arxiv

Շնային պատմություն

Մենք պատրաստվում էինք մրցույթի: Այն մրցույթին, որի մասին մի անգամ արդեն պատմել եմ: Բայց եթե չեք հիշում, նորից կպատմեմ: Մեր դպրոցում անգլերենի մրցույթ էր լինելու երկու թիմերի միջև: Ես մեր թիմի ավագն էի: Մենք ամեն օր փորձ էինք անում: Արդեն գարուն էր, ու մենք որոշեցինք հերթական փորձն անել Գևորգենց տան բակում: Գևորգը Կոնդում է ապրում: Կոնդի ոլոր-մոլոր ճանապարհներով բարձրանալով, շնչակտուր տեղ հասանք:

-Երեխեք, հասանք,- ասաց Գևորգը,- կանգնեք, հիմա ես ձեզ ցույց կտամ իմ շանը:

-Մենակ գնացեք,- ասացի ես,- ես չեմ գա:

Եթե չգիտեք, ապա ասեմ, որ ես շներից շատ եմ վախենում:

-Ոչ,- ասացին բոլորը և սկսեցին ինձ հրել:

Հրելուց իրար վրա ընկանք: Ի վերջո հրելով ինձ ներս մտցրին: Շան բույնը տան կողքին էր, և դռնակը փակված էր ցախավելով: Սկսեցինք փորձը:

-Սամվել, I have got a brother: Սարքիր հարցական և ժխտական:

Այդ պահին ես ճչացի.

-Շունը:

Գևորգի չարաճճի եղբայրը բացել էր դռնակը և դուրս հանել շանը:

Թե ինչ եղավ հետո, ավելի լավ է չպատմեմ: Բայց դա մեր առաջին ու վերջին այցելությունն էր Գևորգենց տուն: Բա՞:

Նարինե Դանեղյան 11տ., 2002թ.

araqs azizyan

Իմ առաջին կուրսը

Մեծ շունչ քաշելով՝ ավարտելով քննությունները, ուզում եմ ձեզ ներկայացնել 2017-2018 ուսումնական տարին՝ իմ առաջին կուրսը։ Անսահման արագ անցավ այս մի տարին։ Հիշում եմ սեպտեմբերի 1-ը, որ առանց հասկանալու, առանց պատրաստվելու նոր կյանք էինք մտնում։ Նոր, որտեղ կան թե՛ հիասթափություններ, թե՛ ուրախություն, թե՛ տխրություն։ Մի լսարանում 43 ուսանող, բոլորը տարբեր մտածելակերպի, 43 նոր ու կայացած ես-եր, որ առանց հասկանալու նոր կյանքի իմաստը՝ մեծ քայլ կատարեցին դեպի համալսարան։

Հիշում եմ, երբ ուսանող չէի, իսկ քույրիկս նոր էր ընդունվել, ասում էր՝ դեկան, դեկանատ, զամդեկան, միշտ մտածում էի՝ լավ ես է՞լ եմ նույն բառերը ասելու։ Երբ ընդունվեցի, հիշում էի այս ամենը ու խորը շունչ քաշելով ասում.

-Հա, էս էն ամեն ինչն ա, ինչ քույրիկիցս էի լսում։

Նոր ընդունված ուսանողի նման սկզբում պարտաճանաչ նստում էինք դասերին, նույնիսկ մի վայրկյան չէինք ուշանում զանգը տալուց։ Մի քանի ամիս հետո նոր հասկացանք, որ կարելի է մի քիչ ուշանալ՝ մի քանի վայրկյան։ Կարևորն այն է, որ սիրում ենք մեր համալսարանը, մեր ֆակուլտետը, մեր կուրսեցիներին։ Սիրում, հարգում, մի քիչ վիճում, իսկ հետո նորից սկսում ժպտալ իրար։

Մի քիչ պատմեմ իմ կուրսեցիներից։ Ամենակարևորն այն է, որ միշտ կհիշեմ ու կկարոտեմ այն ամենը, ինչ կապված էր այս մի տարվա հետ։

Երբեք չեմ մոռանա Ինգայի ասած. «Օ՜, բոժե մոյ»-ը։ Ինգ, լավ կհիշես, ինչքան էի ասում՝ մի հատ կասե՞ս էլի քո ասածը։

Լուս, դե գիտես՝ մենք եթե մի բան ենք ուզում ասել, ուրեմն՝ միշտ իրար հետ ենք ասում ու անպայման հավասար։

Վերգինե, չասեմ էլի էն, որ ջղայնացած ժողով եմ անում, իսկ դու ամենավերջում ամեն ինչ անում ես, որ ինձ խառնես, ես էլ ծիծաղեմ, բայց դե գիտես՝ մեկ է՝ չի ստացվում:

Մար, դե քո «գիտեմ»-ը․ մենք խոսք ենք տվել, որ քեզ պետք է մինչև չորրորդ կուրս սովորեցնենք, որ երբ ասում են՝ սիրուն ես, Մար ջան, ոչ թե ասես՝ գիտեմ, այլ ուղղակի՝ շնորհակալություն։

Ամենավերջում ուզում եմ պատմել ամենահավես, ամենակարևոր մարդու մասին՝ Աննայի։ Հա, հիշում եմ՝ ոնց չէինք սիրում իրար, յոլա չէինք գնում իրար հետ, իսկ հիմա ամենամտերիմ ընկերուհիներ ենք, մենք ամենահավես, ուրախ ու նույնիսկ տխուր պահեր ենք ունեցել իրար հետ։

Ես սիրում եմ իմ համալսարանը, իմ կուրսը, դասախոսներին։ Կարևոր են բոլորը կյանքում՝ ամենամեծ քայլերը անելու համար։

Հիմա ուզում եմ փակել մեր լսարարանի դուռը ու թողնել այնտեղ առաջին կուրսի ամենավառ, գունավոր, պայծառ օրերը։ Ուզում եմ՝ երկրորդ կուրսում ժպիտները, սերն ու հարգանքը կրկնապատկվեն։ Անկեղծ, շատ կկարոտեմ:

Մեկ շաբաթ Թումոյում

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Time land հիմնադրամի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի աջակցությամբ ուղիղ մեկ շաբաթ առաջ Կալավան էր այցելել Արմանը՝ Հայրենիքի դարպասներ ՀԿ- ի նախագահ: Նա մեզ ասաց, որ կիրակի օրը Երևանի Թումո կենտրոնում մեկ շաբաթով ճամբար պետք է լինի, և եթե մենք մեզ լավ դրսևորենք, մեզնից երկու հոգի կարող են մասնակցել ճամբարին: Շատ էինք ուրախացել, խաղացինք մի քանի հետաքրքիր խաղ, Արմանը շատ գոհ էր մնացել, ասաց, որ կընտրի երկու երեխայի և մեզ կտեղեկացնի: Այդ ամենը տեղի ունեցավ շաբաթ օրը, եթե մեզնից որևէ մեկը ընտրվեր, պետք է հաջորդ օրը գնար Երևան՝ մասնակցելու ճամբարին:

Ուրախ-ուրախ վազեցի տուն ու ամենը հայտնեցի մայրիկիս:

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

-Մա՜մ, չես պատկերացնի՝ ոնց եմ ուզում գնալ էնտեղ, վստահ եմ, որ հավես կանցնի: Մամ, բա որ գնամ, ի՞նչ եմ տանելու, չէ, հաստատ չեմ հասցնի պատրաստվել:

-Կհասցնես, հանգստացի, համ էլ քեզ էդքան մի տրամադրի, բա որ դու չընտրվես:

Համենայնդեպս, ես չլսեցի մայրիկիս: Մի ներքին ձայն ասում էր ինձ, որ ես պետք է գնամ, ու ես սկսեցի պատրաստվել:

Արդեն երեկո էր, ես հույսս կորցրել էի, որ կարող եմ ընտրված լինել։ Ահա և հեռախոսը զանգեց, սիրտս թրթռաց․ արդեն վստահ էի, որ ես եմ ընտրվել։

-Հը, մամ, ասա, որ ինձ են ընտրել, դե ասա:

-Հա՜-հա՜, քեզ են ընտրել, պատրաստվի, որ վաղը ժամը 4-ին գնաս:

Հաջորդ օրը գնացինք, ծանոթացա երեխաների հետ։ Բոլորը միմյանց ճանաչում էին, քանի որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից էին: Վերջապես հասանք Երևան, տեղավորվեցինք հյուրանոցում:

Օր առաջին

Առաջին օրը սկսվեց այսպես: Ժամը ուղիղ 6-ին բոլորս մի մարդու պես վեր կացանք, որպեսզի ժամը 9-ին գնանք Թումո` դասերին մասնակցելու: Ճիշտն ասած՝ ինքներս էլ չգիտեինք՝ ինչու էինք այդքան շուտ արթնացել, ու գիշերն էլ քնել էինք ժամը 4-ին: Մի խումբ կիսաքնածներ նստեցին մեքենան ու գնացին Թումո։ Դասերը տարբեր էին, դրանք ընտրում էինք մենք։ Ես ընտրել էի «կայքերի ստեղծում» և «լուսանկարչություն»։ Մինչև ժամը 3-ը մնացինք այնտեղ, ապա գնացինք բուսաբանական այգի։ Հետո՝ ընթրելու, ապա հյուրանոց՝ մեր հանգիստը վայելելու:

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Օր երկրորդ

Երկրորդ օրը դասերի ավարտից հետո գնացինք Գառնի, շուրջպար բռնեցինք, լուսանկարվեցինք, ընթրեցինք:

Գառնիից վերադարձանք հյուրանոց, գնացինք հանգստի սենյակ, պառկեցինք՝ ով որտեղ հասցրեց ու հեռուստացույց դիտեցինք: Հետո գնացինք սենյակ ու չեմ էլ հիշում ոնց՝ քնեցինք:

Օր երրորդ

Դասերի ավարտից հետո պետք է գնայինք Թումոյի այգի՝ ֆուտբոլ կամ բասկետբոլ խաղալու, բայց քանի որ անձրև սկսվեց, չգնացինք: Մնացինք Թումոյում՝ մուլտֆիլմ դիտելու, սակայն դա էլ չստացվեց․ տեխնիկական խնդիրների պատճառով ձայնը չէր լսվում: Երեկոյան ընկեր Սոնային խնդրեցինք, որ մեզ տանի հրապարակ զբոսնելու, պաղպաղակ ուտելու և շատրվանները տեսնելու։ Նա մեզ չմերժեց, զբոսանքից հետո եկանք հյուրանոց, պառկեցինք ու քնեցինք:

Օր չորրորդ

Չորրորդ օրը դասերը վերջացան, և մենք ուղևորվեցինք գրականության և արվեստի թանգարան։ Մեզ ծանոթացրին երաժշտության, գրականության սենյակների հետ, ապա բաժանեցին խմբերի և խաղացինք շատ հետաքրքիր խաղ՝ մենք պետք է գուշակեինք, թե ինչով են նկարել, ինչ հագուստ են կրել «Նամուս» ֆիլմը նկարահանելիս: Երեկոյան հյուրանոցում «Դե, խաղա» էինք խաղում․ պետք է վերցնեիր մի քարտ և անեիր այն, ինչ այնտեղ գրված էր։

Վահագնին ընկավ, որ պետք է լացակումած զանգի տուն ու ասի՝ ճի՞շտ է, որ ես որդեգրված եմ։ Վերջապես զանգեցինք Վահագնի քրոջը, Վահագնը հարցրեց․

-Էդ ճի՞շտ ա, որ ես որդեգրված եմ։

Քույրը ասաց.

-Հա,- ու անջատեց:

Բոլորս այնքան ծիծաղեցինք, մինչև մեզ վրա բարկացան։

Օր հինգերորդ

Հինգերորդ օրը մեր վերջին օրն էր Թումոյում։ Տեղի էր ունենալու մեր պրեզենտացիան․ պետք է ներկայացնեինք մեր ստեղծած կայքերը, ֆիլմերը, լուսանկարած պորտրետները և մնացած այն ամենը, ինչ ստեղծել էինք: Կայքերը ներկայացրեց ընկեր Արամայիսը։ Արցունքներս հազիվ էի զսպում, որ չարտասվեմ: Էլ չէի տեսնելու երեխաներին, ընկեր Արամայիսին, շատ էի կարոտելու այն օրերը, որ անցկացրել էի նրանց հետ:

Ընթրեցինք և գնացինք հյուրանոց: Հանգստի սենյակում մեզ բաժանեցին հավաստագրեր, հետո գնացինք սենյակ, հանգստացանք, հավաքեցինք իրերը, որ հաջորդ օրը ժամը 10-ին գնանք Գյումրի, Ծակքար, այնտեղից՝ Դիլիջանի Թումո, որտեղից էլ մեր ծնողները մեզ պետք է տուն տանեին:

Օր վեցերորդ

-Երեխեք, վեր կացեք, արագ, շուտ արեք, թե չէ կուշանանք:

-Լավ էլի, ընկեր Օֆելյա, մի քիչ էլ քնենք:

Չեմ էլ հիշում՝ ոնց եմ վեր կացել, պատրաստվել, նախաճաշել ու գնացել հրապարակ: Նստել ենք մեքենա, գնացել Գյումրի, շրջել այնտեղ, հետո գնացել Ծակքար: Վերադարձանք Գյումրու հին կոլորիտով ռեստորան․ աղջիկները գնացին խոհանոց, իսկ տղաները՝ իրենց ձեռքով խորոված պատրաստելու:

Ընթրելուց հետո ջերմ զրույցով, երաժշտություն լսելով վերադարձանք Դիլիջանի Թումո:

Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր մեկ շաբաթ շարունակ մեզ ընդունեցին գրկաբաց, սիրեցին իրենց երեխաների պես, գիտելիք տվեցին: Երբեք չեմ մոռանա նրանց, կպահեմ սրտիս մի փոքրիկ անկյունում, որ ամեն անգամ թերթեմ հուշերս ու հիշեմ մեր խենթությունները:

Anna Andreasyan

Խառը տպավորություններ

Ինչպես արդեն գիտեք, կամ գուցե դեռ չգիտեք, արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանում եմ: Բայց մինչև հիմա չեմ պատմել իմ առաջին տպավորությունների մասին, երբ տուն հասա: Հիմա ժամանակն է: Գիտես, երբ տանը չես լինում, անընդհատ մտածում ես, որ այս կամ այն բանը կանեիր, եթե տանը լինեիր: Կամ ասում ես, որ կարոտել ես ամեն ինչ, նույնիսկ այնպիսի բաներ, որ միշտ տանել չես կարողացել:

Եվ այսպես, իմ առաջին տպավորութունները բողոքների ու մեկ-մեկ էլ գոհունակության տեսքով են:

Ուրեմն, մեր երկար ու հոգնեցուցիչ թռիչքներից հետո, 14 ժամ Վիեննայում սպասելուց հետո վերջապես Երևան բերող օդանավի մեջ ենք: Ու նույնիսկ այդ պահին մի տեսակ դեռ չէի գիտակցում, որ այս անգամ կապող թռիչք չէ, այլ իրոք տուն էի հասնում: Իհարկե, ամեն ինչ ավելի հավատալի դարձավ, երբ հեռվից երևացին Երևանի լույսերը: Չես պատկերացնի՝ ինչ տարօրինակ զգացում էր: Բոլոր հայերով իրար ձայն ենք տալիս, թե՝ տեսեք, Երևանի լույսերն են: Հետաքրքիր էր տեսնել օտարերկրացիների հայացքները մեզ այդպես ոգևորված տեսնելիս: Մեզ համար Երևան հասնելը, մեկ տարի տնից հեռու լինելուց հետո, հայրենիքը այդքան կարոտած լինելուց և այդքան շատ մեր երկրի մասին ուրիշների մոտ խոսելուց հետո վերջապես տուն հասնելն էր: Հասնել այն հայրենիքը, որով հպարտանում էինք օվկիանոսից այն կողմ:

Վերջապես վայրէջք կատարեցինք: Չեք հավատա, որ ասեմ՝ վազում էինք դեպի բոլոր անցակետերը, որ վերջապես դուրս գանք մեզ դիմավորող բազմության մեջ: Եվ չնայած մեր այդքան ոգևորությանը, կար որոշակի հիասթափություն:

Հենց մտանք «Զվարթնոց» օդանավակայան, արդեն պարզ էր, որ Հայաստանում ենք: Չնայած մեր պայծառ ու ժպիտով լի դեմքերին, բոլորը շատ ջղային էին թվում: Հիմա հասկանում եմ, որ դա ուղղակի նրանց դեմքի մշտական արտահայտությունն է: Օդանավից դուրս գալուն պես արդեն սկսվեցին. «էս ինչ շոգ ա» բողոքները, որը արդեն մեկ ամիս է՝ շարունակվում են ամեն օր, մինչդեռ ԱՄՆ-ում մտածում էի, թե ինչքան կարելի է օդորակիչը միացրած պահել, մի քիչ էլ արևի ջերմությունը վայելեք: Այս ամենի հետ էլ մամային անընդհատ թվում էր, թե ես մրսում եմ:

Հետո մի քանի օր անցնում է, ու հասկանում ես, որ Հայաստանում այդպես էլ հերթ կանգնել չսովորեցին, իսկ ճշտապահությունը դեռ շատ ճանապարհ ունի անցնելու: Ու հենց այստեղ հասկանում ես, որ մշակութային շոկի մեջ ես:

Բայց դա մեկ-երկու շաբաթվա հարց է: Հետո արդեն այդքան սթրեսի մեջ չես ընկնում, այլ ուղղակի նյարդայնանում ես հարևան տատիկի հարցաքննություններից, տրանսպորտի մշտական ուշացումներից ու բոլորի անժպիտ հայացքներից:

Դե ինչ արած, սա էլ մեր հայրենիքն է՝ իր թերություններվ հանդերձ, որ միևնույն է, թանկ է ու հարազատ, որին այդքան կարոտել էինք:

heghine enoqyan

Երբ երազում ես հեղափոխել երկիրդ 12 տարեկանից

Ի սկզբանե որոշել էի այլ բան գրել, բայց դեպքերն ու դեմքերը ինձ բոլորովին այլ բան հուշեցին: Պիտի ձեզ մտովի տեղափոխեմ 2008 թվականի մարտի 1-ի օրը: Տասը տարի առաջ ես 12 տարեկան էի: Այդքան էլ փոքր տարիք չէ հասկանալու համար, թե շուրջդ ինչ է կատարվում, բայց և մեծ էլ չէ, հասկանալու համար՝ ինչու: Մարտի 1-ին նախորդող գիշերը երբեք չեմ մոռանա: Տանը նստած էինք, երբ աղմուկ լսվեց, ու երբ մոտեցանք պատուհանին, տեսանք բավականին մեծ քանակությամբ տանկեր, զինվորական մեքենաներ: Թե ուր էին գնում՝ պարզ է: Առավոտյան արթնանալուն պես լուրերով հայտնեցին տասը զոհի, հարյուրավոր վիրավորների ու ձերբակալվածների մասին, որոնց մեջ կային նաև հարազատ մարդիկ: Երկար ժամանակ աչքիս առաջից չէին հեռանում այդ պատկերները: Ինձ մի հարց էր տանջում՝ ինչու: Ինչո՞ւ երկրի ղեկավարները չեն սիրում մեր հայրենիքն ու հայրենակիցներին: Ինչո՞ւ են հեռուստացույցով լուրերը հայտնելիս ստում: Ինչո՞ւ են դատապարտում մարդկանց, ովքեր ընդամենը պայքարում էին իրենց իրավունքների համար: Ե՞րբ է վերականգնվելու արդարությունը:

Եվ դրան հաջորդեց, երևի թե, երրորդ հանրապետության ամենադժվար ժամանակահատվածը: Երկիր, որտեղ կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, անմեղ դատապարտվածներ, որտեղ չկա ազատ, անկախ լրատվություն, ազատ խոսք, բայց կա համատարած վախի մթնոլորտ: Չկա ոչ մի հույս ապագայի հանդեպ: Բայց վերջինը կարճ տևեց: Պայքարը անցավ մի նոր փուլ, որին հաջորդեցին դատեր, քաղաքական զբոսանքներ, խաղաղ երթեր, հանրահավաքներ, որոնց ես մասնակից եմ եղել 12 տարեկանից: Ես մեծերի հետ հավասար մասնակցում էի այդ ամենին: Պայքարի գաղափարը արմատավորվեց հենց այդ ժամանակահատվածում: Իսկ արդեն տարիներ անց, երբ տեղի ունեցավ երկար սպասված համաներումը, հենց այն նույն պատուհանից, որտեղով անցել եին տանկերը, տեսա Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը՝ զարդարված եռագույնով, որ ուղեկցում էր իրեն բանտից դեպի տուն և ազդարարում պայքարի հաջորդ փուլը:

Երանի ոչ մի երեխա այդպիսի չափաբաժնով չբախվի անարդարությանը, քանի որ դրանից առհասարակ խուսափելը կյանքում անհնարին է: Երանելի է այս սերունդը, որ տեսնում է այնպիսի երկրի ղեկավարներ, ում համար քաղաքացու կյանքը, զինվորի մեկ կաթիլ թափած արյունը ավելի թանկ է, քան իր գրպանի պարունակությունը: Երկիր, որտեղ կա ազատ լրատվութուն ու ազատ խոսք: Տարիների դադարից հետո հիմա կարող եմ հեռուստացույց նայել: Որտեղ դասից չես ուշանա այն պատճառով, որ խցանման մեջ էիր, որովհետև երկրի նախագահը կամ երկրի ղեկին կանգնածներից ինչ-որ մեկը ինչ-որ տեղ է շտապում, և դրա համար բոլոր ճանապարհները պիտի փակվեն, մինչև նա կանցնի այդտեղով: Որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ: Երբ չես մտածում երկիրը լքելիս ո՞ր երկրում արժե կյանքդ շարունակել: Որ կրթությունդ և գիտելքիներդ պետք կգան, նոր երկրի կառուցման գործում քո ներդրումը կունենաս: Մենք արդեն իսկ ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ ուժային կառույցները՝ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, զբաղվում են ոչ թե հանրահավաքներին մասնակցող մարդկանց ինքնությունը պարզելով և սպառնալով, այլ իրենց իրական գործառույթներով: Երկիր, որտեղ մեր իրավունքները պաշտպանված են:

Եվ սա այնքան էլ թավշյա հեղափոխություն չէր: Մենք շատ թանկ ենք վճարել այն թավշյա կոչելու համար: Տարիներ էին պետք թավշյա հեղափոխության գիտակցմանը գալու համար: Շատ ու շատ դեպքեր մեզ ստիպեցին հասկանալ ու տվեցին իմաստություն պայքարի այս ձևը ընտրելու համար:

Եվ ուրեմն, կեցցե՜ սիրո և համերաշխության հեղափոխությունը:

Կեցցե՜նք մենք, որ արդեն իսկ ապրում ենք ազատ, անկախ և արդար Հայաստանում:

anahit baghshetsyan

Թաքնված Երևանը

Եկել է ամառը՝ շոգ ու տապով լցված։ Միշտ սպասում եմ ամռանը, սակայն, երբ նա, իրականացնելով իմ սպասումները, գալիս է, ես նրան դիմավորում եմ դատարկաձեռն՝ ոչ մի պլան չեմ ունենում։ Եթե դու էլ չգիտես՝ ինչով լցնել այս ամառը, ուրեմն ճիշտ հասցեով ես եկել։ Կփորձեմ պատմել՝ ինչով կարելի է զբաղվել ամռանը Երևանում։

Առաջին հերթին պետք է ծանոթանալ Երևանի հետ։ Հիմա դու մտածեցիր, որ շատ լավ գիտես Երևանի փողոցները, «Մոսկվա» կինոթատրոնը, Հյուսիսային պողոտայի խանութներն ու Սայաթ-Նովա-Նալբանդյան խաչմերուկի ցայտաղբյուրը։ Դա չի նշանակում, որ դու ծանոթ ես Երևանին։

Գործը սկսելու համար առաջին հերթին պետք է հայտնվել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում։ Հետո հագնել ականջակալներն ու բարձր միացնել Ֆորշի կամ Հախվերդյանի կատարումներից մեկը, լայն ժպտալ ու քայլել։ Ուշադիր նայիր շուրջդ։ Կտեսնես շտապող մարդկանց, սրընթաց մեքենաներ, գեղեցիկ շենքեր ու քեզ նման շատերին։

Հետո ընտրիր ցանկացած անկյուն ու թեքվիր ձախ։ Դու դեռ Երևանում ես, բայց հիմա արդեն մեկ ուրիշ Երևանում։ Հիմա կանգնած ես բնակելի շենքերի գրկում։ Արտաքուստ դրանք ոչնչով չեն տարբերվում, սովորական շենքեր՝ սովորական բնակիչներով։ Ամենայն հավանականությամբ, կնկատես մի ֆուտբոլի դաշտ կամ սովորական երեխաների խումբ։ Մոտեցիր, հետևիր խաղին կամ միացիր նրանց։ Կսկսվեն վեճեր, որոնց նպատակը կլինի պարզել, թե ում թիմից ես դու լինելու։ Դու կլինես այն փոքրիկի թիմում, ում ձեռքին գնդակն է, քանի որ նա է որոշում ամեն ինչ։ Հետո դու չես կարողանա ճիշտ «պաս» տալ, միգուցե քեզ սխալ «պաս» տան ու սկսվի վեճ, բայց այն արագ կավարտվի, ու բոլորը կհաշտվեն։

Քիչ անց դուք կհոգնեք խաղից, փոխարենը՝ կսկսեք խաղալ «գործնագործ» կամ «հալամուլա»։ Խաղը սկսելուն պես Դավիթի, Հայկի կամ Աննայի մայրիկը կբացի պատուհանը ու կկանչի նրանցից մեկին տուն՝ ճաշելու։ Դավիթը, Հայկը կամ Աննան կխնդրեն հավելյալ տասը րոպե անցկացնել բակում։ Խնդրանքը կմերժվի, ու նրանք տխրադեմ կբարձրանան տուն։ Քանի որ մեկը գնաց, ստիպված են գնալ նաև մյուսները, ու դու կմնաս միայնակ։ Վստահ եմ՝ կողքովդ կանցնի մի տարեց մարդ՝ բարձր գոռալով՝ ժավելի՜ սպիրտ։ Նրա գոռոցները կմնան անպատասխան, ու նա լուռ կկորի քո տեսադաշտից։

Շնորհավորում եմ։ Դու ծանոթացար թաքնված Երևանի մի անկյունին, այն մեկին, որի մասին քչերը գիտեն։

Հագիր ականջակալներդ, բարձր միացրու Ֆորշի կամ Հախվերդյանի կատարումներից մեկն ու դուրս արի փողոց։ Կտեսնես շտապող մարդկանց, սրընթաց մեքենաներ, գեղեցիկ շենքեր ու քեզ նման շատերին։ Քո Երևանյան խճանկարին կավելանան ֆուտբոլի դաշտը, գնդակը, կռվարար փոքրիկները, նրանց մայրիկներն ու երևանյան բնակելի շենքերը՝ սովորական բնակիչներով…

Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

-Ինձ բացակա չդնե՛ք:

-Դասի՞ց, թե՞ հեղափոխությունից:

Օրինակ` ես մեկ բացակայի տեղը երեք տեղ ներկա ստացա: Դասի գնալը այդ ժամանակ ինձ համար հավասարազոր էր ինքնախաբեության ու ինքնադավաճանության: «Ինձ բացակա չդնե՛ք հեղափոխությունից, դասից՝ ինչքա՜ն ուզում եք` դրեք» արտահայտությունը յուրաքանչյուրիս շատ սազական էր: Չդնողներ էլ եղան, շարողներ էլ: Կարգ ու կանոնի՞ց, վախի՞ց, թե՞ վերևներից ստիպված, էական չէր: Անցնեմ երեք ներկաներիս: Վանաձոր, Աբովյան, Երևան ու Հայաստանս: Երբ սկսեցինք դասադուլը, գնացել էի հարազատ քաղաք՝ Վանաձոր: Ուրախությանս և իմ ու Երևանի միջև հեռավորությանը չափ չկար: Բայց ոչինչ, ծննդավայրում հաղթանակը ավելի սրտանց նշվեց: Մեկ է` հեղափոխությունը քաղաք ու գյուղ չի ճանաչում:

Լուսանկարում Վանաձորիս լրիվ պատկերն ու կերպարն է, նրա ապրած ու դեռ ապրելիք օրերն ու տարիները։ Վառ է, գունավոր, սիրուն, միասնական ու պարզ (մեր մեջ ասած` միամիտ, չնայած` ի՜նչ միամիտ, է, բան է` ասում են, էլի, լավ էլ «շուստրի» ենք): Անձրևանոցների գունային շարքը անձրևից հետո որոշել էր ծիածանը բերել քաղաքի սիրտ, տոնն էին նշում, իսկ անձրևը մեր մշտական հյուրն է, բա մի «թաս» կենաց չասե՞ր Նիկոլի համար։

Հետո Աբովյանում վարչապետ էինք ընտրում ՝ պարելով ու վոլեյբոլ խաղալով: Փողոցը փակել էին 2-ից 5-րդ դասարանցիները՝ իրենց դասղեկների ձեռքը բռնած: Նոր սերունդ էր, ավելի դուխով: Սովորում էին պաշտպան կանգնել իրենց ու կողքինների իրավունքներին, երկրին: Սովորել դեռ կհասցնեին ավելի լավ ու արդեն հենց իրենց ստեղծած Հայաստանում:

Մի օր էլ Երևանում էինք ընկերուհիներով, հրապարակը մեզնով էինք արել, չէ, չէինք սեփականացրել, ուղղակի ցրվում, կորչում էինք, հետո ահավոր վատ կապի պատճառով զույգ-զույգ կամ կենտ-կենտ շրջապտույտ անում, զանգ անում ու էլի հայտնվում կորածների վայրում` ժամացույցի տակ, էլի: Հայրս էլ էր այդ օրը Երևանում, պատկերացնո՞ւմ եք, քայլելու սեր առանձնապես չունեցող և շնչառության խնդիր ունեցող մարդը Երևանի կեսը քայլել էր ընկերների հետ ու շատ լավ էր զգում իրեն: Մի ամբողջ հեղափոխության մասնիկ էր կազմում, ախր:

-Տե՛ս, ես էսօր եկա, դրա համար էլ հրաժարական տվեց:

Մի ամբողջ հայ ազգ էր այսպես կարծում: Ամեն մեկը իր սրտի ու մտքի չափով, իր երևակայության ու կամքի չափով: Տարիք, սեռ, մասնագիտություն ու դիրք կապ չունեին. բոլորը լավն էին, միասին էին լավը, ուժեղ էին, իրավունք ու հույս ունեին: Քայլել էինք, պարել, հոգնել էինք, բայց օգնել իրար, միասին մի բռունցք էինք, բայց այդ բռունցը չէր հարվածում: Մեր բռունցքը սիրո էր, խաղաղության ու արդարության: Մենք հաղթեցինք, մայիսը մեր հաղթական ամիսն է, չհաղթելու տարբերակ չկար: Մայիսի 9-ը եռատոնից քառատոն դարձրինք ես ու դու, ժամերով հրապարակում կանգնած մեր բարի Լեյլա տատիկը, կապույտ «սպառծիվկայով», ժամը 1-ի կողմերը տուն գնացող Իռայի մարդը, շրջապատից ճշտած տեղեկություններով «լավ տղա» Մաքսը ու էլի շատ-շատերը: Սա դեռ պատմության ինտերնետային երեսն էր, դեռ քանի՜ ու քանի՜ պատմություններ ու մարդիկ պայքարեցին, քայլեցին ու չլուսաբանվեցին: Կարևորը` միասնական էին, համախմբված, բռունցք արած, ու ձեռքները վեր ու խաղաղ էին պայքարում: Երգում էին, պարում, փողոցը փակում բաց սրտերով: Ծեծվում ու բերման էին ենթարկվում, առանց մի կաթիլ վախի ու ափսոսանքի այն մարդիկ, ովքեր օրեր առաջ «երկիրը երկիր չի» խոսքը բերանին` դուրսն էին կյանք փնտրում: Մեծ հայրենականում հաղթանակածների, Շուշին ազատագրածների և Արցախում կռվածների սերունդներն էին դուրս եկել: Ապրիլյան տեսած սերունդն էր պայքարում: Ու ես մեկ էլ իմ հայերին այսպես համախմբված տեսել էի երկու տարի առաջ` ապրիլյանին: Ու ինչպես Համո Սահյանն էր ասում. «Խաղաղ ժամանակներում երկիրը ղեկավարությանն է, իսկ պատերազմի ժամանակ անունը դնում են հայրենիք ու հանձնում են ժողովրդին»: Ժողովուրդս անտրտունջ վերցրեց, անուն էլ ինքը դրեց հայրենիք ու հաղթեց: Թավշյա հեղափոխության ժամանակ խաղաղ պայմաններում հենց մենք վերցրինք կառավարությունը, անունն էլ ընդմիշտ կնքեցինք հայրենիք ու տերը դարձանք մեր իսկ երկրի: Հարսանիքը լեռներում թողած այս անգամ կազմակերպեցինք փողոցում ՝ լավ ճոխ սեղաններով ու ավանդական խորովածով: Ու ինչպես մերոնք լեռներում հաղթեցին, այնպես էլ մենք` փողոցում: Պայքարի ձևը մենք էինք փոխել, թշնամիներն էլ «մերոնքական» էին: Արյուն չէինք ուզում: Արդյունքում դարձանք անարյուն հեղափողության երկիր, միակ ու առաջին երկիրը:

mariam papoyan

Feedback դպրոցին

Հայաստանում հանրակրթական դպրոցների ու ընդհանրապես կրթական համակարգի խնդիրներին շատերն են բախվել, քննարկել դրանք, խոսել, բարձրաձայնել։ Ես 11 տարի սովորել եմ ու դեռ մեկ տարի էլ պիտի սովորեմ ավագ դպրոցում։ Խնդիրների մասին խոսելու եմ մաքսիմալ կոնկրետ ու ոչ օբյեկտիվորեն, որովհետև ես աշակերտ եմ, որ հիմա պիտի անցնի իր 11 տարիների վրայով։ Նման դեպքում օբյետիվություն պահելը, հավատացեք, դժվար է։ Նյութի միակ օբյեկտիվ ու ոչ կողմնապահ կողմը դրա՝ հասակակիցներիս շրջանում նույնպես տարածված լինելու համոզվածությունս է։

Մինչ տարբեր հարթակներից երկար տեքստեր էին հնչում, ես ամեն տարի ավելի էի հեռանում դպրոցից։ Այնքան, մինչև իմ ու դպրոցի կապը հասավ նվազագույնի։ Ես հասկացա, որ ինչ անում ենք դպրոցում (և ավելին) ես 99%-ով կարող եմ անել դպրոցից դուրս ինքնակրթության միջոցով։ Չէի կարող վերահսկել գործընթացը, որովհետև ես աշակերտ եմ, որ տոննաներով անգիր սովորելուն զուգահեռ ֆիզիկապես պատրաստ չէ մտածելու իր ու դպրոցի հոգեբանական կապի պահպանման մասին։

Սկսենք տարրական դասարանից։ 1-ինից 7-րդ դասարանում անցնում ենք կերպարվեստ, երաժշտություն, տեխնոլոգիա առարկաները։ Գնահատվում ենք։ Ուրեմն՝ տիեզերքում խնդիրը լուծելու հնարավորություն ունեցող որևէ մեկին չի հետաքրքրում, որ դու, օրինակ, ձայնային տվյալներ չունես, նկարելու ձիրք էլ, ասեղ բռնել չգիտես, նյարդայնանում ես թղթով աշխատելիս և այլն։ Դու ու Բախը դրա համար գնահատվում եք նույն չափորոշիչներով։ Դու ու Կլիմտը՝ նույնպես։ 20-25 հոգու առաջ դու երբեմն ստիպված ես լինելու կատարել Կոմիտաս, ու որևէ մեկին հոգեբանական ապրումներդ չեն հետաքրքրելու, որովհետև դու աշակերտ ես՝ օբյեկտ, որի գլխուղեղ ընդամենը անհրաժեշտ է 12 տարի ինչ-որ բան «խցկել»։ Ուրեմն՝ դպրոցական վեց տարիների սթրեսը երաշխավորված է։ Եթե այդ ամենին ավելանա նաև մայրենիի, հայրենագիտության կամ բնագիտության նկատմամբ ոչ համակրելի վերաբերմունքդ, ուրեմն՝ ի՞նչ ասեմ, կարող ես ընդհանրապես դպրոց չգնալ, դու ծույլ ես, ծայրահեղ վիճակում, անհույս։ Ութերորդ տարում հավանաբար կկորցնես հետաքրքրությունդ դպրոցի նկատմամբ, կրթություն ստանալու գործընթացը կդառնա բեռ, որ դրանից հետո ամեն տարի ավելի ծանր է թվալու։ Իններորդ դասարանում սեպտեմբերից մայիս քեզ հոգեբանորեն կպատրաստեն քննություններին։ Ամեն օր, ամեն ժամ ինչ-որ մեկը կվախենա, որ դու անգիրը կարող ես չհիշել։ Եթե հնարավորություն ունենան, ուղեղիդ մեջ 90 րոպեի համար օգտագործվող գիտելիք կդնեն, որովհետև կարևոր չէ ո՛չ քննությունից առաջ, ո՛չ դրանից հետո իմացածդ։ Մայիս ամսին դու գուրգուրանքի, սիրո, քնքշության, նրբության, կարոտի ելույթների մի ամբողջ տեղատարափ կլցնես քո և մնացածի ուղեղը ու կգնաս։ Ի դեպ՝ ըստ վիճակագրական տվյալների՝ մի ամիս հետո կարոտից ընկճախտը կայցելի քեզ։ Ամենակարևորը՝ դու դա կանես համարյա ստրուկի (կներես) նրբանկատությամբ ու բրնձի խանդավառությամբ։ Դու երբևէ չես շրջվի ու դասղեկիդ ասես՝ տիկին/պարոն, ես զոմբի՞ եմ, ինչո՞ւ չեմ կարող ասել այն, ինչ մտածում եմ, Դուք վախենո՞ւմ եք։ Ինը տարվա մեջ դու սովորում ես՝ ինչպես յուրաքանչյուր վերնագրով, թեմայով շարադրություն դարձնել բանակի ու հայրենիքի մասին, ինչպես հնարավորինս համոզիչ լացել, հպարտանալ դրանց մեջ։ Ի դեպ՝ քո փոխարեն կարող է լացել ու հպարտանալ հարևանի աղջիկը, բարեկամը, քույրդ, եղբայրդ, գրականության ծանոթ ուսուցիչ։ Ի՞նչ լայն հնարավորություններ են ընձեռված, չէ՞։ Դու, իհարկե, կարող ես այս անհավանական պայմաններից չօգտվել ու գրել ինչ մտածում ես։ Դասարանի ներկայությամբ կկարդաս, ուսուցիչդ մատյանը կլրացնի, հետո կկանչի դասարանի լավագույն պաթոսախեղդվածին, ու դու կհասկանաս, որ «անտաղանդ ես»։ Եթե ինը տարիների կուրսը տեղը տեղին յուրացրել ես, ուրեմն շնորհավորում եմ, դու կորցրել ես ինքզ քեզ հասկանալու, քեզ հետ անկեղծ լինելու, մտքերդ ձևակերպելու, ստեղծագործելու, պատկերացնել կարողանալու ու էլի լիքը պուպուշ բաների շանսեր, որովհետև ինը տարի քեզ փորձում էին դարձնել «արժանի հայ մարդ», «առաքինի քրիստոնյա», «գերազանցիկ», որի համար հերոսը պետք է լինի Արցախյան կամ Վարդանանց, հաղթանակը՝ պատերազմից հետո, գրած նամակը՝ զինվորին։ Չփորձես մտածել, որ քո հերոսը մուլտից է կամ ընդհանրապես չկա, հաղթանակդ անձնական է, նամակդ ուրիշ հասցեատեր ունի։

Ավագ դպրոցը քո փրկության միակ տարբերակն է։ Նույնն ու հնարավոր է ավելի վատը կկատարվի էնտեղ։ Դու էստեղ ավելի քան երբևէ անազատ ես, որովհետև տիեզերքից մեկը գցել-բռնել ու հասկացել է, որ եթե որևէ լեզու ես սովորում, ուրեմն բնագիտական որևէ առարկայի նկատմամբ հետաքրքրություն չպետք է ունենաս, ո՞նց է հնարավոր անգլերենով ֆիզիկա սովորել։ Ցնդե՞լ ես։ Նորից գլուխդ խցկվելու է անգիրների խուրձը։ Գրողը տանի քո գրական ճաշակը, դա բացարձակ անկարևոր է։ Բայց դու կունենաս երեք տարի ՝ մտածելու ու կոմայից նոր դուրս եկածի պես վերլուծել փորձելու նախորդ ինը։ Դու ունես բոլոր հուշումները, որ հասկանաս՝ ինքնուրույն լինելը կարևոր է, շարադրությունները միայն բանակի ու հայրենիքի մասին չեն, դու ունես ներաշխարհ, դու ունես անձնական դաշտ, կարծիք, կարող ես ստեղծագործել, երևակայել, ձայնային տվյալներ չունենալը, ասեղ չսիրելը, ձմերուկ սիրելը, տանձով հիանալը նորմալ են, մնացած կրոններն ուսումնասիրելը կարևոր է, չհավատալը՝ հնարավոր, Նոյի տապանը Արարատի վրա չի երևում, ազգությունը որևէ բան չի պայմանավորում, մարդիկ կարող են լինել քեզնից տարբեր ու չլինել հայ։

Մենք ունենք էս ամենը, որովհետև չունենք.

Աշակերտից սովորելու պատրաստակամություն ունեցող ուսուցիչների մեծամասնություն։

Բազմակողմանիորեն զարգացած, իրավագրագետ, մեդիագրագետ, անընդհատ ինքնազարգացող, նորությունների նկատմամբ բաց ուսուցիչների մեծամասնություն։

Աշակերտին ոչ միայն Հայաստանի կյանքին, այլև աշխարհին պատրաստող հանրակրթական դպրոց։

Անհատական մոտեցում յուրաքանչյուր աշակերտին։

Համակարգի բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ուշադրության կենտրոնացում դեպի աշակերտը։

Հասարակագիտական առարկաների նկատմամբ համակարգային կարևորության գիտակցում։

Ընտրության իրավունքը հարգելու պատրաստակամություն։

Ազատ մտածող մեծամասնություն կազմող ավագ սերնդի ներկայացուցիչներ։ Այո, տարիքային տարբերությունը մեծ նշանակություն ունի։ Երբեմն անտանելի դժվար է քեզնից 50 տարի մեծերի հետ շփումը, որոնք ունեն կարծրատիպային մտածողություն, հին պատկերացումներ, կյանքի մեծագույն մասն անցկացրել են սովետական միջավայրի սահմանափակ պայմաններում, որոնց համար դասավանդման նոր մեթոդը միայն սլայդն է։

Գիտակցում, որ ուսուցչի գիտելիք տալու գործառույթը այլևս կարևոր չէ, գնահատման համակարգը միայն ինքնաստուգման միտում պետք է ունենա, ստուգող, պատժող գործառույթ ուսուցիչը չունի։ Հիմա ուսուցիչն ունի գործառույթ՝ ուղղորդելու, օգնելու հասկանալ ստացած գիտելիքի կարևորությունն ու պիտանելիությունը. ոչ թե ի՞նչ խցկել, այլ ինչո՞ւ (ընդհանրապես չխցկել)։

Ազատություն հանրակրթական դպրոցում։

Հուսով եմ՝ նյութն ուսուցիչներ էլ կկարդան, չեն համաձայնի, կբանավիճենք։ Մենք հավասար հարթության վրա բանավեճերի կարիք էլ ունենք։ Մտածեք…

Feedback դպրոցին

shushan stepanyan portret

Դե մի քիչ անբախտ, բախտավոր ու խառը

Բա՜րև, երկար ժամանակ է՝ չեմ գրում ու կարոտել էի…

Կարոտել էի այս դատարկ, սպիտակ էկրանը, որ լցնում էի իմ ապրումներով ու պատմություններով ու քո դատին հանձնում: Երկար ժամանակ է, ինչ չեմ գրում, ու շատ բան է փոխվել: Նյութս եկեք ընդունենք որպես դեռևս ձեզ չպատմված օրերի մեկնաբանություն:

Արդեն աշխատում եմ ու հազիվ էի դասերիս հետ համատեղում աշխատանքս, տրանսպորտի մեջ քնելն ամենահարմարավետն էր ինձ համար դարձել: Գրեթե բոլորդ էլ գիտեք, թե ես ինչքան էի վախենում շներից: Գուցե աշխարհում մի մոլորակ շեղվի իր ուղեծրից, որ ասեմ, բայց այլևս շներից չեմ վախենում:

Ինձ միշտ հետաքրքիր է եղել, թե ով է մեր ճակատագիրը որոշում, ով է մեր ապրելիք ուղին գծմծում: Իմ ուղին գծողն անչափ ստեղծագործ մեկն է, որին հաջողվել է ինձ ինչ-որ փորձությունների, վախերի ու սթրեսների ենթարկել ու ինչ-որ հարցի շուրջ ինձ տանել այլ մոտեցման: Տեղը, որտեղ պիտի աշխատեի, մի քիչ ամայի էր, ու մոտակայքում մեծ շներ կային: Ընդամենը երևի մի հիսուն քայլ էր կանգառից մինչև աշխատանքի տեղ հասնելը, ու ամեն քայլին մի հսկա, մեծ շուն էր նստած: Սկզբի մի քանի օրերին պարտադիր լաց, դող, սարսուռ, ու անպայման ինչ-որ մեկը ինձ պիտի դիմավորեր, իսկ հետո արդեն կամաց-կամաց հարմարվեցի, էլ մամային չէի զանգում, աչքերս փակում էի ու անցնում: Կյանքում երբեք չէի պատկերացնի, որ կգա մի օր ու մեն-մենակ, անվախորեն կանցնեմ էնպիսի շների կողքով, որոնց փողոցում տեսնելիս մյուս մայթ էի անցնում, վազում, լացում:

Մի բան, որն էլի ինձ զարմացրեց, քննությունների ժամանակ էր: Լեզվաբանության քննության էի, գործից տուն էի եկել ժամը իննին ու մյուս օրվա համար բացարձակ բան չէի արել: Մի ամբողջ գիշեր ու մինչև լույս բառիս բուն իմաստով պարապել էի ու առանց քնելու՝ գնացել քննության: Դասախոսս խիստ էր, ու իրար օգնելու ոչ մի տարբերակ չկար: Նստեցի, իմ բառերով սիրուն գրեցի ու վստահ էի՝ հարյուր եմ ստանալու: Թարսի պես հենց այդ օրը դասախոսս, գնահատելով ցույցերին մեր ակտիվ մասնակցությունը, ըմբռնում էր մեր՝ իրար օգնելու փաստը, ու շատերը գերազանց արտագրեցին նյութը: Իմացա, որ ես ութսունհինգ եմ ստացել, քանի որ տեսական շատ բան էի բաց թողել, իսկ շատերը, դասերին անգամ բացարձակ ակտիվություն չցուցաբերելով, ստացել էին հարյուր: Առհասարակ, ես արտագրել չեմ կարողանում դեռևս դպրոցից, եթե ուզեի մի բան արտագրել, միանգամից էլ ավելի էի կարմրում, սկսում էի ծիծաղել ու այնքան աղմկալի էի թերթում տետրի էջերը, որ բռնվում էի: Որոշեցի հաջորդ քննությանս նույն առարկան չսովորել առանձնապես լավ ու շատ ընտիր ռակուրսից նկարեցի բոլոր լեկցիաները: Ամբողջ մի օր շոկի մեջ էի. կյանքիս մեջ առաջին անգամ սկզբից մինչև վերջ արտագրել եմ ու այն էլ՝ գերազանց: Եվ, իհարկե, ստացել հարյուր: Անարդար է, չէ՞:

Մեկ այլ քննությունից առաջ ծավալուն նյութ ունեի սովորելու, ու ընդամենը երկու թեմա էր, որ հեշտ էր: Դրանք պահել էի ամենավերջում, ու վստահ էի, որ ինձ չեն ընկնելու այդ թեմաները, քանի որ միշտ, անկեղծ եմ ասում, ինձ ամենաբարդ թեմաներն են ընկնում պատմելու: Որոշել էի արդեն, որ ես բախտ չունեմ ու մտածեցի. «Դե, մեկ ա՝ ես անբախտ եմ, էս հեշտերը հնարավոր չի՝ ինձ ընկնեն, չեմ սովորում էս երկուսը, էնքան որ կարդում եմ, վերջ»: Տոմսս քաշեցի, ու հենց այդ երկու թեմաներն էին: Բա որ ասում եմ՝ անբախտ եմ: Անարդար եմ, չէ՞:

Լավ, անցնենք քննություններից. հազիվ եմ վերջացրել: Ասեմ, որ կփորձեմ ավելի հաճախ գրել, ու մտքերս ներսումս մոռացության տալու փոխարեն՝ կկիսեմ բոլոր ընթերցողների հետ:

Վերջերս ինձ հետ շատ անհաջողություններ են լինում, ու ինձ թվում էր, որ ինչ-որ մեկը իմ «տխուր ու անհաջողակ» կյանքի սցենարը ինչ-որ ֆիլմից է վերցրել ու նորից է նորը նկարում՝ գլխավոր դերն ինձ տալով: Որոշ ժամանակ անց հասկացա, որ բոլորի հետ էլ լինում են անհաջողակ օրեր, չստացված պահեր, միայն իմ կյանքը չէ:

Արդեն քսանմեկ եմ, ու ինձ թվում է, որ դեռ տասնյոթ տարեկան եմ, ու մաղթանքներիս գերակշիռ տողերում ընկերներս ու հարազատներս ինձ խնդրել են մեծանալ՝ ոչ միայն թվով: Այստեղ մի բան կասեմ բոլորին՝ լինել մանկական ու միշտ բոլորին հավատալ, բոլորի մեջ մաքուրը տեսնել, կարծում եմ, որ այդքան էլ վատ բան չէ: Ու մի բան էլ. ի՞նչ  է, բոլորդ քսան-քսանմեկ տարեկանում արդեն տատիկ-պապիկ էի՞ք, որ զարմանում եք, ինչու ես քսանմեկում դեռ երեխա եմ, դեռ նույնն եմ: Հասկացեք, էլի, մարդու տեսակ է, մնալ այնպիսին, ինչպիսին ինքը կա ու չխաղալ արդեն մեծի դեր: Լուրջ հարցերում, կարևորագույն պահերին, փառք Աստծո, ճիշտ որոշումներ եմ կայացնում ու ամենևին չեմ նեղվում լինել այնպիսին, ինչպիսին որ կամ: Իսկ ինձ ընկալել-չընկալելն արդեն թողնում եմ ձեզ:

Կներեք, որ նման խուճուճ-մուճուճ, խառը նյութ ստացվեց: Կարևորը՝ նորից գրում եմ:

Բոլորիդ մաղթում եմ հագեցած հանգիստ և ուզում եմ հիշեցնել մեծ փիլիսոփա Շուշան Ստեփանյանի խոսքերը՝ կյանքը հրաշք պարգև է, ու պատահող ամեն ձախորդություն, անհաջողություն ոչ այլ ինչ է, քան դեպի լուսավորը տանող օգնություն:

Սպասեք հետաքրքիր նյութերի:

anahit Zaxaryan askeran

«Ազգն է ծնում հերոսներ»

Մոտ 2 տարի առաջ ծնվեց նա՝ իմ նպատակների հավաքածուն, որին հասնելուց հետո արդեն ես ինձ կարող եմ լիարժեք մարդ զգալ, և որն ամենակարևորն է՝ արժանի հայ համարվել: 2016 թվականի ապրիլյան այն ահասարսուռ դեպքերը մարդկանց միայն բերել են ցավ ու կորուստ: Աչքիս առաջ էր ամեն բան կատարվում, իսկ ականջներս ամեն մի պայթյունի ժամանակ կարծես թե դադարում էին կատարել իրենց սովորական ֆունկցիան:

Ինչևէ, ապրիլն անցավ մեր կողքով, մեզ միացրեց և դարձրեց մի բռունցք, չնայած՝ ժամանակի ընթացքում նորից բռունցքը բացվեց, և բոլորը նորից անցան իրենց բնականոն կյանքին և սփռվեցին աշխարհով մեկ:

2017 թվականին որոշեցի ոչ միայն մտածել, այլև գործել: Ֆեյսբուքյան իմ էջին կից բացեցի մի խումբ, որը երկար մտածելուց հետո կոչեցի «Ազգն է ծնում հերոսներ»: Նպատակս՝ խմբում հայրենասիրական նյութեր, երգեր, բանաստեղծություններ, հերոսների մասին որոշակի տեղեկություններ տեղադրելն էր: Խումբը գտնվում էր կիսաակտիվ վիճակում, երբ պարապ էի, փորձում էի լինել ակտիվ, հայրենակիցներիս հետ կիսվել ինձ դուր եկած հայրենասիրական նյութերով:

2018 թվականի հունիսին խմբի առջև դրեցի նոր նպատակներ, փորձեցի գտնել ակտիվ ադմինիստրատոր, ով ինձ կօգնի խմբի զարգացման հարցում: Ես գտա նրան՝ խմբի երկրորդ ադմինիստրատոր Սոֆի Միսակյանին, ով, կարելի է ասել, խմբին երկրորդ կյանք պարգևեց: Խմբի համար գրվեց նոր ծրագիր, մշակվեց նոր պլան, նրա զարգացման համար նոր ակտիվ խումբ ստեղծվեց, նշանակվեցին հանդիպման օրեր և մեր առջև դրվեց հստակ նպատակ, որին կհասնենք մեր միասնական խմբի և հայրենասեր մարդկանց շնորհիվ: Նպատակը հետևյալն է ՝ հայերի մեջ արթնացնել այն հավատը, որը վերջին ժամանակաշրջանում մարել է որոշ «հայրենասերների» շնորհիվ, օգնել հերոս տղաների, կարիքավոր և բազմազավակ ընտանիքներին հոգեպես և ֆինանսապես, այցելել զորամասեր, դիրքեր, ակտիվություն ցուցաբերել հասարակական աշխատանքների ժամանակ: Մի քանի օրում խմբակիցների թիվը հասավ մոտավորապես 700-ի, ինչը կարելի է համարել փոքրիկ, բայց հաջողված մեկնարկ մեր հետագա պլաններին հասնելու համար:

Հարգելի հայրենակիցնե՛ր, հորդորում և կոչ եմ անում բոլորին միանա՛լ մեզ, սա ոչ միայն համացանցում բացված սովորական խումբ է, այլ նպատակների հավաքածու, որոնց մեկ առ մեկ պետք է հասնենք միասին և ոչ վիրտուալ տիրույթում: Միացե՛ք մեր խմբին, գրեք ձեր առաջարկներն ու կարծիքները, յուրաքանչյուրիդ միացումն ու փոքրիկ ներդրումը կարող է օգնել հուսալքված երեխային գոնե մեկ անգամ ժպտալ, ուտել քաղցրավենիք և հագնել նոր հագուստ, իսկ մեր հերոսների ընտանիքներին այցելելը և մեր շնորհակալությունը հայտնելը, կարծում եմ, մեր բոլորի պարտքն է: «Ազգն է ծնում հերոսներ» խումբը պետք է հազարավոր ընտանիքներում լույսի և հույսի ցոլք դառնա, և հազարավոր մանուկների լիաթոք ծիծաղի պատճառը հանդիսանա: