Նրա մասին

Լուսանկարը՝ Էմմանուել Մկրտումյանի

Լուսանկարը՝ Էմմանուել Մկրտումյանի

-Էլի այն տղան, վախենում եմ: Նել, ես զարմանում եմ, ո՞նց եք դուք մի շենքում ապրում, չե՞ս վախենում,-հաճախ հարցնում են ընկերուհիներս մեր շենքի մոտով անցնելիս:

-Դե, մի քանի անգամ փորձել է արել ինձ ուտելու, բայց կարողացել եմ ժամանակին ձեռից դուրս պրծնել,- ծիծաղելով ասում եմ ես ու շարունակում,- Իսկ եթե լուրջ, ես ոչ միայն չեմ վախենում, այլև փոքր ժամանակ խաղում էի հետը, ու օրվա մեծ մասը նրանց տանն էի անցկացնում:

-Բայց ինչո՞ւ ա ինքը միշտ գոռում:

-Երեխեք, դե մտավոր արատ ունի, ոչ կարողանում է խոսել, ոչ լսել, դրա համար գոռում է, բայց բարի սիրտ ունի: Չնայած վերջերս լսողական սարք էին դրել, բայց դրանից վատ էր զգում, հանեցին,-բացատրում եմ նրանց:

ՆԱ… Անունը կարևոր չի, եկեք նրան կոչենք ուղղակի ՆԱ, ապրում է մեր շենքում, ինձանից բավականին մեծ է, մոտ 28 տարեկան: Նա միշտ նայում է պատուհանից դուրս և բարևում է անցորդներին, ձեռքով է անում ու ժպտում: Հաճախ ձայներ է հանում, որոնք ավելի շատ նման են գոռգոռոցի, անծանոթները վախենում են ու փորձում  անցնել լուսամուտի տակով հնարավորինս արագ: Ախր, ՆԱ  ընդամենը բարևում է, ընդամենը սիրում է մարդկանց և ուզում է շփվել: Ամբողջ օրը անց է կացնում տանը, ապրում է ծնողների հետ, չեն թողնում դուրս գա տանից (դե, մարդիկ նույնիսկ վախենում են նրան պատուհանից լսելիս), կամ դուրս է գալիս միայն ծնողների հետ: Երբ փոքր էի, միշտ գնում էի նրանց տուն, չէի վախենում…Էդպես է, չէ՞, մանուկները  սիրում են ամեն տեսակ մարդկանց, նրանց համար նշանակություն չունեն մարդու արատները: Նույնիսկ երբ լարում եմ հիշողությունս, ոչ մի գոռգոռոց չեմ հիշում նրա հետ խաղալիս, երևի այն ժամանակ ուշադրություն էլ չեմ դարձրել:

Եթե հանկարծ ինչ-որ մեկը մտնում է նրանց տուն, և կապ չունի՝ ծանոթ, թե անծանոթ, վազում է խոհանոց, վերցնում սրճեփը ու վազելով բերում տալիս իր մորը: Շատ է սիրում հյուրեր ընդունել: Հանկարծակի կվերցնի ձեռքդ և կսկսի այն համբուրել:

-Մամ, ՆՐԱ  (պայմանավորվեցինք, որ նրան Նա-ով կդիմենք) հետ կապված ի՞նչ պատմություն ես հիշում,-հարցնում եմ մայրիկիս, քանի որ լարելով հիշողությունս, հասկանում եմ, որ այլևս գրելու բան չունեմ, ուր որ է նյութս կավարտեմ:

-Դե մի օր վրադ բարկացել էի, դու էլ լացում էիր, ՆԱ եկավ ու ջղայնացած հայացքով վրաս մատ թափ տվեց, հետո երկու մատով սկսեց սրբել արցունքներդ,- մի քիչ մտածելուց հետո ժպտալով հիշեց մայրս:

Ինչևէ, հիմա էլ նա այ, այնտեղ, պատուհանի մոտ կանգնած ժպտում ու բարևում է, մատով ինչ որ շարժումներ է անում, կամ գոռում, բայց պետք չէ վախենալ: Նա բարի սիրտ ունի…

Բյուրականյան մեդիա ճամբար. նորից նկարահանումներ…

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Մեդիա ճամբարի ամենահետաքրքիր ու հակասական պահը ինձ համար նկարահանումներն էին: Ֆիլմ նկարելը իրականում հեշտ բան չէ, սակայն իրավիճակն ավելի է բարդանում, երբ ստիպված ես լինում աշխատել ֆիլմի մասին լրիվ ուրիշ պատկերացումներով մարդկանց հետ:

Մենք աշխատելու էինք հայ-սերբական հարաբերությունների մասին դոկումենտալ ֆիլմի վրա: Այնպես ստացվեց, որ ստիպված եղա համագործակցել գլխավորապես սերբական թիմի հետ: Մտածում էի, որ հետաքրքիր ու բացի այդ նոր փորձառություն կլինի իմ՝ ապագա դոկումենտալիստի համար այլ կինոդպրոցի հետ շփվելը, բայց ցանկացած նոր բան իր հետ դժվարություններ է բերում: Այս անգամը ևս բացառություն չէր: Որքանով հասկացա, մեր սերբ գործընկերներն ավելի շատ հակված էին խաղարկային ֆիլմին ու նույնիսկ դոկումենտալ ֆիլմում փորձում էին խաղարկային ֆիլմի տարրեր մտցնել: Հենց նախապատրաստական փուլում, երբ քննարկում էինք  ֆիլմի հիմնական ուղղությունները, համաձայնվեցի մի քանի զիջումների գնալ որպես հյուրընկալող կողմի ներկայացուցիչ և նույնիսկ մի քանի կադրում խաղալ: Էլ ի՞նչ իմանայի, որ պիտի ամբողջ դոկումենտալ ֆիլմում դերասան լինեի, ու ֆիլմը պիտի դառնար իմ պատմությունը:

Նախ, իմ փորձի ընթացքում ես սովորել էի, որ դոկումենտալիստը չպիտի իրեն դնի սցենարային կաղապարների մեջ, որովհետև արվեստը ստեղծագործական գործընթաց է և ազատություն է սիրում, հատկապես դոկումենտալ կինոն: Եթե ինչ-որ բան չկա նախապես պլանավորված սցենարում, բայց նկարահանումների ընթացքում հասկանում ես, որ կարող է ֆիլմին օգտակար լինել, կարելի է ավելացնել և հակառակը, եթե նախապես պլանավորել ես, բայց զգում ես, որ կարող է ավելորդ լինել, վատ չէր լինի առանց խղճի խայթ զգալու ազատվել այդ հատվածից: Սակայն սերբ գործընկերներս պնդում էին նախապես պլանավորված սցենարով շարժվել, ու հենց այստեղից էլ սկսվում էին մեր հակասությունները: Բացի այդ, իմ կարծիքով, եթե ֆիլմը, լուսանկարը կամ ասենք թեկուզ հոդվածը ամբողջական է, ապա այն կարիք չունի բացատրությունների, մեկնաբանությունների: Ճիշտ կադրը ինքնին պիտի տեսանելի ու հասկանալի լինի նայողին  առանց բառերի, իսկ այս ֆիլմում ես անընդհատ պիտի բացատրեի՝ ինչ եմ անում, ուր եմ գնում, ում հետ եմ խոսում: Ամենից շատ դա ինձ դուր չէր գալիս: Այդպես ֆիլմը դուրս է գալիս իր սահմաններից ու մոտենում հեռուստառեպորտաժին, ինչը դոկումենտալ ֆիլմի որոշ ուղղություններում ընդունված ձև է, բայց ոչ ցանկալի:

Ինձ համար դոկումենտալ ֆիլմը արկած է, ռիսկ: Դոկումենտալիստը պիտի նախ կարողանա նյութի լավ ընտրություն կայացնել, հետո ճիշտ լույսի տակ հրամցնել հանդիսատեսին: Նկարահանման ընթացքում պիտի կարողանաս իրականությունից «գողանալ» կադրը և ներկայացնել քո ուզած իրականության մեջ: Ռեժիսորը իր հերոսին պիտի կարողանա դնել իր ուզած իրավիճակում, պիտի ստեղծի իրավիճակ, որովհետև աշխատում է իրական մարդկանց հետ, ոչ թե դերասանների, իսկ դա ճկունություն է պահանջում: Ըստ իս կյանքը մեզ տալիս է ամեն ինչ, ուղղակի արվեստի ճիշտ ըմբռնում է պետք, ճիշտ լուծում: Ես սիրում եմ, երբ դոկումենտալ ֆիլմում ամեն մի կադրը իրական է, երբ զգում ես ռեժիսորի ներկայությունը, բայց չես տեսնում…

…Նկարահանուների փուլը շատ բուռն անցավ, սակայն մեր խմբի ղեկավարը՝

Միլիցան, ասաց, որ սա երբևէ ամենահեշտ, հաճելի  ու լավ կազմակերպված նկարահանումն է եղել, որ ինքը երբևէ ունեցել է: Պակաս բուռն չէր նաև մոնտաժի փուլը: Այս ընթացքում ավելի շատ կարևորեցի մոնտաժի դերը ֆիլմում: Դա այն փուլն է, երբ վերջնական տեսքի ես բերում, սարքում ես ֆիլմը, քո ուզած տրամադրությունն ու գույնը հաղորդում դրան:

Վերջապես պրեմիերա…

Ֆիլմը վերջնական տեսքով նայելիս հասկացա նաև իմ՝ որպես դերասանի թերությունները, ինչը ես անպայման հաշվի կառնեմ հաջորդ անգամ: Իմ՝ռեժիսորի որոշ դեպքերում ունեցածս անհամաձայնությունները ազդել էին մի քանի կադրերի վրա ու կեղծ երանգ տվել խաղիս:

Կարծիքները տարբեր էին ու նույնպես հակասական: Ինչևէ… Կարծում եմ՝ երկու կողմերի համար էլ հետաքրքիր էր աշխատել միասին…

Սիրելի՛ ընթերցող, շուտով ֆիլմը կներկայացվի նաև քո դատին, և դու ինքդ հնարավորություն կունենաս գնահատելու, արդյո՞ք ստացված է, թե՞՝ ոչ…

Այստեղ ապրում են…

Ամառը սկսվելուն պես ես շրջապատված եմ Հայաստանից արտագաղթած ինձ շատ սիրելի  մարդկանցով: Մորաքույրս Կանդայից է եկել, մյուս մորաքույրս՝ ԱՄՆ-ից,  քույրս՝ Ռուսաստանից, ընկերուհիս՝ Շվեդիայից, և այսպես շարունակ: Ամեն մեկը ինչ-ինչ պատճառներով հայտվել է աշխարհի տարբեր ծայրերում:

Ամառը իրենց սիրած տարվա եղանակն է, որովհետև կարոտին չդիմանալով և արյան կանչով գալիս են Հայաստան՝ վայելելու իրենց ամառը: Եվ անընդհատ կրկնում են, որ Հայաստանից լավ տեղ չկա:

Ես չէի պատկերացնում, որ մեր՝ հայաստանաբնակ հայերիս, և իրենց՝ արտերկում ապրողների տարբերությունն այսքան մեծ է և բացահայտ: Դժվար է  իրենց համար պատկերացնել, թե ինչպիսին է կյանքը Գյումրիում՝ արկածներով լի այս քաղաքում:

Իրենք դժվար են հասկանում, թե ինչպես են մարդիկ  հանգիստ կարմիր լույսի տակ ացնում փողոցը, կամ ինչպես է հնարավոր վաճառողի հետ շատ բանակցելով զեղչ ձեռք բերել: Կամ մի օր, երբ մորաքույրս խանութում բաժակներ էր գնում և ահագին երկար չէր կարողանում ընտրել, վաճառողը դժգոհ դեմքի արտահայտությամբ ասաց.

-Քու՛ր ջան, բաժակ է, էլի. սաղն էլ բաժակ են: Մեկնումեկը առ, պրծի: Կարևորը բանըմ էղնի խմես:

Մորաքույրս շատ զարմացավ և ծիծաղեց, որովհետև իրենց երկրում վաճառողը պարտավոր է մինչև վերջ համբերատար սպասել և չմիջամտել:

Իսկ ամենահետաքրքիրը մատուցողներն են: Մի օր, երբ սրճարանում նստած էինք և դեռ չէինք ավարտել հիմնական ուտեստը, որոշեցինք սուրճ պատվիրել.

-Մի րոպե կմոտենա՞ք:

-Լսում եմ:

- Մեզ երկու հատ սուրճ կբերե՞ք:

-Իաա՜, ոչ մի սուրճ: Էտ ի՞նչ եք կերել, որ մի բան էլ սուրճ էք ուզում, ոչ մի սուրճ մինչև չուտեք, չպրծնեք:

Դե հիմա արի, բացատրի, որ Գյումրիում բոլորն են  հոգատար և անկեղծ: Ընկերուհիս ապշել էր. ես այդպես էլ չկարողացա բացատրել, թե ինչու է մատուցողը հաճախորդի հետ խոսում այնպես, ինչպես կխոսեր օրինակ՝ տատիկս կամ մայրիկս:

Եվ հենց այս է, որ ամեն տարի իրենց բերում է Գյումրի: Իրենց օրինապաշտ երկրներում անհոգ, բայց միապաղաղ կյանքից հետո Գյումրվա կյանքը շատ հետաքրքիր է, քանզի այն լի է փորձություններով և արկածներով:

Եվ վերջում ավելացնեմ մի բան՝ Գյումրիում ապրում ես ոչ թե օրենքով, այլ «քթի ծակով»:

Բյուրականյան մեդիա ճամբար. մի քիչ պաղ օդ ամառվա տապի մեջ

Լուսանկարը՝Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝Դիանա Շահբազյանի

Ականջների խշշոց, գլխացավ.. Չէ, ոչ մի սարսափելի բան, ուղղակի օդի  ճնշումների փոփոխությունից է: Երրորդ օրը էքսկուրսիա ունեինք դեպի Քարի լիճ և Ամբերդ: 

-Անջատում ենք բոլոր հեռախոսները  և սմարթֆոնները, կայծակից տեխնիկայի պատճառով մարդ է մահացել այս կողմերում,- ասաց Լիլիթը, բոլորս վախեցած սկսեցինք անջատել:

Ճանապարհին Դավիթի կողմից հաճախ լսում էինք. «Խելոք մնա, թե չէ հեռախոսս կմիացնեմ ու կմտցնեմ գրպանդ» սպառնալիքը: Բայց բացի դրանից, մեզ զգուշացրին, որ այդ կողմերում շատ են նաև օձերը: Պետք էր դրա դեմը ինչ-որ ձևով նույնպես առնել: Հիշեցինք մեզ տրված խորհուրդը, որ օձերը վախենում են աղմուկից, և ամբողջ ճանապարհը քայլեցինք երգելով ու աղմկելով:

Անկեղծ ասած, մեզ  եղանակային փոփոխությունները շատ ուրախացրին, քանի որ Արագածը բարձրանալիս աստիճանաբար ցրտում էր, իսկ մենք երկու ձեռքով միայն կողմ էինք մի քիչ զովանալուն:

Քարի լճից հետո գնացինք Ամբերդ`Պահլավունի արքայական տոհմի ամրոցը,  ճանապարհից ներքև նկատեցինք փլված պատ, որը փաստորեն քանդվել և ընկել էր ամրոցից: Այնուհետև գնացինք թագավորական բաղնիք: Այնտեղ,  երբ մեզ բացատրեցին բաղնիքի աշխատելու սկզբունքը, բոլորս հիացանք կառուցողների մտքի ճկունությունից: Բաղնիքում ջուրը բարձրանում էր խողովկների միջոցով, իսկ առաստաղի վրա կար անցք, որպեսզի գոլորշին դուրս գա:

Հետ գալու ճանապարհին կանգ առանք եզդիների բնակավայրերի մոտ: Մոտեցա մոտ 10 տարեկան երեխայի, ով ոչխարներին էր հետևում:

-Բարև, կթողնե՞ս քեզ նկարեմ,- հարցրի ես:

-Հա, բայց ոչխարների հետ չէ, էլի,- ասաց նա, և ես նկարեցի նրան իր ուզած ձևով:

Վերադարձին, օձերի համար երգելուց հոգնած, բոլորս հասանք  հյուրանոց, առանց կողմնակի ձայն հանելու:

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

Որն է երիտասարդների դերը Հայաստանի ժողովրդավարացման հարցում

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

«Ժողովրդավարություն» բառը հաճախ է մեզ հանդիպում տպագիր մամուլում, համացանցում, լսում ենք հեռուստացույցով և ռադիոյով, բայց թե ինչ նշանակություն ունի այս բառը, քչերս ենք հասկանում: Երբ համացանցում փորձում ես փնտրել այս բառի նշանակությունը, հանդիպում ես հետևյալ բացատրություններին. «Ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է, երբ իշխանությունը բացառապես պատկանում է ժողովրդին և այդ իշխանությունը կյանքի է կոչվում կամ ուղղակիորեն նրա միջոցով, կամ էլ ազատ ընտրական համակարգի օգնությամբ՝ այդ ժողովրդից ընտրված ներկայացուցիչների միջոցով», կամ էլ «ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է, որն իրականացվում է ժողովրդի կողմից՝ ժողովրդի համար», ինչպես նաև «Ժողովրդավարությունը կամ դեմոկրատիան քաղաքական համակարգի տեսակ է, որտեղ կառավարումն իրականացվում է պետության ողջ բնակչության կամ իրավասու խմբերի կողմից՝ սովորաբար ընտրված ներկայացուցիչների միջոցով»: Ուշադիր կարդալով վերոնշյալ բացատրությունները՝ պարզ է դառնում մի բան, որ բոլորն էլ ունեն նույն նշանակությունը. «Ժողովրդավարությունը այնպիսի քաղաքական համակարգ է, որտեղ որոշիչ է ժողովրդի կամքը»:

1995թ-ի հուլիսի 5-ին Սահմանադրության ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունն իրեն հռչակեց ժողովրդավար երկիր, սակայն Սահմանադրության ընդունումը դեռևս չի նշանակում լիարժեք ժողովրդավարություն: Ժողովրդավարությունը բարդ և համակարգային գործընթաց է, և հաճախ ենք լսում, որ Հայաստանը դեռևս ժողովրդավարացման գործընթացի մեջ է: Եվ այստեղ էլ առաջ է գալիս այն հարցը, թե ինչ դեր կարող է խաղալ ժողովրդի անքակտելի մաս հանդիսացող երիտասարդությունն այդ գործընթացում, որն է հայ երիտասարդության դերը Հայաստանի ժողովրդավարացման հարցում:

Երիտասարդությունը ցանկացած պետության հիմնաքարն է հանդիսանում, այն ապահովում է պետության զարգացումն ու առաջխաղացումը: Երիտասարդներն են, որ իրենց նորարար և ստեղծարար մտածելակերպով խթանում են պետության գործունեության բոլոր ոլորտները, այդ թվում՝ քաղաքականը:

Պետության ժողովրդավարացման գործում մեծ նշանակություն ունի երիտասարդների մասնակցությունը: Չկա ակտիվ երիտասարդություն, չկա նաև ժողովրդավար պետություն: Ցանկացած ժողովրդավարական շարժում սկսվում և տարածվում է երիտասարդների կողմից և միջոցով: Այսօրվա երիտասարդները վաղվա ղեկավարներն են, քաղաքական գործիչները, պետություն կառուցողները և պետության սովորական քաղաքացիները: Այն արժեքները, գաղափարները, որոնք կրում են այսօրվա երիտասարդները, դառնալու են վաղվա պետության արժեքային համակարգի հիմքը: Երիտասարդների ակտիվ մասնակցությունը ժողովրդավարության մեջ նպաստում է ակտիվ քաղաքացիական հասարակության ձևավորմանը:

Այն հիմնական դերը, որ պետք է ստանձնի ցանկացած երիտասարդ Հայաստանի ժողովրդավարացման համար, կրթություն ստանալն է: Գիտելիքն ու կրթությունն են, որ ձևավորում են անհատ երիտասարդին, որն էլ իր հերթին ձևավորում է երիտասարդությունը: Կրթված և զարգացած երիտասարդությունը նշանակում է համապատասխանաբար կրթված և զարգացած հասարակություն, պետություն: Միայն կիրթ և զարգացած հասարակությունն է, որ կարող է ձևավորել ժողովրդավար պետություն: Ուսում ստանալուց զատ երիտասարդները պետք է ակտիվություն ցուցաբերեն քաղաքական ոլորտում, ակտիվ մասնակցություն ցուցաբերեն քաղաքական գործընթացներին, արտահայտեն իրենց տեսակետերն ու կարծիքները: Հատկապես կարևոր է երիտասարդների մասնակցությունն ընտրական գործընթացներին, որովհետև հենց ընտրությունների միջոցով է, որ ընտրվում են պետության տվյալ պահի ղեկավարները: Ազատ, արդար ընտրությունների կայացման գործում մեծ է երիտասարդների նշանակությունը:

Սակայն ժողովրդավարությունը չի սահմանափակվում ընտրական գործընթացով, այն իր մեջ ներառում է խոսքի ազատությունը, հավասարությունը (ներառյալ գենդերային հավասարությունը), ազատ մամուլը, օրենքի գերակայությունը և այլն:

Երիտասարդները պետք է օգտվեն այդ առավելությունից և արտահայտեն իրենց տեսակետներն ու կարծիքներն այս կամ այն իրադարձության վերաբերյալ: Համացանցի առկայությունն առավել քան երբևէ հեշտացնում է երիտասարդների խոսքի և արտահայտվելու ազատությունը: Իմ կարծիքը չափազանց կարևոր է պետության, հասարակության համար, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, այսօրվա երիտասարդները կազմելու են վաղվա հասարակությունը, իսկ նրանց կարծիքներն ու տեսակետները`  ապագայի պետության հիմնական գաղափարախոսությունը:

Ես` ինքս, կազմակերպում եմ ժողովրդավարության և տարբեր թեմաների վերաբերող սեմինարներ և ընդգրկում եմ երիտասարդների, լսում նրանց կարծիքներն ու դիտողություննեը հնչած թեմաների շուրջ: Եվ այսպես փորձում  եմ իմ ներդրումն ունենալ Հայաստանի ժողովրդավարության կայացման գործում:

Ես առաջարկում եմ, որ Հայաստանում ավելանան երիտասարդների կողմից ստեղծված հասարակական կազմակերպությունները, որ նրանք ունենան գործունեության հստակ ծրագիր, որով կկարողանան վերահսկել հասարակական կյանքի տարբեր ոլորտները:

Շատ կարևոր է, որ երիտասարդները պայքարեն իրենց իրավունքների, հասարակության մեջ տեղ գտած արատավոր և անարդար երևույթների նկատմամբ:

Ակտիվ երիտասարդությունը կարող է և կդառնա  Հայաստանի ժողովրդավարացման հիմնական դերակատարը: Միայն երիտասարդների ակտիվությունն է, որ կխթանի ժողովրդավարացման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում:

Ես հավատում եմ հայ երիտասարդների մտքի սլացքին և ուժին: 

Բյուրականյան մեդիա ճամբար. ինչպես են իրագործվում գաղափարները

Լուսանկարը՝ Վարսեր Զաքարյանի

Լուսանկարը՝ Վարսեր Զաքարյանի

Մեզ հյուրընկալած հյուրանոցում` «Ամբերդում», միգուցե աշխատավայրո՞ւմ… Չէ, չէ, արդեն մեր տանը, պատերազմական դրություն էր. բոլոր գրոհները ուղղված էին տիկին Ռուզանի դեմ: Չորս կողմից գտնվելով շրջափակման մեջ, տիկին Ռուզանը կարողացավ ճեղքել շրջափակումը՝  դուրս գալով այդ իրադրությունից: Ինչպես նշում էր նա, մեկը մյուսին հետևել էին Լենկթեմուրի արշավանքը, Ավարայրի և Սարդարապատի ճակատամարտերը և Մարկո Պոլոյի ճանապարհորդությունը: 

Ի՞նչ էր պատահել. Մեր նկարահանող խմբերը միանգամից մեկնել էին տարբեր ուղղություններով և ամեն փոքր խոչընդոտի դեպքում զանգում էին` ի՞նչ անել, թանգարանում նկարահանում թույլ չեն տալիս, հուշարձանի տեղը չեն գտնում, Բյուրականի երիտասարդները չեն ուզում նկարահանվել, աստղադիտարանում ընդմիջման ժամ է, Ռադիոֆիզիկայում ոչ մեկը չկա, որտեղի՞ց վերցնել լրացուցիչ տեսախցիկ…

Պետք է արագ տեղում որոշումներ կայացնել, լինել ճկուն և հերթով լուծել խնդիրները:

Ինչպես «Մանանայում» սիրում են ասել` եթե կա խնդիր, ապա կա նաև լուծում: Ես այս ճշմարտությունը գործնականում հասկացա այս շաբաթվա ընթացքում:

Մինչ նկարահանող խմբերը դրսում էին, իսկ մեր խումբը մայրամուտին պետք է մեկներ, ազատ չէինք մնացել նաև մենք: Ոմանք հոդվածներ էին գրում, մյուսները  արխիվացնում էին նյութերը, իսկ ես «վարպետության դաս» ստացա Սիրանից լուսանկարչության վերաբերյալ: Բացատրելով բոլոր ֆունկցիաները՝ Սիրանը ինձ մենակ թողեց ֆոտոապարատի հետ, և ես երկար ժամանակ փնտրում էի, թե ինչպես կարող եմ փոխել «ISO»-ն, սակայն չկարողացա գլուխ բերել, մինչև Սիրանը չվերադարձավ: Ոչ բոլոր փորձերը միանգամից ստացվեցին: Առաջին մի քանի լուսանկարները ֆոկուսից դուրս էին, հաջորդներում լուսավորությունը կամ շատ էր կամ էլ քիչ: Բայց նաև հաճելի էր տեսնել առաջին հաջող լուսանկարը:

Այս շաբաթվա ընթացքում հյուրանոցը վերածվել է իսկական մեծ ստեղծագործական արվեստանոցի, ուր ամեն վայրկյան մի նոր բան ես սովորում: Անգամ հյուրանոցի աշխատակազմը ամեն բան մոռացած լսում ու հետևում է մեզ, հարցեր տալիս, փորձում մի բան էլ ինքն առաջարկել:

Հավանաբար ամենաշատը այս մթնոլորտը կկարոտեմ:

Բյուրականյան մեդիա ճամբար. նկարահանման արկածներ

Լուսանկարը՝Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝Նելլի Խաչատրյանի

-Ես կգամ:

-Ես էլ,- բացականչեցինք ես ու Նելլին, երբ որոշվում էր, թե ով է հովիվների և կովեր նախիրի հետ գնալու գյուղ՝ ճանապարհին, իհարկե, նկարելով նրանց:

Երկուսով ճանապարհ ընկանք:

-Ուրեմն, ես կխոսեցնեմ, դու կնկարես,- ասացի ես Նելլիին, ու մենք համաձայնության եկանք:

-Նել, արի արագ հասնենք հովիվներին, էս շունը ինձ թարս ա նայում,- վախեցած վազեցի ես՝ նայելով վրաս մռնչացող շանը:

Մենք վազելով հասանք հովիվներին և նկարեցինք նրանց: Պարզվում է, որ բոլոր կովերը գիտեն իրենց տան տեղը, և երբ մտնում են գյուղ, բոլորն առանձնանում են ու գնում ճիշտ իրենց տան կողմը և կանգնում դարպասների առաջ: Չբավարարվելով միայն հովիվներով՝ ես ու Նելլին որոշեցինք նկարել նաև այդ տեսարանը և մի կովի հետևից թեքվեցինք դեպի քարքարոտ զառիթափը:

-Նկարի, նկարի, նկարի:

-Ստեղ հնարավոր չի, շատ քարքարոտ ա:

-Լավ, արի արագ գնանք հետևից, տուն մտնելուց կնկարենք:

Արագ. լավ էր ասված, բայց այդ քարքարոտ ճանապարհով արագ գնալը նույնքան անհնար էր, որքան այդ կովի հետ նկարահանման համար պայմանավորվելը: Ճանապարհի երկու կողմերից էլ մեծ փշեր էին, և մինչ ես նվնվում էի, որ փուշը պատռել է ձեռքս, կովը անհետացավ մեր տեսադաշտից:

-Լավ, չեմ հասկանում, էդ մեծ կովը ո՞ւր կորավ,- դեռ շարունակում էի նվնվալ ես՝ նկատելով, որ շուրջս տներ չկային, ուր կարող էր մտած լինել կովը:

-Արի` հետ գնանք գլխավոր փողոց,- առաջարկեց Նելլին:

-Էսքան եկել ենք, որ հետ գնա՞նք,- ընդդիմացա ես,- ոչ մի հետ, էդ փշերի միջով, միայն առաջ,- բացականչեցի ես և ավելացրի,- փշերի միջով:

Իմ գաղափարով շարժվեցինք առաջ լրիվ անծանոթ գյուղում, լրիվ անծանոթ փողոցով, եթե իհարկե, դա կարելի էր փողոց անվանել:

-Հա լավ, փոքր գյուղ ա, ոնց էլ լինի` մի տեղ դուրս կգանք,- կատակում էի ես:

-Արի, արի, մի տատիկ ա երևում:

Լուսանկարը՝Մանե Սարգսյանի

Լուսանկարը՝Մանե Սարգսյանի

Մենք վազեցինք տատիկի մոտ, որը մեզ փրկարար էր թվում: Այս տատիկը, ինչպես նաև Բյուրական գյուղի մյուս բոլոր բնակիչները, շատ հյուրասեր ու մարդամոտ էր: Ճանապարհը մեզ ցույց տալուց հետո նա սկսեց հետաքրքրվել, թե ինչ ենք նկարում, և ինքն էլ պատմեց գյուղի մասին, ինչը մենք նույնպես նկարեցինք:

-Հեսա, Տիգրանս եկավ, հետաքրքիր բա՞ն եք ուզում, Տիգրանս կպատմի, գիտե՞ք ինչ լավ տղա ա,- իր հարևանին էր գովում տատիկը, երբ մեզ մոտեցավ կապույտ մեքենայով Տիգրանը:

-Երեխեք, էս ի՞նչ եք էսքան նկարում:

-Մենք «Մանանա» կենտրոնից ենք…,- հերթական անգամ սկսվեց պատմությունը:

-Ուրեմն, ես մի հատ հին դարբնոց ունեմ, գործում է, կարող եք գալ նկարել,- առաջարկեց Տիգրանը, և մենք ուրախացանք, որ մի հետաքրքիր բան էլ ենք գտել:

Բայց էլ չէինք կարող երկար զրուցել. մեր խումբը մեզ էր սպասում: Ստիպված հրաժարվեցինք տատիկի սուրճի հրավերից և շարժվեցինք մեզ ցույց տված ճանապարհով: Գլխավոր ճանապարհը հարթ էր, ասֆալտապատ, բայց կտրուկ զառիթափ: Իսկ մենք ստիպված էինք շտապել: Սառը քամին այրում էր մեր կոկորդները: Վերջապես տեղ հասանք և նստեցինք մեքենան: Այստեղ էլ ավարտվեցին Մարիամի ու Նելլիի այդ օրվա արկածները, որոնք դեռ երկար տառապեցին մկանացավից, բայց ուրախ էին, որ մի քանի կադր ավել են նկարել:

 

Բյուրականյան օրագիր. մի բուռ կապույտ կանաչի վրա

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Շատ մարդկանց և նաև ինձ մի հարց է հետաքրքրում, թե ինչ գործ ունեի ես մեղվապահի մոտ: Իհարկե, ճիշտ եք… Կիսաստացված լրագրողի մասնագիտությամբ ինչ-որ մեկին էլի պիտի զոհ դարձնեի:
Ես սիրահարված եմ աշխարհին, երբ առանց ակնոցի եմ: Այդ օրը առանց ակնոցի էի: Լավ տրամադրությունն ապահովված էր: Մի քիչ հեռու կանգեցինք: Կանաչի մեջ երևի բոլորի ուշադրությունը գրավեցին այդ տնակները: Ես յուրահատուկ չէի. մեծ կապույտ տնակ, իսկ կողքին` հավաքված մեղվի բներ. կարծես ձագուկները լինեին:
-Հե՞շտ է ապրել այստեղ:
-Երբեք ու ոչ մի տեղ  ապրելը հեշտ չէ, պիտի աշխատեք, աշխատելը հե՞շտ է,- սևեռուն նայեց ինձ մեղվաբույծ Դերենիկ պապիկը:
Ժպտացի: Ես երբեք չեմ աշխատել ու հարցնում եմ արդյո՞ք հեշտ է ապրելը:
-Գիտեք, մեղուներն էլ են մարդկանց նման ,մարդկանցից ավելի խելացի ու աշխատասեր: Եթե մեկ օր աշխատավոր մեղուներից մեկը առանց նեկտարի գա, նրան տուն չեն թողնի,  բայց քո մայրը հաստատ կթողնի,- նորից նայեց ինձ: Նորից ժպտացի:
Գիտեք, երբ ուզում եք մտածել, ստեղծագործել, մի այցելեք փիլիսոփայի կամ գիտնականի: Գտեք մի լեռնցու կամ հողագործի, նստեք կողքին ու լռեք, ու ոչ թե լսեք, այլ վայելեք նրա խոսքերը: Մարդիկ, որոնք հաճախ միայն տարրական կրթություն ունեն, կարողանում են կյանքը վերլուծել հրաշալի ձևով, հասկանալ երևույթները ամենախորքային տեսանկյունիցԲոլոր գիտությունների հիմքը բնությունն է, կյանքը հիմքը ևս: Ուստի, կյանքը հասկանալու համար ուղղակի մոտ եղեք բնությանը:
-Լավ աշխատանքը գնահատվում է,- շարունակեց նա,- անկախ նրանից թե որտեղ ես, ես դժգոհ չեմ իմ աշխատանքից, հավանաբար ես լավ եմ աշխատում:

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Աշխարհից կտրված կապույտ տնակի մեջ ապրող մեղվաբույծ, առանց հեռախոսի, համացանցի, բայց ավելի երջանիկ, ավելի աշխատասեր ու գնահատող:
-Տեղեկացված եղեք ամեն ինչից, դուք չգիտեք, թե կյանքում ինչ է պատահելու ձեզ հետ: Տեսնո՞ւմ եք այն դեղատուփը, – ցույց տվեց առաստաղից կախված դեղատուփը,-դեղեր են, տարբեր դեղեր: Հիմա ենթադրենք, մեր հյուրերից մեկին մեղուն կծեց: Ալերգիա ունենալու դեպքում ես պիտի առաջին բուժօգնություն ցուցաբերեմ: Սարերում ապրելը և’ հաճելի է, և’ վտանգավոր: Եթե երեկ եկած լինեիք, մեղվից բացի նաև գայլ նկարած կլինեիք: Չնայած հնարավոր է, որ հիմա էլ  գա, անընդհատ իջնում են: Ես հորիցս եմ ժառանգել բնության հետ շփվելու կանոնները, հայրս` պապիկիցս:
-Իսկ դուք փոխանցո՞ւմ եք ձեր երեխաներին այն հմտությունները, որ ունեք:
-Անպայման, երեք տղաներիցս երկուսը շարունակելու են մեղվապահությունը, իսկ մեծ տղաս ալերգիա ունի, դժվար թե կարողանա աշխատել այստեղ:
-Իսկ այս փեթակի գույնը պատահակա՞ն է ընտրված:
-Ոչ, գույները ընտրում ենք այնպես, որ մեղուները կարողանան կողմնորոշվել, այսինքն, չխառնեն կանաչ գույնը փեթակի գույնի հետ. կարմիր, դեղին, կապույտ:
-Իսկ ո՞րն է ամենալավ մեղրը: Կան մեղվապահներ, որ շաքար են խառնում, կամ տարբեր խարդախություններ են անում:
-Ամենալավ մեղրը մարդու խիղճն է: Ուղղակի պետք է անկեղծ լինել, չպետք է խաբել, չխաբել ուրիշներին, և որ ամենակարևորն է չխաբել ինքդ քեզ:
Արդեն հեռանում էինք: Շուրջբոլորը կանաչ էր, կանաչ էր ամեն ինչ. թարմությունը, երջանկությունը, սարերում նույնիսկ սերն է կանաչ, ու միայն փեթակներն ու Դերենիկ պապիկի տնակն էր կապույտ:

Մեր մեքենան շարժվեց, ինչքան կարող էինք նկարահանեցինք: Հետդարձին անընդհատ կրկնում էի Դերենիկ պապիկի խոսքը` ամենալավ մեղրը մարդու խիղճն է: Միայն թե կարողանամ այդ մեղրը պահպանել…

Բյուրականյան օրագիր. վարպետության դաս Վահրամ Մխիթարյանից

Ցանկացած ասպարեզում, հատկապես կինոյի ոլորտում, շատ կարևոր է փորձի փոխանակումը: Լավ կինոռեժիսոր դառնալու համար բավարար չէ միայն քո անձնական փորձը: Ռեժիսորը մարդ տեսակի հասունացման գործընթաց է, որը պահանջում է երկար ժամանակ, ջանք, ինքնակրթություն և իհարկե պրոֆեսիոնալների փորձ: Յուրաքանչյուր ոլորտի համար շատ կարևոր է, որ փորձի փոխանակման շղթան   չընդհատվի, սակայն էլ ավելի կարևոր է, որ քեզ խորհուրդներ են տալիս այն մարդիկ, ովքեր անցել են քո անցնելիք ճանապարհով: 

Երեկ մեր հյուրն էր «Մանանա» կենտրոնի նախկին  անդամ, իսկ այժմ Գդանսկի համալսարանի պրոֆեսոր, կինոռեժիսոր  Վահրամ Մխիթարյանը: «Այս  ճանապարհը, որ ընտրել եք պարտությունների ճանապարհ է, և եթե դուք պատրաստ չեք պարտության, կարող եք թողնել այս ոլորտը»,- մեջբերեց կինոռեժիսորը իր պրոֆեսորի խոսքերը հենց հանդիպման սկզբում: Հետո սկսեցինք խոսել մեդիայում աշխատելու դժվարությունների, հատկապես մեդիա «հիվանդության» մասին:  Նա ասաց, որ կարևորը իրականության զգացումը չկորցնելն է այս ասպարեզում: Երբեմն  շատերը  մոռանում են անվտանգության մասին ու ինչ-որ կադր անելու կամ նյութ ստանալու համար հայտնվում են էքստրեմալ ու վտանգավոր իրավիճակնրում: «Եղել են դեպքեր, որ լուսանկարիչը վտանգել է ոչ միայն իր կյանքը, այլ նաև իր հերոսի: Իրական դեպք եմ պատմում , որ լուսանկարիչը խնդրել է իր հերոսին խրամատից դուրս գալ, որ նկարի, ու թշնամին կրակել է»,-նշեց նա:

Հետո սկսեց պատմել իր հաջողությունների ու անցած ճանապարհի մասին: Ասաց, որ բացի ռեժիսոր լինելուց զբաղվել է լուսանկարչությամբ  և լրագրությամբ, որն էլ հենց իրեն շատ է օգնել կինոյի ասպարեզում: «Փոքր ժամանակ վախենում էի մթությունից: Հայրս ինձ ապարատ նվիրեց, ու ես սկսեցի  փորձարկումներ անել` մթության մեջ նկարելով: Դրանից հետո լուսանկարչությունը ինձ համար դարձավ վախերս հաղթահարելու, ինձ ճանաչելու միջոց»: Խոսեցինք նաև լրագրության մասին, ու նա խորհուրդ տվեց մեզ չտրվել նեգատիվ կամ պոզիտիվ լրագրությանը, այլ լինել լուծումներ առաջարկող, ինչ-որ բան փոխող լրագրող…

Սակայն հանդիպման ամենասպասված  մասը ֆիլմարտադրության մասին էր: Կինոռեժիսորը Հայաստան էր եկել «Ոսկե ծիրանի» շրջանակներում, և նրա ֆիլմերը նույնպես ցուցադրված էին փառատոնում: Իր հետ բերել էր 2 ֆիլմ` մեկը` դոկումենտալ`«Հովվի երգը», որն այս տարի «Ոսկե ծիրան» փառաոտոնի մրցույթային ծրագրում էր, մյուսը` խաղարկային` «Կաթնեղբայր», որը բազում մրցանակներ է ստացել տարբեր միջազգային կինոփառատոներում: Նախքան ֆիլմերի դիտումը  հեղինակը մեջբերեց հայտնի դոկումենտալիստ Յացեկ Բլավուտի խոսքերը, որ դոկումենտալ ֆիլմը պիտի նկարել որպես խաղարկային ֆիլմ, իսկ խաղարկային ֆիլմը պիտի անել որպես դոկումենտալ: Ապա ավելացրեց, որ իր ֆիլմերը նույնպես փորձել է այդ սկզբունքով նկարել:

Ֆիլմերը բավականին հաջողված էին թե’ թեմաների ընտրությամբ, թե’ հետաքրքիր ռեժիսորական լուծումներով, և թե’ կադրերի ու պատկերի ընտրությամբ: Ֆիլմում ցանկացած կադր կարող էիր հանել, ու դա կլիներ առանձին նկար: Սակայն բոլորիս հատկապես գրավեց ֆիլմերից մեկում օգտագործված երաժշտությունը, որը, ինչպես հետո իմացանք, գրել էր երիտասարդ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը, ով նույնպես «Մանանայի» սաներից է եղել: Այդ  պահին այնքան ջերմություն զգացինք բոլորս: Դե, դա գաղտնիք չէր, որ «Մանանան» մեզ համար զուտ   ինչ-որ դպրոց կամ կազմակերպություն չէ, այլ թիմ, ընտանիք, գաղափար, որն իր շուրջ մարդկանց  է համախմբում: Եվ այդ փաստը կարծես մեկ անգամ ևս գալիս էր ապացուցելու, որ այստեղ մարդիկ միշտ պահում են իրար:

Բավականին ակտիվ քննարկում ունեցանք ֆիլմերից հետո: Հարցեր հնչեցին դոկումենտալ և խաղարկային ֆիլմերի տարբերությունների, դրանցում առկա սահմանների, մոնտաժի փուլի, նյութի ընտրության, տեխնիկական հմտությունների և այլնի մասին:  Կինոռեժիսորն ասաց, որ ավելի շատ նախընտրում է խաղարկային ֆիլմեր նկարել, որովհետև այդտեղ ռեժիսորն ունի ավելի մեծ ազատություն, իսկ դոկումենտալ ֆիլմն ավելի բարդ է, որովհետև դու աշխատում ես իրական կերպարների ու մարդկային ճակատագրերի հետ, և հաճախ չես կարողանում քո ուզած կադրը ստանալ: Պատահում է  նաև, որ դոկումենտալիստը կապվում է իր հերոսի հետ ու կարծես պատասխանատու է դառնում նրա ճակատագրի համար: Դոկումենտալ ֆիլմը դժվարանում է այն ժամանակ, երբ ռեժիսորը նաև օպերատորն է ֆիլմի, որովհետև մոնտաժի ժամանակ հաճախ հսկայական նյութ է հավաքվում, ու պիտի կարողանաս հեշտությամբ ազատվել դրա մի մասից, նույնիսկ եթե այն լավն է…

Հանդիպման վերջում խնդրեցինք  խմբակային լուսանկար անել: Չմերժեց, ավելին` լուսանկարվելու պահին  հասցրեց մի քանի գործնական խորհուրդներ էլ տալ մեզ լույսի հետ «աշխատելու» հմտությունների հետ կապված:  Դե, «Մանանայից» Է եղել, չէ, ինքն է մեր կենտրոնի ֆոտոստուդիան հիմնադրել, հո պահը իզուր չէ՞ր կորցնելու…

Բյուրականյան մեդիա ճամբար. ամենաերկար ու անվերջանալի օրը (օր 7)

Օրը սկսվեց խաղաղությամբ, քանի որ մոնտաժի խմբերը պետք է շարունակեին իրենց աշխատանքը և ոչ մի տարբերություն չէր լինելու նախորդ օրվանից: Հյուրանոցում հակասական աշխատանքային մթնոլորտ էր տիրում: Մոնտաժ անող խմբերը լուռ փակված էին սենյակներում, իսկ մյուսները, ովքեր պետք է իրենց օրը անցկացնեին նյութեր գրելով, անընդհատ շրջում էին միջանցքում գործնական տեսքով:

Հաճախ իրար գտնելու և ինչ-որ բան հարցնելու, կամ էլ համակարգիչ փնտրելու և նոր հանձնարարություն ստանալու համար: Այսպես էլ շարունակվեց օրը մինչև երեկո, իսկ երեկոյան ֆիլմերի ցուցադրումն էր: Այն ֆիլմերի, որոնք նկարել  էինք մենք, և որոնց մոնտաժը հենց նոր էր ավարտվել, կամ էլ փոքր- ինչ թերի էր մնացել:

Բոլորիս շատ հաճելի էր տեսնել այն ֆիլմերը էկրանի վրա, որոնց վրա մենք ենք աշխատել: Բոլորս մեծ հետաքրքրությամբ էինք դիտում՝ տեսնելու, թե մեր նկարած կադրերից որոնք են մնացել, և որոնք դեն նետվել:

Ֆիլմերի դիտումից հետո բոլորը՝ և հայերը, և սերբերը,  կարծիքներ հայտնեցին: Կարծիքները փոխակերպվեցին փոխադարձ շնորհակալությունների մեր և սերբերի միջև: Հետո դիտեցինք մեր սերբ ընկերներից մեկի պատրաստած նյութը Սերբիայի մասին: Նա շատ հումորով էր մոտեցել հարցին, և բոլորիս մի լավ ուրախացրեց: Երեկոն շարունակվեց հայկական և սերբական պարեր միմյանց սովորեցնելով և պարելով մինչև գիշերվա ժամը 2-ը: Այդ ժամին մենք հրաժեշտ տվեցինք մեր սերբ ընկերներին և ճանապարհեցինք նրանց օդանավակայան, հույս ունենալով, որ նրանք գնում են միայն լավ տպավորություններով: