Իմ սիրելի Արտյոմը

Ինձ համար  դժվար է խոսել այս թեմայով, սակայն որոշեցի գրել ու ինչ որ կերպ մտքերս արտահայտելու միջոցով փորձել դարմանել ու դուրս հանել այն ցավը, որը  մեկ տարի է, ինչ կա։ Ես այս անգամ ուզում եմ պատմել իմ զոհված մտերիմ ընկերոջ մասին, չնայած նրան, որ չեմ կարողանում պատկերացնել ու հավատալ, որ նա այլևս չկա։

Մենք կարծես երկու եղբայր լինեինք, իրար հետ անցել ենք և դպրոցական, և ուսանողական, և թաղի ընկերության բոլոր ուրախությունները, լավ ու վատ պահերը: Ճիշտ է, վերջին շրջանում մի փոքր ուշ-ուշ էինք շփվում, բայց նա իմ կյանքում շատ կարևոր մարդ էր, ու միշտ փորձում էի տեղեկացված լինել իրենից։ Ես մեկ տարի է ուշքի չեմ գալիս և չեմ համակերպվում  նրա զոհվելու փաստի հետ։

Հայրենասիրության մասին սակավախոս այս տղան, ով շատ ժամանակ թեման փոխում էր, երբ հայրենասիրության մասին էինք խոսում, հիշում եմ՝ ինչպիսի ոգևորվածությամբ էր պատմում, թե ինչպես է մտել զինկոմիսարիատ, գեներալի սենյակ, ու գեներալի այն հարցին, թե ինչ առողջական խնդիր ունի, ասել է, որ ոչ մի խնդիր չունի ու պատրաստ է գնալ առաջնագիծ (Արցախ)։ Գեներալը շատ է զարմացել, քանի որ շատերը նույնիսկ փոքր խնդիրը այնպես են ուռճացնում, միայն թե չծառայեն: Ու ասում էր, որ հետախուզությունում է ուզում ժամկետային ծառայությունը անցկացնել ու պատկերացնում էր, թե ինչպիսի աշխարհայացքային փոփոխությամբ, կոփվածությամբ ու ֆիզիկական պատրաստվածությամբ է վերադառնալու։ Արտյոմի կյանքում անպակաս էր կատակն ու ուրախությունը։ Լինում էր, որ կռվում էինք, թե իրար հետ, թե մեր մյուս ընդհանուր ընկերների, բայց չանցած մի քանի րոպե կրկին հաշտվում: Արտյոմը բացարձակ նեղացկոտ չէր ու շատ շուտ մոռանում էր այն ամենը, ինչ կարող էր մեկ ուրիշը տարիներով հիշել։

Մի անգամ մի դեպք եղավ, և քոլեջի ուսուցիչներից մեկը դիտողություն արեց մեզ ու օրինակ բերեց համարյա մեր հասակակից ընկերներին ու ասաց, որ իրենք էնտեղ իրենց կյանքն են վտանգում, իսկ մենք քաղաքում մեր կյանքն ենք վայելում։

Արտյոմը սրտնեղած ասաց, որ համոզված է, համարյա նույն բանը այդ տղաների ուսուցիչները այդ տղաներին են ասում կամ ասել, սակայն երբ գնում են սահման կռվում, պաշտպանում մեզ ու զոհվում մեզ համար, միայն այդ ժամանակ ենք նրանց արժեվորում: Հարկավոր է, որ միշտ արժեվորենք բոլոր տղաներին, ովքեր ապագայում կամ անցյալում մեզ համար արյուն ու քրտինք են թափել, թափելու ու թափում։ Ես ճիշտն ասած չէի սպասում իրենից այդպիսի պատասխան, ու ինձ համար և զարմանալի էր, և ուրախալի, քանի որ այդ այն ժամանակ էր, երբ ես խորապես հետաքրքրված էի ազգային մշակույթով և ունեի իմ համոզմունքները։

Արտյոմի մասին կարելի է խոսել շատ երկար ու շատ դրվագներ հիշել։ Մեկը այն, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ իրար հետ մտածում էինք, թե ինչպես օգնություն ուղարկենք սահման, իսկ մենք այդ ժամանակ ընդամենը 15 տարեկան պատանիներ էինք։

Ես մինչև հիմա էլ չեմ կարողանում գնալ նրա գերեզմանին ու չգիտեմ, թե ինչպես ինձ կպահեմ այնտեղ լինելուց, ու ինչպես պիտի նայեմ Արտյոմի մայրիկի աչքերին, երբ փորձում էի հույս տալ, որ ամեն ինչ լավ է լինելու, ու Արտյոմը ամենաբարդ իրավիճակից էլ ելք կգտնի, քանի որ գիտի` տանը սպասող ունի: Սակայն բախտը ավելի դաժան գտնվեց, թե մեր, թե Արտյոմիս հանդեպ։

Ինձ համար Արտյոմը միշտ կա ու մեր կողքին է, այնքան ժամանակ, քանի դեռ մենք նրան հիշում ու խոսում ենք նրա մասին։ Իսկ ես հաստատ չեմ կարող մոռանալ մեր անցած տարիները ու արած խենթությունները։

Մենք սպասում ու հույս ունեինք որ նա հետ է գալու, սակայն պարզվեց, որ զոհվել է հրամանատարին օգնության շտապելիս, պատերազմի հենց սկզբում` սեպտեմբերի 27-ին կամ 28-ին։

Հ․Գ. Ախպերս գործդ շարունակողներ կան, չկասկածես։

marat sirunyan

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Կյանքն անիրավ, այնպե՜ս, մեզ կապում է իրար,

Որ այդ անխիղճ կապի ձեռքից պրծում չկա,

Հետո ինքն իր արած անմտության համար,

Քմծիծաղ է տալիս ու հեգնում է՝ չկա՜…

 

Հետո չար կատակով բաժանում է նա մեզ,

Հույս տալով, թե մի օր խլածը հետ կտա,

Ու երբ որ ուշացած հասկանում ենք՝ խաբեց,

Ծիծաղում է ուժգին ու կանչում է՝ չե՜մ տա…

 

Ու մենք կրկին անճար, սպասում ենք հույսով,

Թե գոնե նա ինքը ինչ-որ կերպ ետ կգա,

Բայց կյանքի չար խաղով, անիրական կապով,

Մեզ կապվածն այդպես էլ, ա՜խ, չկա ու չկա…

 

Մարատ Սիրունց

ՄԵՐ ԳՅՈՒՂՆ ԷՍ Է

-Երանի Գերմանիայում կամ Ֆրանսիայում ծնված լինեի։

Սա ես եմ, և իմ երազանքը ութ-ինը տարի առաջ՝ ութ-ինը տարեկանում, երբ դեռ չգիտեի անգամ, թե որտեղ են այդ երկրները կամ ինչպիսինն են, ուղղակի լսել էի, որ իմ մի քանի հարազատներ այնտեղ են ապրում ու շատ գոհ են։

-Վայ, ինչի մեր գյուղից լավ տեղ կա՞։

Սա էլի ես եմ, բայց հիմա՝ 17 տարեկանում։ Վիճում եմ մի քանի դասընկերներիս հետ, որոնք բողոքում են գյուղից։ Ես չեմ ասում, որ պետք է հավիտյան մնանք գյուղում և ոչ մի քայլ չանենք, ուղղակի սիրել ու պահպանել այն պարտավոր ենք բոլորս։

Իսկ ո՞րն է այդ գյուղը։ Դա Ոսկեհատն է՝ Արագածոտնի մարզի։ Չեմ ասի տնտեսապես գերզարգացած, մեծ ու շքեղ գյուղ է, բայց բնակիչների համար անչափ թանկ է ու սիրելի։

Գյուղս այնքան էլ ծեր չէ։ Առաջին բնակիչները եղել են տատիս ու պապիս ծնողներն ու նրանց հասակակիցները։ Գաղթել են Արևմտյան Հայաստանից ու տուն կառուցել այստեղ՝ Ամբերդ գետի ափին (գյուղացիները անվանում են նաև Համբերդ)։ Գետը, որը սկիզբ է առնում Արագած սարից, գյուղի գլխավոր հարստություններից մեկն է։ Մարդկանց ոչ այնքան հայտնի, սակայն գյուղի համար արժեքավոր կոթողներից է նաև Ճգնավորի այրը։ Քարայր-կացարանը գտնվում է գյուղի հյուսիս-արևելյան հատվածում, 12-19-րդ դարի շինություն է։ Թեև այրը այնքան էլ մեծ հռչակ չի վայելում, այնուամենայնիվ միգուցե այստեղ ժամանակին ճգնել է մեծ փիլիսոփաներից կամ պատմիչներից մեկը։

Այժմ մեր էքսկուրսիան ավարտենք գյուղի ամենագլխավոր ու ամենակարևոր կոթողով։ Սուրբ Սարգիս եկեղեցի-ամրոցը համարվում է մեր գյուղի հոգևոր կենտրոնը։ Եկեղեցու մասին հստակ տեղեկություններ չկան, բայց կարծիքներ կան, որ այն կարող է հասնել մինչև 14-15-րդ դար։

Գյուղում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Մշակում են տարբեր տեսակի մրգեր և բանջարեղեն։ Հնում շատ են մշակել հատկապես «Ոսկեհատ» անունով խաղողը։ Գյուղացիների խոսքով, հենց դրա համար էլ գյուղը անվանել են Ոսկեհատ։ Ի դեպ, Ոսկեհատի հին անվանումը եղել է Բադրինջ (ըստ մեծերի՝ ծաղկի անուն է)։

Սա է մեր գյուղը՝ փոքր, բայց հարազատ։ Հա, մոռացա գլուխ գովել։ Ես զտարյուն ոսկեհատցի եմ, այսինքն, իմ մայրիկի հայրն ու մայրը և հայրիկի հայրն ու մայրը՝ չորս տատիկներս ու պապիկներս, ծնվել են հենց այս գյուղում՝ գրեթե նույն թաղամասում։ Հայրս նույնպես այս մասին հպարտությամբ է խոսում։

Եվս մեկ տեղեկություն՝ գյուղում կա երիտասարդական հասարակական կազմակերպություն՝ «Ոսկեհատը»։ Այն հիմնադրվել է գյուղի երիտասարդների ջանքերով և ակտիվ գործունեություն է ծավալում, կազմակերպում է ամենամյա ազգային-բակային ճամբարներ և այլն։

mariam tonoyan

Լուսին է

Փողոցն անցնելիս լուսացույցի անտանելի ծվծվոցի ներքո անփույթ մի քայլ և բոսորագույն սանդալի փոկը կտրվեց, ու մնացյալ ճանապարհը ստիպված էր մեկ ոտքը բոբիկ անցնել։ Նա կգերադասեր, որ ձմեռ լիներ, աղմկոտ ձյան ճրթճրթոցով տարված՝ իր առջև կտեսներ միայն տաք հագուստներով փաթաթված, պսպղուն աչքերով ինչ-որ ուրվականների և ստիպված չէր լինի հանդուրժել այդ շոգից մերկացած, անժպիտ, զգացմունք չարտահայտող դեմքերը։ Դեռ ոչ մի պահ չէր կարողացել ընտելանալ, հարմարվել այն տարածությանն ու ժամանակին, որում ծնվել էր, ինչպես ինքն էր ասում՝ հայտնվել պատահաբար։ Այժմ էլ մի պահ մտածեց, որ ոտաբոբիկ քայլելը, թերևս, ավելի հարմար է, բայց հանկարծ իրեն այդ տարօրինակ մտքի վրա բռնացնելով, ժպտաց։ Երբ հասավ մայթին, ձեռքը թեթև սահքով գլխին մոտեցրեց, հրաշեկ մազերն ազատեց կապանքներից ու, ծնկելով գետնին, մազակապն անցկացրեց ոտքի վրա այնպես, որ այն ոտքին կպած պահի իր անպիտան սանդալը, հետո վեր բարձրանալով՝ շարունակեց քայլել։ Թվում էր, թե բոլորի ուշադրությունն իրեն է սևեռված, բոլորն ականատես են իր ձախորդությանը, բոլորը պատրաստ են կարեկցել։ Ախ, ինչպե՜ս էր ատում այդ սին կարեկցանքը։ Թեև ոչ ոք չէր էլ նկատել, որ նրա ոտքի վրա ինչ-որ բան սովորականից տարբեր է, ոչ ոքի նա չէր էլ հետաքրքրում։

Փողոցից ծխի անտանելի, բայցև ախորժելի հոտ էր գալիս։ Մոտակա արագ սննդի կետից երկու աղջիկ դուրս եկան՝ ձեռքներում տաք-տաք բրդուճներ, կտրեցին նրա ճանապարհը, ու նրանցից մեկը, որն ավելի բարձրահասակ էր, անփութորեն կծեց բրդուճը։ Մատներին թափված մայոնեզը նրան զվարճություն պատճառեց, ու լիքը բերանով սկսեց քրքջալ և ինչ-որ բան պատմել մյուս աղջկան։ Տգեղ էր այդ ամենը։

Նա հանկարծ հիշեց, որ այդ բառով երբեմն իրեն էին նկարագրում։ Նա տգեղ էր։ Բայց տգե՞ղ էր արդյոք։ Ոչ, ամենևին, նա մնացել էր այնպիսին, ինչպիսին ի բնե էր, նա սիրում էր իրեն այդպիսին և օտար էր համարում ցանկացած շպար, ցանկացած ժամանակակից ու կարճակյաց նորաձևություն։ Բերա՞նն էր մեծ, գուցե ժպտալուց էր։ Նա չէր կարող չժպտալ, ժպտալու այնքա՜ն շատ պատճառներ ուներ։ Իսկ իր ժպիտի պատճառով իրեն սիրահարված երազկոտի տեղ էին դնում։ Ատամնե՞րն էին ծուռումուռ, ոչի՜նչ, նա այդպես էլ կարողանում էր ծամել, այդպես էլ իր ժպիտը հոլիվուդյան կթվար, եթե այն սրտաբուխ էր ու ազնիվ։ Շա՞տ էր բարձրահասակ, նիհա՞ր էր, կամ գե՞ր, հոգնած տե՞սք ուներ, լավ չէ՞ր հագնվում… Հիմարությո՛ւն։

«Երբ ես ծնվել եմ,- հիշում էր ամեն անգամ,-մայրս ինձ նայել ու հիացմունքով ասել է՝ լուսին է։ Լուսինը նրա համար կանացի գեղեցկությամբ օժտված ամենագեղեցիկ երկնային մարմինն էր։ Լուսինե. այդպես էլ կոչեց ինձ։ Գեղեցկության մասին դատելիս ու՞մ ավելի պետք է հավատամ, եթե ոչ մորս»։

Ավտոբուսի մեջ հրմշտոց էր։ Շոգի պատճառով բոլորն ավելի տաքարյուն էին դարձել. տղամարդիկ սկսեցին հայհոյել միմյանց, վարորդը բարկացավ, արգելակեց ու դուրս հրավիրեց նրանց։ Պատուհանից այն կողմ՝ սահող անշունչ շենքերն անուններ ունեին, նրանցից քչերն էին հայեր, անգլերեն բառերով ցուցանակները լղոզվում էին ապակուն, ապա կորչում էին, կորչում ընթացքի մեջ։ Ամեն ինչ իր կաղապարն ուներ այդ քաղաքում, մարդիկ պետք է տարբերվել փորձելու մոլուցքով միանման դառնային, կենդանիներին պետք էր զբոսնելու տանել՝ ճանապարհը ինքդ որոշելով, բառերն ու խոսքերը ասես հստակ սահմանված լինեին յուրաքանչյուր դեպքի համար, նույնիսկ բնության ամենահամառ ներկայացուցիչները՝ ծառերն էին այստեղ կաղապարված՝ ասֆալտի մեջ բացված մի կտոր հողով բավարարվելով։ Տգեղ էր այդ ամենը։

Լուսինեի համար ամեն մերժելի բան այդ օրն ընդգծված կերպով էր ներկայանում։ Պատճառն իր երազն էր։ Երազում նորմալ կյանք էր տեսել և չէր կարողանում առօրյա մղձավանջից արթնանալ ու դարձյալ այնտեղ հայտնվել։ Տեսել էր, թե ինչպես է բարակավիզ ու կապուտաչյա մանուշակներով պատված բլրակի հետևից արևը թևերը պարզած վեր ելնում՝ գրկելու կապույտը, հավերժությունը։ Նույն պահին գյուղական մի խրճիթում քնից արթնանալով ձեռքերը տարածել էր քնաթաթախ աղջնակը, որն շտապում էր բերքահավաքի գնալ ու բաց չթողնել ժամադրության այդ ծածուկ առիթը՝ գրկելու իր սիրեցյալին, հավերժությունը…

Երազից մանրամասներ չէր հիշում, բայց այն իր հետևից մանկություն հիշեցնող դաղձի բույր էր թողել, որ չէր առնում ոչ մի ասֆալտից։ Իսկ ու՞ր էր իր սիրելին, իր հավերժությունը։

-Անունս Լուսինե է,- ժպիտով ասել էր նրան առաջին հանդիպման ժամանակ, երբ թվացել էր, որ գտել է իրեն ամենահամապատասխան մարդուն այդ սխալ ժամանակներում։

-Քեզ Լյուսի կասեմ,-որոշել էր տղան անմիջապես։

-Օքեյ,-պատասխանել էր նա և միայն  հետո՝ փողոցն անցնելիս, լուսացույցի անտանելի ծվծվոցի ներքո վճռել, որ այլևս երբեք չեն հանդիպի։ Ապա անփույթ մի քայլ, և բոսորագույն սանդալի փոկը կտրվեց…

Երիտասարդական գրականագիտական մրցույթ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում և «Գրական կայարան» գրական, մշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարում են «Երիտասարդական գրականագիտական մրցույթ»։Ծրագրի նպատակը երիտասարդների շրջանում գրաքննադատական հմտությունների զարգացումն է՝ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների մասին գրախոսականներ գրելու միջոցով։

Ծրագրի շրջանակներում հանրապետության չորս քաղաքներում՝ Վանաձոր, Իջևան, Մարտունի, Վայք (Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզեր), կկազմակերպվեն մեկօրյա դասընթացներ, որոնց ընթացքում ոլորտի մասնագետները՝ գրողներ կամ գրականագետներ, երիտասարդներին կսովորեցնեն ընթերցանության ու գրախոսության հմտությունները։ Դասընթացներից հետո երիտասարդները կգրեն գրախոսականներ և ընտրված լավագույն մասնակիցները կստանան դրամական մրցանակներ։

Ծրագրի արդյունքում երիտասարդները կծանոթանան ժամանակակից գրողների ստեղծագործություններին, ձեռք կբերեն գրագետ ընթերցանության և գրաքննադատական տեքստեր գրելու հմտություններ։

Մրցույթին կարող են մասնակցել 17-30 տարեկան ՀՀ քաղաքացիները։ Մրցույթին մասնակցությունը բաց կլինի՝ դասընթացին չմասնակցած պատանիներն ու երիտասարդները նույնպես կկարողանան ուղարկել իրենց գրախոսությունները։

Մրցույթին գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է՝ 2021թ․ հոկտեմբերի 15-ը:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099028700 հեռախոսահամարով կամ գրել նամակ kayaran.contest@gmail.com էլ․հասցեին։

Margarita Udumyan

Հայրենիքը սկսվում է սահմանից

…Դուք առավոտյան արթնանալուն պես մտածում եք, թե ինչ եփել և կամ ուր տանել ձեր փոքրիկին, իսկ մենք` սահմանին ապրողներս (ես ապրում եմ Տավուշի մարզի Չորաթան գյուղում) հենց աչքերը բացելու վայրկյանից շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը` մեր երեխաների անվտանգ քունը ապահովելու համար։

Շատ են բողոքում սահմանամերձ գոտիների ճանապարհներից և հեռավորությունից, բայց ոչ բոլորն են գիտակցում նրանց կարևորությունը։
Ես բնակվում եմ մի փոքրիկ գյուղում, որը մայրաքաղաքից չորս ժամվա ճանապարհ է, բայց ամեն անգամ գյուղից գնալը տևում է մի ամբողջ հավերժություն, իսկ վերադառնալը վայրկյաններ։

Բոլորը խոսում են հայրենասիրությունից և ռազմական ոգուց, բայց դուք ոչ մեկի աչքերում այդքան խիզախություն և ուժ չեք տեսնի, որքան սահմանին մոտ ապրող փոքրիկ մանչուկների, ովքեր դեռ մանկուց ապրել են այդ դժվարությունները։

Իմ փոքրիկ գյուղն էլ անմասն չի մնացել գնդակոծություններից, բայց այն մինչ օրս կանգուն է իր հզոր բնակիչների շնորհիվ։

Բոլորը սիրում են իրենց ծննդավայրը, իսկ մենք ոչ միայն սիրում, այլև հպարտանում ենք նրանով։ Փոքր ժամանակ մենք կրակոցների ձայները կարծելով հրավառություն, դուրս էինք գալիս և ուրախ ծափահարելով և թռչկոտելով դիմավորում նրանց, չնկատելով ընտանիքի անդամների լացակումած դեմքի վրա արհեստականորեն, դողացող շուրթերով հազիվ նկատելի այն ժպիտները, որը մեզ մոտ ուրախ ձևանալու համար էր միայն։ Հիշում եմ, որ ես շատ էի սիրում խաղալ հրազենի դատարկ փամփուշտներով և դեռ մի հատ էլ ականջօղ էի պատրաստում և կախում ականջիցս, իսկ հիմա այդ դատարկ փամփուշտից ականջօղի փոխարեն լիքը փամփուշտները կախված են աչքերիցս և փորձում են արցունք քամել պատերազմից հետո արդեն ցամաքած կոպերիցս։

Մենք կրակոցների ժամանակ չենք լացում, քանի որ այնքան ենք մեծացել, որ ուժ ենք տալիս դրա միջով արդեն անցած մեր ընտանիքին։

Այստեղ բնակվող երեխաների մեծամասնությունը չեն լքում իրենց գյուղը, այլ գնում են սովորելու, որպեսզի վերադառնան և շենացնեն այն։ Ամուսնանալով աղջիկները չեն ուրանում իրենց ծննդավայրը, քանի որ դա նրանց սրտում խորը դաջված անբացատրելի մեծ սեր է։

Երկար և դժվար ոլորանները ապացույցն են այն բանի, որ գեղեցիկը և արժեքավորը ոչ բոլորին են հասանելի, իսկ դժվարությունները ոչ բոլորը կարող են հաղթահարել։
Հայրենասիրությունը մահճակալի տակ լացող և իրենց ծնողների թիկունքում թաքնված վախկոտների համար չէ, այլ սահմանը շենացնող քարը ձեռքին ամուր բռնած, զենքի համար ոտքերը գետնին զարկող չորս տարեկան երեխաների համար է, ովքեր ուզում են շուտ մեծանալ, որպեսզի գնան սահմանը պահելու։ Սահմանամերձ գոտու երեխաների մեծ մասը այն հարցին, թե ինչ են ուզում դառնալ, պատասխանում են՝ զինվոր։
Հետևություննրը թողնում եմ ձեզ։

… Եվ երբեք մի մոռացեք, որ հայրենիքը սկսվում է սահմանից։
Հիշեք, որ Մոնթեի և Նժդեհի նկարներով հագուստ կրելը դեռ հայրենասիրություն չէ։

Mushegh Tonoyan

«Մենք ենք»

Ես Մուշն եմ, 18 տարեկան եմ։ Սիրում եմ երաժշտություն ու պոեզիա: Շեփորահար եմ, սիրում եմ գրել նաև բանաստեղծություններ, բայց կյանքում, ամենից շատ, սիրում եմ հպարտանալ Հայ լինելովս։

Շեփորի հանդեպ հետաքրքրությունն ու սերս սկսել է այն ժամանակ, երբ գնացել էի Գ. Բուդաղյանի անվան երաժշտական դպրոց` դաշնամուրի դասարան ընդունվելու, բայց այնտեղ ծանոթանալով իմ ուսուցչի հետ և լսելով նրա կատարումը, հասկացա` շեփորն ինձ ավելի հոգեհարազատ է, քան դաշնամուրը: Ու էդպես սկսեցի գնալ շեփորի: Սովորեցի հինգ տարի, բայց ավարտելուց հետո էլ շեփորը իմ առօրյայի մի մասն է:

Որքան էլ տարօրինակ թվա, ռեպը սիրել եմ այն տարիքից, երբ չգիտեի անգամ շեփորի, ապագայում երաժիշտ դառնալուս մասին։ 7-8 տարեկանում արդեն, ռեպ էի լսում։ Իհարկե, հիշում եմ իմ լսած առաջին խումբը` «Հայ տղերքը», ովքեր 2000-ականներից արդեն շատ երիտասարդների էին գրավել իրենց երգերով:  Այդ խմբի մեջ ինձ համար կա մի մեծ առավելություն. նրանք բոլոր երգերում հպարտանում էին, որ ՀԱՅ են, վեր են դասում հայկականը, ներկայացնում հայի այն հատկանիշները, որոնք այսօր «առաջադեմների» կողմից ծաղրի են արժանանում։

Ռեպում կա երկու սահման` «Օլդսքուլ» և «Նյուսքուլ»: Կարող եք ենթադրել, որ ես «Օլդսքուլ» ռեպի սիրահար եմ։

Ռեպով այնքան տարվեցի, որ մայրենիի դասերին անցած բանաստեղծություններն արտասանում էի ռեպի տեսքով: Հարազատներս կհիշեն: Հիմա, երբ հետ եմ նայում, ներողություն եմ խնդրում իմ  արվեստի «զոհը» դարձած հայ բանաստեղծներից:

14-ում գրեցի «Ատելով» երգս, որը 17-ում հեռախոսով ձայնագրեցի և տեղադրեցի համացանցում։ Իհարկե, շատերը իմ շրջապատում հումորով ընդունեցին արածս, բայց ընկերներիցս մեկն ասաց. «Մուշ, սենց որ լսում եմ` ինչ են խոսում ու ոնց են իրանց պահում, հասկանում եմ, որ ճիշտ ուղու վրա ես, չդադարեցնես»: Էդ խոսքերից հետո ավելի ոգևորվեցի։ Անկեղծ կասեմ` առաջին ձայնագրածս երգը իմ սրտով չէր, հասկացա, որ հիմա սիրո թեման չէ, որ պետք է բարձրացնել: Սկսեցի գրել մարդկանց հարաբերությունների, որակների մասին, վատին, չարին տրվելու երևույթների դեմ։ Հիմա հուզում է իմ երկրի վիճակը: Սա  գրել եմ պատերազմից հետո` ձմռանը: Հուսահատված էինք բոլորս, հիմա էլ:

Ուզում եմ, որ մարդիկ մի պահ կանգ առնեն, հիշեն, թե ով ենք մենք` հայերս, համախմբվենք։

«Մենք ենք»… Իմ նոր ռեպն է: Սպասում եմ ձեր կարծիքներին:

https://www.youtube.com/watch?v=tkq9-b_4cCk

Seroj zinvor

Մեկ ամիս բանակից հետո

Բարև, գիտե՞ս, էս անգամ էնպես անսովոր ա: Միշտ նյութ որ գրելուց եմ եղել, չէ ավելի ճիշտ կներես, միշտ չէ, վերջին երկու անգամը, ծառայության ընթացքում, միշտ գրել եմ արձակուրդիս ու չգիտեմ ինչի վերջին օրը, վերջին պահին ու արագ, շտապելով, որպեսզի կիսատ չմնար, բացառությամբ «27. 09. 2020թ., Արցախ» նյութը, որը ոնց հասկացաք, բավականին երկար էր, ու դրա համար այն սկսել էի հենց արձակուրդիս առաջին օրվանից: Այս անգամ արձակուրդ չէ: Հա, ի դեպ, եթե ընթերցողների մեջ կան մարդիկ, ովքեր կարդացել են իմ նյութերը կամ տեսել ֆոտոները ու ինձ ճանաչում են՝ ասեմ, որ ես վերադարձել եմ, ավարտել եմ ծառայությունս, ու դու հաճախակի կտեսնես թե նոր նյութեր, թե ֆոտոներ իմ ստորագրությամբ:

Հիմա պատմեմ մի քիչ իմ մասին, թե ոնց է ընթանում կյանքս, ինչ կա: Սկսեմ հոդվածներ գրելուց, որը  ոնց որ առաջին անգամ լինի կյանքումս, անծանոթ ստեղնաշար, բայց իրականում այն մեծաքանակ նյութերը, որ նախկինում գրել եմ, գրել եմ նույն ստեղնաշարով ու միտքս հեշտությամբ էի շարադրում, դժվար կապակցվող բաներ չկային, ինչպես հիմա է: Բայց ասեմ, հաճելի է, ոնց որ սկսնակ լինես ու պայքարես ամեն խոսքի հետ, որպեսզի լավագույնս արտահայտես մտքերդ:

Երեկ լրացավ մեկ ամիսը, որ ես արդեն իմ ընտանիքի հետ եմ, իմ տանն եմ, իմ սենյակում: Արդեն մեկ ամիս է, ինչ քնելուց առաջ հեռախոսս հանգիստ դնում եմ լիցքավորման և արթնանում հանգիստ, առանց մտածելու, որ  քնած ժամանակ ուրիշը կարող է վերցնել: Գիշերը ֆիլմ եմ նայում, գծագրում հատակագծեր, լոգոներ, մշակում ֆոտոներ և նաև այս պահին այս ուշ ժամին գրում այս նյութը` չմտածելով անգամ, որ քուն հրաման է, ու որևէ սպա չի գա ասի` ինչի՞ քնած չես: Բայց դե առաջին 15 օրը, անկախ իմ քնելու ժամից, վեցն անց տասնհինգ արթնանում էի՝ տեսնում անաղմուկ սենյակ, պատից միացված հեռախոսս, տանն առավոտյան հանգստությունն ու մեկ ուրիշ հաճույքով վայելում այդ երկար սպասված պահը:

Մի քանի օրից կգամ Երևան էլի, ավելի ճիշտ, մշտական կտեղափոխվեմ թե ապրելու, թե մնացած երկու տարին համալսարանը շարունակելու:

Երբ մի քանի օր առաջ Բաղանիսից եկա Երևան, կարծես թե առաջին անգամ էի քաղաքում, բայց գիտեի, որ շենքի հետևում սուպերմարկետն է, որտեղից միշտ գնումներ էի անում տուն գնալուց առաջ: Նույն կերպ համալսարանը: Ես հիմա երրորդ կուրս եմ՝ գնալու եմ դասի ուրիշ համակուրսեցիների հետ: Դեռ չեմ ճանաչում ոչ մեկին, և էլի կարծես առաջին անգամ եմ ուսանող: Իրականում ես երկու տարի սովորել եմ այդտեղ՝ Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանում, համալսարան, որը կստիպի էլի քաղաքի անցորդներին շեղել ուշադրությունը դեպի իմ կողմը, իմ ձեռքի գծագրերի ու մեծ գծագրական տախտակի պատճառով, ու արդեն սեպտեմբերյան ոճով, ինչպես միշտ, ծննդյանս օրով, էլի համալսարան սեպտեմբերի 1-ին:

Արդեն քսաներկու տարեկան եմ դառնում, բայց դե վերջին երկու ծննդյանս օրը անմոռանալի էին ինձ համար: Առաջինը մարտավարամասնագիտական դասերին սողեսող ցեխերի մեջ, իսկ երկրորդը` 148 մարտական դիրքում գիշերը, դիրքում կանգնած ժամանակ, տղաների հաճելի անակնկալը. վաֆլիի վրա լցրած սուրճի ու խտացրած կաթի միջոցով ստացված շոկոլադե տորթը:

Լավ ամիս է սեպտեմբերը: Չգիտեմ ինչու, միշտ լավ հիշողություններ են եղել սեպտեմբերի հետ կապված. թե որպես աշնան ամիս,  որն իմ սիրած եղանակն է տարվա, թե որպես արձակուրդներից հետո նոր կյանք մտնելու ու սկսելու ամիս, և ինչու չէ, նաև ծննդյանս օրվա պատճառով: Բայց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ը կստիպի ամեն ամիս այդ օրը  լրջանալ, քարանալ, հիշել, փշաքաղվելով հիշել, թե ինչպես առավոտյան սկսեց այդ արյունալի պատերազմը: Փակել աչքերը, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ես կամ, և շարունակել ապրել, ոնց որ մնացած մարդիկ, այդ ամենը չմոռանալով, բայց թողնելով անցյալում: Այսքանը, երկար չեմ գրի: Ուղղակի գրել եմ, որ ես եկել եմ, ու մենք հաճախ կհանդիպենք իրար, թե նյութի, թե ֆոտոների տեսքով, ու ևս մեկ անգամ էլ կրկնեմ. ուղղակի ուրախ եմ, որ էլի հնարավորություն ունեմ էստեղ գրելու ու իմ նյութերով Ձեզ հետ շփվելու:

Մինչ նոր հանդիպում:

Lilit Abrahamyan

Պապիս թողած գանձերը

Հա, հիմա կմտածեք գանձեր ասելով նկատի ունեմ փող։ Սխալվում եք։ Պապիս թողած գանձերը երբեք չեմ փոխի ինչ-որ բանի հետ։ Նրա թողած գանձերը դրանք գրքերն են։ Երբ պապ ու թոռ  զրուցում էինք, պապս շատ էր սիրում խոսել իր գանձերից՝ գրքերից։ Պատմում էր հերոսների կյանքից, թե նրանք ինչքան բան են սովորեցնում, թե  ինչքան բան են փոխել իր կյանքում, ինչքան կարևոր են իր համար ու միշտ ասում էր․

-Գիրքը կարող է փոխել ներաշխարհդ։ Գրքում դու կարող ես գտնել այն հարցերի պատասխանները, որոնք մարդիկ չեն կարող տալ։

Ու իրոք, պապս ճիշտ էր։

Երբ դեռ փոքր էի, չէի մտածում, որ ինչ-որ գիրք կարող է փոխել վերաբերմունքս մարդկանց նկատմամբ։ Չէի մտածում, որ կլինի գիրք, որ հետագայում կդառնա իմ ամենասիրելի գրքերից մեկը։ Բայց փաստորեն նման գիրք կա․ ինձ համար դա Ռաքել Պալասիոսի «Հրաշք» վեպն էր, որը դասվում է պապիս թողած «գանձերի» շարքին։ Նախքան վեպը կարդալը, ես վերևից էի նայում այն երեխաներին, ովքեր ունեին առողջական խնդիրներ,  խղճում էի  նրանց, փորձում էի ծաղրել։ Բայց դա առաջ էր․․․

«Հրաշքը» ամեն ինչ փոխեց․ թե վերաբերմունքս, թե հայացքներս նրանց նկատմամբ։ Գիրքը սովորեցրեց, որ նրանք մեղավոր չեն։

Մեղավոր չեն, որ ունեն նման խնդիրներ։

Մեղավոր չեն, որ նման կյանք է իրենց բաժին հասել։

Մեղավոր չեն, որ ես չէի գիտակցում իմ սխալ լինելը։

Ու ես հասկացա, որ պետք չէ մարդու մասին կարծիք կազմել արտաքինով։

Հասկացա, որ նրանք են բոլորից ուժեղը։ Քանի որ կարողանում են ՊԱՅՔԱՐԵԼ։

Հ․Գ․«Հրաշք»-ը դարձավ  իմ ամենասիրելիներից և իմ գրասեղանի գիրքը:  Ու «պապիս թողած գանձերը» իմ գրապահարանը լցրեցին, և ինչպես փոխեցին պապիս կյանքը, այնպես էլ իմն են փոխում։

«Վերաբերմունք» /«Einstellung»

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում օգոստոսի 24-ին ներկայացրեց իր նոր՝ «Վերաբերմունք»/«Einstellung» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 3-ը։

Լուսանկարչական ցուցահանդեսի հիմքում 2020-2021թթ. համավարակ-պատերազմի պայմաններում գրեթե անշարժացած մշակութային մեր կյանքի բեմահարթակում Երևանի  Իսահակյան թաղամասի բնակիչ` լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի բակն է, նրա լուսանկարային անդրադարձները` դիտված բազմաբնակարան շենքի իր պատուհանից:

«Սա մի փորձ է ակնադիտական (visual) տիրույթում հետահայաց զննելու ներկան` նյութի մեջ ընդգծելով արվեստայինը: Դիտողին հնարավորություն կընձեռնվի միջամտել լուսանկարներին` դառնալ համաստեղծող: Նախագծի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել գերմաներեն լեզվի «Einstellung» («Վերաբերմունք») բառը. ակնադիտական արվեստում ընդգրկուն հասկացություն, որին մանրամասն անդրադարձել է գերմանացի հանրահռչակ ռեժիսոր Վիմ Վենդերսը»,-ասում է Զավեն Խաչիկյանը։

Ցուցահանդեսի առաջնային հիմնախնդիրներն են` լուսանկարչության և արվեստի  այլ բնագավառների միջև կապերի  զարգացման հարցերի քննարկումը, արդի լուսանկարչության այլընտրանքային ուղիների բացահայտումը, լուսանկարչություն-մարդ-միջավայր-իրադարձություն հարաբերություններում  արվեստային գործոնի կարևորումը, պատկերահանդեսի` նորարարական ինտերակտիվ հարթակի վերակերպումը:

Լուսանկարները` Աիդա Շահբազյանի