- Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի
- Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի
- Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի
- Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի
- Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի
- Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի
- Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի
Ես կանգնած եմ Բաղրամյան փողոցի վրա՝ կանգառում, դու կանգնած ես դիմացի մայթի վրա, ու եթե անկեղծ ասեմ՝ մազերիդ գույնը վատ եմ տեսնում, էլ չասեմ` աչքերիդ մասին։ Ինձ ինչ-որ մեկի ձայնն ասում է, որ սա պատահականություն չէ, բայց հո՞ ես գիտեմ ճշմարտությունը։
-Հա, մամ,- ինձ միշտ միայն մաման է զանգում։
-Գալի՞ս ես արդեն:
-Ահա:
-Դե լավ:
Նույն պահին դու հեռախոսդ հանում ես պայուսակիցդ ու ինչ-որ հաղորդագրություն ես ուղարկում, հավանաբար՝ ձայնային։
Ես ու դու նույն պահին խոսում ենք տարբեր բաներ։
Ենթագիտակցությունս գրեթե վստահ է, որ սա պատահականություն չէ, որովհետև միգուցե ես մի քանի օր հետո սրա մասին նյութ կգրեմ, որը հետաքրքիր չի լինի, բայց ինձ անպայման դուր կգա, չեմ էլ կարող ասել, թե ինչու։
Հավանաբար դու էլ ես սիրում զբոսնել Երևանի փողոցներով, բոլորին պատմել, թե ինչքան ես ատում Երևանը, բայց ներքուստ սիրում յուրաքանչյուր փողոց, որը ընդհանուր հաշվով ոչ մի տեղ էլ չի տանում։ Ես գրեթե համոզված եմ, որ դու սիրում ես փողոցային երաժիշտներին, որովհետև ես էլ եմ նրանց պաշտում։ Միգուցե քո ամենասիրելի գիրքը նույնպես Ջորջ Օուրելի «1984»-ն է․․․ Չնայած՝ դժվար։
Մի պահ ինձ թվաց, թե դու նույնպես ցանկանում էիր մազերիս գույնը հասկանալ։ Շագանակագույն է, ընկերս։ Բայց ես քոնը այդպես էլ չեմ տեսնում, երևի չափազանց անկարևոր է մազերիդ գույնը, կամ էլ պետք է լսեի ծնողներիս ու գնայի ակնաբույժի մոտ։
Ասֆալտին նայելով՝ մտքումս կրկնում եմ առաջին նախադասությունս, որ հանկարծ չմոռանամ ու գրեմ, և եթե սա ստացվի, ապա միգուցե դու միամիտ սեղմես նյութի հղմանը ու մինչև մատներդ կփակեն պատուհանը՝ կկարդաս իմ կրկնած առաջին նախադասությունը։
Ես և դու կարդում ենք նույն նախադասությունը տարբեր պահերի։ Բայց դու առաջին նախադասությունից հետո փակում ես պատուհանը, որովհետև չես հավատում նման բաների իրական լինելուն, իսկ ես մի քանի անգամ կարդում եմ ամեն մի պարբերություն, որ հանկարծ վրիպումներ չունենամ։
Բազմոցին նստած կբացեմ նոթատետրս ու անպայման սև թանաքով կգրեմ ինչ-որ մի բան, նույն պահին ինձանից երևի թե հազար կիլոմետր այն կողմ դու կվերցնես թուղթը՝ նամակ գրելու ցանկությամբ։ Նույն պահին ես և դու մեզ թույլ կտանք լինել մի փոքր սենտիմենտալ, նույն պահին ես և դու թույլ չենք տա ուրիշներին կարդալ մեր սենտիմենտալությունը։
Այս անգամ ուղեղս կարծես թե դուրս է գալիս գլխիս միջից ու բղավում է, որ սա պատահականություն չէ․․․
-Մամ, համարյա հասնում եմ։
-Դե արագացրու, սպասում ենք։
Չնայած՝ դժվար։ Ես հո՞ գիտեմ ճշմարտությունը։
Հունիսի 29-ին «Մանանա» կենտրոնում տեղի ունեցավ Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» գրքի անդրադարձների մրցույթի ամփոփումը: Մրցանակաբաշխությանը ներկա էին անդրադարձների հեղինակները, գրողներ, լրագրողներ և գրքի հեղինակը:
Հանդիպումը սկսվեց ծանոթությամբ, մասնակիցները հնարավորություն ունեցան զրուցելու գրքի հեղինակի հետ, քննարկելու իրենց անդրադարձները, լսելու հեղինակի անձնական կարծիքը, խորհուրդներ ժյուրիի անդամներից իրենց գրախոսությունների վերաբերյալ:
«Հեղինակի համար շատ կարևոր է լսել ընթերցողի կարծիքը, հատկապես` երիտասարդության»,- իր խոսքում նշեց գրող Սուսաննա Հարությունյանը: Մինչ մրցանակաբաշխության արարողությունը սկսելը մասնակիցները գրողների և գրքի հեղինակի հետ աշխոիյժ զրույց էին սկսել հայ նոր գրականության մասին` արդյոք ինչ են կարդում, որ գործերը և որ հեղինակներին են համարում արժեքավոր, ինտերնետը ինչ ներգործություն է ունենում ընթերցողների ճաշակի ձևավորման վրա: Սուսաննա Հարությունյանը նշեց, որ ինտերնետում այժմ գրքերը շատ են, և պետք է լինել իսկապես խելացի ընթերցող, որպեսզի կարողանալ առանձնացնել արժեքավոր գործերը նրանցից, որոնց վրա չարժե ժամանակ կորցնել:
-Մենք պատրաստել ենք շնորհակալագրեր բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են այս մրցույթին, քանի որ այն, որ կարդացել եք, գրել եք գրախոսություն, արդեն խրախուսելի է,- նշեց «Մանանա» կենտրոնի տնօրեն Ռուզաննա Բաղդասարյանը:
Խրախուսական մրցանակներ ստացան Մարինե Իսրայելյանը, Մարիամ Բարսեղյանը, Լիլիթ Ներսեսյանը: Մասնակիցները ստացան Սուսաննա Հարությունյանի նոր լույս տեսած գրքերից հեղինակի ընծայագրով, ինչը, ինչպես նշեցին ժյուրիի անդամները, գիրքը ավելի արժեքավոր է դարձնում:
Երրորդ մրցանակի արժանացան Սեդա Մխիթարյանը և Սոնա Մուրադյանը:
Երկրորդ մրցանակ ստացան Մարիամ Տոնոյանը և Անի Ավետիսյանը:
Առաջին մրցանակ ժյուրին որոշեց ոչ մեկին չշնորհել, քանի որ գրախոսությունները իրարից քիչ էին տարբերվում, և չկար այն եզակին, որը կտարբերվեր մյուսներից:
Հեղինակի համակրանք անվանակարգում մրցանակ ստացավ Լիլիթ Ներսեսյանը:
-Կցանկանայի նշել, թե ինչով է այս գործը յուրահատուկ ինձ համար,- ասաց Սուսաննա Հարությունյանը,- մենք հասկանում ենք, որ խոսքը պրոֆեսիոնալ գրականագիտական մրցույթի մասին չէ, և նույնիսկ պրոֆեսիոնալ մրցույթների դեպքում ես սիրում եմ, երբ գրախոսը նշում է ոչ թե այն, թե ինչ էր ուզում ասել հեղինակը, այլ թե ինչ ազդեցություն այն թողեց ընթերցողի վրա, որովհետև շատ դեպքերում հեղինակի տաղանդը կամ հմտությունը չի հերիքում իր ցանկացածը մատուցելու համար: Դրա համար շատ կարևոր է այն, թե ինչ ապրում, ինչ զգացողություն արթնացրեց ընթերցողի մեջ: Մեր մրցույթը կրում է ոչ միայն գրականագիտական, այլ նաև հանրամատչելի բնույթ: Բոլոր գործերը կարդալիս այնպիսի տպավորություն եմ ստացել, թե գրող մարդիկ իրենց պատկերացրել են գրականագետի դերում: Հաճախ պատմում են բովանդակությունը, և իրենց թվում է, որ այդպիսով վերլուծեցին պատմվածքը: Իմ համակրանքին արժանացել է Լիլիթ Ներսեսյանի գործը, քանի որ նա ներկայացրել է ոչ թե այն, թե ինչ է ուզում հեղինակը, այլ իր ապրումակցումը հերոսին, այն, թե ինքը ինչպես ընկալեց հերոսի վիճակը, ինչպես հերոսը հայտնվեց իր խոհերում, իր մտքերում:
Մրցանակաբաշխության արարողությունից հետո մասնակիցները ավելի ջերմ մթնոլորտում զրուցեցին գրողներ Գևորգ Տեր-Գաբրիելյանի, Սուսաննա Հարությունյանի, գրականագետ, բանաստեղծ Թադևոս Տոնոյանի հետ, ուղղեցին նրանց իրենց հետաքրքրող հարցերը:
«Նոր հայացք գրքին» անդրադարձների մրցույթները շարունակական բնույթ են ունենալու: Հուսով ենք տեսնել ձեզ հաջորդ գրքերի անդրադարձների մրցույթին:
Լուսանկարը` Արտյոմ Մամյանի
Այսօր տարվա ամենաերկար օրն է: Նշանակում է՝ այսօր արևն ամենաերկարն ու գուցե նաև ամենապայծառն է շողալու: Գիտե՞ք, երբ փոքր էի, այս օրն առանձնահատուկ ջերմությամբ էի սիրում ու չեմ էլ հիշում, թե ինչու: Հիմա մտածում եմ՝ պատճառը հավանաբար այն էր, որ այս օրը դրսում շատ երկար էր լույս լինում, ինչը նշանակում էր, որ երկար կարող եմ մնալ բակում ու խաղալ ընկերներիս հետ:
Հիմա ամենայն հավանականությամբ արդեն էլ փոքր չեմ (թե՞ եմ), և դրսի մթնելն ու չմթնելն այնքան էլ կապ չունեն տուն վերադառնալուս հետ, բայց առանձնահատուկ ու գուցե նաև տարօրինակ սերս տարվա ամենաերկար օրվա հանդեպ ոչ մի տեղ չի անհետացել: Դե՜, սերը որն է, ուղղակի իմ աչքերում մի տեսակ ուրիշ է տարվա ամենաերկար օրը: Մի տեսակ քայլերս էլ են այդ օրը երկարում, մտքերս էլ քայլերիս նման շատանում ու խճճվում են, իսկ հայացքս սովորականից ավելի շատ է դեպի երկինք հառվում: Երևի տրամաբանական է, ի վերջո, երկնքի ամենապայծառ լուսատուն այդ օրը սովորականից ավելի երկար է լույս արձակում: Իսկ չէ՞ որ լույսերը մեր կյանքում չափազանց կարևոր են: Չէ՞ որ մեր կյանքի լուսավոր կետերն են մեզ ապրեցնում հենց՝ անկախ նրանից՝ դրանք հարազատ մարդի՞կ են, սպասված իրադարձություննե՞ր, թե՞ երբևէ չմոռացվող հիշողություններ: Մեր կյանքի լուսավոր կետերը մեզ ապրեցնում են, քանի որ խավարում երկար գոյատևելն անտանելի է ու անմարդկային: Խավարում դեպի լույս տանող դռները փնտրելն ու գտնելն է անգամ անհնար, մինչդեռ այդ դռները մեզ օդի ու ջրի նման են պետք:
Մեզ դեպի լուսավոր ճանապարհներ տանող դռներ են պետք, որպեսզի լուսավոր կետեր դառնանք մեկս մյուսիս կյանքում ու ապրեցնենք իրար՝ շարունակ խամրեցնելու փոխարեն… Եվ ուրեմն, թո՛ղ տարվա ամենաերկար օրը դեպի լույս տանող ճանապարհներ բացի յուրաքանչյուրիս կյանքում՝ անվերադարձ փակելով բոլոր էն դռները, որոնցից այն կողմ անտանելի ու անմարդկային խավարն է …
«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:
Նախ, ուզում եմ ասել, որ Սուսաննա Հարությունյանի պատմվածքների այս ժողովածուն դարձել էր սեղանիս գիրքը: Բարեբախտաբար այն գցել էի պայուսակիս մեջ և մոռանում էի հանել, և հենց դրա պատճառով էլ անընդհատ վերընթերցում էի:
Շատ եմ հավանել հեղինակի գրելաոճը, որը ցույց է տալիս հայերենի ամբողջ հարստությունը: Այն մե՛կ բարբառային է, մե՛կ գրական ու հարուստ պատկերավորման միջոցներով:
Ստեղծագործություններից հատկապես հավանել եմ «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքը: Այնտեղ ներկայացվում էր Արգոյի կերպարը, որպես ամենաանմեղ մարդ: Արգոն չէր ծխում, չէր խմում, կնամոլ չէր, գող չէր, ոչ ոքի վնաս չէր տալիս: Ապրուստ էր վաստակում սրա-նրա տանը մանր-մունր գործեր անելով: Բայց միառժամանակ անհետանում էր, ու ոչ ոք չգիտեր՝ ուր: Հետո պարզվում է՝ գյուղում մի հսկա, շքեղ ու սքանչելի տուն ունի, բայց չի վաճառում ու անընդհատ գնում է էնտեղ: Ու երբ հարցնում են, թե ինչու ասում է.
-Բայց ո՞նց կլինի… ո՞նց կարելի ա ապրել առանց վերադարձի հույսի… Անհնար ա առանց վերադարձի հույսի, անհնար ա առանց վերադարձի: Լավ է էստեղ տուն չունենամ, բայց վերադառնալու տեղ ունենամ, թե չէ՝ ո՞նց կլնի:
Այսինքն ներկայացնում է միայնակ մարդու կերպարը, ով գիտի, որ կյանքում իր վերադարձին սպասող չի ունեցել ու չունի: Այս է պատճառը, որ ինքն իր համար ապրելու հույս է ստեղծում: Այսպիսով՝ ներկայացնելով մենակ մարդու հույսերն ու զգացմուքները, հեղինակը ցանկացել է ասել, որ գերադասելի է ապրել խղճուկ պայմաններում, քան գիտակցել, որ էլ վերադառնալու տեղ չունես, որ քեզ ոչ ոք չի սպասում:
Ինչ խոսք, հավանում եմ, բայց ոչ այնքան հզոր է ներկայացվում հուզական մասը: Հաստատ նման գեղեցիկ մտքով կարելի էր ավելի շատերին հուզել:
Իսկ ընդհանուր ոճը հավանեցի, չնայած նրան, որ ժամանակակից հայ հեղինակներին այնքան էլ չեմ հավանում:
Նստած էի լուսամուտի գոգին: Աստղազարդ գիշեր էր: Լուսինը լավ էր երևում: Հեռադիտակն առա ու սկսեցի նայել: Աստղերը նույն չափի էին, ինչ չափի որ լինում են անզեն աչքով նայելիս: Իսկ Լուսինը… Լուսինը ավելի լավ էր երևում: Նրա վրա նկատելի էին բծեր: Ռոմանիկն էլ նայեց և, տեսնելով բծերը, զարմացած ասաց.
-Նառ, էդ Լուսնի բնակիչները իրենց մոլորա՞կն էլ չեն կարողանում պահել: Դժվա՞ր է գոնե փոշու շորով մաքրել, որ մենք էլ տեսնենք` ինչ կա-չկա Լուսնի վրա:
-Չեն մաքրում, որ չտեսնենք,- կատակեցի ես,- եթե Երկրի բնակիչները Լուսին տեղափոխվեն, Լուսնի բնակիչները ստիպված կլինեն Երկիր տեղափոխվել: Ու ես պատկերացրի, թե ինչպես են լուսնաբնակները մաքրում լուսնափոշին, վերցնում իրենց ներքնակները ու վերմակները, բարձերն ու սավանները, նաև վանդակներով հավեր (որովհետև լսել են, որ Երկրի վրա մոլեգնում է թռչնագրիպը) և լուսնափոշի, որպեսզի դրանով ճաշատեսակներ պատրաստեն և Պռոշյան փողոցի վրա ռեստորան բացեն, նստում են Լուսին- Երկիր տիեզերանավը և ներգաղթում Երկիր: Ռոմանիկն էլ ինձ պես ընկել էր երազանքների գիրկը.
-Նառ, հենց որ տեղ հասնեն, նրանց տանենք մեր փողոցի ռեստորաններից մեկը և հյուրասիրենք հայկական քյաբաբ ու խորոված: Տեսնես` կհավանե՞ն: Հետաքրքիր է իմանալ նրանց ճաշակը:
-Իսկ եթե իրենց էլ հետաքրքրի քո ճաշակը, քեզ կհյուրասիրեն լուսնային ազգային կերակուրներից մեկով, ասենք, լուսնափոշով կակաո: Անպայման կհամտեսե՞ս:
-Է՞ն փոշով, որով ծածկված է Լուսինը:
-Ասենք:
-Չէ, ես կակաո չեմ սիրում:
Չէ, ավելի լավ է` լուսնաբնակներն ապրեն իրենց` փոշով ծածկված մոլորակում, մենք էլ` մեր կանաչ մոլորակում:
Նարինե Դանեղյան, 13 տարեկան
2005 թվական
Ես տան փոքրն եմ ու դրանից էլ միշտ տուժում եմ։
-Մա՛յ, ա՛յ Մայ, չե՞ս ուզում արթնանալ։
-Հը՞, ի՞նչ․․․ Վա՜յ, քնել եմ ուզում։
-Ոչ մի քնել, ավելը կանգնած քեզ է սպասում։ Վե՛ր կաց, արագացրո՛ւ․․․
Չուզենալով հագնվեցի, հարդարեցի անկողինս, իսկ հետո, հիշելով ավելը, որն ինձ էր սպասում, վազեցի մայրիկիս մոտ։
-Մա՛մ, ա՛յ մամ, չավլեմ, էլի,- համարյա լացելով՝ ասացի ես։
Մայրիկս ոչինչ չասաց։ Միայն նայեց դեմքիս, և ամեն ինչ արդեն պարզ էր․․․ Ավելը, միևնույնն է, ինձ էր բաժին ընկնելու։ Ճիշտ է, լացս գալիս էր, բայց․․․ Գործերս վերջացրի մոտավորապես երկու ժամ հետո։ Այնքան էի հոգնել, որ ընկա բազմոցի վրա ու էլ չկարողացա շարժվել։
Առաջ, երբ ես դեռ փոքր էի ու նոր էի հասկանում, որ ունեմ երեք քույր և ոչ մի եղբայր ու տան փոքրն եմ, ես ինձ շատ լավ էի զգում։ Ու երբ լսում էի, թե ինչպես են ինձ երանի տալիս, երջանկությունս էլ ավելի էր մեծանում։ Սակայն երբ մեծացա ու դարձա քույրերիս «զոհը», հասկացա, թե ինչքան միամիտ են երեխաները փոքր ժամանակ։
Չնայած․․․ Ամեն անգամ այդ դժվար առավոտներից հետո հայրիկս ինձ պարգևում է հրաշալի երեկոներ զբոսայգում։
Մարիամ Մանուկյան, 12 տ․
2005 թվական