խաչիկ բունիաթյան

Ընկերներս

Բարև բոլորին, էլի ես եմ` իմ տարօրինակ, բայց հետաքրքիր ևս մի հոդվածով։ Որոշեցի մեր գյուղի տղեքի ու իմ ընկերների մասին գրել։ Մեր լեզվով ասած․ «Էս տարի լոքշ ա»,  բացատրեմ` ինչու։ 

Էս տարի մեր ընկերների մի մասը մեկնեց հայրենիքի խաղաղությունը պաշտպանելու, այսինքն, բանակ գնացին։ Մնացինք մի քանի հոգով: Քանի որ շոգ է, ու հավես չկա ոչ մի բանի, մնում է մի բան անել` «հելնել» գյուղ: Բայց հենց ուզում ենք գնալ գյուղամեջ, անպես է ստացվում, որ մի քանի հոգու հարմար չի լինում, կամ հավես չունեն, մենք էլ հո երկու հոգով չե՞նք գնա: Ստիպված ոչ մի տեղ չենք գնում ու դառնում ա` «լոքշ»։

Փորձում եմ տանը չմնալ: Շատ ժամանակ քնած եմ անցկացնում, որ ժամանակը շուտ անցնի, բայց մի մտածեք, որ ամբողջ օրը էսպես է լինում: Չէ, չէ, էդպես չի: Լիքը օրեր կան, որ շատ հետաքրքիր են անցնում: Տղեքով հավաքվում ենք, ձմերուկները վերցում ու գնում ենք մեր գյուղի ակումբը։ Կարևորը ձմերուկ ուտելը չի, կարևորը հետաքրքրությունն է ու հավես ժամանակը։ Խաղեր ենք կազմակերպում, ծիծաղից թուլանում ենք, մի խոսքով, լավ ժամանակ ենք անցկացնում։ Բացի դա տղերքով գնում ենք լողի։ Լողից էլ հոքնած գալիս ենք, բայց զբոսնում գյուղում, ու լիցքավորվում ենք էներգիայով և ուրախությամբ։

Մենք իրար հետ լրիվ ուրիշ ենք դառնում: Չորսս էլ իրարից տարբերվող մարդիկ ենք. տարբեր նախասիրություններով: Հենց դա է պատճառը, որ իրար հետ ենք լինում, բայց չենք ձանձրանում։ Չնայած քիչ-քիչ պակասում ենք, բայց մեկ է, միշտ կապ կա իրար հետ ու անբաժան կապ: Շուտով մեր մի ընկերը կգնա Հայաստանից, ես դուրս եմ գալիս դպրոցից:  Ճիշտ է, արդեն այդքան երկար ժամանակ չենք անցկացնի, բայց կարևորը, միշտ կապի մեջ կլինենք:

mane minasyan -2

Ծաղկաձորյան կարևոր դասերը

Դե, արդեն պատմել եմ, որ յուրաքանչյուր ծրագրի մասնակցելուց առաջ վախենում ու մտածում եմ, որ չեմ անցնի: Այս ծրագիրը նույնպես չտարբերվեց մյուսներից:
Վախենալով գնացի քննության ու դուրս եկա բոլորից հետո` ամենավերջում:

Սակայն մի քանի օր անց զանգ ստացա ու լսեցի, որ հավաքել եմ բավարար միավորներ «Հայաստանի Պատանեկան նվաճումներ» կազմակերպության 2016թ. ամառային ճամբարին մասնակցելու համար:

Եկավ այդքան սպասված հուլիսի 19-ը:

Հանրապետության ավելի քան 150 լավագույն աշակերտների հետ ես Ծաղկաձորում եմ:

Առաջին օրը մի տեսակ տարբերվեց մնացած չորսից. 150 անծանոթ դեմք, ու ես ունեմ իմ ջոկատը` մի ակյուն մեծ ընտանիքում:

Օր երկրորդ. Նախագահական ընտրություններ – սովորում ենք առաջադրել ճիշտ թեկնածու, կատարել քարոզարշավ, անցկացնել արդար ընտրություն:

Օր երրորդ. Ուսուցողական հանդիպում – Ռալֆ Յիրիկյանն օգնում է ճիշտ հասկանալ ու կատարել բիզնես:

Օր չորրորդ. Մեր առօրյան ավելի  հետաքրքիր դարձրեցին «Օրրան»-ի սաները, քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանը:

Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ օրերը շատ հետաքրքիր էին. դե, լիքը խելացի երեխեք ու ես, լիքը տաղանդներ ու ես: Հա, անկեղծ մտածում էի, թե ես ինչ գործ ունեմ իրենց հետ նույն ճամբարում:

Օր հինգերորդ. Մի ուրիշ օր… Այդ օրն իմ կարոտն է դարձել:

Այդ օրը բոլորն անկեղծ էին, բոլորը լավն էին:

Այդ օրն ուրիշ էր, չի ջնջվի, վստահ եմ, 150-ից ոչ մեկիս մտքից:

Հիմա տանն եմ, վերցրել եմ թուղթն ու գրիչը, ու փորձում եմ զգացածս արտահայտել, բայց, իզուր, որովհետև ինչ էլ ասեմ, միևնույն է, չի հնչի այնպես, ինչպես զգում եմ:

Լիքը լավ ընկերներ, հարազատ ու թանկ մարդիկ…

Առաջին անգամ կյանքումս 5 օրում այսքան ձեռքբերումներ ունեցա ու առաջին օրվանից հասկացա, որ լավ եմ զգում ինձ այդ միջավայրում:

Ու, ինչպես Ռեմարկն է ասել, մարդը կարող է քեզ հարազատ դառնալ 3 օրում: Իսկ նա, ով տարիներով ապրում է քեզ հետ, կարող է չիմանալ, թե որն է քո սիրելի գույնը:

5 օրը բավական էր ճանաչելու մոտավորապես 30 մարդու ներսից: Իմանալ սիրած գույնը, կոնֆետն ու ֆիլմը:

5 օրն ինձ շատ բան տվեց: 5 օրն ինձ տվեց մարդկանց, որոնց կորցնելուց վախենում եմ, որոնք շատ թանկ ու հարազատ են:

Ճամբարում նախատեսված հարուստ ու բազմաբովանդակ ծրագիրը հնարավորություն տվեց ընդլայնելու աշխարհայացքս, խորացնելու գիտելիքներս, ինքնաբացահայտվելու, ինչպես նաև անցկացնելու հաճելի ժամանակ նոր ընկերներիս հետ:

Hasmik galstyan

Օձ բռնողը

Մենք ապրում ենք Արարատի մարզի Մասիս գյուղում՝ Արարատյան դաշտում: Այստեղ շատ շոգ է, ու լիքը օձ ու մողես կա, բայց ոչ մեր բակում: Տատիկս պատմում է, երբ փոքր էր, իրենց տանը օձ է եղել: Ամեն առավոտ տան մուտքի դռան վերևից մի օձ էր կախվում: Երբ ինչ-որ բան էին ուզում բերել, որ սպանեն կամ ինչ-որ մեկին են փորձել կանչել, օձը փախել է ու թաքնվել ինչ-որ տեղ:

Երկար ժամանակ փորձել են սպանել օձին, բայց չի ստացվել: Տատիկիս ծնողները՝ Օլյա տատը և Մաթևոս պապը, օձ բռնող են կանչել: Այդ կինը սկսել է ինչ-որ ձայներ հանել, սուլել, բայց օձը դուրս չի եկել: Հետո այդ կինը ջուր է խնդրել: Ջրի վրա ինչ-որ աղոթքներ է ասել, ու այդ ջուրը ողջ տնով մեկ պտտել և հեռացել: Հաջորդ օրը օձը չի հայտնվել: Եվ այդ օրվանից հետո մեր բակում օձ չի հայտնվել:

Ես այդպես էլ չիմացա, թե ինչ էր օձ բռնողի անունը: Բայց տատս պատմում է, որ հատուկ շնորհք է ունեցել: Ասում են նրա գործը շարունակում է նրա ծոռներից մեկը: Մենք այդպես էլ չիմացանք, թե ինչ էր խոսել «օձ բռնողը», բայց չնայած շոգ եղանակին, մեր բակում օձեր չկան:

tamara galstyan

Ջրի կռիվ

Ես ապրում եմ Արարատի մարզի Մրգավետ գյուղում: Իմ գյուղում մի բան կա, որ ինձ շատ է անհանգստացնում: Առավոտյան քնից արթնանում եմ մարդկանց գոռգոռոցից, հասկանում եմ, որ նորից ջրի համար են վիճում: Կռվում են, թե ով պիտի առաջինը ջրի իր  հողամասը: Մարդիկ իրար ինչ ասես` ասում են, վիրավորում են, քիչ է մնում իրար հարվածեն, ու չեմ էլ կասկածում,  որ մի օր դա էլ կլինի:

Ինձ շատ է անհանգստացնում այդ ամենը, ես չեմ ուզում ամեն օր լսել այդ գոռգոռոցները: Պետք չի ջրի համար իրար վիրավորել: Ի վերջո նույն գյուղում ենք ապրում, պետք է հասկանալ իրար, ընդհանուր հայտարարի գալ առանց վիճելու:

Հիմա կասեն` մեծ-մեծ խոսում ես, իսկ ի՞նչ անենք, եթե ոռոգման ջուրը չի բավարարում, դրա համար էլ ամեն մեկը մոռանում է մարդկային ամենակարևոր հատկանիշները, քաղաքավարության կանոնները:

hripsime vardanyan

Ավստրուհի տատիկս

Փոքր տարիքից մինչ հիմա ինձ ասում են, որ ես նման եմ իմ ավստրուհի տատիկին: Այն ժամանակ չէի հետաքրքրվում, թե ով է նա, և ինչով եմ նման նրան: Ինձ հետաքրքրեց` տատիկս իրո՞ք եղել է ավստրուհի, թե նրա բնավորության ինչ-որ գծի համար են իրեն ավստրուհի ասել: Միակ մարդը, ով տեղյակ էր ամբողջ պատմությունից, դա իմ հորեղբոր կինն էր: Դե լավ, սկսենք պատմությունը: 

Իրադարձությունները սկսվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ հայրիկիս Հրաչ պապիկը գնում է պատերազմ: Կռվի ժամանակ վիրավորվում և գերի է ընկնում Ավստրիայում: Նրան և մյուս վիրավոր գերիներին տանում են հոսպիտալ: Հոսպիտալի բուժքույրերից մեկը նրան առանձնահատուկ ուշադրություն է դարձնում: Վիրակապերը փոխելու ընթացքում զրույցները և հարցուփորձերը բուժքրոջը ստիպում են պապիկիս տեղափոխել իրենց տուն: Դժվարությամբ, բայց նա կարողանում է դա անել: Բուժքույրը  պապիկիս ծանոթացնում է իր աղջկա հետ: Այդ աղջիկը իմ տատիկն էր՝ իմ Մարիա տատիկը: Նրանք սիրահարվում են: Ինչ որ ժամանակ անց որոշում են ամուսնանալ: Սակայն երկրի կառավարությունը հրաման է արձակում, ըստ որի բոլոր գերիները պետք է աքսորվեն երկրից: Մարիա տատիկս որոշում է իր ապագա ամուսնու հետ հեռանալ: Նրանք գնում են ԱՄՆ, այնտեղ ապրում են որոշ ժամանակ, հետո վերադառնում են Հայաստան: Այստեղ ապրում են մոտ քառասուն տարի: Քառասուն տարի անց տատիկս որոշում է այցելել իր հայրենիք: Սակայն մերժում է ստանում, երկիրը նրան չի ճանաչում որպես քաղաքացի: Այսպես նա ստիպված է լինում  ամբողջ կյանքը անցկացնել և մահանալ առանց վերջին անգամ հայրենիքը տեսնելու:

Ահա այսպիսի հուզիչ պատմություն դուրս եկավ ավստրուհի տատիկիս պատմությունը:

Աղվերանի մեդիա ճամբար. Միշելի քեռին

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Մի քանի օր առաջ քննարկում էինք և փորձում ընտրել 19 կինոյի թեմաներից մի քանիսը, որոնք պետք է նկարահանեինք Աղվերանի մեդիա ճամբարի օրերին: Բոլոր թեմաներն էլ հետաքրքիր էին, բայց ես  անմիջապես ընտրեցի «Միշելի քեռին» աշխատանքային վերնագրով թեման, և շատերը հավանություն տվեցին այդ ֆիլմը նկարելու գաղափարին: Ասեմ, որ Միշելը մեր Արարատի մարզի թղթակիցներից է:

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Մենք հասանք Չարենցավան` ԱրթուրԳալստյանենց տուն: Մեզ դիմավորեց նրա ուրախ ու գեղեցիկ ընտանիքը: Արտակը գամված է հաշմանդամի սայլակին: Նա ուրախ ժպիտով մեզ ներս հրավիրեց: Նստեցինք և սկսեցինք զրուցել: Սպորտում բազմաթիվ հաջողություններ ունեցող մեր ֆիլմի հերոսը ունեցել է բազմաթիվ հաղթանակներ: Արթուրը զբաղվում է սեղանի թենիսով և բասկետբոլով: Երբ ցույց տվեց իր պատվոգրերն ու մեդալները, հասկացա, որ շատ ուժեղ կամքի տեր մարդ է: Երեխաները շրջապատել էին մեզ և հետաքրքրությամբ նայում և լսում էին:  Արթուրին կյանքը չի ընկճել, նա զբաղվում է արհեստով, կարողանում է մեքենա վարել, շատ ակտիվ մարդ է: Ավելին, Արթուրը մտածում է նաև բոլոր այն սահմանափակ կարողությունների տեր մարդկանց օգնելու մասին, որոնք ապրում են իրենց քաղաքում:

Արթուր Գալստյանի մասին ավելի շատ բան իմանալու համար սպասեք մեր ֆիլմին: Հաստատ ձեզ էլ կոգեշնչի նրա կերպարը:

Hasmik galstyan

Բժշկուհի՞, թե՞…

Ինձ հուզող հարցերից մեկը մասնագիտության ընտրությունն է. շատ դժվար և ճակատագրական հարց։ Սակայն մի բան հաստատ գիտեմ` ի՞նչ մասնագիտություն էլ ընտրես, պետք է լավ մասնագետ լինես։ Այս տարիքում շատ բարդ է միայնակ ընտրություն կատարելը։

Երբ շատ փոքր էի, ուզում էի խաղալիք գտնող դառնալ։ Չէ, չէ, արդեն մեծ եմ ու գիտեմ, որ նման մասնագիտություն չկա։ Առաջին հայացքից ծիծաղելի է, չէ՞։ Ես ուզում էի, որ ոչ մի երեխա չտխրի, երբ իր խաղալիքը կորցնի։ Ես կգտնեի ու կվերադարձնեի։ Հետո, երբ մի քիչ մեծացա, ուզում էի պիցցա սարքող դառնալ, որ ամեն օր պիցցա ուտեի։ Երբ արդեն հինգերորդ դասարանում էի, ուսուցչուհիս ասաց, որ ես շատ լավ ու խիստ ուսուցչուհի կլինեմ։ Ինձ շատ դուր եկավ այդ գաղափարը. ատամհատիկիս էլ գիրք էի վերցրել: Սակայն մայրիկս ուսուցչուհի է, և ես տեսնում եմ, թե ինչ դժվար և պատասխանատու գործ է։ Մայրս նույնպես խորհուրդ չի տալիս։

Հիմա ծնողներս խորհուրդ են տալիս բժշկուհի դառնալ։ Ես նույնպես շատ եմ ուզում։ Վերջերս հայրիկս իրեն վատ էր զգում, տարել էինք բժշկի մոտ։ Նրան պիտի վիրահատեին։ Լավ էր, որ մեր ծանոթներից մեկը լավ բժշկի գիտեր և մեզ խորհուրդ տվեց դիմել նրան։ Ես էլ ավելի շատ եմ ուզում բժշկուհի դառնալ այդ դեպքից հետո, որ կարողանամ բուժել ծնողներիս և ընդհանրապես բոլորին։

Մի ընկերուհի ունեմ, որը Ֆրանսիական համալսարանում է սովորում, և ուզում է դառնալ ֆինանսիստ։ Ես տեսնում եմ, թե նա ինչքան խելացի է և դրա հետ մեկտեղ շատ է տանջվում` օր ու գիշեր։ Եվ ես, քանի որ սիրում եմ նաև բանկային գործ և ֆինանսներ, հիմա խճճվել եմ. բժշկուհի՞, թե՞… Դժվար է։

mane minasyan -2

Վառածն ավելի համով է

Դեռ փոքր տարիքից սիրել եմ խոհանոցն ու պատրաստելը:

 Ճիշտ է, շատ էի լսում՝ «դուրս արի խոհանոցից», «խանգարում ես», «հերիք ա փչացնես ամեն ինչ» արտահայտությունները, բայց, ինչպես միշտ, ես համառ էի ու շարունակում էի ինձ երևակայել «ընտիր» խոհարար ու անել գործս:

Սկզբում, անկեղծ ասած, շատ էի նեղվում, բայց մի օր, երբ երևի յոթ կամ ութ տարեկան էի, պապիկս ինձ համար բաղադրատոմսերի գիրք բերեց ու ասաց, որ ինձ բան չասեն, որ ես պիտի վառեմ, փչացնեմ ու վերջապես սովորեմ:

Ու ես ամեն երեկո կապում էի գոգնոցս, կանգնում սեղանի մոտ ու կրկնում. «Բարի երեկո, սիրելի՛ հեռուստադիտողներ»: Դե հա, ես միշտ էլ երազել եմ խոհանոցի վերաբերյալ հաղորդում վարել:

Արդեն տասնմեկ տարեկան էի, երբ մերոնք սկսեցին չվախենալ փորձել պատրաստածներս:

Տասներկուսում առաջին տորթս դրեցի ջեռոցը: Առաջին կտորը տատիկս փորձեց, ու երբ ասաց, որ լավ է ստացվել, աշխարհն իմն էր:

Դե, տասներեք տարեկանում արդեն լավ էի պատրաստում, որովհետև փորձողը տասից ինն էր գնահատում: Ուրեմն լավ էր ստացվել:

Հիմա էլ եմ ազատ ժամանակ խոհանոցում լինում, ու մաման, որը մի քանի տարի առաջ ինձ խոհանոցից հանում էր, հիմա ասում է.

-Մա՛ն, մի բան սարքի ուտենք:

Աղջիկնե՛ր, մի՛ վախեցեք վառելուց, վառածն ավելի համով է, իսկ դուք, սիրելի՛ մայրիկներ, մի՛ արգելեք մեզ պատրաստել մեր առաջին «գլուխգործոցները»:

astghik qeshishyan

Գտնված երազը, որ կորցնում ենք

Երեկ քննություններն ավարտելուց հետո առաջին անգամ հյուր էի գնացել: Բարեկամիս երեխաների հետ շփվել գրեթե չհաջողվեց. մուտֆիլմ էին դիտում: Որոշեցի ինքս միանալ նրանց, բայց 10-15 րոպե անց իրոք փոշմանեցի: Դե պատկերացրեք՝ մուլտֆիլմը որքան սարսափելի պիտի լինի, որ գերադասեմ վերադառնալ մեծերի մոտ ու լսել նրանց ձանձրալի զրույցները: Ո՛չ լեզուն հասկացա, ո՛չ կերպարներին, ոչ էլ առավել ևս սյուժեն. անտրամաբանական արարածները անկապ, անիմաստ ձայներ էին արձակում, ու չէի էլ հասկանում՝ ով ում բարեկամն է, ով ինչ է ուզում անել: Իսկ երեխաները ոգևորված դիտում էին ու կրկնօրինակում դրանց ձայներն ու շարժումները:

Ես իհարկե կարող էի գրել. «Բա մեր ժամանակ էսպե՞ս էր» ծամծմված նախադասությունը, բայց չէ՞ որ ինքս էլ այս ժամանակից եմ ու գիտակցում եմ՝ բոլոր ժամանակներում էլ եղել են, կան, կլինեն լավն ու որակյալը նախընտրող երեխաներ, միայն թե ծնողներն էլ պիտի ուղղորդեն ու օգնեն:

Երբ փոքր էի, հայրս հայկական մուլտֆիլմերի սկավառակ նվիրեց: Ես այդպես էլ ամբողջ պարունակությանը չծանոթացա, քանի որ «սիրահարվել էի» երկար մազերով, վարդագույն զգեստով, այնպե՜ս քնքուշ ու այնպե՜ս բարի աղջնակին և նրա՝ քունը կորցրած պապիկին ու միայն իրենց էի դիտում, իրենց հետ մեծանում: Վստահ եմ՝ հասկացաք՝ խոսքը «Գտնված երազ»-ի մասին է, որը մինչ օրս էլ իմ ամենասիրելի մուլտֆիլմն է: Շատ եմ սիրում նաև «Պինգվինաշենը»: Փոքրիկ Վինի` «Նախ անում եմ, ինչ կամենամ, հետո դիմում ծնողներիս: Հարմա՜ր է այդպես:» արտահայտությունը իմ ու շատ ուրիշների մանկության կարգախոսն էր, որով արդարացնում էինք մեր չարաճճիությունները…

Միայն բարեկամի երեխաները չէին, որ «ստիպեցին» ինձ գրել մուլտֆիլմերի մասին: Այսօր Հանրային հեռուստաալիքը հերթական անգամ ցուցադրեց «Հայելին» մուլտֆիլմը: Ու ես հերթական անգամ սկսեցի մտածել այս մասին. «Ընտիր մտահղացում է և շատ ավելի խորը գաղափար ունի, քան շատ ֆիլմեր, բայց ախր, ինչո՞ւ են կերպարները, միջավայրը այսքան մռայլ ու անտեսք: Արդյո՞ք այս վախենալու հերոսները ինչ-որ ձևով կկարողանան գրավել մանուկներին: Չէ՛, համոզված եմ, որ չեն կարող: Փոքրիկ Աստղիկին հաստատ չէին գրավի»: Ուրեմն, ինչո՞ւ «Հայելու» հավես սցենարին և հայկական շատ այլ մուլտֆիլմերի սցենարներին նոր ու պայծառ զգեստներ չհագցնենք, որ երեխաները հաճույքով դիտեն, մեծերն էլ չասեն. «Բա մեր ժամանակ էսպե՞ս էր»: