aniharutyunyanarm

Մեկուսացված այգում` հողի հետ

-Մենք գյուղում միշտ էլ կարանտինի մեջ ենք էլի, ի՞նչ նորություն էր:

-Տո Աշոտ, էս սաղ ամերիկացիք են սարքել աշխարհի գլխին, դրանց ձեռի գործն ա: Հիմա էլ սաղին կարանտին են հայտարարել:

-Այ մարդ, հերիք ա էլի, քեզ դրել ես գիտնականի տեղ, ի՞նչ գիտես, դատարկ-դատարկ մի խոսի: Երկուսդ էլ սուս մնացեք, էս սխտորը կերեք,- սեղանին ափսեով սխտոր ու հաց դնելով` հրամայեց Գայանը:

-Էդ սխտորը դու էլ կուտես, քեզ բժշկի տեղ ես դրել, խունկ էլ չծխես էլ տան մեջ, ինչքան չար ու բարի հոգի կար՝ տնից հանեցիր:

Գյուղում մարդկանց տանը մեկուսացնելն ամենաբարդն է: Այստեղ մարդիկ ոչ թե տանը, այլ այգում ու բակում են մեկուսանում: Գարնան օդին գյուղում տանը մնալուց ավելի շատ մարդ կհիվանդանա: Գիտականորեն ապացուցված չէ, բայց փորձը ցույց է տալիս: Մարդ այգին կթողնի՞, անասուններին կթողնի՞ ու մնա տանը: Այստեղ մարդիկ շարունակում են գնալ աշխատանքի. տանից աշխատել չի լինի: Տանից այգին մշակել ու անասուններին կերակրել չես կարող: Ամեն ինչ դասավորել ու նոր, բերքառատ տարվան պատրաստվել չես կարող: 20-ից ավելի էլ մարդիկ այստեղ գրեթե չեն հավաքվում: Ոչ մի փողոցում այդքան շատ կին միասին սուրճ չի խմում, այդքան շատ տղամարդ օղի քաշելու սարքի մոտ` օղի:

Այստեղ մարդիկ կամ հանգիստ են, կամ չեն հավատում վիրուսի իրականությանը, կամ լուրջ վերլուծություններ են անում: Գյուղում երբեք ոչ մի հարցի շուրջ փորձագետների պակաս չկա: Յուրաքանչյուր փողոցում հավաքված 5-10 տղամարդկանցից երկուսը փորձագետներ են` հավերժ իրար հակառակ կարծիքներով ու անվերջ կռիվներով: Մնացածը միշտ հանգիստ են կամ չեն հավատում: Սխտոր են ուտում ու հանգիստ են: Այստեղ հանգիստ են նաև խանութները: Որովհետև մարդիկ ձմեռվա համար փակած պահածոներից դեռ ունեն, մառանում` սառը տեղ, մի քիչ անգամ խաղող, չորացրած լավաշ ու մի քանի լիտր օղի: Մարդիկ ավելի շատ վատ եղանակի լուրերից են անհանգստանում, կարկուտից ու գարնանն անսպասելի ցրտից են վախենում: Անկախ իրավիճակից` ավելի շատ լուրերի վերջին` եղանակի տեսությանն են սպասում: Ասում են` վիրուսը մի քանի ամսվա է, իսկ բերքն ամբողջ տարվա համար:

Արտակարգ իրավիճակը հարևան կանանց համար շարունակում է մնալ մեկի աղջկա ամուսնությունը, տղամարդկանց համար` ընկերոջ խոպանից վերադառնալը: Երիտասարդ տղաների համար` գյուղում անծանոթ աղջկա գալուստը, աղջիկների համար` նոր ու անծանոթ մեքենայի: Արտակարգ է միայն դպրոցականների համար, բայց ոչ թե իրավիճակը, այլ ամեն ինչ. դասի չեն գնում, առցանց էլ, դե, գրեթե դաս չեն անում:

Այստեղ մարդիկ դիմակներով չեն, ոչ էլ բժշկական: Ստից բաներ են, ասում են, որ վերջներս եկավ, էլ ի՞նչ դիմակ: Բայց ձեռքերը ավելի շատ, այնուամենայնիվ, լվանում են, վնաս չկա, ի՞նչ կա որ: Սխտոր են ուտում ու լվացվում են: Չեն հավատում ու լվացվում են:

Գյուղում մարդիկ մեծ մասամբ հանգիստ են, միշտ են այդպիսին: Բայց նաև զգույշ են, դե, միշտ են այդպիսին: Հողի ու անկանխատեսելի բնության հետ գործ ունեցող ցանկացածի պես տագնապի մեջ են, միշտ են այդպիսին:

sona mkhitaryan

Հասարակության ազդեցության մասին

Խոսքս ուղղում եմ այն մարդկանց, ովքեր ասում են, որ իրենց ոչ ոքի կարծիքը հետաքրքիր չէ։
Իսկ դուք գիտեի՞ք, որ դուք սոցիումի ազդեցության տակ եք արդեն իսկ նորածին ժամանակից, չէ՞ որ ամենափոքր սոցիալական օղակը ընտանիքն է։

«Դորիան Գրեյի դիմանկարը» գրքում ասվում է․ «Հասարակության կարծիքի հանդեպ ունեցած սարսափը բարոյականության հիմքն է»։ Եվ ես հասարակական կարծիքի ազդեցությունը ուղիղ կապով կապում եմ «բարոյականություն» եզրույթի հետ։ Բայց մարդիկ տարբեր կերպ են ընկալում այդ եզրույթը, կամ էլ բոլորը նույն կերպ։ Ըստ իս՝ բարոյականությունը չգողանալն է, չստելը, չնախանձելը, չսպանելը, իսկ անբորայականությունը հիմա կասեմ՝ որն է։ Մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ դասախոսը կարող է թքել համալսարանի բակում ու հաջորդ վայրկյանին մտնել համալսարան (Սերգեյ Դանիելյանի մտքերից), մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ ուսանողները համալսարանի դիմաց ծխում են ու էդ ծուխը փչում իրար վրա, կամ մենք այն հասարակության անդամն ենք, որտեղ աղջիկը գիրքը կարող է դնել պայուսակում, որպեսզի շատ թեթև չլինի պայուսակը։ Թվե՞մ էլի։ Մենք այն հասարակությունն ենք, որտեղ «կարմիր խնձոր» ասված երևույթը դեռ կա, մինչդեռ դա ասիական երկրներում 17-րդ դարից ի վեր արդեն վերացել է։

Ես գտնում եմ, որ մենք չունենք գրագետ հասարակություն, ու դա բնավ չի վերաբերում մեր երկրի երիտասարադ, գրագետ կադրերին, ոչ, ուղղակի չկա հասարակության ու օրինակ՝ կրթական համակարգի միջև կապ։ Մենք սովորում ենք, ավարտում, դիպլոմ ստանում, որոշներս մեզ համարում ենք մասնագետ, որովհետև դիպլոմ ունենք, իսկ որոշներս էլի ինքնազարգանում ենք։ Ավարտում ենք, ու տարեկան բոլոր բուհերից օրինակ 1000 ավարտող ուսանողից քանի՞սն են աշխատանք գտնում։ Մինչդեռ օրինակ Նորվեգիայում, պետական մասշտաբով տրվում է մասնագիտությունների ցանկ, որ մեր երկրին այսքան թվով այսինչ մասնագետներն են պետք։ Ու ամենավատը այն է, որ այն ուսանողները, որոնց սովորելու միակ մոտիվացիան դիպլոմն է (խոսում եմ միայն Մանկավարժական համալսարանից), շրջաններում, իրենց համայնքում տեղավորվում են աշխատանքի, ու մեզ տալիս ներվային, ագրեսիվ ու լիքը «չի կարելի»-ներ ուսերին կրող  սերունդ։
Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ գրագետ լինելու համար։

sona mkhitaryan

Նամակ՝ քեզ

Վերջերս 17-ը «Տարվա մարդը» խորագրով մրցույթ էր հայտարարել, որին չմասնակցեցի՝ չկողմնորոշվելու պատճառով։ Ես գրում եմ հիմա մեկի մասին, ով եղել է իմ 2019-ի տարվա մարդը, ներկայիս 2020-ինը ու լինելու է իմ գալիք բոլոր տարիներինը։

Բարև, նորից կամ կրկին։ Երբ երկու հարազատ մարդիկ հանգամանքների բերումով հայտնվում են օվկիանոսի երկու տարբեր կողմերում և միմյանց հրաժեշտ են տալիս՝ մի օր կրկին հանդիպելու պայմանով, ուրեմն ինչ-որ բան դեռևս լավ է։ Առանց քեզ բացվող ամեն նոր օրվա հետ ինչ-որ բան փոխվում է ներսումս։ Չէ՜, դեպի լավը, դրականը։ Մարդիկ հայտնվում են քո կյանքում ինչ-որ նպատակ հետապնդելով, ու նման մարդիկ քեզ փոխելու հատկություն ունեն։ Դու սկսում ես շատ ավելին հասկանալ ու գնահատել, քան մինչ այդ։ Քեզ զգում ես մի պլաստիլին՝ երեխայի ձեռքում, ընդ որում՝ այդ երեխան հենց դու ես, ու սկսում ես պատկեր ստանալ։ Սկսում ես քեզ խմորի պես հունցել, իսկ լավ խմորի համար անհրաժեշտ է մի քիչ թթխմոր, որը քեզ տալիս է նա։

Ես բազմիցս ինչ-որ տողերով փորձել եմ բացատրել քո կարևորությունը, իսկ հիմա՝ օվկիանոսից այս կողմ բառեր գտնելու հարցում դժվարանում եմ։

Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ կարևոր մարդկանց մասին չեն բարձրաձայնում, բայց ես ուզում եմ բոլորին պատմել քո՝ այդքան խելացի տեսակի մասին, ուզում եմ փողոցում քայլող անծանոթներին մոտենալ ու պատմել քո նախասիրությունների մասին, ընկերներիս ուզում եմ ասել այն արտահայտությունները, որոնք միայն դու ես ասում։

Ես երջանիկ եմ այս տողերը գրելու համար, և գիտե՞ս՝ դու կարող ես ուղղակի լինել։ Հեռու, մոտիկ, բայց լինել։