diana karapetyan

Տոներն են մոտենում, տոներն են մոտենում… Բլա, բլա, բլա…

Չեմ սիրում Նոր տարին: Հա բա ինչ, թեկուզ փոքր ժամանակ սիրում էի, էն էլ դե Ձմեռ պապիկի համար էի սիրում, բայց մի օր մայրիկին «բռնեցրի» Ձմեռ պապիկի տոպրակ սարքելիս, ու մայրիկս էլ ստիպված խոստովանեց, որ Ձմեռ պապիկ չկա: Թեկուզ սկզբում ասաց, որ Ձմեռ պապիկը չի հասցնում մեր տուն գա, դրա համար իրեն է կարգադրել, որ մեզ նվեր տա: Հա, հիշում եմ, ես էլ հլը սկզբում նեղվել էի, թե բա բոլորի տուն հասցնում է գնալ, մերն էլ չի հասցնում, ու հետո էլ որոշել էի, որ Ձմեռ պապիկին պիտի բռնեմ ծեծեմ, որ մեր տուն չի գալիս:

Ամեն Նոր տարվա գիշեր մի փոքրիկ ավել ունեի, վերցնում էի, նստում էի անկողնուս մեջ ու Ձմեռ պապիկին էի սպասում, իբր թե, հեսա կգա, ես էլ կբռնեմ ու կծեծեմ: Հա, բա ինչ, Ձմեռ պապիկը եկավ` ես էլ ծեծեցի: Հիմա, որ մտածում եմ, ասենք, գիժ էի` ի՞նչ Ձմեռ պապիկ: Հիմա փոքր երեխային ասում ես` խելոք մնա, որ Ձմեռ պապիկը քեզ նվեր բերի, թեքվում ասում է. «Դեբի՞լ ես, ի՞նչ Ձմեռ պապիկ: Ձմեռ պապիկ չկա»: Հա, լավ, բա ես ինչո՞ւ էի հավատում: Լավ, մոռանանք Ձմեռ պապիկին: Ի՞նչ էի ասում. ես Նոր տարին չեմ սիրում, քանի որ անիմաստ ենք նշում: Մինչև դեկտեմբերի 20-ը պիտի հասցնեն առևտուր անեն, թե չէ ամեն ինչ կամաց-կամաց թանկանում է (թանկանալն էլ հո թանկանալ չի, կրկնակի չէ, եռակի գին են դնում ապրանքին): Խանութներում շնչելու տեղ չի լինում, ու ամեն կողմից լսվում է. «Չարազը մոռացանք, թեկուզ ստեղ թանկ ա, ներքևից կառնենք», «Կնիկ, էլ ի՞նչ պտի առնինք», «Էս ի՞նչ թանկ ա», ու էլի նմանատիպ արտահայտություններ:

Հունվարի մեկից սկսվում է բարեկամ-հարևան գրոհը, գալիս են Նոր տարի շնորհավորելու: Էն, որ էդ մարդուն ամբողջ տարին չես տեսնում, մեկ էլ Նոր տարվան տեսնում ես: Դե, որ իրենք եկել են, դու էլ պիտի գնաս, բայց ամենավերջին պահն այն է, որ բոլորը երանի են տալիս, որ այդ օրը բուք ու բորան լինի, ու ոչ մեկը չգա: Հետո սեղանը դնում են ու ասում են, որ սեղանին ձեռ չտաք` չգան տեսնեն մի բան պակաս է, չարազին ձեռ չտաք, կգան-կգնան` հետո կուտեք: Բայց ով էլ գալիս է, չարազից մենակ չամիչը չի ուտում, ես էլ չամիչ չեմ սիրում: Ամեն տարի նույնը` տոլմա, բլինչիկ, «խոզի բուդ», աղցաններ… Տանջվում-տանջվում պատրաստում ես, վերջում մնում փչանում է: Դե իմա՞ստը:

Բա էն, որ սեղանը հավաքում ես, մտածում ես, որ վերջ, մեկ էլ, հոպ, մեկը գալիս է հյուր: Դե, Դիանա ջան, ոնց տարել ես` էնպես էլ հետ բեր: Գոնե Նոր տարին էլ օլիմպիական խաղերի նման 4 տարին մեկ լիներ, գոնե մի տարի շունչ կքաշեինք:

Շատերը անգամ գումար են բանկից վերցնում, որ Նոր տարի նշեն, հետո էլ ամբողջ տարին աշխատում, տանջվում են, որ այդ վարկը փակեն, ու այդպես ամեն տարի: Իմա՞ստը:

Ամառ եմ ուզում

Լուսանկարը՝ Սոնա Թումանյանի

Լուսանկարը՝ Սոնա Թումանյանի

Ուղղակի զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր տարվա եղանակներից ամենաշատը ձմեռն են սիրում: Ձմեռը գեղեցիկ եղանակ է, բայց ես չեմ սիրում, քանի որ արև չկա, և բացակայում է նաև շողերի ջերմությունը: Ամեն օր դպրոց գնալիս հագնվում ես, ծածկվում այնպես, որ հանկած ոչ մի տեղ բաց չմնա ու չմրսես: Ամեն տեղ տեսնում ես վերարկուներով ծածկված ծանոթ և անծանոթ մարդկանց, որոնցից չես լսում ոչ մի բառ, միայն տեսնում ես բերանից դուրս եկող գոլորշին:

Լուսանկարը՝ Սոնա Թումանյանի

Լուսանկարը՝ Սոնա Թումանյանի

Ինձ միշտ մի հարց է հուզել. կենդանիները, մնալով դրսում, արդյոք չե՞ն մրսում: Երբ տնից դուրս եմ գալիս, շունս՝ Լեսին, ուրախությամբ թռվռալով հայտնվում է դիմացս: Ես, մի կերպ դողալով, գրպանիցս ձեռքս հանում ու բարևում եմ նրան: Հա, չզարմանաք, երբ նա ինձ տեսնում է, թաթն ակամա առաջ է բերում ու բարևում է՝ ժպիտը դեմքին:

Լուսանկարը՝ Սոնա Թումանյանի

Լուսանկարը՝ Սոնա Թումանյանի

Ձմեռ ասելով պատկերացնում եմ ինձ՝ վառարանի կողքին ձեռքերս տաքացնելիս:

Մեկ-մեկ լուռ խորհում եմ ու մտքում անընդհատ կրկնում՝ հեռացիր ձմեռ, ես ամառ եմ ուզում:

Լուսանկարը՝ Սոնա Թումանյանի

Լուսանկարը՝ Սոնա Թումանյանի

Tamara galstyan

Ամանորի նախօրեին

Քայլում եմ ամբոխի միջով, մարդիկ այս ու այն կողմ են վազում` Ամանորի համար անհրաժեշտ իրերն ու ապրանքները գնելու համար: Մարդկանց աչքերում տեսնում եմ և՛ տխրության, և՛ ուրախության թախիծ: Ամանորյա գնումներ, բարձր գներ՝ դա է նրանց տխրության պատճառը: Սակայն տոնը տարվա մեջ մեկ անգամ է տեղի ունենում, ինչո՞ւ չուրախանալ… Հատկապես, երբ այս տոնի ժամանակ երեխաների աչքերն սկսում են ավելի վառ փայլել: Այս ու այն կողմից լսվում են մարդկանց խոսակցություններ, որոնք միայն Ամանորի նախօրեին ես լսում.

-Խոզի բուդը թանկ է, բայց դե, առանց դրա ի՞նչ Ամանորի սեղան:

-Մնաց բաստուրման ու սուջուխը գնեմ ու գամ:

-Էս հրուշակեղենը ինչքա՜ն են թանկացրել:

-Այս խմորեղենից երկու տուփ պատվիրում եմ, 31-ի առավոտյան կգամ, կտանեմ:

Եվ այսպես շարունակ, այս ամենը դեռ լսելու ենք մինչև Ամանորի գիշերը: Շատերն այս գնումների, բարձր գների պատճառով սկսում են չսիրել Ամանորը: Հիասթափվում են, տխրում, բարկանում, բայց մի բան լավ հիշեք՝ այս տոնը տարվա մեջ մեկ անգամ է տեղի ունենում, ու ինչպես սկսում, այնպես էլ շարունակում ես:

Կարևորն այն չէ, որ սեղանին ամեն տեսակ ուտելիք լինի, կարևորն այն է, որ բոլորս միասին լինենք, սիրենք ու գնահատենք միմյանց: Ուրախ ու հաճելի միջավայրում դիմավորեք Նոր տարին, և ջերմությունը չպակասի, ինչքան էլ, որ ցուրտ լինի:

arxiv

Կլորը, Լենդրուշն ու մահվան դեմ մաքառողը

-Դավ ջան, դուրս արի, մի քիչ խաղա երեխաների հետ,- ասաց մայրիկս՝ ինքն իր ասածին չհավատալով:

-Մամ, ես ե՞րբ եմ դուրս եկել, որ այսօր դուրս գամ: Սակայն… Լավ, մի քանի րոպեով դուրս կգամ:

Ես բացեցի դուռը, բակում կարծես կինո էր նկարահանվում. ամեն մեկը զբաղված էր իր գործով. որը կավիճով կլաս էր գծում, որը կատվի ձագերին էր տանջում, որը՝ իր երեխային, իսկ որոշ երիտասարդներ էլ փոքրերին էին շահագործում:

-Կլոր, այ կլոր, մի գնա` ներքևի խանութից ծխախոտ գնիր,- ասաց մի տղա՝ նայելով «կլոր»-ին:

-Այ տղա, մեծ տղա ես, չե՞ս ամաչում,- վախվորած ձայնով նկատողություն արեց «կլոր»-ի մայրը:

Սակայն այդ պահին իմ ուշադրությունը շեղեց մի այլ երևույթ: Փողոցի ծայրում մի մեքենա էր կանգնած, իսկ հետևում թաքնվել էին մի խումբ փոքր չարաճճիներ, որոնց մեջ էին նաև մեր հարևանի երկու երեխաները: Ես շատ զարմացա, երբ հասկացա, թե ինչով էին նրանք զբաղված: Երեխաները երկու կատվի ձագ էին բռնել և կռվացնում էին: Հանկարծ լսվեց բարկացած մոր ձայնը.

-Աննա, Աննա, ի՞նչ եք անում:

-Հա, մամ, Նարեկն այստեղ է:

-Աղջի, ասում եմ՝ ի՞նչ եք անում:

-Լսում եմ, մամ, ճիշտ է:

Ինչպես հասկացաք, Աննան մի քիչ տարօրինակ աղջիկ էր, իսկ նրա մայրը՝ առավել ևս: Հանկարծ լսվեց շան հաչոց, և ես տեսա մեր փողոցի ամենաերկարակյաց մարդկանցից մեկին՝ Լենդրուշ պապիկին:

-Նեսի, Նեսի,- բղավում էր ծերունին, որն արդեն մի քանի տարի է՝ կռիվ է տալիս մահվան հետ:

Հանկարծ շան հաչոցներին խառնվեցին Մարգոյի գոռգոռոցները.

-Սոնիկ քույրիկ, Սոնիկ քույրիկ:

Այդ Մարգոն մեր փողոցի BBC-ն է:

-Ձմերուկ ուզո՞ւմ եք:

-Ի՞նչ արժե:

-Կիլոն՝ 100 դրամ:

-Աղջի, հարևան մարդիկ ենք, մի քիչ էժան տուր, էլի:

-Շները քեզ հարևան,- փնթփնթաց Մարգոն քթի տակ, բայց կեղծ ժպիտով՝ ասաց.

-Չէ, Սոնիկ քույրիկ, չեմ կարող:

Մի խոսքով, ես ինչպես դուրս եկա, այնպես էլ ներս մտա:

 Դավիթ Բաբայան 14տ., 2004թ.

mariam avetyan

Տատիկի խանութում

Իմ տատիկը խանութ ունի: Ես փոքր ժամանակ տատիկիս օգնականն էի արձակուրդների ընթացքում: Բակի բոլոր տատիկներն ու պապիկները, մեծրեը և փոքրերը ճանաչում էին ինձ: Ինձ սիրում էին հատկապես տատիկներն ու պապիկները, ովքեր ազատ ժամանակ հավաքվում էին խանութում ՝ զրուցելու , նորություններ փոխանակելու և մտքերով կիսվելու համար: Ես ճտպտում էի, խառնվում խոսակցություններին և թռվռում այս կողմից այն կողմ:

Ես շատ լավ եմ հիշում մի պապիկի, ով ինձ շատ էր սիրում և ինձ «շակալաթ» էր անվանում: Ամեն անգամ խանութ մտնելիս նրա շուրթերից հնչում էին այս խոսքերը. «Շակալա՛թս, մալմալաթ կտա՞ս»: Ես էլ նրան էի շատ սիրում: Նա վարսավիր էր, բայց ուներ մի հոբբի: Նա շատ էր սիրում որսի գնալ: Եվ երբ մենք մի անգամ զրուցում էինք որսի մասին, նա ինձ խոստացավ թռչուն բերել: Ամեն անգամ հանդիպելիս ասում էր, որ անպայման թռչուն կբերի:

Անցան տարիներ, ես մեծացա, իսկ պապիկը ծերացավ: Մի անգամ հանդիպեցինք նրա հետ, եկար զրուցեցինք, էլ «շակալաթ» չէր ասում, ես էլ առաջվա պես չէի ճտպտում: Երբ նա գնաց, ես շրջվեցի և հուսահատ ձայնով ասացի մայրիկիս. «Այդպես էլ թռչուն չբերեց»:

hasmik vardanyan

Նոր քննակարգը

12-րդ դասարան, ավարտական տարի, լարված պարապմունքներ, այս ամենի հետ մեկտեղ՝ նոր նախարար ու նոր քննակարգ: Մեկ ամիս շարունակ դպրոցի տնօրինության կողմից լսում ենք նույն խոսքերը. «Դիմումները պիտի փոխե՛ք, փոփոխություններ են եղել»: Իսկ այն հարցին, թե ինչ փոփոխություններ են լինելու, պատասխանում են. «Ի օգուտ ձեզ»: Ես համաձայն եմ, իրականում նրանք փորձում են հունվարից հետո մեր ծանրաբեռնվածությունը թուլացնել: Բայց…

Երբ ինչ-որ համաճարակ է տարածվում, համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ աշխարհի լավագույն բժիշկները փորձում են կանխել: Եվ ամեն նոր մեթոդ մշակելիս՝ փորձարկումներն անում են ինչ-որ կենդանիների վրա, մասնավորապես՝ մկների: Այժմ մեր Կրթության և գիտության նախարարությունը նոր նախարարի աջակցությամբ փորձում է կրկնուսույցների դեմ կանխարգելիչ միջոց գտնել: Իսկ մենք՝ այս տարվա շրջանավարտներս, դարձել ենք մկները, և մեր վրա փորձարկում են իրենց նոր մեթոդները: Դե, մենք էլ մկների նման սուսուփուս դիմանում ենք:

Այս ամենի մեջ միակ դժգոհությունս այն է, որ կիզակետում մենք ենք հայտնվել և ամեն լավ կամ վատ փոփոխություն՝ մեր գլխին է ջարդվում:

narek babayan

2016-ի վերջին էջը

«Դե լավ, էլ չշարունակեմ։ Ուղղակի առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ մի պարկ առողջություն, այս նոր՝ 2016 թվականին շատ հաջողություններ, թող մեր պանդուխտները վերադառնան հայրենիք։ Եվ ամենակարևորը, շառից-պարտքից հեռու, ժողովուրդ ջան։

Հուսամ մեր սերունդը ամանորյա նոր ավանդույթ կստեղծի, և այս ամենը հիշելով, մի լավ կծիծաղեն»:

Ծանո՞թ խոսքեր են: Կատակում եմ, որտեղից ծանոթ լինեն: Սրանք իմ երկրորդ նյութից են, ես էլ էի մոռացել, դուք ո՞նց հիշեք:

Հիմա բոլորի մոտ նախատոնական տրամադրություն է, Հանրապետության հրապարակում արդեն դրվել է այն ամեն տարի կրկնվող կանաչ բուրգը, մարդիկ սկսել են առևտուրը: Որոշեցի կարդալ հին նյութս Նոր տարվա մասին ու տեսնել, թե արդյո՞ք բարոյագիտության կանոնը՝ «Վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես կուզեիր, որ նրանք քեզ հետ վարվեին», ազդել է ինձ վրա այս տարում:

Եվ այսպես, հըմ, ի՞նչ ունենք այստեղ: Ես բոլորին ցանկացել էի մի պարկ առողջություն: Դե, ընդհանրապես հազվադեպ եմ հիվանդանում, այս տարի զգալի վատ առողջություն չեմ ունեցել, միայն նոյեմբերյան վիրուսից չկարողացա խուսափել:

Մաղթել էի հաջողություն բոլորին: Օֆ, ծավալուն թեմա է: Նախ ասեմ, որ մինչև 17-ի թղթակից դառնալը, ես հասարակությունից վախեցող ու փոքր շրջապատի տեր անձնավորություն էի: 2016ի գալստյան ժամանակ ես արդեն որոշ առումով կորցրել էի հասարակության հանդեպ վախս: Կատակում եմ, ի՞նչ որոշ առում, լավ էլ արխային անծանոթների հետ լեզու էի թրջում: Հունվարի ինին սկիզբ դրվեց հաջողություններիս շղթային: Չգիտես ոնց, չգիտես ինչու, հայտնվեցի մի խմբում, ու մոտ մի ամիս ամեն օր, ամեն ժամ օնլայն շփվում էի վիրտուալ ընկերներիս հետ, որոնցից մի քանիսը, ուղղակի, հայտնություն էին: Շատ եմ սիրում իրենց: Անցնենք առաջ, 17-ում բավականին մեծ առաջադիմություն ունեի, մոտ տասնյակ նյութ ու մի նկարած մուլտ մի ամսում, գոհ եմ: Անգամ ամռանը ճամբար գնացի, էդ հաջողություններիս գագաթնակետն է: Լավ, հաջողություններիս մասին պատմելով այսքանով ավարտեմ, չնայած որ սրանք դեռ կեսն էլ չէին: Անցնենք առաջ:

«Պանդուխտները վերադառնան հայրենիք»: Դե, այս թեման ինձնից մի քիչ հեռու է, մի քանի բարեկամ ընտանիք ունեմ արտասահմանում, նրանց վերադարձին չէի էլ սպասում, նրանք, ինչ հիշում եմ, այնտեղ են:

«Շառից-պարտքից հեռու» լինելու համար մի քիչ փոքր եմ, դեռ կհասցնեմ կաշվիս վրա զգալ շարքային հայ մարդու վիճակը:

Նաև ասել էի, որ նոր ավանդույթ կուզեմ ստեղծվի: Ապարդյուն, կրկին համոզվում եմ, որ հայերի ամանորյա ավանդույթները փոխելն ավելի դժվար է, քան հին «Նոկիա» կոտրելը: 2017-ից շատ բան չեմ էլ ակնկալում, այսպես էլ մնա՝ լավ է: Ամեն ինչ էլ ունեմ: Այս տարի էլ չեմ մտածում պայթուցիկների ու նվեր ստանալու մասին: Արդեն ծանոթ եմ տոնական ծախսերին, գործերին: Էլ չեմ նստի և ուրախ վայելի խոզի «բուդն» ու հրավառությունը: Թե բա՝ մեծացել եմ…

inesa soghoyan

Արձակուրդային պլաններ

Սկսվեցին, ջա՜ն, արձակուրդները սկսվեցին: Ինչքան էի սպասում: Ուռա՜, ամեն օր արդեն հավեսով կարթնանամ (ես երբեք զարթուցիչով չեմ արթնացել), մարմնամարզությունը կտևի երկար, կգնամ կլվացվեմ ու ամենասիրելի հարցս՝ թե՞յ, թե՞ սուրճ. համաձայնեք՝ բարդ ընտրություն է: Ու 15 օր շարունակ ստիպված չես արագ գործերդ վերջացնել, որ գնաս դասի, կամ հոգնած դասից գաս ու դաս սովորես, շուտ քնես ու կինո չնայես:

Վերջապես ստիպված չես գիշերվա 3-ին արթնանալ ու մտածել՝ հեռախոսդ կամ նվագարկիչդ լիցքավորման դրվա՞ծ է, թե՞ մոռացել ես: Եվ էլ չես ասի. «Մի հատ կոմպը կտա՞ս՝ դասերս գրեմ»:
Բայց ամենալավը արձակուրդների մեջ շատ ազատ ժամանակ ունենալն է: Արդեն կսկսեմ նվագարկչիս մեջ շատ երգեր ներբեռնել, կվերջացնեմ գիրքս, որն սկսել եմ մի քանի օր առաջ ու դասերի պատճառով չեմ հասցրել կարդալ: Ամենակարևորը՝ կգրեմ նյութեր 17.am-ին տպագրվելու համար:

arxiv

Բոթասները

Ուշ գիշեր էր: Բոլորը պատրաստվում էին քնել: Ես մի օր առաջ որոշել էի, որ պետք է մասնակցեմ ֆիզկուլտուրայի դասին: Մեկ էլ միամիտ բացեցի կոշիկների տուփը, տեսա իմ բոթասները և հիշեցի, որ պետք է բոթաս տանեմ: Ես ասացի մայրիկին.

-Ես վաղը ֆիզկուլտուրա չեմ անելու:

-Ինչո՞ւ:

-Որովհետև պետք է բոթաս տանեմ դպրոց:

-Է՜, դու էլ տար…

-Բոթասը ծանր է, իսկ ես պետք է դասարանից բոթասը վազեցնեմ մինչև հանդերձարան, համ էլ մինչև հանվեմ-հագնվեմ, լիքը ժամանակ կանցնի:

-Դու էլ արագ շարժվիր:

-Ես դանդաղաշարժ եմ:

-Արագաշարժ դարձիր:

-Չեմ ուզում:

-Համ էլ կնիհարես:

-Չեմ ուզում:

-Հետո էլ չես կարող նիհարել:

-Օ՜ֆ, չեմ անում, էլի:

-Անում ես, և վե՛րջ:

Ես էլ չէի կարող հակաճառել:

Հաջորդ օրը շորերս վերցրեցի և գնացի դպրոց: Երանի դպրոցում մարզահագուստը պահելու տեղ լիներ:

Հովնան Բաղդասարյան 9տ., 2004թ.

Թող ամեն բան ժամանակին լինի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Այսօր առատ ձյուն է գալիս: Դե, արդեն ձմեռ է, իսկը ժամանակն է: Լավ է, երբ ամեն բան ժամանակին է ու տեղին: Դա միայն ուրախություն է պատճառում, սակայն հաճախ ինքը՝ բնությունն է փչացնում իր ստեղծած բարիքը: Շատ ցավալի է, երբ անժամանակ եկած ձյունը կամ անսպասելի հուժկու կարկուտը մարդկանց չարչարանքը ջուրն է գցում: Այս տարի այդպիսի դեպքերը շատ էին: Դրանցից մեկին ես ականատես եղա Արագածոտնի մարզի Կարբի գյուղում: Ավելի քան 10 րոպե տեղացած կարկուտից հետո խնձորի այգիները այսպիսին էին:

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Հիմա հիշում եմ բոլոր այդ ընտանիքներին, որոնց բերքը փչացրեց բնությունը: Շատ շատերի ապրուստի միակ միջոցը հենց այդ բարիքն էր: