Ես սովորում եմ արվեստագետների հետ

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Եկավ սեպտեմբերի մեկը: Քաղաքը լցված էր սև և սպիտակ հագնված մարդկանցով, երթուղայիններում նստելու տեղ գրեթե չկար, ամեն ինչ սեպտեմբերյան ոճով էր: Դպրոցական եռուզեռը սկսված է: Այս օրվան ես սպասում էի ամբողջ տարի…

Ավարտելով 9-րդ դասարանը, ես պետք է տեղափոխվեի նոր ուսումնական հաստատություն: Երկար ժամանակ չէի կողմնորոշվում և վերջապես որոշեցի, հաջողությամբ տվեցի քննությունս և դարձա առաջին կուրսի ուսանող: Մի քիչ անսովոր էր 9-րդ դասարանից հետո տեղափոխվել առաջին կուրս, այլ ոչ թե 10-րդ դասարան, և կոչվել ոչ թե աշակերտ, այլ՝ ուսանող: Բայց դրան ես շատ արագ սովորեցի: Նոր ծանոթություններ, նոր տարածք, ամեն ինչ նոր էր, նույնիսկ ես էի նոր շնչով  արթնացել այդ առավոտ: Մի փոքր նկարիչ, մի փոքր երաժիշտ, ամեն ինչից մի քիչ-մի քիչ ավելացել էր և անընդհատ շարունակում էր ավելանալ: Շփվելով իմ արվեստագետ ընկերների հետ ես նոր գիտելիքներ և հմտություններ եմ ձեռք բերում: Այն տպավորությունն է, որ բացի պարարվեստի առաջին կուրսում սովորելուց ես սովորում եմ նաև գեղանկարչության, վոկալի, դաշնամուրի և այլ երաժշտական գործիքների  առաջին կուրսում նույնպես:

2-րդ օրը ես ուշացած հայտնվեցի ուսումնարանում: Ընդհանրապես ուշանալ չեմ սիրում և հիմնականում չեմ էլ ուշանում: Ստուգելով դասացուցակս տեսա, որ առաջին ժամը մասնագիտական դաս է, որը այդ օրը չէինք անելու: Հանգստացա` իմանալով, որ չեմ ուշացել ու դեռ մի բան էլ շուտ եմ եկել: Որոշեցի ժամանակս ծախսել լսարանների տեղերը իմանալու վրա, և քանի որ երկրորդ ժամը  ՆԶՊ էր, սկսեցի հենց այդ սենյակից: Գտնելով լսարանը, բացեցի դուռը, իսկ այնտեղ նստած են ինձ անծանոթ աշակերտներ և դաս են անում: Ես դուռը փակեցի` մոռանալով ներողություն խնդրել: Ուսուցիչը դուրս եկավ և ինձ բարեհամբյուր կերպով հիշեցրեց դրա մասին, և խնդրեց, որ գամ դասի: Պարզվում է ՆԶՊ-ի դասը արդեն սկսվել էր, և ես դասի էի, իսկ ինձ անծանոթ դեմքերը գեղանկարիչներն էին: Պարզվեց` լավ էլ ուշացել էի:  Հաջորդ ժամերին, և ինչու ոչ, հաջորդ օրերին նույնպես, բոլոր առաջին կուրսի ուսանողները փնտրում էին լսարանների տեղերը, ուսուցիչներին, իրենց ծանոթ այլ ուսանողների: 2-րդ օրվա արկածներից հետո ես միշտ շուտ եմ գնում դասի:

Ահա ավարտվեց առաջին ուսումնական շաբաթը, հիմա ես անհամբեր սպասում եմ երկուշաբթի օրվան:  Ամեն ինչ հիանալի է, բայց ինչպես միշտ կա այդ «բայցը»։

Այս տարի մեր կուրսին անվճար տեղ չեն հատկացրել: Եկեք համաձայնենք, որ 9-րդ դասարանից հետո կրթություն ստանալ գումարով այդքան էլ ցանկալի չէ: Ես սովորում եմ արվեստագետների հետ և ուզում եմ շարունակել դա անելը։

Ես հավատում եմ հրաշքներին և հուսով եմ, որ այս անգամ էլ նրանք ինձ ընդառաջ կքայլեն:

Ինչը կփոխեի…

Շիրակի մարզի մեր պատանի թղթակիցները խոսում են իրենց հուզող էկոլոգիական խնդիրների մասին

Լուսանկարը՝ Սյուզի Մանուկյանի

Լուսանկարը՝ Սյուզի Մանուկյանի

Մեր գյուղին մոտ ձորով հոսում է Ախուրյան գետը: Նկարագրելով գետը՝ կասեմ, որ այն շրջապատված էր ծառերով: Չնայած գետի ջուրը վճիտ չէր, բայց հիանալի տպավորություն էր թողնում: Գետի ջրից օգտվում էին ցանքատարածություններ և այգիներ ունեցողները: Այսօր չկան այդ գեղեցիկ այգիներն ու նույնիսկ պղտոր գետը: Վերացել են ջրում ապրող ձկները: Թափանցելով կենդանիների ներշխարհ՝ երևի ոչ մի կենդանի չի էլ ուզում մնալ այդ սակավ ջրերում: Ախ, այս մարդիկ նույնիսկ չգիտեն, թե ոնց օգտագործեն ջուրը: Բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ, ու մի պուտ ջուր: Սրանից մի քանի տարի առաջ առավոտ շուտ կամ երեկոյան, եթե լինեիր գետի կողքին, կշնչեիր գետից փչող այդ սառը օդը: Այնքան ուրախ էր. հաշվի չառնելով նույնիսկ պղտորությունը, երեխաները լողում էին:

Հիմա ի՞նչ են արել գետի հետ: Ամբողջը ցամաքել է: Հոսում է ընդամենը մի փոքրիկ առու, որը նույնիսկ գեղագիտական հաճույք չի պատճառում:

Կուզենայի փոխել այս մարդկանց մտածելակերպը, որ  ճիշտ շահագործեին իրենց ստեղծած հէկերը, ու երևի ամեն ինչ առաջվանը կլինի: Չէ՞ որ ամեն բան ունի սկիզբ և վերջ: Դե ուրեմն եկեք թողնենք, որ այս գետը իր վերջին հասնի ոչ թե իբրև առվակ, այլ իբրև գետ:

Աստղիկ Ավետիսյան

 

Նայելով ինձ շրջապատող աշխարհին ես գրեթե միշտ տեսնում եմ աղտոտված միջավայր, թափոններ, որոնք փչացնում են բնությունը և նույնիսկ առողջական վնասներ հասցնում շրջապատող մարդկանց: Հենց այդ մարդիկ իրենց ձեռքով փչացնում են բնությունը: Օրինակ` ինչ որ ընտանիք գնում է բնության գրկում հանգստանալու, իսկ հետ վերադառնալուց աղտոտում են միջավայրը, պետք չեղած բաները թողնում են այնտեղ և հեռանում: Եթե ինձ հնարավորություն տրվեր փոխել աշխարհը, ես կփոխեի մարդկանց վերաբերմունքը շրջապատի հանդեպ:

Մարիա Ակոպովա

 
Ես կուզենայի, որ մարդիկ որսորդություն չանեին: Մեր անտառներում այլևս կենդանիներ չեն մնացել դրա պատճառով: Օրինակ, մի գայլի կամ արջի ոտնահետք են տեսնում, իսկույն բարձրանում են անտառ. «Վայ, ո՞ւր ա, ո՞ւր ա էդ արջը: Էն ա, տղերք, կրակեք…»

Իմա՞ստը… Թող ապրեն, էլի, էդ կենդանիները: Ձեզ ի՞նչ ցավ են պատճառել: Հենց դրա համար էլ մենք առանց վախենալու բարձրանում ենք անտառ, որովհետև գիտենք, որ այնտեղ կենդանի չկա և արդեն չի լինի:

Հրաչ Չոփիկյան

 
Երբ մենք գնում ենք Հայաստանի տարբեր վայրերում, բնության գրկում հանգստանալու, չենք կարողանում մի մաքուր տեղ գտնել հանգստանալու, որովհետև շատ կեղտոտված են:  Ես, եթե ես հնարավորություն ունենայի, կստեղծեի այնպիսի սարք, որը կմաքրի բնության մեջ թափված աղբը: Ես նաև կպահպանեի իմ քաղաքի մաքրությունը:

Լենա Խաչատրյան

 
Ես ապրում եմ Գյումրիում և հաճախ գյումրեցիներից լսում եմ. «Մեր քաղաքը կեղտոտ է»: Սակայն ոչ մի գյումրեցի քայլեր չի ձեռնարկում, որպեսզի այն մաքուր պահի: Հաճախ, երբ քայլում եմ փողոցներով, տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ հյութ խմում և շիշը գցում գետնին կամ ուտում են արևածաղիկ և կեղևը թափում գետնին: Հետո այդ նույն մարդիկ են ասում, որ մեր քաղաքը կեղտոտ է: Ես կփորձեի հսկողություն սահմանել, որպեսզի թույլ չտայի աղբը թափել, և այդ ժամանակ ոչ մի մարդ չէր կարող ասել, որ մեր քաղաքը կեղտոտ է:

Նունե Կարապետյան

 

Մի անգամ ես մայրիկիս ու տատիկիս հետ գնում էի տուն: Մի թափառական շուն ընկավ իմ հետևից և եկավ մեր բակ: Նրա անունը Ցոլակ դրեցինք, և նրան շատ էինք սիրում: Մի անգամ մենք արթնացանք և տեսանք, որ Ցոլակին, անտեր շան տեղ դնելով, երշիկի մեջ դեղ ներարկելով, սատկացրել էին:

Ես թափառական շների ու կատուների համար օթևան կբացեի, որպեսզի նրանց չսատկացնեին, այլ պահեին: Ես թույլ չէի տա, որ որևէ կենդանու կրակեին կամ այլ ձևով զրկեին կյանքից: Մենք չենք նրանց կյանք տվել  և  կյանքից զրկելու իրավունք չունենք:

Մարիամ Պողոսյան

Ինչ կլիներ, եթե…

Ուսումնական տարին, ինչպես ինքս ինձ խոստացել էի, սկսեցի բարձր գնահատականներով: Ճիշտ է, մի փոքր ծանրաբեռնված ենք լինում դասերով, բայց պետք է ասեմ, որ առանց դպրոցի ու դասերի, օրը իր իմաստը կորցնում է: Սեպտեմբերը սկսելուն պես ֆիզկուլտուրայի դասերը սկսեցինք անց կացնել բոլորովին նոր, հարմարավետ ու լուսավոր մարզադահլիճում: Ամեն ֆիզկուլտուրայի դասից հետո չենք ուզում դուրս գալ այնտեղից, դա երևի նրանից է, որ երբեք չեն ստեղծվել նման պայմաններ սպորտով զբաղվելու համար: Ասեմ ավելին, արդեն բասկետբոլի թիմ է ձևավորվում:

Դպրոցականների մեծամասնությունը ցանկություն է հայտնել ընդգրկվել այդ թիմերում: Գրեթե բոլորն էլ ուզում են իրենց ուժերը փորձել այդ բնագավառում. ոմանք ուղղակի ժամանակը անցկացնելու համար են գնում պարապմունքների, ոմանք էլ իրենց ապագան տեսնում են այդտեղ:

Ուսուցիչս՝ ընկեր Արսենյանը, խոստացել է միասնական և ուժեղ թիմ ստեղծել, բայց դրա հետ միասին միշտ շեշտում է, որ երեխաների քանակը կրճատվելու է, յուրաքանչյուր թիմում մնալու են միայն տասը լավագույն խաղացողները: Շատերից եմ լսել, որ, այսպես ասած, «գյուղի կաթ ու մածուն» կերած երեխաները ավելի ամրակազմ ու ճարպիկ են, քան՝ քաղաքաբնակները, և կարող են ավելի բարձր արդյունքների հասնել: ճիշտ է, առաջին հայացքից սովորական մարզադահլիճ է՝ գեղեցիկ վերանորոգված, բայց դրա պատերի ներսում ունենք մի մեծ խնդիր, որը մենք մեր սեփական ուժերով չենք կարող լուծել: Մեր միակ «ունեցվածքը» մի թենիսի սեղան է ու գնդակներ: Իսկ ինչ վերաբերում է գույք ունենալուն, դրա համար հովանավոր է հարկավոր, իսկ հովանավոր առայժմ չունենք: Սակայն երեխաների ցանկությամբ ու ֆիզկուլտուրայի ուսուցչի նախաձեռնությամբ որոշեցինք, որ բացվի բասկետբոլի խմբակ: Հիմա շատերիդ մոտ հարց կառաջանա, թե ինչո՞ւ հենց բասկետբոլ: Ասեմ, քանի որ միակ մարզաձևն է, որ խաղալու ժամանակ մարմնի բոլոր մկանները աշխատում են: Դրա համար էլ ընտրեցինք բասկետբոլը: Մարզվելու ենք շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ: Մինչդեռ շատ անելիքներ ունենք, և հեռահար նպատակների մասին դեռ վաղ է խոսել: Սա գյուղում առաջին խմբակն է, որ բացվել է, բայց միշտ չէ, որ բոլորի ունակություններն ու նպատակներն են համապատասխանում:

Օրինակ՝ ես չեմ կարողանում բասկետբոլ խաղալ: Իսկ ինչ վերաբերում է երիտասարդներին, այստեղ ցավալի իրավիճակ է տիրում: Համայնքում չկա որևէ զբաղմունք, և ես էլ դժգոհ եմ գյուղի այս վիճակից: իսկ եթե լիներ գոնե Արվեստի տուն, շատերի, այդ թվում նաև իմ կյանքը այլ կերպ կդասավորվեր: Ես կզարգացնեի իմ նկարչական ընդունակությունները:

Մեզ մնում է միայն զինվել համբերությամբ, և սպասել, որ մի լուսավոր օր մեզ համար էլ մի դուռ կբացվի:

Լրանում է ուսանողական կյանքիս առաջին ամիսը

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Դպրոցական սահմանափակ առօրյայից անցումն ավելի անկաշկանդ ուսանողական կյանքին, բնականաբար, լի է վախերով։ Դեռևս դպրոցի «չի կարելի»-ների ազդեցության տակ վախենում ես համարձակ քայլերից, ակտիվ ապրելաոճից։ Դպրոցում դեպի նոր գաղափարներ գնալու ցանկացած  միտում, ուսման ընթացքում կատարվող անգամ փոքր իմպրովիզներ ճնշվում են ավանդական դասապրոցեսի կառուցման մեթոդների կողմից, շատ անգամ՝ արժանանում են խիստ քննադատության։ Համալսարանում թեմայի ներկայացման ձևի ու աղբյուրների ընտրության հարցում մենք սահմանափակված չենք և կարող ենք ազատ ցուցադրել մեր ընդունակությունները,  ստեղծագործական միտքն ու գեղագիտական ճաշակը։ Դպրոցում մեզ թույլ չէր տրվում շփվել այլ դասարանի աշակերտների հետ, այն ինչ համալսարանում խրախուսվում է կապն ու ակտիվ համագործակցությունը ուսանողների միջև։ Մեր դասախոսներն իրենք էլ առաջարկում են դասերից հետո մնալ համալսարանում, շփվել, ճանաչել իրար, օգտվել գրադարանից ու համացանցից, մշակել համատեղ ծրագրեր ու ձեռնամուխ լինել դրանց կատարմանը. դրա համար տրամադրում են համակարգիչներ, ինտերնետ-կապ, փորձում են օգնել ամեն հնարավոր բանով։ Իսկ դպրոցում, կարծես, ամեն ինչ ստեղծված է ինքնաբացահայտմանը խանգարելու համար։ Դպրոցում անհատականությունները ճնշվում են, դաստիարակվում են միօրինակ սերունդներ նույն կաղապարներում։ Գուցե բնորոշումը խիստ է, բայց, կարծում եմ, կհամաձայնվեն բոլորը, ովքեր հասցրել են համեմատել դպրոցն ու համալսարանը։ Դպրոցը կարծես դետալի պատրաստման կաղապար լինի, համալսարանը՝ ծրագրավորման լեզու. ծրագրավորման լեզվով կարելի է տալ ցանկացած արդյունք, իսկ կաղապարը կարող է պատրաստել միայն խիստ որոշակի ձևի դետալ…

Այս ամենի հետևանքով մենք՝ համալսարանական կյանքի նորեկներս, տևական ժամանակ մոլորված էինք. չկար ուսուցիչների վերահսկողությունը, եկել էր «անիշխանության» ժամանակը։ Չգիտեինք՝ ուր գնայինք, ինչ անեինք։ Այս հանգամանքների շարանն էլ հենց հանդես եկավ կարևոր խթան ինքնուրույն կյանքին ընտելանալու և բոլոր խնդիրներն առանց մեծահասակների օգնության լուծելու համար։ Եթե առաջին մի քանի օրերին հետաքրքրվում էինք մեր կուրսղեկի ով լինելով, հիմա չենք էլ փորձում իմանալ՝ ունենք կուրսղեկ, թե ոչ։ Մեզ առավել հանգիստ ու անկաշկանդ ենք զգում այս պարագայում, և ավելի է արմատանում այն գաղափարը, որ մեր ուսանողական կյանքի կազմակերպիչները միայն մենք ենք, որ կուրսին առնչվող յուրաքանչյուր խնդիր պիտի լուծենք մենք ինքներս՝ իրար օգնելով, իրար հետ համախմբված։ Կարծում եմ՝ մեր այս ենթագիտակցական կարգախոսով էլ դարձել ենք ամենալավ կուրսը նորեկների մեջ։

Մեր կյանքի առաջին դասը քաղված է. լինել ազատ և ինքնուրույն ամեն պարագայում։

Դերասան լինելը կոչում է

 Հարցազրույց հայրիկիս` դերասան Ռաֆիկ Խառատյանի հետ

-Հայրիկ, ինչո՞ւ ես ընտրել հենց դերասանի մասնագիտությունը:
-Որովհետև փոքր հասակից սիրել եմ թատրոնը, սիրել եմ կինոն, և դպրոցն ավարտելուց հետո Աստված կամեցավ, որ ես աշխատեմ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան: Իմ երազանքը կատարվել է:

-Այսինքն, դու մանկո՞ւց էիր որոշել դառնալ դերասան:
-Այո, ես մանկուց երազել եմ դառնալ դերասան:

- Իսկ քո ընտանիքը ինչպե՞ս ընդունեց քո որոշումը:
- Հայրս չէր ուզում, սակայն կամաց-կամաց ընտելացավ այն մտքի հետ, որ իր տղայի մասնագիտությունը դերասանությունն է:

-Հիշո՞ւմ ես քո առաջին խաղացած ներկայացումը:
-Ես ներկայացումներ եմ խաղացել ինքնագործ խմբերում, որից հետո տեղափոխվել եմ թատրոն և առաջին իմ խաղացած մեծ դերը եղել է  «4 նմանակ եղբայրներ» բեմականացման մեջ, որտեղ ես կերտում էի 4 եղբայրներին:

-Քանի՞ տարի է, ինչ աշխատում ես թատրոնում:
-Թատրոնում աշխատում եմ 1979թ.-ից մինչև հիմա, բայց որպես դերասան` 1989 թվականից:

-Ի՞նչ ժանրերում ես խաղում:
-Ես ներկայացել եմ տարբեր ժանրերում, և կոմեդիա , և դրամա, Աստծո հաջողությամբ, բոլոր խաղացած դերերս կարողացել եմ հաղթահարել:

-Ի՞նչ հայտնի մարդկանց հետ ես խաղացել, հայրիկ:
-Ես խաղացել եմ Լևոն Թուխիկյանի, Խորեն Աբրահամյանի, Կարապետ Սարգսյանի, Ալեքսանդր Քոչարյանի, Սերգեյ Չոլախյանի և այլ հայտնի մարդկանց հետ:

-Իսկ կա՞ն դերեր, որոնք կուզենայիր խաղալ:
-Այո, կան, հուսամ կամաց-կամաց կստացվի:

-Երբեք չե՞ս զղջացել, որ դերասան ես դարձել:
-Երբեք:

-Ի՞նչ դժվարություններ ունի այսօր դերասանը, թատրոնը:
-Դժվարություններն ամենուրեք են, դժվարությունը թատրոնում այն է, որ թատրոնին պետք է հանդիսատես, դերասանին է պետք հանդիսատես: Դերասանի համար ի՞նչն է կարևոր. Հանդիսատեսը, և ինչու չէ, բարձր աշխատավարձը:

-Ի՞նչ հետաքրքիր դեպքեր են պատահել ձեզ հետ թատրոնում:
-Հետաքրքիր դեպքեր շատ են պատահել, որոնք ցավոք սրտի, հիմա հիշել չեմ կարողանում:

-Երբ սկսեցիր թատրոնում խաղալ, այդ ժամանակ ամուսնացա՞ծ էիր:
-Ոչ, այդ ժամանակ ամուսնացած չեմ եղել: Ամուսնացել եմ 1995թ.-ին: Արդեն խաղում էի և մինչև հիմա էլ խաղում եմ:

-Իսկ երբ ամուսնացար, մայրիկը դե՞մ էր քո մասնագիտությանը:
-Ոչ, դեմ չէր:

-Կուզենայի՞ր, որ երեխաներդ նույնպես դերասան դառնան:
-Եթե սեր ունեն դեպի թատրոնի, կինոյի հանդեպ, ինչու ոչ:

-Ի՞նչ կմաղթեիր մեզ` ապագա թատերասեր սերնդիս:
-Կմաղթեմ, որ ճիշտ ընտրություն կատարեն: Եթե սեր ունեն դեպի թատրոնը, բայց չեն կարողանում կամ չեն ցանկանում հաղթահարել դժվարությունները, ուրեմն, նրանց պետք չէ դերասան դառնալ: Հնարավոր է`ուրիշ մասնագիտություն ընտրեն, և դա իրենց համար ավելի հոգեհարազատ լինի, իսկ եթե ընտրեն թատրոնը և չկարողանան առաջ գնալ այդ ասպարեզում, ապա հետո շատ կզղջան:

Ամեն բան փոխվում է տարիքի հետ

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Սկսեմ նրանից, որ առաջին դասարանից մինչև իններորդ դասարան հաճախել եմ վեցօրյա համակարգով: Դա շատ հարազատ էր դարձել, վարժվել էի և զարմանքով էի նայում այն փաստին, թե ինչպես են մյուս դպրոցներում հինգ օր հաճախում դպրոց: Ինձ թվում էր, թե նրանց ուսումնական օրը չափազանց ծանրաբեռնված է։ Բայց ավագ դպրոցում սկսեցի դպրոց հաճախել հնգօրյա ուսուցմամբ: Անկեղծ ասեմ, հիմա ինձ համար սա էլ է հարազատ դարձել, և ինչ-որ չափով ավելի ճիշտ ու հարմար է: Տարիքի հետ դասերն ու պարապմունքներն ավելի են շատանում, և ինձ թվում է մեկ կիրակին բավական չէ թե հանգստանալու, թե մնացած պարապմունքներին հաճախելու համար: Ես նախընտրում եմ հնգօրյա համակարգը:

Լիլիթ Բուլանյան

***

Դպրոցը յուրաքանչյուր անձի անհատականության ձևավորման գործընթացում առաջնակարգ տեղ է գրավում: Ես սովորում եմ 12-րդ դասարանում և այս տարի ավարտելու եմ դպրոցը: Պարապում եմ դպրոցից դուրս միասնական քննությունները բարձր միավորներով՝ անվճար «հաղթահարելու» համար: Եվ օրվա մեծ մասը տրամադրում եմ պարապմունքների ժամանակ տրված հանձնարարությունները կատարելու վրա: Դպրոցի դասերին ավելի քիչ ժամանակ եմ հատկացնում, չնայած դրան, ես սովորում եմ գերազանց, հասցնում եմ մասնակցել դպրոցում կազմակերպվող գրեթե բոլոր միջոցառումներին:

Այս առումով ինձ ձեռնտու է հնգօրյա ուսուցումը: Ես կարողանում եմ գոնե շաբաթ օրը՝ չնայած էլի պարապմունքի եմ, մի որոշ չափով հանգստանալ:

Մեր դասարանը, կարելի է ասել, «բաժանված է երեք մասի»: Սռաջին մասը դրանք քիմիաի կողմնակիցներն են, երկրորդ մասը ՝ ֆիզիկայի, իսկ երրորդը՝ ոչնչի: Մենք առաջին կիսամյակից արդեն անցնում ենք ութ ժամով և՛ ֆիզիկա, և՛ քիմիա: Դա մի փոքր ճիշտ չէ: Ես չեմ ասում, որ ինձ ֆիզիկա անհրաժեշտ չէ: Անհրաժեշտ է, բայց ոչ ութ ժամով: Մյուսներին էլ քիմիան ութ ժամով անհրաժեշտ չէ….

Չգիտեմ, կարելի՞ է սա խնդիր համարել, թե ոչ, բայց ես ուրիշ խնդիր՝ այն էլ դպրոցի հետ կապված չունեմ:

Մանե Սարգսյան

Պատկերացրու, ի՜նչ լավ կլիներ

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Ես և ընկերուհիս ունենք մի սովորություն. ամեն շաբաթ և կիրակի օրերին գնում ենք մեր տան մոտ գտնվող այգին՝ հեծանիվ քշելու։ Ինքս շատ եմ սիրում այդ զբաղմունքը։ Մաքուր օդ, սպորտ, ընկերուհուս հետ հետաքրքիր զրույցներ և լավ ժամանակ։ 

Մի օր, մեր սովորության համաձայն, միասին շրջում էինք հեծանիվներով։
-Մերի, պատկերացրու ինչ լավ կլիներ, եթե լիներ հեծանիվների միջազգային օր։
-Բայց իմ իմանալով այդպիսի օր կարծես թե կա, – պատասխանեցի ես։
-Դե հա, կա, բայց ոչ այնպես, ինչպես ես եմ այն պատկերացնում։
-Իսկ ո՞նց ես դու պատկերացնում,- շարունակեցի։
-Դե՜, օրինակ, այդ օրը ոչ մի մեքենա չերթևեկի, միայն հեծանիվներ վարեին բոլորը, պատկերացրու, ի՜նչ հավես կլիներ։
-Հա՜, իրոք։
Այսպես երազելով վարում էինք հեծանիվները մեր փոքրիկ քաղաքում, որտեղ չկա հեծանիվների համար նախատեսված ոչ մի հարմարություն։

-Սոն, բա պատկերացրու, ինչ լավ կլիներ, եթե Թալինում լինեին հեծանիվների համար կայանատեղիներ ու ճանապարհներ, այդ ժամանակ կկարողանայինք հանգիստ վարել դրանք, առանց վախենալու, որ շուրջը մեքենաներ են ու փոքր երեխաներ, որոնք յուրաքանչյուր պահի կարող են դուրս գալ քո առաջ։
-Երանի էս մեր ասածները մի օր իրականություն դառնան,- շարունակեց Սոնան տխուր տոնով,- տեսնեսէ կիրականանա՞ն, թե ոչ։
-Հուսանք՝ այո՛։

Շաբաթ օրն անհրաժեշտ է

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Մինչև հիմա կարծես աչքերիս չեմ հավատում, երբ նայում եմ օրացույցին և կարդում «սեպտեմբեր»: «Երկար սպասված» ծանրաբեռնվածությունը արդեն մեծ քայլերով մոտենում է, որը, սակայն կապված է ոչ միայն դպրոցի դասերի, այլև մասնավոր պարապմունքների հետ, առանց որոնց ոչ մի 12-րդ դասարանցի անգամ չի մտածում ընդունվելու մասին: Եվ ճիշտ է անում, քանի որ ինչքան էլ ավագ դպրոցի առաքելությունը մեզ բուհին պատրաստելն է, ինչքան էլ դասարանները բաժանվեցին հոսքերի, որպեսզի խորանանք մեր մասնագիտության մեջ, միևնույն է, չի տալիս այն անհրաժեշտ գիտելիքը, որով կկարողանաս բարձր բալերով ընդունվել քո ընտրած բուհ: Նշեմ նաև, որ հաճախ երեխան մի հոսք է ընտրում, իսկ 12-րդ դասարանում որոշում այլ մասնագետ դառնալ, իսկ հոսքը փոխել չի ուզում, արդեն հարմարված լինելու կամ այդ քայլն անիմաստ համարելու կամ էլ այդ հնարավորությունն այլևս չունենալու պատճառով: Այսպիսով, նա միևնույն է, դիմում է մասնավոր պարապմունքների օգնությանը: Իսկ ինչ վերաբերվում է 5-օրյա ուսուցմանը, ապա ես կողմ եմ դրան, քանի որ 2 ազատ օրը (որոնցից ամենաքիչը 1-ը պարապմունքի օր է), կարելի է ամբողջությամբ նվիրել պարապմունքներն ու դասերն անելուն, չնայած, որ հաճախ 2 օրն էլ է քիչ լինում:

Յոթ Վերքի աղավնիները

Լուսանկարը՝ Լիլիթ Խառատյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Խառատյանի

Գյումրիում մի սովորություն կա. եկեղեցիների մոտ կարող եք տեսնել վանդակների մեջ փակված աղավնիներ: Այստեղ ընդունված է աղավնիներ զոհաբերելու ավանդույթը: Այն կատարվում է հետևյալ կերպ: Մարդիկ մի նպատակ են պահում, գնում են մի զույգ աղավնի: Բռնելով աղավնիներին ձեռքերի մեջ, նրանք սկսում են պտտվել եկեղեցու շուրջը երեք, կամ յոթ անգամ: Այդ ընթացքում աղոթում են և Տիրոջից խնդրում նպատակների իրականացում: Պտույտներից հետո մարդիկ աղավնիներին կամ բաց են թողնում ազատ ճախրելու, կամ զոհաբերում են: Ես սիրում եմ դիտել, թե ինչպես են կենտրոնացած ու ինքնամոռաց աղավնին ափերի մեջ սեղմած պտտվում եկեղեցու շուրջը: Սիրում եմ դիտել, թե ինչպես են աղավնիները երկար ժամանակ վանդակում փակված մնալով պտույտներ գործում Յոթ Վերքի երկնակամարում, վայելում ազատությունը և ասես աղոթքը հասցնում Աստծուն:

Լուսանկարը՝ Անի Նախշքարյանի

Լուսանկարը՝ Անի Նախշքարյանի

Լուսանկարը՝ Անի Նախշքարյանի

Լուսանկարը՝ Անի Նախշքարյանի

Լուսանկարը՝ Անի Նախշքարյանի

Լուսանկարը՝ Անի Նախշքարյանի

Առանց կրկնուսույցների

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Երբ Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում սկսեցին գործել ավագ դպրոցները, բոլորը ասում էին, որ ավագ դպրոցների նպատակը այն է, որ երեխաները առանց կրկնուսույցի մոտ պարապելու  կարողանան միասնական քննություններ տալ և ընդունվել: Սակայն, ինչպես տեսնում ենք, սպասելիքները այնքան էլ արդարացված չեն:

Ճամբարակում բացվեց ավագ դպրոց, բայց մեր դպրոցը նույնպես չկարողացավ արդարացնել սպասելիքները: Քանի որ դպրոցը չունի բավարար թվով աշակերտներ և ֆինանսներ, և մենք ունենում ենք 2-3 հոսք: Եթե դու ընտրում ես բնագիտական հոսք, դու չգիտես, թե այնտեղ որ առարկաները ավելի խորացված կսովորես, քանի որ դա պարզ է դառնում միայն այն ժամանակ, երբ աշակերտները ընտրելով որևէ բնագիտական առարկա, ըստ մեծամասնության, դասարանը խորանում է այդ առարկայի մեջ:  Եվ հետո, բոլորը դեռ շարունակում են գնալ կրկնուսույցների մոտ:

Բայց երբ հիշում եմ մեր մարզի գյուղերից մեկի դպրոցի վիճակը, հասկանում եմ, որ մեր այդ պրոբլեմը շատ թեթև է: Երբ նայում ենք մեր ընտանեկան ալբոմը, հայրս հաճախ մի նկար է առանձնացնում, որտեղ նա է և ևս երկու երեխա, և ասում. «Դե սա էլ ես եմ ու իմ դասարանը»: Հայրս ժամանակին ֆիզկուլտուրա է ուսուցանել իրենց գյուղում, և չնայած մենք զարմանում ենք «նրա դասարանի» վրա, բայց վիճակը այդ գյուղում դեռ նույնն է: Ամեն դասարանում 3-4 աշակերտ, նույնիսկ մի դասարանում միայն մի աշակերտ կա: Մեր բարեկամներից մեկը աշխատում է  այդ դպրոցում, ես հարցնում եմ.

-Հիմա եթե մի հոգանոց դասարանի այդ երեխան հիվանդանում է, դաս չե՞ք անում, կամ եթե դասից փախնում է, ասում եք, որ դասարանը փախե՞լ է:

-Դե այդպես է, բայց հիմնականում 2-րդ, 3-րդ դասարանցիներին իրար հետ ենք պարապում, 4-րդ, 5-րդին` իրար, ու այդպես շարունակ: Մի դասաժամին 5 մասի եմ բաժանվում, որ դաս բացատրեմ,-պատասխանում է ընկեր Օհանյանը:

Խնդիրները շատ են, ուղղակի համեմատելով հասկանում ես, որ մեր խնդիրը շատ փոքր է: