jora petrosyan

Վերջապես…

Ի՞նչ էին անում բոլոր աշակերտները ամռան այս երկու ամիսներին. դե, բնականաբար, հանգստանում էին: Ճամբարներ, սեմինարներ…

Իսկ ի՞նչ էի անում ես: Ես մինչև հիմա պարապում էի: Վերջապես վերջացրի: Ինչպես սիրում եմ ասել՝ Դոբին ազատ է: Եկել է հանգստանալու ժամանակը: Բայց ի՞նչ հանգստանալ կամ ինչպե՞ս հանգստանալ, երբ հիշում ես, թե որքան հանձնարարություն ունես: Ինչպես իմ շա՜տ սիրելի ուսուցչուհին՝ Աղաջանյանն է ասում՝ ես պետք է մոռանամ, թե ինչ է հանգիստը: Պետք է հիշել, որ միասին նպատակ ունենք ու պիտի հասնենք դրան: Իսկ նպատակին հասնում են միայն ու միայն աշխատասիրության շնորհիվ: Ուսուցչուհիս ինձ տալիս է ոչ միայն գիտելիքներ կենսաբանությունից ու քիմիայից, այլ նաև կյանքի դասեր ու խորհուրդներ, որոնք էլ ավելի կարևոր են: Նա գիտի, թե ինչպես աշակերտին տրամադրել պարապելու ու գիտի աշակերտին իր նպատակին հասցնել:

Վերջապես օգոստոսն է, պիտի հանգստանամ: Էլի մեքենայով գնում եմ Ռուսաստան: Հուսանք, որ այս անգամ նորից ստիպված չեմ լինի մի քանի ժամ անցկացնել թշնամու հետ մեկ սենյակում:

Հայաստան-Վրաստան-Վլադիկավկազ-Մոսկվա-Պետերբուրգ: Հետաքրքիր է անցնելու: Երկար ճանապարհ՝ սիրելի մարդկանց հետ: Բայց ինչպես ասել էի, ես պետք է մոռանամ, թե ինչ է հանգիստը: Հենց դրա համար ինձ հետ վերցրել եմ իմ բոլոր գրքերը, շտեմարանները:

Դե, ընկերներ, ի գո՜րծ: Ինձ հետաքրքիր ճամփորդություն ու նպատակային պարապմունքներ, իսկ ձեզ՝ ակտիվ հանգիստ:

Աշակերտների կրթվելու հնարավորությունները Գավառի տարածաշրջանում

Օրերս մասնակցեցի «ՀՀ մարզերի երիտասարդներն ունեն որակյալ կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները» թեմայով բանավեճին: Թեման առիթ դարձավ գնահատելու Գավառում կրթություն ստանալու մեր հնարավորությունները: Խոսքն այս դեպքում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մասին է: Բանավեճի ընթացքում մեր թիմը, որն ուներ «Համաձայն ենք» դիրքորոշումը, բերեց բազմաթիվ փաստեր, որոնք ցանկանում եմ ներկայացնել այստեղ:

Կարծում եմ, որ Գավառի տարածաշրջանում կան այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ են տալիս մեր աշակերտներին մրցունակ լինել մայրաքաղաքում սովորող աշակերտների հետ: Իհարկե, մայրաքաղաքում կան այնպիսի դպրոցներ, որոնք, կարծում եմ, դուրս են մրցակցությունից՝ իրենց ունեցած նյութական և մասնագիտական հնարավորություններով: Դրանց թվին կարելի է դասել «Այբ» և «Ֆիզմաթ» դպրոցները, «Քվանտ» վարժարանը, Ֆրանսիական քոլեջը և այլն: Բայց հանրակրթական դպրոցների տված գիտելիքի առումով, կարծում եմ, մեր տարածաշրջանը չի զիջում մայրաքաղաքին:

Եթե կրթության որակի մասին դատենք համապետական մրցույթների արդյունքներով, ապա կարող ենք փաստել, որ մարզերի երեխաները նույնպես հաճախակի հաջողություններ են գրանցում: Այդպիսի մրցույթներից են՝ «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ», «Պատանի մաթեմաթիկոս» և այլ մրցույթները: Օրինակ՝ այս տարի «Մեղու» մրցույթի 4-րդ դասարանի 5 հաղթողներից 4-ը մարզերից են, որոնցից մեկը՝ Գավառի համար 4 հիմնական դպրոցից: Այս մրցույթներում Գավառի տարածաշրջանից ունեինք «Հատուկ մրցանակի» և «Լավագույն արդյունքի» արժանացած բազմաթիվ աշակերտներ:

Իհարկե, նշված մրցույթներում բարձր արդյունքներ ապահովելը միգուցե բավարար չէ կրթության որակի մասին դատելու համար, բայց դա էական նշանակություն ունի: 

Իսկ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները մեր քաղաքում բազմաթիվ են: Ես և իմ հասակակից շատ երեխաներ մասնակցում ենք նմանատիպ դասընթացների: Մասնավորապես, Գավառում 2008թ.-ից Գեղարքունիքի և Ֆրանսիայի Իզերի մարզի համագործակցության շրջանակներում ամռան ամիսներին դպրոցակաների համար անցկացվում են ֆրանսերենի անվճար դասընթացներ: Դասընթացավարները «Ֆրանս Ֆորմասիոն Ինթերնեյշնել» կազմակերպության Եվրոպայում վերապատրաստված երիտասարդ մասնագետներն են:

2014-2016թթ. Գավառում իրականացվել են անգլերենի անվճար դասընթացներ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Գավառում աշակերտների համար բազմաթիվ դասընթացներ են կազմակերպվում «Վորլդ Վիժն Հայաստան» Գավառի ՏԾ-ի նախաձեռնությամբ կամ աջակցությամբ: Դրանք ընդգրկում են «Շահերի պաշտպանություն», «Նորարարություն և ստեղծարարություն», «Բանավիճելու հմտություններ» թեմաները և ոչ միայն:

Իսկ առցանց ուսուցման հնարավորությունները հասանելի են բոլորին: Այս նպատակով ինքս օգտվում եմ edx.org և coursera.org կայքերից:

Ամփոփելով՝ ասեմ, որ մեր տարածաշրջանում կան կրթվելու բազմաթիվ հնարավորություններ: Դրանցից օգտվելու համար անհրաժեշտ են ընդամենը ցանկություն ու աշխատասիրություն:

elita balyan

Հարսիկիս պատրաստած խորովածը

Մի օր քեռիս խոստացավ, որ խորոված կպատրաստի: Հացի ժամին նկատեցինք, որ մեքենայի անվադողն է վերանորոգում: Նրա կինը հարցրեց.

-Վարդան, խորովածի կրակը չե՞ս վառում:

-Ուզում ես խորոված ուտես՝ արա ու կեր, ես ժամանակ չունեմ:

Հարսիկս ասաց.

-Չի անում, թող չանի, ես կանեմ: Ասաց ու անցավ գործի: Միսն ու կարտոֆիլը կտրատեց, համեմեց ու դրեց մի կողմ, սալորից թթու կոմպոտ պատրաստեց, նաև՝ ամառային աղցաններ:

Հետո իջավ բակ, մանղալը դրեց հարմար տեղում, ցախը բերեց, կրակը վառեց ու ասաց.

-Վարդան, կրակին կնայես, ես գնում եմ միսը շամփրեմ:

Քիչ հետո շամփուրները ձեռքին իջավ ցած ու միսը դրեց կրակի վրա:

-Դե տես, հեսա ինչ խորոված եմ անելու,- ասաց հարսիկս:

-Արա, արա, տեսնեմ՝ էդ ինչ տես անի:

Խորովածն արդեն պատրաստ էր, ու հարսիկս բոլորին կանչեց սեղանի մոտ:

Ամեն ինչ շատ համեղ էր ստացվել, բոլորին շատ դուր եկավ, մանավանդ՝ քեռուս: Ու քեռիս ասաց.

-Սրանից հետո խորովածը դու ես անելու,- ասաց ու ծիծաղեց:

Գավառում Վարդավառ է

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

-Մա՛ր, զարթնի՛ր, արդեն սկսել ենք,- արթնացրեց քույրս ուրախ բացականչությամբ:
-Ժամը ութի՞ն,- փնթփնթալով վեր կացա ես:

Մինչ պատրաստվեցի ու դուրս եկա, պարզվեց, որ բավականին ուշացել եմ ու, ինչն ամենացայտունն էր, միակ չթրջված մարդը դրսում։ Չհասցրեցի ջրով լի դույլս բարձրացնել, երբ հետևից ինչ-որ մեկն իր դույլը գլխիս դատարկեց, իսկ առջևից էլ երեխաները «Մարիամին չենք ջրել» բացականչությամբ դեպի ինձ էին վազում։ Մնում էր միայն փախչել ու հուսալ, որ ջուրը շատ սառը չի լինի։
Ես էլ թրջվեցի։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Ջրում էինք առանց թիմերի բաժանվելու՝ ով ում պատահի։ Ոչ ոք չէր մնում չոր հագուստով, եթե նույնիսկ պատշգամբում էր։ Չէ՞ որ շենքի բարձր հարկերից նույնպես ջրի շիթեր էին բաց թողնում։ Որքան վերև՝ այնքան ապահով:
Շուտով մեզ՝ երեխաներիս, միացան նաև մեծահասակները՝ հայրիկները, մայրիկները, տատիկներն ու պապիկները։ Արկածները դեռ նոր էին սկսվում։ Անծանոթ մարդկանց չէր փրկում նույնիսկ «մոտս հեռախոս կա» կամ «կարևոր տեղ եմ գնում» արտահայտությունները:
Երբ նկատեցի, որ շարժն աշխուժացավ, ու կարելի էր հետաքրքիր կադրեր որսալ, տուն գնացի, որպեսզի վերցնեմ տեսախցիկս ու լուսանկարներ անեմ։
Հասկացա, որ դրսում անհնար կլիներ մոտենալ մարդկանց ու չփչացնել տեսախցիկը։ Որոշեցի գործել պատուհանից ու պատշգամբից։ Սկզբում ամեն ինչ լավ էր, ու կարծես ոչ ոք ինձ չէր նկատում։ Մեկ էլ հանկարծ զգացի, որ թրջվում եմ։ Վերևի հարկի հարևանն էր։ Չգիտեր, որ նկարում եմ։ Այժմ թրջվեցի ոչ միայն ես, այլև տեսախցիկս։ Այնուամենայնիվ, հաջողվեց որոշ նկարներ պահպանել։ Դրսում ջրոցին դեռ երկար շարունակվեց։ Մեկը քամում էր թրջված մազերն ու շորերը, մյուսը արևկող պատին հենվում՝ չորանալու, մյուսներն էլ շարունակում էին խաղը:

Վարդավառը Մարտունիում

Մարտունի քաղաքում տեղի ունեցավ Վարդավառին նվիրված մեծ փառատոն: Փառատոնին մասնակցում էր Մարտունին և նրան հարակից գյուղերի մի մասը:Կազմակերպել էին ավանդական ուտեստների ցուցադրություն,սպորտային խաղեր տարբեր գյուղերի երեխաների միջև, պարային համույթներ Մարտունուց և գյուղերից և իհարկե, անակնկալ հյուրերի համար. սիրված երգիչներ՝ Ներսիկ և Արաբո Իսպիրյանները, Սևակ Ամրոյանը, Սոնա Շահգելդյանը: Այդպիսի փառատոն տեղի էր ունենում առաջին անգամ, բայց կազմակերպիչների հետ զրույցից հասկանալի դարձավ, որ մտադիր են այդպիսի փառատոները սարքել շարունակական:

Փառատոնի անմիջական կազմակերպիչներն էին Գեղարքունիքի մարզպետը, Մարտունու քաղաքապետը և մասնակից գյուղերի գյուղապետերը:

Վաղաշեն գյուղը առանձնացավ նրանով, որ տեղում իջեցրել էր թոնիրներ, և ուտեստների մեծ մասը տեղում էր պատրաստում ՝ թոնրի լավաշ, գաթա, խորոված և այլն: Վաղաշենի գյուղապետարանի աշխատող Լազր Հովհաննիսյանի զրույցից պարզ դարձավ, որ գյուղը Մարտունու քաղաքապետի կողմից ստացել էր երկու պատվոգիր՝ «Լավագույն սեղան» և «Ակտիվ մասնակից»: Իսկ վերջում գյուղապետը ավելացրեց. «Փորձել ենք պահպանել հայկական ավանդութները, գյուղին բնորոշ ավանդական ուտեստները պատրաստված մեր գյուղի կանանց տանջված ձեռքերով»:

Իսկ վերջում մի զավեշտ: Երբ մի կնոջ խնդրեցին հարցազրույց տալ մեդիային, նա պատասխանեց . «Ջրու վրեն կռվել էղներ՝ կռվի, բայց հարցազրույց՝ չէ»:

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի, Կոտայքի մարզ, ք. Հրազդան

Վարդավառ

anush davtyan

Երբ ժպիտը դիպչում է շուրթերիդ

Վերջերս անընդհատ մտքումս «губы тронула улыбка» արտահայտությունն է պտտվում։ Ինչ հետաքրքիր բառախաղ է ստացվում։ Ժպիտը դիպավ շուրթերին։ Դե, բոլորն էլ հասկանում են, որ ժպիտը դիպչելու համար ոչ մի հարմար վերջույթ չունի, բայց երևի բոլորին էլ ծանոթ զգացում է։ Գիտե՞ք՝ ոնց է լինում։ Էն որ մեքենայի մեջ գիշերով գնում ես, պատուհանից դուրս ես նայում, ու քեզ թվում է, որ գովազդի միջի «Coca-Cola»-ի մեքենաներն ես տեսնում։ Էն որ ձմռանը միշտ ցույց են տալիս, Ձմեռ պապի նկարով երկար մեքենաներ են, է՞։ Հետո մոտենում եք կամաց-կամաց, ու պարզվում է, որ բենզին տեղափոխող բեռնատարներ են, ուղղակի կարմիր լույս էին կպցրել հետևից։ Էդ պահին աչքիդ առաջ են գալիս կոլայի մեքենաներն ու սկսում ես երգել. «Տոներն են մոտենում, տոներն են մոտենում…»։ Հետո էլ շատ զգույշ, որ հանկարծ կողքիդ նստածը չզգա, ինքդ քեզ համար ժպտում ես, ու ոնց որ դու էլ զգաս, թե ոնց ինչ-որ մեկը նուրբ ձգեց բերանդ մի կողմից, երկու վայրկյան պահեց, հետո էլ միանգամից թողեց։ Այ, էդպես է ժպիտը դիպչում շուրթերիդ։

Կամ էլ պատկերացրու, որ քո քեռու տղայի քեռու տղան, այսինքն՝ բավականին հեռու մեկը, մոտ տասը տարեկան երեխա է, ու ինքը քեզ տեսնելիս ամեն անգամ էն չափով է ուրախանում, ինչքան իր հարազատին տեսնելիս։ Հետո դու նստում ես ծառերի տակ՝ մի առանձին տեղում, ու հիշում, թե ոնց էր սեղանի մոտ հաց ուտելիս նա փաթաթվում քո ձեռքին։ Ու կապ չունի, որ դու աջլիկ ես, իսկ նա հենց էդ ձեռքդ էր բռնել։ Ու կապ չունի, որ էնպես էր գրկել, որ անգամ ձախով էլ չէիր կարողանում բան վերցնել։ Հիշում ես էդ պահը, ու շուրթերիդ ժպիտ է դիպչում։

Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես պարբերաբար ուզում եմ էդ անկնթարթային ժպիտը հետ բերեմ։ Մի օր կարող է դու էլ ձեռքդ տանես շուրթերիդ, կամաց կպչես ու զգաս էն տեղերը, որտեղ ժպիտն էր եղել։ Հետո փորձես ժպտալ դիպածդ տեղում, բայց զգաս, որ մի քիչ կեղծ է ստացվում։ Ուղղակի դու ես քեզ դիպչում։ Դու, ոչ թե ժպիտը։ Էսքանը կարդալուց հետո երևի դու էլ մի օր մի տեղ նստած լինես, հիշես կամ տեսնես մի բան, ու ժպիտը գա, դիպչի շուրթերիդ։ Ու էդ պահին միգուցե հիշես կարդացածդ տողերը։ Հետո դանդաղ ձեռքդ տանես շուրթերիդ, որ հետ բերես էդ պահը:

Ծիրանաչիր

Լուսանկարը՝ Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը՝ Զարուհի Գևորգյանի

Ծիրանի սեզոնը այդքան էլ երկար չի տևում՝ մոտավորապես մեկից երկու ամիս։ Սակայն դա անհանգստանալու տեղիք չի տալիս, քանի որ մարդիկ սովորել են և իրենց սիրելի մրգերից պատրաստում են ձմեռվա համար պահածոներ և կոմպոտներ։ Բայց պահածոներից և կոմպոտներից համեղ և ավելի օգտակար է մրգերից չիր պատրաստելը։

Ծիրանի չիր պատրաստելու համար այդքան էլ երկար ժամանակ և շատ ջանքեր պետք չեն։
Սկզբում լվանում ենք ծիրանները և լցնում ենք թասի մեջ, վրան ավելացնում ենք բավարար քանակությամբ շաքարավազ, այնուհետև դասավորում ենք սկուտեղի վրա և մեկ օր թողնում զով վայրում, որպեսզի ծիրանի հյութը դուրս գա։ Հաջորդ օրը հյութը քամում ենք, եռացնում և վրան ավելացնում ենք մեկ թեյի գդալ կիտրոնի աղ, որպեսզի ծիրանները չշաքարակալվեն, իսկ հետո ծիրանի հատիկները քիչ-քիչ լցնում ենք այդ հյութի մեջ և նորից եռացնում, մինչև որ ծիրանները փայլուն տեսք ստանան: Նորից զգուշությամբ հանում ենք ծիրանները և դասավորում սկուտեղների մեջ։ Սկուտեղները մոտ տասը օր դնում ենք արևի տակ և օրվա մեջ երկուսից երեք անգամ ծիրանները շուռ ենք տալիս, մինչև չորանալը։ Ահա, պատրաստ է հայկական ծիրանաչիրը։ Եվ, ինչպես մեծերն են ասում. «Ընչի՞ հմեն ինչին փող տանք, առնենք, եթե մենք կարանք մեր ձեռով տնականը սարքենք, հմի ի՞նչ իմանանք՝ էդ առնովի ուտելիքների մեջ ինչեր են լցում»։

Anush abrahamyan

Զուտ դասարանային պատմություններ

Դասասենյակը լիքն է աշակերտներով: Հանրահաշվի դասաժամն է: Ուսուցիչը աշակերտների համար գրատախտակին նախօրոք գրել է գծային հավասարումներ ու այժմ իր աթոռին նստած հանգիստ լրացնում է մատյանը: Նա երբեմն աչքերը քթին դրված ակնոցից բարձրացնում է ու իր խիստ, սաստող հայացքով չափում ամբողջ դասարանը: Նրա սեղանին դրված զանազան իրերից առանձնանում են մի քանիսը, որոնք իրականում աշակերտներից վերցված իրեր էին: Դրանք այն աշակերտներինն էին, որոնք դպրոցի տղաների աչքին բարձր երևալու համար իրենց ծննդյան մի քանի հարմար նվերներ դպրոց էին բերել և նախորդ հանրահաշվի դասաժամին հանել պայուսակներից: Իհարկե, ուսուցիչն այդ իրերը հատուկ էր իր սեղանին դրել՝ մյուսներին սաստելու համար:

Այդ օրը դասարանում իսկական խուճապ էր. դասարանի աղջիկները, աչքերը պարոն Գալստյանի վրա պահելով, արագ իրար հետ փսփսում էին: Նրանք դա անում էին ամբողջովին աղջկական եղանակով. նախ ձեռքը հանգիստ մոտեցնում էին բերանին, հետո հոնքերը արտասովոր կերպով բարձրացնում էին ու թաքուն ժպտում: Դասարանում սկսված խուճապը գրատախտակին գրված հավասարումների ու դրանցից բխող վատ գնահատականների համար չէ: Հավանաբար, դասարանի մի քանի չարաճճի երեխաներ հենց նոր ավելի ծիծաղելի պատմություններ էին հորինել պարոն Գալստյանի կարճ սպիտակ մազերի ու դեմքը գրեթե կուլ տվող ակնոցի մասին: Իհարկե, ուսուցիչն արդեն գիտեր, որ երեխաները հենց իր մասին են խոսում: Նախանցյալ տարի երկու երեխա քիչ էր մնում դպրոցից դուրս մնային: Այդ համարձակները պարոն Գալստյանի մասին իրենց իմացած պատմությունները գրել էին թղթերի վրա ու տվել կողքի դասարանի աղջիկներին՝ սրանց տրամադրությունը ավելի բարձրացնելու համար: Բայց մեկի թեթև ձեռքով թուղթը հայտնվել էր պարոն Գալստյանի սեղանին, ամեն ինչ պարզվել էր, ու այդ երկու խիզախ երեխաները՝ Սոսն ու Լևոնը, բոլորից ցանկանում էին թաքցնել, որ տնօրենի սենյակում մի լավ լացել են ու ներողություն խնդրել: Այդ օրվանից հետո Լևոնը կարծես փոքր-ինչ խելոքացել էր, միշտ անում էր հանձնարարվող առաջադրանքերն ու պարոն Գալստյանին էլ հարգանքով էր վերաբերվում: Նույնը չենք կարող ասել Սոսի մասին: Իհարկե, դպրոցում կատարված իրադարձության համար տանը մի քանի օր զրկվել էր համակարգչով խաղալու հնարավորությունից, բայց դա նրան այնքան էլ չսաստեց: Նա հարմար պահ էր ընտրել, երբ բոլոր աշակերտները ֆիզկուլտուրայի դահլիճում էին, ու հատակը փայլեցնելու սուր հոտ (ոմանց համար՝ հաճելի, իսկ մեծամասնության համար՝ տհաճ) ունեցող յուղանյութի «բարակ» ու «նուրբ» շերտով պատել գրատախտակը: Ամենասարսափելին այն էր, որ հաջորդ ժամին ընկեր Գալստյանը պետք է բախվեր տհաճ և անախորժ երևույթի: Ֆիզկուլտուրայի ժամին Սոսն իրեն վատ էր զգացել ու դպրոցի բուժքրոջ մոտ գնալուց հետո՝ արագ զանգել էր մայրիկին: Երբ Սոսը իր մայրիկի ձեռքը բռնած դուրս էր գալիս դպրոցից, հանկարծ նկատեց պարոն Գալստյանին, ու նրա հոգին ծանր տնքաց սպասվելիք դատավճռի և դրան հետևող պատժի բեռի տակ:

Ահա թե ինչ եղավ հետո… Դասարանի նրբազգաց աղջիկներն իրենց բնորոշ թիթիզ-միթիզ դիմախաղով կանգնած էին ուշաթափության վտանգի առջև: Պետք է ասենք, որ Գալստյանին դուր չեկավ յուղանյութի «անուշ բուրմունքը», ու նա շատ արագ նկատեց նոր գրատախտակների փայլուն երեսը: Այ հենց դրա պատճառով է, որ մի քանի րոպե հետո տնօրենն արդեն դասասենյակում էր: Իհարկե, նրանք չէին կասկածում Սոսին, քանի որ «խեղճ երեխան» իրեն վատ էր զգացել և թույլտվություն ուներ տուն գնալու: Քանի որ ոչ ոք այդպես էլ չխոստովանեց, թե ով է «մեր հերոսը», տնօրենը ստիպված եղավ պատժել 30 հոգուն: Հաջորդ օրը Սոսը նույնպես դասի չեկավ, բայց երեխաներն առանց նրա էլ լավ փայլեցրին դասասենյակը: Այս պատմությունը դեռ կշարունակվի, քանի որ Սոսը խուսափեց տնօրենի պատժից, բայց ոչ ընկերների պատժից՝ մոտալուտ տուրուդմփոցից:

Artyom Avetisyan

Ամառվա մի հատված

Երբ ասում ես՝ ամառ, շրջապատիդ մարդիկ միանգամից հասկանում են տաք, ուրախ, ջերմային, անհոգ ու թարմ օրեր: Ոչինչ չունեմ ասելու, այդպես էլ կա, ուղղակի այդ անսահման օրերի հետևում թաքնված են մի շարք տանջալից, տխուր, հոգնեցուցիչ և նմանատիպ այլ օրեր, որոնք կարող են ամեն ինչ փչացնել:

Ոմանք, երբ ասում ես՝ ամառ, միանգամից պատկերացնում են դաշտ, գույնզգույն ու բուրավետ ծաղիկներ, որոնց միջով կարելի է աչքերը փակ վազել ու երազել, թիթեռների հետևից ընկնել և այլն: Բայց արի ու տես, որ երբ վազում ես դաշտի միջով, գույնզգույն ծաղիկների հետևում թաքնված կլինեն կենդանիներ, որոնք կարող են քեզ հանկարծակիի բերել և վախեցնել, հաստատ կլինեն մեղուներ, որոնք քեզ հաստատ կկծեն, իսկ թիթեռներին կփոխարինեն մոծակներն ու ցեցերը…

Սրանով ես չեմ ուզում ասել, որ ամառը վատն է, ուղղակի եկեք ամեն ինչ ընդունենք և տեսնենք այնպես, ինչպես որ կա: Ամռան մասին հիմնականում երազում են փոքր երեխաները՝ ապրելով ուրախ, անհոգ և պաշտպանված: Իսկ երբ մեծերի մոտ տալիս ես ամառ բառը, միանգամից տրամադրություններն ընկնում է: Պատճառն այն է, որ սկսվում է խոտքաղի, բուրդ լվանալու, բանջարանոցը ջրելու, հացահատիկի բերքը հնձելու և նմանատիպ այլ գործերի սեզոնը: Սակայն ես նույն պահին փորձում եմ փոխել նրանց դեմքի արտահայտությունը՝ ասելով.

-Հա, դե ամառ ա, էլի, մրգի շրջան ա, կերե՛ք, թարմացե՛ք ու աշխատեք: Հո ամբողջ տարին ամառ չի՞ լինելու, ու միրգն էլ՝ դեմներդ փռած:

Խոսքերս լսողները սկսում են ժպտալ, սակայն միաժամանակ ասում են.

-Օր դառնաս մեր թայ, սկի հավես էլ չենիս քելաս…

Ճիշտ է, նրանց էլ է պետք հասկանալ, որովհետև առանց ամառվա գործերի հնարավոր չէ ապրել և կերակրել ընտանի կենդանիներին ողջ ձմռանը: Իսկ մեր զրույցը երբեմն ընդհատում են կա՛մ ընտանի թռչունները՝ իրենց ձայներով, կա՛մ էլ շները՝ իրենց հաչոցով:

Ասացի թռչուններ՝ հիշեցի: Նրանք երևի փոքր երեխաներից ավելի շատ են դրսում լինում և ավելի լավ են վայելում իրենց ամառային հանգիստն ու արձակուրդները: Մի մասը ավազի վրա քուջուջ անելով արևայրուք է ընդունում, մի մասը ջրում լողանալով հովանում է, մյուս մասն էլ պարզապես նայում է, թե ինչպես եմ իրենց նկարում: