angelina

Փոփոխություններ

Այս տարի ամառային արձակուրդներին տեղի ունեցավ «Մանանա» կենտրոնի կազմակերպած երկու մեդիա ճամբար` Աղվերանում և Դիլիջանում: Ես դարձա ճամբարի մասնակցելու թեկնածու, սակայն ինձ չհաջողվեց մասնակցել: Դեռ չեմ հուսահատվում, որովհետև աշնանային ճամբարն էլ կա, որին եթե ակտիվ լինեմ, կարող եմ մասնակցել:

Ամեն անգամ համացանց մտնելիս իմ առաջին քայլը 17.am մտնելն է: Մտա էջ, թերթում էի նոր նյութերը կարդալու, ու տեսա. «Աղվերան, մեդիա ճամբար, օր առաջին, օրագիր»: Անհամբերությամբ կարդում էի ու ամեն տողի հետ մտքումս պատկերացնում կատարվածը, չնայած որ երեխեքից երկուսին էի ծանոթ: Պարբերաբար հետևելով երկու ճամբարների և´ օրագրերին, և´ երեխեքի գրած նյութերին, ինձ թվում էր, թե ես երկար տարիներ ճանաչել եմ նրանց, այսպես ասած, ինձ համար բոլորը դարձել են «անծանոթ հարազատ» մարդիկ:

«Մանանայի» անձնակազմին ճանաչում եմ Արարատի դասընթացներից: Հիշում եմ տիկին Ռուզանի համբերատար բնավորությունը, որ հանդուրժում էր մեր կամակորությունները:

Լիլիթի, Դիանայի ու Լուսինեի սիրուն ժպիտները, բա Շուշանի խոշոր աչքերը, որ փայլելով շտկում էր մեր թերությունները:

Սիսակի խորհուրդները, ում ներկայությամբ մեր ֆոտոարշավներն ավելի ուրախ ու հագեցած էին դառնում: Իսկ Հովնանի ու պարոն Արայի հանդարտ պահվածքն ու խոսքը ապահովում էին միջավայրի խորհրդավորությունը, որ մոռանալն ուղղակի անհնար է: Կարճ ժամանակում բոլորիդ հասցրել ենք սիրել մանկական պարզ ու նուրբ սիրով:

Եթե անկեղծ, շատ էի խուսափում նոր ծանոթություններից, կողմանակի դասընթացներից, նոր միջավայրից, սակայն 17.am-ը իմ կյանքում փոխեց գրեթե ամեն-ինչ` դարձրեց ավելի մտածկոտ, պատասխանատու, սեր առաջացրեց գրելու հանդեպ, փոխեց մասնագիտական կողմնորոշումս:

Մի փոքր պատմեմ, թե ինչպես պատահեց, որ մասնակցեցի դասընթացին:

Իմ ամենաչսիրելի դասաժամն էր `ֆիզիկա, երբ փոխտնօրենը մտավ դասարան.

-Երեխեք, ուրեմն լրագրողներ են եկել ու ձեզ հետ ուզում են զրուցել ու պատմել իրենց աշխատանքից: Մասնակցել ցանկացողներ կա՞ն:

Դե, բնականաբար, ամբողջ դասարանով էլ չէինք ցանկանում նստել ֆիզիկայի ժամին, ու բոլորս էլ ասացինք, որ ուզում ենք, սակայն ոչ բոլորը եկան:

-Վա~յ, ինչ լավ ա, ես էդ ուղղությամբ եմ գնալու, կլինի՞ ես գամ:

Ստանալով ընկեր Վարդանյանի համաձայնությունը, ես նույնպես գնացի: Բայց դե, մեղքս ի՞նչ թաքցնեմ, ասացի` միայն թե, չնստեի դասին:

Բայց իմ ասած խոսքերը իրոք որ դարձան իրականություն: «Մանանայի» թիմի ամեն մի խոսքի հետ իմ մեջ հետաքրքրություն էր առաջանում մեդիա ոլորտի հանդեպ: Անմիջապես գնացի ու գրեցի, որ ցանկանում եմ մասնակցել դասընթացին, ստանալով նյութի թեմաները, գրեցի և ուղարկեցի: Չնայած գիտեմ, որ շատ թերություններ կային գրածներիս մեջ, բայց ինձ ընդգրկեցին: Եվ հենց այդտեղից էլ գլխիվայր շրջվեց կյանքս նոր գիտելիքներով:

Այս ամառը միակն էր բոլոր այն ամառներից, որ կայացած էր և լի նոր ձեռքբերումներով: Միակ ամռան էր, որ թեև արձակուրդներ չէին, սակայն ես ամեն օր կարդում էի իմ հասակակիցների նյութերը, մտածում, թե ես ինչի մասին կարող եմ գրել, գրում էի, մեկ-մեկ հրապարակվում, մեկ-մեկ` չէ: Բայց ես համառ եմ, շատ եմ աշխատելու, որովհետև ընտրել եմ իմ մասնագիտությունը, և որովհետև այլևս նախկին ձևով չեմ ուզում ապրել:

Հ.Գ. Ժողովուրդ, էնքան շատ եմ կարոտել ձեզ:

harutyun hayrapetyan portret 2

Գնահատեք այն, ինչ ունեք

Սկսենք նրանից, որ 16 տարեկանում հասակս 185-ից ավելի է։ Շատերի երազանքն է լինել բարձրահասակ, իսկ ոմանց համար սովորական բան։ Մի քանի դրական կողմեր ասեմ։ Կարող ես առանց աթոռին բարձրանալու փոխել լուսամփոփի լամպը, բարձր տեղերից վերցնել իրեր, կորցնել մարդկանց ամբոխի մեջ համարյա անհնար է։ Եվ վերջում, «վերևում» օդը «զով» է։

Քանի որ դրականները նշեցի, անհնարին է չխոսել բացասականների մասին։ Ասեմ ձեզ, հաճախ տառապում ես գլխացավով: Կհարցնես` ինչու, ասեմ.

-Էղ անդեր դռների ռամկեկը ըմբես ցածր կսարքեն, օր քիչ մե անուշադիր էղար, վերջ, գլխացավը պատրաստ է։

Հասանք ամենազզվելիին: Ճանճի համար նախատեսված սոսնձոտ ժապավենները, որ Ամասիայում կհանդիպես շատ առաստաղներից կախված, ամեն անգամ տակով անցնելիս մազերիս է կպնում։

Չնայած այս բոլոր բացասական և դրական կողմերին, ես շատ ուրախ եմ, որ բարձրահասակ եմ։ Գնահատեք այն, ինչ ունեք։

anush hovhannisyan

Սկիզբը

Սեպտեմբեր 1, ոմանց համար ուղղակի դպրոց գնալու և տանջանքները սկսելու սկիզբ, իսկ ինձ համար այս տարին յուրահատուկ էր: Ինչո՞ւ, ասեմ, քանի որ առաջին անգամ եմ մտնելու դպրոց: Չէ՛ չէ՛ սխալ հասկացաք, առաջին անգամ ավագ դպրոց եմ գնալու: Ովքեր անցել են այդ փուլով վստահ եմ, որ ինձ հասկանում են:

Բուռն սպասումների հետ մեկտեղ ինձ համար շատ կարևոր օրը ես հիվանդ էի:

-Օ՜, ինչպիսի դժբախտություն:

Ինչևէ համառեցի ու գնացի դպրոց: Է՜, եթե իմանայի, որ դպրոց հասնելուց 10 րոպե հետո տուն եմ գալու, հաստատ չէի գնա:

Մի խոսքով, սեպտեմբերի մեկս անցկացրի տանը ջերմության և հարբուխի հետ միասին: Հաջորդ օրը մի լավ բարկացա ինձ վրա. «Էսպես չեղավ: Եթե նայես հիվանդ լինելուն, դասի հաստատ չես գնա: Շուտ վեր կա՛ց, տրամադրվիր ու գնա, անգամ դասարանի երեխեքին չես տեսել, չի կարելի, չէ՞»:

Հա, մի զարմացեք, ես շատ եմ ինձ հետ խոսում ու շատ եմ բարկանում, երբ ծուլությունն է խոսում իմ մեջ: Վեր կացա ու գնացի: Անհանգիստ էի, ողջ ճանապարհին` մտքերի մեջ: Բայց դասարան մտնելուն պես կարծես ուրիշ մարդ դարձա: Ով լիներ իմ փոխարեն, չէր դառնա, երբ դուռը բացում ես, ու քեզ է դիմավորում ժպիտով զարդարված մի աղջիկ: Նելլի` մեր դասրանի էներգիան, ով լարված սպասում է պահի հասունացմանը, որ «հարամի» ու իր կարծիքը, թեկուզ սխալ, բայց առաջ տանի:

Իսկ հիմա ամենակարևորը պատմեմ: Պարզվեց, որ իմ ամենասիրելի ուսուցչուհին` ընկեր Դոլինյանը, Նելլիի հորաքույրն է, այժմ նաև մեր:

-Երեխեք, ի՞նչ ժամ ա սրանից հետո:

-Հորաքույր ա, այսինքն, գրականություն կամ հայոց լեզու:

Այս երկխոսությունը ամեն օր պարտադիր հնչողներից է մեր դասարանում:

Չեմ կարող չպատմել նաև մեր դասղեկից` ընկեր Հայրապետյանից: Էներգիա՞, դա մեղմ է ասված, տրամադրության մի ողջ աշխարհ:

Ուզում եմ խոստովանել, որ մինչ դասերի սկսվելը, իմ վառ երևակայությունը, ինչքան ինձ թույլ էր տվել, փորձել էր պատկերացնել դասընկերներիս, դասղեկիս, բայց ոչ այսքան լավ, ինչպիսին հիմա է և կլինի միշտ: Անգամ ծիծաղում եմ ինձ վրա այդքան անհանգստանալու և մտահոգվելու համար: Ճիշտ է, շատ եմ կարոտում նախկին դպրոցս, բայց ավագ դպրոցը լրիվ ուրիշ իրականություն է, որտեղ մենք մեզ արդեն մեծ ենք պատկերացնում և մի փոքր լրջանում ենք, սկսում ենք ավելի հասուն ու ճիշտ մտածել, իսկ հրաշալի ուսուցիչների խորհուրդները պարզապես ճիշտ ուղեցույց են մեր դժվար ճանապարհին:

Հ. Գ. Ավագ դպրոցում հորաքույր էլ ունեցա:

meri antonyan

Տասնութ տարվա անկատար երազանքս էսօր կատարվեց

Երբ բոլորիս, ինչո՞ւ չէ՝ նաև իմ ներկայությամբ խոսում են ինժեներների, ծրագրավորողների, ֆիզիկ-մաթեմատիկոսների ու նման այլ մասնագիտությունների տեր մարդկանց մասին (շատերը, սրանք լսելով, ուզում են գլուխներն առնել, փախչել, որովհետև հիշում են իրենց մաթեմատիկայի ու ֆիզիկայի դասերը, թեորեմների ու օրենքների վրա գլուխ ջարդելն ու էլի արդյունքի չհասնելը), միանգամից ենթագիտակցության խորքերից դուրս է ցատկում գրքերի ու համակարգիչների մեջ թաղված, ամբողջ օրերով աշխատասենյակում փակված, դեմքի անկենդան արտահայտությամբ մի մարդու կերպար, որի ոչ մի ասած խոսքը թվում է, թե չենք հասկանալու։ Անկեղծանամ. փոքր տարիքում ես հենց այսպիսի պատկերացում ունեի:

Գիտե՞ք, վերոնշյալ մարդիկ էլ մեր նման ունեն երազանքներ, զգացմունքներ, նախասիրություններ, ու դրանք կարող են բնավ էլ կապված չլինել քիչ առաջ նշածս «գլուխ առնել – փախնելու» բաների հետ։ Իրենք էլ կարող են լինել ռոմանտիկ, երբեմն՝ շատ ավելի, քան մենք, դուք։ Իրենց սենյակի պատերն էլ կարող են ներկված լինել «աղջկական» վառ գույներով, մահճակալի վրա կարող է Թեդի դրված լինել, սեղանին էլ՝ ինքնուրույն պատրաստած սիրուն բաներ, իրենք էլ կարող են լինել արվեստասեր։

Տեսնես՝ քանի՞ հոգի հավատաց։ Բայց հավատացեք, ճիշտ եմ ասում, համենայն դեպս՝ որպես ապացույց իմ օրինակն ունեմ աչքիս առաջ։ Ես էլ եմ ստանում տեխնիկական կրթություն, երբեք չեմ բողոքել էն «վախենալու» առարկաներից, խնդիր լուծելն էլ շատ լավ է ստացվել, բայց ամբողջ կյանքումս երազել եմ արվեստի հետ կապված մարդ լինել։ Բառերով նկարագրելու չի, թե ինչքան եմ ուզեցել երգել թեկուզ մի երգ, նվագել որևէ երաժշտական գործիքի վրա. դաշնամուր, ջութակ, քանոն, լա՜վ, գոնե դհոլ… Երևի ամբողջ հոգով ուզելն էլ դա է. միշտ թվացել է, թե ահա հոգիս մեջիցս դուրս կգա ներքին մեծ ձգտումից։ Ծնողներս երկուսն էլ երաժշտական կրթություն ունեն. մայրս դաշնամուր է նվագում, հայրս՝ ջութակ, դաշնամուր ու էլի չգիտեմ ինչեր։ Երկուսն էլ իրենց կամքին հակառակ են գնացել երաժշտական դպրոց, դրա համար էլ ինձ ու քրոջս երաժշտական կրթության չեն տվել։ Երկուսն էլ լավ երաժշտական լսողություն ունեն, քիչ-միչ էլ երգում են։ Մեր տանն ունեցել ենք ջութակ, ակորդեոն, դհոլ, ԵՐԿՈՒ դաշնամուր, բայց ոչ մեկով նվագել չեմ իմացել, միայն կարողացել եմ տխրախառն հիանալ գործիքներով։ Միշտ ասել եմ. «Թող ես փոքր ժամանակ չուզեի նվագել, թող չեմուչում անեի, բայց ստիպեի՛ք, հիմա գոնե մի բան նվագել կիմանայի, մեջներիդ ամենաանտաղանդը ես չէի լինի, կմեծանայի, ձեզ էլ շնորհակալություն կասեի»։

Դեռ փոքր հասակից ուղեղումս տպվել է Բեթհովենի «Für Elise»-ի նվագը մայրիկիս կատարմամբ, որ իմ ամենա-ամենասիրածն է։ Մինչև հիմա էլ երազում եմ այն նվագել այնպես, ինչպես մայրս։ Լինում են, չէ՞, հեքիաթներ, որ երեխա ժամանակ շատ ենք հավանում ու ամեն անգամ քնելուց առաջ խնդրում ենք հենց դա պատմել։ Լինում են… Սա էլ իմ հեքիաթն էր, որ խնդրում էի մայրս նվագեր անընդհատ, որ չդադարեցներ։

Մեծացա, էլի բան չփոխվեց։ Երեկ նորից, մի քանի տարվա ընդմիջումից հետո, նույն երգը «պատվիրեցի»։ Երաժշտությունից բան չեմ հասկանում, երևի ակորդը, նոտան ու օկտավան, բեմոլն ու դիեզը իրարից չեմ տարբերում, չեմ էլ հասկանում՝ Բեթհովենն ինչ է ուզեցել երաժշտությամբ փոխանցել, բայց նվագը լսելիս երեկ զգացի, որ մեջս ոնց որ մի բան հալվեց, փորումս թիթեռնիկներ թռվռացին, հուզվեցի։ Ինքս ինձ հետ պայմանագիր կնքեցի, որ ամեն գնով սովորելու եմ նվագել, գոնե միայն այս մեկը։ Այսօր առավոտյան առաջին անգամ նվագեցի դաշնամուրով։ Նվագեցի Բեթհովենի «Für Elise»-ը… Բայց առայժմ միայն աջ ձեռքով։

Մի քանի ժամ եմ տանջվել, որ երբեք-երբեք չնվագած մատներս հարմարացնեմ դաշնամուրի ստեղների վրա ու մի մատով չնվագեմ։ Տանջանքներիս թեժ պահին մեկ էլ հայրս թե.

-Ազիզ ջան, իսկ արժի՞, որ դրա վրա ժամանակ ծախսես։ Ավելի լավ չի՞ մասնագիտական ուղղությամբ պարապես։

Բան չպատասխանեցի, նորից անցա տանջանքներիս։ Ախր, «տանջանք» բառն էլ տեղին չի է՜, դա ուղղակի … Քա՛ղցր տանջանք էր։ Մի քիչ սովորեցի թե չէ, զանգեցի մայրիկիս (աշխատանքի էր).

-Մամ, մի հատ լսի։

Մոտեցրել էի հեռախոսը դաշնամուրին ու նվագո՜ւմ էի։

-Էդ դո՞ւ ես նվագում, կյանք ջան։

-Հա՜, բա էլ ո՞վ։

Գնացի տատիկիս տուն.

-Տա՜տ, նվագել եմ սովորել։

Չգիտեմ՝ ոնց նկարագրեմ, որ պատկերացնեք իրար խառնված ոգևորությունս, ուրախությունս ու խանդավառությունս։ Ներսումս տիրող հաճելի անհանգստությունը հասկացա՞ք։ Դեմս դուրս եկած ամեն մեկին ուզում եմ հրավիրել նվագելս լսելու։ Ա՜հ, երևի գժվել եմ կամ էլ շատ շուտով կգժվեմ։

Աբովյանական ոճով ասված՝ տասնութ տարվա անկատար երազանքս էսօր կատարվեց։

Nane Eghiazaryan

Կապույտը և սպիտակը

Դեռ փոքր ժամանակից սիրել եմ դրսում քայլելուց անջատվել այս աշխարհից ու հիանալով քաղաքիս` Ջերմուկի բնությամբ, սկսել երգել: Մի անգամ եղբորս հետ քայլելուց էլի սկսել էի երգել, երբ ասաց, որ ուշադրություն դարձնեմ մեր բակի տաղավարում նստած տատիկներին: Տաղավարի տատիկները ուշադիր նայում էին ինձ: Մեկը ժպտում էր, մյուսը ինչ-որ բան էր քչփչում մյուսի ականջին… Հենց այդ օրվանից էլ սկսեցի ուշադրություն դարձնել մեր բակի տաղավարում նստած տատիկներին:

Համոզված եմ, որ բոլոր բակերում էլ բամբասող կանայք ու տատիկներ կան, ովքեր տեղյակ են, թե ով ուր գնաց, ինչու գնաց ու ում հետ, բայց մեր բակի տատիկները ուրիշ են. մի տեսակ, չգիտեմ, ժպտերես ու ջերմությամբ լի են: Եթե բակով անցնելիս հանկարծ չբարևես նրանց, համոզված եղիր, որ կսկսեն
քննարկումներ անցկացնել այս հերթականությամբ.
1. Էս ո՞ւմ թոռն ա:
2. Ո՞ւր էր գնում:
3. Ինչի՞ էր գնում:
4. Ինչո՞ւ մեզ բարև չտվեց:
Չնայած, մեկ է, այս քննարկումը միշտ էլ կա, եթե իհարկե, այդ պահին ուրիշի մասին չեն խոսում, ու եթե բարև ես տալիս, վերջին կետը փոխարինվում է այս արտահայտությամբ. «Ինչ էլ լավ աղջիկ է: Ամեն անգամ անցնելիս բարև է տալիս, երևում է, որ ծնողները ճիշտ են դաստիարակել»:
Մեր բակի սպիտակ տաղավարը հին էր, ու կարելի է ասել, արդեն ժանգոտել էր, երբ բակում կանգնեցվեց նոր ու ավելի գեղեցիկ կապույտ տաղավարը: Դրանից հետո տատիկները միշտ հավաքվում են այնտեղ ու սկսում իրենց «աշխատանքը»: Իսկ այս հինը, իմ կարծիքով, հենց նրանց բացակայությունից էր, որ ավելի արագ էր սկսել ժանգոտել, բայց դե մենք էլ դա նկատեցինք ու սկսեցինք վերանորոգման աշխատանքները: Մեկ շաբաթ հետո տաղավարը նորից դարձավ առաջվա նման հյուրընկալ, բայց այս անգամ այստեղ
ավելի շատ հյուրընկալում էին երեխաները: Մենք գնում ու նստում ենք այնտեղ, խաղում տարբեր խաղեր, կամ էլ ուղղակի զրուցում միմյանց հետ: Ու հենց այս տաղավարն էլ, ինչպես տատիկների համար կապույտ տաղավարը, մեզ համար դարձել է երկրորդ տուն ու լավ ժամանակ անցկացնելու համար հիանալի վայր… Ամռանը ու աշնան մի քանի շաբաթը, երբ դեռ ցրտերը չեն ընկել, առավոտյան ժամը իննից մինչ ժամը վեցը կապույտ տաղավարում նստած են մեր բակի տատիկները, իսկ արդեն ժամը հինգից մինչ ուշ գիշեր սպիտակ տաղավարում է հանգրվանում մեր բակի երիտասարդությունը:

elyanora balyan

Գրքին ոչինչ չի փոխարինի

Այո սա 21-րդ դարն է տեխնիկայի ու զարգացման ժամանակաշրջան: Շատերի համար գիրք կարդալը դարձել է հնաոճ: Երբ հարցնում ես. «Ի ՞նչ գիրք ես սիրում», «Սիրո՞ւմ ես կարդալ», այդ հարցերին մեծ մասամբ տրվում է նմանատիպ կարճ ու սուր պատասխան. «Էս ո՞ր դարն ա, որ գիրք կարդամ»: Եվ այդտեղ ես ընկնում եմ երկմտանքի մեջ: Ի՞նչ կապ ունի դարը գիրք կարդալու հետ: Դարը հո չի՞ վերցնում ձեռքից գիրքն ու ասում` մի կարդա, և ձեռքը տալիս պլանշետը, համակարգիչը, հեռախոսը, որ ապրի վիրտուալ կյանքով: Նա, ով ցանկանում է կարդալ, կարող է այդ նույն պլանշետով, հեռախոսով կամ համակարգչով կարդալ: Իհարկե, այն չի կարող փոխարինել գրքին, բայց գոնե միտքը քաղցած չի մնա :

Մի պատճառաբանեք դարն և նրա զարգացումը: Ինչքան էլ այն զարգանա, գիրքը երբեք չի հնանա, որովհետև այդ նույն գրքի շնորհիվ է զարգանում դարը:

tatevik

Ի՞նչ է սպասվում մեզ

Մորաքրոջս տանից վերադարձա տուն` Կեչուտ գյուղ, ու տեսա մայրիկիս ու հայրիկիս տխուր դեմքերը:
-Մամ, պապ. ի՞նչ ա եղել:
-Էհ, բալես, դաբաղն ա վրա տվել:
-Ի՞նչ, մամ, ի՞նչ դաբաղ:
-Էհ,  բալես, Հայաստանում ինչքան անասուն կա` հիվանդացել են, ու եթե չբուժենք, հերթով կսատկեն:
-Մամ, բայց  գարնանը պատվաստում էիք արել, չէ՞:
-Է~, հետո ինչ, դրանք անորակ դեղեր էին, դրա համար էլ  օգուտ չտվեցին:
Հենց նույն պահին մտա համացանց, կարդացի որոշ տեղեկություններ հիվանդության մասին: Կարդացի նաեւ որոշ բողոքներ գյուղացիներից, որոնք բողոքում են անորակ դեղերից: Մտածում  եմ. ինչո՞ւ պետք է գյուղացին տանջվի, գումար աշխատի, տա դեղերին, և վերջում պարզվի, որ իզուր գումար է ծախսել, դեղերը անօգուտ  էին, դեռ մի բան էլ` անասունները  հնարավոր է, որ սատկեն:

Կան գյուղացիներ, որոնց ապրուստի միակ միջոցը այդ անասուններն են: Ասածս ինչ է, որ եթե գյուղացիները չկարողանան բուժել  անասուններին, կմնան առանց եկամուտի:

seroja baboyan

Անազատության օրերը

Ահա և սկսվեցին իմ, այսպես ասած, «անազատության օրերը»: Լավ վերնագիր ա բայց, գիտե՞ք: Լավ, խոսքս բոլորովին կապ չունի դրա հետ: Դե, բոլորս էլ հազիվ հասնելով 11-րդ դասարան՝ գիտակցում ենք, որ սովորելը պետք ա գալու ու սկսում ենք ինչ-որ քայլեր ձեռնարկել մեր ապագան կառուցելու գործում: Գալիս է պահը, որ պետք է սովորել կամ դառնալ գործազուրկ, ոմանք  ընտրում են հեշտ տարբերակը՝ «դիվան քշելը», բայց այ նրանք, ում համար մեկ չէ իրենց կյանքը, հաստատ կընտրեն որոշ չափով բարդ, բայց արդյունավետ ու միանգամայն ճիշտ տարբերակը: Դե, ճիշտն ընտրողների առաջ իր դռներն են բացում բուհերը: Բայց մինչև բուհին հասնելը, էհէ՜, պարապմունքներ, պարապմունքներ ու էլի պարապմունքներ։ Ցտեսություն  համակարգչի դիմաց նստող ու ոչինչ չանող Սերոժ: Ես էլ եմ ընտրել ճիշտ տարբերակը, պարտավոր էի  ընտրել: Հիշում եմ՝ ժամանակ կար, որ ասում էի.

-Է՜ մամ, ինչի՞ս ա պետք համալսարանը, հազիվ դպրոցն ավարտեմ, էն էլ չգիտեմ՝ կավարտե՞մ, թե կսարքեն 15 տարի:

Ի դեպ, էս դպրոցական 12 տարին հայտնի «մեմ» ա դարձել:

Բայց հիմա ինքս եմ գիտակցում, որ պետք ա սովորեմ: Դե, արդեն ընտրել եմ, թե հետագայում որտեղ եմ սովորելու և որ բաժնում: Եվ ահա սկսվեցին իմ պարապմունքները՝ հայոց պատմություն, շուտով նաև՝ անգլերեն, դրան կգումարվի հայոց լեզուն: Ադիոս ազատ ժամանակ։ Այսուհետ սովորել, սովորել, սովորել: Նամռոտ հայացքով դպրոցական ուսուցիչների հայացքները կսկսեն ավելի շատ ինձ հետևել:

-Սերյոժա, շուտ դուրս մի արի դասերից պարապմունքիդ պատճառով։

-Ախր մնամ ի՞նչ անեմ, ֆիզկուլտ պարապելու փոխարեն պարապմունքս կկրկնեմ։

-Հա, հա, հաստատ մի բան գիտեմ էլի, որ ասում եմ:

Եվ այսպես, մնում է ավարտել դպրոցը, ընդունվել ու անցնել առաջ:

davit aleqsanyan

Ըհըն՝ էս էլ ես

Ըհըն, էս էլ ես՝ կորած-մոլորվածս: Միջոցառման փորձից նոր տուն էի եկել և 17.am-ում կարդում էի երեխեքի գրած նյութերը: Մտքիս մեջ ասացի` ինչի՞ չէ, մի նյութ էլ ես ուղարկեմ: Ու էդ պահին ինձ զանգ եկավ. կլիներ ժամը 4:30:

-Ալո, ասա, Դավ:

-Արա, շուտ հասի ստի:

-Ըտի որդի՞:

-Դաշտը: Ղշխոթանցիք էկել են` ֆուտբոլ խաղ անող:

-Առանց ինձ խաղը սկսել եք՝ նեղանաս ոչ:

Չնայած, որ շատ էի հոգնած, բայց գնացի: Խաղը հիմնականում անցավ հանգիստ, բայց լարված մթնոլորտում: Չեմ ուզում շատ մանրամասնեմ խաղի մասին, բայց այ, խաղից հետո, մեր լեզվով ասած, շան ոտի հետ հասա տուն՝ լրիվ ուժասպառ եղած: Մի կերպ հասա տուն, բացեցի ֆեյսբուքյան էջս: Մեկ էլ ի՞նչ. հայոց լեզվի դասատուն «եքա» տեքստ ա ուղարկել, որ սովորեմ ու մյուս օրը պատասխանեմ: Էս միջոցառումների միակ բացասական պահը էս պահն ա՝ պատրաստվելը: Ըհըն, էս էլ ես՝ կորած-մոլորվածս:

seda harutynyan-2

Երազանքները իրականանում են

Դու։ Հա՛, հա՛, հենց դու։ Իսկ դու հիշու՞մ ես, փոքր տարիքում ինչ երազանքներ ես ունեցել։ Ի՞նչ երազանք ես պահել տորթիդ մոմերը փչելուց ու երբ երկնքից ընկնող աստղ ես տեսել, ո՞ր երազանքդ է միտքդ եկել առաջինը։ Իսկ ես հիշում եմ։ Ու գիտե՞ս, իմ երազանքը, որն իմ կարծիքով երազանք էլ մնալու էր, իրականացավ: Իսկ հիմա ուշադիր կարդա ու հավատա երազանքիդ կատարմանը, քանի որ ինձ ընկնող աստղերն են հիշել ու իրականացրել այն։

Երևի 8-9 տարեկան էի, երբ հեռուստացույցով անընդհատ տեսնում էի, թե ինչպես են տարբեր երկրներում պարգևատրում երկար մազեր կամ բարձր հասակ ունեցող մարդկանց, իսկ ինձ համար երազանք էր դարձել այն, որ իմ մազերը ամբողջ աշխարհում լինեն ամենաերկարը, և դրա շնորհիվ հանդիպեմ մեր նախագահին, և նա սեղմի իմ ձեռքը։  Զուտ մանկական երազանք, որի կատարմանը ոչ ես՛, և ոչ էլ ուրիշ ինչ որ մեկը կհավատար։ Հիշում եմ, որ ամեն ընկնող աստղ տեսնելուց պահում էի այդ երազանքը, ու անգամ երազներ էի տեսնում, թե ինչպես էի հպարտորեն սեղմում նախագահի ձեռքը։

Անցել են տարիներ, հիմա երազանքները ավելի շատ նպատակներ են դարձել ու ավելի լուրջ են, քան փոքր տարիքում։

2016թ-ի օգոստոսի 29-ն էր։ Կանգնած էի կանգառում և սպասում էի, թե երբ է գալու Աբովյան մեկնող երթուղայինը, երբ հեռախոսիս զանգ եկավ ՝ մայրիկս էր։ Վերցրի ու սովորականի պես սպասում էի, որ նա կհարցներ, թե  որտեղ եմ  և երբ եմ հասնելու, բայց փոխարենը լսեցի․

-Սեդ ջան, նոր դպրոցի փոխտնօրեն ընկեր Գևորգյանն էր զանգել ու ասաց, որ «Այբ» կրթական հիմնադրամից են զանգել և համարս են հարցրել: Դուրս է գալիս, իմ աղջիկ, որ օգոստոսի 31-ին պետք է գնաս նախագահի նստավայր` նախագահին հանդիպելու, որպեսզի հանդիպման ժամանակ շրջանավարտներն ու աշակերտները ՀՀ Նախագահի և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստանան  իրենց պարգևները։

Ու այդ պահին սիրտս սկսեց էնպես արագ խփել, որ չնայած կողքիս աղմուկին, լսում էի էդ դմփդմփոցը։

-Մամ, ի՞նչ ես խոսում, դե երդվի։

-Սեդուլ ջան, լուրջ եմ ասում: Ախր, հայոց լեզվի «Մեղու» մրցույթում հաղթել ես, չէ՞: Պիտի պարգևատրվես: Ինչի՞ չես հավատում։

-Լավ, լավ, մամ, կզանգեմ հետո,- ասացի ու անջատեցի հեռախոսը։

Ու շատ բարձր ուրախությունից էնպես ճչացի, որ ընթացող մեքենաների միջից մարդիկ զարմացած ինձ էին նայում, թե էս ինչ եղավ ես աղջկան։ Աչքերս լցվել էին։

Այդ երկու օրը անցավ անասելի արագ։ Մայրիկիս ուղեկցությամբ գնացինք «Այբ» կրթական հիմնադրամի կենտրոն։ Հատուկ ծրագրով «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների մրցանակակիրները՝ հաղթողներն և յուրաքանչյուր մարզում ու տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներս, այցելեցինք Մայր Աթոռ Սբ. Էջմիածին՝ ստացանք օրհնություն, եղանք թանգարանում, ապա մեզ՝  երեխաներիս, հյուրընկալեց ՀՀ նախագահը իր նստավայրում։ Նախագահական նստավայրի դահլիճում նստած էի երկրորդ շարքում, որ լավ տեսնեմ ու ավելի լավ վայելեմ ամեն մի վայրկյանը։ Դիմացս նստած էին պաշտոնյաներ, որոնցից մեկը թեքվեց ու սկսեց հետս զրուցել, ու մինչև վերջին վայրկյանը չիմացա, որ զրուցում էի պարոն Մկրտչյանի՝ մեր նոր կրթության և գիտության նախարարի հետ։ Չնայած նրան, որ ինձ հարցրեց` ճանաչո՞ւմ եմ իրեն, թե ոչ՞, ես էլ անջատված պատասխանեցի` ոչ, մեկ է, վերջում հիշեցի, որ ինքը մեր նոր նախարարն է, ու հնչեց ինձ բնորոշ չմտածված նախադասությունը․

-Հա ՜, չլինի՞ դուք կրթության և գիտության նախարարն եք։

-Հա՜, չլինի ես կրթության և գիտության նախարարն եմ,- ծիծաղելով պատասխանեց նախարարը։

Ու թե ինչ ամոթ ապրեցի ես այդ պահին, իմացա մենակ ես։  Ի դեպ, շատ բարի ու ժպտերես նախարար ունենք։

Հետո եկավ պարոն Սարգսյանը, նստեց և սկսեց իր խոսքը: Թե ինչ էր խոսում, չեմ հիշում, հիշում եմ միայն այն, թե ինչպես էին դողում ձեռքերս, ու ոնց էր խփում սիրտս։ Սկսեցին կարդալ հաղթողների անունները, ու հնչեց իմ անունը, վեր կացա և մոտեցա պարոն Սարգսյանին  և պարոն Մկրտչյանին։ Դա մի պստլիկ տարածք էր, մի  քանի քայլ, ու ես հայտնվում եմ նախագահի կողքին։ Մոտեցա, սեղմեցի երկուսի ձեռքը, վերցրի հավաստագիրը ու լսեցի նախագահի ձայնը․

-Ապրես, իմ աղջիկ։

Դրանից հետո մի հանգստության, մի երջանկություն պատեց իմ հոգին, ու ես ինձ ասացի․ «Ապրես դու»։

Անցավ մի քանի օր։ Մեր համակարգչի  մոնիտորի էկրանին դրված է իմ լուսանկարը նախագահի ու նախարարի հետ։ Նայեցի լուսանկարին, տեսա երկար մազերս ու մի պահ սառեցի: Հիշեցի էն շատ՜ տարիներ առաջ պահած երազանքիս մասին, որ դարձել էր երազ։ Եվ հուզվեցի, շնորհակալություն հայտնեցի Աստծուն ու մի հետևություն արեցի, որ անկեղծ սրտով պահված բոլոր երազանքները իրականանում են, ու կապ չունի` տասը, տասնհինգ, թե քսան տարի հետո, կարևորը, իրականանում են, գուցե մի քիչ այլ կերպ, ու այլ պայմաններում։