Maraiam Khazaryan Shirak

Հայաստանում պահանջվում են ռոբոտացված մարդիկ…

Անգլերենի, ռուսերենի գերազանց իմացությամբ։ Այլ ազգի մոտ ամոթով չմնալը, ուսուցչի համար ժամ ապահովելը, հարևանի երեխայից զարգացած լինելը տրվում է՝  աշխատավարձի փոխարեն։

Հայոց լեզվի իմացությունը պարտադիր չէ, քանի որ ռոբոտների աշխատանքը, այլ ազգի քմահաճույքների կատարումն է։ Աշխատանքը օտար լեզուներ սովորելն է, որի արդյունքում, կմոռանաք գրական հայերենը։ Պարտադրվում եք սեփական երկրում (երկրից դուրս) կիրառել ոչ հարազատ լեզուն, այսպիսով,  խոսքը մարդկանց հասանելի դարձնել։ Շնորհակալությունը՝ դարձել է thanks, այոն՝ да, բարև-ին փոխարինում է привет-ը, բառերը շարունակելի են։

Այսքան հարազատ երկրում, այսչափ օտար բառերը, մղում են սեփական երկրի՝ կործանման,  օտար ազգի՝ զարգացման։ Հայերեն լեզվին գերազանց տիրապետումը հայրենի հողում երկրորդական է դարձել։

Օտարացել ենք բառերից, և  բառերը սկսել են ծիծաղելի թվալ։ Արժեքավոր բառերը մոռացության են մատնվել, մի շարք բառեր օգտագործվում են ձևանմուշ։ Գեղեցիկ խոսելը մեր ժամանակներում այժմեական չէ։ Փաղաքշական բառերի շարքում ավելացվել են կենդանական անուններ։ Գործածում ենք թուրքերեն, պարսկերեն, արաբերեն բառեր՝ ղզիկ, ազիզ, բոյ, մեյդան, և կարծում ենք` խոսում ենք անմիջական, մինչդեռ արմատախիլ է լինում սեփական լեզուն։ Յուրաքանչյուր հայ պարտավոր է գործածել և հարստացնել հայոց լեզուն։

Մեր լեզուն մեր ինքնության դրոշմն է:

Edita Galstyan new

Շղթայված հանդիսատես

Անվերջ մտքեր։ Դու։ Կողքովդ անցնող կյանքը։

Կյանքը կողքովդ անցնում է, իսկ դու կտրված ես աշխարհից։ Մարդիկ, րոպեները, ժամերը, օրերը կողքովդ քայլում են կամ վատագույն դեպքում՝ վազում։ Իսկ դու՞… Դու միայն նայում ես նրանց,  քո աշխարհը գրկել ու բաց չես թողնում։

Կյանքը քեզ հրում է իրենից դուրս, ու դու մնում ես միայն հանդիսատեսի կարգավիճակում։

Մարդիկ քեզ չեն հասկանում, դու՝ իրենց։ Կյանքը անվերջ գնում է կողքովդ ու անգամ չի էլ բարևում։ Ու դու ստիպված մենակ նայում ես, իսկ վայրկյանները օրեր են դառնում, օրերը՝ ժամեր, ժամերը՝ շաբաթներ, շաբաթնե՞րը…

Ի տարբերություն կյանքի՝ մտքերդ երբեք քեզ չեն մոռանում։ Ո՛չ քեզ են դուրս հրում իրենցից, ո՜չ էլ դու ես կարողանում իրենցից դուրս գալ։ Ու իրենք քեզ դարձնում են իրենց գերին, ու դու շղթայված մնում ես մտքերիդ բանտում և ճաղերի միջից նայում անվերջ վազող կյանքին։

Դու պիտի դուրս գաս բանտիցդ, որը ինքդ քո մեջ ես ստեղծել, բայց իրական բանտի ճաղերը կոտրելը, շղթաները քանդելը ավելի հեշտ է,  քան թե ինքդ քո միջից դուրս գալը, շղթաներդ պոկելը, մի կերպ կյանքի հետևից վազել հասցնելդ։

Կյանքը վազում է։ Հաղթանակ է տոնում մրցավազքում։ Կկարողանա՞ս քանդել շղթաներդ…

Elena hovhannisyan

Ծանր բառեր

Երբևէ Մովսես Խորենացու «Ողբ»-ը կարդացե՞լ եք։ Եվ ի՞նչ եք զգացել առաջին անգամ կարդալիս։

Երբ կարդացի առաջին անգամ, չզգացի այն խորն ու արմատացած ցավերը ամեն մի տողում, որ գոյություն ունեին։ Ես չէի հասկանում, ինչպես կարելի էր ողբալ մի երկրի համար, եթե միևնույն ժամանակ ասում էին, որ հենց նույն երկրի ժողովուրդը միասնական է, ազնիվ, արի, շատ փորձությունների ու դժվարությունների միջով անցած։

Անցան տարիներ, ու ես ժամանակ առ ժամանակ վերընթերցել եմ «Ողբ»-ը։ Ես հասկացել եմ, որ կան տողեր, որոնք մեր առօրյան նկարագրում են ամենաիսկական ձևով։ Ու չնայած ամենաճիշտ տողերին, որ կան «Ողբ»-ում, որոնք առավել քան արդիական են, այնուամենայնիվ ես չեմ կարող համաձայնվել, որ զինվորականները անարի են կամ զենք ատող։ Ու այս տողերը իր սրտում կժխտի յուրաքանչյուր հայ հիմա՝ պատերազմից հետո։ Մենք անզոր ենք, այո՛, բայց որքան զորեղ են նրանք: Մենք անկարող ենք, այո՛, բայց որքան փորձություններ հաղթահարեցին նրանք։ Նրանք, որ նռնակներ պայթեցրեցին իրենց ձեռքերում, այդքան արիությո՞ւն։ Նրանք, որ ընկերոջը փրկելու համար, իրենք նահատակվեցին, կյանքեր փրկեցին՝ կյանքերի գնով։ Եվ ես, այս ամենը միայն լսել եմ, լսել եմ, որ չեն ունեցել զենքեր, որ շատերը հրաշքով են փրկվել, որ բոլորը գիտակցաբար են ընկել դաշտերում, որ… բայց… եթե…

Պատերազմից հետո այլևս ոչ մեկի դեմքին չկա անկեղծ ժպիտ, իսկ իրավունքը կա՞ ժպտալու։

Մորաքրոջս ամուսինը զոհվեց կռվում… Երկար օրեր անցան, երբ կարողացա խոսել մորաքրոջս հետ, ու ի՞նչ սփոփանքի խոսք կարող էր լինել, որ կարողանար սփոփել նրան։ Չկան նման խոսքեր, որովհետև իր երեքամյա որդին սպասում է հորը, ու ամեն օր մորաքրոջս հարցնում է. «Մամ, բա պապան ե՞րբ ա դիրքերից իջնելու»: Դաժան է…

Դաժան է, երբ իմանում ես, որ զոհվել է 19-ամյա համագյուղացիդ, ու դաժան է նրա հարազատների աչքերին նայելը։ Դաժան է, երբ իմանում ես, որ զոհվել է մյուս համագյուղացիդ, ու դաժան է նրա երեխաների աչքերի մեջ նայելը: Ու թեև այս ամենին,  անչափ հպարտություն կա, որ ճանաչել ես նրանց։ Դաժան է, երբ չես ճանաչում ուսուցչուհուդ որդուն, բայց իմանում ես, որ նա հերոս է  դարձել` իր քաջությունը օրինակ դարձնելով հաջորդ սերունդներին, ու դաժան է ուսուցչուհուդ աչքերին նայելը։

Պատերազմի տասներորդ օրն էր, երբ հեռուստացույցով ընկերուհուս եղբոր անունը հայտնեցին, բայց նրանից ոչ մի լուր չկար։ Ես երբեք չեմ կարող մոռանալ այն պահը, երբ ընկերուհիս ուրախ ձայնով ասաց, որ սուտ է լուրը, ու նա հաստատ կզանգի ու հաստատ կգա… Ու դաժան է այդքանից հետո 4 ամիս անց նրա դին հողին հանձնելը։ Մյուս ընկերուհիս էլ, երբ ուշանում էր եղբոր զանգը, մեռնում ու վերակենդանանում էր, երբ լսվում էր հեռախոսի այդքան սպասված զանգը։

Շատերը չէին մտածում, որ վերջին անգամ են իրենց որդուն համբուրելու, երբ ուղարկում էին բանակ։ Ուղարկո՞ւմ էին, տանո՞ւմ էին, թե կամավոր էին գնում՝ քաջերը։

Մենք պայքարում ենք ողջ կյանքում` ինչ-որ երազանքներ իրականություն դարձնելու համար, ու դաժան է գիտակցել, որ նրանք մեզ համար, իրենց նվիրական երազանքները դաջեցին սառը հողերին։ Դաժան է գիտակցել, որ ոչ ոք, ոչ ոք չի կարողանալու ետ բերել նրանց, դաժան է գիտակցել, որ մենք ոչ ոք ենք տարօրինակ աշխարհում այս։

Այս ամենը, որ 44 օր կրծեց մեր հոգին, ու շարունակում է մաշել մեզ ու մեր սրտերը, գրվելու է դասագրքերում, դառնալու է պատմություն, որը աշակերտներին սովորեցնելու են 2-3 դասաժամում, հետո ծույլերից մի քանիսը չեն հիշելու զոհերի թիվը, ու գրքերից են արտագրելու։ Այն, ինչ կործանեց շատերին, ուղղակի մնալու է գրքերում, ու պատմելու են, կարդալու են միայն, այն, ինչ մենք զգացինք ու մինչ այժմ էլ ոչինչ չի հանում այդ վիճակից…

Մովսես Խորենացու «Ողբ»-ը կարդացել եք անշուշտ: Զգացե՞լ եք ամեն բառի ու հնչյունի ծանրությունը…

Edita Galstyan new

Քաղաքի աղմկոտ փողոցները

Քաղաք։ Ավտոմեքենաներ։ Աղմուկ։

Քայլում ես քաղաքի փողոցներում, ականջիդ մեջ քաղաքի աղմուկն է, ներսումդ՝ քո։

Գնում ես ամենօրյա ճանապարհովդ. էն ճանապարհով, որ էնքան է հարազատ դարձել, որ աչքերդ էլ փակես, ոտքերդ ինքնուրույն կգնան։

Անցնում ես քաղաքիդ փողոցներով, նայում ես այս ու այն կողմ, մարդիկ տարբեր արագությամբ գնում են։ Մե՜կ շտապում են, մե՜կ վազում, մե՜կ էլ ճոճվելով հազիվ տուն են ուզում հասնել։

Դու գնում ես, քաղաքը հետդ տանում։ Մտքումդ խառը մտքեր են։ Մե՜կ ամենասովորական ամենօրյա մտքեր են պտտվում գլխումդ, մե՜կ էլ ամենատարօրինակ ու անսպասելի մտքերը, որ երբևէ ունեցել ես։

Քաղաքդ արդեն չի հասցում հետևիցդ գալ, սկսում ես արագ քայլել, ինքդ քեզ տեսնում ես խանութների մուգ ցուցափեղկերում, որոշում ես մի րոպե կանգնել, նայել՝ նման էիր վերջին անգամ տեսածդ քեզ: Հետո հանում ես հեռախոսդ, նկարվում, հետո պատուհանից տեսնում ես, որ մի տեսակ տարօրինակ են նայում քաղաքիդ մարդիկ։ Հետո հասկանում ես, որ ոչ թե իրենք են տարօրինակ նայում, այլ էստեղի միակ տարօրինակը դու ես։ Թողնում, արագ գնում ես էդտեղից, կարծես ոչ մի բան էլ չէր եղել։

Ճանապարհին տարբեր տներ ես տեսնում, մեկի լուսամուտը փոշու մեջ կորած է, մյուսինը փայլում է մաքրությունից։ Հետո հասկանում ես, որ փոշոտ պատուհանով տան մարդիկ ոչ թե փնթի են, այլ  վաղուց թողել են տունը, գնացել…

Գնում ես, փողոցը վազում է հետևիցդ, մի կերպ բռնում է քեզ։ Դանդաղեցնում ես քայլերդ, փողոցը աղմկում է, դու՝ լռում, բայց մոռանում ես քաղաքդ, էլի թողնում իրեն էլ, իր աղմուկն էլ ու ներսիդ աղմուկից վազում տուն…

Anna mkhitaryan

Լինել ուսանող

Երկար ժամանակ է, ինչ դժվարանում եմ ընկալել այն հանգամանքը, որ ես ուսանող եմ:

Բարև, ես Աննան եմ, 1-ին կուրսի ուսանողուհի…

Սա, իհարկե, ոչինչ չի կարող նշանակել շատերի համար, բայց ինձ համար մի հաստափոր գրքի պատմություն է: Ես առաջին օրվանից թերահավատորեն եմ մոտեցել այս նախադասությանը: Հաճախ եմ ինքս ինձ հետ խոսում ու փորձում հասկանալ, թե ի՞նչ է նշանակում լինել ուսանող: Լինել ուսանող նշանակում է` մի ամբողջ կիսամյակ ինքդ քեզ համոզել, որ էլ դպրոցական չես, որ էլ դպրոց չես գնալու, ու էն փաստը, որ դպրոցը ավարտել ես, որ ուսանող ես…

Լինել ուսանող նշանակում է` հասկանալ, որ գիշերը գոյություն ունի կյանք՝ լեկցիա կարդալու, մեկ օրում քննության պատրաստվելու և թղթերը գրկելով մի լավ լացելու համար: Հասկանալ, որ գիշերը ընդհանրապես քնելու համար չէ:

Լինել ուսանող նշանակում է` հեռախոսի մեջ ունենալ լեկցիայի լիքը նկարներ, բայց միևնույն է, դրանք քեզ երբեք պետք չեն  գալու:

Լինել մերօրյա ուսանող նշանակում է` ավելի շուտ սովորել «զումի» գաղտնիքները, քան մասնագիտական լեկցիաներ կարդալ: Կամ արթնանալ դասից 5 րոպե առաջ,  ներկա ստանալ ու մի ժամ էլ քնել:

Լինել ուսանող նշանակում է` կա՛մ պարապել, կա՛մ մտքում միշտ «Հայր մերը» ասել:  Կամ պատասխանել այն հարցին, որը պարապելու ժամանակ ասել ես. «Ա, լավ դե, միևնույն է, սա ինձ չի ընկնելու»:

Լինել ուսանող նշանակում է` բարձր կուրսեցիների հետ բարեկամներ լինել, որ ամեն հարց առաջինը իրենց տաս, դասախոսների մասին մի լավ հարցուփորձ անես ու կարծիք կազմած գնաս առաջին դասին:

Լինել մերօրյա ուսանող նշանակում է` իմանալ, որ հեռախոսի էկրանը կիսվում է, բայց  այնուամենայնիվ, իմ նմանները չեն կարողանալու կարդալ, որովհետև տեսողությունը վաղուց լքել է:

Դե ինչ, ողջույններս բոլոր նրանց, ովքեր դեռ չեն հավատում ուսանող լինելուն, ովքեր ամեն պահ կարոտում են դպրոցը, ովքեր երազում են մտնել համալսարանի  շենք, ովքեր իրականում մարդկանց հետ շփման կարիք ունեն: