Զրուցակիցս մայրս է` Նարինե Թումանյանը

-Մամ, ի՞նչ ես հիշում Սպիտակի երկրաշարժից:

-Այդ ժամանակ փոքր էի, երրորդ դասարանում էի սովորում: Ճիշտ է, մենք երկրաշարժի էպիկենտրոնից այդքան էլ հեռու չէինք, բայց բարեբախտաբար մեզ մոտ ավերածությունները քիչ եղան համեմատած Գյումրու ու Սպիտակի հետ:

-Որտե՞ղ էիր երկրաշարժի ժամանակ:

-Դպրոցում էի (Վանաձորում էի դպրոց գնում): Դասարանում նստած էինք ու տեսանք, որ ամբողջ դպրոցը շարժվում է: Առաջին ցնցումից հետո ուսուցիչը բարձր գոռում էր, որ դուրս գանք միջանցք: Մեր դասարանը երկրորդ հարկում էր, իջանք ներքև: Դեռ չէինք հասցրել դուրս գալ դպրոցից, երբ մուտքի դուռը փլվեց, ու դպրոցին կից մյուս մասնաշենքը հավասարվեց գետնին: Մեզ տարան դպրոցի մյուս ծայրը: Բարձր դասարանցիները, որոնք մեզնից շուտ էին դուրս եկել պատուհանով, օգնում էին մեզ դուրս գալ: image (1)-Ինչպե՞ս գտար ծնողներիդ:

-Մի որոշ ժամանակ անց բարեկամներս եկան, ու ինձ տարան մեր թաղամաս: Ծնողներս քաղաքում չէին: Բարեկամներս մեզ թողեցին հարևանների մոտ ու գնացին իրենց հարազատներին գտնելու: Փոքր քույրս դպրոց չէր գնում, հարևանների մոտ էր մնացել, մեծ քույրս էլ ինձ հետ դպրոցից եկավ: Այդպես երեքս իրար հետ կանգնած շենքից հեռու սպասում էինք: Բարձրախոսները անընդհատ հայտարարում էին, որ հեռու մնանք շենքերից, ցնցումները կարող են կրկնվել: Մայրս ու հայրս կես ժամ անց եկան: Երբ մայրս մեքենայից իջավ ու տեսավ, որ երեքս էլ ողջ-առողջ ենք, ուշագնաց եղավ:

-Երկրաշարժից հետո մնացի՞ք քաղաքում:

-Մեր շենքի վրա, ճիշտ է, ճաքեր կային, բայց մեր տանը ոչինչ չէր պատահել: Այնուամենայնիվ քաղաքում մնալը ապահով չէր, քանի որ ցնցումների կրկնվելու վտանգ կար: Գնացինք գյուղ` մեր բարեկամների տուն, ուր մնացինք մեկ ամիս: Միշտ պատրաստ էինք ամենապետքական իրերով տանից դուրս գալուն: Հենց որ մի թեթև ցնցում էր լինում, իրերը ձեռքներս վազում էինք այնտեղ, ուր կառույցներ չկային:

-Վերարկուիդ պատմությունը կպատմե՞ս:

-Երբ գյուղ եկանք, ջերմությունս բարձրացավ: Բոլորը կարծում էին, թե մրսածությունից է, բայց ես ու մայրս գիտեինք, թե ինչու` վերարկուիս կորստից: Կարմիր, վրան սպիտակ բծերով վերարկուս նոր էինք գնել: Դե, դեռ ձմեռվա սկիզբն էր: Երկրաշարժի ժամանակ չհասցրեցի վերցնել, ու այն մնաց դպրոցում: Հետո հորեղբայրս գնաց մեր դպրոց, ուր բոլոր երեխաների հագուստները իրար վրա էին շարել, որ ծնողները գան, տանեն: Իմ վերարկուին էլ ոչինչ չէր պատահել: Բերեց: Երբ հագա, էլ ինչ ջերմության մասին էր խոսքը…DSC00273-Հետո որտե՞ղ սովորեցիր:

-Երկրաշարժից հետո ինչպես մեր, այնպես էլ մյուս դպրոցներում պայմաններ չկային դաս անելու: Կառավարությունը կազմակերպում էր հայ երեխաների ուսումը Ռուսաստանում ու խորհրդային մյուս պետություններում, իհարկե, միայն նրանց համար, ովքեր ցանկություն ունեին կրթությունը շարունակելու:Մենք էլ գնացինք Անապա: Այնտեղ մեզ ապրելու համար պայմաններ էին տալիս` բնակարան, սնունդ: Տղամարդկանց չէին թողնում մեզ հետ գալ: Չորրորդ դասարանս այնտեղ սովորեցի: Հետո վերադարձանք Հայաստան:
Երկրաշարժը ծանր հետք թողեց բոլորիս վրա, որը մինչ օրս էլ չենք կարողանում ջնջել մեր հիշողությունից:

1988թ. դեկտեմբերի 7

Մորս` Ժենյա Բարսեղյանի անունից

«Դեկտեմբերի 7, սովորականից տաք օր…
Սովորականի պես քնած էի, տատս ամեն կերպ փորձում էր ինձ արթնացնել.

-Վեր կաց, Նանո:

-Չէ՜, տատ, թող մի քիչ էլ քնեմ:

-Չէ, Նան, վեր կաց, դասից կուշանաս: Դու ուրիշներին մի նայի, դու պարտաճանաչ գնա դասի, որ դուրս չմնաս:

Մի կերպ վեր կացա, հագնվեցի, խոհանոցի սեղանին ինչպես միշտ նոր եփված սուրճ և շոկոլադ էր դրված: Տատս գիտեր` ինչպես ինձ գոհացնել: Բայց ես նեղացած էի, որ չթողեց քնեմ, ու դրա պատճառով ո’չ սուրճը խմեցի, ո’չ էլ կոնֆետը կերա: Քեռուս հետ տանից դուրս եկանք և ամենքս գնացինք մեր գործին: Հասա ուսումնարան, մտա լսարան և պայուսակս սեղանին դնելու պես գետինը սկսեց ոտքերիս տակ շարժվել, երկրաշարժ էր…

Բոլորս վախեցած էինք, խուճապահար այս ու այն կողմ էինք վազում, դռները փակվել էին, չէինք կարողանում դուրս գալ: Հետո, երբ կարողացանք դուրս գալ, տեսանք, թե ինչպես է դիմացի շենքը փլվում: Քիչ էր մնում գլխներիս ընկներ: Վախից նորից վերադարձանք մեր շենք: Գյումրու մանկավարժական ուսումնարանի պատերը կանգուն մնացին և մինչ օրս էլ կանգուն են:

Վազելով քաղաքի մի ծայրից հասա մյուս ծայրը, այն շենքի մոտ, որտեղ առավոտյան քնած էի: Շենքը չկար, կարծես հողի տակ անցած լիներ: Շուրջ բոլորս լաց, աղմուկ, գետնին նստած վիրավոր մարդիկ: Արցունքները կամաց հոսում էին այտերիս վրայով, ես դեռ չէի գիտակցում` ինչ է կատարվում, կարծում էի քնած եմ: Այդ պահին տեսա մորաքրոջս, միակ հարազատ մարդուն այս խառնաշփոթի մեջ, հետո եկավ քեռիս:

-Աշոտը ու՞ր է,- հարցրեցի ես մորաքրոջս ամուսնու մասին:

-Երևի մի տեղ մեկին օգնում է,- պատասխանեց մորաքույրս:

Անցան տարիներ: Այսօր ամեն անգամ հիշելով այդ օրը, աչքերս արցունքով են լցվում: Այդ օրը շենքի ավերակների տակ մահացավ տատիկս` ով անգիտակցաբար փրկեց իմ և քեռուս կյանքը, մորաքրոջս ամուսինը` Աշոտը, իմ 11 համակուրսեցիները, ովքեր այդ օրը դասի չեկան, և բազում այլ մարդիկ, ովքեր թանկ էին մեզ համար»:

1988թ. դեկտեմբերի 7` օր, որը բացի մորիցս, ճակատագրական դարձավ նաև ինձ համար, շնորհակալ եմ Մարուս տատիկին, որ այդ օրը փրկեց մորս, շնորհակալ եմ…

Diana Grigoryan

Վաղարշը, Լևոնը, Կարինեն…

Պապս ընդհանրապես հեշտ չի խոսում իր անցյալից: Բայց այս օրը բացառություն էր ու պատմեց:

Դե, բնականաբար 1988 թիվն էր: Իմ պապը՝ Մյասնիկը, Վանաձորում էր: Աշխատանքի էր եղել արտադրությունում: Հինգ մետր բարձրության վրա էին ու հանկարծ զգացել էին, որ շարժվում են: Թվացել էր՝ մոլոկան վարորդն է մեքենան ինչ-որ տեղ հարվածել. «Նայեցինք, տեսանք էդ ավտոն չկա: Մեկ էլ տեսնենք` երկու շենք էր, մի պատը սենց էր, մեկը՝ սենց (ձեռքերով ցույց է տալիս դեմ դիմաց շենք), դրանց պատերը իրար էին տալիս»:

Մինչև իջել էին հինգ-վեց մետր բարձրությունից, շենքերի մարդիկ արդեն դուրս էին եկել: Պապս վազելով է, տուն գնացել: Էստեղ էլ են մարդիկ հավաքված եղել: Վազելով գնացել է դպրոց (որտեղ փոքր աղջիկն էր սովորում), բոլոր էրեխեքը դուրս էին եկել: «Ոչ մեկի հագին կուրտկա չկար: Էն ժամանակ դպրոցներում տաք էր, դասերին կուրտկով չէին նստում: Էն է, թե էրեխեքն ասեցին՝ մրսում են, գնացի ներս, ձեռքս ինչքան կուրտկա ընկավ, դուրս հանեցի:

Ժամը 4-5-ի կողմերն էր ու բոլորը մտել էին պադվալները, սպասում էին՝ ինչ է լինելու:

Մեր գյուղ` էն ժամանակ Թափանլու, հիմա էլ` Գեղասար, տանող ճամփի վրա, էդ Նալբանդի կողմերից, հողը եկել լցվել էր: Գնացինք գյուղ, ի՞նչ գյուղ, գյուղ չկար. սաղ պատերը քաշվել էին, կռիշները՝ նստել:

Հռիփսիկին գիտե՞ս, ինքը դե ոտք չունի: Մնացել էր պանելների տակ: Երևան տանելու ճամփին խեղճ աղջկա ուշքը մի քանի անգամ գնաց: Կաշին, երակները, ոսկորները… Բան չէր մնացել ոտքից: Բժիշկներն ասեցին, որ պետք է կտրեն:

Մեր գյուղից 166 հոգի մահացավ: Մերոնցից ո՞վ էր. ախպերս, իր աղջիկը՝ Կարինեն, Կարինեի աղջիկն ու տղեն, մի հատ Վաղարշ կար՝ ինքը ու իր ախպերը՝ Լևոնը: Հիմա գյուղում էդ 166 հոգու անունն էլ հուշարձանի վրա գրած ա:

Մեր հիմիկվա փետանոցում էինք ապրում. ես, տատը, Աննան, Սիրասը, Նելլին, Նաիրան: Նարինեի մարդու՝ Հարութի գործի շենքը քանդել էին, Հարութն էլ դռներ էր բերել (մի 15 հատ): Էդ դռներով փետանոցը մասերի բաժանեցինք ու ընտանիքներով «բաժանվեցինք»: Երկու տարի համարյա մնացինք էդտեղ: Հետո հիմնարկները դոմիկներ տվեցին: Հետո էլ էս շենքը տվեցին»:

Պապս պատմում էր, իսկ ես նայում էի էդ մարդու կնճիռներին: 1937 թվի ծնունդ է պապս: Ինչքան բան է տեսել ու տեսնելու: Կես ժամից 20 րոպեն պապս լռել է, ես էլ հետը: Բա ի՞նչ էի ասելու:

«Էդ թվերին երկաշարժի հարցն էր, Ղարաբաղի հարցն էր, ցույցեր էին, ռուսները հարձակվեցին հայերի վրա, Երևանի կայարանը գրավեցին: Երևանի հին երկաթգծի կայարանում մի հատ սենյակ կա, էդ սենյակում կրակածի տեղերը երևում են: Դե, հիմի չգիտեմ, ես մի տասը տարի առաջ եմ տեսել: Գեղամյանն էր Երևանի քաղաքապետը:

Թուրքերը հայերին սպանում էին, ռուսները երկու օր, երեք օր չէին մտնում, որ գոնե չթողեն սպանեն:

Տենց, յոլա գնացինք, հիմի էլ՝ ոչինչ:

79 թվից ստեղ ենք ապրում, էլի: Գորբաչովն ասել էր՝ երկու տարուց էս քանդվածները կսարքենք: Երկու տարուց սովետը քանդվեց, էլ ո՞վ էր տերը:

Հայաստանի կեսը քանդվեց. Շիրակի դաշտը, Լոռին…»

Աչքերս լցվում են, որ հիշում եմ պապիս պատմելը: Էդ մարդիկ ապրել են, իրենք իրենց կյանքն են ունեցել, ու մի օր…

«Աշխարհից ով ասես եկավ հայերին օգնելու: Ի՜նչ օրեր ենք տեսել: Հիմի, որ հիշում եմ, ոնց որ երազ լինի…»

Պապս մատների վրա հաշվում էր մահացածներին: Ձեռքերը ուժեղ են, հսկա, բայց տեսածներից դողում են (դե, ծերություն է, մի օր իմն էլ կդողան): Պապս կյանք, պատերազմ, ծնունդ, մահ… Ինչ ասես տեսել է ու էդքանից հետո ապրել է:

Իմ պապից մեծերը, ժամանակակիցներն ու իրենց հաջորդ սերունդները ու նրանց սերունդներն էլ երկրաշարժ են տեսել: Չորս սերունդ, միանգամից: Ասելն է դժվար, էլ ուր մնաց` հիշելը:

Էդ մարդիկ դիմացել են կտրոնով հացին, դիմացել են անլույս, անգազ տարիներին, դիմացել են ամեն ինչին, համակերպվել են ամեն ինչին: Էդ մարդիկ իրար ձեռք են բռնել, հարազատ են դարձել, օգնել են, նեղվել, լացել ու երկու տարի հետո երևի նաև ժպտացել:

1988 թիվ, դու էն թվերից մեկն ես, որ չպետք ա գայիր:

Ani Ghulinyan

Շահավետ ընկերություն

«Շփումից հաճույք ստանալը ընկերության գլխավոր նշանն է»: Արիստոտել

Հասարակագիտության հերթական դասին, երբ քննարկում էինք իդեալական ընկերության մասին, դասընկերներիցս մեկն ասաց, որ իդեալական ընկերություն չկա, և որ ընկերությունը հիմնված է հիմնականում «շահի» վրա: Դասարանցիներս, ոմանք քթի տակ, ոմանք էլ բարձրաձայն, հայտնեցին իրենց դժգոհությունը արտահայտված կարծիքի վերաբերյալ: Հույս ունեի, որ ես միակը չեմ, ով «շահ» բառը չի հասկացել ուղիղ իմաստով, բայց իմ ընկալմանը դասարանից այդպես էլ ոչ ոք չմիացավ, բացառությամբ հասարակագիտության ուսուցչի, որը հարցերին միշտ տարբեր տեսանկյուններից է նայում:
Այս դեպքն ինձ ստիպեց մտածել և տալ իմ իդեալական ընկերության սահմանումը: Հետո մեջս հակասություն առաջացավ: Եթե կա իդեալական ընկերություն, ապա կան նաև այն կազմող իդեալական մարդիկ, բայց չէ որ իդեալական մարդիկ չկան: Հասկանալով, որ եթե այսպես շարունակեմ, միայն առանց այդ էլ խառնված մտքերս ավելի կխառնեմ, սկսեցի կոնկրետ օրինակների վրա փորձել:
Վերհիշելով իմ երբեմնի ընկերությունները, նկատեցի, որ դրանք բոլորն էլ «շահի» վրա են հիմնված եղել: Իսկ ի՞նչ եք հասկանում դուք «շահ» ասելով: Ես, օրինակ, չեմ կարող ընկերություն անել մի մարդու հետ, որից ոչինչ չունեմ սովորելու, որի հետ ինձ համար հաճելի չէ, չունեմ ընդհանուր թեմա` զրուցելու կամ բանավիճելու համար: Անձամբ ես «շահ» բառը` ընկերությունը, բնութագրելիս, հասկանում եմ տվյալ մարդու հետ շփումից հաճույք ստանալը, նրա կողմից ցուցաբերված անկեղծությունը և հավատարմությունը:
Երբ հանրահաշվից որևէ բանաձևի ստացումն ենք ապացուցում, ասում ենք, որ բանաձևը պետք է ընդհանուր լինի բոլոր թվերի համար, առանց բացառությունների, նույնը չի կարելի ասել իդեալական ընկերության սահմանումը տալիս, որովհետև այս երևույթի մասին յուրաքանչյուրն ունի իր սուբյեկտիվ կարծիքը: Ամեն բան, նույնիսկ իդեալական ընկերությունը, հարաբերական է, իմ ընկերությունը ամենամտերիմ ընկերուհուս հետ, ես համարում եմ այդպիսին, ու միևնույնն է, թե ինչ կմտածեն ուրիշներն այս ընկերության մասին: Մինչ նրանք քննարկում են նրա իդեալական լինել կամ չլինելը, ես պատրաստ եմ կյանքս տալ ընկերուհուս համար: Նա առանց ոչինչ հարցնելու կգա իմ հետևից, ուր էլ գնամ, որովհետև վստահում է ինձ, ես նրան հասկանում եմ միայն դեմքին նայելով, առանց ոչ մի բառ արտասանելու: Այս սա է իմ իդեալական ընկերությունը, երբ դու ու ընկերդ մի հոգի եք տարբեր մարմիններում, երբ դուք հաճույք եք ստանում ուղղակի իրար հետ զրուցելուց, իրար հետ շփվելուց…

Anush Jilavyan

Յասամանի բույրով մանկությունս

Արդեն իմ մի մասնիկը դարձած ճանապարհը գլորում է մտքերս դեպի վերջնակետը. մեր տունը, իմ սենյակը: Կարոտել եմ սենյակիս լռությունը, ու ամբողջ սենյակում արձագանքող մտքերս: Սենյակս ավելի շատ մտածելու համար է, քան քնելու: Ինչքան են փոխվել մտքերս ժամանակի ընթացքում և ներարկված են սենյակիս մեջ ու բացվում են իմ առաջ: Սենյակս ինձ բոլորից լավ է ճանաչում…

Բայց դեռ այդ ամենը վայելելու ժամանակը չէ, դեռ պետք է տուրք տալ այլ կարոտների, նույնքան փափուկ ու քաղցր: Պետք է տատիկիս տեսնել: Մտնում եմ տուն, ամեն անգամ զգացողությամբ, որ դեռ աշակերտ եմ, որ ամեն օր դասերից հետո կարող եմ գնալ, ու տատիկս նորից կհարցնի բոլոր տատիկներին հուզող ամենակարևոր հարցը. «Հաց կերե՞լ ես»: Ոչինչ օտար չի դարձել տանը: Գրկում եմ տատիկիս, ու նա արտասվում է ինչպես անցած, ու դրան նախորդող մյուս անգամները:

Ես հայացքով փոփոխություն եմ փնտրում, տունը նույն է, այն ինձնից ավելի դանդաղ է փոփոխվում, բայց պակասել է հարազատ մի շունչ: Ես մեկ տարուց ավելի ժամանակ ունեի հաշտվելու համար մտքի հետ, որ մեր ընտանիքում այլևս 9 անդամ չէ, այլ 8, բայց չի ստացվում. ես շարունակում եմ տանը հայացքով փնտրել պապիկիս, շարունակում եմ սպասքը առանձնացնել 9 տեղի համար ու հետո նորից հաշվել ու հետ վերցնել մեկը: Ես նորից ու նորից ապրում եմ այն օրը, երբ գնալու էի Երևան: Դասերը սկսվում էին, և ես արդեն առաջին կուրսի ուսանող էի: Այդ հրաժեշտը հետո կդառնա ոչ թե սովորական, հետո տեսնելու հույսով հրաժեշտ, այլ վերջինը: Ես գիտեմ, որ նրա մաղթանքը կատարում եմ, գիտեմ, որ հավատում էր ինձ, բայց ընդամենը այդքանը ասելը, նույնն է, թե ոչինչ չասել: Հիշողությունները շատ են, դրանք գունավոր նկարների նման աչքերիս առաջ են գալիս ու պայծառացնում: Ես ուզում եմ արթնանալ, ու պապիկս յասամաններ ու վարդակակաչներ բերի ինձ համար: Ուզում եմ մեր տունը նորից լցվի դրանց գեղեցկությամբ, ու ես մխրճվելով դրանց մեջ, նորից զգամ նրբությունը ու բույրը:

Ուզում եմ նորից ուրախացած վերցնել նրա ափի միջից հատապտուղները, որոնք այնքան փոքր էին նրա մեծ ձեռքերի մեջ:

Ուզում եմ հետ բերել ժամանակը ու հավերժ ապրել մանկության մեջ, որից այդ նույն յասամանի բույրն է գալիս:

Արդեն սենյակում նստած, մտքերս բարձր արձագանքում են և պահանջում, որ գրի առնեմ, գիտեմ, զգացածս տպատառերի սև ու սպիտակի մեջ չեմ տեղավորի, բայց չգրել էլ չեմ կարող: Գրելը օգնում է: Յուրահատուկ թեթևություն ես զգում, կարծես հանդիպել ես այն մարդկանց, ում կարոտել ես, կամ ասել ես նրանց այն, ինչ ուզում ես ասել արդեն շատ երկար …Կամ էլ իմ նման մի պահ սենյակում զգալ յասամանների բույրը…

Mariam barseghyan

Նորից երթուղայինում

Ամեն օր դասի գնացող և դասից տուն վերադարձող ուսանողի համար ամենահետաքրքիր վայրերից մեկը երթուղայինն է: Սա այն վայրն է, որտեղ ամեն օր հավաքվում են տարբեր տարիքի, տարբեր մասնագիտության և մտածելակերպի մարդիկ: Ոմանք ակտիվ զրուցում են, ոմանք էլ պատուհանից այն կողմ են նայում և ականջի ծայրով լսում հետաքրքիր զրույցը: Ճիշտ է, ուրիշի խոսակցությանը ականջ չեն դնում, բայց երթուղայինում, ուզած թե չուզած, ստացվում է: Հատկապես շատ եմ սիրում երեկոյան երթուղայինը: Օրվա այս ժամին, չնայած մարդիկ աշխատանքից հոգնած տուն են վերադառնում, նրանք լի են խոսելու, կատակելու էներգիայով: Դեռ փոքր տարիքից ինձ միշտ զվարճացրել են այդ զրույցները: Այդ ժամի երթուղայիններին «ուրախ» էի անվանում: Եթե առաջ ես միայն լսողի դերում էի, ապա այսօր իմ ուրախ երթուղայիններում ակտիվ զրուցողը և կատակողը հենց ես եմ: Երբեմն զվարճանքի թեման ընդհանուր է դառնում, և դա ավելի է բարձրացնում երթուղայինի ընդհանուր տրամադրությունը: Կանգառում իջնելուց հետո զգում եմ, որ ծանր օրվա հոգնածությունը էլ չկա, որ մարմինս լցված է դրական էներգիայով:

Արդեն անգիր գիտեմ 2-րդ համարի երթուղայինների բոլոր վարորդներին, գիտեմ` ով ինչ երաժշտություն է նախընտրում, թեկուզ շատ հաճախ հազիվ եմ դիմանում այդ երգերին:

Գիտեմ, կարող է տարօրինակ թվալ, բայց անկեղծորեն սիրում եմ ինձ ամեն օր դասի տանող երթուղայինը, սիրում եմ և ուզում եմ, որ այն ավելի լավը լինի: Ուզում եմ, որ երթուղայինի դռան վրա կարիք չլինի փակցնել «Կամաց ջարդեք» արտահայտությունը, որ երթուղայինի վարորդը իր մարմնի ամեն մասնիկով չզգա, թե ինչպես են ավտոմեքենայի անիվները քսվում քարուքանդ ասֆալտին, և վերջապես ուզում եմ, որ փողոցով երթևեկող երթուղայիններին նայելիս ուղղակի հաճույք ստանալ:

marieta baghdasaryan

Ես միակ երազողը չեմ

Ինչքան էլ հոգնած, ձանձրացած ու մռայլ տրամադրությամբ լինեմ՝ երազանքներիս մասին մտածելիս պայծառանում եմ, լցվում խանդավառությամբ ու ավելին անելու ցանկությամբ։ Երազանքներ ունենալը առաջ մղող ուժ է, ապրելու պատճառ, սակայն երազանքներն իրականացնելու համար պետք է գնալ դրանց հետևից, հավատալ, չընկճվել դժվարություններից ու միայն նայել առաջ։ Հանճարեղ մարդկանցից շատերը հենց երազանքի հետևից գնալով են դարձել այն, ինչ կան՝ այդպիսով օրինակ ծառայելով երազանքներին հավատացողներին։ Ուոլթ Դիսնեյը ասել է. «Եթե դու կարող ես երազել ինչ-որ բանի մասին, ապա կարող ես այն իրականություն դարձնել»։ Սրանք զուտ խոսքեր չեն, սրանք ապրելու ուժ են տալիս, ճախրելու թևեր, ու այդ թևերով ճախրում ես դեպի երբեմն այնքան հեռու թվացող երազանքդ։

Իմ երազանքները շատ են։ Դրանք բոլորն ապրում են իմ հոգու տիեզերքում ու այդ տիեզերքի առանձին գալակտիկաներ են կազմում։ Այդ տիեզերքի Արևը իմ հոգին ու սիրտը ջերմացնում է ու վայրկենական կարողանում է փոխել տրամադրությունս, իսկ երբեմն էլ էությունս։ Ինձ թվում է այդ հոգու Արևը կա յուրաքանչյուրիս մեջ, չէ ո՞ր երբ խոսում ենք երազանքներից, մի տեսակ ջերմանում ենք, անկախ մեզնից ժպտում ու աշխարհին նայում ուրիշ՝ ավելի բարի աչքերով։

Ես չեմ սիրում շատ խոսել երազանքներիս մասին,նրանք իմ ներսում են ապրում ու թվում է՝ բերանս բացեմ ու փորձեմ խոսել նրանց մասին, նրանք խատուտիկի թևերի պես կսավառնեն օդում, չէ՞ որ խատուտիկի թևերին փչելիս էլ մենք երազում ենք ինչ-որ բանի մասին։

Բոլորս էլ երազանքներ ունենք, բոլորս էլ երազում ու մեր հոգու խորքում հավատում ենք դրանց իրականացմանը։ Ես լիովին համաձայն եմ Ջոն Լենոնի հետ։ Նա ասում էր «You may say I’m a dreamer but I’m not the only one» (Դուք կարող եք ասել` ես երազող եմ, բայց ես միակը չեմ)։

Anna Baghdasaryan

Երազանք ամեն մարդ էլ ունի, դու ասա` մարդը նպատակ ունենա

Որոշեցի հարցազրույց անցկացնել տատիկիս հետ, որ պատմի իր մանկության, ընտանիքի, իրենց գյուղի մասին:

-Տատ, դու երազանքներ ունե ՞ս:

-Է՜, բալա ջան, երազանք ամեն մարդ էլ ունի, դու ասա` մարդը նպատակ ունենա, հասնի իր նպատակներին: Ինչի՞ չունեմ, ունեմ, իմ երազանքները դուք եք, որ ամեն օր կողքիս նստած իմ մասին հոգ եք տանում: Աստված ձեզ տվել ա, ինձ էլ երջանիկ տատիկ ա դարձրել:

-Տատ, բա դու հիմա ո՞ւմ ես ամենաշա տը կարոտում:

-Եթե մարդը գնացել ա, ուրեմն ճիշտը էդ ա եղել, կարոտելը զուր գործ ա, որ անընդհատ մտածես, ոչնչի չես հասնի, բալա:

-Էն ժամանակ, որ գյուղում էիր, դպրոց գնո՞ւ մ էիր, ընկերներ ունեի՞ր:

-Մեր ժամանակ, երբ դպրոց էինք գնում, ստիպված էինք նաև անասուններին արածեցնել: Առավոտյան 5-ին արթնանում էինք, սագերին ու մնացած կենդանիներին գցում էինք առաջներս ու տանում դաշտերը: Հետո ուշ երեկոյան գյուղի երեխաներով հավաքվում էինք, վազելով գնում կենդանիների հետևից: Ընկերնե ՞ր, էն ժամանակ տենց բան չկար, չէինք էլ հասցնում տենց բաների մասին մտածել:

-Տատի, բա քո սիրած զբաղմունքը ո ՞րն էր մեր տարիքում, ինչո±վ էիր սիրում զբաղվել:

-Աննա ջան, մայրս և հայրս գնում էին աշխատանքի, որ մի կոպեկ աշխատեն ու մեզ պահեն: Ես էլ երկու ախպերներիս հետ «երեխապահ» էի: Ինձնից տասը տարի փոքր քրոջս էինք խնամում: Մենք ենք մեծացրել իրեն: Մորս ու հորս հոգսերը շատ էին, բայց չեմ դժգոհում, այդպիսի տարիներ չեմ ունեցել…

Ու երբ որոշեցի ուղղել հերթական հարցը, նկատեցի, որ տատիկս խորասուզվել է մտքերի մեջ, ինքն իր հետ խոսում է: Որոշեցի տատիկին մենակ թողնել իր մտքերի հետ և հեռացա:

Տատիկիս հետ զրույցից հասկացա, որ երբեք չպետք է բողոքել մեր ներկայից, երբ չի դժգոհում ամենադժվար կյանք ապրածը:

Ani Ghulinyan

Լավ պրծանք

Այս օրերին հաճախ եմ «17.am»-ի նյութերի մեջ 9-րդ դասարանի քննությունների ու նոր քննակարգի մասին կարդում, շրջապատումս էլ այդ թեմայով լավ անհանգստացած են: Լսելով այս ամենը` ակամա մտաբերում եմ անցյալ տարվա իմ կարգավիճակը. տասնյակ գրքերը, որոնց կեսն անգամ չհասցրեցի վերընթերցել, քննություններին նախորդող անքուն գիշերները, հայոց պատմության թվականները հիշելու համար մեղր ու պոպոք ուտելը… Քննությունները հեշտ չէին, բայց դժվար էլ չէին: Այն, ինչի համար ողջ դասարանով անհանգստանում էինք, քննարկում, մտահոգվում, այսօր այլևս ոչ ոք չի հիշում: Ես, ինքս դժվարությամբ եմ մտաբերում իմ քննությունների արդյունքները: Նախորդ տարի ամեն բան իհարկե ավելի հեշտ էր` բնագիտական առարկաներից մեկը պիտի ընտրեինք, իսկ հիմա` բոլորը միասին: Իրոք, այս տարվա 9-րդ դասարանցիները նախանձելի վիճակում չեն: Եթե նոր քննակարգի մասին լուրերը մեր վերևի դասարանում գտվող իններորդցիների մոտ տխուր ու հուսահատ մտքեր էին առաջ բերում, ապա մեր` տասներորդցիներիս մոտ, բարի ճակատագրի հասցեին շնորհակալական խոսքեր: Ես ու դասընկերուհիս փառք էինք տալիս Աստծուն, որ թեև դպրոց ընդունվելիս դեռ 6 տարեկան չենք եղել, բայց մեր ծնողները մեզ փոքր չեն համարել ու շուտ են ընդունել դպրոց: Մեկ տարի առաջ, չէի էլ կարող պատկերացնել, որ հինգ ու կես տարեկանում դպրոց գալու համար այսքան ուրախ կլինեմ: Բայց ինչպես ասում են` «ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում»: Առջևում ավարտական քննություններ են, իսկ ամեն նոր եկող կրթության նախարարի հետ` նոր քննակարգ է գալիս, նոր կանոններ, ի՞նչ իմանաս, թե երկու տարուց ինչ կլինի:

Իսկ այս տարվա քննություն հանձնողներին հորդորում եմ ամեն բան այդքան ծանր չտանել: Սովորաբար ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում, քան մտածում ենք, իսկ այդքան սարսափելի թվացող քննությունների մասին, ընդամենը մեկ ամսից, որքան էլ զարմանալի լինի, հաճելի հիշողություններ են մնում:

meri antonyan

Շոր տուր` շնորհքի գամ

Մեր քաղաքում կարիքավոր մարդկանց առավել հաճախ հանդիպում ենք եկեղեցիների բակերում, որտեղ նրանք, հույսները դնելով մարդկանց գթասրտության ու Աստծո ողորմածության վրա, սպասում են մեր օգնությանը։

Վերջերս մի խոսակցություն լսեցի, որն ուզում եմ պատմել՝ խոսքս հնարավորինս նմանեցնելով լսածիս։

«Հարսանիքներից մեկի ժամանակ, երբ որ պսակն ավարտվել ա, հարսանքավորները դուրս գալուց են եղել եկեղեցուց, մի անապահով մարդ՝ թափով, բոյ-բուսաթով, դրա հետ էլ՝ մանկամիտ, հարսանքավորների դեմը կտրել ա, որ քավորից փող ուզի, տենց սովորություն կա, որ քավորը փողը տվել ա, քավորին ասել ա.

-Ախպեր, իմ բոյի-ջանի ես, կարո՞ղ ա իմ հագի շոր ունենաս, որ էլ չես հագնըմ։

-Ունեմ, խի՞ չունեմ։

Հաջորդ օրը քավորը բերել ա, ավտոն կանգնացրել եկեղեցու մոտ, բագաժնիկը բացել, մեջն էլ՝ լիքը թազա-թազա շորեր, դաժե եղել ա, որ մի շորից մի քանի գույն ա եղել։ Դե ո՞վ կպատկերացներ, որ էդ դիրք ու պաշտոն ունեցող մարդը նրա ասածը բանի տեղ կդնի ու իրա խոսքի տերը կլնի…»

Կարիքավոր մարդը չի մոռացել նույնիսկ իր բախտակիցներին, հագուստներից մի քանիսն էլ վերցրել է, տարել իր ծանոթ ծաղկավաճառին, ասել.

-Ա՛ռ, էս էլ մարդուդ տար, թող հագնի, իրա ռազմերով ա»։

Լսելուցս շատ չանցած, ոնց որ խոսքին օգնության եկած ապացույց, փողոցով անցավ պատմության հերոսը՝ լրիվ նոր հագուստներով, եկավ, կանգնեց ծաղկավաճառի մոտ.

-Լավն եմ, չէ՞, քիրիկ, ոնց որ մեծահարուստի տղա էղնեմ,-ինքնագոհ տեսքով ոտքից գլուխ մի հատ էլ իրեն զննեց, ու գնաց։ Քայլվածքն էլ էր փոխվել, ավելի էր զգաստացել, կարծես թե իր երկու մետր բոյին մի մետր էլ էր ավելացել…

«Ստե են ասել. շոր տուր՝ շնորհքի գամ…»

Հիմա չգիտեմ՝ ում մեծահոգության վրա ավելի շատ զարմանամ ու ում արարքի համար ավելի շատ ուրախանամ. որ ունևորը չի արհամարհում կարիքավորին, թե՞ կարիքավորն իր ուրախությունից չի մոռանում բաժին հանել իր բախտակիցներին։

Իհարկե, դրանից էս մարդու կենցաղն ու ծանր կարգավիճակը շատ չփոխվեց, բայց գոնե իրեն մի քիչ լավ զգաց, գուցե մի քիչ էլ հո՞ւյս ավելացավ, մարդկանց նկատմամբ էլ հավա՞տ ծնվեց, չգիտեմ։ Միայն թե ուրախ եմ, որ մեր քաղաքում կա մեկը (գուցե մի քանիսը, երանի՜), որի պաշտոնի հետևում մարդ արարածը դեռ ապրում է։