Mari Baghdasaryan malishka

Սուտլիկ որսկանի մոտիվներով

Գիրք էի փնտրում ու հանկարծ ձեռքս ընկավ մի հին տետր: Բացեցի ու սկսեցի կարդալ: Տետրում քեռուս՝ Ռաֆիկ Բաղդասարյանի նյութն էր, որը նա գրել էր 1979 թվականին և վերնագրել էր. «Սուտլիկ Որսկանի մոտիվներով»:

«Որոշեցինք գնալ կինո: Ես էի, Հայկն էր, Սամվելն էր, Թաթուլն էր: Երբ տանից դուրս եկանք, մեր դիմաց տեսանք երեք ճանապարհ. երկուսը ցեխոտ էր, մեկով էլ հնարավոր չէր գնալ: Գնացինք հնարավորին չափով ցեխոտվելով: Որտեղ ուսուցիչ տեսանք, կուզեկուզ գնացինք, որտեղ ծանոթ տեսանք, սուսուփուս գնացինք: Հասանք մեր հին գյուղի երեք շենքի. երկուսը քանդված էր, մեկն էլ, եթե հրեիր, իսկույն կողքի կընկներ: Վերջը չհամբերեցի, դարձա տղաներին.
-Հա՛յկ, ո՞րն է մեզ պետք:
-Ի՞նչ իմանամ:
-Սամվե՛լ, Թաթո՛ւլ:
Նայեմ, տեսնեմ՝ թև են գցում, իրար նայում ու ծիծաղում, համբերությունս կորցրի: Մեկին՝ հրելով, մյուսին՝ ծեծելով, գնացինք հասանք տոմսավաճառին:
-Հա՛յկ, տոմս: Սամվե՛լ, Թաթո՛ւլ:
Նայեմ, տեսնեմ՝ մեկի տոմսին հսկիչ չկա, մյուսին՝ համար չկա, իսկ իմ մոտ էլ, զաթի, տոմս չկար:
Մենք՝ ուրիշին, ուրիշը՝ մեզ, ընկանք դահլիճ:
-Հայկ, տեղ ճարի:
-Որտեղի՞ց տեղ:
-Սամվե՛լ, Թաթո՛ւլ:
-Բա, որ լիներ…
Ես էլ խեղճ-խեղճ էստեղ նայեցի, էնտեղ նայեցի, վերջին շարքում տեսա երեք նստարան: Երկուսը ջարդված էին, մնացել էին միայն ոտքերը, իսկ մեկինն էլ՝ տակը չկար: Ասի՝ տղերք, եկեք այստեղ: Երեք նստարանն էլ միացրինք իրար, դարձրինք մեկտեղանոց:
-Հա՛յկ, նստիր: Սամվե՛լ, Թաթո՛ւլ, համարակալվեք, իրար կողքի հերթ պահեք:
Ես էլ այդպես նայում էի նստարանին:
-Հա՛յկ, կանգնիր, Սամվե՛լ, նստիր:
Ու այդպես էլ մեկս՝ կանգնում, մյուսս նստում էինք: Տեսա, որ էլ հալ չի մնացել, ասի՝ տղերք, եկեք գնանք: Դուրս եկանք՝ դողդողալով մեր տուն հասանք ու քնեցինք երեք օր: Իսկ երբ նորից հանդիպեցինք, որոշեցինք էլ չփորձել, միայն նստել, այդ մեկ օրվա մասին գրել»:
Եվ այսօր էլ՝ տարիներ անց, ես կարդում եմ պատմությունն այս, և թերթերը՝ արդեն մաշված փոխարինում եմ նորերով:

Nane Eghiazaryan

Վերջապես նահանջիր

Հա, բայց ինչի՞ համար… Այս հարցն եմ ինձ տալիս ամեն տարվա փետրվարի վերջին օրը, որովհետև գիտեմ, որ վերջանում է սառը ձմեռը, բայց մեր քաղաքում՝ Ջերմուկում, դեռ ամենաշուտը մարտի կեսերին, նոր ձյունը ամբողջությամբ կանհետանա, իսկ գարունը… Ախր, ես գարունը պատկերացնում եմ ծաղկած ծառերի, պարզկա եղանակի ու հողից նոր դուրս եկող ծաղիկների ներկայությամբ, իսկ այստեղ… Իմ կարծիքով մարդիկ պետք է ավելացնեն մի եղանակ իրենց օրացույցներում, ի՞նչ կա: Այս եղանակային շրջանում ոչ կարգին ձյուն կա, ոչ էլ գեղեցիկ շրջակայք: Մարդիկ միայն դժգոհում են, ես էլ եմ դժգոհում, որովհետև բակերում առավոտյան` դասի գնալիս սառույց է, իսկ արդեն տուն վերադառնալիս ոտքդ վախենում ես ձյանը դնել, որովհետև գիտես, որ դնելդ նույնը կլինի, ինչ ինքնակամ մտնել ջրափոսի մեջ: Դե լավ, շատ չդժգոհեմ, թե չէ բողոքի գիրք կգրեմ (ի դեպ, որոշել եմ բողոքի գիրք սարքել ու գրել մեջը իմ բոլոր բողոքները, որ բողոքելուց հետո «Դե տենց լավ չի, մի հատ բողոքի գիրք էլ գրի, ու վերջ» ասողներին ցույց տամ, և ասեմ, որ հետևել եմ իրենց խորհրդին):

Հուսով եմ, որ այս տարի գարունը շուտ կհաղթի ձմռան հետ մենամարտում, որովհետև ես գարուն եմ ուզում, այս սառը, բայց հրաշքներով ձմռանից հետո ուզում ես տեսնել արդեն կանաչ խոտը, շնչել ծաղիկներից եկող բուրավետ հոտը, ուզում եմ տեսնել աշխարհի փթթելը…

Ձմեռ, այս անգամ (և մյուս անգամներն էլ) զիջիր գարնանը, որովհետև մենք նրան սպասում ենք, սպասում ենք նրա բերած աշխուժությանը ու նոր գույներին:

Հրաժեշտ ձմռանը

Ժամանակից շուտ սկսված ձմեռը կարծես իր ավարտին է հասնում։ Հետհայացք այդ ցուրտ ու միևնույն ժամանակ լուսավոր օրերին՝ ֆոտոշարքի տեսքով։ Բարի վայելում։

Sona Tumanyan

Հերթական օր

Երեքշաբթի էր, սովորական մի օր: Մտա դասարան: Ինչպես միշտ, տղաները շարվել էին պատուհանի մոտ ու բարձր-բարձր իրենց հարցերն էին քննարկում: Իսկ աղջիկները՝ «բամբասկոտ» աղջիկները, թաքնվել էին մի ծածուկ անկյունում, ավելի ճիշտ՝ Հասմիկի ու Լիդայի՝ տաք վառարանի կողքին գտնվող սեղանների մոտ: Ներս մտավ նաև Սոնան, ու բարձրաձայն ասաց.

-Էսօր պարապմունքի՞ եք:

-Հա, Սոն, հաց էլ չբերեցի, որ ուտենք,- ասացի ես:

-Ես «պեչենի» եմ բերել, Սոն, քեզ էլ կտամ,- ասաց Հասմիկը՝ ինձ ժպտալով:

Մի պահ ուրախացա, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ հաստատ մի «պեչենիով» սովս չի հագենա: Արագ անցավ ժամանակը, աչքս էլ չթարթեցի, ու մենք արդեն ճանապարհին ենք: Լուռ, ցեխերի մեջ ճպճպալով քայլում էինք, երբ Աննան ասաց.

-Ինչ համով ձյուն ա:

-Վայ, Ան, հլը հիշի, թե ինչից ա առաջանում ձյունը,- ասացի ես:

-Ֆու,- հնչեց բոլորի կողմից միաձայն:

Աննային տուն ճանապարհեցինք, իսկ մենք շարունակեցինք զրույցը:                                                                                -Ատում եմ էս դիքը, մանավանդ, երբ բարձր կոշիկներով եմ, իսկ ես միշտ բարձրերով եմ,- ասաց Հասմիկը:

Լիդան մեր ամենաքչախոսն է: Նա ճանապարհին հազիվ մի քանի նախադասություն է արտաբերում, իսկ ես ու Հասմիկը գտնում ենք մի թեմա, խոսում ու խոսում անվերջ, արագ, առանց մեկս մյուսին հերթ տալու:

-Հաս, նյութ եմ գրելու մեր մասին,- ասացի ես:

Ակնկալում էի դրական պատասխան, քանի որ դա մեր վերջին խոսակցությունն էր. մենք արդեն աստիճանների մոտ էինք:                                                                                                                                 -Օրինակ ես անընդհատ ընկնում եմ, բոլոր հնարավոր ու անհնարին ձևերով:

Անսպասելի էր ու ցավոտ, բայց, ինչ արած, դեպք է, արդեն պատահել է: Եվ, ի վերջո, ընկեր Մելքոնյանենց տանն ենք: Կենտրոնանում ենք և սկսում պարապմունքը՝ առանց որևէ արկածի:

Մեկ-մեկ մտածում եմ՝ անցնում են տարիները, անցնում է նաև մանկությունը. գոնե վայելենք այն:

mariam avetyan

«Ջերմուկ» թերթը

Հարցազրույց «Ջերմուկ» թերթի գլխավոր խմբագիր Սեդով Բունիաթյանի հետ

Ես շատ էի լսել «Ջերմուկ» թերթի մասին և միշտ հետաքրքրել է, թե ո՞վքեր են ստեղծել, ինչպե՞ս են աշխատում և այլ հարցեր, քանի որ ամեն թերթ իր առաքելությունն ունի: Մի օր որոշեցի հետաքրքրվել և իմանալ ավելին: Ես հիշում էի, որ իմ ուսուցիչներից մեկը, ով սիրում էր զրուցել մեզ հետ, ասում էր, որ իր բանաստեղծությունները տպագրվում էին Վայքի թերթում: Մոտեցա տատիկիս, հարցուփորձ արեցի, իմացա, որ նրա անունն էլ է հայտնվել թերթի էջերում՝ որպես ավարտական քննությունները գերազանց հանձնած աշակերտ: Իմ հետաքրքրությունն ավելի մեծացավ: Ես գտա «Ջերմուկ» անունով թերթի գլխավոր խմբագրին՝ Սեդով Բունիաթյանին և նա սիրով պատասխանեց իմ բազմաթիվ հարցերին։

-Ինչպե՞ս եք դարձել «Ջերմուկ» թերթի գլխավոր խմբագիրը:

-Այդ ժամանակ ես կուլտուրայի բաժնի վարիչն էի և սիրում էի ստեղծագործել: Մի անգամ ինձ մոտեցավ Ջանիկ Ասլանյանը՝ թերթի գլխավոր խմբագիրը, և հրավիրեց աշխատել «Ջերմուկ» թերթում: Ես համաձայնվեցի և այդպես սկսեցի աշխատել այնտեղ: Սկզբում՝ 1964 թվականին, աշխատում էի որպես սրբագրիչ, այնուհետև որպես գրական աշխատող, բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, հետո դարձա գլխավոր խմբագիրը: Ջանիկ Ասլանյանը՝ գրող, երգիծաբան, հրաշալի անձնավորություն է, նա եղել է «Ջերմուկ» թերթի խմբագիրը 25 տարի: Ես փոխարինեցի նրան: Նրանից շատ բան եմ սովորել: Ընդհանրապես, «Ջերմուկ» թերթն ուներ առաջադեմ ու համագործակցող աշխատակազմ: «Ջերմուկ» թերթի գրական աշխատողը՝ Մարտին Միքայելյանը, Հայաստանի լավագույն արվեստաբաններից է:

-Մի քիչ պատմեք «Ջերմուկ» թերթի մասին: Ի՞նչ հաճախականությամբ էր տպագրվում, ի՞նչ նյութեր էիք հրատարակում և այլն։

-«Ջերմուկ»-ը շաբաթաթերթ էր: Այն ազատ չէր, ինչպես «Ասպետ» թերթը, որի խմբագիրը հիմա ես եմ: Տպագրվում էր շաբաթական 3 անգամ: Թերթն ուներ մեծ թղթակցական անձնակազմ: Շրջանի բոլոր գյուղերից մարդիկ մեզ էին ուղարկում իրենց հոգսերի մասին նամակներ, և մենք տպագրում էինք նրանց մասին հոդվածներ: Շատ նամակներ էինք ստանում: Երբեմն ստանում էինք անանուն նամակներ, հետո նրանց տերերը գալիս էին, բողոքում, թե ինչո՞ւ իրենց հոդվածները չենք տպագրել: Թերթն աշխատեց շուրջ 40 տարի: Հետո լուծարվեց: Երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, թերթը բախվեց լուրջ ֆինանսական խնդիրների հետ և ստիպված դադարեց գործել:

-Իսկ Դուք ի՞նչ թեմաներով էիք գրում:

-Գրում էի բոլոր թեմաներով: Խորհրդային Միությունում կյանքը եռում էր՝ խոտհունձ, այգու մշակություն, անասնապահություն: Ներկայացնում էինք լավագույն մարդկանց, գործարանների լավագույն աշխատողներին: Հիմնականում իմ ուղղությունը գրական-մշակութայինն էր, նախընտրելի թեման երևի երգիծականը: Ես ղեկավարում էի պոեզիայի բաժինը: Սիրում էի նաև գրել քննադատական թեմայով հոդվածներ: Դա շատ բարդ գործ էր այդ տարիների համար: Քննադատում էինք միայն լուրջ դեպքերում: Քննադատված անձը կամ ձեռնարկությունը ստանում էր լուրջ նկատողություն շրջկոմի կողմից: Լինում էին նաև դեպքեր, երբ նույնիսկ հեռացվում էին աշխատանքից: Սիրում էի նաև ակնարկներ գրել: Ինձ համար այդ տարիները շատ հրաշալի տարիներ էին, երբեք չեմ մոռանա:

-Ի՞նչ հաջողությունների էր հասել «Ջերմուկ» թերթը, ունե՞ր պատվոգրեր, մրցանակներ:

-Այո՛, իհարկե: «Ջերմուկ» թերթը հանրապետության շրջանային լավագույն թերթերից մեկն էր։ Թերթն ուներ շատ պատվոգրեր, որոնցից մեկը ստացել էինք ժուռնալիստների միության կողմից թերթի քառասունամյակի առթիվ: Թերթին նվիրվել էին շատ բանաստեղծություններ:

-Կուզենայի՞ք Վայքում կրկին մի այդպիսի թերթ լիներ:

-Իմ պայքարը հենց դրա համար է, որ Վայքն ունենա իր թերթը: Չնայած այդ գործը մեծ ֆինանսների հետ է կապված, սակայն դա էլ կարելի է հեշտորեն լուծել: Օրինակ, եթե կազմակերպվի բաժանորդագրություն, թերթ ստեղծելը շատ ավելի հեշտ կլինի: Տպարաններն էլ փակվել են. թերթերը հիմնականում տպագրվում են Երևանում:

-Ի՞նչ է տվել Ձեզ «Ջերմուկ» թերթում աշխատելը:

-Դա կյանքի մեծ փորձ էր: Շուրջս հայտնվեցին շատ հուսալի մարդիկ, որոնց վրա կարելի էր հենվել: Ինձ համար հեշտ էր դարձել մարդկանց հետ շփվելը: Մեծ ճանաչում էինք ձեռք բերել շրջանում: Անգամ, եթե հոդվածիս տակ գրում էի կեղծանունս, միևնույն է, բոլորը գիտեին, որ դա ես եմ գրել:

Մի անգամ ես մի գյուղապետի էի քննադատել: Հոդվածի տակ ստորագրել էի «Արթուր Արամի» կեղծանունով: Այդ կեղծանունը ես դեռ նոր էի ընտրել: Գյուղապետի հետ անձամբ ծանոթ էի: Նա իր գործում թերացել էր, ես էլ քննադատել էի, ոչ մի անձնական բան: Նա եկավ, լուրջ դեմքով մտավ սենյակս, զննեց ամբողջ սենյակը և հայացքը հառեց դեմքիս: Ես արդեն գլխի էի ընկել, որ նա կարդացել է իմ հոդվածը: Ես խախտեցի լռությունը և հարցրի, թե ի՞նչն է նրան բերել ինձ մոտ: Նա հոգոց հանեց, մի քայլ արեց առաջ և ասաց.

-Ընկեր Բունիաթյա՛ն, Ձեր թերթում Արթուր Արամի անունով մարդ աշխատո՞ւմ է:

Ես թեթև ժպտացի, բայց նա կարծես չնկատեց:

-Այո՛, աշխատում է, իսկ ի՞նչ է պատահել:

-Նա քննադատել է ինձ: Հոդվածի պատճառով ինձ շատ խիստ նկատողություն են տվել:

-Ահ, այդ Արթուրը, նրա բնավորությունն է այդպիսին: Ես նրա հետ լուրջ կխոսեմ:

Ես կանգնեցի և լուրջ դեմքով գլուխս թափահարեցի: Նա հանգիստ շունչ քաշեց և, հաջողություն ասելով, հեռացավ: Այդ դեպքից մի քանի ամիս անց իմ կեղծանվան մասին իմացան բոլոր ընթերցողները:

-Հետ նայելով՝ ի՞նչ կցանկանայիք փոխել թերթում, ի՞նչ թերություններ կային:

-Թերթում ամեն ինչ նկարագրվում էր թվերով կամ գրաֆիկներով: Կարդացողներին դա այնքան էլ հետաքրքիր չէր: Բացի այդ՝ միայն շրջանի նորություններն էին տպագրվում, և մարդիկ անտեղյակ էին դրսում կատարվածից: Չնայած այդ ամենին՝ առավելությունները ավելի շատ էին:

vahe stepanyan

Երազից ներքև

Ապրել կյանք առանց փորձելու հասկանալ նրա իմաստը, նույնն է, թե քայլել հսկայական գրադարանում ու ձեռք չտալ ոչ մի գրքի:

Ճիշտն ասած, ես չեմ հիշում, թե որ գրքում եմ կարդացել այս տողերը: Սիմվոլիկայի մասին ինչ-որ հետաքրքիր գիրք էր: Հեղինակին էլ չեմ հիշում: Միայն այս տողերն եմ հիշում: Ես դրանք էլ էի մոռացել: Հիշեցի մի երկու շաբաթ առաջ երևի…
Հարմար տեղավորված բազկաթոռի մեջ, ինչ-որ ֆիլմ էի դիտում աուտիզմով հիվանդ մարդկանց մասին: Չզգացի էլ, թե ինչպես կոպերս ծանրացան ու քնեցի: Մի երազ տեսա: Ստորև կպատմեմ այն: Ու քանի որ ես այդպես էլ չտեսա երազի շարունակությունը, կշարունակեմ: Խոստանում եմ չփչացնել այն:

…Հեռավոր մի երկրում, բարձր լեռների լանջերից մեկի վրա մի տղա էր ապրում: Տղան ապրում էր մենակ: Քնում էր՝ որտեղ ուզում էր: Դա էական չէր: Չէ որ այդ երկրում միշտ գարուն էր: Ուտում էր ամենը, ինչի համը իրեն դուր էր գալիս:
Նա մենակ էր նույն լանջին ինչքան իրեն հիշում էր: Նա չգիտեր խոսել: Կամ միգուցե մոռացել էր:
Նա նույնիսկ չգիտեր, որ միայնակ ժայռի տակից բխող հեղուկը ջուր է կոչվում: Չգիտեր որ այն միայնակ ծառի պտուղները խնձոր են կոչվում: Նա ուղղակի կար: Արթնանում էր, երբ արևը խուտուտ էր տալիս դեմքը և քնում, երբ հոգնում էր նայել աստղազարդ երկնքին: Կանգնում էր խնձորենու տակ, երբ անձրև էր գալիս և անձրևից հետո չորանում սև ժայռին պառկած:
Տղայի առաջին հիշողությունը նույն լանջի հետ էր կապված: Նա ուղղակի բացեց աչքերը կանաչ խոտին պառկած: Նա մինչև հիմա նույն երկնագույն բլուզով էր, նույն սև ջինսերով, որոնք արդեն կարճացել էին ու ճաներին հազիվ էին հասնում: Իսկ իր սպիտակ կոշիկները առաջին օրվանից հանել էր, կապել քուղերը ու կախել ծառի ճյուղից: Ինչին են պետք կոշիկները:
Այդ օրվանից հետո արևը մոտ հազար անգամ բարձրացել էր երկնակամար ու մայր մտել:
Ամեն ինչ նույնն էր: Կարելի է ասել, տղան երջանիկ էր: Նա չուներ ոչ մի հոգս: Չուներ ոչնչի ու ոչ ոքի կարիքը:
Տղան խելացի էր: Ու գիտեր, որ այդպես չի լինում: Նա օտար էր լանջին: Ու որոշեց իջնել: Հագավ կոշիկները: Նայեց խնձորենուն: Խմեց ժայռի տակից բխող առվակից: Ու քայլեց:
Մի անգամ էլ կանգնեց ու նայեց հետ: Նույն միայնակ խնձորենին, սև ժայռի կտորը ու անծայրածիր ձգվող արտը: Հետո նայեց առաջ: Ներքևում ամպերն էին: Հա, չզարմանաք: Նա ամպերի մեջ էր ապրում: Մեկ-մեկ ամպերը խնձորենու մոտ էին հավաքվում նույնիսկ: Ամբողջ հորիզոնում ամպերն էին: Նա լքեց այն ամենն, ինչ ուներ. իր խնձորենին… իր ժայռը… ու քայլեց առաջ: Իսկ սարի լանջին տղայից շա՜տ ներքև ամպերը խտանում էին…

Տղան երկար քայլեց: Կանաչ խոտերը շարունակ փչող սառը քամուց պառկել էին գետնին: Նա քայլում էր առանց կանգ առնելու, գուցե և առանց նպատակի: Իսկ շուրջը ոչինչ չէր փոխվում: Նույն կանաչ խոտի անծայրածիր արտերը: Ու երբ արևը մոտենում էր հորիզոնին, նա կանգ առավ: Պառկեց խոտերի մեջ, աչքերով ուղեկցեց արևին, մինչև վերջին շողերը անհետացան, ու դեղնավուն երկինքը դարձավ մուգ կապույտ: Հետո դիմավորեց լուսնին ու հայացքով ուղեկցեց նրան մինչև այն տեղը, որտեղից սկսել էր ճանապարհել արևին: Ու քնեց: Արթնացավ, երբ երկինքը արդեն շառագունում էր: Կերավ գրպանում պահած երեք խնձորներից մեկը ու շարունակեց իջնել: Հաջորդ օրը անցավ ճիշտ նույն կերպ: Միայն թե արթնանալով նա չդիմացավ ու իր մոտ մնացած երկու խնձորն էլ կերավ: Իսկ ծարավը արդեն անտանելի էր դառնում: Նա մի պահ մտածեց հետ վերադառնալ ու կուշտ խմել իր ժայռի ջրից: Բայց չէր կարող: Ֆիզիկապես: Նրա միակ ճամփան այլևս միայն իջնելն էր: Ու հասկանալով, որ եթե այսօր էլ ջուր չխմի, կդառնա այս կանաչ արտերի տեսարանը փչացնող ոսկորների կույտ, որոշեց գիշերն էլ քայլել: Նայեց գետին: Հետո հետ նայեց: Ու առանց ափսոսանքի մի նշույլ ցույց տալու վեր կացավ ու շարունակեց իջնել: Չնայած որ գիշեր էր, աստղերն ու ամպի մի պատառիկի տակից անընդհատ դուրս պրծնող լուսինը նրան բավական լույս էին տալիս ճանապարհը շարունակելու համար:
Բայց նա չտեսավ… Ու խուլ թմփոցով ընկավ գետնին: Ու եթե չլսեր նրա ձայնը, կկարծեր, որ ոտքն ուղղակի քարի է դիպել: Իսկ քարերը սարի վրա շատ քիչ էին: Տղան գիտեր իր սև ժայռը, խնձորենու հովի տակի մեծ տափակ քարը ու արդեն պատրաստվում էր ավելացնել ևս մեկը:
Բայց:
- Հեյ, ոտքերիդ տակ նայիր:
Տղան դեռ նստած էր խոտերի մեջ: Նա չփորձեց կանգնել: Ուղղակի պտտվեց ու արմունկները հենելով գետնին, նայեց նրան: Ու քանի որ հենց այդ պահին լուսինը դուրս պրծավ ամպի կտորի տակից ու լուսավորեց փոքրիկ սարահարթը, նա էլ տղային տեսավ:
Նա: Նա-ն տարօրինակ էակ էր: Ուներ սև աչքեր, որոնք նույնիսկ լուսնի լույսի տակ փայլում էին երկու ածխի կտորի պես: Նրա մազերը ավելի սև էին, քան տղայի ջինսերը, երբ առաջին անգամ բացեց աչքերը խնձորենու տակ պառկած: Մազերը ընկել էին աղջկա ուսերին ու հազիվ մի 10 սմ-ով էին երկար տղայի արդեն քանի տարի չկտրած մազերից: Հագին մի սպիտակ բլուզ կար, որին տղայի տեսած ամենամոտիկ սպիտակը իր տարիներով ծառից կախած կոշիկների սպիտակն էր: Տղան բնազդաբար նայեց ոտքերին՝ համեմատելու համար: Կոշիկների կողքերն ու քուղերը արդեն դարչնագույն էին դարձել կանաչ խոտերի ու խոնավ հողի վրա քայլելու պատճառով: Շալվարի գույնը չտարբերեց մթության պատճառով: Այն կամ մուգ կանաչ էր կամ դարչնագույն: Իսկ ոտքերին ճիշտ և ճիշտ իր կոշիկներից էր: Միայն թե հին ու մաշված: Նրա շուրթերը բարակ էին, քիթը փոքր: Ու արհեստականորեն դեմքին տված բարկության արտահայտությունն ավելի շուտ ծիծաղելի էր, քան սաստող: Ու տղան մտածելով այս ամենը, ժպտաց:
-Հը՞: Ո՞վ ես դու:
Տղայի ուղեղում մի բան առկայծեց: Վաղուց մոռացված: Ու թեև նա չհասկացավ բառերն առանձին-առանձին, բայց հասկացավ, թե ինչ էր ասում նա: Տղայի ժպիտն ավելի լայն ձգվեց, ու նա շարունավելով նայել ուղիղ նրա աչքերի մեջ, ուսերը վեր գցեց:
-Հերիք հիմարի հայացքով նայես: Ո՞վ ես դու ու ի՞նչ ես անում այստեղ, գրողը քեզ տանի:
Տղան չդիմացավ ու այս անգամ ժպտաց՝ ցույց տալով իր սպիտակ ատամները:
Հետո տեսավ նրա ոտքերի մոտ ընկած ջրի շիշը: Նայեց շշին: Հետո նրան: Հետո էլի շշին: Աղջիկը հետևեց նրա հայացքին, կռացավ, վերցրեց շիշը ու նետեց տղային: Տղան բռնեց շիշը, ուզեց խմել: Չստացվեց: Խցանը չէր հանել: Ճիշտն ասած, ձևն էլ չգիտեր: Քաշքշեց խցանից: Ոչինչ չստացվեց: Նա տեսավ, խլեց շիշը տղայի ձեռքից, բացեց ու մեկնեց նրան:
-Դու շիշ բացել էլ չգիտե՞ս, ի՞նչ է:
Տղան վերցրեց շիշը: Ու սկսեց ագահորեն խմել: Հանկարծ կանգ առավ, մեկնեց շիշը նրան:
-Դու խմիր, խմիր:
Տղան ավելի երկարացրեց ձեռքը:
-Հավատա, եթե քո հետևում մի 10 մետրի վրա այդ առվակը չլիներ, ես շիշը երբեք չէի տա քեզ:
Տղան վեր գցեց ուսերը, դատարկեց շիշ մինչև վերջին կաթիլը ու խնդրող հայացքով նայեց նրան:
-Դու վերջին անգամ ե՞րբ ես ջուր խմել: Վեր կաց:
Ասաց ու շրջանցելով տղային, քալեց առվակի կողմը: Տղան մի շարժումով վեր թռավ տեղից ու վազեց նրա հետևից: Աղջիկը հազիվ իր ուսից լիներ:
-Դու գոնե խոսել գիտե՞ս:
Տղան նորից ժպտաց ու նորից ուսերը վեր գցեց:
-Խմի՛ր, միայն թե նայիր՝ չպայթես,- ասաց նա ու մատով ցույց տվեց լուսնի արտացոլանքը՝ երկու կտոր քարից բխող առվակի ավազանի մեջ:
Գիտե՞ք ինչ: Տղան ծարավ էր: Դրա համար հեչ էլ տարօրինակ չի, որ նա վազեց, ծնկաչոք ընկավ առվակի մոտ ու գլուխը մինչև պարանոցը մտցրեց ավազանի մեջ: Ու դուրս եկավ միայն, երբ շունչը կտրվեց: Նա քմծիծաղ տվեց ու ասաց.
-Հը՞: Կշտացա՞ր:
Ի պատասխան տղան նորից խոր շունչ քաշեց ու նորից մինչև պարանոցը ընկղմվեց լուսնի արտացոլանքի մեջ: Հետո դուրս պրծավ, ուժասպառ ընկավ առվակի կողքին ու մնաց նույն դիրքում այնքան, մինչև շնչառությունը վերականգնվեց: Նայեց նրան: Նա էլ՝ տղային: Նա մազերը գցեց ականջի հետևը ու ասաց.
-Դու երբևէ կխոսե՞ս, թե՞ չէ:
Տղան վեր կացավ, նորից նայեց նրա դեմքին:
-Հը՞:
Տղան նորից ուսերը վեր գցեց:
-Ես Էյն եմ: Դու գոնե անուն ունե՞ս:
Տղան նորից լայն ժպտաց:
-Լավ: Առայժմ դու կարող ես լինել Բին: Դեմ չե՞ս:
Տղան հոնքերը բարձրացնելով հասկացրեց, որ դեմ չի Բին լինելուց:
-Բի:
Տղան գլուխը թեթև շարժեց, հասկացնելով, որ Բի անունը իր սրտովն է:
-Դու ինձ գոնե հասկանո՞ւմ ես:
Տղան գլխի դրական շարժում արեց:
-Լավ է:
Էյը պառկեց գետնին՝ խոտերի մեջ: Նայեց երկնքին մի երկու րոպե:
-Ո՞ւմ ես սպասում, պառկիր. ես քեզ մի բան պիտի պատմեմ:
Ու տղան պառկեց նույն տեղը, որտեղ քիչ առաջ շնչակտուր ընկած էր:
-Կարող ես մոտիկ պառկել: Ես քեզ երևի թե չեմ սպանի:
Տղան էլի ժպտաց, ու ջարդելով խոտեր իր ծանրության տակ, մոտեցավ Էյին: Նրանք մի քանի րոպե լուռ նայեցին մուգ կապույտ երկնքին: Իսկ հետո Էյը հանկարծ ասաց.
-Ամեն ինչ սկսվեց, երբ…

…Դուք երևի մոռացել եք՝ ինչի մասին էր իմ պատմությունը, ինչպես ես մոռացել եմ այն մարդու անունը, ում խոսքերի պատճառով այն ծնվեց: Գնացեք ամենասկիզբն ու կարդացեք: Միգուցե այն կապ չունի այս պատմության հետ : Բայց միգուցե և ունի…

Mari Baghdasaryan malishka

Ուզում եմ ներկայացնել Հայկին

Հարցազրույց Հայկ Ասատրյանի հետ

 Երիտասարդ երգիչ, որն արդեն երկու տարի է, ինչ ստեղծագործում է հիփ հոփ ժանրում: Նա ընդամենը քսան տարեկան է, և արդեն հասցրել է սիրվել շատերի կողմից: Իմ օրն է անցնում նրա երգերի ներքո։ Վստահ եմ, որ շատերի համար նույնպես նրա երգերը առօրյայի մի մասն են կազմում: Լսում էի երգն ու ցանկություն առաջացավ հարցազրույց ունենալ երգի հեղինակ, կատարող Հայկ Ասատրյանի հետ:

-Ինչպե՞ս եղավ մուտքը դեպի երաժշտական ասպարեզ:

-Փոքր տարիքից ցանկություն է եղել այդ ասպարեզ մուտք գործել, և արդեն երկու տարի է, ինչ ստեղծագործում և կատարում եմ հիփ հոփ ժանրում:

՞րն էր Ձեր առաջին երգը:

-«Մի հեռացիր» երգն էր:

-Ասում են՝ պետք չէ չարչարել մտքերն ինչ-որ բան գրելու համար, տողերը պետք է սրտից գան։ Դուք, երբ սկսում եք գրել, խոսքերը գալիս են Ձեր սրտի՞ց, գրում եք այն, ինչ զգո՞ւմ եք:

-Փորձում եմ ամեն գրածս երգի մեջ անկեղծ տողեր մտցնել, ու հենց այդ պատճառով է, որ որոշ երգեր շատ հոգեհարազատ են մարդկանց:

-Վերջերս դուք բացեցիք ձայնագրման ստուդիա՝ «Moog Records»-ը, հե՞շտ է ստուդիայում աշխատելը:

-Ճիշտն ասած՝ ես ավելի շատ զբաղված եմ ադմինիստրատիվ աշխատանքներով, ստեղծագործական մասով զբաղվում են այլ մարդիկ: Ինչպես ցանկացած ձայնագրման ստուդիա Հայաստանում, սկզբում կան դժվարություններ, բայց վստա՛հ եմ, որ ամեն բան լավ կլինի:

-Ձեր «Թե աչերս քեզ որոնեն» երգը մեծ արձագանք գտավ համացանցում և շատ սիրվեց։ Ինչո՞վ էր այն տարբերվում Ձեր մյուս երգերից:

-Ինձ համար սպասելի էր, որ այդ երգը նման արձագանք կունենա։ Երբ առաջին անգամ լսեցի այդ երգը, պատկերացնում էի, թե ինչպես կներկայացնեմ այն իմ տարբերակով:

-Ձեր վերջին համագործակցությունը եղել է Մարիշա Միրզոյանի հետ: Հե՞շտ էր նրա հետ համագործակցելը, ինչ-որ դժվարություններ առաջացե՞լ են տեսահոլովակի նկարահանման ժամանակ:

-Մարիշայի հետ համագործակցելը հեշտ ստացվեց, տեսահոլովակի նկարահանման ժամանակ շատ հաճելի մթնոլորտ է եղել՝ առանց խնդիրների և դժվարությունների:

-Ձեր երգերից կարո՞ղ եք առանձնացնել այն մեկը, որ տարբերվում է բոլորից:

-«Թաց աչքեր»-ը: Երևի թե մեկ տարի աշխատանք է տարվել երգի ու տեսահոլովակի վրա, դժվար էր սպասելը:

-Իսկ մոտակա ժամանակներս պատրաստո՞ւմ եք նոր երգ:

-Իհարկե, աշխատանքներ տարվում են:

-Երբևէ մտածե՞լ եք մեծ բեմերի մասին, հնարավո՞ր է մի օր Ձեր ընկերների հետ համերգ ունենաք։

-Իհարկե, ոչ թե հնարավոր է, այլ այդպես լինելու է մոտակա ժամանակներս:

Ani v. Shahbazyan

«Կորած օրագիրը»

«Անզգա վիճակը վերանում է, եթերային ոչինչ աշխարհում գոյություն չունի, ես մայրիկ չունեմ, մայրիկն ու ես հիմա իրարից հեռու ենք, անսահման հեռու, հիմա մենք բաժանված ենք պարսեկներով։ Չէ, պարսեկը դատարկ բան է, պարսեկը հեռավորության միավոր է, իսկ մենք բաժանված ենք անսահմանության միավորներով․․․»

-Անի՜, արի թեյ խմենք, համ էլ քո սիրած մուրաբան եմ բացել։

Հյուրասենյակից լսվում է մայրիկիս ձայնը։ Արցունքոտ աչքերս կտրում եմ գրքից ու ժպտում եմ նայելով սենյակի դռանը․

-Հեսա կգամ, մամ։

Այդ տողերից հետո սկսեցի ավելի շատ գնահատել մամայիս։ Սա առիթ է, որ ասեմ, որ քեզ շատ եմ սիրում, մամ ջան։

Ինձ թվում է, քեզ հետաքրքիր է, թե որտեղից են այս տողերը։ Այս տողերը Վարդգես Քալանթարյանի և Մուշեղ Բաղդասարյանի «Կորած օրագիրը» գրքից են։

Այս գիրքը մեծ տպավորություն է թողել ինձ վրա։ Առհասարակ չեմ սիրում գրքերը քննարկել։ Մանավանդ այն գրքերը, որոնք ինձ հոգեհարազատ են։ Գիրքը կարդալուց հետո փակվում եմ ինքս իմ մեջ, իմ մեջ ենթադրություններ ու բացահայտումներ եմ անում։ Բայց այս գիրքը բացառություն է։ Ամեն կերպ ուզում եմ կիսվել իմ տպավորություններով։ Գրքում այնքան գեղեցիկ է ներկայացված ամեն ինչ, որ խեսքերն ավելորդ են։ Գիրքը իմ հասակակիցների մասին է, պատանիների, որոնք ավարտական դասարանում են սովորում: Եվ բնականաբար, այն ամենը, ինչ տեղի է ունենում գրքի էջերում, այնքան հարազատ է և մեր սրտին մոտ, կարծես հենց մեր դասարանի մասին լինի: Ախր, չեմ ուզում, է, շատ փակագծերը բացել։ Ուղղակի գնա գրադարան, վերցրու այն ու կարդա։ Հաստատ չես փոշմանի։ Իսկ եթե արդեն կարդացել ես, ապա ինձ լիովին կհասկանաս․․․

Ինչո՞ւ ենք մենք գնահատում ամեն ինչ միայն կորցնելուց հետո։ Ինչո՞ւ վատի դեմ չենք պայքարում ու այն չենք վերացնում։ Ինչո՞ւ է ամեն ինչ այսքան դժվար, իսկ միգուցե մարդի՞կ են բարդացնում։ Մտածիր այս հարցերի շուրջ։ Գնահատիր ամեն վայրկյանն ու պահը, որն ունես։ Ես էլ գնամ թեյս խմեմ մայրիկիս հետ:

Roza Harutyunyan vayots dzor

Գնո՞ւմ ես

Գնում են, հարցնում եմ՝ ինչի՞ եք գնում, ասում են՝ դու փոքր ես: Գնում են, հարցնում եմ՝ ինչնե՞րդ է պակաս, ասում են՝ չես հասկանա: Գնում են, ասում եմ՝ չեք կարոտի՞, ասում են՝ քո գործը չի:

Համ հասկանում եմ, համ էլ՝ չէ: Անապահով ընտանիք լինի՝ թող գնա, կասեմ՝ լավ չեն ապրում: Բայց դու ինչի՞ ես գնում: Դուռդ ինչի՞ ես փակում: Բա հարևանիդ մասին մտածե՞լ ես, որտե՞ղ պիտի «կոֆե» խմի: Մտածե՞լ ես նորություններն ու մեջի եղած հիասթափությունը ում պիտի պատմի: Էգոիստ ես, էլի:
Հիվանդություն է, ու դրսի աշխատանքն էլ փռթած մածուն է երևում: Դե, եթե փռթած է՝ գնա կեր, ինչ ասեմ: Էստեղ քեզ հարիր չի շինարարություն անել, գնա փողոց մաքրիր: Դրսացավ ենք կպել, պիտի ուրիշի մոտ աշխատենք ու ուրիշի երկիրը շեն դարձնենք: Հետո էլ կասեն՝ գնում են ու քաղաքացուն հավասար իրավունքներ պահանջում: Բա իրենց ստեղծածն է, էլ ո՞ւմ տան իրենց իրավունքները: Հայի սովորույթ է` դարերից եկած: Պիտի միշտ տանջվենք, որ պատմության էջերում գրեն՝ հայը աշխատասեր ազգ է: Մեզ դուր է գալիս ուրիշի երկրի տերը լինելը: Ձեզ թուլացրեք, մեկ-մեկ ծուլացեք, որ ամեն աշխատանք կատարելու համար հեշտ տարբերակ գտնեք: Տարածված ու ծեծված խոսք. «Հայաստանը ոչ մի տեղ չնայող պատուհան է»: Հա, հասկացանք, լսել ես, դուրդ եկել է, մտածում ես՝ իմաստուն խոսք է, որովհետև հասարակությունն ընդունում է այդ հասկացությունը, որովհետև քեզ համար հասարակության կարծիքն է կարևոր: Ռուսաստանում պատուհանները դրած, պատրաստ քեզ են սպասում: Ռուսաստանում պատուհանները գալիս ու լվանում են նախագահները, իսկ մեզ մոտ՝ չէ: Պատուհանիդ առաջ դուռ բացիր ու մի սպասիր, որ ես իմ հաջողությունը կտամ քեզ:

Ես նախանձ չեմ, բայց չեմ տա: