Աշխարհում իմ ամենասիրած անկյունը

-Լիլի՛թ, աթոռդ մի կողմ քաշի՛,- ասաց պապիկը:

Ես աթոռս կողք քաշեցի, իսկ պապիկը բացեց պահարանը և գրիչ վերցրեց:

-Մի քիչ կողք նստի՛, էլի, ամեն անգամ պետք ա աթոռդ քաշես, որ ինչ-որ բան վերցնենք դարակից:

Ես աթոռս նորից կողք տարա, և ինչպես միշտ, նստեցի պահարանից 10 սմ հեռավորության վրա:

Ես երկու փայտե աթոռ ունեմ՝ մեկը թիկնակ ունի, մյուսը՝ ոչ, երկուսն էլ ցածր աթոռներ են: Այդ աթոռների վրա ես նստում եմ մանկուց: Մոտ տասնչորս տարվա աթոռներ են: Իհարկե, այդ աթոռների վրա միայն ես չեմ նստում: Իսկ այդ պահարանի կողքին միայն ես եմ նստում:

Այն ժամանակ ես նստում էի փոքր ինչ կողք: Իսկ հիմա հենց այնտեղ եմ նստում և հեռուստացույց դիտում: Մեր տունը վերանորոգելուց հետո հյուրասենյակի պահարանները փոխեցինք և ավելի մեծ պահարաններ գնեցինք: Մի անգամ, չեմ էլ հիշում երբ, ես նստեցի պահարանի ուղիղ դիմացը և զգացի, որ այնտեղից հեռուստացույցը ավելի լավ է երևում: Այդ օրվանից ես մեխանիկորեն նստում էի այդտեղ և մինչև հիմա էլ ես նստում եմ այնտեղ և մինչև հիմա էլ բոլորը խնդրում են ինձ տեղս փոխել, բայց արդեն գիտեն, որ այդտեղ նստելը երկար է տևելու:

Լիլիթ Վարդանյան
13 տարեկան

արամ հարությունյան

Շատ երկար մի տարի

Այս մեկ տարվա ընթացքում ես շատ եմ փոխվել: Սակայն ես չէի զգում դա, և դրա համար ես խնդրեցի, որ ինձ օգնեն, ասեն,  թե ինչով եմ լավացել և ինչով եմ վատացել: Ես այս մեկ տարվա ընթացքում սկսել եմ ավելի ուշադիր լինել, քան թե առաջ (բայց այդ չի նշանակում, որ շատ եմ ուշադիր դարձել): Ես ավելի եմ խելոքացել, սակայն միաժամանակ ես ծույլիկացել եմ: Եթե առաջ ես դասերս ավելի շատ էի անում, բայց սխալներով, ապա հիմա ես ավելի քիչ եմ անում քան թե պետք է: Ես ավելի եմ լավացրել իմ անգլերենը, բայց թուլացրել եմ իմ մաթեմը: Ես շատ-շատ բոյովացել եմ: Սկսել եմ ավելի շատ հետաքրքրվել տարբեր սպորտաձևերով (այ, օրինակ, մարտեր առանց կանոնների սպորտաձևով): Ես արդեն ավելի քիչ եմ անցկացնում ժամանակս համակարգչի առաջ, բայց դեռ տեղ կա ավելի քչացնելու համար:

Առաջվա Արամից շատ քիչ բան է մնացել: Հիմա ես պատրաստվում եմ շատ լավ սովորել, որ կարողանամ ապացուցել ինքս ինձ, որ ես կարող եմ հաղթահարել իմ վախերը և դժվարությունները:

Մանկության տարիներին ես շատ էի վախենում էակներից, որոնք գոյություն ունեին միայն իմ գլխում: Ես կարող էի տեսնել հրեշ մթության մեջ կամ էլ անհասկանալի դեմքերով երեխաներ: Հիմա ես այլևս չեմ վախենում այդ վախերից, սակայն մի քանիսը իմ գլխից չեն դուրս գալիս դեռ:

Ես մինչև հիմա կարող եմ քայլել մութ փողոցում ու տեսնել սև շորերով անհասկանալի էակի: Ես սկսել եմ ուշադրություն չդարձնել այդ էակների վրա: Հասկանում եմ, որ ինքս եմ հորինում: Բայց մեկ-մեկ ուշ գիշերը ես տեսնում եմ մթության մեջ շատ վախենալու էակներ, որոնք չեն ուզում հեռանալ այդ տեղից, նրանք քարացած կանգնած ինձ են նայում ու վերջիվերջո հեռանում են, կամ էլ ես ինքս եմ լույսը միացնում, որ համոզվեմ, որ իրենք գոյություն չունեն:

Արամ Հարությունյան
13 տարեկան

ելզա զոհրաբյան

Ձեզ համար աղբ է, իսկ մեզ համար կարևոր բան

Երբ լսում եմ, որ մայրիկս իմ սենյակից բարձր ինձ է կանչում, գիտեմ, որ կամ տեղափոխություն է անելու իմ  սենյակում  կամ  դարակներս է դասավորելու:

Այս անգամ երկուսն էլ ես նրան խնդրեցի, որ չանի, բայց նա ինձ չլսեց: Ճանաչելով մայրիկիս, գիտեի, որ նկարներիս և իրերիս կեսը աղբաման է նետելու: Ասացի` սիրածս իրերը թաքցնեմ: Հաջորդ օրը փնտրեցի-փնտրեցի բառատետրս, բայց չգտա: Չմտածեցի, որ մայրիկս աղբամանն է նետել: Երբ գնացի դպրոց, դասատուն  բարկացավ ինձ վրա, քանի որ բառատետրս մոռացել էի:

Եկա տուն, մայրիկիս ասացի, թե ուր է բառատետրս, նա պատասխանեց, որ ինքն է աղբամանը նետել: Եվ ես  ստիպված եղա բոլոր հոմանիշները, հականիշները, համանունները և դարձվածքները նորից գրել:

Էլզա Զոհրաբյան
11 տարեկան

արթուր համբարձումյան

Խնդրանք բոլոր ծնողներին

Սիրելի ծնողներներ, պատկերացրեք, թե ես այսօր երեխաների իրավունքների պաշտպանն եմ: Ես ուզում եմ ձեզ բոլոր երեխաների անունից դիմել.

Խնդրում եմ, մեր հանդեպ անտարբեր մի եղեք: Օրինակ` թույլ տվեք մեզ արտահայտելու մեր կարծիքը: Լինում է այնպես, որ ծնողները դժվար իրադրությունից փորձում են ելք գտնել, և երբ իրենց երեխան էլ է ուզում իր տարբերակը առաջարկել, չեն լսում:  Եվ երբ ելքը գտնում են, կամ լուծումը, պարզվում է` միայն իրենց մասին են մտածել, երեխայի շահերը հաշվի չեն առել:

Խնդրում եմ նաև` դուք էլ ուրախացեք ձեր երեխայի հետ: Այսպես եմ ասում, որովհետև ես այսօր` հունիսի 1-ին, երբ քայլում էի փողոցներով, տեսա շատ ծնողների, որոնց երեխաները վազվզում էին, ուրախանում, իսկ մայրիկները կամ տատիկները թթված դեմքերով գնում էին իրենց երեխաների հետևից, մտածելով, թե երբ պետք է այս օրը վերջանա, և իրենք գնան տուն:

Մեկ խնդրանք ևս` կատարեք ձեր երեխաների փոքրիկ ցանկությունները: Կան ծնողներ, որոնք ափսոսում են նույնիսկ 100 դրամ ծախսել իրենց երեխայի խնդրած պաղպաղակը կամ «ադիբուդին» գնելու համար, և անգամ տեսնելով, որ երեխան լաց է լինում, մեկ է, չեն փոխում իրենց որոշումը:

