Stella Avetiqyan

Հարաբերականություն

Այս տարի ֆիզիկայի դասընթացից անցանք հարաբերական մեծություններ: Ու այդ ժամանակ մտածելով՝ հասկացա, որ կյանքում ամեն բան էլ հարաբերական է: Հարաբերական է ժամանակը, լռությունը, մենակությունը, ուրախությունը, լավն ու վատը, և ի վերջո, կյանքը:

Բոլորիս հետ էլ պատահել է, երբ ժամանակամիջոցը մե՛կ թվում է կարճ, մե՛կ էլ այնքան երկա՜ր: Օրինակ, հենց դասերի առումով: Բայց չէ՞ որ նույն 45 րոպեն է:

Երբևէ մտածե՞լ եք, թե լուռ ժամանակ դուք իրո՞ք լուռ եք, թե՞ ոչ: Ես մտածել եմ: Ո՛չ, լուռ չենք: Չէ՛, չէ՛, ավելի ճիշտ, չենք խոսում, բանց «լուռ» հասկացողությունը այս դեպքում հարաբերական է: Լեզուն չի շարժվում, բերանը չի բացվում, բայց այդ լռությունը խոսուն է: Մենք այդ լռությամբ ևս ինչ-որ բան ենք ասում:

Կամ էլ՝ լավ ու վատ լինելը: «Ես լավ եմ»-ի կամ «Վատ եմ»-ի մեջ ևս հարաբերականություն կա:

Դադարի վիճակը. ես դադարի վիճակում եմ կողքինիս համար, բայց երկրագնդի պտտվելու պատճառով ես նույնպես պտտվում եմ (Այս մեկը արդեն ֆիզիկայից):

Ամեն բան էլ հարաբերական է: Նույնիսկ «հարաբերական» է հարաբերականը:

meri antonyan

Իմ ազատությունը

(Արձագանք կայքում կարդացածս անարձագանք մնացած հոդվածին)

Իմ կարճատև կյանքի ընթացքում արդեն հասցրել եմ շատ անգամներ մտածել ազատության մասին ու իմ պատկերացումների մասին բարձրաձայնել: Ներկա օրերում ազատությունը բոլորին մտահոգող հարց, միևնույն ժամանակ՝ շատերին գործողությունների մեծ ազատություն տվող «պատրվակ» է: Նոր հազարամյակի ու նոր դարի հետ ծնված, շատերը ազատության նոր պատկերացումներ «ստեղծեցին», որոնցով փորձում են արդարացնել ամենաթողություն պահանջող իրենց վարքագիծը:

Չեմ կարծում, թե շրջապատին ու նրա կարծիքն արհամարհելը, վիրավորական արտահայտություններ թույլ տալը, դիմացինի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, բարոյական ու քաղաքավարության նորմերին հակասող վարքագիծը կարելի է անվանել ազատության դրսևորում: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում ազատության գաղափարը շատերի մոտ խեղաթյուրվել ու բավականին հաջող կերպով որոշների մոտ սանձարձակություն է հիշեցնում։ Նմանները պատրանք են ստեղծել, իբր իրենք ազատ են, սակայն իրականում մեծամասամբ գերի են դարձել աչքի ընկնելու ու բոլորից տարբերվելու մոլուցքին, որ արտահայտվում է թե՛ հագուստի, թե՛ երաժշտական ճաշակի, անգամ՝ բառապաշարի փոփոխությունների մեջ։ Չգիտեմ՝ ինչ-որ տեղ հանդիպել եմ, թե ես եմ մտածել, որ «բոլորն էլ նման են իրար հենց միայն նրանով, որ ձգտում են անպայման տարբերվել իրարից»։ Հիմա մոդա է մյուսներից տարբերվելը, մոդան էլ լիքը մարդկանց «քթից բռնած պարացնում է»։

Ու, փաստորեն, երբեք էլ հնարավոր չէ հասնել լրիվ ազատության, քանի որ նման ընդհանուր հասկացություն երևի գոյություն չունի էլ։ Բանտարկյալի համար ազատությունը ճաղերի մյուս կողմն անցնելն է, դպրոցականի ու ուսանողի համար՝ դասերից պրծնելը, փոքրիկ երեխայի համար՝ դարակներն անարգել քչփորելը, բակում կապված շան համար՝ շղթան կտրելը, ստրուկի համար՝ մարդկային «չարաշահման» վերացումն ու իր աշխատանքի համար պատշաճ վարձատրվելը, իսկ աշխատողի համար էլ երևի՝ չաշխատելը։ Ամեն ինչ շատ խիստ հարաբերական է։ Եթե նույնիսկ մարդկանց տրվի իրենց ներկա պահին երազած ազատությունը, մի քիչ հետո մարդն էլի իրեն անազատ կզգա, որովհետև մի նոր բան իր «քթով չի լինի», ու կուզենա դրանից էլ ազատվել։ Մարդը երբեք-երբեք ազատ չի լինի, որովհետև գուցե փողոցում անցնող բարեկամին բարևելն էլ մի օր սկսի ծանր ու տհաճ պարտականություն թվալ, ու մարդն ինքն իրեն որոշի, որ դա իր ազատության սահմանափակում է։

Չնայած այս ամենին, ես էլ, ամենքի պես, ունեմ իմ ազատության ներկա պատկերացումները։ Ես ինձ գուցե ազատ համարեի, եթե հենց հիմա ինձ տրվեր աշխատելու ու իմ սեփական տանն ազատ ստեղծագործելու, ցանկացած գեղեցիկ գաղափար կյանքի կոչելու, ինձ հարազատ մարդկանց սիրելու ու ամեն հնարավոր առիթի նրանց ուրախացնելու հնարավորությունը։ Ես ինձ ազատ կզգայի, եթե ես երջանիկ լինեի ու կարողանայի ինչ-որ միջոցներ ներդնել շրջապատող մարդկանց երջանկության մեջ։ Ես կցանկանայի ազատ գործելու հնարավորություն ու միջոցներ ունենալ։

Ես ազատ կլինեմ, եթե լինեմ երջանիկ, ես երջանիկ կլինեմ, եթե կարողանամ իրագործել մտքիս դրած ամեն լավ բան, ես դրանք կիրագործեմ, եթե ունենամ բավական շատ ժամանակ, իսկ իմ մտքին դրած շա՜տ բաներ կան, ու դրանք օր-օրի շատանում են, որովհետև ես էլ սովորական մարդ եմ, ու ամեն ձեռքբերում մի քիչ անց արդեն էլ աչքիս չի երևում, արդեն նորի կարիքն եմ զգում։ Այսինքն՝ ի՞նչ ստացվեց։ Ստացվեց, որ ինձ ազատ զգալու համար գործելու անսահմանափակ ժամանակ է պետք։ Այսինքն՝ ես երևի երբեք էլ չեմ հասնի իմ իրական ազատությանը, եթե օրերից մի օր, օրինակ՝ հենց վաղը, ազատության մասին պատկերացումներս չփոխվեն, ու չպարզվի, որ ես ինձ լրիվ ազատ կհամարեմ ու կբավարարվեմ այդքանով, օրինակ, երբ …. Չկարողացա պատկերացնել, թե երբ։

Մահարու ասած, հարաբերական երջանկությունն ազատության սահմանման մեջ էլ է գործում, ու հենց ինքն է մեղավոր, որ ազատության սահմանում չի ճարվում։ Հենց նոր հասկացա, որ մարդկանց ազատ լինելու համար պակասում է ոչ թե ազատությունը, այլ՝ չափի զգացումը։ Հենց հիմա հայտնաբերեցի, որ մենք չգիտենք՝ ազատությունն ինչ է, հենց հիմա զգացի, որ ազատությունն ամենաիսկական վերացական գոյականն է… Ես հասկացա. բացարձակ ազատություն չկա, ու դրա պատճառներն ավելի խորն են, քան մենք սովոր ենք ենթադրելու։ Մենք անազատ ենք հենց միայն այնքանով, որ չենք ընտրել, ասենք, մեր ծննդյան օրը, ծննդավայրը, անունը, կյանքի տևողությունը ու շատ այլ բաներ։

Դե, մեզնից ո՞վ է ազատ, հը՞ն…

seda mkhitaryan

Հնարավորություն կա՝ օգտվեք

Կյանքը երբեմն մեզ շատ լավ հնարավորություններ է ընձեռում, որոնցից, սակայն, պետք է օգտվել սովորենք: Ես միշտ մտածել եմ, որ ցանկացած հնարավորություն կամ առաջարկ պետք է օգտագործել ի նպաստ անձնային զարգացմանն ու կատարելագործմանը: Բայց շատ հաճախ ինքս էլ չեմ կարողանում օգտվել հնարավորություններից, որոնք ինձ են ընձեռնվում: Մի անգամ ես հրաժարվեցի մի շատ լավ հնարավորությունից: Պիտի մասնակցեի մի միջոցառման, որի ընթացքում պիտի պատմեի մասնագիտությանս ընտրության մասին, թե ինչ առանձնահատկություններ ու դժվարություններ ունի այն: Ամեն ինչ պատրաստ էր՝ տեքստը, տրամադրությունը, բայց ես հիմարաբար հրաժարվեցի: Իհարկե, հետո զղջացի, մանավանդ, երբ տեսա այդ միջոցառման լուսանկարներն ու կարդացի ընկերներիս տպավորությունները սոցիալական ցանցերում:

Պետք չէ բաց թողնել ոչ մի հնարավորություն, պետք է մասնակցել բոլոր միջոցառումներին, եթե, իհարկե, ճանաչում ու վստահում ենք կազմակերպիչներին: Ամեն նոր բան հնարավորություն է տալիս իմանալու նոր, հետաքրքիր ու անծանոթ ինֆորմացիա, շփվելու ու ծանոթանալու նոր ու հետաքրքիր մարդկանց հետ: Երբեք պետք չէ մտածել, որ այդ ամենը ժամանակի անիմաստ կորուստ է, այլ պետք է դիտարկել որպես հնարավորություն, որից օգտվելու արդյունքում դառնալու ենք ավելին, քան կայինք:

Ձմեռային զբոսանք

Մուլտֆիլմերի հեքիաթային ձմեռ հիշեցնող մի օր, երբ արևն արդեն թեքվել էր հորիզոնից՝ ինձ համար հանգիստ տանը նստած եմ և նույնիսկ չեմ էլ մտածում դուրս գալու մասին, մայրս հանկարծ կանչում է։

-Լիլ, կգնա՞ս խանութ։

Մտքումս. «Աh, էս ձնո՞վ։ Բայց մի րոպե, չբռնեմ` ապարատս հետս տանեմ, մի երկու ֆոտո անեմ»…

-Լիլի՜թ, կլինի՞ ես էլ գա՜մ,- ձայնը կատվի պես երկարեցնելով հարցնում է քույրս, ավելի ճիշտ համոզում։

-Հա, բա ոնց Դար։

Այսպես ուրախ-ուրախ ես ու քույրս վերցրինք ապարատն ու սահնակը և գնացինք խանութ։ Նախընտրեցինք խանութ հասնել անտառի միջով անցնող ճանապարհով։ Դե, եթե հիշում եք, ես Ստեփանավանում եմ ապրում, չորս կողմն անտառ է: Այդպես կկարողանայի քիչ թե շատ լավ լուսանկարներ անել, համ էլ Դարուշիկին սահնակով ման կտայի։ Մենք հնարամտորեն երեքը մեկում համատեղեցինք։ Ճիշտ է, հետ գալուց ցուրտը մի քիչ մեր երեսները «քերեց», բայց ոչինչ, այդպես էլ է պատահում։

Ani Ghulinyan

Մի պատառիկ իմ գյուղի խոհանոցից

Կոնչոլ

Մեր գյուղում նախորդ դարում օգտագործված առավել գործածական ճաշատեսակներից է:
Պատրաստելու համար սոխով սոուսի վրա լցնում են սառը ջուր, թողնում, որ եռա: Եռալուց հետո վրան լցնում են միջին չափի կտրատած կարտոֆիլ: Ավելացնում են երկու ձու ու կանաչի: Ճաշատեսակի ամենակարևոր բաղադրիչը չորացած հացն է: Նախկինում դսեղեցիք հացը թխում էին փռան մեջ ու մեծ քանակությամբ: Իսկ վերջում մնացած չորացած հացից պատրաստում էին կոնչոլը: Այսօր էլ գյուղում որոշ մարդիկ պատրաստում են այն, բայց արդեն ոչ թե որպես հիմնական ճաշատեսակ, այլ որպես անցած-գնացած օրերի վերհուշ:

Դդմով ճաշ

Դդմով ճաշը չի կարելի շփոթել ղափամայի հետ, որը պատրաստում են թոնրում: Դդմով ճաշի համար եփում են մեկ բաժակ հատիկ լոբի, իսկ վրան ավելացնում կեղևահան արած ու մանր կտրտած դդումը: Եփելուց հետո՝ մատուցելիս, վրան ավելացնում են սոխեռած՝ համեմված կծու, կարմիր պղպեղով, վերջում էլ, ըստ ցանկության, քոնդար են լցնում: Դդմով ճաշը եղել է գյուղացու ամենօրյա կերակուրներից:

Հոնով մամուխով ճաշ

Այս կերակրատեսակի պատրաստումը հեշտ է ու արագ, դրա համար էլ նախկինում շատ է օգտագործվել: Հոնը լավ եփել են, մինչև փափկի: Փափկելուց հետո այն անց են կացրել փլավքամիչով՝  կորիզներից ու խոշոր կտորներից ազատվելու համար: Ըստ ճաշակի ավելացրել են նաև շաքարավազ: Կերել են հացով: Նույն ձևով պատրաստել են նաև մամուխով ճաշ:
Յուրահատուկ է եղել նաև հաց թխելու արարողությունը: Երբ դեռ չկային էլեկտրական վառարանները, մեր գյուղացիք հացը թխում էին փռան մեջ: Փուռ ունենում էին թաղում մեկ-երկու հոգի: Շաբաթվա մի օր հարսներով հավաքվում էին ու հերթով բոլորի հացերը թխում: Թոնիր չեն օգտագործել: Գյուղում թոնիր ունեցել է միայն Հովհաննես Թումանյանի ընտանիքը: Հացը թխելուց առաջ խմորը պահել են տարայի մեջ, սպասել, մինչև թթվի (այս գործողությունը փոխարինել է թթխմորին), իսկ թխելու ժամանակ գնդել են ու թաթախել ալյուրի մեջ:

Գաթա

Մեր գյուղի գաթան պատրաստել են խոզի հալեցրած ճարպով: Դրան ավելացրել են մածուն, շաքարավազ, աղ, ալյուր, և ձու: Խմորը շրջանաձև են արել, մեջտեղում դրել են խորիզը, որը պատրաստել են խոզի կամ կովի յուղից: Գաթա թխել են մեծ իրադարձությունների՝ հարսանիքների, Նոր տարվա ժամանակ: Բացի ավանդական կլոր գաթայից, պատրաստել են նաև փոքր շեղանկյունների տեսքով գաթա: Կլոր գաթայի մեջ դրել են մետաղադրամ: Նա, ում կընկներ մետաղադրամը, կունենար մեծ հաջողություններ: Հարսանիքների առիթով թխված գաթայի խորիզը ընդունված է եղել կովի յուղով պատրաստել: Դրան մեծ նշանակություն են տվել հարսանեկան արարողության ժամանակ: Գաթաները կապել են կարմիր ժապավենով ու պարացնելով տարել հարսի տուն:

Տեխասից Սպիտակ

Օրերս այցելեցի Սպիտակի ԵՄՔԱ, որտեղ կամավորական ծրագրով աշխատում և արդեն մեկ տարի է Հայաստանում ապրում է մի ամերիկուհի։ Նրա անունը Նայոմի Թայս է։ Բավականին հետաքրքիր ու անմիջական անձնավորություն, ում հետ ունեցա ոչ պակաս հետաքրքիր զյույց։ Բայց մինչ զրույցը ձեզ ներկայացնելը մի բան ավելացնեմ՝ նա նոր է սովորում հայերեն, ու երբ մտա ներս, նրա սեղանին նկատեցի հայերենի տետրն ու շատ ուրախացա։

-Մի փոքր կպատմե՞ք Ձեր կյանքից, որտե՞ղ եք ծնվել, ի՞նչ մասնագիտություն ունեք։

-Ես ծնվել եմ Հյուդսոնում՝ Տեխասում։ Ես տեխասցու յոթերորդ սերունդ եմ, ինչը նշանակում է, որ Տեխասի հիմնադրման ժամանակ իմ ընտանիքն այնտեղ է եղել։ Ես շատ մեծ ընտանիք ունեմ։ Երկու քույր և չորս եղբայր ունեմ։ Նրանցից շատերը դեռ ապրում են Հյուդսոնում։ Վիրջինիայում գնացել եմ քոլեջ, որտեղ քիմիա եմ ուսումնասիրել։ Հետո աշխատել եմ ‘’Youth Odyssey’’ կազմակերպությունում, որտեղ օգնում էի երեխաներին ձեռք բերել հմտություններ՝ ճամբարների ու բակային խաղերի օգնությամբ։-Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք Հայաստանում։

-Միացա «Խաղաղության կորպուս» կազմակերպությանն ու եկա Հայաստան։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից։ ԱՄՆ-ում յուրաքանչյուրը, ով քոլեջ է ավարտել, կարող է միանալ այս ծրագրին։ Տարիքային սահմանափակում չկա։ Ծրագրի մասնակիցների տարիքը քսաներկուսից հասնում է յոթանասունի։ Այս ծրագրի մասնակիցները սփռված են ողջ աշխարհում։ Ես պետք է գնայի Թայլանդ կամ գայի Հայաստան։ Ինչպես տեսնում եք, ես ընտրեցի Հայաստանը։

-Մինչ այդ, ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին, Ձեր շրջապատում կայի՞ն հայեր։

-ԱՄՆ-ում մի հայ ընկեր ունեի, նա ինձ Հայաստանի հետ կապող միակ օղակն էր այն ժամանակ։ Ես ճանաչում էի նրա ընտանիքին ու գիտեի, որ նրանք ԱՄՆ-ում են հայտնվել քսաներորդ դարի սկզբին։ Փենսիլվանիայում էլ մեծ հայ համայնք կա։

-Որտե՞ղ և ի՞նչ կամավորական աշխատանքներ եք կատարում:

-Ես աշխատում եմ Սպիտակ քաղաքի ԵՄՔԱ-ում։ Այժմ մենք բազմաթիվ երիտասարդական ծրագրեր ենք իրականացնում։ Այն երիտասարդները, ովքեր ցանկանում են հագեցած ժամանակ անցկացնել, միանում են մեր ծրագրերին։ Նաև մենք ունենք ծրագիր երիտասարդ աղջիկների համար։ Մենք ուղղակի հավաքվում ենք ու խոսում տարբեր թեմաների շուրջ, տարբեր հետաքրքիր բաներով զբաղվում։ Ունենք նաև անգլերենի խմբակ, էկո խմբակ, հետո նաև կլինեն ֆիթնեսի և յոգայի խմբակներ։ Այսինքն, եթե գիտեք երիտասարդների, ովքեր ուզում են լավ ժամանակ անցկացնել, կարող են միանալ մեզ։

-Գիտեմ, որ առաջին անգամ եք Հայաստանում, արդեն հասցրե՞լ եք ընկերներ ձեռք բերել, մերվել շրջապատին։

-Ծրագրի առավելություններից է նաև այն, որ ես այստեղ եմ մոտ երեսուն ծրագրին մասնակցող ամերիկացիների հետ, որոնց հետ բավական լավ ժամանակ եմ անցկացրել ու հասցրել եմ ընկերանալ շատերի հետ։ Իսկ հետո, երբ ես եկա Սպիտակի ԵՄՔԱ-ում աշխատելու, ընկերացա նաև Անիի ու Թաթուլի հետ (նրանք միասին աշխատում են նույն աշխատասենակում)։ Նոր շրջապատին հարմարվելու գործում նրանք ինձ շատ օգնեցին։ Մարդիկ այնքան հյուրընկալ էին, որ չհասցրեցի ինձ միայնակ զգալ։ Ինձ համար հեշտ եղավ նոր միջավայրին հարմարվելը։ Ես իսկապես սիրեցի Սպիտակը։-Արդեն բավական ժամանակ է ապրում եք այստեղ, ի՞նչն է Ձեզ ամենից շատը գրավել հայերի մեջ ու, առհասարակ, Հայաստանում։

-Սկզբում, երբ ապրում էի հյուրընկալող ընտանիքների հետ, հասկացա, թե մարդիկ այստեղ ինչ հյուրասեր են ու բարի։ Նրանք միշտ ստիպում են քեզ ուտել, որն իրոք հաճելի է ու մի քիչ էլ դժվար (ծիծաղում է)։ Նաև շա՜տ եմ սիրում այստեղի մրգերն ու բանջարեղնը, որովհետև շատ համեղ են ու տարբերվում են Ամերիկայում իմ կերածներից։

-Ի՞նչն եք ամենից շատը հավանել հայկական խոհանոցում։

-Դա բավական դժվար հարց է։ Ես սիրում եմ հարիսա, խորոված, սպաս։ Բայց իրականում, ես շատ եմ սիրում հայկական մրգերը։ Դուք ունեք աշխարհի ամենահամով ծիրանը, և կարծում եմ, որ հենց դա է պատճառը, որ ծիրանը դարձել է ձեր երկրի խորհրդանիշը։

-Ի՞նչ դժվարություններ կային և կան այստեղ Ձեզ համար:

-Ամենամեծ դժվարությունն ինձ համար հայերենն է։ Իմ հայերենն իրոք վատ վիճակում է, որը դժվարացնում է մարդկանց հետ շփումը։ Երբեմն լինում է այնպես, որ տեսնում եմ հետաքրքիր մարդկանց ու չեմ կարողանում խոսել նրանց հետ կամ հասկանալ, թե ինչ են նրանք ասում։ Հիմա սովորում եմ հայերեն և ուզում եմ ավելի լավ իմանալ ձեր լեզուն։

-Ի՞նչը կուզենայիք փոխել թե՛ հայերի մեջ, թե՛ Հայաստանում:

-Սպիտակը կուզենայի տեսնել ավելի մաքուր, գետն ավելի քիչ աղտոտված լիներ։ Կուզենայի, որ հայերը ավելի շատ հնարավորություն ունենային հանդիպել տարբեր մարդկանց։ Քանի որ բոլոր հայերն իրար նման են, լավ կլիներ, որ նրանք տարբեր մարդկանց հետ շփվեին։

-Իսկ ի՞նչ ընդհանուր գծեր կան մեր երկու ժողովուրդների միջև։

-Քանի որ Ամերիկան շատ մեծ է, այնտեղ կան բազմազան մարդիկ։ Կան նաև մարդիկ, ովքեր նման են հայերին։ Հայերը շատ պահպանողական են ու ավանդապաշտ։ Մարդիկ շատ շուտ են ամուսնանում։ Ես Ամերիկայի հարավից եմ, ու շատ ընդհանուր գծեր կան Ամերիկայի հարավի մարդկանց ու հայերի միջև։

-Այս ծրագրի ավարտից հետո կցանակա՞ք կրկին գալ Հայաստան։

-Ես այստեղ դեռ երկու տարի պետք է ապրեմ։ Ու հետո անպայման հետ կգամ։

-Ի՞նչ ծրագրեր ունեք:

-Երբ Հայաստանից գնամ, պետք է շարունակեմ կրթությունս ու ստանամ գիտական աստիճան։

Ani Ghulinyan

Եթե մենք կազմեինք դասացուցակը

Բավականին հեշտ ու հաճելի է, չէ՞, մտովի դասացուցակից չսիրած առարկաները հեռացնելը: Նրանք, որոնք նույնիսկ սիրելի ուսուցիչների `«Սովորե՛ք, մի օր անպայման պետք կգա»-ներից հետո այդպես էլ սրտամոտ չեն դառնում: Բայց պատճառը, երևի, ոչ ուսուցիչների, և ոչ էլ առարկաների մեջ պետք է փնտրել: Պարզապես յուրաքանչյուր դասարանում սովորում է մի պատմաբան, ով տանել չի կարողանում քիմիան, մի բժիշկ, ում չեն հետաքրքրում Նապոլեոնն ու իր ճակատամարտերը, մի դիվանագետ, որը անիմաստ է համարում սինուսով ու կոսինուսով բանաձևերի անգիր սովորելը:
Կապված սրա հետ, որոշեցի դասընկերներիս շրջանում հարցում անց կացնել` պարզելու համար, թե հնարավորության դեպքում դասացուցակում ինչ առարկաներ կավելացնեին: Պարզվեց շատերը մաթեմատիկայի, պատմության ու հայոց լեզվի կողքին կցանկանային տեսնել համաշխարհային գրականություն, փիլիսոփայություն, արվեստ, հոգեբանություն, մարկետինգ, ծրագրավորում, սպորտ, լուսանկարչություն, պար, գեղանկարչություն: Երևի յուրաքանչյուրը ասաց այն, ինչը ամենից շատ է սիրում, բայց եկեք խոստովանենք, որ վատ չէր լինի վերը նշված առարկաներով դասացուցակ ունենալ պայուսակում: Բոլորս էլ գիտենք, որ մոտակա մի տասնամյակում դասավանդվող առարկաների շարքում ոչինչ չի փոխվելու, բայց դե երազել էլ հո՞ կարելի է:

marat sirunyan

Տարագրությունը մանկավարժին վարձ

Մանկավարժի աշխատանքը բարդ է, պատասխանատու, կարևոր: Մեկ ուսուցչից է կախված՝ վաղվա հասարակությունն ինչպիսին կլինի, ուսուցչից է կախված, թե իր դիմաց նստած 20 երեխայից գոնե տասը կդառնա՞ն լավ ու պիտանի մարդ, թե՞ հակառակը: 

Այսօրվա հարցազրույցն անցկացնում եմ իմ շատ սիրելի ուսուցիչներից մեկի՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Աբովյանի հետ: Ցավով պետք է նշեմ, որ այս հարցազրույցն անցկացրել եմ համացանցի միջոցով, քանզի այսօր նա էլ իր ընտանիքի հետ, մեր շատ-շատ հայրենակիցների պես, ստիպված բռնեց տարագրության ճամփան: Որքա՜ն ցավալի է, որ մեր մտավորականներն էլ այսօր տարագիր են դառնում: Առաջ թշնամին, օտարներն էին հայի մեջքը կոտրելու համար քշում, հեռացնում մտավորականներին, այսօր դրա համար ամեն ինչ անում են մեր իսկ երկրի «տերերը»:

-Մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին:
-Ծնվել եմ Կիրովականում, մեծացել՝ Վանաձորում, սիրել, երազել, նպատակներ դրել, հասել դրանց, հիասթափվել, հասել օտար ափեր… Որ շարունակեմ գոյատևել:

-Ո՞ր թվականին եք ծնվել, հետաքրքրական ի՞նչ կհիշեք Ձեր մանկության տարիներից:
-Ծնվել եմ 1979 թվականին: Մանկությունս լի էր ծնողներիս անսահման սիրով, մանկապարտեզում ՝ ուսուցիչներիս սիրով ու հոգատարությամբ: Ամեն հանգստյան օրերի ծնողներս ինձ ու եղբորս տանում էին զբոսանքի՝ քաղաքային այգի, Երկաթուղայինների այգի. շաբաթ-կիրակին կարուսելների օրեր էին: Քաղաքային այգում տարբեր մուլտհերոսների նկարներ էին վահանակների վրա տեղադրած: Ամեն անգամ դրանց մոտով անցնելիս հիանում էի գայլի, նապաստակի պատկերներով, ու զարմանում էի, թե ինչքա՜ն մեծ են դրանք: Տարեցտարի նկատում էի, որ իմ սիրելի հերոսների պատկերները փոքրանում են, մինչև հակացա, որ ես արդեն 6 տարեկան եմ, ու ես եմ մեծանում, ոչ թե նրանք են փոքրանում:

-Իսկ ավելի մեծ՝ դպրոցական տարիներից ի՞նչ կպատմեք:
-Սեպտեմբերի մեկ, ծաղիկներ, այդքան սպասված դպրոցական առաջին օր Կիրովականի թիվ 20 դպրոցում, երկու տարի անց թիվ 20-ի կողքին վեր խոյացավ թիվ 25 դպրոցը, և ես, իմ դասընկերների հետ, երրորդ դասարան գնացի 25-ում: Դպրոցը մեծ ու գեղեցիկ շինություն էր, ու ես հպարտանում էի, որ դրա շինարարությանը մասնակցել է հայրս՝ որպես շինարար: Այդպես ուրախ էինք երեք ամիս՝ մինչև դեկտեմբերի 7-ը. այդ օրը մեր կյանքը բաժանեց երկրաշարժից առաջի ու հետոյի:

-Մի փոքր կմանրամասնե՞ք այդ «առաջն ու հետոն»:
-«Առաջը» ջերմ էր, լուսավոր, «հետոն»՝ փլուզումներ, սարսափ… Ես դպրոցում էի ու չգիտեի՝ երկրաշարժն ինչ է, տեսա՝ գիրքս ու տետրս սեղանից թռչում են: Միահամուռ ճիչ էի լսում՝ «ա՜»: Բոլորս փախանք դեպի դասարանի դուռը, հետո՝ միջանցք. ոչինչ չէի լսում, բացի «ա՜»-ից: Մեր կորպուսը հեռու էր մուտքի դռնից: Չէի հասկանում՝ ինչու չեմ կարողանում ուղիղ քայլել, պատերին էի դիպչում, ընկնում, վեր կենում: Դուրս եկա դպրոցից: Փողոցներում ասեղ գցելու տեղ չկար, բոլորը լացում էին, ու օդում էդ մի բառն էր պտտվում՝ երկրաշարժ: Արյունոտված ձեռքերով ու ոտքերով աղջիկների գրկած տանում էին վազքով, մեքենաները բարձր ազդանշաններ էին արձակում: Մեկն ասաց՝ 20-րդ դպրոցը քանդվել է: Ուղեղս մթագնեց՝ եղբայրս էնտեղ է. նա առաջին դասարանում էր: Վազեցի դեպի 20-րդ դպրոցը, դրսում գտա ուսուցչուհուն, շորերը քաշքշեցի.

-Ո՞ւր է Աշոտը:
-Չգիտե՜մ…

Փոքր եղբայրս մորս հետ տանն էր, վազեցի տուն՝ մարդկային ճչացող, լացող ամբոխի միջով: Եղբայրս հարևանների մոտ էր, մայրս գնացել էր ինձ ու եղբորս գտնելու: Հարևաններս չէին թողնում գնամ: Հայրս եկավ՝ բերելով մորս ու եղբորս: Ողջ գիշեր մնացինք հորս ընկերոջ սեփական տան բակում: Ռադիոն միացրած էր, ատում էի էդ ռադիոն: Հենց ռադիոյով ասում էին՝ էլի է երկրաշարժ լինելու, հողը նորից փախչում էր ոտքերիս տակից: Չեմ հիշում՝ քանի ընտանիք էինք հավաքված էդ տան կրակի շուրջը, բայց հիշում եմ, որ բոլորը փոքր երեխաներ ունեին, ու բոլորս միաձայն լացում էինք:
Քեռիս խնջույքի մասնակցելիս է եղել, լսել է՝ Կիրովականը փլուզվել է, ամեն ինչ մոռացած նստել է մեքենան, եկել գտել մեզ՝ մանկապարտեզի շենքի առաջ (քիչ, թե շատ՝ ազատ տարածքը այդտեղ էր): Տեղափոխվեցինք Նոյեմբերյանի Կողբ գյուղ, որտեղ էլ ավարտեցի երրորդ դասարանը: Երեք երեխա էինք աղետի գոտուց մեր դասարանում՝ ես ու երկու տղա: Մեզ յուրահատուկ խնամքով էին վերաբերվում թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները: Այդ տարին յուրահատուկ էր նրանով, որ մայիսի 9-ի մեծ միջոցառման ժամանակ երրորդ դասարանցիներիս հանդիսավորությամբ պիոներների շարքերն ընդունեցին: Ներկա էին մեր գյուղի պատերազմի վետերանները, ես նրանց նայում էի հիացած աչքերով. նրանք ինձ համար մարմնավորված Սասունցի Դավիթներ էին: Հիասքանչ օր էր: Իմ տարեկիցները վերջին պիոներները եղան:

Մի անգամ էլ էնտեղ էինք դասի նստած, ոտքերս թուլացան, ականջներս խշշացին ու հասկացա, որ պետք է դուրս փախչել. էլի երկրաշարժ էր:

Հետո ամեն ինչ սկսեց շատ արագ փլուզվել, մենք մոռացանք՝ ինչ են գազը, լույսը, մեզ մնաց միայն հույսը…

Ես մինչ երկրաշարժը չգիտեի՝ ինչ է լամպը, վառարանը, դրանից հետո այդ ատրիբուտները դարձան մեր կյանքի ամենօրյա անբաժանելի մասերը, քանզի դասերը լամպի լույսի տակ էինք սովորում:

էդքանը քիչ էր, օդում պայթեց պատերազմը: Սումգայիթ, Կիրովաբադ, Ղարաբաղ: Թվում էր, թե մենք Վանաձորում պատերազմից հեռու էինք, բայց սարսափով ու խորին հարգանքով դիմավորում էինք հերոս զինվորների աճյունները: Այդ տղաները մեր ընկերների եղբայրներն էին, քեռիները, հորեղբայրները, ու պատերազմը, նրանց կորստի ցավով, մտավ նաև մեր տները:
Երկրաշարժից ևս մի բան հիշեցի: Հայրս, երբ դեկտեմբերի 7-ին գնացել էր իմ հետևից դպրոց, տեսել էր ուսուցչուհուս՝ ձեռքերը պատռված ու արյունաթաթախ: Նա իրեն չէր կորցրել. ջարդել էր ապակին ու հանդիպած երեխաներին պատուհանից դուրս հանել, ես ու մի քանիսն էլ դռնով էինք փախել: Նա իմ շատ սիրելի դասվար Լեյլի Սարգսյանն էր, որն, ինչքան գիտեմ, նույնպես այսօր Հայաստանում չէ:
Փաստորեն այսօր էլ է Հայաստանում երկրաշարժ, ու անգամ այն ժամանակվա «փրկարարներն» այսօր ոչ միայն չեն կարողանում փրկել, այլ իրենք էլ են «զոհ» գնում, ցավոք:

-Իսկ ինչպե՞ս կարողացաք այդ դժվարին պայմանները հաղթահարելով՝ սովորել պայքարել և ինքներդ դառնալ մանուկներին կրթող, լույս տվող: Ինչպե՞ս կամ ինչո՞ւ ընտրեցիք հենց հայոց լեզվի և գրականության մասնագետ լինելու ուղին:
-Հայտնի բան է՝ աշակերտը, սիրելով ուսուցչին, սիրում է նաև նրա դասավանդած առարկան: Մենք չորրորդ դասարանում գժի նման սիրում էինք մեր դասղեկ և հայոց լեզվի ուսուցչուհի Աիդա Մարտիրոսյանին: Նա էլ դարձավ իմ ուղենիշ փարոսը՝ մասնագիտության ընտրության հարցում: Իմիջիայլոց, տարրական դասարաններում գերազանց սովորող յուրաքանչյուր աղջիկ ասում էր՝ ուսուցիչ է դառնալու: Ես էլ: Չորրորդ դասարանում արդեն ես հատատ գիտեի, որ միայն ուսուցիչ եմ ուզում դառնալ: Դա դարձավ ինձ համար նպատակ: Ես գիտակցաբար և ենթագիտակցորեն ֆիքսում էի ուղեղիս մեջ իմ ու դասընկերներիս հարաբերությունները ուսուցիչների հետ, մեր զգացողությունները ուսուցիչների հետ հարաբերություններում, մտածում էի՝ ինչից զգույշ լինեմ, որ հետո ես թույլ չտամ նույն սխալները իմ աշակերտների հետ: Ասում են՝ մեծերը մոռանում են իրենց մանկությունը: Դա ինձ վախեցրեց, ու որ ես էլ չմոռանամ իմ ու ընկերներիս ապրումները, սկսեցի օրագիր պահել, որտեղ մանրամասնորեն ֆիքսում էի իմ ու ընկերներիս ձեռքբերումները, ապրումները: Օր օրի ավելի էի համոզվում, որ ուսուցիչ եմ դառնալու, որ միշտ օգնեմ երեխաներին պատանեկան անցումային շրջանը հեշտ հաղթահարել:

-Ե՞րբ և որտեղի՞ց սկսեցիք Ձեր՝ ուսուցչի մասնագիտական գործունեությունը: Քանի՞ տարվա ուսուցչի աշխատանքային փորձ ունեք:
-Սովորում էի ՎՊՄ-ի երրորդ կուրսում, երբ անցա աշխատանքի: Սուղ պայմաններ էին, և ծնողներս դժվարանում էին վճարել ուսմանս վարձը: Աշխատանքի անցա Ձորագյուղի 9-ամյա դպրոցում, որտեղ մեկ տարի որպես դասվար աշխատելուց հետո, 2002թ.-ին տեղափոխվեցի Լեռնավանի միջնակարգ դպրոց՝ արդեն իմ մասնագիտությամբ: Այդտեղ էլ աշխատեցի մինչև 2016թ.-ը: Աշխատելուն զուգահեռ՝ ավարտեցի ուսումս: Ընդհանուր՝ 15 տարվա աշխատանքային փորձ:

-Իսկ հեշտորե՞ն հմտացաք Ձեր գործում, ամեն ինչ այնպե՞ս էր, ինչպես պատկերացնում էիք:
-Ինձ զգում էի ինչպես ձուկը ջրում: Բայց հմտանալը տարիների աշխատանքի հետ է գալիս: Ես աշխատելու ընթացքում նաև հասկացա, որ ուսուցիչ, իսկապես, ծնվում են, չեն դառնում: Երեխային հասկանալը հեշտ բան չէ, դա սովորեցնելով չէ, իսկ եթե երեխային (չեմ ուզում ասել՝ աշակերտին) չհասկանաս, ոչինչ էլ չես կարող սովորեցնել:

-Ձեր օրագիրն օգնե՞ց Ձեզ, երբևէ եղե՞լ է, որ գաք տուն, բացեք այն ու փնտրեք այս կամ այն բանը, թե՞ հիշում էիք ամենը:
-Աշխատանքային առաջին տարիներիս բացել եմ, բայց շատ բան չէի մոռացել, ամեն ինչ մնացել էր սրտիս և ուղեղիս մեջ: Ուղղակի նայում էի 6-րդ, 7-րդ դասարանի աշակերտներիս և ուզում էի տեսնել ինձ այդ տարիքում:

-Իսկ ի՞նչ զուգահեռներ կտանեք Ձեր աշակերտական տարիների ու ներկայիս աշակերտների միջև:
-Մարդու կրթվելու հնարավորություններն ինչքան հեշտանում են, այնքան մարդը կրթությունից հեռանում է, թեև փայլուն աշակերտներ շատ եմ ունեցել: Իսկ մարդը տարբեր ժամանակատարածական հարթություններում միշտ էլ նույնն է՝ չնայած անգամ դարերի բերած փոփոխություններին:

-Ո՞րն էր Ձեր՝ աշակերտների հետ շփվելու, նրանց վստահությանն ու սիրուն արժանանալու գաղտնիքը: Արդյո՞ք միայն աշխատանքի հանդեպ սերն ու մանկության վերլուծությունները:
-Կյանքում ամեն ինչ փոխադարձ է՝ սերն ու հարգանքը, վստահությունը՝ նույնպես: Ես միշտ սիրում եմ ասել՝ ինչ գործ ուզում ես անել, արա լավ, կարո՞ղ ես՝ շատ լավ: Իսկ գործը լավ անելու համար պետք է շարունակել զարգանալ, և ոչ միայն մասնագիտական ոլորտում: Ուզում եմ հիշել Վանաձորի թիվ 25 դպրոցի աշխարհագրության ուսուցիչ և 10-րդ դասարանում իմ դասղեկ լուսահոգի ընկեր Էլիբեկյանին: Նա հիվանդ էր արյան քաղցկեղով, որն էլ դարձավ նրա մահվան պատճառը: Մենք նրան «քայլող հանրագիտարան» էինք ասում. լինելով պատմության, աշխարհագրության մասնագետ՝ հեշտությամբ պատասխանում էր մեր հարցերին քիմիայից, ֆիզիկայից, մաթեմատիկայից, տնայիններն էր օգնում գրել, եթե դիմում էինք:

-Չեմ կարող չնշել նաև, որ Դուք մեծ ներուժ եք ունեցել իմ՝ ստեղծագործական ոլորտում զարգացման մեջ, և եթե չլինեիք Դուք ու Ձեր օգնությունը, գուցե չհասնեի այն փոքր, թե մեծ հաջողություններին, որոնց հասել եմ, կամ գուցեև այսօր ընդհանրապես չգրեի: Ոչ բոլորը շարքային աշակերտի մասին այդքան կհոգային, ինչպես Դուք, ոչ բոլորը իրենց դասից կշեղվեին, դասաժամը կզոհաբերեին հանուն աշակերտներից մեկի, ոչ բոլորի համար է կարևոր դիմացինի խնդիրը: Այդ ամենի համար շատ շնորհակալ լինելով ՝ ուզում եմ, այնուամենայնիվ, հարցնել՝ ինչո՞ւ, ի՞նչն էր Ձեզ ստիպում օգնել, գոտեպնդել, առաջ մղել, ինչո՞ւ Դուք ևս շատերի պես անտարբեր չէիք ինչպես իմ, այնպես էլ մյուս աշակերտների խնդիրների կամ հաջողությունների նկատմամբ:
-Յուրաքանչյուր աշակերտ, մարդ յուրահատուկ է և պահանջում է յուրահատուկ մոտեցում: Յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժ է և հոգեբան: Ուսուցիչը նրա համար է ուսուցիչ, որ ոչ թե սովորեցնի միայն օրվա նյութը, այլ օգնի երեխային սովորել՝ սովորել, ապրել, կյանքի դժվարությունները հեշտ հաղթահարել, ինքն իրեն ճանաչել: Ինձ թվում է՝ ես քեզ օգնեցի ինքդ քեզ ճանաչել: Ի՞նչը ստիպեց. ուսուցչական հոտառությունը և մայրական բնազդը: Թող պաթետիկ չհնչի, բայց ինձ համար միշտ կարևոր են եղել իմ բոլոր աշակերտները՝ իրենց ուրախություններով ու տխրություններով:

-Կրկին շնորհակալ եմ: Իսկ ի՞նչն էր Ձեզ ամենաշատը գոհացնում Ձեր աշխատանքում, երեխաների հետ շփման մեջ, ինչպես նաև՝ կրթական ոլորտում և ի՞նչը հակառակը՝ դժգոհություն պատճառում: 15 տարիների ընթացքում արդյո՞ք հոգնել կամ հիասթափվել եք Ձեր աշխատանքից:
-Ես հասել էի իմ նպատակին, աշխատում էի՝ կատարելով իմ սիրած աշխատանքը: Աշխատանքը աճող, ձևավորվող մարդու հետ հրաշալի է, երբ դու կարող ես մեր իմաստուն գրողների ստեղծագործությունների աղդեցությամբ ճիշտ ուղղորդել այդ աճը:

Դժգոհություն և հիասթափություն… Հենց սրանք էին պատճառը, որ ես դուրս եկա աշխատանքից և հայտնվեցի օտար ափերում:

-Մի փոքր կմանրամասնե՞ք, թե որո՞նք էին այդ դժգոհություններն ու հիասթափությունները:
-Ուսուցչի աշխատանքը շատ դժվար է և շատ պատասխանատու, բժշկի աշխատանքի նման: Սխալվելու իրավունք չունես, այլապես կվտանգես կազմավորվող մարդու ապագան և ճակատագիրը: Դա մեծ լարվածություն է պահանջում և տքնաջան աշխատանք: Հաճախ այնքան հոգնած ես տուն հասնում, որ սեփական երեխաներիդ համար ո՛չ ուժ ես ունենում, ո՛չ ժամանակ, ու դեռ պիտի պատրաստվես հաջորդ օրվա դասերին, օրվա պլան գրես, հետաքրքիր նյութեր պատրաստես, դասի կառուցվածքն ուրվագծես, դեռ երազում էլ՝ էդ ամեն ինչը շարունակես: Ու երբ դրա դիմաց ստանում ես աշակերտի աշխատանքը, հարցերն ու հետաքրքրությունը, թևեր ես առնում: Գնահատողդ լինում է միայն աշակերտը: Իսկ վերադասներից միայն կարող ես լսել, թե ուսուցիչները չեն աշխատում, քիչ են աշխատում, լավ չեն աշխատում և այս տիպի բաներ: Իսկ ի՞նչ է ստանում ուսուցիչը չարքաշ աշխատանքի դիմաց. օրեցօր նվազող աշխատավարձ, որով երեխայիդ հոգսերն էլ չես կարողանում հոգալ, օրեցօր ավելացող պարտականություններ և սպառնալիք՝ դուրդ չի գալիս՝ դուրս արի, էնքա՜ն խնդրող կա: Եվ սա այն ժամանակվա նախարարի մակարդակով, որը բերանի ծամոն սարքեցին նրան ստորադասված բոլոր պաշտոնյաները: Գյուղական համայնքներում դպրոցները դատարկվում են: Պետական քաղաքականության արդյունքում Հայաստանն ու դպրոցը դատարկում են արտագաղթի միջոցով, իսկ ուսուցչին ասում են՝ աշխատավա՞րձ ես ուզում, դպրոցը ապահովիր աշակերտով:
Այսինքն ուսուցիչը և՛ իր չարքաշ աշխատանքը պիտի անի, և՛ պետության գործը: Դու քո տանը՝ ստրուկ: Ստացվում է, որ ավելի լավ է՝ ուրիշի տանը բանվոր լինես՝ որոշակի իրավունքներով, քան քո տանը՝ իրավազուրկ ստրուկ:

-Հեշտորե՞ն կայացրիք գնալու որոշումը: Հիմա կուզեի՞ք վերադառնալ, հե՞շտ է հայրենիքի մտավորականին օտար ափերում գոյատևելը:
-Ինչպե՞ս կարելի է հեշտորեն կայացնել տանից-տեղից, հարազատից, արմատներից հեռանալու որոշումը, դրա ծանրությունը միայն հեռացածները կիմանան: Սա փախուստ է: Երկարատև, ապարդյուն պայքարից հետո, որ չկորչի հավատը, գոնե երեխաներիս հավատը՝ ապագայի, պետության, իշխանավորի խոսքի ու օրինականության նկատմամբ: Տղաս, երբ իմացավ, որ հեռանալու ենք, ասաց՝ մա՜մ, բա ես առանց սարերի ի՞նչ եմ անելու: Առանց արցունքի չեմ կարողանում հիշել դա. ես էլ շա՜տ եմ սիրում մեր սարերը: Էստեղ սարեր չկան:

Արմատից պոկված ծառի համար ինչքա՞ն հեշտ կլինի օտար հողում: Դեռ հոգիս կատուներն են ճանկռում, չգիտեմ՝ երբ կանցնի: Բայց մի տեսակ կապանքներից ազատվածության զգացողություն էլ կա, որը թույլ չի տա հետ վերադառնալ, քանի դեռ հայ հողը հայի համար տուն չէ, ու հայը իր պետության համար բարձրագույն արժեք չէ, այլ հարստահարման միջոց:

-Այսինքն ձեր նահանջը երգո՞վ է: Մի օր Դուք կամ գոնե Ձեր երեխաները կվերադառնա՞ն: Դուք ի՞նչպես եք տեսնում այս համահայկական խնդրի լուծումը:
-Տղաս ասում է՝ մեծանամ, գնալու եմ հայրենիքիս պարտքը տամ: Իսկ ես դեռ շարունակում եմ ամեն օր մեռնել ապրիլյան հերոս տղաներին հիշելով, պատկերացնում եմ՝ ի՜նչ են ապրում նրանց մայրերը: Խելագարվում եմ դրա մասին մտածելիս: Երբ գնալու մասին իմացավ, տղայիս դպրոցի տնօրենն ասաց՝ ցավում եմ, որ Տիգրանի նման երեխային տանում եք: Ասացի՝ կգանք, երբ այսօրվա տիրող, մեղմ ասած, անօրինական մթնոլորտն ու իշխող չինովնիկական հասարակարգը վերանան, կամ, երբ լինի միահամուռ, կազմակերպված պայքար այդ անարդարության դեմ, որը տիրում է մեր տանը, որտեղ մենք չունենք իրավունքներ, այլ միայն պարտականություններ, անպաշտպան ենք ու խոցելի, որտեղ ոչ թե տեր ենք, այլ ստրուկ…

-Ձեր աշխատանքին՝ մանկավարժությանը, կարոտե՞լ եք: Նպատակներ չկա՞ն այդտեղ էլ՝ օտարության մեջ մեծացող հայ մանուկներին հայոց լեզու ու հայություն սովորեցնելու:
-Նպատակներ կան, բայց անմշակ ցանկություններ են, այդ պատճառով դեռ չեմ ուզում խոսել դրանց մասին: Ինձ թվում էր՝ մի հինգ տարի դպրոցի երես չեմ ուզի տեսնել, բայց հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի տոնին, էնքան շնորհավորանքներ ուղարկեցիք՝ քիչ էր մնում ոտքով հետ գայի: Արդեն օդս չի հերիքում առանց գործի, առանց երեխեքի, թեև իմ երեխեքը շնչելու ժամանակ չեն տալիս. վերջապես մամայի երես են տեսել:

Երանի բոլոր հայերս միասնական լինենք, ու մեր դարավոր երազանքը մի օր ի կատար ածվի:

Marieta Dilbaryan

Մտահոգություն

Բարև, սիրելի՛ Հրածին,

Երկար ժամանակ է՝ չեմ կարողանում խոսել քեզ հետ կամ տեսազանգով կապվել: Կամ, գուցե, չեմ ցանկանում: Հա, չեմ ցանկանում: Օրեր շարունակ մտորում էի քեզ նամակ գրելու մասին, ախր, գրելիս միտքս կարողանում եմ լավ շարադրել, իսկ հեռախոսով չեմ կարողանում երկար խոսել ու ասել այն, ինչ մտածում եմ:

Իսկ գիտե՞ս ինչ եմ մտածում: Մտածում եմ՝ հայերեն գրել-կարդալ սովորեցի՞ր, թե՞ ոչ: Ճիշտ է՝ քիչ թե շատ խոսում էիր, բայց ցավալի էր, որ Գառնիի հեթանոսական տաճարի մոտ տեղադրված վահանակները չէիր կարողանում կարդալ: Ծնված լինելով Հունաստանում՝ դու դժվարանում էիր անգամ հաղորդակցվել, ու քո մայր հայրենիքում՝ Հայաստան աշխարհում, կաշկանդվում էիր:

Համոզված եմ, որ ցանկություն ունես հայերեն կարդալու, ազատ հաղորդակցվելու: Ուրեմն, մի՛ հապաղիր, սովորիր:

Սիրով կսպասեմ քեզ ու քո ընտանիքին մյուս տարի:

Anush Jilavyan

Իմ տեսակը

Վերջապես… Այս հոդվածս ուզում եմ սկսել նախաբանով, ուզում եմ հասկանալ, թե ինչու էի այսքան ժամանակ ինձ զրկել ստեղծագործելու հաճույքից ու չէի ստեղծում այդ թանկ ժամանակը ինձ համար:Պատճառը ցավոք չեմ գտնում, բայց նորից իմ մեջ գտա գրելու ոգևորությունը, նորից ուզում եմ զգալ այն հաճույքը, որով սպասում ես, երբ կտեղադրվի հոդվածդ և ուրախությունը, երբ արդեն կայքում քո նկարի ու անվան տակ ես կարդում շարադրած մտքերդ: Պատահական չէ, որ հոդվածս հենց ոգևորության ու ոգևորվել կարողացող մարդկանց տեսակի մասին է: Այս տեսակը իրոք յուրահատուկ է…

Ախ, այդ ոգևորությունը, որից փայլում են նրանց աչքերը ու պայծառանում  հոգին: Ինձ համար ավելի հիասքանչ տեսարան չկա, քան ուշադիր վայելել այն մարդու ապրումները, որ զբաղվում է իր սիրած գործով, կամ խոսում է իրեն հետաքրքրող երևույթի կամ մարդու մասին: Այդ պահերը իրոք հրաշք են: Ոգևորությունը չի կեղծվում, այն չեն փորձում թաքցնել, այն ավելին է պատմում մարդու մասին, քան ցանկացած երկար նկարագրություններ կամ տարիների շփում: Այդ պահի մեջ ինչ-որ մոգական բան կա, կարծես խոսողը կտրվում է իրական աշխարհից ու սկսում է բարձրաձայն մտածել շատ հաճելի բանի մասին: Ոգևորությունը ինձ համար ապրելու նշան է, այն, որ մարդու գոյությունը միայն ֆիզիկական չէ:

Դուք այնքան գեղեցիկ եք, երբ նկարագրում եք ձեր սիրած գրքի հերոսին կամ պատմում եք ձեր սիրած ֆիլմի մասին: Այդ պահին բառերը միանգամից սրտից են դուրս գալիս, հաճախ խոսքը  ճիշտ ձևակերպված չի լինում, բայց այն լի է անկեղծությամբ ու ջերմությամբ: Ինձ թվում է, զրուցելիս կարելի է ոչ թե հարցնել սիրած գրքի վերնագիրը, այլ օրինակ, ինչն է հատկապես դուր եկել ստեղծագործության մեջ, կամ որ կերպարն են հավանել: Այս հարցերին միանգամից հեշտ չէ պատասխանել, բայց հավատացեք, դա ավելի շատ բան կասի ձեզ զրուցակցի մասին, քան գրքի վերնագիրը:

Նկատե՞լ եք, որ մենք կարող ենք անվերջ լսել այն մարդկանց, ովքեր խոսում են ու իրենք են հավատում ու ապրում իրենց ասած մտքերով: Թվում է, որ այդ պահը հենց ստեղծված է, որ նրանք կիսեն իրենց երջանկությունը մյուսների հետ: Եթե անգամ մեզ խոսքի էությունը չհետաքրքրի, միևնույն է, չենք կարող անտարբեր մնալ այն ոգևորության նկատմամբ, որով ներկայացվում է:

Ես սիրում եմ այդ վարակող զգացմունքը, երբ այն հետաքրքրությունը, որ կա քո մեջ, փոխանցում ես ուրիշներին, երբ նկատում ես, որ քո ինքնամոռաց խոսքը լցրել է ինչ-որ մեկի հոգին: Այդ ժամանակ հասկանում ես, որ տալով քո մի մասնիկը,  կարող ես ինքդ երջանկանալ: Եթե մարդիկ մի պահ փորձեն իրենց ու ուրիշներին չզրկել այս երջանկությունից, աշխարհը ավելի հաճելի վայր կլինի ապրելու համար: Մարդիկ մի օր գուցե կհասկանան, որ ուղղակի, հենց այնպես ապրել չի կարելի, որ կյանքը այն ամենն է, ինչը մեզ ոգևորում է, ու հանուն ինչի արժի ապրել: