Երեկ հերթական անգամ երեկոյան «ստուգայց» էի անում 17-ի կայքէջում։ Տեսա, որ Լիդուշը նյութ է գրել Ծյոմի մասին, տեսա Ծյոմի լուսանկարները զինվորական շորերով ու էլի Մուշին հիշեցի, ապրեցի այն նույն զգացողությունները, ինչ զգացի, երբ 17-ի մրցանակաբաշխության ժամանակ դահլիճի բակում անակնկալ կերպով Ծյոմը առջևս կանգնեց, հիշեցի այն բացը, երբ հայտարարվեց լավագույն 100 թղթակիցների անուններից «Մուշեղ Կուրեխյան»-ը, բայց այդ ամենը յուրաքանչյուր պահի համեմված էր հպարտությամբ` Մուշը հայոց բանակում է, իր պարտքն է կատարում, ու ինչպես նրա վերջին հոդվածն էր փաստում, իր պարտքը կատարում է հրաշալիորեն, իսկ մեզ այստեղ` թիկունքում հպարտանալու լիքը առիթ է տալիս։
Ու երբ վերցրեցի թուղթն ու գրիչը և պատրաստվում էի գրել այս հոդվածս ու մտաբերել մեր ծանոթացման շարժառիթը, Մուշից հերթական նամակը ստացա «Հըն, Արմ, դու ո՞ր անվանակարգում ես հաղթող ճանաչվել, չասես ոչ մի: Մեկա՝ չեմ հավատալու», ու Մուշի այս խոսքերը առաջ քայլելու ուժ տվեցին, որպեսզի հաջորդ տարի չսպասեցնեմ Մուշին, ես գրեմ ու ասեմ. «Մուշ, հաղթող եմ ճանաչվել, Մուշ, դու էլ ես հաղթող ճանաչվել: Մրցանակդ քեզ է սպասում»…
2016 թվականն էր: 17-ի բոլոր թղթակիցներին հայտնի բարի ու հոգատար Լուսինե Կարապետյանն ասաց, որ ՏՆԱԿ ծրագիրն է անելու: Դե, գրանցվեցի, ընտրվեցի որպես մասնակից ու գնացի Վայք։ Առաջին օրն էր ծրագրի, ծանոթացման խաղի ժամանակ Լուսինեն ասաց, որ մի քանի մասնակից ուշացումով կգան։ Անցավ մի քանի ժամ, հեռվից նկատելի դարձան 3-4 երիտասարդ: «Սա էլ մեր մյուս մասնակիցներն են»,- մեզ մոտեցողներից մեկը Մուշն էր,17-ի էջին հաճախ էր հայտնվում նրա լուսանկարը շատ հետաքրքիր նյութերի հետ հանդերձ: ՏՆԱԿ-ի ընթացքում բոլոր հանդիպումների ժամանակ Մուշի հետ հասցրեցի մտերմանալ։ Դե, ՏՆԱԿ-ը վերջացավ, բայց Մուշի հետ շփումը շարունակվում էր սոց.հարթակում։
Եվ հերթական անգամ քայլում էի Երևանի փողոցներում ու էլի նույն պատկերը, էլի հեռվից նկատում եմ Մուշին ու մի քանի ժամ անցկացնում Մուշի հետ: Գիտակցելով, որ առաջիկա 2 տարին չես տեսնելու նրան, այլ միայն հպարտանալու ես, որ նրա նման ընկեր ունես, ու նա ծառայում է հայոց բանակում։
Մո՛ւշ, հիշիր, որ ընկերներդ քեզ են սպասում, սպասում են այն բարի ու հոգատար Մուշին, ով ցանկացած հարցով պատրաստ է կանգնել ընկերոջ կողքին։
Բարի ծառայություն, զինվոր։




Ամեն ինչ սկսվեց անցյալ ամռանը: Երևի ես երբեք էլ չէի մտածի, որ կսկսեմ գրել նրա մասին, ինչը ինձ հուզում է, ինչը վերաբերում է իմ ծննդավայրին, իմ ընկերներին, կամ ուղղակի իմ կյանքի մի մասը կներկայացնեմ: Իսկ հիմա… Արդեն տասը ամիս է ` ամեն երեկո կարդում եմ կայքի ամեն մի նյութ, արդեն ունեմ նախընտրած թղթակիցներ, արդեն նյութի վերնագիրը, կամ լուսանկարը տեսնելիս փորձում եմ գուշակել, թե ումը կլինի: Արդեն տասը ամիս մտքիս եկած ամեն ինչ գրում եմ, գրում ու չեմ վախենում, որ նյութս ինչ-որ մեկին դուր չի գա, ինչ- որ մեկը իմ կարծիքին չի լինի: Գրում եմ այստեղ, որովհետև սա հարթակ է, որտեղ ինձ ոչ ոք չի ասելու, թե ինչի մասին գրեմ, ինչի մասին լռեմ: Հարթակ, որտեղ ես եմ ու իմ մտքերը: Այստեղից է, որ արդեն տասը ամիս գնահատանքի խոսքեր եմ լսում ծանոթներից ու անծանոթներից, հարևաններից ու բարեկամներից, ընկերներից և ուսուցիչներից: Արդեն տասը ամիս է` ամեն տեղ գնալիս, պայուսակումս գրիչ ու տետր եմ պահում: Դե, ինչ իմանամ, միգուցե գրելու, լուսաբանելու մի բան լինի: Արդեն տասը ամիս է` ճանաչում եմ Հայաստանի ամենաստեղծագործ, ամենահետաքրքիր ու լուսավոր մարդկանց. Իրենք էլ են այստեղից:
Երբ առաջին անգամ օգտագործեցի հեռախոսիս ֆոտոխցիկը, մտքովս անգամ չանցավ, որ ես կցանկանամ լուսանկարչությամբ զբաղվել և դրա միջոցով փոխել մարդկանց կամ ինձ շրջապատող հասարակությունը: Ես այն ժամանակ ամեն ինչից գոհ էի (թող տպավորություն չստեղծվի, թե հիմա դժգոհ եմ), ինձ ամեն ինչ սովորական էր թվում, և ես ինչ-բան փոխելու կարիքը չէի զգում: Եվ անգամ չէի էլ մտածի, որ մի օր կարժանանամ մրցանակի այն լուսանկարների համար, որոնք իմ մի մասն են կազմում: Եվ այդ գնահատանքը կլինի ոչ թե իմ հարազատի, ընկերոջ կամ որևէ մեկի կողմից, ով ինձ ճանաչում է, այլ մի մարդու` ով զբաղվում է լուսանկարչությամբ, հասել է մեծ հաջողությունների և ով ինձ պես ապրում է լուսանկարչությամբ:
Շնորհակալություն օրվա, ժպիտների ու գեղեցիկ նվերների համար: Հաճելի է լինել գնահատված, արժևորված… Չէ:
Ես էսպես էլ չեմ ուզում սկսել ասելիքս: Ու երևի չգիտեմ էլ` ոնց սկսեմ: Չգիտեմ ոնց սկսեմ, ինչից սկսեմ, ուր տանեմ, ուր հասնեմ: Բայց մի րոպե: Ես արդեն ինչ-որ բանի հասել եմ: Ինչ-որ լուրջ ու կարևոր բանի: Անիմաստ է ասելս, թե ապրիլի 28-ը ինչ օր էր: Ես էլ գիտեմ, դու էլ, այն երրորդ մեկն էլ: Դրա մասին արդեն շատ է խոսվել: Ոչ էլ ուզում եմ պատմել, թե ես ինչպես եմ հայտնվել այստեղ: Հնարավոր է, որ քո պատմությանը նման է: Ասենք, որ դպրոցից եմ իմացել: Բայց չէ: Էդպես չի եղել: Ինչը նշանակում է, որ հնարավոր չէ: Բայց երևի նրա պատմությանն է նման: Հիմա դրա մասին խոսելու հավես չունեմ ու ամենայն հավանականությամբ դու էլ դրա մասին լսել-կարդալու հավես չունես: Շատ ես լսել:
Դահլիճում նստած մի տեսակ անջատված ծափահարում էի, երբ հանկարծ անունս հնչեց: Չէի սպասում անունս լսելուն: Բայց ստացվեց: Ես երկրորդ շարքում էի նստած ու դահլիճից բեմ տանող ճանապարհը ոչ երկար էր թվում, ոչ կարճ, ոչ տագնապող: Կարճ ասած, չէր էլ թվում: Քայլում էի, որովհետև դահլիճում արդեն շողացող ու հարազատ դեմքեր էին նշմարվում: Դե ես էլ եմ մրցանակակիր: