Lilia Apresyan

Երբ Հայաստանն ուղիղ գիծ էր

Տարիներ առաջ, երբ փոքր էի, ամեն անգամ պատերազմի մասին լսելիս հետաքրքրությանս չափ ու սահման չկար: Միշտ միջամտում էի մեծերի խոսակցությանը, ամեն կերպ ուզում էի հասկանալ պատերազմի էությունը: Գիտեի, թե պատերազմն էն ա, որ հայերն ու թուրքերը կանգնում են դեմ դիմաց ու սկսում իրար կրակել: Երբ ինչ-որ մի առիթով հավաքվում էինք բարեկամներով, պարտադիր միշտ խոսակցություն էր բացվում Արցախյան ազատամարտի մասին: Ու էդ պատմությունները ինձ շա՜տ էին հետաքրքրում: Հետաքրքիր էր հատկապես «նկուղային» կյանքն ու մոմի լույսի տակ մի կերպ յոլա գնալը:

Իսկ Հայաստանն ինձ համար մի ուղիղ գիծ էր, որի ամենածայրում մեր գյուղն էր, իսկ մեզանից հետո սկսվում էր մի ուրիշ գիծ, էդ էլ Ադրբեջանն էր: Գիտեի, թե մեր գյուղից հետո էլ Հայաստան չկա:

Անցան տարիներ: Հայաստանի ուղիղ գիծ լինելու պատկերացումներս վերացան, պատերազմ վարելու ձևը՝ նույնպես: Սահմանն օրեցօր լարվում էր, զոհված զինծառայողների անունները՝ ավելանում: Իսկ երբ արդեն խոսք էր գնում սպառնացող պատերազմի մասին, ամեն կերպ ժխտում էի (կամ էլ ինձ հույս էի տալիս), որ չի կարող պատերազմ սկսվել:

Էսպես անցնում էին օրերը: Հայաստանի, հայ ժողովրդի ու, ընդհանրապես ամեն ինչի մասին պատկերացումներս փոխվում էին, բացի պատերազմ սկսվելու հավանականությունից: Ուղեղիս ծալքերում ոչ մի կերպ չէր տեղավորվում էդ փաստը, մինչև… Մինչև եկավ ապրիլը:

Ամսի երկուսն էր, սովորականի նման դպրոցում էինք ու պատրաստվում էինք Գրիգոր Խանջյանին նվիրված «Հայից հայը» խորագրով միջոցառմանը: Փաստորեն, մինչ մենք տարված էինք փորձերով, արդեն սկսվել էր իմ ուղեղի ծալքերում ոչ մի ձև չտեղավորվող պատերազմը: Պատերազմը…

Սովորականից շուտ գնացինք տուն: Սկզբից ոչ մի արտասովոր բան չկար: Մտածում էի. «Դե, միշտ էլ սենց ա էլի եղել, շատ որ՝ էս անգամ մի քիչ մեծածավալ ա»:

Արդեն երկու օրից համակարգիչն ու հեռուստացույցը դարձել էին իմ ամեն րոպեի վկաները՝ ինչ-որ նոր ինֆորմացիա կորզելու համար:

Ամեն վայրկյան մտքով դիրքերում էի, Տղերքի կողքին: Նրանց հետ կռիվ էի տալիս թուրքի դեմ, նրանց հետ ընկնում էի, նրանց նման իմ սիրտն էլ էր խոցվում թշնամու գնդակներից: Միակ տարբերությունն այն էր, որ սրանք զուտ իմ պատկեացումներն էին, իսկ Տղերքը կանգնած էին սահմանին, հող էին պաշտպանում, էդ հողը ներկում արյունով, ընկնում էդ հողի համար…
Անցան օրեր, ամիսներ, մի տարի… Պատերազմի վտանգը երևի անցել է, չգիտեմ:

Ես արդեն էլ չեմ ժխտում, որ պատերազմը միշտ մեզ հետ է, մեր կողքին և մի օր կարող է քնած հրաբուխի նման հանկարծ ժայթքել, ինչպես ապրիլին էր, մի տարի առաջ…

Ազատ թռիչք

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Երբ արդեն ամբողջությամբ հավատում էի, որ եկել է գարունը, կրկին եկավ ձյունը և ամեն ինչ փչացրեց:

Շաբաթ օր էր՝ մռայլ եղանակ էր, և ձյուն էր տեղում: Հանկարծ, քույրս արագ տուն մտնելով, գոռաց.

-Լի՜լ, արագ ջուր բեր:

Նրա ձեռքերի մեջ մի փոքրիկ ճնճղուկ կար։ Թռչունը կարծես գիտակցությունը կորցրել էր: Ես արագ, մի փոքր ջուր վերցրեցի և շաղ տվեցի նրա վրա, մի քանի անկանոն շարժում անելուց հետո նա բացեց աչքերը…

Քույրս` Սոֆին, մի քանի բառով պատմեց. «Դրսում էի, երբ նա վերևից ցած ընկավ, չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ես այնտեղ չլինեի»: Փոքր եղբայրս` Արեգը, շատ էր ուրախացել։ Նա ուրախությունից վազում էր այս ու այն կողմ: Ու մեկ էլ՝ հո՜պ, ճնճղուկը քույրիկիս ձեռքերից թռավ: Մի քանի րոպե նա թռչում էր այս ու այն կողմ, և Սոֆիին շատ դժվարությամբ հաջողվեց բռնել նրան: Մի քանի րոպե էլ նրան պահեցինք մեր տանը, որպեսզի տաքանա, և հետո որոշեցինք դուրս հանել և թողնել, որ գնա:

Եվ այդպես էլ արեցինք, տնից դուրս եկանք` Սոֆին բացեց ձեռքերը, և այդ փոքրիկ թոչունը թռավ հեռո՜ւ, շա՜տ հեռու:

Չեք պատկերացնի, թե ինչքան մեծ էր մեր ուրախությունը։ Չէ՞ որ մենք կարողացանք օգնել նրան․․․

Վերադարձանք տուն, Արեգը լաց էր լինում: Նա լալիս էր, որովհետև մենք բաց թողեցինք իր նոր ընկերոջը: Բայց ուրիշ ի՞նչ կարող էինք անել, չէ՞ որ այդ խեղճ թռչունը սովոր է ազատ թռիչքին և սիրում է ազատությունը։ Ինչպե՞ս պահեինք մեր տանը: Ճիշտ է, Արեգը մի քանի րոպե լաց եղավ, բայց դե փոքր է՝ չի հասկանում, իսկ մենք շատ ուրախ էինք և գոհ, որովհետև կարողացանք օգնել մի անմեղ էակի և նրան ազատ թռիչքի հնարավորություն տվեցինք․․․

Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի

 

Anush abrahamyan

Վա՜յ, տատ

-Տա՛տ, բա չէիր վախենո՞ւմ,- անհամբերությամբ լի աչքերով ասաց նստածներից մեկը:

-Այ տղա՛, լա փեջն փեդ թալ, ցրտեց: Տո, չէ՜, այ բալամ, ի՞նչ վախենենք: Էն վախտ էդի նորմալ էր:
Վառարանը նորից սկսեց ագահությամբ խժռել փայտի կտորը ու եփել իր վրա շերտ-շերտ դրված կարտոֆիլը, որը սկսում էր կարմրել:
Երեխաները լռել էին: Չէ՞ որ շատ չեն նման դեպքերը, երբ տատիկը միանում է վառարանի շուրջը հավաքված չարաճճի երեխաներին:
-Հա՛,- կարծես հիշելով՝ շարունակեց տատիկը,-երբ օր էրգու մեշոկն բերնեբերան լցի (այստեղ տատս երկու ձեռքով այնպես ցույց տվեց լցված պարկն, ասես այն հենց մեր առաջ էր)՝ քաշելով հետ դարձա ավտոյի մոտ: Արդեն իրգուն էր, մութն էլ հա՜-հա էր (համարյա) վրա կհասներ: Հասա էն տեղն, դոր օր ավտոն պդի էղներ, է՛ ի՞նչ՝ ավտոն չկար, կող ու կուշտս էլ՝ չոլ: Հա կնայիմ, հա կնայիմ էս յան, էն յան, մտածիմ՝ կարող ա՞ ավտոն ա տեղն փոխե: Է, ո′չ ավտոն կա, ո′չ էլ՝ էդ կընգտիք: Մեշոկներն էլ՝ չարչրվիմ, խո չթողի՞մ:
Բոլորը շունչները պահեցին:
-Դու մի ըսա, էս ավտոն ընձի թողե, գածե, էսրա շոֆերն էլ ըսե, թե երևի ուրիշ ավտոյով ա գացե, արեք էրտանք: Ինչքա՜ն քուրըս լացե, թե բա՝ չէ՜, քուրս մացե դաշտ, չլսած, ելած, էկած: Օր էկած, խեղջ մերըս ըսե, թե իմ մեկել ախճիգ դո՞ր ա: Ըսած` ընչի չեգե՞: Էս խեղջ մերըս էլ ձենը թալա գլոխ, թե իմ ախճգան տարաք էրիք գիլու փայ: Հերըս էլ տրակտոր վերծա, գընգնի դար ու դաշտ: Սաղ հարևաներ գիկան, բա՝ ոչինչ, Մարկրիդ ջան, հեսա Ապետն կբերա: Մարդըս էլ էդ վախտ գեղն ա, դը մենք Զոմեն (յայլայի անուն) ինք:

Մգա հասեմ գիլու ձորի մոտ ահն ընգե սիրտս, կմտածիմ, թե մգա գելն է՞ս կողմից կերևա, չէ՛ էս մեգել: Մեգ էլ տենամ հեռվից հեռու երկու հադ լուս գիկա, ըսի գիլու աչքերն ին, բայց օր ձենն լսի հասկցա, օր ավտոյա: Եկավ, եկավ, տենամ հերըս ա: Նոր մեշոկներս թալի տրակտոր, ես էլ նստա ու էգանք:
-Տատ, բա էդ վիջագով իմալ է՞ր կերտեր դաշտ:
-Հա ի՞նճ կեղներ, 8 ամսկան ենք հղի, էլի:
-Վա՜յ, տատ,- լսվեց բոլոր կողմերից գոհունակությամբ:
Տատս վերցրեց վառարանի վրա դրված կարտոֆիլներց մեկը, աղ լցրեց և տվեց մեզնից ամենափոքրին:

…Երեխաները նորից սկսեցին աղմկել:

anna gasparyan

Ընտրություններ են

Այսօր  ընտրություններ են:

Արդեն մի ամիս է, ինչ տարբեր կուսակցություններ և դաշինքներ ընտրական քարոզչություն են անցկացնում: Ամեն պահի հեռուստացույցով կարելի էր տեսնել դրանք: Բոլոր լրատվամիջոցները տարված են ընտրություններով:

Երեկ ապրիլի մեկն էր, և  արգելված էր քարոզչություն անցկացնել: Հեռուստացույցով լրիվ ուրիշ հաղորդումներ են ցույց տալիս: Մթնոլորտը փոխվել է: Բայց, մի տեսակ անսովոր է. արդեն սովորել էինք ամեն օր լսել ընտրական քարոզչությունները: Չէ որ մի ամիս անընդմեջ քարոզչություն էր անցկացվում:

Ճիշտ է, ես քաղաքականություն չեմ սիրում, բայց ինձ հետաքրքրում են նախընտրական քարոզարշավները և երբեմն հետաքրքրությամբ դիտում էի քարոզչությունը:

Երեկ տոն էր՝ ապրիլի մեկը: Ծիծաղի, կատակ անելու, խաբելու օրն էր: Վստահությամբ կարող եմ ասել, որ բոլոր դպրոցականները սիրում են այս տոնը. ոչ միայն դպրոցականները, այլ նաև փոքրերը և մեծահասակները: Կատակասերների և հումորով մարդկանց ամենասիրելի օրերից մեկն էր, որոնց մեջ մտնում եմ նաև ես: Ասում են՝ ինչքան շատ ծիծաղես, այնքան կյանքդ երկար կլինի: Ո՛չ, սա կատակ չէ, ճիշտ է: Այնպես որ, ծիծաղելը ոչ միայն հաճելի է, այլ նաև օգտակար: Ստացվում է այնպես, որ ապրիլի մեկը շատ օգտակար տոն է:

Դե, իսկ այսօր արդեն դժվար թե մեկնումեկը կատակ անի. ընտրություններ են:

lilit harutyunyan lchshen

Ընկնելով ծուղակը

Ես շատ հետաքրքրասեր եմ: Իմ կարծիքով, դա և՛ լավ է, և՛ վատ։ Լավ է, քանի որ դրա շնորհիվ կարողանում եմ ավելին իմանալ ու ընդլայնել գիտելիքներիս պաշարը, և վատ, քանի որ հաճախ դրա պատճառով տուժում եմ:

Այ, օրինակ՝ մի անգամ կարդացի 17.am–ի թղթակիցներից մեկի՝ Արտյոմ Ավետիսյանի՝  «Հիվանդությո՞ւն, թե՞ մրցակցություն» վերնագրով նյութը, որտեղ նա պատմում էր Color Switch խաղի մասին և վերջում հավելել էր, որ ովքեր չգիտեն խաղի մասին՝ ոչ էլ փնտրեն, թե չէ, կրակը կընկնեն: Իսկ ես… Իսկ ես սովորությանս համաձայն՝ փնտրեցի, ներբեռնեցի ու սկսեցի խաղալ: Սկզբում հիմարություն թվաց (ինչպես մյուս բոլոր խաղերը), բայց դա միայն սկիզբն էր, իսկ հետո, երբ խորացա, այլևս չկարողացա կտրվել խաղից: Երբեմն հոգնում եմ այդ խաղից և ուզում եմ ջնջել, բայց հետո հասկանում եմ, որ մեկ է` մի քանի ժամից կրկին ներբեռնելու եմ:

Ես նույնպես խորհուրդ կտամ չփնտրել խաղը, թե չէ, դուք էլ իմ նման՝ կընկնեք այդ խաղի ծուղակը:

karen karapetyan portret

Խաղաղություն ամենեցուն

Քեռիս 1990-ական թվականներին մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: Մի օր հարցրեցի նրան․

-Քե՛ռ, ի՞նչ կլինի, պատմիր էդ ժամանակներից:

-Է՜, բալե՛ս… Պատմելու բան ա՞, որ պատմեմ:

-Լավ էլի, քեռի՛, ի՞նչ կլինի, շա՜տ եմ խնդրում, պատմի՛ր:

Այն, ինչ պատմեց քեռիս, կյանքում չեմ մոռանա.

-Մի անգամ, առավոտ-գիշերով խրամատում կագնած էի, նայեցի ժամին, տեսնեմ՝ 6-ին հինգ է պակաս: Ծխախոտս վառեցի, սկսեցի ծխել ու հիշեցի, թե ինչպես էր ամեն օր առավոտյան 6-ին մերոս տնից դուրս գալիս ու աղոթք անում ամբողջ աշխարհի խաղաղության համար: Կրկին նայեցի ժամին՝ տեսնեմ ուղիղ 6-ն է: Չգիտեմ՝ ինչ կատարվեց հետս, գլուխս բարձրացրի ու մեծ արագությամբ գնդակը ականջիս մոտով անցավ: Աչքերիս դիմաց սևացավ, հասկացա, որ գնդակը ինձ չի դիպել: Սկսեցի լաց լինել.

-Վախ, մերոս հենց հիմա դուրսը կանգնած աղոթում է..․

Ու քեռիս այլևս չկարողացավ շարունակել: Այդ ժամանակ ես նկատեցի նրա արցունքները, որոնք կյանքում առաջին անգամ էի տեսնում: Հիմա էլ, երբ փակում եմ աչքերս, հիշում եմ նրա դեմքի արտահայտությունն ու թաց աչքերը:

bella Araqelyan

Քննություններ

Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր այս տարի քննության են, ինձ պես գոնե մեկ անգամ ասել են;

-Է՜հ, հենց մեր ժամանակով քննությունները պիտի բանավոր դարձնեի՞ն։

Ինչքան շատ է մոտենում քննություն տալու ժամանակը, այնքան շատ է ավելանում լարվածությունս։

Ամբողջ դասարանով «կպած» պարապում ենք, որ քննության օրը պատրաստ լինենք, չնայած նրան, որ դասերն այս տարի ավելի ու ավելի շատ են, քան մնացած տարիներին։

Մեկ-մեկ ընկերուհուս` Հասմիկին, ասում եմ.

-Ինչ դաժան ա ամեն ինչ, եկանք առաջին դասարան՝ 10-ամյայից 12-ամյա դառավ կրթությունը, հասանք 9-րդ դասարան՝ քննությունները դարձան բանավոր։

-Ոչինչ, եթե պարապենք, բանավորը գրավորից հեշտ կտանք,-մխիթարում է Հասմիկը։

Ամեն օր պարապել, պարապել, պարապել․․․

Այս կյանքում ոչինչ հեշտ չէ, անգամ ամենահեշտ բանը` քննությունը։

Ինչ-որ տեղ լավագույնը լինելու համար հարկավոր է պայքարել։

heghine grigoryan

Դեպի նախընտրական շտաբ

Քայլում ես անտառով: Ներդաշնակ լռություն է տիրում: Ոչ թե անթերի, կատարյալ լռություն, այլ սովորական անտառային մի լռություն` զուրկ մարդկային ձայներից: Տերևների մեղմ սոսափն ու միջատների բզզոցը նույնպես այդ լռության մի մասն են: Եվ այդ լռությունը, անկախ քո կամքից, հոգիդ քնքշությամբ է լցնում:

Քայլում ես անտառով և սաղարթների արանքից արևի շողերը դեմքդ են շոյում և պարուրում քեզ հաճելի ջերմությամբ: Եվ թվում է, թե երկար քայլելուց հետո կգտնես հոգուդ ներդաշնակությունն ու կհասնես կատարելության: Միգուցե հենց այդ ժամանակ էլ ցանկություն առաջանա թռչել: Թռչել ազատ ու անկաշկանդ, ճեղքել անսահման երկնքի կապույտն ու հասնել եզրին՝ աշխարհի եզրին: Այնտեղ ամեն ինչ հոգեպարար կլինի, պարզ ու ներդաշնակ, առանց անարդարության, առանց գորշ ու բթացած մարդկային երևույթների և առանց ընտրությունների…

Բայց իրականությունը մի փոքր այլ է․․․

Քայլում ես անտառով և տերևի փոխարեն գետնին է ընկնում պատգամավորի լուսանկար: Լռությունն այլ է: Ականջիդ է հասնում ոչ թե տերևի սոսափ ու միջատի բզզոց, այլ սղոցի «սոսափ» ու մարդկային տաղտկալի բզզոցներ: Թող ծիծաղելի չթվա, բայց այդ բզզոցները հավանաբար կոչ են անում քվեարկել իրենց օգտին: Ահա և ողջ իրականությունը:

Քայլում ես անտառով: Բայց արդարությամբ, սիրով և վերջապես անտառային սովորական լռությամբ պարուրված լինելու փոխարեն ողողված ես նախընտրական բազմաթիվ խոստումներով և «ներդաշնակ» մթնոլորտով: Միգուցե այդ ժամանակ քեզ թվա, թե հասար աշխարհի եզրին, բայց ոչ: Իրականում դու հասել ես ընդամենը նախընտրական շտաբ…

Քայլում ես անտառով…

Anush abrahamyan

Ծառի երազանքը

Օրը զուրկ էր դիմափոշուց, նրա երակներում հոսում էին զննող հայացքներ դեպի այն ծեր ծառը, որի դեմքը կնճիռներով էր պատվել: Այդ ծառը հավանաբար շատ տարիներ առաջ է տնկվել, երբ ես փոքր եմ եղել կամ գուցե չեմ էլ եղել: Նրան բաժին է հասել միայն մի փոքր տարածություն, դպրոցը չորս կողմից շրջապատող սառը պատերը ու մեր հայացքները: Նրա շուրջն իրար վրա շարված փայտեր կան, որոնք, հավանաբար, շատ ցավ են պատճառում այդ ծեր ու միայնակ ծառին: Նա միայն ուրախանում է այն ժամանակ, երբ իր հյութեղ խնձորի համար աշակերտները բոլորից գաղտնի ցատկում են պատուհանից ու գրպանները խնձորով լցնում:

Հիշում եմ՝ ամիսներ առաջ, մի ֆիլմ դիտեցի, որն արմատներ ձգեց իմ հիշողության մեջ։ Այն պատմում էր մի ծառի մասին, որն անտառ էր երազում: Երկար ժամանակ դեռ կհիշեմ այդ ֆիլմը: Ծեր ծառը միայնակ է դիմակայել բնության ապտակներին ու արտասվալից աչքերով հասել հորիզոնի նոր այգաբացեր: Թեև տարիները հուսահատության շղարշ են ձգել ամենուրեք, բայց ես նրա հայացքի խորքում տեսնոմ եմ անտառի երազանքը։ Նա, իրեն հարազատ դարձած սղոցի ձայների մեջ, փորձում է գտնել անտառային մեղեդին, բայց նորից կախում է հայացքը ու սպասում, անվերջ սպասում… Երկնքով թռչուններ են անցնում ու, նկատելով մենակյաց ծառի տխրությունը, իջնում, նստում են ճյուղերին, երգում ու բերում են անտառի երազը: Նրան գոնե մի քիչ մխիթարելու համար կողքին երկու ծառ տնկեցին, բայց չէ՞ որ նրանք էլ են անվերջ երազելու անտառ ու վախենալու սղոցի ձայներից:

Իսկ ինչպե՞ս կարող եմ ասել նրանց, որ թեև շուրջս այսքան մարդիկ կան, բայց ես էլ եմ անտառ երազում…