Ani avetisyan

Գնում են ու չեն գալիս. 25 տարի անցավ

Ո՞նց է լինում, որ մարդ կորչում է: Գնում է կռիվ ու հետ չի գալիս: Չի զոհվում: Ոչ ոք այդպես էլ չի համարձակվում ասել, թե զոհվել է: Ուղղակի չի գալիս: Գնում է ու չի գալիս: Ո՞նց է լինում, հը՞…

Ո՞նց: Չգիտեմ: Բայց, հա՜, պատահում է:

Պատահեց մի օր: Կռիվ էր: Պատերազմն էր սկսվել: Նույն այն պատերազմը, որ 25 տարի առաջ սկսվեց ու դեռ ավարտվել չի ուզում: Նույն կռիվը, որի մասին ֆիլմեր են նկարում, նկարում են, որ մենք մի քիչ ավելի շատ զգանք պատերազմը, բայց ախր, մեր կողքին կան մարդիկ, ովքեր ապրել են դա ու ապրում են մինչ օրս:

Նույն կռիվն էր, որ եկավ ու տարավ տղերքին: Տարավ ու էլ հետ չբերեց: Բայց ո՞նց: Ասում էին՝ վահանով կամ վահանի վրա: Պատերազմի օրենքներում վահանն առանց տիրոջ տուն չէր գալիս ու ոչ էլ մնում էր դաշտում: Պատերազմի օրենքներում ո՞վ էր, որ ավելացրեց այդ «անհետ կորելը»:

Քսանհինգ տարի առաջ էր: Երևի արևոտ օր էր: Երևի, որովհետև չեմ տեսել: Երևի արևն էլ սովորականից ավել կամ պակաս պայծառ չէր, ու ոչ ոք արևին դեռ արցունքի միջից չէր նայում:

Կռիվ սկսվեց: Տղերքը ջոկատներ էին կազմում, զենք գտնում, զինվում ու զինվորագրվում: Իրարանցում էր, խուճապ, վախ ու աղոթքներին խառնված արցունքներ: Այդ օրերին նույնիսկ օդը չարագույժ էր դարձել: Մարդիկ այդ օդից կռիվ ու վառոդ էին շնչում, բայց վախ չէր, որ արտաշնչում էին, այլ՝ միասնություն: Երևի չէ՝ հաստատ: Հաստատ, որովհետև գիտեմ, ինքս եմ տեսել, թե ոնց մի օրում մի բռունցք ենք դառնում, ինչպես ենք գտնում ինքներս մեզ ու մեր մեջ՝ իսկական հային:

Պատմության գրքերի մեջ միշտ դա չեմ սիրել: Չէ, չնայած գրքերը կապ չունեն: Մեր մեջ էր սխալ միայն վտանգի ժամին մեկ դառնալը, մերն էր սխալը, որ տղերքը գնացին ու չեկան: Դե, եթե այդ օրվա կամ ապրիլի նման միշտ լինեինք, էլ ի՞նչ թշնամի կամ սատանա կարող էր տանել տղերքին: Կգային նրանք, ու մայրերն էլ զուր չէին սպասի: Քսանհինգ տարի մեկին սպասելը հեշտ չի, չէ՜:

…Երբ սկսվեց կռիվը, երևի չկար մի քաղաք, գյուղ, մի թաղ ու փողոց, որտեղից զինվոր դարձած հայրեր, որդիներ ու եղբայրներ չլինեին: Տղերքն այնպես էին ուզում օր առաջ ջարդել, հետ քշել թուրքին, որ նրանց հետ չէր պահում ոչ մի տեսակ աղերս, խնդրանք ու հորդոր: Երևի առաջին անգամ էր, որ հայը դեմ էր գնում մորը, հորն ու ընտանիքին: Մայր է՝ կների: Կսպասի…

Մեր տղերքն էլ գնացին: Ամեն մեկը մի ընտանիքի հայր էր, որդի, եղբայր: Գնացին, բայց խոստացան, որ կգան:

Նա էլ էր ընտանիքի հայր: Հրաչ էր անունը, երևի իրոք հրե աչեր ուներ: Երևի՝ չեմ տեսել: Նկարում կրակներ չեն լինում, իսկ աչքերում կարող էին լինել: Եթե չլինեին, երևի չգնար ու չթողներ երկու փոքրիկներին, կնոջն ու մորը: Չէ, հաստատ նրա աչքերում կրակ կար, ու նույն կրակից սրտում էլ ուներ: Թե չէ՝ չէր գնա:

Գնաց: Գնաց կռվի առաջին օրերից:

Պատերազմը թատրոն չէր, կռվում կանոններն ու դերերն ուրիշ էին: Թատրոնում դերը շփոթել կարելի էր, կռվում՝ ոչ: Չգիտեմ, երևի նա կռվի դաշտում էլ լավ էր տանում իր դերը, ինչպես տարիներ առաջ բեմում:

Իսկ դա ուղղակի պատերազմ չէր: Պատերազմն էլ խաղ չէր, ու ավարտից հետո ինչքան էլ ուզեինք, ոչինչ նույնը չէր լինելու:

Բայց ավարտվեց կռիվը, գոնե մտածում էինք, թե ավարտվեց: Ետ եկան նրանք, բոլոր նրանք, ովքեր մեր գյուղից էին գնացել: Եկան բոլորը, բացի մեկից: Բացի նրանից, ում տանը երկու զույգ վառվող աչքեր էին սպասում ու երկու սիրտ: Մեկը, որ կյանք էր տվել, իսկ մյուսը՝ կյանք գտել նրանում:

Մենք նեղվում ենք, բողոքում ու գոռում, երբ մեկին քսանհինգ րոպեից ավելի ենք սպասում: Բայց ի՞նչ անի նա, ով արդեն քսանհինգ տարի սպասում է: Ի՞նչ անի, ախր, ինքն իրեն չի ների, եթե մի վայրկյան անգամ դադարի հավատալ: Ի՞նչ անի, երբ բառերն անգամ շուրթերից դուրս գալ չեն ուզում, որ գոնե վիշտը պատմի ու իրեն ամոքող լինի:

Այն ո՞վ էր ասում, թե մարդու վիշտը կիսել է լինում: Չէ, ցավը չի կիսվում, այն փակում, սոսնձում է շուրթերն ու մնում սրտում: Այդ ի՞նչ սիրտ է, որ կարող է քսանհինգ տարի սպասել ու հավատալ: Այդ ի՞նչ սիրտ է, որ քսանհինգ տարի ցավը Աստծուց բացի ուրիշին չի պատմում: Մա՜յր է… Մայր, հասկանո՞ւմ եք:

Քսանհինգ տարի է անցել, իսկ մենք դեռ հայրենասիրություն ենք «կարդում»: Դաս ենք տալիս մեզ ու մյուսներին: Եվ թվում է, թե ճիշտ ենք վարվում:

Քսանհինգ տարի չչորացող վերքի վրա աղ ենք լցնում, մտածելով, թե ամոքում ենք: Ո՞վ էր ասում, թե մարդու վիշտը կիսել է լինում:

Չէ, քսանհինգ տարվա ցավն ամոքել չի լինի: Բայց թեկուզ էլի քսանհինգ տարի անցնի, մեկ է՝ մոր սիրտը թաքուն մի հույս կունենա, որ թեպետ որդին հետ չեկավ, բայց նա կա: Կա, աշխարհի ինչ-որ անկյունում:

Չէ, մենք չենք հասկանա:

Ոչ մի մայր էլ հերոս ու բոլորի սրտերում ապրող որդի չի ուզում: Թող լինի աննշմար, բայց լինի, ֆիզիկապես: Լիներ, երանի՜…

«Բացի նկարչությունից ինձ ոչ մի բան չի հետաքրքրում»։

Օրերս այցելեցի նկարիչ Լևուշ Հակոբյանի արվեստանոց, ով իր հետևում թողել է ստեղծագործական ու մանկավարժական մեծ գործունեություն։ Արվեստանոցում տիրում էր հաճելի, ստեղծագործական մթնոլորտ։ Լսվում էր հաճելի երաժշտություն, որն էլ երևի այնտեղ ծնվող արվեստի գործերի գեղեցության ու յուրօրինակության գաղտնիքն է։ Կային բազմաթիվ երիտասարդներ, ում հետ էլ իր բազմամյա փորձով կիսվում էր նկարիչը։ Մի հետաքրքիր բան ևս նկատեցի։ Երբ խնդրեցի նկարչին ցույց տալ իր նկարները, արվեստանոցում միայն գտնվեցին իր առաջին աշխատանքները և նրանք, որոնք իր կյանքում նշանակալի դեր խաղացել։ Ստորև ներկայացնում եմ մի փոքրիկ հատված մեր զրույցից։

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

-Մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին

-Ծնվել եմ Սպիտակում, սովորել եմ Սպիտակում, գնացել, վարժապետ եմ դառել Երևանում։ Հետո էստեղ վարժապետություն եմ արել։

-Ինչպե՞ս որոշեցիք, կամ ո՞վ հորդորեց Ձեզ վերցնել մատիտն ու նկարել։

-Դա ներսից ա եղել։ Ինքս ինձ։ Ոչ մեկը բացարձակ չի ուղղորդել։ Սիրել եմ, արել եմ, ու տենց էլ շարունակվել ա։

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

-Իսկ ո՞ր տարիքից եք նկարել։

-Հինգերորդ դասարանից։ Տասներկու տարեկան էի։

-Ձեր առաջին նկարը հիշո՞ւմ եք։

-Հա՜։ Մի հատ կարմիր խնձոր էր, մեկ էլ նեռժավկից դանակ։ Էդ դանակը հիմա էլ կա, պալիտրա եմ շինել։

-Նկարչության ո՞ր ճյուղն եք նախընտրում։

-Բոլոր։

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

-Իսկ ովքե՞ր են Ձեր սիրած նկարիչները։

-Մարտիրոս Սարյան, Երվանդ Քոչար։ Իբր նրա պեսը կա՞ էլ։

-Գիտեմ նաև, որ դասավանդում եք։ Ի՞նչ եք կարծում, երիտասարդների մեջ կա՞ն շնորհալիներ, որոնց մեծ ապագա է սպասվում։

-Իհարկե, կան։ Բայց ամեն ինչ կախված է իրենց աշխատասիրությունից ու տաղանդից։ Սերունդը լավն ա։

-Այսինքն, աշխատասիրությունը ևս կարևո՞ր է։

-Առանց դրա՝ ի՞նչ։ Շատ չնկարես՝ չես կարա, շատ չնվագես՝ չես կարա։ Աշխատասիրությունն ամեն տեղ ա կարևոր։ Ո՞նց կարա շատ չնվագի ու դառնա հանճարեղ։ Դա անհնար ա։ Ինչքան էլ ուզըմ ա ներսից լինի, պիտի կատարելագործվի, վարպետանա։ Առանց դրա չի լինի։

-Ինչպե՞ս եք գնահատում գեղարվեստի դպրոցների աշխատանքը։

-Դա կախված է մարդկանց աշխատանքից։ Դա անհատի անհատական մոտեցում ա։

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

-Եթե նկարիչ չլինեիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։

-Կարող ա լինեի մարշրուտկու շոֆեր (կատակում է)։ Բացի նկարչությունից ինձ ոչ մի բան չի հետաքրքրում։ Մարդն ինչ լավ ա զգում, էն էլ պիտի դառնա։ Մենակ վարպետությունն են ձեռք բերըմ, մնացածը զգալու վրա ա։ Եթե զգալը չեղավ, սաղ սուտ ա… Կույրն էլ ա նկարըմ ու նա զգալով ա նկարըմ, ի՞նչ մնաց առողջ մարդը տեսնի, չզգա ու գործ անի։

-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ նկարիչներին։

-Աշխատանք։ Միայն աշխատանք։ Թող թուղթ սևացնեն։ Ու կաղապարների մեջ չմտնեն։ Արվեստը սահմաններ չունի։ Մեկն ուրիշ ձև ա ընկալում էդ գույնը, ծավալն ու ձևը, մեկն՝ ուրիշ։ Թող ազատ ստեղծագործեն։ Արվեստում ճիշտ ու սխալ չկա։ Չի կարելի համեմատել ու առավել ևս քննադատել։

-Ո՞րն է Ձեր սիրած գույնը։

-Կապույտը, բաց երկնագույնը, բայց սկզբից սպիտակն էր։

-Օրվա մեծ մասը անցկացնում եք այստեղ՝ արվեստանոցում ու նաև այստեղ եք շփվում Ձեր աշակերտների հետ։ Ի՞նչ հետաքրքիր դեպքեր եք հիշում։

-Էստեղ ծնունդ ենք անում, կատակում, դաս ենք անում, նկարում։ Մենակ ասում եմ շատ հումոր արեք: Արվեստագետը պետք ա հումորով լինի, պայծառ լինի։ Եթե արվեստագետը հումոր ու պայծառություն չունենա, իր արած գործերը կդառնան Պիկասոյի վերջին գործերի պես սև ու մութ։ Բայց էս պահին մեկը հիշեցի։ Մի անգամ մի լրագրող էր եկել, սուր քաղաքական հարցեր տվեց, ես դրանից ջղայնացա։ Մի կատու ունեի, եկավ թռավ ուսիս, սրանք վախեցան՝ բա էս ի՞նչ գազան ա։ Ես էլ ասի՝ գազանը դուք եք, որ ով ինչ ասում ա, կրկնում եք։ Արվեստագետին չի կարելի խառնել քաղաքականությանը։

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարեիտա Բաղդասարյանի

-Այսինքն, մտածում եք, որ մտավորականը պետք է քաղաքականությունից հեռո՞ւ մնա։

-Կա մտավորական, որ քամելեոնի պես մենակ բարձր խավի երգն ա երգում քծնելու համար։ Այ մտավորական, դու քո գործն արա, քո ինչի՞ն ա պետք փառք ու եսիմ ինչեր։ Էն մարդն, ով ձգտեց փառքի, պաշտոնի ու աթոռի, նույնիսկ բարև մի տուր։ Դրանցից հեռու։

Լևուշ Հակոբյանը շատ հետաքրքիր մարդ է և նույնքան էլ հետաքրքիր նկարիչ։ Իսկ մի անգամ նրա արվեստանոց գնալով, ցանկանում ես նորից վերադառնալ։

Կյանքի ու մահվան արանքում

Հայ ազգն այնքան հերոսներ է ծնել, որ դժվար է հիշել բոլորին անուն առ անուն: Բայց նրանց սխրանքները հիշել պարտավոր ենք: Պարտավոր ենք նաև հիշել մերօրյա հերոսներին: Իմ զրուցակիցը մերօրյա հերոսներից Կամո Հովսեփյանն է:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

-Մինչ ծառայության գնալը ինչո՞վ էիր զբաղվում: Ի՞նչ մասնագիտությամբ ես սովորել:

-Զբաղվել եմ սպորտով`ազատ ոճի ըմբշամարտով: 8-րդ դասարանից Դսեղից տեղափոխվել եմ Վանաձոր ու այնտեղ շարունակել սպորտով զբաղվել: Բայց այս մասնագիտությունը իմը չէր, դրա համար էլ չշարունակեցի: Հետո արդեն եկավ ժամկետային զինծառայության գնալու ժամանակը:

-Ինչպե՞ս ես վերաբերվում զինվորական պարտադիր ծառայությանը:

-Ցանկալի է, որ բոլոր հայ տղաներն էլ ծառայեն: Այն պետք է տղաներին, քանի որ տալիս է ինքնուրույն ապրելու փորձ, կյանքը ճիշտ գնահատելու նոր հնարավորություն:

-Քո ծառայության մեծ մասը անց ես կացրել ԼՂՀ սահմանային գոտում: Մի քիչ պատմիր այդ ժամանակվա սահմանային իրավիճակի մասին:

-Սահմանային իրավիճակը նորմալ էր, ընդհանուր լարվածությունը ու կրակոցները միշտ էլ եղել են, ու դրանց լուրջ վերաբերվելու անհրաժեշտություն չկար: Թշնամու կրակոցներին պատասխանում էինք հազվադեպ, միայն ծայրահեղ անհրաժեշտության ու հրաման ստանալու դեպքում:

-Ի՞նչ կպատմես 2015-ի ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերվա մասին:

-Այդ մի օրը ինձ համար հավասարազոր էր մի ամբողջ կյանքի: Ճիշտ է, նախորդ տարվա ապրիլի 2-5-ն ընկած հատվածում ավելի դաժան բաներ եղան, բայց ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ինձ համար բոլորից տարբերվում էր: Դեպքը եղել է մոտավորապես 5-ից քսան պակաս`լուսադեմին: Թշնամին անակնկալ հարձակում էր կազմակերպել: Թափանցելով խրամուղի՝ առաջացել էր դեպի մեզ: Իմ ու զինակցիս`Միրզայի վերակարգն էր, փորձեցին մեզ անցնել, բայց չհաջողվեց: Առաջին կրակոցը եղավ Միրզայի վրա: Նրան օգնեցի, տեղավորեցի խրամաբջջում ու անցա թշնամու դեմ մենամարտի: Կռվել եմ ութ և ավելի հոգու հետ: Ամեն տեսակի զենք էլ օգտագործել են իմ դեմ, բայց չեն կարողացել լուրջ հաջողության հասնել: Ես իմ զենքով որոշ ժամանակ պայքարեցի, հետո կրակեցի թշնամու ուղղությամբ, իրենք էլ ավելի ուժեղ պատասխանեցին: Շարժվելու հնարավորություն էլ չկար, որ հետ գնայի ավելի հարմար դիրքից մարտ վարելու, կրակել եմ մի տեղից, ձեռքիս տակ ունեցած զենք-զինամթերքով: Առաջին նռնակը նետելուց հետո նրանցից մեկը տեղում զոհվեց: Ոչ մի դիակ չէին թողել, ամեն ինչ հավաքել տարել էին, միայն որոշ զենք-զինամթերք էի թողել: Մարտը տևեց 20-25 րոպե: Զոհ չենք ունեցել, վիրավոր մենակ ես էի: Այս օրը կարելի է համարել իմ երկրորդ ծնունդը:
Ողջ եմ մնացել նախ և առաջ Աստծո հովանավորությամբ, հետո արդեն իմ պայքարելու, տվյալ պահին չխառնվելու ու ճիշտ գործողությունների դիմելու շնորհիվ:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

-Ի՞նչ վնասվածքներ ստացար մարտի ընթացքում:

-Վնասվածքը եղել է թշնամու նետած նռնակի բեկորից: Ձախ ձեռքիս բազկի ոսկորն էր ջարդվել: Վիրահատվեցի, հիմա ամեն ինչ լավ է: Սկզբում չէի կարողանում շարժել ձեռքս: Իրենց գցած նռնակից հրաշքով չեմ վիրավորվել շնորհիվ գրպանումս եղած Աստվածաշնչի ու զինվորական հուշատետրի: Նռնակը ծակել էր երկուսն էլ, բայց ինձ չէր դիպել:

-Ի՞նչ շքանշաններ ստացար սխրանքիդ համար:

-Ստացել եմ ԼՂՀ նախագահի կողմից Մարտական Խաչ Երկրորդ աստիճանի մեդալ, ՀՀ նախագահի կողմից՝ Արիության մեդալ ու Պաշտպանության նախարարի կողմից դրամական պարգև:

-Դեպքից հետո ի՞նչ է փոխվել քո կյանքում:

-Ավելի լուրջ եմ սկսել մտածել դիվերսիաների, թշնամու հարձակումների մասին, քանի որ ինքս եմ զգացել իմ մաշկի վրա: Ընդհանուր, ես նույն մարդն եմ, պարզապես մտածելակերպս է փոխվել, սկսել եմ ավելի արժեվորել կյանքը: Հիմա այն ավելի քան երբևէ թանկ եմ գնահատում: Թանկ եմ գնահատում նաև հայրենիքը, դրա համար էլ հիմա աշխատում եմ Զինված ուժերում որպես դասակի հրամանատար`լեյտենանտ:

-Ի՞նչ է քեզ համար հայրենիքը:

-Այն օրը՝ ապրիլին, կամա թե ակամա, փրկելով իմ կյանքը, ես պաշտպանել եմ նաև իմ հայրենիքի սահմանները: Ինչպես Թեոդոր Ռուզվելտն է ասում. «Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա»: Ես արդեն ապացուցել եմ, որ կարող եմ մեռնել հանուն հայրենիքի, բայց հիմա հերթը ապրելունն ու հայրենիքը շենացնելունն է: Հայրենիքն ինձ համար այն միակ վայրն է, որտեղ ես կարող եմ ընտանիք կազմել և դաստիարակել երեխաներիս:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

-Մեկնարկել է ձմեռային զորակոչը, ի՞նչ խորհուրդ կտաս այն զինվորներին, որոնք նոր են գնում բանակ, և հնարավոր է, հայտնվեն քո իրավիճակում:

-Միայն կասեմ, որ «դուխով» լինեն: Իրենք պիտի իրենց գործողությունները կարգավորեն, յուրաքանչյուր դիվերսիա լինում է տարբեր: Խորհուրդ կտամ զինվորական ծառայության ժամանակ և մասնավորապես դիրքերում ոչինչ ականջի հետև չգցել, միշտ պատրաստ լինել ու զգոն. թշնամին անկանխատեսելի է: Այն, ինչ ասվում է զինվորին, ինչ կա զինվորի օրակարգում, չի ասվում անիմաստ, ամեն բան էլ հետո պետք է գալու: Աստված պահապան բոլոր հայ զինվորներին:

Կամոն մեր գյուղի պատիվը բարձր պահելու ու հայրենիքը անձնվեր պաշտպանելու համար արժանացել է նաև Դսեղի պատվավոր քաղաքացի կոչման:

Roza Harutyunyan vayots dzor

Քաչալներիս տոնը

Հաղթական բանակ, անկոտրում զինվորներ, կամքի ուժ, մարդկային ծայրաստիճան պնդություն… Հայտնի դարձած տողեր, որոնք բնորոշում են մեր բանակին: Անգիր հնչող ու սառնությամբ արտասանվող բառեր, որ բոլորը գիտեն, բայց չգիտեն նշանակությունը: Բառեր, որ դարերից են եկել: Ամեն ինչ կփոխվի, կփոխվի սերունդը, կփոխվեն զինվորները, կփոխվեն շփման ձևերը, բայց կմնա հայ զինվորի կարևորությունը, կմնա հատուկ վերաբերվելու ձևը:

Բա իրենց զգացա՞ծը, ապրա՞ծը, տեսա՞ծը: Ապրիլից հետո մեր բանակն ավելի մեծ նշանակություն ունեցավ ու տեղ գրավեց մեր կյանքում: Ամեն զինվորի հետ մի մայր գնաց բանակ… Գնաց, ու մարդ չգիտի, ով հետ եկավ, ով՝ մնաց: Եթե չեկան, զինվորի փոխարեն շքանշան տուն եկավ, որը երբեք չի լրացնի էն բացը, որ թողել է զինվորը: Կան բաներ, որ երբեք չեն փոխվի ու երբեք սովորական չեն դառնա:

Մտնում ենք կայքեր ու բոլորն իրենց պաթոսով զարմացնում են: Մտածում եմ՝ էս էն մեր երկիրը փնովողները չե՞ն, իրենք չե՞ն, որ ապրիլին տունը նստել էին ու որպես «հայրենասեր» սրան-նրան էին քննադատում: Ազգս մենակ հունվարի 28-ին է սկսում հայրենասիրանալ: Բայց իրականում ամեն մեկն իր զինվորին է սպասում: Իսկ էսօր իմ զինվորի մի տարին լրացավ, իմ Արմանը, ում մի տարի առաջ Եղեգնաձորի եկեղեցուց ճանապարհեցի: Նստեց ու գնաց, ինչպես վայել է իսկական հայ զինվորին: Իրենք երկու տարվա ընթացքում դառնում են բոլորինը, որովհետև իրենք մեր եղբայրներն են ու մեզ համար են ծառայում: Արմանն էլ իրենց տան երրորդ տղան էր, որ գնաց բանակ՝ օրինակ վերցնելով իր եղբայրներից: Սկզբում մտնում էի իրենց տուն ու չէի համակերպվում, որովհետև համակարգչի դիմաց մարդ չկա, չնստեցի ու չկռվեցի հետը, տատին էլ պադվալից չասաց. «Մէ էն գազաններին ասեք՝ թո հանգստանան»: Վերջին անգամ, երբ եկավ, վազեցի արագ, որ քաչալի հետ խաղամ: Քաչալը չէր սազում, գլխարկը դրած ման թող գա: Չթրաշված չի սազում, թող միշտ թրաշված լինի: Մեր սահմանին կռիվներ չեն սազոմ, թող միշտ խաղաղություն լինի:

Մի խոսքով, շնորհավոր, բանակ ջան, ինչքան ծնունդ նշել ես, հազար հատ այտենց ուրախ, հավեսով ծնունդ նշես, քո զինվորներով միշտ հպարտանաս: Ողջ-առողջ:

Դարձիր այն, ինչ կաս

Ընկեր Բեժանյանն ինձ ու Ստելլային առաջարկեց մեր դպրոցը ներկայացնել Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից կազմակերպված «Մասնագիտական կողմնորոշման դասընթացի» ավարտական միջոցառմանը: Պետք է խոսեինք մասնագիտությունների մասին, բայց չգիտեինք, թե ինչպիսի ելույթ պատրաստենք: Վերջապես որոշեցինք խոսել այն մասին, թե ինչպես ընտրել մասնագիտություն: Սկսեցինք ելույթի վրա աշխատել ու անկեղծ ասած՝ մի քանի անգամ փոփոխեցինք:

Միջոցառումը Երևանում էր լինելու: Արդեն մի քանի օր էր մնում, բայց ես ու Ստելլան դեռ այդքան էլ լավ չէինք պատրաստվել մեր ելույթին: Ես առաջին անգամ չէի լինելու մեծ բեմի վրա, իսկ Ստելլայի համար դա առաջինն էր լինելու: Մի քիչ վախենում էր, բայց կարողացա օգնել խորհուրդներով: Ամեն օր փորձ էինք անում, կամաց-կամաց ստացվում էր:

Պետք է Երևան գնայինք մեկ օր առաջ, որպեսզի մասնակցեինք փորձին: Շատ էինք ուրախացել, որովհետև տեսնելու էինք մեր մյուս մարզերի ընկերներին, որովհետև հաճախ չենք կարողանում հանդիպել…

Արդեն միջոցառման օրն էր, խորագիրը շատ խոսուն էր` «Դարձիր այն, ինչ կաս»: Անհամբեր սպասում էինք մեր ելույթին: Եվ ահա լսվեց հաղորդավարի սպասված ձայնը․

-Բեմ ենք հրավիրում Հովիկ Վանյանին և Ստելլա Ավետիքյանին:

-Ստե’լ, մի լարվի, հաստատ լավ ենք ներկայանալու։

-Լա՛վ, գնացինք…

Արդեն բեմի վրա էինք ու նույնիսկ մոռացել էինք, որ լարված ենք: Ելույթի ընթացքում խոսեցինք մասնագիտությունների ընտրության մասին, իսկ վերջում մի բանաձև հորինեցինք.

«Արա այն, ինչն արժեք ունի հասարակության համար, ու երբ գիտակցես, թե որքան կարևոր է մասնագիտությունդ, կսկսես այն ավելի շատ սիրել, ու ինչքան շատ սիրես, այնքան ավելի շատ կսիրես»: Չզգացինք, թե ինչպես ավարտեցինք ելույթը, ու երբ իջանք բեմից, արդեն ամբողջովին հանգիստ էինք, ու այդպես էլ շարունակվեց ամբողջ օրը։ Բայց վերջում տխրեցինք, որովհետև եկել էր հրաժեշտի պահը:

vahe stepanyan

Երբ 17 տարեկան ես ու ոչնչի հավես չունես

Երբ 17 տարեկան ես ու ոչնչի հավես չունես, քո կյանքը հավանաբար իմինից ոչնչով չի տարբերվում: Երևի դու էլ ես իմ պես ապրում մի օրվա երազանքով. ուղղակի ավարտել գործերը ու ընկնել մահճակալի վրա: Կուզե՞ք մի քիչ պատմեմ:

Ուղղակի բացում եմ աչքերս: Ոչ ոք չի արթնացնում: Ուղղակի նայում եմ դարակի վրա դրված մանուշակին: Ոչ ոք չի ստիպում: Առանց անհրաժեշտության նստում եմ, հագնվում: Լոգարանում նայում եմ անքնությունից կարմրած աչքերիս: Բացում եմ սառը ջուրը: Մի հինգ րոպե նայում եմ հոսող ջրին՝ պատմելով բաներ, որ երբեք ոչ ոքի չեմ պատմի: Հետո լվացվում եմ այդ սառը ջրով ու գալիս նստում բազմոցին: Նայում եմ դիմացի պատին: Սպասում եմ , որ ուշանամ դասերից: Հետո պայուսակս գցում եմ ուսերս ու մենակ քայլում այն 2 կիլոմետրը, որը 12 տարի շարունակ համարյա ամեն օր քայլել եմ:

Մտնում եմ դպրոց: Էլի դատարկություն: Ցրտից անզգայացած ձեռքերով բռնում եմ ջեռուցման մարտկոցը մինչև մատներս այրվի: Բարձրանում եմ դասարան: Էլի դատարկություն: Չնայած մի 6 հոգի կան դասարանում: Մի 2-3ը ինչ-որ բան են քննարկում դասարանի անկյունում: Մնացածներն էլ ամեն մեկը մի գիրք վերցրած մի անկյունում նստել ու կարդում է: Ես քթիս տակ մի բան եմ ասում, որը ինքս էլ չեմ հասկանում ու նստում տեղս: Հետո համոզվելով, որ նորից իզուր եմ եկել դպրոց, գլուխս դնում եմ սեղանին ու մտածում այն բաների մասին , որոնք արդեն վաղուց էական չեն: Մի քանի ժամ: Հետո դուրս եմ գալիս այնպես, ինչպես մտել էի: Մի քանի րոպե կանգնում եմ կանգառում: Երբ գալիս է ավտոբուսը, սպասում եմ , որ բոլորը նստեն, հետո գնում ու նստում եմ ամենահետևում: Բոլորը այդտեղից երևում են: Նայում եմ մարդկանց ոտքերին: Հետո ձեռքերին: Պատահում է՝ նաև դեմքերին: Դուրս եմ պրծնում ավտոբուսից ու վազում տուն: Մտնում եմ ներս: Չեմ պատասխանում տատիկի հարցին, թե ինչի է շունչս կտրվում: Միացնում եմ հեռուստացույցը , որ մենակ չզգամ ինձ: Մի բան եմ ուտում ու հեռուստացույցի ալիքները փոխելով ընկնում եմ բազմոցին: Նստում եմ մի ժամ: Գուցե և ավել: Հետո էլի ուշացած վազում եմ կանգառ: Հասնում եմ ավտոբուսի հետ միասին: Էլի գնում եմ հետևը, որ ես բոլորին տեսնեմ, բայց ինձ՝ ոչ ոք: Տարօրինակ է: Ավտոբուսն էլ է փոխվում: Մի 7-8 հոգի հազիվ լինեն մեջը: 2-ն էլ հաջորդ կանգառում են նստում:
Իջնում եմ մեր փոքրիկ քաղաքի խաչմերուկներից մեկում, նայում աջ, հետո՝ ձախ ու գնում պարապմունքի: Ոչինչ չեմ լսում: Ոչինչ չեմ հասկանում: Դողում եմ կանգառում 5 րոպե: Նույնիսկ ժամը 6-ին ավտոբուսի մեջ լիքը նստելու տեղ կա: Նորից մեր կանգառը: Ու նորից վազում եմ տուն: Հետո 3 ժամ ինչ-որ անիմաստ բաների վրա եմ ծախսում: Մի ժամ տրամադրվում եմ, որ նստեմ պարապելու: Պարապում եմ: Նկարում: Անջատում լույսերը: Պառկում եմ: Ինչ-որ բան եմ կարդում, մինչև քնեմ հեռախոսը ձեռքիս: Եթե բախտս բերի՝ 4 ժամ: Եթե չէ… Ոչինչ. իմ քունը միևնույն է, չէր տանում:
Ու այսպես ամեն օր: Անցնում է իմ ձմեռը եղանակի պես սառը, մռայլ ու միանման…

arxiv

Հույսը վերջինն է մեռնում

«Բարև, բարև, երկար սպասված սիրելիս ու թանկագինս… Վերջապես դու բարեհաճեցիր մեր տուն մտնել: Իսկ ես քեզ ամբողջ տարին սպասում էի… Ոչի՛նչ, մենք դեռ իրար հետ շատ-շատ ժամանակ ենք անցկացնելու, որպեսզի ամբողջ տարվա տեղը հանենք… Պատահաբար չի, չէ՞, որ հենց այսօր եկար: Դու եկել ես՝ իմ ծննդյան օրը շնորհավորելու, այնպես չէ՞: Դու ամենալավ նվերը կլինես ինձ համար»,- մտածում էի ես, երբ մեր տանը ինտերնետ էին ակտիվացնում:

-Վերջ, մոդեմը միացրի: Ձեզ մնում է ընդամենը զանգահարել օպերատորին, որպեսզի նա թելադրի հրահանգները,- ասաց աշխատողը:

Ես անհամբեր սպասում էի: Հայրիկս զանգեց օպերատորին: Հեռախոսն անջատելուց հետո ասաց.

-Այսօր շաբաթ ա: Նրանք երկուշաբթի օրվանից են աշխատում: Ոչինչ, մի տարի դիմացել ես, երկու օրն ի՞նչ ա, որ չդիմանաս:

Ասեմ, որ սարսափելի դժվար է ամբողջ տարվանից հետո երկու օր սպասելը:

«Դու ուզում ես իմ համբերությունը փորձել, ինտերնե՛տ: Լավ: Ոչինչ, կսպասեմ»,- մտածեցի ես:

Եկավ երկուշաբթին: Ես զանգեցի օպերատորին:

-Ի՞նչ, էլի՞ չբացեց,- լսվում էր հեռախոսի միջից:

-Չէ՛, ոչ մի կայք չի բացում,- պատասխանեցի ես:

-Լավ, նորից մտեք, նորից հավաքեք նույն կոդը:

Ես հավաքեցի: Արդեն հինգերորդ անգամն էի նույն բանն անում:

-Ըհը, եղավ, բացեց,- հազիվ զսպելով ուրախությունս՝ ասացի ես:

-Դե, լավ: Եթե խնդիր առաջանա, կզանգեք:

Ես առաջին կայքի հասցեն էի հավաքում, երբ ոտքս հանկարծ կպավ համակարգչի լարին: Այն անջատվեց: «Ուֆ» ասելով՝ նորից միացրի համակարգիչը: Այդ երկու րոպեն, մինչ միանում էր համակարգիչը, ինձ համար անվերջանալի էին թվում:

Ահա, վերջապես հավաքեցի կայքի անունը, սեղմեցի «Enter» և… սենյակը մթնեց… Լույսերը անջատվեցին… Եվ անջատել էին ոչ միայն լույսերը, այլև իմ մեկ տարվա և երկու օրվա սպասումները:

Իննա Ազնաուրյան, 15 տ., 2010 թ.

amalya navasardyan

Նպատակ և խոչընդոտներ

12-րդ դասարանում էի: Մի առավոտ սովորականի պես արթնացա և շտապեցի դպրոց: Արդեն 2-րդ կիսամյակն էր, և դպրոցում հայտնեցին, որ դիմորդները պետք է լրացնեն հայտերը: Մի պահ տարակուսեցի, քանի որ ինքս էլ չգիտեի, թե որ բաժինն եմ ուզում ընդունվել: Ոչ ոք չնկատեց իմ մռայլությունը, քանի որ բոլորը զբաղված էին իրենց գործերով, պարապմունքներով: Ես նույնպես պարապում էի հայոց լեզու և հայ գրականություն առարկաները, բայց կոնկրետ չէի որոշել մասնագիտությունս: Հակված էի տարրական մեթոդիկային, բայց սիրում էի բանասիրությունը: Միշտ ցանկացել եմ դառնալ բանասեր, քանի որ ինձ պատկերացնում էի հայոց լեզվի ոլորտում, բայց ժամանակս չէր բավարարում ավելի խորանալու, քանի որ այդ ժամանակ մասնակցում էի նաև «Հայ ասպետ» հեռուստամրցաշարին և բավականին զբաղված էի, երկրորդ պլան էին մղվել պարապմունքներս ու մնացած ամեն ինչ: Ինչևէ, շտապեցի տուն: Հանկարծ մայրս ասաց.

-Ամալյա, մնացել է մի քանի ամիս ընդունելության քննություններին, ի՞նչ որոշեցիր:

-Ու՜ֆ, մամ, թող լինի տարրական մեթոդիկա:

-Բայց գիտեմ, որ դա այդքան էլ քո սրտով չի, իսկ եթե մյուս հայտով նշենք բանասիրությո՞ւն:

-Մամ, չե՞ս կարծում, որ արդեն բավականին ուշ է, ես բանավոր քննություն չեմ կարող հանձնել: Դա յուրացնելու համար երկար ժամանակ է պահանջվում, երբ ձեռքս վերցրի գրականության ցանկը, սարսափեցի, վերջին հույսս մարեց:

-Ի՞նչ կարիք կա լսելու մյուսներին, բավական ժամանակ կա, եթե ուզենաս՝ կհասցնես: Ես քեզ ասում եմ, որ պետք չէ հետ կանգնել սիրելի մասնագիտությունից և վաղեմի երազանքից:

-Դե՜, մամ, դու էլ գիտես, որ անհնար է այդքանը սովորելը: Չէ, չեմ կարող:

Անցան այդ ամիսները ևս, օրուգիշեր պարապում էի, բայց գրավոր քննությանս համար: Մայրս միշտ հորդորում էր ինձ.

-Ամալյա, բանավոր քննության ցանկին էլ ուշադրություն դարձրու, քո անցած թեմաներն են:

-Մամ, ես հաստատ գիտեմ, որ ես կարճ ժամանակում չեմ կարող այդ ահռելի ցանկը յուրացնել:

-Ես քո մայրն եմ, ես քեզ ավելի լավ եմ ճանաչում, դու ինձ լսիր, և ամեն ինչ լավ կլինի:

-Լա՜վ, մամ, այս անգամ թող քո ասածով լինի:

Որոշեցի այս անգամ լսել մայրիկիս, ուժ գտա մեջս, վերցրի գրականության ցանկը, փնտրեցի և գտա անհրաժեշտ գրականությունը: Քանի որ ես ավարտել էի հայոց լեզվի 4 շտեմարանները և ժամանակ դեռ ունեի, թեև քննության օրերը մոտենում էին, սկսեցի յուրացնել այդ գրականությունը: Մայրս ամեն անգամ տեսնում և ուրախանում էր, իսկ ես հոգուս խորքում հույս չունեի, բայց այնուամենայնիվ չէի ուզում վշտացնել մայրիկիս և անտեսել նրա խոսքը, ուստի շարունակեցի: Սովորեցի, կրկնեցի բոլոր պահանջվող անգիրները, թեմաները, օրուգիշեր կարդացի, յուրացրի կենսագրությունները, բոլո՜ր-բոլո՜րը:

Երբ մայրիկիս հետ գնացինք համալսարան, որ հայտ լրացնենք, ես աշխատակցուհուն ասացի, որ առաջին հայտով նշի տարրական մեթոդիկան, բայց մայրս համառեց.

-Ոչ, Ամալյա, կնշենք առաջին հայտով բանասիրություն, թող դա էլ 2-րդը լինի:

-Մա՜մ, ա՜խր…

-Վստահիր ինձ, ամեն ինչ լավ կլինի:

Այդպես էլ արեցինք. առաջին հայտը եղավ բանասիրությունը. սիրելի մասնագիտություն, որի համար հրաժարվում էի պայքարել:

Եկավ հայոց լեզվի և գրականության միասնական գրավոր քննության օրը: Հուզված էի: Այնուամենայնիվ, հաղթահարեցի և հանձնեցի: Շտապեցի դպրոց՝ տնօրենի հետ արդյունքները ստուգելու, իսկ երբ իմացա արդյունքը՝ 18.75, ուրախությունից սկսեցի լաց լինել: Վերցրի թուղթը, շտապեցի տուն ու նետվեցի մայրիկիս գիրկը:

-Ես վստահ էի, որ կարող ես: Ապրես, աղջիկս, մնաց մյուսը:

Մի պահ զարմացա.

-Մա՞մ, էլ ի՞նչ մյուս:

-Բա բանավո՞րը, չէ՞ որ դեռ առջևում է:

-Ա՜խ, հա՜…

Եկավ հուլիսը: Դե, արդեն քննության օրն էլ էր պարզ: Առավոտ շուտ մայրիկիս հետ շտապեցինք համալսարան: Գյուղից քաղաք տանող ճանապարհը շատ երկար էր թվում, ամբողջ ճանապարհին ոչ մի բառ չասացի: Էլի հուզված էի: Երբ հասանք ու մի փոքր ընտելացա, սկսեցի շփվել երեխաների հետ: Իմացա, որ բոլորը 2, 3, 4 տարի պարապել էին: Հուսահատ եկա մայրիկիս մոտ.

-Մա՜մ, ո՞ւր եմ ընկել ես, բոլորը մի քանի տարի պարապել են, իսկ ես իրար հետ ընդամեը 15-20 օր: Միայն թե հիմա էլ չասես, որ ես էլ կարող եմ նրանց նման գնահատական ստանալ:

Խոսքերիցս մայրիկիս դեմքին, աչքերի մեջ նկատեցի անհանգստության նշույլներ:

-Ամալյա, Աստված մեզ հետ է, այսքան հաղթահարեցիր, հասար այստեղ, որ հիմա հուսահատվե՞ս: Սա վերջին քայլն է, որը բաժանում է քեզ քո վաղեմի երազանքից, դե՜, ամեն ինչ լավ կլինի:

Եկավ այդքան սպասված պահը: Ներս էին կանչում: Իմ հերթն էլ եկավ, նայեցի մայրիկիս աչքերի մեջ ու մի տեսակ ուժ ստացա նրանից: Գնացի: Ներս մտա, քաշեցի հարցատոմսը: Բարեբախտաբար, այն հարցերն էին, որոնք այնքա՜ն լավ էի յուրացրել, դեմքս պայծառացավ, աչքերս ուրախությունից սկսեցին փայլել: Վերջապես հասավ իմ պատասխանելու ժամանակը: Սկսեցի պատմել, խոսել, բացատրել: Ինձ քննողները 2 տղամարդ էին, որոնցից մեկը նայելով ինձ՝ ժպտաց և ասաց՝ կարդացած է: Երբ սկսեցի վերլուծել վերջին նախադասությունը, ասացին, որ բավական է: Նրանցից մեկը ժպտաց, ասաց՝ ապրես: Քիչ հետո հայտնեցին ինձ, որ 14 են նշանակում, եթե գոհ եմ, ստորագրեմ թղթի վրա: Երջանկությունը պատել էր ինձ, ես նույնիսկ 7 միավորի հույս չունեի, իսկ հիմա այդքան հուսահատ մեկին նշանակեցին 14:

-Այո, իհարկե,շնորհակալություն:

Ստորագրեցի և արագ վազելով՝ գնացի ներքև: Մայրիկս արտասվում էր, երբ ուզեցի հայտնել գնահատականս, պարզվեց, որ նա դիտում էր պատասխանս:

-Ես ասում էի, չէ՞, որ լավ է լինելու, մի՞թե դա առաջին անգամն էր, ես ավելի լավ եմ ճանաչում քեզ: Շնորհավորում եմ, ապրես, վերջապես իրականացավ երազանքդ:

-Մա՜մ,- արտասվախառն ձայնով ասացի ես,- շնորհակալ եմ, որ կողքիս էիր:

Ընդունվեցի համալսարան, հա՜, բանասիրության ֆակուլտետ: Այժմ, երբ սովորում եմ այստեղ, անչափ երախտապարտ եմ մայրիկիս, զգում եմ, թե ինչ մեծ հաճույքով եմ ուսումնասիրում մեր լեզուն և հեղինակներին: Շնորհակալ եմ, մա՜մ:

Ani Hovhannisyan

Ճիշտն ասելն ավելի լավ է

Աշնանային մի առավոտ ես սովորականի պես արթնացա և ուղևորվեցի դպրոց։ Երբ մտա դասարան, զանգը դեռ չէր հնչել, շատ հետաքրքիր անցան բոլոր դասաժամերը։ Եկավ վեցերորդ դասաժամը՝ ֆիզկուլտուրան։ Մեր դասարանի Ամալյան նստած էր Կարենի սեղանի մոտ։ Երբ զանգը հնչեց, տղաները վազելով դուրս թռան՝ չնկատելով, որ հրեցին Ամալյային։ Ամալյան ընկավ, աղջիկներով վազեցինք նրա մոտ։ Բարեբախտաբար Ամալյային ոչինչ չէր պատահել։ Այ, իսկ սեղանի ոտքը կոտրվել էր։ Մենք ստիպված էինք կանչել մեր դասարանի Կարենին։ Ես և Կարենը մնացինք դասարանում, որ սարքենք սեղանի ոտքը։ Մեզ նյութեր էր անհրաժեշտ։ Բայց որտեղի՞ց։ Երկար մտորելուց հետո որոշեցինք գնալ Լյովա պապիկենց տուն։ Բերեցինք նյութերը և վերանորոգեցինք սեղանը։ Շատ ուրախ էինք, որ կարողացանք հասցնել, և ուսուցիչները չիմացան։ Ես ուրախ-ուրախ իջա ֆիզկուլտուրայի դահլիճ, որտեղ տեսա ընկեր Մամբրեյանին։ Չգիտեի, ինչ պատճառաբանություն հորինել, դասից բացակայելու համար։ Ասացի, որ մնացել էի դասարանում որոշ առաջադրանքներ գրելու համար։ Պարզվեց, որ մեր դասարանի Լիլյան ընկեր Մամբրեյանին ասել էր, թե ես ինձ վատ եմ զգացել, դրա համար չեմ ներկայացել դասին։ Ընկեր Մամբրեյանը կանչեց Լիլյային և երկուսիս սաստեց ու շատ զայրացավ, որ ստել ենք։

Հաջորդը դասղեկի ժամն էր։ Դասղեկը մեզ տարավ համակարգչային սենյակ՝ ֆիլմ դիտելու։ Ֆիլմն ընկերության մասին էր։ Բայց մենք չէինք կարողանում դիտել ֆիլմը՝ անընդհատ մտածում էինք այն մասին, որ ընկեր Մամբրեյանը չպատմի մեր ստախոսության մասին, այլապես դասղեկը մեզ կպատժեր և կզրկեր էքսկուրսիա գնալու հնարավորությունից։ Ամբողջ դասարանով որոշեցինք ինքներս պատմել այդ մասին։ Դասղեկը ժպտաց և գնահատեց մեր անկեղծությունը՝ խոստանալով տանել էքսկուրսիա:

Nane Eghiazaryan

Ինչու եմ գրում

Հաճախ են ինձ հարցնում, թե ինչու եմ գրում 17-ին ու սպասում պատասխանի, որովհետև հարցնողների մեծ մասը գիտի, որ լրագրողի մասնագիտություն երևի չեմ ընտրի: Նրանցից շատերին չեմ կարողանում պատասխանել, իսկ մնացածը իրենք իրենց պատասխանում են ու անցնում ուրիշ թեմայի: Կամ էլ մեկ-մեկ հարցնում են, թե ինձ ինչ է տալիս այդ կայքը: Այսօր որոշել եմ այդ հարցերի պատասխանները տալ:

Մինչև 17-ը ես էլի նույն Նանեն էի, չէ, չնայած այն ժամանակ ավելի ամաչկոտ էի ու վախենում էի մի փոքր էլ, բարձրաձայնել իմ կարծիքը: Այն ժամանակ զբաղվում էի միայն դասերով, ու վերջ: Պատկերացո՞ւմ եք ամբողջ օրը՝ դաս, դաս, դաս ու ազատ ժամանակ: Նույնիսկ կարող էր պատահել, որ մի ամբողջ շաբաթվա դասերս մի օրում վերջացնեի: Դե հա, ես չեմ բողոքում, դասից բացի խմբակների էլ էի հաճախում ու գոնե մի քիչ ցրվում էի, իսկ հիմա, երբ արդեն գրում եմ, ամբողջ օրը հաստատ միայն դաս չեմ անի: Հիմա արդեն ամաչկոտությունս մի փոքր անցել է, դե, մնացել է այնքան, ինչքան որ պետք է ունենա աղջիկը: Հիմա էլ չեմ վախենում բարձրաձայնել իմ կարծիքը ու ինձ ավելի ինքնավստահ եմ զգում: Արդեն մեկ տարի է, ինչ գրում եմ 17-ին ու ոչ մի պահ չի եղել, որ դրա համար փոշմանեմ: Ամեն անգամ, երբ ինձ հարցնում են, թե ինչ է տվել ինձ «Մանանան», ես ինքս էլ եմ ինձ այդ հարցը տալիս: Ամենաառաջինը, որ ինձ տվել է, դա ինքնավստահությունն է, հետո առանց նրա ես չէի ճանաչի շատ հետաքրքիր մարդկանց, որոնցից մի քանիսի հետ շատ եմ ուզում հանդիպել ու հաստատ մի օր կհանդիպեմ: Հետո «Մանանան» ինձ տվել է գիտելիք, որի մասին նույնպես պետք է հիշել: Գիտե՞ք, մինչ այս կայքում գրելը, ես ընդհանրապես շարադրություններ չէի սիրում գրել, ու եթե գրում էի , ապա հաստատ սահմանափակվում էի միայն բառերի ու կետադրության ուղղագրությամբ, իսկ այսօր արդեն իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է գրել այդ շարադրությունը: Հիմա էլ չեմ կենտրոնանում միայն բառերի վրա, հիմա գրում եմ հաճույքով, ու զգացմունքներս են ինձ թելադրում այն բառերը, որոնք պիտի գրեմ: Հիմա չեմ ուզում գրել ուղղակի լավ շարադրություն, հիմա ուզում եմ գրել այնպիսի տեքստ, որի մեջ կա նաև իմ կաիծիքը, որի մեջ ես եմ խոսում ու ներկայացնում եմ շարադրության թեման իմ կողմից ու տեսակետից: Հիմա ուզում եմ գրել այնպես, որ ընթերցողը, կապ չունի՝ ուսուցիչս, թե ընկերուհիս, այն կարդալուց ինձ հարցնեն, թե ինչու եմ այդպես մտածում, ու քննադատեն իմ գրածը, կամ ընդունեն այն: Ահա թե ինչ է ինձ տվել «Մանանան»: Ես դեռ չեմ կարող ասել՝ կընտրեմ լրագրողի մասնագիտությունը, թե ոչ, բայց ես համոզված եմ, որ ձեռք եմ բերել նոր հայացք, նոր հմտություններ ու նոր ընկերներ:

Այս ամենի համար ես ու ինձ նման էլի շատ թղթակիցներ, իմ կարծիքով, հաստատ կհայտնեն իրենց շնորհակալությունը «Մանանա» թիմին: