Ani Ghulinyan

Կանայք ֆուտբոլում

Այն, որ կանայք իրենց ֆուտբոլային հմտություններով ոչնչով չեն զիջում տղամարդկանց, արդեն ոչ մեկի համար տարօրինակ չէ: Լավ, միգուցե մի քանիսի համար տարօրինակ է:

Կանայք թափանցում են բոլոր բնագավառները՝ նկարչություն, սպորտ, քաղաքականություն, բիզնես, ու դա ոչ թե տարօրինակ է, արտառոց կամ լավ, այլ պարզապես նորմալ: Որոշ բնագավառներում կանանց ներգրավվածությունը փոքր մասշտաբներ ունի: Դա բնավ նրանից չէ, որ նրանք ի զորու չեն կատարել այս կամ այն գործը, ուղղակի մարդկանց աչքին դեռևս անսովոր է կին մրցավար, ֆուտբոլային գործակալ կամ մարզիչ տեսնելը: Բայց այսօր էլ կան վերը նշված մասնագիտություններով հաջողակ կանայք:
Օրինակ՝ «Միլան» ֆուտբոլային ակումբի նախագահը ակումբի սեփականատիրոջ՝ Սիլվիո Բերլուսկոնիի դուտրն է՝ Բարբարան, որը հաջողությամբ կատարում է ակումբի նախագահի պարտականությունները:
Միա Հեմմը ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող է, 90-ականներին իր թիմի հետ երկու անգամ նվաճել է աշխարհի օլիմպիական չեմպիոնի կոչումը:
Ռեյչլ Անդերսոնը ֆուտբոլային գործակալ է, զբաղվում է տղամարդ ֆուտբոլիստների տրանսֆերներով, ՖԻՖԱ-ի կողմից առաջին լիցենզավորված գործակալն է:
Հելենա Կոշտան էլ երեք տարի առաջ ստանձնեց «Գրենոբլի» ակումբի ղեկավարի դերը: Սա առաջին դեպքն էր, երբ կին մարզիչը ղեկավարում էր թոփ 5 լիգաներից մեկում հանդես եկող թիմ:
Ի դեպ, այս ամիս մեր Դսեղ գյուղում էլ բացվեց աղջիկների մինի ֆուտբոլի թիմ: Առաջ էլ կար, ուղղակի ոչ կանոնավոր հավաքներ էին անում, իսկ հիմա խաղում են տարածաշրջանային լիգայում հարևան գյուղերի թիմերի հետ: Ես զբաղվածության պատճառով թիմի անդամ չեմ, բայց մարզումներին մեկ-մեկ գնում եմ: Անկախ գնալ-չգնալուս, մեկ է, հաճելի է իմանալ, որ քո համայնքում ևս աղջիկները սկսում են պայքարել իրենց ուզած ոլորտում իրենց տեղը գտնելու ու այն ամրապնդելու համար:

hovhannes ghulijanyan

Ավետման տոնը

Այսօր Արմավիրի մարզի Մրգաշատի եկեղեցում մատուցվեց Ավետման Սուրբ Պատարագ։ Դե, արդեն պարզ է, որ  Պատարագի հիմնական խորհուրդը մայրության տոնն է։ Պատարագի ժամանակ Սիոն սրբազանը քարոզեց՝ մեջբերելով Գարեգին Առաջինի խոսքերը. Մարիամ Աստվածածնի մեջ է ամփոփված մայրության բարձրագույն արտահայտությունը։ Նաև քանի որ մենք այժմ Մեծ Պահքի մեջ ենք, ասաց, որ կարևոր է պահքի ժամանակ չկենտրոնանալ զուտ կերակուրներից հրաժարվելու վրա: Մեծ Պահքը շատ ավելի կարևոր իմաստ ունի։ Պետք է ձգտել հոգևոր պահքի, որն է՝ ապրել Աստծո պատվիրաններով։

Ես ևս այս բառերը լսելով, մտածեցի և հիշեցի, որ ընկերոջս հետ կռված եմ, և հասկացա, որ պետք է անպայման հաշտության եզրեր փնտրել, դրա համար հենց այսօր ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հաշտվենք։

Առջևում Ավագ Շաբաթն է, և բոլոր քրիստոնյաները պետք է ձգտեն ապրել պատվիրաններով, այլ ոչ թե միայն մի քանի կերակուրներից հրաժարվեն և հպարտանան, թե պահքի մեջ են։

Ու քանի որ այսօր Ավետման տոնն է, մայրության և գեղեցկության, ուզում եմ շնորհավորել բոլոր մայրերին:

Ani Harutyunyan

Մենք պատրաստ չենք

Երբևէ նկատե՞լ եք, թե ինչքան հակված ենք հավատալու ինչ-որ մանր ու տարօրինակ երևույթների։

Մենք մեր երազանքները կապում ենք ժամերի հետ։ Այն վստահում ենք ինչ-որ կլոր ժամի (ասենք 22:22)։

Մենք պատրաստ ենք մեր երազանքի հետ մի ամբողջ յասամանի ծառ ուտել՝ կազմված 5 կամ ավելի թերթերով յասամանի ծաղիկներից։

Պատրաստ ենք ամեն գնով նույնանուն մարդիկ գտնել (անկախ նրանց ով լինելուց, իրարից որքան տարբեր լինելուց) ու ուսերով հրելով խցկվել նրանց մեջտեղը՝ սպասեք՝ երազանք պահեմ։

Պատրաստ ենք բոլորի ծննդյան մոմերի մեջ մեր երազանքը դնել ու այն փչել, խառնել օդին, անէացնել։

Պատրաստ ենք ամեն հնարավոր ու անհնարին ինչ-որ բանի, բայց ոչ երազանքը նպատակով համեմելու ու քայլ առ քայլ դրա հետևից գնալու։

Պատրաստ ենք ծաղիկների թերթերը պոկել, քամուն տալ՝ ստուգելու «սիրո՞ւմ է, թե՞ չի սիրում», որպես սիրո առհավատչյա սառն ու անմարմին կամուրջներին կողպեքներ կախել, ծառերին՝ գույնզգույն կտորներ։

Մենք պատրաստ ենք կոտրել տան բոլոր հայելիները, ապակիները, բաժակները ու չարը խափանված համարել, բայց հանկարծ չնայենք մեր ներսը, չփոխվենք։

Պատրաստ ենք երեք անգամ թու-թու անել, շորը կծել, փայտին տկտկացնել, բայց չհավատալ, չաղոթել։

Պատրաստ ենք ամեն պատահականություն ընդունել ճակատագրի չար կատակ, բայց չընկալել, որ ճակատագիրը մենք ենք չափում, գծում, կտրում։

Ուզում ենք երջանիկ լինել, բայց պատրաստ չենք ինչ-որ բաներ բաց թողնելու, ասենք՝ զոհաբերելու։

Ցանկություն կա իրականությունը վայելելու, բայց հաճախ պատրաստ չենք ինչ-որ հեռախոսից մեզ զրկելու։

Պատրաստ ենք ապրել բոլորի համար, ցանկությամբ, բայց լիարժեք չհասկանալ, որ յուրաքանչյուրիս կյանքը մեկն է, սեփականը։

 

Anush abrahamyan

Վա՜յ, տատ

-Տա՛տ, բա չէիր վախենո՞ւմ,- անհամբերությամբ լի աչքերով ասաց նստածներից մեկը:

-Այ տղա՛, լա փեջն փեդ թալ, ցրտեց: Տո, չէ՜, այ բալամ, ի՞նչ վախենենք: Էն վախտ էդի նորմալ էր:
Վառարանը նորից սկսեց ագահությամբ խժռել փայտի կտորը ու եփել իր վրա շերտ-շերտ դրված կարտոֆիլը, որը սկսում էր կարմրել:
Երեխաները լռել էին: Չէ՞ որ շատ չեն նման դեպքերը, երբ տատիկը միանում է վառարանի շուրջը հավաքված չարաճճի երեխաներին:
-Հա՛,- կարծես հիշելով՝ շարունակեց տատիկը,-երբ օր էրգու մեշոկն բերնեբերան լցի (այստեղ տատս երկու ձեռքով այնպես ցույց տվեց լցված պարկն, ասես այն հենց մեր առաջ էր)՝ քաշելով հետ դարձա ավտոյի մոտ: Արդեն իրգուն էր, մութն էլ հա՜-հա էր (համարյա) վրա կհասներ: Հասա էն տեղն, դոր օր ավտոն պդի էղներ, է՛ ի՞նչ՝ ավտոն չկար, կող ու կուշտս էլ՝ չոլ: Հա կնայիմ, հա կնայիմ էս յան, էն յան, մտածիմ՝ կարող ա՞ ավտոն ա տեղն փոխե: Է, ո′չ ավտոն կա, ո′չ էլ՝ էդ կընգտիք: Մեշոկներն էլ՝ չարչրվիմ, խո չթողի՞մ:
Բոլորը շունչները պահեցին:
-Դու մի ըսա, էս ավտոն ընձի թողե, գածե, էսրա շոֆերն էլ ըսե, թե երևի ուրիշ ավտոյով ա գացե, արեք էրտանք: Ինչքա՜ն քուրըս լացե, թե բա՝ չէ՜, քուրս մացե դաշտ, չլսած, ելած, էկած: Օր էկած, խեղջ մերըս ըսե, թե իմ մեկել ախճիգ դո՞ր ա: Ըսած` ընչի չեգե՞: Էս խեղջ մերըս էլ ձենը թալա գլոխ, թե իմ ախճգան տարաք էրիք գիլու փայ: Հերըս էլ տրակտոր վերծա, գընգնի դար ու դաշտ: Սաղ հարևաներ գիկան, բա՝ ոչինչ, Մարկրիդ ջան, հեսա Ապետն կբերա: Մարդըս էլ էդ վախտ գեղն ա, դը մենք Զոմեն (յայլայի անուն) ինք:

Մգա հասեմ գիլու ձորի մոտ ահն ընգե սիրտս, կմտածիմ, թե մգա գելն է՞ս կողմից կերևա, չէ՛ էս մեգել: Մեգ էլ տենամ հեռվից հեռու երկու հադ լուս գիկա, ըսի գիլու աչքերն ին, բայց օր ձենն լսի հասկցա, օր ավտոյա: Եկավ, եկավ, տենամ հերըս ա: Նոր մեշոկներս թալի տրակտոր, ես էլ նստա ու էգանք:
-Տատ, բա էդ վիջագով իմալ է՞ր կերտեր դաշտ:
-Հա ի՞նճ կեղներ, 8 ամսկան ենք հղի, էլի:
-Վա՜յ, տատ,- լսվեց բոլոր կողմերից գոհունակությամբ:
Տատս վերցրեց վառարանի վրա դրված կարտոֆիլներց մեկը, աղ լցրեց և տվեց մեզնից ամենափոքրին:

…Երեխաները նորից սկսեցին աղմկել:

Կոմիտասը Թումանյանի բնակավայրում

Այս տարվա ապրիլի 5-ը Դսեղում, կարծում եմ, կհիշվի:

Այսօր հիմք դրվեց հայ դասական երաժշտության մուտքը Դսեղ: Սպասե՜ք, սպասեք. բացատրում եմ:

2017 թվականի հունվարի 27-ից Կոմիտասի անվան ազգային քառյակը, ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո, սկսել է «Մշակութային կանգառ» կոչվող մարզային ծրագիրը, որի շրջանակներում ամբողջ 2017 թվականը համերգային ծրագրերով Կոմիտասի անվան ազգային քառյակը շրջում է ՀՀ բոլոր մարզերում և Արցախում: Այս բախտին մենք ևս արժանացանք, և այսօր տեղի ունեցավ քառյակի համերգը Դսեղի մշակույթի տանը: Ի դեպ, ծրագրի նպատակը մեր արվեստի տարածումն է:

Համերգի ժամանակ հնչեց Կոմիտասից հայտնի ստեղծագործություններ. «Վաղարշապատի պարը», «Քելե, քելե», «Գարուն ա», «Հոյ, նազան», «Ալ այլուղս» և այլն:

Դպրոցի ուսուցիչների հետ ունեցած զրույցից իմացանք, որ այսպիսի համերգ վերջին 20 տարում չէր եղել, և ասեմ, որ մտածում էի՝ հանդիսատես չի լինի, բայց առաջին անգամվա համար վատ չէր, որը, ի դեպ, իր հետ ունեցած հարցազրույցում նշեց նաև Կարեն Քոչարյանը՝ հեռուստալրագրող, Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի հանրության հետ կապերի պատասխանատուն:

Hripsime Vardanyan

Կանաչ մարդուկներն իմ գլխում…

Երբևէ պատկերացրե՞լ եք այլմոլորակայինների. ինչպիսի՞ տեսք ունեն, ի՞նչ լեզվով են խոսում, կամ ի՞նչ են ուտում՝ գուցե մարդկա՞նց, թե՞ բուսակեր են: Իհարկե պատկերացրել եք: Իմ կարծիքով չկա այնպիսի մարդ, ում գլխում չլինի այլմոլորակայինի մասին իր պատկերացումը:

Եվ ուզում եմ հավաքել իմ պատկերացրած այն բոլոր պատմությունները, որոնք կապված են այլմոլորակայինների հետ:

Երբ փոքր էի, նրանց՝ այլմոլորակայիններին, պատկերացնում էի փոքրիկ, կանաչ, գլխի վրա երկու պոզանման ինչ-որ բան: Հետո դպրոցում ուսումնասիրեցինք աշխարհագրություն առարկան, իմացա, որ մեր մոլորակն իսկապես միակը չէ տիեզերքում: Բազմաթիվ ֆիլմեր դիտելուց հետո մտածեցի, որ նրանք կարող են լինել նաև մեզ նման:

Որոշ մարդիկ էլ ասում են, որ նրանք ապրում են մեր կողքին և չեն տարբերվում: Սա իհարկե մի քիչ անհավատալի է: Ոմանք ասում են, որ նրանք մի օր գալու են և մեր մոլորակը գրավեն: Չգիտեմ, իմ կարծիքով նրանք կան, հաստատ կան և հիմա իրենց մոլորակում ապրում են ու մտածում. «Տեսնես՝ այլմոլորակայիններ կա՞ն»:

Ես կարդում եմ ռեփ

Հարցազրույց ռեփեր Լիլիթ Աղայանի հետ

Երբ ես մեր տանը լսում եմ ռեփ երաժշտություն, հայրիկս ասում է.

-Աղջիկ ջան, ի՞նչ կա այդ երգերի մեջ, որ լսում ես։ Գնա հայրենասիրական երգեր լսիր: Չեմ կարողանում գտնել այդ երգերի իմաստը: Հերիք է:

Իսկ ես, այնուամենայնիվ, լսում եմ: Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ երաժշտություն պետք է լսի: Երբ իմ նախընտրած երաժշտությունը լսում են նաև ընկերներս, նրանք ասում են, որ շատ լավ երգեր եմ լսում: Իսկ երբ մեր գյուղով քայլելիս եմ լինում և լսում եմ իմ երգերն առանց ականջակալների, հայտնվում եմ բոլորի ուշադրության կենտրոնում։ Ինձ վրա են սևեռվում բազմաթիվ դժգոհ հայացքներ, բայց ես ուշադրություն չեմ էլ դարձնում: Որպեսզի մարդկանց ցույց տամ, որ աղջիկներից շատերը ոչ միայն լսում են ռեփը, այլ նաև կարդում, որոշեցի հարցազրույց վերցնել Լիլիթ (Լիլոկ) Աղայանից:

-Լիլի՛թ, մի փոքր կպատմե՞ս քո մասին:

-Ես 21 տարեկան եմ, ծնվել եմ Գյումրիում, բայց ապրում եմ Երևանում: Զբաղվում եմ սպորտով՝ բասկետբոլով: Սովորում եմ, աշխատում եմ, ունեմ նպատակներ, կարդում եմ ռեփ:

-Ինչո՞ւ որոշեցիր, որ պետք է ընտրես հենց ռեփը:

-Ճիշտն ասած՝ ռեփով կարողանում եմ կիսվել, արտահայտել զգացածս այն հարցերի շուրջ, որոնց մասին խոսելիս՝ կլռեմ: Հարազատ է ինձ ռեփը, ապրելակերպ է:

-Համաձա՞յն էին արդյոք Ձեր ընտանիքի անդամները որոշմանդ հետ: Ինչպե՞ս արձագանքեցին:

-Սկզբում չէին հավատում, հետո հասկացան, որ լուրջ եմ ասում ու գրածս տեքստերն ու իմ ձայնագրություններն առաջինն իրենց էի ցույց տալիս: Տեսնում էին, որ վատ բան չեմ անում, նորմալ ընդունեցին։

-Կշարունակե՞ք արդյոք այդ ուղին:

-Ինձ թվում է, որ կգա մի օր, որ դա էլ կվերջանա: Երբ սկսեցի, ասում էի՝ մի տարի, ու ինձ թվում է՝ վերջ: Մի տարին էլ անցավ, կրկին նույնը, ու մինչև հիմա շարունակում եմ կարդալ: Չեմ կարող ասել՝ երբ, բայց մի օր կփոխեմ ոճս:

-Ի՞նչ ես կարծում, հասարակությունը քննադատո՞ւմ է քեզ այդ ոճն ընտրելու համար, քանի որ հիմնականում տղաներն են հիփ հոփի այդ տեսակում հաջողության հասնում:

-Գիտեք, չկա մի բան, որը հասարակությունը չքննադատի: Հա՛, նեղվում եմ, որովհետև շատ բաներ սխալ են խոսում, բայց փորձում եմ շատ ուշադրություն չդարձնել, որովհետև, եթե լսեմ բոլորին, ոչ մի բանի չեմ հասնի։ Չէ որ, եթե ես կարիք ունենամ օգնության, այդ նույն հասարակությունը իմ կողքին չի լինի:

-Իսկ եթե լինեն աղջիկներ, որ ցանկանան ռեփ կարդալ, ի՞նչ խորհուրդներ կտաս:

-Չսկսեն սիրո տանջված թեմաներից, մաքուր հայերեն գրեն, այլապես՝ հաճելի չի լինի նրանց լսել: Չլսեն ուրիշների կարծիքը և շարժվեն առաջ:

Հարցազրույցը վարեց՝ Աննա Գասպարյանը

galina simonyan

Եկեք՝ անցնենք թաղից թաղ

Առավոտյան այնքան լավ օր էր. որոշեցի քրոջս հետ մի փոքր քայլել գյուղում:

Մեր գյուղը Ներքին Կարմիրաղբյուրն է: Քայլում և հանդիպում էինք շատ տների, որոնց որոշ մասը կողպված էր, իսկ մի մասում դեռ ապրում էին մարդիկ: Սկզբում այդ բոլոր տներից հետաքրքրեց այն տունը, որի հետևի մասը փլված էր, երևի գրադի (մեծ զենքի տեսակ) տված էր: Այդպես մտածեցի և հարցրեցի քրոջս: Նա պատմեց, որ այդ տանը մի տատիկ է ապրում, որը մի քանի օր մնում է այստեղ, մի քանի օր՝ Բերդ քաղաքում՝ իր աղջկա մոտ: Այս պատմության հետաքրքիրն այն էր, որ նա ուներ 4 տղա, բայց ապրում էր կա՛մ իր տանը մենակ, կա՛մ էլ աղջկա մոտ, որովհետև տղաները այստեղ չեն ապրում, աշխատում են Ռուսաստանում:

Շարունակեցինք քայլել և հանդիպեցինք մի տան, որ կիսափլուզված էր: Տունը պատերազմի ժամանակ էր փլվել, իսկ տան տերերը՝ զոհվել: Քույրս պատմեց, որ զենքի բեկորները տանտիրոջն են կպել, երբ նա իր տանը նստած է եղել, և նա մահացել է սեփական տան մեջ: Ես, հուզված այդ պատմությունից, քրոջս հետ շարունակեցի քայլել գյուղով: Շուտով մենք տեսանք մի փոքր տնակ, որտեղ իր պապիկի և տատիկի հետ ապրում էր թոռնիկը, որի մասին քույրիկս մի զվարճալի պատմություն պատմեց: Նա ասաց, որ մի անգամ, երբ տատիկը գոմում կովին կապում էր, թոռը, չիմանալով, որ տատիկը գոմում է, փակում է դուռը, իսկ որոշ ժամանակ անց, նկատելով տատիկի բացակայությունը, սկսում է փնտրել նրան: Երկար փնտրելուց հետո նկատում են, որ նա պատահաբար փակվել է գոմում:

Շուտով մենք մոտեցանք Միշիկ պապիկի տանը, որտեղ բարի պապիկն ապրում էր միայնակ: Կինը մահացել էր մոտ երեք տարի առաջ, և մինչ այսօր իր կնոջը պաշտող պապիկը չի համակերպվել նրա մահվան հետ: Նա ապրում է մենակ, որովհետև երեխաները բնակվում են Ամերիկայում: Շարունակեցինք քայլել: Մեր առջև կիսափլված մի տուն էր, որի տանիքն էր միայն բարվոք վիճակում, քանի որ ՌԴ-ում բնակվող տերերը վերանորոգել էին տանիքը, իսկ մնացած մասն ամբողջովին անմխիթար վիճակում էր: Տան առջև մի չորացած ծառ կար, քույրս պատմեց այդ ծառի մասին: Առաջ, երբ տան տերերը ապրում էին իրենց տանը, ծառը ամեն տարի քաղցրահամ պտուղներ էր տալիս: Ամբողջ թաղամասի երեխաները սպասում էին այդ քաղցրահամ պտուղներին: Իսկ այսօր ծառը նույնիսկ չի ծաղկում:

Այդպես ավարտեցի փոքրիկ ճամփորդությունս իմ սիրելի գյուղում:

Շատ սիրուն ու հեռացող մի դարաշրջան

Մի օր զրուցում էի տատիկիս հետ, և նա պատմեց իր ուսուցչի՝ ընկեր Գրիշա Ադամյանի մասին: Պարզվեց, որ նա ողջ է և մոտ 90 տարեկան է: Ընկեր Ադամյանն ինձ շատ հետաքրքրեց, ծանոթ մարդկանց միջոցով տեղեկություններ հավաքեցի և գնացի հարցազրույցի: Ցավոք, ընկեր Ադամյանը չպատասխանեց իմ բոլոր հարցերին, քանի որ արդեն ծեր էր և չէր կարողանում մտքերը հավաքել: 

Ընկեր Ադամյանը՝ Ադամյան Գրիշան, երկար տարիներ դասավանդել է հայոց լեզու և գրականություն    Ապարան քաղաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 1 դպրոցում: Վաղ տարիքում զրկվել է հորից և մորից: Նրան միայնակ պահել և մեծացրել է տատիկը: Որբ երեխան, ճրագի լույսի տակ սովորելով, գնացել է Երևան և ընդունվել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան: -Ես հիմա ասես մեռած լինեմ, աչքերս քոռցե, բան չտենամ:

-Գիտե՞ք այնպիսի աշակերտների, ում դուք դասավանդել եք, և նրանք Ձեր ճանապարհով են գնացել: 

-Մեր մոտ Ավետիքն էր շատ սիրում լեզու: Գիշեր-ցերեկ գրքեր ուներ, բերում կարդում էր: Էն ներքի թաղերն էլ կան: Մանուկյան Մարատն էր: Նույնիսկ իմ աղջիկն էլ՝ Գայանեն (թոռնուհին): Գայանեն լավ լեզու գիտի: Աղջկերքի մեջ էնի շատ լավ գիտի: Իմ մասնագիտությունով Հովհաննեսն ա (քանի որ ընկեր Ադամյանը ինձ չէր ճանաչում, բնականաբար չիմացավ, որ Հովհաննեսը իմ հարազատ հորեղբայրն է, ես էլ չընդհատեցի նրան): Քանի տարի ա Բլխեր (Շենավան) դաս ա տալիս: Որ սիրտ ունենայի՜, բալա ջան: Ինձնից մի նեղվի: Տենում ես իմ հալը: Հետո մի հատ աղջիկ էլ կար Հարթավանում: Քանի տարի դաս կիդեր: Բայց թույլ էր: Էնի ըսկի իրա անուն գրել չգիտի: Էնի տղաներով ա զբաղված: Մեր դպրոցում Ավետիքի երեխեքն էին ընդունակ, ինքն էլ էր ընդունակ:

1952 թվին ընդունվա համալսարան: Վեց տարի սովորեցի: Էն Մարգարյանի մոտ կարաս գնաս: Էնի նայած լավ ա, ոչինչ: Ոչ թե լավ ա, նա ինձնից փոքր ա: 10-16 տարի փոքր ա: Նա դեռևս մի 10 տարի կապրի: Նրա փեշը բռնի: Լավերից նա ա մնացել: Քեզ մի քիչ ուղղություն ցույց կտա: Իմ գրքերուց էնի տարավ, միջև հիմա հլը չի տվել: Դու լավ մարդու աղջիկ ես: Ես քեզ կօգնեի:

-Ի՞նչ տարբերություններ կան Ձեր ժամանակվա երեխաների և ներկա սերնդի միջև:

-Էն վախտ լռություն կար: Ավետիքն էր: Շուտ մահացավ, շուտ: Կարճ տևեց նրա կյանքը: Մենք պլաններ ունեինք՝ ուր գնայինք: Էն լճափ գնայինք: Ավետիքի հետ գնայինք ամենուր, բայց Աստված չթողեց: Դու Մարգարյանի մոտ գնա: Էդ երկուսի: Մեկ էլ Հովհաննեսի: Հովհաննեսն էր գալիս ինձ մոտ, խորհուրդներ հարցնում, գրքերս կարդում: Առաջվա մանկավարժներից Ղարաքիլիսեն կար, Բլխեր: Հիմա ոչ մեկը չկա: Մենակ Ավետիքը լավ լեզու գիտեր, էն էլ էդպես կարճ տևեց: Ես էլ լալ ու կյառ եմ դարձել: Տենում ես, Անուշ ջան: Ես սիրով քեզ կօգնեի, բայց վիշտս ծանր ա: Գիտես՝ կին չունեմ, անտեր: Ի՞նչ անիմ, ինչպե՞ս ապրիմ, ինչպե՞ս շնչիմ: Որ նույնիսկ չկարողանամ սափրվեմ, Անուշ ջան: Էդպես: Սրանք որ գրել ես, էս հարցադրումնե՞ր են: Ինչ սիրուն գրել ես, աչքերս լավ չի տեսնում (ասելուց հետո վերցրեց տետրը ձեռքիցս և առանց ակնոցի կարդաց հարցերը):

-Ձեր աշակերտներից կա՞ն մարդիկ, որ հիմա հայտնի են դարձել:

-Գրիգորյան Լյովան: Գլխավոր բժիշկ ա: Իրա սեփական հիվանդանոցն ունի: Ես էն վախտ հազար կտոր գիրք ունեի, իսկ հիմա մի կտոր գիրք կա: Մեր տան լրիվ գրքերը սաղ տարած: Իմ կինս էլ մահացավ, ես էլ թոռոմա: Իմ գրքերը սաղ տարած, թալանած:

-Ինչպիսի՞ն էր Ձեր վարվելաձևը աշակերտների հետ: 

-Բարի եմ եղել, շատ լավ հասկացրել եմ, սովորեցրել եմ: Առանց ինձ ոչ մի տեղ չէին գնա, Անուշ ջան: Լավ, գերազանց սովորեցրել եմ: Էդքան հաց չէի ուտում, մի կտոր հաց չէի առնի, ուտեի, որ գիրք առնեի: Գրքերս սաղ գողցան ավազակները:

-Ինչո՞վ եք տարբերվել մյուս ուսուցիչներից: 

-Լեզվի ճոխությամբ: Լեզու ես շատ լավ գիտեմ: Ես լավ կարդացել եմ ու բացատրել եմ: Ով եկել ա գյուղ, խոսացել եմ: Թաղման տեղերին իմ նման խոսող չկար, եթե ուզում ես իմանաս: Այ, դրանով եմ տարբերվել: Սեր ունեի, սեր: Գիշեր-ցերեկ կարդում էի, սեր ունեի, Անուշ ջան:

-Կպատմե՞ք Ձեր դպրոցական և ուսանողական կյանքից: 

-Է՜, այ քու տունը շեն, էտի ըսկի Կամոն չկռնա պատմա (այդպես էլ չկարողացա իմանալ՝ ով է այդ Կամոն): Ասեմ, որ ուսանողական 6 տարիներին սովորածիցս 6 րոպե չմոռցա: Ինչքան գիրք կար էդ գրադարանները, ես բոլորը կարդացի, Անուշ ջան: Հետո եկան ուսանողական տարիները, արդեն ավելի պարտաճանաչ դարձա, ավելի շատ դժվարություններ եղան: Հա, մեր շրջանից մեկը կար՝ Քերոբյան Քերոբ: Մեր դպրոցի դիրեկտորն էր: Չնայած էտի էս եռսուն տարի ա՝ մեռել ա: Մեր էս գյուղի դպրոցի հիմնադիրն ա: Մեր դպրոցում էդ վախտ տեղացի դիրեկտոր չի եղել: Ես որ գնացել եմ դպրոց, հիշում եմ՝ Սաման անունով կին կար: Մահացել գնացել ա: Մադաթյան Մադաթ, Մադաթյան Սերոբ: Հիմա մարդ չկա, կենդանի են Ռազմիկը, Մարգարյանը: Կարաս՝ Չապաևի մոտ գնա: Էն էլ լեզու լավ գիտեր, լավ զբաղվում ա, կարդում ա, գրում ա:

-Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել մեր լեզուն, մեր երկիրը: 

-Մեր լեզուն լավն ա, մեր լեզուն փառահեղ է և մի քանի ածականներ կկպցնես՝ կգնա, էլի: Մեր հայոց լեզուն լրիվ անաղարտ, մաքուր, լավ լեզու է: Բոլորը սիրել են: Մեր լեզուն աշխարհի հարուստ լեզուներից մեկն է: Հարուստ:

-Ինչպիսի՞ն էր երկիրը 1940-ական թվականներին:

-Վայ, ցավով, ցավով: Հայրենական պատերազմը սկսվավ 1941 թվականին, ավարտվեց 1945-ին: Ես պատերազմ չեմ եղել: Ես պատերազմ չգնացի, որովհետև մեր տանից 3 հոգի գնացին և զոհվեցին: Մենակ ես մնացի պուպու (միայնակ):

-Ովքե՞ր էին: 

-Իմ հայրը և հարազատ եղբայրները: Անհայտ կորան, գնացին ու գնացին: Մեր գյուղում ամենից շատ մեր տանը վնաս եղավ: Լավ չանցավ, էլի, կյանքս: Էս վերջին տարիներին էլ կնոջս մահը: Գիշեր-ցերեկ լաց եմ լինում, Անուշ ջան: Ինչի՞ հիմա Ավետիքը չըլներ, նստեինք ավտոն, քշեինք: Ղարաքիլիսա քշեինք, Աթմագյուղ, ուտեինք, խմեինք, ուրախանայինք, վերադառնայինք: Արդեն 90-ն անց եմ: 1927 թվին եմ ծնվել:

-Ի՞նչ սիրած գրողներ եք ունեցել: 

-Է՜, ծով ա: Թումանյան, Չարենց, Իսահակյան, Նարեկացի… Ամենից շատ Թումանյան եմ սիրել. նրա հայերեն բանաստեղծությունները: Է՜, կյանքս գնաց, բան չհասկացա: Հազար կտոր գիրք ունեի, էդ էր…

Ես այլևս հարցեր չտվեցի, թեև շատ էի պատրաստվել այդ հարցազրույցին: Մի բան ընկեր Ադամյանն անընդհատ հիշում էր ցավով. իր գրքերը, վաղ մահացած ընկերոջն ու սիրելի կնոջը…

ani v. shahbazyan malishka

Պապս

Իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից է եղել պապս՝ տատիկիս հայրը։ Հաղթանդամ, բարձրահասակ, վայելչակազմ, օժտված բնավորության հատուկ գծերով։ Առանձնահատուկ էր ինձ համար պապս։ Չափից դուրս հյուրասեր ու հյուրընկալ, աշխատասեր, բարի։ Կարմիր «Նիվա» էր վարում արդեն շատ տարիներ։ Շատ էր սիրում իր մեքենան։ Նա ինձ իր ծնկների վրա է մեծացրել։

Պապս տատիս հետ իրենց տանն էին ապրում, որը այդքան էլ հեռու չէր մեր տանից, և ես գոնե շաբաթը մեկ անգամ այցելում էի նրանց։ Բացում էի դարպասը, կանչում ու տեսնում էի, թե ինչպես է պապս ժպիտը դեմքին մոտենում ինձ ու ասում տատիկիս․

-Ռիմա՜, յար մե՝ ըշկը վավ էկե․․.
Հետո գալիս էր տատս։ Շատ էին ուրախանում, որ ինձ տեսնում էին։ Գնում էի, նստում էինք, խոսում ու ծիծաղում։ Աչքիս առաջ են այդ օրերը․․․ Անցնում էին օրեր։ Պապս իրեն վատ էր զգում, դեղեր էր խմում, բժշկի էր այցելում։ Պարզվեց՝ հիվանդություն ունի ու այն էլ շատ լուրջ հիվանդություն։ Հին պապիցս բան չէր մնացել, միայն ժպիտն ու կատակները։ Շատ էր նիհարել, այնքան, որ ոսկորները հստակ երևում էին։ Մարմինը գունատվել էր։ Հազվադեպ էր քայլում, միշտ պառկած էր։ Մի անգամ ես էի օգնում, որ քայլի: Բռնել էի ձեռքից, մյուս ձեռքում էլ ձեռնափայտն էր։ Պատմում էր, որ այն ժամանակ էլ ինքն էր ինձ քայլեցնում, երբ դեռ փոքր էի ու նոր էի քայլերս անում․․․

Ամեն օր այցելում էի պապիս, ինձ համար իր հետ անցկացրած ամեն րոպեն կարևոր էր։
Գիտակցության կորուստ․․․ Ցավեր․․․ Մի քանի օր, ու․․․
Բայց չնայած այս ամենին, նա ինձ տեսնելուն պես ճանաչում էր։ Էլի կատակներ էր անում, ժպտում էր։ Սովորական օր էր, գնացել էի՝ տեսնելու։ Գրկեցի։
-Ո՞նց ես, պապիս։
-է՜, ես հեչ, կարևորը դուք լավ ըլնեք։
Արցունքներս չկարողացա զսպել։ Սա ամենավերջին հիշողությունն է, որ մնացել է պապիցս։
Գիշեր էր։ Զանգեցին ու ասացին, որ․․․ Վերջ։ Ահավոր էր։ Մի կողմից լավ էր, որ էլ ցավից չէր ճչա ու չէր տանջվի։ Հանգստացել էր․․․ Ապրիլի 18-ին կլրանա 5 տարին, որ պապիս չկա։ Մնացել են կանաչ դարպասներ, կարմիր «Նիվան» ու հիշողություններ․․․