Աշխատանքային ուրախ պահեր

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Շաբաթ օր էր, երբ մորեղբայրս զանգահարեց մայրիկիս, բայց սխալմամբ ես վերցրի.

-Բարև, Ջեմ, էս դու պարապմունքի չե՞ս։

-Չէ, քեռ, շաբաթ-կիրակի ա, ի՞նչ պարապմունք։

-Վա՜յ, ինչ լավ ա, դե, պատրաստվեք, գալիս եմ ձեր հետևից։

-Ինչի՞։

-Գաք, օգնեք, տոպրակ լցնեք։

-Տոպրա՞կ, ինչի՞ համար։

-Վարունգի։

-Լավ, սպասում ենք։

Այս խոսակցությունից մի քիչ տխրեցի: Ես, ճիշտ է, չեմ սիրում նմանատիպ գործեր, բայց սիրում եմ օգտվել պտուղներից։ Բայց չէ՞ որ միայն օգտվելը չէ. պետք է մի փոքր տանջվել, որ հաճույքով կարողանալ վայելել այն։

Ու այդպես ես ևս աշխատեցի։ Ու արդեն բավականին ժամանակ է անցել՝ մոտ մեկ ամիս։ Երեկ, երբ պատահական տատիկիս տանը մտա ջերմոց, շատ ուրախացա, քանի որ այդ ամեն մի բույսի մեջ ես էլ իմ աշխատանքը ունեի, կարելի է ասել՝ ինձ հպարտ էի զգում, որ մի բանով ես էլ կարողացա օգտակար լինել։

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Երեկ նաև մի խոսակցության ներկա եղա, որը պապի ու վեց տարեկան թոռան մեջ էր ընթանում:

-Պապ, բա ես ե՞րբ եմ վարունգ քաղելու իմ ձեռքով։

-Սպասի, Հաս ջան, մի ամիս քնես, զարթնես ու քո ձեռով կքաղես կուտես։

-Այ պապի, բայց էդ ուտելու չի։

-Ինչի՞։

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

-Դե, մաման ասել ա, որ ծախելու ենք:

-Հա, ճիշտ ա ասել, բայց էլ ինչի՞ եմ տանջվում, որ իմ թոռը չպիտի ուտի իր այգում մշակվող բերքից։

Երբ ես փոքր էի, նմանատիպ խոսակցություն եղել է նաև իմ պապիկի ու իմ միջև։ Ու երբ ամեն օր արթնանում էի, վազում էի պապիկին հարցնելու՝ վարունգները մեծացե՞լ են, թե՞ ոչ։

amalya harutyunyan

Կորցնելու մասին

Պատահել է, չէ, որ ինչ-որ իր դնես աչքին լավ երևացող տեղ, բայց մի քանի ժամ հետո կորցնես, չխաբես: Վստահ եմ, որ պատահել է:
Հա, մենք բոլորս մի հմուտ տաղանդ ունենք` կորցնել:
Թեև վստահ չեմ կարող ասել՝ ինչքանով է այդ տաղանդը քո մեջ զարգացած, բայց ինչ վերաբերում է ինձ` ես կորցնելու մեծ վարպետ եմ:
Կորցնել: Կարծում եք դա ինչ-որ բանի բացակայությո՞ւնն է: Մեծ հաճույքով չէի համաձայնվի: Լինում են հանգամանքներ, երբ կորցրածդ քո առաջ է դրված, քեզ մի քանի խոսք կամ մի քանի քայլ է բաժանում նրանից, երբ պետք է ընդամենը պարզես ձեռքդ վերցնելու համար, բայց… Չես կարող, ինչո՞ւ, որովհետև այն արդեն քոնը չէ, քեզ չի պատկանում, դու առանց գիտակցելու, կամ մտածված, դատելով կամ շփոթված, կորցրել ես, ու կորցնելուց անմիջապես հետո սկսել ես գնահատել ու փորձել նորից վերադարձնել: Բայց չե՞ս կարծում, որ ուշ է, որ արդեն կորցրածդ ուրիշը գտել է…
Մեն կարող ենք կորցնել ականջակալները, մազակալը, նոթատետրը, գրքերը, գրիչները, թղթերը:
Այս ամենն ինձ հետ պատահում է ամեն օր:
Բայց արդյո՞ք միայն այս իրերը:
Հա, երբևէ չեմ նշել, որ վեց տարեկանից ստեղծագործում եմ:
Միշտ փորձում եմ պահել գրվածքներս, բայց բոլորը կորցնում եմ:
Այսօր «Արևածաղիկ»-իս (ամսագիր է) համարներն էի պեղել արխիվիցս: Ամսագրերս փոշոտ էին, բացում էի և նյութերիցս ամեն մեկը կարդալով հասկանում էի, որ օրերն էլ են գնացել, ու ես նրանց էլ եմ կորցրել, որ այն պատճառներն ու շարժառիթները, ինչի համար նյութը գրել էի, այլևս չկան:
Հետևաբար մենք անխնա պահերն ու օրերն էլ ենք կորցնում:
Տես, օրինակ երբ տխրում ես, կորցնում ես ժպիտդ, երբ ժպտում ես, կորցնում ես արցունքներդ: Գիշերը երկինքը կորցնում է արևին, իսկ ցերեկը` լուսնին:
Մենք կորցնում ենք հայացքներ՝ մեզ ուղղված կամ լրիվ այլ ուղղությամբ սևեռված, անտարբեր ու չնկատելով անցնում ենք, մենք կորցնում ենք թղթեր, որի վրա հնարավոր է, գրված է աշխարհի ամենակարևոր արտահայտությունը: Մենք կորցնում ենք ակնթարթներ, մտքեր, խոսակցություններ, հնարավորություններ, հիշողություններ:
Բայց գիտես, ամենասարսափելին որն է, երբ մենք կորցնում ենք մարդկանց: Երբ նա կանգնած է դիմացդ, նայում է քեզ, իսկ դու արդեն կորցրել ես նրան: Ու խոսքը ամենևին էլ վեճի, անհաշտության մասին չէ: Դուք ամենահասարակ օրերի նման բարևում եք իրար, գուցե և զրուցում, բայց դուք արդեն առաջվանը չեք, ու քանի որ կորցրել եք պահերը, կորցրել եք օրերը, ու կորցնելով օրերը՝ կորցրել եք հիշողությունները, ու հիշողություններն էլ կորցնելով՝ կորցրել եք իրար…
Ու կորցնելով իրար, կորցնում ես ժպիտդ ու քեզ…
Մենք կորցնում ենք ամեն ինչ, բայց ամենադժվարն այն է, երբ կորցնում ես քեզ, ու այսպիսի մի նյութ է ստացվում`ամեն ինչ կորցրած, ամեն ինչ փնտրելով ու ժպիտը կորցրած թաց աչքերով…

Sargis Melkonyan

Այսօրվանից

Բարև, սիրելի ընթերցող։ Մի շաբաթ մնաց, որ լրանա մի տարին։ Մի անմոռանալի ու չքնաղ տարի 17.am-ի հետ։ Ասել, որ այս տարին անմոռաց էր ու անկրկնելի, երևի քիչ կլինի, բայց դե ուրիշ բառեր այս պահին չեմ գտնում։

Մի քանի օր է արդեն, ինչ չեմ երևում 17-ի էջերում։ Ուղղակի նյութ չեմ գտնում, որի շուրջ կարելի է ծավալվել ու խոսել։ Եթե դու դպրոցական ես, կամ ինչ-որ չափով առնչվում ես դպրոցի հետ, կիմանաս, որ այսօրվանից արձակուրդներ են։

Գարնանային արձակուրդները գյուղում ապրող երեխաների համար մի տեսակ ուրիշ կերպ են անցնում։ Նախ պետք է վառարանը հանել տանից, այգին փորել (իմ ամենաչսիրածը), ջրի և ջրահեռացման խողովակները կարգի բերել, սերմ ցանել, ջրել, մշակել, այգին մաքրել, տերևները այրել, հետո նոր վերջին օրը դաս սովորել։ Ընդ որում, արձակուրդներին այնքան բան են տալիս դպրոցում, որ…

Հիմա գնա վերև ու կարդա վերնագիրը։ Չէ, մի շարունակիր կարդալ, վերնագիրը կարդա, դե մի ծուլացիր։ Այսօրվանից արձակուրդներ են: Էհ, երանի ամեն շաբաթ մեդիա ճամբարի շաբաթի պես անցնի, որ առաջին օրն ասենք.

-Ուխ, մի շաբաթ կա,- իսկ վերջին օրը,- էս ո՞նց անցավ էս մի շաբաթը…

Anushik Mkrtchyan

Գիտե՞ք ինչ է կարոտը

2016 թվական, հոկտեմբերի 18: Ես ատում եմ այդ օրը: Ատում եմ, որովհետև այդ օրը հեռացրեց ինձ իմ հայրիկից: Երեկո էր՝ մոտ 20:00-ը: Ես իմ սենյակում էի և կարդում էի Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Գիտեմ, որ իմ գիրքը կապ չուներ այս ամենի հետ, սակայն այն ևս մտնում է այդ օրվա մեջ: Նստած կարդում էի և զգացի, որ տանն իրարանցում է՝ կարծես ինչ-որ բանի պատրաստվեին: Եվ ահա եկավ այդ օրը ատելու պահը: Որոշում կայացվեց, որ մենք`երեխաներս, պետք է հետ վերադառնանք գյուղ մայրիկի հետ (մենք այդ ժամանակ ապրում էինք Էջմիածին քաղաքում), իսկ հայրիկս պետք է մեկներ արտերկիր՝ աշխատելու:

Հաճախ մարդիկ հարցնում են, թե ինչպես արձագանքեցի, երբ հայրս պետք է գնար, իսկ մենք՝ տեղափոխվեինք: Ես այդ հարցին չեմ կարողանում պատասխանել, որովհետև չեմ արձագանքել, այլ լուռ ու տխուր սպասել եմ գործի ընթացքին և ավարտին: Իսկ երբ հարցնում են, թե ինչպես արձագանքեցի արդեն մայրիկիս գնալուն, ես, ճիշտ է, հուզմունքով, բայց, այնուամենայնիվ, ստիպված եմ լինում պատասխանել:

Այո, մայրիկի գնալուն: Սովորաբար տան հայրն է մեկնում արտագնա աշխատանքի, սակայն իմ դեպքում այլ է: Հորս մեկնելուց շատ չանցած՝ մեկնեց նաև մայրս: Դեկտեմբերի 23-ն էր, այդ օրը ևս ատում եմ: Մինչ մեկնելը, մայրս հաճախ էր ակնարկներ անում, զրուցում մեզ հետ իր գնալու մասին: Քանի որ եղբայրս մեզանից փոքր էր՝ 10 տարեկան, թվում էր, թե ամենից շատ նա է ծանր տանում այդ լուրը: Նա մայրիկի խոսելուց սկսում էր լացել: Հիշում եմ՝ մենք բոլորս նստել էինք մայրիկի շուրջը և լսում էինք նրան: Բայց կարծում եմ, որ ամենից շատ նեղվել էի ես, անընդհատ լալիս էի, որովհետև մայրս իմ ամենալավ ընկերուհին է, ում հետ կիսվում եմ բոլոր հարցերով:

Ամեն անգամ, երբ ինձ հարցնում են իմ ծնողներից, ես չեմ կարողանում զսպել արցունքներս: Մայրիկը մեկնեց, ինչպես նշեցի, դեկտեմբերի 23-ին: Մենք հաճախ ենք զրուցում սքայփով, և ամեն զրույցից ես սկսում եմ հուզվել և մի կողմ գնալ, որպեսզի նրանք չտեսնեն իմ տխրությունը:

-Ալո, պա՞պ…

-Ջա՜ն,- պատասխանում է հայրիկը:

Մեր խոսակցությունը միշտ այսպես է սկսում: Հայրիկն այդ «ջան»-ը այնպիսի քնքշությամբ է ասում, որ ես սկսում եմ լաց լինել: Մի օր էլ ընկերուհուս տանից էի խոսում: Ընկերուհիս խոսելու ընթացքում մաքրեց արցունքներս, և շարունակեցի խոսել: Հայրիկը մարտի 8-ն էր շնորհավորում:

Ընդհանրապես ես մտածում եմ ամեն բանի մասին, երևակայում, սակայն երբեք չէի մտածել, որ մի օր հայրս կդառնա պանդուխտ, կմեկնի այլ երկիր: Մեկնելուց հետո ես նոր ուշադրություն դարձրի այդ չարիքին՝ պանդխտությանը: Չեմ ուզում ո՛չ լսել, ո՛չ արտաբերել այդ բառը, որովհետև հիշում եմ հորս ու մորս: Սկզբից չէի համակերպվում ծնողներիս գնալու հետ, բայց հասկանում էի, որ նրանք մեկնել են, որպեսզի մենք ապահովված լինենք ամեն ինչով և ունենանք լավ ապագա:

Նույնիսկ հիմա՝ գրելիս, սկսում եմ հուզվել և լացել, իմ ակնոցի ապակիները թրջվում են արցունքներիցս ու փակում տեսադաշտս:

Պա՛պ ջան, մա՛մ ջան, միշտ իմ սրտում ու հոգում եք՝ անկախ հեռավորությունից: Ձեզ չափից շատ եմ կարոտում ու ամեն օր արցունքը աչքերիս և կարոտը սրտումս սպասում եմ, որ մի պայծառ և արևոտ օր, կբացեք տան դռները, կմտնեք ներս, իսկ ես վազելով կգրկեմ ձեզ:

Ու էլ երբեք, երբեք չենք բաժանվի:

Syuzanna Andreasyan

Կատակում են մովսեսցիները

Սաքոն, տեսնելով, որ հարևանի հարսը գուլպաները լվացել է ու սիրուն փռել, նրա սկեսուրին հարցնում է.

-Սիրա՛ն ջան, ձեր հարսը էդ ի՞նչ սիրուն ա փռել, մեր հարսը վեր փռըմ ա, վենց վեր հյուսած վիլուկ (ավելուկ) ըլի։

***

Սաքոյի հեռուստացույցը փչանում է, տանում է մասնագետի մոտ։

-Էս մեջը խոզ ա մտե՞լ, վեր սհենց խառնած ա,- հարցնում է մասնագետը։

-Չէ՛, խոզ չի մտել, մեր հըրևան Ժորիկն ա մտել,- պատասխանում է Սաքոն։

***

-Սերո՛ժ, Ռաֆիկը մահացել ա, յե՝ քյնանք իրանց տուն։

-Կյալիս չեմ, տյու մենակ քյնա։

-Խի՞ չես կյալի։

-Նյա իմ թաղումովը կյալ դի՞, վեր ես քյնամ,- սրտնեղում է Սերոժը։

***

-Ապի՛, Նորաշենից հոքիրի րեխեքը եկել են, յե՝ քյնանք տուն,- ասում է Արշալույսի թոռնիկը։

-Էնա ասա՝ թթի ծառերի վրա չընգչընգուտ կարկուտ եկավ, է՛լի,- ասում է պապը։

***

Ավտոտեսուչը կանգնեցնում է Մարատի մեքենան հոծ գիծը տրորելու համար։

-Ա’յ տղա, հոծ գիծը չէիր տեսնո՞ւմ:

-Հոծ գիծը տենմ ի, քեզ չի տենմ։

***

Տեսուչը կանգնեցնում է Մարատի մեքենան.

-Դուք հոծ գիծը տրորելու համար տուգանվում եք։

-Ա՜յ ցավդ տանեմ, տրորել եմ, հու ջնջե՞լ չեմ,- բողոքում է Մարատը։

Գրադարանը դպրոցի սիրտն է

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Կրկին հարցազրույց, որը այս անգամ կապված է Լիճքի դպրոցի գրադարանի և գրադարանավարի հետ: Գրադարանն անվանակոչված է Բեգլար Հայրապետյանի անունով: Նա եղել է մեր դպրոցի պատմության ուսուցիչը: 

 Գրադարանում շատ են թե՛ դասագրքերը, թե՛ գեղարվեստական գրքերը՝ տարբեր գրական ուղղություններով, շատ են արկածային և ֆանտաստիկ ժանրի գրքերը, կան նաև այլ աշխատություններ ու գրվածքներ: Գրադարանը հարուստ է նաև հանրագիտարանի 13 մասերով և դեռ Խորհրդային Միությունից մնացած ԼենինիԵրկերի լիակատար ժողովածուի բազմաթիվ հատորներով: Գրադարանում կարելի է հանդիպել նաև արտասահմանյան հեղինակների գրքեր, որոնց մի մասը համարվում են գրադարանի գանձերը:

Գրադարանի անցյալը եղել է շատ «թախծոտ», իսկ ներկան աշխույժ է, և հուսով եմ, որ ապագան կլինի ևս այդպիսին:

 Եվ այս ամենը մեծ հետաքրքրություն առաջացրեց, և ես որոշեցի հարցազրույց վարել մեր դպրոցի գրադարանավարի՝ Մանուշ Հոխիկյանի հետ:

-Ընկեր Հոխիկյան, մի քանի խոսքով կպատմե՞ք գրադարանի մասին: Քանի՞ տարվա վաղեմություն ունի այն, ե՞րբ է հիմնադրվել:

-Արտյոմ ջան, դպրոցը հիմնադրման օրվանից ունեցել է իր աղքատիկ գրադարանը, որը իր բարեխիղճ գրադարանավարների շնորհիվ պահպանվել է մինչև օրս: Ներկայիս գրադարանը մոտ 7 տարվա վաղեմություն ունի: Սկզբում դպրոցի գրադարանը իր հիմնական տեղում չէր, չուներ ընթերցասրահ, և նեղվածք էր թե՛ դասագրքերի, թե՛ գեղարվեստական գրքերի, թե՛ աշխատողների և ընթերցասեր երեխաների համար: Սակայն, շնորհիվ դպրոցի նախկին տնօրեն Աշոտ Հոխիկյանի, 2010թ. դպրոցի գրադարանը տեղափոխվեց ավելի ընդարձակ տեղ և վերանորոգվեց: Այժմ ունենք ընթերցասրահ, հարուստ գրականություն, գրապահարաններ և անհրաժեշտ ամեն բան, ինչպես նաև գրադարանին վայել պայմաններ:

-Կպատմե՞ք գրադարանի ֆոնդերի մասին, քանի՞ միավոր գիրք կա: Կա՞ն մարդիկ, որոնք աջակցում են գրադարանին:

-Գրադարանը ունի մոտ 4000 օրինակ գեղարվեստական և 500 և ավելի մանկական գրքեր:

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Դպրոցի գրադարանը համալրվել է մեր դպրոցի լավագույն շրջանավարտների՝ Լևոն Պողոսյանի, Հակոբ Հակոբյանի, Ռոբերտ Ադիբեկյանի շնորհիվ: Նրանց աջակցությամբ և ձեռնարկած միջոցներով գրադարանը լրացվել է մի շարք գրքերով, աշխատություններով ու մատյաններով:

-Որքա՞ն հաճախակի է համալրվում գրադարանը ժամանակակից հեղինակների գործերով:

-Արտյոմ ջան, ցավոք ասեմ, որ ժամանակակից հեղինակների գրքեր և նոր տպագրվող գեղարվեստական գրականություն գրադարանը չունի, բայց մեր աշակերտները սիրով օգտվում են դպրոցի ունեցած գրքերից, լինի դա հայ, թե արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ:

-Ովքե՞ր են հանդիսանում հիմնականում ձեր ընթերցողները: Ի՞նչ գրականություն են ցանկանում ընթերցողները:

- Չնայած այսօրվա զարգացած տեխնոլոգիաների դարում, մեր աշակերտները սիրով և հաճույքով են օգտվում գրքերից: Հիմնականում ընթերցողները բարձր և կրտսեր տարիքի են, պահանջում են հայ գրողների գործեր: Կան աշակերտներ, ովքեր նախընտրում են ֆանտաստիկ և արկածային ժանրը:

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

-Իսկ գրադարանում կազմակերպվո՞ւմ են միջոցառումներ:

-Այո, գրադարանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնք հիմնականում նվիրված են տոներին, հիշատակության օրերին, հայ գրողներին և հայոց մեծերին, ինչպես նաև նշանակալից օրերին: Աշակերտները մասնակցում են գրադարանում կազմակերպվող գրական, երաժշտական միջոցառումներին, որոնք կրում են հայրենասիրական, ուսուցողական բնույթ:

-Եվ, ի՞նչ է Ձեզ համար գրադարանը:

-Գրադարանը ինձ համար տեղեկության, ինֆորմացիայի և ամենակարևորը՝ գիտելիքի գանձարան է: Ես գրադարանը համարում եմ հենց դպրոցի սիրտը, որովհետև առանց դրա դպրոցը դատարկ է: Եվ ոչ միայն դպրոցը, այլև աղքատ է մարդ էակը, և ինչու ոչ, նաև համայնքը:

arevik manukyan

Ինչո՞վ զբաղվել

Առավոտ էր․․․ Արթնացա քնից, նախաճաշեցի ու գնացի դպրոց։ Երբ ընկերներիս հետ գնում էինք դպրոց, մտածում էի, թե ինչ եմ անելու դասերից հետո: Ամեն ինչ պարզ էր. երբ տուն էի գալիս, դաս սովորելուց բացի ուրիշ զբաղմունք չունեի, կամ էլ համակարգիչն էր զբաղմունքս։

Անեղծ ասած, գրքեր էլ շատ չեմ կարդում։ Երբ զրուցում եմ ուրիշ քաղաքներում ապրող իմ ընկերների հետ, նրանց միշտ հարցնում էի, թե ի՞նչ են անում, երբ դասից տուն են վերադառնում։ Շատերից լսել եմ հետևյալ արտահայտությունը․ երբ տուն ենք գալիս, դասերը վերջացնում ենք ու ընկերներով գնում զբոսնելու, կամ կինո ենք գնում, ժամանցի այլ կենտրոններ։ Իսկ մե՞նք, Հրազդանում ապրող իրենց հասակակիցներս։ Մենք նույնպես ուզում ենք զբոսայգիներ կամ ժամանցի կենտրոններ ունենալ։

Հուսով եմ, Հրազդանում բնակվող յուրաքանչյուր երիտասարդ և պատանի համաձայն է, որ մեզ նույնպես անհրաժեշտ են ժամանցի վայրեր և զբոսայգիներ:

Ani avetisyan

Կարևորի ու երկրորդականի մասին

Մենք՝ հայերս, սիմվոլիստ ժողովուրդ ենք: Մեզ համար ամեն բան իր խորհուրդն ու նշանակությունն ունի, գիտեմ, շատերն ասում են, թե դա չափազանցված է կամ նույնիսկ կեղծ, բայց դա ճշմարտություն է: Մեզ համար խորհրդանշական են տարվա ամիսները, օրերը, մարդկանց անուններն անգամ և ուրիշ շատ ու շատ բաներ: Մենք մեր որդիներին ֆիլմերի, գրքերի կամ պատերազմի հերոսների անուններով ենք կոչում, որ նրանք մեծանան ու նմանվեն մեր սիրելի հերոսին: Մենք աշխարհով մեկ ենք լինում, եթե մեր կամ մեր երեխայի ծնունդը մայիսի 9-ին, 28-ին ու նման այլ օր է լինում, կամ, հակառակը՝ տխրում, եթե այն ապրիլի 24-ին է, դեկտեմբերի 7-ին կամ մեկ այլ «տխուր» օր: Մենք խուսափում ենք այդ օրերին ուրախություն նշելուց, որովհետև այդ օրը իր խորհուրդն ունի, և մենք ամբողջ հոգով, արյան բջիջներով ապրում ենք այն: Դա մեր ազգային բնավորությունն է, էթնիկական հատկանիշ, որ փոխել չի լինի: Մեզ համար մայիսը հպարտության ամիս է, ապրիլը՝ ցավի ու վերածննդի, աշնանը բոլորս մեկ մարդու պես թախծոտ ենք դառնում: Ախր այդ, երբեմն մանրուք թվացող բաներն այնքան կարևոր են մեզ համար: Կարող ենք նույնիսկ մտածել, թե դրանում ինչ-որ գերերկրային բան կա խառնված. մեր գրեթե բոլոր պանծալի հաղթանակները մայիսին են, ու հակառակը՝ ապրիլի վերաբերյալ։ 

Արդեն ասացի, որ շատերը կեղծ կամ չափազանցված կհամարեն, և իրոք, երբեմն մեր «խորհրդապաշտությունը» կարող է անցնել չափը, բայց մի՝ չգիտեմ սովորույթ ասեմ, բնավորություն, հավատալիք թե ինչ, սակայն կա մի բան, որ ժողովրդի «արյան» մեջ է, և, ուրեմն այն իրոք ինչ-որ կարևոր խորհուրդ ունի։

Մենք միշտ ենք այսպիսին եղել։ Երբևէ չենք էլ փորձել փոխել ինքներս մեզ կամ մեր բնավորությունը։ Այսպիսին կմնանք դեռ երկար, երևի։ Որովհետև մենք սովոր ենք երկրորդականը ստորադասել մեկ այլ՝ ավելի կարևորի։ Սովոր ենք, սովորեցրել ենք մեզ՝ կան այնպիսի բաներ, որոնք վեր են մնացածից։

Այսպիսին կմնանք մի քիչ էլ, մինչ այն չարաբաստիկ ապրիլը։ Նույն այն ապրիլը, որ նախորդ տարվանից մեզ համար մի ուրիշ խորհուրդ ստացավ ու ավելի կարևոր, ավելի խորհրդանշական դարձավ։

Գիտե՞ք՝ մենք պատրաստ էինք այդ օրը ամեն բան ստորադասել ամենակարևորին, բայց ինչ-որ մարդիկ՝ վերևներից, ինչպես ասում են, որոշեցին, որ ավելի կարևորը այս ներկայացում-ընտրություններն են, որից մեկ ամիս առաջ վերհիշում ես բոլոր լսած-չլսած հեքիաթներդ, իսկ մեկ շաբաթ առաջ արդեն հոգնում բոլոր տեսակի խոստումներից ու խոսքերից։ Ու այդ մարդիկ որոշեցին, որոշեցին, մոռանալով կամ չմտածելով, որ աշխարհում ոչ մի ծնող, քույր կամ եղբայր իր որդու և եղբոր կյանքը չի ստորադասելու ընտրություններին։

Նկարչի աշխարհը

Տարիներ առաջ գարնանային արևոտ մի օր ես որոշեցի ձնծաղիկ հավաքելու գնալ՝ մայրիկիս նվիրելու: Հետաքրքրասիրությունս շարժեց մի անծանոթ մարդ, ով հովանոցի տակ կանգնած նայում էր հեռուները: Մոտեցա նրան, և տեսա, որ  նկարում էր մեր գյուղի զարթնող բնությունը: Ձնծաղիկներն այնքա՜ն գեղեցիկ էին:

Այդ օրվանից ես սկսեցի հաճախակի տեսնել այդ անծանոթին:

Նա ժամերով կանգնում էր ու անվերջ նկարում՝ նույնիսկ եթե շատ շոգ էր կամ շատ ցուրտ: Շուտով նա արժանացավ գյուղացիների համակրանքին, վայելեց թե մեծերի եւ թե փոքրերի հարգանքը: Նրան սկսեցին կոչել նկարիչ Հակոբ: Հիշում եմ, երբ նրան տեսնում էի նկարելիս, իմ գույնզգույն մատիտները վերցնում և վազում էի նրա մոտ, փորձում էի ինքս էլ նկարել:

Գուսանագյուղցիները շատ են հարգում իրենց նոր համագյուղացի նկարիչ Հակոբին և համարում են, որ նա մեր գյուղի պատվավոր նկարիչն է:

Հարցազրույց նկարիչ Հակոբ Հովհաննիսյանի հետ

-Նախ, կուզենայիք պատմեք Ձեր մասին. ինչպե՞ս որոշեցիք զբաղվել նկարչությամբ:

-Դե, ես բոլորի նման փոքր ժամանակից նկարչական դպրոց եմ գնացել՝ Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոց: Երևանում էլ եմ սովորել, հետո սկսել եմ նկարել: Երկար տարիներ ապրել եմ ՌԴ-ում, շատ երկար՝ մի  20-22 տարի, հետո եկա Գյումրի 2003թ., իսկ ավելի ուշ այս գյուղը՝ Գուսանագյուղ, ու շատ սիրեցի, ցանկացա այստեղ ապրել և նկարել:

Նկարում եմ, ցուցահանդեսների եմ մասնակցում: Շատ եմ սիրում այս գյուղը, գյուղացիներին: Ինձ համար Գուսանագյուղը ոգեշնչող է: Ես էստեղից եմ ստանում իմ էներգիան: Էստեղ կա նկարչական խորհուրդ, երեխաներին եմ դասավանդում՝ շատ լավն են: Այս գյուղը իմ մանկության կորցրած գյուղն է: Ես որ փոքր էի, իմ ծնողները թույլ չէին տալիս գնալ իմ տատիկ-պապիկի մոտ: Երբ եկա այստեղ, ասես հետ բերեցի իմ կորցրած տարիները և իմ մանկությունը վերապրեցի:

-Իսկ դուք այս գյուղի՞ց եք եղել արմատներով:

-Ոչ, իմ տատիկն ու պապիկը Ջաջուռ գյուղից էին: Երբ եկա էստեղ, շատ նմանություն գտա, ցանկություն առաջացավ ապրել այստեղ, և տուն գնեցի:

Այստեղ ես հիմնականում բնանկար եմ նկարում, քանի որ բնանկարն է ամենից շատ ինձ հուզում, բայց առաջ ես շատ ժանրերով էի նկարում, իսկ հիմա դա է ամենից շատ  ինձ հուզողը:

-Ասացիք, որ հիմնականում բնանկար եք նկարում, և մեր շատ հայ նկարիչներ, որ բնանկար են նկարում, հենց Շիրակից են: Բայց Շիրակը առանձնապես գունառատ չէ: Ինչո՞վ դա կբացատրեք:

-Շիրակը գունառատ է, դուք դա չեք նկատում: Գիտե՞ք ինչու: Դուք նկարիչ չեք: Գունառատը հարաբերական է: Շատ միստիկ, հետաքրքիր մարզ է Շիրակի մարզը: Եթե դուք ունենայիք նկարչի աչք, ապա կտեսնեիք, որ լույսը, տարածքը և ռելիեֆը շատ հետաքրքիր են: Էստեղ լավ նկարիչներ են եղել՝ Մինաս Ավետիսյան, Հակոբ Հակոբյան, Անանիկյան… Որ էստեղ խաղող չկա, դա չի նշանակում, որ էստեղի բնությունը վատն է: Շիրակի մարզը շատ խորհրդավոր տարածք է: Եթե մի քիչ շատ ման գաք, ուսումնասիրեք, կհամոզվեք, որ նկարչական իմաստով այն գեղեցիկ տարածք է: Ավետիք Իսահակյանն էլ է էստեղից, պոետ Աշոտ Ավդալյանն էլ: Գյուղում աշնանը, վաղ գարնանն է սիրուն, նույնիսկ էս ցեխոտ փողոցները սիրուն են: Ուղղակի դա պետք է տեսնել:

-Մինասին հենց նայում ենք, ամբողջությամբ վառ, պայծառ գույներ են: Իսկ Շիրակում այդ գույները չես հանդիպի

-Ես անձամբ շփվել եմ Մինաս Ավետիսյանի հետ: Դա գիտե՞ք ինչից է: Էդ վառ գույներով չի, որ Մինասը լավ նկարիչ է, կարելի է վառ գույներով նկարել, բայց վատ նկարել: Դրանից չէ, որ Մինասը, Սարյանը լավ նկարիչներ են: Նրանց հակառակ, կա Մարտին Պետրոսյան: Դուք տեսե՞լ եք նրա նկարները: Նա փառահեղ նկարիչներից է: Կան բաներ, որ կախված է ընդհանուր գունային համադրությունից, նկարչի տեսակից: Էնպես որ, ոչ միայն Սևանում կարելի է հանգստանալ, այլ նաև այստեղ: Պարզապես դա տեսնել ու զգալ է պետք:

Էս տարածքը շատ խիստ է: Ոչ միայն բնությունը, մարդիկ էլ են այս բնության պես խիստ: Արարատյան դաշտավայրում ուրիշ են: Էստեղի բարբառը, լեքսիկոնը ուրիշ է: Ինչ մնում է տարածքին, այն շատ սիրուն է նկարչական առումով: Դուք որ նկարիչ լինեիք, կհասկանայիք: Էդ կարմիր-կապույտ գույները, որ Մինասը տեսել է, նույն գյուղն է, ուղղակի նկարիչը մի քիչ ուրիշ տեսակ է տեսնում սառը-տաք հարաբերությունները: Սառը կապույտի տեղը նա կարող է դնել ուրիշ գույն, տաքի տեղը, ասենք, դեղին: Տեսնել միայն նկարելով դա քիչ է: Նկարը պիտի զգաս, դա ֆոտո չէ: Արտանկարելը ուրիշ է: Նկարիչը վերարտադրում, իր միջով է անցկացնում, նկարում է զգալով: Մինասի նկարների մեջ էնտեղի բնությունը էդպես չի: Սարյանը, երբ որ նկարել է, կինը ծիծաղել է, թե կարմիր ծառ կամ դեղին գետ կա՞:

-Կպատմե՞ք ձեր նկարչական խմբի մասին: Ինչպե՞ս եք երեխաներին հավաքել, ի՞նչ եք սովորեցնում:

-Նկարչական խումբը դպրոցի երեխեքն են, իրենց ցանկությամբ են գալիս: Նկարում ենք, մեկ-մեկ ներկայացումների ու ցուցահանդեսների, նկարահանումների ենք գնում: Իրենք շատ են սիրում նկարել, տարբերվում են քաղաքի երեխաներից: Կապված են բնության հետ, առանց երկմտելու կարող են նկարել, օրինակ, կով, ոչխար: Իսկ քաղաքի երեխեքը չեն կարող: Նրանք պիտի նկարեն գրքերից, մուլտերից: Շնորհալի, ակտիվ ու տաղանդավոր են մեր երեխեքը: Նրանք ակադեմիական կրթություն չեն ստանում, նրանք փոքրերն են: Նրանցը մինչ ակադեմիականն է, այսինքն, շեշտը դրված է երևակայության վրա: Մենք իրենց չենք սովորեցնում համաչափություն, գունատեսություն, ծավալի հասկացություն: Կարևոր չէ, թե նրանք ոնց են նկարում: Կարևորն այն է, թե նրանք ոնց են մտածում ու ինքնաարտահայտվում: Ակադեմիական կրթության ժամանակ, օրինակ, շեշտը դրված է, թե ոնց են նկարում խնձորը, կճուճը, չափը, ձևը, գունային համադրությունը… Ամեն ինչ նշանակություն ունի: Տարբերությունը դա է փոքրերի ու մեծերի մեջ:

-Իսկ երեխաների մեջ կա՞ն այնպիսիք, որոնք հետագայում նկարչությամբ կզբաղվեն

-Հիմա դա չի երևա. նրանք առաջին անգամ են շփվում ներկի, գույնի, վրձնի հետ: Դա նրանց հեքիաթային մանկությունն է: Կարող է նկարիչ չդառնան, բայց նրանց մեջ ճաշակ է ձևավորվում: Նկարիչ դառնալու համար խմբակները կարևոր չեն: Լավ է իմանաս նկարչության մասին: Արամ Խաչատրյանը ավարտել է ֆիզիկայի ֆակուլտետը, բայց հետո սովորել է կոնսերվատորիայում: Քչերի մոտ կստացվի էդ համապատասխանությունը: Իմ կորցրած մանկությունը ես վերականգնել եմ գյուղ գալով: Եթե հայրս թողներ, որ ես գնայի-գայի գյուղ, ես էդ պակասը չէի զգա: Իմ մեջ կարոտը դեպի գյուղ մնացել էր: Երաշխիք չկա, որ երեխաները կդառնան նկարիչներ: Ոչ ոք չի ծնվել ինչ-որ մասնագետ դառնալու համար, այն ընտրում են տարիների ընթացքում: Ընտրությունը բարդ բան է:

-Դժվար չէ՞ր քաղաքից գյուղ տեղափոխվել, հարմարվել:

-Գիտե՞ք ես ինչ քաղաքներում եմ ապրել: Ես ապրել եմ Ս.Պետերբուրգում 22 տարի: Էնտեղ աշխատում էի: Էս գյուղը ձեր պատկերացրածը չի, որ ես տեսնում եմ: Էական չի սոցիալական վիճակը, հարմարությունը: Ստեղծագործող մարդու համար քիչ բան է պետք. քաղաքից դուրս հանգիստ տեղ ապրել, ստեղծագործել: Ես մենակ չեմ. ինձ նման շատ կան հասարակ մարդիկ, ու շատ լավ է էստեղ ապրելը:

-Իսկ ստեղծագործելու առումով ո՞րն է քաղաքի և գյուղի տարբերությունը:

-Քաղաքում կարող է ձեր նման մի քանի խումբ մոտենա, ճանաչի քեզ, ուզենա զրույցի բռնվել: Իսկ էստեղ քիչ են գալիս, և ինձ համար դա լավ է: Շատ ես ուզում մնալ մենակ՝ ինքդ քեզ հետ, զբաղված ես, ունես աշխատելու ժամանակ ու ստեղծագործելու: Քաղաքում բարդ է: Հոգնել եմ քաղաքում ապրելուց:  Քաղաքում ես մասնակցում եմ ցուցահանդեսների, շփվում եմ այլ նկարիչների հետ ու նորից վերադառնում իմ գյուղ:

-Ձեր կարծիքով Դուք գտե՞լ եք ձեր կոչումը որպես նկարիչ:

-Ես փոքր հասակից՝ 5-6-րդ դասարանից նկարել եմ մեծ սիրով: Ամեն ինչ շատ բարդ է. պետք է ասելիք ունենաս ու ցանկություն, թե չէ ոչ մի բան չի լինի: Եթե նորից ծնվեի, կնկարեի նորից: Կան բաներ, որ քո մեջ պիտի լինի, ոչ թե սովորեցնում են: Պիտի ազատ մնաք, որպեսզի դուք էլ գտնեք ձեր մասնագիտությունը: Գործը միայն փող աշխատելով չէ: Շատ պոետներ չեն սովորել: Շիրազը չի սովորել. նա բանասեր չէր: Լավ մասնագիտությունը լավ մարդն է՝ անկախ նրա պաշտոնից: Նա լավատես է, ուրախ է ամեն լավ բանի համար:

-Երբ մենք ներս մտանք, հայ-ճապոնական ցուցահանդեսի պաստառ տեսանք: Համագործակցո՞ւմ եք տարբեր ազգերի նկարիչների հետ:

-Ցուցահանդես եղավ Տոկիո-Երևան: Սկզբում մեր ցուցահանդեսն էր, հետո իրենք եկան Հայաստան՝ մասնակցեցին: Նրանք մոտ 20 հոգի էին: Մենք մասնակցում ենք զանազան ցուցահանդեսների Եվրոպայում, Ճապոնիայում, Ամերիկայում: Կապ չունի, թե որտեղ է ապրում նկարիչը: Մի ռուս գրող կար՝ Սոլժենիցինը, նրան քաղաքական հայացքների համար ժամանակին վտարեցին Խորհրդային Միությունից: Գնաց Ամերիկա, հետո հեռուստատեսությամբ ցույց տվեցին: Մի խուլ տեղ էր ապրում, էս իմ ապրած տեղը ավելի լավ էր. ոչ պարիսպ կար, ոչ բան: Հեռվում դրված էր տեսախցիկ, որ չմոտենային տանը… Կիսափլված տան մեջ էր ապրում: Պարիսպը փշոտ ծառեր էին:

-Իսկ Ձեր կարծիքով հայ նկարիչները տարբերվո՞ւմ են այլազգի նկարիչներից և ինչո՞վ:

-Իհարկե, այո: Մենք անգամ փոքր Հայաստանի մեջ ենք տարբերվում իրարից: Ասացի, չէ՞, Շիրակի մարզն ու Արարատյան դաշտավայրը օրինակ: Ամերիկայի, Եվրոպայի և Հայաստանի նկարիչներն էլ բնականաբար տարբերվում են իրարից մշակութային առումով:

Հարցազրույցը վարեցին՝ Մերի Հարությունյանը, Արթուր Սահակյանը, Դիանա Շահբազյանը, Լիլիթ Կարապետյանը 

Հարցազրույցը գրի առավ՝ Մերի Հարությունյանը

Եվ այսպես ամեն օր

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Առավոտ. բացեցի աչքերս: Ամենից առաջ նայում եմ պատուհանից դուրս: Ի՞նչ եղանակ է: Ջա՜ն, ամպամած է: Էսօր ուրեմն լավ օր է, հավեսով կնկարեմ պարապմունքի ժամանակ: Սիրում եմ ամպամած եղանակին նկարել: Եթե արև լինի, չեմ կարողանա կենտրոնանալ. ուշք ու միտքս դրսում է լինելու: Բայց առավոտյան միանգամից պարապմունքի չեմ գնա: Մինչև դա կա իմ օրվա անբաժան մի մասը՝ մեծն դպրոցը: Ճիշտ է՝ «մուննաթ» դեմքով եմ գնում, ու ամեն առավոտ մեծ դժվարությամբ եմ արթնանում, բայց մեկ է, գիտեմ, որ որոշ ժամանակ անց կարոտելու եմ դպրոցը՝ անգամ իր վատ կողմերով: Լավ, չշեղվեմ թեմայից, գնամ դպրոց, տեսնեմ՝ ինչ կա-չկա: Գնացի, էլի նույն մարդիկ նույն բնավորությամբ և նույն մթնոլորտը:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Ամեն օր նույնն է: Մի օր ասում եմ՝ բարև, մի օր՝ բարի լույս, բարի օր, մի օր էլ չեմ գնում: Իսկ եթե գնում եմ, շտապում եմ տուն, որ ճաշեմ ու գնամ նկարելու: Արդեն ճանապարհին եմ: Գնում եմ՝ մտածելով, թե ինչ կա ուտելու: Հա, երևի տապակած հավ կամ «ժարիտ»: Ո՜ւխ:
-Մա՞մ, նորից բարև, ի՞նչ կա ուտելու:
-Համով սուպ կա, լցնե՞մ, կուզե՞ս:
-Չէ, չեմ ուզում, ուղղակի հարցնում էի: Ավելի լավ ա՝ մեկ բաժակ թեյ կամ սուրճ տուր, ես գնում եմ պարապմունքի:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Մինչ թեյի կամ սուրճի պատրաստվելը մտնում եմ ֆեյսբուք, բացում եմ ինձ ուղղված նամակների ցուցակը: Չեմ պատասխանում, եթե սկսեմ պատասխանել, հաստատ պետք է ժամերով գրեմ: Չէ, հետո կմտնեմ, թեյս կամ սուրճս էլ երբ գա, չեմ հասցնի նորմալ զրուցել: Ավելի ճիշտ կլինի՝ երեկոյան պատասխանեմ: Թեյս եկավ, բայց մտածում էի սուրճ կլինի: Չնայած՝ ամպամած է, թեյը ավելի հարմար է: Խմեցի, գնացի միջանցք ու բարձր ասացի:
-Մա՛մ, ես գնացի, երեկոյան կողմերը կգամ:
Անցավ մի քանի րոպե և նոր բացեցի դուռը: Դռան ձայնը ինձ մատնեց, որ չեմ գնացել.

-Էս դեռ չե՞ս գնացել,- լսում եմ մայրիկիս ձայնը:
-Գնում եմ, մա՛մ, ուղղակի մատիտներս էի մոռացել:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Բայց իրականում ո՛չ մատիտ էի մոռացել, ո՛չ էլ մի այլ բան: Ուղղակի պատասխանում էի մի շատ կարևոր նամակի: Դե, մի քիչ անիմաստ է բացատրել, որ մի քանի րոպե միջանցքում կանգնած նամակ եմ գրում: Ավելի հարմար էր դիմել մատիտների օգնությանը: Դուրս եկա: Օ՜ֆ, արևը ուզում է դուրս գալ, ես էլ ասացի՝ ամպամած օր է, ուրախ կանցնի: Մի զարմացեք, ես սիրում եմ սևացած ամպերը, բայց եթե անկեղծ, պատճառը ես էլ չգիտեմ:

Գնացի նկարչության. էլի նույնը, նույն մարդիկ և իմ կողմից հնչող բարևի տարբեր տեսակները: Ու ինչպես միշտ.
-Սոնա՛, էլի տե՞ղս ես նստել, լավ էլի՝ նկարս կիսատ ա, պետք ա շարունակեմ, վե՛ր կաց:
-Չէ, արդեն սկսել եմ, չեմ կարա:
Առանց որևէ բան ասելու պտտվում եմ ու մտքերիս հետևից ընկած՝ էլի սկսում նկարել նույն նկարը, հիմա էլ՝ մյուս կողմից: Նայեցի ժամին. մնացել էր քսան րոպե: Մի տասը րոպե էլ նկարեմ ու կամաց սկսեմ հավաքել իրերս: Մինչև հավաքեմ՝ արդեն քսան րոպեն կլրանա: Լրացավ քսան րոպեն, անցնում եմ էլի նույն ճանապարհով, բայց հակառակ ուղղությամբ: Բացակայում են միայն կանգառում հավաքված մարդիկ, որոնք արդեն գնացել են: Նրանց փոխարինում են փողոցի լույսերը: Մինչև տուն հասնելը երևի երաժշտություն լսեմ: Միացնում եմ ու չորրորդ վայրկյանին անջատում.
-Սրան էլ էնքան լսեցի, արդեն անգիր արեցի՝ չհաշված ամեն երգի հետ կապված հիշողությունները:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Մինչև այդքանը մտածեցի, հասա տուն: Արագ շորերս եմ փոխում, խոհանոցում ոտքի վրա հաց ուտում ու գնում պարապելու՝ նկարելու պարապմունքի չէ, այլ մարզվելու: Միացնում եմ էլի այդ նույն երգերը և մտքերիս հետևից ընկած՝ կատարում վարժություններ: Մեկ-մեկ էնքան եմ խորանում, որ անգամ հաշվարկս է խախտվում ու մի քանի անգամ հիսուն եմ ասում: Սպորտը նույնպես վերջացրի, այ հիմա գնամ տուն ու հանգստանամ, դուրս գալու հավես չկա էսօր:

Մտա տուն, բոլորը տանն են, ամեն մեկը` իր գործով: Ավելի լավ է՝ գնամ սենյակս, հենց սերիալները վերջանան, դուրս կգամ: Մտնում եմ սենյակ, պառկում մահճակալիս ու սկսում պատասխանել իմ նամակներին, որոնց չհասցրի՝ բացառությամբ միջանցքինը: Մեկ էլ պատահական տեսնում եմ ժամը՝ 00:25: Հեռախոսը դեմքիցս մի կողմ եմ տանում: Սենյակիս դռան ապակին էլ լուսավոր չէ: Այսինքն՝ հյուրասենյակում մարդ չկա, բոլորը քնել են: Բացում եմ սենյակիս դուռը ու տեսնում, որ միայնակ եմ: Հետ եմ վերադառնում սենյակ ու իմ պահարանից հանում մի քանի մատիտ և մի քանի թուղթ: Բացում եմ համակարգիչը և սկսում նկարել, հիմնականում՝ դիմանկարներ: Նկարում եմ նրանց, ում խոսք եմ տվել կամ ում ուզում եմ անակնկալ անել: Նկարում եմ մատիտով, ապա նույն նկարը՝ հեռախոսով ու նամակի տեսքով ուղարկում եմ իրենց տերերին: Մի քանի վայրկյան անց լսում եմ շնորհակալություններ, որը ինձ համար ամենահաճելի պահերից է: Դա էլ վերջացնելուց հետո կիսափակ աչքերով գնում եմ քնելու: Եվ արթնանում՝ էլի դուրս նայելով, որ տեսնեմ՝ ինչ եղանակ է: