Sargis Melkonyan

Երկինքը աստղազարդ է

Ո՞րն է բոլոր ժամանակների ամենասիրածս զբաղմունքը։ Իհարկե, երկնքին նայելը։ Հաստատ դուք էլ եք փոքր ժամանակ նայել երկնքին ու ամպերը կենդանիների, թռչունների և այլ առարկաների նմանեցրել։ Բայց ինձ ամպերն այդքան էլ չեն հետաքրքրում, կարևորը՝ թե ինչ կա ամպերից վերև։ Երևի դա մանկուց է եկել, կամ «գեներով է ժառանգվել», ինչպես սիրում է ասել մեր կենսաբանության ուսուցչուհի ընկեր Բաղդասարյանը՝ Մենդելի տեսությունը բացատրելիս։

Սիրում եմ ազատությունը՝ չափից դուրս։ Ու սահմանափակվել երկնքին նայելով՝ ուղղակի չեմ կարող կամ չեմ ուզում։ Բայց նաև չեմ հավատում անվերջությանը։ Ճիշտ է, մաթեմատիկայում շատ ենք հանդիպում անվերջ թվերի, բայց դա միայն մաթեմատիկայում։ Իրական աշխարհը լրիվ այլ կերպ է։ Ինչպե՞ս կարող է տիեզերքն անսահման լինել: «Եթե ուղիղ գնանք, մի օր անպայման կհասնենք եզրին ու կընկնենք ներքև»։ Ծանոթ խոսքեր են, չէ՞, հա, ես էլ եմ լսել։ Իսկ ձեզ չի՞ թվում, որ տիեզերքը գնդաձև է, ուղղակի մենք անկարող ենք հատել տիեզերքը, որովհետև մենք դրա համար չենք ստեղծված։ Մենք ուրիշ առաքելություն ունենք:

Ո՞րն է բոլոր ժամանակների ամենասիրածս զբաղմունքը։ Իհարկե, երկնքին նայելը, երբ պառկում ես կանաչ խոտի վրա ու անշարժ նայում ես աստղերին։ Դու զգում ես, որ գլխավերևումդ ամեն բան պտտվում է։ Եվ սկսում ես արժևորել կյանքի ամեն վայրկյանը, փոխել կարծիքդ առարկաների ու երևույթների մասին, որովհետև այդ ժամանակ ես միայն գտնում քո իրական «ես»-ը, երբ գտնվում ես երկնքի ու երկրի միջև, երբ նայում ես աստղերին ու հասկանում ես (սերիալների պես բուն ասելիքը թողնում եմ վերջում), թե ինչքա՜ն փոքր էակ է մարդը, ինչքա՜ն թույլ ու անօգնական։ Բայց նաև հասկանում ես, թե ինչքա՜ն հզոր է մարդը, երբ սիրում է։ Նա ամեն ինչի պատրաստ է: Ու ավելի հզոր բան չկա աշխարհում, քան սերը, որովհետև Աստված ինքնին սեր է:

Ո՞րն է բոլոր ժամանակների ամենասիրածս զբաղմունքը։ Իհարկե, երկնքին նայելը, երբ պառկում ես կանաչ խոտերի վրա ու մտածում անցյալի, ներկայի ու ապագայի մասին:

gohar poghosyan

Լավ և վատ խորհուրդներ մեծերից

Երբ ես տասը տարեկան էի, ինձ նվիրեցին համակարգիչ: Իմ ուրախությանը չափ ու սահման չկար, կարծես աշխարհը իմը լիներ: Ես համակարգչի դիմաց մնում էի օրական մեկից երկու ժամ և չէի հոգնում: Հայրիկս ոչինչ չէր ասում, սակայն հետո սկսեց բարկանալ և ամեն անգամ ինձ ասում էր.

-Բավակա՛ն է համակարգչի դիմաց նստես, տեսողությունդ կվատանա: Ես քեզ ասել եմ, որ ընդամենը մեկ ժամ կարող ես խաղալ:

-Ոչինչ էլ չի լինի, հայրի՛կ, ամեն ինչ լավ կլինի,- անընդհատ կրկնում էի ես:

-Արագ անջատի՛ր համակարգիչը: Այնպես մի արա, որ ընդհանրապես համակարգչի երես չտեսնես:

-Է՜հ, լավ կանջատեմ:

Այս ամենից հետո ես նեղանում էի հայրիկիցս և փակվում սենյակում: Ու այսպես ամեն օր: Ես ժամանակի ընթացքում համակերպվեցի, որ պետք է մեկ ժամ մնամ համակարգչի դիմաց և այդպես ինձ ավելի լավ էի զգում:

Մի անգամ մայրիկս ինձ ուղարկեց հարևանուհու տուն, որպեսզի նրան փոխանցեմ ինչ-որ թղթեր: Երբ մտա նրանց տուն, նա բարկանում էր երեխայի վրա և չէր թողնում նրան բակ դուրս գալ՝ պատճառաբանելով, որ ցուրտ է:

-Դրսում ցուրտ է: Մնա տանը և համակարգչով խաղա որքան կուզես,- ասում էր նա:

-Բայց ինչո՞ւ եք նրան ստիպում մնալ տանը և համակարգչով խաղալ: Չէ՞ որ նա դեռ փոքր է. դա նրա համար վնասակար է,- բացատրում էի ես:

-Վնասակար չէ, թող խաղա, գոնե այդպես գլուխս մի փոքր կհանգստանա:

Այս դեպքից մեկ տարի անց վեցամյա երեխան սկսեց ակնոց կրել: Նա այնքան էր մնացել համակարգչի դիմաց, որ վատացել էր տեսողությունը:

Ես սկսեցի մեղադրել ինձ՝  հայրիկիս չլսելու համար և նրանից ներողություն խնդրեցի: Ես շնորհակալ եմ նրանից իր խստության համար: Եթե չլիներ նրա խստությունը, միգուցե ես նույնպես ունենայի տեսողության հետ խնդիրներ:

Ani avetisyan

Տյառնընդառաջ

Տյառնընդառաջը Առաքելական եկեղեցու անշարժ տոներից է, նշվում է փետրվարի 14-ին (Ըստ եկեղեցու կարգի՝ 13-ի երեկոյան ժամերգությունից հետո օրը փոխվում է): Տոնը նվիրված է քառասուն օրական Հիսուսին տաճար տանելուն: Տյառնընդառաջի նախորդ օրը՝ փետրվարի 13-ին կատարվում է նախատոնակ և անդաստանի՝ աշխարհի չորս ծագերի օրհնության կարգ:

Եկեղեցական արարողությունից հետո, հայոց հինավուրց ավանդույթի համաձայն՝ եկեղեցու բակում խարույկ է վառվում: Այս օրերին կարդում էի Արտակ Արքեպիսկոպոս Մանուկեանի «Հայ եկեղեցու տոները» գիրքը, և ահա, թե ինչ հետաքրքիր տեղեկություններ քաղեցի Տյառնընդառաջի տոնի մասին:

Տյառնընդառաջը ժողովրդախոսակցական լեզվում փոփոխված ձևերով կոչվել է Տերընտաս, Տըրընդեզ, երբեմն էլ՝ Մելետ։ «Տյառընդառաջ» բառը բացատրվում է որպես՝ «Ելանել ընդ առաջ Տեառն»։

Տոնի օրը կրակ վառելու սովորույթը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում կրակը Արևի և Լույսի խորհրդանիշն էր, համարվում էր նվիրական սրբություն։

Տյառնընդառաջի կրակը վերագրվում է հայոց Տիր աստծո պաշտամունքին։ Տիրը հին հայկական դիցաբանության մեջ դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստվածն էր։ Տոնի հին հայկական տարբերակներից Տերընդազը, պարսկերենում՝ Տիրենդազը բացատրվում է որպես նետաձիգ, և նվիրված է եղել Տիր աստծուն։

Սակայն տոնը վերագրվել է նաև կրակի Միհր աստծուն։

Առաքելական եկեղեցու տոնացույցում տոնը ներառվել է հավանաբար Սահակ- Մեսրոպյան շրջանում։

Թերևս այսքանը տոնի պատմության մասին։ Այժմ ցանկանում եմ ձեզ ներկայացնել հետաքրքիր պատմություններ ու հին հայկական ավանդույթներ՝ կապված Տյառնընդառաջի հետ։ Հնում հայկական յուրաքանչյուր տարածաշրջան տոնը նշելու յուրահատուկ ավանդույթ ուներ, որոնցից շատերն այսօր մոռացվել են կամ պահպանվել են՝ մասամբ։ Ներկայացնեմ դրանցից առավել հետաքրքիրներն ըստ տարածաշրջանների։

Տյառնընդառաջ բառը Ղազախում աղավաղված ձևով կոչվել է Տոռոնջ-Տոռոնջ, Հին Ջուղայում՝ Տառինջ-Տառինջ, Վաղարշապատում՝ Դըրընդեզ, Դարալագյազի բնիկների շրջանում՝ Դառդառանջ, իսկ գաղթականների մոտ՝ Տանտառեջ։

Հին Ջուղայում կրակ վառելու համար փշե դեզեր էին պատրաստում այդ տարի ամուսնացած երիտասարդները։ Եկեղեցում կատարվող արարողությունից հետո քահանան իր մոմով վառում էր դեզը, իսկ նրան հետևում էին երիտասարդները։ Վառված մոմերը տուն տանելով վառում էին նաև տների տանիքներին դրված դեզերը, որոնց վրայով ցատկում էին ընտանիքի անդամները: Այդ օրը նորահարսի բարեկամները տեսակ-տեսակ ուտեստներ էին բերում հարսին, որը կոչվում էր խոնջա:

Ղազախի գյուղերում կրակ վառվում էր միայն եկեղեցու բակում: Կրակը սովորաբար վառում էին այդ տարի ամուսնացած երիտասարդները: Ըստ ավանդույթի՝ որ կողմ գնար ծուխը, այդ կողմի համար էլ տարին բերքառատ կլինի: Հետո ընդհանուր կրակից յուրաքանչյուրը այրված փայտի կտոր էր տանում իր տուն, պահում ապահով տեղում, կամ դնում հավաբնում, որ հավերը շատ ձու ածեն կամ թուխս նստեն:

Վաղարշապատում և շրջակա գյուղերում նորահարս ունեցողի տուն էին գնում աղջիկներն ու հարսները՝ միասին տոնը նշելու համար: Քավորը բռնում էր փեսայի, իսկ փեսան՝ հարսի ձեռքը, և միասին պտտվում էին վառվող կրակի շուրջը, հետո երեք անգամ ցատկում կրակի վրայով: Այնուհետև հրավիրված աղջիկները դեղ էին քսում իրենց թարթիչներին և սևացնում դրանք: Նյութը պարտավոր էր պատրաստել տան նորահարսը:

Դեզի վրայով ցատկելը չարքերից, «չլավից» (ոչ լավ, վատ բան) ազատվելու համար էր:

Դարալագյազի գաղթականներով բնակեցված մի քանի գյուղերում կրակը վառում էր քահանան, որից հետո ջուղայեցիների նման վառված մոմերը մարդիկ իրենց տուն էին տանում:

Երբ քահանան կարդում էր Սիմեոն ծերունու՝ Մարիամին ասած խոսքերը. «Ընդ քո իսկ անձն անցցե սուր», բոլորը գաղտնի կտրում էին իրենց մոմից մի կտոր և պահում գրպանում, որ օձն իրենց չկծի:Նույն նպատակի համար յուրաքանչյուր ոք կրակով այրում էր իր հագուստից մի կտոր:

Խաչիկ գյուղում այրում էին խոնջանի (անդրավարտիքի) ծայրը: Ժողովուրդը հավատում էր, որ կրակը կարող է բուժել հիվանդներին, ուստի որ տանը վատառողջ կար՝ երդիկով բարձրացնում էին կրակի մոտ, որ ապաքինվի: Խարույկից մի կտոր անպայման նրանք երդիկից գցում էին ներս, որ բախտը տան վրա լինի:

Վանեցիները տոնը կոչել են Տենդառաջ: Տոնի նախօրյակին նոր ամուսնացած տղաները շապիկ էին հագնում և մասնակցում ժամերգությանը: Արարողությունից հետո եկեղեցու բակում կրակ էր վառվում, և հարսներն ու փեսաները ցատկում էին վրայով:

Գիշերը նորապսակների տանը խարույկահանդես էր անցկացվում, իսկ կրակի վրայով առաջինը տան մամիկն էր ցատկում, ու դիտավորյալ այրում հագուստի ծայրը, որ չարքերը տնից հեռու մնան:

Այստեղ ևս կրակի ծխի ուղղությունից կախված էր տարվա բերրիությունը:

Սղերդում տոնը կոչվում էր Մելետ: Նախատոնակի երեկոյան կանայք ու աղջիկները մոմերով գնում էին եկեղեցի, իսկ տղամարդիկ չոր փայտեր էին բերում: «Քրիստոս փառաց» տաղի ժամանակ նրանք գնում էին այգիներ ու դաշտեր՝ տոնը նշելու: Աղջիկները մոմի պատրույգը քսում էին իրենց աչքերին՝ աչքացավից խուսափելու համար:

Ժողովրդական այս և այլ ավանդույթներից արդեն իսկ երևում է, որ տոնն առավելապես առնչվում է նորապսակների օրհնության հետ: Տյառնընդառաջի արմատները հասնում են հին հայկական հեթանոսական հավատալիքներին:

Ներկայումս տոնի օրը եկեղեցում կատարվող արարողությունների ծիսական բաժինը՝ մոմ վառել, «ճրագ լուցանել», անդաստան կատարել, վերապրեցնում են հայկական հին-հին հիշատակներ:

Sargis Melkonyan

Ձյունն ու ձմեռը

Առաջին ձյունը, որը եկավ նոյեմբերի մեկին, ուրախություն էր։ Բայց այդ ուրախությունը միայն մեզ՝ երեխաներիս համար էր։ Առաջին ձյան հետ բոլոր գյուղացիները սկսում են մտածել վառարան տեղադրելու, վառելափայտի պակասի և ջրի խնդրի մասին։ Ջրի խնդիրը մեր գյուղում ամենամեծն է։ Ամռանը ջուրը շատ դժվարությամբ է գալիս, ձմռան մասին խոսելն էլ երևի ավելորդ է։ Ջուրը ձմռանը սառչում է, և գյուղի մեծ մասը մնում է առանց խմելու ջրի։

Սովորաբար առանց խմելու ջրի մարդիկ դիմանում են 3-5 օր, առանձին դեպքերում՝ նույնիսկ մեկ շաբաթ։ Բայց մեր գյուղում, երևի, շատ դիմացկուն մարդիկ են ապրում, որովհետև մերոնք դիմանում են մի ամբողջ երկար ու ձիգ ձմեռ։

Ջուրը բերում ենք հարևանների տանից՝ դույլերով ու ջրամաններով։ Որոշ դեպքերում կտրում ենք նույնիսկ տասնյակ մետրեր, որ տուն բերենք այդքան սպասված ջուրը։ Բայց ճանապարհն էլ հուսադրող չէ։ Սառույցով ու ձյունով պատված մեր գյուղի ճանապարհները իսկական փորձություն են, իսկ երբ դրան գումարվում է 10-15 լիտր ջուրը, հաղթահարելը հերոսանալու պես մի բան է։ Իսկ թափառող ու սոված շների պատճառով, որոնք վխտում են փողոցներում, շատերը հայտնվում են սառը ասֆալտին ու, գուցե, կոտրվածքներ են ստանում, որովհետև վախենում են նրանցից ու սխալ շարժումներ անում:

Հիմա եմ հասկանում, թե ինչքան հիմար քայլ էինք անում փոքր ժամանակ, որ ուղղակի սահելու համար փողոցը սառցադաշտ էինք դարձնում։ Եթե սրան էլ գումարենք ջրահեռացման համակարգի սառած վիճակը, ապա…

Ջրի խնդիրը մի կողմ. վառելափայտը վերջանում է։ Գյուղի մի մասը, այդ թվում նաև մենք, արդեն մի քանի լրացուցիչ խորանարդ մետր փայտ է գնել։ Բայց ի՞նչ անի նա, ով գումար չունի։

Հուսանք, որ գարունը շուտ կգա, օրերը կտաքանան, բայց դե դա էլ իր խնդիրներն ունի։

Ani avetisyan

Լինել պատանի թղթակից

Ապրիլին կլրանա մեկ տարին, ինչ ես 17-ի թղթակից եմ: Այն ժամանակ էլ երևի կանդրադառնամ, թե ինչ է տվել ինձ 17-ը մեկ տարվա ընթացքում ու ինչ է փոխել իմ մեջ: Բայց վերջերս մի դեպք պատահեց, որի մասին չգրել չեմ կարող: 

«Մանանա» կենտրոնի կազմակերպած դասընթացը յուրահատուկ դպրոց էր մասնակից 30-ից ավելի երիտասարդների համար: Յուրօրինակ էր հատկապես այն, որ մեզանից, եթե ոչ բոլորը, ապա շատերը, դեռ չէին մասնակցել այնպիսի դասընթացի, որը 90 տոկոսով հիմնված է գործնական պարապմունքների վրա: Այդ ժամանակ ես մեկն էի այն երջանիկներից, ում նյութը կայքում տեղադրվեց հենց դասընթացի ընթացքում, և ես այս կամ այն թերության համար խորհուրդներ ստացա հենց տեղում: Այդ ընթացքում կատարեցի նաև հարցազրույցիս առաջին փորձը, որը նույնպես հայտնվեց կայքում: Դա էլ փորձ էր սովորելու, թե ինչպիսի հարցեր կարող ենք տալ զրուցակցին՝ հետաքրքիր նյութ ստանալու համար:

Մեր դասընթացը համընկավ ապրիլյան պատերազմի հետ, և բոլորիս մտահոգությունն ու ողջ ուշադրությունը սահմանին կատարվող դեպքերին էին ուղղված: Երևի դա էլ պատճառ դարձավ, որ դասընթացից հետո իմ առաջին նյութը հենց այդ թեմայով էր: Գրել էի Քառօրյա պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ու նրա փոքրիկ որդիների մասին: Նյութը դուր էր եկել խմբագիրներին ու տեղ էր գտել կայքում՝ դառնալով իմ ամենասիրելի նյութերից մեկը: Ու ամենասիրելին է մինչ օրս: Հետո իմացա, որ հոդվածս տպագրվել է նաև «Խաբարբզիկ» ամսագրում:

Ես ինձ լիովին զգում էի 17-ի մի մասնիկը:

Երբ ես ու երկու ընկերուհիներս գնում էինք դասընթացներին, գյուղում բոլորը զարմանում էին, թե ամեն օր տաքսիով ուր են գնում այս աղջիկները: Իսկ տաքսու վարորդները երևի մի քիչ էլ բարկացել էին:

Երևի այսքանն այն մասին, թե ինչպես դարձա պատանի թղթակից: Իսկ այս ողջ երջանիկ պատմության մեջ միակ հիասթափեցնող փաստն այն էր, որ ընկերուհիներս այդպես էլ նյութեր չգրեցին, ու ես մնացի միակ թղթակիցը մեր գյուղում: Իսկ դա ինձ դուր չէր գալիս, ախր, այնքան բաներ կարող էինք անել, եթե մի քանիսով լինեինք:

Դե, ճամբարի մասին գրելու կարիք երևի չկա: Միայն ասեմ, որ այնտեղ ստացա ամսագրի այն համարը, որում նյութս էր, ու հիմա այն պահում եմ ամենակարևոր իրերի հետ:

Շա՞տ ծավալվեցի: Հավատացեք, որ ավելի երկար կարող էի գրել, բայց դեռ մի բան էլ պիտի պատմեմ: Մի փոքր էլ ու կվերջացնեմ:

Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ 17-ի համար նյութեր եմ գրում եմ, բայց մինչև վերջերս մեր գյուղի միակ թղթակիցն էի: Դպրոցում, թե դրսում շատերն էին ասում, որ կարդում են նյութերս, բայց ոչ ոք չէր ասում, թե ցանկանում է միանալ 17-ի մեծ ընտանիքին:

Մի քանի օր առաջ, սովորականի նման գնացի դպրոց, բայց այնտեղ ինձ էին սպասում երեք «հրաշքներ», ովքեր եկել էին ասելու, որ իրենք էլ են ցանկանում պատանի թղթակից դառնալ, և հարցնում էին, թե ինչ պետք է գրեն խմբագրությանը: Երբ նրանք ստացան պատասխան նամակը, առաջարկեցին, որ կարդամ իրենց առաջին նյութը, որը պետք է հարցազրույց լիներ: Ոգևորված թղթակիցներն արդեն ունեին պատրաստած հարցերը, իսկ ես օգնեցի որքան հնարավոր է ավելի ճիշտ ու նպատակային հարցեր ընտրել:

Մի պահ հիշեցի Շուշանիկին Աղվերանի ճամբարում, ամենուր ամենաշատ կրկնվող արտահայտությունը. «Շուշա՛ն, նյութ եմ գրել, կնայե՞ս…»: Մի պահ նույնը զգացի. «Ան, ասել են, որ նյութս լրացնեմ, կկարդա՞ս…»:

Սպիտակ թիկնոցավորը

Ձմեռը, կարծես թիկնոց դարձած, ընկել է կտուրներին, մեր ուսերին:
Արագածոտնի մարզ, գյուղ Վարդենիս(Գյուլուջա):

syuzi babayan voskehat

Ինչպես որոշեցի դառնալ պատանի թղթակից

Ես Սյուզին եմ: Սիրում եմ խաղալ և դիտել ֆուտբոլ: Մարդկանց մեջ գնահատում եմ անկեղծությունն ու հավատարմությունը:

Մի քանի օր առաջ մի հետաքրքիր միտք ծագեց գլխումս: Երբ լսեցի ընկերուհուս խոսքերը, ով օրեր առաջ էր դարձել 17.am-ի թղթակից, հասկացա, որ ես  էլ եմ ուզում դառնալ պատանի թղթակից:

Մոտ մեկ տարի առաջ մեր դպրոց էին եկել անծանոթ մարդիկ: Նրանց գնալուց հետո մեծ ոգևորություն կար դպրոցում, բոլորը միջանցքներում շրջում էին և խոսում, թե ինչ նյութեր պիտի գրեն: Ես ու ընկերուհիս ուսուցչից տեղեկացանք, որ լրագրության դասընթացներ են լինելու և հարցրեցինք՝ արդյո՞ք մենք էլ կարող ենք մասնակցել, սակայն ստացանք բացասական պատասխան, քանի որ տարիքներս չէր համապատասխանում:

Դրանից մի քանի օր անց՝ մեր դպրոցից մի աղջկա տեսա, ով դասընթացից էր վերադառնում և ճանապարհին պատմում էր լրագրության մասին: Ես էլ ոգևորվեցի ու մտածեցի պատանի թղթակից դառնալու ուղղությամբ:

Այսօր ես մեծ հույսերով գրում եմ առաջին նյութս: Ունեմ մեծ սպասումներ կապված 17.am-ի հետ:

Եթե հիմա դուք կարդում եք իմ այս նյութը 17.am կայքից, ուրեմն այսօրվանից 17-ը կդառնա իմ օրվա մի մասնիկը: Այսուհետ ես էլ եմ այն պատանիներից մեկը, ում հուզում և հետաքրքրում են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները:

Չապրած կարոտի ու սպասման մասին

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

-Ես էլ եմ դպրոց գնալու,- վստահ ու ոգևորված հայտարարում էի՝ նայելով դպրոցից տուն դարձող աշակերտներին:

Բայց երջանիկ մտքերս ընդհատվում էին եռացող յուղի վրա լցվող ձվի թշշոցից: Տատիկս էր: Երբևէ կերածս ամենահամեղ ձվածեղն էր պատրաստում: Հետո էլ միասին սուրճ էինք խմում: Նրանից էլ սովորել եմ սուրճը քաղցր խմել: Երևի դրա համար էլ սովորությունս փոխել չի ստացվում:

-Ես էլ դպրոց կգնամ, չէ՞, տատ:

Տարիներ պիտի անցնեին, ու նոր միայն հասկանայի, որ ոչ մի դպրոցում էլ չեմ սովորել ու չեմ սովորի այն ամենը, ինչ սովորել եմ այնտեղ՝ այն պատուհանի մոտ նստած, այն գրքերից, որ ինձ համար էր կարդում, խաչբառի բոլոր հնարավոր ձևերից, որ 7-8 տարեկանում լրացնում էի առանց բացթողումների:

Այդ գրքերն էին, որ ինձ իսկապես գիրքը կարդալ ու հասկանալ սովորեցրին, նրա դողացող ձեռագիրն էր, որ գիրը զգալ ու ապրել սովորեցրեց: Ես այնտեղ սովորեցի սիրել գիրքը:

Դպրոցում ինձ գիրքը չվնասել էին սովորեցնում, իսկ նա՝ խնամել:

Շատ տարիներ պիտի անցնեին, ու ես նոր միայն հասկանայի, որ ոչ մի դպրոցում էլ այնպես չէին սովորեցնի սիրել մյուսներին, ինչպես այնտեղ՝ այն պատուհանի մոտ դրված թախտ-դպրոցում:

Տատիկիս տունը մեծ էր, երկհարկանի, բայց նրան ու պապիս առաջին հարկում միայն մի փոքրիկ սենյակն էլ բավական էր: Հենց այնտեղ էին անցկացնում օրերը:

Երբ փոքր էի, գիշերները ոչ մի տեղ մնալ չէի կարողանում, միայն երբեմն վերցնում էի մի քանի հագուստ, բռնում պապիս ձեռքն ու գնում իրենց տուն:

Նրանց մեծ տնից ինձ էլ մեծ սենյակներ պետք չէին: Քնում էի նրանց սենյակում՝ բազմոցին, իսկ երբ շատ փոքր էի, ինձ համար այնտեղ օրորոց կար:

Տատս վերև գրեթե չէր բարձրանում: Երբեմն-երբեմն ձեռքիցս բռնած մի կերպ բարձրանում էր աստիճաններով, նստում էինք մեծ սենյակներից մեկում՝ բազմոցի վրա, ու նա ինձ համար իր հուշերի արկղիկն էր բացում: Տատս հիշողությունները գրապահարանում էր պահում: Դրանք գովասանագրեր էին, պատվոգրեր ու նամակներ, ծխախոտի յուրահատուկ տուփերի մի հավաքածու ու նման այլ իրեր: Այդքանն էր, եթե լավ եմ հիշում: Չէ, էլի մի բան կար՝ իմ ամենասիրելին: Երկու կիթառներ էին, որոնցով մանուկ հասակում ինձ ռոք երաժիշտ էի երևակայում:

Տարօրինա՞կ է: Ինչպես են մարդիկ իրենց կյանքը թղթապանակներում պահում: Ես էլ էի զարմանում: Իսկ տատիս համար այդ թղթերը, նամակներն ու լուսանկարները անցած կյանքը նորից ապրելու միջոց էին: Մի բուռ հիշողություն, որ ապրելու ուժ էր տալիս:

Բայց դա տարօրինակ չէր, չէ՜: Գիտե՞ք, երբ մարդուց միայն թղթեր ու կարոտ է մնում, դրանք, սրտից ու թղթապանակից բացի, ուրիշ տեղ պահել էլ չի լինում:

Որքան ինձ հիշում եմ, հիշում եմ տատիս այնտեղ՝ պատուհանի մոտ: Մտածում էի, որ ուղղակի չի ուզում անընդհատ ներս նայել, մանավանդ, երբ պապիկն էլ տանը չի լինում: Մտածում էի, թե մենակությունը կիսել է ուզում: Բայց դա հասկանալու համար էլ էին տարիներ պետք: Հասկանալու, որ դա ոչ այլ ինչ էր, քան սպասում: Անհույս, բայց սպասում:

Կարծում էի, թե ինչ-որ մեկին պիտի կորցնես, որ հետո զգաս նրա բացակայությունը: Քեռուս ես չեմ տեսել, որ կորցնեի ու հետո զգայի, որ նրա տեղն ազատ է մնացել: Չգիտեմ, թե ինչ զգացողություն է դա: Ինչ-որ բան կիսատ է, պակաս: Ես դա տատիս ու պապիս աչքերում էի տեսնում, այդ տանն ու ամենուր: Նույնիսկ այնտեղ՝ այն թղթերի ու գրքերի էջերում, կիթառի արձակած աններդաշնակ նոտաներում, երկհարկանի տան ամեն սենյակում, այն փոքր սենյակում, ուր նրանք էին, իմ ու նրանց կյանքում…

Anna Petrosyan

Կարո՞ղ ենք ինչ-որ բան փոխել

Հասարակագիտության ժամն էր: Մեր դասի թեման համայնքում առկա խնդիրներն էին և դրանց լուծումները: Ուսուցիչը մեզ փորձում էր բացատրել, որ մենք, այդ խնդիրների մասին բարձրաձայնելով, կարող ենք լուծում տալ դրանց: Ես համոզված էի, որ նման բան հնարավոր չէ, քանի որ մտածում էի, որ 14-ից 15 տարեկան երեխաները ոչինչ էլ չեն կարող անել իրենց ձայնը լսելի դարձնելու համար, ուստի ասացի ուսուցչիս.

-Վստահ եմ, որ մեզ ոչ ոք էլ հաշվի չի առնի:

-Սխալվում ես, եթե իսկապես ցանկանաս, բոլորի ուշադրությունը կարող ես քո վրա հրավիրել:

-Ես համոզված եմ, որ իմ տարիքի երեխան չի կարող որևէ բան անել և ուշադրություն գրավել:

-Կապացուցեմ, որ դու սխալվում ես:

Ուսուցիչը մեզ խոստացավ շուտով ապացուցել, որ անգամ մենք, մեծ ցանկության դեպքում, կարող ենք մեր ձայնը լսելի դարձնել: Ես և ընկերներս, իհարկե, չփոխեցինք մեր կարծիքը, սակայն ես ինքս էի ուզում, որ մենք սխալված լինեինք, և որ ուսուցիչը մեզ կարողանար հակառակը համոզել: Չէ՞ որ դա կանդրադառնար մեր հետագա մտածելակերպի զարգացման, ինչպես նաև ինքնավստահության ձևավորման վրա:

Եվ, ահա, վերջապես եկավ այդքան սպասված հասարակագիտության ժամը: Մենք անհամբեր սպասում էինք, թե ինչ է անելու ուսուցիչը: Զանգը հնչեց, և ուսուցիչը ներս մտավ: Նա խոսեց մեզ ամենից շատ հուզող հարցերից մեկի՝ գյուղի մաքրության մասին: Մենք շատ ենք մաքրել գյուղի կենտրոնական հատվածը, որտեղ հավաքվում է գյուղի բնակչության անգործունակ մասսան: Սակայն ամենաշատը երկու օր հետո ամեն ինչ վերադարձել է իր նախկին տեսքին, ու մենք ոչ ոքից չենք կարողացել պահանջել պահպանել մեր արածը: Ուսուցիչը մեզ առաջարկեց միասին կրկին մաքրել այդ հատվածը, սակայն այս անգամ գյուղապետարանի աշխատակիցներից մեկին որպես պատասխանատու «նշանակել» և նրանից պահանջել պահպանել մեր արածը: Սակայն մեզ խանգարեցին վատ եղանակային պայմանները, և մենք սպասում ենք եղանակի կայունացմանը:

Դե ինչ, սպասենք եղանակի փոփոխությանը և հուսանք, որ եղանակային պայմանները շուտ կկարգավորվեն:

Աղոթքի և աղոթելու մասին

Ի՞նչ է աղոթքը: Ինչո՞ւ և ինչպե՞ս աղոթել, որո՞նք են աղոթքի տեսակները: Մեր զրույցի ընթացքում հենց այս մասին էր պատմում Տեր Զորայր քահանա Կարապետյանը: 

Լուսանկարը` Ռաֆիկ Թումանյանի

Լուսանկարը` Ռաֆիկ Թումանյանի

-Աղոթքն Աստծուն ուղղված խնդրանք է, աղաչանք կամ փառաբանություն, Աստծո հետ հաղորդակցվելու միջոց: Հիշեք՝ աղոթքը երբեք չի կարող լինել կոչ, պահանջ կամ հորդոր, այն խնդրանք է և գոհաբանություն:

Աղոթքը լինում է երկու տեսակի՝ առանձնական և ընդհանրական:

Առանձնական աղոթքի ժամանակ ամենքս մտովի մեր ցանկությունը, խնդրանքն ու աղերսն ենք ուղղում Աստծուն: Աղոթքը պետք է լինի անկեղծ, լուռ, հանգիստ և ոչ ցուցադրական կամ կեղծ:

Քրիստոս ասում է. «Երբ աղոթում եք, մի՛ եղեք կեղծավորների նման, որովհետև նրանք սիրում են ժողովարաններում և գլխավոր փողոցների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց կողմից նկատվեն: Բայց դու, երբ աղոթում ես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռը և աղոթի՛ր քո Հորը, որ ծածուկ տեղում է, և այդ ժամանակ քո Հայրը, որ դիտում է ծածուկ տեղից, կհատուցի քեզ»:

Աղոթել կարող եք ամենուր. թե՛ տանը, թե՛ դրսում, և թե՛ եկեղեցում: Հաճախ ենք լսում, թե ինչպես տարբեր աղանդավորական շարժման հետևորդները եկեղեցու դերը՝ որպես Աստծո տաճար, ժխտելու համար ասում են, որ Քրիստոս ինքն է ասել. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ, և դա է կենդանի եկեղեցին»:

Բայց, եկեղեցին միայն քարեղեն շինություն չէ, այլ Աստծո տուն, և այն կենդանի է ներսում աղոթող հավատացյալներով: Կապ չունի, թե ինչպիսին կլինի եկեղեցու կառույցը, կարևորը, որ այն հավատացյալներով լեցուն լինի:

Աղոթքի ժամանակ և նույնիսկ մարդկային հարաբերություններում սատանան փորձում է շեղել, խանգարել մեզ, բայց երբ հավատով ու նվիրվածությամբ ես աղոթում, ոչ ոք ու ոչինչ չի կարող խանգարել:

Ընդհանրական աղոթքը նույնն է բոլոր եկեղեցիներում, իսկ առանձնական աղոթքը նույնը լինել չի կարող, քանզի ոչ ոք չգիտի, թե ինչի համար է աղոթում մյուսը:

Ընդհանրական աղոթքի օրինակ են եկեղեցում կատարվող արարողակարգերը՝ ժամերգությունները: Առաքելական եկեղեցին ինը ժամերգություն ունի: Սակայն ասօր, կախված իրավիճակներից, մեզ մոտ բոլոր արարողակարգերը չեն կատարվում: Նախկինում, երբ վանական համալիրներ են եղել, որտեղ միաբանները զբաղվել են միայն աղոթքով և գիտությամբ, բոլոր աղոթքները կատարվել են ժամանակին: Ինը ժամերգություններն են՝ Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Ճաշու Գ ժամի, Ճաշու Զ ժամի , Ճաշու Թ ժամի, Երեկոյան, Խաղաղության և Հանգստյան ժամերգություններ: Ըստ մեր եկեղեցու կարգի՝ Երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը:

Ընդհանրական աղոթքի համար կա սահմանված ծիսակարգ: Ունենք գրքեր, աղոթքի կարգ, որը կատարվում է ժամերգությունների ժամանակ: Առաջին գիրքը, որ վերաբերում է ընդհանրական աղոթքին, «Ժամագիրքն» է, որում սահմանված են կանոններ յուրաքանչյուր ժամերգության համար: Հաջորդը «Շարակնոցն» է: Այս երկու գրքերը ընդհանրական աղոթքների անբաժանելի մասն են: Երրորդ գիրքը «Ճաշոց» գիրքն է, որում ներառված են ավետարանական ընթերցվածքներ տարվա բոլոր օրերի համար: Մյուս գիրքը «Տոնացույցն» է, որը մեր եկեղեցու ամենօրյա Աստվածային պաշտամունքի կարգն է և ծառայում է նաև որպես ուղեցույց: Ընդհանրական աղոթքի գրքերից է նաև «Մաշտոց» ծիսագիրքը, որով կատարվում են բոլոր արարողակարգերը, նաև նրանք, որոնք կատարվում են եկեղեցու պատերից դուրս: Ունենք նաև «Մայր Մաշտոց», որը ներառում է նաև Ձեռնադրության խորհուրդը:

Ասեմ նաև, որ չնայած շատերը «Մաշտոց» գիրքը շփոթում են Մ. Մաշտոցի անվան հետ, այն կազմել է Մաշտոց Եղիվարդեցի կաթողիկոսը:

Եվ վերջին գիրքը, որն օգտագործվում է ընդհանրական աղոթքի ժամանակ, «Պատարագամատույցն» է կամ «Խորհրդամատյանը», որում գրված է պատարագի ողջ խորհուրդը:

Այս գրքերը պատրաստվել են, որպեսզի Հայաստանի բոլոր եկեղեցիներում Աստվածային պաշտամունքն ամեն օր միանման ծիսակարգով լինի: