karen

Որտե՞ղ ֆուտբոլ խաղանք

Շատ հարցեր կան, որ ինձ հուզում են: Օրինակ, թե ինչու մեր բակում չկա ո՛չ ցայտաղբյուր, ո՛չ խաղահրապարակ, և ո՛չ էլ բակը ասֆալտապատված է, նույնիսկ տանիքը փոխված չէ: Մեր շենքում կա միայն մեկ նստարան, որտեղ հաճախ առավոտյան տատիկներն են գալիս իրենց թոռնիկների հետ, ցերեկը՝ մենք՝ երեխաներս, իսկ երեկոյան բոլորս միասին:

Բայց ամենաշատը ինձ անհանգստացնում է մեր բակային ֆուտբոլը: Քանի որ մենք՝ շենքի երեխաներով, շատ ենք սիրում ֆուտբոլ խաղալ և տարբեր տարածքներ ենք փնտրում խաղալու համար: Մեր շենքից մի քիչ վերև բեռնատար ավտոմեքենաների կայանատեղ կա, որի մեծ մասը դատարկ էր: Մոտ մեկ տարի առաջ մենք բարձրանում էինք այդտեղ՝ ֆուտբոլ խաղալու: Այնտեղ խաղալը վտանգավոր էր, և մեր ծնողները արգելել էին մեզ բարձրանալ և այդտեղ ֆուտբոլ խաղալ: Դրանից հետո մենք իջնում էինք մեր ներքևի շենքի բակ՝ ֆուտբոլ խաղալու, բայց դա էլ էր վտանգավոր, որովհետև մենք դրա համար անցնում էինք միջազգային մայրուղին, որտեղով անցնում են տարբեր երկրների, տարբեր չափսերի ու տարբեր արագությամբ սլացող մեքենաներ: Ասեմ, որ ապրում եմ Վայքում, և մայրուղին անցնում է հենց մեր քաղաքի միջով:   Բացի այդ էլ, երբ գնդակը ընկնում էր հենց այդ միջազգային մայրուղու վրա, չինգաչունգ էինք անում և որոշում,  թե ով պիտի վերցնի գնդակը: Մնացել էր միայն մեր Վայքի «Արևիկ» մարզադաշտը, որը վերանորոգման մեջ է, և  էլ չենք կարող խաղալ, որովհետև դաշտի խոտը շատ բարձր է, և այնտեղ ավելի հաճախ անասուններ են արածում, քան մենք ֆուտբոլ խաղում:  Իսկ մենք որտե՞ղ ֆուտբոլ խաղանք:

Seryozha

Պարապություն

Նստել եմ տանը, բազմոցի վրա ու չգիտեմ` ինչ անեմ: Շուրջս լռություն է, ճանճի տզզոցն անգամ լսվում է ու նյարդայնացնում: Ձանձրույթից քիչ է մնում խեղդվեմ: Մի պահ ուզում եմ մայրիկիս հարցնել, մի գուցե նա հուշի, թե ինչով կարելի է զբաղվել: Բայց «ստոպ»,  ես ռիսկի չեմ դիմի: Գիտեմ, ասելու է` մի գիրք բաց, կարդա: Կարդա՞մ, չէ՛ , ոչ այս անգամ:

Ամառ է, և ուր որ է արևը մայր կմտնի: Դուրս եմ գալիս տանից թաղ, ու ոչ ոք չկա: Միայն, ինչպես միշտ, հարևան Հենո պապն է նստած իրենց նստարանին: Ուֆ, էլի մարդ չկա: Ինչ արած, կնստեմ Հենո պապիկի կողքը: Հենո պապիկին էլ մարդ էր պետք, որ անցյալից պատմի: Պատմեց. է՛լ ծնվելուց, է՛լ մանկությունից, ինչ է արել, ում է սիրել, ինչ է կոտրել, ինչ է նորոգել: Հատ-հատ թվարկում է` որտեղ ծառայեց, թվարկեց ծառայակիցներին, մի քանիսին հիշում եմ, ուրեմն` Կոլյա, Վիտալի, Բոնդր, Ռավշամ, Միհմեդ: Այսպես հասցրեց մինչև այն պահը, թե ոնց եղավ, որ հիմա նստած է իմ կողքին:
«Տունը նստուկ էմեր, մեկ էլ լոսերը կնացին, ասիմ` ես ծեր… Մե պան չեն թողնի ըշկամ, ըտենց խալիվոր հալով էլամ նստամ տուսը»: Հազիվ վերջացրեց, չնայած ես շատ ուշադիր լսում էի նրան:
Մի քանի րոպե հետո եկավ Այծրուն պապիկը: Հենո պապը ինձ արդեն բանի տեղ չէր դնում: Որոշեցի գնալ տուն, մի քիչ հեռուստացույց դիտել: Ահա, երբ մի բան ուզենամ անել, մի բան կխանգարի: Տեխնիկական խնդիրներ, և հոսանք չկա: Չգիտեմ` ինչ  անեմ: Գնամ գիրք կարդա՞մ: Չէ հա, ի՞նչ գիրք:
Սեղանին մի գիրք եմ նկատում, բայց հայացքս թեքում եմ ուրիշ կողմ: Մեկ ա, էդ գիրքն ինձ անդադար «աչքով ա անում»: Ա~… Դե արի ստեղ, է: Բացում եմ գիրքը ու հայտնվում Ժյուլ Վերնի «Խորհրդավոր կղզու» ինչ որ խոնավ քարակույտի մեջ:Եվ չեմ էլ նկատում, որ արդեն մի ուրիշ աշխարհում եմ…

 

Սիմոյի սարում

Վերջապես եկավ բոլորիս կողմից այդքան սպասված տարվա եղանակը՝ ամառը:  Մենք անհամբեր սպասում էինք ամառային արձակուրդներին, կարոտել էինք բակային խաղերը, ցերեկույթները ու բամբասանքները: 

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Ամառն այս տարի նույնպես իր հետ բերեց ջերմություն, արևոտ օրեր ու ամենակարևորը` բարձր տրամադրություն: Ողջ օրը երեխաները դրսում  են, վայելում են կատարյալ հանգիստ: 

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Բացվել է տատիկների ու պապիկների «գործի սեզոնը», ամբողջ օրն անցկացնում են հողամասերում, այգիներում: Ես, Հասմիկն ու Անին որոշեցինք վերցնել ֆոտոապարատը և բարձրանալ «Սիմոյի» սար:  Այդ սարը, ինչպես մեր գյուղում են ասում՝ յալը, հենց տարածքի սեփականատիրոջ անունն է կրում: 

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Երբ գյուղում բնակիչներին բաժանվել են հողատարածքներ, ընտանիքիս բաժին է ընկել հենց այս բարձր կետում գտնվող տարածքը: Հետո այստեղ պապիկս ու նրա եղբայրը կառուցել են տներ, որոնք միացած են իրար:  Տան վերեւում սարն է: Բարձրանալով այնտեղ, նկարում էինք այն, ինչ տեսնում էինք շրջապատում:  Անին անընդհատ նկարվում էր, իսկ ես ու Հասմիկը ֆոտոներ պատրաստում նյութի համար:

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Լուսանկարը` Հասմիկ Գիվարգիզյանի

Հանդիպեցինք  շանս՝ Լեսիին, նա ինչպես միշտ կողքիցս չէր հեռանում, անգամ մի րոպեով:  Նա իմ պահապանն է: Այնուհետև նկատեցինք Կասանդրային: Երևի հարց առաջացավ, թե ով է նա: 

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Կասանդրան կով է: Կովն իրեն կարծես սիրված զգար, քանի որ նրան նկարում էինք: Ասեմ, որ շատ ֆոտոգենիկ կով էր: 

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Լուսանկարը` Հասմիկ Գիվարգիզյանի

 

vahe

Ես շառ չեմ

Էս էն եզակի անգամներից ա, որ վերնագիրը գրեցի, նոր մտածեցի` ինչ գրեմ: Նախ ասեմ, շառ ասելով ես փուչիկ նկատի չունեմ: Ես ահագին նիհար եմ: Շառ՝ դե փորձանք, էլի: Էս ահագին կարճ կյանքում ինձ հետ անհավանական անհաջողություններ էնքան են եղել, որ իմ ուղեղը դրանց մեծ մասը որպես ավելորդ հիշողություն զբաղեցնող մասնիկներ ջնջել է: Ու այդպես, էս իմ մարմնի վրա գտնվող մի քանի տասնյակ սպիների կեսը չգիտեմ որտեղից են առաջացել:

Նախ, մի հետաքրքիր բան ասեմ. ինչքան էլ շառ եմ, մարմնիս ոչ մի մասը չեմ ջարդել: Դե, բացի քթիցս: Չգիտեմ` երբ ու ոնց եմ ջարդել քիթս, բայց նայելով քթիս, կռահում եմ, որ նույնիսկ մի քանի անգամ եմ ջարդել: Որովհետև քթիս միջնապատը սանտիմետրը մեկ փոփոխում ա ուղղությունը: Հա, լավ, «ինչ որայա»: Ուղղակի ասացի` մի երկու բան պատմեմ, մեկ էլ տեսար` հետաքրքիր լինի:

Դեպք առաջին (իրականում առաջինը չի, ուղղակի իմ երկարաժամկետ հիշողությունը բանի պետք չի):

Ես՝ մոտավորապես մի 9  տարեկան երեխա, վազվզում եմ մեր բարեկամներից մեկի բակում (ես չգիտեմ նույնիսկ` ինչ բարեկամ են մեզ): Դե, պարզ ա. ես մենակ չեմ վազվզում: Մեր բարեկամի երեխաների հետ: Չգիտեմ որերորդ «ճանկ» հողն էինք ուտում (հա, ես որպես նորմալ մանկություն տեսած մարդ, հող եմ կերել երեխա ժամանակ), մեկ էլ տան հեռախոսը զանգեց: Մեծերը, մեղմ ասած, «խորացել էին» զրույցի մեջ ու զարմանալի չի, որ ոչ մեկը չլսեց: Նամանավանդ, հեռախոսը երկրորդ հարկում էր: Ես ու «բարեկամիկներս» նայեցինք իրար մարտական հայացքով: Մեր համար նույնիսկ հեռախոսի զանգը խաղ էր: Առանց ինչ-որ խոսքի պայմանավորվեցինք իրար մեջ՝ ով շուտ հասավ ու վերցրեց հեռախոսը, ինքը դեմք ա՝ «ավտորիտետ»: Ես, ճիշտն ասած, ներքուստ ուրախացա ժամանակից շուտ, որովհետև էն ժամանակ էլ ահագին արագ էի վազում: Նայեցինք իրար ու առանց ինչ որ նշանի երեքով միասին տեղից պոկվեցինք: Ես շատ արագ առաջ անցա: Ու մտա սենյակը, որտեղ դրված էր հեռախոսը: Ահա էն անկյունում, «տումբչկի» վրայից ինձ էր նայում: Ես առանց երկար-բարակ մտածելու մի քանի տասնյակ կիլոմետր ժամ արագություն հավաքեցի: Ուզում էի ֆուտբոլիստների նման ծնկների վրա «սղալով» վերցնել հեռախոսը: Սղացի: Հետո արթանացա բազմոցին պառկած, գլխիս վերևից ամբողջ բարեկամությունը ինձ ա նայում, բերանիցս էլ արյունի համ ա գալիս: Պարզվեց, որ ես Իբրահիմովիչի նման չեմ կարողանում ծնկների վրա սղալ: Դեմքով հարվածել էի «տումբչկի» անկյունին: Էդ դեմքից մի հատ լավ սպի մնաց ներքևի շրթունքիս:

Դեպք երկրորդ

Ուրեմն էս դեպքը առաջինից մի կամ 2 տարի հետո եղավ: Ես արդեն հասկացել եմ, որ արագ վազելը վտանգավոր է: Է, այսինքն հասկանում եմ, բայց մեկ ա` վազում եմ: Վազում եմ թաղով ոտաբոբիկ (հա, իմ մանկությունը եղել է էն հներից, որ ոտաբոբիկ բակերում վազվզում էինք): Ամառ էր: Ոնց որ: Չէ, հաստատ ամառ էր, որովհետև ես ոնց որ մենակ ամառներն եմ բակերում ոտաբոբիկ վազել: Հա, ջրոցի էինք խաղում: Ջուր, փոշի, ցեխ,արյուն… Սպասի, է, ի՞նչ արյուն: Արա, հա էլի, արյուն ա: Էն էլ` իմ ոտքից: Քանի որ թաղում ապակիների կտորտանքների առկայությունը չէի ստուգել, ինձ թվում ա, արդարացի էր, որ ապակիներից մեկը ձախ ոտիս ճկույթը կտրել էր: Կտրելը որն ա: Մի քիչ էլ վազեի, մատս պոկվելու էր ու կորեր ցեխերի մեջ: Տարօրինակն էն ա, որ ես ոչ մի բան չէի զգացել: Պիտի գայի տուն ու նոր տեսնեի, որ մի մատս չկա. Համաձայնվեք, որ 11 տարեկան երեխան չէր կարող հանգիստ վերաբերվեր էն բանին, որ մատը կորցրել է, ջրոցի խաղալուց այն էլ:

Դեպք երրորդ

Էս լրիվ աբսուրդ ա է, ախր: Ես եմ` երկրորդ դեպքից մի կամ երկու տարի հետո: Ես եմ, գալիս եմ` չգիտեմ որտեղից: Իրիկուն էր: Ախ, էդ անիծված մատով լաթը: Ինձ համար քայլում էի: Մի քայլ, երկու քայլ , երեք քայլ… Մեկ էլ, հոպ, ես ընկած եմ գետնին` աջ ոտքս ոլորված: Ախր, ո՞նց էլի կբացատրեք: Ես հանգիստ քայում էի ընդամենը: Մեկ էլ, հոպ, ոտս ոլորեցի: Նախ, մի տասը րոպե նստեցի գետին զարմացած: Ուղեղումս մենակ. «Արա, ախր ո՞նց կարայի ոտքս ոլորեի ուղղակի քայլելուց»:

Լավ է, սենց որ շարունակեմ, վերջ չկա: Անվերջ անհաջողություններ: Փռշտացի՝ ճակատս ճղվեց մահճակալի անկյունին հարվածից: Հեծանիվով 20 կմ քշեցի անփորձանք, եկա կանգնեցի, հեծանիվից իջնելուց ոտքս խճճվեց կորպուսի մեջ՝ ընկա արյունլվիկ եղա: Ու սենց շարունակ… Լավ, է, երևի արդեն հետաքրքիր չի: Գնամ նստեմ` հեռուստացույց նայեմ: Շառից հեռու էլի: Չնայած, ո՞վ գիտի…

Հ.Գ. Երեխեք, էս նյութը գրելուց հետո մի պահ կասկած մտավ մեջս. Կարո՞ղ ա` աննորմալ ա, որ մենք երեխա ժամանակ հող ենք կերել, կամ ոտաբոբիկ վազել թաղի մեջ: Հը՞:

lusine hovhannisyan

Նյարդերի պատերազմ

Ահա և վերջացան նաև մեր քննությունները… Հոգնել էինք արդեն ամեն օր պարապելուց և անգիր անելուց: Ուզում էինք շուտ ավարտվի այս, կարելի է ասել նաև, «մղձավանջը»: Պարապմունքների ժամանակ վազքի մեջ ես լինում (վազիր այս տուն կամ էլ մյուս): Ամեն պարապմունքը սկսելիս մենք միշտ հիշում էինք շտեմարան կազմողներին: Տեսնես` ի՞նչ են մտածել, որ կազմել են դա. երեխաներին սահմանափակե՞ն, մտածելու կարողությունից զրկե՞ն, թե՞ նեղմիտ դարձնեն: 

Մի խոսքով, ազատվեցինք այդ ապրումներից:
Մի կողմից ուրախ եմ, բայց մյուս կողմից էլ չեմ հավատում, որ ավարտվեց կյանքի ևս մի կարևոր ու շատ սպասված շրջան:

Մի փոքրիկ դրվագ պատմեմ իմ պարապմունքներով լի կյանքից:
Այս վերջին շրջանում ավելի լրջացել էի և սկսել էի ավելի արդյունավետ պարապել, որպեսզի հասնեմ նպատակիս: Ես պարապմունքից գալիս էի տուն հոգնած ու ընդհանրապես չէի խոսում տանեցիների հետ, հարց տալուց էլ գոռալով կամ դժկամությամբ էի պատասխանում նրանց: Մայրս զարմանում էր, թե ինչո՞ւ եմ այդքան ագրեսիվ դարձել: Ես չէի զգում, թե ինչպես եմ վիրավորում կողքիններիս, որովհետև ուշք ու միտքս շտեմարաններն էին: Տարօրինակ է, գիտե՞ք, հետևել, թե ինչպես է մարդը, ով միշտ տիրապետում է իրեն, կորցնում ինքնատիրապետումը: Կորցնելով ինքնատիրապետումը թողնում է իր ներսում գտնվող աշխարհը, վազում, փորձում փախչել: Բայց միևնույն է, չես կարող փախչել այն ամենից, ինչ քո ներսում է:

Մի անգամ երեխեքով հավաքվեցինք ու որոշեցինք վառել դրանք: Քանի որ որոշել էինք գնալ Վրաստան, մտածեցինք գրքի մնացորդներից որոշ մասը կլցնենք Քուռ գետը:

Մի խոսքով, վերջ, ով դիմացավ նյարդերի պատերազմին, քննությունները բարեհաջող տվեց, ով չդիմացավ, կամ պիտի բավարարվի իր չուզած ֆակուլտետում սովորելու հեռանկարով, որտեղ թափուր տեղեր կան, կամ նորից անցնի այս ամենի միջով:

davit aslanyan

Իմ սրտի մայրաքաղաքը

Ամենևին էլ գլխի չընկաք, թե ինչից եմ խոսելու: Նյութս ոչ Երևանն է, ոչ էլ մի ուրիշ քաղաք: Նյութս այդ քաղաքի բացակայության և այդ բացակա քաղաքում իմ սիրելի բացակաների մասին է:

Բանն այն է, որ իմ սրտի քարտեզում մի անցք կա, հենց այնպիսի մի անցք, ինչպիսին լինում են դպրոցների քարտեզների հնամաշ անցքերը` հասարակածին մոտ, հեռու, բայց կարևոր մի վայրում: Իսկ իմ սրտի քարտեզում այդ անցքը համընկնում է մայրաքաղաքի տեղակայման վայրի հետ:

Այսպիսով իմ սիրտը չունի մայրաքաղաք, իսկ այդ քաղաքը` հոգի: Ուրեմն պետք է գործել: Միգուցե սա հնարավորություն է նկարել քաղաք իմ ուզած ձևով, նոր շնչով, ամենասիրելի բացականերով և մեր քաղաքում քիչ հանդիպող, փոքր, մատչելի և մարդաշատ ջազ ակումբներով:

Նայենք ամեն անցքի, որպես հնարավորության` լցնելու այն մեր իսկ  ցանկացած ձևով:

Երիցուկներ

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Բնություն… Լեռներ… Երիցուկներ` գժվելու չափ գեղեցիկ ու անուշահոտ: Քաղում եմ մի փունջ և գնում լեռների մեջ թաքնված մեր փոքրիկ տնակը: Փնտրում եմ ծաղկաման: Երկար փնտրտուքներից հետո հասկանում եմ, որ այստեղ ծաղկաման չկա: Ստիպված վերցնում եմ առաջին պատահած ամանը, ինչ աչքիս երևում է, լցնում ջուր ու հիանում երիցուկների գեղեցկությամբ:

Միշտ երազել եմ ունենալ փոքրիկ տնակ հեռու բոլորից, գողտրիկ անկյունում՝ լեռների մեջ:

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Միակ բանը, որ մտքովս անցնում է, լավ լուսանկարներ անելն է: Վերցնում եմ ֆոտոխցիկն ու անցնում գործի:

Հանկարծ նկատում եմ որ նկարներս էլ գեղեցիկ չեն ստացվում. անձրևի կաթիլներն ընկնում են ֆոտոխցիկին: Սկսվում է անձրև, ու բնությունն ավելի է թարմանում: Մտնում եմ իմ փոքրիկ տնակն ու տաք թեյ պատրաստում: Փաթաթվում եմ ծածկոցով և խմում երիցուկով թեյս:

Ու ինձ մնում է միայն լավ հիշողություններն ու ստացված լուսանկարները…

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

nane eghiazaryan

Խենթություններ անելու ժամանակը

Ո՞վ իր կյանքում խենթություններ չի արել: Եթե լարենք մեր միտքը և մտովի հետ գնանք, հաստատ ինչ-որ դեպքեր կհիշենք՝ կապված ընկերների, դպրոցի կամ ընտանիքի հետ:

Կան խենթություններ, որոնց պատճառով մենք հայտնվում ենք անհարմար իրավիճակներում: Ես այդ տիպի խենթություններ մի անգամ չէ, որ արել եմ: Հիմա ձեզ այդ դեպքերից մեկը կպատմեմ: Դե, նախ ասեմ, որ ես պարել շատ եմ սիրում, և առանց պարի ու դաշնամուրի չեմ պատկերացնում ինձ: Ճիշտ է, հիմա այդքան էլ հաճախ չեմ պարում, բայց առաջ պարից դուրս գալուց հետո մի երկու ժամ էր պետք լինում, որ ազդեցությունից դուրս գայի:

Մի անգամ հորաքրոջս ընտանիքը մեզ հյուր էր եկել, և ես քրոջս հետ մի փոքր պարային միջոցառում էի պատրաստել: Ահա արդեն վերջն էր, երբ ես հանկարծակի որոշեցի գնչուական պար պարել: Մայրիկիս երկար կիսաշրջազգեստը հագա, բայց գոտին, ինչքան էլ ման եկա, չգտա: Իսկապես, ախր, ես չգիտեի գնչուական պարեր: Երևի մի երկու անգամ հեռուստացույցով էի տեսել և որոշել էի փորձել: Պարային երևակայության մեջ էի, երբ հանկարծ մի պտույտի ժամանակ կիսաշրջազգեստս վրայիցս ընկավ: Ես աչքերս միանգամից լցրեցի և վազեցի մայրիկիս մոտ, իսկ ներկաները՝ տատիկս, հորաքույրս և քույրս ծիծաղից աչքերը լցրել էին:

Այս պատմությունը քույրս ամեն հարմար առիթով ինձ հիշեցնում է, իսկ ես հետ չեմ մնում՝ հիշեցնելով, թե ո՞վ էր հավերի կուտը վերցրած վազում Եղեգնաձորի պապիկիս տան ամբողջ հողամասով, երբ հավերը ընկել էին նրա հետևից:

Եվ այսպես, այնքա՜ն խենթություններ կան, որ հաշվել էլ չեմ կարող, բայց եթե չլիներ իմ կիսաշրջազգեստի ընկնելը կամ հավերի և քրոջս «բռնոցին», ապա ամեն անգամ դա հիշելիս չէին ապրի այն զվարճանքը, որ զգում եմ հիմա: Ինձ թվում է՝ մարդիկ կարիք ունեն խենթությունների: Ես խենթություն ասելով հասկանում եմ ուրախ պահեր, վախ և միևնույն ժամանակ, շատ մեծ համարձակություն, որոնք քեզ ստիպում են զգալ ինքնաբուխ պահի հաճույքը: Երբեմն մարդիկ ասում են, որ իրենց կյանքը ձանձրալի է, միապաղաղ. գուցե խենթություններ անելու ժամանա՞կն է: Նամանավանդ ամառ է:

davit aslanyan

Նպատակակետը` թեկուզ դժոխք

Քանի որ պարապում էի շտեմարաններով, քննություններից հետո գիտելիքի փոխարեն ինձ մնաց միայն անվերջ երկար ժամանակ: Եվ պարզվում է, որ այն լցնելը բավականին դժվար է առանց երկու բանի` հոգու ընկերոջ և փողի: Առանց իրական քո բնավորությունն ունեցող ընկերոջ դժվար է, իսկ նրա հետ` թեկուզ դժոխք, չէ որ ընկերների հետ ամեն տեղ էլ հետաքրքիր կլինի` Պոմպիդու թե փոքր գյուղի միակ զրուցարան:
Մենակ ես մնում, ու միակ բանը, որ շարունակ անում ես, պարզվում է, պլաններ մշակելն է, այն մասին, թե ինչ կանեք, երբ կրկին հանդիպեք: Իհարկե, երբեք էլ այդ պլաններով չեք շարժվում, բայց գոնե ինչ-որ չափով կարոտ եք առնում:

Դժվար է առանց հոգու ընկերոջ. հացը կուլ չի գնում, զբոսանքը ուրախ չի լինում, մատիտը ծուռ է գնում, և անգամ ինտերնետն է դանդաղ թվում…

Հ.Գ. Ինչքան էլ դժվար լինի, մի փոխեք ձեր հոգին ընկեր ունենալու համար: 

Վարդավառը Մալիշկայում

Վարդավառ: Սա երիտասարդների և երեխաների ամենասիրելի տոներից մեկն է: Լինելով Հայ Առաքելական եկեղեցու շարժական տոներից,այն ամեն տարի նշվում է տարբեր օրերի:

Լուսանկարը` Տեր Վազգեն Հովհաննիսյանի

Լուսանկարը` Տեր Վազգեն Հովհաննիսյանի

Այս տարի այն նշվեց հուլիսի 3-ին: Այդ օրն ավելի ուրախ և հիշարժան դարձնելու համար մեր գյուղի Ս. Աննա եկեղեցում միջոցառում էր կազմակերպվել,որի շրջանակներում համերգային ծրագրով հանդես եկան Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները:

Լուսանկարը` Տեր Վազգեն Հովհաննիսյանի

Լուսանկարը` Տեր Վազգեն Հովհաննիսյանի

-Հա՜ս,կգա՞ս գնանք եկեղեցի, միջոցառում կա, հետո էլ ջրոցի կխաղանք,հաստատ լավ կանցնի արի էլի,-ասաց ընկերուհիներիցս մեկը, ով ոչ մի տարի բաց չի թողել այդ տոնը նշելու ոչ մի առիթ:

Լուսանկարը` Տեր Վազգեն Հովհաննիսյանի

Լուսանկարը` Տեր Վազգեն Հովհաննիսյանի

 

Լուսանկարը` Տեր Վազգեն Հովհաննիսյանի

Լուսանկարը` Տեր Վազգեն Հովհաննիսյանի

-Հ՞ն,ի՞նչ միջոցառում է, չէ հավես չկա դուք գնացեք:
Հաջորդ 20 րոպեների ընթացքում նա փորձում էր համոզել, որ միասին գնանք, ու դա նրան հաջողվեց:

Արևն այրում էր: Մեծերի խոսքով՝երկինքեն կրակ  էր թափել: Ինչպես և ենթադրվում էր՝ չոր եկեղեցի հասնել չհաջողվեց:
-Երեխեք մի ջրեք էլի,գոնե տեղ հասնենք ընդեղ կջրեք:

Լուսանկարը` Տեր Վազգեն Հովհաննիսյանի

Լուսանկարը` Տեր Վազգեն Հովհաննիսյանի

-Իյաաա, էսօր չջրել չկա,-ասեցին ու ջուրը շփեցին մեզ վրա:
-Դե դուք հլը եկեղեցում կտեսնեք ձեր օրը,-բարկացած սպառնացինք մենք ու քայլեցինք առաջ:

Լուսանկարը` Տեր Վազգեն Հովհաննիսյանի

Լուսանկարը` Տեր Վազգեն Հովհաննիսյանի

Եկեղեցում ամեն ինչ ուրախ էր: Չնայած նրան,որ երեխաների մի մասի հետ գրեթե  չէինք շփվել,դա մեզ չէր անհանգստացնում: Ջրում էինք ծանոթ–անծանոթի, ծիծաղում, փորձում «վրեժ լուծել» նրանցից՝ ովքեր առաջինն էին ջրել կամ երբևէ նեղացրել մեզ: Էսպես 2 ժամ, ու հանկարծ… Սև ամպերը հավաքվեցին, սկսեց քամի փչել ու բոլորիս մարմնով սարսուռ անցավ: Մի մարդու նման հավաքվեցինք ու բոլորս դեպի տուն: Հենց այդպես էլ տուն եկանք, բարձր տրամադրությամբ ու կատակներով, ճանապարհին հերթով «կորցնելով» իրար:

Լուսանկարը` Տեր Վազգեն Հովհաննիսյանի

Լուսանկարը` Տեր Վազգեն Հովհաննիսյանի