Նարե Շարմազանովա

Բջնեցի Ռիմա տատը

Ռիմա տատին հանդիպեցի Բջնիի սուրբ Աստվածածին եկեղեցում: Բնիկ բջնեցի է, բազմազավակ մայր: Ջերմ ընդունեց այնքան, որ ակամայից անցա դու-ի: Երեսուն տարի է` որբևայրի է: Ծնվել է 1939թ.-ին : Պատմում է, որ «սովետի ժամանակ» շատ խեղճ են ապրել.

«Ոտներս բոբիկ, տրեխները հագներիս, չանթիկները վզներիս գնում էինք դպրոց, բալա ջան: Իսկ հիմա, Աստծուն փառք, ապրում ենք: Մենակ խաղաղություն լինի աշխարհին: Որ ասենք` բջնեցիքը զբաղված են, զավոդում աշխատում են, տենց բան չկա: Հիմնականում զբաղվում ենք անասնաբուծությամբ ու հողագործությամբ»:

-Տատ, գո՞հ ես այսօրվա Հայաստանից. հիմա՞ է լավ, թե՞ այն ժամանակները:

-Ո՞նց կարանք համեմատենք հիման ու էն ժամանակները: Հիմա աշխարհը զարգացել ա: Գիտությունը զարգացել ա, մարդիկ զարգացել են: Բոլորը դեպի առաջ են գնում` հետ չեն գնում: Սովետի ժամանակ ի՞նչ կար, բալա ջան: Անասունով ենք ապրում, անասունով ենք զբաղված կամ եզով, գութանով` ցուրտ նեղ օրվա համար: Էն որ ասում են` եզո ջան, եզո ջան, էդ լրիվ դրա համար ա:

Դա մութ ու խավար երկիր էր: Հիմա զարգացել ա գիտությունը: Երեխաները առաջադիմում են: Հագնվում են լավ, կուլտուրական, մաքուր: Աստծուն փառք, որտեղ տեսնում ես` ապրուստը թափած: Մենակ պետք ա աշխատես: Ապրուստը ծովի պես կա: Եթե պառկես քնես, քեզ ո՞վ կտա: Պիտի աշխատես, պիտի ստեղծես, թե չէ, քեզ ո՞վ կտա: Դրա համար հիմիկվանը ավելի լավ ա ,հագուստի կողմից էլ, ուտելիքի կողմից էլ, բայց ունենաս էն պայմանները, որ աշխատող ունենաս տնիցդ: Գոնե երկու հոգի աշխատող ունենաս տնիցդ: Մնացածը դե թոշակով-մոշակով յոլա կգնանք»:

Ռիմա տատը հպարտությամբ է նշում` հինգ երեխաների մայր է: Բոլորին ամուսնացրել, «տնավորել» է: Որդու համար է անհանգիստ. «Զինվոր ունեմ Ղարաբաղում: Էս տասը օր ա, Ղարաբաղում ա, զանգի ենք սպասում»: (հուզվում է):

-Երևի դրա համա՞ր ես եկել եկեղեցի:

-Ինձ Աստծո տուն բերել ա իմ հավատքը: Միշտ էլ հավատացել եմ, միշտ էլ քրիստոնյա եմ եղել: Շատ օգնել ա ինձ Քրիստոս: Երբ ասել եմ` Աստված ջան, մի ճար արա, մի բան արա, Աստված իմ կողքին ա եղել: (կրկին հուզվում է)

-Հաջորդ անգամ Բջնի գալուց, տատ, կգամ քեզ հյուր, կարո՞ղ եմ:

-Անպայման կգաս, արևիդ մեռնեմ: Իմ թոռի թայ ես:

-Իմ անունը Նարե է, ինձ կհիշես:

-Նարինե անունով թոռ ունեմ:

-Նարինե չէ , Նարե, Նարե:

-Մարգարիտ անունով էլ ունեմ …

emanina

Ես ձկնորս եմ երևի

Ինչ հիանալի օր է, իսկ ես շտապում եմ պարապմունքի: Քայլերս արագ-արագ գցելով ավելի եմ արագացնում ընթացքս և մարդկանց ամբոխը ճեղքելով առաջանում եմ: Հանկարծ դիմացս մի աղջիկ է դուրս գալիս և, չկարողանալով կանգ առնել, բախումը նրա հետ անխուսափելի է դառնում: Ընկնում եմ գետնին, և աղջնակը մոտենում է ինձ և հարցնում:

-Կներես, հանկարծակիի եկա:

-Ես էի մեղավորը, ոչինչ, ի՞նչ է անունդ:

-Թերեզա,- պատասխանեց նա,- իսկ դո՞ւ, դո՞ւ ով ես:

-Ո՞վ եմ ես,- կրկնեցի նրան:

Հաճախ եմ տվել ինձ այս հարցը, սակայն պատասխանը այդպես էլ չեմ գտել: Այս անգամ չցանկացա թողնեմ անպատասխան և փորձեցի գտնել այն: Ես… Ես… Հըմմմ, չեմ կարող ասել: Չեմ կարող խոսել իմ մասին, քանի դեռ ես ինքս ինձ լիովին չեմ ճանաչում: Իսկ եթե հարցնենք ուրիշի՞ն:

-Ո՞վ է Էմանինան:

-Ահ, այն աղջիկը, որ միշտ նստում է շարքի վերջում, մտերիմ չեմ հետը:

-Ի՞նչ: Էմանինա՞: Հա, երևի Էմիլիան… Գիտեմ նրան, երբ ինձ տեսնում է, գալիս է և սկսում է անվերջ խոսել հետս:

-Այն «դինջ», կարճ մազերով աղջիկը, որ միշտ հեռախոսի մեջ մտած է և չի կարողանում կտրվել սոցցանցերից:

-Էմանինան, շատ եմ սիրում նրան, շատ դրական և ազատ աղջիկ է, չնայած իր ազատությունը երբեմն խանգարում է մեզ շփվել:

-Ախ, նա շատ ձանձրալի և փակ անձնավորություն է` անհետաքրքիր մտքերով:

Կամ ասենք.

-Չկա նրա նման ուրիշը. հասկացող, ճիշտ խորհուրդներ տվող, կարճ ասած, ինքնատիպ և անունով, և բնավորությամբ:

Սա եմ ես, բայց այդպես էլ չհասկացա այս պատասխաններից որ մեկն եմ ես: Իսկ ինձ թվում է… Թվում է ես ձկնորս եմ: Այո այո, հենց ձկնորս: Հիմա կբացատրեմ, թե ինչու: Երբ նրանք գնում են ձկնորսության, ձկանը բռնելու համար կարթին ամրացնում են խայծ` որդ: Որդ, քանի որ դա է դուր գալիս ձկանը, այլ ոչ թե քաղցրավենիք, ինչը դուր է գալիս ձկնորսին: Այդպես էլ ես` ամեն մարդու հետ շփվելու ընթացքում հագնում եմ այդ մարդուն սիրելի բնավորության գծերս: Այդ պատճառով էլ ամեն մարդ տարբեր կարծիք ունի իմ մասին:

Իսկ ես ես ի՞նչ կարծիք ունեմ: Միգուցե ես արդեն 9-րդ կյա՞նքս եմ ապրում, և այս բոլոր իմ մեջ ապրող Էմանինաները այդ կյանքերից մնացած գծե՞րն են: Իսկապես չգիտեմ, թե ով եմ ես: Իսկ եթե հենց ինքներդ ցանկանաք դա պարզաբանե՞լ:

Իսկ եթե լուրջ խոսենք, ես սովորական աղջիկ եմ ինչպես բոլորը: Հաճախում եմ դպրոց, որը այդքան էլ չեմ սիրում և անհամբեր սպասում եմ ավարտելուս, 9-րդ դասարանցի եմ: Սիրում եմ նկարել (առավելագույնը, ինչ կարողանում եմ նկարել, մարդուկն է), սակայն նկարում եմ, ծիծաղում նկարներիս վրա: Սիրում եմ լուսանկարել ամեն ինչ, մանրուքներից մինչև այնպիսի բաներ, որոնք տեսախցիկումս չեն տեղավորվում, սակայն չեմ սիրում դրանք ցուցադրել ընկերներիս:

Ես շատ սովորական եմ, ինչպես բոլորը, սակայն ամենքս էլ ունենք մի տարօրինակություն: Չէ որ, եթե չունես տարօրինակություններ, ուրեմն դու իսկապես տարօրինակ ես: Իսկ ես տարօրինակ եմ, քանի որ իմ տարօրինակությունները չափ ու սահման չունեն: Չնայած դրան, ես նաև շատ եմ սիրում երևակայել, որը իմ իրականությունից կտրվելու միակ միջոցն է: Ես չեմ սիրում, երբ իմ կյանքում հետաքրքիր բան չի լինում, այդ ժամանակ ես սկսում եմ երևակայել մինչև իրականությունը դառնա հետաքրքիր: Ահա այսպիսի մարդ եմ ես:

Ես Էմանինան եմ: Երկար վերլուծելուց հետո ես մտքերս իմի բերեցի, հասկացա, և արդյունքում ստացվեց մի բան` ուշացա պարապմունքից:

Նարե Շարմազանովա

Պատահական հերոսը

Կյանքը հիմնված է պատահականությունների վրա. ամեն ինչում և ամենուր գործում է պատահականության սկզբունքը, որը նախախնամող ձեռքով լինում է ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Ուրեմն, պատահականությունը օրինաչափություն է, որ հաճախ պարզապես չենք տեսնում: Պատահական հանդիպում ենք մարդկանց, որոնցից ոմանք դառնում են այն առանցքը, որի շուրջ պտտվում են մեր մտքերն ու սիրտը: Այդ օրը ես չկարողացա շրջանցել պատահականությունը:

Օրն այդ արտառոց էր, ոչ միայն ինձ պաշարած անակնկալ պատահականության պատճառով, որը մի քանի րոպեում փոխեց այն սովորական դարձած բթացնող ռիթմը, որի մեջ ընկած վազում եմ ամեն օր, ամեն րոպե, այլ որովհետև ազատ ժամանակ ունեի, և կարող էի անցկացնել ընտանիքիս հետ:

Ամեն ինչ շատ սովորական էր` մայրիկիս, եղբորս հետ զբոսնում էինք, որոշեցինք սրճարան մտնել: Սովորական սրճարան` իր սովորական այցելուներով, աշխատանքային ռիթմով. բոլորը զբաղված էին իրենց հոգսերով` վայելելով հանգստի պահը: Հենց մեր կողքին բոլորովին այլ իրականություն էր. մոտ քսան տարեկան մի տղա կերակրում էր հաշմանդամի սայլակին գամված տատիկին: Մենք բոլորս ապշած նայում էինք: Միշտ չէ, որ մեր առօրյայում այդպիսի բաներ են տեղի ունենում: Այսօրվա իրականության մեջ, երբ ծնողները երեխային հանձնում են մանկատանը` բախտի քմահաճույքին թողելով նրա ապագան, երբ երեխաները իրենց ծնողներին անարգելով ծերանոց են տանում: Երբ անզգամությունը դարձել է նորմալ բոլորի համար: Դու սկսում ես ինքդ քեզ հարց տալ. արդյո՞ք միայն հաշված մարդիկ են այդ ամենը նկատում և արձագանքում: Ինչո՞ւ ոչ բոլորը: Ինչո՞ւ է ամեն բացասական բանը դարձել սովորական, նորմալ , իսկ բարի գործը ՝ արտասովոր: Իրեն այդ մտքերով ծանրաբեռնող մարդը տեսնում է մեկին, որն աննկարագրելի քնքշությամբ հոգ է տանում իր մերձավորի մասին առանց որևէ վարձք պահանջելու: Բոլորի համար աննորմալ է, երբ մարդն առանց որևէ սպասելիքի, վարձատրության սիրում է:

Լուսանկարը՝ Նարե Շարմազանովայի

Լուսանկարը՝ Նարե Շարմազանովայի

Գուցե իմ պատահական հերոսն էլ զարմացավ իմ զարմանքի համար. նկատեց, որ աչքս չեմ կտրում իրենցից: Ինձ համար միևնույն էր` ինչ են մտածում բոլորը. այդ պահին պատահական հերոսը օրինաչափորեն հաստատեց վաղուց գլխումս թափառող միտքը. միևնույն է` ինչ է անում կամ ասում մեծամասնությունը, իսկ ինչ եմ անում ես ինքս:

Մի պահ վերադառնալով իրականություն` հանդիպեցի մայրիկիս ոգևորված աչքերին: Այլևս պետք չէին այն խոսքերը, որ հաճախ են ասվում` սիրիր մերձավորիդ: Դրանք այնքան իրական էին իմ հերոսի դեպքում:

Ահա և իմ հերոսը իր հերոս տատիկի հետ: Նա չնկատեց` ինչպես ես հետևից վազեցի ու նկարեցի: Գիտեմ` սխալ է առանց մարդուն տեղեկացնելու նկարահանելը, բայց այս դեպքում կանոններն ավելորդ էին:

Շատ կուզեի, որ պատահական հերոսը կարդար այս նյութը և իմանար, որ իր հետ իմ պատահական հանդիպումը քանդեց կյանքի վատ օրինաչափությունների շղթան:

Հանդիպում

Երբ դու թեյարանում ես, իսկ շուրջդ միայն գրքեր են, պատուհանից այն կողմ՝ գարնանային անձրևը, կողքիդ էլ՝ լավ մարդիկ, ամեն ինչ ավելի լուսավոր է թվում քեզ:

Ընկերուհուս հետ նստած՝ կարդում էինք, զրուցում,  մեկ էլ Մանսուրյան ազգանունը լսեցինք:

-Մանսուրյա՞ն:

-Հնարավոր ա՝ ինքը չի:

Մինչ մենք կփորձեինք կռահել՝ խոսքը Տիգրան Մանսուրյանի մասին էր, թե ոչ, նա, գրքերն ուսումնասիրելով, դանդաղ հասավ մեզ ու կանգնեց մեր կողքին:

Տիգրան Մանսուրյանը կոմպոզիտոր է, ժողովրդական արտիստ, ում չճանաչելը այսօր մի փոքր անհասկանալի է ինձ համար: Ծնվել է Բեյրութում, մեկ տարի անց՝ ընտանիքի հետ գաղթել Հայաստան:

-Ինքն ա:

-Արի՛ մոտենանք:

-Ինչի՞ց սկսենք:

Մենք երկար կքննարկեինք այս, եթե ինքն անձամբ չընդհատեր մեր զրույցը բարևով. գուցե նկատե՞լ էր:

-Սիրո՞ւմ եք գրքերի մեջ թեյել:

-Ձեզ էլ ենք շատ սիրում:

Խոսքիցս այնպես զարմացավ, կարծես անսպասելի բան ասացի, ժպտաց և նկատելով սեղանիս գիրքը՝ ասաց.

-Բուքո՞վսկի. իրեն չեմ սիրում: Իսկ այ ձեզ…Ես էլ ձեզ եմ սիրում:

Միացրեց հեռախոսը, ցույց տվեց իր սիրելի գրողին, խոսեց-խոսեց, այնքան ոգևորված պատմեց, որ կարդալդ եկավ: Խոսքը Ջոն Գրեյի մասին է:

-Նրա՞ն էիք փնտրում:

-Չէ, պարզապես նայում էի:

Երկար չզրուցեցինք, միայն վերջում խնդրեցինք նկարվել, չմերժեց:

-Բա ոնց, ճուտիկնե՛ր, եկե՛ք:

Մի անգամ էլ ընկերներիցս մեկն է խնդրել իրեն նկարվել, զարմացել է, հարցրել՝ ուրեմն ի՞նձ էլ են ճանաչում…Բարձրին հասած մարդկանց համեստությունը մի ուրիշ արժեք է: Եվ փաստորե՛ն:

Տիգրան Մանսուրյանի խոսքով՝ ինքն ավելի հաճախ տանն է՝ նոտաների աշխարհում, անվերջ աշխատում է, իր աշխատանքը իր տառապանքն է, և թերևս այդ տառապանքի շնորհիվ է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք մեր երաժշտության, կինոյի և ընդհանրապես մշակույթի աշխարհում:

…Դուրս գալիս պատահմամբ նկատեցինք Գրեյի գիրքը:

-Իսկ եթե իրո՞ք փնտրում էր:

-Ամեն դեպքում լավ կլինի՝ ասենք:

Գիրքը փոխանցեցինք, նորից զարմացավ, նորից ժպտաց, մենք էլ՝ դե, կրկնակի:

…Չէ, իսկապես նման հանդիպումները հարստացնում են մարդուն:

Ի՞նչ կլինի նրա հետ

Հինգշաբթի օրը չինարենի խմբակից դուրս էի գալիս, տեսա Ալբերտին և ասացի.

-7-երը` երեք անց կես, գնա:

Նա, ինչպես միշտ, որոշեց լինել մյուսների նման և ինչ-որ բան ասել, բայց շտապում էր: Ես էլ այդ արտահայտությունը հենց այդ օրն էի սովորել: Ամեն անգամ, երբ 7-րդ դասարանի աշակերտ էր մտնում դասարան, ասում էինք՝ «7-երը երեք անց կես», չինարենի պարապմունքի առաջին օրն էր: Մի անգամ էլ մի ուսուցչուհի մտավ, և մենք մեխանիկորեն կրկնեցինք` «7-երը երեք անց կես»:

Հաջորդ օրը ուրախ տրամադրությամբ եկա դպրոց: Առավոտից ինչ-որ բան էի լսում, որն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում ու չէի ուզում լսել դրա շարունակությունը, «Գիտես չէ՞, 7բ-ի…»:

Կենսաբանության դաս էր, և ընկեր Հովսեփյանը շատ անտրամադիր էր: Նա ասաց, որ այդ տղան շատ լավ էր սովորում: Տղաներն էլ ասացին, թե 7բ-ի Ալբերտի մասի՞ն է խոսքը, իսկ ընկեր Հովսեփյանը ասաց՝ այո: Այդ պահին ես այդ անվան վրա ուշադրություն չդարձրի:

-7բ-ի Ալբերտի պապան ա զոհվել,- ասաց Վազգենը:

Մի պահ ժամանակով հետ գնացի և հասկացա, թե ում մասին էր խոսքը:

Ալբերտը մեր պարսկերենի խմբակից է: Նա սովորում է 7-րդ դասարանում: Շատ լավ տղա է: Լավ է սովորում, բարի է, մի փոքր էլ միամիտ: Երբեմն ինքն իրեն խոսում է, ուզում է լինել ինչպես բոլորը, բայց չի ստացվում, երբեմն ուզում է զայրացնել, բայց այնքան թեթև է դա անում, որ ոչ ոք նրանից չի նեղանում:

Ընկեր Հովսեփյանը ասաց, որ նրա հայրը երեք օր առաջ էր զոհվել Ղարաբաղում:

Տղաները սկսեցին պատմել, թե նա ինչպես է զոհվել, իսկ ես այդ ժամանակ շվարած  էի:

-Շատ ափսոս,- ասաց ընկեր Հովսեփյանը,- շատ լավ տղա էր:

-Ասում են` լացում ա,- ասաց Վազգենը, որից հետո բոլորը ասացին, որ նա հաստատ դասի չէր գա իր հոր զոհվելու հաջորդ օրը, իսկ Վազգենը ասաց, որ նա չի եկել դասի, դպրոցի վերևի դաշտում է լաց լինում:

Ինչո՞ւ հենց նա, ինչո՞ւ ոչ մեկ ուրիշը, կամ ընդհանրապես` ինչո՞ւ:

Դասամիջոցին գնացի ընկերուհուս մոտ:

-Գիտե՞ս` ում պապան ա զոհվել,- ասացի ես:

-Չէ:

-Պարսկերենի Ալբերտին հիշու՞մ ես:

Ես սկսեցի նրան հիշեցնել այն դեպքերը, որ պատահել էին իմ Ալբերտի ու ընկերուհուս հետ պարսկերենի պարապմունքներից առաջ, որ նա հիշի:

-Հաաա~, ցավում եմ:

-Դու իրան երբեք չես հասկանա, մենակ ցավալով չի:

-Ճիշտ ես ասում:

-Պատկերացրու ինչ-որ մեկը 12 տարի քո կողքին լինի ու հանկարծ անհետանա: Ինքը իրա պապայի հետ մի ամբողջ 12 տարի ա անցկացրել: Պատկերացնու՞մ ես, այսինքն, ի՞նչ եմ ասում, ախր, ես էլ չեմ հասկանում:

Զանգը հնչեց: Նոր դարերի պատմության ուսուցչուհին նույնպես անտրամադիր էր:

-Ես երբ ինչ-որ տխուր բան եմ լսում, ամբողջ օրը մտածում եմ դրա մասին: Հիմա ամեն օր վատ բան ա պատահում, ու ես տրամադրություն չեմ ունենում: Բայց երբ ինչ-որ մեկը հաջողություն ա ունենում, ես էլ եմ իրա համար ուրախ լինում:

-7-ի բ-ի Ալբերտի մասի՞ն եք ասում:

-Հենց նրա մասին էր խոսքը: Ասում են, որ ցածր դասարանցիներից մեկի հայրն էլ է զոհվել… Չգիտեմ, ճի՞շտ է, թե չէ:

Երեխաները նորից սկսեցին պատմել նրա հոր զոհվելու պատճառը, ու կրկին չլսեցի և մինչև հիմա էլ չգիտեմ:

Ի՞նչ կլինի Ալբերտի հետ: Կկարողանա՞ վիշտը հաղթահարել, կմնա՞ նույն լավ սովորող, բարի, միամիտ, տարօրինակություններով լի Ալբերտը:

Այդ օրը մի բան փոխվեց իմ մեջ:

mher tumanyan-2

Առաջին խիզախությունս

Բավականին փոքր էի, երբ կատարվեց այն, ինչի մասին ուզում եմ պատմել: Ամառ էր: Ինչպես ամեն տարի, գնացել էինք գյուղ` հանգստանալու: Ավելի ճիշտ` քաղաքի խժդժոցից հանգստանալու: Օրը դեռ չէր կիսվել, երբ ես ու հորեղբայրս դուրս եկանք տնից, նստեցինք մեր հին ու բարի «Վիլիսը» և գնացինք գյուղի մյուս կողմում գտնվող այգին, ինչ-որ բաներ ցանել-հավաքելու:

Փոքր էի, կարճ ժամանակ անց հոգնեցի ու նեղացած նստեցի մեքենայի մեջ (նեղացած էի բոլորից, բայց ինքս էլ չգիտեի, թե ինչու): Ու քանի որ շատ ժամանակ ունեի, որոշեցի ուսումնասիրել տարածքը: Քայլում ու փորձում էի ինչ-որ արտասովոր բան հիշել` հետդարձի ճամփան գտնելու համար: Իրո’ք, շատ գեղեցիկ է մեր բնությունը: Այն գրավում է բոլորին`փոքրից մեծ: Գնացի այնքան, մինչև հասա մի աղբյուրի, ջուր խմեցի ու արագ-արագ հետ դարձա: Արդեն բավականին ժամանակ էր անցել: Երբ տեղ հասա, հորեղբայրս դեռ այգում էր, դեռ փորում ու փխրեցնում էր հողը: Ինձ վատ զգացի, երբ տեսա ինչքան է աշխատել: Վատ զգացի, որ թողել ու գնացել էի: Չնայած ինձ հանգստացնում էի էն մտքով, որ եթե մնայի, միևնույնն է, ոչնչով չէի օգնելու: Գնացի պատմելու, թե ինչեր եմ տեսել ճանապարհին` երևի ինչ-որ չափով մեղքս քավելու համար:

Արդեն բավականին ուշ էր, երբ նստեցինք մեքենան ու ճանապարհ ընկանք: Շատ չէինք գնացել, երբ ծխի ու կրակի մեջ հայտնվեցինք: Ծխի քուլաների մեջ մի կերպ նշմարվում էին գյուղացիներից մի քանիսը: Ճանապարհի եզրը ամբողջ տարածքով այրվում էր: Արագ-արագ դուրս եկանք մեքենայից, ու ձեռքի տակ ընկած ճյուղերով, միացանք գյուղացիներին: Ես չգիտեի` ինչ անել, սկզբում անգամ վախենում էի, բայց նայելով հորեղբորս սկսեցի կրկնօրինակել: Ճյուղերով խփում էինք կրակի շիթերին` չթողնելով, որ այն տարածվի: Հրշեջներին կանչելն ուղղակի անիմաստ էր: Ամենամոտ հրշեջ կայանը գյուղից հեռու է մոտ 20 կիլոմետր: Մինչև հասնեին, մենք արդեն հանգցրած կլինեինք: Շատ չտևեց, մոտ 20-30 րոպե, բայց այդքանն էլ բավական էր, որ ինձ հերոս զգայի: Մի պահ նույնիսկ մտածեցի, որ ինձնից շատ բան է կախված և սկսեցի ավելի արագ և ուժեղ հարվածել: Որոշ վնասվածքներ ստանալով մեզ հաջողվեց հանգցնել կրակը: Երբ տուն հասանք, առաջինը նկատեցի մորս զարմացած ու վախեցած հայացքը` ամբողջ դեմքս ծխի ու մրի մեջ էր: Արագ լվացվեցի ու սկսեցի պատմել «հերոսություններիս» մասին: Բոլորն ուրախացան, համենայնդեպս, ինձ այդպես թվաց: Ես էլ ինձ լավ զգացի, որ չնայած մենակ էի թողել հորեղբորս, բայց փոխարենը լավ գործ էի արել, թեկուզ փոքր:

ani jilavyan

Հրադադար

-Ասում են` փոքր եք: Լավ, կզանգեմ հետո,- լսվեց դասարանի տղաներից մեկի ձայնը, ով ներս մտավ: Մինչ նա հեռախոսն անջատում էր, բոլորս նայում էինք իրեն:

-Ի՞նչ ա եղել:

-Մի քանի ընկերներիս հետ գնացել էի, որ կամավոր գրվենք, չեն թողնում, ասում են՝ փոքր եք,- զայրացած ասաց նա:

-Համ էլ ասում էին, որ տեղ չկա…

-Հա, կամավորները շատ են…

Ամեն մեկը սկսեց կիսվել իր ունեցած լուրով:

-Վատն էն ա, որ հաստատ ոչ մի բան չենք իմանում…,-խոսեց ևս մեկը:

Զանգը տվեց, և լռություն տիրեց, բայց ոչ սովորական, այլ` ծանր ու անսովոր լռություն: Եղանակն անգամ մռայլ էր, ինչպես մարդկանց դեմքերը այս օրերին: Եվ այդ մռայլությունը միանգամայն բնական է, չէ՞ որ բոլորիս մտքում միայն պատերազմի մասին մտքերն են, որոնց ոչինչ չի փոխարինում: Եվ բոլորս թարմ ու դրական լուրեր լսելու հույսեր ենք փայփայում: Ինձ համար այնքան դժվար է լուրեր լսելը՝ և՛ ցանկանում եմ ինֆորմացված լինել, և՛ չեմ ուզում տեսնել ռմբակոծված մեր հողերն ու լսել զոհվածների մասին: Համացանցում էլ լուրերին հետևելը հեշտ չէ, քանի որ դրանք շատ են, և անհասկանալի է, թե դրանցից որոնք են հավաստի, որոնք՝ ոչ…
Հրադադար է հիմա, և այս պահին միայն ցանկանում եմ, որ խաղաղություն լինի, մեր զինվորները այլևս չլինեն նմանատիպ իրավիճակում, այլևս զոհ չունենանք և այս հրադադարը մշտական լինի:

Նարե Շարմազանովա

Վեր կաց, եղբայր իմ, երգս կիսեմ քեզ հետ…

Երբ փոքր էի, ծնողներս պատմում էին մեր զինվորների, նրանց սխրանքների մասին: Ասում էին, որ ինչքան էլ ցավոտ լինի ֆիզիկական բաժանումը և կարոտը, պետք է հպարտանալ նրանով և հասկանալ, որ նա զոհվել է այն հույսով, որ կփայփայենք մեր հայրենիքը: Միշտ ցավել եմ դիրքերում մահացող ամեն մի զինվորի համար, բայց երբեք չեմ պատկերացրել` ինչ են զգում նրանց հարազատները:  

Համացանցը փորփրելիս գտա կրկին հերոս Ադամի մասին պատմող նյութերը, որը ընդամենը քսաներկու տարեկան հասակում զոհվել էր հանուն հայրենիքի:

Նայում էի նրա նկարին և ինչքան շատ էի նայում, այնքան ավելի էի սուզվում նրա վառ ցայտուն աչքերի և անմեղ, բարի ժպիտի մեջ: Կարծես իմ ու Ադամի մեջ ինչ-որ կապ կար, և մենք կարողանում էինք հաղորդակցվել, չնայած նրան, որ ինքը արդեն չկար: Տարօրինակ է հնչում, չափազանց տարօրինակ…

Ինչքան անբացատրելի էր ինձ համար այն կորստի զգացումը, որը ապրում էին նրա հարազատները, նույնչափ անբացատրելի էր նրա կերպարը: Ներկայիս իրականության մեջ, դաժան իրականության մեջ,  մարդիկ գոյատևում են իրար դավաճանելով, մեկը մյուսին վատություն անելով և դրանից շահ գտնելով:

Ինձ համար լիովին անհասկանալի էր, հարցը պտտվում էր գլխիս մեջ և հանգիստ չէր տալիս: Ինչպե՞ս կարող է մարդը զոհել իր կյանքը, իր անկատար թողնել երազանքները, նպատակները, հանուն իր ազգի:

Ես ուղղակի կարկամել եմ: Ադամի և նրա նման հերոսները զոհվում են, որպեսզի մենք գնահատենք այն, ինչ ունենք: Գնահատենք այն խաղաղ Հայաստանը, որտեղ ապրում ենք: Գնահատենք Հայաստանի ամեն մի մասնիկը, և հասկանանք, որ դա ուղղակի հող չէ կամ ուղղակի հայրենիք չէ: Մենք դարերով պայքարել ենք և շարունակում ենք պայքարել մեր երկրի անդորրի համար, և Ադամի նման քաջերը շարունակում են զոհել իրենց կյանքը հուսալով, որ մենք կգնահատենք մեր հայրենիքի ամեն մի ոստը, ամեն մի շյուղը…

Եվ երբ այդ ամենը հասկացա, կրկին մի անըմբռնելի զգացմունք արթնացավ մեջս: Որևէ կապ չունենալով Ադամի հետ, սկսեցի սիրել նրան և հպարտանալ նրանով: Այնպես, ինչպես ոչ մեկով չէի հպարտացել: Սակայն դա տևեց գեթ մի պահ և ես կրկին հիշեցի, որ Ադամը այլևս չկա…

Այդ պահին մայրիկս մտավ սենյակ և առանց որևէ նախաբանի ասաց.

-Նա երկնքում է և Հիսուսի մոտ է: Վայելում է իր փառքը, նա անմահացել է…

-Անմահացե՞լ է…

Այդ պահին ակամայից հիշեցի Վարդան Մամիկոնյանի վսեմ խոսքը.

«Մահ չիմացյալ` մահ, մահ իմացյալ` անմահություն…»

 

Աչքիս առջև բացվեց մի տեսարան: Տեսնում եմ Ադամին. նա իր վառ ցայտուն աչքերով և անմեղ բարի ժպիտով նայում է ինձ:  Մենք հանդիպում ենք երկնքում: Իսկ ես,  ինչքան հնարավոր է, ամուր գրկում եմ նրան և բաց չեմ թողնում…

«Վեր կաց, եղբայր իմ, նոր օրն է արթնացել…

Վեր կաց, եղբայր իմ, նոր կյանքն է շունչ առել…»

Նարե Շարմազանովա

Ես Նարեն եմ, այլմոլորակային չեմ

Փոքր հասակից սիրել եմ գրել, որովհետև դա է այն «դեղահաբը», որի միջոցով կարողանում եմ կտրվել աշխարհից և վերագտնել ինքս ինձ` հետևելով փիլիսոփայի խոսքին. «Ճանաչիր ինքդ քեզ»: Դեղահաբը ինձ միշտ հաճելի էր, դա այն դեղամիջոցն էր, որը բժշկում էր հիվանդին`ինչ-որ բանին վնասելով: Երկար եմ մտածել, թե ինչն է խանգարում: Չէ որ գրելը ինձ օդի նման անհրաժեշտ է, բայց կա մի բան, որը թույլ չի տալիս մինչև վերջ ապրել, բավարարվել իմ ստեղծածով: Ժամանակի ընթացքում այդ դեղահաբը կորցրեց իր բժշկելու հատկությունը, ես սկսեցի ինձ անպիտան զգալ: Անպիտան՝ այսինքն, որևէ մեկին իմ ստեղծածով չէի կարողանում օգտակար լինել, գնահատվել՝ լավ կամ վատ: 

Բայց ինչպես սովորաբար, խավարում լույս ծագեց…

Մի օր ընկերներս ինձ պատմեցին «Մանանայի» մասին: Եվ քանի որ վաղուց համոզվել եմ, որ պատահական ոչինչ չի լինում , հասկացա դա այն էր, ինչ երկար ժամանակ փնտրում էի: Դուռը բացվեց…

Պետք էր պատմել իմ մասին: Ինչ եմ ես սիրում, ինչ նախասիրություններ ունեմ, ով եմ ես: Վերջին հարցը ստիպեց ինձ դարձյալ երկար մտածել: Ո՞վ եմ ես: Ինչո՞վ եմ տարբերվում ուրիշներից:

Առաջին միտքն այն էր, որ ես այլմոլորակային չեմ :

Այսինքն, Երկրի մի սովորական բնակիչ եմ, որը բոլորի նման սովորում է, ունի իր փոքր կամ մեծ խնդիրները և փորձում է լուծել դրանք, ունի իր նախասիրությունները:

Ես Նարեն եմ: Նախասիրություններս երեքն են՝ գրականությունը,երաժշտությունը, թատրոնը: Նախասիրություն մեղմ է ասված: Ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց իմ երեք ուղեկիցների: Բայց գրականության և երաժշտության հետ համեմատաբար ավելի շատ եմ կապված:

Ցանկացած ոճի երաժշտություն սիրում եմ, սկսած դասականից մինչև ծանր ռոք: Գիտեք, երբ փոքր էի, ամեն դաշնամուրի դասիս գնալիս լաց էի լինում և մեղադրում մայրիկիս` կյանքս անտանելի դարձնելու համար: Հիմա նոր եմ հասկանում, թե ինչքան մեծ բան է նա արել ինձ համար: Ամեն անգամ, երբ գրում եմ կամ նվագում, հայտնվում եմ մի ուրիշ աշխարհում: Աշխարհում, որտեղ ես եմ, իմ մտքերը և իմ երևակայությունը: Ու փորձում եմ, ինչքան հնարավոր է, թռչել վեր, սլանալ, հեռանալ այսօրվա իրականությունից, հեռանալ սահմանափակ քառակուսուց և մտածել այլ կերպ: Հիմնականում ինձ միշտ մեղադրել են այլ կերպ մտածելու համար: Մեղադրել են, որովհետև ես իրերի հանդեպ ուրիշ հայացք ունեմ: Եվ դա ինձ խանգարում է, հարցը անընդհատ կախվում էր գլխիս վերևում` ինչո՞ւ ինձ չեն հասկանում: Մինչև որ մայրիկիս օգնությամբ հասկացա՝ բոլորը միմյանց նման չեն կարող լինել, և այս առումով, այո, ես յուրօրինակ եմ: Եվ պարտադիր չէ, որպեսզի բոլորը ապրեն այն աշխարհում, որտեղ ես եմ ապրում: Այ, օրինակ, ես կարող եմ արթնանալ, նայել պատուհանից դուրս և զմայլվել բնությամբ, և մեջս մի ուրիշ զգացմունք կարթնանա: Կամ կարող եմ ինքս ինձ հետ հայելու մեջ խոսել: Ինձ մխիթարում է այն, որ ես միակ տարօրինակը չեմ այս աշխարհում, և հենց այդ տարօրինակություններն են, որ մեզ դարձնում են յուրահատուկ: Չեմ սիրում մարդկանց, ովքեր մտածում են ստանդարտ, հարթ քանոնի նման: Եվ երբ մարդիկ ասում են.

-Նարե, ի՞նչ տարօրինակն ես դու:

Կամ`

-Նարե, քո նմանը չկա:

Ես ուրախանում եմ, քանի որ միաժամանակ կարող եմ լինել և կենսուրախ, և լուրջ, և գժություններ անել, և պահի տակ ինձ հավաքել: Իմ բնույթով բաց մարդ եմ և շփվող: Ընդհանրապես չեմ կոմպլեքսավորվում նոր մարդկանցից կամ նոր շրջապատից: Ընդհակառակը, փորձում եմ, ինչքան հնարավոր է, շուտ բացահայտել մարդկանց: Սակայն մարդիկ հաճախ սխալ են հասկանում, մտածում են, թե «ձևական» եմ: Ասացի, որ շատ շփվող եմ: Հաճախ մարդիկ դա դիտարկում են որպես «զահլա տանող», դրա համար փորձում եմ, որքան հաջողվում է, ինձ հանդարտ պահել և չվախեցնել անծանոթներին:

Երկար կարող եմ պատմել իմ մասին, սիրում եմ, երբ ինձ լսում են, թեև գիտեմ, որ երբեմն անհրաժեշտ է լռել:

արթուր համբարձումյան

Քաղաքային միջավայրը մարմնավորում է պատմական հիշողությունը

Հարցազրույց պապիկիս` ճարտարապետ   Բորիս Քոչարյանի հետ

-Պապիկ, դու ի՞նչ մասնագիտություն ունես, որտե՞ղ ես աշխատել:

-Ես մասնագիտությամբ ճարտարապետ եմ, Ճարտարապետների միության անդամ եմ, աշխատել եմ «Հայսեյսմշինում», հետո աշխատել եմ «Հայպետգյուղնախագիծ» ինստիտուտում, աշխատել եմ նաև ոչ իմ մասնագիտությամբ տարբեր պաշտոններում: Այնուհետև Երևանի քաղաքապետարանում ճարտարապետության վարչությունում, այժմ աշխատում եմ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որպես դասախոս:

Նախագծել եմ տիպային բնակելի տներ Հայաստանի գյուղական բնակավայրերի համար: Արևային ջեռուցման փորձարարական բնակելի տուն Մերձավանում, Գյուղատնտեսության նախարարության շենքը` Երևանում, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի և մի շարք այլ շենքերի նախագծեր Երևան քաղաքում, բազմաթիվ այլ աշխատանքային նախագծեր:

-Երևանում հին շենքերը քանդում են և կառուցում նորերը: Ինչպե՞ս ես վերաբերվում դրան:

-Իրենց կյանքի ընթացքում բոլոր քաղաքներն էլ կրում են որոշակի փոփոխություններ: Իրենց դարը ապրած շինությունները քանդվում են, կառուցում են նորերը, սակայն, միաժամանակ անհրաժեշտ է պահպանել պատմականորեն ձևավորված քաղաքային միջավայրը, որը կարևոր նշանակություն ունի քաղաքացիների համար, իրենով մարմնավորում է նրանց պատմական հիշողությունը, խորհրդանշում հարազատ քաղաքի, ծննդավայրի, ի վերջո, հայրենիքի որոշակի կերպարը: Հետևաբար, միջամտությունը քաղաքային ձևավորված միջավայրին պետք է լինի մասնագիտական բարձր մակարդակով, անպայման նախապես ստանալով հանրության աջակցությունը:

-Ինչո՞ւ են նոր շենքերը կառուցում հին շենքերի տեղում:

-Որովհետև քաղաքի տարածքը սահմանափակ է և անընդհատ չի կարող ընդարձակվել:

-Ընդհանրապես ինչո՞ւ են քանդում հին շենքերը, այլ ոչ թե վերանորոգում:

-Եթե այս շենքը ֆիզիկապես և բարոյապես մաշված է, հնարավոր է, որ արդարացված լինի նրա քանդելը և տեղում նոր կառույց ստեղծելը, որը ավելի համապատասխան կլինի քաղաքի և հանրության կարիքներին: Իսկ եթե մաշված չեն, ապա պետք է վերանորոգել` փոխելով նրա նշանակությունը կամ կատարելով ամրացման աշխատանքներ:

-Ի՞նչ զգացիր, երբ տեսար, որ քո կառուցած Իսահակյանի գրադարանը քանդում են:

-Ինձ համար շատ անսպասելի էր քանդման աշխատանքների մասին լուրը, որովհետև շենքը ժամանակին մեր նախագծով ամրացվել էր և ֆիզիկապես կարող էր ծառայել երկար տարիներ: Ընթացքում պարզվեց, որ շենքի ճակատային մասը պահպանելու է` ներառվելով նոր կառույցի մեջ:

-Նոր շենքեր ուրիշ թաղամասերում կառուցվո՞ւմ են:

-Ցավոք սրտի, շինարարությունը մեծ մասամբ կատարվում է Երևանի կենտրոնում: Ներդրումների արդյունավետության տեսակետից դեռևս շահեկան չի համարվում կառուցապատումը քաղաքի ծայրամասերում:

-Արդյոք նոր շենքերը ավելի՞ հուսալի են և ամուր:

-Այո, որովհետև նրանք կառուցվում են սեյսմակայուն շինարարության ժամանակակից նորմերի ու կանոնների համաձայն, կիրառվում է միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներ և այլ բարձրորակ շինանյութեր:

Հարցազրույցը գրի առավ Արթուր Համբարձումյանը