
Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի
Լսել եք, չէ՞, Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի մասին, որը գտնվում է Դեբեդ–Դսեղ գյուղերի խաչմերուկում։ Հրաշք միջավայր, հրաշք վայր, ամբողջը՝ ՀՐԱՇՔ։ Այնքան ոգևորված եմ ուզում խոսել մեր ՍՄԱՐԹ–ի մասին, որ հաճախ բառերն եմ խառնում, բայց ուզում եմ, որ շատերը իմանան, թե ինչ ունենք մենք։
ՍՄԱՐԹ կենտրոնը հնարավորություն է տալիս գյուղաբնակ բնակիչներին սովորելու, ի դեպ՝ ոչ միայն երիտասարդ,այստեղ կարող են սովորել նաև մեծահասակները։ ՍՄԱՐԹ–ի թիրախային բնակչությունը՝ 5 համայնք 2018 թվականին, իսկ 2019-ին՝ 12: ՍՄԱՐԹ կենտրոնը կարող է ծառայել օրական 250 մարդու համար։

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի
ՍՄԱՐԹ–ը Թումո չէ, ՍՄԱՐԹ–ում ՏՏ–ները օգտագործվում են որպես միջոց։ Բաց է բոլորի համար և անվճար։ ՍՄԱՐԹ–իս մասին այսքանը։ Մայիսի 27-ի բացման միջոցառմանը շատ էին սպասել, շատ–շատ, թե՛ ՔՈԱՖ–ի աշխատակիցները, թե՛ կամավորները, թե՛ պարզապես այն մարդիկ, որոնք սովորելու են այնտեղ։ ՍՄԱՐԹ–ի բացմանը մոտավորապես 70 կամավորներ էինք, ու ձեռք բերեցինք բավական շատ ընկերներ։ Կողքի համայնքների երիտասարդներին ճանաչելու, ընկերանալու ու հարազատանալու հնարավորություն է տալիս թե՛ ՍՄԱՐԹ–ը, թե՛ COAF-ը։ Ու յուրաքանչյուր կամավոր ուներ իր պարտականությունը, այնքան մեծ ու համախմբված թիմային աշխատանք էր, որ ևս մեկ անգամ շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Ուզում եմ բոլորիս շնորհավորել ՍՄԱՐԹ–ի բացման առիթով ու յուրաքանչյուրիս մաղթել ՍՄԱՐԹ–ում հնարավորինս ՍՄԱՐԹ լինել։
#ՄարդըՍՄԱՐԹլինի
#Դբա_Սմարթ
Սյուզաննա Խառատյան
***
Մայիսի 27-ին Լոռու մարզի Դեբեդ գյուղի տարածքում բացվեց իր տեսակի մեջ դեռևս միակ COAF SMART կենտրոնը: Կենտրոնը նախատեսված է դրան մոտ ընկած գյուղերի բոլոր բնակիչների համար, բայց հիմնական թիրախային խումբը հանդիսանում են 3-35 տարեկանները: 2018-ի դրությամբ այդ համայնքները կլինեն 5-ը, հաջորդ տարի աշխարհագրությունը կընդլայնվի մինչև 12 համայնք:
Նախատեսվում են առաջիկայում նմանատիպ կենտրոններ ստեղծել ՀՀ բոլոր մարզերում:
COAF SMART կենտրոնը Հայաստանի Մանուկներ հիմնադրամի SMART նախաձեռնության մասն է կազմում: Հիմնադրամը իր գործունեությունը սկսել է ծավալել 2004 թվականին Արմավիրի մարզի Քարակերտ համայնքից: Իրենց աշխատանքները շարունակելով Արմավիրի նաև այլ գյուղական համայնքներում` վերջին տարիներին սկսել են նաև գործունեություն ծավալել Լոռիում: Կենտրոնի կառուցման նպատակը գյուղական համայնքների բնակիչների հետ աշխատանքը ավելի արդյունավետ և համակարգված դարձնելն է, միևնույն ժամանակ, մարդկանց այնպիսի կրթություն տալը, որի հնարավորությունը մինչ այժմ չեն ունեցել:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի
Կառույցի ճարտարապետը լիբանանահայ Փոլ Գալուստյանն է, որի նախագծով շինությունը բաժանվում է երեք թևերի, կենտրոնում չորս պարող պատերն են, որոնք հանդիսանում են նաև հիմնասյուներ, մուտքից ձախ 150-200 մարդկանց համար նախատեսված ամֆիթատրոնը, իսկ պատերին փոխարինող պատուհանները կառույցը ներդաշնակեցնում են Լոռվա փարթամ բնության հետ
Տարածքում շինարարական աշխատանքները դեռևս ավարտված չեն, քանի որ SMART կենտրոնը միայն նույնանուն ավանի մասն է կազմում: Ավանի տարածքը իր մեջ արդեն իսկ ներառում է հյուրատուն `12 սենյակներով`նախատեսված բարերարների, հյուրերի, այցելող մասնագետների համար: Առաջիկայում նախատեսվող կառույցների թվում է ճեմուղին, սպորտային օժանդակ կառույցները, լողավազանը և այլն:
Կենտրոնի դասընթացները իրենց մեջ ներառում են ռոբոտիկա, բլոկչեյն, ծրագրավորում, անգլերեն, պար և երաժշտություն, գյուղատնտեսություն, արվեստ, մանկական զարգացում, մեդիա գրագիտություն, առողջապահություն, տնտեսական զարգացում, տուրիզմ և այլն:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի
Կենտրոնի բացման միջոցառմանը ներկա էին մշակույթի, առողջապահության, կրթության և գիտության , աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, կենտրոնի ստեղծմանը մեծապես նպաստած բարերարները, շահառու համայնքի համայնքապետերը և դպրոցների տնօրենները: Հյուրերը նախ ծանոթացան կենտրոնի հնարավորություններին, ներկա գտնվեցին ռոբոտաշինության դասի, բանավեճի խաղի, դիտեցին կարճամետրաժ ֆիլմեր COAF-ի գործունեության և Կենտրոնի ստեղծման պատմության մասին, ունեցան շրջայցեր շինության ողջ տարածքում: Միջոցառման երկրորդ մասում ելույթ ունեցավ ամերիկահայ գործարար և COAF-ի հիմնադիր Գարո Արմենը` շնորհակալություն հայտնելով բոլոր հյուրերին`ներկա գտնվելու, բարերարներին `իրենց օժանդակելու համար, այնուհետև ելույթ ունեցան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերին մասնակցած երեխաներ, ովքեր պատմեցին իրենց կյանքում հիմնադրամի ունեցած դերի մասին:
Կենտրոնի բոլոր դասընթացները անվճար են:
Թե’ հյուրերը, թե’ բարերարները և թե’ շահառու համայնքների բնակիչները մեծ հույսեր ունեն` կապված այս կենտրոնի հետ, որպես նոր սերունդ կրթող և գյուղաբնակների կյանքը ավելի լավը դարձնող նախաձեռնության:
Անի Ղուլինյան