Եվ այսպես, նորից եմ խնդրում. ուշադիր եղեք ձեր երեխայի հանդեպ: Թույլ մի տվեք, որ նրանք նեղանան ձեզանից: Դուք հաճախ եք ձեր մանկության մասին պատմելիս հիշում, թե ինչ բարի հայրիկ կամ մայրիկ ունեիք, ոնց էին նրանք ձեզ զբոսանքի տանում, ձեր խնդրանքները կատարում: Այնպես արեք, որ վաղը  ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին մանկության մասին  պատմելիս, հիշեն ձեր արած բոլոր լավ բաները:

Հուսով եմ, չնեղացաք:

Սիրով բոլոր երեխաների անունից`

Արթուր Համբարձումյան
12 տարեկան

emanina

Ազնվազարմ մուրացկանը

Իսկ ես ամեն ինչ լցրեցի մեջս և պատասխանեցի` «լավ», քանի որ ես արդեն փորձառու դիվանագետ եմ և կարող եմ ուրիշ երկրում լիակատար պաշտպանել իմ շահերը: Ես գիտեի, որ ցավոտ կլինի, բայց չէի ուզում ցավեցնել:

Ամեն ինչից մի կողմ քաշվեցի ու գրեցի, գրեցի շատ տարբեր բաների մասին, շատ երկար ու անհասկանալի տողերով գրեցի, ահավոր դժվար և անգամ իմ կողմից զարմանալի, ամեն բառից հետո վիրավորանք գրելով քննադատեցի ամեն ինչ՝ կյանքում ամեն մի շարժում, ամեն մի ներշնչած և արտաշնչած օդ: Քննադատեցի ամեն մարդու ամեն բջիջը և բջջի գործառույթը: Շատ երկար գրեցի և արդեն ավարտում էի, երբ զգացի, որ սխալ է, պետք չի քննադատել: Քննադատելով ոչ մի արդյունքի չեմ հասնի, ոչ ոք չի ցանկանա քննադատածս կարդալ: Ջնջեցի բոլոր գրածս նախադասությունները, ձևի պարագաները, վերաբերականները, ձայնարկությունները, որոնք անիմաստ էին: Չթողեցի ոչ մի շաղկապ և ոչ մի ստորակետ: Սկսեցի նորից՝ առանց քննադատելու, ամեն անարժանիք արժևորելու, ու գրեցի:

Նա անկարող է, ինչպես մուրացկանը, երբ նայում է անցորդի աչքերի մեջ` աղերսելով գումար, իսկ ոչ մի անցորդի գրպանում գումար չկա, որ փոխանցի նրա սառը և կոշտ ձեռքերի մեջ: Բանն այն է, որ նրան գումար պետք չի, անգամ, եթե նրան առաջարկեին միլիոններ: Ուրիշ բան է պետք նրան, որը վաղուց սպառվել է, ծախսվել, ու նույնպես թողել բոլորին սնանկ վիճակում:

Կյանքի առաջ բոլորս էլ մուրացկան ենք, մի տարբերությամբ, որ որոշները գումար են մուրում, որոշները` զգացմունքներ: Իսկ կյանքը ոչ մեկի վրա ուշադրություն չի դարձնում ու չի տալիս ոչինչ ու շարունակում է առաջ քայլել, իսկ մուրացկանները շարունակում են փողոցում նստել ու սպասել մի բանի, որը կփոխի ամեն ինչ: Իսկ ուրիշ մարդիկ իրենց տներում թեյ են խմում, ամեն ինչ փոխում ու նստում են սպասելու շարունակությանը:

Իսկ Քամին շարունակում է ահռելի ուժգնությամբ փչել: Սակայն Քամին էլ անզոր է մուրացկաններին քշել: Նրանք, մեկ է, շարունակում են…

Իսկ դրանք միայն քամիներ են: Հասկանալ է պետք և շարունակել ապրել:

Իսկ սուրճը արդեն եփել է: Ամեն ինչ շատ վաղուց արդեն պլանավորված էր և կարգավորված: Սպասելու ժամանակ արդեն էլ չկար: Կյանքը արդեն ամեն ինչ դասավորել էր և սպասում էր նրա միջամտություններին: Պետք էր վեր կենալ և գնալ: Հեռանալ և չվերադառնալ: Գիտեին, որ կգա ժամանակ, մեկը կասի, որ էլ այդքան ոչ ոք չի սպասի: Հերիք է, վեր կացեք: Այլևս չի թույլատրվում: Դուք մեր անկոչ և անընդունելի հյուրն եք: Բայց նրան պետք էր, որ շարունակեր նստել և երազեր կանգնելու մասին:

«Պարոն, արդեն ժամանակն է փողոցից տուն բարձրանալու: Ձեր սուրճը պատրաստ է»,- ձայն տվեցին նրան և բռնելով նրա հայացքը, ավելացրեցին. «Կարո՞ղ եմ այսօր շուտ գնալ տուն»:

Հ.Գ. Կարճ պատմություն ազնվազարմ մուրացկանի մասին:

lil vardanyan

Չմոռանաք մեզ

2005 թիվն էր, մտանք դպրոց: Աղոտ հիշում եմ բոլոր փուչիկները, ուրախ դեմքերը: Բոլորս հերթով կանգնում էինք աթոռին ու ինչ-որ հանելուկներ ասում: Հետո զանգ հնչեցրին, և բոլորիս տարան դասարաններ: Այլևս ոչինչ չեմ  հիշում, չէ՞ որ 12 տարի է անցել: Բոլորը շնորհավորում էին մեզ, իսկ մենք չէինք էլ հասկանում, թե ինչի համար: Ուղղակի մեզ արդեն շա՜տ մեծ էինք զգում, արդեն դպրոց գնացող մե՜ծ աղջիկներ ու տղաներ:

Հիշում եմ ծուռումուռ ձեռագիրս, մայրիկիս համբերատար դեմքը ինձ «Ձ» տառը սովորեցնելիս: Այդ չարաբաստիկ «Ձ» տառը…

Առաջին մեծ հաղթանակս 9-ի բազմապատկման աղյուսակն էր: Շատ դժվար հիշվեց, է…

Հինգերորդ դասարանում առաջին անգամ «2» ստացա: Հիշում եմ` բնագիտությունից էր, սովոր չէի, որ արդեն դժվար առարկաներ ենք անցնում: Հիշում եմ` ինչպես էի լաց լինում «2»-ի համար: Ու չէի հասկանում, թե ինչու են մեծերը ժպիտով մխիթարում ինձ: Հիմա ինքս եմ ժպտում դա հիշելիս:

Հիշում եմ կողքիս նստող տղային: Մենք դասարանի ամենաբարձրահասակներն էինք: Նա ամեն օր ինձ մատիտներ էր նվիրում ու շարք կանգնելիս ձեռքս կապտեցնելու աստիճան պինդ էր սեղմում: Հետո գնաց մեր դասարանից, արդեն դեմքն էլ լավ չեմ հիշում:

Փոքր էինք, երբ դպրոցները դարձան «ավագ» կամ «հիմնական»: Երբ վրա հասավ  9-րդ դասարանը, պետք է հեռանայինք: Այստեղից էլ սկսվեց իմ «դավթաշենյան» պատմությունը: Մե՜ծ, անծանոթ դպրոց, անծանոթ մարդիկ: Մտածում էի` ամեն ինչ վատ է լինելու, բայց հույսերս չարդարացան: Բոլորն էլ լավ ընդունեցին ինձ, շուտ սովորեցի և՛ անծանոթ թաղամասին, և՛ անծանոթ դպրոցին:

Ու վերջնական ձևավորվեց մեր դասարանը, իսկ ավագ դպրոցի երեք տարիները այնքան արագ անցան, ինչպես գծային հավասարումները: Կան չէ՞, հեշտ հավասարումներ, լուծումը մի րոպե էլ  չի տևում, և կան դժվար պարամետրական հավասարումներ. քննությանը դրանցից ամենաշատն եմ վախենում, բայց չմտածեմ քննության մասին, այսօր իմ վերջին զանգն է:

Այսօր բոլորիս համար շատ խառը օր է, երբ չգիտենք ինչ անել` ուրախանա՞լ, թե՞ տխրել: Առաջին հերթին, շնորհակալ ենք բոլոր նրանցից, ովքեր մեզ հանդուրժել են այս բոլոր տարիների ընթացքում: Եվ ներե՛ք մեզ, եթե ինչ-որ տեղ չենք արդարացրել ձեր հույսերը: Հիմա շատ տխուր և անսովոր է, չգիտենք` մեզ ինչ է սպասվում: Կկարոտենք ամեն ինչը, անգամ շենքը, դասարանը: Կկարոտեմ անգամ իմ հավատարիմ երթուղայինը, որն ինձ ամեն օր բերում էր այստեղ: Հրաժեշտ տալը միշտ էլ դժվար է. ևս մեկ անգամ շնորհակալ ենք ամեն ինչի համար:

Չմոռանաք մեզ` ձեզ բոլորիդ շատ սիրող տասներկուերորդցիներ:

արամ հարությունյան

Ես ինքս

Երբ ես ավելի փոքր էի, ինձ դուր էր գալիս, որ բոլորը, ուր գնում էինք, ճանաչում էին իմ հայրիկին, ու որ ես իր տղան եմ: Բոլորը ինձ վրա ավելի շատ ուշադրություն էին դարձնում, քան մյուսների վրա:

Իսկ հիմա դա ինձ դուր չի գալիս: Չեմ ուզոմ, որ ինձ վրա ուշադրություն դարձնեն միայն այն պատճառով, որ իմ հայրիկը հայտնի մարդ է:

Ես գնում եմ  մարտեր առանց կանոնների սպորտաձևի, ու ինձ անընդհատ մարզիչները հարցնում են` լավ եմ ինձ զգում թե ոչ: Իսկ ես չեմ ուզում, որ ինձ անընդհատ հարցնեն:

Սա սպորտ է: Էստեղ կապ չունի` հոգնած ես, լավ ես, վատ ես… Ես ուզում եմ հասնել ինչ-որ բանի ինքնուրույն, որ ինձ սիրեն դրա համար, այլ ոչ թե` որովհետև ես հայտնի մարդու տղա եմ:

Ես ափսոսում եմ, որ այդ մասին իմանում են խմբակների մի մասում: Թող ինձ գովեն, ինձ վրա բարկանան, ինձ շատ հանձնարարություն տան: Ինձ, ոչ թե հայտնի մարդու տղային:

Եթե ես գնամ հետագայում ուրիշ խմբակների, ապա չեմ ասի, թե ով է հայրիկս:

Այո, ես ափսոսում եմ, որ հիմիկվա խմբակներում գիտեն դրա մասին:

Ես կարող եմ ինքնուրույն դժվարություններ հաղթահարել: Օրինակ, ես երկու շաբաթվա ընթացքում իմ համառությամբ 9 կգ կարողացա նիհարել, և դրա մեջ ինձ չի օգնել ոչ հայրիկս, և ոչ մի այլ մարդ մեր ընտանիքից:

Պահանջված բնակիչը, որ բոլորը ունեն

Նրա մասին կարելի է խոսել անվերջ ու անդադար, որովհետև ինքն էլ ուրիշների մասին խոսում է անվերջ ու անդադար…

Առավոտ է: Նույնիսկ մենք ` աշակերտներս, դեռ չենք արթնացել, իսկ նա շքամուտքի մոտ է:
Շագանակագույն վերարկուն հագին, սև, պլպլացրած կոշիկները ոտքերին, ձեռքերը «բաքսի քաշած» գրպանները դրած (ա՜խր, ձմռանը շա՜տ ցուրտ է. հնարավոր չէ այսքան ժամանակ դրսում կանգնել. հաստատ ջեռուցվում են գրպանները), խաժ աչքերն էլ չորս արած` կանգնած է: Հա՛,ճաղատ չէ ու ոչ էլ գլխարկ է դնում: Բա որ վեհանիստ սանրվածքը փլվի՞:

Լուսանկարը` Մանե Սարգսյանի

Լուսանկարը` Մանե Սարգսյանի

Էս մարդը բարևում է նույն տան բոլոր անդամներին. հանկարծ մի լուր բաց չթողնի: Շենքի բոլոր բնակիչներին աշխատանքի ճանապարհելուց հետո շտապում է կողքի բակ. բա ամոթ չէ՞, կանայք չե՞ն ասի` ինչ մարդ է , տո՜, կասեն, թե գործի էլ չի ճանապարհում իրենց ամուսիններին, բարև էլ չի տալիս, իրենց երեխաների հագ ու կապին էլ հավելյալ ուշադրություն չի դարձնում: Պատկերացնո՞ւմ եք, անգամ գործն է լրաբեր. տաքսի է քշում: Մարդկանց փոխադրում է, հետն էլ նորություն ստանում. մասնագիտություն եմ ասել` երկուսը մեկում…

Սուտ են ասում, թե հաղորդակցման առաջին միջոցները նամակներն ու հեռագրատներն են եղել. Ալյոշն է եղել, հենց էն նույն «տելեֆոն» Ալյոշը…
Հետո Ալյոշը կասի.
-Հա՜յ, հու՜յ, կեսօր է արդեն, ախչի, Թամար, բարձրացի՛ր տասնչորս, տե՛ս նորություն, բան հո չկա՞:

Թամարն էլ կգնա, սուրճ կխմի, հետո գալուց էլ հետը լիքը նորություն կբերի, որ Ալյոշի համար հէչ նորություն չեն, արդեն հնաբանություն են, նախորդ շաբաթվա թերթի պարունակություն, անցած էտապ: Չնայած լավ մտածելու դեպքում դրանք կարող է նորացնել, ճոխացնել, ծաղկացնել. Դե, դա իր ոճն է:

…Օ՜ֆ, մեղք է էս մարդը, գոնե հաց ուտո՞ւմ է…
Վա՛յ, վա՛յ, քիչ էր մնում մոռանայի, որ սա եմ գրում (արդեն ժամը երկուսն է ), վերելակը մեկ էլ աշխատում է. հաստատ ինքն է :

Գիշերը լուրերի պակասից խեղդվել է (լուրապակասամանիա ունի), որոշել է նորությունների որսի դուրս գալ:
Վա՜յ, վա՜յ …

Նարե Շարմազանովա

Բջնեցի Ռիմա տատը

Ռիմա տատին հանդիպեցի Բջնիի սուրբ Աստվածածին եկեղեցում: Բնիկ բջնեցի է, բազմազավակ մայր: Ջերմ ընդունեց այնքան, որ ակամայից անցա դու-ի: Երեսուն տարի է` որբևայրի է: Ծնվել է 1939թ.-ին : Պատմում է, որ «սովետի ժամանակ» շատ խեղճ են ապրել.

«Ոտներս բոբիկ, տրեխները հագներիս, չանթիկները վզներիս գնում էինք դպրոց, բալա ջան: Իսկ հիմա, Աստծուն փառք, ապրում ենք: Մենակ խաղաղություն լինի աշխարհին: Որ ասենք` բջնեցիքը զբաղված են, զավոդում աշխատում են, տենց բան չկա: Հիմնականում զբաղվում ենք անասնաբուծությամբ ու հողագործությամբ»:

-Տատ, գո՞հ ես այսօրվա Հայաստանից. հիմա՞ է լավ, թե՞ այն ժամանակները:

-Ո՞նց կարանք համեմատենք հիման ու էն ժամանակները: Հիմա աշխարհը զարգացել ա: Գիտությունը զարգացել ա, մարդիկ զարգացել են: Բոլորը դեպի առաջ են գնում` հետ չեն գնում: Սովետի ժամանակ ի՞նչ կար, բալա ջան: Անասունով ենք ապրում, անասունով ենք զբաղված կամ եզով, գութանով` ցուրտ նեղ օրվա համար: Էն որ ասում են` եզո ջան, եզո ջան, էդ լրիվ դրա համար ա:

Դա մութ ու խավար երկիր էր: Հիմա զարգացել ա գիտությունը: Երեխաները առաջադիմում են: Հագնվում են լավ, կուլտուրական, մաքուր: Աստծուն փառք, որտեղ տեսնում ես` ապրուստը թափած: Մենակ պետք ա աշխատես: Ապրուստը ծովի պես կա: Եթե պառկես քնես, քեզ ո՞վ կտա: Պիտի աշխատես, պիտի ստեղծես, թե չէ, քեզ ո՞վ կտա: Դրա համար հիմիկվանը ավելի լավ ա ,հագուստի կողմից էլ, ուտելիքի կողմից էլ, բայց ունենաս էն պայմանները, որ աշխատող ունենաս տնիցդ: Գոնե երկու հոգի աշխատող ունենաս տնիցդ: Մնացածը դե թոշակով-մոշակով յոլա կգնանք»:

Ռիմա տատը հպարտությամբ է նշում` հինգ երեխաների մայր է: Բոլորին ամուսնացրել, «տնավորել» է: Որդու համար է անհանգիստ. «Զինվոր ունեմ Ղարաբաղում: Էս տասը օր ա, Ղարաբաղում ա, զանգի ենք սպասում»: (հուզվում է):

-Երևի դրա համա՞ր ես եկել եկեղեցի:

-Ինձ Աստծո տուն բերել ա իմ հավատքը: Միշտ էլ հավատացել եմ, միշտ էլ քրիստոնյա եմ եղել: Շատ օգնել ա ինձ Քրիստոս: Երբ ասել եմ` Աստված ջան, մի ճար արա, մի բան արա, Աստված իմ կողքին ա եղել: (կրկին հուզվում է)

-Հաջորդ անգամ Բջնի գալուց, տատ, կգամ քեզ հյուր, կարո՞ղ եմ:

-Անպայման կգաս, արևիդ մեռնեմ: Իմ թոռի թայ ես:

-Իմ անունը Նարե է, ինձ կհիշես:

-Նարինե անունով թոռ ունեմ:

-Նարինե չէ , Նարե, Նարե:

-Մարգարիտ անունով էլ ունեմ …

emanina

Ես ձկնորս եմ երևի

Ինչ հիանալի օր է, իսկ ես շտապում եմ պարապմունքի: Քայլերս արագ-արագ գցելով ավելի եմ արագացնում ընթացքս և մարդկանց ամբոխը ճեղքելով առաջանում եմ: Հանկարծ դիմացս մի աղջիկ է դուրս գալիս և, չկարողանալով կանգ առնել, բախումը նրա հետ անխուսափելի է դառնում: Ընկնում եմ գետնին, և աղջնակը մոտենում է ինձ և հարցնում:

-Կներես, հանկարծակիի եկա:

-Ես էի մեղավորը, ոչինչ, ի՞նչ է անունդ:

-Թերեզա,- պատասխանեց նա,- իսկ դո՞ւ, դո՞ւ ով ես:

-Ո՞վ եմ ես,- կրկնեցի նրան:

Հաճախ եմ տվել ինձ այս հարցը, սակայն պատասխանը այդպես էլ չեմ գտել: Այս անգամ չցանկացա թողնեմ անպատասխան և փորձեցի գտնել այն: Ես… Ես… Հըմմմ, չեմ կարող ասել: Չեմ կարող խոսել իմ մասին, քանի դեռ ես ինքս ինձ լիովին չեմ ճանաչում: Իսկ եթե հարցնենք ուրիշի՞ն:

-Ո՞վ է Էմանինան:

-Ահ, այն աղջիկը, որ միշտ նստում է շարքի վերջում, մտերիմ չեմ հետը:

-Ի՞նչ: Էմանինա՞: Հա, երևի Էմիլիան… Գիտեմ նրան, երբ ինձ տեսնում է, գալիս է և սկսում է անվերջ խոսել հետս:

-Այն «դինջ», կարճ մազերով աղջիկը, որ միշտ հեռախոսի մեջ մտած է և չի կարողանում կտրվել սոցցանցերից:

-Էմանինան, շատ եմ սիրում նրան, շատ դրական և ազատ աղջիկ է, չնայած իր ազատությունը երբեմն խանգարում է մեզ շփվել:

-Ախ, նա շատ ձանձրալի և փակ անձնավորություն է` անհետաքրքիր մտքերով:

Կամ ասենք.

-Չկա նրա նման ուրիշը. հասկացող, ճիշտ խորհուրդներ տվող, կարճ ասած, ինքնատիպ և անունով, և բնավորությամբ:

Սա եմ ես, բայց այդպես էլ չհասկացա այս պատասխաններից որ մեկն եմ ես: Իսկ ինձ թվում է… Թվում է ես ձկնորս եմ: Այո այո, հենց ձկնորս: Հիմա կբացատրեմ, թե ինչու: Երբ նրանք գնում են ձկնորսության, ձկանը բռնելու համար կարթին ամրացնում են խայծ` որդ: Որդ, քանի որ դա է դուր գալիս ձկանը, այլ ոչ թե քաղցրավենիք, ինչը դուր է գալիս ձկնորսին: Այդպես էլ ես` ամեն մարդու հետ շփվելու ընթացքում հագնում եմ այդ մարդուն սիրելի բնավորության գծերս: Այդ պատճառով էլ ամեն մարդ տարբեր կարծիք ունի իմ մասին:

Իսկ ես ես ի՞նչ կարծիք ունեմ: Միգուցե ես արդեն 9-րդ կյա՞նքս եմ ապրում, և այս բոլոր իմ մեջ ապրող Էմանինաները այդ կյանքերից մնացած գծե՞րն են: Իսկապես չգիտեմ, թե ով եմ ես: Իսկ եթե հենց ինքներդ ցանկանաք դա պարզաբանե՞լ:

Իսկ եթե լուրջ խոսենք, ես սովորական աղջիկ եմ ինչպես բոլորը: Հաճախում եմ դպրոց, որը այդքան էլ չեմ սիրում և անհամբեր սպասում եմ ավարտելուս, 9-րդ դասարանցի եմ: Սիրում եմ նկարել (առավելագույնը, ինչ կարողանում եմ նկարել, մարդուկն է), սակայն նկարում եմ, ծիծաղում նկարներիս վրա: Սիրում եմ լուսանկարել ամեն ինչ, մանրուքներից մինչև այնպիսի բաներ, որոնք տեսախցիկումս չեն տեղավորվում, սակայն չեմ սիրում դրանք ցուցադրել ընկերներիս:

Ես շատ սովորական եմ, ինչպես բոլորը, սակայն ամենքս էլ ունենք մի տարօրինակություն: Չէ որ, եթե չունես տարօրինակություններ, ուրեմն դու իսկապես տարօրինակ ես: Իսկ ես տարօրինակ եմ, քանի որ իմ տարօրինակությունները չափ ու սահման չունեն: Չնայած դրան, ես նաև շատ եմ սիրում երևակայել, որը իմ իրականությունից կտրվելու միակ միջոցն է: Ես չեմ սիրում, երբ իմ կյանքում հետաքրքիր բան չի լինում, այդ ժամանակ ես սկսում եմ երևակայել մինչև իրականությունը դառնա հետաքրքիր: Ահա այսպիսի մարդ եմ ես:

Ես Էմանինան եմ: Երկար վերլուծելուց հետո ես մտքերս իմի բերեցի, հասկացա, և արդյունքում ստացվեց մի բան` ուշացա պարապմունքից: