Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը

Եկավ 7-րդ ժամը, պետք է գնայինք Ն.Զ.Պ-ի դասասենյակ՝ հերթական դասին: Շարվեցինք, երգեցինք օրհներգը ու արագ անցանք դասարան։ Մինչ նստելը ընկեր Ներկարարյանը հայտարարեց, որ պետք է միջոցառում կազմակերպենք, որը լինելու է  զինվորական երդման արարողության մասին։ Երբ տուն գնացի, անդադար մտածում էի այդ միջոցառման մասին, թե արդյո՞ք հետաքրքիր է լինելու։ Անհամբեր սպասում էի հաջորդ  օրվան:

Հաջորդ օրը պարոն փոխգնդապետը մեզ բաժանեց հարցաթերթիկներ, որոնք պետք է  սովորեինք, այդ  պահին մտածեցի, որ հետաքրքիր չի լինելու, բայց նա ասաց, որ դրանք ուղղակի հարցեր են, մենք պետք է լիարժեք կատարենք, այնպես, ինչպես բանակում։ Այդ օրվանից սկսեցինք մեր փորձերը մինչև լիարժեք պատրաստ լինելը: Դժվար էր, բայց հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։ Նախ ողջունում և զեկուցում էինք, որ պատրաստ ենք  զինվորական երդմանը, այնուհետև սկսում էինք կանչել զինվորական երդում ընդունողներին։  Մոտենում, ներկայանում և բարձրաձայն կարդում էինք երդումը։ Այդպես մինչև վերջին  երդվողը։ Ավարտից հետո կրկին զեկուցում էինք, որ վերջացրեցինք զինվորական երդումն ու շարք կանգնում։ Այդ ժամանակ պարոն փոխգնդապետը շնորհավորեց մեզ այդ կապակցությամբ, իսկ մենք պատասխանեցինք՝ ուռա՛, ուռա՛, ուռա՛:

Հաջորդ հրամանը՝ հանդիսավոր երթի դուրս գալը և ըստ հերթականության շարվելն էր։ Հետո «Գետաշեն»-ը երգելով քայլում էինք: Մի քանի րոպե քայլում ու կանգնում էինք, հետո տրվեց «Ազատ» հրամանը, անցանք տեսական մասին։ Պատասխանում էինք պարոն փոխգնդապետի   հարցերին: Ավարտից հետո մեր դասարանի 3 աղջիկներ զենքերով վարժաձևեր կատարեցին։ Մեզ համար նշանակալից էր հատկապես այն, որ Մարտունու երկրապահների հրամանատարը շնորհավորեց և մեդալներ, պատվոգրեր հանձնեց լավագույն աշակերտներին:

araqs aharonyan kotayk

Քննադատության նոր ալիք

Վերջին շրջանում հայկական հեռուստաալիքներում տարածվեց մի նոր սերիալային ալիք, և ողջ համացանցը հեղեղվեց այդ սերիալների վերաբերյալ քննադատական կարծիքներով։ Հերթը հնդկական սերիալներինն է։ Կապ չունի՝ սերիալները հայկական են, հնդկական, թե բրազիլական, միևնույնն է՝ հայ իրականության մեջ սերիալները միշտ բացասական արձագանք են ստանում։ Իհարկե, չենք կարող չընդունել, որ հնդկական կինեմատոգրաֆիան շատ տարբերվող է ոչ միայն հայկական ֆիլմերից, այլ ցանկացած երկրի կինոարտադրանքից։ Գիտեք, տանելի չէ, երբ մարդը նայում է հնդկական սերիալները իր ցանկությամբ, հաճույքով, թաքուն մի քիչ էլ հուզվում, լաց է լինում, երբ որևէ թախծոտ տեսարան է լինում, իսկ հերթական սերիան դիտելուց հետո, տեսնելով քննադատական բազմաթիվ գրառումները սոց-կայքերում և չցանկանալով հետ մնալ իր «խելքակիցներից», սկսում է մեծ ճիգեր գործադրելով, օգտագործելով ամենաճոխ բառաֆոնդը, քննադատել հնդկական սերիալների մուտքը հայկական հեռուստատեսություն: Կարծում եմ՝ պետք է սեփական կարծիք, տեսակետ ունենալ ու չվախենալ դուրս գալ ընդհանուրի դեմ, եթե իսկապես մեր դիրքորոշումը այդ է պահանջում: Իսկ ինձ, խնդրեմ, չհամարել հնդկական սերիալները պրոպագանդող:

Եթե անկեղծ՝ ինձ համար բոլորովին մեկ է՝ որ երկրի արտադրած սերիալը կամ ֆիլմը կլինի, եթե այն իսկապես լավն է ու ինչ-որ բան ունի տալու: Օրինակ՝ բոլորը քննարկում են «Մերժվածը», «Ինչպես կոչել այս սերը» սերիալները, բայց այս ողջ ընթացքում «Թռիչք»-ի վերաբերյալ ոչ մի կարծիքի չհանդիպեցի: Չեմ հասկանում՝ չե՞ն նայում, թե՞ քննադատելու բան չեն գտնում: Կցանկանայի՝ ճիշտ լիներ երկրորդ պատճառը: Անձամբ ես կուզենայի, որ թե՛ հայ կինոարտադրության մեջ, թե՛ համաշխարհային մակարդակով վերցրած՝ շատ լինեին նման թեմատիկայով ֆիլմերն ու սերիալները: Գուցե ինձ համար դա իրոք տարբերվող է, քանի որ արծարծվող թեմաներն ու խնդիրները կարևորագույններից են ինձ համար: Գուցե նրանից է, որ ազատություն ասվածը ներսումս ամենակարևոր արժեքներից մեկն է: Գերության խնդիրը ամենացավոտ կետերից մեկն է, և մարդկանց համար առաջնային հարցերից մեկը հենց այդ խնդրի լուծումը պետք է լինի: Ուժեղ անհատականություններ ու ձեռք մեկնողներ են պետք մեզ: Գործել է պետք:

anushik davtyan

Ժամանակը շատ թանկ է

Վերջերս հաճախ եմ լսում, որ մարդիկ ասում են, թե կյանքից ոչինչ չհասկացան, այն շատ արագ անցավ, և իրենք չհասցրին անել մի բան, որով կհպարտանային: Դե, իհարկե, նրանք դրանում մեղադրում են Աստծուն, իրենց ընկերներին կամ հարազատներին, բայց երբեք ոչ իրենց:

Արդյոք մեղավո՞ր են այս մարդիկ, որ իրենք առավոտյան շուտ չեն արթնացել, չեն զբաղվել մարմնամարզությամբ, չեն կարդացել գրքեր կամ կարդալիս դրանց վերաբերվել են զուտ որպես հաճելի պատմությունների կամ հեքիաթների, և ոչ մի դաս չեն քաղել, չեն հասկացել այն խորը մտքերը, որոնք թաքնված են եղել այդ պատմությունների հետևում: Երբեք չեն մտածել, որ կարելի է փորձել փոխել ինչ-որ բան աշխարհում, կամ թեկուզ` Հայաստանում, չեն փորձել ստեղծել ինչ-որ նոր բան: Իսկ, երբ նրանց մտքում ծագել է այն միտքը, որ կարելի է փորձել, նրանց խանգարել են անհեռատես և սահմանափակ մտածողության տեր մարդիկ` հորդորելով, որ երազանքներով չապրեն: Եվ այդ մարդիկ, վստահելով իրենց «ընկերներին», հանել են այդ մտքերը իրենց գլխից: Նրանք սովորել են դիպլոմ ստանալու համար, հաճախ չեն մասնակցել դասընթացներին, հնարավորության դեպքում՝ քննությունների ժամանակ արտագրել են: Այնինչ համալսարանում ստացած գիտելիքները այնքա՜ն քիչ են: Ոչ միայն պետք է համալսարանում լավ սովորել՝ դասախոսներին հարցախեղդ անելով, այլ պետք է կարդալ շատ ու շատ մասնագիտական գրքեր: Ավարտելուց հետո պետք է գտնել լավ կարճաժամկետ ծրագրեր, ինչպիսիք են մասնագիտական թեմաներով կոնֆերանսները, սեմինարները կամ ֆորումները, որոնք ձեզ կդարձնեն ավելի լավ մասնագետ:

Իհարկե, համալսարանում կրթություն ստանալը շատ լավ է, բայց եթե չկա այդ հնարավորությունը, պետք չէ մտածել, որ վերջ, այլևս հնարավոր չէ ունենալ լավ կյանք: Դրա փոխարեն կարելի է պարզապես կարդալ լավ մասնագիտական գրքեր, մասնակցել ինչ-որ ֆորումի՝ գիտելիքների փոխանակման համար: Բոլորս էլ գիտենք Սթիվ Ջոբսին: Նա չունի բարձրագույն կրթություն, բայց հիմնել է «Էյփլ» ընկերությունը: Այդ մարդիկ չեն փորձել աշխատել ինչ-որ ընկերությունում, թեկուզ որպես կամավոր, մինչև համալսարանն ավարտելը: Իսկ, երբ ավարտել են, նրանց ոչ ոք աշխատանքի չի ընդունել, որովհետև չեն ունեցել աշխատանքային փորձ: Տարիներ հետո գտել են մի աշխատանք, այն էլ ծանոթի միջոցով, որը բացարձակ կապ չի ունեցել իրենց մասնագիտության հետ: Երկար ժամանակ աշխատել են այդտեղ ու այդպես էլ չեն կարողացել դուրս գալ աշխատանքից, վախեցել են ռիսկի դիմել, որովհետև արդեն ընտանիք են ունեցել:

Ո՞վ է մեղավոր այս սխալների համար, որ գործել են. միայն իրենք: Մենք պետք է հավատանք մեր ուժերին, հարկ եղած դեպքում՝ ռիսկի դիմենք, ախր, այնքան բանի է ընդունակ մարդ արարածը: Չպետք է մտածենք, որ ուրիշներից տարբեր լինելը սխալ է: Ոչ ոք չի տա մեզ լավ կյանքի հնարավորություն: Մենք պետք է աշխատենք ինքներս մեզ վրա և ստեղծենք մերը: Ինչպես ասել է Քրիստոֆոր Ռիվը. «Հնարավորություններ չեն լինում, դուք եք ստեղծում դրանք»:

Ani asryan

«Հառաջադիմություն կպոռանք և առաջ կվազինք»

Այս կարգախոսի հիման վրա սկսվեց մեծ և ծավալուն աշխատանքը: Մեզ աջակցում է World Vision կազմակերպությունը: Նելլի  Թաթոսյանի և Վրեժ Կարապետյանի տքնաջան աշխատանքի շնորհիվ  հավաքագրվեց մի խումբ՝ IMPACT, որտեղ ընդգրկված էին 13-18 տարեկան պատանիներ: Պատանիների համար առաջնային խնդիր էր հանդիսանում գյուղի զարգացումը: Նելլին և Վրեժը, կարելի է ասել  հանդիսանում են խմբի  «հենքը»: Նրանք մեր մեջ տեսան այն փայլը, որը ժամանակին  կար իրենց մեջ: Այսօր մեզ համար  հիմնական խնդիր է հանդիսանում Դարբաս գյուղի գրադարանի վերանորոգումը և գրքերին խնամված տեսք հաղորդելը: Աշխատանքային  3-րդ  օրն էր: Աշխատեցինք ակտիվ, ծանրաբեռնված և, ամենակարևորը, բարձր տրամադրությամբ: Վրեժը օգնելուց բացի նաև կատակներ էր անում՝ ապահովելով անհրաժեշտ բարձր տրամադրություն: Սիրեցինք այս աշխատանքը և սիրով պատրաստվում ենք աշխատել մի քանի օր ևս: Կատակներ, երաժշտություն, բանաստեղծություններ: Հեղինակների անունները ընթերցելիս յուրաքանչյուրիս միտքը փայլատակում էր, վեր էին հառնում այն բանաստեղծությունները, որոնք ժամանակին սովորել և սերտել էինք: Սկսում էինք Սևակից ավարտում Լենին պապիկով: Եվ այս ամբողջը  ջերմության պաշար էր, որը ցանկացանք թողնել այդ հնամաշ գրքերի էջերում: Այդ գրքերին ջերմություն էր պետք, իսկ մենք՝ ներկայիս սերունդը, կարողացանք այդ ջերմությունը մեզնից զատել և նվիրել նրանց: Դե, չէինք կարող մոռանալ 21-րդ դարի հեղափոխություն կատարողին՝ Իչային: Ամենքս «Մերժվածը» սերիալից մի դրվագ էինք մեջբերում:

-Դերենա-դերենա-դերենա՜, տու դե հի-ի՜ ուտըրը՜ն:

Երգում էինք և ծիծաղում: Աշխատանք, որը դարձել էր մեր օրվա մի մասնիկը: Յուրաքանչյուր աշխատանք պետք է դառնա սիրելի: Եթե չսիրենք կատարվելիք գործը, երբեք լավ արդյունքի չենք հասնի:

Յուրաքանչյուր տարածքում պետք է լինի գրադարան, որը կլինի բարեկարգ վիճակում և իր մեջ կպահպանի մշակութային ժառանգությունը, որը զետեղված է մի աշխարհում՝ գրքերի աշխարհում:

Ani Ghulinyan

Խորհրդի նման մի բան

Բազմաթիվ թևավոր խոսքերի մեջ «Այսօրվա գործը վաղվան մի թող»-ը մեծերն ամենաշատն են սիրում: Դե մենք էլ, ինչպես միշտ ձգտելով հակառակվել նրանց, ցույց ենք տալիս, որ տարբերություն չկա ծրագրած գործը այսօր կամ վաղը կատարելու մեջ:
Ինձ հետ վերջերս մի դեպք պատահեց: Այն ճանապարհի եզրով, որով ամեն օր դպրոց եմ գնում, տների շարասյուն կա: Արևը դուրս է գալիս տների հակառակ կողմից, ստվեր գցելով այն ճանապարհի վրա, որով անցնում եմ: Բայց մի տեղ ցերեկային լուսատուի համառ շողերը ճեղքում են տների շարքը ու մի ծառի արանքից թափանցում դեպի ճանապարհ: Մինչև այս անհայտ տեսարանը ես նկատեցի հոկտեմբերյան մի օր, երբ դասի զանգից 2 րոպե էր մնացել: Դեռևս աշխատող տեսախցիկս էլ մոտս էր, մարտկոցը մինչև վերջին բիծը լցված: Բոլոր նպաստավոր պայմանները կային հաջողված լուսանկար անելու համար: Իսկ ես առանց ոչինչ անելու թողեցի ու հեռացա, պատճառաբանելով, որ դասից եմ ուշանում, բայց իրականում տեսախցիկը պայուսակից հանելու, մի քանի քայլ առաջ գնալու, նկարելու համար հարմար դիրք ընտրելու գիտակցումն էր, որ թռավ-հասավ մինչև հոգուս խորքերը, ուր ապրում է իմ ալարկոտ բնավորությունը: Բնավորություն, որը ես միշտ փորձում եմ խեղդել, ու ասեմ ստացվում է, բայց հենց զգոնությունս թուլացնում եմ, այն թափանցում է իմ բոլոր հյուսվածքների մեջ ու խանգարում է ուզածս բաները կատարել:
Դպրոցի ճանապարհին, իր ալարկոտությունը արդարացնել փորձող մարդու բնավորությամբ մտածում էի, որ վաղը կնկարեմ, որ վաղը նույնիսկ կարող է ավելի գեղեցիկ լինել, քան այսօր է: Հաջորդ օրը մոռացա տեսախցիկս, մյուս օրը մարտկոցն էր նստել, այնուհետև՝ շաբաթ-կիրակի, անձրև եկավ, ու հինգ օր արևածագը իննից հետո էր լինում, հետո ձյուն եկավ, իսկ իմ պատկերաացրած նկարում ձյուն չպիտի լիներ, հետո արձակուրդներ: Այս ընթացքում ձնագնդիկի հետ շփումից փչացավ տեսախցիկս: Էկրանի միայն մի մասն է երևում, պատկերն էլ աղավաղում է: Այս նկարի հետ կապված բոլոր հնարավոր անհաջողությունները եղան, որ ես համոզվեմ այդքան լսած, բայց երբեք բանի տեղ չդրած խոսքի իրավացիության մեջ` այսօրվա գործը վաղվան չեն թողնում:

Mane Babajanyan

Երեսուն րոպե. լա՞վ է, թե՞ վատ

Հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում դասերը սկսվում են առավոտյան ժամը 10-ին, և դասաժամերը տևում են ընդամենը 30 րոպե: Բացառություն չէ, իհարկե, նաև մեր դպրոցը: Երբ մոտ երկու շաբաթ առաջ ուսուցչուհիս եկավ ու հայտնեց այդ լուրը, մեր դասարանն այն ընդունեց մեծ ոգևորությամբ:

-Ո՜ւխ, ինչ լավ ա, մի ժամ ավել կքնեմ:
-Վա՜խ, 30 րոպե, չենք ձանձրանա:
-Ջան, ինչ հավես ա, շուտ կվերջացնենք, պարապմունքիս էլ շուտ կգնամ, էլ գիշերով չի մնա:
Նման արձագանքները չափից շատ էին: Պետք է խոստովանեմ, որ ես էլ պակաս ուրախ չէի այդ փաստից: Առաջին հայացքից բացասական կողմ չկար, ու ամեն ինչ շատ լավ էր. թե՛ երեխաները, թե՛ ուսուցիչները, ոգևորված այդ փաստից, լուսավոր և ուրախ ծրագրեր էին կազմում, ասես նվեր ստացած այդ ավել ժամանակի համար, որը «մեծահոգաբար» նվիրում էր 45-ի փոխարեն 30 րոպե տևող դասաժամը: Դե, դա ընդամենը առաջին հայացքից:
Իրականում, ամեն անցնող օրվա հետ սկսեցի գիտակցել, որ այս երևույթն իրականում բացասական կողմեր ավելի շատ ունի, քան դրական: Բայց, քանի որ միայն իմ տեսակետը շատ քիչ էր, որոշեցի հարցնել թե՛ աշակերտների և թե՛ ուսուցիչների կարծիքը:
Ուսուցիչները բողոքում էին ու նշում միայն այն, որ 30 րոպեն բավական չէ աշակերտներին նոր նյութը բացատրելու համար, էլ ուր մնաց՝ նախորդը հասցնեն քննարկել: Հատկապես դա շատ է խանգարում այն ուսուցիչներին, որոնց առարկաները խորացված են: Դե, դրական կողմն էլ միայն այն է, որ եղանակային պայմաններն այդքան էլ բարենպաստ չեն նախկին գրաֆիկով աշխատելու համար:
Ի զարմանս ինձ, աշակերտների մեծ մասը ևս այդ կարծիքին էր: Դե, բնականաբար, խոսքս սովորող աշակերտների մասին է, ոչ թե նրանց, ովքեր դպրոց գալիս են ուղղակի տանը չմնալու համար: Աշակերտների խնդիրը տրվող դասն ամբողջությամբ յուրացնելն էր ու այն, որ այդ կարճ ժամանակում չեն հասցնում ավարտել ստուգողականները: Իմիջիայլոց, այսօր մեր դասարանը դրանում համոզվեց: Մաթեմատիկան մեր մասնագիտական առարկաներից է, հետևաբար գրավոր աշխատանքի հարցերը բարդ էին ու շատ: Մինչև ուսուցիչը եկավ, տեղավորվեցինք, առաջադրանքները բաժանեց, դասի ավարտին մնաց ընդամենը 15 րոպե: Ստիպված թեմատիկին տրամադրեց երկրորդ ժամը ևս, որ հասցնենք ավարտել գրավորը:
Մի խոսքով՝ այս բոլոր թերությունների դեմ միայն ցուրտը, ըստ իս, բավարար պայման չէ: Բացի այդ, մեկ ժամ շուտ կամ ուշ սկսվելով՝ դասերը ցուրտը չեն մեղմացնում:

jora petrosyan

Շոուն ու բեմական տեսքը այնպիսին էր, ինչպես ես էի ուզում

Հարցազրույց «X Factor» նախագածի մասնակից Անգել Բարսեղյանի հետ:

-Ե՞րբ եք սկսել երգել և ե՞րբ` էլ ավելի խորացել երաժշտության բնագավառում։

-Երգել սկսել եմ 3 տարեկանից, 15 տարեկանից սկսել եմ զբաղվել երգեցողությամբ, իսկ խորանալ՝ 18-ից։ Այժմ իմ կյանքը չեմ պատկերացնում առանց երգի։ Ամեն ինչ սկսվեց մի ձայնարկիչից, որ ծնողներս էին ինձ նվիրել։ Ամեն անգամ միացնելիս, անկախ իմ կամքից, սկսում էի երգել։

-Ե՞րբ է եղել Ձեր առաջին մեծ բեմելը։

-Առաջին բեմելս եղել է 2009 թվականին «Միջազգային բեմ» փառատոնի ժամանակ։ Վերջինիս ժամանակ շատ ոգևորված էի, որովհետև ներկայանում էի իմ հեղինակային երգով՝ «Colour world» վերնագրով։

-Առաջին անգամ Դուք Ձեր ուժերը փորձեցիք «Մանկական Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլում՝ հանդիսատեսին ներկայանալով «Ողջույն» երգով։ Ո՞վ է եղել այն մարդը, ով սատարել է Ձեզ և ոգևորել, որպեսզի մասնակցեք այդ մրցույթին։

-Գաղափարը իմն էր ու իմ ընկերներինը։ Ինձ ամեն հարցում օգնում և սատար է կանգնում իմ հայրը, իսկ ինձ ոգևորելու հարցում օգնում են ընտանիքիս անդամները, հարազատներս, ընկերներս։

-Մասնակցել եք նաև «Իմ անունն է» նախագծին։ Նախագծի ֆորմատն այնպիսին էր, որ պետք է նմանակեիք որևէ երգչի։ Ինչպես այս անգամ՝ «X Factor» նախագծում, այնպես էլ «Իմ անունն է»-ում, Դուք ներկայացաք աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննայի երգերով ու կերպարով։ Ինչո՞ւ հենց Ռիհաննա, ի՞նչն է դուր գալիս Ձեզ նրա երգերի մեջ։

-Ռիհաննային ու նրա երաժշտական կարիերային հետևում եմ մոտ 11 տարի։ Չեմ ասի, որ նա իմ կուռքն է, ինձ դուր են գալիս նրա ձայնը, ոճը։ Նա իր տեսակի մեջ միակն է ու չկրկնվողը։

-Ձեր առաջին բեմելը «X Factor»-ում բավականին հետաքրքիր էր։ Ներկայացաք հետաքրքիր հագուստով՝ «վերցված Ռիհաննայի զգեստապահարանից»։ Այս անգամ, էլ ավելի ռիսկային բեմական կերպար էիք ստեղծել։ Չե՞ք վախենում արդյոք հասարակության քննադատող հայացքներից։

-Քննադատություններին վերաբերվում եմ շատ նորմալ. ինչքան մարդ, այնքան կարծիք։ Մեկին կարող եմ դուր գալ, իսկ մյուսին՝ ոչ։ Իսկ քննադատողներին ուզում եմ ասել, որ այդ ամենը շոու է, բեմական տեսք, և մարդու բարոյականության աստիճանը հագուստի կարճ կամ բաց լինելով չէ, որ պետք է սահմանվի։

-Ձեր ելույթի վերաբերյալ ժյուրիի կողմից հնչեցին ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիքներ։ Իսկ ըստ Ձեզ, ինչպիսի՞ն էր Ձեր ելույթը։

-Ես միշտ ձգտում եմ կատարելության։ Չեմ ժխտում, ձայնս տեղ-տեղ լավը չէր։ Բայց շոուն ու բեմական տեսքն այնպիսին էին, ինչպես ես էի ուզում, ու երկար աշխատանքս տվեց իր արդյունքը։

-Վերջերս ներկայացաք խմբային տեսահոլովակով։ Կարո՞ղ ենք սպասել անհատական տեսահոլովակի։

-Բնականաբար։ Առաջիկայում իմ հեղինակային երգի պրեմիերան է լինելու։

-Իսկ կմասնակցե՞ք «X Factor»-ի հաջորդ եթերաշրջանին։ Մի՞թե հաջորդ փուլ չանցնելը կոտրեց Ձեզ։ 

-Չեմ կարող ասել՝ կմասնակցեմ հաջորդ «X Factor»-ին, թե ոչ, բայց ես երբեք չեմ կոտրվում և չեմ հանձնվում։ Առաջիկայում նոր պլաններ ունեմ, որոնք բոլորը պիտի իրականացնեմ։

-Ի՞նչ պլանների մասին է խոսքը։

-Նոր երգ, նոր տեսահոլովակ, ընկերներիս հետ համերգային տուրեր։ Դե, իսկ գովազդային ընկերություններից ստացած առաջարկները շատ-շատ են։ Չեմ ուզում բոլոր պլանները թվարկել, թող մնան անակնկալ։

-Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն է Ձեր երգացանկը։ Ո՞ւմ երգերն եք ավելի շատ լսում։ Կարո՞ղ եք նշել մի այնպիսի երգ, որը հոգեհարազատ է Ձեզ։

-Երգացանկս ժամանակ առ ժամանակ փոխվում է։ Բայց բոլոր ժամանակների ամենահոգեհարազատ երգը Ռիհաննայի և Էմինեմի «Love the way you lie» երգն է։

-Կարճ ժամանակում ձեռք բերեցիք երկրպագուների մեծ բանակ՝ ինչպես Ձեր տաղանդի, այնպես էլ գեղեցկության շնորհիվ։ Ո՞րն է Ձեր ուղերձը երկրպագուներին։

-Շատ հաճելի է, երբ քեզ հարգում, գնահատում, սիրում ու հետևում են՝ դառնալով քո երկրպագուն։ Մարդիկ մտածում են, որ ես շատ մեծամիտ ու գոռոզ եմ, բայց իրականում այդպես չէ, ուղղակի չեմ հասցնում պատասխանել բոլորի նամակներին։ Նրանց միայն կասեմ, որ իրենց շատ եմ սիրում:

-Նշեք այն խորհուրդը, որով առաջնորդվում եք։

-Միշտ ասել եմ ու կասեմ, որ պետք է լինել անհատականություն, տարբերվել մյուսներից։ Լինել գիժ հոգով, այլ ոչ թե ձևական։ Այն, ինչ անկեղծ է, հոգու խորքից, միշտ գնահատվում է։ Պետք է միշտ լինել համարձակ և միաժամանակ չմոռանալ Աստծու մասին։

heghine grigoryan

Ընձի տարեք իմ գեղ

Սովորաբար մարդիկ ամենից շատ սիրում են իրենց ծննդավայրը՝ լինի դա գյուղ, թե քաղաք: Բայց երբեմն մտածում ես քաղաքի՝ գյուղի նկատմամբ առավելությունների մասին: Դե, քաղաքի կյանքն ամեն դեպքում ավելի բարեկեցիկ է: Երևի այդ պատճառով է, որ շատերը առաջին իսկ հնարավորության դեպքում լքում են գյուղը: Իսկ ահա, կանգառում ինձ հանդիպած պապիկը չէր ուզում ոչ մի դեպքում քաղաքում ապրել: Նա մեր կողքի գյուղից էր: Մենք Մարտունի քաղաքից հետ էինք գնում. ամեն մեկս՝ մեր գյուղ:

-Մենակ ա կաբրիմ: Ես ու ես ինք իմ տունը,- ասում էր նա:

Ես չհարցրի՝ ինչո՞ւ, որովհետև մտածեցի, որ այդ հարցով կարող եմ նրան ցավ պատճառել: Չնայած պապիկը շատ ուրախ ու առույգ էր երևում: Հետո նա շարունակեց.

-Տղես Երևան ա կաբրի, գնացել ա գյուղից, կնիգ, երեխա ունի: Կաշխատին, չկռնան գան գեղ:

Իմ հարցին, թե ինչո՞ւ նա իր որդու հետ չի ապրում, պատասխանեց.

-Բալա ջան, գյուղն ուրիշ ա, էլի: Քաղքի մեջ դու քու բոստանը չունիս, քու հայաթը չունիս, օր ելնիս ֆռռաս, աբրիս: Էնտեղ կվարտիրի մեջ շունչս կդրի, չկռնամ: Մերն ուրիշ ա: Էն ա, տղես ըմնօր կսա, թե՝ արի մնա: Բայց, դե, չերտամ:

Ես լսում էի նրան ու ժպտում: Մտածում էի, որ միշտ մենակ է, Ամանո՞րն էլ է մենակ անցկացնում: Ես հարցրի, և նա սկսեց մի դեպք պատմել.

-Նոր տարուն նախորդող օրը՝ ամսի 31-ին, տղես եկավ, զոռով տարավ: Բան չկրցա էնեմ: 1-ին մնացի, ամսի 2-ին ասի, թե՝ ընձի տարեք իմ գեղ: Բանի տեղ չդրին: Հաջորդ առավոտ հելա հագա, թե՝ ես կերտամ ման գալու՝ չկարամ տուն նստիմ: Ու գացի:

-Հետո՞,- հարցրի ես:

-Հետո տղես տեսել, օր երկար վախտ չկամ, զանգեց, թե՝ պապ, ո՞ւր իս: Ասի՝ հասել եմ Գագարին, արի տար:

Գագարինը Երևան-Մարտունի ճանապարհին ընկած բնակավայր է: Փաստորեն պապին տեսել էր, որ իրեն գյուղ բերող չկա, ինքն էր գնացել ավտոկայան և գյուղ ուղևորվել: Կամ, ինչպես ինքն էր ասում՝ «փախել բանտից»: Մենք երկար ծիծաղեցինք, հատկապես՝ պապին:

Ավտոբուսն եկավ, և մենք շարժվեցինք: Մեր գյուղի մոտ ես իջա, և միայն հետո հիշեցի, որ ամբողջ զրույցի ընթացքում այդպես էլ չհարցրի պապիկի անունը, ով չէր ուզում գյուղից թեկուզ երկու օրով բացակայել:

harutyun m hovsepyan

Սպիտակի շաքարը

Ծնողներիցս լսել եմ Սպիտակի շաքարի գործարանի մասին պատմություններ: Մորս պապի պատմածով այն կառուցվել է գերմանացի ռազմագերիների մասնակցությամբ: Որպես հումք հանդիսացել է շաքարի ճակնդեղը, որը մշակվել է Սպիտակի դաշտավայրերում: Գյուղատնտեսական աշխատանքներին մասնակացել են ոչ միայն մեծահասակները, այլ նաև դպրոցականները՝ այդ թվում հայրս և մայրս: Արտադրվող մեծաքանակ շաքարն ու շաքարավազը բավարարել է ոչ միայն տեղի բնակչությանը, այլև արտահանվել է: Բոլորը ափսոսանքով են խոսում այս գործարանի մասին, որն ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ:

Եթե գործարանն աշխատեր, ապա սպիտակցիներն աշխատանք կունենային, իսկ գյուղացիները դարձյալ ճակնդեղ կմշակեին՝ համոզված լինելով, որ իրենց բերքն անպայման պահանջարկ կունենա:

Ani avetisyan

Այսպես էլ է լինում

Երբեմն մտածում եմ, որ էությամբ ռոմանտիկ եմ, բայց դրա հետ մեկտեղ՝ ձմեռ ասելիս դեռ երբեք երկնքից իջնող ձյան մեծ-մեծ փաթիլներ, տաք թեյ, վառարան ու ծածկոց չեմ պատկերացրել:

Գիտե՞ք, երբ փոքր էի՝ մտածում էի, թե ձմեռն իրականում ձմեռ է միայն մեզ մոտ՝ գյուղերում, իսկ քաղաքներում մաքուր փողոցներ ու մայթեր են, և ոչ ոք չի նկատում, որ ձմեռ է եկել, ոչ ոք չի «խրվում» ձյան շերտերի մեջ ու չի թրջվում: Բայց չէ, հիմա գիտեմ, որ եթե մեզ մոտ ձյունը չեն մաքրում, ու այն մի օր սառույց է դառնում, գոնե մնում են հատվածներ, որտեղով կարող ես քայլել առանց վնասվածքների, իսկ քաղաքներում սառույցն ուղղակի թագավորում է ամենուր: Դե, իհարկե, եթե համապատասխան մարմինները չեն հետևում մաքրությանը: Բայց համապատասխան մարմինները, մեղմ ասած, այնքան էլ ուշադիր չեն, և նոր եկած ձյան ու դրանից առաջացած սառույցի հետ մեր ամեն հանդիպումը դառնում է վտանգավոր խաղ ժամանակավոր սահադաշտում:

Բայց այսօր ես չեմ ուզում բողոքել: Իմ թեման այսօր Աշտարակն է: Նախ ասեմ, որ ինձ համար արդեն սովորական է դարձել ամեն ընտրություններից հետո նոր ընտրված այս կամ այն գործչի մասին «դարերի փոշով» ծածկված պատմություններ գտնելն ու աշխարհին պատմելը, փնովելն ու բոլոր նման երևույթները: Բայց ամեն բան ժամանակի խնդիր է, երբեմն այդ ամենն իսկապես համապատասխանում է իրականությանը, երբեմն՝ ոչ, իսկ շատ հաճախ բավական երկար ժամանակ ուղղակի հասկանալ չես կարողանում: Լավ, թողնենք:

Նորից Աշտարակին անդրադառնամ: Երևի գիտեք, որ Աշտարակի նոր քաղաքապետը երիտասարդ քաղաքական գործիչ է, ու նա էլ անմասն չմնաց քննադատությունների ալիքից: Սակայն, մարդիկ ինչ էլ որ ասեն, հերքել չի կարելի, որ վերջին շրջանում քաղաքն իրոք զարմացնում է մեզ: Ամանորի նման տրամադրություն ու մթնոլորտ իմ հիշողության մեջ չի մնացել: Կարող եք ասել, որ բազմաթիվ խնդիրների հետ Ամանորի ծախսեր անելը ճիշտ չէ, բայց, ցանկացած պարագայում, հաճելի է զգալ Նոր տարվա շունչը: Մարդիկ կարող են կտրվել առօրյայից ու հավատալ Ամանորի կախարդանքին:

Դրան զուգահեռ՝ զարմանալի էր նաև այն, որ նկարագրածս սառցադաշտերը քաղաքի մայթերում ու փողոցներում չկային ու չկան: Առավոտյան չկար նաև քիչ առաջ տեղացած ձյունը: Հաճելի է տեսնել փոփոխություն, թեկուզ աննշան, չէ՞ որ ամեն փոքրիկ առաջընթաց ավելի է մեծացնում հույսը: Այսպես էլ է լինում: Մնում է սպասել շարունակությանը: