amalya harutyunyan

Հաշվետվություն ինքս ինձ

Ըհըն, անցավ, չէ, չհասցրի անգամ աչքերս թարթել, իսկ նա ուղղակի անցավ, վերցրեց իր 365 օրն ու սլացավ, չհարցրեց՝ ուզո՞ւմ եմ գնալ, թե՞ ոչ: Արդյոք իր արագությունը ինձ բավակա՞ն է։ Իսկ ես կորցրած ինձ գոռում եմ՝ կանգ առ, իսկ ես կորցրած ինձ ասում եմ՝ սպասիր։

Հա, ու էդպես ինձ վրա մի նայիր ու աչքերդ էլ մի ճպճպացրու, 2016, հեչ էլ գոհ չեմ որ գնում ես: Ասեմ ավելին, սկսում եմ կարոտել։ Ավարտիդ մի քանի օր է մնացել: Հիշո՞ւմ ես` ինչքան բան էի պլանավորել, չհասցրի անել, որովհետև վազում ես, որովհետև ժամանակը զիջելու ես 2017-ին: Ախ, այդ ժամանակը, քո նման է, գիտե՞ս. չի սպասում, չի էլ մտածում իմ մասին։

Ներե՞մ քեզ. որ մենակ ես թողնում, երևի ներեմ, արդեն հարյուրավոր օրեր եմ անցկացրել հետդ ու մեղադրել այդքան էլ չեմ կարող։ Քանի այստեղ ես, արի, կանգնիր իմ դիմաց, ու թող հիշենք իրար հետ ապրած ու չապրած պահերը, արի նորից վերապրենք։

Դու նման չէիր ոչ մեկին, այն 15 տարիներին, որ անցել են։ Դու ուրիշ էիր, ոտքից գլուխ տարբեր ու միապաղաղ, ուրախ ու շատ տխուր, դու երջանիկ տարի էր ու մի քիչ էլ դժբախտ, դու սպասված ու անկանխատեսելի էր։

Երբ կյանքդ կառուցված ու ամփոփված է մի շինության մեջ, որի հիմքը անգամ անկայուն է, որի քարերը ծուռ են ու անկարգ, որի պատերը կիսաքանդ ու ավեր են, ու քամին փոթորկում է, անընդհատ ու առանց սահման։ Կիսավեր կյանքդ քանդում ու նորն ես կառուցում։ Ու ես կառուցեցի հենց 16-ին, մեծ դժվարությամբ, հազարավոր քամիների դեմ գնալով, բայց կառուցեցի։
2016-ին շաբաթվա 7 օրվա 24 ժամս լեցուն էր անցնում. ամեն օր դեմքեր, դեպքեր, նոր, հին, տարբեր, կրկին։ Հենց 2016-ին մեդիագրագիտության դասերի գնացի ու բացի այն գիտելիքը, որ ձեռք բերեցի, ձեռք բերեցի ընկերների մի ստվար խումբ՝ բոլորից տարբերվող ու բոլորից ուրիշ մի քանի մարդու։ Գտա իմ անունն ունեցող մի աղջնակի, իմ ուզած մազերն ունեցող մի էակի, մի խուճուճներով արևի ու մի «անջատվածի»։
Թղթակցեցի 17-ին,, կիսվեցի ամենախառը ու ամենատարբեր մտքերով հենց իր հետ։ Ու երբ ոչ ոք չկար, ով կլսեր ինձ, իմ ունկնդիրը դարձավ 17-ը։ Ու ես մի քիչ երջանիկ եմ, մի քիչ էլ հպարտ, երբ փողոցներում անցորդները ասում են՝ հա, դու այն աղջիկն ես 17-ի։

Բացահայտեցի այն մեկին, ով գտնում էր աշխարհի ամենահետաքրքիր «իվենթները» ու ինձ տանում։ Թե 365 օրից քանիսն էլ իրար հետ անցկացրինք, քանի անգամ հոգնեցինք և ուրախացանք, քանի անգամ կորչեցինք Երևանում` դա մենակ մենք գիտենք։

Կյանքումս էական փոփոխություններ էլ եղան: Դե, օրինակ, մինչև այս տարի ատում էի դպրոց գնալը, հիմա ամենամեծ հաճույքով եմ գնում: Միակ տեղն է, որտեղ կարող եմ հանգստանալ: Առաջ չէի հասկանում երթուղայինում քնող մարդկանց, իսկ հիմա, նստելով երթուղային, մտածում եմ երկու րոպե աչքերս փակեմ, մինչև հասնեմ, կամ եթե շաբաթվա օրերը առաջ անվանում էի երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և շարունակ, ինչպես մյուսները, հիմա այսպես է՝ «հայոց», «անգլ», «անգլ», «հայոց»… շաբաթ ու կիրակի։ Նաև սկսեցի չափից շատ սիրել համակատար դերբայի ալիս վերջավորությունը ( թանկ մարդկանցից մեկի, ում այս տարի եմ գտել, անունը Ալիս է):

Հիշո՞ւմ ես` քանի անգամ եմ երջանկացել, քանի անգամ եմ հասել երկնքին թռվռալիս, քանի անգամ է աշխարհն իմը եղել ու քանի անգամ է թվացել, որ ինձնից ուրախ մարդ աշխարհում չկա։

Բայց չեմ խաբի ու կասեմ, որ անկումներ էլ քիչ չտվեցիր, մենակ թողեցիր շատ պահերի, ուզեցի թռչեմ` կտրեցիր թևերս, երազեցի` բերեցիր իրականություն, կառուցեցի` քանդեցիր, ժպտացի` աչքերս արցունքոտեցիր։

Բայց ես քանդեցի իմ հին տունը, այն տունը, որ պիտանի չէր արդեն ապրելու, այնտեղ ցուրտ էր, այնտեղ մութ էր, ու ես անխնա կոտրեցի այն, բաժանեցի մասերի, քանդեցի ու կառուցում եմ նորը, տաքն ու արևոտը։

Իսկ դու հավաքել ես ճամպրուկներդ ու գնում ես, իսկ դու չես էլ համբերում ավարտեմ աշխատանքս։

Ու ես իմ ամենա-ամենա տարուն արդեն կարոտած գոռում եմ՝ սպասիր, ինձ կորցրած ու կարոտած ասում եմ՝ կանգ առ։

seda mkhitaryan

Ձյունը փափուկ է

Մի քանի օր առաջ դասից տուն վերադառնալիս քայլում էի ձյան միջով ու հրճվում ոտքերիս տակ ճռճռացող ձյան ձայնով։ Ականջիս հասան մանկական չարաճճի քրքիջներ։ Շարունակեցի առաջ գնալ ու հանդիպեցի երեք փոքրիկ աղջիկների: Նրանք ոտքից գլուխ ձյան մեջ կորած էին։ Անմիջապես ինձ հիշեցի: Այդ տարիքում, ձմռանը ես էլ էի տուն հասնում ձյան մեջ թաթախված ու արժանանում մորս կշտամբանքին։ Երեխաները խաղում էին ձյան հետ, ընկնում, բարձրանում, հրում միմյանց ու ծիծաղում։ Հասա նրանց ու հարցրեցի.

-Էրեխե՛ք, որ ընկնում եք, չի՞ ցավում։

-Չէ՜, ձյունը փափուկ է, չի՛ ցավում,- եղավ պատասխանը։

Զարմանալին այն է, որ այդ տարիքում իսկապես չի ցավում, ավելի ճիշտ՝ չես զգում այդ ցավը։

Աղջիկներից երկուսը մեր թաղամասից էին, իսկ այ, մյուսը՝ բավականին հեռու է ապրում, բայց ընկերուհիների հետ խաղալու համար եկել հասել էր գրեթե նրանց տան մոտ։

-Հասմի՛կ, դու ինչո՞ւ ես այս ճամփով գալիս։

-Խաղալու համար,- ասաց վառվռուն աչքերով ու ցրտից կարմրած քթով Հասմիկը։

Երանի ես էլ դեռ այդ տարիքում լինեի, այն տարիքում, երբ ընկնելուց հետո բարձր ծիծաղում ես: Պատրաստ ես ճանապարհդ կրկնապատկել, միայն թե մի քիչ երկար խաղաս ընկերներիդ հետ: Երբ քեզ չի հետաքրքրում ցուրտը, տանը սպասող մայրիկի զայրույթը և, առհասարակ, դու ունես սեփական աշխարհդ և ապրում ես ներկայով ու ներկա պահով։

Emma Kosakyan

«Բա էտ էլ ծախեն, էլի…»

Շուտով Նոր տարի է, ամենուր` իրարանցում: Խանութներում վաճառվում են ամենագեղեցիկ լույսերը, զարդերը ու, իհարկե, մանդարինը, չամիչը, բաստուրման: Այն ամենը, ինչ պետք է Նոր տարին «տեղը-տեղին» դիմավորելու համար:

Այս իրարանցումը տեսնելով` ամեն անգամ հիշում եմ մեր տատիկ-պապիկների նկարագրած Նոր տարին. «Պատերազմ էր, ուժեղ կռիվ, սաղ տարին սոված-ծարավ ինք, առանց լիս: Ու սաղ ժղովուրդն էր սհե: Խանութ չկար, կամ խանութը կար, բայց զատ չին ծախըմ: Բայց վեր Նոր տարուն լիմոնադ ու մանդարին ինք ճարըմ, էտ ա, էլ ի՞նչ ա պետք: Էլ մի պյան էլ ա, մի մեծ քեֆ էր, ուրախություն: Հընգեր-հըրևան հվաքվմ ինք ու զուռնա-դհոլով քեֆ անըմ: Բա հմի էս ի՞նչ ա, խանութնին լիքն ա, բայց տրամադրություն չկա, ուրախություն չկա: Բա էտ էլ ծախեն, էլի… Սաղ առըտուր արած քընմ են, դեմքներին ծիծաղ չկա»:

Ու պատկերացնելով այդ Նոր տարիները, հասկանում եմ, որ, իրոք, շատ-շատերի համար Նոր տարին պարտականությունների շղթա է դարձել, ուրիշներին զարմացնելու առիթ: Մեկը աղցան չի սիրում, բայց 5 տեսակ կպատրաստի հյուրերին զարմացնելու համար, մյուսը՝ պարտքով Ձմեռ պապ կհրավիրի իր տուն, որ երեխային անձամբ նվերը տա: Դեռ լավ է, եթե արվում է երեխային ուրախացնելու, այլ ոչ թե նրա համար, որ բոլորը տեսնեն՝ Ձմեռ պապը եկավ հենց այդ տուն մտավ:

Չնայած այս ամենին՝ Նոր տարին մի նոր էջ է բացում մեր առաջ՝ մաքուր ու սպիտակ: Ցանկանում եմ՝ բոլորս այդ էջում գրենք մեր կյանքի անկեղծ, երջանիկ պատմությունները, չունենանք ջնջումներ, սխալներ:

mariam tonoyan

Արժեքներ

Երբ կոշիկդ մաշված է, և անձրևոտ օրերին ջուրը ոտքերդ է լցվում ու թրջում, այդ ընթացքում կարծես ջուրը միանգամից թրջի քեզ ամբողջությամբ ու հասնի մինչև մազերիդ ծայրը:

Փողի, հարստության մասին երբեք չէի մտածել:

Վերջերս այցելեցի մենակյաց Համեստ տատիկին, ում հաճախ ենք այցելում թաղի երեխաներով ու զրուցում նրա հետ: Նա ժամերով պատմում է Արցախյան պատերազմում զոհված որդու` Զավենի մասին, ցույց տալիս նկարները: Համեստ տատը ծեր, թոշակառու կին է, այրի է, ապրում է Գավառ քաղաքում: Որդիներից մեկը զոհվել է պատերազմում, երկրորդը ապրում է Ռուսաստանի Դաշնությունում: Մասնագիտությամբ հաշվապահ է եղել, միաժամանակ, աշխատել տարբեր գործարաններում: Հերթական զրույցներից մեկի ժամանակ, Համեստ տատիկը ցույց տվեց որդու` Զավենի  թղթապանակը, որի մեջ որդու ձեռքով գրված թղթեր էին, դպրոցական տետրեր, թղթե հետաքրքիր մարդուկներ ու կենդանիներ, որոնք հավանաբար պատրաստել էր մանկության տարիներին: Թղթերի կույտի մեջ հետաքրքրությունս շարժեց մի ճմռթված թուղթ, որը պարզվեց` Համեստ տատիկի որդու գրառած մտքերից էր: Տետրից պոկված թղթի կտոր էր, որը ամեն կողմերից զննելուց հետո սկսեցի կարդալ. «Ես ամեն վայրկյան փախել եմ ինձնից ու հիմա, կարծես սթափվելով, նայում եմ հետ ու ափսոսում ապրածս կյանքի, ավելի ճիշտ` չապրելուն հավասար կյանքի սխալների համար: Հիմա պետք է ծառայեմ հայրենիքիս, նմանվեմ մարդկանց, որոնք արյուն են թափել այն հողի համար, որի վրա ես վայելում եմ կյանքը` օրական մի մեքենա եմ փոխում: Հա, վախկոտ եմ, վախենում եմ հայտնվել աղքատիկ մի վայրում, որտեղ չգիտեմ` կդիմանամ, թե կմեռնեմ: Բացի վախկոտը, նախանձ էլ եմ: Նախանձում եմ աղքատներին, ովքեր մի կտոր հացի համար կյանք են տալիս, բայց պաշտպանվել գիտեն: Իսկ մենք` հարուստներս, կդիմեինք մեր մեծ շրջապատին, որ մեր հարցերը լուծեն: Մեկ-մեկ անգամ ցանկացել եմ լաց լինել, բայց հպարտությունս չի թողել: Հոգնել եմ այս թատրոնից: Երբ մնում եմ մենակ իմ ու իմ ճշմարտության հետ, զգում եմ, թե ով եմ ես իրականում`մի թույլ ու անօգնական տղա»:

Համեստ տատիկն ասաց, որ որդին սիրում էր դպրոցում, դասի ընթացքում գրել տետրի վերջին էջերին այն, ինչ մտածում էր. մտքեր, դժգոհություններ, քառատողեր…

Կարդալուց հետո սկսել եմ ավելի շատ մտածել փողի արժեքի մասին, փողով տարված, անձնուրաց ու մոլորված մարդկանց մասին, որոնք փողը համարում են կյանքի գերագույն արժեք ու մոռանում իրական արժեքների մասին…

arxiv

Բակում

Այսօր արթնացա լացի ձայնից: Քնաթաթախ մոտեցա պատուհանին: Բոլորը շրջապատել էին Ռոզա տատիկին:

-Ի՞նչ է պատահել,- հարցրեցի:

-Սևոն Սարգսին կծել է:

-Չի կարող պատահել: Ես ամեն անգամ կողքով անցնում էի, նա իսկի իմ երեսին չէր նայում:

Ռոզա տատիկի և Սարգսի շուրջը հավաքվել էր մի մեծ բազմություն: Մեկը սրտի կաթիլներ էր բերում, մեկը` ջուր, իսկ մեկ ուրիշը` վիրակապ:

-Իրենք բան չունեն ուտելու, շուն են պահում: Սոված շներն էլ կատաղում ու մարդկանց վրա են հարձակվում,- ասում էր մի պառավ տատիկը

-Հարկավոր է բողոքել,- միջամտեց մեկ ուրիշը:

-Է՜,- հոգոց էր հանում մի պապիկ,- իրենք` շուն, իրենց պահածը` շուն:

Շուտով մի այնպիսի աղմուկ բարձրացավ, որ ոչ մի բան չէր հասկացվում: Այդ ամբոխի մեջ երևում էր Սարգսի վախվորած դեմքը, որը մեկ նայում էր իր վերքին, մեկ` իր շուրջը խմբված մարդկանց: Նրանք արդեն ուրիշ բաների մասին էին բորբոքված խոսում` է՛լ քաղաքականությունից,  է՛լ գների բարձրացումից, գործազրկությունից, մի խոսքով, ում սրտում ինչ կար` ասում էր: Սարգսի վրա էլ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում:

Այսօր բամբասող կանայք խոսելու բան կունենան:

Գոռ Բաբլոյան, 11 տ, 2002թ.

elen gevorgyan

Փախուստ դպրոցից

Հինգշաբթի էր, դասարանի բոլոր երեխաներով որոշել էինք դասարանը զարդարել, ձյունն էլ եկել էր, և մեզ ավելի ոգևորել: Տոնական տրամադրություն կար առաջին իսկ ժամից: Այդ ժամը մեզ մոտ ֆիզկուլտուրայի դասն էր, իսկ մեր տրամադրությունն այնքան բարձր էր, որ թույլտվություն խնդրեցինք մեր ուսուցչից, որպեսզի զարդարենք մեր դասարանը: Սկսեցինք, և ամեն բան շատ լավ էր ստացվում, ամեն մեկս մեր գործը գիտեինք և, երգելով, ծիծաղելով զարդարեցինք, արագ վերջացրեցինք: Շատ գեղեցիկ էր ստացվել:

Արդեն երկրորդ դասաժամն էր, բոլոր ուսուցիչները ասում էին, որ շատ գեղեցիկ է ստացվել, և մեր ուրախությունը կրկնապատկվում էր: Դասամիջոցին բոլորս հավաքվել էինք պատուհանի մոտ և որոշեցինք դուրս գալ բակ, մի փոքր խաղալ, բայց արգելեցին:

Անցավ ևս երեք ժամ, բայց մենք անհամբեր սպասում էինք դասերի վերջանալուն: Ուզում էինք խաղալ, հինգերորդ ժամին որոշեցինք անպայման դուրս գալ և խաղալ: Երբ զանգը հնչեց, բոլորս ներքև վազեցինք: Բախտներս բերեց, որ պահակը մի կողմ էր կանգնել: Արագ վազեցինք դուրս` ազատություն: Գնացել էինք դպրոցի ետևամաս և խաղում էինք, այնքան էինք տարվել խաղով, որ ժամանակի մասին մոռացել էինք: Զանգը հնչել էր, իսկ մենք դեռ խաղում էինք: Երբ վերադարձանք դասարան, իմացանք, որ մեր դասից ուշանալը համարել էին «փախուստ դասից» և զանգահարել մեր ծնողներն, որպեսզի մեզ գտնեն: Մենք շատ արագ զանգեցինք մեր ծնողներին, որ ասենք՝ դպրոցում ենք:

Խառնաշփոթ էր տիրում մեր դասարանում: Ախր, մենք դուրս էինք եկել՝ խաղալու, իսկ մեր խաղը կոչվեց՝ «փախուստ դասից»:

Հիանալի օր էր: Չնայած նրան, որ մի փոքր բարկացան, բայց մեզ համար այդ օրը տարվա ամենաուրախ օրերից մեկն էր:

Ընկերուհուս՝ Անահիտ Խաչատրյանի հաղթանակը

Լուսանկարը՝ Լեւինե Համբարձումյանի

Լուսանկարը՝ Լեւինե Համբարձումյանի

Առավոտյան արթնացա և գնացի դասի: 10 րոպե անց՝ Անահիտը և Սոֆյան նույնպես եկան: Սոֆյան լայն ժպիտով ասաց.

-Շնորհավորե՛ք Անահիտին:

-Ինչի՞ համար,- հարցրեցի ես:

-Որովհետև Անահիտը գրավել է առաջին մրցանակային տեղը՝ համայնքի մասին իր գրած շարադրությամբ: Ես ուրախացա և շնորհավորեցի նրան: Բայց ցավալին այն էր, որ մենք առաջին երեք ժամերին կիսամյակային գրավոր աշխատանք ունեինք, իսկ Անահիտը պետք է ժամը 11-ին գնար Գավառ, որպեսզի ստանա իր մրցանակը: Նա ստիպված եղավ մնալ և գրել իր գրավորը: Բայց վերջին ժամին 15 րոպեում վերջացրեց իր գրավորը, որպեսզի չուշանա նշված ժամից: ժամեր անց նա եկավ իր մրցանակների հետ, և ես՝ ինչպես իսկական լրագրող, որոշեցի հարցազրույց վերցնել այդ կարևոր պահին:

-Անահի՛տ, ինչպե՞ս իմացար այդ մրցույթի մասին:

-Մեր դասղեկ Գայանե Քոլոզյանը դասի ժամին հայտարարեց մրցույթի մասին:

-Իսկ ինչպե՞ս որոշեցիր մասնակցել:

-Գնացի տուն, 2 ժամ մտածեցի շարադրության մասին և մի գեղեցիկ շարադրություն գրեցի: Տվեցի դասղեկին և երկար սպասելուց հետո իմացա, որ Նորատուսից 10 աշակերտ էլ են մասնակցել, բայց միայն իմ շարադրությունն է հավանության արժանացել:

-Իսկ ե՞րբ իմացար, որ քո շարադրությունը Գավառում գրավել է առաջին տեղը:

-Դեկտեմբերի 7-ն էր, Գավառից զանգեցին և շնորհավորեցին: Ասացին, որ ես առաջին տեղն եմ գրավել: Իսկ հետո ինձ զանգեց դասղեկս և ասաց, որ դեկտեմբերի 8-ին գնամ Գավառ, որպեսզի ստանամ մրցանակս: Ես անչափ ուրախացա: Լույսը բացվեց, գնացի Գավառ՝ իմ մրցանակի հետևից:

Ես կարծում եմ, որ բոլոր երեխաներն էլ ունեն հետաքրքիր մտքեր, պետք է լինել համարձակ ու գրել, մասնակցել տարբեր մրցույթների, թղթակցել տարբեր կայքերն: Վստա՛հ եղեք, որ անպայման կնկատեն ու կգնահատեն ձեզ…

Mane Babajanyan

Ժպտանք, որ եղել է…

Համարյա երկու ամիս առաջ էր՝ սկսվեց ու ավարտվեց մեր կյանքի հեքիաթը, այն հեքիաթը, որ միայն մերն էր, և ուրիշ ոչ ոք չէր ապրելու՝ աշնանային մեդիա ճամբարը: Մենք՝ ճամբարականներս, այդ անմոռանալի և վայրկյանի նման թռչող օրերի գլխապտույտ սլացքում ոչ միայն հասցրինք ըմբռնել ու յուրացնել լրագրության, լուսանկարչության ու կինոյի ոլորտի նրբություններն ու կիրառել դրանք գործնականում, այլ նաև ստացանք մի շատ կարևոր դաս՝ այն, որ ամեն ինչ հնարավոր ու հաղթահարելի է, երբ կա համագործակցություն և թիմային աշխատանք: Ի ուրախություն բոլորիս, մենք արագ մտերմացանք ու դարձանք մի մեծ ընտանիք, որը ցավոք, պետք է շուտով բաժանվեր… Բայց, լավ:

Հիշում եմ, վերջին մեկ-երկու օրերն էին, երեխաներից շատերն արդեն լալիս էին, որ ավարտում ենք, ասում էին, թե կկարոտեն, չեն կարողանա, չեն ուզում գնալ… Ու, մի բան էլ եմ հիշում.
վերջին օրը երեկոյան՝ հրաժեշտից առաջ, երեխաներից մեկն ինձ ասաց.

-Զարմանում եմ, Մանե, ոնց որ անսիրտ լինես, ո՞նց չես լացում: Դու չե՞ս կարոտելու:
Այդ ժամանակ ոչինչ չասացի, բայց հիմա ուզում եմ պատասխանել:
Գիտե՞ս, կարոտելու էի, կարոտում եմ: Ու հա, անսիրտ չեմ, ուղղակի գիտեմ, որ լացելով ոչինչ չէի փոխելու, ու դու էլ չփոխեցիր: Ու գիտե՞ս՝ ինչու լաց լինենք, եթե կարող ենք ժպտալ: Դե, մի րոպե փորձիր ինքդ մտածել: Այդ օրերը քո կյանքի ամենալավ օրերից էին, չէ՞: Հիշիր` ինչքան ուրախ պահեր ենք ունեցել, ինչքան լավ ընկերներ ենք ձեռք բերել՝ ես, դու ու մյուսները: Մտովի փորձիր հետ գնալ ու հիշիր բոլորին՝ հայացքները, ժպիտները, ձայները: Հիշեցի՞ր: Իսկ հիմա հիշիր տիկին Ռուզանի բարի աչքերը, պարոն Արայի մեղմ ժպիտը: Լավ, մի պահ հիշիր, թե Շուշանը ոնց էր ուրախանում, երբ մի լավ նյութ էիր գրում, հա, մանկանում էր, երեխայի պես, թռվռում էր, չէ՞: Հիշիր Դիանայի, Լիլիթի, Լուսինեի, Նարեի ամեն մի հայացքը, խոսքը, ժպիտը, Աշոտի, Սիսակի, Մուշի ու Հոնի այդքան կարևոր, անհրաժեշտ ու ճիշտ խորհուրդները: Հիշիր բոլորին՝ մեկ առ մեկ: Ժպտում ես, չէ՞: Ուրախ ես, չէ՞, որ եղել են, որ ապրել ես այդ ամենը, որ կան… Կանք: Իսկ դու լալիս էիր:

Արի` չլացենք, հա՞: Արի ժպտանք, որ եղել է, ու ցանկանանք, որ էլի լինի, ու հավատանք այդ օրվան: Արի չմոռանանք, արի հիշենք, կարոտենք՝ գուցե առաջվանից ավելի ուժեղ, բայց այս անգամ ժպիտով, ոչ թե արցունքների միջից:

Ժպտանք, որ եղել է, հա՞: Ժպտանք, որովհետև դրանք են մեզ մնացած հիշողությունները՝ այդ պարզ ու անկեղծ ժպիտները… Մեր ժպիտները: Ժպտա՛:

17.am-ը ամենահուզիչ հոդվածի հեղինակ

IMG_1597«Հայաստանի մանուկներ» (COAF)  հիմնադրամն այսօր ամփոփեց լրագրողների և լրատվամիջոցների համար հայտարարված մրցույթի արդյունքները:

IMG_1522Հիմնադրամն ուսումնասիրել էր 2016 թվականի հուլիսի 15-ից դեկտեմբերի 15-ը հայաստանյան և արցախյան լրատվամիջոցներում տեղ գտած նյութերը՝ հետևյալ անվանակարգերում՝

  • COAF-ին ամենաշատն անդրադարձող լրատվամիջոցը
  • Ամենաբազմազան թեմաներով հրապարակումների հեղինակը
  • Ամենահուզիչ հոդվածի հեղինակը
  • ԱմենաCOAF-ական լուսանկարը

IMG_1551Հատուկ մրցանակի արժանացան Հանրային հեռուստաընկերության լրագրող Հայկանուշ Ասլանյանը, «Ռեսպուբլիկա Արմենիա» շաբաթաթերթի լրագրող Իրինա Աբրոյանը, «Շողակաթ» հաղորդումների հեղինակ և վարող Հայկ Համբարձումյանը:

Մեզ համար շատ հաճելի և կարևոր նշանակություն ունեցավ այն, որ «Ամենահուզիչ հոդվածի» հեղինակ ճանաչվեց «17.am»-ի լրագրող Նարե Աղաբաբյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:

COAF certificate«17.am»-ի մարզերի թղթակիցները բազմիցս լուսաբանել COAF-ի աշխատանքներն իրենց համայնքներում, իսկ երբ իմացանք, որ Երևանում ևս թատերական ներկայացում կլինի, որոշեցինք ավելի համակողմանի անդրադառնալ:

Մենք ողջունում ենք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախագծերը և մեր նպատակները շատ անգամ համընկնում են…

Հուսանք, 17-ի թղթակիցները հետագայում էլ իրենց թղթակցություններով, ֆիլմերով և լուսանկարներով կարժանանան տարբեր մրցանակների թե հանրապետական, թե միջազգային մրցանակաբաշխություններում:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլորիս:

diana karapetyan

Խճճված ականջակալներ

Առավոտ…

Ինչպես միշտ առավոտյան հնչում է զարթուցիչի անտանելի ձայնը: Կես ժամ, և ես դուրս եմ գալիս տնից և ուղևորվում դպրոց: Վերջին անգամ շրջվում եմ հետ, ձեռքով եմ անում մայրիկիս ու շարունակում ճանապարհս: Ինչպես միշտ՝ մինչև դպրոց հասնելս ունեմ 5 րոպե, և սովորությանս համաձայն, հանում եմ ականջակալներս ու մեծ հիասթափություն եմ ապրում: Նրանք նորից խճճվել են: Բարկությունս ներսից ինձ ուտում է: Ես ինքս ինձ բարկանում եմ ականջակալներիս վրա: Քայլում եմ, միաժամանակ, զգուշությամբ փորձում առանձնացնել ականջակալներիս լարերը: Ընդամենը մեկ, հազվադեպ՝ երկու երգ կարող եմ հասցնել լսել ամբողջ ճանապարհին: Բայց մի պահ սկսում եմ մտածել, ախր, ամեն օր նույն վիճակում եմ հայտնվում, ախր, ամեն օր հենց այդ նույն վայրում գրպանիցս հանում եմ այդ կծիկը ու բարկանում եմ՝ ինքս էլ չիմանալով, թե ում վրա: Չգիտեմ, ինձ վրա՞ եմ բարկանում, թե՞ ականջակալներիս: Մի պահ բարկացած կանգնում եմ ու հետ նայում: Գիտե՞ք, երբեք չեմ մտածել այս մասին, բայց ես այս տուն-դպրոց, դպրոց-տուն ճանապարհն արդեն անցնում եմ 11 տարի: Աչքերս փակ էլ գիտեմ, թե որտեղ պետք է շրջվեմ, որտեղ զգույշ քայլեմ, որ չընկնեմ, որտեղ պետք է մի րոպե կանգ առնեմ ու նայեմ Սևանին: Հա, եթե չգիտեք, ասեմ, ես ապրում եմ Սևանի ափին, Լճափ գյուղում: Երբեք չէի մտածել, բայց արդեն 11 տարի է, որ ամեն անգամ հետ եմ շրջվում և ձեռքով անում՝ դռան առջև կանգնած մայրիկիս: Ու ամեն անգամ լսում նրա «Զգույշ կլինեք, ու հենց դասերը վերջանան, շուտ կգաք տուն» արտահայտությունը: Երբ փոքր էինք, եղբորս հետ միասին էինք դպրոց գնում, իսկ հիմա, նա մեկ-մեկ ինձնից շուտ է գնում: Այս անգամ ես կրկին մենակ եմ գնում դասի, բայց կարծես երեկ լիներ, որ նա կանգնում էր դռան առջև և բղավում. «Գրողի տարած Դանի՛, ինձ էլ հետդ տա՛ր, ինձ մենակ մի՛ թող»: Իսկ ես ժպտում էի ու ասում, որ շուտ եմ վերադառնալու, որ չտխրի:

Չէի էլ նկատել, որ զարթուցիչի ձայնը լսում եմ միայն դպրոցի օրերին, և նա միայն այդ ժամանակ այդքան անտանելի ձայն ունի: Անգամ չէի նկատել, որ այս 11 տարիների ընթացքում, ճանապարհը, որն անցնում եմ ամեն օր, չի փոխվել: Ոչինչ չի փոխվել, ուղղակի ես եմ մեծացել, և մեծացել են այն դեմքերը, որոնք ինձ շրջապատում էին այս 11 տարիների ընթացքում: Մեծացել են հարազատներս, ընկերներս, ուսուցիչներս ու հարևաններս, բայց այս մանրուքները մնացել են անփոփոխ: Ժամանակն արագ է անցնում և այս չնչին մանրուքներն իմ կողքով անցնում էին աննկատ, ուղղակի պետք էր դրանք նկատել: Մեկ տարի առաջ ինձ համար մանրուք էր այն, որ այդ նույն ճանապարհին կանգնում էի, հետ շրջվում ու, ձեռքերս գլխավերևում պահելով, սրտիկ էի անում ու ի պատասխան ստանում էի նույն սրտիկից ընկերուհուս` Սոնիի կողմից: Այդ ժամանակ դա իմ սովորական օրվա մի պահն էր, և ես անգամ չէի էլ մտածում, որ այսօր ինձ և Սոնիին կբաժանեն հարյուրավոր կիլոմետրեր: Մայրիկս, ականջակալներս, Սոնիի սրտիկը ու Սևանը իմ այս ճանապարհին կանգ առնելու և հետ նայելու պատճառներն էին: Կգա նաև մի ժամանակ, որ ես էլ ամեն օր չեմ քայլի այս ճանապարհով: Հնարավոր է,  որոշ ժամանակ անց, անգամ մոռանամ այս ճանապարհը և այս օրերը, բայց հիմա՝ այս ամենի մի մասը դեռ իմ հետ է՝ իմ կողքին, ու դարձել է իմ հոգու մի մասնիկը, իսկ այն մյուս մասը, որ հեռվում է՝ իմ սրտում է: Կյանքիս անբաժան մանրուքները, որոնք դարձել էին իմ սովորական օրվա սովորական երևույթները, ես ուղղակի չէի նկատում, բայց իմ խճճված ականջակալները հիշեցրեցին նրանց մասին…

Ես նորից բացում եմ երկաթե ճաղերից պատրաստված ճռռացող դուռը: Ահա և ես դպրոցի բակում եմ՝ մեկ, երկու, երեք, մոտավորապես երեսուն քայլ, և բացվում է դպրոցի դուռը ու, ու վերջ: Ես նորից չկարողացա իրարից առանձնացնել ականջակալներս, լա՛վ, ոչինչ, մեկ է վաղն էլ եմ դասի, վաղը կլսեմ իմ երաժշտությունը: Հուսամ՝ վաղը ականջակալներս չեն խճճվի և ով գիտի, թե վաղը ինչ կլինի…