Մարիամ Տոնոյանի բոլոր հրապարակումները

mariam tonoyan

Մանուկը մեր մեջ չի ծերանում

«Երբ մարդիկ սկսում են հիշել մանկությունը, նշանակում է ծերանում են»,-գրում է Վարդգես Պետրոսյանը, իսկ ես համոզված եմ, որ մարդիկ ծերանում են, երբ մենակ են, մենակ՝ երկար ժամանակ։ Մենությունը դանդաղ սարդոստայն է հյուսում մարդու հարթ մաշկի վրա, դարձնում այն կնճռոտ, գունատ, հյուծված։ Մենության մեջ անցնող ծերությունը հաճախ մարդիկ համարում են դժբախտություն, բայց դժբախտությունը ոչ թե ծերության, այլ միայնության մեջ է։

Հիվանդանոցի միջանցքով անցնելիս ականջիս հասավ բուժքույրերի խոսակցությունը 88-ամյա տատիկի մասին, ով բուժում էր ստանում նույն հիվանդանոցում և հաճախ գրքեր էր կարդում։ Բռնկված հետաքրքրությունս զսպել չկարողացա ու տատիկի մոտ գնացի՝ զրուցելու։ Նրա անունը Աստղիկ է, ինչը կարելի է իսկույն կռահել, եթե ուշադրություն դարձնես նրա աստղերի նման փայլուն աչքերին, որոնցում կարծես պահպանվել են մանկան մաքրությունն ու պարզությունը։
-Ի՞նչ է եղել, աղջիկ ջան,- հարցական հայացքով դիմավորեց ինձ իմ տարեց ընկերը։
-Լսել եմ՝ գրքեր եք կարդում այս տարիքում,- հետաքրքրվեցի ես։
-Դու է՞լ ես գրքեր սիրում,- ժպտաց ինձ Աստղիկ տատիկը։
-Սիրում եմ, իսկ ի՞նչ գրքեր եք սիրում։
-Թումանյան, Իսահակյան, Բակունց, ո՞ր հայ գրողին չես սիրի, աղջիկ ջան: Ես ամեն ինչ էլ կարդում եմ։ 13 տարի է՝ մենակ եմ ապրում, մենակ մարդն ինչո՞վ զբաղվի, եթե չկարդա։ Որ կարդում եմ, գրքի հերոսների հետ ընկերանում եմ, իրենց ապրումները ես էլ եմ զգում, մենակությունս էդ ձևով եմ թոթափում։
Տատիկը խոսքն ավարտեց, իսկ ես հուզված կանգնել էի լուռ ու մտածում էի, բայց մտածում՝ ոչ մի բանի մասին, ոչ մի բանի… Այդպես պատահում է, երբ ենթագիտակցությունդ բախվում է վեհ, վերերկրային մտքերի, իրականում դու մտածում ու ուժասպառ ես լինում, բայց միևնույն ժամանակ, չես ընկալում, թե ինչն էր մտածմունքիդ առարկան։
Կարծելով, թե լռությունս նշանակում է՝ էլ հարցեր չունեմ, տատիկը շրջվեց ու դանդաղ քայլեց դեպի իր հիվանդասենյակ, ապա մի պահ կանգ առավ, հայացքը իմ կողմն ուղղեց ու ցածրաձայն ասաց.
-Աղջի՛կ ջան, կարդալու համար տարիքը, տեսողությունը չի խանգարում։ Կարդա, ինչքան կարող ես, կարդացողի մեջ մանուկը չի ծերանում։
«Մանուկը չի ծերանում…»,-մտքումս կրկնեցի, որ չմոռանամ ու հասկացա, որ տատիկի դեմքի ու ձեռքերի ծալքերը ոչ թե ծերության կնճիռներ ու ակոսներ են, այլ միայն մենության ծանր հետևանքներ կամ ժամանակի կողմից պարտադրված մի հագուստ, որը նա կրում է միայն արտաքուստ։

Նրա շողշողուն աչքերի մեջ մանուկը դեռ ապրում էր…

mariam tonoyan

Ներառական կրթության բացերը

Նա նստում էր վերջին շարքում, գլխիկոր թերթում էր իր դեմ դրված դասագրքի էջերը ու համբերատար սպասում դասի ավարտին։ Դասանյութը երբեք նրա մեջ հետաքրքրություն չէր առաջացնում, իսկ պասիվությունը կոտելու համար ուսուցչի տված հարցերին երբեք չէր պատասխանում։ Դասարանում ուշադրության չէր արժանանում, վերջին շարքի իր նստարանին նստած լուռ հետևում էր դասընկերներին, իսկ դասի գալիս էր միշտ ստիպողաբար, որովհետև մայրը հորդորում էր. «Գնա, մի բան սովորիր, որ մարդ դառնաս»։ Զանգը հնչելուն պես նետվում էր դեպի դուռը, վազում փոքր եղբոր դասարան՝ դպրոցում միակ հարազատ մարդուն տեսնելու։  Սոցիալապես անապահովությունը, առողջական խնդիրները, որոնք ակնհայտ էին նրա խոսքից, գունատ դեմքից, միշտ խոչընդոտում էին հաղորդակցվել հասակակիցների հետ, ընկերներ ձեռք բերել, իսկ թերարժեքությունը ամեն օր կրծում էր նրա կոկորդը, երբ մարդաշատ միջավայրում էր հայտնվում։ Երբ դասընկերները շշուկով էին խոսում, նա ագրեսիվ էր տրամադրվում, սկսում լաց լինել՝ կարծելով, որ իր մասին են վատաբանում։ Դպրոցում հոգեբանի հետ զրույցները հաճախ մեղմում էին նրա բորբոքված հույզերը, բայց օրեր անց կրկին նույն խնդրին էր բախվում. անհավասարակշիռ վիճակում վեր էր կենում, լաց լինելով փախչում դպրոցից ու սկսում օրերով բացակայել։

Նա երբեմն դպրոց էր գալիս ուրախ տրամադրությամբ՝ նոր շորեր հագած ու նույնիսկ ինչ-որ մասնակցություն էր ունենում դասընկերների զրույցներին, բայց 9-րդ դասարանն ավարտելուց հետո այդպես էլ չցանկացավ շարունակել ուսումը, քանի որ, ինչպես ինքն է ասում, դպրոցից ոչինչ չհասկացավ։
-Դրա փոխարեն իմ փոքրիկ պարտեզում ծաղիկներ եմ մշակում,- ասում է նա,- ծաղիկների լեզուն հասկանալու համար ինձ հատուկ կրթություն անհրաժեշտ չէ։
Դպրոցը ներառական կրթություն է ապահովում, բազմիցս աշխատում խնդիրներ ունեցող երեխաների, համադասարանցիների հետ, որոնք դեռևս չեն գիտակցում ներառական կրթություն ստացողի հոգեբանական վիճակը և չեն կարողանում աջակցել նրան։ Հաճախ լինում են դեպքեր, հատկապես Հայաստանի մարզերում, երբ  առողջական, հենաշարժողական խնդիրները պատճառ են դառնում երեխայի թերի ուսման։ Մարդիկ, կարծրատիպերին զոհ գնալով, մտածում են՝ ո՞նց կլինի, որ համաքաղաքացիները տեսնեն, որ իրենք ունեն անվասայլակով երեխա։

Հայաստանի բոլոր քաղաքներում՝ այդ թվում Երևանում, անվասայլակներով տեղաշարժվելը դժվար է, քանի որ թեքահարթակների թիվը քիչ է, կամ դրանք ընդհանրապես բացակայում են։ Դպրոցներում չկան համապատասխան պայմաններ։ Հաճախ անվասայլակով կամ քայլակով տեղաշարժվող երեխան ստիպված է լինում ամեն օր ծնողների օգնությամբ վերին հարկերի իր դասարան բարձրանալ, իսկ շատ դպրոցներում վերին հարկերում ևս հատակը խարխլված է, իսկ սայլակով տեղաշարժվելը՝ վտանգավոր։
-Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների հետ ներառական կրթություն ապահովող դպրոցներում աշակերտները հոգեբանի կողմից բաժանվում են մի քանի տարիքային խմբերի և առանձին անցկացվում են տարբեր թերապիաներ՝ նկարչական թերապիա, երաժշտական թերապիա, խմորաթերապիա, երբ խմորը չորացնելով խճանկար ենք պատրաստում ու պատկերներ հավաքում, անցկացնում ենք անհատական զրույցներ, անանուն թեստեր։  Անհատական աշխատանքներ են տարվում նաև ուսուցիչների, դասընկերների, ծնողների հետ,-պատմում է հոգեբան Մարիամ Համբարձումյանը, ով ևս աշխատում է ներառական կրթություն ստացող աշակերտների հետ։
Նա նշում է նաև, որ կան ուսուցիչներ, ովքեր ունեն այլ տրամադրվածություն, ինչը փորձում է կանխել դերախաղերի և այլ հոգեբանական խաղերի միջոցով։
Ներառական կրթության բացերից մեկն այն է, որ դպրոցներն ունեն մեկ ներառական դասասենյակ, որտեղ միաժամանակ աշխատում են և՛ հոգեբանը, և՛ լոգոպետը, և՛ մանկավարժը։ Անհրաժեշտություն կա առանձին սենյակներ ունենալու, քանի որ աշխատանքները հաճախ խանգարում են մեկը մյուսին, երբ օրինակ, հոգեբանը անհատական զրույց պետք է ունենա աշակերտի հետ ու պետք է ապահովի գաղտնիությունը։
Իհարկե, ներառականությունը ճիշտ միջոց է, որը թույլ է տալիս խնդիրներ ունեցող երեխաներին մյուսների հետ դպրոց հաճախել, բայց կան բացեր ու խոչընդոտներ, որոնք Հայաստանում դեռևս չեն հաղթահարվել։

mariam tonoyan

Մեղուն ու երկիր դարձած երկիրը

Դպրոցական ծանրաբեռնված առօրյայից հոգնած՝ նստել էի գրասեղանիս մոտ ու անգործության մատնված՝ ծուլորեն հետևում էի սեղանի անկյունում դրված յասամանի փնջի շուրջը պտտվող աշխույժ մեղվիկին, լսում մայրիկի ու մեր հարևան տատիկի խոսակցությունը հայաստանյան վերջին իրադարձությունների մասին, որն այնպես ցնցել էր ողջ աշխարհը, բայց արդեն ինձ համար ձանձրալի էր դարձել։

-Ասում են՝ թոշակները կբարձրացնեն,- լավատեսորեն պատմում էր տատիկը՝ երկար տարիներ աշխատելուց հոգնած ձեռքերը ծնկներին դրած։
-Եթե նոր կառավարությունը կարողանա կաշառքը վերացնել, ու պետական բյուջեն լցվի, թոշակդ կբարձրացնեն, տատ ջան,- ժպտալով պատասխանում է մայրս ու շարունակում տնային գործերը՝ այս սենյակից մյուսը տեղափոխվելով։
Անհանգիստ հետուառաջ անող մեղուն հանկարծ կանգնեց դեղնավուն գրքիս վրա, որն այնքան սազում էր իր զոլերի հետ, ու սկսեց պտտվել գրքի վրա նկարված երիցուկների շուրջը։
-Տատ,-հարցնում եմ արդեն հազարերորդ անգամ,- քո երազած Հայաստանը ինչպիսի՞ն է։
-Մինչ այս Հ1-ի ցույց տված Հայաստանի նման,- կատակի է տալիս քույրս՝ փորձելով քշել մեղվիկին։
Քիչ մտածելով տատիկը պատասխանում է.
-Լուրերով լսում ենք, որ վարչապետը, պատգամավորները հասարակական տրանսպորտից են օգտվում, բալա ջան, հասարակ մարդկանց խոսքը լսում են, ինչ անում են, հաշվետվություն են տալիս մեզ։ Անօրինական գործերը բռնում են, դատում։ Արդարություն ենք տեսնում, անկախ մեզնից մեզ երկրի տեր ենք զգում։ Սենց բան ո՞վ էր տեսել, բալա ջան, բա չերազե՞ս։
Քույրս, որ երբեք քաղաքականությունից ոչինչ չի հասկացել, վերցրեց դեղնավուն գիրքս, որի վրա ուժասպառ ընկել էր փոքրիկ մեղուն ու մարգարեի տեսք ստանալով (իրեն հատուկ կատակասիրությամբ) այն դուրս պարզեց բաց լուսամուտից՝ ակնկալելով, որ մեղուն կթռչի ու հայտարարեց.
-Երկիրը երկի՛ր է։ Սիրո ու համերաշխության հեղափոխությունից հետո  կրթության, առողջապահության ու մնացած ոլորտների զարգացումից բացի, տատիկի թոշակի հարցը լուծելուց ու անօրինական քայլերը բացահայտելուց բացի նախ պետք է հանդուրժենք միմյանց, ինչպես ես այս մեղվին, ներողմիտ լինենք միմյանց նկատմամբ ու արդարացնենք հայի հպարտ քաղաքացու կոչումը։
«Վա՜յ, եթե քույրս պատգամավոր լիներ։ Ինչքա՜ն հմտորեն խաղալ գիտի»,-մտածում եմ ես ու ժպտալով փակում բաց մնացած լուսամուտը։

«Աստղերն իմ նկարներում գիշերային արևներ են»

«Աստղերն ինձ համար փոքր արևներ են՝ գիշերային արևներ կապույտ երկնքում»,-ասում է Վան Գոգի «Աստղային գիշեր» կտավով ոգեշնչված 16-ամյա նկարչուհի Անուշիկ Ներսիսյանը։ Անուշիկի կյանքում ոչ միայն աստղային գիշերներն են շատ, այլև աստղային ժամերը։ Հիմա էլ, եթե այցելենք նրանց տան հարևանությամբ գտնվող խարխլված շենքը, որտեղ մանկության տարիներին հաճախ է խաղացել, պատերի վրա կգտնենք տարիներ առաջ կավիճով նկարած ու ժամանակի ընթացքում խունացած պատկերներ՝ ամպեր, աստղեր, ծառեր…

-Դեռևս շատ վաղ տարիքից սիրել է նկարչությունը,- պատմում է Անուշիկի մայրը,- խնդրում էր իր համար նկարազարդ ալբոմներ գնել, որ գունավորեր։ Բայց արդեն, երբ ինքն է նկարում, մարդկանց ցույց տալ չի սիրում, այլ պահում է իր դարակի խորքում։
Չնայած ծնողները իրենց դստերը պատկերացնում էին որպես ապագա լեզվաբան, նա ընտրում է այլ՝ ավելի հոգեհարազատ ուղի, ու 11 տարեկան հասակում ընդունվում է Գավառի ուսուցողական կենտրոնի նկարչության բաժինը։ Մայրենիից բացի տիրապետում է ևս երեք լեզվի՝ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։
- Անուշիկը մեր լավագույն սաներից է,-ասում է նրա նկարչության ուսուցչուհի Շուշան Աչիկյանը,- ունի ստեղծագործական մեծ տաղանդ ու յուրօրինակ մտածողություն, որը, կարծում եմ, բխում է նրա ընթերցասիրությունից։ Չի սիրում մրցույթներ, բայց այն մրցույթներին, որոնց մասնակցում է, զբաղեցնում է մրցանակային տեղեր։ Դրանց շարքում են «Էտյուդ» նկարչության, ասմունքի ու թատերական արվեստի հանրապետակսն մրցույթ-փառատոնը, Երևանի պատկերասրահի կողմից հայտարարված Եղեռնի 100-ամյակին նվիրված մրցույթը և այլն։
Նկարչին հատուկ ուշադրությամբ ներկեր ավելացնելով կտավի վրա՝ Անուշիկը պատմում է.
-Նկարչությունն ինձ տալիս է հոգևոր ներդաշնակություն, հանգստություն, հնարավորություն մենանալու սեփական աշխարհում։ Նկարելիս անպայման երաժշտություն եմ միացնում, քանի որ այն օգնում է կենտրոնանալ։ Ամենաշատը սիրում եմ պատկերել բնանկարներ ու կանաչ աչքեր։ Հատկապես կանաչ, որովհետև այդ երանգն ունեցող աչքերում ևս կարելի է տեսնել մայր բնությունը ու աշխարհն իր ողջ հմայքով։ Կտավներս հիմնականում մուգ գույներ ունեն։ Առաջին հայացքից թվում է, որ մռայլ են, բայց եթե ավելի լավ ծանոթանաք իմ ոճին, կնկատեք, որ իմ գործերին հաղորդում եմ այնպիսի թեմատիկա, որ արտացոլում է պահի տրամադրությունը ու տալիս նկարին ռեալիստական երանգներ։
Անուշիկը կարծում է, որ նկարիչը պետք է ունենա հանգիստ, համբերատար բնավորություն ու փորձի դեմ չգնալ հասարակական կարծիքին, քանի որ դիտորդի դերը հասարակությանն է։ Բայց պետք է նաև հիշել, որ անհրաժեշտ է պահպանել սեփական ինքնուրույնությունը քո իսկ ստեղծած ոճում։ 

Ինչպես յուրաքանչյուր նկարչի համար, Անուշիկի համար ևս իր կտավներից յուրաքանչյուրը նույնքան սիրելի է, որքան մոր համար իր զավակները։ Ինչպես մայրն է դաստիարակում իր զավակներին, այնպես էլ նկարիչն իր ստեղծած կտավի միջոցով կրթում է դիտորդին։

Ի դեպ, Անուշիկի կրթության վերաբերյալ. նպատակները չեն սահմանափակվում նկարչությամբ, դպրոցն ավարտելուն պես պետք է ընդունվի համալսարան ու միջազգային հարաբերություններ բաժնում դիվանագիտություն ուսումնասիրի։ Նա ցանկանում է դառնալ առաջնորդի հմտություններով օժտված, մարդկանց հասկանալու կարողությունը զարգացրած դիվանագետ-նկարչուհի, ունենալ սեփական արվեստանոցը, կերտել իր սեփական «աստղային գիշերները»։

Դե ինչ, կապրենք՝ կտեսնենք:

Երիտասարդ, արի՛ սովորենք

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

«Հանուն հավասար իրավունքների» կրթական հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մայիսի 16-ից մայիսի 24-ը առաջին անգամ Հայաստանում անցկացնում է «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագրով միջոցառումների շարքը։

Գավառում միջոցառումները սկսվեցին մայիսի 20-ից։ Գավառի Մշակույթի տանը անցկացվեց գեղանկարների ու լուսանկարների ցուցահանդես նվիրված ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակին։ Ինչպես նշեց «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը, ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները փառատոնից մի քանի շաբաթ առաջ հայտարարված մրցույթին հաղթած նկարներն են։ Մասնակցել են ավելի քան հարյուր երիտասարդներ, որոնց գործերը ընտրվել են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից։ Մրցույթում հաղթած մասնակիցները ստացան խրախուսական նվերներ։

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

ՄԱԿ-ի գրասենյակի հասարակայնության հետ կապերի ղեկավար Արմինե Հալաջյանը ներկայացրեց ցուցադրությանը տեղ գտած միջազգային մրցույթում հաղթած 40 մրցանակակիր երկրների պաստառները, որոնք առաջին անգամ 2017թ.-ին ցուցադրվել են Փարիզում։

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Միջոցառումը շարունակվեց Գավառի մանկատան այգում, որտեղ Street Art-ի միջոցով Գավառն ունեցավ թարգմանիչ, գրող, քաղաքական գործիչ Զապել Եսայանի դիմանկարը և երկուսը նրա ասույթներից։
-Զապել Եսայանը աշխարհի հզորագույն և ազդեցիկ կանանցից մեկն էր,- ասում է փառատոնի համակարգող Մարիա Աբրահամյանը,- 1915թ. ապրիլի 24-ին արտաքսվեց Դերձորի անապատ ու փրկվելով թուրքական յաթաղանից, ազատ խոսք ունենալու պատճառով դարձավ ստալինյան հալածանքների զոհ։ Կարևոր է Զապելի խոսքն ուղղված իր աղջկան. «Աղջիկս… Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց։ Վեհ իդեալների ձգտողը չի կարող համեստ մնալ, հեզ ու խոնարհ ապրել»։

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Street Art-ին հաջորդած պղպջակների տոնը ապահովեց ուրախ տրամադրությունը ողջ օրվա ընթացքում։ 2012թ.-ից տոնվող պղպջակների օրն այսուհետ նախատեսվում է նշել նաև մարզերում։
Արդեն մայիսի 21-ին Գավառի ավագ դպրոցի դահլիճում հանդիսատեսին ներկայացավ «Թատրոն 8» թատերախումբը՝ «Մնաց 7 օր» ներկայացմամբ, որը նվիրված է վաղ ամուսնության ու կրթության իրավունքի խնդրին Հայաստանում։ Մեկ ժամ 20 րոպե տևողությամբ պիեսի հեղինակը Կարինե Խոդիկյանն է, ռեժիսորը՝ Գոռ Մարգարյանը։

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Ներկայացմանը հաջորդեց քննարկում «Իմ իրավունքները և պետությունը» խորագրով։ Բանախոսն էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեից Ավետիք Իշխանյանը։ Քննարկման թեմաներն էին.
1. պետություն-իրավունք փոխհարաբերություն,
2. պետությունը որպես քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնական երաշխավոր,
3. իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները փակ հաստատություններում և պետության դերը։

mariam tonoyan

Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի

Սիրում եմ ժամերով նստել պատշգամբում, նայել անցուդարձ անող մարդկանց, մայր մտնող արևին, մթնող երկնքին, հանկարծակի սկսվող քամուց տարուբերվող ծառերի ճյուղերին ու մտածել, որ կյանքում դադար գոյություն չունի, ամեն ինչ շարժման մեջ է, իսկ ժամանակի ընթացքում այդ շարժումները ծնում են ժողովուրդներ ու պատմություն։

Երբ գրառում էի հորս պատմությունները պատերազմի մասին, նա ինձ միշտ հիշեցնում էր, որ պատերազմում ու թիմային ցանկացած գործում պետք է առաջնորդվել «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» կարգախոսով, որը գործնականորեն ապացուցվեց նաև այս մեկ ամսվա ընթացքում։ Մարդիկ համախմբվեցին՝ կանխատեսելով հասունացող վտանգը, համախմբվեցին մեկի շուրջ՝ գիտակցելով, որ այդ մեկը գործում է իրենց, բոլորի համար։ Յուրաքանչյուրս այս օրերին իմացանք ավելին, քան կիմանայինք՝ կարդալով պատմության գրքեր, ուսումնասիրելով հայի ազգային բնութագիրը։ Յուրաքանչյուրս հասկացանք, թե ով ենք մենք, ով է հայը, հասկացանք, որ միայն յան-ով ազգանուն ունենալը ոչինչ է հայ դառնալու համար, և որ յուրաքանչյուրս՝ անկախ հայրենասիրությունից, օրհասական պահերին բռունցքվում ենք, հաղթում, հաղթահարում ցանկացած դժվարություն։
Զգացածս բառերով արտահայտելու համար բառերը միջակ են։ Երբ տեսնում ես երջանկության արցունքներ հայի աչքերում, ակամա փշաքաղվում ես, տեսարանը դիպչում է զգացմունքներիդ նուրբ լարերին, ու հասկանում ես, որ հայն էլ կարող է երջանիկ լինել, կարող է մի պահ մոռանալ դժգոհությունները, ամեն գարուն մեզ կեղեքող հուշերը ցեղասպանության զոհերի մասին, կարող է ժպիտով վայելել ծաղկած գարունը։ Ու արդեն քանի՜ գարուններ տեսած Վրանուհի տատիկի հիացմունքով լցված աչքերում կարողանում ես կարդալ հպարտությունը, հույսը գալիքի նկատմամբ, անկոտրում ոգին, որը դեռ չի լքել նրան և դեռ ավելին՝ գարնան հետ փթթում է, շատանում, փոխանցում մեզ։ Կարո՞ղ ես անտարբեր մնալ իրավիճակից անտեղյակ այն փոքրիկ երեխաների հանդեպ, ովքեր փողոցում հանգիստ նստած խաղում են մեքենաներով՝ փակելով ճանապարհները ցուցարարներին աջակցելու համար, կամ ինչպե՞ս չհուզվել, երբ ծանոթ-անծանոթ մի ընտանիք են դարձել, բաց ձեռքերով սեր ու համերաշխություն են քարոզում ու հաղթանակ վայելում։ Մի՞թե սա չէ հայրենասիրությունը և կա մի հայ, ով հայրենասեր չէ։
Մայիսը հայերի համար հաղթանակի ամիս է, բայց սա լոկ հաղթանակ չէր, սա մի ամբողջ հանրագիտարան էր քրիստոնյա հայ ազգի միասնության մասին, որն ապացուցեց, որ նույնիկ հեղափոխության ժամանակ, զենքի փոխարեն ծառայող սերը հաղթում է։
Մտածում էի՝ ո՞ւմ են պետք հարյուրավոր պատմության գրքերը (որոնց այնքան թերահավատորեն էի մոտենում), երբ ինքդ ներկայում նման միասնության ականատես չես լինում։ Այժմ ես հպարտ եմ իմ ծագմամբ ու հավատում եմ բոլոր գրքերին, որոնք կարդացել եմ դպրոցում, հավատում եմ ժողովրդիս ուժին, որ միասնությամբ դրդեց աշխարհասփյուռ հայերին գալու և միանալու պայքարին, հավատում, որ հայի այս քայլը ոգեշնչեց ոչ միայն հայերին, այլև օրինակ ծառայեց այլ ազգերի համար, ու չնայած որ քարտեզների վրա ընդամենը մի կետով ենք պատկերվում, այնուամենայնիվ ճանաչվեցինք աշխարհում որպես եվրոպական քաղաքակրթությամբ ասիական երկիր:

Ես հավատում եմ նաև երկրիս լուսավոր ապագային, որ հենց մեր ձեռքում է, հավատում եմ հայի արդարադատությանը, և որ երբեք պետք չէ կորցնել հարգանքը մարդու հանդեպ՝ նրա ունեցած քաղաքական հայացքներից ելնելով: Հավատում եմ, որ այսուհետ համագործակցելու ենք երկրի կառավարիչների հետ՝ բոլորս՝ մեկի, մեկը՝ բոլորիս համար սկզբունքին հետևելով։

Մի բաց նամակ Օտարությանը

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Բարև, բարեկամս, կրկին ես եմ, հիշո՞ւմ ես, այն հուսահատ հայրենասերն եմ, որ ամեն առավոտ մտածում է հայրենի տնից փախչելու ու քո գիրկը գալու մասին։ Կարծում եմ՝ գիտես, որ երբեք չեմ սիրել քո տեսակը, դու ուրիշ ես եղել միշտ ու եղել ես հետաքրքիր ուրիշների, ոչ ինձ համար։ Գիտե՞ս՝ ես հոգնել եմ անընդհատ ճչալուց, աղաղակելուց, երբ գիտեմ, որ ինձ չեն լսում, որովհետև փոքր եմ, հասուն չեմ, իսկ փոքրի ասածը որքանո՞վ պիտի կարևորվի… Բայց ներքին մի զգացում դանակի նման խրվել է մինչև ոսկորներս ու սպառնում է սպանել ինձ, եթե չարտահայտվեմ։

Կանխագուշակելով իմ ապագան՝ հասկանում եմ, որ միայն դու կարող ես ինձ ընդունել, միայն դու կարող ես անտարբերությամբ կարդալ իմ գրած նամակը ու ոչինչ չասել, մի օր էլ դռներդ բացել ու ապաստան տալ ինձ՝ հայրենասեր պանդուխտիս։ Հայրենասեր եմ, թե հայրենասեր էի, արդեն ինքս էլ չգիտեմ, որովհետև վաղուց փշրվել են հայրենիքի մասին ունեցած իմ պատկերացումները։ Առաջներում կարծում էի, որ հայրենիքը ոչ միայն այն տարածքն է, որտեղ մեր նախնիները ի սկզբանե բնակություն են հաստատել, այլև մենք՝ ողջ հայությունը։ Ափսո՜ս, հիմա հասկանում եմ, որ իմ նման փոքրիկներն իրենց համար մշտապես վառ երազներ են հյուսում, բայց իրական կյանքն ավելի դառն է ու հանդուգն։ Չգիտեմ՝ քո մոտ է՞լ է այդպես, թե՞ միայն Հայաստանում է, որ մի ողջ ժողովուրդ միշտ տուժում է մի ագահ մարդու պատճառով:։
Գիտե՞ս, Օտարություն, կարծում ես՝ դու գրավի՞չ ես, ո՜չ, այն, որ քո գրկում շատ հայեր կան, միմիայն ագահ մարդու «շնորհիվ է»։ Նրա շնորհիվ է նաև, որ մեր երկրում ոչինչ, բացառապես ոչինչ մերը չէ։
Դպրոցում մենք թերթում ենք մեր պատմության էջերը, պատմության ուսուցչուհին պատմում է մեր մեծերի սխրագործությունների, հանուն հայրենիքի կատարած զոհողությունների, բարեկարգումների, արքաների՝ ժողովրդի հանդեպ ունեցած սիրո մասին, ու ենթագիտակցորեն մեր մեջ տպավորվում է, որ նորմալը դա է։ Բայց գիտե՞ս՝ մարդիկ հակասում են իրենք իրենց։ Երբ մենք՝ անչափահասներս, տեսնում ենք իրականությունը, երբ հասկանում ենք, որ պետական գանձարանը դատարկվում է անկուշտների թեթև ձեռքով, և չեն ուզում հետ կանգնել իրենց մտքից, մենք ցանկանում ենք փրկել ինքներս մեր ապագան՝ լինի դա բողոքի, ցույցի, դասադուլի, կամ այլ ակցիաների միջոցով։ Մենք արեցինք մեր առաջին քայլը, բայց փոքրերի կարծիքն անտեսվեց։ Վայրկյաններ անց ոստիկանները մեզ ճանապարհեցին դպրոց, փակեցին դպրոցի դուռը և արգելեցին դուրս գալ մինչև դասերի ավարտը։ Դե, թող խելագարվի այս սերունդը, ճանաչելով անցյալը ու տեսնելով մշուշապատ ներկան՝ պիտի լռի։ Չէ, լռել չեմ կարող…
Օտարություն, խնդրում եմ, քո գրկում եղած հայ ժողովրդին չանտեսես, նրանք արդեն իրենց իսկ հայրենիքի կողմից անտեսված եղել են, պահպանիր նրանց ու ներիր ինձ, որովհետև որքան էլ ինձ հալածեն, որքան էլ հուսահատվեմ, որքան էլ գերես ինձ, կմնամ իմ լքված Հայաստանում։ Չգիտես՝ ինչու, ես միշտ լավատես եմ ու հավատում եմ, որ քո գրկում եղած հայորդիները անվերադարձ կլքեն քեզ ու տուն հետ կգան։

Հարգանքներով՝ հայրենասեր

mariam tonoyan

Երբ լրագրող ես

Երբևէ չեմ մտածել լրագրությամբ զբաղվելու կամ լրագրողի մասնագիտություն ընտրելու մասին, ավելին՝ լրագրողներից խուսափել եմ՝ համարելով նրանց չափից դուրս պնդաճակատ մարդիկ։ Բայց արի ու տես, որ ճակատագրի հերթական կատակի շնորհիվ այժմ փոխել եմ մտածելակերպս։

Մասնագիտության ընտրության հարցում շատ փոփոխական էի, չէի սիրում մրցույթներ, մրցակցություն, սիրում էի մենությունը, իսկ բանավոր արտահայտվել մինչ այժմ էլ դժվարանում եմ։ Լրագրությունն իմ կյանք մտավ անսպասելի, ինչպես կյանքում կատարվում է ամեն լավ բան։ Զբաղվելով քաղաքացիական լրագրությամբ՝ հասկացա, որ դա մեկն է այն մասնագիտություններից, որին լիակատար տիրապետելու համար պետք է նաև տիրապետես մնացած մասնագիտություններին, քանի որ միշտ գործ ես ունենում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ ու հարցեր ուղղելու համար պետք է տեղեկացված լինել։ Տարբեր մարդկանց հետ զրուցելն օգնում է ծանոթանալ նրանց առօրյային, խնդիրներին, հասկանալ պաշտոնավորին ու հասարակ գյուղացուն մտահոգող խնդիրները ու ինչն ամենակարևորն է՝ բարձրաձայնել դրանք։
Լրագրությունը մտել է իմ ենթագիտակցության մեջ։ Նույնիսկ գրականություն ընտրելիս փորձում եմ գտնել այնպիսի գրքեր, որոնք կա՛մ լրագրության հետ առնչություն ունեն, կա՛մ գրողն իր առաջին քայլերը գրական ասպարեզում արել է լրագրության միջոցով։ Գուցե այն պատճառով, որ ես էլ միշտ մի թաքուն ցանկություն եմ ունեցել սեփական գիրք հրատարակելու։
Հաճախ դպրոցում՝ դասամիջոցներին, դասընկերներիցս հարցազրույցներ եմ վերցնում։ Մեկից՝ որպես ապագա լեզվաբան կամ քաղաքական գործիչ, մյուսից՝ որպես ապագա իրավաբան կամ դիվանագետ։
-Սուսաննա՛,- հարցնում եմ,- իսկ Ձեր ապագան պատկերացնո՞ւմ եք Հայաստանում։
-Ոչ,- լսում եմ պատասխանը ու ստանում արդեն քանի՜ անգամ լսած պատճառաբանությունը, որ Հայաստանում մեծ հաջողության հասնելու համար պայմաններ չկան։
Ափսոսում եմ, որ այս կարծիքն արդեն խորը արմատներ է գցել երիտասարդության շրջանում, որ մեզնից յուրաքանչյուրը հեշտությամբ կլքի հայրենիքը, որպեսզի կառուցի իր ապագան՝ ինչպես սեփական, գունավոր պատկերացումներում է, իսկ Հայաստանն այնտեղ դեռ մնում է գորշ ու անհույս։

mariam tonoyan

Շարժումների լեզուն

Մարդն առեղծված է, Երկրի վրա գոյություն ունեցող ամենաանկանխատեսելի հանելուկը։ Նրա էության բացահայտումն ընկած է հազարավոր փիլիսոփաների տեսությունների հիմքում, քանի որ մարդը բոլոր ժամանակներում մնում է չբացահայտված։ Դարերի ընթացքում վերլուծությունների են ենթարկվել մարդկային մտածողությունը, տարբեր իրավիճակներում նրա գործած քայլերը, արդյունքում ի հայտ են եկել հոգեբանությունը, հոգեվերլուծությունը, որոնք օգտագործվում են նաև բժշկության մեջ:

Մարդու մասին գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն յուրահատուկ պատկերացումներ ուներ։ Նա ասում էր. «Մեծ մա՞րդ։ Ես դեռ միայն իմ սեփական իդեալի դերասանին եմ տեսնում»:
Մարդն ինձ համար մշտապես զարմանալի է եղել, հատկապես, երբ գոյություն ունի «բնավորություն» տերմինը։ Իմ ինքնամփոփ բնավորության շնորհիվ հաճախ մարդկանց խմբերին կողքից՝ որպես դիտորդ եմ հետևել ու հատկապես ուշադրություն եմ դարձրել նրանց շարժումներին, որոնք արել են թե՛ միտումնավոր, թե՛ ենթագիտակցաբար։ Ծանոթանալով մարդու կազմախոսությանն ու ուսումնասիրելով հոգեբանական գրքեր՝ հասկացա, որ մարդկանց շարժումները տարբեր նշանակություններ ունեն։
Հաճախ տարբեր կոլեկտիվներում, երբ հարմար զրուցակից չեմ գտնում, ակամա կա՛մ խաչում եմ ձեռքերս, կա՛մ մի ձեռքով բռնում եմ թևիցս։ Երբ սկսեցի հոգեբանություն ուսումնասիրել ու հետևեցի այլ մարդկանց նման իրավիճակներում, հասկացա, որ դա ինքնապաշտպանական ժեստ է, որով ենթագիտակցորեն ձեռքերի հետևում մեզ թաքցնում ենք շրջապատից։
Մի անգամ, երբ հետևեցի մրցույթի ժյուրիի անդամների շարժումներին, նկատեցի, որ այն ելույթների ժամանակ, երբ մասնակիցները սխալներ էին թույլ տալիս, նրանցից մեկը գլուխը հենում էր կիսաբռունցքված ձեռքին, ցուցամատն էլ այտին դրած` սևեռուն հայացքով նայում էր ելույթ ունեցողին։ Մի քանի տարբեր վայրերում այդ ժեստը նկատելով՝ գլխի ընկա, որ այդ շարժումն օգտագործում ենք քննադատորեն մտածելու ժամանակ։
Բոլորիս ծանոթ Անգելա Մերկելի հայտնի ժեստը՝ մի ձեռքի մատների ծայրերը մյուսին միացնելը, շատ հաճախ նկատել եմ ինքնավստահ մարդկանց շարժումներում։
Խոսելու ընթացքում ձեռքերը դանդաղ շփելը խոսում է մարդու խորամանկ մտադրությունների մասին, իսկ արագ շփելը՝ ուրախության, ինչ-որ գործի դրական արդյունքների ակնկալիքի մասին։
Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ այն մարդիկ, ովքեր սովոր չեն ստելու, ստելիս հաճախ ձեռքը դեմքին են տանում։ Ուղեղի ազդակների ազդեցությամբ՝ բերանին տանում են այն պատճառով, քանի որ սովոր չեն սուտ խոսքեր արտաբերել։ Կանայք այդ ժեստը կարողանում են հեշտությամբ կեղծել՝ քիթը քորելով ու զբաղված ձևանալով։ Երբ մարդը ստելով ամաչում է դիմացինի աչքերին նայել, ձեռքը աչքերին է տանում ակամա, իսկ երբ ամաչում է իր սուտը լսելուց՝ ականջներին։
Չնայած նման ժեստերը օգնում են մարդու արարքները որոշ չափով ընկալելուն, այնուամենայնիվ, մարդը մնում է առեղծված, և լիովին բացահայտել մարդկային էությունը անհնար է, այն հանգեցնում է մի շարք հակասությունների։

Ամեն բան սկսվել է կավից

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Կիրակնօրյա դպրոցի այս փոքրիկ արվեստանոցի պատերի ներսում գտնվում են զարմանահրաշ ձեռակերտ քանդակներ՝ փայտից ու կավից։ Դրանցից յուրաքանչյուրն իր զգացմունքներն ունի, իր պատմությունն ու քարացած շարժումները, յուրաքանչյուրը կենդանություն է ստացել Աշխեն Սարգսյանի ու նրա աշակերտների համբերատար աշխատանքի շնորհիվ։

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

-Սերը դեպի արվեստն ունեցել եմ մանկուց,- պատմում է Աշխենը,- սիրել եմ տարբեր նյութերից պատկերներ կերտել, գեղեցիկի վերածել հասարակ փայտն ու կավը։ Առաջին մասնագիտությամբ նկարչուհի եմ, սովորել եմ Գավառի պետական քոլեջի նկարչության բաժնում, իսկ փայտագործության և կավագործության գաղտնիքներին ծանոթացել եմ ինքնուրույն՝ գրքեր ուսումնասիրելով, համացանցով տարբեր հոլովակներ դիտելով, այլ վարպետներից խորհուրդներ հարցնելով։ Վերապատրաստվելուց հետո, արդեն 5 տարի է՝ դասավանդում եմ փայտագործություն ու կավագործություն Գավառի կիրակնօրյա դպրոցում, իսկ նկարչություն ու փայտագործություն՝ Նորատուսի արվեստի դպրոցում։

Երիտասարդ նկարչուհու համար արվեստը ոչ միայն աշխատանք է, այլև կյանքի անբաժանելի ու գունավոր մի հատված։ Հաճախ, երբ աշխատանքային ժամն ավարտվում է, Աշխենը շարունակում է աշխատել տանը, քանի որ կարծում է, որ ճիշտ չէ աշխատելիս ընդհատել ստեղծագործական միտքը։ Նա ասում է, որ հնարավորության դեպքում անպայման սեփական արվեստանոց է ունենալու։

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Աշակերտներն ունեն զգալի հաջողություններ թե՛ փայտագործության, թե՛ նկարչության, թե՛ կավագործության մեջ։ Մասնակցում են տարբեր մրցույթների ու զբաղեցնում մրցանակային տեղեր։

-Նախկինում իմ խմբակում սովորում էին միայն տղաներ,- ասում է Աշխեն Սարգսյանը,- այժմ ուրախալի է, որ նաև աղջիկներն են հետաքրքրված կավագործությամբ։ 

Աշակերտուհիներից Սոնյա Օհանյանը պատմում է.

-Երբ սկսեցի հաճախել կավագործության, խմբում դեռ միայն տղաներ էին, բայց կարծում եմ, որ արվեստում սեռային սահմանափակումներ դնել չի կարելի։ Երբ աշխատում եմ կավի հետ, թվում է՝ ձեռքերիս մեջ հորդում է կենսական էներգիա, ես մոտենում եմ արարչագործության խորհրդին։ Կավագործությունը ազատ ստեղծագործելու, անկրկնելի ու յուրահատուկ կերտվածքներ պատրաստելու հնարավորություն է տալիս, բայց կավն ունի նաև իր դժվարամատչելի լեզուն, իր գաղտնիքները, իսկ այդ գաղտնիքները մեզ մատուցում է ընկեր Աշխենը։