mariam hayrapetyan

Մտորելու առիթ

Մթնոլորտում տիրող տոնական տրամադրության վերջին բջիջները տոնածառը իր հետ տարավ պահարանի գլխին դրված արկղ: Մի քանի օր շարունակ մայրս ասում էր, որ ժամանակն է տոնածառը հավաքելու, բայց իր կարծիքով, ես ծուլանում էի ու չէի անում իր ասածը: Բայց բանն այն էր, որ ես վախենում էի, որ ավելի կընդլայնեմ տան դատարկությունը ու անընդհատ ձգձգում էի հավաքելու գործընթացը:

Վերջապես արեցի դա: Ամեն խաղալիքը հանելու հետ ինչ-որ բան էի հիշում: Հիշում էի, թե ինչպես ենք այդ խաղալիքը գնել, կամ երբ դրանցից մեկը շարքից դուրս էր եկել, ինչպես էր մայրիկն այն նորոգում, ու մենք նստած ուշադիր նայում էինք, որ անպայման նորից իր նախկին տեսքին վերադառնա: Մյուս խաղալիքը ես նվեր էի ստացել: Այն ուներ իր հատուկ արկղիկը, ու վրան թռչող երեխաներ էին պատկերված:

Մեկը գնել էի, երբ հերթական անգամ Երևանից տուն էի գալիս: Գյումրիում մեր ծանոթի խանութում պատահական տեսա ու միանգամից գնեցի այդ թափանցիկ կլոր գունդը, որի մեջ տոնածառ է, և թափահարելու դեպքում ձյան փաթիլներ են տատանվում:

Ամեն խաղալիքն ունի իր պատմությունը, ու ամեն անգամ տոնածառը զարդարելուց մենք հերթով վերհիշում ենք, թե մեր տոնածառի, թե նրա վրա եղած խաղալիքների կյանքը: Ու եկավ պահը, որ պետք է այս ամենը նորից մթությամբ պարուրել: Այստեղ բոլորս էլ տխրում ենք, բոլորս: Իսկ երբ ընտանիքով զարդարած տոնածառը ստիպված ես մենակ հավաքել, դա ավելի է տխրեցնում: Հարութը զբաղված է իր դասերով, մայրիկն էլ աշխատանքի է: Ու ես սկսեցի հավաքել մենակ, մտածել ամենատարբեր ստացված ու չստացված, եղած ու չեղած, հին ու նոր տարիների մասին:

Այո, ուղղելու դեռ շատ բան ունենք:

Փակված դռներ

Ասում են` հաջողությունը միշտ գտնվում է փակ դռների հետևում, կամ որ եթե ինչ-որ մի դուռ փակ է, կան բազում այլ բաց դռներ…

Մարդիկ ունեն մի շատ հետաքրքիր ու յուրօրինակ «կարողություն». անընդհատ ասում են ու իրենք իրենց ասածից հեռու գնում, հնարավորինս հեռանում են ու փակում դռները…

Մեր շրջապատում` իմ Գյումրիում, հարևան գյուղերում, այլ քաղաքներում, այնքա~ն փակ դռներ կան…

Տխուր է մտածել, որ այդքան մարդ ինչ-որ պատճառով փակել է ինչ-որ դուռ ու հուսահատ հեռացել է` այլ դռներ բացելու, ու այդպես մեր շրջապատում շատացել են փակ դռներ` փակ բառի ամենալայն իմաստով. փակ է դուռը, փակ է կողպեքը, ու խնամքով փակված է նաև դռան հետևում թողած պատմությունը…
Ամեն անգամ փողոցով քայլելիս մի պահ կանգնում եմ ու հաշվում փակ դռները. ավելի շատ են, քան  բացերը: Բայց… Հուսամ` բացվել են հազարավոր նորերը ու հույս ներշնչել…

Հ.Գ. Էնքա~ն եմ փակ դուռ նկարել, ընկերներից մեկը, տեսնելով հավաքածուս, մի անգամ ասաց.

-Դու~ռ, դու~ռ,
Սիրու~ն դուռ,
Այս դռանը հավնեցի,
Ապարատս հանեցի…

Դե Լեննական էլ սաղը հումոր կէնեն, ապ ջան…

mariam hayrapetyan

Ինչո՞ւ

Գնացքը կարծես անվերջ կգնա, բայց սա գնացքը չէ, սա մարդու բանականությունն է, որ  անվերջ է թվում ու տանում է դեպի խոր անդունդը, ու հարցից՝ հարց: Գլխավոր հարցը մեկն է՝ ինչու՞,  երբ հարազատ հոգիդ  ըմբոստանում է մտքերիդ դեմ, պահանջելով իր իսկ հանգիստը: Ես գիտեմ նաև, որ սա փիլիսոփայության համար մեկ հարցն է, որ կարող է շարքից հանել յուրաքանչյուր միտք, որոնելով պատճառահետևանքային կապը արարքի և հետևանքի միջև:  Գնացքը մեղավոր չէ, որ իր նստարանին նստածը, մտքում ամեն երրորդ հարցը հնչեցնում է «ինչո՞ւ», ու  կամ էլ գտնում է իր «ինչո՞ւ»-ի պատասխանը կամ էլ՝ չէ,  կամ էլ պատասխանն ավելի դաժան է ստացվում, քան չգտնելու դեպքում էր:

Գնացքը մեղավոր չէ, որ մարդիկ, որ իր ներսում են, միաժամանակ այսքան նման են, ու այսքան տարբեր, որ նրանց ցանկությունները միաժամանակ այսքան տարբեր են, սակայն և բոլորի ուզածը վերջում մեկն է:

Գնացքը մեղավոր չէ, որ մեկը  չհարմարվելով չոր նստարաններին, կամ դա նույնն է, ինչ  իր իսկ ճանապարհի վայրիվերումներին, փորձում է քնել, ազատելով միքտը իր իսկ գործած սարդոստայնից, որը շարունակելու դեպքում, կարող է խելագարության հասցնել:

Գնացքը մեղավոր չէ, որ մեկը չարաշահելով մյուսի համբերությունը, կզրկի կյանքը գույներից  ու հավատից:

Գնացքը մեղավոր չէ, որ մեկը կփորձի իր իսկ կյանքի էջը շրջել, ցանկանալով, ամեն բան սկսել նորից, մյուսը կգա ու կկեղտոտի այս անգամ էլ այս նոր էջը:

Գնացքը դա նույն կյանքն է, իր  չորս կամ ավել վագոններով: Նրա յուրաքանչյուր նստարանին նստած է  մի տիեզերք, որ ուզում է պարզապես լիաթոք ժպտալ:

Գնացքը չէ մեղավորը, որ մեկն ու մյուսը  կարող են խորտակել երրորդին: Եվ վերջապես գնացքը մեղավոր չէ, որ յուրաքանչյուր նստարանի վերևում հասարակ թելի հպումով կմարվի լամպը, իր իսկ տիրոջ կողմից: Կմարեն բոլորը՝ մեկը մյուսի հետևից: Եվ որովհետև տերը ուզեց առանձնանալ մթության մեջ ՝ ինքն իր հետ: Ահա թե ինչպես աստիճանաբար կյանքը կորցնում է իր գույները:

Իսկ ինձ համար գնացքից հետո միշտ մետրոն է՝ լի արագությամբ ու շտապող մարդկանցով: Գուցե իրենք  իրենցից են շտապում հեռանալ, երևի նոր հնարավորության ակնկալիքով: Բայց ես չեմ կարողանում շտապել: Ինձ նույնիսկ դա դժվար է տրվում:

mariam hayrapetyan

Տուն տանող ճանապարհը

«Ամասիա» ճանապարհային ցուցանակը ինձ համար երբևէ այսքան անհասանելի չէր թվացել, որքան 2016 թվականի վերջին՝ տուն ուղևորությանս ժամանակ: Պատճառն այն էր, որ ես մի օրում վազեցի քննության, ապա վազեցի Երևանի տունը՝ իրերս հավաքեցի և դարձյալ վազեցի կայարան՝ Գյումրի գնալու համար: Ես ամբողջ օրը վազեցի՝ տուն հասնելու համար, ու դա կհասկանա նա, ով ուսանող է, բայց Երևանից չէ: Մեր հավերժական պայքարը ճանապարհների հետ տուն հասնելու համար է: Միարժամանակ լինել տանը, բայց սովորել, սովորել, բայց չկարոտել մայրիկին, Հարութին ու Ամասիան: 

Հա, Ամասիան: Ամասիայումս հիմա շատ ցուրտ է, լիքը ձյուն կա, որ քայլելուց «խըռթ-խըռթ-խըռթ» է լսվում, ու այդ ձայնը ստիպում է անընդհատ քայլել: Մաքուր օդ է, որ շնչելուց էլ զգույշ ես շնչում, որ չսառեցնես շնչուղիներդ:

Ամասիայում մենք այս տարի ևս բաժանեցինք նվերներ երեխաներին Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ հաղթահարելով բազում դժվարություններ: Ես, ինչպես և մյուս անգամները, անասելի ձևով երջանկացա, ինձ հետ երջանկացնելով շատ մանուկների:

Բայց այս ամենի հետ մեկտեղ ինձ չի լքում միտքը, որ սկսվում են քննությունները, ու պետք է պարապել: Իմ տանը իմ հարազատ օջախում կպարապեմ, ու սիրով: Մի քանի ամիս ապրելով Երևանում, ես ավելի ու ավելի եմ գնահատում իմ փոքրիկ ջերմ գյուղը: Ամեն դեպքում կյանքում էլի ու էլի կգտնվեն հանգամանքներ, որ մեզ կստիպեն հետ չվերադառնալ, բայց դրանով մեր սերը չի պակասի, չէ՞, ուսանողներ:

 

Ամեն ինչ փոխվեց

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ամանորը երեխաների համար ամենահեքիաթային տոնն է։ Նրանք մեծ ուրախությամբ սպասում են Ձմեռ պապիկին։ Ու յուրաքանչյուր երեխա երազում է կյանքում գոնե մեկ անգամ տեսնել Ձմեռ պապիկին:

Շատ պարզ հիշում եմ, ինչպես էի զրուցում դասընկերներիս հետ և հանկարծ խոսք գնաց Ձմեռ պապիկի մասին։ Բոլորը պնդում էին, որ նա գոյություն չունի, իսկ ես ուղղակի կանգնել էի և լսում էի նրանց ու աչքերիցս կաթում էին արցունքները։ Ես չէի ուզում հավատալ։ Ու ես այդքան էլ չէի համոզվել դրանում։ Ամեն ինչ փոխվեց, երբ գնացի մորաքրոջս աղջկա ամանորյա ներկայացմանը, և այնտեղ Ձմեռ պապը քրոջս հայրն էր։ Հույսս կտրվեց ու հասկացա, որ այսքան տարի ծնողները մեզ խաբել են։

Չնայած իմ այս հոդվածին, հավատացե՛ք Ձմեռ պապի գոյությանը, չէ որ հրաշքները կատարվում են։

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Ծնողներից հիասթափվել պետք չէ, ընդհակառակը, գնահատեք նրանց այն մեծ ճիգերն ու ցանկությունը` ձեր կյանքի մեջ մի փոքրիկ ու պայծառ հրաշք ստեղծելու: Երևի ամենամեծ հրաշքը հենց այս սերն է, չէ՞:

mariam ghukasyan

Առաջին ձյունը Գյումրիում

Ինչպես բոլորը, այնպես էլ ես, սպասում եմ առաջին ձյանը: Եղանակի տեսությունը շատերի համար անհրաժեշտություն է, ոմանց համար բոթաբեր լուր, իսկ մյուսներին` միևնույն է, դրսում վաղը տաք է, թե` ցուրտ:

Առավոտյան, ինչպես միշտ, ուշացած հազիվ նստեցի երթուղային ու երջանիկ էի, որ կա նստելու ազատ աթոռ: Մի քանի կանգառ անցնելուց հետո երթուղային բարձրացավ մի տատիկ, և ես տեղս զիջեցի նրան: Այնքան գոհունակություն կար այդ պահին նրա դեմքին: Ես կանգնած էի նրա կողքին և նկատում էի, թե ինչպես է զննող հայացքով ինձ նայում: Նայեցի տատիկին ու ժպտացի: Միանգամից նկատեցի, թե ինչպես լուսավորվեց այդ ծեր ու հոգսերից կնճռոտված աչքերը:

-Լսե՞լ ես, էսօր ձուն բդի գա,- նա սպասում էր իմ պատասխանին:

-Հա, երևի,- չգիտեի` ինչ ասեի այդ պահին, չէի հասկանում այդ լուրը նրան կուրախացնե՞ր, թե՞`ոչ:

-Վա~յ, բալես, սունկեդ տուր` պահեմ:

-Շնորհակալություն,- ասացի ես ու փոխանցեցի նրան:

-Վա~յ, բայց խեղճ պոստերի երեխեքը կմրսին: Ամերիկացոնց էլ չի հետաքրքրե Քլինթ, Թրանթ, թե Փրամթ, անունն էլ չեմ հիշե:

Ծիծաղս չկարողացա զսպել:

-Ես մենակությունն էլ ըսպես բան է, մե մարդմ չկա, որ սխալդ ուղղե: Հմի ի՞նչ էր:

-Թրամբ, Դոնալդ Թրամբ:

-Տեսնիս` ամերիկացիք մենա՞կ կապրին:

-Հա,-ասացի ես ու սկսեցի պատմել, որ նրանք ապրում են ինքնուրույն, իրենք են որոշում` երբ արթնանան, ինչ ուտեն, ում հետ զբոսնեն:

Տատիկը երջանիկ էր այդ պահին: Ինձ այդպես թվաց: Նա ուրախ էր, որ կան մարդիկ, ովքեր իր պես միայնակ են ապրում:

Վերջապես հասա իմ կանգառ: Տոմս վերցրեցի և փոխանցեցի տատիկին: Ինչ տխուր էր այդ պահին: Երախտագետ հայացքով ինձ էր նայում ու հավանաբար մտածում, որ էլի մենակ մնաց: Տատիկը քնքշորեն բռնեց ձեռքս և ասաց:

-Փրամթը կանցնի, կտեսնիս:

-Ազիզ ջան, բդի իջնի՞ս, թե չէ,- առավոտվա մռայլ եղանակից մռայլված հարցրեց վարորդը:

-Ցտեսություն, կանցնի, հաստատ կանցնի,- ասացի ես և իջա երթուղայինից:

Ճանապարհին մտածում էի, որ բոլորն ունեն խոսելու կարիք:

Թու´յլ տվեք մարդկանց խոսել և լսե´ք նրանց: Դա ամենագեղեցիկ շնորհն է մարդուն տրված:

Հ.Գ. Այս ամենը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ. հիմա նախագահը Թրամփն է, ձյունն էլ կա, մնում է` մեկ անգամ ևս հանդիպեմ տատիկին:

harutyun hayrapetyan portret 2

Պատմում է մայրս` Հասմիկ Մկրտումյանը

«…Դպրոցն էինք։ Ես ութերորդ դասարանում կսորվեի, 13-14 տարեկան հազիվ էղնեի։ Երկար դասամիջոցն էր, ժամը 12-ին 25 էր պակաս։ Մենք էլ բուֆետն էինք. դասամիջոց կենեինք։ Հանկարծ ուժեղ ձայն լսվեց, դղրդոց մի հատ անհասկանալի, չհասկցանք` ինչ է կատարվում։ Գետինը սկսեց դղրդալ, ըմբես կդղրդար, որ չէինք կարող քայլել։ Հազիվ մի կերպ դուրս եկանք դպրոցից։ Երեխեքը խուճապահար փախնում էին։ Մինչև դուս եկանք, արդեն վերջացել էր։ Մի երկու վայրկյան հետո սկսվեց երկրորդ ցնցումը, ավելի ուժեղ, քան առաջինն էր։ Հանկարծ հիշեցի փոքր քրոջս մասին։ Մնացած քույրերս արդեն դուրս էին եկել։ Իսկ փոքրը առաջին դասարանցի էր։ Մի կերպ մտա դպրոց` աստիճանները քանդվել էին, բայց ես կարողացա բարձրանալ երկրորդ հարկ։ Գնացի քրոջս դասարան, բայց նրանք այնտեղ չէին. ուսուցիչը նրանց դուրս էր հանել։

Մայրս դպրոցում էր աշխատում, երբ տեսավ մեզ ՝չորս քույրերիս: Տեսավ, որ ամեն ինչ լավ է, միանգամից վազեց եղբորս հետևից՝ մանկապարտեզ։

Հավաքվեցինք բոլորս։ Հայրս էկավ, նստեցինք մեքենան ու գնացինք Լեննական՝ էն ժամանակ քաղաքի անունը Լեննական էր։

Գնացինք` մտածելով, թե մենակ մեզ մոտ է երկրաշարժ։ Մենք Լեննական էլ տուն ունեինք, ըդուր համար գնացինք։ Արդեն կհասնեինք, տեսանք դեպի մեր ավտոն թռնող թռչունների երամ։ Երամով այդ թռչունները էկան, հարվածին մեքենային ու ընկան ներքև։

Էս տեսարանը ես կյանքում չեմ մոռանա: Նրանք ինչ-որ բանից փախնում էին։ Ինչ-որ անհայտ բանից։

Արդեն մոտենում էինք քաղաքին, երբ տեսանք քաղաքի ճանապարհին դեպի մեր կողմը էկող մարդկանց։ Մեքենան կանգնեցրինք ու հարցրինք.

-Էս ո՞ւր կերտաք, ժողովուրդ։

-Ո՞ւր մնանք, ո՞ւր… Լեննական էլ չկա։

Առաջ էրտալով տեսանք մի ամայացած քաղաք։ Հեչ բան չէր մնացել։ Սարսափելի տեսարան։ Շենքի արմատուրներից կախված մարդկանց անդամահատված դիակներ, որոնք 13-14 տարեկան երեխան չի մոռանա երբեք, այդ տեսարանները տպվել են իմ հիշողության մեջ։

Բազմահարկ շենքերից մնացել էր միայն հեղինակավոր «16 հարկանին», որին այդպես էլ կոչում էին։

Հասանք մեր շենքին, որը մեջտեղից կիսվել էր, բայց չէր փլվել։

Այդ շենքում էր ապրում նաև քեռուս ընտանիքը։ Նրանք բոլորը փնտրում էին միմյանց։ Բայց …

Քեռուս թոռը չկար…

Նրան չէին գտնում։ Դպրոցի փլատակների միջից 2 օր անց գտան նրա անշնչացած դին։

Ստիպված հետ վերադարձանք Ամասիա։

Ամասիայում ավերածություններ քիչ էին եղել՝ մի երկու շենք, բայց մենք չկարողացանք մեր շենքը մտնել, քանի որ ցնցումները կրկնվում էին։

Ստիպված մնացինք հորեղբորս նորակառույց պահեստում. մենք և երկու հորեղբորս բազմազավակ ընտանիքները։

Այստեղ մնացինք մոտ 10 օր, մինչև եկան մարդասիրական ավտոբուսները։

Կանանց ու երեխաներին այդ ավտոբուսներով տարան Կիրովական (Վանաձոր)։

Փրկվածներին գնացքով տեղափոխում էին Խորհրդային Միության տարբեր եղբայրական հանրապետություններ։ Գնացքը գնում էր Ուկրաինա, բայց մեզ համար տեղ չկար։ Մեր հետ եկող կանայք շատ լաչառ էին։ Ստիպեցին ևս մեկ վագոն ավելացնել մեզ համար։

Ուղևորվեցինք դեպի Ուկրաինա։ Այնտեղ հյուրատանը ապրեցինք մոտ 2 ամիս։ Ամանորին այնտեղ էինք, հատուկ մեզ համար տոնածառ դրեցին հյուրատանը, Ձմեռ պապ բերեցին, ուզում էին թեթևացնել մեր վիշտը, բայց ապարդյուն։

Այնտեղ մեզ լավ ընդունեցին, բայց ժամանակն էր հետ վերադառնալու, և մենք հետ եկանք Երևան: Երկու ամիս էլ այնտեղ ապրեցինք և հետ եկանք մեր հայրենի Ամասիա։ Այս անգամ սկսեցինք ապրել վագոնի մեջ, հետո վագոնները դարձան երկուսը, և ի վերջո տուն ստացանք։

Էհ, գյումրեցի, գյումրեցի… Ավաղ, շատ ցավ ես տեսել, տառապանք ես կրել բայց միշտ էլ պատվով ես դուրս եկել բոլոր փորձություններից»։

mariam hayrapetyan

Կներես, Գյումրիս

Աղետից 10 տարի հետո ծնվել եմ ես։ Եվ իմ գիտակցական ողջ կյանքում ես իմացել եմ` ինչ օր է դեկտեմբերի 7-ը։ Ես ու ինձ նման շատերն ավելին ենք հասկանում այս օրվա նշանակությունը, քան Հայաստանի այլ վայրերում բնակվող հայերը։ Մենք Շիրակից ենք։ Գյումրին ու Շիրակի շատ այլ վայրեր ծնկի եկան այդ օրը։ Ծնողներս, իմ շատ հարազատները, մեծ կորուստներ են ունեցել: Մայրիկս, որն ապրում էր Ամասիայում, պատմում է, թե ինչպես իրենց տունը մեջտեղից կիսված տեսնելով, իրենց բազմազավակ ընտանիքը միանգամից փախել է Գյումրի, չիմանալով, որ շատ ավելի լուրջ վնասներ է կրել Գյումրին։ Մայրիկս 14 տարեկան էր, և պարզ հիշում է, թե ինչպես են մնացել առանց տան, ինչպես են մի քանի ամիս բնակվել վագոն-տնակում, հետո տեղափոխվել Երևան, ապա ՌուսաստանիԴաշնություն, բայց չհարմարվելով պայմաններին, նորից հետ են վերադարձել Հայաստան` մեր ավերված գյուղը։

Հորաքույրս, որն այդ օրերին ապրում էր Գյումրիում, կորցրել է իր ընտանիքը` մնալով միայնակ իր տղայի հետ։ Հաղթահարելով անասելի ողբերգությունը՝ աղջկա, ամուսնու մահը, այդ անելանելի վիճակը, այսօր ոտքի է կանգնել, սակայն Հայաստանի սահմաններից դուրս է բնակվում։

Իսկ այսօր, 28 տարի անց, ինչպիսի՞ն է Գյումրին։ Պաշտոնապես այն լրիվ վերականգնվել է, իդեալական վիճակում է, ոտքի է կանգնում։ Բայց օրեցօր դատարկվող քաղաքը, ակտիվ արտագաղթը, հազիվ օրվա հացի գումար վաստակող մարդիկ ուրիշ բան են փաստում։

Կներես, իհարկե, Գյումրիս, ես այն սերունդը չեմ, որ ապրեց աղետը, բայց այն սերունդն եմ, որ տեսնում է այն, ինչ կատարվում է այսօր։

hripsime baloyan

Երկրաշարժը պապիկիս հիշողություններում

-Պապ, գիտե՞ս էգուց ինչ օր է:

-Բալես, ես ժամ-պատարագ կորցրել եմ: Ի՞նչ օր է:

-Դեկտեմբերի 7-ն է, պապ: Կհիշե՞ս,- ուզում էի շարունակել խոսքս, բայց պապիկս հայացքը դեպի ներքև ուղղած մի քանի անգամ կրկնեց.

-Դեկտեմբերի 7, 12-ին 20 պակաս… Դեկտեմբերի 7, 12-ին 20 պակաս…

Ու ես հասկացա, որ թեև իր տարիքին, հիշողությունները այդ օրվա մասին թարմ են մնացել: Ապա խնդրեցի պատմել երկրաշարժի մասին`սկզբից մինչև վերջ:

Ինչպես որ շատ հարցերում, այս մեկում էլ ինձ չմերժեց և մեկ բաժակ ջուր խմելուց հետո սկսեց պատմել:

-Ամեն ինչ սովորականի պես էր: Ես շուտ զարթնել, գնացել էի գործի: Տունը մերս էր, տատիկդ, քեռիդ, մորքուրդ ու մամադ: Քեռիդ ու մորքուրդ փոքր էին, իսկ մամադ արդեն դպրոցական էր, քեզի պես 9-րդ, թե 10-րդ դասարան: Տատդ քեռուդ ու մորքուրիդ քնացրել էր, օր մամայիդ դպրոց ղրկեր: Դռան շեմի մոտ սարքածս աթոռի վրեն նստած մամայիդ մազերն կհուսեր, որ դպրոց ղրկեր: Էդ ժամանակ դպրոցները առաջին -երկրորդ հերթերով էին: Մեր բախտից էր, օր մերդ երկրորդ հերթ էր,- թախծոտ ձայնով ու աչքերով շշնջաց պապս:

-Ինչի՞ համար, պապ:

-Եթե 5 րոպե ուշ սկսվեր երկրաշարժը, մամադ արդեն տնից դուրս եկած կեղներ, ու ինչ գիտես` ինչ….

-Լավ, պապ, էդ հատվածից անցի առաջ,- ասացի ես, չուզենալով մտածել այն մասին, թե ինչ կարող էր լինել մայրիկիս հետ, եթե նա երկրաշարժի ժամանակ դպրոցի ճանապարհին լիներ:

-Իսկ դու պապ, դու ի՞նչ կենեիր, ո՞ւր էիր:

-Ես էդ վախտերը լավ գործի էի: Հեչ մեկի տունը հաց չկար: Մարդիկ չեքերով ու ժամերով հերթ կանգնելուց հետո հազիվ կկռնանային հացմ առնեին, իսկ մեր տունը լիքն էր հացը: Հլը սա` ընչի՞:

-Ընչի՞:

-Որովհետև փռի հետ գործ կենեի ու մեծ ավտոներով մեկ հաց կբերեի, որ մարդիկ առնեին: Սաղ օրը հերթ էր մեր տան մոտ:

-Հա, պարզ է: Լավ, պապ, չշեղվենք:

-Ինչ չենե՞նք…

-Երկրաշարժից պատմե, պապ:

-Հա, ո՞ւր էի հասել: Ուրեմն, ես ավտոյի մեջ էի ու նախքան երկրաշարժի սկսվելը վատ զգացի: Գլուխս կֆռռար ահավոր: Ավտոյից իջա, մաքուր օդին կանգնա ու վայրկյաններ չանցած հավասարակշռությունս մեկից կորցրեցի: Անկախ ընձնից կօրորվեի ճաքած գետնի վրա: Երկինքը մեկից մռայլվավ, ու դղրդունը սկսվավ: Արդեն հասկնալով, ինչ կկատարվի, կփորձեի, օր գայի հասնեի տուն` մորս, երեխեքիս մոտ: Ժողովրդի ձեները, շենքերի գետնին հավասարվելը առ հմի աչքիս դեմն է,- արդեն արցունքներն աչքերին էր պատմում պապս:

-Ջուր բեր, բալես,- կտրուկ ձայնով ասաց պապս:

Արագ գնացի բերեցի ու ասացի.

-Իսկ հետո՞:

-Հետո, ի՞նչ հետո: Չեմ հասկցել ինչ ձևով, մե կերպմ եկել եմ մայլա, ու մերոնք արդեն հարևանների հետ դուրս էին եկել պատի տակ: Մեկը-մեկին բռնած կանգնել էին: Վազեցի մերոնց մոտ ու երեխեքիս առա քուչս: Բան չէր լսվի, մենակ մարդկանց, երեխեքի լացի ու երկրի դղրդունի ձենն էր քաղաքով մեկ: Ամեն մարդ իրա հարազատի տերն էր: Հեչ մեկի աչքին ուրիշը չէր երևա, մինչև որ քիչմ չհանդարտավ: Ահագին ժամանակ էդ պատի տակ կեսը կանգնած, կեսը նստած մնացին, մինչև խելքներս եկավ գլուխներս: Մայլեն լիքը փոքր երեխա, դուրսն էլ ցուրտ, առանց հաց, ջուր: Տղամարդկանցով գնացինք մայլի խանութները: Արդեն ամեն ինչ քանդված ու ավիրված էր: Ինչ որ հնարավոր էր, վերցրեցինք խանութից, բերեցինք մայլի ժողովրդին: Երեխեքին տոպրակներվ կանֆետ, պեչենի:

-Առանց փող ուտելիք բերեցի՞ք, պապ:

-Բալես, էդ պահին ո՞ւմ աչքին կերևար փողը: Սաղ խանութների դռները բաց, քանդված, մարդ չկար: Իմ դարդս ընտանիքիս բան չեղնելն էր: Աչքիս բան էլ չէր երևա: Ժամեր հետո արդեն համեմատած հանդարտ էր, բայց էլի մռայլ, ցուրտ, մուխ: Մերս մտավ տուն, ինչ տաք շոր ընկավ ձեռի տակ, բերեց: Դուրսը կրակ վառեցինք, հաց կերանք ու ըդպես մինչեւ մյուս օրվա առավոտ, մինչև Երևանից եկան ու ավտոներով մեզի տարան:

leyli tadevosyan

Ասում են…

Ասում են` ուղիղ 28 տարի առաջ երկինքն ու գետինը ձուլվել էին իրար, ոռնում էր մի անխիղճ գազան ու իր երախը կլանում մի կոլորիտային ու կյանքով լի քաղաք` Գյումրիս…

Ասում են` ավերվեց մի ամբողջ քաղաք, որդին զրկվեց մորից, քույրը` եղբորից, կինն ամուսնուց, ու փոխվեց ամեն ինչ, ամեն, ամեն ինչ, բացի թասիբից, որ նստած է գյումրեցու արյան մեջ…

Ասում են` երկու օր անընդմեջ անձրև էր գալիս, մի տաք անձրև, որ հետո սառը ցնցուղ էր դառնալու Գյումրուս համար…

Ասում են` դեկտեմբերյան այդ օրը չարաբաստիկ դարձավ մեզ համար… Էնքա՜ն են ասել, որ ես էլ պատկերացնում եմ էդ օրը, էդ անիծված օրը, որ ասես զմռսվել է մեր պատմությանը ու չի ուզում սպիանալ…

Հիմա էլ կզգաս էդ օրվա «ներկայությունը», եթե տեսնես դեռևս կիսաքանդ որոշ կառույցներ, բայց նայելով Ամենափրկչի նորոգված սուրբ կատարին` կհասկանաս, որ չէ’, ամեն ինչ դեռ առջևում է. կյանքը շարունակվում է, ու ամեն ինչ լավ է լինելու…

Ես` արդի գյումրեցիս, որ դեռ կրում է նույն «ջիգյարն ու թասիբը», վստահ եմ, որ ամեն բան լավ է լինելու: Գյումրեցին էլի յոթ որդով սեղան է նստելու, ամեն կիրակի եկեղեցի է գնալու ու ասելու է. «Է՜հ, մեռնիմ զորությանդ…», շրջելու է նորակառույց, բայց հնաբույր փողոցներով ու հիանալու է իր աննման քաղաքով…

Ասում են նաև, որ մենք ուրիշ ենք, մենք մի ուրիշ տեսակ ենք ու դիմանում ենք ամեն ինչի: Ճի’շտ են ասում…

Դժվար է խոսելը այս օրվա մասին: Ամեն ինչ մի տեսակ դժգունում է, մանավանդ, երբ տեսնում ես մարդկանց տխուր ու մտածկոտ հայացքները… Բայց…

Վաղվա օրը միշտ ավելի խոստումնալից է, վաղն ավելի ուրախ ու ջերմ է լինելու, ու գյումրեցին գիտի դա…