Աշնան պատառիկներ

Օրդ սկսիր և ավարտիր մեկ բաժակ սուրճով կամ թեյով

Երևանում հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի ունեցավ Թեյի ու սուրճի առաջին փառատոնը: Փառատոնն իրականացվում էր Կարապի լճում:

Չափազանց հետաքրքիր փառատոն, որտեղ ներկայացված են ոչ միայն տեղական արտադրանքի թեյեր և սուրճեր, այլ նաև միջազգային ընկերությունների: Վճարելով 2000 դրամ՝ այցելուները կարող են համտեսել թեյի և սուրճի ցուցադրվող տեսականուց որքան որ ուզեն: Բարձր երաժշտություն, ահել-ջահել, ուրախ մարդիկ, աշնան տաք արև ու թեյի, սուրճի անուշ բուրմունք: Փառատոնը բոլոր թեյասերների ու սուրճից չհագեցողների համար լիարժեք տոն է:

Մասնակցող ամեն մի կազմակերպություն յուրովի և մյուսներից հնարավորինս տարբերվող դիզայնով փորձել է ներկայացնել իր արտադրանքը, քանի որ սա էլ հրաշալի հնարավորություն է իրենց արտադրանքը գովազդելու և շուկայում դրա սպառումը խթանելու համար:

Օրինակ, տեղական արտադրության «Ար Ֆիտո-Ֆարմ» ընկերությունը ներկայացնում է խոտաբույսերով բնական թեյեր, որոնք ունեն բուժիչ նշանակություն: Խոտաբույսերը հիմնականում Հայաստանում հանդիպող տեսակներ են, սակայն կան նաև թեյեր, որոնք պատրաստված են ներմուծված խոտաբույսերից:

Իսկ օրինակ, «Իմպերիալ» թեյերը Հայաստան են ներմուծվում Մոսկվայից և համեմատաբար նոր են շուկայում: Առաջարկում են ինչպես բարձր, այնպես էլ միջին ու ցածր արժողությամբ թեյեր՝ հասանելի բոլորին:

Ուսանողական կյանքից

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Երևան՝ սիրո քաղաք. Էրեբունի-Երևան 2799

Այգեձորի տաք ու սառը գույները

Տավուշի մարզի Այգեձոր գյուղն ինձ շատ հարազատ է: Ես այն կարծիքին եմ, որ Այգեձորում նույնիսկ մեկ անգամ լինողը կրկին ցանկանում է վերադառնալ այստեղ: Այգեձորը կարծես կանչում է մարդկանց: Չգիտեմ, գուցե ինձ կանչում են իմ տատիկն ու պապիկը, որոնք ապրում են այստեղ: Թեև շատ եմ ցանկանում՝ հաճախակի չեմ կարողանում գնալ գյուղ, բայց ամեն գնալով՝ ցանկանում եմ գրել Այգեձորի մասին:

Օրերս գնացել էինք: Տատիկս ասում է, որ գյուղն ունի մեկ խնդիր՝ արտագաղթը:

-Հողը լավն ա, ճյուրն էլ, բերքն էլ, էն ա թե՝ ջահիլությունը քիչ-քիչ քյընմ ա: Գյուղը տառել ա ծերանոց: Հրետ՝ իմ չորս հըրևաններից իրեքի տան վրյա ղըփու տրյած ա. քնացել են:

Բայց տատս չի հուսահատվում.

-Դե, եռնակ քնան, գործնին լյավ լի, հետ կյան,- ու ոգևորված ինձ տանում է այգին ցույց տալու, որը կարծես հատուկ ինձ համար գեղեցկացել էր այդ օրը: Խաղողը, հոնը արդեն հասել են:

Երբ տատիս ասում ենք, որ առողջությունն այն չէ, մյուս տարի այգին չմշակի, ասում է.

-Պտի կյաք սաղ ծառ, տուփ կտորեք, վեր վեչ աչկըս տենա, վեչ էլ բեջարեմ, բաղչեն մըտնեմ: Թե չէ՝ իմ խիղճըս տալիս չի, ծառերը բերքի տակին կոտրարտվե՞ն կամ ճյըրեմ վեչ՝ չորանա՞ն թըփերը… Քանի սաղ եմ, բաղըս հավաք, մաքուր պահիլ դեմ, վեր թոռներս կյան իրանց տատի բաղիցը մի խնձոր պուկեն ուտեն, հավապնից մի ծյու պիրեն ուտեն, բա ի՞նչ, պտի տհե լի…

Օրոր էր ասում աշունն անտառին

Արենի գինու փառատոն

Եթե գինեսեր ես կամ անգամ, եթե չես, հավանաբար գիտես գինու ամենամյա փառատոնի մասին: Գինու համահայկական փառատոնը ավանդաբար անց է կացվում հոկտեմբերի առաջին շաբաթ օրը «գինու երկրում»՝ Արենի գյուղում: Տոնը սկսվում է գյուղի մի ծայրից ու ավարտվում մյուսում: Չնայած, երևի, չի էլ ավարտվում, գիտե՞ս:

Եթե փառատոնի մասին շատ ուրիշ հստակ տեղեկություններ են հետաքրքրում, ուրեմն ասեմ, որ ես դրա համար չեմ այստեղ: Նման պաշտոնական բաները ուրիշ աղբյուրներից էլ կարող ես իմանալ, իսկ այ, ես եկել եմ՝ քեզ պատմեմ, թե ինչ եմ զգացել մայրաքաղաքից 120 կմ հեռավորության վրա:

Իրականում, ընտիր հնարավորություն է Վայոց Ձորի բնությամբ հիանալու, քաղաքի միապաղաղությունից կտրվելու, օրը տոն դարձնելու և ուրախանալու համար: Փառատոնի ծրագրում ներառված են լինում գինու պատրաստումը, համտեսը, հյուրասիրությունը և իհարկե, վաճառքը: Վաճառքից չեմ ուզում խոսել, մենակ ասեմ, որ ընտիր մարքեթինգ է կատարվում: Ուզում եմ ուշադրությունդ հրավիրել նախավերջին երկուսի՝ գինու համտեսի ու հյուրասիրության վրա: Ասեմ, որ արենիցիները (վստահ չեմ, որ էսպես են ասում, բայց ուրիշ բան չգտա) հրաշալի կերպով են անցկացնում: Գինու ընտրությունը մեծ է՝ կարմիրից մինչև սպիտակ, չորից մինչև կիսաքաղցր, ու համտեսելու ցանկությունը՝ ավելի: Տաղավարներին մոտենալն ու ժպիտներ ու ջերմություն չստանալն անհնար բան է: Իհարկե, ջերմություն ստանալու հարցում գինին իր գործն անում է ու այն էլ ինչ պատվով, բայց դե: Ու, միանշանակ, պատահական բան էլ չկա, ընտիր խաղողից ընտիր գինի են ստանում, ու դա անհերքելի փաստ է: Էնպես որ, հստակ խորհուրդ կտամ գոնե մի անգամ ներկա գտնվել տոնին: Թե բա՝ Save water, drink Karas:

Լուսանկարը` Սերյոժա Բաբոյանի

Հայաստանի գյուղերը. Ռինդ, Վայոց Ձորի մարզ

Ռինդ գյուղը գտնվում է Վայոց Ձոր մարզում, հիմնադրվել է 1800-ական թվականներին։ 1828թ.-ին ինչպես Վայոց Ձորի շատ գյուղեր, այնպես էլ Ռինդ են եկել և բնակություն հաստատել Խոյ և Սալմաստ գավառներից, այդ իսկ պատճառով տեղացիները «թազա հայեր» են։ 1967թ.-ին սողանքի պատճառով գյուղը տեղափոխվել է երեք կիլոմետր արևմուտք, և այդ տարածքը, որին «Թափ» են անվանել, վերանվանվել  է Ռինդ։

Ռինդը հայ ժողովրդին տվել է շատ տաղանդավոր ու հայրենասեր մարդիկ։ Ռնդեցի է օրինակ՝ Վայոց Ձորի թեմի առաջնորդը։

Գյուղը հայտնի է «Զորահ» գինեգործարանով: Ժամանակին շատ մեծ է եղել խմելու ու ոռոգման ջրի խնդիրը, սակայն հետո գյուղացիների ջանքերով Արփա գետից պոմպերով ջուր է մատակարարվել գյուղ։ Տնտեսությանը նաև շատ է խանգարում մայրուղուց ու մարզկենտրոնից հեռու լինելը (Եղեգնաձորից գտնվում է 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրուղուց՝ 4 կմ)։ Երեխաները լրացուցիչ պարապմունքների համար  կամ գնում են հարևան գյուղեր՝ Չիվա, Աղավնաձոր, Արենի և այլն, կամ ում հնարավորությունը ներում է, գալիս է Եղեգնաձոր։

Այստեղ նույնպես մեծ է արտագաղթի խնդիրը: