դասընթացների շարք՝ տարբեր թեմաներով: Մեր թեմաներն են՝ աշխատանքային հարցազրույց անցնելու հմտություններ, ինքնակենսագրականի կազմում (CV), միջազգային և տեղական կրթական հաստատությունների մասին տեղեկատվության տրամադրում և այլն:
Ընտրված մարզերում, առանց բացառության, փորձում ենք հնարավորինս շատ երիտասարդների ներգրավել: Բայց մինչև դասընթացներին մասնակցելը, նրանց հնարավորություն կտանք հարցաթերթ լրացնել, որտեղ թեմաները նշված են, և առավելագույն միավորը հավաքած թեմաները կներկայացվեն դասընթացների ընթացքում:
-Ինձ հետաքրքրեց, թե որո՞նք են ձեր գործունեության ուղղությունները:
-Մեր հիմնական ուղություններն են՝ ակտիվ քաղաքացիությունը, կայուն զարգացումը, միջմշակութային երկխոսությունը, գենդերային հավասարությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները:
-Ո՞ր տարիքային խումբն է կազմում ձեր թիրախային խումբը:
-Մեր թիրախային խումբը կազմում են 16-25 տարեկան երիտասարդները, ովքեր բնակվում են մարզերում:
-Իսկ դասընթացներից հետո ծրագիրը շարունակական բնույթ կրո՞ւմ է:
-Այո՛, դասընթացներից հետո մենք անցնում ենք ծրագրի երկրորդ փուլին, դա միջազգային ֆորումն է, որին իրենց մասնակցությունն են ունենում Հայաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում անցկացված մեր դասընթացների մասնակիցները:
Կցանկանամ, որ մեր դասընթացներին մասնակցած երիտասարդները կապ հաստատեն մեզ հետ և մասնակցեն նաև մեր այլ ծրագրերին:
Սոֆյա Աբրահամյան
***
Լուսանկարը` Նարեկ Բաբայանի
Եվրամիության աջակցությամբ իրականացվող ծրագրերի կողքին իր տեղն էր գտել նաև մեր՝ «Մանանա» կենտրոնի տաղավարը, քանի որ մենք էլ իրագործում էինք «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագիրը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակը Հայաստանում երիտասարդական քաղաքացիական լրագրության զարգացումն է: Ծրագրի ընթացքում լրագրության, լուսանկարչության և կինոնկարահանման գործնական դասընթացներ, սեմինարներ և մեդիա ճամբարներ են կազմակերպվել բոլոր մարզերի 14-ից 24 տարեկան պատանիների ու երիտասարդների համար:
Մեր ծրագիրը ներկայացնում էր ծրագրի համակարգող Լիլիթ Կարապետյանը.
-Մենք ներկայացնում ենք Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը, որը հովանավորվում է ԵՄ-ի կողմից: Մեր ցանցը իր շուրջն է միավորում Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից 14-24 տարեկան շուրջ 800 թղթակիցների: Երեխաները սովորում են լրագրություն, ֆոտոլրագրություն, վավերագրական կինո: Գրում են նյութեր իրենց հուզող խնդիրների մասին, կիսվում իրենց մտքերով: Նյութերը տեղադրվում ենք 17.am կայքում, ինչպես նաև թողարկում ենք «Խաբարբզիկ» ամսագիրը, որտեղ տպագրվում են մեր թղթակիցների նյութերը և լուսանկարները:
Չնայած նրան, որ Վայոց Ձորից բավականին շատ թղթակիցներ ունենք, բայց բազմաթիվ եղեգնաձորցի երիտասարդներ մեծ հետաքրքրությամբ էին լսում, նրանցից ոմանք մեզ միանալու ցանկություն հայտնեցին:
Մեր հարցազրույցները այլ տաղավարների մոտ ավարտելուց հետո վայոցձորցի պատանի թղթակիցներով շտապեցինք մեր տաղավարի մոտ, որպեսզի ինքներս էլ այցելուներին ներկայացնենք մեր աշխատանքը:
Պետք է նշել, որ ոչ ոք չէր կարողանում անտարբեր անցնել մեր վրանի կողքով: Սեղանին մոտեցած երեխաներից մեկը, ով 10-12 տարեկան հազիվ լիներ, ուզում էր իմանալ, արդյոք ինքն էլ կարո՞ղ է թղթակցել 17-ին: Նրան ասացինք, որ կարող է, բայց միայն մեկ պայմանով. եթե լավ գրի ու հետևի մեր տված խորհուրդներին: Հետաքրքրքական էր նաև մեծերի վերաբերմունքը, որոնց դեմքին ակնհայտ դժգոհություն էր հայտնվում, երբ իմանում էին, որ թղթակիցները հիմնականում 14-24 տարեկան են: Երևի իրենք էլ էին ուզում թղթակցել, և ափսոսում էին կորցրած ժամանակի համար: Մեր տաղավարին մոտեցողներին, ծրագրի մասին պատմելուց զատ, նվիրում էինք նաև մեր «Խաբարբզիկ» ամսագրերը, որոնք տուն տանելով և ընթերցելով, վստահ ենք, շատերը կցանկանան դառնալ պատանի թղթակից:
Իսկ Վայոց Ձորին շատ թղթակիցներ ունենալը անհրաժեշտություն է, և ասենք՝ ինչու: Եվրոպայի օրերի շրջանակում մենք միակ մարզն էինք, որտեղ ԵՄ պատվիրակությունը մամլո ասուլիս չարեց: Պատճառն այն էր, որ մեր մարզում չկան մամուլի միջոցներ: Կարելի է ասել, միայն մենք՝ 17-ի Վայոց Ձորի պատանի թղթակիցներս ենք մարզում կատարվող իրադարձությունների, մեզ հուզող խնդիրների մասին գրում, և առհասարակ, մեր մարզը ներկայացնում մամուլում:
Մանե Բաբաջանյան, Հասմիկ Գիվարգիզյան
***
Մասնավոր հայացք
Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի
-Կներկայանա՞ք:
-Ես Գուրգեն Ալեքյանն եմ, «Եվրոպայի օրեր» ծրագրի այս տարվա հաղորդավարը։
-Առաջին անգա՞մ է, որ մասնակցում եք։
-Այո, հայտարարվեց հաղորդավարների մրցույթ ֆեյսբուք սոցիալական ցանցում, որոշեցի մասնակցել: Ուղարկեցի կարճ հոլովակ, փուլերը անցնելով՝ հասա եզրափակիչ փուլ ու դարձա հաղորդավար և այսօր այստեղ եմ։
-Առաջին անգա՞մն եք Եղեգնաձորում։
-Այո, առաջին անգամն եմ։ Երբ ավտոբուսից իջա, իմ սովորության համաձայն, հետաքրքրասեր եմ տեսակով, շտապեցի տեսնել հնարավոր ամեն ինչ քաղաքում: Քանի որ տարբեր մարզերով շրջեցինք երկու շաբաթվա ընթացքում, ես մի պարզ ճշմարտություն հասկացա,որ մենք՝ Երևանում ապրողներս, շատ բան ունենք անելու, որպեսզի մարզերում ևս ակտիվանա կյանքը։ Եղել եմ ուրիշ քաղաքներում, որ իջնում եմ բեմից, բոլորն ասում են՝ կարելի՞ է ձեզ հետ նկարվել, կարելի՞ է ստորագրություն վերցնել։ Դա տարօրինակ է ինձ համար, որովհետև ես ոչ հայտնի մարդ եմ, ոչ էլ հեռուստատեսությամբ եմ երևում, պարզապես այսօր վարում եմ այս միջոցառումը։ Այսինքն, էնքան քաղց կա մարզերում նորությունների և հայտնի մարդկանց, որ անգամ անծանոթ հաղորդավարի հետ են ուզում լուսանկարվել: Մեր մշակույթի գործիչների պարտքն է՝ իրենց գործունեությունը ծավալել նաև մարզերում և հաղորդակից դարձնել մարզերի բնակիչներին ևս։
Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի
-Իսկ կա՞ն հետագա ծրագրեր, որոնց նախաձեռնողը կուզենայիք հենց դուք լինել։ Ի՞նչ կուզենայիք անել մարզերի համար։
-Կկազմակերպեի հետաքրքիր վարպետաց դասեր: Այն մարդիկ, ովքեր անցել են ճանապարհ և ունեն կիսվելու փորձ՝ տարբեր ոլորտներից, սկսած քաղաքականությունից վերջացրած երաժշտությամբ, իրենց փորձով կիսվեին մարզերի երիտասարդների հետ:
Շատ կուզեի, որ Երևանի երիտասարդները իրենց գործունեությունը տեղափոխեն և ծավալեն մարզերում։ Ինչպես արել էին Դիլիջանում երկու երևանցի երիտասարդ աղջիկներ, որոնք սրճարան էին բացել: Նրանցից մեկի հետ կարճ զրույց ունեցա։
Տարբեր կրթական ծրագրեր կարելի է իրականացնել։ Չգիտեմ, պետք է մտածել։ Եղեգնաձորցին մեղավոր չէ, որ ծնվել է Երևանից հեռու և պետք է կտրված լինի երևանյան եռուզեռից։ Չէ, պետք է այնպես անել, որ դուք էլ հաղորդակից լինեք։
-Ասացիք, մինչև միջոցառման սկիզբը շրջել եք քաղաքում, ի՞նչն է ձեզ ամենաշատը հուզել այստեղ։
-Մշակույթի տան վիճակը։ Ես ներս չեմ մտել, բայց տեսնելով արտաքինից, արդեն իսկ պատկերը հուսադրող չէ։ Հնարավոր է, որ ներսում լինեն մի քանի սենյակներ, որոնք վերանորոգված են, որ հյուրերին մշտապես ներկայացվեն դրանք։ Պետք է մտածել այդ մասին և ֆինանսավորումը պետբյուջեից պետք է ճիշտ օգտագործել։ Ես գիտեմ, որ քիչ է, չի հերիքում, բայց պետք է ամեն ինչ անել, մտածել ինչ-որ բաներ։ Եթե կարողանանք մի քիչ ժամանակ տրամադրել, մտածել պետության մասին, երկրի ապահովման և առաջընթացի մասին, համոզված եմ, որ լուծումներ կգտնվեն։ 21-րդ դարն է, և կան բազմաթիվ ֆինանսավորման հարթակներ օնլայն, որտեղ դու կարող ես հավաքել գումար։ Պարզապես պետք է ճիշտ մատուցել խնդիրը, որպեսզի օգնության պատրաստ մարդիկ դրան արձագանքեն։
Բարև՛: Եթե դու էլ ես դիմորդ, ուրեմն շնորհավորում եմ. շատ քիչ մնաց քննություններին: Շնորհավորե՞մ, թե՞…
Մի քանի ընդհանուր բան եմ գտել իմ ու հազարավոր դիմորդների մեջ, ասե՞մ:
Ահա, ուրեմն, եթե դու էլ ես դիմորդ, ինձ նման վերցրել ես գրիչը ու օրացույցի վրա կարմիր օղակով նշել ես քննությանդ օրերը:
Եթե դու էլ ես դիմորդ, ուրեմն հաստատ արդեն հոգնել ես շտեմարանը հազարերորդ անգամ բացելուց, էջերը թերթելուց, շտեմարանին ձեռք տալուց, շտեմարանի վերջին էջի պատասխանները պոկելուց, որ հանկարծ չշեղվես ու պատասխանը նայելով գրես առաջադրանքը:
Դիմո՞րդ ես, ուրեմն հաստատ վարժության պահանջը կարդալուց հետո` հիշել ես պատասխանը, հիշել` որ շտեմարանից է, որ բաժնի որ գլխից, որ էջում է գրված:
Իսկ եթե ունես բանավոր հանձնելիք քննություն, ուրեմն հաստատ կանգնել ես հայելու առաջ և պատկերացրել, թե ինչ տոնայնությամբ ես բարևում, ինչպես ես ներկայանում, քեզ ընկած տոմսը ինչպես ես պատասխանում:
Դիմո՞րդ ես ու պարապո՞ւմ ես: Ուրեմն հաստատ, երբ տանից դուրս գաս, քայլերդ ակամայից ուղղելու ես այն փողոց, որտեղի տներից մեկում պարապող ուսուցիչդ է ապրում: Իսկ եթե ամեն օր ես գնում-գալիս, ուրեմն հաստատ մտածել ես ուսուցչիդ տան մոտիկ տուն գնելու և այնտեղ` մինչև քննությունները ապրելու մասին:
Դիմո՞րդ ես, ուրեմն հաստատ դժվար ես ժամանակ գտնում մասնակցելու վերջին զանգի փորձերին: Ժամացույցին հաճախ ես նայում, որ չուշանաս պարապմունքից: Ունես հաստատուն գրաֆիկ, ու այն փոխել դժվարությամբ է հաջողվում:
Դիմո՞րդ ես, ուրեմն անհամբեր սպասում ես քննությունների օրերին, որ քննություններից հետո վերցնես բոլոր շտեմարաններդ ու կա՛մ այրես, կա՛մ էլ հատ-հատ էջերը պատռես, որ երբեք, ոչ մի դեպքում էլ երեսը չտեսնես:
Դե, դիմո՛րդ ջան, ամենաշատը դու ունես համբերության կարիք, դու ամենաշատը ունես հավատի կարիք: Սպասելու ունակությունդ հաստատ չես կարողանում վերագտնել ու դարձել ես անհամբեր: Բայց քիչ մնաց` մի քանի շաբաթ ընդամենը…
Դիմորդ ենք, դե ինչ արած, ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը: Հաջողություն մեզ:
Ասում են՝ վերջին զանգին բան չմնաց, փորձեր էլ ենք անում ոնց որ, հա, քննություններին էլ ժամանակ չկա, պիտի պարապենք, բայց, չգիտեմ՝ ֆիզիկայի ինչ օրենքով հենց հիմա են սկսվում դպրոցական ամենահետաքրքիր ծրագրերն ու մրցույթները: Ու ինչքան մոտենում է ավարտելու օրը, այնքան ավելի շատ եմ ուզում էլի աշակերտ լինել, նորից 6 կամ 7-րդ դասարան, նորից… Չէ, էլ չի լինի: Ավարտվեց, ու հիմա, մի վերջին անգամ փորձում եմ «ակտիվ» աշակերտ լինել, դպրոցական վերջին ամիսս լիարժեք վայելել:
Տխրեցի ու վերնագրից էլ շեղվեցի:
Այսպես, դպրոցական վերջին ծրագրերից մեկն էլ, որին մասնակցեցի մայիսկ 17-ին էր՝ Թալինում, կազմակերպված ԻՏՁՄ-ի և World Vision Հայաստանի նախաձեռնությամբ: Մրցույթ-ծրագիրը միջմարզային էր, իսկ մասնակիցները՝ Արագածոտնի մարզում գործող ռոբոտաշինության խմբակների աշակերտները: Ծրագրի հիմնական նպատակը մարզի ՏՏ ոլորտով հետաքրքրվող աշակերտների և նրանց խմբակավարների ծանոթությունն էր, փորձի փոխանակումն ու խմբակների գործունեության ընթացքում կատարված աշխատանքի ներկայացումը:
Մոտ չորս ժամ տևած հանդիպման ընթացքում տարբեր տարիքի երեխաները ցուցադրեցին իրենց իսկ պատրաստած խաղերն ու համակարգչային ծրագրերը, դրանց օգնությամբ կազմված պրոյեկտները, իսկ Արմաթ լաբորատորիա ունեցող չորս դպրոց ներկայացրեց աշակերտների կողմից ծրագրված ռոբոտները և դրանց կիրառումը: Հետաքրիր է, որ ռոբոտներից շատերը, աշակերտների ցանկությամբ, այնպես էին պատրաստված, որ օգտակար լինեն մարդկանց,և հատկապես՝սահմանին կանգնած զինվորներին: Խաղերը բազմազան էին, սկսած մաթեմատիկական բարդ հավասարումներից, մինչև ամենապարզ, բայց հետաքրքիր խաղեր: Դե,իսկ պրոյեկտները հիմնականում ուսուցողական էին, լավ մտածված ու հետաքրքիր դիզայնով:
Մրցույթում նախատեսված էր երեք անվանակարգ՝«Լավագույն խաղ», «Լավագույն պրոյեկտ» և «Լավագոյն ռոբոտ», սակայն, ի զարմանս և ի ուրախություն ժյուրիի (նրանք, ի դեպ, WV Հայաստանի և ԻՏՁՄ-ի ներկայացուցիչներ էին), մասնակիցների աշխատանքները բավականին հաջողված էին, և ժյուրին այդպես էլ չկարողացավ լավագույններին բաշխել միայն երեք անվանակարգերում: Ամփոփիչ խոսքում ժյուրիի անդամներից մեկը նշեց, որ անարդարություն չգործելու համար բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ հաջորդ մրցույթը, որն ավելի լավ կազմակերպված կլինի՝ կպահպանի իր կանոնները, կլինեն հաղթողներ և պարտվողներ:
Երևի այսքանը. մայիսի 17-ին Թալինի ավագ դպրոցը մոտ 30 աշակերտների համար Տեխնոքաղաք էր դարձել, իսկ վերջում այդ քաղաքից մի մաս նրանք տարան իրենց հետ՝ սեփական համայնքն էլ նրա մի մասը դարձնելու: 21-րդ դարն է վերջապես:
Ծննդավայր: Ահա այս բառի մեջ է ամփոփված հայրենասիրություն ասվածը: Ամեն անգամ պատմության էջերը թերթելիս տեսնում ենք, որ պատերազմ են գնացել հիմնականում այն մարդիկ, ովքեր ունեին ընտանիք, երեխա և իր ընտանիքը փրկելու համար գնացել են կռվելու, բայց ցավոք շատ անգամներ նրանք հետ չեն վերադարձել: Շատ անգամներ էլ նրանց կողքին կանգնել և հերոսաբար կռվել են այն տղաները, ովքեր դեռ նոր գիտակցում էին պատերազմ ասածի իմաստը: Ահա այսպես զոհվեցին վեց եղբայները: Հավանաբար կմտածեք, թե ինչ եղբայրների մասին է խոսքը: Պատմությունը կսկսեմ սկզբից:
Գարուն էր: Եղիսաբեթը մի գեղեցիկ աղջնակ էր, ով ընկերուհիների հետ գնացել էր գյուղի աղբյուրից ջուր բերելու: Նրանք չէին հասցրել աղբյուրից հեռանալ, երբ Եղիսաբեթը հեռվում նկատեց իր վեց եղբայրներին, ովքեր դանդաղ մոտենում էին իրեն: Բայց այս անգամ նա մի տեսակ անհանգիստ էր: Եվ նրա անհանգստությունը անտեղի չէր: Եղիսաբեթը նրանց դեմքերից հասկացավ, որ գյուղը կրկին հարձակման է ենթարկվել լեզգիների կողմից: Նա աչքերը սրբեց, հրաժեշտ տվեց եղբայրներին և կժով ջուրը լցրեց նրանց հետևից: Կռիվը այս անգամ կողբեցիների և լեզգիների միջև էր: Նրանք այս անգամ ևս հարձակվել էին գյուղը թալանելու համար: Ամեն անգամ նման կռիվների ժամանակ գյուղացիները հաց ու ջուր էին տանում իրենց հարազատներին: Եղիսաբեթը՝ այդ ջահել աղջնակը, ով ոչ ոք չուներ, բացի իր եղբայրներից, ամեն գիշեր աղոթում էր նրանց համար: Պատերազմի ժամանակ վիրավորվածները հետ էին վերադառնում, ապաքինվում, ու նորից հետ գնում կռիվ: Ամեն օրվա նման մի օր էլ Եղիսաբեթը հաց ու ջուր էր տանում եղբայրներին: Բայց այս անգամ նրա մեջ վախ կար: Կուժը ուսին, հացը ձեռքին գնում էր եղբայրների մոտ: Ճանապարհին հանդիպում է եղբայրների ընկերներից մեկին, ով վիրավոր վերադառնում էր գյուղ: Եղիսաբեթը կանգնում, խոսում է տղայի հետ, բայց նկատում է, որ նրա աչքերը ինչ-որ վատ բան են հուշում իրեն: Երբ նա հրաժեշտ է տալիս տղային՝ նրան առողջություն մաղթելով, տղան հետ է շրջվում և ասում, որ եթե առաջ գնա, ապա լավ բան չի տեսնելու: Եղիսաբեթը այս ամենը լսելուց հետո ավելի է արագացնում քայլերը, բայց հանկարծ նրա ականջին է հասնում այն, որ եթե առաջ գնա՝ կտեսնի իր վեց եղբայրների դիակները: Մի քանի վայրկյան լռությունից հետո լսվում է կժի կտոր-կտոր լինելու ձայնը: Այդ ամենը լսելուց հետո Եղիսաբեթի սիրտը պայթել էր: Նա իր վերջին հանգրվանը գտնում է մոտակայքում գտնվող սարի գագաթին, և այդ օրվանից տեղանքը անվանում են Եղիսաբեթի գերեզման:
Դեպքը կատարվել է Կողբ գյուղում: Գերեզմանը մինչ այժմ պահպանվում է: Գերեզմանից ոչ հեռու գտել են նաև խաչքարեր: Բայց հետաքրքիրն այն է, որ տարիների ընթացքում սարի չորս կողմից սողանքներ են գրանցվել, բայց բնությունը կարծես հարգելով Եղիսաբեթի գերեզմանը, թողել է սարի գագաթին որպես սրբություն և հիշատակություն անձնուրաց սիրո:
Եթե մեր գյուղի երիտասարդների շրջանում հարցում անցկացնեք, հարցնելով, թե որն է տարվա ընթացքում իրենց ամենասիրած իրադարձությունը, ծննդյան օրվան ու Նոր տարվան գուցե հաջորդի «Թանգարանների գիշեր»-ը: Նախ, մի քիչ պատմեմ միջոցառման մասին. 2005 թվականից Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որը սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան հաջորդող ամենամոտ շաբաթ օրը՝ Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ:
1977 թվականից ի վեր այն իր շուրջն է համախմբում 5 մայրցամաքների 30 հազար թանգարանների և կոչ անում ամեն տարվա ընտրված խորագրով իրականացնել միջոցառումներ: Այդ օրը թանգարանները բաց են լինում մինչև կեսգիշեր, իսկ 18:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում մուտքն անվճար է: Այս տարի խորագիրը կրում էր «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» վերնագիրը, Դսեղի Թումանյանի տուն-թանգարանն էլ որպես թեմա գրողի տասներկու անդամից բաղկացած ընտանիքն էր ընտրել (նրա 4 տղաներն էլ շուտ են մահացել, մեկը կորել է Վանում, մյուսները դարձել Խորհրդային Միության ռեժիմի զոհը):
Կատարվող միջոցառումների էությունը երեխաների միմյանց հետ շփումն է, Թումանյանի մասին գիտելիքների ավելացումը, հին խաղերի վերհիշումն ու նոր խաղերը՝ հինը հիշեցնելով, ներկայացնելը: Եվ որ ամենակարևորն է, կարելի է մինչև ուշ երեկո մնալ թանագարանում ու նրա բակում: Ես էլ ամենավերջինն եմ տուն գնում, դե թանագարանին մոտ ապրելն էլ իր առավելությունն ունի: Համաեվրոպական այս միջոցառման մեջ լավ է նաև այն, որ գործում է Եվրոպայի բոլոր հետաքրքիր թանգարաններում:
Եթե դեռ չեք եղել Դսեղում, ու չգիտեք՝ երբ գալ, ապա խորհուրդ եմ տալիս առանց մտածելու այցելության օր ընտրել «Թանգարանների գիշերը»:
Ողջու՜յն, ես Վալենտինան եմ Արարատի մարզի Ավշար գյուղից: 16 տարեկան եմ: Սովորում եմ տասներորդ դասարանում` գերազանց առաջադիմությամբ: Հետաքրքրված եմ սպորտով, արվեստով և բնական գիտություններից` կենսաբանությամբ: Ունեմ ծով հետաքրքրություններ: Օրինակ` տանը զբաղվում եմ հյուսվածքային կուլտուրայով: Այն տարվա բոլոր եղանակներին բույսեր բազմացնելու լավագույն միջոցն է, որը նպատակահարմար է հազվադեպ հանդիպող տեսակների և դեղաբույսերի բազմացման համար: Վերջերս ավարտեցի Պանարմենիան Մեդիա դպրոցի 6-ամսյա կուրսը: Ասում են, որ ունեմ հիմնական նախադրյալները լավ լրագրող-հաղորդավար դառնալու համար: Բայց իրականում չեմ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Դե դեռ շուտ է: Չէ՞ որ դեռ երկու տարի ժամանակ ունեմ հստակ որոշում կայացնելու համար: Գուցե գրող, կամ լեզվաբան, կամ կենսաբան, կամ բժիշկ, կամ, ինչու չէ, քաղաքական գործիչ որոշեմ դառնալ: Դե, վերջինը կատակ էր: Կես կատակ, կես լուրջ: Կարծում եմ անկախ մասնագիտությունից, ամեն ոք պետք է լինի կրեատիվ: Գնահատի այն, ինչ ունի և ձգտի այն ամենին, ինչ չունի: Կյանքում ցանկացած երազանք իրագործելի է: Թեպետ իրագործելի է դառնում միայն այն ժամանակ, երբ մենք երազանքը վերածում ենք նպատակի: 17.am -ի մասին իմացա եղբորիցս` Հովհաննես Ղուլիջանյանից, ով արդեն թղթակից է և հասցրել է հաջողություններ գրանցել: Գրեթե ամեն օր խորհուրդ էր տալիս, որ ես էլ միանամ Հայաստանի պատանի լրագրողների ցանցին: Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ լսեցի նրան և համոզված եմ, որ ճիշտ եմ արել: Իսկապես հիանալի է, երբ քո երկրում կա մի ԹԻՄ, որի առաքելությունն է՝ միավորել բոլոր պատանի լրագրողներին: Իզուր չէ, որ թիմին հատուկ է «ՄԱՆԱՆԱ» անվանումը: Առաջին հոդվածի համար այդքանը: Խոստանում եմ, որ սրանով ոչինչ չի սահմանափակվի, այլ կլինի շարունակական:
Տասնչորս տարեկան եմ, բայց արդեն զգում եմ, որ Հայաստանի վիճակը օրեցոր վատանում է, և հիմա առանց ամաչելու խոսելու եմ ժողովրդի սրտից:
Ինձ սխալ չհասկանաք, ես ոչ մի խնդիր չունեմ, փառք Աստծո, ծնողներս ինձ ամեն ինչով ապահովել են: Բայց երբ նայում եմ շուրջս, հայրենակիցներիս, լռել չի ստացվում:
Լավ, վերջին զանգը հասկացա, վերջին դասն էլ մի տեղ ընդունեցի, բայց ի՞նչ է նշանակում մանկապարտեզներից սկսած, առաջին դասարանից մինչև չորրորդ դասարան՝ ավարտել, ավարտել ու անվերջ ավարտել, այդպես էլ չավարտելով:
Լավ, բա վե՞րջը: Այս տեմպերով ո՞ւր ենք հասնելու: Ինձ թվում է՝ սահմանը վաղուց հատել ենք:
Ախր, ժողովուրդն էլ է մեղավոր: Ո՞ւմ ենք ինչ ապացուցում, ոչ ոք չգիտի:
Իսկ այդ միջոցառումների համար ի՞նչ պիտի անի: Էլ ի՞նչ անի, վարկ պիտի վերցնի: Երկու օր կուրախանան և ամբողջ տարին լացեն:
Ինչպե՞ս չխոսեմ, ինչպե՞ս չգրեմ, երբ տեսնում եմ, թե հասակակիցներս ինչ միջոցներով են մասնակցում միջոցառումներին և ինչ ձևերով են բերում գումարը՝ պարզապես իրենց վատ չզգալու համար:
Լավ, մի քանի հարցադրում անեմ, թող իշխանությունները մտածեն:
Ինչո՞ւ է երկրի ամենակարևոր աշխատանքին մասնակցող մարդը ստանում նվազագույն աշխատավարձ, երբ պետք է առավելագույնս վարձատրել մի մարդու, ով երեխաներին ուսուցանում է: Խոսքս, իհարկե, ուսուցիչների մասին է:
Առաջ երազում էի դառնալ ուսուցչուհի, հիմա հարց ունեմ.
Ինչո՞ւ եք կոտրել երազանքներս, ու ինչո՞ւ է պատանին արդեն ապագա մասնագիտությունների ցուցակից ջնջել ուսուցչի մասնագիտությունը:
Ինձ տուն տանող երթուղայինն ամեն օր «ձևեր է թափում» և գալիս է միայն քառասուն րոպե սպասեցնելուց հետո։ Երբ ես դեռ կանգառում եմ, դասընկերներս այդ ընթացքում հասցնում են գնալ տուն, ճաշել, բողոքել, ալարել։ Բայց ի՞նչ արած, իմն էլ այդ է։
Եթե մոտենում եմ կանգառին և հանկարծ նկատում ինչ-որ հրաշքով երփուղայինն այնտեղ է, խելապատառ վազում եմ նրա մոտ, և հանկարծ այն չի սպասում, վազում եմ նրա հետևից, բայց չի կանգնում․․․
Այդ եղավ երեկ։ Վիրավորված և շնչակտուր կանգնեցի, մտածեցի՝ չունեմ ավելորդ քառասուն րոպե հաջորդին սպասելու համար։ Երևի ինձ սփոփելու համար էր, որ այդ պահին եկավ տատիկիս տուն գնացող երթուղայինը։ Նստեցի ինձնից գոհ, կարծես ի սկզբանե հենց այդ երթուղայինին էի սպասում։ Հասա տատիկենց թաղերը, իջա։
Կանգառից քիչ հեռու, մի կին յասամաններ էր վաճառում։ Տատիկիս ուրախացնելու հիանալի միջոց է անուշահոտ ծաղկեփունջը։ Ժպտալով մոտեցա.
-Բարև Ձեզ, ի՞նչ արժե։
-Փունջը՝ 1000 դրամ։
Սկսեցի մտածել՝ ո՞ր երանգի փունջն եմ ուզում։ Մինչ ես մտորումների մեջ էի, կինը չգիտեմ ինչ ենթադրելով՝ ասաց՝ 600-ով վերցրեք։
Ես այնպես նեղվեցի, այնպե՜ս։ Մի՞թե այդ յասամանների արժեքը կարելի էր շատ համարել, մի՞թե տատիկիս ուրախացնելու միջոցը կարելի էր սակարկել։