Մխոն, պահմտոցին ու հողաթափը

Լուսանկարը՝ Նատալյա Թիզյանի

Լուսանկարը՝ Նատալյա Թիզյանի

-Մխիթա՜ր, Գրիգո՜ր, Մանե՜, Լիլի՜թ, Արմե՜ն, տյուս եկե՜ք, հալամոլա ենք հաղ անում:
Այսպիսի սկիզբ է ունենում մեր գյուղական ամառային արձակուրդը: Մի օր հավաքվեցինք ու սկսեցինք խաղալ: Քանի որ գրասենյակի բակում թաքնվելու շատ տեղ կա, էնտեղ խաղացինք: Այնտեղ Բլոենց տան մոտ թրիքի կույտ կար, որը շուտով պետք է տանեին: Էս Մխիթարը, ինչպես միշտ, հողաթափով էր եկել: Ես թաքնվել էի, և հենց նա տեսավ ինձ, ես ընկա նրա հետևից: Մխիթարը խառնված վազեց դեպի թրիքը: Վազեց, ոտքը դրեց թրիքի մեջ ու դուրս եկավ առանց հողաթափի: Սկսեցինք փնտրել: Զարմանալին այն էր, որ գոմաղբի կույտի մեջ չէր երևում ոչ մի հետք, բայց Մխոյի ոտքը թրիքոտ էր:
-Մխո, վե՞րդե ես տրել վետդ:
-Աաայ, ընդե:
Նայում ենք` հողաթափ չկա:
-Մխո, ստե՞:
-Չէ, ընդե:
Ու այսպես մեկ էնտեղ է ցույց տալիս, մեկ` էստեղ: Հո չի լացում, հո չի լացում…
Հետո եկավ Մխոյի եղբայրը` Հայկը:
-Մխո ջան, դուխդ չգցես, ես կգտնեմ: Ի՞նչ եք ծիծաղում:
Կողքի տանից դուրս եկավ Լյուդիկ տոտան.
-Դե վեր ասեմ` վեխճար ես, կասես` ասեց: Տենում չի՞ր, վեր ղաքիտ թրիք կա:
Զարմանալի բան, մի փոքրիկ թրիքի կույտում չկարողացանք մի հողաթափ գտնել:
-Տղեք, սպասեք գնամ կոշիկ հագնեմ գամ,- ասաց Մխիթարը:
-Մխո, կոշիկ հագի, որ ոտիցդ դուրս չգա:
Մխոն գնաց և արագ վերադարձավ: Մեկ էլ տեսնենք, գնացել ու մի ուրիշ հողաթափ է հագել եկել:
Դե վեր ասեմ` վեխճար ես, կասես` ասեց:

«Դրուժբան» բարեկամությունը չէ

Լուսանկարը՝ Էրիկ Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Էրիկ Ալեքսանյանի

Ամեն անգամ այդ դեպքը հիշելիս սրտումս ինչ-որ բան կարծես փշրվում է: Մեր գյուղի ճանապարհի եզրին գտնվող ծառերի մեծ մասը հատվեց: Պատճառաբանեցին այսպես. «Խանգարում է էլեկտրալարերին»: Ու այդպես գրեթե բոլոր ծառերը հատվեցին, և հատումների պատճառով սողանքներ առաջացան: Ինչպես կարելի է անխնա ոչնչացնել ծառերը, չէ որ նրանք մեզ մեծ քանակությամբ թթվածին են նվիրում: Շատերը ամռանը զովանում են նրանց սաղարթախիտ ճյուղերի տակ:
Կարելի էր կտրել ընդամենը այն ճյուղերը, որոնք իսկապես խանգարում էին էլեկտրալարերին: Ու այսպես մի քանի օր շարունակ լսվում էր այդ «դրուժբա» կոչվածի անտանելի ձայնը, որ կտրում էր հարյուրավոր ծառեր: Այդ ամենից հետո հնարավոր չէր քայլել ճանապարհով: Տեսարանը ահավոր էր, ամեն ուր հատված ծառեր ու կոտրված ճյուղեր:

mane m sargsyan

Երբեք մի ասա` երբեք

Ես Մանեն եմ: Երևի շատերդ ճանաչում եք ինձ: 16 տարեկան եմ, սովորում եմ 12-րդ դասարանում: Շատ ակտիվ և կենսուրախ բնավորության տեր անձնավորություն եմ: Դպրոցում չարաճճիություններ չեմ արել երբեք: Բայց ինչպես ասում են` երբեք մի ասա` երբեք…
Սովորական օր, սովորական դասերով, պարապմունքներով հագեցած: Ինձ թվում էր, որ ոչ մի հետաքրքիր իրադարձություն չի լինելու այս օր: Բայց սխալվեցի…
Մենք պատրաստվում ենք Նոր տարվա միջոցառման, և քանի որ ունեմ լավ գաղափարներ և մտքեր, և բացի դրանից, նաև աշակերտական խորհրդի անդամ եմ, իմ դասընկերներից մի քանիսի հետ միասին գնացի մեր կազմակերպչի աշխատասենյակ: Քննարկումներ արեցինք, որոշումներ կայացրեցինք: Այնքան էինք կլանվել, որ մեզանից ոչ ոք չէր լսել զանգի ձայնը: Երբ վերադարձանք դասարան, ուսուցիչն արդեն մատյանն էր լրացնում:
-Դասից 10 րոպե ուշացել եք, իսկ մնացած 35 րոպեն կմնաք պատի տակ կանգնած,- բարկացած ասաց նա:
Մենք ուշացել էինք ընդամենը 3 րոպե: Դաժան է…
Առաջին անգամ էի պատի տակ կանգնում: Անկեղծ ասած, միշտ երազել եմ: Եվ այսպես, 12-րդ դասարանում երազանքներ են ի կատար ածվում: Համեցեք…

Մայրիկիս հմուտ ձեռքերը

Ինձ երբեմն թվում է, թե հմուտ ձեռքեր ունեցող մարդիկ հրաշագործներ են: Այդ հրաշագործներից մեկը մայրս է՝ Վիոլետտա Ստեփանյանը: Նա հիանալի հելյունագործ է: Նրա աշխատանքները գրավում են բոլորի ուշադրությունը: Նա իր գործերից հաճախ նվիրում է բարեկամներին, հարազատներին և համագյուղացիներին: Շատ է ուզում վաճառել, բայց չի կարողանում, որովհետև գյուղում վաճառելը, կարելի է ասել, հնարավոր չէ, քանի որ բնակիչները շատ քիչ են և գումար էլ չունեն: Իսկ գյուղից դուրս վաճառելու համար միջոցներ ու գումար է անհրաժեշտ: Եթե վաճառվեին, դա մեծ օգնություն կլիներ մեր ընտանեկան բյուջեին:
Մայրիկս չի հուսահատվում և ամեն բան փորձում է: Ամռանը աշխատանքները տարան Գոշ գյուղում վաճառելու, բայց ապարդյուն, գործերի անգամ կեսը չէր վաճառվել, այդ պատճառով այլևս չգնացին, ու բացի այդ, միջոցները չէր բավականցնի ամեն օր գնալ-գալուն: Եվ այդպես, աշխատանքները մնում են մութ պահարանում: Իսկ մայրիկս հույս ունի, որ կգա մի օր, ու ինքը կկարողանա վաճառել դրանք:

sevak

Արևի բաղը

Մեր գյուղում կա մի տուն, որի տերը շատ սարսափազդու և դաժան կին է: Ամեն տարի, երբ նա հիշում է իր լաբիրինթոսանման և կիսաշեն նկուղներով տունը, գալիս է գյուղ: Եվ այդ պահին.

-Փախե՜ք, Արևը եկավ, շաղ հընցե՛ք:

Երբ գալիս էր, բոլորին համբուրում էր, իսկ երեխաներն Արևին տանել չէին կարողանում: Բայց միայն Արևի համբույրից խուսափելու համար չէր այդ նախազգուշացումը: Հիմա կասեմ:

Այդ Արևն ունի մի մեծ խնձորենիների այգի, իր տան հետևում, և թաղում ամեն մեկը Արևի խնձորի այգում ունի իր ծառը: Նույնիսկ ասում ենք.

-Ով իմ ծառիցը խնձոր ա քաղել` մտքինս ա:

Ու, եթե հանկարծ մեկը մյուսի ծառից խնձոր քաղեր, կռիվ, պատերազմ էր: Այդ նախազգուշացումը նաև նրանց համար էր, ովքեր Արևի գալու պահին գտնվում էին այգում: Ու եթե հանկարծ Արևը տեսավ մեկին, համբուրելը կմոռանա, մեկ-մեկ կբռնի ու կսպանի, մեռածին կսաղացնի…
Այդ ժամանակ Արևն ընկնում էր հետևներիցս, ասելով.
-Կաղնե՜ք, այլանդակնի, տյուք իմ բաղից խնձյոր քաղեք ու մարսե՞ք, քթներովդ դեմ պիրիլ, վեչ ըլածնի:

Ու, եթե հանկարծ բռներ` ծամ-ծամ էր անում, իսկականից քթներովս հանում էր: Ահա այսպիսի ոչ ցանկալի պատմություն է ստացվում, երբ Արևը որոշում է այցելել իր լքված տունը: Բայց անգամ այդ սարսափներին, մենք միևնույնն է, մեր ծառի տերն ենք:
Հիմա ձմեռ է, ոչ Արևն է գյուղում, ոչ էլ խնձորի այգու ծառերի ճյուղերին երեխաներ կան: Դրա համար էլ հիշեցի այս ամառային պատմությունը:

Բղաքաղը մեր թաղում

Բղաքաղը այն գործընթացն է, երբ թաքուն, ուրիշի այգուց մենք ինչ-որ միրգ կամ հատապտուղ ենք ուտում: Վահան գյուղի մեր թաղում բղաքաղը անց է կացվում կատարյալ ձևով, առանց «ժողովի» ` մենք բղաքաղ չենք անում: Մեր թաղի «բղաքաղի ժողովի նստավայր»-ը գտնվում է Արևի բաղում, որտեղ գեղեցիկ ծառերի տակ կա սեղան` իր աթոռների հետ միասին, որոնք հեռվից նայելիս սնկերի ընտանիքի են նմանվում: Մեր թաղում բղաքաղը սկսվում է այսպես.
- Քանի եղանակը լավն ա, եկեք քյանք Սևանանց բաղ,- ասում է տղաներից մեկը:
-Քյացինք,- պատասխանում եմ ես:
Ինձ են ասում, որովհետև մեր թաղի բղաքաղի կազմակերպիչը մշտապես ես եմ լինում, որովհետև միայն ես եմ կարողանում այնպես կազմակերպել, որ չբռնվենք:
Հավաքվում ենք Արևի բաղում և սկսում ժողովը.
- Հայկո, մեջերներիս լաղո վազ տվողը ես ու տյու ենք, մենք դենք դյերիլ ծառը: Մխո, տյու վիրեվիցն ես շախը պահում, Գրիգոր, տյու տակիցը, Արսեն, տյու աջիցը, Արմեն, տյու ծյախիցը:Պատրաս՞տ եք,- ասում եմ ես:
- Հա, հա, հա,- ասում են տղաները:
-Կապիշոնները քցեք, քյացիք,- ասում եմ ես:
Կապիշոնները գցում էինք, որպեսզի մեզ ճանաչելը փոքր-ինչ դժվարանար:
Վերևի, ներքևի, աջի, ձախի տղաների դասավորվածությունը հենց այնպես չէ: Վերևում և աջում կանգնեցնում եմ թույլ վազողներին, որովհետև ավելի մոտիկ են գտնվում ճանապարհին, իսկ ներքևում և ձախում բնականաբար ավելի ուժեղ վազողներին:
Ահա այսպիսի ընթացք է ունենում մեր թաղի բղաքաղը:
Աշունը շուտով կվերջանա, բղաքաղն էլ: Իսկ ձմռանն էլ ուրիշ արկածներ կսկսեն:

Երկու պատմություն միևնույն թեմայով

Լուսանկարը՝ Նինա Բաղոյանի

Լուսանկարը՝ Նինա Բաղոյանի

Հերթով ծնվում են օրերը, հերթով էլ հանգչում: Մարդկանց համար օրվա տևողությունը տարբեր է լինում, բնույթը նույնպես: Ոմանց համար այն երկար է, ոմանց համար կարճ, ոմանց համար հաճելի, իսկ ոմանց էլ` տհաճ: Ամեն մի օր նոր սկիզբ է, նոր հույզերի ու զգացմունքների ծնունդ, բայց իմ դեպքում մի փոքր ուրիշ է: Երբ օրը մռայլ է, ես էլ եմ նրանով վարակվում: Անկախ ինձանից իմ ունեցած տխուր պահերն եմ հիշում, արարքներն եմ հիշում, որոնք գործել եմ ու զղջացել: Զղջացել, ինքս ինձ մեղադրել,տանջել, նույնիսկ ժամանակը հետ տալու և կրկին սկսելու մասին մտորել, բայց ապարդյուն: Մռայլ է օրը, մռայլ եմ և ես, մռայլ է երկինքը, մռայլ են և իմ մտքերը:
Անկախ իմ կամքից այդ օրերին չեմ կարողանում ժպտալ, չեմ կարողանում սիրել, դժվարանում եմ շրջապատիս ուրախացնել և իրենց ուրախությամբ էլ ինքս ուրախանլ: Մռայլ օրերին ուզում եմ մեկուսանալ բոլորից, նույնիսկ ընտանիքիս անդամներից, մենակ մնալ, երաժշտություն լսել, թեյ խմել ու մտածել: Մտածել անցյալի, ներկայի ու սպասվող ապագայի մասին, կամ էլ այս ամենի փոխարեն ժամերով քնել:

Հռիփսիմե Բալոյան

***

Երբևիցե ինչ-որ մեկի մտքով անցե՞լ է, թե ի՞նչ է կյանքը… Ինչի՞ համար են մարդիկ լույս աշխարհ գալիս… Ինչի՞ համար է Աստված նման փորձությունների առաջ կանգնեցնում մարդկանց… Ի՞նչ անհրաժեշտություն կա տարբերակելու՝առանձնացնելու… Ինչո՞ւ է անձրև գալիս, երկինքը մռայլվում…
Ես միշտ փորձել եմ համեմատել եղանակը՝ մարդկանց, իրադարձությունները` բնավորությունների հետ: Անցկացրեցի կրկին անգամ համեմատական երեխայի ու եղանակի միջև: Արտահայտեցի իմ պատկերացումները ավելի պարզ, մատչելի ու իմ ներաշխարհը բնութագրող հասկանալի ձևով:
Նա ընդամենը փոքրիկ երեխա է, որը ուշադրություն է ուզում: Ձգտում է ավելիին, բայց չի կարողանում ընդունել ու հասկանալ, որ դա անհնար է: Նա նեղացել է մարդկանցից ու թափում է իր ներսում կուտակված դառնությունն ու զայրույթը: Բայց միևնույն ժամանակ նա այնքան դաժան չի վարվում «թույլ» էակների հետ: Ընդամենը կաթիլներ՝ թեթև ու առանց ցավի կաթիլներ:
Սիրում եմ անձրևը: Սիրում եմ նրա կաթիլների ապակիներին դիպչելուց առաջացող ձայները, ասես ինչ-որ երաժշտական գործիք նվագելուց լինի: Արթնանում ես նրա «գեղեցիկ ու հանգստացնող» ձայների տակ ու հասկանում, որ միջավայրդ մաքրվեց: Քո հերթն է արդեն հասել: Մաքրվիր մեղքերից: Մեղքեր, որոնք չես ընդունում ու հնարավոր է, որ նրանց գոյության մասին չգիտես էլ: Կյանքը անձրևի նման կգա սկզբից հանգիստ, հետո կամաց- կամաց կվարարի ու կհասնի իր գագաթնակետին: Երբ կհասնի իր ցանկացածին, «կմարի» ու կդադարի: Անձրև ու կյանք… Հասկանո՞ւմ եք նմանությունը… Խորհեք, ու ես վստահ եմ կգտնեք…

Մանե Սարգսյան

Մոլոկան տատիկի օգնականները

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

-Դե հիմա եկեք մտածենք, թե ինչ համայնքային ծրագրեր կարող ենք անել,- ասաց ընկեր Թորոսյանը, ով Access ծրագրի շրջանակներում մեր դասատուն է (Access-ը Ամերիկայի դեսպանատան կողմից հովանավորվող ծրագիր է, որը հնարավորություն է տալիս 2 տարի անվճար սովորել անգլերեն ու ծանոթանալ ամերիկյան մշակույթին):
Եղան բազմաթիվ հավանական ու անհավանական առաջարկներ, բայց կանգ առանք հաշմանդամ մոլոկան տատիկին օգնելու մտքի վրա: Քանի որ գարուն էր, իսկ մենք ունեինք երիտասարդ ու էներգիայով լի աշխատուժ, լավ հնարավորություն էր այդ էներգիան օգտագործել մի քիչ վար ու ցանքի վրա: Մի խոսքով, մենք պետք է վարեինք այդ տատիկի բանջարանոցը: Հաջորդ օրը շատ ոգևորված գնացինք «աշխատանքի»:
Ընդհանրապես Ճամբարակում շատ մոլոկաններ կան, ինչպես նշեցի, այդ տատիկը նույնպես մոլոկան էր, ապրում էր միայնակ: Նա բարի ժպիտը դեմքին դիմավորեց մեզ և ցույց տվեց տարածքը, որտեղ պետք է աշխատեինք: Անցանք գործի… Սկզբում ավելի շատ խոսելու, քան աշխատելու գործին:
Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի


-Էէէէ, էս երեխեքը էսօր պրծնողը չեն,- մեզ նայելով ասում էին հարևանները, իսկ մենք այդ խոսքերից վիրավորված սկսում էինք ավելի քիչ խոսել ու ավելի շատ աշխատել… Իհարկե դժվարությամբ էր ստացվում այդ պահին հիշած մի շարք պատմություններ պատմելու ցանկությունը զսպել:
Երկար աշխատելուց հետո մեր ստամոքսի ձայները սկսեցին հուշել, որ սոված ենք: Վարդուհին և Դիանան գնացին պաղպաղակի հետևից, երբ…
-Սպասեք, ես էլ եմ գալիս,- ասաց Վիկան ու վազեց դեպի խանութ… Ավելի ճիշտ դեպի ճահիճ: Ինչպես նման դեպքերում լինում է, փոխանակ նրան օգնության հասնելու, մենք սկսեցինք ծիծաղել:
Պաղպաղակը կերանք, սակայն մեր ստամոքսներին չկարողացանք գոհացնել, սկսեցինք սունկ հավաքել, ոմանք էլ փիփերթ քաղել: Հավաքելուց հետո տարանք տատիկի տուն, մաքրեցինք ու թողեցինք այնտեղ: Առաջին անգամ մտնելով մոլոկանի տուն, զարմացանք` տեսնելով, որ այդ տանը նրանց մշակույթը հնարավորինս պահպանված էր:
Չհաշված այն, որ չիմանալով, որ այգում գազարներ կան ցանած, մենք անխնա անցել էինք այդ գազարների վրայով, մենք մեզ շատ լավ էինք զգում, որ կարողացել էինք օգնել մի մարդու, ով իրոք օգնության կարիք ուներ:
Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Մեքենան տանիքի վրա

Սովորական մի օր տանը նստած էի, երբ հանկարծ ուժեղ ձայն լսվեց։ Սովոր լինելով կրակոցներին, ուշադրություն չդարձրի։ Պապիկս ներս մտավ ու նրա դեմքի սարսափած արտահայտությունից հասկացա, որ ավելի լուրջ բան է տեղի ունեցել…

-Տեսա՞ք` ոնց ա մեքենան մտել Սիրուկանց տանիքը (ի դեպ, Սիրուկ տատիկը հայրիկիս տատիկի ընկերուհին է)…

Այդ պահին ամեն կերպ ուզում էի պատկերացնել «բեռնատարը տանիքում», բայց քանի որ չէր ստացվում, որոշեցի գնալ և աչքովս տեսնել։ Վազեցի սենյակ, որտեղից երևում էր տանիքը։ Հասկանում եմ, որ չեք կարող պատկերացնել դա, բայց հավատացեք, իրականություն էր։ Նախ ասեմ, որ մեր տների վերևում կա մեկ այլ թաղամաս, և տներն իրարից բաժանվում են ցանքատարածություններով։ Պատահաբար վերևից, առանց միջամտության, բեռնատարը իջել էր` ջարդելով  ճանապարհի խոչընդոտները (ծառեր, ցանկապատ) և մտել տանիք։
Այդ ժամանակ տատիկը իր ծոռան հետ նստած էր բակի նստարանին: Բարեբախտաբար նրանք չէին վնասվել: 
Հաջորդ օրն էր, պարապմունքից վերադարձի ճանապարհին մեր թաղամասում ուղղակի տեղ չկար քայլելու։ Ցեխն ու ջրափոսերը, որ թողել էին տրակտորներն ու կռունկը, ուղղակի անտանելի էին, բայց պատկերացնելով, թե ինչ էր կատարվել դրանից առաջ, ես լուռ գնացի տուն։ Տանը մեծ ոգևորություն էր տիրում.

-Շամշյանն եկել ա նկարել…

-Շամշյանի ոտքը սայթաքեց…

-Վա~յ, տեսա՞ր բոյն ինչ կարճ էր,- իրար հերթ չտալով ասում էին տնեցիները:

Մի քիչ կատակեցինք ու տատիկս (հայրիկիս տատիկը) ասաց.

-Կարևորը` պետությունն օգնի վերանորոգեն տանիքը: Մեծ կին ա:

Ճիշտն ասած, չէինք սպասում, բայց արդեն մի քանի օր է անցել, և շնորհիվ Ճամբարակի քաղաքապետարանի, տանիքը վերանորոգված է:

Փոստատար-ատաղձագործը

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Մեր փոքրիկ համայնքում յուրաքանչյուրն ունի իր ձեռքի հմուտ աշխատանքը: Նրանցից մեկը մեր գյուղի փոստատարն է` Արմեն Հարությունյանը: Մասնագիտությանը զուգահեռ փայտից գեղեցիկ իրեր է պատրաստում՝ գդալներ, շերեփներ: Մեր դպրոցի ցուցափայտերն ու կավճամանները նույնպես պատրաստվել են նրա հմուտ ձեռքերով, բայց շատ ափսոս, որ չի կարողանում վաճառել դրանք: Ամռանը հաճախ հովեկներ են գալիս մեզ մոտ հանգստանալու: Թե կարողանում է, ամռան ամիսներին որոշ իրեր վաճառում է, մնացածը այդպես էլ չի վաճառվում:
Նրա ընտանեկան կյանքը այնքան էլ լավ չի դասավորվել. միայնակ երեք երեխա է մեծացրել՝ աղջիկը արդեն ամուսնացել է և ունի երկու երեխա: Տղան բանակում է, պահում է հայրենիքի սահմանները, իսկ մյուս տղան դեռ սովորում է դպրոցում` հինգերորդ դասարանում: Ունի նաև հիվանդ մայր, ում խնամք է հարկավոր: Տան պայմանները այնքան էլ բարենպաստ չեն: Եվ ինչպես բոլորս գիտենք, հնարավոր չէ սովորական փոստատարի աշխատանքով պահել հիվանդ մորն ու դպրոցական երեխային: Ու այստեղ նույնիսկ չեն կարող օգնել հմուտ ձեռքերը: