Մարիամ Տոնոյանի բոլոր հրապարակումները

Եթե…

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Երբ դպրոցում անցնում էինք Ռեդյարդ Կիպլինգի «Եթե» բանաստեղծությունը, մտովի նրա առաջարկած եթե-ների կողքին դնում էի իմ սեփական եթե-ն՝ եթե ես ուրիշ քաղաքում ապրեի…

Եթե ես ուրիշ քաղաքում ապրեի, գուցե չհանդիպեի քաղաքիս այն բոլոր հիմնախնդիրներին, որոնց բախվում եմ ամեն քայլափոխի։ Քաղաքս, ափսոս, շատ խնդիրներ ունի։ Գավառի ավագ դպրոցի աշակերտներից շատերը կհաստատեն, որ խնդիրներից մեկը քաղաքի ծայրամասային անբարեկարգ փողոցներն են, որոնցից մեկը դեպի դպրոց է տանում։
Իմ ամենասիրելի եղանակը՝ գարունը, իմ քաղաքում ուրիշ երանգներ է ստանում։ Այստեղ գարունն ապրիլի կեսերից է միայն տեղ հասնում, իսկ մինչ այդ պետք է հաղթահարել ձմռան հետքերը՝ ձյունն ու ցեխը։ Հաղթահարելով տնից դպրոց տանող կես ժամվա անանցանելի ճանապարհները ու հասնելով դպրոց՝ մտածում եմ՝ եթե գոնե քաղաքի բնակիչները մտահոգվեին անհարթ ճանապարհները վերանորոգելու մասին, գուցե չառաջանային այս հսկայական ջրափոսերը։
Եթե քաղաքաշինությամբ զբաղվողները մտածեին, որ այդ փողոցներին ևս մայթեր են պետք, գուցե հնարավոր լիներ անցնել ջրափոսերի կողքով՝ առանց ցեխոտվելու։

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Եթե համայնքապետարանում աշխատողները իրենց աշխատանքի մի մասը համարեին քաղաքի ձյունապատ ճանապարհների մաքրումը, գուցե չվախենայինք ցեխոտվելուց՝ ամեն անգամ սպիտակ շորերով փողոց դուրս գալիս։
Եթե մեր քաղաքացիական հասարակությունը պահանջատեր լիներ, գուցե այս խնդիրները լուծում գտնեին։
Եթե… Եթե-ները անվերջանալի են ու հավասար բայց-երի թվին։ Մնում է նախ փոխել մեր, մեզ շրջապատող մարդկանց մտածելակերպը, ապա համախմբված լուծել առկա խնդիրները։

mariam tonoyan

Երիտասարդ քրիստոնյայի աչքերով (մաս 2)

Տասը տարի է արդեն, ինչ ճանաչում եմ Տիգրանին։ Ինը տարի սովորել ենք նույն դասարանում, և արդեն բավականաչափ ճանաչում եմ նրան՝ այդ հավասարակշռված, հանգիստ խառնվածքով, ընկերասեր ու խոնարհ տղային, ով շատերից տարբերվում է նաև իր յուրօրինակ մտածելակերպով։ Նա մեր կռվարար դասարանում հայտնի էր իր խաղաղասեր, դիվանագիտական դիրքորոշումներով և, ինչպես ինքն է ասում, աշխարհընկալման իր գունավոր ակնոցն ունի։ Նա կարծում է, որ եթե հավատաս քո իսկ ստեղծած գունավոր ակնոցի զորությանը, այն իսկապես կօժտվի ուժով և քեզ հուսախաբ չի անի։ Նման մի անմեկնելի հավատով էլ եկեղեցի է գնում, խորան բարձրանում Սմբատի (նրա մասին խոսել ենք առաջին մասում) հետ։ Կրոնի ու հավատքի մասին մեր անթիվ զրույցներից մեկում Տիգրանը պատմեց հավատի իր ընկալման մասին.

-Հավատն առ Աստված պետք է սերմանվի մարդու մեջ դեռ վաղ մանկության տարիներից, որպեսզի այն տարեցտարի ծաղկի ու օգտակար պտուղներ տա։ Ծնողներս ինձ քրիստոնեական դաստիարակություն են տվել, հաճախ եկեղեցի են տարել, քաջալերել են, երբ բարի գործերի հիմքում Աստծո առկայությունն եմ նկատել, իսկ այժմ ուրախանում են, որ խորան եմ բարձրանում և այդպիսով Աստծուն իմ ծառայությունն եմ մատուցում։
Սմբատը և ես ընկերներ ենք։ Նրանից մի տարի հետո ես էլ Տեր Հոր խորհրդով ու ծնողներիս համաձայնությամբ խորան բարձրացա։ Առաջին օրերին շատ դժվար էր։ Սմբատն ինձ օգնում էր իր խորհուրդներով։ Նա արդեն փորձ ուներ։ Լարվածությունն անցնում էր, երբ հասնում էր Պատարագի իմ ամենասիրելի հատվածը, երբ քահանան քարոզ է կարդում։ Որքա՜ն բան կարելի է քաղել այդ գրքի տողերից, որոնք չեն հնանում նույնիսկ դարերի ազդեցությամբ։ Երբ լսում եմ քարոզները, գիտակցում եմ թե ինչ կարևոր նշանակություն ունի եկեղեցին մարդու կյանքում, և ի սրտե ափսոսում եմ այն մարդկանց, ովքեր եկեղեցի չեն գալիս միայն առօրյա հոգսերի պատճառով։ Բայց չէ՞ որ Պատարագը շաբաթվա ընթացքում ընդամենը երկու ժամ է՝ նվիրված Աստծուն, մեր մերձավորներին այն հսկայական ժամանակահատվածից, որը մեզ տրված է ապրելու համար։

Հավատի օրինակները տարբեր են։ Հաճախ մարդիկ նաև անգիտակցաբար են հավատում։ Բայց հավատում են։  Հիշում եմ մի փոքրիկ, շիկահեր աղջկա, ով ճանապարհով անցնելիս մոր ձեռքից բռնած դեպի եկեղեցին էր քաշում։ Մայրն էլ թե՝ ուշանում ենք, խելոք մնա։ Խելո՞ք մնա։ Բայց մի՞թե երեխան խելոք չէր։ Եթե ոչ այսօր, քանի դեռ երեխան ժամանակ ունի, ապա էլ ե՞րբ նա պիտի հավատալ սովորի, եկեղեցի գնա։ Գուցե մեծանա և իր մոր նման ժամանակ չունենա։ Գուցե դա հավատ չէր, բայց ներքին մի մղում, որը չարժեր կասեցնել։ Կմեծանա, կշտապի, ժամանակ չի ունենա, եկեղեցին ու հավատը կմղվեն երկրորդ պլան…

mariam tonoyan

Երիտասարդ քրիստոնյայի աչքերով (մաս 1)

-Այն ժամանակ էլ սիրում էի եկեղեցու պատերի ներսում սառած անուշ խնկաբույրը, երբ մայրս ինձ իր հետ եկեղեցի էր տանում,- պատմում է Սմբատը,- նայում էի եկեղեցու վեհ պատերին, սևազգեստ պարոններին ու նրանց երգի ներքո փորձում էի բառեր մրմնջալ՝ իբր ես էլ եմ երգում: Դեռևս փոքր հասակից սիրել եմ այդ վայրը՝ եկեղեցին, այնտեղ հնչող այդ տարբերվող երգերը, մորուքավոր, բարի մարդկանց, որ այդտեղ էին աշխատում: Մայրիկին անընդհատ հարցեր էի տալիս, իսկ պատասխանները լսելիս՝ զարմացած կրկնում էի, որ հանկարծ չմոռանամ: Ապա, երբ մեծացա և սկսեցի իրարից զատել չարն ու բարին, լավն ու վատը, ուզեցի ընկերոջս՝ Պարգևի նման ես էլ խորան բարձրանալ: Պարգևի հայրը՝ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը, խրախուսեց որոշումս ու ոգևորեց ինձ: Ընկերներս, հարազատներս, գրեթե բոլորը դեմ էին: Ի՞նչ արած, կարծրատիպերն ամուր արմատներ ունեն, բայց ես չհանձնվեցի ու հասա իմ նպատակին:

Հինգ տարի առաջ առաջին անգամ խորան բարձրացա: Չնայած հաճախ էի մասնակցել պատարագներին, բայց, այնուամենայնիվ, ամեն բան շատ դժվար էր, անհասկանալի, չէի հասկանում՝ ինչ էր պետք անել: Ամբողջ ընթացքում ինձ օգնեցին Տեր հայրը և Պարգևը, իսկ հիմա արդեն ես եմ իմ խորհուրդներով օգնում նորեկներին: Ամեն պատարագի ես նոր բան եմ սովորում, արդեն գիտեմ իմ անելիքը, և նախքան պատարագի սկսվելը, շտապում եմ մաքրել խորանը, վառել կանթեղները, նախապատրաստել ամեն բան պատարագի համար:

Մեր այժմյան երիտասարդությունը, հարմարվելով ժամանակակից կյանքին, աստիճանաբար հեռանում է հավատից, մոռանում քրիստոնեական մաքուր կերպարի մասին, հաճախ նույնիսկ եկեղեցում քրիստոնյային ոչ հարիր վարքագիծ դրսևորում:

Պատարագներին մասնակցելով հասկանում եմ, որ մեր եկեղեցու գլխավոր խնդիրներից մեկն է քրիստոնյա հավատացյալների սակավությունը: Ամեն անգամ եկեղեցում նոր դեմքեր նկատելով՝ անասելի ուրախանում եմ ու մտքում աղոթում, որ Աստված նրանց հավատն անսասան պահի:

Ինձ համար եկեղեցին մի աշխարհ է, որտեղ գտնում եմ իմ հարցերի պատասխանները, ամեն քարոզ օգնում է ճիշտ գործել տարբեր իրավիճակներում: Եկեղեցին հնարավորություն է տալիս մաքրագործվելու, և եթե մարդիկ ապրեն ամուր հավատով, նրանք զերծ կմնան փորձություններից ու կապրեն այնպես, ինչպես առաջին մարդիկ, այսինքն՝ դրախտում:

mariam tonoyan

Ստոպ, ես շահեցի

Ձմեռային ցուրտ երեկոներին, երբ շատերը ժամանակն անցկացնում են վառարանի կողքին նստած՝ տաք թեյ խմելով կամ հեռուստացույց նայելով, մեր տանը խրախճանքը նոր է սկսվում։

Ընտանիքի բոլոր անդամները և շենքի հարևանները հավաքվում են մի սեղանի շուրջ, և ինչպես «մութ ու ցուրտ» տարիներին, սկսվում է լոտո խաղը։ Որպեսզի ձանձրալի չանցնի, խաղում ենք փողով՝ յուրաքանչյուրս տասական դրամ։ Արդյունքում ողջ հավաքված գումարը հաղթողինն է։
-Քսանյոթ, վաթսունհինգ, չորս…
-Ստոպ, ես շահեցի,- հանկարծ ուրախ բացականչում է եղբայրս՝ ամենափոքր խաղացողը։
Ստուգում ենք նրա խաղաքարտը և… Էլի խորամանկել է։
Խաղը շարունակվում է։ Մի քանի անգամ խաղալուց հետո խառնում ենք խաղաքարերը։ Մեզնից մեկը կորցնում է իր հաջողակ խաղաքարը, մյուսն ուրախանում, որ վերջապես հնարավորություն ունի հաղթելու։
Թեև դրսում ցուրտ է, և ձյուն է գալիս, ներսում ջերմություն է, բոլորն ուրախ են, նաև՝ փոքր ինչ լարված ու կենտրոնացած։ Ես ուշադիր հետևում եմ խաղընկերներիս խաղաքարտերին՝ անտեսելով իմը։ Արդեն քսան խաղ է անցել, բայց ոչ մի անգամ չեմ հաղթել։ Կարելի է ասել՝ սնանկացել եմ։
Մայրիկի դեմքի արտահայտությունից կարելի է գուշակել, որ իր հաղթելու հավանականությունը մեծ է։
-Քառասուներկու,- պարկից դուրս եկավ հերթական թվանշանը։
Նայեցի խաղաքարիս։ Փաստորեն ես էլ հաղթեցի։
-Ստոպ, շահել եմ,- ուրախացա ես։

mariam tonoyan

Ուշացումով գրված օրագիր. մաս 2

«Եթե արդեն կարդացել ես օրագրիս առաջին էջը, ապա արդեն որոշ չափով ճանաչում ես ինձ ու եթե հետաքրքրեց պատմությունս, քո առջև կբացեմ նաև հաջորդ էջը։
Զորացրվելուց հետո, ինչպես շատ հայկական ընտանիքներում է արվում, ծնողներս առաջարկեցին ամուսնանալ։ Այն ինձ անհեթեթ թվաց։ Ո՞վ կամուսնանար կույր մարդու հետ։ Բայց մորս հորդորները հարգելով՝ ի վերջո համաձայնեցի։
Նա հիշեցրեց մեզ ծանոթ մի ընտանիքի մասին, որտեղ հինգ քույրերից ավագին տեսել էի, երբ տեսողությունս դեռ չէի կորցրել։ Նրան գեղեցիկ էի համարում։ Ինձ պատմել էին, որ նրանց կրտսեր քույրը՝ Ալիսան, նման էր ավագ քրոջը, նշանակում է՝ նույնպես գեղեցիկ էր։ Մեկ-երկու խոսք փոխանակելով՝ հասկացա, որ նրա գեղեցկությունը միայն արտաքինին չի վերաբերվում։
Շուտով, Աստծո կամոք, մենք ամուսնացանք։
Երկու երեխա ունենք՝ Արտուշը և Մանեն։ Երկուսն էլ դպրոցում գերազանց են սովորում։ Տղաս հետաքրքրված է ֆուտբոլով, ֆուտբոլի դասերի է գնում։ Երազում է ճանաչված ֆուտբոլիստ դառնալ։ Աղջիկս երգն է նախընտրել։
Ես… Ես հաշտվել եմ իմ կյանքին, իսկ ընտանիքս՝ ինձ ու իմ նախասիրություններին։ Մարդիկ հաճախ զարմանում են, թե ինչպես եմ կարողանում զգայարանների միջոցով կողմնորոշվել, տեսնել շրջապատն իմ աչքերով։ Իսկ ես գտնում եմ, որ պետք է տեսնել թեկուզ մթության մեջ։
Երեխաների դասերը սովորեցնելն իմ ամենասիրելի զբաղմունքն է, նրանց հետ վերագտնում եմ մանկությունս։
Ծաղիկներ եմ աճեցնում ու խնամում իմ ծաղկանոցում։ Ամեն ծաղիկ յուրահատուկ է, բազմաթերթ, նման մեզ շրջապատող մարդկանց։ Ամեն ծաղիկ յուրովի գեղեցիկ է իր գունավոր զգեստի մեջ։
Չնայած օրագրիս էջերը ծավալուն չէին, սակայն փակելով այս վերջին էջը, գուցե դու կսովորես սիրել գեղեցիկը, այն մնայուն գեղեցկությունը, որը շատ հաճախ մենք չենք նկատում»։

Գասպար Գալստյան

mariam tonoyan

Ուշացումով գրված օրագիր. մաս 1

…Ժամանակներն անցնում են, ու միայն քո անցած ճանապարհով, քո կորուստներով ու ձեռքբերումներով ես հասկանում ու գնահատում քո ապրած կյանքի յուրաքանչյուր ակնթարթը, ու կյանքն էլ ակնթարթ է թվում հավերժության մեջ։ Հորս ընկերը՝ Գասպար Գալստյանը, ում հետ հայրս ծանոթացել է առողջարանային բուժման ժամանակ,  բախտի հարվածներից չնահանջելով, ուժեղ կամք ու ապրելու բուռն ցանկություն ցուցաբերելով, օրինակ է բոլորիս համար՝ չհանձնվելու ու կյանքի յուրաքանչյուր վայրկյան կարևորելու: Գասպարը, կամ ինչպես հարազատներն էն անվանում՝ Գագիկը, պատմում է.
«Այն ժամանակ շատ երիտասարդ էի, ամեն ինչին նայում էի մակերեսորեն՝ պատանու աչքերով, ու եթե մտածեի այնպես, ինչպես այժմ, հավանաբար օրագիր կունենայի, որտեղ կամփոփեի կյանքիս հիշարժան օրերն ու րոպեները… Իսկ այժմ դժվարանում եմ գրել։
Ֆուտբոլով էի տարված։ Դպրոցն ավարտելուց հետո ուզում էի կատարելագործվել այս սպորտաձևում, բայց հայրս դեմ էր։
-Գասպար, մեզ մի այնպիսի ֆուտբոլիստ պետք չէ, ով խուսափում է հայրենիքին իր պարտքը տալուց։
Ամեն բան որոշվեց։ Բանակ գնացի։
Հորս ցանկությունն իրագործեցի ու արդեն գրեթե հաշտվել էի զինվորի դժվար կյանքին, երբ ծառայողական պարտականություններս կատարելիս վնասվածք ստանալով, մասնակիորեն կորցրեցի տեսողությունս։ Վերջ, մտածեցի, սպորտն այդպես էլ երազանք մնաց։
Հույսի նշույլներ փայլատակեցին, երբ Վազգեն Սարգսյանը խոստացավ ուղարկել ինձ Իսրայել՝ բուժվելու։ Բայց,  ինձպեսներից բախտը կարծես երես էր թեքել։ Շատ չանցած Վազգեն Սարգսյանն սպանվեց,  իր հետ գերեզման տանելով միակ երազանքս, հույսի միակ նշույլս։
Ստիպված վիրահատվեցի Հայաստանում ու… Ամբողջովին կորցրի տեսողությունս… Նաև՝ երազանքս։
Մթություն, համատարած մթություն։ Կպատկերացնե՞ք, արդյոք։ Հանկարծ մթությունը պատեց այն գեղեցիկ աշխարհին,  որին սովորել էին իմ աչքերը,  չէի տեսնում այն բնությունը, որի ամեն հրաշքով մանկան նման ցնծում էի,  չէի տեսնելու հարազատ մարդկանց դեմքերը… Երբեք… Բայց հիշելու էի։ Հիշելու էի գունավոր կյանքի ամեն մի ծվեն, ինքս իմ մտքում պատկերելու էի իմ երևակայական տեսողությունը, որպեսզի չխելագարվեի, չէի մոռանալու երբեք։ Այդ հիշողությունն էր,  միայն հիշողությունն էր խամրած կյանքս իր ուղեծրում պահողը և հիշողությունն էր իմ այսօրվա երջանիկ ընտանիքի կերտողը…
Օրագրիս այս մի էջն ավարտվեց, իսկ շարունակությունը կգտնեք մյուս էջերում,  որոնք այդպես էլ երբեք իմ գրչով չթանաքոտվեցին»։

mariam tonoyan

Մասնագիտությամբ խոպանչի

Ամեն տարի սեզոնային արտագաղթի պատճառով բազմաթիվ երեխաներ մեծանում են իրենց հայրերից հեռու։ Գավառում և հարակից գյուղերում սեզոնային արտագաղթը տարեցտարի ավելանում է։

-Մենք ենք մեղավոր,- զայրանում է տիկին Նինան (անունը փոխված է),- մենք ենք մեղավոր, որովհետև չենք կարողանում բռնել իշխանությունների կոկորդից, ստիպել, որ մեր ժողովրդավար պետության մեջ միջոցներ ստեղծեն գործազրկությունից ազատվելու համար։ Գործազրկությունը չարիք է։ Դա է պատճառը, որ ստեղծող հայը թողնում է երկիրը, գնում արտերկիր, աշխատում ու ստեղծում է օտար հողի վրա՝ հայրենիքի, ընտանիքի, հարազատ միջավայրի կարոտը սրտում։
Մենք վեց երեխա ունենք, ես գործազուրկ եմ, ամուսինս արդեն տասը տարուց ավելի է՝ աշխատում է արտերկրում։ Դժվար չէ պատկերացնել մի կնոջ առօրյա հոգսերը, ով պետք է կատարի ոչ միայն ֆիզիկական ուժ պահանջող տղամարդու գործեր, այլև միայնակ դաստիարակի վեց երեխաների։
Ձմեռը եկավ, ու մեր կյանքն ավելի դժվարացավ։ Դե, պետք է երեխաներին տաք շորեր գնել, վառելափայտ գնել տան ջեռուցման համար։ Գնեցի՝ մի կերպ ծայրը ծայրին հասցնելով, մինչև ամուսինս գումար կուղարկեր։ Փայտը ինքս կոտրեցի՝ հարևանների օգնությամբ։ Հիմա սպասում ենք ամուսնուս վերադարձին, որ Նոր տարին ողջ ընտանիքով դիմավորենք։ Տարիներ առաջ հավատում էինք, որ ինչպես տարին սկսենք, այնպես էլ կշարունակվի այն։ Ուրախանում էինք, որ ամուսինս մեզ հետ է նշում տարեմուտը, նշանակում է՝ ամբողջ տարին մեզ հետ կլինի։ Բայց… Էդպես ստացվեց։ Կարոտում ենք, ի՞նչ խոսք, կարոտում ենք։ Զանգով կարոտդ չես առնի։
Հիշում եմ՝ մի օր երեխաներից մեկին դպրոցում հարցրել էին հոր մասնագիտությունը, պատասխանել էր, որ խոպանչի է։ Շատ էր նեղվել դասընկերների ծիծաղից։
Գնալու ենք մենք էլ։ Չենք ուզում, բայց ավելի կարևոր է ամբողջական ընտանիքը պահպանելը։ Գուցե երկրի վիճակը լավանա, գուցե վերադառնանք…

Տիկին Նինան էլ ոչինչ չհավելեց, միայն խոստովանեց, որ լավատեսորեն է նայում ապագային, հույս ունի, որ երկիրը չի դատարկվի, որ աշխատատեղեր կբացվեն, հայրենասեր մարդիկ գործազրկության պատճառով չեն լքի երկիրը, որ բոլոր հայ երեխաները հայկական կրթություն կստանան…

Շուտով տան հայրը վերադառնալու է, բայց այն հավատը, որ Նոր տարին կատարում է երազանքները, հրաշքներ է գործում, քիչ-քիչ մարում է։

mariam tonoyan

Իշխանությունը սեփական միջոցներ չունի

Վերջերս մասնակցեցի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի տեղական ինքնակառավարման մասին դասընթացին և,  մտովի դասակարգելով ստացած գիտելիքներս, սկսեցի անհատական հետևություններ անել։ Զարմանում եմ, թե ինչքան  բան չգիտեի մինչ այդ, իսկ այժմ հարցնում եմ ձեզ՝
Իսկ դուք գիտեի՞ք, որ.

1. Հայաստանի 914 համայնքներում քաղաքացիները մեծամասնական ընտրակարգով ընտրում են ինքնակառավարման երկու մարմին՝ Ավագանի և համայնքապետ, բացառությամբ Երևանի, Գյումրու և Վանաձորի։ Այստեղ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, և ընտրվում է միայն Ավագանին, որն իր կազմից համայնքապետ է ընտրում։
Թյուրըմբռնում կա, որ մարզպետը, վարչապետը կամ պետական իշխանությունները համարվում են տեղական իշխանությունների վերադասը։ Ուշադրությու՛ն։ Համայնքապետը և Ավագանին չունեն վերադաս։

2. Հայաստանի բոլոր համայնքների բյուջեի հանրագումարը երկրի համախառն բյուջեում 2017թ.-ի դրությամբ եկամտային մասով կազմում է 10, 71%, որից 6,71%-ը բաժին է ընկնում Երևանին, իսկ 3,94%-ը բախշվում է մնացած համայնքներին։
Որպես մարզաբնակ քաղաքացի, ես կարծում եմ, որ չնայած այս դրույթն օրինական է, այնուամենայնիվ, թերություններ և վերանայման կարիք ունի, քանի որ իրենից ներկայացնում է խտրականություն մարզերի և մայրաքաղաքի միջև։ Այդ է պատճառը, որ մարզերում դիտվում են մի շարք համայնքային խնդիրներ, որոնք, սակայն, չեն հարթվում համայնքի բյուջեի սակավության պատճառով (ճանապարհների անմխիթար վիճակ, քաղաքի լուսավորության, աղբահանության խնդիրներ…):

3. Ի տարբերություն մյուս համայնքների, Երևանի, Գյումրու և Վանաձորի քաղաքապետները նաև ավագանու անդամ են, ինչը նշանակում է, որ նիստերի ժամանակ (նիստերն անցկացվում են բաց և միայն ներկաների 2\3-ի որոշումով է այն փակ գումարվում) որոշում ընդունելիս վերջիններիս քվեները հաշվի են առնվում։ Կայացրած որոշումները պարտադիր հրապարակվում են։

4. Ավագանու հերթական նիստերից առաջ՝  7 օր շարունակ, համայնքի ղեկավարությունը պարտավոր է իրազեկել հանրությանը համացանցում համայնքի պաշտոնական էջում հայտարարության, ցուցանակների, ավագանու նստավայրում փակցված ծանուցման միջոցով։

5. Ավագանու լիազորությունների մեջ մտնում է հանրային մասնակցության կարգեր հաստատելը, այսինքն՝ համայնքապետին կից խորհրդակցական մարմնի ստեղծում, հանրային լսումների անցկացման կարգի հաստատում և քաղաքացիների ստորագրությամբ ավագանու որոշումների նախագծերի ներմուծում՝ ավագանու օրակարգ (մինչև 1000 բնակչություն ունեցող համայնքներում բնակչության 4%-ի, 1001-10000 բնակչությամբ համայնքներում 2%-ի, իսկ 10001-ից ավելի բնակչությամբ համայնքներում բնակչության 1%-ի ստորագրություններով)։
Սա հնարավորություն է տալիս քաղաքացիներին անմիջական մասնակցություն ունենալ տեղական ինքնակառավարմանը՝ չմոռանալով, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։

Այժմ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին նոր տեղեկությունների ստացումով՝ կարող ենք և պետք է վերահսկենք նրանց աշխատանքը, մասնակցություն ունենանք տեղական ինքնակառավարմանը և պահանջատեր լինենք՝ մտապահելով այս եզրույթը. «Իշխանությունը սեփական միջոցներ չունի, իշխանությունը միշտ օգտագործում է մեր միջոցները»։

mariam tonoyan

Շեքսպիրի նորօրյա հերոսը

Ներքին կեղեքող լռությունը սղոցեց ամբոխի աղմուկն ու բարձր երաժշտության ձայնը՝ թողնելով նրա մտքերում լռության անդորրի մեջ մեխի պես մխրճված մի բառ՝ չգնաս։ Հայացքը գետնին հառած՝ նա փորձում էր շպարի տակ թաքցնել զգացմունքների ազդեցության տակ ծնված այն աղի հեղուկը, որին մարդիկ արցունք են անվանում։

Կինը գեղեցիկ էր, ավելի գեղեցիկ, քան այդ համերգասրահում գտնվող մյուս պճնազարդ գեղեցկուհիները և միաժամանակ ավելի լարված էր ու անհանգիստ։ Նրա հայացքը, որ սկսեց սահել սրահում հավաքված ամբոխի մի մարդուց մյուսը, լցված էր զարհուրանքով ու կարծես ինչ-որ մեկին էր փնտրում։
Մի պահ կինը կարծես մեխվեց տեղում, գունատվեց, երաժշտության ռիթմի տակ շարժվող ձեռքերը սկսեցին դողալ։ Ցանկացավ դուրս գալ սրահից, բայց չհամարձակվեց։ Ամբոխի միջից սևազգեստ ու խոժոռադեմ մի փոքրամարմին տղամարդ ինքնավստահ քայլերով մոտեցավ կնոջը։
Տղամարդը կանգնեց ուղիղ կնոջ դիմաց, կոպիտ ձեռքով կնոջ ականջի վրայից մի կողմ տարավ մազափունջը ու, թեքվելով նրա վրա, շշնջաց ականջին.
-Կարծես թե դու ինձ չհասկացար։

Կինը չշարժվեց, դողացող շուրթերը շարժելով՝ հազիվ արտաբերեց.
-Միջոցառման ներկա գտնվելը հանցագործություն չէ։
-Դու իմ սեփականությունն ես։ Կա՛մ կենթարկվես ու տուն կգնաս, կա՛մ բաժանվում ենք։
-Չեմ կարող լքել աշխատանքային կոլեկտիվս ու գնալ։ Փորձիր հասկանալ, ամոթ է։
-Ամո՜թ է, ինչպես չէ, ամո՜թ է,- սպառնալից հայացք նետելով կնոջ վրա՝ վերջինս արագորեն անհետացավ ամբոխի մեջ։
-Օթելլոդ էլի նեղացրե՞ց,- կնոջը մոտեցավ մի շիկահեր աղջիկ, որը, հավանաբար, նույնպես նույն աշխատանքային խմբին էր պատկանում։
-Ես երևի տուն գնամ։
-Չէ, մի գնա, համերգը դեռ նոր է սկսվել, մի քիչ ուրախանանք, կգնաս,- շիկահերը բռնեց նրա ձեռքից ու տարավ պարող խմբի մոտ։
Տղամարդը չէր գնացել։ Կանգնել էլ անկյունում, ամբողջ ընթացքում հայացքով հետևում էր կնոջը, անկարողությունից ժպտում՝ ձեռքերը բռունցքների վերածած, ուզում էր մոտենալ կնոջը, ասել ամենը, ինչ որ կար ներսում, զայրույթից գուցե և խփել, բայց զսպում էր իրեն։ Չէ՞ որ ամո՜թ էր։
Կինը ռոբոտի նման այս ու այն կողմ էր շարժվում՝ իբր պարում էր, ժպտում էր՝ թե ուրախ է։ Ո՞վ կհասկանար, որ ներսում ինքնասիրությունն ու ազատության ձգտումը կռիվ էին տալիս սիրո հետ, որն այլևս չկար, մարել էր ամուսնությունից շատ չանցած։ Ո՞վ կհասկանար։ Մարդիկ գրեթե միշտ մնում են չհասկացված, իսկ դիմացինը միշտ հմտորեն ու կարեկցանքով համոզում է, լցնում մեր ուղեղը, թե հասկանում է, պատմում, որ ավելի վատ բաներ են իր գլխով անցել։
Տղամարդու համբերությունը սպառվեց։ Մոտեցավ, ամուր բռնեց կնոջ թևից ու դուրս տարավ։
Դեպքը պատահեց ակնթարթորեն, ամենայն հավանականությամբ՝ քչերը հասկացան, որ խանդի, անվստահության ու անհնազանդության պատճառով քայքայվեց երիտասարդ ընտանիքը։ Քչերը հասկացան, բայց բոլորն էլ իրենց համոզեցին, թե հասկացել են։ Ճիշտ են հասկացել։ Միշտ են հասկանում։ Չեն սխալվում։ Կարեկցում են։ Մարդի՜կ։ Նրանք Շեքսպիրին էլ են հասկանում, երբեմն նաև խրատում են, քննադատում, չէ՞ որ մենք միշտ հասկանում ենք բոլորին։ Մարդի՜կ։ Մարդիկ ամենուր ու բոլոր ժամանակներում նույնն են. օթելլոներ էլ են ծնվում, վերթերներ էլ, նարցիսներ ու դիոգենեսներ էլ…

Ամեն ինչ ու ամեն ոք կրկնվում է, միայն թե մեկ աստիճանով «կատարելագործված»։

Նայենք մեր շուրջը, գուցե կիսագրագետ շեքսպիրներին ու գյոթեներին էլ նկատենք։

mariam tonoyan

Կյանքի արժեքը մեկ փամփուշտում. Մաս 4

-Մայիսի 6-ի առավոտն էր: Դիրքեր գնալու համար Բաբայանի հրամանով շարվեցինք: 20 հոգի կամավոր էր պետք երրորդ՝ ամենավտանգավոր դիրքի համար: Ոչ ոք կամավոր դուրս չեկավ շարքից: «Ես գնամ, ինձ բան չի պատահի: Արդեն փորձ ունեմ, կարողանում եմ զգայարանների միջոցով կողմնորոշվել (ըստ ձայնի), թե որտեղ կընկնի սնարյադը»,- մտածեցի ես ու դուրս եկա շարքից:

-Քյավառ,- ասաց Բաբայանը,- քեզ ուրիշ դիրք կուղարկենք, շարք կանգնիր:

Հարցը կրկնեց երեք անգամ: Երբ նորից շարքից դուրս եկա, մի քանի տղաներ ևս իմ օրինակով դուրս եկան շարքից: Ինձ թույլ տրվեց երրորդ դիրք գնալ: Ճանապարհին մեքենան փչացավ, ճանապարհը շարունակեցինք ոտքով:

Գիշերը խաղաղ անցավ: Ազգությամբ եզդի Թամոյան Մաջիթը, վրանում նստած, հետաքրքրաշարժ պատմություններ էր պատմում: Մենք էլ, նրա շուրջը նստած, կլանված լսում էինք:

03 պոստում պետք է փոխարինեի Մարատ Մխիթարյանին: Մարատը դիրք գնալուց առաջ խնդրել էր ինքնաձիգս, քանի որ նրանը «SFD սնայպեր» էր ու գիշերով պետք չէր գա՝ մեջն էլեմենտ չկար նշանառության համար: Տվեցի, որ երբ գնամ փոխարինելու, հետ վերցնեմ: Մարատն ու արտաշատցի Արմենը գնացին դիրքեր:

Լուսադեմին կրակոցներ լսվեցին, ապա զանգ ստացանք: Արմենն էր: Հակառակորդն անցել էր հարձակման, Մարատին էլ խփել էին: Օմարի բարձունքում, երբ արևի շողերն ընկնում են ձյան վրա, այդ անդրադարձումից մարդու աչքերը կարծես կուրանում են, և ոչինչ չի երևում: Դրանից պաշտպանվելու համար դահուկորդի ակնոցներ էինք կրում:

Մարատն ակնոցով էր, արևից փայլել էր ապակին, հակառակորդի դիպուկահարն էլ, դա նկատելով, խփել էր նրա աչքին: Մարատը գալարվում էր ցավից, ոտքով խփում, քանդում էր դիրքը: Վիրավորվել էր Էլոյան Խաչիկը աջ կոնքից: Իր ցավի մասին մոռացած՝ դառնացած հայացքով նայում էր տանջվող ընկերոջը: Հանկարծ դժվարությամբ վեր կացավ.

-Չեմ կարող տեսնել նրա տանջանքը,- ասաց նա՝ վերցնելով ինքնաձիգը,- վերջ դնեմ տանջանքին:

Խիղճս տանջեց, թույլ չտվեցի.

-Թուրքի ձեռքով եղել է, բայց թող մեր ձեռքով չլինի: Ավելի լավ կլինի՝ վրան գնաս:

-Պա՛պ, մի քիչ դադար տուր,- ճնշված խնդրում եմ ես,- ծանր են դեպքերը, խիղճս չի մարսում:

Գնում, շրջում եմ տան մեջ այս անկյունից այն անկյունը, զայրանում, էլ ավելի թշնամանքով լցվում դեպի թշնամին, ապա մի բաժակ ջրով վերադառնում եմ, թե՝ էլի պատմիր: Հայրս շարունակում է սառը ժպիտով.

-Էլոյանը վրան գնաց: Ես վերցրի ինքնաձիգս ու սկսեցի կրակել հակառակորդի կողմը՝ մտքումս անիծելով հայի բախտը: Դիրքում նստում էինք ծալապատիկ, որ բեկորներից ոտքներս չկտրվեն: Թշնամու գնդակից մեր գնդացիրի փողը կտրվել ու կեռվել էր: Չէր աշխատում:

Դիրքում էինք ես, Թամոյան Մաջիթը, շամշադինցի Թումոն: Ժամը 11-ի կողմերն էր: Փամփուշտները վերջացան: Յուրաքանչյուր ինքնաձիգում մնաց երեք փամփուշտ, որոնք պահել էինք, որ գերի ընկնելու դեպքում ինքնասպան լինենք: Զանգեցի 26-րդ դիրք՝ Բաբայան Էդիկին, ու օգնություն խնդրեցի: Ոգեշնչեց ու կոչ արեց դիմանալ, մինչև օգնությունը կհասնի: Թշնամին մոտ էր:

-Փրկեք ինձ,- լացակումած աղերսում էր Թումոն:

-Որ կարողանանք, ինքներս մեզ կփրկենք,- ճարահատյալ պատասխանում էինք մենք:

Դժվար էր դիմանալը: Թումոն լքեց դիրքն ու փախավ: Ի՞նչ անել: Կամ ելք գտնել, կամ զոհվել:

Զանգեցի 9-րդ դիրք ու խնդրեցի, որ կրակեն սարն ի վեր դեպի մեզ բարձրացող թշնամու վրա:

Լսելով օգնության կանչի մասին՝ մեզ մոտ էր եկել Ռաֆիկ Ավետիսյանը: 26-րդ դիրքից օգնության եկավ նաև վարձկան կազակ զինվոր Տամերլանը: Վերջինս արագ գործի անցավ: Չէի հասցնում լիցքավորել նրա ինքնաձիգի փամփշտակալները: Կրակում էր երկու ինքնաձիգով միաժամանակ ու աներևակայելի արագությամբ: Նռնակները նետում էր Արմենը, ով վիրավորվելով՝ վերադարձավ վրան: Դիրքում մնացինք ես, Տամերլանը, Մաջիթը, Ռաֆիկը և էլի մի զինվոր, ում անունը չեմ կարողանում մտաբերել:

-Հակո՛բ, վեր կաց, գնանք,- ասաց Ռաֆիկը,- առավոտից այստեղ ես՝ սոված ու հոգնած: Մեզ փոխարինող կուղարկենք:

-Դե, լավ, մնանք, մեկ է՝ ճանապարհին կխփեն: Եթե ուզում ես, դու գնա:

Ի վերջո, համոզեց ինձ: Թեքվել էի նրա կողմը: Երբ շրջվեցի, որ վերցնեմ ինքնաձիգս, ականանետը խփեց մեզնից քսան մետր հեռավորության վրա գտնվող ժայռին, բեկորները պոկվեցին, մի բեկոր խփեց բերանիս, մյուսը՝ գլխիս: Հակառակորդի դիպուկահարն այդ պահին խփեց Տամերլանին: Տամերլանը զոհվեց՝ ընկնելով Մաջիթի վրա, ես էլ, հարված ստանալով գլխիս, ուշագնաց ընկա Տամերլանի վրա:

Այդ ընթացքում վիրավորվել էր Ռաֆիկը: Բեկորը կտրել էր նրա ոտքը, վիրավորվել էր նաև Մաջիթը՝ գլխի աջ կողմից: Ես ուշագնաց ընկել էի, բայց գիտակցությունս տեղն էր, լսում էի ձայները, փորձում էի բարձրանալ, բայց չէր ստացվում: Կարծում էի՝ մահացել եմ, ու այսպես են մեռնում: Վճռեցի շարժել ձեռքս, եթե կարողանամ՝ ուրեմն ողջ եմ: Զգացի, որ շարժում եմ մատներս, ճիգեր գործադրելով մի կերպ նստեցի, աչքերիս առաջ սպիտակ էր, մշուշոտ, ոչինչ չէր երևում: Լսում էի միայն Ռաֆիկի ձայնը, ով գոռում էր.

-Տոնոյա՛ն, փախի՛ր, թուրքերը հասան: Նա սողալով հասել էր սարի գագաթ ու տեսնում էր իմ ու թշնամու հեռավորությունը: Ես գոռացի, որ նա գնա, ես չեմ կարող փախչել: Այս սարսափելի տեսարանից, թե ինչքան ժամանակ էր անցել, չգիտեմ, երբ նորից վերականգնվեց տեսողությունս: Չկորցնելով ինձ՝ սկսեցի նռնակներով ու գնդացիրով կրակել թշնամուն, որն ինձնից յոթ մետր էր հեռու: Վիրավոր Մաջիթը գոռում էր. «Тамерлан, вставай!»: Ես ասացի՝ նա զոհվել է՝ իր մարմնով պաշտպանելով քեզ: Ռացիայով օգնություն կանչեցինք: Հակառակորդը նահանջեց:

Մեկ օր հաց չէինք կերել, վրանից հանեցի սնունդը, հացի վրա կարագ քսեցի ու բաժանեցի վիրավորներին: Ոչ ոք չէր ուզում ուտել: Ինքս ինձ մտածում էի՝ գոնե թող կուշտ մեռնեն: Ինքս էլ ուտել չէի կարողանում բերանիս վնասվածքի պատճառով: Այն ժամանակ գլխիս վնասվածքը իրեն զգացնել չէր տալիս, բայց հետևանքներն ակնհայտ են այսօր, երբ տեսողությունս վատթար վիճակում է: Վիրավորվելուց հետո շարունակեցի ծառայությունս մինչև 1994թ. դեկտեմբերի զորացրում:

Սրանք հորս մարտական գործողությունների պատմությունից շատ փոքր կտորներ էին միայն, բայց թե ինչեր են կատարվել այսքանից բացի՝ գերադասում եմ թողնել վարագույրից այն կողմ՝ ընթերցողի մեջ ևս սառնասրտություն ու ատելություն չառաջացնելու նպատակով: