arman arshak

Տարեվերջյան հաշվետվություն

-Արմ, ընկեր Աֆյանը կանչում ա,-ինչպես արդեն կռահեցիք, պատուհանից դուրս նայելով երազում էի, ու էլի խանգարեցին․․․

Գնացի ընկեր Աֆյանի սենյակ վստահ, որ էլի կազմակերպչական աշխատանքների հետ կապված բան պիտի ասի: Այդպես էլ եղավ. «Գրել տարեվերջյան հաշվետվություն, ինչ է արել աշակերտական խորհուրդը սեպտեմբերից մինչև դեկտեմբեր»։ Եկա դասարան ու փորձեցի հիշել` ինչ է արել աշակերտական խորհուրդը, մտածեցի ու հասկացա, որ «հաշվետվություն» ասվածը չափազանց լավ է: Ինչ լավ կլիներ, եթե յուրաքանչյուրս ամեն տարեվերջ հաշվետվություն ներկայացնեինք ինքներս մեզ։

Իմ հաշվետվությունը չափազանց երկար է. ձեռքբերումներ, կատարած աշխատանքներ ու իրականացված նախագծեր։ Անձնային հաշվետվության լավագույն ենթաբաժինը ձեռքբերումներն են, ձեռքբերումներ, որոնք այսօր իմ կողքին են ընկերների տեսքով, ձեռքբերումներ, որոնք թույլ են տալիս ինձ զգալ 2015-ի ու 2016-ի տարբերությունը, և վերջապես գլխավոր ձեռքբերումներից մեկը, որը հնարավորություն է տալիս այսօր ազատ գրելու՝ «Մանանա» ու 17.am, որոնք երբեք չեն հեռանա ձեռքբերումներիս ցուցակից, տարեվերջյան ձեռքբերումներ, որոնք ուղեկից են լինելու ողջ ընթացքում՝ «Հայ մարզային երիտասարդներ», «Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն»․․․

Կփակենք 2016-ի գիրքը`այնտեղ թողնելով շատ ու շատ բազմակետեր, իսկ նրանց, ովքեր կարդում են այս հոդվածը, կցանկանամ ջանք ու եռանդ չխնայել այդ բազմակետերը իրենց նպատակին հասցնելու․․․

Առկայծող ճրագ

Հյուրասեր  ընտանիք,  բարի մարդիկ և փոքրիկ հրաշք:

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Այս մտքերը վաղուց էի ուզում հանձնել թղթին, սակայն դժվարանում էի, քանի որ քիչ տեղեկություններ ունեի այս ընտանիքի մասին: Այս ընտանիքի մարդիկ կարծես թե պապենական դաշինք ունեն իմ ընտանիքի հետ կնքած: Յուրաքանչյուր ժառանգի  մեկը քավոր է կանգնում: Մեր գյուղի «երգչուհին»  այս ընտանիքի փոքր զավակի առաջնեկն է՝ Ռաիսան: Մեր ընտանիքների մեջ եղած ջերմությունը անտարբեր չանցավ իմ ու Ռաիսայի կողքով: Մենք ընկերներ ենք, հարազատ մարդիկ, քույրեր: Հարցազրույցը վարել եմ  տան ավագ ներկայացուցչի հետ: 

-Ռայա տատիկ, պատմիր, թե ինչպես ստեղծվեց ձեր ընտանիքը: Ինչպե՞ս ծանոթացար Սեյրան պապիկի հետ: 

-Հունց կարգն ա` նենց ալ ծանոթացալ ենք: Գի՞դմ ես` հունց եմ ծանոթացել պապիկի հետ: Պապիկի, մին ալ մեր տունը իրար մոտ ա իլալ: Ես քիմ ի իրանց տոն, ինքը` մեր տոն, միասին մի թաղի խոխերք ինք, խաղմ ինք: Եդավ սկսեցինք խոսալ, 18 տարեկանմ ալ ամուսնացանք: Սեյրանը ամուսնանալուց հետո քինաց բանակ,  3 տարի ծառայեց, եկավ աշխատանքի անցավ դպրոցմ` տեխնոլոգիայի դասատու:

-Բա որ Սեյրան պապին գնաց բանակ, ո՞ւմ մոտ էիր մնում դու, իր ծնողների՞: 

-Ես մանցալ եմ կիսուրիս մոտ: Իրա, մին էլ իմ պապան պատերազմի ժամանակ են մհացել:

-Լսել եմ, որ ձեր երեխաները շատ փորձությունների միջով են անցել: Կարո՞ղ եք պատմել: 

-Վրույրիս հետ ավտովթար ա իլալ, Ծաղիկիս մատերը մնացալ ա ստանոկի տակ, սաղ ոսկորնին ջարդվել ա, բայց փառք աստծու, հիմա լավ ա: Գալուստս նախանցած տարի մահացավ, դժբախտ պատահարից:

Փորձությունները աննկատ չանցան Մանգո հոպարի կողքով: Նա` ծառայելով Օմարի սարում, կորցրեց ձեռքի 4 մատը: Պատճառը ավելի ցավալի է: Ձմեռ օրով,  ռազմի դաշտից փորձել է դուրս բերել մահացած ընկերոջը: Ցրտահարությունից կորցրել է մատերը: 

-Իսկ ե՞րբ մահացավ Սեյրան պապին: 

-Պապիս մահացել ա 2001 թվականի մարտի 1-ին, երբ ես 4 ամսական էի: Ասում են ինձ օրորելուց է մահացել: Այնքան եմ լացել, որ երգելու շնորհքն եմ ձեռք բերել,- միջամտեց թոռնիկը:

Այս փորձությունները ավարտվեցին Մանգո հոպարի երկար սպասված զավակի՝ Սեյրանի ծնունդով: 

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

-Ռաիսա, շատ եք չէ՞ սիրում ապերին,- դիմեցի փոքր Ռաիսային: 

-Անչափ շատ: Գիտես, արդեն նախընտրած երգ էլ ունի: Հենց պապիտոն լսում ա, սկսում ա թռվռալ, պարել:

-Այ բալա, Սեյրանս իրա ծնունդով մեղմացրեց կորուստները,-ասաց Ռայա տատին:

-Ինչի՞ Սեյրան, ոչ այլ անուն: 

-Որովհետև ուզում ենք պապիկի արժանի հետնորդը դառնա, փոքրիկ ընկեր Մաթևոսյան:

Ճրագը ծնվում է տան մեջ, առկայծելով ջերմություն տալիս:

Չորս նյութ, ու վե՞րջ…

Չորս նյութ, ու վե՞րջ: Ինչքան ժամանակ է` ինձ հարց եմ տալիս. «Չորս նյութ, ու վե՞րջ»: Ախր, թեմաները գալի՜ս-գնում են:

Նկատած կլինեք, որ բավական երկար ժամանակ չէի գրում: Բա չե՞ք հարցնում՝ ինչու: Ամեն անգամ վերցնում էի հեռախոսս, բացում Word ծրագիրն ու հիշում որևէ բան, որի մասին կարելի է նյութ գրել: Գրում էի սկիզբը, պահպանում ու թողնում: Հետո, երբ բացում էի նույն Word ծրագիրը, որ շարունակեմ, մի խեթ հայացք էի նետում նյութիս վրա ու այդպես կիսատ թողնելով՝ անցնում մյուսին:

Այսօր էլ, երբ հերթական անգամ կարդում էի 17.am-ի նյութերից, մտածեցի՝ գրեմ այս նյութս:

Այս նյութս գրելու պատճառներից մեկն էլ իմ խառնվածքն է: Ես, իմանալով իմ բնավորությունը, շատ զարմացա, երբ տեսա նյութերիս քանակը, որովհետև, եթե կարող եմ, ինչո՞ւ չգրեմ: Ախր, թեմաները գալիս-գնում են. ֆեյսբուքյան սխալներ, զրույց ուրվականների հետ, դառը իրականություն…

Գուցե նյութերս կարճ են ստացվում, բայց կարծում եմ՝ կարևորը ծավալի մեջ չէ: Վե՜րջ, էլ չեմ կորչի:

Anna Andreasyan

Ականջակալների մասին

Երբ տանը հիվանդ պառկած ես, էլ ինչ է մնում անելու, եթե ոչ՝ կարդալ ընկերներիդ հոդվածները և նորերը գրել: Վերջերս կարդացի ընկերուհուս՝ Անի Ավետիսյանի հոդվածը ականջակալների մասին և մտածեցի, ես էլ որոշակի բաներ ունեմ գրելու ականջակալների մասին:

Ի տարբերություն մեծամասնության, ես շատ քիչ եմ օգտագործում ականջակալներ: Իհարկե, դրանք շատ հարմարավետ են և մատչելի, առանց դրանց ֆիլմ չեմ նայում, բայց առօրյայում համարյա թե չեմ օգտագործում: Նախ, ականջներիս մասին եմ մտածում, հետո էլ երբ ականջակալներով եմ, ինձ թվում է՝ կտրվում եմ աշխարհից: Ահա մի բան կկատարվի, և ես դրա մասին չեմ իմանա: Մի տեսակ լիարժեք հաղորդակից չեմ զգում աշխարհին:

Չեմ կարող հասկանալ այն ընկերներիս, ովքեր էքսկուրսիա գնալիս՝ ճանապարհին ականջակալներով երգ են լսում: Ուրիշ է, երբ մենակ ես և ծանոթ չունես ավտոբուսի մեջ: Բայց երբ կողքիդ ընկերներդ են, կարծում եմ շատ ավելի հաճելի է նրանց հետ զրուցելը, քան ականջակալներով երգ լսելը: Չէ որ էքսկուրսիա գնալու ամենահաճելի մասը ճանապարհն է, երբ դեռ ամեն ինչ առջևում է:

Չնայած դա սովորության հարց է: Ես ուղղակի սովոր չեմ ականջակալներ կրել:

nina arsutamyan portret

Ամենախելացի Տարոնը

Բոլոր դպրոցներում կան գերազանց սովորող աշակերտներ: Դե, մեր դպրոցը նույնպես չի տարբերվում մյուս դպրոցներից: Մեր դպրոցում աշակերտների թիվը մեծ չէ, բայց գերազանց սովորող աշակերտների թվով չի տարբերվում մյուս դպրոցներից: Գերազանց են սովորում Նազելին, Նարեկը, Տիրանը, Տարոնը և ուրիշներ: Ամեն մեկն ունի իրեն բնորոշ ընդունակությունները: Սակայն ես կառանձնացնեմ Տարոնին: Հիմա կասեք՝ ինչո՞ւ հենց Տարոնին: Նախ, հպարտությամբ կնշեմ, որ Տարոնը իմ ազգականն է: Տարոնը դեռ 4-րդ դասարանում էր, երբ բոլոր ուսուցիչներն ասում էին, որ ունի գիտելիքների մեծ պաշար և յուրահատուկ աշակերտ է: Ու միշտ մտածում էի, թե Տարոնը ինչո՞վ է յուրահատուկ:

-Տարոնը չի բավարարվում դպրոցի ծրագրային նյութերով,-ասում էին ուսուցիչները:

Զարմանում էի, թե ինչպես կարող է 4-րդ դասարանի տղան չբավարարվել ուսուցիչների սովորեցրածով և ցանկանա ավելի ու ավելի շատ նյութեր կարդալ:

Տարիներն անցնում էին, իսկ Տարոնի գիտելիքները ավելի էին շատանում: Տարոնն իր փայլուն գիտելիքներով ինքնավստահ առաջ էր շարժվում՝ «Մեղու», «Կենգուրու» մրցույթներում: Հիմնականում շատ լավ արդյունքներ էր վաստակում «Կենեգուրու» մրցույթում:

Ես մի կողմից զարմացած էի, իսկ մյուս կողմից՝ հպարտ, թե ինչպես կարող է Տարոնը տարիներ շարունակ հաղթող ճանաչվել տարբեր մաթեմատիկական մրցույթներում: Բոլորս էլ համոզված էինք, որ Տարոնին սպասվում է մեծ և փայլուն ապագա;

2016 թվականի մայիսին ամբողջ դպրոցը հպարտությամբ էր խոսում, որ Տարոնը հանձնել է մաթեմատիկայի քննություն և ընդունվել «Քվանտ» վարժարան: Մոտենում էին Տարոնին, շնորհավորում, իսկ Տարոնը ժպտում էր և համեստաբար շնորհակալություն հայտնում: Հետո Տարոնն ուսումը շարունակեց Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում: Իսկ հետո մեզ ավելի ուրախ լուր էր սպասվում: Տարոնը հայտ էր լրացրել և պատրաստվում էր մասնակցել «Ամենախելացին» հեռուստատեսային ինտելեկտուալ խաղին: Տարոնը երկու շրջաններում էլ շա՜տ լավ արդյունք ցույց տվեց: Բայց պատկերը փոխվեց եզրափակիչում, երբ 1 միավորի պատճառով չկարողացավ անցնել եռյակի մեջ:

Դե անկախ նրանից՝ հաղթեց, թե պարտվեց, Տարոնը մեր դպրոցի և մեր գյուղի հպարտությունն է:

sona mkhitaryan

Եկեք սիրենք մեր անունները

Ես սիրում եմ իմ անունը: Հա, արդեն սիրում եմ: Շատերը չեն սիրում իրենց անունները, ես էլ, երբ տասը տարեկան էի, ասում էի.

-Մամ, ինչի՞ եք անունս Սոնա դրել: Լավ անուն չի:

-Բալես, ես ուզում էի Լիլիթ դնել, պապադ չթողեց:

Ասում էի` անունս փոխելու եմ, դնեմ Լիլիթ: Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ, եթե իմ անունը հայրս է որոշել, ինչո՞ւ փոխեմ, եթե այն իսկապես գեղեցիկ անուն է, ինչո՞ւ փոխեմ, եթե ես էլ եմ սկսել սիրել այն, և վերջապես, ինչպես կարելի է փոխել արդեն կնքված անունը:

Գիտեմ, կան այնպիսի անուններ, որոնք հնաոճ են համարվում (Եպրաքսյա, Փառանձեմ, Հայկուհի և այլն), բայց չէ՞ որ այդ անունը հայրդ է դրել, չէ՞ որ այդ անունը քո հայրիկի մայրիկի անունն է: Անունը հպարտություն պետք է առաջացնի: Կան անուններ, որոնք մեզ շատ հարազատ են դարձել, ու կան մարդիկ, ովքեր ասում են. «Շատ կուզեի անունս լիներ Արինա, Իննա, Յանա» և այլն:

Ինչո՞ւ եք վազում այլազգի, ավելի ժամանակակից անունների հետևից: Չէ՞ որ մենք ունենք մերը, մեր հայկականը:

Կան անուններ, որ մենք դիտմամբ չենք արտասանում, պահում ենք, որ մնան միայն մեր մտքերում, որ էլի մեկինը չդառնան: Այն կրողը միշտ կարևոր է ու թանկ: Մենք պահում ենք այն միայն մեզ համար: Երբեմն էլ նույն այդ անունը բարձրաձայնելու չգիտակցված ցանկություն է առաջանում: Մենք կրկնում ենք այդ անունն այնպես, կարծես այն արտասանելը մեզ ավելի շատ ու ավելի ամուր կապերով է կապում այն կրողի հետ, կարծես ավելի հարազատ է դարձնում ու ավելի մտերիմ, կարծես մի արդարացված իրավունք է տալիս մեզ` այն մեր կյանքի մի մասը համարելու: Մեզ համար կարևոր պատմություններում մենք տեղավորում ենք այդ անունը, իսկ անկարևորները դարձնում ենք կարևոր այդ անունով:

anush hovhannisyan

Իսկ դու հավատո՞ւմ ես

-Ան, հո դու երեխա չե՞ս, ի՞նչ Ձմեռ պապիկ, ի՞նչ նամակ: Վերջապես հասկացիր, որ «Ձմեռ պապա» կա, Ձմեռ պապին չկա:

-Ըհըն, թող ես լինեմ երեխա ու հավատամ Ձմեռ պապիկին:

Այո, ճիշտ հասկացաք, էլի ես վիճաբանության մեջ եմ ընկերներիս հետ, ովքեր բարձր ձայնով սկսեցին ծիծաղել, որ ես նամակ եմ գրել Ձմեռ պապիկին: Դե հա, իրականում Ձմեռ պապ չկա, չնայած նրան, որ ես հավատում եմ երեխայի պես, որ այո, Հայաստանում չկա, բայց Լապլանդիայում կա, ու հեքիաթը այնտեղ իրականանում է:

Իմ ամանորյա հրաշքը վերջացավ մի տխուր օր, երբ ես իմ բոլոր տարիների նամակները գտա հայրիկիս համազգեստի ծոցագրպանում: Բարձր ձայնով սկսեցի լաց լինել ու բղավել: Բայց դե մայրիկս պատմեց ողջ ճշմարտությունը, ու դա լսելը փոքրիկ Անուշիկի համար պարզապես սարսափելի էր: Բայց իմանալով հանդերձ, ամեն տարի գրում եմ ու անհամբեր սպասում նվերին: Ամանորի առավոտյան բացում եմ աչքերս ու վազում տոնածառի տակ` նվերս ստանալու:

Կարծում եմ, որ յուրաքանչյուրս էլ պետք է մնանք մանուկ ու հավատանք ամանորյա հրաշքին, և ինչպես բոլոր ֆիլմերում է ասվում.

-Սպասիր և քո հրաշքն էլ մի օր կկատարվի:

Այո, ես հույսով սպասում եմ երեխայի պես, ով գիտե, միգուցե կատարվի մի օր, պարզապես պետք է միայն հավատալ:

Հ.Գ. Ես արդեն նամակս գրել եմ, իսկ դո՞ւ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Սիրելի Անուշ, ամենամեծ հրաշքը հենց նամակներդ էին, որ բոլորը մեկ առ մեկ հայտնաբերել ես հայրիկիդ գրպանից: Մի պահ պատկերացրու. ամեն անգամ հայրիկդ մեկ առ մեկ բացել ու կարդացել է դրանք, հուզվել, հետո նորից խնամքով պահել ոչ թե դարակում, այլ ծոցագրպանում, ամեն օր իր հետ… Լավ է, որ այս տարի էլ նամակ ես գրել: Հայրիկի գրպանը մի քիչ էլ «կծանրանա»…

Մտածիր այդ անսահման սիրո մասին:

Gayane Avagyan

Մայրիկների ամանորյա տոները

Ես գրում եմ Ամանորին, ուզում եմ շնորհավորել բոլորին, բայց միայն շնորհավորելու համար չէ, որ գրում եմ:

Գեղեցիկ է այս տոնը, չէ՞: Այս օրերին բոլորս ուրախանում ենք, սպասում ենք հրաշքի, ուտում ենք սրտի ուզածի չափ մեր սիրած խորտիկները: Ասում են` հեքիաթային է Ամանորը, երևի, հեքիաթային տոն է, բայց բոլորի՞ համար: Կարծում եմ` ոչ բոլորի: Դե, ոչ բոլորն են, որ շատ են սիրում այս տոնը ու տոնից հետո եկող մնացած հինգ օրը: Չգիտեմ, երևի, կռահեցիք, թե ովքեր այդքան էլ չեն սիրում այս տոնը: Նրանք, ովքեր ամեն օր աշխատում են: Բոլոր հյուրերի առաջ սեղան են դնում, հավաքում, սուրճ պատրաստում, հետո ճանապարհում հյուրերին, հավաքում սեղանը, ափսեները լվանում, ու դեռ սեղանը չհավաքած, գալիս են մյուս հյուրերը: Սա շարունակվում է մի քանի օր:  Ու բոլորը զարմանում են, երբ լսում են.

-Այ, սրանից կեր, սա շատ համեղ է, կերած չես լինի:

Մտքում հիշում են բոլորը, թե քանի տուն մտնելիս են այս խոսքերը լսել: Մինչդեռ դուք սա եք մտածում, տանտիկինը էլի է թարմացնում սեղանը ու բոլորին հյուրասիրում:

Ախր, դուք ի՞նչ գիտեք, թե ինչքան է չարչարվել, ինչքան ժամանակ է նրանից խլել քաղցրավենիք,« բլինչիկ», աղցան և այլ ուտելիքներ պատրաստելը: Ինքը սիրով է պատրաստել ու պատրաստել է հենց ձեր` իր հյուրերի համար: Դրա համար էլ հյուրասիրում է բոլորին:

Իրականում` ամանորյա այս գեղեցիկ տոնի պատճառով չարչարվում են մայրիկները: Առավոտից իրիկուն սեղան են դնում, հավաքում, ու այս ամենը տևում է վեց օր: Պատկերացնո՞ւմ եք, մի ամբողջ տարի ճաշ պատրաստել, տուն հավաքել, հետո տարվա վերջում էլի չարչարվել, տարվա սկզբին էլի չարչարվել: Իսկ ե՞րբ են մայրիկները հանգստանում: Այ, երբ դու վերցնում ես իր պատրաստած ուտելիքից և ուտում, այդ ժամանակ էլ հանգստանում են ու ժպտում, հասկանալով, որ իրենց չարչարանքը գնահատող կա:

Բոլորը դժգոհում են, որ ամանորյա տոնի իմաստը կերակուրներն են դարձել, պետք է փոխել, մտածել այլ կերպ նշելու մասին, բայց շարունակում են նույն կերպ նշել: Միայն մայրիկներն են, որ թեև ամենաշատը իրենք են հոգնում, սակայն շարունակում են պատրաստել:

Դե ինչ, ավանդույթը չի փոխվում: Ուրեմն ի՞նչ: Կարդալուց հետո գնա, վերցրու մայրիկիդ պատրաստած ուտելիքներից, կեր ու ասա մայրիկիդ, որ աշխարհում ամենահամեղն ինքն է պատրաստում: Կտեսնես, թե ոնց կփայլեն մայրիկիդ աչքերն ու որքան կուրախանա:

Ani v. Shahbazyan

Դատարկություն

Դու հենց նոր կարդացիր նյութիս վերնագիրը և որոշեցիր այն կարդալ: Ինձ թվում է` չես զղջա և կհամաձայնես ինձ հետ: Լավ, ինչևէ: Ուզում եմ խոսել դատարկության կարևորության մասին:

Չգիտես ինչու, մարդիկ դատարկությունն ասոցացնում են բացասական զգացողությունների հետ և միշտ բացասական են վերաբերվում դրան: Բայց նրանք չեն էլ պատկերացնում, որ դատարկությունից է սկսվում ամեն ինչ: Լավ, հիմա բացատրեմ: Մարդիկ վերցնում են դատարկությունը, շուրջը կառուցում են պատեր, և այն դառնում է տուն: Ավելին, ինչքան մեծ է տան ներսի դատարկությունը, այնքան բարձր է դրա գինը: Մարդիկ ընտանիք են կառուցում և ապրում են այդ տան մեջ՝ գնահատելով միայն տունը, բայց ոչ դրանից առաջ եղած դատարկությունը:

Դու հիմա կարդում ես և փորձում հասկանալ, կամ էլ չես հասկանում: Լավ, կարող եմ էլի օրինակներ բերել: Վերցնում ենք մի բուռ դատարկություն, շրջապատում ենք այն կավով և արդյունքում ստանում ենք ծաղկաման: Ծաղկամանը դառնում է գործածելի հենց դատարկության հաշվին: Կամ վերցնում ենք 100 քառակուսի մետր դատարկություն, շուրջը բետոնապատում ենք, մեջը լցնում ենք ջուր և արդյունքում ունենում ենք լողավազան:

Նույն կերպ էլ մարդիկ են փորձում օգտվել իրենց ներսի դատարկությունից, որպեսզի հասնեն հաջողության: Բայց ինձ չի թվում, թե դա մարդկանց դեպքում աշխատում է: Լավ, հանգիստ թողնենք մարդկանց:

Հըն, դո՞ւ էլ կարևորեցիր դատարկությունը: Մինչ մտածես` այն կարևոր է, թե չէ, ես գնացի: Դատարկությունն ինձ է սպասում, գնամ վերցնեմ այն և փորձեմ ինչ-որ բան պատրաստել:

zara gevorgyan

Ընտանեկան տոնը սքայփով

Ում համար Նոր տարի, ում համար սովորական մի օր: Է՜, հիմա կմտածեք` դժգոհ մարդ եմ: Բոլորն այս գեղեցիկ տոնին ուրախանում են, իսկ ես կարծես աշխարհի «դարդերը» ուսերիս եմ վերցրել: Դե, աշխարհինը չէ, իմ սեփական «դարդերն» էլ են ինձ բավական:

Սկսեմ նրանից, որ այս տարի այդքան էլ ոգևորված չէի սպասում Ամանորին: Ամեն տարի նույնը, բոլորը կարծես դեկտեմբերից սկսում են պատրաստվել մինչև դեկտեմբերի 31-ը, որ մի քանի օր տևողությամբ սերիալ նկարահանեն, ու գլխավոր «հերոսն» էլ պարտադիր պիտի լինի խոզի բուդը, որի համար հայերը ամեն ինչի պատրաստ են՝ սկսած վարկերից ու տոկոսից:

Է՜, բայց, ժողովուրդ, անկեղծ ասած, այս ամենը ինձ անցած տարիներին այդքան էլ չէին հետաքրքրում, մինչև որ այս տարի մնացի մենակ, ու սկսեցի ամեն ինչին ուշադրություն դարձնել: Դե, մենակ նկատի ունեմ, որ իմ հասակակիցները՝ ինձ համար շատ հարազատ ու կարևոր մարդիկ, այս տարի ինձ հետ չէին: Էհ, էլ ի՞նչ Ամանոր առանց այն մարդկանց, ում հետ ամեն տարի նշում էիր այս տոնը, իսկ այս տարի պիտի սքայփով կամ վայբերով շնորհավորես:

Դե, մի խոսքով, Ամանորը Ամանոր չի առանց հարազատների: Բայց, ուզած-չուզած՝ եկել է Նոր տարին: