Դիլիջանյան մեդիա ճամբար. Դե…Նկարում եմ…

Կինո, ֆոտո, վարպետության դաս: Դե, փորձեք մի քանի ժամվա ընթացքում նստել նույն տեղում, ուշադիր լսել ու ընկալել: Բայց ես չեմ դժգոհում: Նստում եմ դասերին, շատ ուշադիր և փորձում եմ ընկալել մաքսիմալ տեղեկատվություն:
-Նայի` լույսը նորմալ լինի:
-«Դյորգը» շատ ա:
- Մի քիչ բարձր խոսա` չի լսվում:
-Դե, նկարում եմ: Երեք, չորս: Սկսի…
Դե երևի մի մասը հասկացան, իսկ ովքեր չհասկացան՝  կբացատրեմ: Մենք երեք հոգանոց խմբերով պետք է իրարից հարցազրույց վերցնեինք և ընթացքը նկարեինք: Բազմաթիվ անհաջող փորձերից հետո մի քանի կադր ստացվեց: Ընդհանուր քննարկման ընթացքում հասկացա սխալներս, որոնք մյուս օրերի ընթացքում կփորձեմ հնարավորինս շտկել: Օրվա ընթացքում աշխատում եմ շփվել հնարավորինս շատ մարդկանց հետ, բաց պետք է խոստովանեմ, որ մի քիչ փակ բնավորությանս պատճառով դա ինձ հեշտ չի տրվում:

Մի խոսքով, գոհ եմ օրվանիցս  և շարունակում եմ սպասել ավելի հետաքրքիր օրերի:

vahe stepanyan

Գովք գրպանի

Այ դու: Հա, հա հենց դու: Երբևէ մտածած կա՞ս` ինչի համար ա գրպանը: Նոր ես էի մտածում:

Մտածում եմ…

Օրինակ, դու երբևէ մտածե՞լ ես, թե ինչքա՞ն կարող ես ապրել առանց գրպանների: Հա, լավ: Կյանքը գրպանից կախված չէ, ինչ խոսք: Բայց, բայց… Բայց ախր, մի կողմից` լրիվ ուրիշ կլիներ կյանքդ: Թե՞ դու ձեռքերդ գրպաններդ չես դնում: Անհնար ա: Գոնե ասեք` երբ ձեռքերդ առանց անհրաժեշտության դնում եք գրպաններդ, ի՞նչ եք զգում: Կամ` ի՞նչ եք մտածում: Ինչո՞ւ դրեցի: Երբ ձեռքդ դնում ես գրպանդ… Մի տեսակ` եսիմ … Ինքնավստահ ես, չէ՞ զգում քեզ:

Դու գրպանումդ պահում ես երթուղայինի համար առանձին դրած 100 դրամդ: Մյուսը պահում է տան բանալին: Մյուսը` ուղղակի հեռախոսն է դրել այնտեղ: Իսկ ոմանց մոտ ուղղակի աղբ է: Դե, բայց էդ աղբն էլ հո հասարակ չի՞: Մի հատ արևածաղկի սերմ մնացել է ամառվանից՝ երբ գիշերը ընկերներիդ հետ էիր զրուցում: Մի հատ երկար մազ էլ մնացել է քրոջդ մազակալից, էն որ «ներվերն էիր էլի ուտում», դրել էիր գրպանդ, իսկ քույրդ կատաղած փնտրում էր: Բա էն «շուրուպը» որտեղի՞ց: Էն թղթի կտորը: Էն կոնֆետի թուղթը…

Էհ, էհ: Հազար-հազար հիշողություններ: Բա… Գրպանից կարա մի հատ գիրք դուրս գա: Ուղղակի մի հատ լավ փորփրի …

Ի՞նչ ա ինձ համար գրպանը: Մնացել ա փոքրիկ քարերով լցնել, որ «ռագատկից» կրակես…  Լիքը, լիքը…

Քարից հաց քամող հայը

Իմ պատմության հերոսը Վայոց ձոր մարզի Արենի գյուղի բնակիչ Հայկ Ոսկանյանն է: Բայց նրա մասին մի քիչ հետո: Նախ մի փոքր նրա բնակավայրի մասին: Այս գյուղի անվանումն արդեն իսկ շատ բան է ասում նրանց, ովքեր նախընտրում են Արենի խաղողի տեսակից պատրաստված գինին, ովքեր հետաքրքրված են նախամարդու ձեռքով պատրաստված ամենահին կաշվե կոշիկի գտնվելու վայրով: Իսկ ընդհանուր առմամբ այս գյուղի բնակիչներն աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ և օժտված են հայ մարդու համար բնութագրական դարձած վաճառականի արհեստով: Այդ տեսանկյունից ինձ պազապես հիացրել է Հայկ պապիկը: Նա մերօրյա բիզնեսմեն – մենատնտես է, ով զբաղվում է խաղողագործությամբ: Եթե մեկ օր ձեզ հաջողվի հյուրընկալել նրան, դուք կհրաժարվեք այն մտքից, որ մեր օրերում օրնիբուն չարչարվող գյուղացին ապրուստ չի կարողանում ստեղծել:

Գյուղից դուրս, սարի փեշին մի գողտրիկ անկյունում նա իր ընտանիքի անդամների հետ միասին կառուցեց իր օջախը, հիմնեց խաղողի այգին ու սեփական փոքրիկ գինետունը:

Լուսանկարը` Անի Կարապետյանի

Լուսանկարը` Անի Կարապետյանի

Հիմա կմտածեք մասնագիտությամբ գյուղատնտեսի մասին եմ խոսում, մինչ դեռ իմ պատմության հերոսը երկար տարիներ վարորդի փորձ ունեցող, սակայն հայրենի հողը սիրող մարդ էր, ով մեծ երազանք էր փայփայում իր սրտում: Հիմա այդ երազանքը իրականություն է դարձել. իր ձեռքերով մշակած սեփական այգու խաղողից ավանդական՝ մեր պապենական եղանակով խաղողից գինի է ստանում և հենց իր տարածքում կառուցված հյուրատանն էլ հյուրասիրում իր այցելուներին:

Լուսանկարը` Անի Կարապետյանի

Լուսանկարը` Անի Կարապետյանի

Նա մասնակցում է տարբեր ագրոծրագրերի, ունի շատ հետաքրքիր գաղափարներ, և որ ամենակարևորնն է, ունի մեծ հավատ իր գործի նկատմամբ:
Հ. Գ. Կարծում եմ, որ այս մարդը լավագույն օրինակ կարող է դառնալ շատ ու շատ մարդկանց համար:

Mane Babajanyan

Հանուն երազանքի

Գիտե՞ք, այն ինչ կասեմ հիմա, գուցե շատերիդ համար անընդունելի կամ անհասկանալի թվա, բայց հաճախ մեռած երազանքներն ավելի մեծ ցավ են պատճառում, քան հարազատ մարդու կորուստը:

Հիմա բացատրեմ: Պատկերացրեք դուք ունեք մի նվիրկան երազանք՝ դուք դրան եք տրամադրում ձեր ողջ ժամանակն ու մտքերը, օրեր ու ամիսներ շարունակ գիշերները քնելու փոխարեն պատկերացնում եք դրա իրականացումն ու անկախ ձեզանից ժպտում,  ու մի օր…

Մի օր պարզապես ամեն ինչ փշրվում է՝  անսպասելի ու միանգամից,  ուղղակի կորչում է վայրկյանների գլխապտույտ հոսքի մեջ,  ու դու հասկանում ես, որ երազանքդ մեռնում է,  ու դրա հետ նաև՝ սրտիդ մի մասը:

Ես դա հասկացա ամիսներ առաջ՝ ինձ համար շատ անսպասելի պահի, սկզբում չհավատալով, ապա՝ խելագարության հասցնող ցավով ընդունեցի այն ու հասկացա, որ երազելը միայն ցավ է պատճառում: Երբ հասկանում ես, որ հաշված օրեր հետո օդ բարձրացող ինքնաթիռն իր հետ տանում է երազանքդ, ու այն էլ՝ անդարձ, դադարում ես այլևս երազել: Եվ հիմա ես պարզապես էլ չեմ երազում ու չեմ էլ ցանկանում երազել:  Համաձայն եմ, շատերդ հիմա զարմացաք, կամ գուցե նաև մեղադրեցիք ինձ, բայց այո, ես մեկն եմ, ով չունի և ոչ մի երազանք, ոչ մի:

Ու գիտե՞ք ինչու, երբ երազանքդ փշրվում է քո իսկ աչքի առաջ՝ սիրտդ ասես փախչում է տեղից, բաբախում է գլխապտույտ արագությամբ, հետո… Հետո դանդա՜ղ մեռնում է: Ու դրանից հետո նորից երազել շարունակելու համար մեծ ուժ ու համարձակություն է պետք, որը, ցավոք, ես չունեմ: Եվ այո, ես էլ չեմ երազում, քանզի հասկացել եմ, որ կյանքում ամենացավալին դա երազանքդ թաղելն է, ու դադարելը երազել դրանից հետո:

Խնդրում եմ ինձ նման երբեք չվարվեք. պայքարե՛ք ձեր երազանքի համար, ու անկախ ամեն ինչից, երբեք մի դադարեք երազել, հիշե՛ք՝  երազանքը թևեր է տալիս կյանքում առաջ շարժվելու համար…

Դե իսկ ինձ մնում է միայն սպասել մինչ երազանքիս ինքնաթիռը նորից հետ կգա, կամ գուցե և չգա էլ: Բայց դուք սպասեք ձեր ինքնաթիռին ու երբեք, լսո՞ւմ եք, երբեք չդադարեք երազել:

Խմբագրության կողմից. Մանե, այն որ ուրշներին խորհուրդ ես տալիս չվհատվել, կեցցես, հենց նույնը քեզ ենք մաղթում: Երբեմն մենք երազում ենք բաներ, որոնք բոլորովին էլ մեր երազանքները չեն: Կամ` դեռ ժամանակ ու պատրաստություն ես ուզում մեզնից, մի տեսակ փորձում են մեզ` արդյո՞ք իսկապես ուզում ենք իրենց, արդյո՞ք պատրաստ ենք ընդունելու: Վեր կաց և մի վհատվիր: Ամեն բան լավ է լինելու:

vahe

17

17: Հա, ես 17 տարեկան եմ: Մի շաբաթ առաջ դարձա, ավելի ճիշտ: Դե, էլ ի՞նչ 17.am-ի թղթակից, որ էլ 17 տարեկան դառնալու մասին չգրի: Ասի` ի՞նչ ա եղել որ. ես էլ գրեմ: Էնպես ստացվեց, որ ես 17 տարեկան դարձա ճամբարում: «Սիրանույշ» ճամբարում: Դե, էլ ի՞նչ երկար-բարակ ճառեմ, եկեք պատմեմ:
Իմ պատմությունը սկսվում ա հուլիսի 28-ին: Ավելի ճիշտ, հուլիսի 28-ի առավոտ ժամը 8-ին: Ու սկսում ա` ոնց որ ամեն օրը ճամբարում:
-Լավ էլի, արա, արդեն 8-ն ա՞:
-Ութն ա էլի, որ ես «մուզիկան» միացրին:
Ու բոլորս միասին գլուխներս մտցրեցինք բարձերի տակ, պտտվեցինք պատի կողմը ու էլի քնեցինք: Քնեցինք մինչև.
-Տղեք, հելեք, պադյոմ ա, տղե՜ք,- մեր ջոկատավարն ա՝ Հովոն, դուռը դխկացնելով գոռումա,- հելեք պրծեք, սաղ արդեն զավտրիկ են անում, դուք քնած եք:
Ու դուռը ծեծում ա էնքան, մինչև ես հելնում, բացում ու ասում եմ.
-Հա, Հով, հելել ենք:
-Հլը, է: Արա, ո՞ւր էիք նախավարժանքին:
-Ուր պըտի ըլնեինք՝ քնած:
-Տղեք, հագնվեք, լվացվեք, հելեք ճաշարան:
Ու մինչև մեր ամբողջ սենյակը՝  5 հոգի, հերթի էր նստել լվացվելու, էլի մի 20 րոպե անցավ: Մինչև էդ արդեն մի քանի անգամ տարբեր ջոկատավարներ հերթով մտան մեր սենյակ ու հասցրին «թքել-մրել» մեզ:
-Էս թափթփած սենյակում ո՞նց եք ապրում: Էսօր մաքրում եք: Գամ տեսնեմ` սենյակը մաքուր հավաքել եք:
-Հա, Հեղին ջան, ոնց ասես:

Վերջը, չգիտեմ ոնց ստացվեց, դուրս եկանք սենյակից: Դուրս եկանք ու տեսանք, որ մենակ մենք չէինք քնած մնացել: Էս մեր վրացի հարևաններն էլ են մեր պես կարմրած աչքերով դուրս են եկել միջանցք ու մեր պես տանջվում են դուռը փակելու վրա: Հա, մոռացա ասեմ` մեր ճամբարին 35 հայ ու նույնքան էլ վրացի մասնակից կար: Հելանք ճաշարան  ու հանգիստ նստեցինք հաց ուտելու: Չէ, է : Հանգիստ նստարանի մեջքի վրայով թռա տեղս, որովհետև, եթե քաղաքավարի նստեի, սեղանը պիտի դուրս գար իր տեղից: Նստեցի: Թեյիցս մի կում փորձեցի, որ տեսնեմ` հո էլի աղ չե՞ն լցրել մեջը: Չէ, չեն լցրել: Հե-հե: Տարօրինակ ա: Ձեռքս տարա, որ շաքարամանը վերցնեմ, մեկ էլ կողքիս նստող վրացի աղջիկը՝  Սալոմեն,  ինձ այդքան հարազատ դարձած նախադասությունն ասաց, որն ընդամենը երկու բառից ա:
-Վուակե, լավաշի,- ասաց, թախանձող հայացք ընդունեց, ու մատով ցույց տվեց հացի ամանը:
- Лаваш передать что ли?
-Да, да,- ասաց, ուրախ ժպտաց ու շարունակեց ցույց տալ լավաշը:
-Աղջի, сколько раз повторять. Վահե, а не Վուակե, Վ Ա Հ Ե,- համ ասում եմ, համ էլ հացի ամանն եմ վերցնում, որ տամ:
-Վ Ա Հ Ե,- կրկնում ա հետևիցս Սալոմեն:
-Вот правильно,- ասում եմ ես ու ինձնից գոհ լավաշը տալիս Սալոմեին:
-Спасибо, Վուակե,- ասաց Սալոմեն իրենից գոհ ժպտաց ու պտտվեց վրացիների կողմը:
-Էս Սալոմեն ձեռ ա առնում,- ես էլ ֆռռացի հայերի կողմը ու միացա խոսակցությանը:

Օրվա ընթացքում ոչ մի հետաքրքիր բան չհասցրեց կատարվել: Գնացինք ատամնաբույժի մոտ, որտեղ մինչ պառկած էի ստոմատոլոգիական աթոռին, բերանս բաց` պլոմբելու գործընթացի համար, հասցրեցի քնել: Դասեր՝ կոնֆլիկտոլոգիա, վրացերեն, ռուսերեն: Խաղեր, որոնց շնորհիվ մեր ճամբարի տղաները վաստակեցին բազմաթիվ օստեոխոնդրոզներ ու «գրիժաներ»: Հետո աշխատանք խմբերում՝ պարի, դրամայի ու ձեռքի աշխատանքի: Հա, ու մեկ էլ մեր սիրելի ֆլեշմոբի փորձը, որի շնորհիվ ես ամեն գիշեր վեր եմ թռնում Կարիբյան ծովի ծովահենների սաունդթրեքից (ճամբարականները կհասկանան): Հա, քանի հիշում եմ, ասեմ` ամսի 28-ին մեր ջոկատավարներից մեկի՝ Ռուզանի ծնունդն էր , ում ես շա՜տ սիրեցի: Հա, ամսի 28-ին, իմ հիշելով,  ճամբարում «ինտելեկտուալների օրն էր»: Ուրեմն, երեկոյան միջոցառումը դրա հետ պիտի կապված լիներ: Մենք էլ որոշեցինք «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղալ : Խաղացինք, հաղթեցինք (ասի գլուխ ա` գովամ, էլի): Դե, հետո, ինչպես ամեն գիշեր, դիսկոտեկա՜ … Լավ է, հավես չկա՝ չեմ պարում: Հենա` Սոսոն, Լաշան, Անին, Թամոնան, Նանան լռված են ընդե, էթամ հետները նստեմ: Արա, դե էս վրացիք շատ լավն են, է: Մինչև երեխեքին բացատրեցի ծիրանը ինչ ա, ծիծաղից մեռանք: Հայերեն ասում եմ` չկան, ռուսերեն ասում եմ` չկան, անգլերեն ասում եմ` չկան: Անին ասում ա.
-Персик что ли?
-Да какой персик. Абрикос ребята, А Б Р И К О С,- ու սկսում եմ նկարագրել ծիրանը:
Իրար մեջ վրացերեն խորհրդակցեցին ու մեկ էլ.
-Аааа… арбуз ?
-Վաաախ,- ասում եմ ես ու երկու ձեռքով գլուխս բռնում, հետո տեսնում եմ էն կողմից մոտեցող Հովոյին,- Հով, սրանց կարա՞ս բացատրես` ծիրանն ինչ ա:
-Հա, խի չեմ կարա,- ասաց Հովոն ու ֆռռաց վրացիքի կողմը,- Ребята, ծիրան это абрикос:
- А что такое абрикос, Ово?- հարցրեց Անին, ու բոլորս ծիծաղից մեռանք:
Հա, արդեն պատմում էի , որ ծիրանը հայկական միրգ ա, որ բնօրրանը Հայաստանում ա ու սաղ աշխարհում Հայաստանից ա տարածվել, մեկ էլ Լաշան հելավ ու ասաց
-Давай за мной.
-Куда?
Ու չստացա պատասխան: Լաշան ինձ քաշեց տարավ, տեսա, որ էն կողմից էլ Հեղինեն Նաթիային ա քաշելով բերում:
-Էս ու՞ր, Հեղուշ:
-Իջեք ցած: Իջի, իջի ,- ու հրեց աստիճանների վրայով ցած:
-Ցած` ո՞ւր, է,- ասացի ես ու միանգամից հասկացա` ուր,- արյաա… Ես էլ ասեմ` ուր եք տանում:
Ամսի 29-ին իմ ու Նաթիայի ծնունդն էր:
-Էս իջնում եք ցած, որ սյուրպրիզ անեք, հա՞,-ասում եմ ես, ու Հեղինեն շարունակում է ինձ հրելով իջեցնել:
-Ի՞նչ սյուրպրիզ, է, արագ իջի:
-Հա լավ, արդեն հարամ եմ արե, Հեղուշ, էլ ո՞ւր,- ասում եմ, բայց արդեն հաճույքով եմ իջնում:
-Հեղո՞ւշ:
-Ասա:
-Բա տորթ լինելո՞ւ ա:
-Շատ կերազես:
-Հա, մի տորթ էլ չարժե՞նք:
-Մի երկարացրու, այ տղա:
-Հա, բայց…

Իջանք, կանգնեցինք դրսում ես, Նաթիան ու մեր ջոկատավարներից՝ Նաթիան, Նոդարը ու Հեղինեն:
-Հա, չի՞ լինի` ներսը սպասենք, Հեղուշ, ստեղ ցուրտ ա,- ասացի ես, բաճկոնս հանեցի ու գցեցի Նաթիայի ուսերին՝ խեղճ աղջիկը ցրտից սրթսրթում էր:
-Չէ, չի լինի: Արի` բան եմ ասում:
Քաշեց կանգնեցրեց 2 Նաթիաներին, կանգնեց նրանց մեջտեղում ու ասաց.
-А теперь загадываем желание.
Քաշեց, կանգնեցրեց Նաթիաների արանքում ու ասաց.
-Դե, երազանք պահի:
Աչքերս փակեցի: Մեկ, երկու, երեք…
-Ֆսյո, պահեցի:
-Ըհը, հիմա ես եմ:
Հեղինեն էլ պահեց: Հետո էլ Նոդարը:
-Всё, наверх.
Համարյա թռնելով հասանք 4-րդ հարկ: Ուիի՜…
Ամբողջ ճամբարը շնորհավորում ա ինձ ու Նաթիային: Ինչ կայֆ ա: Հետո ամբողջ ճամբարը հերթով շնորհավորեց: Ռուզանն էր շնորհավորում, եկավ գրկեց, ականջին ասացի.
-Ռուզան բայց ամսի 29-ին հլը 1 րոպե կա, հլը որ քո ծնունդն ա:
-Գիտեմ, գիտեմ,- ծիծաղելով ասաց Ռուզանը:

Հետո դիսկոտեկը վերջացավ: Գնացինք սենյակներով: Հյութով ու հաց-պանիրով ծնունդ արեցինք: Հետո բոլորը քնեցին: Դե բոլորը, բացի ինձնից ու Էրիկից: Մենք էլ «պաստա» լցրեցինք բաց բերանով քնած Կարենի բերանը, օճառի փրփուր լցրեցինք Տիկոյի գլխին, Արմենի ոտքի մատներից մեկի եղունգը մարկերով սև ներկեցինք ու …  Ու վերջ: Մենք էլ պառկեցինք քնելու: Չէ, Կարենը արթնացավ, գնաց բերանը լվաց, նոր քնեցինք:
Ծնունդիս օրը՝ ամսի 29-ը շատ անհետաքրքիր անցավ: Դե, անհետաքրքիր որպես ծնունդ, էլի: Մի շատ թանկ նվեր ստացա Աղվերանում գտնվող 17.am-ի թղթակիցներից, որի համար բոլորիդ անչափ շնորհակալ եմ : Իմ կյանքի ամենալավ նվերն էր: Դե, վերջ էլի, երևի:
Ի՞նչ ասեմ: Դե 17 տարեկան լինելը ահագին հեշտ ա: Համարյա 16-ն ա նույն: Բայց մի տեսակ ուրիշ ա: Ոնց որ… Կդառնաք 17, կհասկանաք: Դե, էլ բան չունեմ ասելու:

Ձեզ հետ 17.am-ի թղթակից, 17 տարեկան ես էի՝ Վահեն:

P.S. Հա, ու իմ երազանքը կատարվել ա՜…

narek babayan

Կարգավիճակ. սպասում եմ ամռանը

Փետրվարի 6, 2016

Ահա և վերջացան մեր սիրելի արձակուրդները, մենք արդեն գրեթե հարմարվել ենք դպրոցական ռեժիմին։ Ճիշտն ասած՝ ես մտածում էի, որ երբեք չեմ ձանձրանա արձակուրդներից, բայց սա իրոք չափից մեծ ընմիջում էր։ Արձակուրդների հետ մեկտեղ անցավ ձմռան այն հատվածը, որը ես սիրում էի։ Ընդհանրապես, տարվա մեջ ես սիրում եմ ամառային արձակուրդներ ու նոր տարի։ Ինչպես հասկացաք՝ արդեն սպասում եմ ամռանը։

Ամռան միակ ոչ այդքան հաճելի բանը քննություններն են, բայց դե, ինչ արած։ Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի։

Ամառ։ Ընկերներ, գետ, լողավազան, դուրս գալ տանից առավոտյան ու մինչև գիշեր չվերադառնալ։ Ինչպե՞ս կարելի է չսիրել այս ամենը։ Էհ, լավ։ Գնամ ընկնեմ մտքերով ու հիշեմ ամռան հետ կապված բոլոր լավ հիշողություններս։ Թե չէ` էս ցրտից էլ արդեն հոգնեցինք…

Հուլիսի 24, 2016

Էն որ ասում էի, է` ամառ եմ ուզում, ցրտից հոգնել եմ, բան։ Պրծավ էդ սաղ։ Հիմա միակ ուզածս բանը ցուրտն ա, էլ չեմ դիմանում ես շոգին։ Քնում եմ գիշերը 1-2- ին, չնայած որ պառկում եմ 12-ին։ Արթնանում եմ քրտնքիս մեջ խեղդվելու պատճառով։ Շոգը մի կողմ, ամառիցս գոհ եմ։ Մի ամիս առաջ հանձնեցի վերջին քննությունս։ Ի զարմանս ինձ, էդքան էլ դժոխային պատիժ չէր։ Դե, ինչ ասեմ։ Ոչ մի արտասովոր բան չկա։ Սպասելիքներս լրիվ արդարացել են։ Գետերից տուն չեմ գալիս, ամբողջ օրը ընկերներիս հետ փողոցներն եմ։ Վիզս ու մեջքս գունային առումով խիստ տարբերվում են։ Էս միօրինակությունն արդեն սկսում ա հոգնացնել, գիտեմ, որ հետո զղջալու եմ, բայց արդեն դպրոցս ու Նոր տարի եմ ուզում։ Կարգավիճակս, կամ այսպես ասած «ստատուսս» փոխելու ժամանակն ա։
Եվ այսպես՝ կարգավիճա․ սպասում եմ Նոր տարուն:

Տանջանքի պտուղները

Իսկ դու եղե՞լ ես գյուղում: Տեսե՞լ ես, թե ինչպես են մշակում բազուկը, սոխը, խաղողը և մյուս մրգերն ու բանջարեղենը: Հիմա ասեմ ավելին: Ես ոչ միայն տեսել եմ, այլ նաև մասնակցել եմ այդ ամենին:

«Ալաղել» սոխը, լոլիկը, սմբուկը, գազարը… Տալ պարարտանյութեր, ջրել և հետևել, որ նրանք հանկարծ «չհիվանդանան»: Սոխը չդեղնի, լոլիկն ու պղպեղը չչորանան: Հատկապես ռիսկային խմբում է պղպեղը՝ չգիտեմ թե ինչու: Իսկ հիմա քեզ ցույց կտամ, թե ինչ տեսք ունեն այդ բոլորը, երբ նրանց կյանքի համար տանջվում ու պայքարում է մի ամբողջ ընտանիք՝ թե՛ մեծ, թե՛ փոքր:

karen

Իմ հին գյուղի ամենաուրախ պատմությունը

Զրուցակիցս մեր հարևանուհի Ռոզա Հովհաննիսյանն է, որն իր ծննդավայրից` Զնաբերդից, ծնողների հետ գաղթել է 4 տարեկանում:

-Հիշո՞ւմ եք ձեր ծննդավայրը:

-Հիշում եմ: Ծնվել եմ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Զնաբերդ գյուղում և մինչև 4 տարեկանս ապրել եմ այնտեղ: Հետո տեղափոխվել ենք Ազիզբեկովի շրջանի Գյուլիստան գյուղ:

-Ավելի մանրամասն կարո՞ղ եք պատմել ձեր հին գյուղի մասին:

-Փոքր էի, շատ մանրամասներ չեմ հիշում, բայց կան բաներ, որ տպավորվել են հիշությանս մեջ: Մեր մանկապարտեզը, որտեղ հաճախել եմ… Հետո հիշում եմ մեր գյուղի տունը, երկու թթենիները, հիշում եմ մեր խաղողի այգին և այն խանութը, որտեղ մայրս էր աշխատում: Գյուղը շատ հարուստ բնություն ուներ, և շատ գեղեցիկ էր:

-Երբ տեղափոխվեցիք Գյուլիստան, կարոտո՞ւմ էիք ձեր հին բնակավայրը, տարբերությունը մե՞ծ էր:

-Հին ու նոր գյուղերի մեջ շատ տարբերություն կար: Հին գյուղում ծառերը շատ էին, իսկ այստեղ՝ Գյուլիստանում քիչ էին: Այնտեղ հատկապես շատ էին նշի, ընկույզի ծառերը, շատ խաղողի այգիներ կային: Հենց այդ այգիներն են տպավորվել հիշողությանս մեջ:

-Հե՞շտ հարմարվեցիք նոր պայմաններին:

-Ասացի, որ գյուղերը շատ տարբեր էին բնությամբ և կլիմայով: Ասացի նաև, որ հին գյուղում խաղողի այգիներ կային, իսկ նորում ուռենիներ են, ընկուզենիներ: Տներն ավելի փոքր էին: Ադրբեջանցիներով բնակեցված գյուղ է եղել Գյուլիստանը, հետո անվանվեց Նոր Ազնաբերդ, քանի որ բոլորս Զնաբերդից էինք եկել: Բայց այն տունը, որտեղ մենք տեղափոխվեցինք և ապրում էինք, արտաքին տեսքով շատ նման էր մեր հին տանը: Հնարավոր է, հենց դա էր պատճառը, որ հեշտ հարմարվեցինք:

-Իսկ գաղթը հիշո՞ւմ եք: Այդ մասին կպատմե՞ք: 

-1988 թվականի նոյեմբերի 22-ին ենք գաղթել Նոր Ազնաբերդ: Հիշում եմ, որ հանգիստ նստած ընթրում էինք, երբ մեր հարևանը շփոթված մտավ տուն ու զարմացած հարցրեց, թե ինչու ենք այդքան հանգիստ նստել, երբ գյուղում բոլորը գաղթում են: Սկսեցինք արագ հավաքել իրերը և մեր բարեկամի «Նիվա» մեքենայով տեղափոխվեցինք նոր գյուղ: Գիշեր էր, հավանաբար ճանապարհին քնել եմ ու շատ բան չեմ հիշում այդ օրվանից:

-Կա՞ ինչ-որ պատմություն, որը կցանկանայիք պատմել: 

-Մի պատմություն կա: Մի անգամ ծնողներս ինձ տարել էին հարսանիք, ես և մայրս շուտ վերադարձանք, հայրս մնաց այնտեղ: Մինչ մայրիկս զբաղված էր տնային գործերով, ես` ճանապարհը մի կերպ հիշելով, հետ վերադարձա հարսանքատուն: Հենց այն պահին ներս մտա, երբ հարսի պարն էր, բայց հարսը շատ տգեղ էր, ու ես` նրան տեսնելով սկսեցի ճչալ: Մայրիկս ու տատիս շատ էին անհանգստացել և ինչ որ կերպ պիտի շահեին նրանց սիրտը: Երկու ծաղկեփունջ գնեցինք ու գնացինք հյուր: Ամեն ինչ մոռացվեց: Իմ հին գյուղից մնացած ամենաուրախ պատմություններից էր սա:

Astghik Israyelyan

Տանկեր օնլայնի գերիները

Հիմա արձակուրդներ են… Ես տանն եմ ու ամեն առավոտ արթնանում եմ ստեղնաշարի տկտկոցից:  Վեր եմ կենում  ու տեսնում, որ եղբայրս էլի տանկեր օնլայն է խաղում: Մի ահագին կռվում ենք: Հետո գալիս են նրա ընկերները, նրանք նույնպես այդ խաղի գերիներից են: Նստում են ու ժամերով խաղում: Քանի որ իմ կարծիքով դա հիվանդություն է, ես ամեն օր քարոզներ եմ կարդում:

Հաջորդ առավոտ աթնանում եմ ավելի բարձր ձայներից: Պարզվում է քույրս էլ է որոշել միանալ գերիների շարքին:

-Հիմա էլ դո՞ւ:

-Ես նոր եմ սովորում…

-Լա՜վ, էլի…

Այսօր ես էլ որոշեցի խաղալ, ուզում  եմ հասկանալ, թե այդ ինչ է, որ այդքան սիրում է եղբայրս:

Խաղում եմ… Իմ տանկի վրա կրակում են, ու այն անընդհատ պայթում է:

Եղբայրս ծիծաղում է ինձ վրա ու կանչում տանկի գերի:

Հ.Գ. Այդ խաղն ինձ դուր չեկավ, և ես էլի կռվելու եմ նրանց հետ, երբ նորից սկսեն խաղալ: